ԳԱԳԻԿ Ա. Բագրատունյաց ամենազորեղ տիրակալը

գագիկ ա

 Գագիկ Ա թագավորը (990-1020) Բագրատունյաց Հայաստանի թերևս ամենազորեղ տիրակալն էր: Նրա գերիշխանությունը, պատմական Հայաստանի տարածքում գտնվող առանձին թագավորություններից ու իշխանություններից զատ, ճանաչում էին նաև Վրաստանը, Աղվանքը: Գագիկ Առաջինի լրիվ տիտղոսը «Շահնշահ հայոց և վրաց» էր:

Գագիկ Առաջինի գահակալումը մշուշով է պատված: Նա հաջորդեց եղբորը` Սմբատ Բ Տիեզերակալին (977-990), որը, չնայած իր մեծադղորդ մականվանը, թուլակամ էր և իր թագավորության ընթացքում թերևս մեկ մեծագույն գործ կատարեց` Անիի ընդարձակումն ու Սմբատաշեն պարիսպների կառուցումը:

Գագիկ Բագրատունին, ենթադրաբար, Աշոտ Գ Ողորմած արքայի (954-977) կրտսեր որդին էր: Աշոտ Շահնշահի որդիներից երկուսը` Սմբատը և Կյուրիկե-Գուրգենը, թագ ունեին: Վերջինս հիմնադիրն էր Լոռու կամ Տաշիր-Ձորագետի թագավորության: Գագիկը հորից ժառանգություն չի ստացել: Նրա պատանեկության և երիտասարդության տարիների մասին պատմությանը ոչինչ հայտնի չէ:

Սմբատ Բ-ի գահակալման վերջին տարիները լի էին քաղաքական փոթորիկներով: Հայաստանին սպառնում էին արաբական էմիրությունները: Պատմիչները փաստում են, որ Սմբատը փորձում է պատերազմ սկսել արաբական էմիրությունների դեմ, սակայն նրան դավում է արքաեղբայր Գագիկը, որ արդեն Անիում էր հաստատվել:

Սմբատ արքայի դեմ մայրաքաղաք Անիում մեծ դժգոհություն կար: Նա ամուսնացել էր հարազատ քրոջ դստեր հետ, ինչը առաջացրել էր բնակչության և հոգևորականության դժգոհությունը: Գագիկ արքաեղբայրը, օգտվելով այդ դժգոհություններից, իր շուրջը հավաքեց հայոց ավագանուն և պետական հեղաշրջում կատարեց. սպանելով եղբորը` գրավեց հայոց գահը: Այդ մասին ակնարկում է Գագիկ Առաջինի պալատական պատմիչ Ստեփանոս Ասողիկը, որ ընդհանուր առմամբ գովաբանելով Գագիկ Առաջինին` գրում է. «Ավաղ, միում չարին, որ արգել զբանս գովեստի իւրոյ…»

Ինչևիցե, Գագիկ Առաջինը դավադրաբար սպանում է եղբորը և տիրանում հայոց գահին: Նրա այդ քայլն ընդվզում է առաջացնում երկրում: Քանի որ Սմբատ Բ-ն անժառանգ էր, նրանից հետո ավագության կարգով գահը պիտի ժառանգեր Լոռվա թագավոր Գուրգեն-Կյուրիկե Առաջինը (962-990) կամ նրա որդի Դավիթ Ա Անհողինը, որ թագավորեց Լոռիում 990-1048 թթ.: Սա էլ պատճառ դարձավ Լոռվա թագավորության ապստամբության: Գագիկի դեմ ապստամբեցին նաև Սյունիքի թագավորությունը և Վանանդը: Վանանդի թագավորության արքայազն Ծիթվասանը Հաղբատում թողած մի արձանագրության մեջ Դավիթ Անհողինին կոչում է ինքնակալ արքա: Սա նշանակում է, որ Վանանդի տունը ևս ճանաչում է Գագիկի անօրինությունը և Դավթի օրինական պահանջը:

Գագիկ Առաջինի դեմ մեծ հուզումներ առաջացան նաև Անիում: Ժողովուրդն ըմբոստանում է: Անգամ լուրեր են շրջում, թե Սմբատ արքան չի մահացել, ողջ է: Ժողովրդական հուզումները հանդարտեցնելու համար Գագիկ Առաջինը կարգադրում է բացել Սմբատ Բ-ի շիրիմը և ի ցույց դնել ժողովրդին, որ բոլորը համոզվեն արքայի մահվան հարցում և հանդարտվեն: Սա ևս մեկ վկայություն է, որ Գագիկը պետական հեղաշրջմամբ է տիրացել հայոց գահին, քանզի կարգադրել էր անհապաղ թաղել Սմբատի դին և արագ թագադրվել էր` առանց պաշտոնական արարողակարգի:

Գահ բարձրանալով` Գագիկ Առաջինը նախ և առաջ փորձեց ամրապնդել իր իշխանությունը: Նա ամրացրեց հայոց բանակը` թվաքանակը հասցնելով 100 հազարի: Մատթեոս Ուռհայեցին Գագիկի բանակի մասին գրում է. «Եւ յայնմ աւուր լինէր հանդէս զօրաց նորա հարիւր հազարաց վառելոց ընտիր արանց ի մարտ պատերազմաց անուանեաց և քաջ կորովեացէ վասն զի որպէս զկորիւնս առիւծուց կամ որպէս զձագս արծուեաց յուզէին զօր պատերազմին»։

Կառավարման առաջին տարիներն անցկացրեց շարունակական պատերազմների մեջ: 992 թ. նա արշավեց Սյունիք և մի շարք գավառներ գրավեց Սյունյաց թագավորությունից և Փառիսոսից: Ապա որոշ նվաճումներ  ունեցավ Վասպուրականում` իր թագավորությանը միացնելով Ծաղկոտն և Կոգովիտ գավառները, գրավեց նաև Վայոց ձորը, Բասենը: Մի խոսքով, Գագիկ Առաջինն Անիի թագավորության տարածքն ընդլայնեց հայկական մյուս թագավորությունների տարածքների հաշվին:

Շուտով` 998 թ. Գագիկի թագավորությանը սպառնաց Ատրպատականի Մամլան ամիրան, որը մեծ զորքով շարժվեց Հայաստանի վրա: Գագիկը զորահավաք հայտարարեց, դաշինք կնքեց Տայքի զորեղ տիրակալ Դավիթ Կյուրոպաղատի, վիրա-աբխազական թագավորության հետ և Ծումբի ճակատամարտում ջախջախեց թշնամուն: Այս հաղթանակը ամրապնդեց Գագիկի դիրքերը:

1001 թ. Գագիկ Առաջինի դեմ ապստամբեց եղբորորդին` Լոռվա երիտասարդ թագավոր Դավիթ Ա Անհողինը, որն ուզում էր տիրանալ իր հայրական ժառանգությունը համարվող Անիին: Գագիկը մեծ զորքով շարժվեց Լոռի, սակայն երեք ամիս այնտեղ անցկացնելուց հետո այդպես էլ չհանդիպեց Դավթի բանակին: Պատմիչներն առհասարակ մշուշոտ են ներկայացնում այս դեպքերը: Հավանաբար Դավիթն իր բանակով նույն միջոցին ներխուժել էր Շիրակ` Գագիկ Առաջինի տիրույթները: Ամեն դեպքում, գործը բախման չհասավ և կողմերը նստեցին բանակցությունների: Ցավոք, Շիրակավանի բանակցությունների մասին էլ շատ բան հայտնի չէ: Պարզ է մեկ բան. արդյունքում Գագիկ Առաջինը Լոռիում ձեռք բերեց Կայան և Կայծոն ամրոցները:

Արտաքին հարաբերություններում Գագիկ Առաջինն իրեն բավական ամուր էր զգում: Օրեցօր Բյուզանդիայի ճնշումը մեծանում էր հայոց թագավորությունների դեմ: Բյուզանդիան, ձգտելով դեպի արևելք, փորձում էր գրավել Հայաստանը: Այդ նպատակով 1000 թ. Արևելք է ժամանում բյուզանդական հզոր միապետ Վասիլ Բ Բուլղարասպանը: Շատ հայ գահակալներ և իշխաններ ընդառաջ գնացին և դիմավորեցին Բյուզանդիայի կայսերը: Բայց Գագիկ Առաջինն իր պատվից վեր համարեց դա և արհամարհեց Վասիլին:

Գագիկ Առաջինի թագավորությունը բավական ընդարձակ էր և ուժեղ: Անիի թագավորությունը միջազգային մեծ ճանաչում և հեղինակություն ուներ:

Նրա օրոք երկրում ծաղկում էր տնտեսությունը: Անիի փառքն ու գեղեցկությունը առավել մեծացան հենց Գագիկի թագավորության շրջանում: 1001 թ. նրա և Կատրամիդե թագուհու հովանավորությամբ Անիի կենտրոնում վեր խոյացավ Կաթողիկե տաճարը` Տրդատ ճարտարապետի գլուխգործոցը, որ կառուցել էր Կաթողիկեն Զվարթնոցի նմանությամբ: Բացի Կաթողիկե տաճարից, նրա օրոք Անիում ու թագավորության տարածքում այլ շքեղաշուք աշխարհիկ ու հոգևոր շինություններ էլ կառուցվեցին:

Գագիկ Առաջինը մահացավ 1020 թ., ծեր հասակում: Նա երեք որդի թողեց` Հովհաննես-Սմբատ, Աշոտ և Աբաս: Աբասի մասին պատմությանը գրեթե ոչինչ հայտնի չէ: Ավագության իրավունքով հայոց գահը պիտի ժառանգեր Հովհաննես-Սմբատը: Սակայն նա հսկայամարմին, բայց թուլակազմ մարդ էր, չէր սիրում զենք բռնել: Նրա հակապատկերն էր եղբայրը` Աշոտը, որ խիզախ էր ու քաջ:

Հայոց ավագանու մի մասը ցանկանում էր հայոց գահին տեսնել քաջ Աշոտին, իսկ մյուս մասը, որին ձեռնտու էր թագավորական իշխանության թուլացումը, Հովհաննես-Սմբատին:

Շուտով երկու եղբայրների միջև պատերազմ է սկսվում հոր թողած ժառանգությանը տիրանալու համար: Աշոտը հաղթող է դուրս գալիս, ճակատամարտի ժամանակ գերում ավագ եղբորը և հանձնում իր իշխաններից Ապիրատ Պահլավունուն` հրամայելով նրան մահվան դատապարտել: Սակայն Ապիրատ իշխանը Հովհաննես-Սմբատին հասցնում է Անի և ազատ է արձակում:

Պատերազմը եղբայրների միջև շարունակվում է, ի վերջո հայ իշխանների միջամտությամբ խաղաղություն է հաստատվում և պայմանագիր կնքվում: Համաձայն պայմանագրի` Անին իր շրջակայքով ժառանգում է Հովհաննես-Սմբատ Գ-ն (1020-1041), իսկ թագավորության մնացյալ հատվածի վրա թագավորում է Աշոտ Դ-ն (1020-1041): Քանի որ Հովհաննես-Սմբատը ժառանգ չուներ, նրա մահից հետո թագավորությունը պիտի ժառանգեր Աշոտը: Սակայն 1041 թ. գրեթե միաժամանակ մահանում են Հովհաննես-Սմբատ Գ-ն և նրա եղբայրը` Աշոտ Դ-ն: Մեկ տարի անց հայոց ավագանու աջակցությամբ գահ է բարձրանում Աշոտ Դ որդին` 18-ամյա Գագիկ Բ Կրտսեր (1042-1045) արքան:

Նրա օրոք ավելի է մեծանում բյուզանդական ճնշումը Հայաստանի վրա: Գագիկը Վահրամ Պահլավունի սպարապետի աջակցությամբ մի քանի անգամ ջարդում է բյուզանդական բանակները Անվո պարիսպների տակ: Բյուզանդիան, չկարողանալով զենքով ծնկի բերել Հայաստանը, դիմում է խարդախության:

Դավաճան կաթողիկոս Պետրոս Գետադարձի աջակցությամբ ու խորհրդով Գագիկ Երկրորդին հրավիրում է Կոստանդնուպոլիս և արգելափակում: Միայն այդ գնով Բյուզանդիան կարողացավ ծնկի բերել հայոց թագավորությունը, և արյան գնով ձեռք բերված անկախությունը հայոց կաթողիկոսը վաճառեց Բյուզանդական կայսրությանը:

 

 

 

Անկախության հանրաքվե

անկախություն1991 թվականն ամենաբախտորոշ տարեթվերից էր հայ ժողովրդի պատմության մեջ: Հայաստանը վերագտավ իր անկախությունը:

1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը  պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև  անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը.

1.         Ռումինիա – 11.11.1991

2.         Ռուսաստան – 16.12.1991

3.         Թուրքիա – 16.12.1991

4.         Մոնղոլիա – 20.12.1991

5.         Ուկրաինա – 21.12.1991

6.         Շվեյցարիա – 23.12.1991

7.         Կոստա-Ռիկա – 23.12.1991

8.         Բուլղարիա – 23.12.1991

9.         Ղազախստան – 23.12.1991

10.       Աֆղանստան – 24.12.1991

11.       Մեքսիկա – 25.12.1991

12.       Իսրայել – 25.12.1991

13.       Կանադա – 25.12.1991

14.       Կուբա – 25.12.1991

15.       Իրան – 25.12.1991

16.       Թունիս – 25.12.1991

17.       Պերու – 26.12.1991

18.       Թաիլանդ – 26.12.1991

19.       ԿԺԴՀ – 26.12.1991

20.       Հնդկաստան – 26.12.1991

21.       Բրազիլիա – 26.12.1991

22.       Ավստրալիա – 26.12.1991

23.       ԱՄՆ – 27.12.1991

24.       Եգիպտոս – 27.12.1991

25.       Չինաստան – 27.12.1991

26.       Ուրուգվայ – 27.12.1991

27.       Ալժիր – 27.12.1991

28.       Սլովենիա – 27.12.1991

29.       Վիետնամ – 27.12.1991

30.       Լեհաստան – 27.12.1991

31.       Հորդանան – 28.12.1991

32.       Ինդոնեզիա – 28.12.1991

33.       Ճապոնիա – 28.12.1991

34.       Բանգլադեշ – 28.12.1991

35.       Օման – 28.12.1991

36.       Կամբոջա – 29.12.1991

37.       Ֆինլանդիա – 30.12.1991

38.       Հարավային Կորեա – 30.12.1991

39.       Լիբանան – 30.12.1991

40.       Բելգիա – 31.12.ա1991

41.       Արգենտինա – 31.12.1991

42.       Դանիա – 31.12.1991

43.       Նիդեռլանդներ – 31.12.1991

44.       Հարավսլավիա – 31.12.1991

45.       Մարոկկո – 31.12.1991

46.       Գերմանիա – 31.12.1991

47.       Մեծ Բրիտանիա – 31.12.1991

1992 թ. ճանաչման գործընթացը շարունակվեց, և էլի տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետության անկախությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին նրա հետ: