Վլադիմիր Սպիվակովը Գյումրիում. “Պատմությունը մեզ միավորեց”

Վլադիմիր Սպիվակով,ԳյումրիՏեղի ունեցավ “Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք” ծրագրի պաշտոնական փակումը:

Վլադիմիր Սպիվակով,ԳյումրիՓակման հանդիսավոր արարողությունը նշանավորվեց Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Գյումրու դրամատիկական թատրոնում, ինչպես ասում է ժողովուրդը, ասեղ գցելու տեղ չկար, չնայած, համերգի հրավիրատոմսեր քաղաքում շատ քչերն ունեին:
Առաջին անգամ 1989 թվականի մարտին Սպիվակովի ղեկավարած “Մոսկվայի վիրտուոզներ” կամերային նվագախմբն համերգով հանդես եկավ աղետյալ Գյումրիում: Այդ օրից մինչ հիմա մեծն մաեստրոն նոր-նոր է փոփոխություններ նկատում քաղաքի կյանքում:
“Ես Գյումրի եկա ահավոր մի ժամանակ, և այստեղից երկու իր եմ պահպանում, ինձ, իմ սրտին ու ընտանիքին հարազատ: Երեխաներն ինձ մի գորգ էին նվիրել` ծաղրածուի տեսքով, որը երկրաշարժին մահացած երեխաների աշխատանքն էր: Դրանից 10 տարի հետո ինձ այստեղ երեխաները մեկ այլ գորգ նվիրեցին, որն արդեն գործել էին այդ ահավոր ողբերգության օրը ծնված երեխաները: Ու ստացվեց այնպես, որ պատմությունը մեզ միավորեց: Ես միշտ կարծում եմ, որ երբ վիշտդ կիսում են, դա կես վիշտ է դառնում: Իսկ երբ ուրախությունդ ես կիսում, դա մեծ ու ամբողջական ուրախություն է: Ես շատ ուրախ եմ, որ Գյումրին մշակութային մայրաքաղաք է:
Երբ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ շրջափակված Լենինգրադում Սատլինի հրամանով համերգ է ունենում ֆիլհարմոնիկ նվագախումբը, որտեղ երգում էր իմ մայրը, և երաժիշտները նվագում էին ով ինչով կարող էր, հանդիսատեսն առանց աթոռի էր` ամբողջ աշխարհն հասկացավ, որ նման ժողովրդին հնարավոր չէ հաղթել: Եվ շատ կարևոր է, որ Գյումրին մշակութային մայրաքաղաք է, դա նշանակում է` քաղաքը վերածնվում է, որ այստեղ կյանքը շարունակվում է, մարդիկ նոր բնակարաններ են ստանում: Դա շատ-շատ կարևոր է:
Երբ ես այստեղ էի 10 տարի առաջ, պրակտիկորեն ոչ մի փոփոխություն չկար, իսկ հիմա ես տեսնում եմ, որ տներ են կառուցվում, քաղաքը մարդկային դիմագիծ է ստանում: Որովհետև, երբ մենք առաջին համերգի ժամանակ եկանք` պարզապես մարդկային փշրված կյանքեր, փլված տներ էին: Ամեն ինչ միանգամից չի լինում, պետք է համբերություն ունենալ: Մենտե Քրիստոյի գրքում գրված է, որ մարդը պետք է կարողանա համբերել ու սպասել: Չեխովի հերոսներից մեկն ասում է` առանց փառքի, շքեղության, հարստության էլ մարդը կարող է ապրել, բայց պետք է կարողանալ համբերությամբ կրել իր խաչն ու հավատը: Ահա, թե ինչն է կարևորը”, – նշեց Վլադիմիր Սպիվակովը:
Վլադիմիր Սպիվակովը նաև նշեց, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը խոսվել է 2015թ. ապրիլին համերգով կրկին Հայաստան գալու մասին, ու խոստացավ, որ անպայաման` կնվագեն նաև Գյումրիում:

Պլաստիկը մեր կյանքում

պլաստիկՄեր կենցաղն անհնար է պատկերացնել առանց սննդային պլաստիկի: Ամառային շատ սրճարաններ կամ արագ սննդի կետեր օգտագործում են պլաստիկ ամաններ: Գրեթե բոլոր զովացուցիչներն ու շշալցված ջրերը պլաստիկի մեջ են:

Կարելի է ենթադրել, որ եթե պլաստիկն ամենուր է, ուրեմն անվտանգ է ու չարժե դրա մասին մտածել: Մինչև որոշ սահման` դա ճիշտ է, եթե  օգտագործման պայմաններին հետևում ենք: Պլաստիկ շշերն ու ամանները պատրաստվում են զանազան պոլիմերներից: Դրանցից ամենաշատ կիրառվողը բազմավինիլքլորիդն է, պրոպիլենը, պոլիէթիլենը, պոլիկարբոնատը: Այդ նյութերն անվտանգ են ու սննդի մեջ էլ չեն ընկնում; Սակայն, որոշ դեպքերում դրանք սկսում են թույներ արտադրել, որոնք, հայտնվելով օրգանիզմում, վնաս են հասցնում: Ե՞րբ է այդպես լինում: Երբ մթերքը երկար է մնում սառնարանում, ու մարդն իր ծուլության պատճառով փորձում է սնունդը տաքացնել այն պլաստիկ ամանով, որով գնել է խանութից: Գործնականում բոլոր պոլիմերները ժամանակի ընթացքում «ծերանում» են: Դրա հետևանքով պլաստիկ իրերում քայքայում է  սկսվում: Արժե նշել, որ պլաստիկ արտադրանքի որոշ տեսակներ տարբեր պայմաններում են թունավոր դառնում, մեկը չի կարելի լվանալ, մյուսը` տաքացնել: Այսինքն` եթե կիրառման պայմանները խախտվում են, ապա այն դառնում է թունավոր ու վտանգավոր առողջության համար: Ուստի միշտ ուշադրություն դարձրեք մակնշման վրա: Պլաստիկ իրերի վրա միշտ էլ պայմանական նշաններ են դրվում` ընդունված գրեթե բոլոր երկրներում: Ամանի տակ 3 նետերով եռանկյուն է պատկերված, որում 1-ից 7 թվերն են, իսկ դրա տակ` պլաստիկի տառային կոդը:

1 թիվը  և տառային PETE կոդը ասում է, որ այդ ամանը պատրաստված է պոլիէթիլենտերեֆտալատից: Դա ամենատարածված սննդի պլաստիկն է: Դրանից պատրաստվում են շշեր, փաթեթավորման համար տարբեր ամաններ ու միանգամյա օգտագործման բաժակներ: Այն կիրառվում է ջուր, հյութեր, զովացուցիչներ պահելու համար:

2-ը և HDPE կոդը  ցույց են տալիս, որ փաթեթավորման տարան պատրաստված է բարձր ճնշման պոլիէթիլենից:Այն օգտագործվում է կաթնամթերքի, շամպունի, լվացամիջոցների ու սպիտակեցնող նյութերի համար:

3-ն ու PVC-ն ասում են, որ իրը պատրաստված է պոլիվինիլքլորիդից, որն օգտագործվում է սննդային յուղերի, ապակիների ու հայելիների լվացման հեղուկի համար: Այս պլաստիկն է օգտագործվում պլաստիկե խողովակների, հատակի  ծածկույթների, ձգվող առաստաղների, լոգասենյակի վարագույրի, պլաստիկե լուսամուտների, այգու կահույքի  պատրաստման նպատակով: Փաստորեն, մենք  ապրում ենք պոլիվինիլքլորիդի թագավորությունում: Բայց չգիտենք, որ այն պլաստմասսայի ամենավտանգավոր տեսակն է, որը  գրեթե անհնար է վերամշակել: Այրելու դեպքում վտանգավոր դիօքսիններ է արտադրում, որոնք քաղցկեղային հիվանդություններ կարող են առաջացնել:

4 և LDPE կոդը նշանակում է, որ այդ պլաստիկը ստեղծվել է ցածր ճնշման պոլիէթեիլենից: Այն օգտագործվում է տոպրակներ ու փափուկ  փաթեթավորման համար, կարելի է վերամշակել. սա սննդային պլաստիկներից թերևս ամենաանվտանգն է:

5 և PP կոդը պոլիպրոպիլենն է: Դրանից են պարտաստվում շշերի կափարիչները, թթվասերի, յոգուրտի, կետչուպի, մանանեխի ու մանկական սննդի շշերը: Դրանից նաև խաղալիքներ են պատրաստվում: Մարդու համար անվտանգ պլաստիկ է: Միակ թերությունն այն է, որ բացասական ջերմաստիճանի դեպքում դառնում է փխրուն:

6 և PS`  նախատեսված են պոլիստիրոլի համար, որից պատրաստվում են թռչունների վանդակի տակդիրները, մսամթերքի ամանները, մեկանգամյա բաժակներ ու ամաններ: Սա երկրորդային մշակման չի ենթարկվում, քանի որ պոլիվինիլքլորիդը տաքացնելիս քաղցկեղածին նյութեր է անջատում:

7 թիվն ու OTHER կոդը նշանակում է տարբեր պոլիմերների խառնուրդ: Այս խմբում  են պոլիկարբոնատից պատրաստված ապրանքները, որոնք երկար օգտագործելու ու հաճախակի լվանալու դեպքում կարող են  առողջության համար վտանգավոր բիսֆենոլ Ա անջատել:

Մեզ զանազան պոլիմերներ են շրջապատում, որոնցից պատրաստվում է սննդի պլաստիկը: Փաթեթավորման վրա նշված սննդի պահպանման ժամկետը  վերաբերում է նաև սննդի պլաստիկին: Մի մոռացեք, որ պոլիմերային փաթեթը պետք է օգտագործել ըստ նշանակության ու մեծ զգուշությամբ: