Խոշոր հրդեհ Երևանի Գոգոլի փողոցում

Խոշոր հրդեհ Երևանի Գոգոլի փողոցումՆոյեմբերի 3-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գոգոլի փողոցի թիվ 69ա տան տանիքում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.24-ին, մարվել` 11.57-ին:

Այրվել է Մ. Օ.-ին պատկանող թիվ 69ա տան տանիքն (100 քմ) ու գույքն ամբողջությամբ, ինչպեն նաև Հ. Ն.-ին պատկանող թիվ 69 տան տանիքը մասնակի (5 քմ):

Նոր մանրամասներ “Կանազ “զինվորական հոսպիտալի ծեծկռտուքից

արծրուն հովհաննիսյանԱյս պահի դրությամբ փախուստի դիմած 4 զինծառայողներից 3 -ը վերադարձվել է եւ այժմ գտնվում է հոսպիտալում: Աշխատանքներ են իրականացվում 4 -րդին հայտնաբերելու ուղղությամբ: Զինծառայողներին վերադարձնել հաջողվել է նաեւ նրանց ծնողների աջակցության շնրոհիվ, ինչի համար ՊՆ -ը շնորհակալություն է հայտնում: Իրավիճակն այժմ լիարժեք վերահսկողության տակ է: Դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է:Հաղորդում է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ  նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով, զինվորները հարձակվել են նաեւ հերթապահ բժշկի վրա, այնուհետեւ դիմել փախուստի: «ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները եւ ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել»,- նշել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ լրագրող Մհեր Ղալեչյանն ավելի վաղ Facebook-ի իր էջում գրել էր. ««Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ ինչ որ աննորմալ դեպքեր են հիմա կատարվում: Տեղի բնակիչները պատմեցին իրենց աչքի տեսածը: Ասում են, որ հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են:

Պատմում են, որ այդ զինվորներից երկուսը 41 համարի երթուղային են նստել, թե կտրաքացնենք, հենց հիմա տարեք մեզ: Մի պատահական անցորդ տաքսի է կանգնեցրել, զինվորներից մեկին նստեցրել է տաքսի, փողը տվել վարորդին ու ասել, որ զինվորին տանի այնտեղ, որտեղ կասի:

ՊՊԾ ու Արաբկիրի բազմաթիվ աշխատակիցներ են դեպքի վայր եկել, զինվորներից երկուսին տարել են քաղմաս»:

 

Մի մահմեդական հայի հայաստանյան հուշերը

երևանԹուրքիայի Տրապիզոն քաղաքից մահմեդական հայ Նեդիմ Քարայելը այս տարի ամռանը վերջապես կյանքի է կոչել իր վաղեմի ցանկությունը և այցելել Հայաստան: Ահա «Ակօս»-ում հրապարակվել են նրա տպավորություններն ու մտորումները Հայաստան կատարած այցի մասին: Քարայելը եղել է Խոր Վիրապում, Էջմիածնում, Վանաձորում, Գավառում, Կապանում: Երևանով շրջած Քարայելը մեր մայրաքաղաքը աշխարհագրական դիրքի առումով նմանեցրել է Ստամբուլին և Հռոմին: Քարայելը Հայաստանից հեռացել է շատ տպավորված՝ համարելով, որ հայ և թուրք ժողովուրդները երկու հեռու հարևաններ են:
«Աշխարհի որ ծայրը ուզում եք գնացեք, բոլոր ցավերը ինչքան մոտ են իրար, բոլոր վերքերը ինչքան նման են: Մանուկ հասակից ջարդերի շատ պատմություններ եմ լսել, վախով և կախարդվելով եմ լսել, սակայն երկար ժամանակ է, ինչ դրանք լսելուն չեմ կարողանում դիմանալ: Մենք բոլորս, հայերս, կարմրամաշկներս կամ ով ուզում է լինի, մենք ինչ որ կերպ բռնության և կոտորածի զավակներ ենք: Կրկին այս կոտորածը բոլորինս է և բոլորս նույն տեղից ենք գալիս: Չսպիացող բոլոր վերքերը բոլորիս են պատկանում: Նույն տեղից ենք արնահոսում: Նույն մարդկային կողմից, այսինքն սրտից»,-գրում է մահմեդական հայ Նեդիմ Քարայելը:

Ինչպես է Արթուր Բաղդասարյանն ընտրվել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ

Բ-ԾՎերջերս, երբ զրուցում էինք վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ասմարյանի հետ, նա հայտնեց, որ ՀՎՖ–ի ղեկավարության կազմում փոփոխությունները հրատապ պահանջ են: Եվ իրոք, դեպքերն այդ հունով ընթացան: Կազմակերպության համաժողով է անցկացվել, ֆեդերացիայի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ  Սուրիկ Խաչատրյանին փոխարինել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Թե ինչ է կատարվել, խնդրեցինք ներկայացնել Ասմարյանին:

– Հոկտեմբերի 9-ին անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որում  Սուրիկ Խաչատրյանը հայտնել է իր հրաժարականի մասին: Իսկ հոկտեմբերի 19-ին կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համաժողովը, որին 34 մարդուց ներկա էին 30-ը: Կար նախագահի մեկ թեկնածու: Արթուր Բաղդասարյանն առաջարկել էր իր օգնությունը և ցանկություն էր հայտնել գլխավորելու ֆեդերացիան: Եվ նա միաձայն ընտրվեց ֆեդերացիայի նախագահ:

 – Կայի՞ն մարդիկ, որոնք չմասնակցեցին, բոլո՞րն էին հրավիրվել:

– Կազմակերպության նախագահության նիստի ժամանակ կազմվել էր ցուցակ, թե ովքեր են մասնակցելու: Դժվարանում եմ ասել, թե ինչու են մի քանիսը բացակայել:

 – Ֆեդերացիայի աշխատանքը նախկինում փաստացի կատարում էր գլխավոր քարտուղարի, գործադիր տնօրենի պարտականությունները ստանձնած Ռազմիկ Սուլթանյանը: Նա, նաև ղեկավար կազմի մյուս անդամները մասնակցե՞լ են համաժողովին:

– Ոչ միայն Սուլթանյանը, այլև փոխնախագահները` Գոռ Ալեյանը, Կարեն Ասմարյանը, Երևանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը, նախագահության անդամները ներկա են եղել: Համաժողովի աշխատանքին մասնակցում էր նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Վերջինս հանդես եկավ բացման խոսքով: Ապա ընտրվեց համաժողովի անցկացման պատասխանատու, և ամեն ինչ կազմակերպվեց բնականոն հունով:

 – Իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հրավիրված մարդ եղե՞լ է:

– Կազմակերպչական հարցերով զբաղվել է գլխավոր քարտուղարը: Ինքս այդ օրերին Երևանում չեմ եղել: Ճիշտն ասած, տեղյակ չեմ, թե ինչ է արվել: Ինչքան ինձ է հայտնի, ՀԱՕԿ-ից հրավիրվածներ պետք է  լինեին, թե ինչո՞ւ նրանք չեն մասնակցել` չեմ կարող ասել:

 – Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համաժողովին, կազմակերպության նոր նախագահի ընտրություններին հաջորդել են իրադարձություններ, որոնք բոլորին են հայտնի: Խոսքը Երևանի օդանավակայանում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ՕԵԿ–ի  նախագահ Արթուր Բաղդասարյանի և ՀԱՕԿ–ի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, մեղմ ասած, բախման, ՀԱՕԿ–ի տարածած այն հայտարարության մասին է, որ ընտրություններն օրինական չեն: Նախկինում մի շարք մարզական ֆեդերացիաների ընտրություններ են կայացել` մեծ և փոքր թերություններով, բայց այդպիսի բան չի եղել: Ի՞նչն է այս անգամ կատարվածի այդպիսի բուռն արձագանքի պատճառը:

– Կարծում եմ, որ ամեն ինչ կհարթվի: Վոլեյբոլի ներկայացուցիչների միջև, թերևս, ինչ-ինչ անհարթություններ կան, սակայն հակամարտություններ չկան: Վոլեյբոլի ներկայացուցիչները միահամուռ ցանկություն են հայտնել, որ Արթուր Բաղդասարյանն ընտրվի կազմակերպության նախագահ: Եվ աշխատելու այն ցանկությունը, որ նա ունի, նաև կապերը կարող են նպաստել, որ Հայաստանում վոլեյբոլը զարգանա:

 – Խոսակցություններ կային, որ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի այդ պաշտոնը ստանձնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարներից է նրա Ռուսաստանի պաշտոնակից Նիկոլայ Պատրուշևը:

– Գործընկեր լինելու հանգամանքը նպաստել է, և փոխադարձ պայմանավորվածություն կա համագործակցելու նաև այս ոլորտում: Ինքս լավ հարաբերությունների մեջ եմ  Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարների հետ: Վոլեյբոլը Ռուսաստանում տարածված է և մեծ մասշտաբներ ունի: Անապայում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, համագործակցության պայմանագիր է կնքվել, և խոստացել են աջակցել բոլոր հարցերում:

 – Հետաքրքիր է, թե ներկայումս ղեկավար ինչ կազմ ունի Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Ովքե՞ր են օգնելու Բաղդասարյանին:

Բ-Ծ (1)– Բաղդասարյանի առաջարկով ֆեդերացիայի նախագահության կազմն ընդլայնվել է, և այժմ 21 հոգի են: Հիմնականում երիտասարդներ են` նոր մտածելակերպով և նոր մոտեցումներով: Փոխնագահներն են Հրաչյա Մուրադյանը, Ազատ Բաբայանը, գլխավոր քարտուղարը` Կարեն Ասմարյանը:

 – Ազատ Բաբայանի մասին մարզաշխարհին քիչ բան է հայտնի, ո՞վ է նա:

– Բաբայանը նախկինում վոլեյբոլիստ է եղել, խաղացել է Ռուսաստանում, այժմ էլ աշխատում է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդում:

 – Տարակուսանքներ կան, թե ինչու է այդ համաժողովն անցկացվել Արթուր Բաղդասարյանի նստավայրում, այն դեպքում, երբ ֆեդերացիան իր շտաբ–բնակարանն ունի, որը գտնվում է Հայաստանի ազգային ակադեմիայի շենքերից մեկում:

– Այդ կապակցությամբ ոչինչ չեմ կարող ասել: Համենայն դեպս, այնպիսի խնդիր չի եղել, որ մարդիկ վախից են քվեարկել:

 – Իսկ քիչ չէ՞ 30 մասնակցով համաժողովի կազմակերպումը:

– Նախորդ համաժողովին 20 մարդ է մասնակցել: Այս անգամ քվորումն ապահովված էր: Ի դեպ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկինում կայացած համաժողովներում 40 մարդուց ավելի մասնակից չի էլ եղել:

 – Սուրիկ Խաչատրյանը երկարացրել էր պայմանագիրը, որպեսզի ֆեդերացիայի շտաբ–բնակարանի համար վարձակալած տարածքը մնա: Կազմակերպության նստավայրը պահպանվելո՞ւ է:

– Ֆեդերացիան նոր նստավայր է ունենալու Երևանի Տերյան փողոցում: Չորս սենյակ է զբաղեցնելու, նաև նիստերի դահլիճ է ունենալու: Համապատասխան աշխատակազմ է լինելու: Նոյեմբերի 10-ին սպասվում է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան: Ղեկավարներից գալու են հսկողական խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը և ֆեդերացիայի նախագահ Ստանիսլավ Շևչենկոն: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին կտեղեկացվի, թե ինչ է նախատեսվում անել երկու երկրների ֆեդերացիաների համագործակցության ծրագրով:

 – Հնարավո՞ր է համատեղ նոր լիգա ստեղծվի:

– Կարող եմ ասել, որ մերոնք կմասնակցեն Ռուսաստանի բոլոր լիգաների մրցումներին, համատեղ մրցաշարեր կկազմակերպվեն, նաև Անապայի հիանալի մարզաբազայում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորություն կստանանք: Անապայում վոլեյբոլի մեծ կենտրոն կա, որ աշխարհում լավագույններից է:

 – Այս փոփոխություններից աշխատանքը չի՞ տուժում: Մեր երկրում մրցումներ անցկացվո՞ւմ են:

– Հայաստանի տղամարդկանց առաջնությունը կազմակերպվել է Երևանում, այնուհետև կներգրավվեն նաև մարզուհիները: Կազմակերպիչները նախկին ֆեդերացիայի ներկայացուցիչներն են: Իսկ գավաթային մրցաշար կանցկացվի նոր կազմով` Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մնում է լուծել միայն մարզասրահի հարցը: Ցավոք, Հայաստանում չկա միջազգային չափանիշներին համապատասխանող վոլեյբոլի թեկուզ մեկ դահլիճ:

– Չափե՞րը չեն համապատասխանում:

– Ոչ: Հատակը պետք է ռետինե ծածկ ունենա, որը 40 հազար եվրո արժե: Ֆեդերացիայի նորընտիր նախագահը խոստացել է այդ հարցը կարգավորել: Ի դեպ, ունենալու ենք լողափնյա վոլեյբոլի երկու խաղահրապարակ` մեկը Երևանում, մյուսը` մարզերից մեկում: Կառուցվել է նաև վոլեյբոլի բազա, հիմնվելու է մասնագիտացված մարզադպրոց: Պլանը կա, մնում է լուծել տեղի և շինարարության հարցը:

 – Այդ դեպքում ինչո՞ւ է ՀԱՕԿ–ը դեմ, որ նոր ֆեդերացիան գործի:

– Հնարավոր է` պատճառն այն է, որ ՀԱՕԿ-ը ներկայացուցիչ չի ունեցել ֆեդերացիայի համաժողովում:

Հակամարտության կանխատեսելի տարբերակները

Արդեն ՀԱՕԿ-ի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները, կատարվածն անօրինականություն է համարում: Եվ քանի որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան անդամակցում է ՀԱՕԿ-ին, վերջինս իրավունք է վերապահում կասեցնելու մարզական կազմակերպության ճանաչումը և դիմելու միջազգային ատյաններին, որպեսզի այն չընդունվի նաև միջազգային կազմակերպությունների կողմից:

Հետևել է նաև Հայաստանի արդարադատության նախարության հրապարակումը, որում ասվում է, որ ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները փորձում են գերազանցել իրենց իրավունքները, Հայաստանի բոլոր մարզաձևերի ֆեդերացիաներն ինքնուրույն կազմակերպություններ են, և անկախ այն հանգամանքից` Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան մնում է ՀԱՕԿ-ի կազմում, թե ոչ, վերջինս իրավասու չէ միջամտելու ՀՎՖ-ի գործերին և նշանակել ֆեդերացիայի նոր նախագահ կամ այլ պաշտոնատար անձանց:

Այնուամենայնիվ, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենք իրավացի են:

Համարվում է, որ Սուրեն Խաչատրյանը հրաժարական չի տվել, պարզապես լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը: Անընդունելի է համարվում, որ ՀԱՕԿ-ի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ՀՎՖ-ի համաժողովին: Ավելին, արգելվել է ՀԱՕԿ-ի աշխատակից Գաբրիել Ղազարյանի մուտքը, որը ՀՎՖ-ի վերստուգիչ հանձնաժողվի նախագահն է: Համաժողովում չի լսվել վերստուգիչ հանձնաժողվի հաշվետվությունը: Նախագահ ընտրված Արթուր Բաղդասարյանի անունը չի եղել պատգամավորների ցուցակում և այլն:

Եթե վերջինս հրաժարական չտա և նոր ընտրություններ չանցկացվեն, ՀԱՕԿ-ը սպառնում է ՀՎՖ-ին զրկել կազմակերպությանն անդամակցելուց: Ընդ որում, չի բացառվում դատարան դիմելու տարբերակը: Իսկ եթե ոչինչ չստացվի, ապա հավանական է` ստեղծվի Հայաստանի վոլեյբոլի ևս մեկ ֆեդերացիա:

Այնպես որ, շատ հնարավոր է` մեր երկրում մեկ մարզաձևի երկու հասարակական կազմակերպություն լինի:

Ի դեպ, այդպիսի նախադեպեր եղել են և կան: Մասնավորապես, ներկայումս մեր երկրում գործում է ջրագնդակի հասարակական երկու կազմակերպություն: