Վազգեն Մանուկյան. «ժողովրդի մեջ կա դժգոհություն իշխանություններից, բայց և չկա վստահություն ընդդիմության նկատմամբ»

imagesNyut.am-ի զրուցակիցն է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: 1980-ականներից քաղաքականության մեջ ակտիվ գործունեություն ծավալած մարդու հետ խոսեցինք արտաքին ու ներքին խնդիրներից, երկրում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտից:

–Պարոն Մանուկյան, մոտենում է վիլնյուսյան գագաթնաժողովը, ի վերջո, մենք որևէ կարևոր փաստաթուղթ կունենա՞նք Վիլնյուսում:

-Ճիշտն ասած, դժվարանում եմ ասել: Կարծում եմ, այն սկզբունքը, որ որդեգրեց Հայաստանը, այսինքն` կառուցվածքային բարեփոխումների տեսակետից գնում ենք նույն եվրոպական ճանապարհով, որով գնացել ենք մինչև այժմ, բայց դաշինք ենք կազմում Մաքսային միության հետ, իմաստալի մոտեցում է, բայց եվրոպացիները դա կընդունեն, թե չէ` դժվար է ասել: Այնուամենայնիվ, Հայաստանը կարևոր երկիր է, և ոչ մեկը չի ուզի մեզ կորցնել: Միգուցե, այս պահին ինչ-որ մի բան չստորագրվի, բայց խզում տեղի չի ունենա: Այս տարածաշրջանում Հայաստանն, իր փոքրության հետ միասին, կայունության երաշխավորն է:

-Մաքսային միությանը մեր հնարավոր անդամակցման հայտարարությունից հետո բոլորը խոսում են անվտանգության մասին: Ինչ է` Մաքսային միությունը տնտեսական առումով այդքան անհեռանկարայի՞ն է, որ շեշտն անընդհատ դրվում է անվտանգության վրա:

– Ռուսաստանի հետ Հայաստանի անվտանգության խնդիրը կապելը նոր երևույթ չէ: Դեռ 90-ականներից Հայաստանն իր անվտանգության հարցերն այս կամ այն ձևով կապել է Ռուսաստանի հետ: Սա նորություն չէ, բայց ինչու՞ են այս հարցն այդքան ընդգծում: Ընդգծում են, որովհետև անբնական է, երբ դու ռազմական դաշինք ունես մի պետության հետ և տնտեսական դաշինք ես ուզում ստեղծել մեկ այլ բլոկի հետ, այն դեպքում, երբ այդ երկու բլոկերն իրար հանդեպ թշնամական են տրամադրած: Մենք բավականին երկար ժամանակ կարողանում էինք երկուսի հետ էլ հաշտ ապրել, որովհետև այս երկուսի հարաբերություններն այսքան սրված չէին: Այստեղ միայն Ռուսաստանի հարցը չէ . Եվրամիությունից, կարծեմ, Լեհաստանի նախագահն էր, որ ասաց` կամ Ռուսաստանի հետ եք, կամ` մեր: Ի  սկզբանե, այս սպառնալիքը Եվրոպայից հնչեց, դե Ռուսաստան էլ շատ հեշտ է թասիբի ընկնում: Մյուս կողմից` այն ժամանակ Մաքսայինի հարցը Հայստանում լուրջ չէր քննարկվում, ոչ էլ Ռուսաստանում էր քննարկվում Հայաստանի Մաքսային միությունում լինելը, քանի որ ընդհանուր սահման էլ չունենք: Պարադոքսալ է, բայց ոչ ոք մինչև վերջ չի հաշվել տնտեսական օգուտներն ու վնասները: Եթե հաշվենք` ոչ առանձնապես մեծ օգուտ ու շահ ունենք Ասոցացման համաձայնագրից, որովհետև իրենց շուկա մտնելը մեզ համար բարդ է, ոչ էլ առանձնապես հաշված է, թե ինչ օգուտներ ու վնասներ ունենք Մաքսային միությունից: Որոշ տնտեսագետների կարծիքով, երբ ՄՄ-ն լրիվ կայացած լինի, և մաքսեր իրար մեջ չլինեն, Հայաստանի բյուջեն էապես կտուժի, որովհետև մենք ավելի շատ ստանում ենք, քան ուղարկում, և այդ ստացած ապրանքներից մաքս է գալիս մեր բյուջե: Տնտեսական հարցն, իսկապես, կարծես դարձել է երկրորդական` և՛ Եվրամիության համար, և՛ Ռուսաստանի: Ավելի շատ երկու ճակատում էլ քննարկվում են քաղաքական, ռազմական հարցեր` Ղարաբաղի հարցը ասենք, քան տնտեասկան հարցեր:

-Իսկ Արցախի խնդրի կարգավորման հարցում ի՞նչ կտա մեզ Մաքսային միությունը` հաշվի առնելով ՄՄ անդամ երկրների ոչ հայանպաստ դիրքորոշումը:

-Բավականին երկար ժամանակ Եվրամիությունում քննարկվում էր Արցախի հարցը, նրանք հստակ կողմնորոշում ունեն այս հարցում: Մի կողմից տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից էլ` ազգերի ինքնորոշումը` ուղղակի զգացվում է, որ արևմուտքը դժվար թե համաձայնի, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չլինի առանց Ադրբեջանի համաձայնության, բայց չգիտի`ոնց դա անի: Այդ տեսակետից Ռուսաստանը մի քիչ ավելի խոստումնալից հայտարարություններ է արել: Բայց այլ է Ղազախստանի դիրքորոշումը: Նրանք Ադրբեջանի և Թուրքիայի հետ բավականին խորը ապագա են կառուցում, ինչքանով ենթակա կլինի Ռուսաստանի քաղաքականությանը` դժվար է ասել: Բայց, այստեղ գոնե ինչ-որ շանսեր կան, այն մյուս կողմում այդ շանսերը չեն երևում: Հարցը այսպես է դրվում` ու՞մ հետ է քիչ վտանգավոր թշնամանալը: Եվրամիության հետ թշնամությունը դժվար թե բերի մեծ կոնֆլիկտների մեր տարածաշրջանում: Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում` կայունություն պահելու համար, այնքան մեծ է, որ նրա հետ հարաբերությունների լարումը մեծ վտանգներ է պարունակում: Կոպիտ ասած` ավելի լավ է մեզանից մի քիչ Եվրոպան խռոված լինի, քան Ռուսաստանը:

–Ղարաբաղի հարցից խոսեցինք, ուզում եմ հարցնել` ի՞նչ եք կարծում Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը որևէ ճեղք կմտցնի Արցախի հարցում:

-Ես չեմ տեսնում նախադրյալներ այդ ճեղքի բացման համար, որովհետև հիմնական հարցը չի լուծվում` ոչ Հայաստանը, ոչ էլ Ղարաբաղը երբեք չեն ստորագրի մի փաստաթուղթ, որով Ղարաբաղը կմտնի Ադրբեջանի կազմի մեջ: Եթե ստորագրեն, շատ անբնական կլինի, առաջին դեպքը կլինի համաշխարհային պատմության մեջ, երբ փաստացի անկախություն ձեռք բերած պետությունը, ով հաղթել է պարտադրված պատերազմը, տասնամյակներ անց, իր կամքից դուրս ստորագրում է փաստաթուղթ ու մտնում մի ուրիշ պետության կազմի մեջ: Մյուս կողմից էլ, Ադրբեջանի ղեկավարությունը բացարձակապես պատրաստ չէ ստորագրել մի փաստաթուղթ, ըստ որի, Ղարաբաղն իր կազմի մեջ չպիտի լինի: Այս կետն անլուծելի է, մնացածը բանակցելու խնդիր է: Եվրոպան ու աշխարհն էլ են հասկանում, որ հաղթած երկրին չեն կարող պարտադրել ստորագրել այդպիսի փաստաթուղթ, դա միայն ռազմական ճանապարհով կարող են անել: Պատահական չէ, որ Ադրբեջանն անընդհատ ռազմատենչ հայտարարություններ է անում, որովհետև ինքը միայն այդ ճանապարհով է տեսնում լուծումը:

-Նախագահի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը տարբեր քննարկումների, տարբեր վերլուծությունների տեղիք տվեց: Դուք, որ տասնամյակներ շարունակ հայկական քաղաքական էլիտայի ներկայացուցիչ եք, ի՞նչ եք կարծում, ինչու՞ նախագահն այդպես շրջադարձային որոշում ընդունեց: Արդյոք ճի՞շտ են ճնշումների մասին խոսակցությունները:

-Հարցը բավականին երկար ժամանակ զուգահեռ քննարկումների է ենթարկվել` մեկը Եվրամիության, մյուսը` Ռուսաստանի հետ, բայց մեկը եղել է բացահայտ, բոլորն իմացել են, մյուսը` ոչ: Ռուսաստանի հետ բանակցությունները գաղտնի չէին, բայց ինչ-որ չափով քողարկված էին: Դրա համար արդյունքը շատերի համար ապշեցուցիչ էր: Այնպես չեղավ, որ մի օր Ռուսաստանը ճնշեց ու Հայաստանը հանձնվեց, սա բանակցությունների արդյունք էր: Ուղղակի, ես կարծում եմ, որ հասարակությանը պետք էր մի քիչ տեղյակ պահել այս ամենի մասին: Ճիշտ է` նախագահի լիազորությունների մեջ է մտնում արտաքին քաղաքականությունը, բայց արտաքին քաղաքականությունը վերաբերում է մեր ամբողջ պետությանն ու ժողովրդին: Ես մտածում եմ, որ իշխանությունները մի քիչ ավելի բաց պետք է գործեին: Դիտողություների մի մասի հետ ես համաձայն եմ:

-Պարոն Մանուկյան, սեպտեմբերի 3-ից հետո մեր երկրի ներքաղաքական կյանքում էլ կտրուկ փոփոխություններ եղան: Մի տեսակ, կարծես, լարումն ավելացել է` հեղաշրջման կոչեր, հեղափոխության փորձ. ի՞նչ եք կարծում, սա ինչքանո՞վ կապ ունի Մաքսային միությանը մեր միանալու ցանկության հետ:

-Նայեք, տարբեր թվեր են ասում, թե ժողովրդի որ մասն է ուզում, որ մենք ՄՄ-ին անդամակցենք, որ մասը` ԵՄ-ին, կարող  և վստահելի չեն այդ թվերը: Բայց ճանաչելով մեր ժողովրդի հոգեբանությունը, շփվելով ժողովրդի հետ` միանշանակ կարելի է ասել, որ մեծամասնության համար ավելի ընդունելի է բարեկամությունը Ռուսաստանի հետ: Բայց այն մասը, որ կողմ է Եվրամիությանը, ժողովրդի ակտիվ մասն է, որտեղ երիտասարդներ շատ կան: Նրանց կողմից ընկալվում է, որ Ռուսաստանը ոչ լրիվ դեմոկրատական պետություն է, մի քիչ էլ նման է Խորհրդային Միությանը, մենք հազիվ գնում էինք ազատության ճանապարհով, ես հասկանում եմ այդ մարդկանց: Չնայած, կարծում եմ, որ մենք ազատության ճանապարհով շատ դանդաղ ենք գնացել: Հիմա ասում ենք` խոսքի ազատություն ունենք, և իսկապես ունենք, բայց սա կարող էինք մենք ունենալ 20 տարի առաջ: Ասում ենք` մեկ քայլ առաջընթաց ունենք ընտրություններում, բայց դա կարող էինք ունենալ  95-96 թվականներին, կարող էինք ունենալ մի պետություն, որն այսօրվանից մի 10 անգամ լավ ընտրություն է կազմակերպում: Այսինքն` նույնիսկ Եվրոպայի ճանապարհով գնալով` մենք մարդու ազատության հարցում առանձնապես բարձունքների չենք հասել: Եվ, բնական է, այդ ակտիվ մասսան, որ դեմ է, կարողանում է նաև ակտիվ հանդես գալ: Ճիշտ է` Հայաստանում դժգոհությունների մեջ կա մեծ օբյեկտիվ երանգ, բայց իշխանությունների դեմ ուղղված բողոքը մի քանի անգամ գերազանցում է իրական պատկերը: Թե դա ոնց է արվում, ինչ մամուլի միջոցով, կամ ինչ փսիխոզ է Հայաստանում, այնքան էլ հասկանալի չէ:  Ես տեսնում եմ Հայաստանի թերությունները, տեսնում եմ իշխանությունները որտեղ են շատ վատ բաներ անում, և տեսնում եմ այն դժգոհությունը, որը մի քանի անգամ ավել է, քան պահանջում էր իրականությունը: Այսինքն` բնական դժգոհության հետ միասին ինչ-որ մի արհեստական բողոքի ալիք էլ կա Հայաստանում, եթե կա արհեստականը, ուրեմն կան մարդիկ, ովքեր կարողանում են դա ավելացնել կամ պակասացնել: Ես կարծում եմ այդ ամեն ինչի մեջ բնականի հետ մի քիչ էլ արհեստական կա: Մեր երկրում կան մարդիկ, ովքեր ավելի օտար են, քան դրսի օտարները:

-Այսինքն` Դուք պայթունավտանգ չե՞ք գնահատում այսօրվա մեր քաղաքական իրավիճակը: Որովհետև շատերն ասում են, որ այսօր ավելի վատ վիճակում ենք, քան պատերազմի տարիներին, երբ անգամ լույս չունեինք:

-Սոցիալական վիճակն անհամեմատ բարելավվել է` համեմատած այն ցուրտ ու մութ տարիների: Անարդարության տեսակետից էլ ասեմ` այն ժամանակ ավելի արդար չի եղել, հենց թեկուզ` ով էր կարողանում լույս ունենալ, ով՝ ոչ: Բայց դժգոհությունն այսօր շատերի մոտ ավելի շատ է, քան այն ժամանակ; Որովհետև այն ժամանակ ակտիվ մասսան գիտակցում էր, որ զրկանքների է գնում հանուն ինչ-որ մի կարևոր բանի: Հիմա Հայաստանը կորցրել է մի շատ կարևոր ուղենիշ` չի կարող երկիրն այս ծանր վիճակում, մեծ խնդիրներով գնալ առաջ, եթե հասարակությունը, իշխանությունը` ամբողջ ժողովուրդը միասին ինչ-որ տեսլական չունեն, չեն տեսնում` ինչ նպատակի են ձգտում: Եթե այն ցուրտ ու մութ տարիներին ես կարող էի այդ հարցերին պատասխանել, այժմ` ոչ, և ինչքան դժվար է դառնում այդ հարցին պատասխանելը, այնքան դժգոհությունը մեծանում է: Իրականում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ՛ոչ էլ հասարակությունը չեն դնում իրենց առջև մի տեսլական, մի խնդիր, որը կուզեն լուծել: Եթե այդ խնդիրը լիներ, իշխանությունների գործունեությանը գնահատական տալն էլ, քննադատելն էլ ավելի արդյունավետ ու հասկանալի կլիներ, այսինքն` կլիներ նպատակ ու դու հստակ կարող էիր ասել` կառավարության, նախագահի  գործունեությունը մեզ մոտեցնում են այդ նպատակին, թե՞ հեռացնում: Հայաստանում տնտեսությունը վատ վիճակում է, բայց կարելի է վերականգնել, Հայաստանում կան մի քանի տասնյակ մարդիկ, որոնք օրենքից վեր են կանգնած` այդ հարցն էլ կարելի է լուծել, շատ հարցեր կարելի է լուծել, բայց մեր հիմնական պրոբլեմը այն է, որ հասարակությունն ինքը բզկտված է: Ոչ մեկը ոչ մեկին չի հավատում, ոչ մեկը ոչ մեկին չի սիրում, բոլորն ուզում են հեղափոխություններ անել, իրար փոխել, որովհետև չկա ընդհանուր նպատակ: Ընդհանուր նպատակը մարդկանց բերում է զսպվածության:

-Իսկ ելքեր կա՞ն: Ինչպե՞ս ձևավորել այդ տեսլականը, հանուն որի արժեր պայքարել:

-Իհարկե ելքեր կան, և դա կախված է և՛ պետության ղեկավարներից, և՛ ընդդիմության ղեկավարներից: Մի ժամանակ գոնե ընդդիմությունը իդեալներ ուներ: Հիմա ո՞րն է ընդդիմության իդեալը: Ես կարծում եմ, որ և՛ ընդդիմության, և՛ իշխանության մեջ կան անհատներ, որոնք կարող են դա անել, ինչու՞ իրենք այդ բեռն իրենց ուսերին չեն վերցնում, ինձ համար հասկանալի չի, բայց առանց դրա, փոքր կարկատաններով, հարց չեն լուծելու:

-Ուզում եք ասել` առանց իշխանափոխության հարց չի՞ լուծվի:

-Չէ, իշխանությունը փոխեն, որ ո՞վ գա: Քադաֆիին փոխեցի, ի՞նչ փոխվեց այդ երկրում, ուղղակի, այդ երկիրը կործանվեց մինչև վերջ: Բայց ոչ որովհետև Քադաֆին ամենալավն էր, այլ որովհետև փոփոխությունն էր ինքնանպատակ: Ինքնանպատակ իշխանափոխությունն անիմաստ է, մանավանդ, որ չկա մարդկանց այն խումբը, որը կրում է գաղափարներ, կրում է փորձ: Մեծամասամբ հիմա իշխանությունն ուզում են փոխել այն մարդիկ,  ովքեր այս նույն իշխանության մեջ եղել են և այդ նույն բանն արել են` զավեշտն այստեղ է: Մարդիկ, ովքեր կեղծել են ընտրություններ, ովքեր օլիգարխական համակարգն են ստեղծել, հիմա ներկա իշխանության դեմ բողոքում են ու ասում` ոնց կարելի է: Ժողովրդի մոտ սա վստահություն չի առաջացնում: ժողովրդի մեջ կա դժգոհություն իշխանություններից, բայց չկա վստահություն ընդդիմության նկատմամբ: Ես ձեզ հավաստիացնում եմ, երբ Հայաստանում առաջ է գալիս մի խումբ, որն արժանի է, որպեսզի վերցնի ղեկն իր ձեռքը, մարդիկ գնում են նրա հետևից: Բայց կան հարյուր հազարավոր մարդիկ, որ ցանկացածի հետևից կգնան, ով ուղղակի ուզում է իշխանությունը տապալել: Այսինքն` իրենց համար կարևորը ապագան չի, կարևորը վերժ լուծելն է: Ես պատկանում եմ մարդկանց այն խմբին, որոնց համար երկրի ապագան է կարևոր:  Շատ կարևոր է, որ այս պրոցեսները ճիշտ հասկացվեն` հասկացվի դժգոհության աստիճանը, հասկացվի` ինչու՞ ենք դժգոհ, ո՞նց է պետք այդ հարցը լուծել: Միայն գոռալ-գոչելով խնդիր չի լուծվի: Ես հույս ունեմ, որ մոտակա 2-3 տարում և՛ հասարակության , և՛ ընդդիմության, և՛ իշխանության մեջ կհասունանա ընդհանուր տեսիլքի, միավորվելու, ընդհանուր երկիր կառուցելու գաղափարը: Ես կարծում եմ, որ մոտակա տարիներին մենք դրա պտուղները կտեսնենք:

 
Հեղինակ` Սառա Գալստյան

Հենրիխ Մխիթարյանի վարկանիշը շատ բարձր է

2013-11-BALEHEADERԴորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարկանիշը շատ բարձր է: Նրան հանարում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Whoscored.com-ի վարկածով կիսապաշտպանն ընդգրկվել է Բրազիլիայում 2014-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին չմասնակցող 5 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։

Ցուցակում  5 առաջատար առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներն են։ 24-ամյա Մխիթարյանը արժանացել է 7,63 միավորի և 4-րդ հորիզոնականում է:

 

Մագնուս Կառլսենին շախմատի աշխարհի չեմպիոն դառնալու համար պակասում է կես «քայլ»

մկ220px-MCarlsenՇախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում առաջին տեղը զբաղեցնող Մագնուս Կառլսենը լուրջ հայտ ներկայացրեց աշխարհի չեմպիոն դառնալու համար: Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող  աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի 9-րդ պարտիայում նա, հանդես գալով սև խաղաքարերուն, հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն Վիշվանաթհան Անանադին: Մրցակիցները կատարեցին 28 քայլ: Նորվեգացի գրոսմայստերը մրցամարտում 3-րդ հաղթանակը տարավ: Նա առջևում է 6:3 հաշվով: Մրցակիցները ևս երեք պարտիա պետք է անցկացնեն: Չեմպիոն դառնալու համար Կառլսենին բավական է մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի:

“Forbes”-ը քննադատել է Իլհամ Ալիևին

“Forbes”Ամերիկյան հեղինակավոր “Forbes” ամսագիրը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը` այն աշխարհի ամենառեպրեսիվ ռեժիմներից մեկն անվանելով, հաղորդում է “Հագին” կայքը:

“Չնայած այն հանգամանքին, որ պարոն Բրայզան Ադրբեջանը Իրանում ռեֆորմիստների համար որպես օրինակ է մատնանշում, ադրբեջնական ռեժիմը  ավելի խիստ է, քան ռուսականը: Սա հաստատում են նաև բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ: Ծիծաղելի է, երբ ԱՄՆ նախկին դեսպանը իրանցի ռեֆորմիստներին կոչ է անում հավասարվել մի երկրի, որտեղ իրավիճակն ավելի վատ է, քան Ռուսաստանում”, -ասված է “Forbes”-ի` “Ադրբեջան. առանց քաղաքական բարեփոխումների երկիր” վերնագրով հոդվածում:
Հոդվածում նշում է նաև, որ Ադրբեջանը չի կիսում արևմտյան արժեքները`ընդգծելով, որ աշխարհի ամենափակ քաղաքական համակարգերից մեկը ստեղծված է հենց Ադրբեջանում:

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

հհ նախագահի հրամանագիրըՀայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով` որոշում եմ.

1. 2013 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

2. 2013 թվականի դեկտեմբերին զորացրել սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Եղանակի տեսություն ներկայացնող հաղորդավարուհին պահել է տեսախցիկների առջև մերկանալու իր խոստումը, սակայն ոչ այնպես, ինչպես սպասում էին հեռուստադիտողները

Եղանակի տեսություն , հաղորդավարուհիՖրանսիայում միլիոնավար մարդիկ միացրել են իրենց հեռուստացույցները՝ ակնկալելով, որ եղանակի տեսություն ներկայացնող հաղորդավարուհին կպահի իր խոստումը և կմերկանա: 27-ամյա Դորիա Թիլիեն խոստացել էր մերկանալ, եթե Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը անցնի Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ: Ուկրաինայի հավաքականի հետ նախընտրական փուլի խաղից հետո Les Bleus-ն տանուլ էր տվել 2-0 հաշվով, և նա կարծում էր, որ նրանք տանուլ կտան նաև Փարիզում կայանալիք երեքշաբթի օրվա խաղը:

Weather presenter Doria Tillier 2Սակայն նրանք հաղթել էին 3-0 հաշվով և ընդհանուր հաշվարկով հաշիվը դարձել էր 3-2: Ամեն դեպքում հաղորդավարուհին պահել էր իր խոստումը, սակայն ոչ այնպես, ինչպես սպասում էին հեռուստադիտողները: Իր հագուստը տեսախցիկների առջև հանելու փոխարեն նա կատակել էր և թույլ էր տվել իրեն հեռու տարածությունից նկարահանել դաշտում մերկ վազելիս: Դորիան հայտնել էր, որ ինքը կլինի poil, ինչը ֆրանսերեն թարգմանաբար նշանակում է մերկ, սակայն արդյունքում նա եղանակի տեսություն հաղորդել էր Փարիզի մոտակայքում գտնվող Պուալ (Poil) գյուղից: Հեռուստադիտողներից մեկը իր հիասթափությունն էր արտահայտել՝ նշելով, որ դա խղճուկ հնարք էր և բոլորովին ծիծաղելի չէր:

Հայկական կոնյակի ներկայացումներ արտերկրում

Հայկական կոնյակ, արտերկիրՆոյեմբերի 19-ին Վիեննայի Hotel de France հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Արարատ կոնյակի համտեսի միջոցառում: Կազմակերպիչներն էին՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եւ Երեւանի «ԱՐԱՐԱՏ» կոնյակի գործարանը` Ավստրիայի Գինեգործական եղբայրության եւ գինու ասպետների ընկերության օժանդակությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը: Ներկաներին ողջունեց «ԱՐԱՐԱՏ» Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը: միջոցառման հյուրերին ներկայացվեց Հայաստանում կոնյակի արտադրության սկզբնավորման եւ զարգացման պատմությունը, ներկա արտադրատեսականին, ինչպես նաեւ համտեսի մասնագիտական նրբությունները: Համտեսի ամբողջ ընթացքում հնչում էր կենդանի ջազային երաժշտություն լիբանանահայ հայտնի ջազ դաշնակահար Հովհաննես Ջիբյանի կատարմամբ:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի կառավարության, մասնավորապես՝ արտաքին գերատեսչության, առեւտրատնտեսական շրջանների ներկայացուցիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, մասնագետ գինեգործներ, խմիչքի արտադրության եւ վաճառքի կազմակերպման հարցերում մասնագիտացած ընկերությունների ղեկավար անդամներ, լրագրողներ:

Ավելի վաղ նմանատիպ միջոցառում էր տեղի ունեցել Լոնդոնում: Hyatt Regency – Churchill հյուրանոցում Հայաստանի դեսպանությունը, IDS դիվանագիտական խանութի եւ ՄԹ-ում «Արարատ» կոնյակի պաշտոնական ներկայացուցիչ Vinorium ընկերության հետ համատեղ կազմակերպել էր հայկական կոնյակի համտեսում, որին հրավիրված էին Լոնդոնում հավատարմագրված բազմաթիվ դիվանագետներ եւ այլ հյուրեր։

Ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը։ Այնուհետեւ, հյուրերին ներկայացվեց հայկական կոնյակի պատմությունն ու առանձնահատկությունները։

Հունիսին «Արարատ» կոնյակը ներառվել էր IDS դիվանագիտական կատալոգում:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսին

հհ նախագահի կարգադրություն

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ Կիպրոսի Հանրապետության նախկին Նախագահ Գլավքոս Քլերիդեսի մահվան կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել մեծ կիպրացու և հայրենանվեր գործչի ավանդն ու անձնվեր առաքելությունը Կիպրոսի պետականության ամրապնդման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի կայունացման ու բարգավաճման գործում, ինչպես նաև նրա անձնական ներդրումը հայ-կիպրական դարավոր բարեկամության զարգացման ու ընդլայնման գործում, նրա բարեհաճ վերաբերմունքը Կիպրոսի հայ համայնքի նկատմամբ: «Քլերիդեսների ընտանիքի և Կիպրոսի եղբայրական ժողովրդի հետ են մեր աղոթքներն ու խոհերը»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի և Իրանի նախագահներին՝ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ Նախագահ Սերժ Սարգսյանը Բեյրութում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև, տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Միշել Սուլեյմանին և Հասան Ռոհանիին:

Սերժ Սարգսյանը խստորեն դատապարտել է այդ ահավոր հանցագործությունը, որը երկու տասնյակից ավելի մարդկանց մահվան, հարյուրից ավելի վիրավորների, այդ թվում՝ Լիբանանում Իրանի մշակութային հարցերով կցորդի մահվան պատճառ է դարձել:

Հանրապետության Նախագահն իր վշտակցությունն է հայտնել բարեկամ Լիբանանի և Իրանի կառավարություններին ու ժողովուրդներին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:

 

Սարգսյան-Ալիև անարդյունք հանդիպումը հիսասթափեցրեց միջազգային հանրությանը. ադրբեջանցի քաղաքագետ

ԱհմեդօղլուԱդրբեջանի քաղաքական նորարարությունների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկու տարվա ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հիասթափեցրել է համաշխարհային հանրությանը: Նրա խոսքերով՝ նախագահների հանդիպումը անցավ ԱՄՆ-ի ակտիվության և Ֆրանսիայի ու Եվրոպայի պասիվության մթնոլորտում: «Թուրքիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում համընկնում է ԱՄՆ-ի դիրքորոշման հետ: Ռուսաստանը, օգտվելով առիթից, նպաստեց, որպեսզի Հայաստանը անդամագրվի մաքսային միությանը: Դրանով իսկ Հայաստանին հույս տվեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը կձգձգվի»,-նշել է Ահմեդօղլուն:

Ըստ ադրբեջանցի քաղաքագետի՝ Հայաստանի վերաբերմունի հետևանքով հանդիպման անրդյունավետությունը ի սկզբանե պարզ էր: «Մինչև Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելը, Սարգսյանը այցելեց Լեռնային Ղարաբաղ: Իրականում այս այցը անհարգալից վերաբերմունք էր միջազգային հանրության նկատմամբ: Սարգսյանը նման կերպ վարվելով, մեկ անգամ ևս ապացուցեց, որ ինքը անամոթ անձնավորություն է: Մյուս կողմից Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի և Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի համատեղ նիստում Հայաստանը հաստատեց իր համախոհությունը հինգ տարի առաջ նախագահների և համանախագահների կողմից արված հայտարարությանը: Այստեղ էլ հենց կայանում էր պաշտոնական Երևանի խորամանկ քաղաքականությունը, այն է` անարդյունավետ դարձնել նախագահների հանդիպումը:

 

Մեկ գիշերվա ընթացքում 500 սիրիացի ընտանիք հատել է Լիբանանի հետ սահմանը

սիրիացիներԻնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ մոտ 500 սիրիացի ընտանիք, որոնք միջինում բաղկացած են 6 հոգուց, երեկ գիշերը հատել են Լիբանանի հետ սահմանը: Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչ Լիզա Աբու Հալեդը հայտնել է, որ Լիբանանի իշխանությունները առաջին անգամ թույլ են տվել սիրիացիների համար ժամանակավոր վրանային ճամբար կանգնեցնել: Կազմակերպության աշխատակիցները մեկ գիշերվա ընթացքում 21 վրան են կանգնեցրել և նախատեսում են մինչև այսօրվա ավարտը կանգնեցնել ևս 29-ը: «Մենք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեցինք՝ կապված ստեղծված իրավիճակի հետ»,-նշել է Հալեդը:

Նոյեմբերի 15-ից սկսած Լիբանանի տարածք առնվազն 13 հազար սիրիացի է անցել, իսկ ընդհանուր առմամբ Սիրիայի հարևան երկիրը հյուրընկալել է մոտ 1,4 մլն սիրիացի փախստականի:

Բրազիլացի ուսանողուհին կրկին իր կուսությունը աճուրդի է հանել

o_695228 (1)Կատարինա Միլյորինին  հռչակվեց ողջ աշխարհով մեկ` կուսությունը աճուրդի հանելով: Գնորդը ճապոնացի միլիոնատեր, Նացու անունով հայտնի մեկն աղջկան առաջարկեց 780 000 դոլար:

Ամենը կատարվեց Virgins Wanted (“Փնտրվում են կույսեր”) ծրագրի շրջանակներում: Իսկ աճուրդը կայացավ նախագծի ինտերնետ-կայքում: Աղջիկը պետք է գնորդի հետ հանդիպեր Սիդնեյում.նրա յուրաքանչյուր քայլին հետևում էին տեսախցիկները: Հետո ամբողջից ավստրալացի ռեժիսոր Ջասթին Սիսլեյը պլանավորել էր վավերագրական ֆիլմ ստեղծել: Սակայն, շոուն տեղի չունեցավ, քանի որ աղջիկը հայտարարեց, որ ինքը ոչ մի գումար էլ չի ստացել ու ճապոնացի միլիոնատիրոջ հետ էլ ոչ մի սեքս չի եղել:

Ինչպես տեղեկացնում է Daily Dot-ը, աղջկան տեսնելով, ճապոնացին գտել է, որ նա չի համապատասխանում հայտարարված չափսերին: Իսկ Կատարինայի ուղարկած լուսանկարներն էլ նա աշխատված է համարել: Արդյունքում էլ` հրաժարվել վճարել: Եվ չնայած Կատարինան իր երկրում ճանաչված է դարձել ու անգամ լուսանկարվել Playboy-ի համար, իր գաղափարից չի հրաժարվել:

Իր Virginswanted2.com վեբ-կայքում նա հայտնում է.”Ես դեռևս կույս եմ, ու մինչ օրս ոչ ոքի հետ հարաբերություն չեմ ունեցել և աշխարհում չկա մեկը, որը հակառակը հաստատի: Դրա համար  որոշել եմ կայք ստեղծել, որպեսզի աճուրդում վաճառեմ կուսությունս: Այս անգամ ամեն ինչ իսկական կլինի. Այնպես որ, տղամարդիկ ու կանայք, ում հետաքրքրում է իմ առաջարկը կարող եք գրավադրույքներ կատարել:

Երբ նա առաջին անգամ աճուրդի հանեց կուսությունը,հայտարարություն արեց, որ ստացված գումարը կտրամադրի բարեգործական նպատակին: Հիմա նա կրկին հայտնում է, որ  ստացված միջոցների մեծ մասը կտրամադրի իր հայրենքում հին շինությունների վերակառուցմանը:

Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին

եղանակՀանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 22-ին հանրապետության արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևելյան 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-24-ին ցերեկը կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:

Երևանում`

Նոյեմբերի 22-ին սպասվում է ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ստրկությունը շարունակում է ծաղկել

ol3001385021006 (1)«Amnesty International» կազմակերպությունը ներկայացրել է տեղեկություն այն մասին, որ Հոնկոնգ աշխատանքի որոնումներով մեկնած հսկայական թվով օտարերկրյա քաղաքացիներ փաստորեն, դարձել են նոր տերերի ստրուկը:

Ռիսկի խմբում են այն կանայք, ովքեր աշխատում են Հոնկոնգի ապահոված  տներում` կատարելով խոհարարի ու աղախնի պարտականություններ:  Շատ հաճախ Ինդոնեզիայի քաղաքացուհիները ենթարկվում են ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական բռնության: բացի այդ, աշխատանքի տեղավորման գործակալություններում վերցնում են  ինդոնեզացիների փաստաթղթերն ու ստիպում հսկայական գումարներ վճարել օգնելու ու աշխատանքի որոնման  համար:

Անցած շաբաթ Հոնկոնգում ամուսնական զույգ ազատազրկվեց` իրենց աղախնին ծեծելու ու տաք արդուկի միջոցով կտտանքի ենթարկելու համար:

Ընդ որում, Հոնկոնգի ու Ինդոնեզիայի իշխանությունները չեն շտապում ինչ որ բան անել առաջ եկած խնդիրը լուծելու ուղղությամբ:

Կրակոցներ Տեխասում.երեք զոհ, երկու վիրավոր

տեխասՆոյեմբերի 20-ին ամերիկյան Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքի արվարձաններից մեկի բազմաբնակարան շենքում կրակոցների արդյունքում երեք մարդ է մահացել և երկուսը վիրավորվել են ու հոսպիտալացվել: Տեղական իշխանությունները հաղորդում են, որ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է: Առայժմ հայտնի չէ, թե ով է կրակոցների հեղինակը, դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը

Հռոմը ողողվել է սարյակների արտաթորանքով

bird_poo_car_romeՏեղաբնակները խորհուրդ են տալիս Հռոմ այցելելիս անձրևանոց վերցնել: Քաղաքը այժմ պայքարում է յուրաքանչյուր տարի այդտեղ չվող սարյակների արտաթորանքի դեմ:

Իտալական La Stampa թերթի տեղեկություններով՝ Թռչունների պաշտպանության լիգան հայտնել է, որ այս տարի քաղաքային խորհուրդը ժամանակին չի ֆինանսավորել թռչուններին հեռու պահելու համար իրականացվող միջոցառումները: Արդյունքում սարյակների դեմ պայքարելու միջոցները սահմանափակ են եղել և որոշ շրջաններ, ինչպիսիք են Կամպոն և Տիբեր գետի մերձակայքը,  ողողվել են թռչունների արտաթորանքով:

La Stampa-ն հայտնում է, որ մայթերով քայլելը ուղակի տանջանք է, իսկ որոշ մասերով հնարավոր է անցնել միայն ձկնորսական երկարաճիտ կոշիկներով:

Ամենամյա միգրացիայի շրջանում մոտ 5 միլիոն թռչուն է ժամանում Հռոմ հոկտեմբերից մինչև հունվար ընկած ժամանակահատվածում: Սարյակները ուտում են քաղաքը շրջապատող ձիթապտղի այգիների պտուղները և արտաթորանքով ծածկում քաղաքի մայթերը, մեքենաները և այլն: Նախկինում հատուկ աշխատողներ էին շրջում քաղաքում և բարձրախոսների օգնությամբ մոտակա բազեներին գրավում էին դեպի սարյակները: Նման միջոցառումները հիմնականում սկսվում էին հոկտեմբեր ամսին, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով դրանք ուշ են սկսվել:

Այժմ քաղաքի բնակիչներ տնից դուրս չեն գալիս կամ ծածկոցներ են վերցնում իրենց հետ:

Ուկրաինան դադարեցրեց Ասոցացման համաձայնագրի ստորագրման բանակցությունները

ասոցացումՈւկրաինայի նախարարների կոմիտեն որոշել է դադարեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները։
Հիշեցնենք, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը նախատեսվում էր նոյեմբերի 28-29-ին` Վիլնյուսում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ։