Ադրբեջանում, հավանաբար, կարող է բարձրացվել զորակոչի տարիքային շեմը

4Ադրբեջանում հաջորդ տարեսկզբին կառավարությանը ներկայացվելու է զինվորական ծառայության տարիքային շեմը բարձրացնելու մասին առաջարկություն, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով այսպես կոչված ռազմական աղբյուրներին:

Թեև այս տարեսկզբին կառավարությունը քննարկել էր նմանատիպ մի առաջարկություն, սակայն առաջացած մի շարք խնդիրներով պայմանավորված՝ քննարկումը դադարեցվել էր։ Ըստ գործակության` հակասությունները վերացել են, և առաջարկությունը դարձյալ ներկայացվելու է կառավարության քննարկմանը։

Գործընթացի ավարտին կառավարությունն այդ առաջարկը կներկայացնի նախագահին և խորհրդարանին՝ օրենսդրական փոփոխություն անելու համար։ Առաջարկության մեջ նշվում է, որ տարիքային շեմը պետք է հասցվի 19 տարեկանի, սակայն առավել օպտիմալ տարբերակ կլիներ զորակոչի տարիքը մինչև 20 տարեկան դարձնելը։

Նշենք, որ այժմ Ադրբեջանում պատանիները պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18 տարեկանից։

 

Մայլի Սայրուսը իր տատիկի նկարը դաջել է իր թևին

Մայլի ՍայրուսՄայլի Սայրուսը իր տատիկի՝ Լորետա Ֆինլիի նկարը դաջել է իր թևի վրա: Երգչուհին նոյեմբերի 5-ին Instagram կայքում տեղադրել է իր նոր դաջվածքի լուսանկարը: 20-ամյա Սայրուսը նկարի տակ գրել էր, որ ինքը իր տատիկի սիրելին է, իսկ նա՝ իրենը:

Նախքան վերջնական արդյունքը հրապարակելը՝ Մայլին ներբեռնել էր նաև դեռևս չավարտված դաջվածքի լուսանկարը: Twitter-ում տեղադրված լուսանկարում Մայլին սև հագուստով պառկած է մահճակալին, իսկ Կեթ Ֆոն D-ին դաջվածք է պատկերում նրա թևին:

Դաջվածքներ նկարողը ևս հրապարակել էր դեռևս չավարտված դաջվածքի լուսանկարը:

Մայլին իր առաջին դաջվածքը պատվիրել է 17 տարեկանում: Այդ դաջվածքը պարունակում է “just breathe” («պարզապես շնչիր») արտահայտությունը: Այժմ նա շուրջ 18 դաջվածքներ ունի:

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի համատեղ մամուլի ասուլիսի սղագրությունը

 Տիգրան Սարգսյան,Վիկտոր Խրիստենկո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո – Հարգելի գործընկերներ, մենք այսօր ստորագրել ենք Փոխգործակցության խորացման հուշագիր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ՝ այդպիսով իրականացնելով մեր չորս երկրների նախագահների որոշումները: Այդ հուշագրի գաղափարը բավական պարզ է, որպեսզի իրականացնենք Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին միանալու մտադրությունները և հայտարարությունը, որը պաշտպանել են Մաքսային միության բոլոր երկրների նախագահները: Այս հուշագիրն ապահովում է Հայաստանի բոլոր կառույցների ներգրավումը Մաքսային միության մարմիններում՝ սկսած բարձրագույն՝ Եվրասիական տնտեսական խորհրդից ավարտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովով և նրա կոլեգիայով: Դա տեղեկատվության հասանելիություն է, հնարավորություն՝ պաշտոնապես առաջարկություն ներկայացնել այն որոշումների վերաբերյալ, որոնք քննարկվում և ընդունվում են մեզ մոտ՝ Մաքսային միությունում և միասնական տնտեսական տարածքում: Դա մշտական լիազոր ներկայացուցչի ամրագրում է հանձնաժողովում, որը կլինի ուղիղ վիրտուալ էլեկտրոնային մուտք այն աշխատանքներին, որոնք այսօր իրականացվում են միասնական տնտեսական տարածքում: Դա կարևոր բաղադրիչ է Մաքսային միությանը, միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության ճանապարհին: Բացի այդ, մենք այսօր բարեհաջող աշխատել ենք նաև բարձրագույն խորհրդի որոշումների շուրջ՝ փաստաթղթերի պատրաստման գործընթացի իրականացման և ճանապարհային քարտեզի ձևավորման գործընթացի շուրջ և հաջորդ գագաթաժողովի ժամանակ մեր նախագահներին այս աշխատանքի վերաբերյալ ներկայացվելիք զեկույցի ուղղությամբ: Մի շարք մասնագետներ երեկ, այսօր, վաղը աշխատելու են այդ բոլոր ասպեկտների, կետերի շուրջ՝ արդեն բոլոր երկրների կառավարությունների միջև հետագա աշխատանքի և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի ուղղությամբ: Շնորհակալություն:


Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան –
 Հարգելի գործընկերներ, առաջին հերթին ես ցանկանում եմ ողջունել Վիկտոր Բորիսովիչին իր մեծ թիմով Հայաստանում: Մենք փորձագետների, մեր մասնագետների, պատասխանատու պաշտոնատար անձանց մակարդակով իրականացրել ենք մեծ աշխատանք: Մեր առջև այսօր ծառացած խնդիրն է գնահատել այն աշխատանքների ծավալը, որը պետք է միասին իրականացնենք, որպեսզի դառնանք Մաքսային միության, միասնական տնտեսական տարածքի լիարժեք անդամ: Այս խորհրդակցություններն, իհարկե, հնարավորություն են տալիս գնահատել մեր ենթակառուցվածքների, օրենսդրության պատրաստականության մակարդակը: Աշխատանքների ծավալը, որը պետք իրականացնենք, նոր նորմատիվ փաստաթղթերի ընդունումն է, համապատասխան ենթակառուցվածքների պատրաստվածությունն է այն ստանդարտների համակարգին համապատասխան, որը գործում է Մաքսային միության շրջանակում: Այն խորհրդակցությունները, որոնք մենք այսօր անցկացրինք, օգնում են մեզ ճշգրիտ գնահատել, թե ինչպիսի աշխատանքներ պետք է իրականացնենք և ինչպիսի ժամանակահատվածում կարող ենք իրականացնել: Այն հուշագիրը, որն այսօր ստորագրեցինք մեր նախագահների հանձնարարությամբ, ինտենսիվ շփումների, տեղեկատվության փոխանակման հնարավորություն է տալիս: Դա մեզ համար առաջին հերթին մուտք է այն մեծ տեղեկատվությանը, որն այսօր առկա է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Ընդհանրապես ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել, որ մենք լիարժեք փոխըմբռնում ունենք բոլոր հիմնարար հարցերի շուրջ, չկա որևէ տարակարծություն, կան միայն խնդիրներ, որոնք մենք պետք է համատեղ լուծենք: Շնորհակալություն:

Հարցը վերաբերում է Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո – Ղարաբաղյան պատմությունը դուք ինձանից ավելի լավ գիտեք: Այն չի ծագել ո´չ հիմա, ո´չ էլ Մաքսային միությանը միանալու Հայաստանի Հանրապետության հայտարարության հետ կապված: Դրա համար կան ուրույն ձևաչափեր և մասնագետներ տարբեր պետություններից, որոնք զբաղվում են այդ թեմայի կարգավորմամբ, խնդրի լուծման ճանապարհների որոնմամբ: Մենք ցանկանում ենք հաստատականություն, փոխզիջումներ այս խնդրի լուծման ճանապարհը գտնելու մեջ, որն այսպես թե այնպես լուծվող է: Ինչ վերաբերում է տնտեսական հարթությանը, որն այսպես թե այնպես ի հայտ է գալիս Հայաստանի Մաքսային միությանը ինտեգրման շրջանակում, ապա տնտեսական զարգացումը երբևէ չի վատթարացրել այս կամ այն չկարգավորված իրավիճակները և նույնիսկ կոնֆլիկտները, այլ որպես կանոն նպաստել է դրանց կարգավորմանը: Իմ տեսանկյունից, չնայած մեր հանձնաժողովը քաղաքական հանգամանքների շրջանակից դուրս է, այսօրվա իրավիճակը ո´չ խոչընդոտ է Հայաստանի ծրագրերի իրագործմանը, ո´չ էլ այդ ծրագրերի իրագործումը որևէ կերպ կբարդացնի, հակառակը՝ կլավացնի Ղարաբաղի շուրջ իրավիճակը:

Հարց – Ե՞րբ Հայաստանը կդառնա Մաքսային միության լիիրավ անդամ: Արդյոք Ղազախստանը և Բելառուսը որևէ կերպ խոչընդոտո՞ւմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ հաշվի առնելով Ղազախստանի և Բելառուսի նախագահների հայտարարությունները:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո – Աշխատանքային խումբը պետք է ձևավորված լինի նոյեմբերի 20-ին հանձնաժողովի նիստում: Մեր այսօրվա աշխատանքը, ըստ էության նյութեր է պատրաստում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարություններից աշխատանքային խմբեր մասնագետների ներգրավման համար, և Տիգրան Սուրենովիչը արդեն նշել է, որ այդ նախապատրաստական աշխատանքը ցույց տվեց, որ մենք բավական լավ ենք նույնականացնում այն, ինչ մեզ սպասվում է անել, այն, ինչ պետք է արվի Հայաստանի Հանրապետության կողմից, Մաքսային միության կողմից միացման պայմանագրի պատրաստման շրջանակում: Այդ գործընթացը, իհարկե, այնպես էլ արագ չէ, որը կարելի է անցնել մի քանի շաբաթվա ընթացում: Այն պահանջում է բավական մեծ նախապատրաստական աշխատանք և ազգային օրենսդրության համապատասխանեցում: Դրա համար ես չէի փորձի ամրագրել որևէ ժամկետ, թե երբ այս ամենը կարող է ավարտվել, առավել ևս ես լավ ծանոթ եմ Հայաստանի ղեկավարության ծրագրերին և հավակնություններին այն տեմպի վերաբերյալ, որը պետք է պահպանել այս գործընթացում: Ես համակարծիք եմ այդ ծրագրերի հարցում, բայց ցանկացած տարբերակում այս ճանապարհին մենք պետք է ոչ մի քայլ բաց չթողնենք և պետք է ամեն ինչ կարգավորենք: Չեմ տեսնում ոչ մի անհաղթահարելի խնդիրներ և խրթին հարցեր՝ սկսած ընդհանուր սահմանների հետ կապված հարցերից վերջացրած այլ ավելի քիչ կարևորություն ունեցող հարցերով: Այդ ամենը լուծելի է, և ես ոչ մի հիմք չեմ տեսնում ասելու, որ կան որևէ քաղաքական արգելակներ այդ գործընթացը իրագործելու մեջ: Ամենակարևորը՝ պետք է անցնել գործընթացի իրագործմանը, և այդ ժամանակ բոլոր հարցերը և բարդությունները կմնան հետևում:
Ես փորձեցի մեղմ պատասխանել այդ հարցին, որ հիմա ես չեմ տեսնում այդպիսի խոչընդոտներ այս ճանապարհին, չեմ զգում: Դա կարելի է մեկնաբանել ոչ թե որպես քաղաքական սահմանափակումներ այդ գործընթացում, այլ որպես միացման գործընթացը լիարժեք դարձնելու ցանկություն: Հայաստանը նույնպես պետք է իր վրա վերցնի այն բոլոր պարտավորությունները, որ հիմա կրում են բոլոր անդամ-պետությունները: Այս պարագայում դա խոսում է մեր աշխատանքի որակի մասին, որը մենք պետք է ապահովենք և այն մասին, որ պետք է դուրս գալ այս ճանապարհ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան
 – Ես կցանկանայի ավելացնել, որ Հայաստանի կառավարությունը մշակել է միջոցառումների ծրագիր: Դա մեր տեսլականն է այն աշխատանքի ծավալի մասին, որը մենք պետք է իրականացնենք Մաքսային միությանը միանալու համար: Հայաստանի նախագահը դիմել է խնդրանքով երեք պետությունների նախագահներին, որպեսզի նրանք արձագանքեն այն միջոցառումների ծրագրին, որն արդեն սկսել ենք իրականացնել: Ես կարծում եմ, որ դա էլ կնպաստի նրան, որ մենք կկարողանանք արագ և արդյունավետ շարժվել այս ուղղությամբ:

Հարցը վերաբերում է Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության և Հայաստանի անդամակցության հետ կապված Ադրբեջանի հետ հաշվի նստելու վերաբերյալ Բելառուսի նախագահի հայտարարությանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո – Թուրքիայի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ ոչ մի հայտարարություն դեռևս չկա: Շատ պետություններ են մտադրություն և հետաքրքրություն հայտնում Մաքսային միության հետ փոխհամագործակցության ընդլայնման առնչությամբ: Մասնավորապես, Հնդկաստանը վարչապետի այցի ժամանակ Մոսկվայում կրկին ցանկություն է հայտնել ունենալ փոխհամագործակցության առաջադեմ ռեժիմ Մաքսային միության հետ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի մակարդակով և այլն: Ընդհանրապես պետությունների քանակը, որոնք այսօր հայտարարում են, որ ցանկանում են նմանատիպ հարաբերություններ ձևավորել, հասնում է 36-ի: Որոշակի ուղղություններով այսօր աշխատանք է տարվում Վիետնամի, Նոր Զելանդիայի, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ: Հիմա Շվեյցարիայի հետ կտարվի այդպիսի աշխատանք: Թուրքիան չկա թեկնածուների մեջ, և նրա հայտարարությունը չի ուսումնասիրվել: Եվ դա նշանակում է, որ այն, ինչ չկա, չի կարող խանգարել և վնասել: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, ես այն չեմ լսել, չեմ կարող մեկնաբանել և այդքան էլ կոռեկտ չէ մեկնաբանել ինքնիշխան պետության նախագահի հայտարարությունը: Բայց կարող եմ ասել, որ Մաքսային միության իրավունքի տեսանկյունից որևէ մեկի կարծիքը, բացի Մաքսային միությանը միանալու թեկնածուի և մասնակիցների, չի պահանջվում այս ամբողջ ծրագրի իրականացման համար: Պայմանագիրը, որը պատրաստվում է ստորագրման, ստորագրվելու է չորս ղեկավարների կողմից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան – Ես էլ եմ համակարծիք Վիկտոր Բորիսովիչի հետ այն հարցում, որ կոռեկտ չէ մեկնաբանել նախագահների հայտարարությունները: Առավել ևս կարևոր է այն, թե ինչ համատեքստում և ինչ նպատակով են դրանք ասվում: Կարծում եմ, որ դա ավելի լավ է թողնել վերլուծաբաններին:

Հայաստանի ֆուտբոլի գավաթ. «Գանձասարը» և «Փյունիկը» շարունակում են պայքարը

Հգ221344711382526389Նոյեմբերի 6-ին կայացան Հայաստանի  ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները՝

 

«Ուլիս»-«Գանձասար»` 1:3 (0:2)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Գոլերը՝ Գեղամ Հարությունյան, 49, ինքնագոլ, 62 («Ուլիս»), Արտակ Դաշյան, 29, Շոթա Ջիքիա, 45+1 («Գանձասար»)

Առաջին հանդիպումը՝ 0:0

 

«Արարատ»-«Փյունիկ»` 1:2 (1:1)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլերը՝ Ալեքսանդր Ռակիչ, 45 («Արարատ»), Վարդան Բակալյան, 14, Վիուլեն Այվազյան, 89 («Փյունիկ»)

Առաջին հանդիպումը՝ 1:1

 

Կիսաեզրափակիչում «Գանձասարը» կմրցի «Բանանցի» հետ, իսկ «Փյունիկը» եզրափակչի ուղեգիրը կվիճարկի «Միկայի» հետ:

Սաուդյան Արաբիայում 16,000 օտարերկրացիներ են ձերբակալվել

Սաուդյան Արաբիա,օտարերկրացիներ,ձերբակալությունՍաուդյան Արաբիայի լրատվամիջոցները տեղեկացրել են, որ թագավորությունում անօրինական աշխատող օտարերկրացիներին հայտնաբերելու նպատակով ամբողջ երկրի տարածքով իրկանացվող օպերացիայի առաջին 48 ժամերի ընթացքում իշխանությունները ձերբակալել են 16,000 մարդու:

Asharq al-Awsat թերթը, մեջբերելով Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներից մեկին, չորեքշաբթի տեղեկացրել է, որ ներգաղթյալների մի մասը ձերբակալվել է Յեմենի հետ հարավային սահմանի մոտակայքում: Նրանցից 5,000-ը ձերբակալվել է Մեքքայում, որտեղ ուղտագնացությունից հետո անօրինական կերպով մահմեդականներ են հաստատվում: Մայրաքաղաք Էր Ռիադում ևս 1,000 մարդ է ձերբակալվել:

Այս օպերացիայի նպատակը թագավորությունում տեղի աշխատուժի համար ավելի շատ աշխատատեղեր ստեղծելն է:

 

Ուսանողական հանրակացարանների հարցը թուրքական հասարակական-քաղաքական օրակարգում

Թուրքիա,Բեքիր Բոզդաղ,հանրակացարանԹուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը այսօր թուրքական «TRT Haber»-ի եթերում հայտարարել է, որ Թուրքիայի բնակչությունը լավ չի տրամադրված այն հանգամանքի նկատմամբ, որ երկրում աղջիկներն ու տղաները բնակվում են միասնական ուսանողական հանրակացարաններում: Բոզդաղի խոսքերով՝ առանձնացված հանրակացարանների համակարգի ներդնումը դեռ չի նշանակում միջամտել ուսանողների անձնական կյանքին: «Այժմ կառավարությունը այս հարցով չի զբաղվում, սակայն եթե նման անհրաժեշտություն է առաջացել, ապա մենք կհոգանք, որպեսզի աղջիկների և տղաների հանրակացարանները առանձին լինեն»,-նշել է Բոզդաղը՝ հայտնելով, որ այս քայլը չի հակասում երկրի Սահմանադրությանը:

Ավելի վաղ վարչապետ Թայիփ Էրդողանը իր ղեկավարած կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ աղջիկների և տղաների ուսանողական հանրակացարանները առանձնացվելու են: Հարցի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրամիությունը՝ նշելով, որ այս հարցին ամենից առաջ թուրք հասարակությունը պետք է լուծում տա:

 

Ուժեղ պայթյուն Դամասկոսի կենտրոնում, կան զոհեր ու վիրավորներ

 պայթյուն, Դամասկոս, զոհեր,վիրավորներԱյսօր Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, 50 հոգի վիրավորվել է: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Հայտնի է, որ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական Հիջազ հրապարակում տեղակայված տեղական երկաթուղային ընկերության գրասենյակի դիմաց: Դեպքի մյուս մանրամասները առայժմ հայտնի չեն:

Չնայած սիրիական խնդրի լուծման գործընթացում որոշակի առաջընթաց է նկատվում ՝ կապված քիմիական զենքի հանձման, Ժնև-1 և Ժնև-2 համաժողովների հետ, այնուհանդերձ Սիրիայում ամենօրյա բախումները չեն դադարում:

 

Հայաստանը և Իրաքը շահագրգիռ են երկկողմ փոխգործակցության զարգացման գործում

 Տիգրան Սարգսյան,Իրաք, Ռոուշ Նուրի ՇաուեյսՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից և նշել, որ այն դրական արդյունքներ է տալիս: «Հայաստանը կարևորում է և շահագրգիռ է Իրաքի հետ հարաբերությունների զարգացման և խորացման գործում: Տեսնում ենք, որ առկա է երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ, ինչի վառ վկայությունն է վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների միջև գրանցված առևտրաշրջանառության զգալի աճը»,– ասել է վարչապետը:

Նշելով, որ Իրաքը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում՝ Նուրի Շաուեյսին նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում մեր երկիր է ժամանել իրաքցի գործարարներից բաղկացած մեծ խումբ, որի նպատակն է նոր կապեր ստեղծել հայ գործընկերների հետ:
Կողմերը կարևորել են նաև երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումը, մուտքի արտոնագրերի դյուրացումը: Վարչապետի խոսքով՝ շինարարական հայկական կազմակերպությունները ևս շահագրգիռ են մասնակցել Իրաքում այդ բնագավառում իրականացվող ծրագրերին: Իրաքի փոխվարչապետը ողջունել է այդ գաղափարը և պատրաստակամություն հայտնել քննարկել այն իր երկրի կառավարությունում:
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը կարող է կամուրջ հանդիսանալ Իրաքի համար ՄՄ-ի անդամ պետությունների հետ կապերի սերտացման գործում: Իրաքի փոխվարչապետը շնորհավորել է ՄՄ-ի վերաբերյալ հայկական կողմի կայացրած որոշման կապակցությամբ, ինչը միմիայն կնպաստի տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու նոր ծրագրերի իրականացմանը:
Իրաքի փոխվարչապետը Տիգրան Սարգսյանին է փոխանցել իր երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի ջերմ ողջույնները: Իր հերթին, ՀՀ կառավարության ղեկավարը խնդրել է Իրաքի վարչապետին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը՝ իրեն հարմար ժամանակահատվածում:
Այնուհետև Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսը ստորագրել են տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:

 

Ընկերությունը մահացածների մնացորդները կուղարկի տիեզերք դրանք ընկնող աստղ դարձնելու համար

հիշատակի թռիչքՄոռացեք ձեր մահացած սիրելիների մնացորդների մոխիրը ծովը նետելու մասին՝ այժմ հնարավոր է նրանց մնացորդները ուղարկել տիեզերք, որպեսզի նրանք ընկնող աստղ դառնան:

Elysium Space ընկերությունը նախատեսում է առաջին այսպես կոչվող «հիշատակի թռիչքը» իրականացնել 2014թ-ի ամռանը Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից:

Այս ծրագրով մարդկանց մնացորդները կուղարկվեն տիեզերք և մի քանի ամիս կպտտվեն Երկրի շուրջը՝ նախքան մթնոլորտում այրվելը և ընկնող աստղ դառնալը:

Ընկերությունը իր ծրագիրը իրկանացնելու համար կաշխատի տիեզերական տրանսպորտային ընկերությունների հետ, ինչպիսիք են SpaceX-ը, Civeit-ը և Orbital Sciences-ը:

Թռիչքի արժեքը 1,900 դոլար է, որի դիմաց ընկերության հաճախորդները կստանան մի հավաքածու, որի մեջ մտնում է նաև մոխիրը պարկուճի մեջ լցնելու համար անհրաժեշտ շերեփ:

Պարկուճի վրա կարող է փորագրվել մահացածի անվան երեք սկզբնատառերը, իսկ հաճախորդները իրենց ցանկությամբ կարող են մինչև 80 նիշ պարունակող հաղորդագրություն գրել, որը կմիացվի տիեզերանավին ամրացված մետաղյա թիթեղներին:

Ընտանիքի անդամները հրավիրատոմս կստանան թռիչքի մեկնարկը դիտելու համար, ինչպես նաև նրանց կտրամադրվի թռիչքի տեսագրությունը: Թռիչքից հետո հարազատներին կուղարկվի հավաստագիր հիշատակի թռիչքի ավարտի կապակցությամբ:

Կալիֆորնիայում տեղակայված ընկերությունը այժմ բջջային հեռախոսների ծրագիր է ստեղծել տիեզերք ուղարկված մարդկանց մնացորդներին հետևելու համար:

Ընկերությունից հայտնում են, որ տիեզերանավը այնպես է ստեղծվել, որ ուղեծրային աղտոտում չառաջացնի:

 

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ստորագրվել է Փոխգործակցության հուշագիր

 Տիգրան Սարգսյան,Եվրասիական տնտեսական հանձնաժողովՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը:

«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարությունում: Ինձ զեկուցել են աշխատանքային խմբերի շրջանակում ընթացող քննարկման մասին, և մեր այսօրվա հանդիպման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ է», – ասել է վարչապետ Սարգսյանը:
«Մենք առաջին անգամ ենք Երևան ժամանում այսպիսի մեծ պատվիրակությամբ: Դա պայմանավորված է Մաքսային միության անդամ-երկրների նախագահների ընդունած որոշման իրագործման անհրաժեշտությամբ, որը վերաբերում է Հայաստանի՝ ՄՄ-ին և միասնական տնտեսական տարածքին միանալու գործընթացն սկսելուն», – իր հերթին նշել է Վիկտոր Խրիստենկոն:
Հանդիպման ժամանակ համատեղ աշխատանքային խմբերի ներկայացուցիչները զեկուցել են Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու գործընթացին վերաբերող մի շարք հարցերի շուրջ կատարված ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքները: Մասնավորապես, արծարծվել են տեխնիկական, սանիտարական, բուսասանիտարական կանոնակարգման, սակագնային և ոչ սակագնային կանոնակարգման, հակամենաշնորհային կանոնակարգման, մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մաքսային և հարկային ոլորտներին առնչվող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև ՀՀ օրենսդրությունը Մաքսային միության ընդհանուր օրենսդրությանը համապատասխանեցնելու խնդրին: Ամփոփելով մտքերի փոխանակումը՝ կողմերն ամրագրել են ձեռք բերված պայմանավորվածությունները և վերահաստատել բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը:
Այնուհետև ստորագրվել է Փոխգործակցության խորացման մասին հուշագիր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Հուշագրի ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը:

Նախագահն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությանը

Սերժ Սարգսյան,ԱԺ,ՌԴ Դաշնային ժողով

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 23-րդ նիստի անցկացման կապակցությամբ:

Նախագահը բարձր է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ նշելով, որ տարիներ ի վեր հանձնաժողովի իրականացրած աշխատանքի շնորհիվ են նաև երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորվել կայուն և դինամիկ զարգացող հարաբերություններ: Սերժ Սարգսյանն այդ ամենում մեծապես կարևորել է հանձնաժողովի համանախագահ, հայ ժողովրդի վաղեմի բարեկամ Նիկոլայ Ռիժկովի անձնական ներդրումը: Նշելով, որ Նիկոլայ Ռիժկովը և նրա գլխավորած հանձնաժողովի անդամներն իրենց շահագրգիռ և ակտիվ աշխատանքի արդյունքում լիովին տիրապետում են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, Նախագահը շնորհակալություն է հայտնել այդ օրակարգի հարցերի լուծման գործում մինչ այժմ նրանց ցուցաբերած աջակցության համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այսուհետ ևս նույնպիսի ակտիվությամբ հանձնաժողովը կշարունակի գործունեությունը՝ նկատի առնելով, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու մասին որոշումից հետո հատկապես օրենսդրական դաշտում զգալի աշխատանք կա իրականացնելու:

Հանդիպման ժամանակ Նիկոլայ Ռիժկովը ներկայացրել է միջխորհրդարանական հանձնաժողովի երևանյան նիստի արդյունքները, արդիական և կարևոր համարելով օրակարգի շրջանակներում քննարկված հարցերը, որոնք առավելապես վերաբերել են ՀՀ և ՌԴ միջև տրանսպորտային հաղորդակցության բարելավման խնդիրներին: Նա գոհունակությամբ է խոսել հանձնաժողովի շրջանակներում հայ գործընկերների հետ արդեն 16-ամյա համագործակցության մասին և շնորհակալություն հայտնել Հանրապետության Նախագահին՝ միջպետական հարաբերություններում խորհրդարանականների աշխատանքը մեծապես կարևորելու և խրախուսելու համար:

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները մասնակցել են Ավստրիայի սոցիալիստական երիտասարդների համագումարին

Ավստրիա,ՀՅԴ Բյուրո,Երիտասարդական Ավստրիայի սոցիալիստական երիտասարդների (SJÖ) հրավերով, ՀՅԴ Երիտասարդականի երկու ներկայացուցիչներ` Կարապետ Շադոյանը (Ավստրիա) և Սերժ Տեր-Յակոբյանը (Գերմանիա) մասնակցեցին հիշյալ կազմակերպության տարեկան համագումարին, որը տեղի ունեցավ սույն թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Ավստրիայի Ֆելտեն քաղաքում։

Համագումարին մասնակցել են շուրջ 250 երիտասարդներ Ավստրիայից և հրվաիրյալներ Շվեդիայից, Նիդերլանդներից, Չեխիայից, Սերբիայից և այլ երկրներից։
Համագումարը սկսել է հրավիրող կազմակերպության ողջույնի խոսքով, որից հետո այլ երկրներից մասնակցած պատվիրակությունները ելույթ ունեցան` ներկայացնելով իրենց կազմակերպությունն ու մոտեցումները։
ՀՅԴ Երիտասարդականի ներկայուցիչները, իրենց ելույթում ներկայացնելով ՀՅԴ Երիտասարդականի նպատակներն ու աշխատանքները, ընդգծել են մարդու իրավունքի տեսանկյունից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչման կարևորությունը։
Անդրադառնալով Արցախի ժողովրդի ինքնորոշման ու իր իսկ հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքին, ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները բացատրել են արցախցի երիտասարդների իրավիճակն ու պայմանները և նշել, որ նրանք ուրիշ բան չեն ուզում, քան եվրոպացի երիտասարդների նման խաղաղ ու անվտանգ կյանք ունենալ, սակայն դա տեղի չի ունենում, քանի որ Հայաստանն ու Արցախը շրջափակման մեջ են և ամեն պահի ենթակա են պատերազմի վերսկսման վտանգին։
ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչներն ավարտել են իրենց ելույթը հետևյալ խոսքերով. «Մեր սերնդի պարտականությունն է պայքարել, որ սոցիալիստական գաղափարների համաձայն ավելի արդար հասարակարգ հաստատվի աշխարհում»։
Համագումարի շրջանակներում տեղի են ունեցել դասախոսություններ և քննարկումներ սոցիալիզմի, տնտեսության, համացանցի, գաղթականության, կրթության, ծայրահեղ աջակողմյան շարժումների և այլ թեմաների մասին։
Տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ ՀՅԴ Երիտասարդականի ներկայուցիչների և այլ պատվիրակությունների միջև։ Համագումարին մասնակցող երիտասարդներից ոմանք ցանկություն են հայտնել այցելել Հայաստան և Արցախ։ Նրանք հայկական կողմին առաջարկել են միջազգային երիտասարդական խորհրդաժողով նախաձեռնել Հայաստանում։

ՀՅԴ Բյուրոյի
Երիտասարդական գրասենյակ

Վարդան Պետրոսյանին «Էրեբունի» բ/կ-ից տեղափոխեցին «Սթրես» կենտրոն,տեսանյութ

Վարդան ՊետրոսյանԵղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Սթրես» կենտրոն: Այս մասին հաղորդում է NEWS.am-ը:

Նշվում է, որ դերասանը հոսպիտալացման կարիք չուներ, այդ պատճառով նրան տեղափոխել են «Սթրես» կենտրոն: Իսկ թե այնտեղ ինչքան ժամանակ կմնա, դեռ հայտնի չէ:

Երեկ նախաքննական մարմնի կողմից Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում էր կայացվել, որը կիրագործվի առաջիկայում: Այս մասին «Անկախ»-ին տեղեկացրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: News.am-ը գրում է, որ ոստիկանները Պետրոսյանի բնակարան են այցելել այսօր առավոտյան` նրան ձերբակալելու նպատակով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էին  BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Ավտովթարի հետևանքով մահացել են «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից  Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները: Պետրոսյանը բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց էր  տեղափոխվել, որտեղ հեռացրել են նրա փայծաղը, կարել լյարդի պատռվածքը: Պետրոսյանը մի քանի օր առաջ դուրս էր գրվել հիվանդանոցից: Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

 

Վերջին երկու ամսում Թուրքիայում 1000 սերժանտ և 700 սպա հրաժարական է տվել

banak  Թուրքիայում վերջին երկու ամսում ավելի քան 1000 սերժանտ հրաժարական է տվել: Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ զանգվածային հրաժարականների պատճառը 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը մասնակցություն ունեցած զիվորականների դատավարություններն են: Հայտնի է, որ բացի սերժանտներից, իրենց ծառայություննից հրաժարվել է Թուրքիայի զինված ուժերի մոտ 700 սպա:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախկին նախագահ 94-ամյա Քենան Էվրենին, որը 1980 թվականին դեռ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում գլխավորել էր ռազմական հեղաշրջումը, ցման ազատազրկում է սպառնում:

Երևանում «հեղափոխականների» երթն ավարտվեց բախումներով ու պայթյուններով.անդրադարձ Վառոդային դավադրության և Գայ Ֆոքսի օրվան

Million Mask March in Yerevan on Freedom SquareԳայ ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների» երթը Երևանում վերածվեց ոստիկանության հետ բախումների:

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը  նոյեմբերի մեկից  Ազատության հրապարակում նստացույց էր անում` «Ես սկսում եմ հեղափոխություն» գրությամբ: Նրա խոսքով` մտադիր է Հայաստանում արժեքների հեղափոխություն անել, որը ենթադրում է նաև  իշխանության տապալում: «Հայաստանում, եթե լավ տղերք չկան էդ իշխանություններին տապալելու, ուրեմն սաղ Հայաստանում բարոյազրկվածներն են ապրում: Ավելի լավ է մեռնեմ, բենզինի շշերը ձեռքիս գնամ ու մեռնեմ, սնայպերը ինձ խփի: Չեմ ուզում Կիևյանից ինձ գցեմ, Հայաստանից չեմ ուզում գնամ: Ես այդպես եմ ապրելու: Չեմ ուզում աշխարհում իմ ազգի մասին ասեն՝ էնտեղ սաղ փչացած են, ժողովուրդ չկա: Նրանց ինչ անում են, էդ ժողովուրդը հանդուրժում է»,- այսպես է նա բացատրել իր արաքի դրդապատճառները:

Նոյեմբերի 5-ին  նա գլխավորեց  դիմակավոր «հեղափոխականների» երթը:  Հարությունյանն իր շուրջ 100 համակիրների հետ երթը մեկնարկելուց առաջ հայտարարեց, որ ամեն գնով, անգամ մահվան գնով հեղափոխություն է իրականացնելու:  Ապա հայտարարեց, որ իրենք զինված են մահակներով և բենզինով լի շշերով: «Հեղափոխականների» նպատակակետը նախագահի նստավայրն էր:

Երթի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել, երբ «հեղափոխականները» փորձել են Մաշտոցի պողոտան հատել ոչ ճիշտ տեղից: Պայթեցվել են ինքնաշեն նռնակներ:

Ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու, այդ թվում և Շանթ Հարությունյանին: Նրա որդուն ևս ոստիկանություն բերման էին ենթարկել, սակայն նոյեմբերի 6-ի առավոտյան նրան ազատ են արձակել:

Ոստիկանության 4 աշխատակիցները հիվանդանոցում են և բուժում են ստանում:

Նշենք, որ նոյեմբերի 5-ին ողջ աշխարհում Անոնիմուսների 443 երթ է տեղի ունեցել:

Նոյեմբերի 5-ը աշխարհում նշվում է որպես Վառոդային դավադրության և Գայ Ֆոքսի օր: Վերջինս  ձերբակալվել է 1605 թ. նոյեմբերի 5-ին: Նա փորձում էր պայթեցնել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը` Ջեյմս արքային սպանելու նպատակով: Նրա մտադրությունները բացահայտվեցին անանուն նամակի միջոցով, որն ուղարկվել էր բրիտանական պաշտոնյաներին: Ֆոքսին կտտանքների են ենթարկում, իսկ 1606 թ. հունվարի 31-ին` մահվան են դատապարտում:

Գայ Ֆոքսի դիմակները, որոնք կրում են ցուցարարները, ստեղծվել են 2005-ին` «Վ` Վենդետայի համար» ֆիլմի համար: Դրանք դարձել են հակաավտորիտար խորհրդանիշ համացանցային Անոնիմուս շարժման համար, որի անդամները մարդիկ են,ովքեր համակարգիչն օգտագործում են քաղաքական գաղափարների առաջխաղացման, խոսքի ազատության և մարդու իրավունքների  պաշտպանության և ինֆորմացիայի ազատության ապահովման համար:

Աշխարհի մասշտաբով միջոցառումը ձեռնարկողները իրադարձության  ֆեյսբուքյան էջում գրել են. «Հիշեք, թե ովքեր են ձեր թշնամիները. միլիարդատերերը, որոնք բանկեր ունեն, և կորպորացիաները, որոնք կոռումպացնում են քաղաքական գործիչներին, որոնք ստրկացնում են անարդարության մեջ գտնվող մարդկանց»:

Նախագահն ընդունել է Ավստրիայի ՍԴ նախագահ Գերհարդ Հոլզինգերի գլխավորած պատվիրակությանը

 

4486

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի սահմանադրական դատարանի պատվիրակության անդամներին՝ Ավստրիայի ՍԴ նախագահ Գերհարդ Հոլզինգերի գլխավորությամբ:

Նախագահը ողջունել է պատվիրակության անդամներին մեր երկրում և ընդգծել, որ նման բարձրաստիճան այցելությունները հնարավորություն են ընձեռնում համակողմանիորեն քննարկելու երկրների արդարադատության համակարգերի արդի խնդիրները, դրանց հաղթահարման հնարավորություններն ու ոլորտի ձեռքբերումները, ինչպես նաև փորձի փոխանակում կատարելու: Սերժ Սարգսյանը կարևորել է Ավստրիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ արդարադատության բնագավառում, նկատի առնելով, որ հատկապես այդ բնագավառում Ավստրիան բավականին մեծ ճանապարհ է անցել և կուտակած հարուստ փորձով կարող է օգտակար լինել: Նախագահի հավաստմամբ, Հայաստանը դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու գործում սերտ համագործակցում է նաև եվրոպական գործընկերների հետ:

Գերհարդ Հոլզինգերը նշել է, որ Ավստրիայի Սահմանադրական դատարանը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի մյուս պետությունների սահմանադրական դատարանների հետ կապերին և ուրախ է Հայաստանի Սահմանադրական դատարանի գործընկերների հետ սերտ և արդյունավետ համագործակցության նման հնարավորության համար: Հանդիպման ժամանակ նա ներկայացրել է նաև Ավստրիայի Սահմանադրական դատարանի դերն ու նշանակությունը երկրի արդարադատության համակարգում:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, խարդախության 2 և խուլիգանության 1 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 2, սպանության և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կողոպուտ կատարողը հայտնաբերվել է

ձերբակալելՆոյեմբերի 3-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից հաղորդում էր ստացվել, որ ժամը 13.00-ին Երևանի Արտաշիսյան փողոցի սուպերմարկետներից մեկի մոտ անհայտ անձը քաշել-պոկելու միջոցով հափշտակել է 1994 թ. ծնված Սոնա Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով մոտ 300.000 դրամի նյութական վնաս:
Նոյեմբերի 5-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արմեն Ո.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սոնա Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, բացահայտ հափշտակել է Արմեն Ո.-ն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Ձերբակալման պահին հետախուզվողը փորձել է դիմել փախուստի

ձերբակալվել էՆոյեմբերի 5-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արտակ Կ.-ին, որը օգոստոսի 23-ից ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 5-րդ մասի մեղադրանքով (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը):

Խափանման միջոցը` կալանք:
Ձերբակալման պահին Արտակ Կ.-ն փորձել է դիմել փախուստի, որի ժամանակ վայր է ընկել և ոտքի վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց։

Բորսայում դոլարի գինը` 406,88 դրամ

դոլարՆոյեմբերի 6-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:

NASDAQ OMX Armenia