Monthly Archives: December 2013
Ինդոնեզիայում գործող հրաբուխ է ժայթքել
Երեքշաբթի օրը արևմտյան Ինդոնեզիայում գտնվող գործող հրաբուխը կրկին լավա և գազեր է արտանետել՝ դժվարություններ ստեղծելով օդանավակայանների համար, իսկ գյուղացիները խուճապի մեջ են:
Ինդոնեզիայի աղետի վտանգների նվազեցման գործակալությունից հայտնել են, որ երեքշաբթի օրը հյուսիսային Սումատրայի նահանգում գտնվող Սինաբունգ լեռը ժայթքել է ինը անգամ:
Գործակալության տեղեկություններով նոյեմբերից մինչ այժմ, երբ իշխանությունները հայտարարել են ժայթքման վտանգավորության բարձրագույն մակարդակի մասին, վտանգավոր համարվող 5 կմ շրջագծով զոնայից տարհանվել է 19,000 մարդ:
Հրաբխից արձակված մոխիրը ծածկել է 70 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերը, ֆերմաները և ծառերը:
2,600մ բարձրություն ունեցող Սինաբունգ լեռը սեպտեմբերից ի վեր ժամանակ առ ժամանակ ժայթքում է: 2010թ-ի ժայթքման հետևանքով մահացել է երկու մարդ:
Տրանսպորտի նախարարությունից օդնավակայաններին զգուշացրել են խուսափել լեռան մոտակայքով չվերթներ իրականացնել:
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը` Գրոնինգենի մրցաշարի հաղթող
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ինքն իրեն ամանորյա լավ նվեր մատուցեց` հաղթելով Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում կազմամերպված շախմատի միւազգային մրցաշարում: Հայաստանի ներկայացուցիչը, ինչպես նաև հոլանդացիներ Լ՝Ամին, Բոկը, Էրնստը 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշով առաջին տեղը գրավեց Անդրիասյանը: Մասնակցում էր 103 շախմատիստ:
Մասնակիցների վերջնական դասավորությունը
| 1. | Անդրիասյան | 7 | |
| 2. | Լ’Ամի | 7 | |
| 3. | Բոկ | 7 | |
| 12. | Սիմոնյան | 6 | |
| 26. | Դանիելյան | 5.5 |
ՀԱՅՈՑ ՆՈՐ ՏԱՐԻՆ
Ամանորը հայոց դիցարանի աստվածներից է, որը հովանավորում է երկնային մարմինների պտույտը: Նա Վանատուրի եղբայրն է, որ իր հերթին հյուրընկալության և ճամփորդների հովանավոր աստվածն է: Վանատուրը կոչվել է նաև Ամանորաբեր: Այս երկու աստվածությունների հետ կապված շատ սովորույթներ կան մինչ օրս: Մասնավորապես, հիմա էլ հայոց տներում ամանորյա սեղաններին միշտ մեկ սպասք ավելի է դրվում` հյուրերի համար: Այստեղից է ծագում նաև «Հյուրն Աստծունն է» արտահայտությունը:
Հայերը երեք անգամ են նոր տարի նշել. առաջինը մարտի 21-ն է` Վահագնի ծնունդը: Դա գարնանամուտի տոն էր միաժամանակ: Վահագնի ծնունդը տոնել են բոլորը` արքայից շինական: Տոնը սկսել է արևագալին, երբ ողջ հայությունը լուսաբացն է դիմավորել տաճարների մոտ, ապա կեսօրին, երբ արևը կիզակետում է, քրմերը ծես են կատարել: Այն համայնքներում, ուր չկային տաճարներ, ծեսը կատարվել է թոնրի կամ խարույկի շուրջը: Մարտի 21-ը Վահագն հուր աստծու ծնունդն էր խորհրդանշում, որ աշխարհ եկավ, հաղթեց Վիշապին ու երկիրն ազատեց չարի պղծությունից:
Մյուս ամանորը Նավասարդի 1-ն էր, որ համընկնում է օգոստոսի 11-ին: Նավասարդը խորհրդանշում է Հայոց ձորի ճակատամարտում Հայկ նահապետի տարած հաղթանակը Տիտանյան Բելի դեմ: Այն միաժամանակ հայի ինքնության ծնունդն է խորհրդանշում, քանզի Նավասարդի 1-ով հայի ինքնության և հայոց պետականության սկիզբը դրվեց:
Նավասարդը նշվել է պետականորեն: Այդ օրը Նպատ լեռան լանջին են հավաքվել հայոց ավագանին, զորքը, քրմական դասը, ազնվազարմ ու շինական: Տոնակատարությունն ուղեկցվել է Նավասարդյան խաղերով, որոնք ուղղված էին Վահագն աստծու փառաբանմանը: Նավասարդյան խաղերին մասնակցել են բոլորը` առանց դասային սահմանափակման: Այն հայոց մեջ ամենասիրված տոնն էր համարվում: Տոնն ուղեկցվել է խրախճանքներով:
Եվ, վերջապես, XVIII դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարային բարեփոխումների արդյունքում ամանորը սկսեցինք նշել հունվարի 1-ին: Քանի որ այն Սուրբ ծննդի տոնին է նախորդում, համաձայն եկեղեցական օրացույցի` նոր տարին պահուց է: Սա ինչ խոսք, որպես այդպիսին, չի ընկալվում մինչ օրս, և հայերն ամանորյա սեղանները ճոխ են զարդարում` համադամ ուտեստներով լի:
Հայոց սրբազան տոմարի համաձայն` տարին բաժանված էր 12 ամիսների, յուրաքանչյուր ամիս ուներ 30 օր: Ինչպես նաև կար հավելյալ ամիս` Ավելյաց օրեր, որ բաղկացած էր 5 կամ 6 օրից:
Տարվա ամիսներն էին` Արեգ, Ահեկան, Մարերի, Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրէ, Քաղոց, Արաց,Մեհեկան, Մարգաց, Հրոտից:
Օրերի անուններն են` Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեզ, Աստղիկ, Միհր, Ձոպաբեր, Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ, Կորդուիք, Ծմակ, Լուսնակ, Ցրօն, Նպատ, Վահագն, Սիմ, Վարագ, Գիշերավար:
Տեսնում ենք` օրանունները նվիրված են հայոց աստվածներին, արքաներին, հայոց սրբազան լեռներին:
Հունվարի 1-ը համապատասխանում է Մեհեկան ամսվա Մասիս օրվան:
Սա` հայոց սրբազան տոմարով: Իսկ համաձայն չինական օրացույցի` 2014 թվականը Ձիու տարի է:
Ձիու տարին մեր բազմահազարամյա պատմության ընթացքում աչքի է ընկել մի շարք կարևորագույն իրադարձություններով:
Ձիու տարում` մ.թ.ա. 782 թ. Արգիշտի Ա արքան կառուցեց Էրեբունի ամրոցը` Երևան-Արիավանը:
Սակայն Ձին միշտ չէ որ հաջողություն է բերել հայերին:
Ձիու տարին` մ.թ.ա. 590 թ. կործանվեց Վանի Արարատյան թագավորությունը: Ռուսա Երրորդը նրա վերջին արքան էր, որի սպանությունից հետո այս պետությունը սոսկ հիշողություն և պատմություն դարձավ:
Բայց, թագավորը մեռավ, կեցցե թագավորը. Ձիու տարին` 370 թ. գահ բարձրացավ հայոց պատմության հզորագույն գահակալներից մեկը` Պապ թագավորը: Ափսոս, շնորհաշատ ու արի երիտասարդ գահակալը կարճ կյանք ու թագավորություն ունեցավ: Նա դավերի զոհ գնաց: Հետևաբար 2014 թ. գահ բարձրացողները, պաշտոն ստացողները գուցե մտորելու տեղիք ունեն:
Եթե չինական Ձիուն հեծած ճամփորդենք Հայոց պատմության ուղիներով, մեզ անհանգիստ տարի է սպասում, քանզի հենց Ձիու տարում` 850 թ. Հայաստանում հակաարաբական հզոր ապստամբություն ծագեց: Ճիշտ է, ապստամբությունը ճնշելու համար Հայաստան արշավեց ազգությամբ թուրք Բուղան, բայց խայտառակ պարտություն կրեց և փախավ մեր երկրից:
Ձիու տարում` 862 թ. հայոց իշխանաց իշխան դարձավ Աշոտ Ա Բագրատունին, որ հետագայում անկախացրեց Հայաստանն ու հիմքը դրեց Բագրատունիների թագավորության:
Ձիու տարին բարեբեր էր ևս մեկ Բագրատունու` Աշոտ Բ Երկաթի համար, որ 922 թ. արաբական խալիֆի կողմից ճանաչվեց արքայից արքա` շահնշահ հայոց:
Ձիու տարին` 1042 թ. գահ բարձրացավ նաև Բագրատունյաց վերջին գահակալը` Գագիկ Բ Կրտսերը:
Չինական ձիեր հեծած սելջուկ-թուրքերը 1054 թ. արշավեցին Հայաստանի վրա, սակայն Կարսի տակ Թաթուլ Վանանդեցի հայոց զորավարը սոսկալի ջարդ տվեց նրանց: Սա լավ կանխանշան է:
1186 թ. Զաքարե Զաքարյանն ու իր եղբայր Իվանեն առանձնակի շնորհների արժանացան Վրաստանում և իրենց ձեռքը վերցրին Վրաստանի ողջ իշխանությունը:
1222 թվականը ծանր էր հայության համար: Մոնղոլական հետախուզական արշավանքը կազմալուծեց հայոց բանակն ու ցնցեց Զաքարյանների պետության հիմքերը:
Ձիու տարի էր նաև բախտորոշ 1918 թվականը Մայիսյան հերոսամարտերով, Հայաստանի առաջին հանրապետության ծնունդով:
Եվ, վերջապես, Ձիու տարում` 1990 թ. ընդունվեց ՀՀ Անկախության հռչակագիրն ու սկսվեց ՀՀ անկախության գործընթացը:
Ուրեմն եկեք լավ տրամադրությամբ սկսենք չինական Ձիու տարին ու լավ տրամադրությամբ ավարտենք:
Բարի Ամանոր:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ
Հյուսիսային Դակոտայում երկու գնացքների բախումից մեծ պայթյուն է առաջացել
Հյուսիսային Դակոտայի իշխանությունների տեղեկություններով՝ երկուշաբթի օրը երկու գնացքների բախումից մեծ պայթյուն է առաջացել: Գնացքներից մեկը հում նավթ էր տեղափոխում, որի այրումից վտանգավոր ծուխ է արտանետվել:
Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Հրշեջները ստիպված կլինեն 12 ժամ սպասել մինչև կրակը մարի, քանի որ հրդեհը շատ ուժեղ է, նրանք չեն կարողանում մոտենալ:
Գնացքի վրա գտնվող նավթով լցված մեքենաներից 10-ը բռնկվել են:
Դեպքը տեղի է ունեցել 2,300 բնակչություն ունեցող Քասելթոնից 1,5 կմ հեռավորության վրա:
Շերիֆի գրասենյակից Քասելթոնի և երկու մոտակա քաղաքների բնակիչներին խորհուրդ են տվել հեռանալ այդ տարածքներից, քանի որ ուժեղ ճնշման տակ քամիները փոխում են իրենց ուղղությունը:
Պատահարի պատճառները պարզ չեն: Իշխանությունները փորձում են պարզել` գնացքները դուրս են եկել գծերից նախքան բախվելը, թե ոչ:
Կրասնոդարում շրջափակել են ավտոկայարանի տարածքը
«Ինտերֆաքս-ՅուԳ» գործակալության թղթակիցը հայտնում է, որ Կրասնոդար-2 ավտոկայարանի տարածքը շրջափակված է, մարդիկ տարհանվել են:
Ինչպես հայտնել են գործակալությանը ՌԴ ՆԳՆ վարչության մամլո ծառայությունում, «ներկայումս Կրասնոդար-2 ավտոկայարանի տարածքում օպերատիվ միջոցառումներ են իրականացվում»:
Մամլո ծառայությունում այլ մանրամասներ չեն հայտնել:
Ականատեսի խոսքով` ավտոկայարանի կառամատույցի ժամանման հարթակի կրպակներից մեկում կասկածելի իր է հայտնաբերվել: Ոստիկանության աշխատակիցները խնդրել են բոլորին լքել կառամատույցը:
Մանրամասն տեʹս Ինտերֆաքս
Վոլգոգրադում կատարված երկու ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 33-ի
ՌԴ ԱԻՆ-ի Վոլգոգրադի գլխավոր վարչությունը հայտնում է, որ Վոլգոգրադում կատարված երկու ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 33-ի:
«Դեկտեմբերի 29-ին և 30-ին տեղի ունեցած երկու ահաբեկչական գործողությունների հետևանքով տուժել է 106 մարդ, նրանցից 33-ը զոհվել են, 65 մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանների վնասվածքներով»,- ասվում է ԱԻՆԳՎ-ի կայքում:
Գերատեսչությունն իր հաղորդագրության մեջ ճշտում է, որ երկուշաբթի օրը տրոլեյբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, իսկ կիրակի օրը երկաթուղային կայարանում կատարված ահաբեկչության հետևանքով` 18 մարդ:
«Գիշերը ժամը 3-ին Վոլգոգրադի թիվ 25 հիվանդանոցում մահացել է ևս մի երկաթուղային կայարանի պայթյունից տուժած: Այդպիսով զոհվածների ընդհանուր թիվը 17-ից դարձավ 18 մարդ»,- տեղեկացել է «ՌԻԱ նովոստիի» աղբյուրը տարածաշրջանի օպերատիվ ծառայություններից:
«Ըստ տրոլեյբուսի պայթյունից զոհվածների ճշտված ցուցակի`զոհվածների թիվը 14-ից մեծացել է 15-ի»,- ավելացրել է նա:
Մանրամասն տեʹս ՌԻԱ նովոստի
Վազգեն Մանուկյանի մաղթանքը. «Սիրեք ձեր երկիրը, որովհետև դժվարությունները հաղթահարվում են սիրելու շնորհիվ»
– Պարոն Մանուկյան, տարին բուռն էր քաղաքացիական–հասարակական ակտիվ շարժումներով, նախաձեռնություններով: Այդ տեսանկյունից ինչպե՞ս եք այն գնահատում:
– Ընդհանրապես, Հայաստանում նոր պայմաններ են ստեղծվել, և դա երկկողմանի է. եթե իշխանությունը հայտարարեր, որ «իր դեմ խաղ չկա», այդ դեպքում քաղաքացիական հասարակությունն այսքան չէր զարգանա: Այսինքն` մի կողմից իշխանությունն է որոշակի հանդուրժողականություն ցուցաբերում, մյուս կողմից էլ առաջացել է մի նոր երիտասարդություն, որը բավականին ակտիվ է և կարողանում է իր հետևից տանել նաև մեծահասակներին, երբ ճիշտ հարցեր է բարձրացնում և իր առջև դնում: Բացի այդ, հասարակության տարբեր շերտերի մեջ զգացվում է գիտակցության փոփոխություն, փորձառություն և հասունացում:
– Ի՞նչ ցանկություններ և ի՞նչ մաղթանքներ ունեք՝ ուղղված հասարակությանը և իշխանություններին:
– Քաղաքացիական հասարակության զարգացումը նախորդ տարիների համեմատ ակնհայտ է, ինչը գնահատելի է, և եթե իմ ցանկությունների մասին խոսեմ, ապա կուզենամ, որ դա անշեղորեն շարունակվի: Իսկ այն երիտասարդներին, որոնք տարբեր հարցերում առաջնորդում են այդ քաղաքացիական շարժումները, մաղթում եմ, որ չունենան, ինչպես Ստալինն էր ասում, «головокружение от успехов» և հասկանան, որ իրենք միակն ու անփոխարինելին չեն, այլ մի մասնիկն են այդ քաղաքացիական հասարակության:
Կցանկանայի նաև, որ իշխանության որոշումները բոլոր հարցերում լինեին ավելի թափանցիկ և ավելի վերահսկելի հասարակության կողմից, իսկ դատարանները լինեին ավելի անկախ ոչ միայն իշխանություններից, այլև փողից, ինչը շատ կարևոր է: Եթե այդ ամենը լինի, կխթանի նաև տնտեսության զարգացումը, առանց որի խոսել անվտանգության, ինքնիշխանության, զարգացման մասին ուղղակի անիմաստ է:
Իսկ մեր ժողովրդին կցանկանայի, որ ամեն մի դատարկ բանից խուճապի չմատնվի, չթողնի երկրից գնա, հավատա այս երկրի ապագային, եթե նույնիսկ այս իշխանություններին չի սիրում, որովհետև կարծում եմ` նախորդներին էլ չի սիրել և ապագա իշխանություններին էլ չի սիրելու: Իշխանությունները ոչ թե սիրելու համար են, այլ աշխատեցնելու: Այ, քաղաքացիական հասարակության շարժման նպատակը իշխանություններին աշխատեցնելն է, և այդ խնդիրը պետք է հասարակությունն իր առջև դնի: Ժողովրդի ուզած իշխանությունը չի լինելու, և աշխարհի ոչ մի ժողովուրդ իր ուզած իշխանությունը չունի: Նույնիսկ այն դեպքում, երբ այդ իշխանություններն ընտրվում են ժողովրդի կողմից մեծ ոգևորությամբ, որոշ ժամանակ անց կրկին դժգոհություններ են առաջանում: Հիշենք Ֆրանսիայի օրինակը:
Այնպես որ, հույսը դրեք ձեր և երկրի ապագայի վրա անկախ նրանից, թե այս պահին ովքեր են իշխանության ղեկին: Եվ ամենակարևորը՝ սիրեք ձեր երկիրը, որովհետև դժվարությունները հաղթահարվում են սիրելու շնորհիվ:
Անի Գասպարյան
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Սիրելի ընթերցողներ, «Անկախ»-ի խմբագրակազմը շնորհավորում է ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը` մաղթելով մեծամեծ հաջողություններ 2014-ում:
Մենք ակտիվ աշխատանքային ռեժիմի կվերադառնանք հունվարի 8-ից:
Էրդողանի ԱԶ կուսակցությունը Ֆեթուլլահ Գյուլենին կոչ է արել հետ վերադառնալ Թուրքիա
Թուրքիայի իշխող ԱԶ կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահինը նշանավոր հասարակական իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին կոչ է արել վերադառնալ Թուրքիա: Ներկայումս Գյուլենը գտնվում է ԱՄՆ-ում: Այս մասին հաղորդում է «CNN Turk»-ը: Շահինի խոսքերով՝ Թուրքիայում տեղի ունեցածը պարզաբանելու համար անհրաժեշտ է, որպեսզի Գյուլենը հետ վերադառնա երկիր:
Նշենք, որ Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից հետո թուրքական լրատվամիջոցները սկսեցին գրել, որ այդ ամենի հետևում կանգնած է Ֆեթուլլահ Գյուլենն ու նրա կողմնակիցները: Նման տեսակետ առաջացավ այն բանից հետո, ԱԶ կուսակցությունը հայտարարեց գյուլենականների ենթակայության տակ գտնվող դերսհանե կոչվող կրթական հաստատությունների փակման մասին: Անձամբ Գյուլենը հերքել է իր առնչությունը Թուրքիայում տեղի ունեցած դեպքերին:
Թուրք բարձրաստիճան զինվորականները կայցելեն Ադրբեջան
Թուրքիան գնալով հեռանում է օրենքի գերակայության սկզբունքից ընդդիմության առաջնորդ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երկիրը ավելի ու ավելի է հեռանում օրենքի գերակայության սկզբունքից, իսկ կատարողական իշխանությունը բացահայտ ճնշում է գործադրում օրենսդրական և դատական իշխանությունների վրա: «Թուրքիան հասել է նրան, որ դրամաշորթներին ազատ են արձակում, իսկ դատախազները, որոնք քննում են կոռուպցիոն գործը, կառավարության կողմից համապատասխան կարգադրություններ են ստանում»,-նշել է Քըլըչդարօղլուն:
Թուրքիայում առաջացած կոռուպցիոն սկանդալի մի փուլի հետաքննությունը վարող դատախազ Մուամեր Աքքաշը հեռացվել է հետաքննությունից: Վերջինս հայտարարել էր, որ իրեն խանգարել են կատարելու իր պարտականությունները:
Անկախ
Դեկտեմբերի 31-ին ականատես ենք լինում բազմաթիվ օյինբազությունների. Արմինե Շահումյան
Ամանորն այն սակավաթիվ տոներից է, որ հայ ժողովուրդը շարունակում է ճոխ-ճոխ տոնել, հետաքրքիր է, կա արդյոք մեկը, ով պարզապես անջատում է նյարդերն ու հրաժարվում գեր ծախսեր անելուց: Սակայն, ինչպես եւ ամեն ինչ, Նոր տարվա տոնակատարության մենթալիտետը եւս շատ հայկական է: Որովհետեւ, ի տարբերություն այն եվրոպացիների, որոնց հետ որոշ քաղաքացիներ այդքան շատ ուզում են ինտեգրվել, մենք Նոր տարին դիմավորում ենք այնպես, որ ոչ թե ինքներս հաճույք ստանանք, այլ, որ դիմացինին «պզզացնենք»:
«Դեկտեմբերի 31-ին երբ տարբեր հեռուստատեսություններ ենք միացնում, ականատես ենք լինում բազմաթիվ օյինբազությունների»,-այս մասին archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց սոցիալական աշխատող Արմինե Շահումյանը:
Նրա խոսքով հատկապես պետք է մեծ ուշադրություն դարձնել հեռարձակվող հաղորդումներին: Ավանդական հայ ընտանիքը հենց այդպես էլ դիմավորում է Ամանորը, տոնական սեղան է գցում, զարդարած բուդը դնում կենտրոնում, հետո հերթով ամեն ինչ շարում՝ բաստուրմա-սուջուխ, բլինչիկ-մլինչիկ եւ այլն, ու միացնում հեռուստացույցը: Ինչո՞ւ: Որովհետեւ նաեւ հոգեւոր սնունդ է ուզում: Բոլոր հայկական ալիքներով մոտավորապես նույն բանն է՝ հայկական «շոու-բիզնեսի» կերած-խմած դեմքերը հավաքվել էին ճիշտ նույնպիսի տոնական սեղանի շուրջ, իսկ տեսախցիկն ամենայն մանրամասնությամբ ցուցադրում էր սեղանին դրվածը: Բոլորը երգում-պարում եւ ուրախանում են, մի քանի ալիքներ էլ բացառությամբ ցուցադրում են ֆիլմեր, որոնք ամբողջ տարվա ընթացքում եթեր չեն հեռարձակվել ու հասանելի չեն եղել հանրությանը:
«Նրանք, ովքեր արբանյակային ալեհավաքներ ունեն, կարող են համեմատել, թե ինչպես է ամբողջ աշխարհը դիմավորում Ամանորը, եւ ինչպես են դիմավորում հայերը: Ամբողջ աշխարհում՝ տոնական մթնոլորտ, հրավառություն, կատակներ, համերգային ծրագրեր եւ այլն: Հայկական հեռուստաեթերում շատ հաճախ գովազդից բացի ուրիշ ոչինչ չկա: Կողքից նայողը միանշանակ այն տպավորությունը կստանար, թե հինգհազարամյա հայ ժողովրդին ուտելիքից բացի ոչինչ չի հետաքրքրում: Ու մարդիկ ստիպված էին հինգ րոպեն մեկ տեղեկանալ, որ հայ ժողովուրդը չգիտի, թե որն է հայկական երկրորդ զովացուցիչ ըմպելիքը»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Լավագույն զարդարանքի համար պարգևը` անօթևան ընտանիքներին (տեսանյութ)
Գյումրու Սայաթ-Նովա փողոցում գործող «Պոնչիկ-մոնչիկ» մանկական սրճարանը երրորդ տարին է Գյումրու քաղաքապետարանի կողմից ճանաչվում է ամանորյա լավագույն զարդարված տարածքը և արժանանում է պարգևատրման:Այս տարի, սրճարանի տնօրինությունը որոշեց քաղաքապետարանի կողմից տրամադրված գումարը կրկնապատկել և բաժանել «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված, տնակներում ապրող և մանկահասակ երեխաներ խնամող երկու ընտանիքների: «Պոնչիկ-մոնչիկի» նախաձեռնությանը միացավ նաև «Շիրակ կենտրոնը» և Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միության կողմից տրամադրված հագուստ և խաղալիքներ նվիրեց ընտրված ընտանիքների երեխաներին:
Ներկայացնում ենք տնակային ավաններում բնակվող ընտանիքներին աջակցություն տրամադրելու մասին տեսանյութը` առանց մեկնաբանության:
Սարերում անօթևան ընտանիքը ապրում է առանց լույսի և ջերմության (տեսանյութ)
«Շիրակ կենտրոնը» օրերս ահազանգ ստացավ, որ Շիրակի մարզում,
Առավել մանրամասը ներակայացվող տեսանյութում` առանց մեկնաբանության:
Չինաստանում պետական պաշտոնյաներին արգելվել է ծխել հիվանդանոցներում և դպրոցներում
Չինաստանում պետական պաշտոնյաներին արգելվել է ծխել այնպիսի հանրային վայրերում, ինչպիսիք են դպրոցները և հիվանդանոցները: Այս կերպ կառավարությունը փորձում է կրճատել ծխելու պատճառով տարեկան 1,4 միլիոն մահացությունների թիվը:
Կոմունիստական կուսակցության հրապարակած հրամանագիրը դիտարկվել է որպես մեծ առաջընթաց այնպիսի երկրում, որը ծխողների թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում:
Սինխուա լրատվական գործակալության տվյալներով՝ պաշտոնյաներին արգելվում է ծխել դպրոցներում, հիվանդանոցներում, սպորտային նշանակության կառույցներում, հանրային տրանսպորտում կամ այլ վայրերում, որտեղ արգելվում է ծխելը, ինչպես նաև արգելվում է ծխել կամ ծխախոտ առաջարկել պաշտոնական պարտականություններ կատարելիս:
1,35 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանում 300 միլիոն ծխող կա:
Չինաստանում ծխախոտի վերահսկման միության տվյալներով՝ երկրում մեկ տարվա ընթցաքում վաճառվող ծխախոտի քանակը 10 տարի առաջ առկա թվերի համեմատությամբ 2012թ-ին աճել է 50 տոկոսով՝ դառնալով 2,52 տրիլիոն:
Ֆորմուլա 1-ի վարորդ Միխայել Շումախերը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Երկուշաբթի օրը հիվանդանոցից հայտնել են, որ Ֆորմուլա 1-ի պատմության մեջ ամենահաջողակ վարորդ Միխայել Շումախերը Ֆրանսիական Ալպերում դահուկասահքի ժամանակ տեղի ունեցած պատահարի ընթացքում գլխի վնասվածք է ստացել և շարունակում է գտնվել ծանր վիճակում:
Գրենոբլի համալսարանի բժշկական կենտրոնում Շումախերին բուժող բժիշկները մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել են, որ չափազանց շուտ է վարորդի վիճակի վերաբերյալ կանխատեսումներ կատարել:
44-ամյա գերմանացին, որը էլիտար ավտոմարզաձևից երկրորդ անգամ հեռացել էր 2012թ-ին, կիրակի օրը դահուկասահքի ժամանակ ընկել է և գլուխը հարվածել քարին:
Շումախերը կոմայի մեջ տեղափոխվել է հիվանդանոց և շտապ գլխուղեղի վիրահատության ենթարկվել: Բժիշկների տեղեկություններով՝ մինչ այս պահը նա մեկ վիրահատության է ենթարկվել և գտնվում է կոմայի վիճակում:
Պատահարի պատճառը դեռևս պարզ չէ: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է իրականացվում:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ուրբաթ օրը նրա 45-ամյա տարեդարձից մի քանի օր առաջ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
մոտենում է ավարտին 2013 թվականը և մենք ձեզ հետ պատրաստվում ենք դիմավորել 2014 թվականը: Այսօր կառավարության անդամները գտնվում են զորամասերում, որպեսզի շնորհավորեն մեր զինվորների Նոր տարին և Սուրբ Ծնունդը: 2013 թվականին Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ մենք ջանք չենք խնայել ամրապնդելու մեր բանակի մարտունակությունը և բարձրացնելու մեր զինվորների պրոֆեսիոնալ պատրաստվածության աստիճանը:
Չկա որևէ խնդիր, որ մենք չկարողանանք լուծել համատեղ ջանքերով, ուղղակի հարկավոր է հավատալ: Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ մենք ունենք ապահով և անվտանգ Հայաստան՝ շնորհիվ մեր զինվորների, մյուս կողմից՝ մենք քաջ գիտակցում ենք, որ հենց նրանք են ստեղծում հուսալի երաշխիք մեր պայծառ ապագայի համար:
2013 թվականը մեզ համար դժվարին տարի էր, ունեցանք հաջողություններ` արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, ունեցանք նաև բացթողումներ: Օրինակ՝ շինարարությունում աճի տեմպերն ամենևին մեզ չեն բավարարում: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ հաջողության հասնելու համար մեզ փոքրինչ պակասում է վստահությունը, փոխադարձ հարգանքը: Ցանկանում եմ, որ այսօր՝ Նոր տարվա նախաշեմին, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, լցվենք լավատեսությամբ, որովհետև այն մեզ հաղորդում է նոր լիցք՝ հաղթահարելու մարտահրավերները և նոր դժվարությունները:
Ցանկանում եմ ձեզ խաղաղություն, համերաշխություն, սեր ձեր ընտանիքներում: Աստված մեզ պահապան:
Ոստիկանությունը Մուշարաֆի տան մոտակայքում ռումբներ է հայտնաբերել
Պակիստանի ոստիկանությունից հայտնել են, որ իրենք նախկին նախագահ և բանակի հրամանատար Պերվեզ Մուշարաֆի բնակարանի մոտակայքում վնասազերծել են չորս փոքր ռումբներ: Դեպքը տեղի է ունեցել դավաճանության մեղադրանքով Մուշարաֆի դատարան ներկայանալուց երկու օր առաջ:
Ոստիկանության սպայի տեղեկություններով՝ ռումբները հայտնաբերվել են Իսլամաբադի ծայրամասում գտնվող նրա տնից կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող ճանապարհի եզրին:
Ռումբները գտնվում էին առանձին պայուսակների մեջ, որոնց ընդհանուր կշիռը երեք կիլոգրամ էր կազմում:
Իշխանությունները դեռևս հաստատ չգիտեն թիրախը Մուշարաֆն է եղել, թե ոչ:
Անկախ
Եգիպտոսում Ալ Ջազիրայի 3 լրագրող է ձերբակալվել
Եգիպտոսի անվտանգության ուժերը ձերբակալել են Ալ Ջազիրայի երեք լրագրողների: Կառավարությունից հայտնել են, որ նրանցից առնվազն մեկը հանդիպել է արգելված Մահմեդական եղբայրության անդամների հետ:
Լրատվական ցանցի տեղեկություններով՝ կիրակի օրը լրագրողները հարցաքննության են տարվել Կահիրեյում:
Եգիպտոսի ներքին գործերի նախարարը Facebook-ի իր էջում նշել է, որ անվտանգության ուժերը Կահիրեյի հույրանոցներից մեկում ձերբակալել են ավստրալիացի մի լրագրողի և Մահմեդական եղբայրության անդամի:
Նախարարության տեղեկություններով՝ Մահմեդական եղբայրության անդամները հյուրանոցը օգտագործել են այլ անդամների հետ հանդիպելու համար, ինչպես նաև Ալ Ջազիրայի համար երկրի կառավարության դեմ մամուլի հաղորդագրություններ նկարահանելու նպատակով:
Ալ Ջազիրան պահանջել է ազատել լրագրողներին:

