Հատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ վրաերթի հետևանքով քաղաքացի Վ. Դ.-ին առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. նոյեմբերի 12-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կրտսեր տեսուչ, ենթասպա Ա. Դ.-ն իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Վ. Դ.-ին` վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:
Daily Archives: December 9, 2013
Չինաստանում արգելվել է պաշտոնական հավաքույթների ժամանակ շնաձկան լողակներից պատրաստված ճաշատեսակներ մատուցել
Չինաստանը արգելել է պաշտոնական հավաքույթների ճաշացանկում ընդգրկել շնաձկան լողակներից պատրաստված կերակրատեսակներ, ինչը միտված է վերացնել պաշտոնական շրջանակներում տարածված շռայլությունը:
Կիրակի օրը Սինխուա լրատվական գործակալությունից հայտնել են, որ Չիանստանի իշխանությունները հրապարակել են նոր կանոնակարգ, որով արգելվում է պաշտոնական ընդունելությունների ժամանակ շնաձկան լողակներից և վայրի կենդանիների մսից պատրաստված ճաշատեսակներ մատուցել:
Լրատավամիջոցի տեղեկություններով՝ հավաքույթների ժամանկ չի թույլատրվում նաև ծխախոտ և թանկարժեք խմիչքները մատուցել, իսկ նահանգային ղեկավարության մակարդակից ցածր պաշտոնյաներին արգելվում է իրենց բիզնես ուղևորությունների ժամանակ հյուրանոցի լյուքս համարում մնալ:
Այս նոր կանոնները նպատակ ունեն կարգավորել հանրային ֆոնդերի վատնումը ընդունելությունների վրա:
Նախագահ Սի Ցզինպին այս տարվա սկզբին իշխանության գալուց հետո պետական մակարդակով իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարը առաջնային խնդիր է դարձրել:
Հոնգ Կոնգի և Չիաստանի մի շարք հյուրանոցներ իրենց ճաշացանկից ևս հանել են շնաձկան լողակներից պատրաստված ապուրը, իսկ որոշ ավիաուղիներ արգելել են շնաձկան լողակներ տեղափոխել:
Հոնգ Կոնգի Շնաձկների հիմնադրամի կայքում հրապարակված, 2006 թ-ին իրականացված գիտական հետազոտության տվայլներով՝ յուրաքանչյուր տարի 73 միլիոն շնաձուկ է սպանվում:
Չինաստանում նորաձևության շոուի մոդելները օդի աղտոտվածության պատճառով բժշկական դիմակներով են հանդես եկել
Չինաստանի Ցզյանսու նահանգի Նանկին քաղաքում օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով իշխանությունները պնդել են, որ դիզայները դրսում կազմակերպված նորաձևության շոուի ժամանակ դիմակներ հագցնի իր մոդելներին՝ նրանց առողջությունը
չվտանգելու համար:
Աշխարհի ամենաշատ բնակչությունն ունեցող երկրում օդի աղտոտվածությունը լուրջ խնդիր է ածխի այրմամբ աշխատող էլեկտրակայանների արտանետումների պատճառով, որը Առողջապահության միջազգային կազմակերպության սահմանած ապահովության ցուցանիշը գերազանցում է 40 անգամ:
Նանկիում և մայրաքաղաք Պեկինում վիճակը ավելի է վատանում հատկապես ձմռանը, երբ էներգիայի պահանջարկը աճում է:
Օդի աղտոտվածությունը ազդում է ոչ միայն նորաձևության շոուների վրա, այլև խիտ մառախուղի պատճառով Չինաստանի տարածքում թռիչքները պարբերաբար հետաձգվում են:
Խիտ ծխից տուժել են մի շարք քաղաքներ ներառյալ մայրաքաղաք Պեկինը, իսկ Շանհայ և Հանչժոու քաղաքները արդեն մեկ շաբաթ շարունակ պատված են խիտ մառախուղով:
Սակայն ամենավատ վիճակը Նանկինում է, որտեղ, ըստ Սինխուա լրատվական գործակալության, իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել:
Շուտով նորից ձյուն կգա
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացրեցին, որՀանրապետության տարածքում`Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի գիշերը կնվազի 6-8, ցերեկը` 4-5 աստիճանով, 11-12-ի գիշերը կբարձրանա 4-6, ցերեկը կնվազի` 2-4 աստիճանով:
Երևանի դեկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.30C (1940 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -18.60C (1953 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 0.80C
Մահացել է ֆիլմի նկարահանման մեկնելու ժամանակ վթարի ենթարկված դերասաններից ևս մեկը
Այսօր՝ ժամը 12:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է ֆիլմի նկարահանման մեկնելու ընթացքում վթարի ենթարկված Արամ Փիլոսյանը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը: Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել դեկտեմբերի 6-ին՝ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին: «Դիպուկահար» ֆիլմի համար սահմանային դրվագ նկարահանելու նպատակով մեկնած դերասանների ավտոմեքենան բախվել էր ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և կողաշրջվել: Վթարի հետևանքով տուժածներ Տ.Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը և Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել էր: Իսկ Արամ Փիլոսյանը՝ գանգուղեղային վնասվածքով, կոմայի մեջ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Արթուրը վնասվածքներ է ստացել հրավառության նյութ պատրաստելու ժամանակ առաջացած պայթյունից
Դեկտեմբերի 8-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Արթուր Վ.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է Զվարթնոց թաղամասի ծիրանանոցում հրավառության նյութ պատրաստելու ժամանակ առաջացած պայթյունից:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Պատահար Երևան-Մեղրի ճանապարհին
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 14 դեպքից` 13-ը, կողոպուտի 2 դեպքից՝ 1-ը, գողության` 19, շորթման, մաքսանենգության և խուլիգանության մեկական դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 2 մարդ զոհվել է, 48-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարությունը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ
10 տարի առաջ, 2003 թվականի դեկտեմբերի 9-ին Մեքսիկայի Մերիդա քաղաքում հատուկ այդ առիթով կազմակերպված բարձր մակարդակի համաժողովին մի շարք երկրներ ստորագրեցին ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան (ուժի մեջ մտավ 2005 թ. դեկտեմբերին), որը մինչ այդ, նույն տարվա հոկտեմբերի 31-ին ընդունվել էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից: Այսպիսով, դեկտեմբերի 9-ը հռչակվեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր:
Անցած տասնամյակի գլխավոր նվաճումը կարելի է համարել թերևս այն, որ, եթե նախկինում կոռուպցիայի հիմնախնդրի մասին խոսում էին շշուկով և հանրության ճնշող մեծամասնությունը միայն մոտավոր պատկերացում ուներ այդ չարիքի և դրա հետևանքների մասին, ապա այժմ այդ հիմնախնդիրը բոլորի ուշադրության կենտրոնում է: Ներկայումս մարդկությունը հստակ ընկալում է, որ կոռուպցիան տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտներից է: Նրա բարձր մակարդակը խթանում է աղքատությունը, բյուջեի թալանը զրկում է մարդկանց որակյալ կրթություն և բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից: Վերջապես, պետության զավթումը օլիգարխիկ կլանների կողմից և քաղաքական կոռուպցիան, մանավանդ, ընտրական գործընթացներում, զրկում են մարդկանց ապագայի նկատմամբ հավատից և, կազմալուծելով ժողովրդավարության ինստիտուտները, թուլացնում են պետությունը` սպառնալով պետականության կորստով:
Հետաքրքիր զուգադիպությամբ 10 տարի առաջ այս նույն օրերին (դեկտեմբերի 20-ին) ուժի մեջ մտավ Հայաստանի առաջին հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը: Վեց տարի անց, հենց նույն օրերին ընդունվեց նաև ՀՀ հակակոռուպցիոն երկրորդ ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: Բնական հարց է առաջանում, թե ինչ փոխվեց այս տարիների ընթացքում, ինչպիսի ձեռքբերումներով և կորուստներով ենք ունեցել և ուր ենք գնում:
Ինչպես և ողջ աշխարհում, Հայաստանում նույնպես հասարակությունը շատ ավելի լավ է իրազեկված կոռուպցիայի երևույթի մասին, քան տասը տարի առաջ: Հակակոռուպցիոն երկու ծրագրերի միջոցառումների (2003-2007 թթ. և 2009-2012 թթ.) իրականացման ընթացքում ընդունվեցին մի շարք օրենքներ և այլ իրավական ակտեր, որոնք ունեն զգալի հակակոռուպցիոն կանխարգելիչ պոտենցիալ: Քաղաքացիներն ավելի ակտիվ են օգտվում տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից: Քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ և շարժումներ ավելի ու ավելի հաճախ են իրենց բարձրացրած հիմնահարցերում տեսնում կոռուպցիոն բաղադրիչի առկայությունը: Շնորհիվ գույքի և եկամուտների հայտարարագրման ավելի մեծ թափանցիկության՝ հանրությունն ավելի հաճախ է սկսել բարձրացնել մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեծ չափերի հասնող ունեցվածքի խնդիրը: Վերջապես, վերջին տարիներին մենք ականատես եղանք նաև կոռուպցիոն մեղադրանքների հիման վրա մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությանը:
Դժբախտաբար, ավելի մեծ է ձախողումների և չօգտագործված հնարավորությունների ցուցակը: Շարունակում է ցածր մնալ Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ)[1] Հայաստանի ցուցանիշը: Այս տարի այն հավասար էր 36-ի[2] և Հայաստանը այս տարվա ԿԸՀ դասակարգման աղյուսակում ընդգրկված 177 երկրների շարքում կիսում էր 94-101 տեղերը: Եվ եթե այն ԱՊՀ անդամ երկրների թվում լավագույն ցուցանիշն է, ապա Եվրամիության երկրների հետ համեմատելիս ՀՀ-ն զիջում է նույնիսկ Միության անդամներից ԿԸՀ ամենացածր ցուցանիշ ունեցող Հունաստանին (40)[3]: Այս համատեքստում խիստ կասկածելի է, որ եվրասիական ինտեգրումը նախընտրած Հայաստանը ապագայում կարձանագրի լուրջ հաջողություններ կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ:
Հայաստանը շարունակում է զիջել նաև իր հարևան Վրաստանին (ԿԸՀ 2013 թ. ցուցանիշը`49, դասակարգման աղյուսակում կիսում է 55-56 տեղերը), այնինչ 10 տարի առաջ՝ 2003թ.-ին Հայաստանը զգալիորեն առաջ էր Վրաստանից: Իր ԿԸՀ 3.0 ցուցանիշով[4] Հայաստանն այն ժամանակ ԿԸՀ դասակարգման աղյուսակում 133 երկրների շարքում կիսում էր 78-82 տեղերը, իսկ Վրաստանն իր ԿԸՀ 1.8 ցուցանիշով կիսում էր 124-128 տեղերը: Հարկ է նաև նշել, որ 2003-2011 թթ. ՀՀ ԿԸՀ ցուցանիշի դինամիկան ունեցել է նվազման միտում՝ 2003-2008 թթ. մնալով նույնը՝ 3.0, սկսած 2008թ.-ից այն դանդաղորեն նվազել է ՝ հասնելով իր նվազագույն արժեքին (2.6) 2010-2011 թվականներին:
ԹԻ-ի մեկ այլ՝ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի այս տարվա տվյալները ցույց են տալիս, որ շարքային քաղաքացիների ընկալումները և կարծիքները Հայաստանում կոռուպցիայի իրավիճակի վերաբերյալ նախորդ տարիների համեմատ նույնպես էական փոփոխությունների չեն ենթարկվել: Հարցվածների 43 տոկոսը գտնում է, որ կոռուպցիան Հայաստանում վերջին երկու տարիներին աճել է և միայն 19 տոկոսի կարծիքով այն նվազել է: Երկրի իշխանությունների գործունեությունն՝ ուղղված կոռուպցիան նվազեցնելուն ոչ արդյունավետ է գնահատել հարցվածների 53 տոկոսը, իսկ արդյունավետ է գնահատել միայն 21 տոկոսը: Հարցվածների 69 տոկոսը դատական համակարգն ընկալում է որպես ծայրահեղ կոռումպացված կամ կոռումպացված, 66 տոկոսը այդպիսին է համարում ոստիկանությունը: Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ, ըստ հարցման արդյունքների, քաղաքացիները չեն ցանկանում ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում և շատ քիչ են հավատում, որ իրենք ինչ-որ դեր ունեն այդ պայքարում: Այդ ցուցանիշներով Հայաստանը հարցման մեջ ներգրավված 107 երկրների շարքում զբաղեցնում է վերջին տեղերը: Մասնավորապես՝ որևէ ձևով կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվել ցանկացել է հարցվածների ընդամենը 43 տոկոսը, որը 107 երկրների մեջ ամենացածր ցուցանիշն է: Միջազգային այլ կազմակերպությունների ուսումնասիրությունները նույնպես լուրջ առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում չեն արձանագրել:
Ամփոփելով վերն ասվածը՝ կարելի է արձանագրել, որ անցած տասնամյակը Հայաստանի համար չդարձավ լուրջ ձեռքբերումների տասնամյակ, և չարձանագրվեցին որակական լուրջ դրական փոփոխություններ կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ: Իսկ դա նշանակում է, որ կոռուպցիայի խորքային պատճառները, որոնց մասին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը բազմիցս նշել է իր հայտարարություններում, այդպես էլ չեն հաղթահարվել և իշխանությունների մոտ շարունակում է բացակայել դրանք հաղթահարելու քաղաքական կամքը, իսկ բնակչության անտարբերությունը և հանդուրժողականությունը հասել է ահագնացող չափերի: Այս իրավիճակից դուրս գալը պահանջում է առկա քաղաքական և տնտեսական համակարգերի արմատական փոփոխություն, որին կարելի կլինի հասնել միայն հասարակության ակտիվ պայքարի արդյունքում:
[1] ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս և դասակարգում է երկրները, ելնելով նրանից, թե որքան կոռումպացված է ընկալվում տվյալ երկրի հանրային ոլորտը (պետական և համայնքային պաշտոնյաներ և ծառայողներ): Այն բաղադրյալ համաթիվ է՝ հանդիսանալով միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից անցկացված հարցումներից և ուսումնասիրություններից ստացված տվյալների կոմբինացիա:
[2] 0-ից 100 սանդղակի վրա, որտեղ 0-ն նշանակում է բացարձակ կոռումպացված, իսկ 100-ը բացարձակ չկոռումպացված
[3] 2013 թ. ԿԸՀ դասսակարգման աղյուսակը 91 միավորով գլխավորում են Նոր Զելանդիան և Դանիան:
[4] Մինչև 2012 թ. ԹԻ-ն իր Կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկելիս կիրառում էր այլ մեթոդաբանություն և հաշվարկի այլ սանդղակ (0-ից 10՝ ներկա 0-ից 100-ի փոխարեն): Այդ իսկ պատճառով ԿԸՀ 2012-2013 թթ. ցուցանիշները համեմատելի չեն նախորդ ժամանակահատվածի (1995-2011) ԿԸՀ ցուցանիշների հետ:
Թուրքական խորհրդարանում ծեծկռտուք է առաջացել «թուրքական Քրդստան» ձևակերպման պատճառով
Թուրքական խորհրդարանում վեճ է ծագել 2014 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ: Այս մասին հաղորդում է թուրքական «Սաբահը»: Ըստ թերթի՝ ծեծկռտուքը առաջացել է այն բանից հետո, երբ քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության պատգամավորները արտասանել են «Քրդստան» բառը: Քուրդ պատգամավորները, խոսելով Թուրքիայի հարավ-արևելյան շրջանների մասին, դրանք անվանել են «թուրքական Քրդստան»: Սրան խիստ արձագանք են տվել Ազգայնական շարժում կուսակցության պատգամավորները: Երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջև առաջացած քաշքշուկի պատճառով պետական բյուջեի քննարկումը հետաձգվել է:
Նշենք, որ նման միջադեպերը թուրքական խորհրդարանում նորություն չեն: Քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները չեն վարանում դիմելու բռունցքների օգնությանը, երբ բախվում են նրանց գաղափարներն ու հայացքները:
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը: Քննարկվել և հաստատվել է Երևանի Արշակունյաց պողոտայի 1 կմ 280 մետր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման (լայնացման) շինարարական աշխատանքների նախագիծը:
Գերմանիայի նախագահը բոյկոտել է Ռուսաստանի Օլիմպիական խաղերը
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը բոյկոտել է Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունենալիք Ձմեռային օլիմպիական խաղերը:
Գաուկը առաջին խոշոր քաղաքական գործիչն է, որ բոյկոտել է Սև ծովի կուրորտնային քաղաքում փետրվարին կազմակերպվելիք խաղերը:
Գերմանական Der Spiegel թերթի տեղեկություններով՝ Գաուկը որոշումը կայացրել է՝ բողոքելով մարդու իրավունքների խախտումների և Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումների դեմ:
Գերմանիայի նախագահի գրասենյակը չի մեկնաբանել հայտարարությունը, իսկ Ռուսաստանի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեռևս որևէ պաշտոնական պատասխան չի եղել հայտարարության վերաբերյալ:
Գերմանիայի նախագահը հիմնականում խորհրդանշական բնույթ ունի, իսկ կառավարության աշխատանքին հետևում է կանցլեր Անգելա Մերկելը:
Որոշ մարզիկներ ևս բողոքել են Ռուսաստանի նույնասեռականների պրոպագանդայի օրենքի դեմ:
Դոլարը սկսեց իջնել
Ուկրաինայում ցուցարարները ցած են գցել Լենինի արձանը
Կիրակի օրը Կիևի Բեսասրաբսկայա հրապարակում ցուցարարները, բողոքելով Ռուսաստանի հետ սերտ փոխհարաբերություններ ստեղծելու Ուկրաինայի կառավարության որոշման դեմ, ցած են գցել Վլադիմիր Լենինի արձանը:
Նրանցից ոմանք մուրճով ճարդել են արձանը՝ այն մանր կտորների վերածելով: Արձանի նախկին տեղում կանգուն են մնացել միայն նախկին սովետական հերոսի ոտքերը:
Ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննում են դեպքը, սակայն դեռևս չեն պարզել, թե ով է ցած գցել արձանը: Ուկրաինայի կառավարության մամուլի բաժնից հայտնել են, որ ազգայնական Սվոբոդա կուսակցության պատգամավորներից մեկը իր վրա է վերցրել դեպքի պատասխանատվությունը:
Կուսակցությունը իր Twitter-ի էջում նշել է, որ սա սովետական օկուպացիայի, անարգանքի և նվաստացման ռեժմի վերջն է:
Կոմունիստական կուսակցությունը քննադատել է արձանի վրա կիրակի օրը տեղի ունեցած հարձակումը:
Արձանի ցած գցելը տեղի էր ունեցել, երբ ըստ ոստիկանության հաշվարկների՝ 100,000 ցուցարարներ դուրս էին եկել Կիևի փողոցներ՝ ավելի մեծ ճնշում գործադրելով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վրա Եվրոպայի հետ իտեգրացումը մերժելու համար:
Սիրիայում անջատվել է հեռախոսակապն ու համացանցը
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Սիրիայում համացանցը և հեռախոսային կապը անջատվել է: Նշվում է, որ անջատման պատճառ է դարձել մալուխի վնասվածքը:
Սիրիայում ընդդիմության և կառավարական ուժերի միջև մղվող պայքարի ընթացքում պարբերաբար կապերի նման անջատումներ են տեղի ունենում: 2012 թվականի վերջին Սիրիայում համացանցը չէր աշխատում երկու օր: Նման դեպքեր գրանցվեցին նաև մայիս ամսին :
Դիարբեքիրում պայթեցվել է իշխող ԱԶ կուսակցության գրասենյակը
Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահը»՝ Դիարբեքիր քաղաքում Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության գրասենյակի շենքի վրա ռումբ է նետվել: Տեղեկության համաձայն՝ երեկ երեկոյան ժամը 22:00-ին 4 անհայտ անձի գործողությունների հետևանքով շենքից ոչ հեռու գտնվող խանութների մոտ ռումբեր են պայթեցվել: Դեպքի վայրում ոստիկանության կողմից աշխատանքներ են իրականացվում:
Իրանը ուրանի հարստացման իրավունք ունի. Հասան Ռուհանի
Ինչպես հաղորդում է «IRNA» լրատվական գործակալությունը՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեկ անգամ ևս ընդգծել է, որ Իրանը իրավունք ունի խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ, ինչպես նաև ուրան հարստացնել: «Իրանի միջուկային գործունեությունը խաղաղ նպատակով է իրականացնում և այդպես էլ կշարունակվի: Սակայն Իրանը չի հրաժարվի իր միջուկային իրավունքներից, այդ թվում նաև ուրանի հարստացումից»,-հայտարարել է Ռուհանին:
ԱՄՆ-ը և արևմտյան դաշնակիցները կասկած ունեն, որ Իրանում միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, սակայն այս ամենը Իրանի կողմից հերքվում է: Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեկ անգամ չէ, որ նշել է այն մասին, թե Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, այլ մտադիր է ատոմային էներգիան օգտագործել խաղաղ նպատակներով:
Էգեյան ծովում կրկին սիրիացի փախստականներով շոգենավ է խորտակվել
Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահը»՝ Էգեյան ծովում շոգենավ է խորտակվել, որի ուղևորները սիրիացի փախստականներ են եղել: Աղետի հետևանքով 10 մարդ է զոհվել, 27-ին հաջողվել է փրկվել: Նշենք, որ սա արդեն երկրորդ նման դեպքն է: Նոյեմբեր ամսին Էգեյան ծովում ևս մեկ շոգենավ էր ջրի տակ անցել և կրկին տուժողները սիրիացի փախստականներն էին: Այն ժամանակ մահացել էր 7 սիրիացի:
Հայ և թուրք դերասանները 43 ժամ շարունակ իրար ձեռք սեղմելով դարձել են Գինեսի ռեկորդակիրներ
Օրերս Վրաստանում 35-ամյա թուրք դերասան Դենիզ Բարըշը և հայազգի դերասան 32-ամյա Օհանես Աջիյանը Գինեսի ռեկորդ են սահմանել՝ որպես աշխարհում ամենաերկար ձեռք սեղմած մարդիկ: Դերասանները երկու օր շարունակ ոտքի վրա են մնացել՝ ժամանակ առ ժամանակ նստելով բեմին դրված աթոռների վրա:
Թուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ դերասանները 43 ժամվա ընթացքում միայն շաքարապատ մրգեր են կերել և թեյ ու ջուր խմել, այդ պատճառով էլ բավական ուժասպառ են եղել: Պատմելով, որ ռեկորդ սահմանելը այնքան էլ հեշտ գործ չէր, դերասանները նշել են. «Խոստովանենք, որ հոգնել ենք, սակայն մեր արածը դրան արժեր: Չնայած մեր երկրների միջև պատմությունից մնացած մի շարք խնդիրներ են առկա, սակայն մենք ցույց տվեցինք, որ դրանք չեն ազդում հասարակ մարդկանց հարաբերությունների վրա»:
Նշենք, որ հայ և թուրք դերասանները գերազանցել են 2011 թվականին Նյու Յորքում գրանցված ռեկորդը: Այն ժամանակ կողմերը իրար ձեռք էին սեղմել 42 ժամ 35 րոպե շարունակ:
Հայտնի թուրք լրագրողը խնդրել է Ադրբեջանի ղեկավարությանը հանել իր անունը “սև ցուցակից”
Հայտնի թուրք լրագրող, “Միլլիյեթ” պարբերականի սյունակագիր և CNN Turk հեռուստաընկերության թղթակից Նագեհան Ալչըն դիմել է Ադրբեջանի ղեկավարությանը՝ խնդրելով բացառել իրեն անցանկալի անձանց ցուցակից, որտեղ նա ընդգրկվել է 2009թ.-ին հայերի կողմից “օկուպացված” տարածք այցելելու համար։ Այդ մասին ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը։
Ալչըն դիմել է Ադրբեջանի ղեկավարությանը՝ խնդրելով թույլատրել այցելել Ադրբեջան։ Իր դիմումում թուրք լրագրողը նշել է, որ հարգում է “եղբայրական երկրի տարածքային ամբողջականությունը”։
Մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը հայտարարել է, որ այդ դիմումը քննարկվելու է։ Դրական վճռի դեպքում թուրք լրագրողը կհանվի “անցանկալի անձանց” ցուցակից։



