Ամանորի համար պետք չէ վատնել շատ զրոներով գումարներ. Մարի Խաչատրյան

մարի“Ամանորն իմ ամենասիրելի տոնն է, Ամանորին սպասում ու պատրաստվում եմ արդեն մեկ ամիս առաջ: Նոր տարին կարծես նոր սպասելիքների, նոր անակնկալների տարի է ինձ համար և տոնին պատրաստվում եմ հնարավորինս մանրակրկիտ: Գրեթե ամեն ինչ պետք է թարմացնեմ, դա լինի հագուստ, սանրվածք”,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում գալիք տոնի մասին նշեց լրագրող, երիտասարդ դիզայներ Մարի Խաչատրյանը:

Մարին հետևում է նորաձևությանը, ինչն է ավելի նորաձև, որ գույն է լինելու առաջնային դիրքերում, սակայն “զոհ” չի գնում այդ ամենին: Կընտրի այնպիսի իրեր, որն ավելի հաճելի կլինի իրեն, դրանում իրեն կզգա հանգիստ ու հարմարավետ եւ ամենակարեւորը համապատասխան իր կառուցվածքին ու մաշկի գույնին.

“Չնայած 2014 թվականը ինքնավստահ ձիու տարի է և նորաձևությունում գերիշխելու են սևը, սպիտակը, շականակագույնը, կապույտն իր երագներով և այս ամենը հայտնի մոդելավորողներն առաջարկել են մի քանի շաբաթ առաջ, ես իմ զգեստի գույներն ընտրել էի դեռևս 2 ամիս առաջ` սև և կապույտ գույներով: Չգիտեմ սա պատահականություն էր թե ոչ, այնուամենայնիվ երանգերն այս տարվա հաճելի են ու հանգիստ”:

Երիտասարդ աղջիկներին և մայրերին դիզայները խորհուրդ կտա ոչ միայն այս տոնի նախամուտին իրենց հետևեն, այլեւ ողջ տարվա ընթացքում, ցանկալի է չնմանվել միմյանց և չկրել միատիպ, նույն հագուստները: Դա ուղղակի տգեղ է, և այս օրերում գերիշխում է միօրինակությունը: Այս ամենը և նախատոնական պատրաստվածությունն էլ թող չխանգարի, որ մնան խնամված.

“Ցանկացած տոն լավ է անցնում, եթե նախապես պատրաստվել ենք և ծախսել որոշակի գումար: Իսկ ինչ վերաբերում է Ամանորին, այս տոնն ավելի շատ հեքիաթային ու հրաշալիքներով լի տոն է: Դրա համար պետք չէ վատնել շատ զրոներով գումարներ, ինչ է թե ունենանք ցուցադրական, ավանդական, կրկնկվող ուտեստներ, այլ անհրաժեշտ է այս տոնն անցկացնել հաճելի միջավայրում, հարազատների ու սիրելի մարդկանց հետ, առանց ճոխ սեղանների կամ տարեկան մեկ անգամ հանդիպող բարեկամների տուն հյուրընկալելով”

Մարի Խաչատրյանի խոսքով Ամանորը նոր սպասումների, անակնկալների ու հույսերով լի տոն է: Դրա համար նախ մենք պետք է սրտանց ուրախանանք այս օրերին, այլ չչարչարվենք մինչ Ամանորի գիշերը, իսկ հետո հոգնած այս տնից մյուսն այցելենք, արդյունքում դիմավորենք Նոր տարին ավելի քան ուրիշների համար, քան ինքներս մեզ համար:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Գլուխգործոցներ` «Ոսկե դար» պատկերասրահում

լթ200702202Երևանը հարստացավ ևս մեկ մշակութային օջախով: Այն առաջիկայում հաճելի վայր կդառնա մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար: Այսուհետև Սպենդիարյան 5 հասցեում գտնվող «Ոսկե դար» պատկերասրահի այցելուները հնարավորություն կունենան հետևելու քանդակի, գեղանկարչական և գրաֆիկական գործերի, հնաոճ իրերի ցուցահանդեսների, աննախադեպ ցուցադրությունների, արվեստի տարբեր նախագծերի: 2014-ի մարտին նախատեսվում է կազմակերպել կենդանի աճուրդ և վաճառք:

«ԱԱ աուկցիոն»-ը (տնօրեն` Աննա Գրիգորյան), որը հայտնի է մի շարք նորարարական քայլերով և փորձում է աշխուժացնել մշակութային միջավայրը, հետաքրությունը մեծացնել ժամանակակից արվեստի, անցյալ դարի հայ կերպարվեստի ներկայացուցիչների թողած ժառանգության նկատմամբ, նաև` դրանց կոմերցիայի, վաճառքի համար նոր հեռանակարներ ստեղծել:

Ճաշակով  ցուցասրահներ են  ձևավորվել, ներկայացվում են արվեստի բարձրաժեք գործեր, հնարավորություն է ստեղծվել հիանալու, նաև մտածել դրանք գնելու, սեփական հավաքածուները հարստացնելու համար:

«ԱԱ աուկցիոնը» և www.hi-artonline.com նախագիծը հարթակ են  հիմնել և հավակնում են կերպարվեստի նոր միջավայր Հայաստանում ձևավորելու:

Նոր կենտրոնի բացմանը ներկա էին  արվեստագետներ, գեղարվեստի սիրահարներ, լրագրողներ:

Հաճելիորեն զարմացրեց այն ցուցաբաժինը, որում ներկայացված են հայ գեղանկարչության խոշոր դեմքերից մեկի` Եղիշե Թադևոսյանի գեղանկարչական, գրաֆիկական գործերը, էսքիզները: Ի դեպ, նաև նրա կյանքի մասին պատմող արխիվային նյութերի ուշագրավ ցուցափեղկեր են պատրաստվել: Այդ ամենը Վահագն Գրիգորյանի մասնավոր հավաքածուից է: «Գեղանկարչության մեծ սիրահար եմ, ունեմ հավաքածուներ: Եղիշե Թադեևոսյանի գործերը հավաքում եմ արդեն չորս տասնամյակ: Դա ինձ համար անբացատրելի հետաքրքրություն է, զբաղմունք, և առաջին անգամ է, որ հավաքածուի 8 տասնյակից ավելի աշխատանքներ ցուցադրվում են մեկտեղ: Նոր կենտրոնը հիանալի պայմաններ է ստեղծում, որպեսզի բարձրարժեք գործերը ներկայացվեն»,-ասաց  Գրիգորյանը:

Սակայն անակնկալները դրանով չեն ավարտվում: Ցուցադրված են նաև եվրոպական սյուրռեալիզմի հիմնադիրներից մեկի`Լևոն Թութունջյանի գեղանկարները: Նա հայտնի է որպես ցեղասպանության թեման սյուրռեալիզմի ոճով ներկայացրած առաջին գեղանկարիչը: Եվ ահա, հավաքածուներ կազմող, արվեստի գործերի գնահատող և սիրահար Սարգիս Գրիգորյանի ջանքերով, մանկության տարիներին ցեղասպանության սարսափը տեսած և հետագայում այն արտացոլած Թութունջյանի բացառիկ ստեղծագործությունները Հայաստանում են և անմիջականորեն տեսնելու հնարավորություն է տրվել:  Անկասկած, սա կարևոր իրադարձություն է մեր երկրի մշակութային կյանքում:

Նույն ցուցասրահում ներկայացված են Երվանդ Քոչարի, Մարտիրոս Սարյանի և հայտնի այլ գեղնկարիչների գլուխգործոցները:

Ցուցադրվում են նաև ժամանակակից վերացական արվեստի ներկայացուցիչներ Աշոտ Հարությունյանի, Գարիկ Կարապետյանի, Խաչատուր Մարտիրոսյանի նկարչական աշխատանքները:

Ամանորի և Սուրբ ծննդի տոների շեմին բացված ցուցահանդեսը նախատոնական լավ նվեր է արվեստի սիրահարների համար: Բացառիկ աշխատանքները կցուցադրվեն նաև հունվարին, փետրվարին: Դեռ ժամանակ կա և դրանք տեսնելու առիթը չպետք է բաց թողնել:

Անկախ

 

Ո՞ր հարցերում էին մերոնք սխալվել շախմատի աշխարհի առաջնությունից առաջ

շախմատիստ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը վերջերս Վարշավայում և Անթալիայում մասնակցեց Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնություններին` զբաղեցնելով, համապատասխանաբար, 4-րդ և 5-րդ տեղերը: Մերոնք անմասն մնացին մրցանակներից, նաև կորցրին աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Թե ինչո՞ւ, փորձեցինք պարզել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, սպորտի վարպետ Հրաչյա Թավադյանից, որը Հայաստանի հավաքականից անբաժան էր, Լեհաստանում և Թուրքիայում` գլխավորում էր մեր երկրի պատվիրակությունը:

– Շուրջ մեկ ամիս բացակայել եմ Երևանից: Սկզբում Վարշավայում էինք, հետո Անթալիա ուղևորվեցինք, ապա վերդարձանք Երևան: 

– Ինչո՞ւ հավաքականը Լեհաստանից մեկնեց Թուրքիա, աշխահի առաջնության նախապատրաստությունը չշարունակեց Հայաստանում:

– Այդպիսի որոշում էր կայացրել Հայաստանի հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը: Նպատակն այն էր, որ թիմն Անթալիայում հանգստանա, հետո էլ ժամանակ չկորցնի մրցավայր հասնելու համար: Նախապատրաստվելու համար Թուրքիայում լավագույն պայմաններ էին, մերոնք իջևանել էին ծովափնյա հարմարավետ հյուրանոցում:

 – Ի՞չն է Եվրոպայի և աշխարհի թիմային առաջնություններում մերոնց ձախողման պատճառը:

– Վարշավայում թիմը բաժանեց 2-4-րդ տեղերը և միայն լրացուցիչ ցուցանիշներով չդարձավ մրցանակակիր: Բախտը մեր շախմատիստներին ուղեկից չէր: Եթե նրանք վերջին տուրում հաղթեին Ադրբեջանի հավաքականին, թեկուզ նվազագույն առավելությամբ` 2,5:1,5 հաշվով, չեմպիոն էին դառնալու: Այդպիսի հրավիճակում էին մերոնք հայտնվել նաև Հունաստանում կայացած Եվրոպայի առաջնության վերջին տուրում, և այն անգամ էլ չհաջողվեց հաղթել Գերմանիայի ընտրանուն, մինչդեռ կրկին չեմպիոն հռչակվելու հնարավորություն կար: Պատմությունը կրկնվեց: Լեհաստանում Հայաստանի հավաքականը վերջին խաղում բավարարվեց խաղաղ արդյունքով (2:2) և մնաց ձեռնունայն: Ի դեպ, սկզբում էլ Հայաստանի հավաքականին բախտը չէր ժպտում: Գաբրիել Սարգսյանը մի շարք մրցամարտերում նպաստավոր դիրքեր էր ստանում, սակայն  չէր հաջողվում պարտիաները հասցնել հաղթական վերջաբանի: Նա իր լավագույն մարզավիճակում չէր: Մինչդեռ, այն հանդիպումներում, որոնք Սարգսյանը պետք է հեշտորեն հաղթեր, վրիպումների պատճառով ոչ ցանկալի ելքեր էին գրանցվում: Դեպքեր եղան, երբ Գաբրիելը շատ մոտ էր հաջողությանը, նրան մեկ քայլ էր բաժանում հաղթանակից, բայց մեր մարզիկը չէր նկատում ցանկալի շարունակությունը, և դրանից տուժում էր թիմը:

 – Իսկ Սերգեյ Մովսիսյանի՞ն ինչ էր պատահել, որ անգամ չմասնակցեց վերջին վճռական մրցամարտերին: Նա վատառո՞ղջ էր:

– Սերգեյի ինքնազգացողությունը լավ էր, բայց նա շատ վատ էր խաղում: Մեր գրոսմայստերը, երբ նույնիսկ հանդես  էր գալիս սպիտակ ֆիգուրներով, սկզբնախաղից հետո պարտիաների մեծ մասում հայտնվում էր վատ դիրքերում: Դժվար է ասել, թե ինչն էր պատճառը: Հնարավոր է, որ նրան խանգարում էր հոգնածությունը: Մովսիսյանն ինքն էլ խոստովանեց, որ խաղը չի ստացվում, և դա անդրադառնում էր թիմի ցույց տված արդյունքի վրա: Նա այնպիսի սխալներ էր թույլ տալիս, որ վարպետներն անգամ այդ չէին անի, անհասկանալի էր: Այնուհանդերձ, հեշտ չէ կարճ ժամանակահատվածում` մեկ ամսվա ընթացքում, լարված մրցաշարերում 17-18 պարտիա անցկացնել:  Անկասկած, դա ճիշտ չէր, բայց հանգամանքների բերումով երկու առաջնություններն այս տարի իրար էին հաջորդում, և որոշվել էր, որ մերոնք երկու մրցավայրում էլ առանց կազմի փոփոխության են խաղալու: Ընդ որում, մարզիչն այդ որոշումը միայնակ չէր ընդունել, նա խորհրդակցել էր խաղացողների հետ և ստացել նրանց համաձայնությունը:

Թիմի անդամներն այն կարծիքին էին, որ եթե Վարշավայից հետո Անթալիա հասնեն, մեկ շաբաթը լիովին բավական է ուժերը վերականգնելու և նոր մրցամարտին պատրաստ լինելու համար: Բայց աշխարհի առաջնության առաջին իսկ տուրից ակնհայտ էր, որ հավաքականի անդամները հոգնած են: Մասնավորապես, առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Ռուսաստանի թիմի հետ, և Սարգսյանի մրցակիցը` Յան Նեպոմնյաշչին, պետք է ուղղակի հանձնվեր, բայց պարտիան  խաղաղ ելք ունեցավ, մրցամարտը` նույնպես: Նույն պատմությունը կրկնվեց, երբ մերոնք մրցում էին չինացի շախմատիստների հետ: Մերոնք պետք է հաղթեին առնվազն 3:1 հաշվով, բայց Գաբրիելը ոչ-ոքի ավարտեց պարտիան Յու Յանյիի հետ: Վլադիմիր Հակոբյանը ձեռքից բաց թողեց հաղթանակը, վերջում էլ պարտվեց Բու Քսյանջիին:

 – Եվրոպայի առաջնությանը մասնակցած հավաքականները, այդ թվում նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, աշխարհի առաջնությանը ներկայացել էին փոփոխված կազմերով: Մի՞թե ավելի նպատակահարմար չէր, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնեին մեր երիտասարդ շախմատիստները, նաև միջազգային ստուգատեսներում հանդես գալու փորձ ձեռք բերեին:

– Ադրբեջանցիները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին ոչ ուժեղ կազմով և, չեմպիոն դառնալուց հետո իմաստ  չէին գտել աշխարհի առաջնությանը ներկայանալ նույն թիմով: Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, որպես կանոն, իրար հաջորդաբար չեն կազմակերպվում, բայց այս անգամ այդպես էր ստացվել: Թերևս, նախապատրաստական աշխատանքի լավագույն տարբերակը չէինք ընտրել, այդուհանդերձ, խաղացողների կողմից դժգոհություն չկար, որ չեն կարող խաղալ: Թիմը համաձայնվել էր, որ այդ կազմով խաղա, մասնակցի նաև Եվրոպայի առաջնությանը: Ցավալի է, որ այս անգամ էլ այսպես ստացվեց, անցանկալի բացթողումներ շատ եղան: Թերևս, իմաստ չուներ 18 օր Անթալիայում մնալ: Ընդ որում, շարունակ նույն սնունդն էր, նույն պայմանները: Ավելի նպատակահարմար կլիներ, որ հավաքականը այդ 8 օրը, եթե Հայաստանում չէր անցկացնելու,  գոնե լիներ Ստամբուլում: Անակնկալ էր, որ Անթալիայում այս եղանակին կյանքը լրիվ ուրիշ էր, մեռյալ շրջան էր: Գներն էժան էին, սակայն հաստատությունների մեծ մասը` ժամանցի վայրերը, սրճարանները, ռեստորանները, չէին գործում: Լևոն Արոնյանը գերադասել էր հանգստանալ Ստամբուլում և միայն աշխահի առաջնության մեկնարկից առաջ ժամանեց մրցավայր: Ընդ որում, Արոնյանը լավ խաղաց և առաջին խաղատախտակի առջև հադես եկող շախմատիստների պայքարում արժանացավ ոսկե մեդալի: Նա 8 հնարավորից վաստակեց 6 միավոր:

– Այդուհանդերձ, Գերմանիայի ներկայացուցիչ Գեորգ Մեյերի հետ հանդիպումն Արոնյանն անփույթ անցկացրեց, բավարարվեց կես միավորով: Մինչդեռ մրցամարտը մերոնց համար կարևոր էր և, ի վերջո, տանուլ տրվեց 1:3 հաշվով:

– Նա բոլոր պարտիաներում հաղթանակի էր ձգտում, իսկ սևերով դժվար է այդ անել: Հնարավոր է, որ մեկ-մեկ էլ այդպես ստացվի:

 – Փաստորեն, 2013-ը Հայաստանի շախմատիստների համար այնքան էլ հաջողակ չէր, ի՞նչ պետք է արվի, որ գալիք տարում նույնը չկրկնվի:

– Այժմվանից պետք է մտածենք, որ մեր երկրի տղամարդկանց հավաքականը 2014-ի օգոստոսին հաջող խաղա Նորվեգիայում կայանալիք Շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Մեր շախմատիստները պետք է ուշադրություն դարձնեն հատկապես սկզբնախաղերին, դրանք կիրառելու հարուստ զինանոց ունենան:

 – Հավաքականի կազմում որևէ փոփոխություն կկատարվի՞:

– Հունվարի 11-21-ը Երևանում կկայանա Հայաստանի առաջնությունը, չեմպիոնը կհամալրի հավաքականի կազմը: Մյուս թեկնածուներից կընտրվեն նրանք, ովքեր ամենաբարձր վարկանիշն ունեն: Բայց մեծ փոփոխություններ չեն լինի: Վերջին 10 տարվա փորձը դա է վկայում:

 – Ճի՞շտ է դա: 1990-ականների Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար ասվում էր, որ դեռ 20 տարի կխաղա, բայց այդ մոտեցումը տխուր հետևանքներ ունեցավ, երիտասարդներից շատերը նեղացան, ոմանք էլ հեռացան: Ի դեպ, վերջիններիս թվում էին նաև Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը:

– Վատ է, որ արժանի հերթափոխ չկա: Հայաստանի շախմատի ֆեդերացիան այդ և մի շարք այլ հարցեր կքննարկի, հնարավոր քայլերը կձեռնակի: Մրցակցություն չկա, թերևս այդ է պատճառը, որ թիմը շարունակ գրեթե նույն կազմով է խաղում:

Գագիկ Բեգլարյան

Անկախ