Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Նախագահն այցելել է հանրապետության սահմանային պաշտպանական տեղամասերից մեկը

 Սերժ Սարգսյան,հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծՀայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:

Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներին՝ մի խումբ սպաների և զինվորների, Հանրապետության Նախագահը հանձնել է նվերներ: Սերժ Սարգսյանը տոնական սեղանի շուրջ զրուցել է զինվորների հետ, շնորհավորել Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Ընդգծելով, որ յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր իշխանության առաջնային խնդիրն անվտանգության ապահովումն է ու տարածքային ամբողջականության պահպանումը՝ Նախագահը նշել է, որ սահմանին կանգնած մեր զինվորներն այդ խնդիրը լավագույնս են կատարում. անցնող տարում նրանք կարողացել են անվտանգ պահել մեր սահմաններն ու ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը. «Ասել է թե՝ դուք մեր պետության հենասյունն եք: Պետությունը ձեզնով է սկսում, հենվում է ձեզ վրա և առաջ է շարժվում: Եվ ես շատ լավ հասկանում եմ զինվորական գործի դժվարությունները, չարչարանքները, պրոբլեմները, բայց ո՞ր աշխատանքում դժվարություն չկա»:

Սերժ Սարգսյանը նշել է, թե կարևորն այն է, որ մեր պետության մեջ յուրաքանչյուրը գիտակցի իր աշխատանքի կարևորությունը՝ անկախ նրանից, թե ինչ աշխատանք է կատարում. «Ես տեսնում եմ, որ դուք շատ լավ եք գիտակցում ձեր արածի կարևորությունը և ուզում եմ, որպեսզի մեր ողջ զինված ուժերը, մեր ժողովուրդը գիտակցեն, թե ինչպիսի կարևոր բան է սահմանի մի հատվածի պահպանությունն ու պաշտպանությունը: Ես շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, ձեր քույրերին, կանանց, ձեր սիրած աղջիկներին, որ կարողանում են և կարողացել են ձեզ ոգևորել և այնպես անել, որպեսզի մեր սահմանում դուք ամուր կանգնենք, կանգնեք տղամարդու պես, հայ զինվորի պես և այսպես ուրախ, երջանիկ՝ թեև կտրված հարազատ տնից, Նոր տարվա շեմին երգել, նվագել, այսինքն՝ ապրել լիարժեք կյանքով: Ուզում եմ, որպեսզի դուք վստահ լինեք՝ անցնելու են այս ժամանակները, շատերիդ համար մնացել է 6 ամիս, 8 ամիս, 11 ամիս, և դուք վերադառնալու եք տուն ու միշտ ձեզ հպարտ եք զգալու, հպարտ, որովհետև դուք պաշտպանել եք մեր փոքրիկ հայրենիքի անծայրածիր սահմանները, որովհետև ամենափոքր երկիրն էլ ունի անծայրածիր սահմաններ: Դուք՝ կոնկրետ ձեր ջոկը, այստեղ պաշտպանում եք ընդամենը մի քանի հազար մետր, իսկ մենք ունենք գրեթե 1000 կմ սահման, որ այսօր ձեր ընկերները, ձեր հասակակիցները պաշտպանում են՝ պաշտպանում են լավ, պաշտպանում են հայավարի, պաշտպանում են հպարտորեն: Ամեն օր լիարժեք ապրելու հետ զուգահեռ, մենք պետք է կատարելագործենք մեր վարպետությունը, մեր ռազմական վարպետությունը, կոփվենք հոգով, տիրապետենք մեր զենքին, և ոչ մեկը մեզ չի կարող այս սահմաններից կես մետր անգամ հեռու տանել: Բոլորիդ կենացը: Շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետ այցելել է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղ, հանդիպել համայնքի բնակիչների հետ: Նախագահը հետաքրքրվել է բնակավայրի խնդիրներով, բնակիչների հետ զրուցել նրանց հետաքրքող հարցերի շուրջ և տոնական սեղանի շուրջ շնորհավորել ծաղկավանցիներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

 Անկախ

Ինդոնեզիայում գործող հրաբուխ է ժայթքել

Ինդոնեզիա, հրաբուխԵրեքշաբթի օրը արևմտյան Ինդոնեզիայում գտնվող գործող հրաբուխը կրկին լավա և գազեր է արտանետել՝ դժվարություններ ստեղծելով օդանավակայանների համար, իսկ գյուղացիները խուճապի մեջ են:

Ինդոնեզիայի աղետի վտանգների նվազեցման գործակալությունից հայտնել են, որ երեքշաբթի օրը հյուսիսային Սումատրայի նահանգում գտնվող Սինաբունգ լեռը ժայթքել է ինը անգամ:

Գործակալության տեղեկություններով նոյեմբերից մինչ այժմ, երբ իշխանությունները հայտարարել են ժայթքման վտանգավորության բարձրագույն մակարդակի մասին, վտանգավոր համարվող 5 կմ շրջագծով զոնայից տարհանվել է 19,000 մարդ:

Հրաբխից արձակված մոխիրը ծածկել է 70 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերը, ֆերմաները և ծառերը:

2,600մ բարձրություն ունեցող Սինաբունգ լեռը սեպտեմբերից ի վեր ժամանակ առ ժամանակ ժայթքում է: 2010թ-ի ժայթքման հետևանքով մահացել է երկու մարդ:

Տրանսպորտի նախարարությունից օդնավակայաններին զգուշացրել են խուսափել լեռան մոտակայքով չվերթներ իրականացնել:

 Անկախ

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը` Գրոնինգենի մրցաշարի հաղթող

զաZavenAndreasyan13Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ինքն իրեն ամանորյա լավ նվեր մատուցեց` հաղթելով Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում կազմամերպված շախմատի միւազգային մրցաշարում: Հայաստանի ներկայացուցիչը, ինչպես նաև հոլանդացիներ Լ՝Ամին, Բոկը, Էրնստը  9 հնարավորից վաստակեցին  7-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշով առաջին տեղը գրավեց Անդրիասյանը: Մասնակցում էր 103 շախմատիստ:

Մասնակիցների վերջնական դասավորությունը 

1. Անդրիասյան 7
2. Լ’Ամի 7
3. Բոկ 7
12. Սիմոնյան 6
26.  Դանիելյան 5.5

ՀԱՅՈՑ ՆՈՐ ՏԱՐԻՆ

White horse in the new yearԱմանորը հայոց դիցարանի աստվածներից է, որը հովանավորում է երկնային մարմինների պտույտը: Նա Վանատուրի եղբայրն է, որ իր հերթին հյուրընկալության և ճամփորդների հովանավոր աստվածն է: Վանատուրը կոչվել է նաև Ամանորաբեր: Այս երկու աստվածությունների հետ կապված շատ սովորույթներ կան մինչ օրս: Մասնավորապես, հիմա էլ հայոց տներում ամանորյա սեղաններին միշտ մեկ սպասք ավելի է դրվում` հյուրերի համար: Այստեղից է ծագում նաև «Հյուրն Աստծունն է» արտահայտությունը:

Հայերը երեք անգամ են նոր տարի նշել. առաջինը մարտի 21-ն է` Վահագնի ծնունդը: Դա գարնանամուտի տոն էր միաժամանակ: Վահագնի ծնունդը տոնել են բոլորը` արքայից շինական: Տոնը սկսել է արևագալին, երբ ողջ հայությունը լուսաբացն է դիմավորել տաճարների մոտ, ապա կեսօրին, երբ արևը կիզակետում է, քրմերը ծես են կատարել: Այն համայնքներում, ուր չկային տաճարներ, ծեսը կատարվել է թոնրի կամ խարույկի շուրջը: Մարտի 21-ը Վահագն հուր աստծու ծնունդն էր խորհրդանշում, որ աշխարհ եկավ, հաղթեց Վիշապին ու երկիրն ազատեց չարի պղծությունից:

Մյուս ամանորը  Նավասարդի 1-ն էր, որ համընկնում է օգոստոսի 11-ին: Նավասարդը խորհրդանշում է Հայոց ձորի ճակատամարտում Հայկ նահապետի տարած հաղթանակը Տիտանյան Բելի դեմ: Այն միաժամանակ հայի ինքնության ծնունդն է խորհրդանշում, քանզի Նավասարդի 1-ով հայի ինքնության և հայոց պետականության սկիզբը դրվեց:

Նավասարդը նշվել է պետականորեն: Այդ օրը Նպատ լեռան լանջին են հավաքվել հայոց ավագանին, զորքը, քրմական դասը, ազնվազարմ ու շինական: Տոնակատարությունն ուղեկցվել է Նավասարդյան խաղերով, որոնք ուղղված էին Վահագն աստծու փառաբանմանը: Նավասարդյան խաղերին մասնակցել են բոլորը` առանց դասային սահմանափակման: Այն հայոց մեջ ամենասիրված տոնն էր համարվում: Տոնն ուղեկցվել է խրախճանքներով:

Եվ, վերջապես, XVIII դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տոմարային բարեփոխումների արդյունքում ամանորը սկսեցինք նշել հունվարի 1-ին: Քանի որ այն Սուրբ ծննդի տոնին է նախորդում, համաձայն եկեղեցական օրացույցի` նոր տարին պահուց է: Սա ինչ խոսք, որպես այդպիսին, չի ընկալվում մինչ օրս, և հայերն ամանորյա սեղանները ճոխ են զարդարում` համադամ ուտեստներով լի:

Հայոց սրբազան տոմարի համաձայն` տարին բաժանված էր 12 ամիսների, յուրաքանչյուր ամիս ուներ 30 օր:  Ինչպես նաև կար հավելյալ ամիս` Ավելյաց օրեր, որ բաղկացած էր 5 կամ 6 օրից:

Տարվա ամիսներն էին` Արեգ, Ահեկան, Մարերի, Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրէ, Քաղոց, Արաց,Մեհեկան, Մարգաց, Հրոտից:

Օրերի անուններն են` Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեզ, Աստղիկ, Միհր, Ձոպաբեր, Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ, Կորդուիք, Ծմակ, Լուսնակ, Ցրօն, Նպատ, Վահագն, Սիմ, Վարագ, Գիշերավար:

Տեսնում ենք` օրանունները նվիրված են հայոց աստվածներին, արքաներին, հայոց սրբազան լեռներին:

Հունվարի 1-ը համապատասխանում է Մեհեկան ամսվա Մասիս օրվան:

Սա` հայոց սրբազան տոմարով: Իսկ համաձայն չինական օրացույցի` 2014 թվականը Ձիու տարի է:

Ձիու տարին մեր բազմահազարամյա պատմության ընթացքում աչքի է ընկել մի շարք կարևորագույն իրադարձություններով:

Ձիու տարում` մ.թ.ա. 782 թ. Արգիշտի Ա արքան կառուցեց Էրեբունի ամրոցը` Երևան-Արիավանը:

Սակայն Ձին միշտ չէ որ հաջողություն է բերել հայերին:

Ձիու տարին` մ.թ.ա. 590 թ. կործանվեց Վանի Արարատյան թագավորությունը: Ռուսա Երրորդը նրա վերջին արքան էր, որի սպանությունից հետո այս պետությունը սոսկ հիշողություն և պատմություն դարձավ:

Բայց, թագավորը մեռավ, կեցցե թագավորը. Ձիու տարին` 370 թ. գահ բարձրացավ  հայոց պատմության հզորագույն գահակալներից մեկը` Պապ թագավորը: Ափսոս, շնորհաշատ ու արի երիտասարդ գահակալը կարճ կյանք ու թագավորություն ունեցավ: Նա դավերի զոհ գնաց: Հետևաբար 2014 թ. գահ բարձրացողները, պաշտոն ստացողները գուցե մտորելու տեղիք ունեն:

Եթե չինական Ձիուն հեծած ճամփորդենք Հայոց պատմության ուղիներով, մեզ անհանգիստ տարի է սպասում, քանզի հենց Ձիու տարում` 850 թ. Հայաստանում հակաարաբական հզոր ապստամբություն ծագեց: Ճիշտ է, ապստամբությունը ճնշելու համար Հայաստան արշավեց ազգությամբ թուրք Բուղան, բայց խայտառակ պարտություն կրեց և փախավ մեր երկրից:

Ձիու տարում` 862 թ. հայոց իշխանաց իշխան դարձավ Աշոտ Ա Բագրատունին, որ հետագայում անկախացրեց Հայաստանն ու հիմքը դրեց Բագրատունիների թագավորության:

Ձիու տարին բարեբեր էր ևս մեկ Բագրատունու` Աշոտ Բ Երկաթի համար, որ 922 թ. արաբական խալիֆի կողմից ճանաչվեց արքայից արքա` շահնշահ հայոց:

Ձիու տարին` 1042 թ. գահ բարձրացավ նաև Բագրատունյաց վերջին գահակալը` Գագիկ Բ Կրտսերը:

Չինական ձիեր հեծած սելջուկ-թուրքերը 1054 թ. արշավեցին Հայաստանի վրա, սակայն Կարսի տակ Թաթուլ Վանանդեցի հայոց զորավարը սոսկալի ջարդ տվեց նրանց: Սա լավ կանխանշան է:

1186 թ. Զաքարե Զաքարյանն ու իր եղբայր Իվանեն առանձնակի շնորհների արժանացան Վրաստանում և իրենց ձեռքը վերցրին Վրաստանի ողջ իշխանությունը:

1222 թվականը ծանր էր հայության համար: Մոնղոլական հետախուզական արշավանքը կազմալուծեց հայոց բանակն ու ցնցեց Զաքարյանների պետության հիմքերը:

Ձիու տարի էր նաև բախտորոշ 1918 թվականը Մայիսյան հերոսամարտերով, Հայաստանի առաջին հանրապետության ծնունդով:

Եվ, վերջապես, Ձիու տարում` 1990 թ. ընդունվեց ՀՀ Անկախության հռչակագիրն ու սկսվեց ՀՀ անկախության գործընթացը:

Ուրեմն եկեք լավ տրամադրությամբ սկսենք չինական Ձիու տարին ու լավ տրամադրությամբ ավարտենք:

Բարի Ամանոր:

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Անկախ

 

 

Հյուսիսային Դակոտայում երկու գնացքների բախումից մեծ պայթյուն է առաջացել

north-dakota-train-collisionՀյուսիսային Դակոտայի իշխանությունների տեղեկություններով՝ երկուշաբթի օրը երկու գնացքների բախումից մեծ պայթյուն է առաջացել: Գնացքներից մեկը հում նավթ էր տեղափոխում, որի այրումից վտանգավոր ծուխ է արտանետվել:

Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Հրշեջները ստիպված կլինեն 12 ժամ սպասել մինչև կրակը մարի, քանի որ հրդեհը շատ ուժեղ է,  նրանք չեն կարողանում մոտենալ:

Գնացքի վրա գտնվող նավթով լցված մեքենաներից 10-ը բռնկվել են:

Դեպքը տեղի է ունեցել 2,300 բնակչություն ունեցող Քասելթոնից 1,5 կմ հեռավորության վրա:

Շերիֆի գրասենյակից Քասելթոնի և երկու մոտակա քաղաքների բնակիչներին խորհուրդ են տվել հեռանալ այդ տարածքներից, քանի որ ուժեղ ճնշման տակ քամիները փոխում են իրենց ուղղությունը:

Պատահարի պատճառները պարզ չեն: Իշխանությունները փորձում են պարզել` գնացքները դուրս են եկել գծերից նախքան բախվելը, թե ոչ:

Կրասնոդարում շրջափակել են ավտոկայարանի տարածքը

52c26963-a3c7-9414-a3c7-941b34cf6b87.photo.0«Ինտերֆաքս-ՅուԳ» գործակալության թղթակիցը հայտնում է, որ Կրասնոդար-2 ավտոկայարանի տարածքը շրջափակված է, մարդիկ տարհանվել են:

Ինչպես հայտնել են գործակալությանը ՌԴ ՆԳՆ վարչության մամլո ծառայությունում, «ներկայումս Կրասնոդար-2 ավտոկայարանի տարածքում օպերատիվ միջոցառումներ են իրականացվում»:

Մամլո ծառայությունում այլ մանրամասներ չեն հայտնել:

Ականատեսի խոսքով` ավտոկայարանի կառամատույցի ժամանման հարթակի կրպակներից մեկում կասկածելի իր է հայտնաբերվել: Ոստիկանության աշխատակիցները խնդրել են բոլորին լքել կառամատույցը:

Մանրամասն տեʹս Ինտերֆաքս

Վոլգոգրադում կատարված երկու ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 33-ի

987386446ՌԴ ԱԻՆ-ի Վոլգոգրադի գլխավոր վարչությունը հայտնում է, որ Վոլգոգրադում կատարված երկու ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 33-ի:

«Դեկտեմբերի 29-ին և 30-ին տեղի ունեցած երկու ահաբեկչական գործողությունների հետևանքով տուժել է 106 մարդ, նրանցից 33-ը զոհվել են, 65 մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանների վնասվածքներով»,- ասվում է ԱԻՆԳՎ-ի կայքում:

Գերատեսչությունն իր հաղորդագրության մեջ ճշտում է, որ երկուշաբթի  օրը տրոլեյբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, իսկ կիրակի օրը երկաթուղային կայարանում կատարված ահաբեկչության հետևանքով` 18 մարդ:

«Գիշերը ժամը 3-ին Վոլգոգրադի թիվ 25 հիվանդանոցում մահացել է ևս մի երկաթուղային կայարանի պայթյունից տուժած: Այդպիսով զոհվածների ընդհանուր թիվը 17-ից դարձավ 18 մարդ»,- տեղեկացել է «ՌԻԱ նովոստիի» աղբյուրը տարածաշրջանի օպերատիվ ծառայություններից:

«Ըստ տրոլեյբուսի պայթյունից զոհվածների ճշտված ցուցակի`զոհվածների թիվը 14-ից  մեծացել է 15-ի»,- ավելացրել է նա:

Մանրամասն տեʹս ՌԻԱ նովոստի

 

Վազգեն Մանուկյանի մաղթանքը. «Սիրեք ձեր երկիրը, որովհետև դժվարությունները հաղթահարվում են սիրելու շնորհիվ»

Վազգեն Մանուկյան– Պարոն Մանուկյան, տարին բուռն էր քաղաքացիական–հասարակական ակտիվ շարժումներով, նախաձեռնություններով: Այդ տեսանկյունից ինչպե՞ս  եք այն գնահատում:

– Ընդհանրապես, Հայաստանում նոր պայմաններ են ստեղծվել, և դա երկկողմանի է. եթե իշխանությունը հայտարարեր, որ «իր դեմ խաղ չկա», այդ դեպքում քաղաքացիական հասարակությունն այսքան չէր զարգանա: Այսինքն` մի կողմից իշխանությունն է որոշակի հանդուրժողականություն ցուցաբերում, մյուս կողմից էլ առաջացել է մի նոր երիտասարդություն, որը բավականին ակտիվ է և կարողանում է իր հետևից տանել նաև մեծահասակներին, երբ ճիշտ հարցեր է բարձրացնում և իր առջև դնում: Բացի այդ, հասարակության տարբեր շերտերի մեջ զգացվում է գիտակցության փոփոխություն, փորձառություն և հասունացում:

– Ի՞նչ ցանկություններ և ի՞նչ մաղթանքներ ունեք՝ ուղղված հասարակությանը և իշխանություններին:

– Քաղաքացիական հասարակության զարգացումը նախորդ տարիների համեմատ ակնհայտ է, ինչը գնահատելի է, և եթե իմ ցանկությունների մասին խոսեմ, ապա կուզենամ, որ դա անշեղորեն շարունակվի: Իսկ այն երիտասարդներին, որոնք տարբեր հարցերում առաջնորդում են այդ քաղաքացիական շարժումները, մաղթում եմ, որ չունենան, ինչպես Ստալինն էր ասում, «головокружение от успехов» և հասկանան, որ իրենք միակն ու անփոխարինելին չեն, այլ մի մասնիկն են այդ քաղաքացիական հասարակության:

Կցանկանայի նաև, որ իշխանության որոշումները բոլոր հարցերում լինեին ավելի թափանցիկ և ավելի վերահսկելի հասարակության կողմից, իսկ դատարանները լինեին ավելի անկախ ոչ միայն իշխանություններից, այլև փողից, ինչը շատ կարևոր է: Եթե այդ ամենը լինի, կխթանի նաև տնտեսության զարգացումը, առանց որի խոսել անվտանգության, ինքնիշխանության, զարգացման մասին ուղղակի անիմաստ է:

Իսկ մեր ժողովրդին կցանկանայի, որ ամեն մի դատարկ բանից խուճապի չմատնվի, չթողնի երկրից գնա, հավատա այս երկրի ապագային, եթե նույնիսկ այս իշխանություններին չի սիրում, որովհետև կարծում եմ` նախորդներին էլ չի սիրել և ապագա իշխանություններին էլ չի սիրելու: Իշխանությունները ոչ թե սիրելու համար են, այլ աշխատեցնելու: Այ, քաղաքացիական հասարակության շարժման նպատակը իշխանություններին աշխատեցնելն է, և այդ խնդիրը պետք է հասարակությունն իր առջև դնի: Ժողովրդի ուզած իշխանությունը չի լինելու, և աշխարհի ոչ մի ժողովուրդ իր ուզած իշխանությունը չունի: Նույնիսկ այն դեպքում, երբ այդ իշխանություններն ընտրվում են ժողովրդի կողմից մեծ ոգևորությամբ, որոշ ժամանակ անց կրկին դժգոհություններ են առաջանում: Հիշենք Ֆրանսիայի օրինակը:

Այնպես որ, հույսը դրեք ձեր և երկրի ապագայի վրա անկախ նրանից, թե այս պահին ովքեր են իշխանության ղեկին: Եվ ամենակարևորը՝ սիրեք ձեր երկիրը, որովհետև դժվարությունները հաղթահարվում են սիրելու շնորհիվ:

 

Անի Գասպարյան

Անկախ

Էրդողանի ԱԶ կուսակցությունը Ֆեթուլլահ Գյուլենին կոչ է արել հետ վերադառնալ Թուրքիա

Էրդողան, Ֆեթուլլահ Գյուլեն,Թուրքիա      Թուրքիայի իշխող ԱԶ կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահինը նշանավոր հասարակական իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին կոչ է արել վերադառնալ Թուրքիա: Ներկայումս Գյուլենը գտնվում է ԱՄՆ-ում: Այս մասին հաղորդում է «CNN Turk»-ը: Շահինի խոսքերով՝ Թուրքիայում տեղի ունեցածը պարզաբանելու համար անհրաժեշտ է, որպեսզի Գյուլենը հետ վերադառնա երկիր:

Նշենք, որ Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից հետո թուրքական լրատվամիջոցները սկսեցին գրել, որ այդ ամենի հետևում կանգնած է Ֆեթուլլահ Գյուլենն ու նրա կողմնակիցները: Նման տեսակետ առաջացավ այն բանից հետո, ԱԶ կուսակցությունը հայտարարեց գյուլենականների ենթակայության տակ գտնվող դերսհանե կոչվող կրթական հաստատությունների փակման մասին: Անձամբ Գյուլենը հերքել է իր առնչությունը Թուրքիայում տեղի ունեցած դեպքերին:

Անկախ

Թուրք բարձրաստիճան զինվորականները կայցելեն Ադրբեջան

Թուրքիա, բարձրաստիճան զինվորականներ,ԱդրբեջանԻնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Թուրքիայի զինված ուժերի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ հունվարի սկզբին՝  7-9-ը, պաշտոնական այցով կգտնվեն Ադրբեջանում:  Հայտնի է, որ այցը տեղի կունենա երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության շրջանակներում:

Անկախ

Թուրքիան գնալով հեռանում է օրենքի գերակայության սկզբունքից ընդդիմության առաջնորդ

 Քեմալ Քըլըչդարօղլու  Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երկիրը ավելի ու ավելի է հեռանում օրենքի գերակայության սկզբունքից, իսկ կատարողական իշխանությունը բացահայտ ճնշում է գործադրում օրենսդրական և դատական իշխանությունների վրա: «Թուրքիան հասել է նրան, որ դրամաշորթներին ազատ են արձակում, իսկ դատախազները, որոնք քննում են կոռուպցիոն գործը, կառավարության կողմից համապատասխան կարգադրություններ են ստանում»,-նշել է Քըլըչդարօղլուն:

Թուրքիայում առաջացած կոռուպցիոն սկանդալի մի փուլի հետաքննությունը վարող դատախազ Մուամեր Աքքաշը հեռացվել է հետաքննությունից: Վերջինս հայտարարել էր, որ իրեն խանգարել են կատարելու իր պարտականությունները:
Անկախ

Դեկտեմբերի 31-ին ականատես ենք լինում բազմաթիվ օյինբազությունների. Արմինե Շահումյան

Ամանորն այն սակավաթիվ տոներից է, որ հայ ժողովուրդը շարունակում է ճոխ-ճոխ տոնել, հետաքրքիր է, կա արդյոք մեկը, ով պարզապես անջատում է նյարդերն ու հրաժարվում գեր ծախսեր անելուց: Սակայն, ինչպես եւ ամեն ինչ, Նոր տարվա տոնակատարության մենթալիտետը եւս շատ հայկական է: Որովհետեւ, ի տարբերություն այն եվրոպացիների, որոնց հետ որոշ քաղաքացիներ այդքան շատ ուզում են ինտեգրվել, մենք Նոր տարին դիմավորում ենք այնպես, որ ոչ թե ինքներս հաճույք ստանանք, այլ, որ դիմացինին «պզզացնենք»:

0«Դեկտեմբերի 31-ին երբ տարբեր հեռուստատեսություններ ենք միացնում, ականատես ենք լինում բազմաթիվ օյինբազությունների»,-այս մասին archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց սոցիալական աշխատող Արմինե Շահումյանը:

Նրա խոսքով հատկապես պետք է մեծ ուշադրություն դարձնել հեռարձակվող հաղորդումներին: Ավանդական հայ ընտանիքը հենց այդպես էլ դիմավորում է Ամանորը, տոնական սեղան է գցում, զարդարած բուդը դնում կենտրոնում, հետո հերթով ամեն ինչ շարում՝ բաստուրմա-սուջուխ, բլինչիկ-մլինչիկ եւ այլն, ու միացնում հեռուստացույցը: Ինչո՞ւ: Որովհետեւ նաեւ հոգեւոր սնունդ է ուզում: Բոլոր հայկական ալիքներով մոտավորապես նույն բանն է՝ հայկական «շոու-բիզնեսի» կերած-խմած դեմքերը հավաքվել էին ճիշտ նույնպիսի տոնական սեղանի շուրջ, իսկ տեսախցիկն ամենայն մանրամասնությամբ ցուցադրում էր սեղանին դրվածը: Բոլորը երգում-պարում եւ ուրախանում են, մի քանի ալիքներ էլ բացառությամբ ցուցադրում են ֆիլմեր, որոնք ամբողջ տարվա ընթացքում եթեր չեն հեռարձակվել ու հասանելի չեն եղել հանրությանը:

«Նրանք, ովքեր արբանյակային ալեհավաքներ ունեն, կարող են համեմատել, թե ինչպես է ամբողջ աշխարհը դիմավորում Ամանորը, եւ ինչպես են դիմավորում հայերը: Ամբողջ աշխարհում՝ տոնական մթնոլորտ, հրավառություն, կատակներ, համերգային ծրագրեր եւ այլն: Հայկական հեռուստաեթերում շատ հաճախ գովազդից բացի ուրիշ ոչինչ չկա: Կողքից նայողը միանշանակ այն տպավորությունը կստանար, թե հինգհազարամյա հայ ժողովրդին ուտելիքից բացի ոչինչ չի հետաքրքրում: Ու մարդիկ ստիպված էին հինգ րոպեն մեկ տեղեկանալ, որ հայ ժողովուրդը չգիտի, թե որն է հայկական երկրորդ զովացուցիչ ըմպելիքը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ