Նախագահն ընդունել է «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությանը

Սերժ Սարգսյան,«Ռոսնեֆտ»,Իգոր Սեչի

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ռոսնեֆտ» խոշորագույն նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են տնտեսական ոլորտում Հայաստանի հետ «Ռոսնեֆտի» համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահի ներկայությամբ «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր:

Անկախ 

Թուրքիայում ռազմանավ է շրջվել. կա 10 զոհ

Թուրքիա,ռազմանավ Էգեյան ծովի ափամերձ հատվածում թուրքական ռազմական նավաքարշ շոգենավը վերանորոգման նպատակով նավակայանում իջեցվելուց հետո շրջվել է՝ մահացել է տասը մարդ:

Այսօր թուրքական ռազմական ուժերից հաստատել են, որ պատահարի հետևանքով զոհվածներից ութը զինվորականներ են եղել, իսկ մյուս երկուսը՝ քաղաքացիական անձիք:

Վթարի հետևանքով 17 այլ զինվորականներ են վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց:

Թուրքիա,ռազմանավ Երեկ վերանորոգումից հետո նավաքարշ շոգենավը ծով իջեցվելուց հետո հանկարծակի թեքվել է և ջուր է լցվել դրա մեջ:

Ըստ տեղեկությունների՝ վեց զինվորներ փրկվել են նավաբեկությունից՝ ծովը ցատկելով:

Նավաբեկության պատճառը դեռևս չի պարզվել: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

 Անկախ

Թուրքիայում փոփոխվում է նախարարական կաբինետը

Թուրքիա, նախարարական կաբինետԻնչպես հայտնում է «Միլիյեթ» թերթը հաղորդում է, որ մոտ օրերս Թուքրիայում կարող են հայտնի դառնալ այն նոր նախարարների անունները, որոնք կզբաղեցնեն իրենց պաշտոնները հրաժարական տված նախարարների փոխարեն: Հայտնի է, որ Թայիփ Էրդողանը նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպելուց հետո կհայտարարի նոր նախարարների անունները: Սպասվում է, որ այսօր հրաժարական տված ներքին գործերի նախարար  Մուամեր Գյուլերին կփոխարինի փոխվարչապետ Բքեիր Բոզդաղը: Թերթը նշում է, որ այլ նշանակումների մասին դեռ հայտնի չէ: Ներքին գործերի և էկոնոմիկայի հետ միասի, հրաժարական է տվել նաև քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը, որի անունը ևս շոշափվել էր կոռուպցիոն սկանդալում:

Նշենք, որ էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը մեկնաբանելով իր հրաժարականը, նշել էր, որ այս որոշումը կայացրել է, որպեսզի պարզաբանվի կոռուպցիոն սկանդալի մանրամասնությունները: Համաձայն թուրքական օրենսդրության, որևէ նախարարի պատասխանատվության ենթարկելու համար ահնրաժեշտ է վերջինիս զրկել անձեռնմխելիությունից:

Անկախ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին`ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Աշոցքի, Ճամբարակի և  Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ   առկա է  մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման    աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին  տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Քննարկվել են ՀՀ-ում բուհերի հավատարմագրման գործընթացի մանրամասները

10940_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը:
Համաձայն օրակարգի՝ հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրել է Որակի ապահովման եվրոպական գործակալությունների ասոցիացիայի փորձագիտական զեկույցը: Նա նշել է, որ փաստաթղթում անդրադարձ է արվում հիմնադրամի գործունեության ուղղություններին, ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին: Այս համատեքստում քննարկվել է բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացի կազմակերպման հարցը։ Ռուբեն Թոփչյանը զեկուցել է բուհերում իրականացված փորձնական հավատարմագրման գործընթացի արդյունքների մասին և տեղեկացրել, որ փորձագիտական խորհրդատվության հիման վրա բուհերը պետք է ներկայացնեն կարճաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումների ծրագիր: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված զեկույցը:
Ի թիվս այլ հարցերի, նիստում արծարծվել է նաև հիմնադրամի գործունեության աուդիտ իրականացնող ընկերության ընտրության հարցը, հաստատվել են հիմնադրամի 2014 թվականի բյուջեն և հաստիքացուցակը:

Վլադիմիր Մովսիսյանը՝ «Ոսկե հասկ» մրցանակակիր

DSC_1822Դեկտեմբերի 25-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Ոսկե հասկ» 7-րդ մրցանակաբաշխությունը։ Այն կազմակերպել էին համալսարանի ռեկտորատը, բուհի ուսանողական խորհուրդը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

«Ոսկե հասկ» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց ու կառույցներին:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ մինչև նախարար դառնալը պատիվ է ունեցել ագրարային համալսարանի կողմից արժանանալ «Ոսկե հասկ» մրցանակին։ Ցերեկույթի ընթացքում ԿԳ նախարարն ագրարային համալսարանի շրջանավարտ, բուհի ուսանողական ինքնակառավարման մարմնի հիմնադիր, Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին պարգևատրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ ոսկե հուշամեդալով՝ ի նշան այն աշխատանքի, որ արվել ու արվում է 1992թ. առ այսօր Մ. Բադալյանի կողմից և որպես գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ, և որպես Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահ, և այսօր արդեն որպես Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի պատվավոր նախագահ։

«Համալսարանի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձ» անվանակարգում մրցանակը շնորհվեց պետական, քաղաքական, հասարակական գործիչ, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին։ Վլադիմիր Մովսիսյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, 3 բան մաղթեց երիտասարդներին՝ լինել առողջ, հաջողակ և խաղաղություն՝ երկրին ու մեր հոգիներին, քանի որ առանց մեր ներքին խաղաղության, չի կարող ընդհանրապես լինել խաղաղություն։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ ընդծեց այն մեծ ուշադրությունն ու վստահությունը, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը հատկացնում է բուհի ուսանողությանը։

«Ոսկե հասկ» մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ տրվեցին նաև հետևյալ  անվանակարգերում՝ «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք», «Լավագույն ամբիոն», «Լավագույն ֆակուլտետ», «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ», «Լավագույն կուրս», «Համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն», «Լավագույն կառուցվածքային ստորաբաժանում»:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանը նկատեց, որ «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունն օգնում է ուսանողների ակտիվացմանը. «Ստեղծվում է առողջ մրցակցային դաշտ, և մրցակցության արդյունքում թե ուսանողները, թե դասախոսները, թե բուհի ստորաբաժանումները ձգտում են լինել առաջինը, ինչը նպաստում է հասնել նորանոր հաղթանակների»։

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Արթուր Առաքելյանը նշանակվել է ՏԿՆ տեղակալ

Արթուր ԱռաքելյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Առաքելյանն ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ։

Ավելի վաղ Անկախը տեղեկացրել էր, որ ՏԿՆ առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Բաղդադի քրիստոնյա համայնքում ռումբերի պայթյունից զոհվել է 37 մարդ

iraq-bombings1Պաշտոնական հայտարարությամբ Իրաքի Բաղդադ քաղաքում չորեքշաբթի օրը զինյալները թիրախ են դարձրել տեղի քրիստոնյա համայնքին.  երկու պայթյունների հետևանքով  զոհվել է 37 մարդ:

Ոստիկանության տեղեկություններով՝ հարձակումներից մեկի ժամանակ մայրաքաղաքի հարավային հատվածում Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ եկեղեցու մոտակայքում ռումբով մեքենա է պայթել, որի հետևանքով զոհվել է 26 և վիրավորվել 38 մարդ:

Ավելի վաղ քաղաքի քրիստոնյա համայնքի բնակավայրում գտնվող բացօթյա շուկայում ռումբի պայթյունից զոհվել է 11 և վիրավորվել 21 մարդ:

Դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել պայթյունների համար, սակայն Իրաքի 400,000-600,000 բնակչությամբ քրիստոնյա համայնքը նախկինում դարձել էր ալ-Քաիդայի թիրախ, որոնք քրիստոնյաներին անհավատ են համարում:

Առողջապահության ոլորտի պաշտոնյան հաստատել է ոստիկանության հայտնած զոհվածների և վիրավորվածների թիվը:

Դոլարի գինը բորսայում` 404,75 դրամ

դոլարԴեկտեմբերի 25-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.75 դրամ:

NASDAQ OMX Armenia

SOCAR-ը Վրաստանի գազաֆիկացումը կապահովի մինչև 2017թ.

2Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Վրաստանի շրջանների գազաֆիկացումը կապահովի մինչև 2017թ.: Այդ գործընթացը կշարունակվի Վրաստանի կառավարության և ընկերության միջև դեկտեմբերի 24-ին ստորագրված հուշագրի շրջանակում, հաղորդում է Կոնտակտ կայքը:

Նոր հուշագրի շրջանակում ընկերությունը մինչև 2017թ. Վրաստանում կգազաֆիկացնի ևս 100 հազար տնային տնտեսություններ: Բացի այդ մշակվել է 2014թ. գազաֆիկացման ծրագիրը:

«Մենք վայելում ենք Վրաստանի կառավարության աջակցությունը և մտադիր ենք իրականացնել մեր ստանձնած բոլոր պարտավորությունները ու գոհ ենք ներկայիս համագործակցությունից», – ասել է ընկերության տնօրեն Ռովնագ Աբդուլաևը:

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ սա չափազանց կարևոր է Վրաստանի համար: «Այս ճանապարհին մեզ աջակցում է նաև եղբայրական Ադրբեջանը», -ասել է նախարարը:

«SOCAR-ն  առաջիկա տարիներին Վրաստանում կարբամինային գործարան կկառուցի, և այս նախագծի համար ներդրվող շուրջ 1 մլրդ դոլարը հնարավորություն կտա աշխատանքով ապահովել շուրջ 5 հազար մարդու»,-ասել է վրացի պաշտոնյան:

Կաթոլիկ աշխարհը նշել է Սուրբ ծնունդը

woman play a nativity sceneՀռոմի պապ Ֆրանցիսկոսը այս գիշեր Սուրբ Պետրոսի տաճարում առաջին անգամ անցկացրեց Սուրբ ծննդյան պատարագը` որպես կաթոլիկ աշխարհի առաջնորդ: Ավանդական դարձած «Փառք» հիմնը երգելուց հետո պապ Ֆրանցիսկոսը մանուկ Հիսուսին պատկերող տիկնիկին դրել է մսուրի մեջ, որն  այս տարի բերվել է Նեապոլից: Աշխարհի տարբեր մայրցամաքներից եկած տասը երեխա ծաղիկներով են շրջապատել մսուրը: Արարողության ժամանակ աղոթքներ են հնչել հավատքի պատճառով հալածվողների համար:

Ըստ կալթոլիկ եկեղեցու ավանդության՝ հավատացյալները ոչինչ չեն ուտում մինչև մութն ընկնելը, երբ հայտնվում է մոգերին ճանապարհ ցույց տված Բեթղեհեմյան աստղը:

Երկու թուրք նախարար հրաժարական է տվել

EԻնչպես հաղորդում է թուրքական «TRT Haber»-ը, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, ում որդին ևս ներքաշված էր անցած շաբաթ տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի մեջ, հրաժարական է տվել:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ վարչապետ Թայիփ Էրդողանին հրաժարականի դիմում է ուղարկել նաև ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը: Վերջինս հայտարարել է, որ երկրում նման խառնաշփոթ ստեղծողները նպատակ ունեն խափանելու 2014 թվականին սպասվող տեղական ընտրությունները:

Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին՝ նկարներում

կգնՀՀ կրթության և գիտության նախարարության Գեղագիտության ազգային կենտրոնում այսօր ամփոփվել են համահայկական մանկապատանեկան չորրորդ նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները: Մասնակիցներին շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Ընդգծելով, որ Սփյուռքի կրթօջախների սաների մասնակցությամբ անցկացվող նկարչական մրցույթն արդեն ավանդական է դարձել, Մ. Մկրտչյանը նշել է, որ միջոցառման  գլխավոր ձեռքբերումը Սփյուռքում ապրող երեխաների կապն է հայրենիքի հետ. “Հատկապես այս տարվա  “Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին” խորագիրը, կարծում եմ, խորհրդանշական է, և դուք բոլորդ իսկապես կրում եք  լեռնաշխարհի հայկական ոգին, որն արտահայտել եք ձեր նկարներում: Աշխարհի որ անկյունում էլ լինի, հայ երեխայի հայրենիքի պատկերացումներն ու ընկալումները յուրովի և միաժամանակ առնձնահատուկ ընդհանրություն ունեն: Համոզված եմ՝ այն սերն ու հայրենիքի կարոտը, որը պատկերել եք ձեր նկարներում, կդառնան ձեր ազգային և քաղաքացիական արժեհամակարգի հիմքն ու մշտական ուղեկիցը”,- նշել է նախարարի տեղակալը: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք է ասել նաև  Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը:
“Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին” խորագիրը կրող մրցույթ-փառատոնին այս տարի ներկայացվել են 6-18 տարեկան երեխաների աշխատանքներ  18 երկրներից՝  Աբխազիա, Ուկրաինա, Վրաստան, ԱՄՆ, Արգենտինա, Իրան, Լիբանան, Մեծ Բրիտանիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ուրուգվայ, Սիրիա, Ֆրանսիա, Քուվեյթ, Ռուսաստան, Հարավային Օսիա, Հայաստան և Արցախ: Ընդհանուր առմամբ՝ մրցույթին մասնակցել են Սփյուռքի շուրջ 30 կրթօջախների, Հայաստանի տարբեր մարզերի և Լեռնային Ղարաբաղի արվեստի և հանրակրթական դպրոցների սաներ:  Հաշվի առնելով թեմայի բարդությունը և ուսումնական բնույթը` առաջին փուլի մեկնարկից առաջ մանկավարժների համար կազմակերպվել է  մեթոդական սեմինար: Մրցույթ-փառատոնն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլում մասնակիցները էլեկտրոնային տարբերակով ժյուրիին են փոխանցել  իրենց նկարները, որոնցից լավագույններն ընտրվել են ցուցահանդեսի կազմակերպման համար, իսկ հետագայում ներառվել  են պատկերագրքում:  Երկրորդ փուլ անցել է 350 աշխատանք, որի արդյունքներով շնորհվել է  10 հիմնական  և 48  խրախուսական  մրցանակ: Լավագույններին տրվել են նաև  առցանց քվեարկության մրցանակներ, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրեր և շնորհակալագրեր: Մրցույթին ներկայացված աշխատանքններով հրատարկվել է պատկերագիրք: Մրցույթ-փառատոնի կազմակերպմանն աջակցել է “Արմենթել” ընկերությունը:
Հիմնական մրցանակի արժանացել են`                                                         
1. Մոնիկա Ավետիսյան -18 տ., Հարավային Օսիա
2. Արմեն Մավյան-11տ., ԱՄՆ
3. Սամվել Սուջյան-10տ. Ռուսաստան
4. Ռիմմա Հայթյան- 8տ. Ռուսաստան
5. Ակուսթինա Գրիսիքյան-11տ. Արգենտինա
6. Լուսինե Աթայան-14տ. Լեռնային Ղարաբաղ
7. Քախվեջյան Տիգրան- 12տ. Հայաստան,
8.Արսեն Եղիազարյան, Ահարոն Սիմոնյան, Քրիստինե Գևորգյան. Սոֆիա Վարդանյան,   Նոռա Բուռնության, Համասփյուռ Գալոյան, Հասմիկ Գրիգորյան, 12տ. Հայաստան, Գեղարքունիք,
9. Մանվելյան Մարգարիտա-11տ., Շահբազյան Լաուրա-12տ., Ղալամքարյան Նարե- 12տ., Ազատյան Ռիմա-12տ. Բալայան Կամո-13տ., Թորգոմյան Լուսինե-9տ. Համբարձումյան Հրաչ-10տ., Թովմասյան Վահագն-11տ. Հայաստան,
10. Էվելինա Այվազյան-10տ., Ավանեսյան Կարինե-12տ. Վարդանյան Էլեն-12տ., Խանոյան Ռուբեն-11տ., Գրիգորյան Անահիտ-11տ. Հայաստան:

Զանգվածային ծեծկռտուք` ազատ ոճի ըմբշամարտի Ադրբեջանի առաջնությունում

ադրբ34340Բաքվում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Ադրբեջանի առաջնության մասնակիցների միջև ծեծկռտուք է առաջացել: Ադրբեջանցի և դաղստանցի լեգեոնականների միջև եղած հակամարտությունը վերածվել է զանգվածային բախման, որին մասնակցել են  մարզասրահում գտնվող մարզիկների բարեկամները և մերձավորները: Ընդհարման հետևանքով ադրբեջանցիները դաղստանցիներից մեկին դանակի հարված են հասցրել:

Բախման մասնակիցներին բաժանել են ոստիկանները: Նրանք բաժանմունք են տարել կռվարարներից ոմանց, այդ թվում նաև մարզիկների:

Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2014թ. –ի բյուջեն

ավագանու նիստԴեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվել  Երևան քաղաքի 2014թ. բյուջեի նախագիծը: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ով ներկայացրել է նախագիծը, նշել է, որ Երևան  քաղաքի 2014  թվականի  բյուջեի  նախագիծը  կազմվել  է «Հայաստանի  Հանրապետության  բյուջետային  համակարգի  մասին»  և  «Երևան  քաղաքում տեղական  ինքնակառավարման  մասին»  ՀՀ  օրենքների  պահանջներին  համապատասխան,  որի  ձևավորման  հիմքում  ընկած  են  խնայողականությունը,  հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունն ու  հստակությունը։  Քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ նախագիծը օրենքով սահմանված կարգով և ժամկետում քննարկվել և արժանացել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հավանությանը, ինչպես նաև կազմակերպվել են նախագծի վերաբերյալ հանրային լսումներ:  Երևանի ավագանին քվեարկության մասնակից 58 անդամների ձայների 39 կողմ, 5 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է Երևան քաղաքի 2014թ. բյուջեն, ըստ որի  կանխատեսվում է.  եկամուտների գծով՝ 69,091,815.9 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 69,491,815.9 հազ. դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) 400,000.0 հազ. դրամ։

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել նաև մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսայգիներից մեկը ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անունով անվանակոչելու, «Յու.Բախշյանի  անվան  մանկական  ֆիլհարմոնիա»  համայնքային  ոչ  առևտրային կազմակերպությանն անժամկետ  և  անհատույց  օգտագործման  իրավունքով տարածք ամրացնելու մասին որոշումների նախագծերին:

Երևանի ավագանու որոշմամբ 14 իրավաբանական անձանց թույլատրվել է Երևան քաղաքի սահմանված տարածքներում կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղիներ: Ավտոկայանատեղի  ամբողջ  տարածքի  համար  տուրք  վճարած  ֆիզիկական  և իրավաբանական  անձինք  կարող  են  սահմանափակել  կամ  չսահմանափակել  տվյալ ավտոկայանատեղում  այլ  անձանց  կողմից  ավտոտրանսպորտային  միջոցների  կայանման իրավունքը, սակայն իրավունք չունեն ավտոկայանատեղից օգտվողից վճար գանձելու:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ Երևանի ավագանու հավանությանն են արժանացել նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերը:

Ընդմիջումից հետո Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:

Ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա 2014թ. փետրվարի 11-ին:

 

 

Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ ծննդյան ուղերձ է հղել Սուրբ Պետրոսի տաճարում հավաքված հազարավոր մարդկանց

Pope Francis - Christmas Eve Mass2Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում իր առաջին Սուրբ ծննդյան, սիրո և ներողամտության ուղերձն է հղել:

Հինգշաբթի օրը նա Սուրբ Պետրոսի տաճարում հավաքված ամբոխին կոչ է արել մի կողմ դնել ատելությունը:

Տոնախմբություններն  սկսվել են դեռևս շաբաթ օրը Կուրիային ուղղված պապի ամանորյա ուղերձով: Նա եկեղեցին ղեկավարող մարմնին կոչ է արել խուսափել բամբասանքներից և կենտրոնանալ իրենց ծառայության վրա:

Այնուհետև նա այցելել էր տեղի հիվանդանոց և երեք ժամ անցկացրել այնտեղ՝ ամանորյա ուրախություն բերելով հիվանդ երեխաներին:

«Իմ կարծիքով` շահերը հավասարակշռված չեն». Վազգեն Մանուկյանը «գազային համաձայնագրերի» մասին

վազգեն մանուկյան«Գազային համաձայնագրերի» մասին  «Անկախ»-ին իր տեսակետն է հայտնել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

 

– Պարոն Մանուկյան, կարդացե՞լ եք «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, Ձեր կարծիքով ի՞նչ խնդրահարույց դրույթներ կան այնտեղ ամրագրված:

– Կարդացել եմ և, ի դեպ, նշեմ, որ էլեկտրոնային տարբերակն այդպես էլ չկարողացա գտնել: Համաձայնագիրը, մեղմ ասած, իմ սրտով չէ: Ընդհանրապես, երբ պայմանագիր ես կարդում, տեսնում ես երկու կողմերի շահերի բախում, բանակցությունների միջոցով կոմպրոմիսներ և այլն: Այս պայմանագիրը կարդալիս լավ հասկանում ես, որ “Գազմպրոմը” կարող էր  դա պատրաստել, բայց չես հասկանում, թե մերո՞նք ինչ խնդիր են իրենց առջև դրել, ինչի՞ համար են պայքարել: Երևի շատ բան մնացել է չասված, շատ բարի ցանկություններ չեն մտել պայմանագրի մեջ, բայց այդ բարի ցանկությունները վաղը կարող են փոխվել, և երկիրը մտնի ծանր վիճակի մեջ: Իմ կարծիքով՝ պայմանագրի վրա պետք էր էլի աշխատել, հետո մտցնել Ազգային ժողով: Հիմա երևի ուշ է, չնայած, ինչպես իմացա, ընդդիմությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու խորհրդարանում այդ համաձայնագրի վավերացման օրինականությունը: Եթե Սահմանադրական դատարանը հանկարծ որոշի, որ իսկապես պետք է հարցը նորից ուղարկել Ազգային ժողով, ապա դա առիթ կլինի, որ խորհրդարանական մեծամասնությունն էլ միջամտի, և կարողանան շտկել որոշ կետեր:

Ընդհանուր առմամբ համաձայնագրում, իմ կարծիքով, շահերը հավասարակշռված չեն: Պայմանագիր կնքելիս երկու կողմերը պետք է ատամներով պաշտպանեն իրենց շահերը: Ես, անկեղծ ասած, մեր կողմից դա չտեսա:

– Երբ այն այս ձևով մտնի շրջանառության մեջ, ի՞նչ կտա Հայաստանին:

– Կարծում եմ, այնուամենայնիվ, ըստ որոշ պայմանավորվածությունների, գազի գինն այնքան թանկ չի լինի, որքան մյուս երկրներին է մատակարարվում, իհարկե այնքանով, որքանով Ռուսաստանը կցանկանա, բայց դա միշտ ճնշման ձև կարող է լինել Հայաստանի վրա: Սա ինձ մի քիչ հիշեցնում է “Արմենտելի” հետ կնքած պայմանագիրը, երբ մենք ամեն ինչ մոնոպոլ իրավունքով՝ հեռախոսի ցանցով, բաշխիչ ցանցերով, ամեն ինչով տվեցինք Հունաստանին: Նույնիսկ դժգոհությունն այնքան մեծ էր, որ Ազգային ժողովում ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողով, ես էլ հանձնաժողովի նախագահն էի, և սկսեցինք կառավարությանն առաջարկներ ներկայացնել: Մեր հիմնական պահանջը, իհարկե, դեմոնոպոլիզացիան էր, մանավանդ որ դրան ուղղված ցանկացած քայլ կողջունվեր նաև միջազգային դատարաններում, եթե “Արմենտելը” որոշեր մեզ դատի տալ: Դա ինչ-որ չափով օգնեց, բայց կատարվեց նաև մեկ այլ հետաքրքիր բան. նոր տեխնոլոգիաները,  նոր մտածողությունը հնարավորություն տվեցին մասամբ շրջանցելու այդ պայմանագիրը, այսինքն` ստացվեց, որ այդ հեռախոսային գծերը նրանց պատկանելն այնքան էլ  կարևոր չէր: Հետո մտավ  Skype-ը, արտասահմանի հետ հեռախոսային կապի տարբեր էժան ձևեր, և կամաց-կամաց խնդիրը տրոհվեց-գնաց, մինչև որ լուրջ որոշումներ ընդունվեցին: Բայց մենք կորցրեցինք ժամանակ: Հիմա այս գազային համաձայնագիրը. ես կարծում եմ, որ այն արժի վերամշակել, չթողնել այս վիճակում, բայց եթե նույնիսկ այս վիճակում էլ մնա, համոզված եմ, որ կգտնվեն այն օրինական ձևով շրջանցելու ճանապարհներ` խտացված գազ բերել Իրանից, օգտագործել խնայողական նոր տեխնոլոգիաներ, գտնել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ և այլն, եթե գնային քաղաքականությունը դա դարձնի շահավետ:

– Դո՞ւք էլ ունեք այն մտահոգությունը, որ այդ համաձայնագրերը սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը:

– Գետեք, այնքա~ն բան է սպառնում այն երկրի ինքնիշխանությանը, որը  տնտեսապես թույլ է: Մեր տնտեսությունն այնքան մեծ կախվածության մեջ է, որ ինքնիշխանության նվազումը թաքնված է նաև դրա մեջ, քանի որ քաղաքականը տնտեսականի հետևանքն է: Այնպես որ, ինքնիշխանության հարցերը քննարկելիս պետք է խոսենք ոչ միայն այս համաձայնագրի մասին, այլև մեր քսան տարվա տնտեսական քաղաքականության, որը մեղմ ասած, փայլուն չէր:

 

     Զրույցը վարեց Անի Գասպարյանը

Անկախ

Ճանապարհային ոստիկանությունն ամանորին ուժեղացված ծառայություն կիրականցնի

ճոՈստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Հարգելի հայրենակիցնե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են, որոնք ավանդաբար անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ  ու մեծ ակնկալիքներով:
Այս տարի էլ Ճանապարհային ոստիկանությունը և՛ Ամանորի գիշերը, և՛ հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրապետության բնակավայրերում ու ավտոճանապարհներին: Վիճակագրությունը փաստում է այդ ձեռնարկի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը. նախորդ երկու ամանորյա տոներին ուժեղացված ծառայության շնորհիվ կտրուկ նվազել են ճանապարհային պատահարները, կրճատվել է վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը:
Հարգելի վարորդնե՛ր, ոգելից խմիչքի թեկուզ փոքր չափաբաժնից հետո ձեռնպահ մնացեք ավտոմեքենա վարելուց: Հարբած վարորդների հանդեպ ոչ մի ներողամտություն չի դրսևորվի: Հիշե՛ք, որ տոնականության գրավականը երթևեկության մասնակիցների ապահովությունն ու անվտանգությունն է, որի համար պատասխանատու եք: Ուշադիր ու զգոն եղեք երթևեկելիս:
Հարգելի քաղաքացինե՛ր, երթևեկության անվտանգության ապահովման գործում աջակցեք ոստիկանությանը, փոխադարձ հսկում ու քարոզչություն իրականացրեք:
Ոստիկանությունը հատկապես այս օրերին ամբողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները, սակայն ակնկալում ենք երթևեկության բոլոր մասնակիցների բարձր իրավագիտակցություն՝ հիշեցնելով, որ կանոնները խախտելով՝ նախևառաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը:
Հարգելի համաքաղաքացինե՛ր, ոստիկանությունը հորդորում է խստիվ պահպանել անվտանգության կանոնները նաև տոնական հրավառություններ կազմակերպելիս:
Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության պահպանման նպատակով՝  քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 1.00-ն:
Ոստիկանությունը վերստին հորդորում է խստագույնս պահպանել օրենքի պահանջը, իսկ կարգազանցները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:
Հարգելի բարեկամնե՛ր, կրկին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել փոխադարձ հարգանք ու հանդուրժողականություն. հնարավոր պատահարներն ու դժբախտ դեպքերը բացառելով՝ իսկապես տոն դարձնենք նոր տարվա գալուստը:
Ոստիկանությունը շնորհավորում է ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն բարիք, բարօրություն ու երջանկություն»:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 6 դեպքից` 5-ը, շորթման 1 և յուրացման կամ վատնման 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 1 դեպք:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ադրբեջանը 2013թ.-ի ընթացքում ձեռք է բերել 1 մլրդ 257 մլն արժողությամբ զենք և զինտեխնիկա

1Ադրբեջանը 15-րդ տեղն է զբաղեցնում 2013թ.-ի ընթացքում աշխարհում զենք և զինտեխնիկա գնած երկրների աղյուսակում։ Այս մասին ասված է Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տարածած տեղեկության մեջ։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, համաձայն այդ տվյալների՝ պաշտոնական Բաքուն 2013թ.-ին ներկրել է 1 մլրդ 257 մլն դոլարի զենք և զինտեխնիկա։

Ընդհանուր առմամբ, երկրները զինվելու համար նվազագույնը 65 մլրդ 982 մլն դոլար են ծախսել, որը ամենաբարձր ցուցանիշն է «սառը պատերազմից» ի վեր։

Ամենամեծ քանակությամբ զինամթերք ձեռք բերած պետությունը Հնդկաստանն է (9 մլրդ 943 մլն դոլար): Նրան հաջորդում են Սաուդյան Արաբիան (5 մլրդ 329 մլն), Մեծ Բրիտանիան (3 մլրդ 626 մլն դոլար), Արաբական Միացյալ Էմիրությունները (3 մլրդ 511 մլն դոլար), ԱՄՆ-ն (2 մլրդ 502 մլն դոլար), Քուվեյթը (2 մլրդ 451 մլն դոլար), Թուրքիան (1 մլրդ 733 մլն դոլար), Թայվանը (1 մլրդ 730 մլն դոլար), Ինդոնեզիան (1 մլրդ 718 մլն դոլար), Եգիպտոսը (1 մլրդ 629 մլն դոլար)։

 

Անկախ