ՀՀ Նախագահի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ Նախագահի, կազմակերպվել է պետական ընդունելություն

ՀՀ Նախագահ,ՌԴ Նախագահի, պետական ընդունելություն

 

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, այսօր երեկոյան կազմակերպվել է պետական ընդունելություն:

ՌԴ Նախագահին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակության անդամներին` նախարարներին, նահանգապետներին, ընկերությունների ղեկավարներին ու Ռուսաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներին ուղղված իր բաժակաճառում Նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հարյուրամյակների պատմություն ունեցող հայ և ռուս ժողովուրդների փոխհարաբերությունների ջերմության և անկեղծության վկայությունների մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դրանք անգին են ցանկացած հայի համար և արտացոլված են դեռևս 11-րդ և 12-րդ դարերով թվագրված «Սուրբ Թեոդոսիոսի՝ Պեչերյան վանքի վանահոր խոսքում» և «Իլարիոն Մեգլինսկու վիճաբանություններում»:

ՀՀ Նախագահի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ Նախագահի, կազմակերպվել է պետական ընդունելություն   Նախագահի խոսքով, հայ-ռուսական հարաբերությունների պատմությունն ունի խորը արմատներ և փառահեղ ավանդույթներ, որոնք կարելի է բնութագրել որպես մեր ընդհանուր հարստությունը, սեփականությունը և հպարտությունը դարձած բարեկամության հիմքի վրա երկու ժողովուրդների մշտական մերձեցում: «Մեր ժողովուրդների պատմական կապերի զարգացման մեջ կարևոր ներդրում են ունեցել Հայաստանի այնպիսի նշանավոր զավակներ, ինչպիսիք են Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար և Գերագույն կարգադրական հանձնաժողովի ղեկավար Միքայել Լորիս-Մելիքովը, Ռուսական կայսրության ժողովրդական լուսավորության նախարար Իվան Դելյանովը, գեներալ Մադաթովը, Լազարյան եղբայրները և շատ ուրիշներ: Նրանց քաջակորով գործերը շարունակվել են Հայրենական Մեծ պատերազմի հերոսական տարիներին` մարշալներ Բաղրամյանի, Խամփերյանց-Խուդյակովի, Բաբաջանյանի, ադմիրալ Իսակովի և շատ ուրիշների կողմից: Ռուսական պետության մեծության և հզորության ամրապնդման գործին իրենց նվիրաբերած ականավոր զավակների համաստեղությունում չեմ կարող չհիշատակել վերջերս մեզանից հեռացած Գևորգ Անդրեյի Վարդանյանին` մարդ-առասպելին, նշանավոր ծպտյալ հետախույզին, Խորհրդային Միության հերոսին: Մեր միասնական պատմության այս ընդհանուր հերոսները շատ տասնամյակներ առաջ տոն հաղորդեցին մեր ժողովուրդների մարտական եղբայրությանը:

Վլադիմիր Վլադիմիրի, Ձեր այսօրվա այցելությունը 102-րդ ռուսական ռազմակայան մեծ խթան հանդիսացավ նրա ամբողջ անձնակազմի համար: Ավելին՝ այն հստակ ազդանշան դարձավ բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեր դաշնակցային գործընկերության անկեղծությունը և լիարժեքությունը, թերագնահատում են մեր ռազմավարական փոխգործակցության ներուժը:

Գյումրիի և ամբողջ Հայաստանի բնակիչները գնահատեցին, թե որքան խորհրդանշական է Ձեր այցելությունը այդ քաղաքը հողին հավասարեցրած և տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած` 1988 թվականի սարսափելի երկրաշարժի 25-րդ տարելիցի օրերին: Ողբերգության առաջին օրերից մինչ այսօր Ռուսաստանը շատ բան է արել դրա վերականգնման համար: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ծանր տարիներին ռուսական վարկի շնորհիվ Գյումրիում հաջողվեց կառուցել հազարավոր նոր բնակարաններ և տներ, ժամանակավոր շինություններում տասնամյակներով ապրած մարդկանց տանիք տալ և միաժամանակ աշխատանքով ապահովել հարյուրավոր հայ շինարարների: Ցանկանում եմ ևս մեկ անգամ երախտագիտությամբ ընդգծել այստեղ ներկա գտնվող Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի անունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը ներկաներին հիշեցրել է, որ ՌԴ Նախագահի այցը համընկնում է կարևոր մի հոբելյանի հետ. այս օրերին Հայաստանում տոնում են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 75-ամյակը, որը, իրավամբ, համարվում է երկու ժողովուրդների մշակույթների փոխներթափանցման տաճարներից մեկը: Սերժ Սարգսյանը ներկաների անունից շնորհավորել է թատրոնին և նրա գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին՝ ընդգծելով, որ թատրոնը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

Իր խոսքում Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև Երևանում այսօր բացված հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Միասնական խաչ» անվանմամբ հուշարձանի և Գյումրիում տեղադրված երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի հեղինակ, անվանի քանդակագործ Ֆրիդ Սողոյանին և նրա որդիներին:

Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային փոխգործակցությունն այսուհետ ևս ընդլայնվելու են` ի շահ երկու պետությունների և նրանց քաղաքացիների բարգավաճման, ի բարօրություն տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման: Նախագահն ասել է, որ Վլադիմիր Պուտինի այցը, անկասկած, արդեն կարևոր նշաձող է դարձել այդ ճանապարհին:

Փոխադարձ բաժակաճառում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հիացմունքով ու մեծագույն հարգանքով է խոսել իր բնորոշմամբ՝ շատ խորը և Եվրոպայի ամենահին մշակույթներից մեկն ունեցող հայ ժողովրդի և Հայաստանի մասին, ընդգծել տասնամյակներ առաջ ընդհանուր պետության մեջ Հայաստանի նկատելի մեծ ներդրումը՝ դա ամենևին պատահական չհամարելով: Վլադիմիր Պուտինը նշել է, որ հայ և ռուս ժողովուրդներին ու երկու պետությունները օբյեկտիվ պատճառներով շատ բան է միավորում: Նշելով, որ երկկողմ հարաբերությունները զարգացել են անցյալի և բարեկամ երկու ժողովուրդների հոգևոր մտերմության ամուր հիմքի վրա, ՌԴ Նախագահը վստահորեն է խոսել այդ հարաբերությունների ապագայի մասին: «Վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարության որոշումը՝ միանալ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական տարածքին, հենց այն բոլոր ավանդույթների հիմքում է, որոնք մեր նախնիների կողմից դրվել են անցած տասնամյակների և դարերի ընթացքում: Դա մտածված, կշռադատված որոշում էր, և այն նոր հնարավորություններ է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար արդեն նոր հիմքի վրա: Ես չեմ կասկածում, որ դրանք պակաս արդյունավետ և ջերմ կլինեն, քան նախկին տասնամյակներում և հարյուրամյակներում: Ցանկանում եմ Ձեզ դրա համար շնորհակալություն հայտնել»,-ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Նաթանյահուն պապին նվիրել է ինկվիզիցիայի վերաբերյալ իր հայրիկի գրած գիրքը

Նաթանյահու, պապ,ինկվիզիցիաԻսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն պապ Ֆրանցիսկին նվիրել է իսպանական ինկվիզիցիայի մասին իր հայրիկի գրած գիրքը:

Նաթանյահուն 1995թ-ին հրատարակված «Ինկվիզիցիայի արմատները» գրքի իսպաներեն թարգմանությունը նվիրել է երկուշաբթի օրը Ֆրանցիսկի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Նաթանյահուի հայրը՝ Բեն-Ցիոն Նաթանյահուն, պատմաբան էր և մահացել է անցած տարի: Նա սիոնիստ ակտիվիստ էր և ընդդիմանում էր արաբների և հրեաների միջև Պաղեստինի բաժանմանը, նա գիտական շրջանակներում հայտնի էր Իսպանիայի հրեաների դեմ կաթոլիկ եկեղեցու միջնադարյան ինվիզիցայի վերաբերյալ իրականացրած հետազոտություններով:

«Ձերդ սրբություն պապ Ֆրանցիսկին՝ մեր ընդհանուր ժառանգության մեծ հովվին» գրքի առաջին էջի վրա գրել էր Նաթանյահուն:

Երկուշաբթի՝ ավելի ուշ, Նաթանյահուն հանդիպել էր Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետային:

 

ՀՀ Նախագահի նստավայրում կայացել են հայ-ռուսական բարձր մակադրակի բանակցություններ

 

ՀՀ Նախագահ,նստավայր, հայ-ռուսական, բանակցություններՀՀ Նախագահի նստավայրում ավարտվել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները: Երկու երկրների նախագահների առանձնազրույցից հետո, կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015թթ. խորհրդատվությունների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության միջև 2014-2015 թվականների համար միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության դաշնային գործակալության միջև 2014-2016 թվականների համար համատեղ գործողությունների ծրագիրը, 2014-2018թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և  «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջև գործարքը, «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը և բաժնետիրական համաձայնագիրը:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ և պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ

 

Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի,
Հարգելի  տիկայք և պարոնայք,

Քիչ առաջ մենք ավարտեցինք շատ արգասաբեր բանակցություններ, որոնք կայացան Ռուսաստանի Նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում:

Բարեկամական և վստահության մթնոլորտում մենք հանգամանորեն քննարկեցինք հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության զարգացման ընթացքը, ապագայի համար նախանշեցինք գլխավոր ուղենիշերը: Բանակցությունների արդյունքներով ստորագրվեց 12 կարևորագույն փաստաթուղթ՝ քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության, միջուկային անվտանգության, էներգետիկայի, կրթության և զբոսաշրջության հարցերին վերաբերյալ: Այս համաձայնագրերը կլրացնեն ավելի քան երկու հարյուր միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող մեր հարաբերությունների իրավապայմանագրային բազան: Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, որը լայն հնարավորություններ է բացում Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում ներքին գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձևաչափով այլևս ոչ մի փաստաթուղթ չի մնա, որը վավերացված չլինի հայկական կողմից:

Մենք ընդգծեցինք միջազգային ասպարեզում գործողությունների հետագա համակարգման և սերտ համագործակցության կարևորությունը միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, ռազմական ոլորտները և հաստատեցինք «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ու «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի անսասանությունը:

Ես տեղեկացրեցի Ռուսաստանի Նախագահին Հայաստանի` Մաքսային միություն և Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածք շուտ մտնելուն նպատակաուղղված քայլերի մասին: Ռուսաստանի Նախագահը հաստատել է այդ գործընթացին ամենայն աջակցություն ցուցաբերելու ռուսական կողմի պատրաստակամությունը` համապատասխան սույն թվականի սեպտեմբերի 3-ի մեր Համատեղ հայտարարության և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 24-ի որոշման: Հենց այդ թեմային էր նվիրված միջտարածաշրջանային 3-րդ համաժողովը, որի բացմանը մենք մասնակցեցինք Գյումրի քաղաքում:

Ընդգծվել է իր պատասխանատվության գոտում անվտանգության և խաղաղության գլխավոր երաշխավորը հանդիսացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտների ու մեխանիզմների զարգացման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը: Մենք մտադրություն ենք հայտնել ամրապնդել Արագ արձագանքման հավաքական ուժերի ներուժը և գործնական քայլեր ձեռնարկել դրանց մոբիլիզացման, տեղափոխման և արդյունավետ օգտագործման մեխանիզմների մշակման համար:

Ես տեղեկացրել եմ Ռուսաստանի Նախագահին նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած` Ադրբեջանի Նախագահի հետ հանդիպման արդյունքների մասին և շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մինսկի խմբում համանախագահության ձևաչափում գործադրած ջանքերի համար: Մենք երկուստեք հաստատել ենք միայն խաղաղ միջոցներով այն կարգավորելու հակվածությունը` մեկ ամբողջականություն կազմող ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Մենք պայմանավորվել ենք շարունակել առևտրի և Հայաստանում ռուսաստանյան ներդրումների կայուն ավելացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գիտատեխնիկական համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերը: Առաջնահերթ ուշադրություն ենք դարձնելու ատոմային էներգետիկային, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հարցերին:

Քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: Այս համատեքստում մենք ողջունում ենք Ժնևում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը, ինչն, անկասկած, կարևոր քայլ է, որը նպաստում է տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Հարգելի ընկերներ,

Ռուսաստանի Դաշնության Նախագահի Պետական այցը կարևոր նշաձող դարձավ հայ-ռուսական հարաբերությունների նորագույն պատմության մեջ: Մենք պայմանավորվեցինք շարունակել ինտենսիվ շփումները հարցերի ամենալայն շրջանակով: Կշարունակվի միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը: Համոզված եմ, որ այս օրերին ընթացող միջտարածաշրջանային համաժողովի արդյունքում ընդլայնվի շփումների աշխարհագրությունը մեր մարզերի և նահանգների, տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Մենք պայմանավորվեցինք խրախուսել և աջակցել հումանիտար, գիտական, մշակութային և երիտասարդական փոխանակումներն ու հանդիպումները:

Վլադիմիր Վլադիմիրի, մենք պայմանավորվեցինք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական նախագահական խորհրդի ստեղծման մասին և մեր աշխատակազմերին հանձնարարեցինք մշակել Խորհրդի աշխատանքները կարգավորող անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը և ներկայացնել դրանք ստորագրման մեր հաջորդ հանդիպման ընթացքում:

Շնորհակալություն ուշադրության համար: Խոսքը հաճույքով փոխանցում եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահին:

 

Ադրբեջանում բացվելու է գորգերի թանգարան

Ադրբեջան, գորգերի թանգարանԱդրբեջանում բացվելու է գորգերի թանգարան: Դեկտեմբերի 2-ին երկրի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է այդ թանգարանը`ցուցահանդեսների կազմակերպման և թանգարանի աշխատանքի նոր պայմաններին ծանոթանալու համար:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, ներկայում թանգարանում կան գորգերի ավելի քան 15 հազար ցուցանմուշ, ոսկերչական և մետաղական իրեր, ասեղնագործության նմուշներ, գործվածքներ, ազգային տարազ և այլն:
Ադրբեջան, գորգերի թանգարանԹանգարանի հինգհարկանի շենքում կան աշխատանքային սենյակներ, ավտոմատացված պահոցներ, ռեստավրացիան արհեստանոցներ, հուշանվերների խանութ, հաճախորդների հետ աշխատանքի բաժին, ցուցահանդեսի տարածք, 120 մարդու համար նախատեսված սրճարան, լսարաններ և այլն:
Մի շարք փորձագետների կարծիքով`նոր թանգարանի համար նախատեսված տարածքը անհաջող է: Բանը նրանում է, որ գորգերը զգայուն են խոնավության նկատմամբ, մինչդեռ շենքը տեղակայված է ջրից 200 մ հեռավորության վրա:

Թեժ գծերի հեռախոսահամարները շարունակում են քաղաքացիների կողմից ստանալ բազմաթիվ հեռախոսազանգեր

  թեժ գիծԵրևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող  թեժ գծի հեռախոսահամարները յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ն, շարունակում են ստանալ բազմաթիվ հեռախոսազանգեր:

Նոյեմբեր ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 2118 հեռախոսազանգ: Մայրաքաղաքի բնակիչների կողմից քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում բարձրացված 415 հարց համապատասխան ընթացք է ստացել:
Նշված ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է  275 հեռախոսազանգ: Բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ են տրվել:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին  քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 103 հեռախոսազանգերով ներկայացված հարցերն անմիջապես ընթացք են ստացել և կարգավորվել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ադրբեջանական կրթօջախներում կներմուծվեն զինվորական պատրաստվածության նոր դասընթացներ

Արզու ՌագիմովԱդրբեջանի պետական ծառայությունը, որը զբաղվում է քաղաքացիների զորակոչի հարցերով, պարբերաբար անցկացնում է հետազոտություններ, զորակոչային համակարգի կատարելագործման նպատակով: Նման հետազոտության արդյունքում մի շարք միջոցառումներ են նախատեսվում, որոնց մասին խոսել է Ադրբեջանի պետական ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Արզու Ռագիմովը:

Այսպես համաձայնություն է կայացվել Ադրբեջանի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարությունների հետ նախակրթարաններում, միջնակարգ կրթական հիմնարկներում ներմուծել զինվորական պատրաստվածության, ռազմահայրենասիրական ուղղվածության դասընթացների նոր ծրագիր: Նախատեսվում է նաև, որ աշակերտները կստանան նոր դասագրքեր, իսկ դպրոցը կհամալրվի տեխնիկական նոր սարքավորումներով:

Ուղղահայաց սքայդայվինգի ռեկորդ սահմանելու նպատակով 63 կանայք ցատկել են 5,500մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռներից

Ուղղահայաց սքայդայվինգի ռեկորդՄիացյալ Նահանգների Պարաշյուտիստների ասոցիացիայից հայտնել են, որ աշխարհի տարբեր երկրներից 63 կանայք Արիզոնայի անապատում միմյանց ձեռք բռնած ցատկել են ինքանթիռներից ուղղահայաց սքայդայվինգի աշխարհի ռեկորդ սահմանելու համար:

Սքայդայվերները ցատկել են 5,500 մ բարձրության վրա գտնվող երեք ինքնաթիռներից:

Ուղղահայաց սքայդայվինգի ռեկորդԽմբի մեջ ներառված կանայք ներկայացնում էին տարբեր երկրներ՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանդան, Ավստրալիան, Մեքսիկան, Ֆրանսիան, Նորվեգիան, Շվեդիան և Գերմանիան:

Նրանք ռեկորդը կարողացել էին սահմանել միայն 12-րդ փորձից հետո:

Ասոցիացիայի սպորտի զարգացման ղեկավար Նենսի Կորինը հայտնել է, որ նախորդ գլխիվայր ցատկելու ռեկորդը սահմանել էին 41 կանայք 2010թ-ին:

Նա Ռոյթեր լրատվական գործակալությանը տեղեկացրել էր, որ ռեկորդ սահմանելու համար պետք է բոլոր մասնակիցները միաժամանակ գործեն, ինչը բավականին բարդ է:

Ուղղահայաց սքայդայվինգի ռեկորդՇվեդիայում տեղակայված Aeronautique Internationale ֆեդերացիան ներկայացնող ժյուրին հաստատել է ռեկորդը:

Ուղղահայաց սքայդայվինգը շատ ավելի դժվար է, քան ազատ անկումը:

Ուղղահայաց սքայդայվինգի ժամանակ սքայդայվերները ընկնում են 273 կմ/ժ և ավել արագությամբ, ինչը ինքնակառավարումը ավելի է բարդացնում:

 

Բաղդադը անհանգստացած է Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի սերտ հարաբերությունների պատճառով

irakԻրաքի էներգետիկայի փոխնախարար Հուսեյն ալ Շահրիստանի և Թուրքիայի էներգետիկայի  նախարար Թաներ Յըլդըզի միջև տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Իրաքի ներկայացուցիչը նշել է, որ Իրաքի ցանկացած տարածքից, այդ թվում նաև Իրաքյան Քրդստանից, նավթի տեղափոխումը Թուրքիա, պետք է իրականացվի միայն Բաղդադի կառավարության համաձայնությամբ: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»:

«Մենք համաձայնության եկանք, որ ցակացած արտահանում պետք է իրականացվի Իրաքի կառավարության թողտվությամբ»,-նշել է  ալ Շահրիստանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Իրաքյան Քրդստանի հետ համաձայնության է եկել նավթի արտահանման հարցի շուրջ, սակայն որևէ պայմանագիր չի ստորագրել: Իրաքի ղեկավարությունը մոտ ժամանակներս պատրաստվում է շահագործման հանձնել մի նավթամուղ, որը Թուրքիայի միջոցով կանցնի դեպի Եվրոպա: Պաշտոնական Բաղդադը դեմ է Իրաքյան Քրդստանի ինքնուրույն որոշումների դեմ՝ կապված նավթային ռեսուրսների հետ: Թուրքիայի ԱԳ նախարարությունը իր հերթին ցանկություն է հայտնել, որպեսզի այս հարցը քննարկվի եռակողմ ձևաչափով (Թուրքիա, Իրաք, Իրաքյան Քրդստան):

Վաղը Ստամբուլում տեղի կունենա «Հրանտի համար, արդարության համար» կարգախոսով հերթական ցույցը

hrant Վաղը Հրանտ Դինքի ընտանիքն ու ընկերները կրկին անգամ երթ կկազմակերպեն  «Հրանտի համար, արդարության համար» կարգախոսով՝ պահանջելով արդարացի վճիռ Դինքի սպանության դատական գործում: Առավոտյան ժամը 10:00-ին ցուցարարները հավաքվելու են Ստամբուլի Չաղլայան դատարանի C դռան մոտ՝ սկսելով իրենց երթը:

«Ինչպես ամեն բան, Հրանտ Դինքի իրական դահիճներին էլ լավ գիտեք: Նրանց շատերին ճանաչում եք, միասին պետությունն եք ղեկավարում: Եվ վարագույրը չի բացվում, ձգանի հետևի ձեռքերը շարունակում են քողարկվել: Ձեր բեմադրած ներկայացման վարագույրը երկրորդ անգամ բացվում է Չաղլայան դատարանում: Մենք կրկին այնտեղ ենք լինելու՝ ասելով «թող իրական մարդասպանները արդարադատության առաջ կանգնեն»,-ասված է նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ:

Գլխավոր-Քարտուղարի ուղերձը նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

պանգի մուն

‹‹Վերացրեք խոչընդոտները, բացեք  դռները  ներառական  հասարակության բոլոր անդամների համար››

3 դեկտեմբերի 2013

Մեզանից ավելի քան մեկ միլիարդ մարդ ունի ինչ-որ հաշմանդամություն: Մենք պետք է վերացնենք բոլոր այն խոչընդոտները, որոնք  ազդում  են հաշմանդամություն ունեցող անձանց   հասարակության մեջ ներառման  ու հասարակական կյանքին մասնակցության գործընթացների  վրա, այդ թվում` փոխելով նրանց նկատմամբ վերաբերմունքը, որը բերում  է անարդարության ու խտրականության:

«Հաշմանդամություն և զարգացում» թեմայով  սեպտեմբերին տեղի ունեցած Գլխավոր վեհաժողովի նիստի ժամանակ ՄԱԿ-ի անդամ երկրները քննարկեցին հաշմանդամություն ունեցող անձանց բացառման այն դեպքերը, որոնք ազդում են  ոչ միայն հաշմանդամների կյանքի, այլ նաև համայնքների և ամբողջ հասարակության զարգացման վրա: ՄԱԿ-ի անդամ երկրները կրկին հանձն առան ձեռնարկել  ազգային և միջազգային գործընթացներ՝ օժանդակելու հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ներառման զարգացումներին: ՄԱԿ-ի համակարգը կշարունակի աջակցել այդ ջանքերին: Մենք պետք է աշխատենք ավելի քրտնաջան,  որպեսզի ենթակառուցվածքներն ու համապատասխան ծառայություններն ապահովեն բազմակողմանի,  անաչառ և կայուն զարգացում բոլորի համար:

Այն իր մեջ ներառում է երաշխավորված բովանդակալից մասնակցություն այն գործընթացներին, որոնք ազդում են  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի վրա` նրանց համար ապահովելով նպաստավոր միջավայր: Այդ նպատակով ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակում մենք ստեղծում ենք ՄԱԿ-ի Հասանելիության կենտրոն: Ես կոչ եմ անում ՄԱԿ-ի համակարգի մյուս օղակներին և գործընկերներին հետևել այս օրինակին:

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային այս օրվա կապակցությամբ ես կոչ եմ անում կառավարություններին, ՄԱԿ-ի համակարգի անդամներին, գործարար ու քաղաքացիական համայնքներին վերացնել բոլոր խոչընդոտներն ու հաշմանդամություն ունեցող անձանց համար բացել հնարավորության  դռները: Եկեք միասին կառուցենք ներառական հասարակություն բոլորի համար:

 

 

 

 

 

Աֆղանստանում պայթյունի հետևանքով 4 ոստիկան է զոհվել, 17 մարդ՝ վիրավորվել

afganistan  Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»,  Աֆղանստանի կենտրոնական մասում գտնվող Վարդակ նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 ոստիկան զոհվել է և 17 հոգի էլ վիրավորվել է: Կառավարության ներկայացուցիչը նշում է, որ ահաբեկիչը ականապատված մեքենայով բախվել է ոստիկանության շենքին, ինչի արդյունքում տեղի է ունեցել պայթյուն: Ոստիկանության շենքը փլվել է, վնասվել են նաև մոտական շենքերը: Վիրավորվածներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է :

Ոստիկանության երկրորդ հայտարարությունը

ոստիկանությունՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ դեկտեմբերի 2-ին մայրաքաղաքի կենտրոնական հատվածում կիրառվում են որոշակի սահմանափակումներ՝ ՌԴ Նախագահի այցելության կապակցությամբ  իրականացվելիք պաշտոնական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու, այդ թվում՝ նշված միջոցառումներին արտասահմանյան հյուրերի և պաշտոնյաների մասնակցությունն ապահովելու կապակցությամբ:
ՀՀ ոստիկանությունը նախապես հայտարարել էր դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքում երթևեկությունը հատուկ գրաֆիկով կազմակերպելու, որոշ փողոցների՝ ժամանակավորապես փակ լինելու մասին: Այդ կապակցությամբ, Երևան քաղաքի մյուս փողոցներն արդեն իսկ գերծանրաբեռնված են և դրանք երթի մասնակիցների կողմից լրացուցիչ ծանրաբեռնելը կարող է խոչընդոտել այլ անձանց տեղաշարժի իրավունքի իրացմանը:
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ:
Հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը կոպտորեն խախտող քաղաքացիների վարքագիծը հիմք կհանդիսանա ՀՀ ոստիկանության կողմից հարկադրանքի միջոցներ կիրառելու համար: Երթի ընթացքում իրավախախտումներ կատարող անձինք կմեկուսացվեն և վարչական պատասխանատվության ենթարկվելու նպատակով կբերվեն ՀՀ ոստիկանություն:
Կրկին հորդորում ենք հստակ կատարել ոստիկանության ծառայողների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով տեղաշարժվելուց, պահպանել ճանապարհային երթևեկության, ինչպես նաև համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

4942Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ ՀՀ Նախագահի նստավայրում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, Նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Ցեղասպանության զոհերի հիշատակին տուրք մատուցելուց հետո, Վլադիմիր Պուտինը հուշահամալիրի Հիշողության պուրակում ջրել է դեռևս 2001թ. ՀՀ իր պաշտոնական այցի ժամանակ տնկած եղևնին:

Серж Саргсян, Владимир Путин, ЦицернакабердՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին հանձնել է 1915թ. ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար բարեգործական նպատակներով Պետրոգրադում թողարկված մեդալի ոսկե կրկնօրինակները:

Մեդալի վրա Ռուսական կայսրության զինանշան երկգլխանի արծվի և հայկական ավանդական խաչի պատկերներն են՝ հետևյալ գրությամբ. «Ռուսք առ հայս ի ժամու փորձանացս»:
***

 

1995թ. Ռուսաստանի Դաշնության պետական դուման հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության դատապարտման մասին, որտեղ նշված է. «Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետական դուման

– հենվելով անհերքելի պատմական փաստերի վրա, որոնք վկայում են Արևմտահայաստանի տարածքում 1915-1922թթ. հայերի բնաջնջման մասին,

– հետևելով ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Հռչակագրի միջազգային ոգուն ու տառին,

– պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վաղեմության ժամկետի մասին 1968թ. նոյեմբերի 26-ի միջազգագրին,

– ձգտելով վերածնել ռուսական պետության մարդասիրական ավանդույթները, հիշեցնելով, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական մեծ տերությունները դեռ 1915թ. հայ ժողովրդի հանդեպ թուրքական կայսրության գործողությունները որակել են որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություն»,

– նշելով, որ իր պատմական հայրենիքում եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը կատարվել է Ռուսաստանի քայքայման համար պայմաններ ստեղծելու նպատակով,

– դատապարտում է 1915-1922թթ. հայերի բնաջնջման կազմակերպիչներին,

– իր կարեկցանքն է հայտնում հայ ժողովրդին և ապրիլի 24-ը համարում ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:

2001թ. ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ իր պաշտոնական այցի շրջանակներում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և գրառում թողել բարձրաստիճան հյուրերի գրառումների մատյանում, որտեղ ասված է. «Ռուսաստանը հայ ժողովրդի ցավն ու ողբերգությունը միշտ ընդունել է որպես սեփականը: Գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակի առջև: Վլադիմիր Պուտին»:

Հայ-ռուսական համագործակցությունը հասել է վերընթաց կորի բարձրագույն կետին. ՀՀ վարչապետ

վարչապետՀՀ վաչապետ, հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար, հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի մասնակցությամբ Գյումրիում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ ֆորումը:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է միջոցառման հատուկ կարևորությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ այն անցկացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակներում:
«Այս համաժողովը հատուկ բնույթ ունի: Այն նվիրված է այնպիսի կարևոր թեմայի, ինչպիսին են մեր երկրի համագործակցության հեռանկարները՝ ինտեգրացիոն միավորումների շրջանակում: Այսպիսի ընտրության առիթ դարձավ, իհարկե, Հայաստանի որոշումը միանալու Մաքսային միությանը, իսկ հետագայում նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը:
Առաջին հերթին մեզ առաջնորդում էր այն անվիճելի փաստի ընդունումը, որ Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ են կոլեկտիվ ջանքեր: Մասնավորապես, ժամանակակից աշխարհում կայուն տնտեսական աճի համար նպաստավոր պայմանների ստեղծումը և մրցունակ տնտեսության ձևավորումը խիստ բարդ է, իսկ որոշ դեպքերում անլուծելի խնդիր է սահմանափակ ռեսուրսներով և փոքր շուկա ունեցող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է: Դա երկու անգամ ավելի բարդ է, եթե հաշվի առնենք այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որի պայմաններում մենք ստիպված ենք զարգացնել մեր երկրի տնտեսությունը: Այսպիսով, ՄՄ-ին միանալու որոշման հիմքում, որը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, ընկած էր Հայաստանի տնտեսության կայուն աճի և մրցունակության ապահովման ձգտումը: Այս կարևորագույն խնդրի լուծման մեխանիզմների և իրականացման ուղիների որոնումները մեզ բերեցին բնական և հիմնավորված եզրակացության՝ ինտեգրացիոն միավորման մեջ լիարժեք անդամակցության անհրաժեշտության մասին, որին անդամակցում են նաև մեր մոտ քաղաքական դաշնակիցները, ՀԱՊԿ անդամ-երկրները և մեր հիմնական տնտեսական գործընկերները»,- ասել է վարչապետը: 

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի համար: Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտաքին առևտրական գործընկերն է և Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողը, ինչը որոշիչ դեր է խաղում ՀՀ-ի ենթակառուցվածքների զարգացման հարցում: Վարչապետը նշել է, որ Ռուսաստանի հետ են կապված տնտեսության գերակա ուղղությունների և համակարգ ձևավորող ձեռնարկությունների զարգացման հեռանկարները, ինչպիսիք են, օրինակ՝ «Նաիրիտը» և ատոմային էլեկտրակայանը: «Անվիճելի է, որ մեր երկրների միջև տնտեսական հարաբերություններն անկախության տարիների ընթացքում կրել են մշտապես զարգացող բնույթ: Հարաբերությունների այսպիսի դինամիկայի պահպանումը պահանջում էր համագործակցության մեխանիզմների համակարգային կատարելագործում: Սակայն այս պահին մենք փաստացի հասել ենք մեր համագործակցության վերընթաց կորի բարձրագույն կետին, որին կարելի է հասնել օգտագործելով միայն երկկողմ հարաբերությունների սովորական գործիքակազմը: Հայաստանի և Ռուսաստանի միջև հետագա տնտեսական համագործակցության զարգացման մարտավարությունը, որն արտացոլված է մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրում, պետք է ուղղված լինի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման և մեր տնտեսությունների կառուցվածքային և տեխնոլոգիական մոդեռնիզացմանը նպաստող պայմանների ապահովմանը»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը: 
Վարչապետի խոսքով՝ այս խնդիրների լուծումը հնարավոր է միայն տնտեսական միջավայրում, որը կբացառի ցանկացած սահման կամ խոչընդոտ երկու երկրների տնտեսությունների փոխադարձ ինտեգրման համար: Այսպիսով, ՄՄ մտնելու Հայաստանի որոշումը, Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ կրում է կշռադատված բնույթ և ունի լիովին ռացիոնալ հիմնավորում: Այն պայմանավորված է մրցունակ և արդյունավետ զարգացող տնտեսության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ձգտումով:
Իր հերթին Մաքսիմ Սոկոլովը կարևորել է երկու ռազմավարական երկրների տարածաշրջանների միջև կապերի սերտացումը: «Մենք պատրաստվում ենք Հայաստանի հետ ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնց նպատակն է էլ ավելի սերտացնել և ամրապնդել Հայաստանի և նրա տարածաշրջանների հետ համագործակցությունը: Դրանց նպատակն է նաև իրականացնել երկկողմ համագործակցության նոր ծրագրեր, որոնք իրենց հերթին ուղղված կլինեն հայ-ռուսական փոխգործակցության զարգացմանը»,- ասել է Սոկոլովը:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և պետական այցով Հայաստան այցելած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ովքեր մասնակցել են հայ-ռուսաան միջտարածաշրջանային ֆորումին:  

Այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը

պնՄեկնարկել է 2013թ. ձմեռային զորակոչը: Այսօր` դեկտեմբերի երկուսին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:

Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը: Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով, այս տարի առաջին անգամ նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կկատարվի վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն կընձեռի առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները:

ՀՀ զինված ուժերում ծառայելը, և սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Անձնվիրաբար ծառայել հայրենիքին` նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ: Ուստի կոչ ենք անում ողջ ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը՝ զերծ մնալով զանցանքներից:

ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2013թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82, 010-52-34-86 հեռախոսահամարներով:

Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին:

Իսրայելական զորքերը պատասխան կրակ են բացել սիրիական կողմի հարձակումից հետո

golan heights zoneԻսրայելի զինվորականներից մեկը հայտնել է, որ սիրիական կողմը հարձակվել է իրենց զորքերի վրա և իրենք հետադարձ կրակ են բացել:

Զինվորականի խոսքով՝ երկուշաբթի օրը Իսրայելի սահմանի վրա ական է նետվել, որից հետո կրակ է բացվել իսրայելական կողմի սահմանապահների ուղղությամբ: Այնուհետև իրենց զորքերը հակադարձ կրակ են բացել Սիրիայի ուղղությամբ: Իսրայելական կողմում զոհեր կամ վիրավորներ չկան:

Սիրիական կողմը հաճախակի է ականներ նետում և կրակ բացում Իսրայելի վերահսկման տակ գտնվող Գոլան Հեյթսի ուղղությամբ: Իսրայելական կողմը կարծում է, որ կրակահերթերի մեծ մասը Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում սահմանը պատահական հատած կրակոցներ են: Սակայն որոշ դեպքերում Իսրայելը մեղադրել էր Սիրիային դիտմամբ Գոլանի ուղղությամբ կրակելու համար:

Իսրայելը հայտարերել էր, որ հեռու է մնում քաղաքացիական պատերազմից, որտեղ ընդգրկված գրեթե բոլոր կողմերը թշնամի են Իսրայելին:

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարները կհանդիպեն Բաքվում

erakoxmԱդրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմային Ալպեր Ջոթքունը այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա գալիք տարվա սկզբին Բաքվում: Նրա խոսքերով՝ եռակողմ հանդիպումը նախատեսվում է անցկացնել հունվար ամսին: Երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների երկրորդ հանդիպումը տեղի կունենա մարտ ամսին Բաթում քաղաքում:

Արտգործնախարարների այս եռակողմ հանդիպումների սկիզբը դրվել է 2012 թվականի հունիսին թուրքական Տրաբզոնում, որը ամրագրվել է «Տրաբիզոնյան հուշագրով»: Սա ենթադրում է եռակողմ համագործակցություն էներգետիկայի, տնտեսության, ենթակառուցվածքների, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար ոլորտներում:

Թուրքիան տարածաշրջանում արդար քաղաքականություն է վարում. Թայիփ Էրդողան

erdogan Ւնչպես հաղորդում է թուրքական «TRT Haber»,  Թուրքիայի վաչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը հիմնված է արդարության և եղբայրության սկզբունքի վրա: Վարչապետի խոսքերով՝ Անկարայի վարած քաղաքականությունը ուղղված է ոչ թե տարածաշրջանի  շահագործմանը, այլ զարգացմանը: Էրդողանը նաև ընդգծել է, որ իշխող կուսակցության քաղաքականությունը «գաղափարախոսական բնույթ չի կրում»: Թուրքիայի վարչապետը հավելել է, որ Անկարան շարունակելու է իր որդեգրած արտաքին քաղաքական գիծը:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովում

սերժ սարգսյանՌուսաստանի Դաշնության հարգարժա՛ն Նախագահ,
Հարգելի՛ բարեկամներ, տիկնայք և պարոնայք,

Ես անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին, ով Հայաստան է ժամանել պետական այցով: Համաժողովի աշխատանքներին ռուսական կողմից մասնակցում են կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, 7 դաշնային նախարարներ, 7 նահանգապետներ, «Ռոսատոմի», «Ռոսնեֆտի», «Գազպրոմի», «Վնեշտորբանկի», ռուսական մի շարք այլ խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Այստեղ ներկա են Ռուսաստանի 20 տարածաշրջանների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, գիտական և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ: Մասնակիցների այս ներկայացուցչական կազմը վկայում է լուրջ և հետևողական աշխատանքի անցնելու մեծ հետաքրքրության և տրամադրվածության մասին: Ուրախ ենք ձեզ տեսնել: Բարի գալուստ:

Այսօր Գյումրին, որը միշտ եղել է մեր ժողովուրդների և երկրների պատմությունների միահյուսման մարմնացումը, իրոք դարձավ հայ-ռուսական հարաբերությունների ապագայի խորհրդանիշը: Դեռևս հեռավոր 1829 թվականին Կովկաս ճանապարհորդության ժամանակ մեծ պոետ Ալեքսանդր Պուշկինը բիբլիական Արարատի ճանապարհին կանգ է առել Գյումրիում: 1837թ. այստեղ հիմնվել է ռուսական ամրոց, և քաղաք է այցելել կայսր Նիկոլայ Առաջինը: Քաղաքը վերանվանվել է Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ նրա տիկնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովի: Այստեղ տեղակայված է եղել Ռուսաստանի զինված ուժերի երկու ամենավաստակավոր գնդերից մեկը՝ Հյուսիսային դրագունյան 18-րդ գունդը, որտեղ իրենց ծառայությունն են անցկացրել Խորհրդային Միության ապագա մարշալ Սեմյոն Միխայիլի Բուդյոննին և իրավամբ ազգային երթի՝ «Սլավոնուհու հրաժեշտի» հեղինակը՝ Վասիլի Ագապինը: Գունդ, որն առանձնացել է շատ ճակատագրական մարտերում և պարգևատրվել Ռուսաստանի մի շարք բարձրագույն պարգևանշաններով, հիրավի, կարելի է համարել ակունքը մարտական եղբայրության ավանդույթների, որոնք շարունակում է 102-րդ ռուսական ռազմակայանը, որտեղ մենք այսօր պատրաստվում ենք այցելել: Այստեղ՝ Գյումրիում է գտնվում «Պատվո բլուրը»՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուսական բանակի սպաների պանթեոնը:

Այս օրերին Գյումրիում համաժողովի անցկացումն առանձնահատուկ նշանակություն ունի ևս մեկ հանգամանքի պատճառով: 25 տարի առաջ ավերիչ երկրաշարժը հսկայական վնաս է հասցրել այս քաղաքին: Զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, հարյուր հազարավորները մնացել էին առանց տանիքի: Ոչնչացվել էր քաղաքային ամբողջ ենթակառուցվածքը, և կաթվածահար էր եղել արտադրությունը: Մենք շնորհակալ ենք բարյացակամ բոլոր մարդկանց, աշխարհի բոլոր երկրներին, Խորհրդային Միության ժողովուրդներին և, իհարկե, առաջին հերթին, Ռուսաստանին՝ աղետի գոտու և Գյումրի քաղաքի վերականգնման գործում նրա անգնահատելի ներդրման համար: Այդ օգնության իսկական խորհրդանիշը, մարմնավորումը դարձավ այսօր Գյումրիում ներկա Նիկոլայ Իվանի Ռիժկովը: Վլադիմի՛ր Վլադիմիրի, բայց որպես բարեխիղճ մարդ, նա արդեն երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակողոթի մոտ է և սպասում է մեզ: Նա ղեկավարում է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը, իսկ այն օրերին ԽՍՀՄ կառավարության նախագահն էր: Նիկոլայ Ռիժկովը գիտի, որ գյումրեցիներն իրավամբ նրան համարում են յուրային: Այստեղ ոչ ոք չի մոռանում, թե որքան անձնվիրաբար նա ստանձնեց որոնողափրկարարական աշխատանքների համակարգումը, իսկ հետո նաև՝ վերականգնողական աշխատանքներն ամենածանր օրերին՝ անմիջապես այդ սարսափելի աղետից հետո: Նա, իրավամբ, համարվում է պատվավոր գյումրեցի և միակն է, ով, չլինելով հայ, կրում է Հայաստանի ազգային հերոսի բարձր կոչումը:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Մշտապես պահանջվում են նոր մոտեցումներ, որոնք ավելի հեշտ է գտնել միասին՝ ինտեգրացիոն միավորումների և գործընթացների շրջանակներում: Հենց դրանով է պայմանավորված Մաքսային միություն և Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Միասնական տնտեսական տարածք մտնելու Հայաստանի որոշումը: Այդ թեմային է նվիրված նաև այսօրվա համաժողովը:

Անցել է ընդամենը երեք ամիս Մաքսային միություն մտնելու Հայաստանի մտադրության մասին հայտարարության պահից, սակայն արդեն կատարված է հսկայական աշխատանք: Ընդունված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի համապատասխան որոշումը: Ստորագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև հուշագիր: Ստեղծված են քսաներկու աշխատանքային խմբեր, որոնք աշխատանքներ են տանում անհրաժեշտ միջոցառումների և օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման ուղղությամբ: Ընդ որում, այսօր արդեն համաձայնեցված են Հայաստանի նկատմամբ երկկողմ կարգով մի շարք կարևոր արտոնությունների և առավելությունների կիրառման մեխանիզմները, որոնք կիրառվում են Մաքսային միության երկրների միջև փոխհարաբերություններում: Ցանկանում եմ դրա համար հատուկ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Նախագահին: Վլադիմիր Վլադիմիրի, դա իսկական գործընկերոջ և բարեկամի քայլ է: Այն կարևոր նշանակություն ունի հայկական տնտեսության կենսունակությանն աջակցության համար: Շնորհակալություն Ձեզ:

Նոր մակարդակի հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը կոչված է լրացնելու մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և ռազմավարական գործընկերության առկա մակարդակը, մեծ ներուժ է պարունակում և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար: Հայաստանը նշանակալի արդյունքների է հասել բիզնես-վարչարարության ոլորտում բարեփոխումների հարցում: Բիզնեսի գրանցման դյուրինությամբ մեր երկիրը գրավում է 6-րդ տեղն աշխարհում: Տնտեսական ազատությունների և գործարար միջավայրի վարկանիշներով մենք առաջ ենք ԱՊՀ բոլոր երկրներից: Հայաստանը մեծ ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ոսկերչական իրերի արտադրության և զբոսաշրջության ոլորտներում: Հայաստանի կողմից ընդունված «բաց երկնքի» քաղաքականությունը լայն հնարավորություններ է բացում օդային հաղորդակցության աշխարհագրության ընդլայնման համար, այդ թվում՝ Ռուսաստանի տարածաշրջանների հետ: Ընդ որում, այսօր արդեն Երևանի և Մոսկվայի միջև գործում է 12 ավիաչվերթ մեկ օրում, չվերթներ են իրականացվում Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Գյումրիի միջև, իսկ ամբողջ Հայաստանը և Ռուսաստանի 19 քաղաքները միավորում է շաբաթական 130 չվերթ: Եվ այս թվերը, անշուշտ, աճման միտում ունեն:

Հայաստանն ամենահարմար և կարճ ճանապարհն է Իրանի և Պարսից ծոցի երկրների շուկա դուրս գալու համար: Մենք ընդունել ենք ազատ տնտեսական գոտիներ ստեղծելուն ուղղված անհրաժեշտ օրենսդրական ամբողջ փաթեթը, ինչը Հայաստանը դարձնում է ներդրումների համար ավելի գրավիչ, այդ թվում՝ արտահանմանն ուղղված:

Հայաստանում գործում է ռուսական կապիտալով մոտ 1300 ձեռնարկություն՝ դա օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ հանրապետության ամբողջ տնտեսվարող սուբյեկտների ավելի քան մեկ քառորդն է: Արդյունավետորեն են աշխատում ռուսական այնպիսի առաջատար ձեռնարկություններ, ինչպիսիք են «Գազպրոմը», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, ՎՏԲ բանկը, «Ռոստելեկոմը», «Ռուսական երկաթուղիներ», «Ռուսական ալյումինին», «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական կորպորացիան, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը, «ՄՏՍ-ը»: Արդեն այս այցի հարթակներում համաձայնագիր կստորագրվի ռուսաստանյան նավթային ոլորտում առաջատար «Ռոսնեֆտ» ընկերության հայկական շուկա մուտքի մասին:

Ռուսաստանը Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է: 2012թ. առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 300 մլն դոլար, ինչը նշանակում է 20 տոկոսանոց աճ՝ 2011թ. համեմատ: Այս տարվա 9 ամիսների ընթացքում մենք հասել ենք միլիարդի սահմանին, ընդ որում Հայաստանից արտահանման մասով աճը կազմել է 24 տոկոս:

Վստահ եմ, որ առևտրատնտեսական կապերի առաջմղմանը կնպաստի նաև մեր կառավարությունների կողմից հաստատված «Մինչև 2020 թվականը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկարատև տնտեսական համագործակցության ծրագիրը»:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայ-ռուսական երկկողմ ընդգրկուն օրակարգում միջտարածաշրջանային համագործակցությունը հատուկ տեղ է զբաղեցնում: Ռուսաստանյան յուրաքանչյուր տարածաշրջանի տնտեսական ներուժը, տարածքը և բնակչությունը համադրելի է մի ամբողջ պետության տնտեսության հետ: Ես ուրախ եմ, որ համաժողովի աշխատանքները չեն սահմանափակվում լիագումար նիստերով: Երեկ Ռուսաստանի պատվիրակություններն այցելել են Հայաստանի բոլոր մարզերը, վաղն աշխատանքը կշարունակվի սեկցիաներում և մարզերի ու խոշոր ձեռնարկությունների ցուցահանդեսի ձևաչափով: Հուսով եմ, որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, իսկ ձեր կապերը կսկսեն կրել պարբերական բնույթ: Մեր մարզպետները (նահանգապետները) պետք է պարբերաբար այցելեն գործընկեր-մարզեր (նահանգներ), փնտրեն մեր տնտեսությունների փոխմիահյուսման, գործընկերության զարգացման գործուն մեխանիզմներ: Մենք պետք է մշակենք և հաստատենք համագործակցության արդյունավետության բարձրացման նոր և կոնկրետ միջոցներ:

Իսկ մենք միջպետական մակարդակում կշարունակենք ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները միջտարածաշրջանային համագործակցության արդյունավետության բարձրացման համար. շարունակել համատեղ ջանքերը՝ նպատակաուղղված ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ներառյալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, հանել բյուրոկրատական արգելքները և սահմանափակող միջոցները, լայն տեղեկատվական աջակցություն ցուցաբերել զանգվածային լրատվամիջոցներում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ԶԼՄ-երի հետ աշխատանքին, այդ թվում նաև՝ մարզային լրատվամիջոցների: Արդեն երեք տարի անընդմեջ անցկացվում է «Արարատի ստորոտին» հայ-ռուսական մեդիաֆորումը: Համարում եմ, որ այդ նախաձեռնությունը պետք է սատարել պետական մակարդակով և ապահովել ռուսաստանյան ԶԼՄ-երի ներկայացուցիչների պարբերական այցերը Հայաստան, հայկական ԶԼՄ-երի՝ Ռուսաստան, ներառյալ՝ մարզերի այցելությունները: Հայաստանում լիարժեքորեն հեռարձակվում են ռուսական երեք ալիքներ՝ «ՕՌՏ», «Ռոսիա-ՌՏՌ», «Կուլտուրա», ինչպես նաև Համագործակցության ռուսալեզու ալիքը՝ «ՄԻՐ»: Լույս են տեսնում ռուսալեզու թերթեր «Նովոյե վրեմյան», «Գոլոս Արմենիին» և այլք:

Անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի Հանրապետության շրջանների հետ անմիջականորեն համագործակցող Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների աշխարհագրությունը: Այսօր դրանք հաշվվում են շուրջ 70, և մենք անկեղծորեն հետաքրքրված ենք, որպեսզի դրանք ավելանան, որպեսզի աճեն տարածաշրջանային բնույթի համատեղ ձեռնարկությունների թիվը: Այս հիմքի վրա մենք կարող ենք ավելի լիարժեքորեն իրացնել մեր տարածաշրջանների ներուժը, բարձրացնել մեր բնակիչների բարեկեցությունը: Վլադիմիր Վլադիմիրի, առաջարկում եմ մեր աշխատակազմերին հանձնարարել մշակել ղեկավարների համատեղ կրթության և որակավորման բարձրացման ծրագրեր՝ մեր ակադեմիայի և Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի հիմքի վրա: Ես կարծում եմ, որ դա կօգնի մեր ընդհանուր գործին:

Իհարկե, մեր միջտարածաշրջանային համագործակցությունը չի սահմանափակվում տնտեսությամբ, այն ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ: Բառացիորեն մի քանի օր առաջ Գյումրին հանձնեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի էստաֆետան: Մի ամբողջ տարի քաղաքը լի էր վառ իրադարձություններով՝ Համագործակցության երկրների մշակույթի բազմաթիվ գործիչների մասնակցությամբ: Փակման արարողությանը մասնակցել է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ: Հոկտեմբերին Երևանում անցկացվել է ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների արդեն ավանդական դարձած համաժողովը: Հայ հանդիսատեսը դիտեց նշանավոր պարուսույց Բորիս Էյֆմանի բեմադրությունն ըստ Դոստոյևսկիի «Կարամազով եղբյարներ» վեպի: Մեր թատրոնների հաճախակի հյուրերն են ռուսաստանյան թատերախմբերը, մշակույթի այնպիսի մեծ գործիչներ և սիրելի դերասաններ, ինչպիսիք են Յուրի Բաշմետը և Վալերի Գերգիևը, Լևոն Օգանեզովը և Եվգենի Պետրոսյանը, Դմիտրի Խարատյանը և Արմեն Ջիգարխանյանը, Եվգենի Կիսինը և Դենիս Մացուևը:

Այս համագործակցության ուղեծրում ներգրավված են երիտասարդական և հասարակական կառույցներ, կրթական և գիտական կենտրոններ: Ես ուրախ եմ, որ արդեն համաձայնեցված են Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու որոշակի ժամկետներն ու պայմանները: Մոտ 2500 ուսանող սովորում է հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Կարծում եմ՝ նպատակահարմար կլիներ կազմակերպել հայերեն լեզվի ուսուցում Ռուսաստանի այն թաղամասերի դպրոցներում, որտեղ առավել կենտրոնացված ապրում են հայկական համայնքներ:

Պետրոս Առաջինի ժամանակներից հայերն ավանդաբար փնտրել են առևտրի զարգացման, իրենց բիզնեսի առաջմղման հնարավորություններ Ռուսաստանում: Ե՛վ իրենց աշխատանքով, և՛ ջանքերով նրանք ներդրում են կատարել Ռուսական պետության ամրապնդման գործում: Զորապետից մինչև պետական գործիչ, նկարչից և երգահանից մինչև արդյունաբերող և ձեռնարկատեր, ռուսաստանցի հայերը եղել և մնում են Ռուսաստանի արժանի քաղաքացիներ և իրենց ժողովրդի հավատարիմ որդիներ: Չնայած փոքրաքանակությանը, Հայաստանի ռուսական համայնքը կարևոր դեր է խաղացել և խաղում մեր երկրի կյանքում ամենատարբեր ոլորտներում: Շատ դեպքերում նաև ի շնորհիվ սփյուռքի այդ ջանքերի, մեր երկրների միջև կապերը կրում են այդքան հագեցած, պարբերական և ընդգրկուն բնույթ:

Բայց այդ ուղղությամբ ևս մենք դեռևս շատ բան պետք է անենք: Անթույլատրելի է, որպեսզի, մեր հասարակությունների նույնիսկ ամենաաննշան մասի մոտ ծագի կասկածանքի զգացումներ, այլատյացության կամ ծայահեղականության դրսևորումներ: Մենք երկու ժողովուրդներ ենք, ովքեր մեջք-մեջքի հաղթել են Հայրենական Մեծ պատերազմում, պարտավոր ենք հայտարարել ֆաշիզիմի ցանկացած դրսևորման նկատմամբ զրոյական հանդուրժողականության մասին: Դա հակասում է մեր հասարակությունների և՛ ոգուն, և՛ արժեհամակարգին, դա հակասում է Մեծ Հաղթանակի փառքին և ժառանգությանը:

Մեր երկրների քաղաքացիների նոր սերնդին սպասվում է հայ-ռուսական փոխգործակցությունը շարունակելը, այն նոր նախաձեռնություններով զարգացնելը: Մեր ժողովուրդները, հատկապես՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, պետք է շատ ավելին իմանան միմյանց մասին: Մենք պետք է համատեղ ջանքերով տեղերում ավելի լայն խոսենք մեր ժողովուրդների բարեկամության և եղբայրության մասին, ներառյալ՝ ուսումնական հաստատությունները՝ անցկացնելով պարբերական ուսանողական և երիտասարդական փոխանակումներ ու հանդիպումներ:

Համաժողովի մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք: Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում մշակված գաղափարներն ու առաջարկությունները կնպաստեն գործնական և հումանիտար հեռանկարային նախագծերի իրականացմանը:

Շնորհակալություն ուշադրության համար:

Իսկ այժմ հաճույքով խոսքը փոխանցում եմ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին: