Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում վառվել են տոնածառի լույսերը

Վատիկան, Սուրբ Պետրոս, հրապարակ,տոնածառի լույսերՎառվել են Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրված 25 մետր բարձրությամբ տոնածառի լույսերը:

Ուրբաթ օրը տոնածառի շուրջ բազմաթիվ զբոսաշրջիկներ էին հավաքվել այդ արարողությանը ներկա գտնվելու համար: Եղևնին Վատիկանին նվիրել է Գերմանիայի Բավարիա նահանգի քաղաքներից մեկը:

Վատիկանը հայտարարել է, որ հունվարին տոներից հետո, երբ ծառի զարդարանքները հավաքվեն, դրա փայտը կօգտագործվի խաղալիքներ և այլ ամենօրյա օգտագործման իրեր պատրաստելու համար:

Սպասվում է, որ տոներին մեծ թվով մարդիկ կայցելեն հրապարակ եղևնին տեսնելու համար:

 

Երկրաշարժը դեռ չի մոռացվել

Գյումրի,երկրաշարժ«Հաջորդ տարի ՝ 2014-ին, Շիրակի մարզում աղետից անօթևան բոլոր ընտանիքներն ապահովված կլինեն բնակարանով»,-այս մասին նշեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Նրա խոսքով երկրաշարժից հետո Գյումրիում փլուզվեց և քանդման ենթակա դարձավ 20600 բնակարան: Այդքան բնակարան էլ կառուցվել է, սակայն Գյումրիում դեռ կա 430 ընտանիք, որը շահառու է ճանաչվել և բնակարան դեռ չի ստացել: Մարգարյանի համոզմամբ ոչ թե քաղաքի բնակչությունն է ավելացել, այլ ընտանիքներ են կիսվել:

Գյումրիին այս առումով «նախանձում է» Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Նա նշեց, որ ի տարբերություն Գյումրիի՝ իրենք դեռ հիվանդանոցի խնդիր ունեն: Սակայն դպրոցների մասով իրավիճակն ավելի բարվոք է: «Այսօր Լոռու մարզում չկա մի դպրոց, որը տնակային պայմաններում աշխատի, իսկ այդպիսի 173 դպրոց կար»,- ասաց Ասլանյանը:

Նրա գնահատմամբ՝ Վանաձորում 1989-1995թթ. բնակարանային ֆոնդը վերականգնվել է շատ ինտենսիվ: Այսօր Վանաձորում մնում է կառուցել 1 բնակելի շենք 16 բնակարանով, և բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած ընտանիքների խնդիրը կլուծվի: Սպիտակում այդ խնդիրը կլուծվի 2014թ.:

Միաժամանակ Ասլանյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզի գյուղական համայնքներում 1995-2005թթ. շինարարություն չի կատարվել: 2013թ. մարզում շահագործման է հանձնվել ընդամենը 32 բնակելի տուն: «2009- 2010թթ. տեմպը 2012-2013-ի հետ համեմատել պետք չէ: Մենք ահավոր դժգոհ ենք 2013-ի տեմպից»,- ասաց Լևոն Ասլանյանը:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը լավատես չէ: Նա վստահ է, որ երկրաշարժից հետո մարդկանց տանջում-սպանում են տնակներում, քանդված հանրակացարաններում: Թումասյանն ափսոսում է, որ Երևանի Հյուսիսային պողոտայի վրա ծախսվեց է՛լ ավելի հսկայական գումար, քան կպահանջվեր ամբողջ աղետի գոտին վերականգնելու համար:

Եվգենյա Աթայանը՝ Քաղաքաշինության նախարարության Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետը, արձագանքեց, որ Հյուսիսային պողոտան կառուցվել է մասնավոր, ոչ թե պետական միջոցներով: Աթայանը ցավով նշեց, որ երկրաշարժից 20 տարի անց անհրաժեշտություն առաջացավ աղետի գոտու վերականգնման նոր ծրագրի: Արդյունքում 2008-ին սկսվեց 85 մլրդ արժողությամբ ծրագիրը:

Գյումրու բնակիչ 81-ամյա Լեւոն Ղազելյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հոգնել են օգնություն սպասելուց, դեռեւս ապրում են կիսաքանդված դոմիկում ու խոնավության օդն են շնչում, հուսով է, որ ինքն ու կինը շուտով բնակարան կստանան: Երկրաշարժին շատ հարազատներ են կորցրել, օգնող ուժ չունեն, սակայն հույսները չի մարել, դեռ սպասում են, որ շուտով նոր բնակարանի դուռը իրենց առջեւ էլ կբացվի:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահը կտրուկ քայլեր կատարեց

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի ղեկավարությամբ անցկացվեց կազմկերպության նախագահության նիստ, քննարկվեցին մի շարք կազմակերպական հարցեր, կայացվեցին գործնական որոշումներ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ ընտրվեց Մանվել Ավետիսյանը: Գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ալեքսանդր Սարգսյանը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին կփոխարինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող Դավիթ Թորոսյանը: Նա նախկինում`2001-2002-ին նա մարզել է Հայաստանի հավաքականը: Եղավ նաև այս նշանակմանը դեմ արտահայտվող, սակայն ֆեդերացիայի նորընտիր նախագահը չընդունեց առարկությունը:

Մեր երկրի երիտասարդական հավաքականի մարզիչ նշանակվեց Վազգեն Բադալյանը, որը Վիկ Դարչինյանի մարզիչն է: Հայաստանի պատանեկան հավաքականը կշարունակի մարզել Արման Հարությունյանը: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը ևս կմնա անփոփոխ: Աշխատանքը կշարունակի Ռաֆայել Մեհրաբյանը:

Կազմակերպության նախագահի առաջարկով ընտրվեց գործկոմի նոր կազմ:

Անկախ

 

Իրան. Միացյալ Նահանգների նոր պաժամիջոցները խախտում են Ժնևի համաձայնագիրը

Իրան,ԱՄՆ,պատժամիջոցներ, Ժնևի համաձայնագիրԻրանի միջուկային ծրագրի բարձրաստիճան բանագնացը հայտնել է, որ իրանական ընկերությունների և անհատների նկատմամբ Միացյալ Նահանգների կիրառած նոր պատժամիջոցները խախտում են միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի և Արևմուտքի միջև կնքված համաձայնագիրը:

Աբաս Արգաչին IRNA լրատվական գործակալությանը հինգշաբթի օրը հայտնել է, որ սա երկակի չափանիշներով խաղ է և չի համապատասխանում իրենց բանակցությունների նյութին, ինչպես նաև Ժնևի համաձայնագրին:

Նա քննադատել է պատժամիջոցների կիրառումը և դրանք ապակառուցողական համարել:

Աբաս ԱրգաչիՄիացյալ Նահանգները թիրախ է դարձրել մեկ տասնյակից ավել ընկերությունների և անհատների, որոնք խուսափել են Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից:

Անցած ամիս Թեհրանը համաձայնվել էր սահմանափակել ուրանի հարստացումը, եթե Արևմուտքը մեղմացնի երկրի դեմ կիրառվող պատժամիջոցները:

 

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծիծաղը կարող է էպիլեպտիկ նոպաների և սրտի կանգի պատճառ դառնալ

 ծիծաղ, էպիլեպտիկ նոպաներՓորձագետների տվյալներով ծիծաղը հնարավոր է լավագույն բուժամիջոցը չէ և նույնիսկ կարող է վնասել:

Չնայած ցածրաձայն ծիծաղի հայտնի օգտակար հատկություններին՝ որոշ մարդկանց համար այն կարող է սպասվածից շատ ավելի վտանգավոր լինել:

Փորձագետները նշում են, որ սրտի հաճախախփության սինդրոմ ունեցող կինը ծիծաղելիս մահացել է:

Պարզվել է, որ ծիծաղը կարող է հնարավոր սրտի կանգի, կերակրափողի պատռվածքի և էպիլեպտիկ նոպայի պատճառ դառնալ:

Ծիծաղելու ընթացքում արագ շնչառությունը կարող է ասթմայի նոպա առաջացնել, իսկ որոշ մարդկանց մոտ այն ճողվածք է առաջացրել:

Բիրմինգհեմի և Օքսֆորդի համալասարանների փորձագետները մարդու օրգանիզմի վրա ծիծաղի ունեցած բարերար ազդեցությունը ուսումնասիրելու համար դիտարկել են 1946թ-ից մինչ այսօր առկա տվյալները:

Մի փորձի ժամանակ ծաղրածուներ են ուղարկել հիվանդանոցներ հիվանդներին զվարճացնելու համար:

Արդյունքում պարզվել է, որ ամբողջ օրը անկեղծ ծիծաղելը օգնում է նվազեցնել քաշը՝ 2,000 կալորիա այրելով:

Ծիծաղը դիաբետիկ հիվանդների մոտ նվազեցնում է արյան շաքարի պարունակությունը և զարկերակային պատի լարվածությունը:

Փորձագետները հայտնում են, որ իրենց հետազոտությունների արդյունքները պարզ են դրաձնում այն փաստը, որ բացի բարերար ազդեցությունից, ցանկացած տեսակի հումոր կարող է նաև վնաս հասցնել:

Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են The British Medical Journal-ի ամանորյա համարում:

 Անկախ

Զավեշտական վիճակ հայկական սպորտում, իսկական կրկես

լտ5555Տարին մոտենում է ավավարտին: Բոլոր բնագավառների ներկայացուցիչներն ամփոփում են կատարված աշխատանքը: Բացառություն չէ նաև սպորտում:
Վերջին ակորդը լինելու է տարվա 10 լավագույն մարզիկների անունների հրապարակումը: Այն տասնամյակներ շարունակ հարցման միջոցով որոշում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան:
2013-ի մրցաշրջանը բերքառատ չէ: Գետը գերան չի բերել: Օլիմպիական, մասսայականություն վայելող մարզաձևերի համապատասխան թվով ներկայացուցիչներ չկան: Այդպիսի ցածր ցուցանիշ, մերոնք վերջին տարիներին չեն ունեցել: Կատարվածի համար թե ով պետք է պատասխան տա, դեռևս պարզ չէ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն խուսափում է զանգավածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանմդիպումից: Բայց ահա, դա չի խանգարել նրան, որ փոխի խաղի կանոնները: Նախարարի հրամնով ցուցակ է կազմվել և պետք է նորարարական քվեարկություն անցկացվի` տարվա լավագույն մարզիկներին որոշելու համար:
Ի դեպ, մինչ այդ, նախարարությունում բուռն քննարկումներ էին կազմակերպվել
և հայտնվել էր, որ լավագույնների թեկնածուների ցուցակը պետք է ներկայացվի Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիային, վերջինս էլ անցկացնի քվեարկությունը: Համենայն դեպս, գերտեսչության կայքում այդպես էր գրվել:
Տարօրինակ է, բայց ֆեդերացիան չի հակաճառել, դա հիմք է ընդունել: Թևև նախկինում նման բան չի արվել, բայց այս անգամ, թերևս, այդպես էլ վարվեն:
Այդուհանդերձ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գերտաեսչություն կատարած անսպասելի այցից հետո (ցուցակում չկար ոչ մի ֆուտբոլիստի անուն), նախարարության ղեկավարությունը որոշել է մեկ այլ ցուցակով արդեն ինքնուրույն լավագույններին ի հայտ բերել:
Այնպես որ, 2013-ին կունենանք լավագույն մարզիկների երկու տասնյակ:
Ի դեպ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Նոր տարվա հանդիսավոր արարողությունը և արժանավորների մեծարումը կազմակերւպելու է դեկտեմբերի 26-ին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարության ներկայացուցիչներն էլ որոշել են առաջ ընկնել մեկ օրով և նույնատիպ արարողություն կազմակերպել: Նախկինում ՀԱՕԿ-ը և նախարարությունը համատեղ են անցկացրել միջոցառումը:
Պարզապես, վիճակը զավեշտական է, իսկական կրկես: Ափսոս որ այն չունենք, պայթեցրել ենք, բայց ինչպես երևում է տխրելու առիթ չկա…

Հեյդար Ալիևի գործերի նախկին կառավարիչը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

3Դեկտեմբերի 13-ին Բաքվի`Խազարի շրջանի դատարանը Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիևի գործերի նախկին կառավարիչ Ակիֆ Մուրադվերդիևին դատապարտել է 4 տարվա ազատազրկման` “մաքսանենգություն” հոդվածով: Մուրադվերդիևը ամբողջությամբ մերժել է մեղադրանքը. վճիռը բողոքարկվելու է, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Մուրադվերդիևը ձերբակալվել է այս տարվա հունիսի 20-ին Բաքվի օդանավակայանում Մոսկվա մեկնելիս: Ըստ հետաքննության`նա, իբրև թե, փորձել է երկրից դուրս հանել ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանի ոսկյա մետաղադրամներ և ձերբակալվել է մաքսանենգության համար: Մուրադվերդիևը հայտարարել է, որ մետաղադրամները ծածուկ դրել են իր մոտ:
2005թ.-ի հոկտեմբերին Մուրադվերդիևը ձերբակալվել էր պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով, իսկ հետո 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել տնտեսական հանցագործության համար: 2008թ.-ի հունվարին նա պայմանական կերպով վաղաժամկետ ազատ է արձակվել:
Կայքը հաղորդում է, որ կարծիք կա` այս ձերբակալության պատճառը այն է, որ Մուրադվերդիևը Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախօրեին կապող օղակ է եղել ընդդիմադիր Ազգային խորհրդի և Մոսկվայի որոշ շրջանակների համար:

 Անկախ

Հայաստանի շախմատիստները կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում

25441 chessԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը: Ահա թե ինչպես են հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչները.

Մասնակիցների դասավորությունը 5 տուրից հետո

1. Միտոն 10,0
2. Տկաչև 9,5
3. Դրեև 9,0
8. Սարգսյան 8,5
17. Պետրոսյան Տ. Լ. 8,0
28. Գրիգորյան 8,0
57. Անդրիասյան 7,0

Ընդամենը՝ 432 մասնակից

Լևոն Արոնյանը Պեկինում չարդարացրեց սպասելիքները

Լևոն ԱրոնյանՉինաստանի մայրաքաղաք Պեկինում Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով ավարտված արագ շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը 16 շախմատիստների պայքարում գրավեց 14-րդ տեղը: Նա 7 հնարավորից վաստակեց 2,5 միավոր։ Առաջին տեղը զբաղեցրեց չինացի Վան Յուեն՝ 5 միավոր։ 5 միավորով հունգարացի Պետեր Լեկոն երկրորդն է։ 4,5-ական միավորով երրորդ տեղը բաժանեցին ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը և կուբացի Լենյեր Դոմինգեսը։

Կանանց մրցաշարում ուժեղագույն ճանաչվեց ռուսաստանցի Վալենտինա Գունինան՝ 6 միավոր։

Անկախ

Թալինի, Տաշիրի, Աշոցքի, Սևանի ճանապարհահատվածներում և Սելիմի լեռնանցքում տեղ – տեղ առկա է մերկասառույց

Քուչակ-Ապարան ճանապարհ, արգելափակվելՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13 – ին` ժամը 17:30 – ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Թալինի, Տաշիրի, Աշոցքի, Սևանի  ճանապարհահատվածներում և Սելիմի  լեռնանցքում տեղ – տեղ   առկա է  մերկասառույց :

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00 – ից  մինչև 7:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ:

Անկախ

Ուկրաինայի նախագահը ցուցարարներին համաներում է առաջարկել

Ուկրաինա, ցուցարարներՈւրբաթ օրը Ուկրաինայի նախագահը համաներում է առաջարկել երկրում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի բոլոր այն մասնակիցներին, որոնց քրեական մեղադրանք է սպասվում:

Նախագահ Վիկտոր Յանուկովիչը այդ առաջարկությամբ հանդես է եկել կլոր սեղան հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին նաև ընդդիմության երեք առաջնորդներ, որոնք կազմակերպել էին երեք շաբաթ շարունակ Կիևի փողոցները հարյուր հազարավոր ցուցարարներով լցրած ցույցերը:

Այդ առաջարկի կապակցությամբ ընդդիմության ներկայացուցիչները դեռևս հայտարարություն չեն արել, սակայն նրանք ավելի վաղ հայտնել էին, որ իրենք գնում են հանդիպման միայն իրենց պահանջները պնդելու համար՝ ներառյալ կառավարության պաշտոնանկություն և պառլամենտական ու նախագահական ընտրությունների վաղաժամ կազմակերպում:

Երկրի փոխվարչապետը հայտնել էր, որ Ուկրաինան ցանկանում է ԵՄ-ի հետ տնտեսական և քաղաքական կապերը խորացնելու նպատակով շուտափույտ պայմանագիր ստորագրել:

Ամեն դեպքում՝ տնտեսական խնդիրներ ունեցող 46 միլիոն բնակչությամբ այդ երկիրը երկու մասի է բաժանվել ԵՄ-ի հետ պայմանագիր ստորագրելու կապակցությամբ, քանի որ արևելյան Ուկրաինայի՝ երկրի գյուղական հատվածների բնակչությունը ընդդիմանում է Կիևի ցուցարարներին և ցանկանում է Ռուսաստանի հետ խորացնել տնտեսական կապերը:

 Անկախ

Չհիշել չեմ կարող

մարիամ խալաթյանԱռավոտ էր: Պառկած էի օրորոցում, չնայած չորս ամսական էի, բայց մայր ինձ չէր բարուրում. երևի մանկուց կապանքներ չեմ հանդուրժել: Եղբայրս, որ ինձանից երեք տարի էր մեծ, մայրիկիս գիրկը նստած խաղում էր ափսեի խնձորների հետ: Չգիտեմ ինչքան էր անցել իմ արթնանալուց, երբ մի ահավոր դղիրդից օրորոցս շրջվեց, ու ես հայտնվեցի վերմակի, ներքնակի ու փայտե օրորոցի տակ: Ախ, թե մայրիկիս ձայնել իմանայի~: Միգուցե լալիս էի: Մայրս հաստատ ինձ չէր մոռացել, ու մի ձեռքում կրծքին էր սեղմել եղբորս, մյուսով` փորձում ինձ դուրս բերել: Վերջապես, երկու ձգուկներին գիրկն առած վազեց դուրս, բայց իջնելու հնար չկար. շենքի աստիճաններն արդեն փլվել էին: Լուսավոր աստղ. փոշու մեջ երևում է հայրս, ու հաջողվում ընտանիքին դուրս բերել փողոց:

Երկրաշարժ է: Սարսափելի արհավիրք, որ կարողացավ բառացիորեն մեկ վայրկյանում փոշիացնել ամեն ինչ: Զարմանալի բան է բնությունը. սաղմի մարդանալու համար սահմանում է երկար ու ձիգ ինն ամիս, մարդուն ծնունդ տալիս երկունքի բութ, հաճախ անդիմադրելի ցավով, իսկ կյանքը խլում` ակնթարթորեն:
Այդ օրից ամեն ինչ փոխվեց իմ կյանքում:
Մանկություն, որը բառի բուն իմաստի մեջ այդպես էլ ոչ մի կերպ չտեղավորվեց: Ունեի տիկնիկներ, օղակ, պարան… խաղում էի տանը, եղբորս հետ: Չկային մանկական սրճարաններ ու ներկայացումներ, չէին աշխատում կարուսելները:
Պատանեկություն: Առաջին դասարան, փայտե, տնակային դպրոց, սոլյարայուղից անվերջ ծխացող դասարան, մրոտված տետրեր ու գրքեր, կիսասոված, կիսաքուն մանուկներ: Դպրոցում ժամերն արագ էր անցնում, չնայած, իրական, քարաշեն, տաք ու լուսավոր դպրոցի շենք մուտք գործեցի, երբ արդեն ավարտում էի այն:
Բայց պատանեկությունը միայն դպրոցում չէ. դասերից դուրս կային նաև բակային խաղեր ու ընկերներ: Մի տեղ բախտս շատ էր բերել, մեր թաղում բոլոր երեխաները գրեթե հասակակից էին, և բոլորի պատկերացումները երևույթների մասին` նույն զարգացվածության: Հավասար էինք միասին, հավասար էինք առանձին-առանձին:
Մեր շենքը չէր փլվել, բայց ստիպեցին դա անել` խիստ վթարայնության պատճառով: Երբ ամեն ինչ քիչ թե շատ հանդարտվել էր, տեղափոխվեցինք բնակության` ընդարձակ սենյակներով տնակ: Բնական է, բակերում չկային խաղահրապարակներ, բայց մենք անտրտունջ խաղում էինք դիմացի կիսավերակ շենքի մեջ, ջարդուփշուր պանելների վրա, հող ու քարերի հետ: “Անհոգ էինք”, իրոք: Վազում էինք, թռվռում, զվարթ ծիծաղում, ու չիմանալով, որ այդ նույն պանելի կամ քարի տակ մեզ հասակակից, գուցեև մեզանից մի քիչ մեծ մեկուրիշ երեխա իր կյանքն էր ավարտել:
Խաղալիքներ էինք պահում իրար վրա սեղմված պատերի արանքում, մեզանից մեկը գտնում էր այն` ուրախանում, հրճվում էինք, չիմանալով, որ այդ նույն պատերի արանքում մոր արգանդում իր մահն էր կնքել դեռ չծնված մի երեխա:
Ինչ վազքուղներ էինք դարձրել փլված շենքերի տարածքները, մարթոններ էինք անում, հպարտանում, չիմանալով, որ մեր տրորած հողի տակ գուցե այդպես էլ չգտնված մեկի սիրտը, մյուսների ձեռքն ու գլուխն ենք ճեմում-ճզմում:
Ավերակների մեջ բազում կենցաղային իրեր էինք գտնում, ու միամտորեն կարծում` տեսնես ում պայուսակից է ընկել:
Ու այսօր արդեն ափսոսում եմ` երանի ապրեինք չիմանալով, լինեինք “անհոգ”` չիմանալով:
Այո, հասակակիցներ ենք ես և այդ չարաղետ դեկտեմբերի 7-ը: Ու, թեև ես, իմ հասակում ծաղկում եմ, ուզում եմ ու պետք է, որ դեկտեմբերի 7-ը խամրի, հեռանա:
Արցունքներ չեմ սիրում, բայց թող անձրևը գա, որ հողը ոռոգվի ու նոր ծիլեր տա: Ձմեռն էլ չեմ սիրում, բայց այն պետք է գարնան ջերմությունն ավելի լավ զգալու համար:
Թախիծն ու վիշտը երկար պահել, վատը հիշել էլ չեմ սիրում, բայց սրտիս կեսը կտրել, դեն շպրտել, ավաղ, չեմ կարող:

Մարիամ Խալաթյան

Անկախ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյան, Իտալիա, դեսպան Ջովաննի Ռիչուլի

 

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին:

Նախագահը շնորհավորել է դեսպան Ռիչուլիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական կապերի հետևողական զարգացման գործում նա իր որոշակի ներդրումը կունենա: Գոհունակությամբ արձանագրելով նախորդ դեսպանի՝ Բրունո Սկապինիի դիվանագիտական առաքելության ժամանակաշրջանում որակական նոր մակարդակի բարձրացված հայ-իտալական հարաբերություններն ու ընդլայնված երկկողմ փոխգործակցության օրակարգը, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ աշխատանքի և երկու պետությունների ու ժողովուրդների պատմական սերտ առնչությունների ամուր հիմքի վրա, նորանշանակ դեսպանի պաշտոնավարման ընթացքում, երկկողմ կապերն ավելի կսերտանան:

Երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ նկատի առնելով, որ ԵՄ երկրների շարքում Իտալիան հանդիսանում է Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից մեկը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Իտալիայի հետ Հայաստանի մշակութային, կրթական ու գիտական փոխգործակցությունը միջպետական հարաբերությունների օրակարգի կարևոր բաղադրիչներից է՝ հաշվի առնելով երկու երկրների մշակութային հարուստ անցյալը, կրթական և գիտական մեծ ներուժը:

Նախագահը հույս է հայտնել, որ Իտալիայի՝ 2014թ. ԵՄ նախագահության շրջանում Արևելյան գործընկերությունը կմնա առաջնահերթությունների շարքում:

Դեսպան Ջովաննի Ռիչուլին վստահեցրել է, որ այդ ընթացքում ևս իր երկիրը կաջակցի Հայաստանին՝ եվրոպական օրակարգի շրջանակներում բարեփոխումների իրականացման ճանապարհին:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նշում է հիմնադրման 45-ամյակը

Էրեբունի թանգարանԵրևանի քաղաքապետարանից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հիմնադրման 45-ամյակին նվիրված միջոցառմանը։

Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է թանգարանի աշխատակիցներին և, շնորհակալություն հայտնելով հայրենանվեր աշխատանքի համար, նրանց է հղել Երևանի քաղաքապետի՝ օրվա առթիվ ուղերձը։
«Մեր քաղաքի օրրանն է Էրեբունի քաղաքատեղին, որի անխաթար պահպանությունը Երևանի զարգացման դինամիկայում մեր կարևորագույն նշանառություններից է։ Հնագիտական այս շերտերի պահպանությունը պատասխանատվություն է թե՛ երևանցիների և թե՛ ողջ մշակութային հանրույթի առջև։ Շնորհավորում եմ «Էրեբունի» արգելոց-թանգարանի աշխատակիցներին թանգարանի ստեղծման 45-ամյակի առթիվ։ Շնորհակալ եմ ձեր համեստ և անբասիր աշխատանքի համար, որի շնորհիվ յուրաքանչյուր այցելուի ներկայացվում է Երևանի ծննդյան պատմությունը»,- նշված է քաղաքապետի ուղերձում։

Նշենք, որ «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության օրը պատմահնագիտական արգելոց-թանգարանի հիմնադրման 45-ամյակի առթիվ «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրվել էր քաղաքապետի ոսկե մեդալով, իսկ թանգարանի մի շարք աշխատակիցներ՝ քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով։

Անկախ

Լրացուցիչ տեղեկություններ Ակունք գյուղում տեղի ունեցած սպանությունից

կրակոցԴեկտեմբերի 13-ին, 00.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում  հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ նույն օրը,  ժամը 00.30-ին, «Ագոնալ վիճակ, գանգուղեղային տրավմա»  ախտորոշմամբ  իրենց մոտ է տեղափոխվել 1991 թ. ծնված Հարություն Հայրապետյանը, որը ժամը 01.10-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը  դեպքի վայրի զննությամբ հարակից Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մերձակա  տարածքում հայտնաբերել է 1974 թ. ծնված Կամսար Հակոբյանի  դին` կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է  5.45 մմ տրամաչափի կրակված  9 պարկուճ,    նույն տրամաչափի ամբողջական  2  փամփուշտ:Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում այսօր` դեկտեմբերի 13-ին, երկու երիտասարդ են մահացել:
Պարզվել է նաև, որ Հ. Հայրապետյանի գլխին կա հրազենային վնասվածք:
Փաստի առթիվ  ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Լևոն Յոլյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ

հհ նախագահի հրամանագիրըՀՀ նախագահի հրամանագիրը Լ. Յոլյանին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ նշանակելու մասին

Հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.

Լևոն ՅՈԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:

Տեղի է ունեցել ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՊՆ,միջգերատեսչական հանձնաժողովԴեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ՀՀ Նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:  Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015թ. վերջ և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի մինչև 2020թ. հեռանկարային զարգացման երաշխավորմանը:

Ռազմավարական վերանայման առանձին փուլերը ներառելու են Հայաստանի առջև ծառացած ներկա ու ապագա ռազմական սպառնալիքների բացահայտումն ու գնահատումը, իրավիճակի զարգացման սցենարների մշակումն ու խաղարկումը, զինված ուժերի խնդիրների հստակեցումը, անհրաժեշտ ռազմական կարողությունների պլանավորումը և այս ամենով հանդերձ` ռազմական ագրեսիան անդրադարձնելուն ունակ դինամիկ զորային կառույցի ձևավորումը:

Վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ներկայացված են Հայաստանի Հանրապետության անվտանգության ու պաշտպանության հարցերում շահագրգիռ բոլոր պետական կառավարման մարմինները` փոխնախարարների մակարդակով, իսկ հանձնաժողովը համանախագահում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Շնորհավորելով բոլոր ներկա գտնվողներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման մեկնարկի կապակցությամբ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց  ներգրավված բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների եռանդագին ներդրումը Հայաստանի Հանրապետության անվտանգության համար այս կենսական նշանակության համապետական ձեռնարկում: Պաշտպանության նախարարը նաև ընդգծեց ռազմավարական վերանայման առանձին փուլերին Հայաստանի Հանրապետության գիտակրթական շրջանակների ակտիվ ներգրավման, ինչպես նաև դաշնակից ու գործընկեր պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին տվեց հստակ ցուցումներ ռազմավարական վերանայման գործընթացի առաջին փուլի աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ:

Անկախ

Ավարտվել է ոստիկանի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ծառայող Հովհաննես Զարգարյանի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության ծառայող Հովհաննես Զարգարյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի հոկտեմբերի 23-ին վերակարգով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ, ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Սերոբ Մխիթարյանին հիշյալ դատարանում ուղեկցելու համար կազմված ուղեկցող պահակախմբում` որպես ուղեկցող և նշված կալանավորի համար պատասխանատու, պատշաճ կարգով չի կատարել իր վրա դրված պարտականությունները` խցի մոտ լինելով միայնակ` չի հետևել պահակախմբի ավագի հրահանգներին և խոսակցության է բռնվել կալանավոր Սերոբ Մխիթարյանի հետ, որի արդյունքում վերջինիս հաջողվել է խաբեությամբ նրան կանչել խուց: Հովհաննես Զարգարյանը, չպահպանելով անձնական անվտանգության կանոնները, շեղվել է ծառայության կատարումից, բացել է խցի դուռը, մուտք գործել ներս, և կալանավոր Սերոբ Մխիթարյանը, օգտվելով Հովհաննես Զարգարյանի անփութությունից, հրել է մի կողմ և խցի դուռը փակելով նրա վրա` դիմել է փախուստի:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Անկախ

Հայ-թուրքական հարաբերությունները ապագա չունեն. ադրբեջանցի վերլուծաբան

Ռուֆիզ ՀաֆըզօղլուԱդրբեջանական «Թրենդի» արաբալեզու լրատվության ղեկավար Ռուֆիզ Հաֆըզօղլուն հանդես է եկել մեկնաբանությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Երևան կատարած այցի վերաբերյալ:

«Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի մասնակցությունը Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստին ոչ միանշանակ է ընդունվել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում: Պարզ է, որ Անկարայում Թուրքիայի արտգործնախարարի այցից մեծ սպասելիքներ ունեին, կապված հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ: Ահմեդ Դավութօղլուն, որը «զրո խնդիր հարևանների հետ» գաղափարի հիմնադիրն է, Թուրքիայում ունի մեծ կշիռ՝ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի համեմատությամբ, որը նույնպես ժամանակին այց կատարեց Երևան: Չնայած նրան, որ Անկարայի կողմից իրականացվող «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը հաջողություններ ունեցավ որոշ երկրների հետ հարաբերություններում, այնուհանդերձ Հայաստանը չօգտվեց դրանից: Հայաստանը ամեն անգամ մերժում է Թուրքիայի մեկնած ձեռքը: Թուրքիայի ղեկավարներն էլ շատ լավ գիտեն, որ հայ-թուրքական հարաբերությունների լավացման հարցում անհրաժեշտ առաջընթաց չի գրանցվելու: Հայաստանից Դավութօղլուի վերադարձից հետո Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարեց, որ երկու երկրների միջև առկա խնդիրները մոտակա ժամանակում չեն լուծվի»,-նշել է Հաֆըզօղլուն:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում

սերժ սարգսյան,էկոնոմիկայի նախարարություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Էկոնոմիկայի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարության աշխատակազմում՝ զրուցել տեսչական բարեփոխումների խմբի, լիցենզավորման ու թույլտվությունների գործակալության և այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով: Այնուհետև նախարարության խորհրդակցությունների դահլիճում Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ղեկավար անձնակազմի հետ:

Խորհրդակցության ժամանակ Էկոնոմիկայի նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների ու զարգացման ծրագրերի մասին:

Նախարար Վահրամ Ավանեսյանն ընթացիկ տնտեսական միտումների հետ միասին ներկայացրել է նաև այն հիմնական շեշտադրումները, որոնք դրվելու են նախարարության հետագա գործունեության հիմքում: Նա, մասնավորապես, զեկուցել է Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների, քաղաքացիական ավիացիայի բնագավառում մեկնարկած բարեփոխումների ընթացքի, տեսչական բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման և տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման, ինչպես նաև ինովացիոն քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:

Նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը ներկայացրել է առևտրի և շուկաների կարգավորման ոլորտը՝ հիմնականում անդրադառնալով 2013թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արտաքին առևտրաշրջանառության տվյալներին և արտահանման ծավալների աճին:

2013թ. ընթացքում որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման ոլորտում իրականացված հիմնական աշխատանքները զեկուցել է նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը: Փոխնախարարն անդրադարձել է նաև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգման բնագավառում մշակված 4 ազգային տեխնիկական կանոնակարգերի նախագծերին, Հավատարմագրման ազգային մարմնի, Ստանդարտների և Չափագիտության ազգային ինստիտուտների գործունեությանը:

Նախարարի մյուս տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է միջազգային տնտեսական համագործակցության, Եվրամիության հետ համագործակցության և մտավոր սեփականության ոլորտներում, մասնավորապես` երկկողմ և բազմակողմ համագործակցության, 2012-2013թթ. Եվրամիության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի և իր համակարգման ներքո գտնվող այլ ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքները:

Նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանն անդրադարձել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման հիմնական ուղղություններին ու առաջնահերթություններին:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը Հանրապետության Նախագահին ծանոթացրել է աշխատակազմի կառուցվածքին, զեկուցել մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքներն ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զեկույցները լսելուց հետո, Նախագահը խոսել է Էկոնոմիկայի նախարարության առջև դրված խնդիրների և առաջնահերթությունների մասին. «Եթե ընդհանրացնելու լինենք մեր խնդիրները, ապա պետք է ասեմ, որ գործունեության նոր և շատ լայն դաշտ է բացվել, որտեղ ես ակնկալում եմ ակտիվ, հետևողական ու խորաթափանց աշխատանք: Հատուկ ընդգծում եմ այդ բառերը, որովհետև, իրոք, աշխատանքի այս որակները մեզ համար անհրաժեշտություն են՝ կապված Մաքսային միությանը մեր անդամակցության հետ: Եվ այստեղ բոլորս պետք է գիտակցենք այն պատասխանատվությունը, որ մենք վերցրել ենք մեզ վրա»,-ընդգծել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև մնացած ուղղություններով նախարարության հետևողական աշխատանքը, այդ թվում՝ բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդման, արտահանման ներուժ ունեցող, մեծածավալ աշխատատեղեր ապահովող ոլորտների զարգացման, փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցման ուղղությամբ:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Էկոնոմիկայի նախարարությունում վերլուծական կարողությունների զարգացման անհրաժեշտության և այդ նպատակով համապատասխան կենտրոնի ձևավորման մասին, որի աշխատանքի արդյունքն ավելի գործնական նշանակություն պետք է ունենա: Նախագահը կարևորել է նման կենտրոնի գործունեության հրապարակայնությունը և իրականացված վերլուծությունների հանրամատչելիությունը: Հանրապետության Նախագահը նշել է, թե որպես սկիզբ, ակնկալում է, որ փետրվար-մարտ ամիսներին, երբ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն վերջնականապես կամփոփի 2013 թվականի սոցիալ-տնտեսական արդյունքները, կառավարությունը հանդես կգա խորքային ու մանրակրկիտ վերլուծությամբ: Կներկայացվեն տարվա ընթացքում արձանագրված միտումները, կերևան, թե որքանո՞վ են կատարվել 2013 թվականի համար դրված նպատակները, կա¬տարվե՞լ են, թե՞ ոչ, եթե չեն կատարվել, ապա որո՞նք են այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնք հանգեցրել են շեղումների, որքանո՞վ են արտաքին գործոններն ազդել արդյունքի վրա, և ապագա զարգացումների համար ի՞նչ հիմքեր են դրվել և այլն: Այսպիսի վերլուծությունները, ըստ Նախագահի, պետք են նաև, որպեսզի բոլորի համար հասկանալի լինեն որոշումներն ու մոտեցումները:

Էկոնոմիկայի նախարարությունում Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Մասնավորապես, ներկայացնելով լայն քննարկումների առիթ դարձած կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շուրջ սկսված գործընթացի մասին իր տեսակետը՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Գիտեք, այդ խնդրով ես տևական ժամանակ անձամբ եմ զբաղվել և ժամանակին մի քանի խորհրդակցություններ եմ անցկացրել, այդ թվում նաև՝ Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, կոնկրետ՝ առնվազն 4 խմբակցությունների, կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Նպատակը եղել է, որպեսզի մենք կարողանանք զգալ բոլոր խնդիրները, որ կարող են առաջանալ՝ քաղաքականից մինչև տնտեսական, ֆինանսական, և ունենալով այդ համոզմունքը՝ մենք փաստաթղթին տվել ենք օրենքի նախագծի տեսք, ուղարկել ենք Ազգային ժողով և, փառք Աստծո, արդեն ունենք քվեարկված օրենք, որին իմ վերաբերմունքը դրական է: Ես ամեն օր լսում եմ տարբեր կարծիքներ, ընդ որում՝ այդ կարծիքները շատ հեշտությամբ կարելի է բաժանել քաղաքական և մասնագիտական տեսակների. և՛ քաղաքականում, և՛ մասնագիտականում մշտապես առկա է և՛ մակերեսայնություն, և՛ բավականին խորքային մոտեցում: Կուզենայի, որպեսզի բոլոր նրանք, որոնք համարում են այս բարեփոխումը օգտակար, շատ ավելի ակտիվ լինեին: Վերջիվերջո, ի՞նչ ենք մենք ուզում. մենք ուզում ենք, որպեսզի այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է՝ տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված: Անկեղծորեն ասած, ես շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ և նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից: Եվ որպեսզի ներողություն չխնդրեն ապագա պետական պաշտոնյաները, մենք այս խնդիրը պետք է լուծենք: Ես սա ասում եմ նրա համար, որպեսզի սա նաև լսելի լինի բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր կարող էին այս խնդիրը լուծել տարիներ առաջ: Մենք հիմա ստիպված չէինք լինի ներողություն խնդրելու: Հեքիաթներ են հնարել՝ սերունդների համերաշխությամբ տարիներով, տասնամյակներով եղած համակարգը ջարդում են: Ո՞վ է ասել, որ ջարդում են: Այդ համակարգը մնալու է: Մենք ասում ենք՝ լրացուցիչ սա էլ ենք ուզում: Շատ դրական եմ գնահատում, և բոլոր նրանք, որոնք դրական մոտեցում ունեն, շատ ակտիվ պետք է լինեն»,-ասել է Նախագահը:

Խորհրդակցության ավարտին Էկոնոմիկայի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը, առաջին բաժնի պետ Արտաշես Հովհաննիսյանը, միջազգային տնտեսական համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Նինա Տեր-Գրիգորյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

 Անկախ