Ձնաբքի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ

Ձնաբուք,արգելափակում, ավտոմեքենաներԴեկտեմբերի 8-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհին մոտ 11 ավտոմեքենա ձնաբքի հետևանքով արգելափակվել է ձյան մեջ:

«Մարտունու ՃՇՇ» ԲԲԸ-ի հատուկ ավտոմեքենան ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս ժամը 14.45-ին նունպես հայտնվել է ձնաբքի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ արգելափակվել է 24 ավտոմեքենա: Ժամը 17.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա, իսկ 20-ը դուրս են եկել տեղի ուժերով:

Ավտոպատահար Բերդիկ գյուղի մոտակայքում. կան տուժածներ

ավտոպատահարներԴեկտեմբերի 8-ին, ժամը 20.56-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հ-9» միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Բերդիկ գյուղի մոտակայքում,  «ԲՄՎ» մակնիշի 35 TS 881 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները տուժածներին՝ 1995 թ. ծնված Ա. Ա.-ին և 1992 թ. ծնված Ա. Ա.-ին հոսպիտալացրել են Արտաշատ քաղաքի, այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

շավարշ քոչարյանՀարց.

– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի` վերջերս կատարած հայտարարությունները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ
Պատասխան.
– Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը և Երևանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:
Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց որևէ նախապայմանի վավերացնելով և կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:
Եթե Թուրքիան ձգտում է էլ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջև քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը և բացի իր կողմից փակված հայ-թուրքական սահմանը:

 

Սիրիայում բախումներ են ընդդիմադիր ուժերի և Ալ-Քայիդայի մարդիկների միջև

Սիրիա, ընդդիմադիր ուժեր, Ալ-ՔայիդաՍիրիայի հյուսիսում չեն դադարում բախումները Ալ-Քայիդայի ջիհադականների և Սիրիայի ազատության բանակի զինվորների միջև: Երկու խմբավորումներն էլ հանդիսանում են Բաշար Ասադի կառավարոթւյան երդվյալ հակառակորդները, սակայն նրանց միջև միասնություն չկա՝ կապված առաջիկայում կանխատեսվող իշխանության համար պայքարի հետ:
Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ իսլամիստները գրավել են Թուրքիայի սահմանին գտնվող Սիրիայի ազատության բանակի շտաբն ու զենքի պահեստները: Փոխհրաձգության արդյունքում 5 մարտիկ է զոհվել, մյուսները փախուստի են դիմել:

Բարաք Օբաման սպառնացել է կրկին խստացնել Իրանի պատժամիջոցները

obamaԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սպառնացել է Իրանին, որ եթե վերջինս չհետևի Ժնևում ձեռք բերված համաձայնությանը, ապա Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջցները կրկին կխստացվեն: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: «Մենք չենք թեթևացնում սահմանված պատժամիջոցները, այլ Թեհրանին մի փոքր պատուհան ենք տրամադրում: Եթե առաջիկա վեց ամիսներին Իրանը ցանկություն չցուցաբերի հետևելու կայացված համաձայնության պայմաններին, ապա մենք կրկին կգնանք պատժամիջոցների ճանապարհով»,-հայտարարել է Օբաման: Վերջինս նաև ընդգծել է, որ պատժամիջոցների կիրառումը էականորեն ազդել է Իրանի տնտեսության վրա: «Իրանական տնտեսական շրջանառությունը մեկ տարում կրժատվել է մոտ 5 տոկոսով»,-նշել է ԱՄՆ նախագահը:

Սյուզի Կենտիկյանը պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Սյուզի ԿենտիկյանԳերմանիայում մարզվող և մրցելույթներ ունեցող հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը Շտուտգարտի մարզապալտում 10 ռաունդանոց մրցամարտում ուժերը չափեց Եվրոպայի չեմպիոն, իտալուհի Սիմոնա Գալասի հետ: Հայ մարզուհին միավորներով հաղթեց 41-ամյա մրցակցուհուն և տիրացավ Եվրոպայի չեմպիոնի նրա գոտուն: Կենտիկյանը պահպանեց թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով  աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Սյուզին պրոֆեսիոնալ ռինգում 32-րդ հաղթանակը տարավ:

Վիկտոր Պոլոտենկո. «Եվրոպան շատ է առաջ գնացել, հեռացել է, իսկ մենք մնացել ենք նույն վիճակում»

Viktor Polotenko«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարում մեր երկրի երիտասարդական հավաքականը, առաջ անցնելով Ուկրաինայի ներկայացուցիչներից, Վրաստանի, Ռուսաստանի թիմերից հետո գրավեց 3-րդ տեղը: Չնայած զբաղվածությանը` մեկ օրով Երևան էր այցելել Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վիկտոր Պոլոտենկոն: Որպես Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ, Եվրոպայի գավաթի խաղարկության շրջանակում անցկացվող խաղին ներկա գտնվելու համար, նա Հայաստանի մայրաքաղաքից ուղևորվեց Սերբիա: Իսկ մինչ այդ Պոլոտենկոն  սիրով պատասխանեց «Անկախի» հարցերին:

 – Ինչպիսի՞ն են Ռուսաստանի և Հայաստանի հանդբոլի ֆեդերացիաների համագործակցության հիմնական ուղղությունները:

– Հնարավորն արվում է, որպեսզի ավելի շատ համատեղ միջոցառումներ կազմակերպվեն, երկու երկրների հանդբոլիստները խաղան մրցաշարերում, մրցափորձ կուտակեն: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի հետ կապերը սերտ են, և կազմակերպության նախագահ Սարգիս Գրիգորյանի հետ զրուցել, նոր ծրագրեր ենք կազմել, պայմանավորվել ենք, որ թիմերը միասին պարապեն, խաղեր անցկացնեն: Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի հետ համատեղ Հայաստանում սեմինարներ կկազմակերպվեն, որոնց կգործուղվեն ռուսաստանցի մասնագետները: Կօգնենք մրցավարների պատրաստման հարցում: Ի դեպ, Ռուսաստանում քիչ չեն բարձրակարգ հայ մասնագետները: Ճանաչված են նաև մրցավարներ Զոպունյան քույրերը: Նրանք բնակվում են Կրասնոդարում: Կաջակցենք նաև տեսուչների պատրաստման հարցում: Մարզիչների աճեցման խնդիրը մի փոքր ուրիշ է, ավելի դժվար: Բայց գլխավորն այն է, որ Ռուսաստանի, Հայաստանի  պատանիները և աղջիկները միմյանց հետ մրցումների մասնակցեն: Նախընտրելի է, որ Հայաստանին մոտ Ռուսաստանի տարածաշրջանների հետ այդ կապը լինի: Գաղտնիք չէ, որ փոխադրամիջոցներից օգտվելու համար զգալի ծախսեր են պահանջվում: Վրաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները երևանյան մրցաշարին մասնակցելու համար ավտոբուսներով էին ժամանել Հայաստան: Մենք կարող էինք հնարավորություն տալ ինքնաթիռով գալու, բայց տոմսերը զեղչով էինք գնել, քանի որ ֆինանսների պակասը ներկայումս հիմնախնդիրներ է առաջացնում: Մտածում ենք պարբերաբար միջազգային պատանեկան մրցաշարեր կազմակերպել և հրավիրել նախկին Խորհրդային  Միության հանրապետությունների հանդբոլիստների թիմեր: Տոլյատիում այդպիսի մրցաշար է անցկացվելու, շուրջ 5 տասնյակ թիմ է հավաքվելու: 9-16 տարեկանների թիմեր են հանդես գալու: Ցանկալի է, որ Հայաստանի ներկայացուցիչներն էլ խաղան:

 – Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի ֆինանսական վիճակը կայո՞ւն է, որո՞նք են հիմնական խնդիրները:

– Ցանկալի է, որ ֆինանսական վիճակն ավելի լավ լինի: Գլխավոր հիմնախնդիրը ֆեդերացիայի հովանավորներ գտնելն է:

հանդբոլ – Ինչքա՞ն է Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի բյուջեն: Ինչպիսի՞ն այն պետք է լինի, որ աշխատանքը բնականոն կազմակերպվի:

– Մեր երկում այլ համակարգ է: Հավաքականներին ֆինանսավորում է պետությունը` սպորտի նախարարությունը: Իսկ մյուս հարցերը կարգավորվում են այն միջոցների հաշվին, որոնք հայթայթվում են: Հեռարձակումների խնդիր կա: Ցուցադրության համար ֆեդերացիան է վճարում, քանի որ քարոզչության խնդիր կա: Հետխորհրդային շրջանի մեծ տարբերությունը Արևմուտքի հետ դա է: Եվրոպական երկրներում հեռուստաընկերություններն են վճարում, որպեսզի սպորտ ցուցադրեն, իսկ ներկայումս Ռուսաստանում սպորտի ներկայացուցիչներն են ցուցադրության համար փողեր տրամադրում հեռուստաընկերություններին: Դուք էլ այդ խնդիրն ունեք: Մինչև դա չկարգավորվի, իրավիճակը չի փոխվի: Իսկ Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան պահանջում է, որ տարբեր երկրներում խաղերը պարտադիր հեռարձակվեն: Եվ եթե Հայաստանում կազմակերպվի եվրոպական պաշտոնական ստուգատեսի շրջանակում  մրցաշար, Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիան խնդիր է դնելու, որ Հայաստանից հեռարձակման ազդանշան լինի, իսկ դրա համար պետք է վճարի Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան: Այս առումով իրավիճակը բարդ է, և շատ բան կախված է զանգվածային լրատվամիջոցներից և հովանավորներից: Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիան պետությունից աջակցության կարգով տարեկան շուրջ մեկ միլիոն դոլար է ստանում: Ռուսաստանի նման խոշոր երկրի համար դա քիչ է, եթե հաշվի առնենք, որ 10 հավաքական կա: Տարբեր տարիքային խմբերի հանդբոլիստների և հանդբոլիստուհիների 3-ական թիմեր ունենք, մարզիկների և մարզուհիների  2-ական թիմ էլ լողափնյա հանդբոլում է: Դրանք մասնակցում են միջազգային բոլոր ստուգատեսներին, և պարզ է, թե ինչպիսի ահռելի ծախսեր են անհրաժեշտ: Դժվար է ասել, թե ինքան փող կպահանջվի աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպելու համար, դա կախված է այն հանգամանքից, թե տվյալ տարին ինչ մրցումներ են անցկացվելու: Ցանկալի արդյունքի հասնելու համար ֆինանսներն ինչքան շատ լինեն, այնքան լավ:

 – Հայաստանում գործարարները խուսափում են հանդբոլը զարգացնելու համար փողեր ներդնելուց: Ռուսաստանո՞ւմ էլ նույն պատկերն է:

– Պետությունից չդժգոհելու խնդիր չկա, քանի որ ղեկավար այրերի համար այդ ամենն ավելի տեսանելի է: Ցավալին այն է, որ մեխանիզմ չկա, որպեսզի հովանավորները շահագրգռված լինեն սպորտին օգնել, փողեր ներդնել: Այդ պարագայում ինչպե՞ս կարող է խաղային մարզաձևերի պրոֆեսիոնալ ակումբը գոյատևել: Խաղերի քանի՞ տոմս է պահանջվում վաճառել, որպեսզի թիմերը փող ունենան: Ենթադրենք` հազար հանդիսական է հավաքվում, դա հարցի լուծում չէ: Նախկին խորհրդային հանրապետություններում սպորտը սոցիալական բաղադրիչ էր համարվում: Մինչդեռ ներկայումս սպորտը պրոֆեսիոնալ է դարձել, մարդիկ դրա միջոցով փորձում են վաստակել:

 – Նախագիծ կար հետխորհրդային երկրների, դրանց հարակից երկրների հետ համատեղ լիգա ստեղծելու: Այն ուժի մե՞ջ է մնում:

– Չորս տարի առաջ էր, որ այդ մասին խոսակցություններ սկսվեցին: Բայց կրկին հովանավորների խնդիր կա: Եթե բասկետբոլում, տափօղակով հոկեյում հովանավորների օգնությամբ լիգաներ են ստեղծվել, ապա հանդբոլում դա դժվար է: Գաղափարը կա, մնում է: Բարդ է այն իրագործելը: Հարց է, թե  ով պետք է վճարի, ասենք, Տաշքենդից ինքնաթիռով Տալլին ուղևորվող թիմի ծախսերը, կամ էլ Դուշանբեի թիմն ինչպես, ինչ միջոցներով պետք է հասնի Երևան և այլն:

 

– Ձեր կարծիքով` ներկայումս Հայաստանում հանդբոլն ի՞նչ մակարդակ ունի:

– Խնդիրները նույնն են, որոնք կան նաև մեր երկրում: Ինչքան հաճախակի հանդիպեն, միասին պարապեն, խաղան Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներն իրար հետ, այնքան արագ էլ մարզաձևը երկու երկրներում կզարգանա: Ռուսաստանը ներկայումս հանդբոլի առաջատար երկիր չէ: Հետ ենք մնացել, և այդ մասին աներկյուղ ասում եմ: Հետ ենք մնացել մարզիչների, խաղացողների պատրաստման հարցերում: Եվրոպան շատ է առաջ գնացել, հեռացել է, իսկ մենք մնացել ենք նույն վիճակում: Հայաստանի ներկայացուցիչներն էլ համանման խնդիրներ ունեն: Օրինակ` երևանյան միջազգային մրցաշարն անցկացվում է «Դինամո» մարզասրահում, որի դահլիճը հանդբոլ խաղալու համար փոքր է: Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդիպումներ է անցկացնելու այստեղ, իսկ հունվարին խաղալու է Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, ուժերն է չափելու տանտերերի, Թուրքիայի հավաքականների հետ: Դժվար է լինելու այն առումով, որ Ռումինիայում միջազգային չափանիշներին համապատասխանող մարզասրահում են խաղերն անցկացվելու: Ստացվում է, որ Հայաստանի հավաքականն առաջին անգամ է միջազգային չափանիշներին համապատասխանող դահլիճում մրցելու: Ընդ որում, Ռումինիայի հավաքականից վախենում է անգամ Ռուսաստանի ընտրանին:

 – Ռուսաստանի հավաքականի առաջատարներից է Սամվել Ասլանյանը, որը «Չեխովսկիե մեդվեդի» ակումբից տեղափոխվել է ուժեղ նոր թիմ: Նա իրեն ինչպե՞ս է զգում «Պերմսկիե մեդվեդի» թիմի կազմում:

– Առաջինը Մոսկվայի մարզի թիմ է: Եվ փոխվել է քաղաքանությունը, պրոֆեսիոնալ ակումբն այլևս պետական աջակցություն չի ստանում: Ինչպես հայտնի է, այդ թիմում էին հանդես գալիս Ռուսաստանի հավաքականի բոլոր հանդբոլիստները: Այժմ այդ խաղացողները կարողություններն են փորձում արտասահմանյան տարբեր ակումբներում: Հնարավոր է, որ դա ավելի լավ է: Ժամանակը ցույց կտա: Մեծ մասը տեղափոխվել է Մակեդոնիա և խաղում է մի թիմում, որը ռուսաստանցի գործարար է հովանավորում: Ստացվում է, որ այդ երկրում փողեր ներդնելը հանդբոլում ավելի ձեռնտու է, քան Ռուսաստանում: Ընդ որում, նա ֆինանսավորում է հանդբոլիստների և հանդբոլիստուհիների թիմեր: Դա որոշ առումով վիրավորական է: Ինչ վերաբերում է Ասլանյանին, ապա նոր թիմում նա պետք է կրկին փորձի իրեն առաջատար դրսևորել:

 – Ռուսական թիմերում կա՞ն հայ խաղացողներ: Արգելքներ չե՞ն ծագի, եթե ոմանք ցանկանան խաղալ Հայաստանի դրոշի ներքո:

– Ոչ մի խնդիր չկա: Երջանիկ կլինի ամեն հայ, եթե ազգային թիմի պատիվը պաշտպանի: Այդպիսի հնարավորությունն օգտագործելուց հրաժարվել չի կարելի:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Մուհամադ Մուրսիի մոտ այլևս այցելուներ թույլ չեն տրվի

 Մուհամադ ՄուրսիԵգիպտոսի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկրի իշխանազրկված և բանտարկության մեջ գտնվող նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի մոտ այլևս այցելուներ չեն լինելու՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Մուրսիի փաստաբանին և որդուն վերջերս թույլ են տվել այցելել նրան: Մուրսիի որդին ենթադրում է, որ հորը Ալեքսանդրիայի բանտից տեղափոխել են այլ կալանավայր:

Նշենք, որ Եգիպտոսի նախկին նախագահին մեղադրում են ընդդիմադիր ցուցարարների սպանությունների հրահրման մեջ: Այս գործով հաջորդ դատական լսումները տեղի կունենան 2014 թվականի հունվարի 8-ին:

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կախված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից. Ահմեդ Դավութօղլու

Ահմեդ ԴավութօղլուԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կախված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերթյուրքը»: «Եթե նույնիսկ Թուրքիան և Հայաստանը կարգավորեն դիվանագիտական հարաբերությունները, ապա առանց Հարավային Կովկասում խաղաղության հաստատման այդ հարաբերությունները ամեն պահ կարող են խափանվել»,-ընդգծել է Դավութօղլուն:
Վերջինիս խոսքերով՝ այսօր տարածաշրջանում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև սերտ հարաբերություններ են հաստատվել: Նրա խոսքերով՝ եթե հաշվի չառնվեն Երևանի և Մոսկվայի հարաբերությունները, ապա կարելի է ասել, որ Հայաստանը մեկուսացված է: «Պաշտոնական Անկարան կողմ չէ գործերի նման ընթացքին, սակայն եթե Հայաստանը մտադիր է դուրս գալ առկա շրջափակումից, ապա նա պետք է դուրս գա օկուպացրած ադրբեջանական հողերից»,-նշել է Դավութօղլուն: