Լեգենդար հայկական կոնյակի պատմությունը

հայկական կոնյակԵրբեք ճաշից մի՛ ուշացեք, ծխե՛ք հավայան սիգարներ ու խմե՛ք հայկական կոնյակ:
Ուինսթոն Չերչիլ
Հայկական կոնյակն ունի դարերի պատմություն, որին սկիզբ դրեց բիբլիական Նոյ նահապետը՝ տնկելով առաջին խաղողի որթը Հայկական լեռնաշխարհում: Իսկ հետո…
Սկսած 1887 թվականից՝ Հայաստանում հիմնվեց կոնյակի արտադրություն, երբ վաճառական Ներսես Թահիրյանը կառուցեց առաջին գինու-կոնյակի գործարանը, որը հետագայում դարձավ Երևանի Կոնյակի գործարան: 1899 թվականին գործարանը գնվեց ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովի կողմից: Վերջինս բացառիկ մարդ էր՝ օժտված իր ժամանակի համար շատ առաջադեմ ձեռնարկատիրական ունակություններով, որը զբաղվում էր հայկական կոնյակի առաջխախացմամբ արտասահմանյան շուկայում: 1900 թվականին Փարիզյան ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստանում է «Գրան-Պրի» մրցանակ: Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրվում է իր արտադրանքը վաճառել ոչ թե բրենդի, այլ կոնյակ անվանումով: Նշենք, որ կոնյակ անվանումը առաջացել է ֆրանսիական Շարանդա նահանգի Կոնյակ քաղաքի անունից, որտեղ էլ առաջին անգամ տեղական հումքով պատրասվել է ալկոհոլային «Cognac» խմիչքը:
Հայկական կոնյակը մեծ ճանաչում ստացավ 1913 թվականին, երբ «Շուստով և որդիներ» ընկերությանը թույլատրվեց իր արտադրանքը մատակարարել ռուսական կայսերական արքունիքին: Այդպիսի տիտղոս Ռուսաստանում ունեին շատ քիչ թվով արտադրողներ: 1917 թվականի հեղափոխությունից հետո հայկական կոնյակի արտադրությունը հարցականի տակ դրվեց:
Կոնյակի գործարանի «վերածնունդը» տեղի ունեցավ արդեն Խորհրդային Միության տարիներին՝ «Արարատ» գինու-կոնյակի տրեստ անվանումով: Գործարանի գլխավոր տեխնոլոգ դարձավ Մակար Սեդրակյանը, նա կիրառեց կոնյակի պատրաստման նոր, առաջադեմ տեխնոլոգիա, բացի այդ հայկական կոնյակը ստացավ նոր դիզայն, շշերի վրա հայտնվեց Արարատ լեռը՝ որպես այդ խմիչքի ծագման խորհրդանիշ:
1937 թվականին Մակար Սեդրակյանը ստեղծում է ԽՍՀՄ-ում պատրաստված առաջին կոնյակը՝ «Հոբելյանական»-ը, որն ուներ 10 տարվա հնեցում և 43 աստիճան թնդություն, ապա հաջորդաբար ստեղծվեցին տարբեր հնեցման ժամկետի և թնդության հայկական կոնյակի «Հայաստան», «Դվին», «Երևան», «Ախթամար», «Նաիրի», «Անի», «Վասպուրական», «Էրեբունի» տարատեսակները: Ի դեպ, «Վասպուրական»-ը 1890 թվականին Մ. Սեդրակյանի աշակերտները ստեղծում են նրա պատվին:
Խոսելով բուն արտադրության մասին՝ նշենք, որ կոնյակ պատրաստելու համար օգտագործվում է 13 տեսակի խաղող, որոնցից են՝ «Ոսկեհատ», «Գառան դմակ», «Ռկացիտելի», «Մսխալի» և «Կանգուն»: Գյուղացիները բերքահավաքն անում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և ցածր գնով մեծ քանակությամբ վաճառում այն կոնյակի գործարանին: Ապա պատրաստվում է խաղողի գինի, որն էլ որոշ ժամանակ անց դառնում է 12-14 աստիճան թնդությամբ կոնյակի սպիրտ և վերածվում կուպաժի:
Կուպաժը կոնյակի տարբեր հնության սպիրտերի որոշակի չափի միախառնումն է: Պատրաստի կուպաժը լցնում են 70 տարեկան կաղնու փայտից պատրաստված տակառների մեջ, որտեղ նորածին կոնյակը պետք է որոշ ժամանակ «հանգստանա»: Հանգստի տևողությունը կախված է կոնյակի տեսակից. սովորական խմիչքներին (3-5 տարվա հնության) վեց ամիսն էլ բավարար է, իսկ հին կոնյակը թողնում են ավելի երկար: Օրինակ, տաս տարեկան կոնյակները հանգստանում են 1-1,5 տարի: Սովորական ու տեսակավոր կոնյակներն էլ են հանգստանում տարբեր պայմաններում: Տեսակավորները պահում են 400 լիտրանոց տակառներում, իսկ սովորականները՝ հատուկ 35.000 լիտրանոց կաղնե «Չան» կոչվող տակառներում կամ նույն չափի էմալապատ կաթսաներում: Բնականաբար տեսակավոր կոնյակների գները ավելի բարձր են, դրանք սկսկվում են մոտ 1000 ԱՄՆ դոլարից: Հետաքրքիր մի փաստ ևս: Կոնյակի որակը ստուգելու համար պետք է մի քանի կաթիլ լցնել ձեռքի ափի մեջ և շփել, հետո ափերը սեղմել իրար: Եթե ափերը չեն կպչում իրար, ուրեմն կոնյակը բարձրորակ է:
1998 թվականից «Արարատ» լեգենդար կոնյակների արտադրությամբ զբաղվող Երևանի կոնյակի գործարանը դարձավ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող համաշխարհային աջառատար «Pernod Ricard» խմբի անդամ: Ցավոք, հետագայում ֆրանսիացիների կողմից Երևանի կոնյակի գործարանը գնելուց հետո մեր կոնյակի շշերի վրա կորցրինք «կոնյակ» անվանումը գրելու իրավունքը. ըստ ֆրանսիացիների՝ միայն իրենք այդ իրավունքն ունեն, այն էլ՝ միայն Ֆրանսիայում: Եվ այժմ արտադրվող նոր խմիչքի վրա գրվում է «բրենդի» անվանումը, որն, ի դեպ, թարգմանաբար նշանակում է «այրված գինի»: Այնուամենայնիվ, այն փաստը, որ հայկական կոնյակը իսկապես լեգենդար է, ապացուցված է պատմությունով: Ասում են՝ այս կոնյակը շատ է սիրել Յ. Գագարինը, իսկ Վ. Չերչիլը, լինելով իսկական կոնյակի մեծ սիրահար, օրական մեկ շիշ կոնյակ էր խմում այն էլ ՝ հայկական «Դվին» կոնյակը:
Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Անկախ

Այսօր Թուրքմենստանում խորհրդարանական ընտրություններ են

աշխաբադԻնչպես հայտնում է թուրքական «Հաբերլերը»՝ Թուրքմենստանում  այսօր անց են կացվում  խորհրդարանական ընտրությունները: 125 պատգամավորական տեղերին հավակնում են 283 թեկնածու: Երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է, որ այս խորհրդարանական ընտրությունների անցկացումը մեծ դեր է խաղալու Թուրքմենստանի հասարակական-քաղաքական կյանքում, նպաստելու են թուրքմենական հասարակության ժողովրդավարացմանը:
Թուրքմենստանի 2013 ընտրությունները բացառիկ են նրանով, որ առաջին անգամ խորհրդարանական մանդատի համար հիմնական պայքարը ընթանում է երկու կուսակցության միջև: Թուրքմենստանի Դեմոկրատական կուսակցությունից ներկայացված է 99 թեկնածու, Արդյունաբերողների և գործարարների կուսակցությունից ներկայացված են 21 թեկնածու, Թուրքմենստանի կանանց դաշինքից՝ 37 թեկնածու,Մահթումկուլիի երիտասարդական կազմակերպությունից՝ 22 թեկնածու, իսկ հասարակ քաղաքացիներից 15 թեկնածու:

Աֆրիկյան Կունու գյուղում տեղի է ունեցել Նելսոն Մանդելայի հուղարկավորման արարողությունը

Նելսոն ՄանդելաՀարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի հուղարկավորման արարողությունը այսօր առավոտյան տեղի է ունեցել նրա հարազատ Կունու գյուղում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում: Արարողությանը մասնակցել են մի քանի հազար հարազատներ և ցեղակիցներ: «Ազգի հոր» գերեզմանի մոտ տեղադրված մի քանի տասնյակ թնդանոթներ կրակել են ի հիշատակ Մանդելայի:

Լեգենդար առաջնորդի հարազատների խնդրանքով արգելվել է արարողության ֆոտո և վիդեո նկարահանումները, քանի որ թաղումը իրականացվել է ցեղային ավանդույթներով: Այնուհանդերձ տեղական հեռուստատեսությունը ուղիղ եթերով հեռարձակել է արարողությունը:
Նելսոն Մանդելան մահացավ դեկտեմբերի 5-ին Յոհանեսբուրգի իր տանը 95 տարեկանում: Նա Հարավային Աֆրիկայի պատմության մեջ դարձավ առաջին սևամորթը նախագահը, որը այդ պաշտոնը զբաղեցրեց 1994 թվականի մայիսից մինչև 1999 թվականի հունիսը: Մանդելան, պայքարելով խտրականության ռեժիմի դեմ, բանտում անցկացրել է 27 տարի: 1993 թվականին նա արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի:

 

Անկախ

Շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտը` հայ մրցավարի աչքերով

շախմատՀնդկաստանի Չեննայ քաղաքում օրերս ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը, որում նորվեգացի Մագնուս Կառլսենը հաղթեց   Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդին: Եվ այդ մրցամարտի գլխավոր մրցավարը երևանցի միջազգային մրցավար, Շախմատի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ, Շախմատի Երևանի  ֆեդերացիայի նախագահ  Աշոտ Վարդապետյանն էր: Ի դեպ, նա երկրորդ անգամ էր մրցամարտ սպասարկում գլխավոր մրցավարի կարգավիճակով: Նախորդ` Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի և Անանդի մրցամարտը ևս Վարդապետյանն է վարել: Սա աննախադեպ էր հայկական շախմատում, նաև այլ մարզաձևերում: Վերադարձից հետո ճանաչված մասնագետը մանրամասներ պատմեց Հնդկաստանում կատարվածի մասին: 

– Չեննայը նախկին Մադրասն է և ոչ միայն Հնդկաստանի այլև Ասիայի խոշորագույն քաղաքներից է: Անգլիայի տիրապետության տարիներին այդ տարածաշրջանի կենտրոն է համարվել և Անգլիայից նշանակված ղեկավարի նստավայրն է եղել: Չեննայի նավահանգստում մեծ նավատորմ է եղել, քաղաքում էլ առևտուրը ծաղկել է: Մադրասում բնակված հայերն ունեցել են իրենց նավատորմը, որը ոչ միայն մրցել, այլև գերազանցել է անգլիական նավատորմին: Անգլիացիները չեն կարողացել դիմանալ հայերի առևտրի թափին: Մրցակցությունը տանուլ տալու պատճառով, անգլիացիները գործարքի մեջ են մտել ծովահենների հետ և նրանց միջոցով կործանել են հայկական նավատորմը: Ներկայումս քաղաքը տխուր տպավորություն է թողնում: Հին շենքերը, շինությունները, աղքատները շատ են: Բայց նաև եվրոպական մակարդակի շինություններ կան:

Գիտեի, որ հայկական եկեղեցի կա և այցելեցի այն: Բայց ականատես դարձա տհաճ պատկերի: Եկեղեցու ճակատին գրված էր, որ այն հիմնադրվել է 1717-ին և Հարավային Ասիայում հայկական ամենահին եկեղեցին է: Մտնել չհաջողվեց, թեև կիրակի օր էր, կեսօր: Մտածում էի, որ նաև մեր հայրենակիցների կհանդիպեմ: Հայաստանի անունը կրող փողոցում գտնվող եկեղեցին փակ էր: Փողոցն էլ աղքատներով և մուրացկաններով լեցուն, կեղտոտ: Տեղաբնակներից իմացա, որ  եկեղեցու միակ աշխատողը պահակն է, որը տիրություն է անում: Ասացին, որ եկեղեցու ներսում լավ վիճակ է, բայց դրսից այն խղճուկ տեսք ուներ: Լավ էր, որ ինձ հետ չէին արտասահմանցի գործընկերներս, որոնց ասել էի, որ այդ քաղաքում հայկական եկեղեցի կա: Ոչ մի հայրենակցի չհանդիպեցի, հայերի թիվը քաղաքում փոքր է: Թերևս դա է պատճառը, որ եկեղեցին չի գործում:

Ի դեպ, հայկական եկեղեցուց 50 մ հեռու  հունահռոմեական մի եկեղեցի կա, և այն մեծ թվով տեղացիներ էին այցելում, քանի որ 10 մլն բնակիչ ունեցող Հնդկաստանի այդ քաղաքում տարբեր  դավանանքի մարդիկ են բնակվում, և քրիստոնյաները քիչ չեն: Իմ կարծիքով` Չեննայի բնակչության թիվն ավելի մեծ է, քան պաշտոնական տվյալը: Բանն այն է, որ բոլորին հաշվառել հնարավոր չէ: Հազարավոր մարդիկ փողոցներում, լողափին են բնակվում` բաց երկնքի տակ և այդտեղ էլ մահանում են: Ի դեպ, փողոցում քայլելիս` երկու անգամ դիակ եմ տեսել: Բայց մրցամարտի մասնակիցները բոլորովին այլ պայմաններում էին:

 – Հետաքրքիր է` ինչպիսի՞:

– Մրցամարտը կազմակերպվել էր շատ շքեղ, «Հայաթ Ռեջերսի» հինգաստղանի հյուրանոցում: Այն քաղաքի կենտրոնում էր, պարսպով շրջափակված: Երբ ներս էիր մտնում, թվում էր, թե այլ աշխարհում ես: Սպասարկումը բարձր մակարդակի էր: Կարելի է ասել, որ հինգաստղանի եվրոպական շատ հյուրանոցներում այդպիսի սպասարկում չկա: Դահլիճը, որում կայանում էին պարտիաները, մեծ չէր: Այն ուներ շուրջ 400 նստատեղ: Ընդ որում, դասակարգում կար: Մրցամարտի հովանավորները հատուկ տեղեր ունեին, որտեղ ուտելիք, զովացուցիչ ըմպելիքներ էին մատուցվում: Պաշտոնական հյուրերի համար տեղեր էին առանձնացվել առաջին շարքում: Իսկ մնացած տեղերի համար տարբեր գների տոմսեր էին վաճառվում: Ուշագրավն այն է, որ ամբողջ մրցամարտի ընթացքում թեկուզ մեկ աթոռ ազատ չէր: Մրցամարտը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում էր: Տեղի լրագրողները շատ էին: Ու թեև արտասահմանյան տարբեր երկրների լրագրողներն էլ քիչ չէին, տեղացիների հոծ շարքերում նրանք աննկատ էին մնում: Հարյուրից ավելի լուսանկարիչներ էին աշխատում: Պարտիաների ավարտից հետո, երբ մրցամարտի մասնակիցներն ասուլիսների համար նախատեսված սրահում հանդիպում էին լրագրողներին, ուղղակի ասեղ գցելու տեղ չկար: Շախմատի պատմության ընթացքում առաջին անգամ ամբողջ մրցամարտը, ամեն պարտիայի առաջին քայլից մինչև վերջինն ուղիղ եթերով հեռարձակվում էր: Այդ իրավունքը գնել էր Հնդկաստանի հեռուստալիքներից մեկը: Նորվեգիայի մի հեռուստաալիք հնդկական այդ հեռուստաընկերության հետ ընդհանուր հայտարարի էր եկել և նույնպես ուղիղ եթերով հեռարձակում էր հանդիպումները:

 – Երկու շախմատիստնեը նո՞ւյն հյուրանոցում էին իջևանել:

– Այո: Բայց այնպես էր դասավորված, որ նրանք միմյանց հետ շփվեն միայն շախմատի խաղասեղանի առջև: Հանդիպելու ոչ մի այլ հնարավորություն չկար: Երկուսին էլ առանձին տարածքներ էին հատկացվել, և նրանք այդտեղ էլ սնվում էին: Ի դեպ, Կառլսենը եկել էր իր խոհարարի հետ, որը սպասարկում էր գրոսմայստերին նաև պարտիաների ընթացքում, հանգստի սենյակում էր լինում: Ընդ որում, մթերքն ամբողջովին բերվել էր  Նորվեգիայից: Նույնիսկ հնդկական ընկույզը, որով հայտնի է Հնդկաստանը, բերվել էր Նորվեգիայից:

 – Իսկ ինչպե՞ս էիք սնվում Դուք և մյուսները, որոնք սպասարկում էին մրցաշարը:

– Կազմակերպիչները երեք ռեստորան էին տրամադրել, մեկում հնդկական կերակուրներ էին, մյուսում` չինական, երրորդում` իտալական: Եվ յուրաքանչյուր ոք կարող էր սնվել ըստ իր նախասիրության:

 – Կառլսենի շախմատային կնքահայրը համարվում է Գարրի Կասպարովը: Նա խոստացել էր հնարավորն անել, որ նորվեգացին աշխարհի չեմպիոն դառնա, և այժմ դա փաստ է: Աշխարհի 13-րդ չեմպիոնն ի՞նչ դեր ուներ մրցավայրում:

– Նա եկավ երբ մրցամարտում մի քանի պարտիա արդեն խաղացվել էր, և այդ օրն էլ Կառլսենն իր առաջին հաղթանակը տարավ: Կասպարովը երկու օրով էր եկել: Նրա այցելությունը մեծ աղմուկ առաջացրեց: Ընդ որում, դա արդարացված չէր: Բանն այն է, Կասպարովի այցը պաշտոնական չէր: Նա նույնիսկ կազմակերպիչներին տեղյակ չէր պահել, որ գալու է:  Նա ներկայացավ որպես զբոսաշրջիկ: Հետագայում, երբ շախմատի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները բացահայտեցին, որ Կասպարովը մրցավայրում է, հնարավորն արվեց, որ նա իրեն ավելի անկաշկանդ զգա, բայց դրա կարիքը չկար: Չգիտեմ` Կասպարովը հանդիպե՞ց Կառլսենին, թե՞ ոչ, քանի որ վերջինս ընդհանրապես խուսափում էր շփումներից: Հնարավոր է, որ նրանք խորհրդակցել են, բայց դա գաղտնի է պահվել: Ուշագրավն այն է, որ նորվեգացի գրոսմայստերը և Անանդն իրենց զբաղեցրած հարկաբաժիններից առանձին վերելակներով էին իջնում, և անպես էր կազմակերպված, որ նրանք իրենց ճանապարհին ոչ ոքի հետ չտեսնվեն:

 – Կառլսենը չէր ցանկանում, որ այդ մրցամարտը կայանա Հնդկաստանում, զգուշանում էր, քանի որ մրցակիցը տանն էր խաղալու: Այդ տագնապների համար հիմքեր կայի՞ն:

– Կառլսենը չեմպիոն դառնալուց հետո հրապարակավ հայտարարեց, որ երբևէ չի մասնակցել այդպիսի բարձր մակարդակով կազմակերպված մրցամարտի: Կազմակերպիչները հնարավորն արել էին, որ ոչ մի բաղթողում չլինի: Այդուհանդերձ, եթե նորվեգացի գրոսմայստերը սկզբում այդպիսի խնդիրներ նրանց առջև չդներ, հնարավոր է տարբեր հարցեր ծագեին, մրցամարտն էլ այդպիսի բարձր մակարդակի չլիներ: Մրցամարտից հետո Կառլսենը, իր շքախմբի ուղեկցությամբ, անկաշկանդ  հանդիպումներ էր ունենում: Ի դեպ, սկզբում գաղտնի էր պահվում, բայց հետո բացահայտվեց, որ Կառլսենը հանգստյան օրն անցկացնում էր օվկիանոսի ափին գտնվող շքեղ մի առանձնատանը: Պարզ չէ` նա վարձե՞լ էր, թե՞ մտերիմներից մեկն էր տրամադրել: Այն հիանալի պայմաններ ուներ, մարզասրահ: Կառլսենն այնտեղ բասկետբոլ, ֆուտբոլ էր խաղում, ընկերների միջավարում լիցքաթափվում: Փաստորեն, նա և Անանդը տարբեր ձևով էին անցկացնում հանգիստը: Վերջինս իր հարկաբաժնից ընդհանրապես դուրս չէր գալիս, նախընտրում էր տնային պայմաններում և  միջավայրում նախապատրաստվել, իսկ Կառլսենը նախըտրում էր ակտիվ հանգիստը:

 – Օրնաչա՞փ էր, որ նորվեգացին մրցամարտում հաղթեց 6,5 : 3,5 հաշվով:

– Այո, քանի որ Կառլսենը մրցամարտն անցկացրեց բարձր մակարդակով: Նա չզարմացրեց նորույթներ կիրառելով, սկզբանախաղային նորարարություններով, այդուհանդերձ, մրցամարտում հիանալի խաղաց: Իսկ հաջողության հասնելու հիմնական գրավականը հոգեբանական լավ պատրաստվածությունն էր: Անանդն ավելի շատ հոգեբանորեն պարտվեց, քանի որ մեծ ցանկություն ուներ հաղթելու, մանավանդ որ խաղում էր իր ծննդավայրում: Եթե նա 5-րդ և 6-րդ պարտիաներում չկորցներ ոչ-ոքի անելու հնարավորությունները, որոնք ուներ,  թերևս ամեն ինչ հոգեբանական առումով այլ հունով ընթանար: Բայց եղավ այն, ինչ եղավ: Ըստ մրցակարգի` վերջին երկու պարտիաները չկայացան, քանի որ Կառլսենն արդեն անհասանելի էր: Մրցամարտն ավելի տևական էր նախատեսվում, մինչդեռ, այն կտրուկ ավարտվեց: 9-րդ պարտիայից հետո ակնհայտ էր, որ 10-րդ պարտիան կարող է վերջինը լինել, և բանակցություններ էին ընթանում, թե ինչպես պետք է կազմակերպվի մրցամարտի փակումը: Կազմակերպիչները ցանկանում էին այնպես անել, որ անպայման ներկա լինի Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի գլխավոր նախարարը, կարելի է ասել` նահանգի ղեկավարը: Եվ ընդմիջումը նախատեսվածից մեկ օր ավելի տևեց:

 – Որևէ խնդիր չառաջացա՞վ, Ձեր միջամտության կարիքը չզգացվե՞ց:

– Լավ մրցավարության գաղտնիքն այն է, որ ամեն ինչ այնպես արվի, որ խնդիրներ չառաջանան: Կազմակերպիչներն ամեն բարձրացված հարցին անմիջապես արձագանքում էին և կատարում էին բոլոր պահանջները: Ուրախ եմ, որ մրցամարտն ընթացավ և ավարտվեց մարզական ազնիվ պայքարում: Ի դեպ, խաղացողները միմյանց նկատմամբ շատ հարգալից էին: 

– Հաջորդ մրցաշարը ո՞րն է լինելու, որը սպասարկելու եք որպես գլխավոր մրցավար:

– Իրաքի Քուրդիստանում առաջիկայում անցկացվելու է բաց մրցաշար, որին հայտնի շախմատիստներ են մասնակցելու: Ցավոք, Հայաստանից խաղացող չի լինելու:

 – Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունում Հայաստանի ընտրանին սոսկ 5-րդն էր: Դա անհաջողություն կարելի է  համարել, քանի որ մերոնք  ստուգատեսին մասնակցում էին աշխարհի չեմպիոնի կարգավիճակով: Ո՞րն է մերոնց կրած մի շարք պարտությունների պատճառը: Ընդ որում, Հայաստանի հավաքականը վերջերս Լեհաստանում կազմակերպված Եվրոպայի թիմային առաջնությունում էլ անմասն էր մնացել խաղարկված մրցանակներից :

– Աշխարհի առաջնության մասնակից 10 հավաքականներից միայն Եգիպտոսի և Թուրքիայի թիմերն էին թույլ, մյուսներն ուժեղ էին: Բայց անգամ այդ թույլ թիմերն անակնկալներ կարող էին մատուցել: Կարծում եմ` Հայաստանի հավաքականի համար դժվար էր իրար հաջորդող երկու մրցամարտի մասնակցել: Եվրոպայի առաջնությունից հետո մի շարք հավաքականներ` Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի ներկայացուցիչները փոփոխված կազմերով էին խաղում: Մինչդեռ Հայաստանի հավաքականն այդպիսի թարմություն չուներ: Թերևս Եվրոպայի առաջնությանը կարելի էր մասնակցելու հնարավորություն տալ մեր երիտասարդ շախմատիստներին: Պետք է մտածել, որ Հայաստանի հավաքականը համալրողներ ունենա:

 

Գագիկ Բեգլարյան

Անկախ

Տեղեկանք տրամադրելու համար կաշառք է պահանջել

կաշառքՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի քաղաքացուց, ՌԴ-ում կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար, ՀՀ ազգային արխիվի Սիսիանի տարածքային ներկայացուցիչ Ա. Պ.-ն պահանջել և ստացել է 120.000 դրամ կաշառք:
Վերջինս բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն: