Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, որոշում է կայացել Վահան Հովհաննեսյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին): Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանն ազատվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:
Daily Archives: December 28, 2013
Թուրքական բանակը չի պատրաստվում միջամտել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամին
Թուրքական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 27-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում միջամտել Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամին, որն առաջացավ կոռուպցիոն սկանդալի հետ: «Թուրքիայի զինված ուժերը չեն պատրաստվում մասնակցություն ունենալ քաղաքական վեճերին»,-հայտնել էր Թուրքիայի Գլխավոր շտաբը: Թուրքիայում վերջերս տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալում մասնակցություն ունեցած անձինք, մասնավորապես Յալչըն Աքդողանը, կարծիք էր հայտնել, որ զանգվածային սկանդալը կարող է ռազմական հեղաշրջման պատճառ հանդիսանալ:
Նշենք, որ անցյալում Թուրքիայում մի քանի անգամ ռազմական հեղաշրջումներ են տեղի ունեցել: 1960, 1971 և 1980 թվականների ռազմական հեղաշրջումների ժամանակ թուրքական բանակը հենց քաղաքական ճգնաժամների ժամանակ էր, որ կարողացավ իշխանությունն իր ձեռքը վերցնել: Իսկ ահա 1997 թվականին թուրք գեներալները Թուրքիայի իսլամիստական կառավարությանը (ինչպես և հիմա է) ստիպեցին հրաժարական տալ: Սակայն պետք է արձանագրել, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ` Թայիփ Էրդողանը իր կառավարման ժամանակաշրջանում կարողացավ զգալիորեն թուլացնել բանակի դերը Թուրքիայի քաղաքական կյանքում: Դրան էին ուղղված նախորդ ռազմական հեղաշրջումներին մասնակցություն ունեցած թուրք մի շարք սպաների ձերբակալությունները: Այսօր թուրքական բանակը անհամեմատ ավելի թույլ դերակատարություն ունի քաղաքական գործընթացներում:
Ադրբեջանական մամուլում հայտնվել է ֆոտոշարք Ստեփանակերտից,լուսանկարներ
Ադրբեջանական «Oxu.az» կայքում հայտնվել է մի ֆոտոշարք, որտեղ պատկերված են տարբեր տեսարաններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից: Կայքը Ստեփանակերտն անվանել է ադրբեջանական տարբերակով՝ «Խանքենդի»: Ահա թե ինչ են գրում ադրբեջանցիները. «Եվ մենք դեռ ստիպված ենք նայել մեր հողերին լուսանկարներով: Ցավալի է, բայց հայերի օկուպացիայից արդեն 22 տարի անց, մենք դեռ հարկադրված ենք մեր հողերը տեսնել հայերի արած լուսանկարներով: Հիշեցնենք, որ Խանքենդիի օկուպացիան ավարտվեց 1991 թվականի դեկտեմբերի 28-ին Քերքիջախան գյուղի գրավմամբ»:
Թուրքական ոստիկանությունը ջրաշիթերով ցրել է Թաքսիմում հավաքված ցուցարարներին
Թուրքիայում այս ամառ տեղի ունեցած «Գեզի» այգու իրադարձություններից հետո թուրքական ոստիկանությունը ավելի զգոն է դարձել: Այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոստիկանությունը ցրել է անօրինական ցույց: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ մոտ 50-60 հոգուց բաղկացած ցուցարարների խմբի վրա ոստիկանությունը ջրաշիթեր է բացել՝ ցրելով նրանց: Ցույցի ցրումից հետո մոտ 70 հոգի բերման է ենթարկվել իրավապահների կողմից: Հայտնի է, որ բողոքի ցույցեր անցկացվել են նաև Անկարայում և Էդիրնեում, որոնք ևս ցրվել են:
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունին
2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունին:
Հանդիպումը կայացել է Հայաստանում Չինաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդների հերթափոխի կապակցությամբ` ավագ գնդապետ ՈՒ Ցզինցիի ռազմադիվանագիռազմական առաքելության ավարտի և գնդապետ Լի Գուանիայի` ՀՀ-ում հավատարմագրման առիթով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-չինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին հետագա զարգացման ուղիները:
NASA-ն հրապարակել է այս տարվա ընթացքում տիեզերքից արված Երկրի լավագույն լուսանկարները (լուսանկարներ)
Երկրագնդի շուրջ պտտվող արբանյակները և Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները հաճախ լուսանկարում են հրաբուխների ժայթքումները, փոթորիկները և բնության այլ երևույթներ:
Այժմ NASA-ն հրապարակել է ամբողջ տարվա ընթացքում տիեզերքից արված ամենատպավորիչ լուսանկարները:
Լուսանկարների շարքում ընդգրկված են նաև երկրագնդի ամենագեղեցիկ վայրերի լուսանկարներ՝ ներառյալ Ավստրալիայի Արքայադուստր Շառլոտի ծովածոցը, ինչպես նաև Նևադայի Ռինո քաղաքի գիշերային տեսքը:
Հրապարակված լուսանկարներից մեկը արվել է Խաղաղ օվկիանոսում նոր կղզու ձևավորումից մի քանի շաբաթ առաջ:
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը՝ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Արամ Հակոբյանը մինչև 12 տարեկան շախմատիստների աշխարհի չեմպիոն
Մեծ Բրիտանիայում աճել է մուսուլմանների նկատմամբ իրականացված հանցագործությունների թիվը
«Times» թերթի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարի Մեծ Բրիտանիայում մուսուլմանների նկատմամբ իրականացված հանցագործությունների թիվն աճել է մոտ երկու անգամ: Այս ալիքը սկսվեց մայիս ամսին, երբ երկու սևամորթ իսլամիստ բրիտանացի Լոնդոնում դաժանորեն սպանեցին զինծառայող Լի Ռիգբիին՝ խոստովանելով, որ դա արել են կրոնական համոզմունքներից ելնելով: «Մուսուլմանների նկատմամբ կատարվող հանցագործությունների թիվը այս տարի կտրուկ աճել է, որի պատճառը Լի Ռիգբիի սպանությունը դարձավ: Ոստիկանական մի շարք ենթակառուցվածքների տվյալներով` ատելության հողի վրա իրականացված սպանությունների թիվը աճել է մոտ երկու անգամ, և միայն Լոնդոնում դրանց թիվը հասել է 500-ի»,-գրում է թերթը:
«Times»-ը նշում է, որ ազգային, կրոնական ատելության հողի վրա կատարված նման հանցագործությունների իրական թիվը շատ ավելին է, քանի որ դրանց գրանցման ժամանակ որոշ ուժային կառույցներ հաշվի են առնում դեպքի ոչ բոլոր հանգամանքները:
Էրդողանը պատրաստ է թողնել վարչապետի պաշտոնը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Սաքարիայի շրջանում, հայտարարել է, որ եթե Թուրքիայի ժողովուրդը պահանջի, ապա ինքը պատրաստ է հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հաղորդում է «TRT Haber»-ը: «Եթե թուրք ժողովուրդը պահանջի, որպեսզի մենք հրաժարվենք իշխանությունից, ապա մենք պատրաստ ենք, սակայն ժողովուրդը դա չի ուզում»,-ասել է Էրդողանը:
Վարչապետի խոսքով՝ թուրք ժողովուրդը ընտրության առաջ է կանգնած՝ շարունակել զարգացումն ու նոր Թուրքիայի կառուցումը կամ էլ դառնալ նախկին թույլ Թուրքիան: Էրդողանի կարծիքով՝ կան ուժեր, որոնք ուզում են, որպեսզի Թուրքիան նախկինի պես դառնա: Նա նշել է, որ եթե Թուրքիայում կոռուպցիա կա, ապա կառավարությունը այն վաղ թե ուշ կբացահայտի:
Սաուդյան Արաբիայում վեց տարեկան աղջիկը կողոպտում է թանկարժեք զարդերի խանութը (տեսանյութ)
Սաուդյան Արաբիայում վեց տարեկան աղջիկը կողոպտել է թանկարժեք զարդերի խանութը, իսկ նրա մայրը մեկ այլ կնոջ հետ` շեղել վաճառողի ուշադրությունը:
Համացանցում տեղադրված հոլովակում երևում է, թե ինչպես է աղջիկը վաճառասեղանի տակ գտնվող անցքով մտնում թանկարժեք զարդերի բաժին և որոշ ժամանակ անց դուրս գալիս թղթադրամի կապոց ձեռքին, որը, ըստ տեղեկությունների, պարունակում էր 500,000 սաուդյան ռիալ (90,000 ֆունտ):
Մինչ երեխան պտտվում է խանութում, կանայք շարունակում են զրուցել վաճառողի հետ, որը նրանց տարբեր զարդեր է ցուցադրում:
Այնուհետև աղջիկը մոտենում է իր մայրիկին և թղթադրամները դնում նրա պայուսակի մեջ, որից հետո երկու կանայք երեխայի հետ հեռանում են խանութից, իսկ խանութի աշխատողը այդպես էլ չի նկատում, որ խանութը կողոպտել են:
Թուրքիան 2013 թվականին. տարվա ամփոփում
2013 թվականը փոփոխությունների տարի դարձավ համաշխարհային քաղաքական կյանքում՝ առաջ բերելով մի շարք նոր երևույթներ և մոտեցումներ, որոնց շարունակությունն ու հետևանքները կտեսնենք արդեն հաջորդ տարի: Աշխարհաքաղաքական գործընթացների այս շղթայում իր ուրույն դերը ունեցավ նաև Թուրքիան՝ և՛ որպես մերձավորարևելյան տարածաշրջանի կարևոր պետություն, և՛ իբրև միջազգային քաղաքական թատերաբեմի ակտիվ դերակատար: Այսպես, ամփոփելով տարին` կարող ենք արձանագրել, որ Թուրքիայի համար այն հարուստ էր հասարակական-քաղաքական բազմապիսի շրջադարձներով, որոնք զգալի փոփոխություններ բերեցին երկրի օրակարգում: Վերհիշելով անցած տարին՝ ամիս առ ամիս առանձնացնենք Թուրքիայում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները:
Հունվար
Ողջ հունվարը Թուրքիան, ինչպես նաև Հայաստանը ուշադրությամբ հետևում էր Ստամբուլի Սամաթիա թաղամասում տեղի ունեցած սպանության դեպքի զարգացումներին: Դաժան մարդասպանը ներխուժել էր մենակ ապրող հայ կնոջ տուն, դանակի յոթ հարված հասցրել տան բնակչուհի 84-ամյա Մարիցա Քյուչուքին`կտրելով նրա կոկորդը: Սրան հետևեց ևս մեկ ավազակության դեպք: Հանցագործը Սամաթիայի բնակչուհի 80-ամյա Սուլթան Այքարին դաժան ծեծի էր ենթարկել: Ստամբուլում տեղի ունեցած դեպքերը որակվեցին որպես հայերի դեմ ուղղված ատելության դրսևորում, տեղի ունեցած բողոքի քայլերթեր, որոնց ընթացքում ցուցարարների պաստառներին գրված էին «Մի՛ դիպչիր հայ հարևանիս», «Ատելությունը ձերն է, մարդկայնությունը մերը» արտահայտությունները: Այնուհետև հետաքննությունը պարզեց, որ հանցագործը հայազգի Մուրադ Նազարյանն է:
Փետրվար
Այս ամիս Թուրքիայի Դեմոկրատ հասարակության կոնգրեսի համանախագահ, Մարդինից անկախ պատգամավոր Ահմեդ Թյուրքը, խոսելով 1915 թվականին հայ ժողովրդի կրած տառապանքների մասին, այսպիսի աղմկահարույց հայտարարություն արեց. «Մեր պապերը ճնշել են հայ ժողովրդին, նրանց ձեռքերը արյունոտ են: Մենք, որպես նրանց թոռներ, ներողություն ենք խնդրում: Կարևոր է, որ ընդունեն այս ներողությունը: Քարոզչության համաձայն՝ քրդերն էլ են հայերին դաժանության ենթարել, քրդերն էլ են դրա մասը կազմել, քանի որ նրանց օգտագործել են»: Ահմեդ Թյուրքը իր պապերի գործած արյունալի հանցանքների համար ներողություն խնդրեց հայերից, ասորիներից և եզդիներից:
Փետրվարի 18-ին Հայաստանում նախագահական ընտրությունների տեղի ունեցան, որոնց հետևելու համար Երևան էին եկել նաև Թուրքիացի լրագրողներ: Նրանք շրջել էին Երևանի փողոցներով և խոսել քաղաքացիների հետ:
Մարտ
Մարտ ամսին քրդական մեծ տոնի՝ Նովրուզի կապակցությամբ քուրդ ժողովուրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ զենքը վայր դնելու մասին ուղերձով Թուրքիայում սկիզբ առավ հարյուրամյա Քրդական հարցի լուծման գործընթացը, որը շարունակվեց ողջ տարի: «Թո՛ղ արդեն լռեն զենքերը և խոսեն մտքերն ու քաղաքականությունները: Թափվող արյունը, չնայելով թուրքին, քրդին, լազին, չերքեզին, մարդուց, աշխարհագրական այս սրտից է հոսում: Ես, իմ այս կոչը լսող միլիոնավոր մարդկանց վկայությամբ ասում եմ, որ արդեն մի նոր շրջան է սկսվում, ոչ թե զենքը, այլ քաղաքականությունն է առաջ գալիս»,-ասված էր Օջալանի ուղերձում, որից հետո PKK-ի քուրդ զինյալները սկսեցին հետ քաշվել:
Այս ամիսը Թուրքիայի համար նշանավորցեց նաև արտաքին քաղաքական իրադարձությամբ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հեռախոսազրույց ունենալով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, ներողություն խնդրեց 2010 թվականին իսրայելական հատուկ նշանակության ջոկատների՝ թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա հարձակման համար, որի հետևանքով զոհվել էր 9 թուրք քաղաքացի: Այնուհետև կողմերը քննարկեցին նաև փոխհատուցման հարցը:
Ապրիլ
Ապրիլի 3-ին սպասվում էր, որ կբացվի Երևան-Վան չվերթը, որը, սակայն, թուրքական կողմը չեղյալ համարեց: Եթե «գաղտնի ձեռքը» վերջին րոպեին չխառնվեր այս գործընթացին, շաբաթական երկու անգամ Երևան-Վան թռիչքներ կիրականացվեին: Չվերթը պլանավորող թուրքական «BoraJet» ընկերությունը ոչ մի պարզաբանում չարեց: Մի շարք վերլուծաբաններ կարծիք հայտնեցին, որ Երևան-Վան չվերթը չեղյալ համարվեց Ալիևի կառավարության ճնշման տակ՝ վերջ դնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին հնարավոր մի քայլի կատարմանը:
Մայիս
Տարվա գլխավոր իրադարձությունը Թուրքիայում ծնունդ առավ մայիսի վերջին, երբ մի խումբ ցուցարարներ սկսեցին բողոքել Թաքսիմի «Գեզի» այգու ծառահատման մասին կառավարության որոշման դեմ: Թուրքիայի համար սովորական համարվող ակցիան, աստիճանաբար տարածվելով ողջ երկրով մեկ, վերածվեց հակակառավարական զանգվածային ելույթի՝ հայտնվելով համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Թուրքական ոստիկանությունը, արցունքաբեր գազի, ջրաշիթերի և ուժի կիրառմամբ փորձեց ճնշել ցույցերը՝ էլ ավելի բորբոքելով դրանք:
Հունիս
Մայիսի վերջին սկսած «Գեզի» այգու իրադարձությունները սրընթաց զարգացում ապրեցին ողջ հունիսին՝ հայտնվելով համաշխարհային ամենահայտնի պարբերականների առաջին էջերին: Թուրքիայում տեղի ունեցածը որակեցին որպես «թուրքական գարնան» սկիզբ, թուրքական ժողովրդավարության վերածնունդ, վարչապետ Էրդողանին անվանեցին միապետ և դեսպոտ: Բոլորը կանխատեցում էին Էրդողանի կառավարության անկումն ու հրաժարականը: Սակայն վերջինիս հաջողվեց վերահսկել իրավիճակը և ճնշել հակակառավարական ցույցերը: Այնուհանդերձ «Գեզի» այգու դեպքերը լուրջ վնաս հասցրեցին երկրի տնտեսությանն ու միջազգային հեղինակությանը՝ ցույց տալով Թուրքիայում ժողովրդավարության իրական պատկերը:
Հուլիս
Հուլիս ամսվա ընթացքում Թուրքիայում գրանցվեց հայկական գերեզմանոցների քանդման, ավերման մի քանի դեպք: Սկզբում Թոքիրդաղի նահանգի Մալքարա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը ամբողջությամբ ոչնչացվեց, ապա Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատունը ճանապարհաշինական մեքենաների կողմից լիովին ավերվեց: Այնուհետև հայտնի դարձավ, որ Մուշ քաղաքի կենտրոնական Քալե թաղամասում տեղակայված մոտ 500 տների մեծամասնությունը ոչնչացվել է:
Օգոստոս
Այս ամսին Թուրքիայում մի սկանդալային փաստ բացահայտվեց: Հայտնի դարձավ, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը անձնագրային հիմնական ձևաթղթում հույներին, հայերին, հրեաներին համարակալում է համապատասխանաբար 1, 2, 3 անձնագրային կոդերով: Թուրքական կառավարության նման քայլը ոչ ոքի մոտ զարմանք չառաջացրեց, քանի որ այն շատ հատուկ է փոքրամասնությունների իրավունքները մշտապես ոտնահարած մի պետությանը: Այնուհանդերձ երկրի դեմոկրատական շրջանակների կողմից սա որակվեց որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում և խտրականության բացահայտ դրսևորում:
Սեպտեմբեր
Սեպտեմբեր ամիսը Թուրքիայի համար նշանավորվեց մեծ կորուստով: Ստամբուլը զրկվեց 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալելու հնարավորությունից՝ այդ պատիվը զիջելով Տոկիոյին: Մի շարք մասնագետներ Էրդողանի այս պարտությունը կապեցին «Գեզի» այգու իրադարձությունների հետ՝ համարելով, որ դրանք մեծ վնաս հասցրեցին Թուրքիայի միջազգային հեղինակությանը՝ զրկելով նրան Օլիմպիադան հյուրընկալած առաջին իսլամական երկիրը դառնալու լավ հնարավորությունից:
Հոկտեմբեր
Հոկտեմբերի սկզբին Թուրքիայում և միջազգային շրջանակներում լայնորեն քննարկվեց սեպտեմբերի վերջին հրապարակված այսպես կոչված «ժողովրդավարացման փաթեթը», որը, ըստ էության, կարելի է համարել վարչապետ Էրդողանի նախընտրական քարոզարշավի սկիզբը: Ըստ ներկայացված բարեփոխումների փաթեթի՝ երկրում գործող բոլոր կուսակցությունները կանցնեն կառավարման երկանդամ համակարգի, այսինքն քաղաքական կուսակցությունները ղեկավարվելու են միանգամից երկու առաջնորդի կողմից: Պետության ժողովրդավարացմանն ուղղված քայլերից է նաև ազգային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների համար սահմանված պատիժի երկարաձգումը երեք տարով, պետական կառույցներում (բացի զինված ուժերից) հիջաբի թույլատրումը և այլն:
Նոյեմբեր
Նոյեմբերի 29-ը Ստամբուլ քաղաքի համար պատմական օր դարձավ: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն ու վարչապետ Թայիփ Էրդողանը իրականացրեցին քաղաքի ասիական և եվրոպական ափերն իրար կապով «Marmaray» ստորջրյա թունելի բացման արարողությունը: 60 մետր խորության վրա փորված «Marmaray»-ը համարվում է աշխարհի ամենախորը ստորջրյա թունելը: Ստորջրյա նոր գնացքը ամեն օր մոտ 1 միլիոն ուղևոր է տեղափոխում Ստամբուլի մի ափից դեպի մյուսը: «Marmaray»-ի շինարարությունը տևել է 9 տարի, որի համար ծախսվել է 9,3 միլիարդ 298 լիրա: Գնացքի տոմսերի արժեքը չի տարբերվի քաղաքում գործող մյուս փոխադրամիջոցներից գնից՝ կազմելով 1,95 լիրա:
Դեկտեմբեր
Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ժամանեց Երևան մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հերթական հավաքին: Դավութօղլուն նաև առանձնազրույց ունեցավ իր հայ գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի հետ: Այցը առիթ հանդիսացավ, որպեսզի կրկին շրջանառության մեջ դրվի հայ-թուրքական սահմանի հավանական բացումը:
Թուրքիան տարին ամփոփեց ևս մեկ աղմկահարույց իրադարձությամբ՝ կոռուպցիոն սկանդալով: Ստամբուլում և Անկարայում տեղի ունեցած հատուկ օպերացիայի արդյունքում ֆինանսական հանցագործություն կատարելու մեղադրանքով ձերբակալվեցին մի շարք հայտնի մարդիկ՝ մասնավորապես խոշոր գործարար Ալի Աղաօղլուն, Ստամբուլի Ֆաթիհ վարչական շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրը, ներքին գործերի նախարար Մուհամեդ Գյուլերի որդին՝ Բարըշ Գյուլերը, ինչպես նաև էկոնոմիկայի և բնապահպանության նախարարների որդիները և պետական Հալքբանկի ղեկավարը: Սկանդալի բռնկումից մի քանի օր անց 3 թուրք նախարար հրաժարական տվեց: Այնուհետև նախարարական կաբինետում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան, նշանակվեց 7 նոր նախարար:
Այսպիսով կարող ենք փաստել, որ 2013 թվականը նշանակալից էր Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական կյանքի համար: Տեղի ունեցած մի շարք իրադարձություններից պետք է առանձնացնել Քրդական հարցի լուծման գործընթացը, «Գեզի» այգու դեպքերը և վերջերս գրանցված կոռուպցիոն սկանդալը, որոնք էական ազդեցություն ունեցան թուրքական քաղաքական համակարգի, միջազգային հարթությունում նրա գրաված դիրքի և հեղինակության վրա: Թուրքիան և այնտեղ տեղի ունեցող զարգացումները շարունակում են մնալ համաշխարհային հանրության ուշադրության և հետաքրքրության կենտրոնում: 2014 թվականը խոստանում է լինել իրադարձություններով նույնքան առատ՝ հաշվի առնելով, որ Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ:
Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ
Չինացիներին կթույլատրվի երկու երեխա ունենալ
Շաբաթ օրը Չինաստանը պաշտոնապես թույլատրել է զույգերին երկու երեխա ունենալ, եթե ծնողներից մեկն իր ընտանիքի միակ երեխան է՝ այդպիսով թուլացնելով 3 տասնամյակ շարունակվող մեկ երեխա ունենալու խիստ քաղաքականությունը:
Դեմոգրաֆների և քաղաքագետների հաշվարկների համաձայն՝ այս փոփոխությունից կշահեն 15-20 միլիոն հիմնականում քաղաքաբնակ չինացի ծնողներ, և արդյունքում առաջիկա մի քանի տարվա ընթացքում Չինաստանում ներկայիս յուրաքանչյուր տարի 16 միլիոն նորածին երեխաների թիվը կավելանա 1-2 միլիոնով: Նրանց կարծիքով նորածինների թվի աստիճանաբար աճը ճնշում չի գործադրի առողջապահության և կրթության ոլորտների վրա:
Չինաստանը, խստորեն զսպելով բնակչության աճը, այդ կերպ բարելավել է իր տնտեսությունը, սակայն քննադատները պնդում են, որ դա մարդու իրավունքների խախտում է:
Չինաստանը աշախարհի ամենաշատ բնակչության թվով երկիրն է: Այդտեղ բնակչության թիվը հասնում է 1,35 միլիարդի:
Ոստիկանությունն այս օրերին ամբողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է.
“Հարգելի հայրենակիցնե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են, որոնք ավանդաբար անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ ու մեծ ակնկալիքներով: Այս տարի էլ Ճանապարհային ոստիկանությունը և՛ Ամանորի գիշերը, և՛ հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրապետության բնակավայրերում ու ավտոճանապարհներին: Վիճակագրությունը փաստում է այդ ձեռնարկի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը. նախորդ երկու ամանորյա տոներին ուժեղացված ծառայության շնորհիվ կտրուկ նվազել են ճանապարհային պատահարները, կրճատվել է վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը:
Հարգելի վարորդնե՛ր, ոգելից խմիչքի թեկուզ փոքր չափաբաժնից հետո ձեռնպահ մնացեք ավտոմեքենա վարելուց: Հարբած վարորդների հանդեպ ոչ մի ներողամտություն չի դրսևորվի: Հիշե՛ք, որ տոնականության գրավականը երթևեկության մասնակիցների ապահովությունն ու անվտանգությունն է, որի համար պատասխանատու եք: Ուշադիր ու զգոն եղեք երթևեկելիս:
Հարգելի քաղաքացինե՛ր, երթևեկության անվտանգության ապահովման գործում աջակցեք ոստիկանությանը, փոխադարձ հսկում ու քարոզչություն իրականացրեք: Ոստիկանությունը հատկապես այս օրերին ամբողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները, սակայն ակնկալում ենք երթևեկության բոլոր մասնակիցների բարձր իրավագիտակցություն՝ հիշեցնելով, որ կանոնները խախտելով՝ նախևառաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը: Հարգելի համաքաղաքացինե՛ր, ոստիկանությունը հորդորում է խստիվ պահպանել անվտանգության կանոնները նաև տոնական հրավառություններ կազմակերպելիս: Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության պահպանման նպատակով՝ քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 1.00-ն: Ոստիկանությունը վերստին հորդորում է խստագույնս պահպանել օրենքի պահանջը, իսկ կարգազանցները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության: Հարգելի բարեկամնե՛ր, կրկին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել փոխադարձ հարգանք ու հանդուրժողականություն. հնարավոր պատահարներն ու դժբախտ դեպքերը բացառելով՝ իսկապես տոն դարձնենք նոր տարվա գալուստը:
Ոստիկանությունը շնորհավորում է ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն բարիք, բարօրություն ու երջանկություն”:
Թունավորում`գազի արտահոսքի հետևանքով
Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Էրեբունու բաժնից Մասիսի բաժին նյութեր են ստացվել, որ շմոլ գազի թունավորումով հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 1996 թ. ծնված Մարիամ Ա.-ն և 2000 թ. ծնված Նադիա Ա.-ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մարիամ և Նադիա Ա.-երը շմոլ գազի թունավորումը ստացել են տան վառարանից գազի արտահոսքի հետևանքով:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունք:
Վիճաբանության ժամանակ որդին անզգուշաբար դանակը մոր փորն է մտցրել
Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի թափանցող ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Ռիտա Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը, 18.30-ի սահմաններում, Ռիտա Գ.-ի որդու` 1991 թ. ծնված Գառնիկ Գ.-ի և ամուսնու` 1967 թ. ծնված Գագիկ Գ.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գագիկ Գ.-ն, շրջվելիս, ձեռքին եղած դանակով անզգուշաբար Ռիտա Գ.-ին պատճառել է նշված մարմնական վնասվածքը:
Ռիտա Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18.05-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ ժամը 18.00-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 20-ամյա երիտասարդ` հայտնելով, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենան Ալավերդյան փողոցում իրեն վրաերթի է ենթարկել:Դեկտեմբերի 27-ին, ժամը 16.30-ին, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տափերական-Նոր Կյանք ճանապարհին, Գինեվետ գյուղի խաչմերուկում, վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Գնացքում բռնկված հրդեհից Հնդկաստանում 26 մարդ է զոհվել
Պաշտոնական տվյալներով՝ շաբաթ օրը հարավարևելյան Հնդկաստանում մարդատար գնացքի վագոններից մեկում բռնկված հրդեհից մահացել է առնվազն 26 մարդ:
Երկաթուղու ներկայացուցիչը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է Անդհրա Պրադեշ նահանգի Անանտապուր շրջանի մոտակայքում, և այդ պահին գնացքի մեջ 60 ուղևոր է գտնվել:
Հրդեհի պատճառը պարզելու համար հետաքննություն է սկսվել:
Պատվիրակներ Երևան կուղարկե՞ն Ադրբեջանի ներկայացուցիչները
Թևան Պողոսյանը մանդատը վայր է դնում
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը: Նա մասնավորապես գրել է. «Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային Ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում:
Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»,-գրել է նա:

