Խոշոր հրդեհ Բաքվի կենտրոնում

BakuԱդրբեջանական «Թրենդի» հաղորդմամբ՝ Բաքվի կենտրոնական շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Կրակների մեջ են հայտնվել շենքի չորրորդ հարկից վերև գտնվող հարկերն ամբողջությամբ: Դեպքի վայր են հասել հրշեջ և շտապ օգնության մեքենաները: Հրդեհը դեռ մարված չէ, քաղաքի կենտրոնական ճանապարհները փակ են: Տուժածների մասին առայժմ տվյալներ չկան:

https://www.youtube.com/watch?v=hh9d4HEFDEg

Քաղաքական ռեսուրսի մսխո՞ւմ, թե կապիտալի կուտակում

tig

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ համախմբման հնարավորությանը.

“ԱԺ ոչ իշխանական ուժերի քննարկումները` կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծի շուրջ դեռևս արդյունք չեն տալիս, իսկ օրինագիծը ԱԺ օրակարգ մտցնելու ժամկետների հարցը մնում է անորոշ:

Ոչ պաշտոնական մակարդակում, կոնսեսուսի չկայացման տարբեր վարկածներ են շրջանառվում: Դրանցից ամենաքննարկվողը կառավարությանն անվստահություն հայտնելու ճանապարհով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` իշխանություն վերադարձի վարկածն է` վարչապետի տեսքով, որին ոչ իշխանական ուժերից առնվազն «Ժառանգությունը» ընդդիմանում է. ըստ մամուլի հրապարակումների:

Ինչևէ, մամուլում շրջանառվող վարկածներից սահուն անցում կատարենք առկա իրավիճակին և հիմնական դիտարկումներին. կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթացը նախևառաջ ենթադրում է անհրաժեշտ փաստերի հավաքագրում: Փողոցում հանդիպած յուրաքանչյուր 2-րդ կամ 3-րդ քաղաքացին կդժգոհի կառավարությունից` համարելով, որ այն պետք է փոխվի, սակայն երբ դրա մասին բարձրաձայնում են քաղաքական ուժերը և նպատակ ունեն իմպիչմենտի գործընթաց սկսել, պետք է դրա համար լուրջ փաստական բազա ապահովել: Թե ինչ փաստերի կամ վերլուծությունների են տիրապետում ԱԺ ոչ իշխանական ուժերը, պարզ կդառնա, երբ նրանք ի վերջո համաձայնության գան և խորհրդարանում կառավարության նկատամբ անվստահության գործընթաց նախաձեռնեն:

Երկրորդ, որքան էլ ոչ իշխանական ուժերը արտաքուստ փորձեն ցույց տալ, թե երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ կարող են միավորվել, այսպիսի իրավիճակներում նրանք 4-ն էլ առաջին հերթին փորձում են հասկանալ, թե ի՞նչ շահ և ակնկալիքներ ունեն պրոցեսից մյուս 3 մասնակիցները. մի պահ մոռանանք այն, որ առանց բացառությունների, քաղաքական բոլոր ուժերը իրենց միակ ֆունկցիան հռչակում են «ժողովրդին ծառայելը»: Դիցուք, ոչ իշխանական ուժերին հաջողվի այնպիսի ճնշում ապահովել իշխող մեծամասնության նկատմամբ, որի պայմաններում կառավարությունը հրաժարական տա: Արդյո՞ք այս պայմաններում ոչ իշխանական ուժերը համաձայնության կգա՞ն կոալիցիոն կառավարություն կազմելու հարցում. հաշվի առնելով կոալիցիոն կառավարության հիմնական թեկնածուի` ԲՀԿ-ի վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթը, ապա` ոչ: Ստացվում է, որ նոր ձևավորվելիք կառավարությունում ՀՀԿ-ՕԵԿ համամասնությունը կպահպանվի, լավագույն դեպքում ՀՀԿ-ական 1-2 նախարարի փոխարեն կնշանակվեն ոչ ՀՀԿ-ականներ, սակայն պաշտոնյաներ, ովքեր առաջին իսկ ազդանշանի դեպքում կուսակցական կրծքանշաններ կկրեն:

Եվ այստեղ առաջ կգա հերթական հարցադրումը. ինչի՞ն է ծառայելու կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը, միայն անձերի փոփոխությա՞նը, բարոյական հաղթանակի՞ն, թե…

Երրորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լավ, թե վատ, քաղաքական, թե ապաքաղաքական պրոցեսների արդյունքում իշխանության դիրքերը բավականին կայուն են թվում, ակնհայտ է, որ ԱԺ ոչ իշխանական ուժերի գերակա նպատակը` «պատգամավորներ պոկել» իշխող մեծամասնությունից ու անհրաժեշտ ձայներ ապահովել իմպիչմենթի գործընթացը հաջողելու համար, մնում է անհնար:

Ենթադրվում է, որ այս իրավիճակում ԱԺ ոչ իշխանական ուժերը դեռևս հաշվարկում են, թե այս կամ այն սցենարի դեպքում, որքան քաղաքական ռեսուրս կծախսվի և ի՞նչ քաղաքական կապիտալ կարելի կլինի ձեռք բերել:

Զուտ քաղաքական պրոցեսի շարունակականության, և, առհասարակ, քաղաքական ակտիվ պայքար ի ցույց դնելու տեսանկյունից, գործընթացը կարելի է արդարացված համարել, ի վերջո, նրանք մինչ 2017-18 թվականների ընտրական ցիկլ պետք է «մարզավիճակ պահպանեն»` ընտրություններին ներկայանալով որպես ակտիվ ու «առողջ օրգանիզմ»:

Մյուս կողմից, ԱԺ ոչ իշխանական ուժերը պետք է հաշվարկեն այն հետևանքները, որին կհանգեցնի անպտուղ պայքարը կառավարության փոփոխության հարցում ու ըստ այդմ` հիասթափությունը համակիրների ու հասարակության շրջանում:

Վերջիվերջո, դժվար է տասնամյակներով պայքարել լոզունգներով, երբեմն կոշտ-կտրուկ հայտարարություններով` գրանցել նվազագույն արդյունք, իսկ ընտրական գործընթացներում լուրջ ակնկալիքներ ունենալ: Մանավանդ, որ 2013 թվականի կայացած նախագահական ընտրություններում ԱԺ ոչ իշխանական ուժերից 3-ը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ն արդեն իսկ անհրաժեշտ չափաքանակի հիասթափություն են ապահովել իրենց ընտրազանգվածների համար”,-գրել է նա:

 

Անկախ

Արտագնա աշխատանքի դառը պտուղները. գյումրեցի ընտանիքը զրկվեց հորից

download (2)Գյումրեցի շատ ընտանիքներ տարիներ ի վեր իրենց կենսական գոյությունը պահպանում են արտագնա աշխատանքից ստացած գումարներով: Այդպիսին էր նաև Հովհաննեսի ընտանիքը:

Լինելով տան հայրը՝  նա մոտ մեկուկես տասնամյակ առաջ ինքն էլ բռնեց արտագնա աշխատանք ուղին: Ընտանիքն ապրում է տնակում, երկրաշարժից տուժած է, անօթևան: Երեխաները մեծացել են, ամուսնացել՝ իրենց ընտանիքները կազմել:

Ամուսնանալուց հետո որդին ևս մեկնել էր Յակուտիա` հոր հետ արտագնա աշխատանքի: Լինում էին տարիներ, երբ ֆինանսական վիճակը թույլ չէր տալիս ընտանիքի տղամարդկանց գոնե տարեվերջին վերադառնալ տուն. աշխատած գումարը հազիվ էր բավարարում ընտանիքի գոյությունը Հայաստանում պահելու և իրենց այնտեղ ապրելու համար:

Անցած տարի՝ գարնանը, որդին վերադարձավ Գյումրի և հայտարարեց, որ այլևս չի գնալու Ռուսաստանում աշխատելու: Զրույցներից մեկի ժամանակ տեղեկացա, որ Հայաստան է վերադարձել մեջքի հիվանդության պատճառով. նրա առողջական վիճակը վատացել էր հոդերի բորբոքման հետևանքով: Ասում էր՝ ավելի լավ է այստեղ տաքսի վարի և օրական 500-1000 դրամ ունենա, քան այնտեղ իր կյանքի գնով` 1000 ռուբլի:

Հայրը շատ հազվադեպ էր լինում Հայաստանում, նախընտրում էր, որ այդ գումարով որդին վերադառնա տուն՝ փոքր երեխաներին ու կնոջը տեսության, ինքն արդեն բավական տարիք ուներ ու երեխաների կարոտին կդիմանար:

Դեկտեմբերին ընտանիքը տեղեկանում է, որ Հովհաննեսի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, բայց փող չունի, որ տուն գա: Երկար ժամանակ տարբեր դռներ թակելուց հետո որդին տոկոսով գումար է վերցնում, ուղարկում Յակուտիա և հորը տեղափոխում Գյումրի: Մոտ մեկ ամիս այստեղ գտնվելու օրերին Հովհաննեսը ոչինչ չէր ուտում, չէր շարժվում, անգամ չէր խոսում: Մի քանի օր առաջ տեղափոխեցին հիվանդանոց: Պարզվեց` «թոքերն ու սիրտը ջրի մեջ են», և ապրելու շանսեր չկան: Գիշերը Հովհաննեսը հիվանդանոցում մահացել էր:
Ահա թե ինչպես են այս և նրանց ճակատագիրն ունեցող հազարավոր ընտանիքներ կրում և շարունակում են կրել արտագնա աշխատանքի հետքերը:

Այս ընտանիքի հետ կատարվածը բացառիկ օրինակ չէ, գրեթե ամեն ամիս, իսկ երբեմն էլ ամիսը մի քանի անգամ Գյումրիում լսում ենք` այսինչը, որ աշխատանքի էր մեկնել Ռուսաստան, այնտեղ մահացել է: Մեկի մահվան պատճառ նշվում է ինֆարկտը, մյուսինը՝ քաղցկեղը, մեկ ուրիշինը՝ ինքնասպանությունը և այլն: Բայց կա նաև սրա առավել վատ շարունակությունը. նրանցից շատերի ընտանիքներն ի վիճակի չեն լինում դիակը տեղափոխել հայրենիք: Ոմանք էլ, մի քանի տարի մնալով Ռուսաստանում, այնտեղ ընտանիք են կազմում և կապերը խզում հայաստանյան ընտանիքի հետ:

Արտագնա աշխատանքն ընտանիքների համար դառնում է նաև վշտի ու կորստի պատճառ: Մինչդեռ, հայրենի կառավարությունը, հատկապես մարզերում, աշխատատեղեր ստեղծելու անգամ հեռահար գաղափարներ չունեն: Ասում են՝ հզոր պետության հիմքում առողջ ընտանիքն է, այս պարագայում ի՞նչ պետություն է Հայաստանը:

Մարիամ Խալաթյան

Ուկրաինայում ցուցարարներն իրենց ձեռքն են վերցրել մայրաքաղաքի ղեկավարումը

kiev-ukrain

Շաբաթ օրը Ուկրաինայի ցուցարարները իրենց ձեռքն են վերցնել մայրաքաղաքի ղեկավարումը: Ըստ տեղեկությունների՝ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մայրաքաղաքից հեռացել է երկրի արևելյան շրջաններ:

Ոստիկանությունը հեռացել է մայրաքաղաքի իրենց դիրքերից, իսկ ցուցարարները դիրքեր են գրավել նախագահական գրասենյակների շուրջը:

Խորհրդարանը քննարկում է Յանուկովիչի իմփիչմենթի համար քվեարկելու և նոր ընտրություններ նշանակելու հարցը:

Խորհրդարանի խոսնակ՝ Յանուկովիչի կողմնակից Վլադիմիր Ռիբակը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է պաշտոնից:

Անկախ

Ուժեղ հրդեհ`Բաքվի կենտրոնում

1Բաքվի կենտրոնական Սաբաիլի շրջանում տեղակայված բնակելի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել: Հրդեհը սկսվել է 16-հարկանի բնակելի շենքի երկրերդ հարկում, այնուհետև` տարածվել, հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցները:

Ներկայումս հրշեջ ծառայության աշխատակիցները փորձում են լիկվիդացնել հրդեհը:

Հրդեհի առաջացման պատճառները դեռ հայտնի չեն:

Անկախ

«Չեմ բացառում, որ Հայաստանում ևս Մայդան կայանա, ինչն անկասկած կբերի վատ հետևանքների». Արմենակ Դովլաթյան

Արմենակ ԴովլաթյանԿանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները` նշեց, որ Ուկրաինայում ավարտվում է ընդհանուր գործընթացի միայն մի մասը: Հիմա շատ բան կախված է նրանից, թե ի՞նչ որոշումներ կընդունվեն Խարկովում:

Արմենակ Դովլաթյանի խոսքով՝ Ուկրաինայում, քաղաքական գործընթացներին զուգահեռ տնտեսական շահերի պայքար է ընթանում: Ուկրաինայում տարվող քաղաքականությունը տնտեսական խոշոր շահերի է սպասարկում, և հիմա որոշվում է դրանում տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի սահմանի հարցը։

«Կարող է տարօրինակ թվալ, բայց Եվրամիությանն ու ԱՄՆ-ին ձեռնտու է  Եվրասիական միության ստեղծումը, քանի որ միանգամայն հնարավոր է, որ նրանք պարզապես իրենց կապիտալով կներխուժեն  այդ տարածք և նվաճեն ռուսական շուկան։

Կան որոշ նախադրյալներ, որ հենց դա է այսօր տեղի ունենում։ Եվ հնարավոր է, որ Ուկրաինան այդ գործընթացի մի մասն է»,- ասաց Արմենակ Դովլաթյանը:

Ինչ վերաբերում է Յուլյա Տիմոշենկոյի՝ Մայդանի առաջնորդ դառնալու հավանականությանը, Արմենակ Դովլաթյանի խոսքով` ուկրաինացի ժողովուրդը նրան միանշանակորեն չի ընդունում, քանի որ հիշում է, որ Տիմոշենկոն ևս ժամանակին խառնված էր կոռուպցիոն պատմությունների մեջ:
«Եթե հայաստանյան իշխանությունները խելամիտ լինեն, մեզ մոտ կարող են բավական հետաքրքրական իրադարձություններ տեղի ունենալ: Չեմ բացառում, որ Հայաստանում ևս Մայդան կայանա, ինչն անկասկած կբերի վատ հետևանքների: Մարդկանց համբերությունը մի օր կարող է հատվել»,- ասաց Արմենակ Դովլաթյանը:

Անկախ

Վստահություն չկա, որ գեղասահորդուհիների մրցաշարի արդյունքը կվերանայվի

Սոչի36889Սոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում ռուսաստանցի մենասահորդուհի Ադելինա Սոտինիկովան  շրջանցել էր  2010-ին Վանկուվերում կայացած օլիմպիական խաղերի հարավկորեացի չեմպիոնուհի Յու Նա Կիմին:

Վերջինս փայլուն մրցելույթ էր ունեցել, սակայն մրցավարներն ավելի բարձր էին գնագատել մրցելույթի ժամանակ սխալ կատարած ռուսաստանցի մարզուհուն: Խոսվում է այն մասին, որ մրցավարներն անկողմնակալ չեն եղել:

Միջազգային օլիմպիական կոմիտեի մամուլի քարտուղար Մարկ Ադամսը հայտնել է, որ Հարավային Կորեայի գեղասահքի ֆեդերացիան պաշտոնական բողոք է ներկայացրել մարզաձևի միջազգային ֆեդերացիային՝ վիճարկելով կանանց մենասահքի արդյունքները:

Այդուհանդերձ, նաև նշվել է, որ վստահություն չկա, որ հետաքննություն կսկսվի և արդյունքը կվերանայվի:

Անկախ

«Ուկրաինան այժմ ուղղություն է վերցրել ոչ դեպի Ռուսաստան, ոչ էլ դեպի Արևմուտք, այլ դեպի ինքնուրույնություն». Իգոր Մուրադյան

Իգոր ՄուրադյանՈւկրաինացի ժողովուրդը, առանց արտաքին աջակցության հույսի, ընդվզեց ռուսական գաղութացման դեմ: Ամեն բան այնտեղ խաղաղ էր և կանխատեսելի: Վիկտոր Յանուկովիչը ապագայի փայլուն հեռանկար ուներ: Ամերիկացիները նրան ապահովեցին իմիջմեյքերներով, կանաչ ճանապարհ բացեցին նրա համար: Յանուկովիչը հասկանում էր, որ Եվրամիության հետ սերտ հարաբերություններն Ուկրաինայի ապագան են: Իսկ հիմա Ուկրաինան կանգնած է պետականության կորստի, գաղութացման վտանգի առջև: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Իգոր Մուրադյանը:

Ըստ վերլուծաբանի` Ուկրաինան այժմ ուղղություն է վերցրել ոչ դեպի Ռուսաստան, ոչ էլ դեպի Արևմուտք, այլ դեպի ինքնուրույնություն:
«Արևմուտքը Պուտինին հասկացնում է, որ նա այլևս միջազգային էլիտար ակումբի անդամ չէ: Մոսկվան միանգամից հասկացավ դա: Ռուսաստանին իր տեղը ցույց տալ, նրան տնտեսական կոլապսի մեջ գցել ցանկանում էին դեռ Բուշն ու Քոնդոլիզա Ռայսը: Միառժամանակ, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան անում են ամեն բան՝ չկորցնելու Եվրոպայի վրա ազդելու լծակները: Իսկ Եվրոպայում շատ բան է փոխվել: Մշտապես Ռուսաստանին աջակցող Գերմանիան այս անգամ պաշտպանում է Ուկրաինային, ինչը չէր անում այն ժամանակ, երբ այդ երկրում «նարնջագույն իրադարձություններ» էին տեղի ունենում»,- ասաց Իգոր Մուրադյանը:
Վերլուծաբանի համոզմամբ` ուկրաինական զարգացումներում որոշիչ կլինի հատկապես Դնեպրոպետրովսկի համար պայքարը:

«Իսկական մարտերը դեռ չեն սկսվել: Դրանք կսկսվեն այն ժամանակ, երբ մարդիկ սահմաններ կգծեն մատիտը ձեռքներին` պայքարելով ամեն մի գյուղի համար: Ամեն ինչ տանում է քաղաքացիական պատերազմի: Բայց եթե Յուլյա Տիմոշենկոն բանտից ավելի վաղ դուրս եկած լիներ, ամեն բան այլ կերպ կդասավորվեր: Նա ֆանատ քաղաքական գործիչ է, նրա համար կարևորը ոչ թե փողն է, այլ քաղաքականությունը»,- ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է ուկրաինական և հայկական դեպքերի նմանությանն ու Հայաստանում ուկրաինական դեպքերի կրկնությանը, Իգոր Մուրադյանը նշեց, որ Հայաստանում քաղաքականությունը վաղուց մեռել է, և ուկրաինական դեպքերի կրկնություն այստեղ չպետք է ակնկալել:

Անկախ

Այս տարի Իրանում մահապատժի 80-ից ավելի դեպք է գրանցվել

մահապատիժՄԱԿ-ի մարդու իրավունքների վարչությունը անհանգստացած է Իրանում սկսված մահապատիժների ալիքի պատճառով: Այս տարվա սկզբից Իրանում արդեն 80-ից ավելի մահապատիժ է գրանցվել: Որոշ վստահելի աղբյուրներ նշում են, որ այս ցուցանիշն իրականում շատ ավելի բարձր է: «Մեզ ամենից շատ անհանգստացնում է Ահվազում արաբական համայնքի անդամներին գաղտնի մահապատժի ենթարկելու մասին տեղեկությունը: Նրանց սպանել են հունվարի սկզբին միջազգային չափանիշներին չհամապատասխանող գործընթացի արդյունքում: Նրանց առաջադրվել է շատ անհասկանալի մի մեղադրանք՝ թշնամանք Աստծո նկատմամբ, կաշառակերություն և վտանգ ազգային անվտանգության համար»,-նշել է վարչության մամլո քարտուղար Ռավինա Շամդասանին:

Անկախ

Տեղի ունեցավ Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատության պաշտոնական բացումը

նյութի նկարԱյսօր տեղի ունեցավ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի և Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի Սիանս Պո քաղաքագիտության ինստիտուտի համագործակցության արդյունքում հիմնված Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատության պաշտոնական բացման արարողությունը:

Բացմանը ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը գտնվում է բարեփոխումների շատ հավակնոտ շրջանում, և իրենց պետք են լավ կառավարիչներ:

«Մենք մեծ ծրագիր ենք սկսում, և մոտ 8 ունկնդիր մյուս տարի հնարավորություն կունենան անվճար ուսումնական պրակտիկա անցնել Սիանս Պո քաղաքագիտության ինստիտուտում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ Սիանս Պո Արմենիա ուսումնական կառույցի ստեղծմամբ համագործակցության մի նոր փուլ է սկսվում: Անրի Ռենոն հույս հայտնեց, որ ընտրված ուսանողները հնարավորություն կունենան հետագայում ավելի լավ մասնագետներ դառնալ:

«Հիմա դուք արդեն պետք է սկսեք խաղալ, գնդակը ձեր դաշտում է»,- ասաց դեսպանը:

Սիանս Պո Արմենիան ՀՀ հանրային ծառայողներին, մասնավոր հատվածի աշխատակիցներին, տարբեր բուհերի շրջանավարտներին (մագիստրոսի որակավորմամբ) լրացուցիչ կրթություն է առաջարկում: Ուսումն արժեքն է տարեկան 900 000 դրամ: Ավարտելով Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատությունը` ուսանողները հնարավորություն են ստանում կրթությունը շարունակել հենց Սիանս Պո-ում:

Անկախ

Թուրքիայում բանակ զորակոչվելու նվազագույն տարիքը սահմանվել է 20-ից 21

թուրքիա,բանակԹուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հաստատել է փոփոխված «Զինապարտության մասին օրենքը»: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Նոր օրենքի համաձայն՝ Թուրքիայում բանակ զորակոչվելու նվազագույն տարիքը սահմանվել է 20-ից 21: Բացի այդ 12 ամիս ծառայած զինվորների արձակուրդի ժամկետը 90 օրից կրճատվել է 30-ի, իսկ կարճաժամկետ՝ 6 ամսի ծառայություն անցածների համար 45-օրյա արձակուրդը այժմ 15 օր կլինի:

Անկախ

Ւրանը պայմաններ է սահմանել Թուրքիա արտահանվող գազի գնի նվազեցման համար

գազ   Ւրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն հայտարարություն է արել Թուրքիայի համար գազի գնի նվազեցման պայմանների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «ISNA» լրատվական գործակալությունը: «Մենք պատրաստ ենք նվազեցնել գազի գինը միայն այն պայմանով, որ Թուրքիան ավելի մեծ ծավալներով գազ կներմուծի Իրանից»,-ասել է նախարարը՝ նշելով, որ գազի շուկայում Թուրքիային բաժին ընկնող ծավալները մեծ նշանակություն ունեն Իրանի համար:

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլմազը հայտարարել էր, որ Իրանի առաջարկած գազի գինը իրենց չի բավարարում: Հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են:

 Անկախ

Ծուլություն

ծուլություն (1)Պարբերականներից մեկը ժամանակին գրել է, որ մարդու կարիերայի աճին հիմնականում խոչընդոտում է ծուլությունը: Գուցե: Բոլորս համոզված ենք, որ ծուլությունը բնավորություն է, մինչդեռ բժիշկները նախազգուշացնում են, որ ծուլությունը կարող է լուրջ հիվանդությունների ախտանշան լինել:
Հոգեբանները տարբերում են ծուլության հետևյալ տեսակները. հասարակ, «կենցաղային» ծուլություն և առողջական ծուլություն:
Առաջինի դեպքում խորհուրդ է տրվում ժամանակավորապես ակտիվությունը դադարեցնել, ասենք, գրասենյակային աշխատողին օգտակար կլինի մարզումը կամ էլ մաքուր օդին զբոսանքը: Իսկ աշխատանքային ակտիվությունը վերադարձնելուն կօգնի աշխատանքային տարածքի կազմակերպումը կարգավորելն ու մաքրությունը:
Այլ հարց է, երբ ծուլությունը լուրջ խնդիրների ախտանշան է: Լինում է, երբ գործն անընդհատ հետաձգում ենք, եթե անգամ այն խիստ կարևոր է: Այն, ինչը կարող է սովորական ծուլություն ընկալվել, հնարավոր է, որ հուշի գերհոգնածության, քրոնիկ հոգնածության, ուշադրության դեֆիցիտի, ասթենիայի ու դեպրեսիայի մասին:
Սակայն մեկ այլ կարծիքի համաձայն` ծուլությունը ոչ թե արատ է, այլ սեփական անձի հանդեպ հոգատարություն: Ուրեմն հարկ չկա ինքնաձաղկմամբ տարվել, եթե ցանկություն չունեք առավոտից ինչ-որ բանով զբաղվելու, ասենք` խոհանոցում եփել-թափելու:
Հաճախ ծուլացումը ծանրաբեռնվածության հեռտևանք է, հանգիստ առնելու ահազանգ: Իհարկե, ամենալավ միջոցը զբաղմունքը փոխելն է կամ ակտիվ շարժումը:
Ծուլությունը լիարժեք քնի, ակտիվ հանգստի ու առողջ սննդի նման անհրաժեշտ է օրգանիզմին: Երբեմն կարելի է տրվել այդ զգացմանը` դեն նետելով կեղծ ամոթն ու խղճմտանքը: Այն, ինչն ընդունված է ծուլություն անվանել, իսկապես կարելի է հոգատարություն համարել սեփական անձի հանդեպ: Ցանկացած զբաղմունք ոչ միայն էներգիայի ծախս, այլև կուտակում, պահպանում ու բազմապատկում է պահանջում: Իսկ դա կարելի է անել միայն պասիվ հանգստի վիճակում: Սակայն չպետք է դրանով տարվել, քանի որ էներգիան անշարժությունից լճանալու և որակը կորցնելու հատկություն ունի:
Իրականում ծուլություն գոյություն չունի, կա միայն` «ուզում եմ» կամ «պետք է»: Հարցն աշխատանքը չէ, այլ այն, թե ինչպես ենք վերաբերվում այդ աշխատանքին:
Բոլորս ենք դաստիարակվել ծուլության դեմ պայքարի ոգով: Ինչպե՞ս կարելի է երեխային բացատրել, թե ինչու պետք է դպրոց հաճախել: Ասում են` ծուլությունն է ծնունդ տալիս բոլոր արատներին: Ծուլություն է, երբ ինչ-որ բան պետք է արվի, սակայն ցանկություն չկա:
Եթե ինչ-որ գործեր հետաձգում ենք ու ծուլանում, ապա նշանակում է` դրանք կա՛մ հետաքրքիր չեն, կա՛մ անսովոր են, կա՛մ դրանք դժվար ենք համարում: Նույնիսկ պարզագույն թեստ կարելի է համարել. եթե մարդը սկսում է ծուլանալ, ապա կա՛մ աշխատանքն է անհետաքրքիր, կա՛մ մարդը հոգնել է:
ծուլություն (2)Ծուլությունը մարդու օրգանիզմի պաշտպանական հակազդեցությունն է, որ մարդն ինքն իրեն չտանջի: Դա ներքին ազդանշան է, որ ասում է` մի լարվիր, քնիր ու ամեն ինչ կանցնի: Բայց եթե անընդհատ ականջ դնելու լինենք այդ ձայնին, ապա կմոռանանք մնացած ամեն ինչի մասին: Երբեմն էլ լինում է, որ ծուլությունից ենք հոգնում:
Ծուլությունն օգնում է ինքներս մեզնից օգտվելու կանոններին հետևել. այսպես, որպեսզի «սարքն» աշխատի, պետք է այն ժամանակ առ ժամանակ անջատել, որ հովանա: Նույնիսկ խիստ զբաղված մարդիկ պետք է կարողանան անձնական կյանքի ու հանգստի համար ժամանակ գտնել:

Ծուլության տեսակները
Ծուլությունը կարող է ազգեր ու ժողովուրդներ ծնկի բերել:
Շատերն էլ վստահաբար հայտնում են, որ ծուլությունն է առաջընթացի ամենահզոր շարժիչը: Ծուլությունը նենգ է ու բազում անվանումներ ունի: Դրա դեմ պայքարում ենք անընդհատ, սակայն, փոփոխական հաջողությամբ: Չնայած ծուլությունը շատ դիմակներ ունի, այն դասակարգում են մի քանի տեսակների:
1. Ծուլություն, երբ պետք է ինչ-որ մեծ, նույնիսկ խիստ պատասխանատու գործ անել: Օրինակ` տարեկան հաշվետվություն կազմել կամ սեփական բնակարանը նորոգել: Եվ այդ ժամանակ փորձում եք հնարավոր պատճառաբանություններով հետաձգել կատարելիք աշխատանքը: Այդ ծուլության հետևում սովորական վախն է ու սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը: Նման դեպքերում մի քանի գործուն միջոցներ կան: Առաջին` խնդիրն այնքան սարսափելի ու հսկայական չի թվա, եթե բաժանեք մանր հատվածների, ապա կազմեք կատարման որոշակի գրաֆիկ:
2. Ձանձրալի ծուլություն: Երբեմն թվում է, թե ուժ չկա ինչ-որ բան անելու: Արդեն ամեն ինչ ասես արել եք. և՛ սուրճ եք խմել, և՛ հեռախոսով զրուցել ու նաև էլեկտրոնային փոստը ստուգել, իսկ աշխատել ոչ մի կերպ չի ստացվում: Պատճառն այն է, որ այդ աշխատանքը ձեր սրտով չէ: Եթե խիզախեք ու փոխեք աշխատանքի բնույթը, զբաղվեք սիրած գործով. ապա գուցե ամեն ինչ արմատապես փոխվի: Բավական կլինի որոշակի, հստակ նպատակներ դնել ու հնարավորության դեպքում գրառել դրանք: Անպայման ինքներդ ձեզ խրախուսեք հաջող կատարման համար, համեղ պատառ կամ հաճելի մանրուք գնեք ձեզ համար: Փորձեք ինքներդ ձեզ հետ միշտ անկեղծ լինել:
3. Թեթև ծուլություն: Հանկարծ, չգիտես ինչից, ապատիա, թուլություն ու ծուլություն է պատում: Ոտքերը առաջ չեն գնում, ձեռքերը` չեն բարձրանում: Գուցե պարզապես գերհոգնած եք և օրգանիզմը բողոքում է ավելորդ ծանրաբեռնվածության դեմ: Նման խնդիրը կարելի է լուծել ամենասովորական հանգստով ու բավարար քնով: Մի մոռացեք օրգանիզմը շփացնել վիտամիններով` բնական վիտամիններով: Երբեմն էլ խնդիրը կարող է բժշկական բնույթի լինել, ասենք` շաքարի մակարդակն է ցածր արյան մեջ, արյան ճնշումն է ընկել, անոթների ու սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: Այնպես որ, եթե հոգնածությունը քրոնիկ է, ուրեմն հարկավոր է բժշկի գնալ:
4. Անկազմակերպ ծուլություն: Ձեր աշխատասեղանին թղթերի կույտ է գոյացել, աշխատանք կա, այն էլ այնքան, որ բոլոր կողմերից խեղդում է: Սակայն կարելի է մի քիչ էլ ձգձգել, մի քիչ ու այ շուտով կսկսեմ… Պարզապես պետք է գիտակցել, որ այդ ձգձգումը հետո մեծ մահակի տեսքով է իջնելու ու անձնական ժամանակից զգալի հատված է խլելու: Ոչ մի աշխատանքում սահունությունը չի խանգարի: Փորձեք հերթականությամբ գրառել` նշելով ժամանակը, թե ինչ պետք է հասցնեք կատարել մեկ օրում: Եթե ինչ-ինչ պատճառներով չեք կատարել, ապա ինքներդ ձեզ տուգանեք, առանց խնայելու, ասենք` ֆիզիկական վարժությամբ: Ի դեպ, նման պատիժը օգտակար կլինի նաև կազմվածքի համար, իսկ ձանձրույթն էլ իսկույն կչքվի:
5. Պարբերական ծուլությունն անմիջականորեն կապ ունի այն հանգամանքի հետ, թե մարդկային որ տեսակին եք պատկանում, «բո՞ւ» եք, թե՞ «արտույտ»: Լրիվ հասկանալի է, որ «բվի» համար դժվար է առավոտ կանուխ աշխատել: Ուստի հարկ է հնարավորինս համաձայնեցնել սովորությունները կյանքի փուլերի հետ: Եթե հաստատ գիտեք, թե որ տեսակին եք պատկանում, կարող եք օրը պլանավորել ձեր օգտին:

Հետաքրքիր փաստեր
Ասում են` բոլոր հանճարեղ բացահայտումները ծուլությունից են արվել: Արքիմեդը հիդրոստատիկ օրենքի մասին գլխի է ընկել լոգանք ընդունելու ժամանակ, Մենդելեևը պարբերական աղյուսակը երազում է տեսել, Էնշտեյնը դպրոցում առաջադիմությամբ հետ է մնացել, իսկ Չերչիլը մինչև կյանքի վերջը մի կարգախոս ուներ` ոչ մի սպորտ:
Օսկար Ուայլդն էլ, հումորով նշում էր. «Վաղվան մի թողնիր այն, ինչը կարելի է անել վաղը չէ մյուս օրը»:
Ծույլը նպատակին հասնելու ճանապարհին հազար ու մի միջոց կգտնի էներգիան, ժամանակն ու ֆինանսները տնտեսելու համար: Հանգստի վիճակում մարդն անջատում է ուշադրությունը, ուղեղը «թուլացնում», իսկ գիտակցությունը երբեք չի ննջում, ու նման հանգիստը ենթագիտակցական շերտերը մակերես հանելու հնարավորություն է ընձեռում: Դա կարող է գաղափար ծնել:
Ծուլությունն օգնում է ճիշտ որոշում ընդունել:
Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր: Հայտնի ասացվածքն անշտապ մարդկանց մասին է: Նրանք միշտ ժամանակ ունեն, որ աշխատանքի կատաղի ռիթմից մի կողմ քաշվեն ու իրավիճակը նորովի գնահատեն: Չափավորությունը որոշումներ ընդունելիս չի վնասում, հակառակը` օգնում է խուսափելու հափշտապ ու անիմաստ շարժումներից, նվազեցնում է դրա հետ կապված ռիսկը:
Ծուլությունը երկարացնում է կյանքը:
Որոշ մասնագետներ պնդում են` ծուլությունն օգուտ է առողջությանը: Նա, ով ծուլանալու հակում ունի, կարողանում է հանգստանալ: Ծույլերը սթրեսների հազվադեպ են ենթարկվում: Եթե մարդը չի թուլանում, ապա մնում է սթրեսային վիճակի մեջ, իսկ դա հղի է հիվանդանալու վտանգով:
Այնպես որ սովորեք թոթափել լարվածությունն ու ճիշտ բաշխել ժամանակը: Կենսական էներգիան իզուր մի վատնեք:
Ծուլությունը հուշում է, որ դուք ձե՛ր գործով չեք զբաղված:
Ծուլությունը կարող է նաև ներքին հակասության հետևանք լինել (երբ աշխատանքը սրտով չէ): Դրա հետ կապված հոգեբանական անհարմարությունը կարող է ազդարարել այն խնդրի մասին, որ կյանքում ինչ-որ բան փոխելով, ասենք` մասնագիտությունը կամ աշխատանքը, կարելի է փոխել կյանքը:
Այնպես որ ձեր ծուլությունը կարող է նաև կարիերայի լավագույն խորհրդատուն լինել:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.500 կրակոց

ՊԲ,պնԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից Անկախին հատնեցին, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Անկախ

 

 

Գերագույն Ռադայի նախագահը դիմել է պաշտոնից ազատվելու համար,իսկ պատգամավորները լքում են Տարածաշրջանային կուսակցությունը

o_783940Գերագույն ռադայի փոխխոսնակ Վլադիմիր Ռիբակը դիմել է հիվանդության պատճառով պաշտոնից ազատվելու համար: Հայտնի է դարձել, որ Տարածաշրջանային կուսակցությունը լքում են պատգամավորները: Տվյալ պահին իշխանամետ կուսակցությունից հեռացել է 8 պատգամավոր: Ազատվելու դիմում է ներկայացրել Գերագույն ռադայի փոխնախագահ Իգոր կալետնիկը:

Հայտնի է նաև, որ Յանուկովիչի “Մեժիգորյե” նստավայրը  չի հսկվում, լրագրողներն առանց դժվարության տարածք են մտել:

Իսկ Գերագույն ռադան վերսկսել է աշխատանքը : Գումարման բացումն արել է  փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին, գրանցվել է ընդամենը 248 պատգամավոր: Օրակարգը պաշտոնապես հաստատված չէ:

Ավելին, առաջարկվել են  օրենքի նախագծեր Յանուկովիչի պաշտոնաթողության, նախագահի վաղաժամկետ ընտրությունների, գերագույն դատախազ Վիկտոր Պշոնկեին, ինչպես նաև` եկամուտների  նախարարի պարտականություննեը կատարող Ալեքսանդր Կլիմենկոյին անվստահություն արտահայտելու Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պավել Լեբեդևին հեռացնելու վերաբերյալ:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում. եռօրյա ամփոփում

ՀՀ-ոստիկանություն2

Փետրվարի 21-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Հայկավան գյուղից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սարգիս Է.-ին, որը 2008 թ. նոյեմբերի 2-ից ՌԴ Վոլգոգրադ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի, գողության և անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու մեղադրանքներով:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

Փետրվարի 20-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Ելենա Պ.-ին, որը հունվարի 4-ից Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 20-ին, ժամը 13.10-ին, Բավրայի սահմանակետից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արազ Մ.-ն, որը 2013 թ. սեպտեմբերի 30-ից ՌԴ Կարաչաևո-Չերկեսկի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն են կատարել Նորքի 7-րդ զանգվածի մի բնակչի բնակարանում, որտեղից հայտնաբերել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 282, 7,62 մմ տրամաչափի` 60, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 60 փամփուշտ, 1 պլաստմասե սրվակ` մոխրագույն ավազանման նյութով, 1 հրապատիճ պայթուցիչ, 3 քուղ` 16 սմ, 18 սմ և 12,5 սմ երկարությամբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Տանտերը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:

Փետրվարի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Էրեբունի և Նոր Արեշի 36-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 21-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Մայակովսկի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Բենց Ե 230» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆոլqսվագեն» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Զառիթափ-Բարձրունի ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի. Առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 21-ին, ժամը 19.50-ին, «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 20-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 20-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արևշատ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 20-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, ուղեղի սալջարդ, աջ ճակատային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1-ամյա տղա:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.05-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու և կնոջ ու 1-ամյա տղայի: Վարորդը նրանց տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 21-ին, ժամը 09.45-ին, 1963 թ. Ծնված Թամամ Խ.-ն ոստիկանության Բաղրամյանի բաժնում կամավոր հանձնել է ականանետի նռնակ, ծխարձակիչ, «ԱԿՍ» ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ և ձեռքի գնդացրի փամփշտաշղթա:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Փետրվարի 21-ին, ժամը 12.40-ին, 1960 թ. ծնված Ռոբերտ Շ.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Անկախ

Ռուսաստանցիները կարող են ընտրել բանակում ծառայության ժամկետը

53084f71-e21b-e4c0-e21b-e4cfd4e63a22.photo.0Կառավարությունը Պետդումա է մտցրել օրենքի մի նախագիծ, որը թույլ կտա քաղաքացիներին ընտրություն կատարել Զինված ուժերում զինակոչով մեկ տարի կամ , պայմանագրով` 2 տարի ծառայության միջև:

Փոփոխություններով նախատեսվում է քաղաքացիներին ընտրության իրավունք տալ: Համապատասխան նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարությունում, հավանության  արժանացել նախարարների կաբինետում ու քննարկման ներկայացվել խորհրդարանի ներքին պալատում: Փաստաթուղթը կարող է բարձրացնել զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը, որոնք զինվորական ծառայություն են անցնում պայմանագրով:

2016-ին օրենքի նախագծի ընդունումից հետո, նախատեսվում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել`  որոնք հարկավոր են զինծառայողներին բնակարանային կուտակային հիփոթեքային համակարգում ներառելու համար:

Անկախ

Անօթևան ընտանիքներ, որոնք երբեք բնակարան չեն տեսել. տեսանյութ

fPwfMnYdI7Qg1Eu9OqJqnnvVZr

Գյումրու տնակային ավանները գնալով մեկուսանում և վերածվում են առանձին համայնքների՝ համայնքի ներսում:

Տնակային ավաններում մեր երկարատև դիտարկումները ցույց են տալիս, որ դրանցում

ծնված ու մեծացած երիտասարդներից շատերը ամուսնանում և կազմելով նոր ընտանիք, բաժանվում են

տնակներում բնակվող իրենց հայրական ընտանիքներից ՝ տեղափոխվելով կրկին տնակ:
Եվ բազմաթիվ են այն երիտասարդ ընտանիքները, որոնք երբեք բնակարանի երես չեն

տեսել և ունեն մտավախություն, որ ինչպես իրենք, այնպես էլ իրենց երեխաները ծնվելով տնակներում, հետագայում

մեծանալու, ամուսնանալու ու բնակվելու են նույնպես տնակներում:

«Շիրակ կենտրոնի» ներկայացվող տեսանյութը նման ճակատագիր ունեցող երիտասարդ ամուսինների մասին է: Նրանք, բնականաբար, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակումընդգրկված չեն և հույս անգամ չունեն, որ երբևէ բնակարան

կունենան:

 

«Լեռ-Էքս» ՍՊԸ-ն սկսել է է 25 կմ երկարությամբ պոչատարի կառուցումը. ահազանգում են բնակիչները

նկարՍյունիքի մարզի Հանքասարի հանքավայրը շահագործող «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն հերիք չէ, որ 2010-ին առանց նախագծի և բնապահպանական փորձաքննություն անցկացնելու կառուցել էր պոչամբար, որի պոչհանքները երեք տարի շարունակ լցվում են Գեղի գետը: Հիմա էլ նույն տրամաբանությամբ սկսել է 25 կմ երկարությամբ պոչատարի կառուցումը:
Դեռևս անցած տարվա հունիս ամսին բնապահպաններն ահազանգել էինք «Լեռ-Էքս» ընկերության կատարած օրինախախտումների մասին, որոնց այդպես էլ պետական լիազոր մարմինները համապատասխան արձագանք չտվեցին:

Երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքի համաձայն` Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասի մանրազնին հետախուզված միակ հանքային գոտու հաշվարկված և հաստատված պաշարների քանակը կազմել. հանքաքարերինը` 3983 հազար տոննա, մոլիբդենինը` 6677 տոննա, պղնձինը` 17387 տոննա: Հարակից տարրերի պաշարների քանակները կազմել են` ռենիումինը` 988,3 կգ, ոսկունը` 1925,9 կգ, արծաթինը`27,815 տոննա, ծծմբինը` 31450 տոննա (ծծմբի միջին պարունակությունը հանքաքարերում կազմում է 1,14%):

Հանքավայրի տարածքը, որը պարունակում է վերոնշյալ բոլոր տարրերը և մետաղները փոշիացված վիճակում, շրջակա միջավայրի և առողջության համար բարձր ռիսկեր է ներկայացնում: Հանքավայրի վտանգավորության աստիճանը հասնում է 3-րդ աստիճանի:

Գնալով հսկայական չափեր են ընդունում հանքարդյունաբերության հետևանքով բնությանը հասցված վնասները: Պոչհանքերի թունավոր արտանետումների պատճառով օր օրի ավելանում է մեռյալ գետերի թիվը: Այս առումով ծայրահեղ ծանր վիճակում են հատկապես Սյունիքի և Լոռու գետերը:

 

Անկախ