Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է սիրիահայերին և հատկապես Քեսաբի բնակիչներին աջակցելու քայլերին: Նշելով այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները, մասնավորապես Ազգային Ժողովի պատգամավորների ներկայացրած հարցերը ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ, Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը նույնպես ձեռնարկում է մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու քայլեր: Վարչապետը հերքել է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն միտքը, թե իբր կառավարության ուշադրությունը կենտրոնացած չէ սիրիահայերի խնդիրների վրա: «Ես ցանկանում եմ մեր քաղաքացիներին հավաստիացնել, որ դա ամենևին այդպես չէ, հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է», – շեշտել է կառավարության ղեկավարը:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածը, ըստ որի ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրում իրականացնելու պահին գործող օրենսդրությունը: Կառավարության եզրակացության համաձայն գործադիրն առանձնակի կարևորում է օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ պայմանների և նախադրյալների ստեղծումը, գտնում, որ նախագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա այդ գործընթացի վրա, մանավանդ, որ ներդրումները վերջին տարիներին անկայուն բնույթ են կրում և հետճգնաժամային տարիներին կտրուկ նվազման միտում ունեն: Այս պատճառաբանությամբ գործադիրը դեմ է արտահայտվել օրենքի նախագծի ընդունմանը: Օրինագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագիր կրողների մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համանման համաձայնագրեր են ստորագրվել Հարավային Ամերիկայի մի շարք պետությունների՝ Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի հետ:
Կառավարության որոշմամբ Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի Մասդարի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի ուսանող Հայկ Գևորգյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը՝ 2015թ. ձմեռային զորակոչ: Հ. Գևորգյանն ավարտել է Երևանի պետհամալսարանի «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտության բակալավրիատը և մագիստրատուրան: Այժմ նա հնարավորություն է ստանում ավարտել աշխարհի առաջատար բուհերից մեկը և ստացած գիտելիքն ու հմտությունը ներդնել հայրենի երկրում:
Daily Archives: March 27, 2014
Գյուղնախարարությունը զգուշացնում է հնարավոր ցրտահարության մասին և կոչ անում միջոցներ ձեռնարկել
Համաձայն ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հաղորդագրության՝ առաջիկա օրերին հանրապետությունում կդիտվի ջերմաստիճանի անկում: Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է օդում միչև -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -5 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճաններ կարող են գրանցվել նաև հետագա օրերի գիշերային ժամերին:
Նշված ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում Արարատյան հարթավայրում, Սյունիքի հովիտներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կարող են վնասվել ծիրանենին, սալորենին, դեղձենին, կեռասենին, բալենին և այլ կորիզավոր պտղատեսակներ, խաղողի վաղահաս սորտերի բացված բողբոջները, Տավուշում՝ դեղձենին, որոշ կորիզավորներ ինչպես նաև հոնենին:
Պտղատու այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս դիմել ավանդական միջոցներին՝ այգիների հարակից ճանապարհների վրա, քամու ուղղությամբ, պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի ու այլ այրվող նյութերի կույտեր և գիշերվա ժամերին, երբ ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ զրո աստիճանին՝ այրել (ծխեցնել) նշված կույտերը, ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով: Սովորաբար ամենացածր ջերմաստիճանները գրանցվում են գիշերվա ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը ընկած ժամանակահատվածում:
Եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել: Ցանկալի է ոռոգել նաև բաց դաշտում սածիլված վաղահաս կաղամբի բույսերը:
Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը, սածիլները, ելակի, կարտոֆիլի բույսերը և այլն նույնպես կարող են վնասվել: Ուստի, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում կատարել ջեռուցում, իսկ դրա անհնարիության դեպքում օգտագործել լրացուցիչ ծածկոցներ՝ ապահովելով դրական ջերմաստիճանային ռեժիմ:
Հորդորում ենք գյուղացիական բոլոր տնտեսություններին՝ վստահաբար հետևել բազմամյա փորձով ապացուցված մեր խորհուրդներին, որոնք հնարավար կդարձնեն նվազագույնի հասցնել սպասվող վտանգն ու կանխել բերքի կորուստները:
«Նախագահականից հետո կանյաչնին թիթիզություն ա». Աշոտյանի պատասխանն ընդդիմախոսներին
Խորհրդարանում կառավարության ներկայացրած «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկմանը՝ եզրափակիչ ելույթում, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնավորապես անդրադաձավ երկու խիստ քննադատական ելույթներին՝ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ելույթներին, իսկ ընդհանուր առամամբ հնչեցրած ելույթները գնահատեց վատ PR աշխատանք։
«Այսքանից հետո Կրթության և գիտության նախարարին մնում է մեկ հարց տալ՝ տղե´րք, ձեր PR մենեջերն ո՞վ է, հանեք գործից։ Տարրական քարոզչական ծուղակի մեջ կարելի՞ է ընկնել, այն էլ 4 ուժերի կողմից»,-ասաց նա և կենտրոնացավ խիստ քաղաքական քննադատություն պարունակող երկու ելույթններին։
«Այդ երկուսը հաստատ միասին աշխատել են, երկուսն էլ բանիմաց են, խելացի են, բայց նրանց ամբիցիաները շատ են, քան այն աշխատանքը, որն իրենց միավորում էր։ Երկուսն էլ երևի մի քիչ մազոխիստական զգացումներ ունեն, երեկվանից հետո ինձ կրկին խոսացնել փորձելը ոչ այլ ինչ է, քան մազոխիզմ»,-ասաց նա և նրանց մի քանի մտքերին անդրադարձավ առանձին՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Աշոտյանը լրջանալու կարիք ունի և ԱԺ-ն «կլուբ վիսյոլիխ ու նախոդչիվիխների պոլուֆինալը» չէ։
«Կավեենը վատ խաղ չի, դա արագ կողմոնորշվելու, խելքի բան է, և ինչու չէ, նաև ուրախության, ժպտացեք, կյանքը շատ ավելի լավ է, քան դուք պատերացում եք»,-ասաց նա և նշեց, թե ավելի լավ է « չտո, գդե, կոգդա» խաղալ, կամ կավեենի սցենարներ բեմադրել, քան լինել պոտենցիալ կրիմինալ ժանրի կամ 02-ի հերոս կամ օրինակ, քաղաքական տնփեսա սերիալի հերոս»,-ասաց նա։
Դիմելով Նիկոլ Փաշինյանին` նախարարը նշեց, թե նրա վիճակը շատ բարդ է և ինքը հասկանում է դա։ «Իմ վիճակն էլ է բարդ։ Հիմա ձեզ շատ քննադատեմ, որոշները կասեն` Աշոտանը իշխանություն լինելով ձեզ քննադատում է, որպեսզի ձեզանից սարքեն ընդդիմության առաջնորդ։ Գովեմ` կասեն իշխանության պրոյեկտն է, գովում է։ Չգիտեմ` ոնց վարվեմ` «սվոյ սրոդի չուժիխ, չուժոյ սրեդի սվայիխ», ծանր է վիճակը, հասկանում եմ, բայց իմ վիճակն էլ ծանր է, ինձ էլ հասկացեք, ոնց անեմ, որ ձեզ վնաս չտամ, բայց մի բան ասեմ էլի»,-ասաց նա։
Նախարարի այս խոսքերից հետո Նիկոլ Փաշինյանը տեղից արձագանքում էր, սակայն Աշոտյանն ուշադրություն չդարձրեց և անցավ ԲՀԿ-ին։ «Ասում են` քաղաքականացվել է կրթության համակարգը, երեկ բացեցի հետաքրության համար ԲՀԿ կայքը և տպեցի վերջին համագումարի խորհրդի կազմը՝ 200 հոգի, որից 20 հոգին ներկայացնում են կրթական համարգը, ոչ թե շարքային մակարդակով, այլ ռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ։ Տղե´րք, եթե քաղաքականացրել ենք, քաղաքականացրել ենք միասին, եթե չենք քաղաքականացրել, ուրեմն չենք քաղաքականցրել ոչ մեկս»,-նշեց նա։
Ապա անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ելույթին` ասաց. «Որոշ մարդիկ ինձ համեմատեցին Նապոլեոնի հետ, շնորհակալ եմ, ուզում եմ փոխադարձ շռայլություն անել և ասել, որ բացի քաղաքական նապոլեոնիզմից կա նաև քաղաքական կլեոպատրիզմ, գիտեք դա ինչ է, խելացի, գեղեցիկ կին, որը փորձում է տղամարդկանց մանիպուլացիայի ենթարկելու միջոցով ղեկավարել աշխարհը։ Ինչպես ավարտեց Կլեոպատրան…չէ այնքան էր փոխել իրեն, որ ոչ մի թույն չէր ազդում, ստիպված իրանից ավելի թունավոր բան գտավ, որպեսզի խայթի և մահանա»,-ասաց նա։
Նախարար Աշոտյանը նաև անդրադաձավ քննարկմանը` նշելով, թե այն իր գլխի մեջ չի տեղավորվում։ « Ինձ թվում էր, թե պետք է ինձ մանթռաժ գցեին, այսիքն իրական ռակուրսը հետևյալն է` 4 քաղաքական միավորում, Ժառանագությանը հանում եմ, մի քիչ էլ ինտրիգ մտցնեմ, պարոն Հակոբյան, երեք քաղաքական միավորում ընդդեմ մի միավորի` 19 հոգանոց գործադիր մարմնի … հրաշալի խումբ է, լավ քաղաքական կուրս է, ճիշտ փոխարժեք է, լավ ցուցանիշ է։»,-ասաց նա։
Եվ ընդհանրապես, Աշոտյանի խոսով՝ «Ճաշից հետո մանանեխ պետք չէ»։ «Ճաշից հետո մանանեխ պետք չէ ժողովուրդ, բռնցքամարտից հետո ավելորդ շարժումներ պետք չէ, ես դրա արդիական ասացվածքն եմ հորինել` նախագահականից հետո կանյաչնին թիթիզություն ա։ Էսա..»,-ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է ԲՀԿ «տիկինի» այն հայտարարությանը, թե իրենց քվեարկությունը կախված է այն հարցից, թե ուսման վարձերը կբարձանան թե ոչ, ասաց. «Շատ լավ է, որ քվեակությունը դրանից է կախված և ոչ թե ուրիշ բաներից։ Բարձրացնելու եք արդյոք ուսման վարձը և այլն, եթե բարձրացնում ենք վերին շեմը, ապա ակնհայտ է, որ վերին շեմի սահմանումից հետո կարող է ուսման վարձերը բարձրանալ բացառապես որակի պատճառով։ Այսինքն՝ այսօրվա ուսման վարձերը, չեմ կարծում, որ մոտ ապագայում բարձրանալու միտում ունեն»։
Ադրբեջանի 2360 քաղաքացի Եվրոպայում ապաստան է խնդրել
2013թ.-ի ընթացքում Ադրբեջանի 2360 քաղաքացի դիմել է ԵՄ երկրներին՝ ապաստան ստանալու խնդրանքով: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն կոմիսարի վարչության “Միտումները՝ ապաստան որոնելու ոլորտում -2013” խորագրով զեկույցում, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:
Ըստ 2013թ.-ի տվյալների՝ Ադրբեջանը ապաստան որոնողների թվում 33-րդ տեղն է զբաղեցնում: Ընդհանուր առմամբ նախորդ տարվա ընթացքում Եվրոպայում ապաստան գտնելու համար դիմել է 484.600 մարդ: Նրանց համար առավել գրավիչ երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան և Շվեդիան:
Քաղաքացիներն իրենց հուզող հարցերով կարող են զանգահարել գործող թեժ գծերի հեռախոսահամրներով
Երևանի քաղաքապետարան-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու, քաղաքացիներից առաջարկություններ ստանալու, նրանց մտահոգություններին ծանոթանալու և բարձրացվող հարցերին հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են թեժ գծի հեռախոսահամարներ:
Ըստ այդմ, յուրաքանչյուր աշխատանքային օր, առանց ընդմիջման, ժամը 09։00-18։00, կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի 010-514-152, 010-514-187, 010-514-236 հեռախոսահամարներով:
Աշխատանքային օրերին ժամը 09։00-ից 18։00-ը վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին ևս կարող եք ուղղել ձեզ հուզող հարցերը՝ զանգահարելով թեժ գծերի հետևյալ հեռախոսահամարներով:
- Աջափնյակ վարչական շրջան – + (37410) 39-21-80
- Ավան վարչական շրջան – + (37410) 62-14-12
- Արաբկիր վարչական շրջան – + (37410) 28-44-13
- Դավթաշեն վարչական շրջան – + (37410) 36-81-83
- Էրեբունի վարչական շրջան – + (37410) 57-45-51
- Կենտրոն վարչական շրջան- + (37410) 58-00-35, 58-00-53
- Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջան – + (37410) 74-05-22
- Նոր Նորք վարչական շրջան – + (37410) 67-16-33
- Նորք–Մարաշ վարչական շրջան – + (37410) 65-30-82
- Նուբարաշեն վարչական շրջան – + (37410) 47-60-40
- Շենգավիթ վարչական շրջան – + (37410) 44-12-73, 44-14-93
- Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջան – + (37410) 28-71-17, 28-71-35
Բացի այդ, շաբաթվա բոլոր օրերին, ընդ որում շուրջօրյա, քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերով ու առաջարկներով կարող են զանգահարել 1-08 հեռախոսահամարով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տուրի կենտրոնական պարտիան` Արոնյան-Կրամնիկ
Խանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի12-րդ տուրումի Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում է ռուսատանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Այս երկու շախմատիստները ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում հաջորդում են առաջին տեղը զբաղեցնող աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին:
Մրցամարտի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, այն տուրի կենտրոնական պարտիան է:
Աղյուսակը գլխավորում է Անանդը` 7 միավոր: Լևոնն ունի 6 միավոր: Մամեդյարովը, Կարյակինը, Սվիդլերը վաստակել են 5,5-ական միավոր: Կրամնիկն ու Անդրեյկինը հավաքել են 5-ական, իսկ Տոպալովը՝ 4,5 միավոր:
Այսօր կայանում են նաև հետևյալ մրցամարտերը
Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) – Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
Շաքրիար Մամեդյարով (Ադրբեջան – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
«Խնդիր կա որոշներին պարկետի ներքևից բարձրացնել պարկետին» Հովհաննես Սահակյան
Կրթության մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, պատասխանելով ընդդիմախոսների ելույթներին, նշեց, որ այսօր թատրոնի միջազգային օրն է, և բեմի վրա ներկայանալու և գայթակղվելու առիթը մեծ է: “Խոսում եք իմ ընկերոջը պարկետին իջեցնելու մասին, բայց, կարծում եմ, խնդիր կա որոշներին պարկետի ներքևից բարձրացնել պարկետին, որովհետև սա Ազգային ժողով է, նորից հիշեցնեմ, ոչ թե թատերական հարթակ: Այլընտրանք ներկայացնող իմ գործընկերը խոսում է լկտիության և ցինիզմի մասին, հերթական թատերական դրսևորումները: Երբ որ ինքը լրագրող էր աշխատում, կարծում եմ` այդ ցինիզմի և լկտիության վառ դրսևորումները զգացել է սեփական մաշկի վրա, թե ում մասին է խոսքը, թող ինքը ավելի լավ խոսա”:
Հովհաննես Սահակյանն անդրադարձավ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթին` նշելով, որ <<դեռևս պատանեկության տարիքում գտնվող պատգամավորը որոշակի ժամանակահատվածներում փորձում է ցիտել այս կամ այն գործչի կամ նմանվել նախ մեր հանրապետետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նոր ԱԺ եկած Նիկոլ Փաշինյանին, հիմա էլ փորձում է ցիտել Նաիրա զոհրաբյանին: Ուստի չեմ անդրադառնում ավելի խորքային և բովանդակային խնդիրներին, դեռ երեք տարի ունի, երբ որ ավելի կայանա, դրա առիթը կունենանք>>:
Աշխատանքը պետք է բերկրանք պատճառի
Գործատուները պետք է հոգ տանեն, որ իրենցաշխատողները երջանիկ ու գոհ լինեն.չէ որ մարդու կատարած աշխատանքի արդյունավետությունը, եթե նա գոհ է իր աշխատանքից, 20%-ով ավելանում է, ասվում է «Journal of Labor Economics»- ամսագրում հրապարակված նյութում, որտեղ նկարագրվում են առանձին փորձեր, 700 կանանց ու տղամարդկանց մասնակցությամբ: Բոլոր փորձերը հաստատել են, աշխատանքից գոհ աշխատակիցներն իրենց առջև դրված խնդիրներն ավելի արդյունավետ են լուծում ու կատարում, քան դժգոհ աշխատակիցները:
Եզրափակիչը կկայանա Ստեփանակերտում
Մեկնարկեց մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը:
Խաղերն անցկացվում են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Երևանի Շենգավիթի համայնքի թիվ 1 համալիր ՄՊՄԴ-ի մարզասրահներում:
Ուժերն է չափում 6 թիմ: Առաջին 4 տեղերը գրավողները պայքարը շարունակելու հնարավորություն կստանան:
Եզրափակիչ մրցաշարը կկայանա Ստեփանակերտում:
Ուրախալի է, որ ընդգրկուն է մասնակից թիմերի աշխարհագրությունը:
Երևանի Աջափնյակի, Շենգավիթի համայնքի, ԽՄՕՄՄ-ի թիմերից բացի, պայքարի ոլորտ են ներգրավվել Արցախի, Կոտայքի, Քաջարանի հավաքականները:
Մրցումների առաջին օրը գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
Արցախ-Աջափնյակ` 26:9, ԽՄՕՄՄ-Կոտայք` 21:10, Շենգավիթ-Քաջարան` 34:5:
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Մարտի 25-ին, ժամը 23.20-ին, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ա. Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մարտի 26-ին, ժամը 14.30-ին, Երևանի Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի դիմաց իրար են բախվել «Հոնդա», «Սեատ» և «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Սեատ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մարտի 25-ին, ժամը 23.40-ին, 1955 թ. ծնված Ալվարդ Ո.-ն բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ մարտի 22-ին, ժամը 16.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
Մարտի 25-ին, ժամը 24.00-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բելինսկու փողոցում բախվել է խանութներից մեկի պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մարտի 26-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21066» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Երևանյան խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մարտի 26-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԿրԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 79-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Կրթության նախարարը տարկետման հարցում համաձայն է Ռուբեն Հակոբյանի հետ
Բուհերի ուսման վարձերը մոտ ապագայում չեն բարձրանա: Կրթության մասին օրինագծերի քննարկման վերաբերյալ եզրափակիչ ելույթում Ազգային Ժողովում հայտարարեց կրթության և գիտության նախարարը: «Եթե, օրինակ, լուրջ ամերիկյան ուսումնական ծրագրեր բերվեն Հայաստան, ապա բնական է, որ այդ ծրագրերի գինը ամերիկյանից պետք է մոտ չորս անգամ ավելի էժան լինի, բայց միևնույնն է, մեր երկրի պայմաններում 10-12 հազար ԱՄՆ դոլարից պակաս չի լինի: Ի՞նչ անենք, չբերե՞նք նման ծրագրեր Հայաստան, որովհետև ուսման վարձերը պետք է պահել 180 հազար դրամի մակարդակին»,-հարցրեց նախարարը:
Ըստ Արմեն Աշոտյանի, խոսքը «Քենեդի Բիզնես» ծրագիրը Հայաստան բերելու մասին է, որի շուրջ արդեն բանակցություններ են ընթանում: Ինչ վերաբերում է տարկետման իրավունքին, ապա, կրթության նախարարը համաձայն է Ժառանգության խմբակցության ղեկավար Ռուբեն հակոբյանի հետ, որ պետք է դա հանվի: Այս մասին ընդդիմադիր պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունն այսօրվանից Ազգային ժողովում շրջանառության մեջ է: Այս հարցում Կրթության նախարարն ասաց, որ, որ անհրաժեշտ է քաղաքական միասնություն:
Նախագահն ազատվում է մրցակիցներից
Պետության ղեկավարի հայտարարության համաձայն, 3 գեներալներ են ձերբակալվել ու կկանգնեն դատարանի առջև Վենեսուելայի կառավարության դեմ ապստամբություն ծրագրելու համար:
Ձերբակալվածների անունները չեն հրապարակվում, սակայն Մադուրոն պնդում է, որ նրանք կապ են պաշտպանել ընդդիմադիր քաղաքական շարժումների, առաջնորդների հետ ու, հնարավոր է, որ մասնակցություն ունեցած լինեն երկրի մայրաքաղաքում ու մի քանի մեծ քաղաքներում անցկացվող բողոքի ակցիաներին: Նախագահը հայտարարել է, որ գեներալները նպատակ են ունեցել պետական սեկտորում քաոս ստեղծել ու մասշտաբային հոսանքանջատումներ սադրել: Իրավապահ մարմինների ու ակցիայի մասնակիցների միջև բախումների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, սակայն, Վենեսուելան կտրականապես հրաժարվում է երկրում ստեղծված ճգնաժամը կարգավորել միջազգային միջնորդությամբ:
Որոշումը միտված է սահմանամերձ բնակավայրերի պաշտպանունակության բարձրացմանը
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը որոշել է Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և 2009-2013թթ. ընթացքում հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 2014թ. համար հաշվարկված՝ վճարման ենթակա հողի հարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացնել մոտ 66 մլն դրամ:
Ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված սահմանամերձ համայնքներում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 2014թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով նույն որոշմամբ հատկացվել է ավելի քան 23 մլն դրամ:
Եվս մոտ 18 մլն դրամ է հատկացվել «Մեղրի» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 2014թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով:
ՀՀ կառավարության՝ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանունակության ամրապնդմանը և դրանց սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Գործադիրի որոշմամբ Երևանի վարչական սահմանում գտնվող 3 հեկտար անտառային հողը անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրվել է «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը, որը մանկապատանեկան, երիտասարդական, կամավորական, արտադպրոցական, ապաքաղաքական և ապառազմական կազմակերպություն է և նպատակ ունի դաստիարակել պատասխանատու, գիտակից, հասարակայնորեն ակտիվ, հոգեպես ամուր, հայրենասեր երիտասարդ սերունդ: Վերջին տարիներին ՀԿ-ին են տրամադրվել մեկ հանգստյան տուն, խաղահրապարակ կառուցելու հողամաս, որտեղ կազմակերպությունն իրականացրել է շինարարական աշխատանքներ, ստեղծել 600 անձի հաշվարկով միջոցառումներ անցկացնելու հնարավորություն: «Մենք պետք է մեր գոհունակությունը հայտնենք այս կազմակերպությանը՝ նախկինում կատարած աշխատանքի համար, – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Ուսումնասիրելով նրանց փորձը, այցելելով այդ ճամբարներ, տեսնում ենք, որ շատ ազգանվեր գործ են անում, ուստի վստահ ենք, որ այս որոշումը ճիշտ է»: Նոր հողատարածքի տրամադրմամբ ՀԿ-ն առավել արդյունավետ կկազմակերպի իր գործունեությունը:
Փաստաբանները համոզված են, որ Շանթ Հարությունյանի և նրա 13 ընկերների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը նախնական կալանքից պետք է ազատվի, ոչ թե քննիչները պետք է հայտարարեն նախաքննության ավարտի և շուտով գործը դատարան ուղարկելու մասին:
«Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը սակայն անհիմն մեղադրանք է: Բացակայում է հանցակազմը, նրան կալանավորել են այն բանի համար, որ նստացույց անելիս իր խնդիրներն է բարձրաձայնել և հայտնել սադրիչների մասին: Մեղադրանքից երևում է, որ տուժող կողմը եղել է քաղաքացիական հագուստով, իսկ Շանթ Հարությունյանը չէր կարող իմանալ, որ այդ մարդը ոստիկան է: Նրան տեղափոխեցին հոգեբուժարան` այնտեղ պահելով 20 օր և շատ լավ իմանալով, որ հոգեպես առողջ է»:
Շանթ Հարությունյանի հետ կալանավորված Միսակ Առաքելյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանի կարծիքով` նախաքննական մարմինն անհիմն մեղադրանք է առաջադրել իր պաշտպանին: Միսակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել պայթուցիկ նյութեր օգտագործելու համար, սակայն ապացույց չկա, որ այդ նյութերը ռազմամթերք են: Բացի դրանից, նախաքննական մարմինը ազատ չէ: Տուժողները ոստիկաններն են, իսկ նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը: Հետևաբար, արդար և ազատ նախաքննության մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Հովհաննես Քոչարյանը` հավելելով, որ դատարանն ինքն էլ չգիտի, թե ինչու է արդեն հինգ ամիս երկարաձգում նախնական կալանքը:
«Առաջին դեպքում Միսակ Առաքելյանի կալանքը երկարաձգելու որոշում կայացվեց այն պատճառաբանությամբ, թե բացակայում է Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննությունը: Երկրորդ դեպքում ասացին, որ գործը պետք է ուղարկել դատարան: Բայց մի՞թե գրավով ազատելու դեպքում գործը դատարան չէր գնալու»,- ընդգծեց փաստաբանը:
Փաստաբանները համոզված են, որ Շանթ Հարությունյանի և նրա 13 ընկերների նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում:
Իսկ Պուտինի վարկանիշը բարձրանում է
Պուտինի գործողությունների հավանության վարկանիշը մարտի վերջին 82,3% է կազմել` մեկ շաբաթ առաջվա` 75,7%-ի փոխարեն, հայտնում են Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնից, վերլուծելով հարցման արդյունքները:
Փորձագետների կարծիքով, այդ բարձր ցուցանիշը պայմանավորված է Ղրիմի` ՌԴ կազմ մտնելու ու Ուկրիանյում տիրող իրավիճակի հանգամանքով:
Հարցումն անց է կացվել մարտի 22-23-ին, մասնակցել է 1600 մարդ Ռուսաստանի 42 սուբյեկտների 130 բնակավայրերից:
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 12 աստիճանով
Մարտի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին` 5 աստիճան ցուրտ:
Մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ:
Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ, 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 8-12 աստիճանով:
Երևանում`
Մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:
Հայաստանի ներդրումը միջազգային զարգացումներում
Հյոգոյի գործողությունների ծրագիր 2 (ՀԳԾ-2) Հայաստանի պաշտոնական առաջարկությունների ձևավորում
Մարտի 26-ին Երևանի Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում տեղի ունեցավ Հյոգոյի գործողությունների ծրագիր 2-ի (ՀԳԾ-2) Հայաստանի պաշտոնական առաջարկությունների ձևավորման խորհրդաժողովը:
Քննարկմանը մասնակցում էին մոտ 100 ներկայացուցիչներ՝ ՀՀ նախարարություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային և տեղական կազմակերպություններից, ԱՌՆ մարզային թիմերից, գիտական և ուսումնական հաստատություններից ու համայնքներից:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը. «Հայաստանը ՄԱԿ-ի 168 երկրների շարքում միացել էր Հյոգոյի գործողությունների ծրագրին։ Վերջին տարիներին բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել` ուղղված Հայաստանում աղետների ռիսկի նվազեցմանը։ Այսօր մեր նպատակն է քննարկել և ձևավորել ՀԳԾ2-ի Հայաստանի պաշտոնական առաջարկությունների փաթեթը։ Ողջունում եմ բոլոր մասնակիցներին և մաղթում բեղմնավոր աշխատանք»:
Խորհրդաժողովի առաջին մասում ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՀԳԾ ազգային համակարգող, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ներկայացրեց ՀԳԾ հինգ գերակա ուղղություններով Հայաստանի ձեռքբերումները. «2005թ.-ին Հայաստանը ստորագրեց Հյոգոյի գործողությունների տասնամյա ծրագիրը, որի գլխավոր նպատակը պետություններում և համայնքներում աղետների պատճառած մարդկային, սոցիալական, բնապահպանական կորուստների էական նվազեցումն է»: Անդրադառնալով Արտակարգ իրավիճակների նախարարության ձեռքբերումներին՝ Ն. Գրիգորյանը շարունակեց. «2010թ.-ից արդեն առաջինը տաարածաշրջանում ստեղծեցինք Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը՝ ԱՌՆԱՊ-ը, որը գրանցվեց որպես հիմանդրամ: Շահագրգիռ բոլոր կառույցներին ներգրավելով՝ մշակեցինք ԱՌՆ ազգային ռազմավարությունը՝ գործողությունների կոնկրետ ծրագրով: 2010-2013 թթ.-ի ընթացքում ԱԻՆ կողմից մշակվել, շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանն ու իրավասու մարմինների հաստատմանն են ներկայացվել ՀՀ օրենքի ավելի քան 20, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների 200-ից ավելի նախագծեր: Այս ոլորտում Հայաստանն առաջատարի համարում ունի միջազգային կառույցներում և զգալի ներդրում ընդհանուր զարգացումներում»: Զգալի ձեռքբերումներ են գրանցվել փրկարար ծառայության, սեյսմիկ պաշտպանության, հակակարկտային ծառայության, կադրերի պատրաստման և վերապատրաստման, հանրային իրազեկման և ուսուցման ոլորտներում։ՄԱԶԾ Ճգնաժամերի կանխարգելման և վերականգնման բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանն իր ելույթում մեկ անգամ ևս հաստատեց, որ ՀԳԾ-ի նպատակն է փրկել կյանքեր: ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, ներկայացնելով ԱՌՆ ուսուցման ոլորտում տարված աշխատանքներն ու այդ ուղղությամբ մշակված առաջարկությունները, հաստատեց. «Առանց կրթության ռիսկի կանխում, կանխարգելում պարզապես չի կարող լինել: Այն այս գործընթացի անբաժանելի մասն է: Կրթությունը հանդիսանում է կանխարգելման կարևոր գործընթաց»: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը, անդրադառնալով երեխաների իրազեկվածությանն ու պաշտպանվածությանը, նշեց. «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, որպես ՄԱԿ-ի կառույց, կարևորել է ընդհանուր ԱՌՆ գործողությունների պլանը: Մանկական հիմնադրամը մեծ նշանակություն է տալիս դիմակայունության կառուցմանն ու աղետների ռիսկի նվազեցմանը։ Մեր նպատակն է` ձևավորել դիմակայուն համայնք»:
Խորհրդաժողովի երկրորդ մասում մասնակիցները բաժանվեցին 5 թեմատիկ խմբերի. կրթություն և ուսուցում, ԱՌՆ տեղեկատվության կառավարում և հանրային իրազեկում, տեղական մակարդակում ռիսկի կառավարում և դիմակայություն, ռիսկի մասնագիտական կառավարում և մասնագիտական ուսումնասիրություն, աղետների և կլիմայի փոփոխության հետևանքով տեղահանվածների խնդիրների թեմատիկ խումբ:
Խմբերի աշխատանքի արդյունքում ձևավորվեց ՀԳԾ2 Հայաստանի պաշտոնական առաջարկությունների փաթեթը, որը պետք է ներկայացվի ապրիլի 1-2-ն Ալմա Աթայում(Ղազախստան) կայանալիք ՀԳԾ-2-ի տարածաշրջանային քննարկմանը:
ԱՄՆ-ում խոշորամասշտաբ սողանքի հետևանքով անհետացածների թիվը հասել է 90-ի
Վաշինգտոն նահանգում Կասկադային լեռների ստորոտում խոշորամասշտաբ սողանքի հետանքով զոհվել է 24 մարդ, անհայտ կորածների թիվը նվազել է մինչև 90 մարդու:
Տեղանքում շարունակվում են փրկարարական աշխատանքները, սակայն շատ դանդաղ տեմպով, քանի որ սողանքի մակերեսը անկայուն է: Նահանգի իշխանություններն ընդունում են, որ շատերի մարմինները գուցե այդպես էլ չգտնվեն:
Հսկայական ծավալով սողանքը տեղի էր ունեցել ԱՄՆ-ի Օսո քաղաքից 90 կմ հեռավորության վրա , սողանքի բարձրությունը 54մ էր:
«Հանրությունը սպասում էր այս որոշումը», – վարչական պատասխանատվություն չկիրառելու որոշման առթիվ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը
Գործադիրն իր այսօրվա նիստում սահմանել է, որ տրանսպորտային այն միջոցի, որի համար դրա օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր երբևէ չի կնքվել ու այդ տրանսպորտային միջոցով կատարված Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011թ. հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, այդ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ վերը նշված հոդվածի առաջին մասով նախատեսված պատասխանատվության կիրառումից, ինչպես նաև արդեն իսկ կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքների գանձման ուղղությամբ միջոցների ձեռնարկումից ՀՀ ոստիկանությունը ձեռնպահ կմնա մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը:
«Սա սպասված որոշում էր», – ասել է ՀՀ վարչապետը՝ ՀՀ ոստիկանության պետին հանձնարարելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների միջոցով ԶԼՄ-ների օգնությամբ քաղաքացիներին իրավական խորհրդատվություն տրամադրել վարչական պատասխանատվության հիմքերի վերացման վերաբերյալ:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:
Անկախ
Օբաման Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված` կորցնում է վստահությունը
ԱՄՆ նախագահ Օբամայի վարկանիշն Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված` նվազել է:
Associated Press-ի անցկացրած հարցման համաձայն, ամերիկացիների միայն 41%-ն է հավանում Օբամայի գործողությունները, ինչը, ի դեպ, ամենացածր ցուցանիշն է նրա կառավարման ողջ ընթացքում: Ավելի վաղ այն կազմում էր 50%:
Ռուսաստանը պատժամիջոցների օգնությամբ մեկուսացնելու գաղափարը հավանում են 10 հարցվածներից 9-ը: Նրանց կեսը (գերազանցապես դեմոկրատներն ու նրանց կողմնակիցները) կարծում են, որ պատժամիջոցները համապատասխանում են ստեղծված իրավիճակին, մի կեսն էլ (հանրապետականներն ու նրանց կողմնակիցները) կարծում են, որ դրանք պետք է խստացնել:
Միայն 14%-ն է պատժամիջոցների խստացման դեմ արտահայտվել:
Օբամայի գործողությունները Ուկրաինայի նկատմամբ հավանության չի արժանացրել նաև հարցվածների 57%-ը, նրա քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ` 54%-ը:




