Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար

փոլադյանՀայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2014թ. մարտի 26-ի որոշմամբ Կարեն Փոլադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար:

Կարեն Ռոբերտի Փոլադյանը ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին, Երևանում։
2001-2003թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու։
2003-2004թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետա-իրավական բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ։
2004-2005թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնում՝ որպես առաջատար մասնագետ։
2005-2007թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնում՝ որպես բաժնի պետ։
2007-2012թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ։
2012թ. նոյեմբերի 7-ից ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարն է։
2014թ. մարտի 26-ին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար:

06.08.2007թ.-14.07.2011թ. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի առաջարկությամբ ՀՀ Նախագահի 03.08.2007թ. թիվ ՆՀ-191-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի անդամ։
2006 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի մագիստրատուրայում։

1999թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում։
1999-2001թթ. ծառայել է Զինված Ուժերում։
2003թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում։
2006թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։
2009թ. ավարտել է «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիան` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։
Հեղինակ է 3 գիտական հոդվածների։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականի խաղացողներից իրենց լավագույնս դրսևորեցին Ֆրանսիայում բնակվող մեր երկու հայրենակիցները

AG-2Հունաստանի Լարիսսա քաղաքում մեկնարկած «Չելենջ տրոֆի» մրցաշարի առաջին խաղում Հայասատանի հանդբոլիստուհիների հավաքականի մրցակիցը Էստոնիայի ընտրանին էր: Մեր երկրի ներկայացուցիչները պարտվեցին 17:33 հաշվով: Առաջին կեսում մերոնք մրցակցին զիջեցին 7:12 հաշվով:

Հայաստանի հավաքականի խաղացողներից իրենց լավագույնս դրսևորեցին Ֆրանսիայում բնակվող մեր  երկու հայրենակիցները: Մանո-Ռոզ Կարապետյանը և Կլարա Թերզյանը 7-ական գնդակ մրցակցի դարպասը խփեցին: 2 անգամ աչքի ընկավ Անի Ասատրյանը: Մեկ գոլի հեղինակ դարձավ Մարիամ Առաքելյանը;

Նույնպես B խմբում ընդգրկված մյուս երկու թիմերի մրցավեճը լարված բնույթ կրեց: Բուլղարիայի հավաքականը Իսրայելի ընտրանիի հետ խաղում հանգստի գնաց միայն մեկ գնդակի առավելությամբ` 10:9: Ի վերջո, բուլղարացիները հաղթեցին 24:21 հաշվով:

Այսպիսով, վաստակած 2-ական միավորով աղյուսակը գլխավորում են Էստոնիայի և Բուլղարիայի հավաքականները: Ապա հաջորդում են Իսրայելի և Հայաստանի ներկայացուցիչները:

Այսօր երեկոյան մերոնք կմրցեն բուլղարուհիների հետ: Կկայանա նաև Իսրայել- Էստոնիա հանդիպումը:

Անկախ

Փողն այլ ֆունկցիոնալ նշանակություն ևս ունի՝ բացի ընտրություններ կեղծելուց. Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀԿ անդամներին

Նաիրա ԶոհրաբյանԱյսօր Ազգային ժողովում «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին»  օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանը առաջարկի մասին իր ելույթում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շեղվեց բուն թեմայից և, դիմելով ՀՀԿ-ին՝ ի դեմս Արմեն Աշոտյանի, ասաց. «Ես հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ցինզմը և դատարկաբանությունը՝ ինտելեկտի հոմանիշը, ակնհայտ տափակախոսությունը՝ կրեատիվ լինելու հոմանիշը: Ինտելեկտին պարբերաբար հղումներ անելուց առաջ ճիշտ կանեք  գոնե աշխատեք, որ ձեր և այլ կարկառուն ներկայացուցիչ օգտատերերի ֆեյսբուքյան ճախրանքներում խայտառակ ուղղագրական սխալներ չլինեն: Ես չեմ պնդում, որ դա պարզ տառաճանաչության ու գրագիտության պակաս է, բայց հակառակ վարկածը հերքել չեմ կարող: Էլ չեմ խոսում որոշ կարկառուն օգտատերերի երբեմն-երբեմն արված օտարալեզու պասաժների մասին, որտեղ, օրինակ` երեք բառից բաղկացած պարզ համադասական նախադասության մեջ բառերի բոլոր տառերը կարող են գրվել սխալ: Սովորելը երբեք ուշ ու ամոթ չէ, ուսուցիչներ վարձեք, փողը այլ ֆունկցիոնալ նշանակություն ևս ունի՝ բացի ընտրություններ կեղծելուց: Դատելով  որոշ դեպքերի խիստ կլինիկական պրոգրեսից`  նրա դեմ պատվաստումը առ այս պահը, ցավոք,  դեռևս գտնված չէ, առողջ եղեք՛՛:

Սոցիալական փաթեթի շահառուներին կմատուցվի ավելի որակյալ և մատչելի բուժօգնություն

Արտեմ ասատրյան2014թ. մարտի 27-ին տեղի ունեցած հերթական նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է՝
– սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձևավորման և վարման կարգը, որի կիրառման արդյունքում ակնկալվում է սոցփաթեթի շահառուներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության, այդ նպատակով պետբյուջեից հատկացվող միջոցների ծախսման արդյունավետության բարձրացում,
– «ՀՀ առողջապահության նախարարության «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցփաթեթով ապահովում» ծրագրում ընդգրկված առողջապահական փաթեթի շրջանակում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման արտաբյուջետային հաշվի 2014թ. նախահաշիվը հաստատելու, ՀՀ 2014թ. պետբյուջեի և կառավարության նախկին որոշումներից մեկի փոփոխություններն ու լրացումները,
– ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրով այդ միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը:

Համապատասխանեցվում է Հայաստանի և Մաքսային միության օրենսդրական դաշտը

Մաքսային միություն, Հայաստան,«Ճանապարհային քարտեզը» Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է Մաքսային միությանն անդամակցելու պետական քաղաքականություն, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ագրոարդյունաբերության ոլորտի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրությանը: Այսօրվա նիստում գործադիրը ուժը կորցրած է ճանաչել այդ խնդրին վերաբերող իր նախկին որոշումը: Մաքսային միության տարածքում գործում են 2013 թվականին հաստատված մսի և մսամթերքի, կաթի և կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի հյութերի և հացահատիկի անվտանգության տեխնիկական կանոնակարգերը, որոնք Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո անհրաժեշտ կլինի տեղայնացնել: Տեղայնացման ենթակա կլինեն նաև սննդամթերքի բոլոր տեսակների, այդ թվում՝ թարմ պտուղ-բանջարեղենի, ձվի և ձվամթերքի, ինչպես նաև գարեջրի հիգիենային և անվտանգությանը, մակնշմանը և շփվող նյութերին ներկայացվող պահանջները, թույլատրելի սննդային հավելումները, դրանց շուկայահանման ընթացակարգերը և այլն:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ մոտենում է Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը, գործադիրն հավանություն է տվել մինչև 2016թ. սեպտեմբեր դրա երկարացման ծրագրին: ՀՀ ֆինանսների նախարարությանն հանձնարարվել է մինչև ս.թ. մայիսի 1-ը միջոցներ ձեռնարկել ծրագրի իրականացման նպատակով ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև վարկային միջոցների ներգրավման միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Միաժամանակ ակտիվացվելու է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքը:
ՀՀ կառավարության 2013թ. հունիսի 20-ի որոշմամբ Բելառուսի Հանրապետությունից տրակտորներ և հարակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամին է փոխանցվել 900 մլն դրամ, որով ներկրվել է 100 տրակտոր և 125 միավոր հարակից սարքավորում: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ներկրել ևս 100 տրակտոր, կոմբայններ և սարքավորումներ, ուստի նշված գումարը վերադարձնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014թ. նոյեմբերի 1-ը:
Կառավարության որոշմամբ Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման և շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության համաձայնագրով նախատեսված ՀՀ իրավասու մարմիններ են նշանակվել ՀՀ ոստիկանությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Կնվազի փոխադրամիջոցի գույքահարկի գումարի կորուստը

հհ կառավարության նիստՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնցով սահմանվել են ՀՀ համայնքների ղեկավարների կողմից ճանապարհային ոստիկանության ծառայություն և ՀՀ բանկեր առցանց ռեժիմով փոխադրամիջոցների համար գույքահարկի հարկային պարտավորություն չունենալու վերաբերյալ տեղեկության տրամադրման ձևը և ժամկետը:Ակնկալվում է, որ որոշման գործադրմամբ կվերանա կամ հնարավորինս կնվազի փոխադրամիջոցների գույքահարկի գծով հավաքվելիք գումարների կորուստը, ինչպես նաև կկանոնակարգվի այդ գումարների ծրագրման և հավաքման գործընթացը: Ըստ որոշումներին կից տեղեկանքների դրանց ընդունմամբ իրավական այլ ակտերում փոփոխություն կամ լրացում կատարելու անհրաժեշտություն չի առաջանում, ՀՀ պետբյուջեի եկամտային և ծախսային մասերում՝ նույնպես, իսկ սահմանված դրույթներն համապատասխանում են միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
Կառավարության որոշմամբ ՀՀ ոստիկանության տնօրինության տակ գտնվող «ՈՒԱԶ 31519» մակնիշի տրանսպորտային երկու միջոցը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին, որն զբաղվում է քրեակատարողական ծառայության ուղղիչ հիմնարկների տնտեսական, կենցաղային ոլորտի բարելավմանն ուղղված գործունեությամբ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել արագաչափերի տուգանքների իրավաչափությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ

տիգրան սարգսյանԱյսօր կայացած նիստից մեկնարկից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

-Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հանձնարարականով: Խնդիրն այսօր գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և շատ հաճախ դժգոհությունների համար լուրջ դրդապատճառ է հանդիսանում. խոսքը ճանապարհային երթևեկության կանոնների համար կիրառվող տուգանքների մասին է: Որքանո՞վ են այդ տուգանքներն արդարացի, համաչափ են արդյոք մեր օրենսդրությանը նկարագրված դեպքերը, երբ մենք կիրառում ենք տուգանքներ, օրենսդրության մեջ ունե՞նք բացեր, ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան և միջազգային պրակտիկայից կարո՞ղ ենք մեզ համար ընտրել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի մեր քաղաքացիները նույնպես ընդունեն, որ օրենսդրությունը և տուգանքների չափերը, որ կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, արդար են: Այս հարցերի պատասխանները հանրությանը ներկայացնելու համար հանձնարարում եմ պարոն Գաբրիելյանին՝ պատրաստել վարչապետի որոշման տեքստ, և մենք ստեղծենք աշխատանքային խումբ՝ արդարադատության նախարարության գլխավորությամբ, ներառելով այդ աշխատանքային խմբում բոլոր շահագրգիռ մարմիններին, այդ թվում նաև հասարակական կազմակերպություններին, այն մարմիններին, որոնք ունեն ակտուարական հաշվարկներ իրականացնելու հնարավորություն, որպեսզի մենք վիճակագրություն ներկայացնենք հանրությանը, թե հաճախակի խախտումները որոնք են, այդ խախտումների քանակը, տուգանքների չափը և արդյունքների մասին զեկուցենք նաև հանրությանը, ինչպես նաև ներկայացնենք օրենսդրական առաջարկություններ: Պարոն Թովմասյան, Ձեր կարծիքով որքան ժամանակ է անհրաժեշտ այս հարցերի պատասխանները ստանալու համար:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան – Պարոն վարչապետ, կարծում եմ 1-2 ամիսը բավարար կլինի, որպեսզի ընդհանուր առմամբ պատկերացում ունենանք, թե ինչ ուղղությամբ ենք գնալու: Եթե օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն լինի, ևս մեկ ամիս: Այսինքն` 2-2,5 ամսվա ընթացքում կարծում եմ բոլոր հարցերի պատասխանները կունենանք, որպեսզի շատ ավելի հիմնավոր և համապարփակ լուծումներ ունենանք, այլ ոչ թե տեղային, 1-2 խնդրով բավարարվենք:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, այդ դեպքում պարոն Գաբրիելյանի հետ պատրաստեք որոշման նախագիծ, այդ թվում ներկայացրեք այն կազմակերպությունների ցանկը, որոնք ձեր կարծիքով ճիշտ կլինի ներգրավենք խմբի մեջ:

Հարկային մարմինն է վարում պարտադիր կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման տվյալների շտեմարանը

նիստԿատարելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածների պահանջը, կառավարությունն իր այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել ՀՀ 2014թ. պետբյուջեում, փոփոխություն և լրացում՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում: Վերը նշված 9-րդ և 14-րդ հոդվածների համաձայն հարկային մարմինը օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է պարտադիր կուտակային բաղադրիչի անձնավորված հաշվառման տվյալների բազան, ամեն ամիս գործատուներից ընդունում պարտադիր կուտակային վճարների անհատական հաշվարկները և օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը, կամուրջ հաշիվ մուտքագրված և հաշվետվության մեջ նշված կուտակային վճարների մասով վճարման հանձնարարականներ է ուղարկում գանձապետարան՝ կամուրջ հաշիվ մուտքագրված գումարներից և ՀՀ պետբյուջեից համապատասխան գումարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու համար և այլն: Վերը նշվածը կարող է կատարվել սույն որոշման ընդունմամբ:
2014թ. մարտի 27-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության համալիր գնահատման կարգին: Քաղաքացիական պաշտպանության վիճակը համալիր գնահատվում է խնդիրների կատարմանը «պատրաստ է», «պատրաստ է մասամբ» և «պատրաստ չէ» արդյունքներով: Գնահատական է տրվում ինժեներական պաշտպանության, ճառագայթային պաշտպանության, բժշկական պաշտպանության վիճակին, տարհանման միջոցառումների կազմակերպմանը, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների պատրաստվածությանը, բնակչության քաղաքացիական պաշտպանության գծով ուսուցման կազմակերպմանը, պահեստային կառավարման կետերի առկայության, կապի և ազդարարման համակարգի վիճակին: Մինչև օրս ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատման մեթոդական ուղեցույց չի եղել: Որոշման նախագիծը ՀՀ կառավարություն է ներկայացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Գործադիրը հավանություն է տվել երկրի հեռանկարային զարգացման ծրագրին

կառավարության նիստՀՀ կառավարությունն իր ս.թ. մարտի 27-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրին:
Գործադիրը վերանայել է 2008թ. ընդունված «Կայուն զարգացման ծրագիրը» հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված միտումներն ու նոր իրողությունները: Վերանայված ծրագիրը նպատակ ունի հետճգնաժամային ռազմավարական համակարգված շրջանակ ապահովել կառավարության քաղաքականության ուղղությունների ձևավորման համար: Ծրագիրը կառավարությանը հնարավորություն է ընձեռելու միավորելու ազգային կարողությունները երկրի երկարաժամկետ զարգացման տեսլականի ձևավորման շուրջ` հաշվի առնելով ձեռք բերված փորձը, առկա պայմաններն ու համընդհանուր զարգացման մարտահրավերները:
Ծրագրի հեռանկարը մինչև 2025 թվականն է: Փաստաթղթում նախանշված են երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունների ընդհանրական համախումբը, նպատակները, զարգացման հիմնական խոչընդոտները և սահմանափակումները, գերակա նպատակներին հասնելու համար անհրաժեշտ առանցքային բարեփոխումներն ու քաղաքականության գործիքները, ինչպես նաև հիմնական ռիսկերը: Կառավարության երկարաժամկետ զարգացման ռազմավարության գերխնդիրը բնակչության նյութական և ոչ նյութական բարեկեցության անշեղ ավելացումն է։ Երկրի զարգացման ներկա փուլի առանձնահատկություններից ելնելով՝
որակյալ և բարձր արտադրողականություն ապահովող աշխատատեղերի ստեղծման ճանապարհով զբաղվածության ընդլայնումը հռչակված է որպես ծրագրի հիմնական նպատակ:
ՀՀ կառավարության գործողություններն ուղղված են լինելու յուրաքանչյուրի համար սեփական ջանքերով աշխատանքին համապատասխան արդարացի վաստակ ստանալու հնարավորության ստեղծմանը: Ծրագրի իրականացումը երաշխավորելու է հասարակության յուրաքանչյուր անդամի՝ սեփական պետության կողմից պաշտպանված և սոցիալապես ապահովված լինելու անվերապահ ընկալման ամրապնդումը: ՀՀ քաղաքացու անձնական զարգացմանը, մասնագիտական աճին, նրա քաղաքացիական դաստիարակությանն ու մշակույթի մակարդակի ավելացմանն ուղղված գործողությունները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում՝ յուրաքանչյուրի մեջ ամրապնդելով հայրենիքում ապրելու նախընտրելիությունը։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկում են ԱԺ նիստերը գումարել երկու շաբաթը մեկ անգամ

ոստիկանության հաշվետվությունը կառավարությունումՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննության է առել «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են անցնել երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերին: Օրինագիծը, ըստ հեղինակների, միտված է օրենսդիր մարմնի աշխատանքին ավելի դինամիկ ընթացք հաղորդելուն: Ի դեպ, ինչպես նշված է ՀՀ կառավարության եզրակացությունում, գործադիրը նույնպես համամիտ և շահագրգիռ է այդ հարցում, քանի որ դրա շնորհիվ հնարավորություն կլինի քննարկել առավել մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ: Սակայն ծագում են նաև մի շարք խնդրահարույց հարցեր՝ չի՞ տուժի արդյոք ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքը, արդյո՞ք պատգամավորները հնարավորություն կունենան լիարժեք ուսումնասիրել և քննարկել օրենքների նախագծերը: Այսպիսով, կառավարությունը հանգում է այն եզրակացության, որ նախագծի ընդունումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:
Միաժամանակ գործադիրը պատրաստ է նախագծի հեղինակների հետ համագործակցել ԱԺ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, մանավանդ այն դեպքում, երբ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային Ժողովում շրջանառվում են բազմաթիվ օրինագծեր, որոնք դեռ չեն քննարկվել և դրա հետևանքով կառավարությունը չի կարողանում ժամանակին կյանքի կոչել իր քաղաքական հանձնառությունները:
Նիստում քննարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են տարբեր խմբակցությունների անդամ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են սահմանել վերջին շրջանում սոցիալական ցանցերում մեծ տարածում ստացած կեղծ օգտատերերի միջոցով վիրավորանք կամ զրպարտություն բովանդակող տեղեկատվության տարածումը կանխելու միջոցներ, մասնավորապես՝ լրատվական միջոցների պատասխանատվությունը: Կարևորելով և ողջունելով խնդրի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը, գործադիրն, այնուամենայնիվ, արել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Հաստատվել է մատնադրոշմային քարտադարանի գործունեության կարգը

կառավարությունՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը, որով կանոնակարգվում են վերցված մատնադրոշմը և դեպքի վայրից վերցված ձեռքի հետքը մատնադրոշմային քարտարան մուտքագրելու, հաշվառելու, մատնադրոշմային տեղեկություն տրամադրելու, պահպանելու, հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները: Մատնադրոշմային քարտադարանը ոստիկանության կողմից վարվող տվյալների պահոց է, որտեղ հավաքվում, ծածկագրվում, համակարգվում և պահպանվում են մատնադրոշմային տեղեկությունները:
Նախնական մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացումն իրականացվում է ուսուցման առկա ձևով, որի համար ուսումնառության ժամկետ է սահմանված վեց ամիսը: Նկատի առնելով կրտսեր խմբի թափուր պաշտոնների արագ համալրման անհրաժեշտությունը, կառավարությունը մինչև 2016թ. հունվարի 1-ը ուսուցման ժամկետը կրճատել է երեք ամսով, որպեսզի սահմանված կարգով համալրվեն շուրջ 1500 հաստիքները:

Ատրճանակով շշի վրա նշան բռնած երիտասարդից զենքն առգրավել են

ատրճանակի բռնակով հարվածել էՄարտի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներից մեկը Մուսալեռ գյուղից Էջմիածին գնալիս, Մուսալեռ գյուղի հարակից այգում, նկատել է ատրճանակով պլաստմասե շշի վրա նշան բռնած մի երիտասարդի:
Պարզվել է, որ երիտասարդը 1985 թ. ծնված Կառլոս Ա.-ն է:
«Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակն առգրավվել է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Ստեփանավանում և Տաշիրում փամփուշտներ են հանձնել

փամփուշտՈստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 25-ին, ժամը 08.30-ին, 1963 թ. ծնված Կարեն Չ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 39 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 25-ին, ժամը 16.30-ին, 1964 թ. ծնված Վահան Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 99 և 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Անսթափ կողոպտիչ` գովազդի պատրաստման տաղավարում

ՀՀ-ոստիկանություն2Մարտի 26-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի 11 շենքի մի բնակարանից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Հմայակ Մ.-ին:
Ոստիկանները պարզել են, որ նա մարտի 22-ի երեկոյան, ժամը 20.00-ի սահմաններում, անսթափ վիճակում այցելելով Արմավիրի Սայաթ-Նովայի փողոցում գտնվող գովազդի պատրաստման տաղավար, անհիմն վիճաբանել է սեփականատիրոջ հետ, քաշքշել նրան, այնուհետև բացահայտ հափշտակելով սեղանին դրված բջջային հեռախոսը` դիմել է փախուստի:
Հանցագործության մասին տուժողը ոստիկանություն չէր դիմել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Արմավիրի քննչական բաժին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է թատերական գործիչներին

001Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կազմակերպված ընդունելության շրջանակում քաղաքապետը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է հայ թատերարվեստի գործիչներին: Ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ներկաներին ուղղված շնորհավորական իր խոսքում Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ բեմի ներկայացուցիչների դերը ազգային հոգևոր արժեքների պահպանման ու տարածման գործում:

«Մեր ժողովուրդը միշտ էլ սիրել ու գնահատել է թատրոնը, որը ներառում է արվեստի կարելի է ասել բոլոր ճյուղերը: Թերևս նաև դրանում է բեմարվեստի այն ձգող ուժը, որ բոլոր ժամանակներում հանդիսատեսին միշտ թատրոն է բերում: Եվ դուք՝ ձեր արվեստի ուժով, ոչ միայն գեղագիտական հաճույք եք պատճառում հանդիսատեսին, այլև կրթում ու դաստիարակում եք նրանց՝ ձեր ուրույն նպաստը բերելով ինչպես հոգևոր արժեքների պահպանման ու տարածման, այնպես էլ մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացման գործում: Քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն եմ մաղթում ձեզ, սիրելի արվեստագետներ: Եվ համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակից է լինելու հայ արվեստագետին: Ու ես անկեղծորեն հպարտ եմ, որ մեր քաղաքում ապրում և արարում են բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, ովքեր դաստիարակում են նաև արժանի սերունդ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ, Թատրոնի միջազգային օրվա առթիվ և Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով պարգևատրել է բեմանկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանին, դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանին, սցենարիստ, ռեժիսոր Քրիստ Մանարյանին և դերասան, ռեժիսոր Լևոն Իվանյանին: Թատերարվեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանում բացվեց բժշկական նոր կենտրոն

 79051Այսօր Երևանում բացվեց ամբուլատոր-ախտորոշիչ և հիվանդանոցային ծառայություններ մատուցող «Մեդլայն կլինիկ» կենտրոնը` հագեցած ախտորոշիչ նորագույն սարքավորումներով, այդ թվում` համակարգչային շերտագրության, թվային ռենտգեն, թրեդմիլ և այլ սարքավորումներով։ 50 մահճակալ ունեցող կլինիկայում ծավալված երեք վիրասրահներում կկատարվեն ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ եղանակով վիրահատություններ։ Վիրաբուժական ուղղվածություն ունեցող կլինիկայում ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած վերակենդանացման, հետվիրահատական բաժին, հարակից անհրաժեշտ ծառայություններ, հարմարավետ հիվանդասենյակներ։

Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, առոջապահական հիմնարկների ղեկավարներ, բժիշկներ:

Պատասխանելով լրագրողների հարցերին`  Դերենիկ Դումանյանը խրախուսեց մասնավոր ներդրողի կողմից նման կլինիկա ստեղծելու գաղափարը։ «Լիցենզավորման գործակալության և ԾԻԳ-ի  մեր մասնագետները մշտապես հետևել են շինարարության ընթացքին և անհրաժեշտ խորհրդատվություններ տվել, որպեսզի բոլոր ծառայությունները համապատասխանեն սահմանված նորմերին ու պահանջներին։ Արդյունքում այսօր բացվում է բավականին հարմարավետ հիվանդանոց»,- ասաց նախարարը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային

Սերժ Սարգսյան   Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Վաշինգտոն նահանգի հյուսիս-արևելյան շրջաններում տեղի ունեցած ավերիչ սողանքի հետևանքով երկու տասնյակից ավելի մարդկային կորուստների, հարյուրից ավելի անհայտ կորածների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Օբամային և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:

«Մենք հետևում ենք ԱՄՆ-ի կառավարության կողմից ձեռնարկված փրկարարական մեծածավալ միջոցառումների ընթացքին և հավատացած ենք, որ ձեռնարկված միջոցառումները հաջողությամբ կպսակվեն՝ թույլ տալով հնարավորինս արագ հաղթահարել դժվարին փորձությունը:

Կիսելով Ձեր և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի վիշտը` զոհվածների, անհայտ կորածների հարազատներին և ԱՄՆ-ի ողջ ժողովրդին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

 

Տուբերկուլոզի դեմ պայքարի արդյունավետությունը կմեծանա

կառավարությունՀՀ կառավարության ս.թ. մարտի 27-ի նիստի որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, վերջինիս միացվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի լիազորության մեջ են մտել ինչպես տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող միջոցառումների իրականացումը, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, ինչի շնորհիվ կբարձրանա բժշկական օգնության և սպասարկման որակը, կբարելավվի ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործումը: Մեկ այլ որոշմամբ գործադիրը առողջապահության բնագավառի ՊՈԱԿ տնօրենին ներկայացվող 65 տարին լրացած չլինելու պարտադիր պայմաններից մեկը տարածել է հարյուր տոկոս պետական սեփականությամբ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա` դրսևորելով միատեսակ մոտեցում և նպաստելով աշխատաշուկայի մրցունակության բարձրացմանը:

ԿԺԴՀ-ում տղամարդկանց պարտադրել են Կիմ Չեն Ընի նման մազերը կտրել

1345-390x290Հյուսիսային Կորեայում տղամարդկանց այսուհետ Կիմ Չեն Ընի կտրվածքն է պարտադրվելու: Դրանից առաջ տղամարդիկ իրավունք ունեին ընտրելու սանրվածքի 10 հաստատված տեսակից մեկն ու մեկը, իսկ կանանց առաջարկվում է 18 տեսակ կտրվածք: Սակայն, այս տարվա մարտից բոլոր հյուսիսկորեացիներին պարտադրել են «Կիմ Չեն Ընի սանրվածքը»:

Տեղի հեռուստատեսությունում սոցիալական հոլովակ է հայտնվել` մազերի կարճ կտրվածքի գովազդով.»Եկեք մազերը կտրենք մեր սոցիալիստական կերպարին համապատասխան»,ասվում է հոլովակում:

Սակայն, երկրի բնակիչները քննադատորեն են արձագանքել նորմուծությանը: Պարզվում է, որ հյուսիսկորեացիների մոտ իրենց առաջնորդի սանրվածքը ասոցացվում է չինացի մաքսանենգերի ու փախստական հանցագործների կերպարի հետ: Ինչ պատիժ է սահմանված օրինախախտների նկատմամբ, չի հայտնվում:

Անկախ