Սիրիայում կրկին ադրբեջանցի զինյալներ են սպանվել

ադրբեջանցի զինյալներ
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները`Սիրիայում սպանվել են ևս երկու ադրբեջանցի զինյալ: Բաշար Ասադի կողմնակիցների ուժերի դեմ մարտնչող “Իրաքի և Լևանտի իսլամական պետություն” իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի 2 զինյալները հայտնի են “Իբրահիմ Սումգայիթլը” և “Սեյֆուլլահ Շեքիլի” մականուններով:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, Սումգայիթի բնակիչ “Իբրահիմ”-ի իսկական ունունը Ռուֆաթ Աշուրով է, իսկ Շեքիի շրջանի բնակիչ “Սեյֆուլլահ”-ինը`Ռուսլան Մամեդով:

Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` օրերս Սիրիայում սպանվել էր ևս երկու ադրբեջանցի զինյալ, իսկ ավելի վաղ` ևս 12 ադրբեջանցի:

Անկախ

Ծագող արևի երկրի հայ դեսպանը մեկնեց, բայց «չհեռացավ» Հայաստանից ու հայերից

ճապոնացի«Ինչո՞ւ այս մարդիկ իրենց հայրենիքում չեն ապրում»,- աշխարհասփյուռ հայության մասին ճապոնացի Դայսակու Վատանաբեի այս հռետորական հարցը դարձավ հայագիտությանը նվիրվելու, հայերենն ուսումնասիրելու գլխավոր պատճառը: Տոկիոյի համալսարանի ուսանողը հաճախ է շրջագայությունների մեկնում:
– Ուր գնացել եմ, հայերի եմ հանդիպել, մշտապես զարմացել, թե ինչու են նրանք ապրում այլ երկրներում: Նրանք ինձ պատմել են 1915-ի դեպքերի մասին, ցեղասպանության պատմությունները պարզապես ցնցել են: Ես հասկացա հայկական սփյուռքի առաջացման պատճառը: Առաջին անգամ Հայաստան այցելեցի 2002-ին, այն ժամանակ` որպես զբոսաշրջիկ, երբ վերադարձա, զգացի, որ մեզնից հազարավոր կիլոմետրեր հեռու այս փոքրիկ երկիրը կարոտում եմ: Եվ ահա եկա հստակ նպատակով` սովորել աշխարհի հնագույն լեզուներից մեկը` ոսկեղենիկ հայերենը: Ես գիտեմ մի քանի լեզուներ` դե իհարկե իմ մայրենին` ճապոներեն, անգլերեն, թուրքերեն, ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, մի քիչ ֆրանսերեն, ըստ էության բոլոր լեզուներն եմ սիրում, բայց հայերենը հարազատ է, հասկանո՞ւմ եք: Տառերը շատ գեղեցիկ են, մաշտոցյան այբուբենը ինքնատիպ է, հնչյունական համակարգի մասին էլ խոսք չկա, քիչ լեզուներ կան, որտեղ ամեն մի տառ իր հնչյունն ունի, սա մեծ հարստություն է»,- խոստովանում է Դայսակուն:

10153342_719339191422006_1418604541_n2011-ին, երբ Վենետիկում հանդիպեցի Դայսակուին, ապշել էի նրա` հայերի ու հայերենի մասին գիտելիքի պաշարից: Նա մասնակցում էր հայագետ, Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Լևոն Զեքիյանի հայոց լեզվի և մշակույթի ամառային խտացյալ դասընթացին` սովորելով արևմտահայերեն և ուսումնասիրելով համահայկական պատմությունն ու մշակույթը: Սուրբ Ղազար կղզում` Մխիթար Սեբաստացու արձանի մոտ Դայսակու Վատանաբեի լուսանկարը հայկականության հանդեպ Դայսակու սիրո խտացումն է: Գիտելիքները խորացնելու նպատակով նա 2011-ի հոկտեմբերին երկու տարի ժամկետով եկավ Երևան, ընդունվեց ԵՊՀ նախապատրաստական բաժին` առաջին հերթին կատարելագործելու լեզուն, ապա նոր նյութեր հավաքելու գիտական թեզ պաշտպանելու համար:
– Եղել եմ Սիրիայում, Լիբանանում, Թուրքիայում, Ֆրանսիայում… Սփյուռք երևույթն ինձ համար անչափ հետաքրքիր է: Դիսերտացիայիս նյութերը հավաքելու նպատակով ես Հայաստանից մեկնեցի նաև Իրան` ուսումնասիրելու տեղի պարբերականները, մամուլը, որտեղ արտացոլված է իրանահայերի պատմությունը,-ասում է Դայսակուն:
Իրանցիների և իրանահայերի հարաբերությունները նրա դիսերտացիայի թեման են: Որոշակի առումով նաև քաղաքական հարցեր է շոշափում:

– Չգիտեմ, դեռևս շատ գործ կա կատարելու, պատասխանատու աշխատանք է, կա՛մ Եվրոպայի երկրներից մեկում, կա՛մ Ճապոնիայում պետք է պաշտպանեմ ավարտական թեզս:
Ճապոնացի երիտասարդի Հայաստանում անցկացրած օրերը չափազանց հագեցած էին, լեցուն ոչ միայն համալսարանական ու կրթական ծրագրերի մասնակցությամբ:
Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունենում կատարողական բարձր արվեստով, երաժշտությունը մոտեցնելով հանդիսատեսից յուրաքանչյուրի սրտին ու հոգուն. սա Դայսակուի գնահատականն է: Նա բաց չի թողել երևանյան որևէ դասական համերգ ու մշակութային իրադարձություն, լսում է Բաբաջանյան, Խաչատրյան, Հախվերդյան… Երևանի ճապոնացի բնակիչը հայաստանյան մշակութային օջախների սպասված հյուրն է, գրավաճառների ամենահետաքրքիր հաճախորդը, տաքսու վարորդների բարեկիրթ ուղևորը:

10151562_720131744676084_1963056756_n– Առաջին հայերեն գիրքը, որ կարդացի, Րաֆֆու «Խենթն» էր, շատ դժվարությամբ հաղթահարեցի, քանի որ հայերենս այնքան էլ լավ չէր: Երբ ավելի խորությամբ կարդացի Րաֆֆի, ինձ դուր եկավ «Պարույր Հայկազնը»: Հիմա ժամանակս ավելի շատ տրամադրում եմ մասնագիտական գրականության ընթերցանությանը:
Դայսակուն Հայաստանից երկու հարյուրից ավելի կտոր գիրք է իր հետ տանում` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, Լեոյի «Հայոց պատմությունը», Իսահակյան, Թումանյան, Դեմիրճյան, Շիրազ, Չարենց, Վարուժան, Րաֆֆի, Ռոմանոս Մելիքյան, Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Ռաֆայել Իշխանյան…
– Տեղ չկա, մի մասը փոստով եմ ուղարկել, մի մասն ինձ հետ վերցրել, մի մասն էլ թողնում եմ, որ երբ էլի գամ, տանեմ Տոկիո:
ԴայսակուՎատանաբեն ուսումնասիրում է ոչ միայն արևելահայերենն ու արևմտահայերենը, այլև գրաբարը, և ամենաուշագրավն այն է, որ հայերենի բոլոր դրսևորումներն ու նաև բարբառները սովորում է ոչ թե մեխանիկորեն, այլ զգալով հայերենի հմայքը, Նարեկը թերթելիս չթաքցնելով հիացմուքը`ի՜նչ ճոխ է, չէ՞:
Այս երկուսուկես տարում Դայսակուն հաճախեց դաշնամուրի, ռուսերենի մասնավոր պարապմունքների, հայ հնագետների հետ մասնակցեց պեղումների, այցելեց Հայաստանի պատմամշակութային վայրեր, Արցախ:
– Ճապոնիայում, ցավոք, հայերի մասին շատ բան չգիտեն, բայց գիտեն Անաստաս Միկոյանին, Արամ Խաչատրյանին, Փարաջանովին, Այվազովսկուն և իհարկե Լևոն Արոնյանին: Հայաստանում սովորելու գումարը ճապոնացի երիտասարդին փոխանցել է Տոկիոյի մասնավոր հիմնադրամներից մեկը: Երևանյան օրերին Դայսակուն նաև զբաղվել է թարգմանությամբ` անգլերենից ճապոներեն թարգմանելով Ջորջ Բուռնությանի «Concise history of Armenian people» գիրքը: Ճապոնացի երիտասարդը նշում է, որ հայագետի բարձր տիտղոսին հասնելու համար դեռ ճանապարհ ունի անցնելու: Նրա ցանկությունն է, որ իրանահայերի վերաբերյալ գիտական հետազոտությունն ավարտելուց հետո կզբաղվի այլ երկրներում հայկական սփյուռքի ուսումնասիրությամբ: Նպատակներից մեկն էլ Տոկիոյի պետական համալսարանում հայագիտության ամբիոնի հիմնումն է: Ճապոնական հիերոգլիֆներից հետո մեծ խանդավառությամբ հայերենը սերտած ճապոնացի Դայսակուն ընդգծում է, որ հայերի ու ճապոնացիների գլխավոր ընդհանրությունը ամաչելու հատկությունն է:
– Չեմ կարող ասել` ինչից ենք ամաչում, բայց այդ առանձնահատկությունը նկատել եմ: Հայերը շատ բարի են, հյուրընկալ: Ինչ վերաբերում է կարոտի զգացումին, ապա մենք ևս կարոտում ենք, պարզապես կարողանում ենք զգացմունքները թաքցնել, ավելի սառը վերաբերմունք ցուցաբերել:

Հիմա արդեն Դայսակուն կես կատակ խոստովանում է` կիմանոյով ճապոնահայ եմ: Մոլորակի գերզարգացած երկրներից մեկի` Ճապոնիայի բնակիչը նախընտրում է Հայաստանի նման փոքրիկ երկիրը, որտեղ հանգիստ է, չկա մեգապոլիսին բնորոշ աղմուկն ու կյանքի ռիթմը: Նա մեկնեց` խոստանալով վերադառնալ հունիսին:

10153619_719984091357516_1110262873_nՄինչ այդ մեկ հարցոմ ակնկալելով ընթերցողների օգնությունը` փնտրել ու գտնել Երևանից գնած ժամացույցի հասցեատիրոջը: Դայսակու Վատանաբեն շատ է սիրում հնագույն, հատկապես խորհրդային ժամանակների իրեր: Վերնիսաժից գնած ձեռքի ժամացույցը նրա ամենասիրելի իրն էր, բայց հիմա նա փնտրում է ժամացույցի տիրոջը: Ժամացույցի վրա գրված է` «Լուսիկից` Գուրգենին, ծննդյան 40-ամյակի առիթով»:
– Եթե նրանք ողջ են, ես կցանկանամ վերադարձնել ժամացույցը, առանց որևէ գումարի, երևի կարիքից դրդված են վաճառել: Չէ՞ որ դա նրանց համար թանկ ու հիշարժան իր է…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Լևոն Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինն է

լևոն արոնյանՄեկօրյա ընդմիջումից հետո, այսօր Խանտի Մանսիյսկում պայքարը կվերսկսեն շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցները:

Կկայանան 13-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցը ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինն է:

Վերջինս հանդես կգա սպիտակ խաղաքարերով:

Միայն հրաշքով մեր երկրի ներկայացուցիչը կկարողանա առաջիկա երկու տուրերում շրջանցել առաջատարին` Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանադին:

Հիշեցնենք, որ հավասար արդյունքի դեպքում` հաղթող կճանաչվի վերջինս, քանի որ մրցաշարի միկրոմրցամարտում նա առավելության է հասել Լևոնի նկատմամբ` 1,5:0,5 հաշվով:

13-րդ տուրում կկայան նաև հետևյալ հանդիպումները.

 Սերգեյ Կարյակին- Վիշվանաթհան Անադ

Վլադիմիր Կրամնիկ- Վեսելին Տոպալով

Պյոտր Սվիդլեր- Շաքրիար Մամեդյարով

ԱՂՅՈւՍԱԿ

1. Անանդ 7,5
2. Արոնյան 6,5
3. Կարյակին 6
4. Մամեդյարով 6
5. Սվիդլեր 5,5
6. Կրամնիկ 5,5
7. Անդրեյկին 5,5
8. Տոպալով 5,5

Անկախ

Ճգնաժամային տեղեկատվություն

Շահան ԳանտահարյանՀալեպից  ու Դամասկոսից մինչեւ Ղրիմ, անցնելով Իրաքից եւ Եգիպտոսից վերադառնալու համար Քեսապ, ապահովական ցնցումներն ու նրանց զուգակցված քաղաքական իրադարձությունները մեկնաբանելը հայկական լրատվական ոսպնյակների համար հավելյալ ճիգ, կենտրոնացում, մաքրազտման մեքենականություն եւ արհեստավարժ համապատասխան աշխատանք է պահանջում:

Ոչ միայն այն պարզ պատճառով, որ այս թեժ կետերը առնչված են նաեւ հայկական գործոնի հետ. կամ էլ այն բնական մղման բացատրությամբ, որ այնտեղ կան հայկական համայնքներ:

Քաղաքագիտական  անառարկելի տեսություն է, որ պատերազմներին ընկերակցում է  տեղեկատվականը եւ հատուկ ծառայությունները լրատվականների հետևում կանգնած ղեկավարում են այդ ոլորտի պատերազմը:  Այս տեսությունը միայն պատերազմների դեպքում չէ, ընդհանուր հասկացություն է. պարզապես թեժացումը բնականաբար արձանագրվում է լարված իրավիճակների կամ ռազմական ընդհարումների ընթացքում:

Հայկական կողմի համար ճգնաժամային տեղեկատվությունը անպայման նկատի պիտի ունենա բազմագործոնային հանգամանքներ: Նախ այն իհարկե, որ պիտի սահմանազատի քարոզչականը լրատվականից: Անկախ մամուլ հասկացությունը այսօր հեքիաթային բնութագիր ունի, եւ որեւէ լրատվամիջոց իր առջեւ գերխնդիր չի դրել միայն ճշմարիտը, զուտ առարկայականը ընթերցող լսարանին հասանելի դարձնելու հրամայականը: Սա բացառապես տեսություն է, որը որեւէ առարկայացում չի գտնում որեւէ միջավայրում: Խնդիրը ուրեմն հնարավոր առարկայականությունը պահելու հմտությունում է կայանում: Քարոզչական հզոր մեքենաների արտադրանքների ուղղվածությունը հասկանալու, քարոզչական թիրախն ըմբռնելու եւ ըստ այդմ լուրի վերարտադրման չափը ճշտելու եւ տալու: Հաճախ այնքան համատարած տարողություն է ստանում այդ արտադրանքի լրագրական շուկայացումը, որ դժվար է թվում շուկայի ճշտած օրինաչափությունից հեռու մնալու փորձությունը հաղթահարելը: Այսպես է, որ Սիրիայի դեպքերի լուսաբանման խաղի կանոնները, հաճախ ճշտված Արեւմուտքից, երբեմն Ռուսաստանից, գրավում են տեղեկատվական տարածքները:

Այս թոհուբոհում պատահում է, որ լրատվական կողմնակի թիրախի է վերածվում հայությունը: Ընդհանրապես խուճապային իրավիճակների մատնելու նպատակ հետապնդող ապատեղեկատվությունները տարբեր աղբյուրներ ունեն: Երբեմն անորոշ կայքեր  են մեջբերվում, այլ դեպքերում հղում է կատարվում տվյալ լրատվամիջոցին, որի սկզբնաղբյուրն ու պատկանելիությունը անհստակ լինելով ոլորապտույտի մեջ են թողնում լուրի վավերականությունը ստուգել փորձող մամուլի որեւէ ներկայացուցչին: Մինչ այդ, սակայն, լուրը կրկնօրինակվում է, պատճենահանվում է, երբեմն  համեմվում ցանկալի մեկնաբանություններով եւ  շրջանառությունը բազմապատկվում: Բացառված չէ այս դեպքերում, որ շրջանառության մեջ դնող ու անմիջապես անհայտացող լրատվամիջոցը մեր հակառակորդների ուղղակի կամ անուղղակի ներշնչումը ունեցած լինի:

Նման օրինակները բազմաթիվ են: Ճգնաժամային տեղեկատվությունը հատկապես հայկական լրատվամիջոցների համար արագ ու զգայացունց լինելու մղումներով պետք չէ հատկանշվի: Այստեղ կա իրավիճակին տեր կանգնելու, խուճապային տրամադրությունների ստեղծման առաջն առնելու, զուսպ ու հավասարակշիռ մոտեցման վարքագիծը որդեգրելու եւ մանավանդ արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին անվտանգությունը գերադասելու անհրաժեշտությունը:

Հայկական ճգնաժամային տեղեկատվությունը ինքնակազմակերպվելու, աշխատակարգ ճշտելու անմիջական անհրաժեշտության առջեւ է: Աշխարհաքաղաքական իրադարձությունները հուշում են, որ Ղրիմից մինչեւ Քեսապ եւ դեռեվս այլ հայաշատ միջավայրեր հայկական գործոնի հետ առնչված լրատվություններ ներկայացնելու եւ մեկնաբանելու նուրբ խնդիր ունի հայ տեղեկատվադաշտը  երկար ժամանակ: Մինչ այդ հայության հետ կապված որեւէ լուրի վավերականությունն ու ճշմարտացիությունը ստուգելու համար բացառապես պետք է հենվել տեղի հայկական պաշտոնական լրահոսի փոխանցած տեղեկատվության վրա` այնտեղ նկատելու համար ճշտված շեշտադրումները, տարողություններն ու չափերը: Ամպագոռգոռությունից, զգացականությունից եւ մանավանդ քարոզչական առավելություններ շահելու փորձություններից հեռու մնալը այս դեպքում ոչ միայն լրագրական օրինաչափություն է, այլ նաեւ անվտանգության հետ կապված լրջագույն խնդիր:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը`աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի ոսկե մեդալակիր

ադ22579Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց  մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը:

Հենցատկերում գերազանց հանդես եկավ Արթուր Դավթյանը: Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի սանը, որի մարզիչն է Հակոբ Սերոբյանը, հենացատկերում չունեցավ հավասարը:

Հավելենք, որ օղակների վրա վարժություններում Արթուր Թովմասյանը դարձել էր ոսկե, Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր: Նժույգաթափերում էլ ոսկե մեդալը նվաճել էր  Հարություն Մերդինյանը:

Անկախ

Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականի «Չելենջ տրոֆի» մրցաշարի հաջորդ հակառակորդը Լատվիայի ընտրանին է

հանդ-armenia-bulgaria-3Հունաստանի Լարիսսա քաղաքի մարզպալատում ավարտվեցին  հանդբոլիստուհիների «Չելենջ տրոֆի> մրցաշարի խմբային  փուլի հանդիպումները:
B խմբում հանդես եկող Հայաստանի հավաքականը 16:25 (7:14) հաշվով զիջեց Իսրայելի ներկայացուցիչներին:
Մեր թիմի կազմում 6 գոլի հեղինակ դարձավ Կլարա Թերզյանը: 4 անգամ մրցակցի դարպասը գրավեց Անի Ասատրյանը, 3 անգամ` Մանո-Ռոզ Կարապետյանը, 2 անգամ`Մերի Վահանյանը, 1 անգամ` Մարիամ Մովսիսյանը:
Բուլղարիայի ընտրանին 37:12 (22:1) հաշվով հաղթեց Էստոնիայի թիմին:
Բուլղարուհիները բոլոր հանդիպումներն ավարտեցին հաղթանկով և վաստակած 6 միավորով զբաղեցրին առաջին տեղը: Ապա հաջորդում են` Իսրայելի (4), Էստոնիայի (2), Հայաստանի (0) հավաքականները:
A խմբում թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` Հունաստան (6), Բելգիա (4), Լատվիա (2), Մոլդովա (0):
Մարտի 29-ին մերոնք կմրցեն Լատվիայի հավաքականի հետ, որը հաղթել է Մոլդովայի թիմին 27:23 (13:10) հաշվով  և զիջել Հունաստանի ու Բելգիայի հավաքականներին համապատասխանաբար 19:29 (10:18) ու 26:30 (11:15) հաշիվներով:

Անկախ

Մրցեցին Հայաստանի հանդբոլիստուհիների առաջնության առաջատարները

հանդimg_0623Երևանում անցկացվող մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության 3-րդ տուրում մրցեցին առաջտարները`4-ական միավոր վաստակած Արցախի և Շենգավիթի հավաքականները:
Արցախցիները պարտվեցին 12:32 (4:12) հաշվով:
Շենգավիթի հավաքականը (մարզիչ`Աստղիկ Գյուրջինյան) 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Մյուս երկու խաղերում անկանկալներ չգրանցվեցին, կողմերից մեկն ակնհայտորեն ուժեղ էր. Կոտայք-Աջափնյակ` 9:23 (4:7), ԽՄՕՄՄ-Քաջարան` 20:3 (9:12):

Անկախ

Գարնան գլխավոր խնդիրը. Ինչպես պետք է սնվել

վիտամինՇատ հաճելի եղանակ է հիմա, տաք քամի, արև, ձմեռվա ցրտից ընդարմացած մարմինների ազատագրում`  արևի ջերմության ազդեցությամբ: Սակայն գարունը մեր օրգանիզմի համար ոչ միայն բերկրանքի , այլև վիտամինների անբավարարության, նաև, ինչ-որ չափով նվաղման ժամանակաշրջան է: Ավիտամինոզն այն բանը չէ, որ կարելի է ականջի ետև գցել, չմտածել դրա մասին և ընդհանրապես լուրջ չընդունել:

Ձմռանն անշուշտ միրգ ուտում ենք, սակայն դրանք մինչ մեր սեղանին հայտնվելը երկար ժամանակ պահպանման համար մշակվում են հատուկ միջոցներով, ինչի հետևանքով օգտակար հատկությունների մեծ մասը, այդ թվում վիտամիններն ու միկրոտարրերը կորչում են:
Պահածոյացումը, ռաֆինացումն ու մշակումը նույնպես անբարենպաստ ազդեցություն են ունենում սննդի օգտակար հատկությունների վրա:
Ում ծանոթ չէ փխրուն, խամրած ու թափվող մազերի խնդիրը, թեփոտող չոր մաշկը: Դրանք ավիտամինոզի առաջին նշաններն են:
Ավելի բարդ դեպքերում միկրոտարրերի ու վիտամինների անբավարարությունը կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, ինչպիսիք են առիթմիան, ջղակծկումները, քրոնիկ հիվանդությունների սրացումը:
Փոքրիկների դեպքում D վիտամինը, որը մշակվում է միայն արևի լույսի ազդեցությամբ, հազվադեպ` աշուն-ձմեռ սեզոնին, կարող է հանգեցնել ռախիտի, ինչը հղի է կմախքի ոսկրերի ձևախախտմամբ:
A վիտամինի անբավարարություն
Ընդհանուր թուլություն, շնչառական, միզարտադրական համակարգերի ու մարսողական տրակտի ինֆեկցիոն ախտահարումներ, թուլություն, երեխաների մոտ` աճի ու զարգացման դանդաղում ու նյարդաբանական խախտումներ:
A վիտամին կա կարագի, ձվի դեղնուցի, լյարդի (հատկապես ձկան ու ծովային
կենդանիների), գազարի մեջ:
B վիտամին
Գերգրգռվածություն կամ էլ արգելակման զգացողություն, անքնություն, վերին ու ստորին վերջույթների պոլինևրիտներ, մաշկի զգայնության կորուստ, ախորժակի նվազում, անորեքսիա, ստոմատիտ, գլոսիտ (վառ կարմիր, չոր լեզու), դեմքի, գլխի մազածածկույթի, պարանոցի հատվածում, դաստակների շրջանում չոր քորով ուղեկցվող դերմատիտ:
Հիպոքրոմային անեմիա, նիհարում, թուլություն, գլխացավ, տեսողության խանգարում, մաշկի այրոցքի զգացողություն, ծակծկոց աչքերում, հևոց, սրտխփոց` ֆիզկական ծանրաբեռնվածության ժամանակ:
Պարունակում են բուսական ու կենդանական մի շարք մթերքներ: Ամենաշատ B վիտամինով հարուստ են կաթը, պանիրը, կաթնաշոռը:
C վիտամինի անբավարարություն
Ընդհանուր թուլություն, մազանոթների փխրունություն` կապտուկների գոյացմամբ, լնդերից արյունահոսություն, տեսողության թուլացում, լորձաթաղանթների ձևախախտում:
Առկա է թուրինջի, կիտրոնի, մասուրի, հատապուղների ու մրգերի, կաղամբի (նաև` թթու) մեջ, եթե ջերմամշակման չեն ենթարկվել:
D վիտամինի անբավարարություն
Ռախիտ երեխաների մոտ, թուլություն առանց պատճառի, ատամների ապահանքայնացում, օսթեոպորոզ, ցավ ոսկրերում ու մկաններում:
Մաշկի զգայնության խանգարում, դիաբետի զարգացման ռիսկ, հիպերտոնիա, քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգ:
D վիտամինն արևի ճառագայթների ազդեցությամբ է հիմնականում մշակվում: Սակայն փոքր չափաբաժիններով D վիտամին են պարունակում կարագը, կաթը, ձվի դեղնուցը, լյարդը, որոշ ձկնատեսակներ ու ծովամթերք:

Կոկա-կոլայով սրճային կեքս

կեքսԲաղադրությունը
կարագ` 150-200 գ
աղացած սուրճ` 2 ճ. գդալ
կոկա-կոլա` 1 բաժակ
70%-անոց սև շոկոլադ` 45 գ
ձու` 1 հատ
1/2 գդալ աղ, նույնքան էլ սոդա
2 բաժակ ալյուր
աղացած կոճապղպեղ` ըստ ցանկության
դարչին` քանակն ըստ ցանկության
շաքար` 1 բաժակ:
Պատրաստման եղանակը
Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
Շոկոլադը քերել մանրատամ քերիչով: Ոչ մեծ կաթսայում տաքացնել կոլան, սուրճն ու շոկոլադը և կարագը: Ապա լցնել շաքարավազը: Խառնել այնքան, մինչև ամբողջ զանգվածը հալչի ու շաքարավազն էլ լուծվի, ապա կրակից վերցնել, թողնել, որ հովանա:
Թասի մեջ խառնել աղը, ալյուրն ու սոդան:
Մեկ այլ ամանի մեջ հարել ձուն, ավելացնել հովացած սրճային զանգվածը` անընդհատ խառնելով: Ավելացնել ալրային խառնուրդն ու կրկին խառնել այնքան, որ համասեռ զանգված ստացվի:
Խմորը լցնել կաղապարների մեջ, սակայն ոչ բերնեբերան, քանի որ փքուն կեքսեր են ստացվում: Թխել 25 րոպե:
Բարի ախորժակ: