Հրացան ու փամփուշտներ են կամավոր հանձնել

Զենք-զինամթերքՄայիսի 26-ին, ժամը 17.50-ին, 1992 թ. ծնված Գևորգ Խ.-ն ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի «Մոսին» տիպի հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

1968 թ. ծնված Բաղդասար Մ.-ն օրերս ոստիկանության Արագածի բաժնում կամավոր հանձնել է երկփողանի, փողը կտրած, 16 մմ տրամաչափի որսորդական հրացան և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 27 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Հենրիխ Մխիթարյանը օգոստոսի 13-ին կպայքարի Մյունխենի «Բավարիայի» խաղացողների հետ

հմ32904Որոշվել է Գերմանիայի ֆուտբոլի սուպերգավաթի մրցամարտի անցկացման օրը: Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր «Բավարիան» և փոխչեմպիոն, գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» օգոստոսի 13-ին «Սիգնալ իդունա պարկում» կվիճարկեն պատվավոր մրցանակը:

Ընդհանրապես, Գերմանիայի սուպերգավաթի  խաղարկության հանդիպումը կայանում է հուլիսին, սակայն,  Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության պատճառով, այն այս անգամ ավելի ուշ է կազմակերպվելու:

Հուսանք, որ Հենրիխ Մխիթարյանը օգոստոսի 13-ին կպայքարի Մյունխենի «Բավարիայի» խաղացողների հետ:

Հավելենք, որ  նախորդ տարի ևս Գերմանիայի  սուպրեգավաթը վիճարկել էին «Բորուսիան» և «Բավարիան», և հայ ֆուտբոլիստի թիմը հաղթել էր 4:2 հաշվով, թեև նա վնասվածքի պատճառով բաց էր թողել այդ խաղը:

Բրեդ Փիթին ապտակել են Անջելինա Ջոլիի ֆիլմի պրեմիերայի ժամանակ

Բրեդ ՓիթՈւկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը, որը Կաննի փառատոնի ժամանակ արդեն փորձել էր մտնել Ամերիկա Ֆերերայի շրջազգեստի տակ, կրկին սկանդալային միջադեպի մասնակից է դարձել: Այս անգամ Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է Սեդյուկին այն բանից հետո, երբ նա ապտակ է հասցրել դերասան Բրեդ Փիթին «Մալեֆիսենթ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ. ֆիլմում գլխավոր հերոսուհու դերը կատարում է հոլիվուդյան աստղի կինը` Անջելինա Ջոլին:

unnamed (1)Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դերասանը պաստառներ էր մակագրում երկրպագուների համար: Տղամարդը անցել է արգելապատնեշը և հարվածել Փիթի դեմքին: Դերասանը վտանգավոր վնասվածք չի ստացել. նա անգամ չի արձագանքել հարձակմանը, սակայն ոստիկանությունը անմիջապես վնասազերծել է հարձակվողին: Վերջինս զենք չի ունեցել. ներկա պահին նրան հարցաքննում են:

սեդյուկԻ դեպ, Բրեդ Փիթը Վիտալիի առաջին զոհը չէ. ուկրաինացին նախկինում հարձակվել է հոլիվուդյան այլ դերասանների վրա, որոնց թվում են Բրեդլի Քուփերը,  Ուիլ Սմիթը  և Լիանարդո դի Կապրիոն:

 Անկախ

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 27-ից 29-ը)

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 18-ը, խարդախության 11 դեպքից` 9-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, ավազակային հարձակման և շորթման` 1-ական, յուրացման և խուլիգանության 2-ական դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 2 դեպք:
Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 22-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

ԵԽԽՎ-ում Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ բանաձև է ընդունվել

եխխվԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԵԽԽՎ-ում Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ բանաձև է ընդունվել:

Հովհաննիսյանը գրում է. «Մայիսի 26-27-ին Հելսինկիում տեղի ունեցավ ԵԽԽվ իրավական հարցերով հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում ներառված էր նաև ««Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիայի չարաշահումը կանխարգելելու միջոցառումների մասին»  ԵԽԽվ բանաձևի նախագիծը: Այն վերաբերում էր ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խնդրին: Բանաձևն ըստ էության փաստեց, որ Սաֆարովի արտահանձնումն  եղել է կոնվենցիայի չարաշահում և հակասում է բարի կամքի և իրավունքի գերակայության սկզբունքներին:

Բանաձևը փաստում է, որ Ադրբեջանի կողմից չարաշահվել է կոնվենցիայի 12-րդ հոդվածը, որի նպատակը առավելապես մարդասիրական է և այն չպետք է օգտագործվի այլ նպատակներով:
Նշեմ, որ ադրբեջանցիները մինչև վերջ էլ չկարողացան հասկանալ և ընդունել, որ աղաղակող փաստերի և իրողության դեմ իրենց ճամարտակությունները դատապարտված էին ձախողման և անգամ այս փուլում միևնույն է փորձում էին ամեն ինչ անել բանաձևի ընդունումը տապալելու համար` ներկայացնելով ծիծաղելի հակափաստարկներ:
Շնորհակալ եմ զեկուցողին` անաչառ և անկողմնակալ փաստաթուղթ ներկայացնելու, իսկ եվրոպացի գործընկերներիս` արդարությանը և իրենց խղճին ու համոզմունքներին համապատասխան գնահատականների ու քվեարկության համար»:

Կառավարությունում քննարկվել են Արմավիրի և Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան մարզերի միջև հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցեր

11341_am_2Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան մարզի ղեկավար Միրոսլավ Նովակի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Արմավիրի և Մորավսկի-Սիլեզյան մարզերի միջև ձևավորվող համագործակցությունը, ինչը կնպաստի երկկողմ տնտեսական, մշակութային և հումանիտար կապերի զարգացմանը:

«Հայաստանի և Չեխիայի միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական կապեր: Մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը տարբեր բնագավառներում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Միրոսլավ Նովակը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ իր հետ Հայաստան են ժամանել մի խումբ գործարարներ, ովքեր գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում, այդ թվում` գյուղատնտեսության և զբոսաշրջության: Աշխատանքներ են տարվում նաև Երևան-Օստրավա չարտերային չվերթների կազմակերպման ուղղությամբ:
Մորավսկի-Սիլեզյան մարզի ղեկավարը տեղեկացրել է, որ երկու երկրների գործարարների միջև արդեն իսկ ձեռք են բերվել տարբեր պայմանավորվածություններ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված աշխատանքները և նշել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել երկու մարզերի միջև փոխգործակցության զարգացմանը:
 Անկախ

Նախագահական ընտրություններն էլ Ուկրաինային խաղաղություն չբերեցին

պորոշենկոՈւկրաինայում կիրակի կայացան նախագահական ընտրություններ: Ենթադրություններ կային, որ ընտրություններին քաղաքացիների անհրաժեշտ քանակությամբ մասնակցություն չի լինի և ելքը կորոշվի երկրորդ փուլով, բայց ըստ պաշտոնական տվյալների` մասնակցությունը կազմեց 60,29%, ընտրությունները կայացած համարվեցին: Ուկրաինան նոր նախագահ ունի, որ «Ռոշեն» քաղցրավենիքի գործարանի սեփականատեր, միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն է:

Դեռևս մայիսի 12-ին Ուկրաինայի արևելյան նահանգներում` Դոնեցկում և Լուգանսկում, անցկացվեցին հանրաքվեներ` ինքնավարության հարցով, և երկու դեպքում էլ ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը: Հռչակվեցին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը: Ե՛վ Ուկրաինան, և՛ Արևմուտքն այդ հանրաքվեների արդյունքները չընդունեցին, ինչպես որ չէին ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Այնուհետև, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մտահոգություն հայտնեց առաջիկա նախագահական ընտրությունների կապակցությամբ` մատնանշելով Ուկրաինայի արևելքում ծավալվող իրադարձությունները: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն էլ հայտարարեց, որ Ուկրաինայի որոշ շրջաններում արդեն անհնար է անցկացնել նորմալ քվեարկություն: Բայց և նշեց, որ տվյալ ընտրատարածքներում ընտրություններ չանցկացնելը չի նշանակում, թե Ուկրաինայում առհասարակ չեն կայանալու ընտրությունները:

Ուկրաինայի իշխանություններին չմտահոգեց անգամ ամերիկացի երկու առաջնակարգ քաղաքագետների` Յուջին Ռումերի և Էնդրյու Վայսի կոչն Ուկրաինայում նախագահական ընտրությունները հետաձգելու վերաբերյալ: Քաղաքագետները հայտարարել էին, որ այն պայմաններում, երբ երկիրը բոլորի աչքի առաջ փլուզվում է, անհնար է ընտրությունների համոզիչ արդյունքներ ապահովել:

Մայիսի 22-ին Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ ինքնավարություններն ուշագրավ հայտարարություն արեցին: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ որոշել է դիմել Ռուսաստանին իր անկախությունը ճանաչելու խնդրանքով, իսկ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը հայտարարեց, որ ռազմական դրություն է մտցնում հանրապետությունում: Բոլորը սպասում էին Ռուսաստանի դիրքորոշմանը: Այն չուշացավ: Մայիսի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում նշեց. «Մենք հասկանում, տեսնում ենք, որ Ուկրաինայում մարդիկ ցանկանում են` երկիրը դուրս գա այդ ճգնաժամից: Մենք նույնպես խաղաղություն ենք ցանկանում և կհարգենք ուկրաինացի ժողովրդի ընտրությունը»:

Սա, փաստորեն, Ռուսաստանի «կանաչ լույսն» էր ուկրաինական ընտրություններին: Այսուհանդերձ, հաջորդ օրը` մայիսի 24-ին, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց երկրի քաղաքացիներին, որ նորընտիր նախագահի առաջին այցը կլինի Բրյուսել: «Մենք անպայման կունենանք օրինական ճանապարհով ընտրված նախագահ, որն իր առաջին այցը կկատարի միավորված Եվրոպայի մայրաքաղաք և ստորագրություն կդնի ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին փաստաթղթի տակ»,- ասաց նա: Սա նշանակում էր, որ Ուկրաինան Ռուսաստանի ազդեցության տիրույթում չի լինելու, ինչը չի խանգարում Ռուսաստանին երկխոսություն սկսել ուկրաինական իշխանությունների հետ:

«Կայսրը մեռավ, կեցցե՛ կայսրը»

Այս ամենից հետո Ուկրաինայի, ավելի ճիշտ` Ուկրաինայում մնացած տարածքների նախագահ ընտրվեց միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն: Սա, կարծես, զավեշտի ժանրից լինի. մի երկրում, որտեղ ընդամենը ամիսներ առաջ ամբոխը պայքարում էր օլիգարխների դեմ, հետո հպարտանում, թե հաղթեց օլիգարխիային, լեգիտիմ ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվեց նույն օլիգարխիայի ներկայացուցիչը: Պորոշենկոյի միասնական շտաբի ղեկավար Վիտալի Կովալչուկը հայտարարեց անգամ, որ Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն ընտրարշավի համար ծախսել է 90 մլն գրիվեն (մոտ 7,7 մլն դոլար): Սրանով, այսպես ասած, ավարտվեց Մայդանի տենդը, այլևս ոչ ոք չի հայտարարում նոր նախագահին լյուստրացիա անելու անհրաժեշտության մասին:

ukraine-rallyԸնտրությունների արդյունքների ամփոփումից անմիջապես հետո` մայիսի 26-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շտապեց շնորհավորել Ուկրաինային ընտրությունների կայացման կապակցությամբ: Օբաման հայտարարեց, որ արտահերթ նախագահական ընտրություններն Ուկրաինայում դարձան քայլ դեպի երկրի միասնություն:

ԱՄՆ-ի նախագահից հետո ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նշեց, որ Ուկրաինայում նախագահի ընտրություններն անցել են միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան: «Այս ընտրությունները հաստատել են ուկրաինացի ժողովրդի ժողովրդավարական ուղեգիծը»,- ասել է դիտորդական խմբի համակարգող Ժոաո Սոարեսը:

Ուշագրավ է, որ Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը նույնպես հայտարարեց, որ կհարգի նախագահական ընտրությունների արդյունքները, թեև ընտրությունների օրինականության համար անհրաժեշտ է երկրի հարավ-արևելքի մասնակցությունը: Յանուկովիչի խոսքով` նոր իշխանությունների գլխավոր խնդիրն այժմ երկրում իրավիճակը կայունացնելն է:

Այս առումով բավականին հետաքրքիր էր Ուկրաինայի նորընտիր նախագահի հայտարարությունը: Երբ արդեն պարզ էր, որ հենց Պորոշենկոն է ընտրվել Ուկրաինայի նախագահ, նա հանդես եկավ հայտարարությամբ, որ ցանկանում է հունիսի առաջին կեսին հանդիպել ռուսական ղեկավարության հետ: «Ռուսաստանը մեր խոշորագույն հարևանն է: Մենք Պուտինի հետ գիտենք միմյանց»,- ընդգծել է նա` հավելելով, որ Ուկրաինայի արևելքում կայունություն ու խաղաղություն հաստատելն առանց Մոսկվայի միջամտության հնարավոր չի լինի:

Կարծես լուրջ նախադրյալներ ստեղծվեցին ուկրաինական խնդրի կարգավորման համար, որովհետև, ի պատասխան Պորոշենկոյի հայտարարության` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Մենք լսում ենք` ինչ մտադրությունների մասին է խոսում Պորոշենկոն` կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ: Նա դրանք ամենից կարևոր է համարում: Մենք, ինչպես բազմիցս նշել է նախագահը, պատրաստ ենք Կիևի ներկայացուցիչների հետ երկխոսության, մենք պատրաստ ենք Պորոշենկոյի հետ երկխոսության»:

ԵՄ-ն, իր հերթին, ողջունելով Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունները, ի դեմս Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հայտարարեց, որ ողջունում է ռուսական կողմի` ընտրությունների արդյունքները հարգելու և նոր իշխանությունների հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ հայտարարությունները:

Պորոշենկոն հայտարարեց նաև, որ նախագահի պաշտոնում իր համար առաջնահերթություն կլինի եվրաինտեգրումը: Բայց ընտրությունների հենց հաջորդ օրը հայտարարեց, որ աջակցում է արևելյան Ուկրաինայում ուժային գործողությունների շարունակմանը և առաջարկեց ակտիվացնել դրանք: Հենց նույն օրն ուկրաինացի զինվորականները ծանր հրետանային զենքից կրակ բացեցին Դոնեցկի շրջանի Սեմյոնովկա ավանի վրա: Հաղորդվեց, որ ավիացիան ռմբակոծում է նաև Դոնեցկի օդանավակայանը: Ինտերֆաքսը տեղեկացրեց, որ Վոստոչնի ավանում հրաձգության տակ են հայտնվել նաև խաղաղ բնակիչների տները:

Ըստ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայի հայտարարած տվյալների` մայիսի 26-ին Կիևի անցկացրած ուժային գործողությունների հետևանքով 100 մարդ է զոհվել` ավելի քան 50 աշխարհազորային և մոտ 50 խաղաղ բնակիչ, իսկ հիվանդանոցում մոտ 31 վիրավոր է գտնվում: Այս դեպքում միայն Ռուսաստանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ արեց դադարեցնել ուժային գործողությունները և հայտարարեց, որ Մոսկվան ԵԱՀԿ-ից օբյեկտիվ տվյալներ է ակնկալում Դոնեցկի ծայրամասում բախումների վերաբերյալ:

Ընտրություններին հաջորդած ամենահետաքրքիր զարգացումներից մեկն էլ այն էր, որ մայիսի 27-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը հայտարարեց, որ Ուկրաինան սկսում է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը:

Սրան, ամենայն հավանականությամբ, կհաջորդեն Ռուսաստանի հակաքայլերը, Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների պատասխանները, և վիճակը, կայունանալու փոխարեն` էլ ավելի կսրվի:

 

 

Սուսերամարտիկները վիճարկում են Հայաստանի գավաթակրի կոչումը

17555 սուսերամարտ«Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի դպրոցի դահլիճում անցկացվող սուսերամարտի մեր երկրի գավաթի խաղարկությունում խոցասուսերակրուհիների պայքարում հավասարը չունեցավ Արաբկիրի մարզադպրոցի սան Արամայիս Գաբոյանը:

Նա վճռական մրցամարտում պարտության մատնեց Միքայել Ղազարյանին (ՀՄՄ): Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին «Հայաստան» մարզական միության ներկայացուցիչներ Արկադի Մուրադյանը և Վարդան Ռուբենյանը:

Ճկասուսերակիրների եզրափակչում զենքերը խաչաձևեցին  Արաբկիրի մարզադպրոցի սան Էմիլ Դանիելյանը և հրաձգության մարզադպրոցի ներկայացուցիչ Մայքլ Հովհաննիսյանը: Հաղթեց Դանիելյանը: Երրորդ մրցանակակիրներ դարձան գյումրեցիներ Միհրան Ղազարյանը և Պարգև Ստեփանյանը:

 

ՀԱՕԿ-ի միջոցառում` նվիրված երեխաների պաշտպանության օրվան

images ՀԱՕԿՀունիսի 1-ը  երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այդ առթիվ  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո,  «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում, ավանդաբար կազմակերպում է մարզամշակութային  միջոցառում:

Երեխաներին  նվիրված «Մենք ապագա օլիմպիականներ ենք» նշանաբանով սպորտլանդիան  կկայնա  Երևանի  «Միկա» մարզադահլիճում:

Իրենց ունակությունները կդրսևորեն  մայրաքաղաքի 12  վարչական տարածքների  23  նախադպրոցական  ուսումնական հաստատությունների  սաներ :

Միջոցառումը կսկսվի  հունիսի  1-ին, ժամը`  12-ին: Մինչ այդ, «Միկայի» նախասրահում կցուցադրվեն երեխաների մարզական-օլիմպիական թեմաներով նկարչական աշխատանքները:

 

 

 

 

 

 

 

Անհրաժեշտ է, որ Հայաստանը միանա Եվրասիական միությանը ամենամոտ ապագայում. Պուտին

պուտին«Անհրաժեշտ է ամենամոտ ապագայում կնքել համաձայնագիր, ըստ որի Հայաստանը կմիանա Եվրասիական տնտեսական միությանը», – հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Այս մասին գրում է

РИА Новости լրատվական գործակալությունը:

Այսօր Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրել են Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից:

 

աստանաՊուտինի խոսքով` նիստի ժամանակ «կողմերը խոսել են Միության անդամների շրջանակը լայնացնելու մասին և քննարկել են Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը»: «Այդ փաստաթուղթը անհրաժեշտ է հաստատել և ստորագրել ամենամոտ ապագայում: Հայկական կողմը ցանկություն է հայտնել անել դա հունիսին, և, ընդհանուր առմամբ, մենք համաձակն ենք: Հույս ունենք, որ Միության ստեղծումից հետո, Հայաստանը կդառնա դրա լիարժեք անդամը», -ասել է Պուտինը:

 

ՌԴ նախագահը նշել է նաև, որ Միության անդամները ակտիվորեն համագործակցելու են այլ երկրների հետ և արդեն քննարկվում է Ղրղզստանի հետ հարաբերությունների հարցը:

Դիեգո Կոստայի մասնակցությունն աշխարհի առաջնությանը հարցական է

դկ1134Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի մասնակցությունը Բրազիլիայում հունիսի 12-ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը հարցական է:

Նա  հեռացել է Իսպանիայի հավաքականի մարզաբազայից, որպեսզի ֆիզիոթերապիայի բուժիչ կուրս անցնի: Կոստան չի կարողանում ապաքինել վնասվածքը:

Լուրեր են շրջում, որ նա  Լաս-Ռոսասի հիվանդանոցներից մեկում է:

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն թիմի վերջնական կազմը կհրապարակի հունիսի 2-ին: Նա չի ցանկանում, որ Կոստան վտանգի առողջությունը: Եթե հարձակվողը լիովին չափաքինվի, ապա չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

 

Դարչինյանը գիտակցում է, որ պայքարելու է հզոր ու փորձառու մրցակցի հետ

վդDarchinyan_grand_arrival_140528_001aՄայիսի 31-ին կիսաթեթև քաշային հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին (39-6-1, 28 նոկաուտ) լուրջ փորձություն է սպասում: Նա ուժերն է չափելու WBA վարկածով աշխարհի չեմպիոն, ջամայկացի Նիկոլաս Ուոլթերսի հետ (23-0, 19 նոկաուտ): Հայ բռնցքամարտիկն արդեն ժամանել է Մակաո:
Դարչինյանը հայտել է, որ վստահ է իր ուժերին, թեև գիտակցում է, որ պայքարելու է հզոր ու փորձառու մրցակցի հետ:

«Դիտել եմ նրա մրցմարտերի տեսագրությունները: Ուոլթերսը շատ փորձառու է: Բայց ես ավելի ուժեղ եմ: Հուսով եմ՝ Դոների հետ կրկին մենամարտելու հնարավորություն կունենամ: 2-րդ մենամարտում ես միայն մեկ  սխալ թույլ տվեցի, որն էլ ճակատագրական եղավ»,- պարզաբանել է Դարչինյանը:

Բեռնար Շալանդ. «Ընկերական և պաշտոնական խաղերի նկատմամբ վերաբերմունքը նույնը պետք է լինի»

բշ41364Մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախատեսված երեք ընկերական հանդիպումներից առաջինը: Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում մեր ընտրանին 4-3 հաշվով հաղթեց Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է իր տպավորությունների և ակնկալիքների մասին:

 

-Ինչպիսի՞ն են տպավորությունները ԱՄԷ-ի հավաքականի հետ հանդիպումից:

 

-Մենք ուսումնասիրել էինք ԱՄԷ-ի հավաքականը, և որքան էլ, որ շատերը համարում էին, որ ԱՄԷ-ն այնքան էլ ուժեղ թիմ չէ, մենք գիտեինք, որ վերջին տարիներին այդ հավաքականն առաջադիմել է: Նրանք ունեն բավականին որակյալ առաջնություն, որտեղ խաղում են շատ որակյալ ֆուտբոլիստներ: ԱՄԷ-ն բավականին հաջող է հանդես եկել Ասիայի Գավաթի ընտրական մրցաշարում: Վերջին երկու տարվա ընթացքում թիմն անցկացրել է 21 հանդիպում, տարել 18 հաղթանակ և 3 հանդիպում ավարտել է ոչ-ոքի: Այսինքն այս ժամանակաշրջանում ԱՄԷ-ն առաջին պարտությունը կրեց Հայաստանի հավաքականի հետ խաղում: Դա նշանակում է, որ մենք խաղացինք լավ թիմի դեմ:

 

Ինչ վերաբերում է 4:3 հաշվին, դա խոսում է այն մասին, որ մենք ունենք նույն խնդիրը, ինչ առաջ: Մենք ունենք ուժեղ հարձակողական գիծ, խփեցինք չորս գոլ, լավ գործեցինք առջևում, հաջող, արագընթաց և որակյալ հակագրոհներ ստացվեցին, սակայն պաշտպանական գծում ունենք ակնհայտ խնդիրներ: Մենք բաց թողեցինք 3 գնդակ և շատ դրվագներում ոչ բավարար խաղ ցուցադրեցինք: Արեցինք շատ տակտիկական սխալներ, մի խոսքով պաշտպանությունը իդեալական չէր: Բայց դա էլ է բնական, քանի որ մենք ունեինք փոփոխված պաշտպանական գիծ: Չկար Ռոբերտ Արզումանյանը, ով այս գծի առաջատարն է, Կամո Հովհաննիսյանը չկար, Լևոն Հայրապետյանն անցկացնում էր ընդամենը երկրորդ խաղը երկարատև խաղային պրակտիկա չունենալուց հետո, այնպես որ ակնհայտ էր, որ խնդիրներ կլինեն:

 

Իհարկե, ես չեմ կարող գոհ լինել պաշտպանական գծից, բայց պետք է ասեմ, որ դա միայն պաշտպանների խնդիրը չէ: Օրինակ, առաջին 15 րոպեների ընթացքում մեր հարձակողական գծին չէր հաջողվում լավ պրեսինգ գործադրել մրցակցի  պաշտպանների վրա և հետևաբար ամբողջ թիմը խնդրի առաջ է կանգնում: Ընդհանրապես, ես գոհ չեմ այս խաղում մեր պաշտպանական ընդհանուր գործողություններից: Բայց ես գիտեմ մի բան: Մենք սկսել ենք մարզվել անցած չորեքշաբթի Երեւանում, անցկացրել ենք մոտ 10 մարզում, և բնականաբար, ես չեմ կարող ասել, որ  10 մարզումը բավական է, որ մենք անթերի խաղանք: Ինձ համար կարևոր էր նաև փոխել ֆուտբոլիստների վերաբերմունքը ընկերական խաղերի նկատմամբ: Ինձ համար գոյություն չունեն ընկերական խաղեր: Մենք չենք խաղում, օրինակ, դասակարգման աղյուսակում մեր տեղը բարելավելու համար: Այո, հաղթանակը տալիս է որոշ քանակի միավորներ, որոնք մեզ թույլ կտան հաջորդ ընտրական մրցաշարի վիճակահանության ժամանակ տեղ զբաղեցնել ավելի բարձր զամբյուղում: Դա կարեւոր հանգամանք է, սակայն ես կընդունեմ նույնիսկ պարտությունը, բայց վերաբերմունքը դեպի ընկերական հանդիպումը պետք է լինի, ինչպես պաշտոնական խաղի նկատմամբ:

 

Այս խաղում մենք տեսանք մի թիմ, որը խաղում էր, պայքարում էր: Բնականաբար,  ամեն ինչ չէ, որ ստացվում էր տակտիկական տեսանկյունից, բայց թիմը լավ աշխատանք կատարեց: Եվ այժմ մենք պետք է շարունակենք առաջադիմել, քանի որ պարզ է, որ այս մակարդակը բավարար չէ: Եթե մենք արդեն հաղթեցինք ԱՄԷ-ին, որը լավ թիմ էր, հիմա մենք պետք է խաղանք Ալժիրի՝ Աշխարհի վերջին երկու առաջնությունների մասնակցի դեմ: Դա նշանակում է, որ մեզ հեշտ հանդիպում չի սպասվում: Վերջին տարիներին Հայաստանը համեմատաբար հաջող է հանդես եկել ընտրական մրցաշարերում, բայց դա բավարար չէ: Ալժիրի եւ Գերմանիայի կարգի թիմերի դեմ խաղերը կնպաստեն, որպեսզի ֆուտբոլիստները նոր փորձ ձեռք բերեն ապագայի համար: Մենք էլ խաղերից հետո կուսումնասիրենք, ինչը ստացվեց, ինչը՝ ոչ: Եվ այս երկու խաղերը շատ կարևոր են, որովհետև փաստացի մենք շատ ժամանակ չունենք: Դանիայի հավաքականի հետ հանդիպումն արդեն սեպտեմբերին է:

 

Հավանաբար, ես կխնդրեմ, որպեսզի մինչ այդ հանդիպումը կազմակերպվի մեկ խաղ հավաքականի հետ, որը կազմված կլինի Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստներից, եթե այլ երկրի հավաքականի հետ չհաջողվի պայմանավորվել:

 

Այս պահին ես ունեմ երկու խնդիր. Ես պետք է ծանոթանամ թիմին, խաղացողներին, ոչ միայն որպես խաղացող, այլ նաև որպես մարդ: Ֆուտբոլիստը միշտ պետք է բաց լինի, որ իմանանք՝ ինչով է ապրում, ինչ է կարեւորում, ինչ է իրեն հուզում: Երկրորդ խնդիրն է՝պատրաստել թիմ մոտ ապագայի համար:

 

-Ի՞նչ տպավորություն ստացաք թիմի նորեկների խաղից:

 

-Ես չեմ կարող կարծիք հայտնել Ալեքսի մասին, քանի որ նա ընդամենը 10 րոպե խաղաց, և հնարավոր չէ գնահատական տալ: Ինչ վերաբերում է Ռումյանին, ապա ես շատ ուրախ եմ նրա համար, և ոչ միայն այն պատճառվ, որ գոլ է խփել: Հովսեփյանը լավ աշխատեց դաշտի կենտրոնում, և ինձ համար դա հաճելի անակնկալ էր: Նա կարող է լավ թեկնածու դառնալ ապագայում այդ դիրքում խաղալու համար: Այս դիրքում մենք այդքան էլ շատ խաղացող չունենք՝ Արթուր Եդիգարյան և Կառլեն Մկրտչյան: Եվ ինձ համար շատ կարևոր է այդ դիրքի համար գտնել եւս 1-2 խաղացող: Ինչ վերաբերում է Մաուրոյին, ապագան դեռ ցույց կտա: Մարզումներին նա լավ է դրսեւորում իրեն, սակայն ավելին դեռ չեմ կարող ասել: Ես գոհ եմ Տարոն Ոսկանյանի խաղից: Խաղաց ընդամենը 20 րոպե և բավականին նորմալ: Համբարձումյանը տակտիկապես գրագետ խաղալու խնդիր ուներ, ինչը բնական է, քանի որ նա իր ակումբում խաղում է 3-5-2 դասավորությամբ և դժվար է միանգամից հաջող խաղալ այլ դասավորության պարագայում: Մի խոսքով այս երեք խաղից հետո ես պետք է կատարեմ ընտրություն Եվրոպայի ընտրական մրցաշարի համար: Իհարկե, ես կշարունակեմ հետևել, թե ներքին առաջնությունում, թե արտասահմանում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին:

 

-Ֆուտբոլիստներն արդեն ընտելացե՞լ են Ձեր պահանջներին:

 

-Մենք մարզվում ենք ընդամենը մի քանի օր և ակնկալել, որ ֆուտբոլիստները միանգամից կընկալեն բոլոր քո պահանջները անհնարին է: Մեզ ժամանակ է պետք, այն շատ չէ, և մենք պետք է գտնենք ոսկե միջինը խաղերի և մարզումների պատրաստվելիս: Օրինակ, Էմիրությունների թիմի հետ խաղից հետո որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին և, բնականաբար, ես պետք է իրենց հանգիստ տայի մարզվելու փոխարեն:

 

-Ի՞նչ կասեք Ալժիրի հավաքականի մասին:

 

-Ես դիտել եմ Ալժիրի վերջին հանդիպումը Սլովենիայի հետ, որտեղ Ալժիրը հաղթեց 2:0 հաշվով: Այդ թիմի շատ ֆուտբոլիստներ խաղում են Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում: Լավ մարզիչ ունեն, և դժվար խաղ կլինի: Օրինակ, Սլովենիայի հետ խաղում Ալժիրի դարպասապահը առաջին անգամ խաղի մեջ մտավ միայն 38-րդ րոպեին: Ֆիզիկապես լավ պատրաստված, ագրեսիվ և արագ խաղաոճով թիմ է: Անկախ ամեն ինչից, մեզ համար շատ կարևոր է տեսնել մեր հավաքականին այդպիսի թիմի հետ դիմակայությունում:

Ջորջ Մայքլն անհայտ հիվանդություն ունի

o_652249Երգիչ Ջորջ Մայքլը հիվանդանոց է տեղափոխվել: Բժիշկները նրա լոնդոնյան տուն են գնացել առավոտյան 8-ին`շտապօգնության ծառայությունզանգած նրա ընկերոջ կանչով: Բժիշկները 4 ժամ փորձում էին օգնություն ցուցաբերել նրան տնային պայմաններում, սակայն հետո որոշեցին այնուամենայնիվ, հիվանդանոց տեղափոխել:

Ինչն է «Wham!»  խմբի մենակատարի տկարության պատճառը` չեն հայտնում: Նրա ներկայացուցիչը ևս հրաժարվել է մեկնաբանություններ տալ:

50-ամյա երգիչը առողջական լուրջ խնդիրներ ուներ 2011-ին: Այն ժամանակ նա քիչ մնաց մահանար պնևմոնիայից: Բացի այդ, երգիչը պայքարում էր ընկճախտի ու թմրանյութային կախվածության դեմ:

Իսկ անցած տարի նրա հետ ինչ որ տարօրինակ դեպք էր պատահել. Նա մեքենայի ընթացքի ժամանակ քիչ էր մնացել ընկներ, հետևանքը եղավ այն, որ գլխի վնասվածք ստացավ:

Ջորջ Մայքլը (իսկական անունը` Գեորգիոս Կիրիյակոս Պանայոտոու) ծնվել է Լոնդոնում, ու մեծ ճանաչում ձեռք բերել 1980-ականներին: Այն ժամանակ նա սկսեց ելույթ ունենալ «Wham!» փոփ-դուետում, իր համադասարանցի Էնդրյու Ռիջլիի հետ:

1986-ին խումբը ցրվեց ու Մայքլը շարունակեց իր կարիերան: Նրա երգերը բազմիցս են հիթ շքերթների առաջատար դարձել Եվրոպայում ու ԱՄՆ-ում:

Անկախ

Հայ գրոսմայստերները Հնդկաստանում

chess-5Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը Հնդկաստանի Բհուբանեշվար քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված յոթ տուրից հետո վաստակել է 5 միավոր: Գրոսմայստեր Դավիթ Պետրոսյանն ունի 4 միավոր:

Աղյուսակը 6 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սուրի Վայբհավը (Հնդկաստան):

Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը կես «քայլով» ետ է մնում յոթ առաջատարներից

chess3Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը Լիխտենշտեյնի Տրիեզեն քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա կես «քայլով» ետ է մնում յոթ առաջատարներից:

Մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները

ասֆալտապատման աշխատանքներ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսի 25-ից վարչական բոլոր շրջաններում մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները: Բացի այդ, կատարվում են նաև փոսանորոգման և փոսալցման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրով կասֆալտապատվեն շուրջ 600 բակեր՝ ընդհանուր առմամբ ընդգրկելով 385 հազար քմ տարածք:

Բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում նաև վարչական շրջանների ծրագրերով: Ըստ այդմ, շուրջ 110 հազար քմ տարածք էլ կասֆալտապատվի վարչական շրջանների ծրագրերով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Կառավարության համար` «հավակնոտ», մեր բակի վարպետ Աբոյի համար` հերթական ծրագիրը

RA Government presented its program to the RA NA«Արա՛մ ջան, ինձ մի տուփ սիգարետ տուր»,- դիմում եմ մեր բակի խանութպանին, որ իր ավտոտնակը վերափոխել է «վաճառատնակի»: Մինչ Արամը թեքվում է դեպի սիգարետների դարակաշարը, որ իմ ուզած ապրանքը տա, նրա վաճառասեղանի դիմաց փոքրիկ հեռուստացույցն ուրախ-ուրախ աղմկում է, թե ԱԺ-ում այսօր այսքան դեմ, այսքան կողմ, այսքան ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հավանության արժանացավ կառավարության նոր ծրագիրը: Հետո ռեպորտաժը պատրաստած լրագրողը սկսում է թվարկել, թե ինչ «բարիքներ» է նախատեսում կառավարության նոր ծրագիրը փոքր ու միջին բիզնեսի համար, որ այն ուղղված է լինելու ՀՀ քաղաքացիների բարեկեցությանը, որ խթանվելու են ներդրումները, որ, որ, որ…

– Արա՛մ,- ասում եմ,- տե՛ս, կառավարությունը սկսել է քո մասին մտածել, որոշել է քեզ համար շրջանառության հարկը զրոյացնել, որ զարգանաս, հարկայինին էլ հրահանգել է ռիսկերի վրա հիմնված ստուգումներ իրականացնել քո խանութում, որ ավելորդ անգամ չանհանգստանաս հարկայինի բադին-կոզբադինների անհարկի ու անսպասելի այցելություններից, որ դուքանդ դարձնես մարդավարի խանութ, դուրս գաս քո էս գարաժից ու լույս աշխարհում նորմալ բիզնես անես:

Արամը, որ իմ ասածից հետո փորձում է էկրանից գեղեցիկ արտաքինով լուրեր հրամցնող հաղորդավարուհու ասածները համադրել հենց նոր ինձնից լսածի հետ, սիգարետը ինձ մեկնած` քարացել ու լսում է իր «փրկության բարի լուրն ավետող» ճարտասանությունը: Հենց այդպես, առանց հայացքը էկրանից կտրելու էլ մյուս` դատարկ ձեռքը թափահարեց օդում.
– Չէ, աղբեր ջան, ով փալանն ըլնի, մեկ ա, էշը մենք ենք:

Հետաքրքրվում եմ` չի՞ հավատում նոր կառավարության նոր ծրագրին: Արամը զարմացած դեմքիս է նայում, ուզում է ստուգել` կատա՞կ եմ անում, թե՞ լուրջ եմ խոսում: Ժպտում եմ քթիս տակ, Արամը հանգստացած շունչ է քաշում:

Վերցնում եմ սիգարետս, Արամին թողնում հեռուստացույցի «հավակնոտ» թեմաների մասին պատմող ռեպորտաժների հետ ու քայլերս ուղղում դեպի տուն: Համարյա մուտքի մոտ եմ հասնում, ու հանկարծ մի միտք է ծագում. հենց միայն մեր շենքի մոտակայքում 3 կրպակ կա, 2 մթերքի խանութ, 1 համակարգչային խաղերի սրահ, կարելի է ընդամենը մի 15-20 րոպեանոց շրջայցով հասկանալ, թե դրանց տերերը կամ աշխատեցնողները, որոնք համարվում են մանր բիզնեսի ներկայացուցիչ, ինչպես են վերաբերվում նոր կառավարության ծրագրին ու հայտարարություններին կամ գոնե գիտե՞ն, որ Երևանի կենտրոնում մի խումբ մարդիկ, որոնք հավաքվել ու կառավարություն են կազմել, գիշեր-ցերեկ մտածում են` ինչ անեն, որ մեր շենքի մոտակայքի կրպակատերերն ու առահասարակ մանր բիզնեսի բոլոր ներկայացուցիչները սկսեն լավ ապրել:

Քայլերս ուղղում եմ դեպի մեր հարևան Սամվելի` շենքի հետևում` փոքրիկ այգու մոտ գտնվող կրպակը, որտեղ նա պտուղ-բանջարեղեն, ձեռքի հետ էլ հաց, պաղպաղակ, խմորեղեն, ձեթ, լուցկի ու այլ մանր-մունր բաներ է վաճառում: Սամվելը կամ Սամոն, իր կրպակի մոտքի առջև «կապած» հովանոցի տակ նստած, ագահորեն սիգարետի ծուխ է կուլ տալիս ու հպարտ կեցվածքով, գլխի թեթև շարժումով իր դուքանի պատուհանին փակցված գնատախտակի վրա է հրավիրում ուշադրությունս. «Լավաշ» գրվածքի դիմացի «100 դրամ» նշումը մեծ խաչով ջնջված է, վերևում ավելի մեծ չափերով գրված է` «75»: Հեռվից բարձր կանչում եմ.
– Ես էլ եկել եմ աչքալուսանք տալու. սրանից հետո փոքր բիզնեսդ ծաղկելու է, ու մի 2-3 տարուց ոչ թե պստիկ կրպակի, այլ մեծ խանութի, հնարավոր է նույնիսկ` մի քանի խանութների տեր ես լինելու, ա՛յ Սամո, բայց արդեն տեսնում եմ, որ բիզնեսդ առանց իմ բարի լուրի էլ սկսել է ծաղկել,արդեն լավաշը 25 տոկոսով էժանացրել ես: Հետո էլ բողոքում ես, թե իշխանությունները քեզ մոռացել են:
Սամոն էլ խոսքս բերանումս է թողնում.
– Տո քեզ էլ, քո իշխանություններին էլ, որ իրանք ոչ մի բան չանեն, ավելի շատ օգուտ տված կլինեն:
– Փաստորեն, Սամո՛, դու էլ հայրենի կառավարության ծրագրին չես հավատում: Մարդիկ հայտարարում են, որ սրանից հետո կանգնելու են սամոների կողքին, փոքր ու միջին բիզնես են զարգացնելու:
– Հա, կանգնելու են, բայց ոչ թե մեր կողքին, այլ մեր կոկորդին… Ասում են` ստվերից դուրս եկեք. գիտե՞ս` էդ ինչ ա նշանակում,- քմծիծաղով հարցնում է Սամոն,- իսկ էդ նշանակում ա, որ ոչ թե էթալու են էդ օլիգարխներին ստվերից հանելու, այլ ուղիղ գալու են իմ «բուդկա» ու ասեն` պամիդոր-խիարդ ստվերի տակ ես ծախում: Դե արի դրանց բացատրի, որ երբ իրանց շեֆն ասում ա` ստվեր, էդ լույսից պաշտպանող ստվերը նկատի չունի. չնայած…

Մտքումս կազմած ցուցակիս մեջ Արամից հետո Սամոյի անվան դիմաց էլ «մինուս» նշումն եմ անում, Սամոն էլ չի հավատում կառավարությանը:

Շարունակում եմ ճանապարհս, հասնում եմ կողքի շենքի պատին անվստահ «հենված» փոքրիկ տնակ-խանութին: Այդ շենքից երկու ծեր թոշակառու ամուսիններ են աշխատեցնում` վարպետ Աբոն ու նրա կինը` Լիդան: Մտնում եմ նրանց խանութ. միայն Աբոն է խանութում: Բերանը հենց նոր կերած մածունի ու հացի մնացորդներից մաքրելով` խանութի վաճառողի հլու և ծառայելու պատրաստ դեմքի արտահայտությամբ հարցնում է.

– Ի՞նչ ես ուզում, շե՛ֆ ջան,-չեմ էլ նկատել, թե երբվանից են ինձնից 2.5 անգամ տարեց Աբոն ու Լիդան սկսել ինձ «շեֆ»-ով դիմել:
– Եկել եմ ասելու, վարպե՛տ Աբո, որ կառավարությունը խոշոր գործարարներին հավաքել է ու բոլորով որոշել են, որ սրանից հետո դու, մեկ էլ, օրինակ, Սամվել Ալեքսանյանը` դե էն Լֆիկ Սամոն, էլի, հավասար պայմաններում եք աշխատելու: Արդեն կարող ես ազատ մրցակցել «Երևան Սիթի»-ների հետ:
Վարպետ Աբոն խեթ-խեթ նայում է ու.
– Որ իմանամ հանաք չես անում, որ իմանամ իսկականից հավատում ես քո ասածին, էդ կառավարությանը, չեմ ալարի, կանցնեմ էդ կողմն ու մի սիլլա կտամ, որ մանկությունդ հիշես ու սաղ կյանքումդ էլ չմոռանաս:
– Բայց ինչո՞ւ չես հավատում:
– Որովհետև 10-ից ավելի տենց ծրագիր եմ տեսել, որից հետո քո էդ Լֆիկի սուպերմարկետներն ավելացել են, իսկ իմ խանութի ապրանքները` գնալով քչացել:

Էլ երկար-բարակ «հարցախույզի» կարիք չկա. մտքիս ցուցակում Աբոյենց խանութի դիմաց էլ է հայտնվում «մինուս» նշանը: Մեկական մինուս էլ դնում եմ համակարգչային խաղերի սրահից ու մթերքի խանութներից դուրս գալուց հետո:

Փաստորեն, բնակությանս տարածքի ոչ մի մանր բիզնեսի ներկայացուցիչ, որի վրա պետք է տարածվեն նոր կառավարության նոր ծրագրերն ու որոշումները, քաղաքականություններն ու հայտարարությունները, որևէ դրական սպասելիք չունի: Իսկ դա հավանաբար ամենահմուտ վերլուծաբանի կամ տեսաբանի գնահատականից ավելի պերճախոս գնահատական է:

Հունիսին կստորագրվի Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ պայմանագիրը

6554Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Այն կայացել է խորհրդի անդամ պետությունների ղեկավարների՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, ինչպես նաև դիտորդ պետությունների կարգավիճակով նիստին հրավիրված Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության նախագահների մասնակցությամբ:

Նիստի արդյունքներով Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Քննարկվել է նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ընդլայնման հարցը: Մասնավորապես՝ քննարկվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստման ընթացքին, ինչպես նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Ղրղզստանի միանալու ճանապարհային քարտեզին վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում

Պետությունների հարգարժա՛ն ղեկավարներ,

Հարգելի՛ Նուրսուլթան Աբիշևի, շնորհակալ եմ Ձեզ կարևոր պատմական իրադարձությանը՝ Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի աշխատանքին մասնակցելու հրավերի համար:

Սրտանց շնորհավորում եմ Մաքսային միության պետությունների ղեկավարներին՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման կարևոր սահմանագծին հասնելու կապակցությամբ, մի միավորում, որը, վստահ եմ, շատ հարցերում կկանխորոշի դրա կազմ մտնող երկրների հետագա զարգացումը:

Անկասկած, դա մեծաքանակ փորձագետների և պաշտոնյաների աշխատանքի արդյունք է, ովքեր հաղթահարելով խոչընդոտներն ու տարաձայնությունները, գտել են փոխզիջումային առաջարկներ, արել են ամեն հնարավորը, որպեսզի համաձայնեցնեն փոխընդունելի փաստաթուղթը: Բայց այս ամենը հնարավոր չէր լինի առանց պետությունների ղեկավարների քաղաքական կամքի, առանց Եվրասիականության այն տեսլականի, որը դրված է այդ ինտեգրացիոն մոդելի հիմքում:

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի միանալու հարցի կապակցությամբ ցանկանում եմ նշել հետևյալը՝

Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի համապատասխան մասնագիտական գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համակարգված աշխատանքը թույլ տվեց սահմանված ժամկետներում նախապատրաստել Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը: Այդ կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մաքսային միության անդամ-պետությունների բոլոր ներկայացուցիչներին, Եվրասիական հանձնաժողովին՝ խրթին հարցերի մասնագիտական մշակման համար, որը թույլ տվեց ամրագրել այսօրվա արդյունքները:

Դա հնարավոր դարձավ նաև Հայաստանի կողմից վերջին տարիներին իրականացված միջազգային չափորոշիչներին համապատասխան ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ:

Առաջնորդվելով Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին միանալու վերաբերյալ պայմանագրի շուտափույթ ստորագրման Հայաստանի նպատակամղվածությամբ մենք ցուցաբերում ենք առավելագույն ճկունություն և կառուցողականություն:

Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին միանալու պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ մեր շահագրգռվածությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ միանալու վերաբերյալ ճանապարհային քարտեզը ձևավորվել է՝ ելնելով 2015թ. հունվարից Եվրասիական միությանը Հայաստանի ներգրավման տրամաբանությունից: Այդ ժամկետն արդեն ամրագրվել է ինչպես մեր գործարարների, այնպես էլ հասարակայնության կողմից, որոնք պետք է որքան հնարավոր է շուտ ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Երկրորդ՝ միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք գրեթե 200 օրենսդրական ակտերի ընդունմանը, ապահովենք մի շարք կարևոր համակարգային վերափոխումներ, ինչի համար անհրաժեշտ է նվազագույնը 6 ամիս:

Նկատի առնելով վերոնշյալը և հաշվի առնելով, որ մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ, խնդրում եմ հաստատել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը: Հասկանալով, որ ժամկետը շատ սեղմ է, ձեր պատրաստակամության դեպքում, վստահ եմ, որ 2-3 օրվա ընթացքում մենք կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ, որոնք կբավարարեն մեզ և մեր գործընկերներին:

Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը մեկնակետ կլինի ոչ միայն Եվրասիական տնտեսական միության ստեղծման, այլ նաև դրա միաժամանակյա ընդլայնման համար: Իմ կողմից հաստատում եմ պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Հայաստանի միանալու վերաբերյալ ստորագրված պայմանագիրը Ազգային ժողովի քննարկմանը և հաստատմանը ներկայացվի ամենասեղմ ժամկետներում:

Շնորհակալություն ուշադրության համար:

Սիրիայում կռված ուկրաինացի վարձկանները կռվում են Դոնեցկի ու Լուգանսկի մոտ

8117da469685a70eb4b4cd83921b7344-300x180Շուրջ 300 ուկրաինացի վարձկաններ, որոնք կռվել են Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի դեմ` ընդդիմության կողմից, մարտին վերադարձել են Ուկրաինա ու մասնակցում են երկրի հարավում ուկրաինական ուժայինների պատժիչ օպերացիային, այսօր հայտնել է ՌԴ Գլխավոր շտաբի աղբյուրը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Անկախ