Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը կոչ-նամակ է տարածել` ուղղված համայն հայությանը: Նամակում ասվում է. «Մայիսի 6-10-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի կունենա «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթը, որին Հայաստանը կներկայացնի Արամ Mp3-ը:
Ուստի դիմելով ձեզ՝ Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը կոչ է անում ակտիվորեն քվեարկել մեր մասնակցի օգտին:
Արամ Mp3-ը ունի բոլոր նախադրյալները Եվրատեսիլը Հայաստան բերելու համար: Ավելացնենք դրան մեր աջակցությունը, և հաղթանակը, անկասկած, մերը կլինի: Վկա է մեր պատմությունը, որ փառահեղ հաղթանակներ ենք տարել, երբ միասնական ենք եղել:
Մեր կազմակերպության կարգախոսն է՝ «ՈՒժեղ ենք, երբ միասին ենք»: Եվրատեսիլյան օրերին առաջնորդվենք այս կարգախոսով և հնարավորություն տանք Հայաստանին 2015 թվականին հյուրընկալելու մեր վարդագույն Երևանում եվրոպական երգի մրցույթը: Մենք հավատում ենք Արամ Mp3-ի հաղթանակին, որին մեծապես կնպաստեք դուք, սիրելի սփյուռքահայեր, ձեր քվեարկություններով»:
Daily Archives: May 5, 2014
Հայ շախմատիստները կխաղան աշխարհի առաջնություններում
Հունաստանի և Թուրքիայի միջև շուտով անցագրային ռեժիմ չի գործի
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ Հունաստանի ԱԳՆ խոսնակ Կոստանտինոս Կուտրասը հայտարարել է, որ Հունաստանը Թուրքիայի ԵՄ անդամակցության ամենաակտիվ կողմնակիցներից է: Նրա խոսքերով՝ երկու երկրների միջև գործում է անցագրային պարզեցված համակարգ, սակայն Անկարան և Աթենքը մտադիր են ընդհանրապես հանել վիզաները: Կուտրասը նշել է, որ այն փոփոխությունը դրականորեն կանդրադառնա ոչ միայն տնտեսության և զբոսաշրջության զարգացման, այլ նաև երկու ժողովուրդների ու երկրների հարաբերությունների վրա: Կուտրասը ընդգծել է, որ թուրք-հունական հարաբերությունները բավական լավ մակարդակի վրա են գտնվում, և Թուրքիան Հունաստանի ռազմավարական դաշնակիցն է:
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ամուսնացել են
Life & Style-ի տեղեկություններով Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ամուսնացել են: Աստղային զույգը պաշտոնապես ամուսնացել և ամուսնական վկայական է ստացել այս շաբաթվա սկզբին Կալիֆոռնիայում:
Ռեալիթի աստղի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել նրանց ամուսնության վերաբերյալ լուրերը:
Զույգի հարսանեկան տոնակատարությունը տեղի կունենա Փարիզում, սակայն միջոցառման օրը դեռևս չի հաստատվել: Վերջերս Քիմը Vogue-ին հայտնել էր, որ միջոցառմանը կմասնակցեն միայն իրենց ամենամոտ երկու հարյուր ընկերներ:
Քարդաշյանին և Քանյեին ոչ աշխատանքային օրերին նկատել են Նյու Յորքում:
Անդրազգային կրթության որակի ապահովումը` միջազգային քննարկման առարկա
Ապրիլի 28-30-ը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) պատվիրակությունը մասնակցեց Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացած աշխատաժողովին` նվիրված բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների վերապատրաստման և կարողությունների զարգացման խնդիրներին:
Աշխատաժողովը կազմակերպվել էր TEMPUS-ի «Հայաստանում և Վրաստանում անդրազգային կրթության որակի առաջխաղացում և ճանաչում» ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովին երկրները ներկայացրել են իրենց փորձը ոլորտում, հիմնախնդիրները և լուծման մեխանիզմները: Մշակվել ու հստակեցվել է հետագա աշխատանքային հայեցակարգը:
ՈԱԱԿ աշխատակիցները զեկույց են ներկայացրել «Որակի արտաքին ապահովում. որակն ապահովող կառույցների պահանջները, մեթոդները և գործընթացները» թեմայով, որտեղ ներկայացրել են հայաստանյան փորձը ոլորտում :
Քննարկվել են նաև անդրազգային կրթության որակի ապահովման չափորոշիչները և մեթոդաբանությունը:
Աշխատաժողովի մասնակից երկրներից են եղել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Վրաստանը և այլն:
Գլոբալ տաքացումը համընդհանուր չէ
Ամերիկացի գիտնականները հերքել են այն կարծիքը, թե գլոբալ տաքացումը համընդհանուր է: Այս մասին գրված է մի հոդվածում, որը տպագրվել է Nature Climate Change գիտական ամսագրում: Գիտնականները նման եզրահանգման են հասել ստեղծելով մի մոդել, որի հիմքի վրա կարողացել են չափել ջերմաստիճանի փոփոխությունը Երկրի մակերևույթին վերջին դարի ընթացքում:
Ընդհանուր առմամբ, նրանք պարզել են, որ գլոբալ տաքացումներ իսկապես տեղի են ունենում, սակայն ասելը, որ դա ամենուրեք է այդպես , սխալ է. մեր մոլորակի տարբեր մասեր ջերմություն են ստանում տարբեր արագությամբ: Ավելին` Երկիր մոլորակի շատ մասեր որոշակի պահերին ընդհանրապես չեն տաքանում :
Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, որ 1980-ականներին, երբ գլոբալ տաքացումները հատկապես ակտիվացել էին, Անդերի շրջանում գլոբալ բնույթի սառեցման միտումներ կային:
Հետազոտողները պնդում են, որ այդ բացահայտումը թույլ կտա գլոբալ տաքացման երևույթին նայել մեկ այլ տեսանկյունից:
Բնակարանի շուրջ ծավալված ընտանեկան վեճը միայնակ մորը զրկել է վերջին երազանքից
Կարինե Հարությունյանը միայնակ մայր է: Որդուն՝ 12-ամյա Անդրանիկին, մեծացնում է սոցիալական ծանր պայմաններում: Անդրանիկի հոր հետ օրինական ամուսիններ չեն եղել, իսկ որդու ծնվելուց հետո հարաբերությունները լարվել են, քանի որ երեխայի ծնունդն անցանկալի էր հոր համար: Այսօր էլ որդու բոլոր հոգսերը հոգում է միայնակ, մի քանի բարեկամների օգնությամբ:
Սակայն Կարինեն դժգոհ չէր լինի իր ճակատագրից և իրեն կհամարեր աշխարհի ամենաերջանիկ մայրը, եթե չլինեին հայրական բնակարանի շուրջ ծագած ընտանեկան թնջուկը, արդեն տարիներ ձգվող դատական գործընթացը և այն նվաստացումներն ու նյարդային պահերը, որ ստիպված է տանել ամեն օր բնակարանային վեճի շուրջ:
Նորքի առաջին զանգվածում գտնվող նրա հայրական բնակարանը, որի արժեքն այնքան էլ մեծ չէ, որքան որ նրա շուրջ ստեղծված աղմուկը, հոր մահից հետո հոր մասնաբաժնի հետ միասին բաժանվել է երեք համասեփականատերերի միջև՝ Կարինեի, նրա փոքր եղբոր և հոր կնոջ (1983 թ. Կարինեի մայրը մահացել է, երբ ինքը 21 տարեկան էր, և հայրը երկրորդ անգամ է ամուսնացել):
Կարինեն ուներ ևս մի եղբայր և մի քույր: Մեծ եղբայրը հայրական տնից գնացել էր դեռևս 1983 թ., բնակարան էր ստացել Դավիթաշենում և իր ընտանիքով ապրում էր այնտեղ, իսկ քույրն ամուսնացած էր: Երկուսն էլ հայրական տան համասեփականատերեր չէին և որևէ պահանջ չունեին:
2000 թ. սկզբներին մեծ եղբայրն իր Դավիթաշենի բնակարանը վաճառում է, ընտանիքով մեկնում Մոսկվա, ուր մի քանի տարի անց երիկամների խնդիրների պատճառով մահանում է:
Եղբոր դին տեղափոխում են Հայաստան, կազմակերպում թաղումը: Այդ ժամանակվանից էլ, ըստ Կարինեի, մահացած եղբոր կինը՝ Գայանեն, խոսակցություններ է սկսում հայրական բնակարանից բաժին ստանալու մասին: «Հարսս միշտ գրանցված է եղել իր հոր տանը, իր օրիորդական ազգանունն է կրել, բայց եղբորս մահից հետո՝ 2008-ին, փոխեց, մեր ազգանունով գրվեց»,- ասում է Կարինեն:
Մահացած եղբոր ընտանիքը կրկին վերադառնում է Ռուսաստան, փոքր եղբայրն էլ է մեկնում: Հոր կինը դեռևս 2003-ից գտնվում էր Թուրքիայում, աշխատելու նպատակով էր գնացել, և հայրական տանը մնացել էր Կարինեն որդու հետ:
2007-ին մահացած եղբոր կինը փոքր աղջկա և որդու հետ որոշում է տեղափոխվել Հայաստան:
«Ես մեծ ուրախությամբ գնացի նրանց դիմավորելու,- պատմում է Կարինեն,- եկան մեր տուն, և ընդամենը մի քանի օր հետո սկսվեց… Հոգեբանական ճնշումներ, վատ խոսքեր իմ հասցեին: Եղբորս կինն ու աղջիկը մեր աչքի առաջ իրենց տղային ճոխ ուտելիքներով կերակրում էին, մեզ արհամարհում, չէին թողնում, որ իրենց տղան իմ տղայի հետ խաղա, ասում էին՝ բիճ»:
Կարինեի հայրական տունը, որտեղ նա իր ողջ կյանքն է անցկացրել, դարձել էր իսկական դժոխք, որտեղ նա իրեն պատանդի պես էր զգում: Փոխարենն իրեն լիակատար տանտիրուհու կարգավիճակում էր զգում հարսը, որն իր ուզած ձևափոխումներն էր անում տանը և առիթը բաց չէր թողնում Կարինեին հիշեցնելու, որ ինքն այս տանն օրինական հարս է, մինչդեռ նա ապօրինի որդի է բերել այս տուն:
Կարինեի խոսքով՝ հարսն ամեն ինչ անում էր, որ ինքը հեռանա իր հայրական տնից, որպեսզի նա ու իր երեխաները լիարժեք վայելեն իրենց ազատությունը և հետո կամաց-կամաց բնակարանն իրենցով անեն:
Այդ ժամանակահատվածում Կարինեի որդու հայրը մի քանի անգամ գալիս է երեխային տեսնելու: Կարինեն հույս ուներ, որ նա իրեն ու որդուն կտանի այդտեղից, և իրենք նորմալ ընտանիք կկազմեն՝ հեռու բոլոր նվաստացումներից: Բայց, ցավոք, երեխայի հոր այցերն ընդամենը մի քանի ժամով նրանց հետ ժամանակ անցկացնելու նպատակ ունեին, ոչ ավելին: Հասկանալով դա՝ Կարինեն արգելում է նրան այցելել իրենց՝ այդպիսով խաչ քաշելով նաև ընտանեկան փոքրիկ ու ջերմ անկյուն ունենալու հեռանկար վրա, որն իր կյանքի միակ երազանքն էր:
2009 թ. հարսը՝ Գայանեն, անցնում է գործնական քայլերի. նախ դիմում է նոտարական գրասենյակ սկեսրայրի մասնաբաժինը ժառանգելու հարցով: Բայց Կարինեն անհամաձայնություն է հայտնում, և նրան մերժում են:
Այնուհետև, Կարինեի պատմելով, հարսը կեղծ փաստաթղթեր է հայթայթում հարևաններից, համատիրությունից, թե իբր Կարինեն երբեք այդ տանը չի ապրել, փոխարենը թղթեր է ներկայացնում, թե իբր ինքը 1979 թվականից, ինչ հարս է եկել, ապրում է այդ բնակարանում, և դիմում է դատարան` ստանալու սկեսրայրի մասնաբաժինը: Դատավորը որոշում է կայացնում նրա օգտին:
Կարինեն եղբոր հետ բողոքարկում է դատավճիռը, և վերաքննիչ դատարանը վճիռը բեկանում է: Բայց Գայանեն այդպես հեշտ հանձնվողներից չէր: Նա նորից է դիմում դատարան: Սակայն դատավոր Սամվել Բաբայանը վճիռ է կայացնում հօգուտ Կարինեի՝ հոր մասնաբաժինը հատկացնելով նրան և նրա հոր կնոջը:
Այս անգամ էլ հարսն է վճիռը բողոքարկում, որը նորից բեկանվում է, և գործը գնում է առաջին ատյանի դատարան: Ս.թ. ապրիլի 10-ին դատավոր Գայանե Մազմանյանը նոր վճիռ է կայացնում հօգուտ հարսի:
Այժմ Կարինեն է պատրաստվում այդ որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում: Եվ հայտնի չէ, թե դեռ որքան կշարունակվի այդ անվերջանալի շրջապտույտը:
Մինչ վերաքննիչ դատարան դիմելը Կարինեն դիմել է նաև արդարադատության նախարարություն և ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով իր գործի նկատմամբ անաչառ դատավարություն: Նա կասկածներ ունի, որ հարսը նաև դատավորներին է կաշառում:
Կարինեն պատմում է, որ եղբոր կինն ու նրա երեխաները ապրում են հոյակապ պայմաններում: Դավիթաշենում երեքսենյականոց բնակարան են գնել, աղջիկն այնտեղ է տեղափոխվել, արտասահմանյան շքեղ մեքենա է վարում, թե ինչ միջոցներով` Կարինեն միայն ենթադրություններ կարող է անել: Հարսն էլ իր սիրեկանի հետ երջանիկ ապրում է. մի օր Դավիթաշենում՝ աղջկա մոտ, մի օր իրենց տանը, որպեսզի աչքը բնակարանի վրա պահի:
Կարինեն բարձրագույն կրթություն չի ստացել, դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Նորքի հիվանդանոցում՝ կադրերի բաժնում: Հիմա չի աշխատում: Խոստովանում է, որ չնայած իրեն հնարավորություն էր տրված աշխատանքում առաջ գնալու, դա իրեն քիչ էր հետաքրքրում, քանի որ երազում էր ընտանեկան կյանքի, երեխաների մասին:
Իսկ հիմա ուզում է աշխատել, բայց ծագած խնդիրները չեն թողնում: «Ես շատ անճար վիճակի մեջ եմ, հիմա իմ մասնաբաժինը դրել են կալանքի տակ, քանի որ վարկով փոքրիկ գումար էի վերցրել: Նպաստ էլ չեմ ստանում, քանի որ պատճառաբանում են, թե տանն ապրողներ կան: Մեկ հորեղբորս տուն եմ գնում, մեկ քրոջս, մուրացկանի նման ապրում եմ: Երեխաս մեծ տղա է, ո՛չ հեռախոս ունի, ո՛չ համակարգիչ, խիղճս տանջում է: Էլ չեմ ասում պարտքերի մասին խանութներում»:
Կարինեն ձեռքի շնորհք էլ ունի, շատ լավ գործում է, բայց ինչպես ասում է, հոգեբանական այնպիսի ճնշման մեջ է, որ չի կարողանում կենտրոնանալ, իր կյանքը դասավորել. «Էս անորոշությունն ինձ թույլ չի տալիս մի բան ձեռնարկել, ամբողջ օրը վազվզում եմ էս դատարանից էն դատարան: Պետք է էս պատմությանը վերջ դրվի»:
Եթե բնակարանի հարցը լուծվի հօգուտ Կարինեի, և որոշեն վաճառել այն՝ բաժանելով երեք համասեփականատերերի միջև, բնակարանի վաճառքից ստացված գումարը յուրաքանչյուրի համար կկազմի մոտ 10-11 հազար դոլար: Թե ինչ կանի այդ գումարով Կարինեն, առայժմ չգիտի: Առաջին միտքը, որ գլխում ծագում է, Հայաստանից հեռանալն է, բոլորից հեռու, որդու հետ միասին նոր կյանք սկսելը և որդուն արժանավայել մեծացնելը:
Անի Գասպարյան
Պուտինին ներկայացվել է Ուկրաինայում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ՌԴ արտգործնախարարության զեկույցը
ՌԴ նախագահին ներկայացվել է Ռուսաստանի արտգործնախարարության զեկույցը, որը վերաբերում է Ուկրաինայում մարդու իրավունքների խախտմանը: Ըստ այդ զեկույցի՝ Ուկրաինայում նման երևույթները կրել են «զանգվածային բնույթ»:
Նախարարության կողմից պատրաստված Սպիտակ գրքում արտացոլված են Ուկրաինայում 2013թ.-ի նոյեմբերից 2014թ.-ի մարտն ընկած ժամանակահատվածում մարդու իրավունքների խախտման դեպքերի շուրջ զանազան փաստեր:
«Դրա հիմքում ընկած են ռուսական, ուկրաինական, արևմտյան ԶԼՄ-ների տեղեկատվական բազմաթիվ նյութեր, նախկին կիևյան իշխանությունների և նրանց կողմնակիցների, ականատեսների վկայությունները, ինչպես նաև ռուսական հկ-ների կողմից դեպքի վայրերում անցկացված դիտարկումների ու հարցազրույցների տվյալները»,-նշվում է պաշտոնական հայտարարության մեջ:
«Զեկույցում ընդգրկված փաստագրական տվյալները թույլ են տալիս հաստատել, որ Ուկրաինայում մարդու իրավունքների ոլորտում հիմնարար սկզբունքների ու նորմերի կոպտագույն խախտումները զանգվածային բնույթ են կրել»,-ասվում է Կրեմլում:
«Սպիտակ գրքի նպատակն է հասարակական կարծիքի գնահատմանը ներկայացնել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների իրական փաստերն ու վկայությունները, և դրանով նպաստել ապաքաղաքականացված, անաչառ գնահատականների ձևավորմանը, անօրինական գործողությունների համար մեղավորների պատասխանատվության կրելունժ»,- հայտնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Ադրբեջանում ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաքի
Ադրբեջանում ընդդիմությունը պատրաստվում է հանրահավաք անցկացնել՝ քաղբանտարկյալներին աջակցություն հայտնելու նպատակով, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը։
Այդ նպատակով “Մուսավաթ” կուսակցությունը բանակցություններ է վարում երկրի այլ քաղաքական ուժերի հետ։ Հանրահավաքի անցկացման օրը որոշվելու է կուսակցության այսօրվա նիստի ընթացքում։
Ակնկալվում է, որ այն տեղի կունենա մայիսի 11-ին։
Ավելի վաղ “Մուսավաթ” կուսակցությունը մայիսի 4-ին հանրահավաք էր նշանակել, սակայն այն չէր կայացել: Պատճառը այլ կուսակցությունների հետ համաձայնության չգալն էր ։
Այս տարի Երևանը կզարդարի շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկ
Երևանի քաղաքապետարանի կանաչապատման 2014թ. ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները: Վաղ գարնանից ծաղկած շուրջ 600 հազար բազմերանգ կակաչների ծաղկման շրջանն ավարտված է, և արդեն սիզամարգեր են տեղափոխվում Հոլանդիայից ներկրված շուրջ 1 մլն 200 հազար և Երևանի քաղաքային ջերմատանն աճեցվող 1 մլն ծաղկասածիլները: Բացի այս, երևանյան կանաչ տարածքները կզարդարեն նաև շուրջ 40 հազար վարդ ու 150 հազար փիփերթ: Ընդհանուր առմամբ, այս տարի Երևանում կծաղկի շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկ: Արդյունքում 2014թ.-ին մայրաքաղաքի ծաղկային մակերեսը նախկին 6.7 հա-ի փոխարեն կկազմի 7.5 հա:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Զբաղվածության մասին օրենքի փոփոխությունները սահմանափակում են հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները
Մայիսի 5-ը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
Այս կապակցությամբ լրագրողների հետ հանդիպեցին և Հայաստանում սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց խնդիրների մասին խոսեցին «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն ու կազմակերպության Հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը: Նրանց մասնավորապես մտահոգում է զբաղվածության օրենքում կատարված փոփոխությունները: Նշենք, ար նախկինում աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցմում էր տրամադրվում, որը վերջերս կառավարության որոշմամբ փոփոխման ենթարկվել:
«Հունվարի 1-ից զբաղվածության մասին նոր օրենքը դուրս եկավ: Եղան և´ դրական և´բացասական փոփոխություններ: Շուտով երկու տարվա տեղը կես տարի է փոխհատուցումը տրվելու, այսինքն` եթե առաջ պետությունը 2 տարով էր տալու գործատուին փոխհատուցում հաշմանադամություն ունեցող մարդուն աշխատանքի վերցնելու համար, ապա հիմա տրվելու է կես տարով»,- ասաց «Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյան:
Ըստ Մարիաննա Չալիկյանի` նախկինում այդ կարգը մեծ հնարավորություն էր ընձեռում հաշմանդամություն ունեցող մարդկանց, քանի որ երկու տարվա ընթացքում մարդը դառնում է մրցունակ, իսկ վեց ամսվա աշխատանքային փորձը քիչ բան կարող է փոխել: «Նախկինում կարգը տարածվում էր հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց վրա՝ անկախ կարգից, իսկ այս դեպքում՝ միայն առաջին կարգ ունեցողների վրա, նաև այն մարդկանց վրա, ովքեր բացի հաշմանդամության կարգից ունեն նաև այլ խնդիրներ, օրինակ՝ ենթարկվել են թրաֆիքինգի»,-հավելեց նա:
Պարոն Ալավերդյանը անդրադարձավ նաև մշակութային օջախների մատչելիության խնդրին, նշելով, որ կան առանձին հաստատություններ, որոնք հասանելի են սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց, սակայն թանգարանների և նման կառույցներըի մեծ մասը այսօր չի ապահովում հավասար պայմաններ բոլորի համար:
Երկրաշարժի ցնցումները զգացվել են մայրաքաղաքում
Ճապոնական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ այսօր առավոտյան Տոկիոյի տարածքում տեղի ունեցած ցնցումներն ըստ Ռիխտերի սանդղակի, հասել են 6,0 բալի: Երկրաշարժի հետևանքով տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել 17 բնակիչ, այդ թվում`74-ամյա մի կին, որն ուսի հոդախախտ է ստացել:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ ցնցումների էպիկենտրոնը Իձուսոիմա կղզուց քիչ հեռու (մոտ 100 կմ Տոկիոյից հեռու) ու 155 կմ խորության վրա է եղել: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:
Դավութօղլուն սիրիական կառավարությանը երկդիմի է անվանել
Մինչ Սիրիան պատրաստվում է հունիսյան նախագահական ընտրություններին, Անկարայից ավելի կտրուկ արձագանքներ են հնչում: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նախազգուշացում է արել միջազգային հանրությանը՝ մատնանշելով սիրիական կառավարության երկդիմի գործելակերպը:
«Կա արդյոք իմաստ ընտրություններ անցկացնելու, եթե երկրի բնակչության կեսը այնտեղ չի գտնվում: Ըստ էության, սա կեղծ և երկդիմի պահվածք է»,-նշել է Դավութօղլուն:
Ստամբուլում ազատ են արձակվել մայիսի 1-ին բանտարկվածները
Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ Ստամբուլում ազատ են արձակվել մայիսի 1-ի ցույցերի ժամանակ ձերբակալված 173 մարդիկ: Ընդհանուր առմամբ Թուրքիայում կալանավորվել է 221 հոգի մայիսմեկյան երթերի և անկարգությունների մեջ ներքաշված լինելու մեղադրանքով: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով 90 մարդ էր տուժել, այդ թվում 13 ոստիկան:
Երեխայի ծննդյան ամիսն ազդում է նրա իմունային համակարգի վրա
Ուսումնասիրելով պորտալարի արյան նմուշները` գիտնականները պարզել են, որ մայիս ամսին ծնված երեխաների օրգանիզմում D վիտամինը 20%-ով ավելի քիչ է, քան նոյեմբեր ամսին ծնվածների օրգանիզմում: Իսկ ինչ վերաբերում է ավտոռեակտիվ T բջիջներին, ապա դրանց մակարդակը մայիս ամսին ծնվածների օրգանիզմում ավելի բարձր է, քան նոյեմբերին ծնվածների օրգանիզմում:
Լոնդոնյան և Օքսֆորդի համալսարանների գիտնականների ուսումնասիրությունն ապացուցում է, որ երեխայի լույս աշխարհ գալու ամիսը նշանակալի ազդեցություն է ունենում նրա իմունային համակարգի գործարկման, ինչպես նաև օրգանիզմում D վիտամինի մակարդակի վրա:
Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում շուրջ 10 հազար մարդ տառապում է ցրված սկլերոզ հիվանդությամբ, որի հետևանքով մարդու իմունային համակարգը վնասում է կենտրոնական նյարդային համակարգը: Նշված հիվանդությունը սովորաբար ուղեկցվում է տեսողության, լսողության, հիշողության, շարժումների ակտիվության խանգարումներով: Համարվում է, որ այս հիվանդության պատճառներն են գեներն ու շրջակա միջավայրը:
Հետազոտությունը հիմնվել է Լոնդոնում 2009-2010թթ. նոյեմբեր ամսին ծնված թվով 50 երեխաների պորտալարի արյան նմուշների ուսումնասիրման վրա:
Մասնագետները վերլուծել են պորտալարի արյան նմուշը D վիտամինի և T բջիջների պարունակության տեսանկյունից: T բջիջները, հայտնաբերելով և ոչնչացնելով վարակները, պատասխանատու են իմունային համակարգի աշխատանքի համար: Սակայն որոշ T բջիջներ ավտոռեակտիվ են և կարող են վնասել սեփական օրգանիզմի բջիջները՝ հանգեցնելով իմունային հիվանդությունների: Նման բջիջները պետք է ոչնչացվեն իմունային համակարգի զարգացման ընթացքում, իսկ դրանց մակարդակը մայիս ամսին ծնվածների օրգանիզմում ավելի բարձր է, քան նոյեմբերին ծնվածների:
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մայիսի 3-ին, ժամը 03.00-ին, Երևանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 4 շենքի մոտ գտնվող այգու տարածքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է սրճարանի պարսպին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 2/3 շենքի մոտ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Նշավան-Արևշատ ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 4-ին, ժամը 01.30-ին, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում «Մոսկվիչ 2715» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևան-Շորժա-Վարդենիս ճանապարհի 18-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանն ու կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վարդենիսի Համբարձումյան փողոցում «Միցուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «ՄԱԶ-5334» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի Պաջեռո ԻՈ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 18.20-ին, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 63 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 20.30-ին, Որոտան-Սիսիան ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեք ենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 11.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի և քունքային հատվածի քերծվածք վերքերով բուժօգնության է տեղափոխվել 4-ամյա տղա, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Վարդենիսի Վ. Համբարձումյան փողոցում ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել տղային և դիմել փախուստի:
Նույն օրը, ժամը 15.00-ին, 39-ամյա մի տղամարդ ներկայացել է բաժին և հայտնել, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել երեխային:
Կատարվում է քննություն:
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցի արդյունքները (ապրիլի 28-ից մայիսի 4-ը)
Ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 72 տրանսպորտային միջոց. 11 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 60 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում:
Թուրքիայում խուզարկել են ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադըրովի բնակարանը
Մայիսի 4-ի կեսօրին ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադըրովի Անկարայի բնակարանում, որտեղ բնակվում են լրագրողի կինը և երեխաները, Թուրքիայի հատուկ ծառայությունները խուզարկություն են անցկացրել:
Ինչպես հաղորդում է “Թուրան” գործակալությունը, լրագրողի կինը՝ Ադելյա Բաբախանովան, տեղեկացրել է, որ իրենց բնակարան է եկել 11 մարդ, ովքեր նշել են, որ խուզարկությունն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների հարցման համաձայն: Խուզարկության ընթացքում առգրավվել են մի շարք փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ, այդ թվում՝ լրագրողի դստեր պլանշետը:
Դրանից հետո բանակարան է եկել Ադրբեջանի դեսպանության աշխատակիցը, ով Բաբախանովային ամուսնու մասին հարցեր է ուղղել: Այնուհետ՝ Ադելյա Բաբախանովային հրավիրել են Ադրբեջանի դեսպանություն, որտեղ նա հարցաքննվել է Բաքվից ժամանած քննիչների կողմից: Հարցաքննությունն իրականացվել է առանց փաստաբանի ներկայության:
Հիշեցնենք, որ Միրկադըրովը Թուրքիայից արտաքսվել էր ապրիլի 19-ին: Բաքու ժամանելուն պես նրան ձերբակալել են և տեղափոխել ներքին գործերի նախարարություն: Նրան մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ:
Միասնական թիմ, միասնական պատասխանատվություն, միասնական մոտեցում համակարգի խնդիրներին
ՀՀ գյուղատնտեսության նախարարության
լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ այսպիսին էր վերանշանակումից հետո արտադրական առաջին խորհրդակցությունն անցկացնող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավոր պահանջը համակարգի պատասխանատուներից՝ կապված նոր կառավարության կազմով պայմանավորված տնտեսական նոր մթնոլորտի ձևավորման հետ։
Անդրադառնալով անցած տարիներին միասնական թիմի ստեղծման ուղղությամբ կատարվածին, նախարարը նշեց, որ նոր պայմաններում այդ աշխատանքները պետք է շարունակվեն։ Համակարգի ողջ ներուժը, հնարավորություններն ու կարողությունները պետք է նպատակաուղղվեն առաջին հերթին թիրախային այնպիսի հիմնախնդիրների լուծմանը, ինչպիսիք են.
● Տնտեսական աճի պարտադիր ապահովումը։
● Նախարարության կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը առաջին հերթին պետք է հիմնավորվեն գյուղացու սպասելիքներով, արդարացնեն դրանք, լինեն խիստ իրատեսական և նպատակային։
●Նախաձեռնողականության խթանումն աշխատանքային բոլոր օղակներում։
●Աշխատանքային և կատարողական կարգապահության, աշխատանքի արդյունավետության հետևողական բարձրացումը։
●Հանձնարարականների կատարման օպերատիվության և որակի ապահովումը։
●Խնայողության ռեժիմի խստորեն պահպանումը, գործնական վերահսկողության իրականացումը բյուջետային միջոցների նպատակային օգտագործման վրա։
●Բաց ու թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների հետ։ Բարձրացված հարցերի օպերատիվ արձագանքումը։
●Մարզպետարանների գյուղվարչությունների հետ տարվող աշխատանքների ակտիվացումը։
Ամփոփելով խորհրդակցությունը, նախարարը մեկ անգամ ևս ընդգծեց կատարողական կարգապահության նկատմամբ անձնական պատասխանատվության կարևորությունը։ «Մենք աշխատանքային նոր էջ ենք սկսում, որտեղ թիմային մտածողությամբ հարցերին մոտենալը ոչ թե կարևոր, այլ պարտադիր պայման է։ Բոլոր նրանք, ովքեր դուրս կմնան միասնական պատասխանատվության և միասնական մոտեցումների դաշտից, դուրս կմնան նաև համակարգից։ Ժամանակն է փոխել շեշտադրումները, հրաժարվել լոզունգներից, անցնել կոնկրետ աշխատանքի».- նշեց նախարար Սերգո Կարապետյանը։
Պանամայում նախագահի ընտրություններում հաղթել է ընդդիմության ներկայացուցիչը
Պանամայում նախագահի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Պանամիստական կուսակցության թեկնածու Խուան Կառլոս Վարելան, գրում է Газета.Ru-ն:
Նման հայտարարություն է արել երկրի Ընտրական տրիբունալի նախագահ Էրասմո Պինիլյան:
Պանամա, նախագահական ընտրություններյում նախագահ է ընտրվում 5-ամյա ժամկետով: Այսինքն` Խուան Կառլոս Վարելան կղեկավարի երկիրը մինչև 2019 թիվը:
Այդ հանրապետությունը գտնվում է Կարիբյան ծովի ու Խաղաղ օվկիանոսի Պանամայի պարանոցում: Պանաման արևմուտքում սահմանակից է Կոստա-Ռիկայի ու արևելքում` Կոլումբիայի հետ:

