Անկարայում ևս 110 ոստիկան ազատվել է աշխատանքից

polisԹուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ Անկարայում պաշտոնից ազատվել է 110 ոստիկան: Տեղեկության համաձայն նրանցից 66-ը ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցներ են: Թուրքական կառավարությունն  Անկարայի և մի շարք այլ քաղաքների ոստիկանության շարքերում կադրային փոփոխություններ սկսեց կատարել անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից հետո: Այս գործընթացը դեռևս շարունակվում է, քանի որ թուրքական իշխանությունները  շարունակում են անվստահություն տածել ոստիկանական կադրերի նկատմամբ՝ նրանց կասկածելով գյուլենական կողմնորոշում ունենալու մեջ:

 

 

Մեքքայում անձրև է տեղացել, ուխտավորները ցնծության մեջ են

mekkaԻսլամական սրբավայրում՝ Մեքքայում,  անսպասելիորեն անձրև է տեղացել, որը մեծ ուրախություն է առաջացրել հազարավոր մուսուլմանների մետ: Չնայած անձրևը շարունակվել է մինչև կեսգիշեր, մուսուլմանները  կատարել են իրենց ծիսական պտույտը Քաաբայի շուրջը: Տեղացող անձրևը ոչ թե խանգարել է մուսուլմաններին, այլ ոգևորել նրանց, այդ պատճառով էլ Քաաբայի՝ Սև քարի շուրջ պտտվելու համար նրանց միջև իսկական պայքար է սկսել: Քաշքշուկը դադարեցնելու համար նույնիսկ միջամտել է  ոստիկանությունը: Անձրևը Մեքքայում շատ հազվադեպ երևույթ է, այն տեղում է տարվա մեջ միայն 4-5 անգամ:

Վարչապետը մասնակցել է Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառմանը

11289_am_2Այսօր՝ մայիսի 9-ին, հայ ժողովուրդը նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձը և Շուշիի ազատագրման 22-ամյակը: Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելու նպատակով վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր օրենսդիր և գործադիր մարմնի անդամների, հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգի: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:
Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը վետերաններին ուղղված շնորհավորանքի խոսքում նշել է. «Մենք բարձր ենք գնահատում վետերանների ներդրումը, քանի որ նրանք բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, և միշտ էլ մեծ հարգանքի ենք արժանացնելու նրանց: Մենք՝ իշխանություններս, պարտավոր ենք հարգել նրանց անցած ճանապարհը: Հպարտանում ենք նրանցով և ցանկանում ենք քաջառողջություն, երկար տարիների կյանք: Որքան էլ իրենց հարգենք, աջակցենք, միևնույն է, քիչ է լինելու»: 
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը պատասխանել է մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
Մասնավորապես, անդրադառնալով ՀՀ կառավարության նոր ծրագրի վերաբերյալ հարցադրմանը՝ վարչապետն ասել է. «Ծրագրում իրականացվող փոփոխություններն ինքնանպատակ չեն լինելու, աշխատելու ենք, որ այն լինի հնարավորինս իրատեսական: Մեզ համար շատ կարևոր է ասել այն, ինչ կարողանալու ենք անել: Մեծ փոփոխություններ չեմ ակնկալում, քանի որ հիմա քննարկման փուլում է: Բայց նորից եմ ցանկանում ասել, որ ծրագրում հստակեցվելու են բոլոր դրույթները, և իմ նպատակն է, որպեսզի այն, ինչ ծրագրում արտացոլվի, իրականացվի: Ես կառավարության բոլոր անդամների առջև խնդիր եմ դրել, որ ծրագիրը համապատասխան նախարարն ըստ ոլորտի պետք է իրականացնի, եթե ոչ՝ մենք ճանապարհ չունենք անցնելու, և դա լինելու է սկզբունքային:
Մենք այսօր այլևս դանդաղելու հնարավորություն չունենք, պետք է փորձենք հնարավորինս մեր ժողովրդի և պետության առջև ծառացած խնդիրներին լուծում տալ: Իհարկե, բոլորին է հասկանալի, որ դա միանգամից չենք կարող անել, բայց հստակ պետք է լինի ժամանակ և ծրագիր: Հանրությունը պետք է հասկանա, որ այդ ծրագիրն այս ժամկետում է և կիրականացվի: Դա է ինձ համար ամենակարևորը»: 

Պատասխանելով իշխանության հանդեպ հանրային վստահության վերականգնման հարցին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Իհարկե, գտնում եմ, որ կա անվստահության մթնոլորտ, և մենք փորձելու ենք մեր իրատեսական ծրագրերով, քայլերով և ոչ ստանդարտ որոշումներով վստահությունը կամաց-կամաց վերականգնել: Ունենք նաև մեծ խնդիր տնտեսական ոլորտում. տնտեսական աճը մեր երկրի, կառավարության համար պետք է լինի առաջնահերթ: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի ստեղծենք հավասար դաշտ, որ յուրաքանչյուր ներդրող, գործարար հասկանա և տեսնի իրականում, որ տնտեսական դաշտում բոլորը հավասար են: Իհարկե, դժվար է լինելու, բայց մենք գնալու ենք այդ քայլին, այլընտրանք չունենք, դա պետք է բոլորը հասկանան, այդ թվում՝ իմ մերձավորները: Ես ինձնից եմ սկսելու, ու դա ինձ համար լինելու է սկզբունքային»:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությանը, այդ առնչությամբ վարչապետ Աբրահամյանն ընդգծել է. «Այդ խնդիրը պետք է լուծվի երեք՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա»: 
Իսկ ՀՀ նոր կառավարության կադրային քաղաքականությանը վերաբերող հարցին Հովիկ Աբրահամյանը հետևյալ կերպ է արձագանքել.«Կառավարության ձևավորման համար ինձ համար եղել է մեկ հստակ սկզբունք, որ բոլորը պետք է լինեն փորձառու: Մենք ժամանակ չունենք դանդաղելու, մեր խնդիրները պետք է լինեն հստակ ձևակերպված և առաջ գնան: Նախարարներին հնարավորություն ենք տվել, որպեսզի աշխատեն և կարողանան հայրենիքին, ժողովրդին ինչ-որ կերպ, իրենց գործունեությամբ, աշխատանքով աջակցել: Բազմաթիվ խոսակցություններ, գնահատականներ են լինելու, բայց ես պետք է խնդրեմ չշտապեք, հնարավորություն տաք մեզ: Ես միշտ հաշվի եմ նստելու հանրության կարծիքի հետ, և շատ թափանցիկ ենք աշխատելու»:
Զինվորական հանդիսավոր շքերթը դիտելուց հետո վարչապետը մասնակցել է վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին, զրուցել նրանց հետ, մաղթել քաջառողջություն:

 

Տավուշը Մեծ հայրենականին

10277933_739179832771275_6546648559255927161_n<<Մայիսի 8-ն էր գիշերը, մայիսի 9-ը պիտի գոյանար, ռոդիոն հաղորդեց Լևիտանը` հաղթանակ, պոլնայա կապիտուլիացիա>>,-թովուզցի Վազգեն Սաղումյանը ռադիոյի հայտարարությունը արցունքն աչքերին էր վերհիշում: Գյուղի ռուսերենի ուսուցիչը հայրենիքի պաշտպանության նպատակով գրիչը զենքով էր փոխարինել:

Ռազմի դաշտում սխրանքներ կերտած թովուզցի զինակից-մտավորականները քիչ չէին: Ռուսաց լեզվի մյուս ուսուցիչը` Աշոտ Սուքիասյանը, պատմում էր, որ հայրենիքի պաշտպանության նվիրական երազանքն էր, որ ոգևորում ու առաջ էր մղում հաղթական պայքարի:

1507562_739179976104594_4889494495785679137_n

Թովուզում Մեծ հայրենականի նահատակների հիշատակին 1975-ին բացված հուշարձան-թանգարանը վկայում է, որ Տավուշի մարզի Թովուզ, այժմյան Տավուշ գյուղը իր մեծ լուման է ունեցել ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի կերտման գործում:

Թե քանի շքանշանակիր ու մեդալակիր է տվել Թովուզը, հուշարձանի բացմանը զեկուցել է գյուղի գլխավոր աշխարհագետ Արշալույս Գյուրջինյանը:

10259720_739180022771256_3212577751235241565_nՊատերազմի ամբողջ ժամանակամիջոցում ավելի քան 450 թովուզցիներ բանակ են զորակոչվել, որոնց մոտ կեսը պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով, իսկ թովուզցի Վլադիմիր Դալլաքյանը դարձել է <<Մարտական փառք>>-ի երեք շքանշանի ասպետ:

Մոտ հինգ հարյուր մասնակիցներից հիմա 9 վետերան է մնացել: Ավելի շատ էին դպրոցը նոր ավարտած, տակավին երիտասարդ ու անփորձ պատանիները` Սարգիս Դարբինյան, Գուրգեն Օհանյան, Կոզբանդ Դաինելյան, Սուրեն Մաղաքյան…

10269588_739180006104591_1837570561587703404_nԳերմանացիների կողմից գերեվարված թովուզցի Անանիա Խաչատրյանի պատմությունները թե իր գերության, թե ռազմի դաշտից չափազանց հուզիչ էին: Պատերազմի դառնությունները ճաշակած տավուշցի Անանիա Խաչատրյանը լավ գիտեր հայրենիքի պաշտպանության գինը, գուցե դա էր պատճառը, որ Անդրանիկի նկարը բարձի տակ էր քնում` թոռներին ներկայացնելով մեծ հայդուկապետի դերը ազատագրական պայքարում: Ինչ վերաբերում է Մեծ հայրենականին, ապա շատերը զոհվեցին, ոմանք անհայտ կորան, չվերադարձան հայրենի գյուղ, շատերն էլ հաշմանդամ վերադարձան:

Թշնամու արկը Շամիր Իսրայելյանին վնասել, բայց ընկճել չի հաջողել: Ռազմաճակատում թովուզցի զինվորի ուշքն ու միտքը հաղթանակն էին : <<Ակրիվայ ագոն, դո ատկազա դավայ>>,-ռուսերեն հուշերով է մեծ հաղթանակի 69-ամյակը դիմավորում թովուզցի վետերան Շամիր Իսրայելյանը:

10171213_739179919437933_3493359964295784348_n Պատերազմի վկայությունները վետերանների հուշերում են: Սարգիս Դարբինյանը հիշում էր. << Բեռլինի փողոցներում կարմիր դրոշներով մեքնենաների բեռնախցիկներում շրջել ենք, որ գերմանացիք հասկանան` ինչ է նշանակում պա-տե-րազմ>>:  Գյուղի Մեծ հայրենականի հուշարձանի բակը զարդարում է մարշալ Բաղրամյանի տնկած կաղնին: Հովհաննես Բաղրամյանին դիմավորել են Թովուզ-Բերդ խճուղում շարքով-կարգով կանգնած դպրոցականները: Սա հիշում են, բայց թե  Թովուզի հուշարձանի կաղնին տնկելուց հետո մարշալը վետերաններից  որ մեկի ձեռքն է սեղմել, դեռ ճշտում են…Տավուշը Մեծ հայրենականին

Դասալքության մեղադրանքով հետախուզվող` Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

ձերբակալվել էՄայիսի 8-ին, ժամը 20.30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1989 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը 2013 թ. մայիսի 22-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Գևորգ Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին:

Լուսնի գաղութացումը կսկսվի 2030 թվականին

SUV_0387Ռուսական լուսնային նախագծի հայեցակարգի համատեղ ծրագիրը, որը մշակել են  «Ռոսկոսմոս»-ը և Մոսկվայի պետական համալսարանը, մտադիր է սկսել Լուսնի գաղութացումը 2030 թվականին: Այս մասին հայտնում է «Известия»-ն` հղում անելով ծրագրի հեղինակների պաշտոնական հաղորդագրությանը:

՛՛Լուսինը տիեզերական օբյեկտ է, որ ապագայում Երկրի քաղաքակրթությունը պետք է յուրացնի, և 21-րդ դարում արդեն կսկսվի աշխարհաքաղաքական մրցակցությունը Լուսնի բնական պաշարների համար՛՛,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այդ հայեցակարգը ենթադրում է Լուսնի վրա փորձարարական կայանների և օգտակար հանածոների արդյունահանման բազայի ստեղծում: Պարբերականը տեղեկացնում է,  որ նախագծի արժեքը դեռևս ամբողջովին չի հաշվվել: Հայտնի է միայն , որ աշխատանքների առաջին փուլում կծախսվի 28,5 միլիարդ ռուբլի: Մասնագետների կարծիքով, այնուամենայնիվ, այդ պրոյեկտը չի ֆինանսավորվի կառավարության կողմից:

Սա ռուսական տիեզերական կազմակերպության միակ նախագիծը չէ: Արդեն պլանավորվում է նաև Մարսի գաղութացումը, երկնաքարերից օգտակար հանածոների արդյունահանումը և նման այլ նախագծեր:

 

Դրամապանակի գողը հայտնաբերվել է

ձերբակալությունԱպրիլի 23-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացուհու դրամապանակը գողանալու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում` բերման է ենթարկվել 2 անձ: Պարզվել է, որ գողությունը կատարել է 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ն:
Կատարվում է նախաքննություն:

 

44-ամյա կինն ու 4-րդ դասարանի աշակերտուհին վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

վրաերթՄայիսի 8-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ և 4-րդ դասարանի աշակերտուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին

002 - CopyՀայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձի կապակցությամբ, ավանդույթի համաձայն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և կառավարության այլ անդամները, բարձրաստիճան սպաների ու պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, այցելել են «Հաղթանակ»  զբոսայգի: Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել Անմար կրակին, նաև մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մարտիկների  հիշատակին: Հաղթանակի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման պաշտոնական մասն ավարտվել է զինվորական հանդիսավոր շքերթով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև այս օրը ավանդաբար կազմակերպվող զինվորական վրանային խոհանոց, որտեղ պատերազմի մասնակից վետերանների հետ կիսել է խորհրդանշական 100 գրամն ու զինվորական հացը: Այնուհետ Երևանի քաղաքապետը շրջել է «Հաղթանակ» զբոսայգում, շնորհավորել վետերաններին, ովքեր իրենց հերթին շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ հոգածության ու ցուցաբերվող մշտական աջակցության համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

«Մերսեդես» մակնիշի բեռնատարը Արտենի-Քարակերտ ճանապարհին վթարի է ենթարկվել

ավտոպատահարՄայիսի 8-ին, ժամը 08.00-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վրաստանի քաղաքացի, 1966 թ. ծնված Ամիրան Ֆ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արտենի-Քարակերտ ճանապարհին կողաշրջվել է: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Դոնեցկի իշխանությունները հայտարարել են, որ չեն կարողանա խոչընդոտել հանրաքվեի անցկացմանը

donԴոնեցկի քաղաքապետարանում հայտնել են, որ Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության կողմնակիցներին քվեարկություն անցկացնելու համար տարածք չեն տրամադրել: Սակայն, քաղաքային ադմինիստրացիայում խոստովանել են, որ իրենք բավականաչափ ուժ չունեն, որ խոչընդոտեն “ֆեդերալիստներին”:

Դոնեցկի ադմինիստրացիան դպրոցներ ուղերձ է հղել, որում նշվում է, որ եթե ակտիվիստները ցանկանան քվեարկություն անցկացնել ուսումնական հաստատություններում, ապա նրանց պետք չէ դիմադրել: Ընդ որում, դպրոցների տնօրենները պետք է նման միջադեպերի մասին տեղեկացնեն կրթության շրջանային բաժին, որոնք էլ իրենց հերթին, կդիմեն միլիցիա ու դատախազություն, հաղորդում է “Ինտերֆաքսը”:

Քաղսովետում խոստովանել են, որ “դպրոցների պաշտպանության համար համապատասխան ուժեր չունեն”, դրա համար էլ չեն կարողանա աշխարհազորայիններին խանգարել մայիսի 11-ին տարածաշրջանում հանրաքվե անցկացնել:

Անկախ

Անվանի արվեստագետ Կոնստանտին Օրբելյանի հուղարկավորությունը կկայանա մայիսի 11-ին

կոնստանտին օրբելյանՎարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:
Նիստում որոշվել է, որ մեծ արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 12:00-14:00-ը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, հուղարկավորությունը` նույն օրը, Կոմիտասի անվան պանթեոնում: Ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանն իր մահկանացուն կնքել է 2014 թ. ապրիլի 24-ին կյանքի 86-րդ տարում:

 

ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին, վարորդն ու 2 ուղևորները մահացել են

ավտովթարՄայիսի 9-ին, ժամը 00.01-ի սահմաններում, 1980 թ. ծնված Արա Մրյանի վարած «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում` Մաստարա գյուղի տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները /տվյալները պարզվում են/ տեղում մահացել են, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցում է տոնական միջոցառումներին

սերժ սարգսյանԱշխատանքային այցով այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Հաղթանակի տոնի 69-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

ԱՄՆ կոնգրեսական. ուկրաինական ճգնաժամն օրինական նախագահին հանելու հետևանք է

04563671-2fd8-4955-870a-cb586cd105c0Կալիֆոռնիա  նահանգից հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դանա Ռոերբաքերը Ուկրաինայում տիրող իրավիճակի  մասին լսումների ժամանակ այն կարծիքն  է հայտնել, որ Ուկրաինական ճգնաժամը նախագահին պաշտոնից հեացնելու հետևանք է: Նրա խոսքերի համաձայն, Ռուսաստանի գործողությունները ոչ մի կերպ կապված չեն ճգնաժամի առաջացման հետ: «Երբ է առաջացել ճգնաժամը: Այն սկսվել է այն բանից հետո, երբ օրինական ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչին հանեցին իր զբաղեցրած պաշտոնից` փողոցային բռնությամբ; Այն ժամանակ էլ սկսվեց քաոսը»,-բացատրել է  նա: Բռնությունն Ուկրաինայում սկսվեց այն ժամանակ, երբ Յանուկովիչը որոշեց տնտեսական համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ, կարծում է Ռոերբաքերը:  Մինչդեռ, ԱՄՆ-ը չպիտի խառնվի այդ կոնֆլիկտին ու հարկատուների գումարը ծախսի` Ուկրաինային օգնելու համար:

Նա նաև մի շարք անհարմար հարցեր է տվել Եվրոպայի ու Եվրասիայի գործերով պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդին` Կիևի «Աջ սեկտորի» անկարգություններին մասնակցության վերաբերյալ: Նուլանդը նշել է, որ մայդանի մասնակիցները «խաղաղ ցուցարարներ» են եղել: Սակայն, կոնգրեսականի այն պնդմանը, որ «խաղաղ ցուցարարները» կրակել են միլիցիայի վրա ու «Մոլոտովի կոկտեյլներ» նետել, Նուլանդը հավելել է, որ մայդանում քաղաքական բոլոր խմբերն են եղել, այդ թվում նաև` «զզվելիները»: Այդպիսով, Ռոերբեքերը եզրակացրել է, որ «Աջ սեկտորը» նույնպես կապ ունի անկարգությունների հետ:

Անկախ

Ուխտագնացություն 20 տարի անց

ուխտագնացություն (2)1994 թ. ապրիլ 21-ին Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մատույցներում շրջափակման մեջ հայտնվեց մայրաքաղաքի Շենգավիթի շրջանի «Մուշ» ջոկատի 272 ազատամարտիկ: Թեև վիրավոր` շատերը դուրս եկան շրջափակումից: Իսկ 14-ն այդպես էլ մնացին մահվան ճիրաններում:

Իրականում ի՞նչ կատարվեց այդ չարաբաստիկ օրը, և որն էր զոհված տղաների հետքերով 20 տարի անց ուխտագնացության մեկնելու շարժառիթը, որը նախաձեռնել էին նրանց մարտական ընկերները` շրջանի թաղապետը, համայնքի երկրապահի նախագահը և հրամանատարը: Ուստի, վերջինիս հետ իմ հանդիպումը, կարծում եմ, միանգամայն արդարացված է:

Նպատակը մեկն էր. 20 տարին, նաև մարտական ընկերների հիշատակը հավերժացնող մի խաչքար դնել շրջկենտրոնի ֆիդայիների այգում, որի հարևանությամբ նաև Մարտակերտի ահեղ մարտերում նահատակվածների հիշատակին կառուցված հուշակոթողն ու թանգարանն են:

Շարժման առաջին օրից տարբեր մարտերի մասնակցած «Մուշ» ջոկատն իր 272 մարտիկներով 1994 թ. հունվարին կրկին Արցախում էր: Այս անգամ նրանց կցեցին Շուշիի բրիգադին, ու ջոկատն ինքնըստինքյան գումարտակ դարձավ, որն իր առջև դրված բոլոր խնդիրները միշտ էլ պատշաճ կատարեց` հրամանատար Մուշեղ Ղազարյանին հպարտանալու բազմաթիվ առիթներ տալով: «Գումարտակը եղել է Արցախի սիրտը, միշտ իր դիրքերում, նահանջ չի ունեցել, մի սանտիմետր հող չի տվել: Բայց 1994 թ. ապրիլի 10-ի մարտական գործողության ընթացքում առաջին վիրավորն ունեցանք: 11 օր ջոկատը պատերազմական թեժ գործողությունների մեջ եղավ, որի հետևանքով զոհերի թիվը 16-ի հասավ»,- խոստովանում է հրամանատարը:

Որպեսզի գնդապետ հրամանատարի պատմությունն առավել պատկերավոր լինի, մի պահ կտրվենք նրա խոսքից և վերհիշենք մինչ այդ Կարմիրավանի գլխով անցածը, քանզի մարտական թեժ գործողությունները հենց այստեղ են ընթացել:

ԿԱՐՄԻՐԱՎԱՆ

Մարտակերտից 14 կմ հեռավորության վրա գտնվող գյուղի դիրքը հարթավայրային էր, գյուղ, որ 1989 թ. ուներ 518 բնակիչ: Կոլտնտեսությունը կազմավորվել է 1930 թ.: 1950-ին միավորվել է Սեյսուլանի կոլտնտեսությանը, իսկ 1964 թ.` Մարտակերտի պետական տնտեսությանը: Մասնագիտացված էր խաղողագործության և անասնապահության ոլորտներում:

Կարմիրավանը, Լենինավանը, Մարաղան, Այգեստանը (Չայլու) հարևան գյուղեր էին, և, ցավոք, պատերազմի ժամանակ գրեթե նույն ճակատագրին արժանացան: Երբ 1992 թ. հունիսի 16-ին դատարկվեց Այգեստանը, մահվան օղակում կրկին հայտնվեց Մարաղան, իսկ հունիսի 28-29-ին արդեն ընկան Լենինավանն ու Կարմիրավանը:

Ուրեմն, գումարտակը պիտի հետ վերադարձներ կորցրածը… «Առաջադրանքն այն էր, որ մենք հնարավորինս վերցնենք մեր հողերից. խրամատավորվենք, դիրքավորվենք և պաշտպանության անցնենք: Իսկ մեր 14 զոհված ընկերները Շուշվա բրիգադի հետախուզական վաշտի մեջ էին, որի ղեկավարը նույն բրիգադի հրամանատարն էր: Նրանց 1994թ. ապրիլի 20-ին իրականացրած հետախուզությունը պարզել էր, որ մեր դիմացն ազատ է, թուրքեր չկան, հենց այդպես էլ զեկուցել էին, որ թուրքերը միայն պահակակետերում են: Այդպես ինձ զեկուցեց նաև իմ հետախույզ Վահագն Վարդևանյանը, թե իրականում առջևում դատարկություն է, ոչ ոք չկա: Բայց երեկոյան թուրք ասկյարները մոտավորապես 3 հազար մոջահեդ վարձկան դեսանտ իջեցրին»,- ասում է հրամանատարը` այսօր արդեն մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների վարչության պետը:

Դեսանտ իջեցրին, երբ միակ հարվածային ուժը Շենգավիթի տղաներն էին, որոնք, կռիվ տալով, դիրքավորվում էին, թեև նրանց էին կցել նաև Սովետական շրջանի գումարտակը, որը դեպի Մարտունի ձգվող թևն էր պահում: «Մենք միշտ խրամատավորվել ենք, որովհետև դա շատ ճիշտ է, հակառակ դեպքում մեր զոհերն ավելի շատ կլինեին»,- վստահեցնում է հրամանատարն ու հիշեցնում 1992 թ. «Արաբո» ջոկատի Կարմիրավանում տված 70 զոհերի մասին:

ԿՌԻՎԸ ԹԵԺԱՑԱՎ ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ

ուխտագնացություն (1)1994 թ.ապրիլի 21-ի առավոտյան ժամը 4-անց 20 րոպե սկսվեց հակառակորդի հարձակումը շենգավիթցիների կողմից պահվող 3 կմ ձգվող դիրքերի վրա: 25-30 մետրի վրա խրամատավորված պահակակետեր էին, որոնք տղաները փորել էին ընդամենը 4 ժամում: Դժվար է չհավատալ հրամանատարին, որ եթե խրամատավորված չլինեին` զոհերն ավելի շատ կլինեին, քանզի ուժային հարաբերակցությունն ակնհայտ էր: Այնուհանդերձ, գումարտակը չնահանջեց: Իսկ Կարմիրավանի «չանի բոչկաների» ուղղությամբ հետախուզման գնացած 14 տղաները հակառակորդի հարձակման ժամանակ ուղղակի չկարողացան հետադարձ ճանապարհն անցնել ու հասնել գումարտակին: Հետդարձի ճանապարհն արդեն փակ էր: Տղաներն իրենց վերջին մարտը տվեցին: Անձնվիրաբար կռվեցին, մինչև պարպվեց վերջին փամփուշտը:

Մինչ այդ հետախույզ տղաները տեղեկացրել էին, որ գումարտակը մոջահեդների շրջափակման մեջ է հայտնվել: Այդ մասին իր մոտ եղած ռադիոկապով նույնիսկ Վահագն Վարդևանյանն է հայտնել հրամանատարին: «Տանկերը եկան ու բարձրացան մեր պահակակետերի դիրքերի վրա: Նման բան միայն ֆաշիստական ֆիլմերում էինք տեսել, թե ինչպես է տանկը խրամատի վրա բարձրանում, պտտվում, խրամատը հողին հավասարեցնելով` առաջ շարժվում: Անգամ նման իրավիճակում մենք առանց խուճապի, նահանջի պահել ենք մեր դիրքերը»,- ոչ այն է հպարտությամբ, ոչ այն է ցավով նշում է գնդապետը, որովհետև վերջնարդյունքում 76 վիրավոր տվեցին, այդ թվում նաև հրամանատարը, և 14 զոհ, որոնց մեջ էին նաև հրամանատարի մանկության ընկերներն ու բարեկամը: Բայց գումարտակն էլ իր հերթին գերիներ, վիրավորներ և դիակներ վերցրեց փոխանակումների համար:

Այյս ամենից հետո չես կարող չհամաձայնել նախաձեռնության հեղինակների այն մտքին, որ Մարտակերտում խաչքար տեղադրելու նպատակը ոչ միայն մարտական ընկերների հիշատակի հավերժացումն է, այլև եկող սերունդներին զգոն պահելը: Իսկ արդյունքը երկար սպասեցնել չտվեց: Օրեր անց` ապրիլի 24-ին, խաչքարի մոտ հանդիսավոր մոմավառության եղավ:

Ի՞ՆՉ ՏԵՍԱՎ ՈՒ ԶԳԱՑ ՄՈՐ ՍԻՐՏԸ

Տիկին Լալան ուխտագնացության մեկնած միակ մայրն էր: Իհարկե, ոչ այն պատճառով, որ մյուսները չէին ցանկացել. արդեն կենդանի չէին: Ասենք, ի՞նչ մայր լիներ, որ առողջություն ունենար ու դիմանար: Փոխարենը` հայրերը, կանայք ու զավակներն էին գնացել: Իսկ Տիկին Լալան էլ, ինչպես ասում են, մեռնելով գնացել ու արդեն 10 օր է, ինչ գամվել է անկողնուն, խելքի չի գալիս: Թեև առաջին անգամ չէր Արցախում, բայց անչափ հուզված էր, այն աստիճան, որ երբ սահմանամերձ N զորամաս գնացին, որտեղ ժամանակին վրաններում մնացել էին տղաները, ուխտ էր արել մի բուռ հող բերել ու խառնել որդու շիրիմին: Նրանք երկար ու լուռ հեռվից դիտեցին տղաների «մարտադաշտը», զննեցին շրջապատը, հիշողությունների գիրկն ընկան: Տիկին Լալան ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ սահմանապահ 60 զինվորներին թաղապետի կողմից տրամադրված անհրաժեշտ պարագաներով նվերների փաթեթը հանձնելու պահը եկավ: Զորամասին էլ հեռուստացույց նվիրեցին:

Իսկ երբ էջմիածնեցի զինվորին մայրաբար համբուրելով, բարի ծառայություն մաղթելով հանձնեց փաթեթը, ասես որդու ջերմությունը զգաց, կրկին շփոթվեց` մոռանալով իր ուխտի մասին:

Թեև մոր վիշտը թարմացավ, կրկին վերապրեց 88-ից Արցախյան հողում կռիվ տվող Արմեն որդու կորստի վիշտը, բայց լավ էր,որ այստեղ շատերն իմացան ապրիլյան այս պատմության մասին: Պարզվեց, որ անտեղյակներն էլ քիչ չէին, այն էլ` Մարտակերտի զոհված ազատամարտիկների թանգարանում, որի հարևանությամբ տեղադրվեց խաչքարը: Ուխտագնացները թանգարանում 14 զոհերի լուսանկարները չտեսան, պատմությանն այստեղ տեղյակ չէին:
Կարևորը` խոստացան կարճ ժամանակում բացը լրացնել:

Իսկ ԼՂՀ ՊՆ նախարարը տիկին Լալային պատվոգիր, իսկ 13 զոհերի հայրերին, հարազատներին անվանական ժամացույցներ հանձնեց: Չմերժվեց նաև ուխտագնացների` N զորամասի մի քանի զինվորի արձակուրդ ուղարկելու խնդրանքը: Գուցե այդ երեք զինվորն արդեն կարճատև հանգստի են մեկնել:

1999 թ. Արմեն Հովհաննիսյանի և Վահագն Վարդևանյանի դպրոցները հերոս զինվորների անուններով են անվանակոչվել: Թաղապետ Արմեն Սարգսյանն էլ պատվախնդիր է առաջիկայում Արշակ Ղամբարյանի դպրոցն ազատամարտիկի անունով անվանակոչելուն:

1994 թ. ապրիլյան այս իրադարձությունից օրեր անց` մայիսի 12-ին, հրադադար կնքվեց, որով մեր Արցախ աշխարհի բազմաթիվ բեկորներ մնացին շան բերանում…

 

 

Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթուղին աշնանը շահագործման կհանձնվի

 Իրան-Թուրքմենստան-ՂազախստանԻրանի ճանապարհաշինության նախարար Աբաս Ախունդին, Գորգան կատարած այցի ժամանակ, ասել է, որ Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթուղով բեռնափոխադրումները կսկսվեն այս տարվա աշնանը:

Նա հավելել է, որ Իրանի երկաթուղու գործադիր տնօրենն այժմ բանակցում է Ղազախստանի երկաթուղային գերատեսչության ղեկավարության հետ:

«Երկաթուղին, որը երեք երկիր է իրար կապում, կառուցվում է Կենտրոնական Ասիայից դեպի հարավ տարանցիկ բեռներ փոխադրելու նպատակով:

Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթուղու երկարությունը 960 կմ է: Այն սկսվում է Իրանի Գորգան քաղաքից և ավարտվում է Ղազախստանի Ուզեն քաղաքում»,- ասել է նախարարը:

Աբաս Ախունդին ընդգծել է, որ  այդ երկաթուղու շահագործումը կնպաստի, որպեսզի կտրուկ աճի այդ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը: Նա հավելել է, որ 2012 թվականին այն կազմել է 1,2 մլրդ դոլար, սակայն պլանավորված է այս ցուցանիշը հասցնել տարեկան մինչև 5 մլրդ դոլարի:

Ենթադրվում է, որ Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթուղին պետք է հանդիսանա Եվրոպան ու Ասիան միմյանց կապող կամուրջ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Կաննի 67-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում իրանցի դերասանուհի կընդգրկվի

 Լեյլա ՀաթամիԻրանցի դերասանուհի Լեյլա Հաթամին ընդգրկվել է մայիսի 14-25-ը Ֆրանսիայի  Կանն քաղաքում կայանալիք 67-րդ միջազգային կինոփառատոնի  մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում:

2012-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի օսկարակիր «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմի դերասանուհի Լեյլա Հաթամին արդեն երկրորդ անգամ է  Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխության հանձնաժողովի կազմում:

Հետաքրքիր է, որ 2011-ին այս ֆիլմը մրցանակի է արժանացել Բեռլինի կինոփառատոնում ու երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնում, 2012-ին` «Ոսկե գլոբուս» և «Սեզար» կինոփառատոններում` որպես լավագույն օտարալեզու ֆիլմ:

67-րդ կինոփառատոնի  մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահն է 1993-ի  Կաննի փառատոնի «Ոսկե արմավենի»  մրցանակի տրակալ, ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը:

Կաննի  ամենամյա կինոփառատոնի հաղթողին կընտրեն ռեժիսորներ` Սոֆիա Կոպպոլան և Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը, դերասաններ` Կարոլ Բուկեն, Վիլիամ Դեֆոն , Գաել Գարսիա Բերնալը:

 Ջեյն Քեմփիոնի գլխավորած հանձնաժողովի կազմում են նաև հարավկորեացի դերասանուհի Չոն Դոննը, չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեն և, ինչպես նշվեց, իրանցի դերասանուհի Լեյլա Հաթամին:

Ուշագրավ է, որ Կաննի կինոփառատոնն այս տարի կմեկնարկի Ֆրանսիացի կինոռեժիսոր Օլիվյե Դաանի «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմի ցուցադրությամբ: Կինոնկարը հանդիսականներին կներկայացվի արտամրցութային կարգով:

Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

 Անկախ

20-ամյա հրադադար. Ժամանակն ինքնաբերաբար մեր օգտին է աշխատում, բայց մենք չենք կարողանում ժամանակն աշխատեցնել մեր օգտին

Vazgen_Manukyan1994 թ. մայիսի 9-11-ը Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրեցին անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որով վերջ դրվեց ակտիվ ռազմական գործողություններին: Մի քանի օրից կլրանա հրադադարի կնքման 20-ամյակը: Հարց է առաջանում, թե ինչ ենք շահել ու ինչ կորցրել այս 20 տարիների ընթացքում:
Այս թեմայով «Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ առաջին վարչապետ, 1992-ին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի հետ:

– Պարոն Մանուկյան, շատ է խոսվում, որ 1994-ի մայիսի զինադադարը շահեկան էր Ադրբեջանի, բայց ոչ Հայաստանի համար: Ձեր տեսակետն ինչպիսի՞ն է:

– Զինադադարը չի լինում հավասար պայմաններում, միշտ մեկը հաղթող է լինում, մյուսը` պարտվող, և զինադադար է կնքվում: Այդ առումով հայկական բանակը հաղթող կողմ էր, այսինքն` կարող էր շարունակել գնալ առաջ, բայց Բաքու հասնել չէր կարող: Այսինքն` Բաքվում կապիտուլյացիայի ստորագրում չէր կարող լինել:
Իհարկե, կարելի էր առաջ գնալ, բայց ի՞նչ գնով. հազարավոր երիտասարդների կորուստների գնով: Այդ տեսանկյունից կարծում եմ, որ զինադադարը ձեռնտու էր Ադրբեջանին, որը կոտրված վիճակում էր: Բայց բավական ձեռնտու էր նաև մեզ:

– 1998-ից ԼՂՀ-ն` որպես կողմ, չի մասնակցում բանակցություններին: Ինչո՞ւ այսպես ստացվեց: Ո՞ւմ էր ձեռնտու բանակցություններից ԼՂՀ-ի դուրս մնալը:

– Դա բարդ հարց է: Նախ` պետք է հասկանալ, թե «Ղարաբաղ» կոմիտեն ինչ քաղաքականություն էր վարում: Ղարաբաղյան շարժումն ամբողջ աշխարհի հայության համար ազատագրական պայքարի, ազգային արդարության վերականգնման հարց էր: Դա առաջացնում էր մեծ լիցք, ինչը հնարավորություն էր տալիս դիմանալու դժվարություններին, պատերազմելու, հաղթելու: Բայց քաղաքական տեսանկյունից ողջ աշխարհին ներկայացվում էր, որ դա ժողովուրդների ինքնորոշման հարց է, Ղարաբաղը հիմնվում է ազգերի ինքնորոշման վրա և ազատագրվում է Ադրբեջանից: Այդ պատճառով միշտ աշխատել ենք Ղարաբաղի հարցն առանձին ներկայացնել, ասել ենք, որ դա Ղարաբաղի հայության հարցն է, մենք օգնում ենք նրանց: Թվում է, թե ազգային մտածողության ու քաղաքականության մեջ հակասություն կա, բայց իրականում չկա:
Մեծ վեճեր կային այն ժամանակ` վերամիավորել Ղարաբաղը Հայաստանին, թե ոչ: Ե՛վ ես, և՛ Ղարաբաղ կոմիտեն և՛ շատ գործիչներ կարծում էինք, որ ճիշտ չէ վերամիավորելը, քանի որ այդ դեպքում կորցնում ես ինքնորոշման սկզբունքը և աշխարհի առջև կարող ես հանդես գալ ուղղակի որպես անեքսիայի ենթարկող, ինչը վտանգավոր էր: Մենք այն ուժը չունենք, որ ձեռնոց նետենք ամբողջ աշխարհին: Եվ բնական է, որ անընդհատ ձգտում էինք, որ բանակցող կողմը լինի Ղարաբաղը, իսկ մենք` միայն աջակցողը: Ադրբեջանը հասկանում էր, որ եթե Ղարաբաղն առանձին կողմ լինի, նույնն է, թե գործնականում ընդունի Ղարաբաղի անկախությունը: Անընդհատ այդ կռիվն ու վեճը եղել է, բայց մեզ միշտ հաջողվել է Ղարաբաղը որպես առանձին բանակցող կողմ ներկայացնել:
Վիճակը փոխվեց 1998-ին: Նախ` ճնշումները շատ էին, ոչ մեկը չէր ուզում ընդունել, որ Ղարաբաղն առանձին կողմ է: Մյուս կողմից էլ, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ, մինչ այդ էլ ԼՂՀ նախագահն էր, սկսեց ընկալվել, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է և՛ ՀՀ-ն, և՛ ԼՂՀ-ն, որը ճիշտ մոտեցում չէր: Հիմա, եթե այդպես չլիներ, մենք շարունակեինք Ղարաբաղին որպես առանձին կողմ ներկայացնել, մենք ավելի շահեկան վիճակում կլինեի՞նք: Կարծում եմ, որ ոչ: Քաղաքական տեսանկյունից ճիշտ է, որ Ղարաբաղն առանձին կողմ լինի, բայց դա չէ հարցի լուծումը: Դա ավելի շատ հարցի լուծման ցուցանիշ է:
Այս առումով հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ չենք ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Այս վիճաբանությունը միշտ էլ եղել է. ընդունե՞լ Ղարաբաղի անկախությունը, թե՞ ոչ: Հարց այն չէ, որ ոմանք շատ ազգային են, ոմանք էլ` ոչ: Խոսքն ընդամենն այն մասին է, թե որն է քաղաքական տեսանկյունից ավելի նպատակահարմար: Կարծում եմ` ներկա վիճակում ընդունել Ղարաբաղի անկախությունը նշանակում է բանակցությունները չեղյալ հայտարարել և դիմացինին դրդել պատերազմի: Կարծում եմ` այս դանդաղ ընթացքը, երբ տարբեր երկրներ ու նահանգներ ընդունում են Ղարաբաղի անկախությունը, ավելի ճիշտ մոտեցում է, քան թե ՀՀ-ն ընդուներ անկախությունը:
Վերադառնալով բուն հարցին, այո, մեզ իսկապես ձեռնտու կլինի, եթե Ղարաբաղն ընկալվի որպես բանակցող կողմ, այդ դեպքում կարելի է համարել, որ Ղարաբաղի հարցն արդեն լուծված է:

– Հիմա փորձ է արվում Ղարաբաղին նորից բանակցություններում ընդգրկել որպես կողմ: Կարծում եք դա իրատեսակա՞ն է
– Կարծում եմ, որ ճիշտ է այդ ուղղությամբ գնալը:

– Խոսում ենք հրադադարի մասին, սակայն գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը կրակում է թե՛ հայկական դիրքերի, թե՛ խաղաղ բնակիչների ուղղությամբ: Նման պարագայում որքանո՞վ է տեղին խոսել հրադադարի մասին, թե՞ դե ֆակտո պատերազմի վիճակում ենք:

– Մենք չավարտված պատերազմի վիճակում ենք, երբ հրադադարի համաձայնություն է կնքվել: Հրադադարի հակառակը մեկ-մեկ իրար վրա կրակելը չէ, այլ բանակներով պատերազմելն է: Փառք Աստծո, մենք հիմա նման վիճակում չենք: Շատ ցավալի է ցանկացած երիտասարդի և մարդու մահը սահմանին, բայց դա զինադադար է: Մենք իսկապես ուժեղ ենք, բայց պատերազմ ոչ ոք չի ցանկանում: Ուրիշ բան, երբ քեզ պատերազմ են հայտարարում, պետք է հաղթես, մենք այդպես էլ արեցինք:

– Պարոն Մանուկյան, իսկ ըստ Ձեզ, այս տարիների ընթացքում կողմերից յուրաքանչյուրն ի՞նչ է շահել ու ի՞նչ կորցրել:

– Զինադադարը հանգեցրեց նրան, որ ամեն մեկը փորձեց ամրացնել բանակը և զարգացնել պետությունը: Բանակի ամրացում և՛ նրանք արեցին, և՛ Հայաստանն արեց: Նրանք ֆինանսական տեսանկյունից նոր տեխնիկա ձեռք բերելու ավելի շատ հնարավորություններ ունեին, բայց պատերազմում միայն տեխնիկան չէ որոշիչը: Կարծում եմ, որ հավասարակշռությունը չի փոխվել հօգուտ նրանց:
Ինչ վերաբերում է տնտեսությանը, Ադրբեջանը սկսեց օգտագործել իր նավթը, դաշնակից լինելը Վրաստանի և Թուրքիայի հետ, որն իրենց ուժեղացրեց, բայց կառավարման տեսանկյունից թուլացավ` դառնալով արևելյան միապետություն` դեմոկրատիայի շղարշով:
Հայաստանն ավելի լուրջ քայլեր արեց դեպի ժողովրդավարություն, բայց չեմ կարծում, որ Հայաստանն արդեն կարելի է անվանել լրիվ ժողովրդավարական երկիր: Մենք խնդիր ունենք, քանի որ ոչ մի ընտրության հետ հասարակությունը համաձայն չի եղել: Չնայած վերջին տարիներին քաղաքացիական հասարակությունը մի քանի հաղթանակներ տարել է, բայց շատ ու շատ հեռու ենք այն իրավիճակից, որ ասենք քաղաքացիական հասարակություն ունեցող ժողովրդավարական երկիր ենք:
Տնտեսական առումով ներքին ռեսուրսները լավ չենք օգտագործել և շատ թույլ ենք օգտագործել Սփյուռքի գոյությունը: Սփյուռք-Հայաստան համագործակցության հիմնական պոտենցիալն օգտագործված չէ:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը և զինադադարը պահպանելու ջանքերը որքանո՞վ եք հաջողված համարում:

– Կարծում եմ, որ շատ կարևոր առաքելություն է, որովհետև կարևոր է բանակցելով հետաձգել պատերազմը: Պատկերացրեք, եթե Մինսկի խումբը չզբաղվեր հարցով ու բանակցություններ չնախաձեռներ, թշնամական լռություն կտիրեր, որը մի օր անպայման կխախտվեր, բնականաբար` Ադրբեջանի կողմից: Գուցե և բանակցությունները շոշափելի արդյունք չեն բերել, բայց կարևորագույն առաքելությունն այն է, որ երբ բանակցության փուլում ենք, դրանով հետաձգվում է պատերազմը, իսկ եթե այն հետաձգվում է 20-40 տարի, դրանից հետո ոչ մեկն էլ պատերազմ չի սկսի:

– Որքանո՞վ է իրատեսական ԼՂ հակամարտության լուծումը առաջիկա տարիներին: Ըստ Ձեզ` ինչպե՞ս է հնարավոր դրան հասնել:

– Արդեն տասնյակ տարիներ Ղարաբաղն ապրում է որպես անկախ պետություն, այնտեղ սերնդափոխություն է տեղի ունեցել: Ներկայիս իշխանությունը վարողները նույնիսկ չեն հիշում, թե երբ է Ղարաբաղը ոչ անկախ եղել, արդեն անբնական կլինի գրչի ստորագրությամբ Ղարաբաղին զրկել անկախությունից, իրենք էլ չեն համաձայնի դրա հետ:
Բացի այդ, ԼՂՀ-ն ավելի ժողովրդավարական պետություն է, քան թե Ադրբեջանը, դա ցանկացած եվրոպացի էլ տեսնում է: Նեղ խոսակցությունների մեջ բոլորն էլ հասկանում են, որ հարցը լուծված է. պետք է այնպես անել, որ պատերազմ չլինի, այլ բան է փախստականների հարցը, սահմանների հստակեցումը, դրանք բանակցությունների հարց են:
Ժամանակը խնդիրը մաշելու հատկություն ունի, այդ առումով ժամանակն աշխատում է հօգուտ մեզ: Ուրիշ բան, թե մենք ինչպես ենք օգտագործում ժամանակը: Մեր ռազմաճակատը պետք է դառնար տնտեսությունը, մեծ քայլեր պետք է անեինք, նորմալ պետություն կառուցեինք: Այդտեղ ժամանակը հօգուտ մեզ չի աշխատում: Այո, զարգացումներ կան, բայց համեմատելի չեն հնարավորությունների հետ, որ ունեինք ու կարող էինք օգտագործել: Ու որքան էլ հարցը մաշվի, եթե լինես թույլ պետություն, իսկ դիմացինդ` հզոր ու ֆինանսական հնարավորություններ ունեցող, պարզ է` կփորձի այն հօգուտ իրեն լուծել:
Ստացվում է` ժամանակն ինքնաբերաբար մեր օգտին է աշխատում, բայց մենք չենք կարողանում ժամանակն աշխատեցնել մեր օգտին: Նշածս առումով: Մեր սխալը դա է: Եվ միայն նավթի հարցը չէ: Մենք զարգանալու հսկայական հնարավորություններ ունենք, որոնք բացարձակապես չեն օգտագործվել: