Հոլանդիայի մինչև 16 տարեկան շախմատիստների չեմպիոնի կոչումը նվաճեց Ալիկ Տիգրանյանը: Սնեկ քաղաքում անցկացված առաջնությունում նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և արժանացավ առաջին մրցանակին:
Daily Archives: May 13, 2013
Տաթև Աբրահամյանը 3-րդ տեղում է
Սենթ Լուիսում կայացած շախմատի ԱՄՆ-ի առաջնությունում Տաթև Աբրահամայանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և երրորդն է: Առաջինը Իրինա Կրաշն է` 8 միավոր: Աննա Զատոշկինը կես միավոր պակաս ունի:
Տղամարդկանց մրցաշարում Վարուժան Հակոբյանը 9 հնարավորից հավաքեց 5 միավոր և հանգրվանեց 11-րդ հորիզոնականում: Առաջին երեք տեղերում են` Գատա Կամսկին (6,5 միավոր), Ալեսանդրո Ռամիրեսը (6,5) եւ Ալեքսանդր Օնիշուկը (6):
Յանցզի գետի վրա նավաբեկության պատճառով չինական խանութներում սպառվել է խմելու ջուրը
Քաղաքային խանութներում սպառվել է խմելու ջուրը: Իչժեն քաղաքի խանութներում ջրի սպառման պատճառը Յանցզի գետում կատարված վթարն է. բեռնատարը բախվել է կամրջի հենքին: Նավը տեղափոխում էր 12 500 տ կավաքար:
Բնակչությունը լրջորեն մտահոգված է ջրի թունավորման հավանականության պատճառով: Դա էլ բնակիչներին մղել է խմելու ջրի պաշարներ կուտակելու:
«Մեզ շատ ունե՞նք, որ ուրիշներին եք տալիս…»
Հետաքրքիր մի երևույթ կա Հայաստանում. իշխանությունները մեկ–մեկ այնպիսի գործողություն են անում, որ, բնականաբար, անհայտ չի մնում, ու երբ լրատվամիջոցներով սկսում են ակտիվորեն անդրադառնալ այդ գործողության մանրամասներին, համապատասխան մարմինները սկսում են հերքել, մեղադրել լրագրողներին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Բայց որպես կանոն, նման դեպքերում միշտ պարզվում է, որ մամուլի հրապարակումներն անհիմն չէին. «առանց կրակի ծուխ չի լինում»:
Նույնը վերաբերում է Սյունիքի արոտավայրերն իրանցի խաշնարածներին տրամադրելու մասին հուշագրին, որ վերջերս մամուլում ու երկրի հասարակական, քաղաքական, քաղաքացիական ու տնտեսական կյանքում մեծ աղմուկ բարձրացրեց: Նշվում էր, որ ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված հուշագրի համաձայն` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ հանձնվելու է իրանցի հովիվներին:
Բարձրացված աղմուկը ստիպեց պատասխանատու մարմիններին հայտարարել, որ դա որևէ իրավական ուժ չունի: Այնուհանդերձ մի շարք հարցեր մնացին առկախ:
Վերջերս էլ մամուլում հայտնվեց ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի անասնապահության հարցերի վարչության պետ Մոհամմադ Հասան Ալհաշեմի`«ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որում նա ասել էր, թե հունիս ամսին 6 ամիս ժամկետով 10.000 գլուխ անասուն պետք է տեղափոխվի Հայաստանի Սյունիքի մարզ: Հայկական կողմը դա ևս հերքեց:
Այժմ, երբ «Անկախի» տրամադրության տակ հայտնվեց ու հրապարակվեց այդ հուշագրի առկայությունը հաստատող փաստաթուղթը, որը վկայում է, որ հայկական կողմը կառավարական մակարդակով հավանություն է տվել այդ գործընթացին, անդրադառնանք նրա որոշ հարցերին:
Մասնավորապես, «համաձայնագրի» 1.3.7 կետով երկու երկրների` ՀՀ-ի ու ԻԻՀ-ի առևտրի պալատները համաձայնել են խրախուսել ընկերություններին Իրան արտահանելու նպատակով Հայաստանում կառուցել ոչխարաբուծության, ինչպես նաև ջրային կենդանիների բազմացման համալիր, իսկ փաստաթղթի 1.4.7 կետով իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ ներդրումներով Հայաստանի Հանրապետությունում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաև սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնել է աջակցություն ցույց տալ այդ աշխատանքներին:
Կարծես հայկական արոտավայրերի մասին խոսք չկա նշված, բայց դա միայն առաջին հայացքից: Տրամաբանորեն, եթե Հայաստանում կառուցվում է ոչխարաբուծական համալիր, այսինքն` Հայաստանում պետք է պահեն ոչխարներ, որտե՞ղ պետք է արածացվեն այդ ոչխարները: Բնականաբար` Հայաստանում: Այսինքն` իրոք որոշել են Հայաստանի արոտավայրերը տրամադրել իրանցի խաշնարածներին:
Մի պահ մոռանանք, որ ոչխարները գյուղատնտեսների կողմից համարվում են արոտավայրերը փչացնող կենդանիներ, քանի որ նրանց քայլած տեղերում բուսականություն չի կանաչում, մոռանանք, որովհետև Հայաստանում նույնպես ոչխարաբուծությամբ զբաղվողներ կան: Մյուս կողմից` կարելի էր մի պահ ընդունել, որ հայ ֆերմերները բուծեին ոչխարները, հետո միսն արտահանվեր Իրան, տնտեսական առումով, գոնե հասկանալի կլիներ: Բայց երբ իրանցի խաշնարածները պետք է գան Սյունիք, այնտեղ զբաղվեն ոչխարաբուծությամբ, հետո այդ ոչխարներին տանեն հետ` իրենց երկիր` իրացման նպատակով, դա ուղղակի նշանակում է Հայաստանի գյուղատնտեսական այդ ռեսուրսնեը նվիրել Իրանին: Եվ դա այն դեպքում, երբ, օրինակ, Իրանի իշխանությունները հայկական բեռնատարներին իրենց երկրում թույլատրում են հասնել առավելագույնը մինչև Թավրիզ, որպեսզի հայկական բեռնատարները չկարողանան հասնել Բանդար-Աբասի նավահանգիստ` Հայաստան եկող, նաև Հայաստանը որպես տարանցիկ ուղի օգտագործող բեռները տեղափոխելու: Սա արվում է այն պարզ պատճառով, որ իրանական բեռնատարներն այդ բեռները տեղափոխեն թե՛ մինչև Հայաստան և թե՛ Հայաստանի տարածքով դեպի դուրս:
Ու այսպիսի «բարիդրացիական» հարաբերությունների պայմաններում նման հարևանին թույլ տալ, որ իր ոչխարները արածացնի Սյունիքի լեռներում, որտեղից խաշնարածները մի կերպ քշվեցին, մեղմ ասած, անհասկանալի է:
Հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից. հայտնի է, որ Իրանի շուրջ Արևմուտքի տրամադրվածությունը թշնամական է: Նույնիսկ վերջերս ԱՄՆ-ն հայտարարեց, որ բոլոր առումներով կաջակցի Իսրայելին, եթե վերջինս որոշի հարվածել Իրանին, էլ չասենք հենց Արևմուտքի կողմից անմիջականորեն հարված հասցնելու հավանականության մասին: Իրանն էլ ակտիվորեն պատրաստվել է պատերազմի, ու այժմ հայտնի չէ, թե դեպքերն ինչպիսի զարգացում կունենան: Ու ի՞նչ կլինի Սյունիքում, երբ «հուշագիր» լինի անխափան սահմանը անցնելու մասին` Սյունիքում իրենց խաշներն արածեցնելու պատճառաբանությամբ, երբ հարևան երկրում հանկարծ պատերազմ պայթի:
Ի միջի այոց, ՀՀ Հանրային խորհուրդը ևս, ուսումնասիրելով հեռագնա ամառային արոտավայրերի ոլորտը, փաստում է, որ համաձայն ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2012 թ. հաշվետվության` արոտավայրերի մակերեսը կազմում է 1056.3 հազ. հա, որից հեռագնա` 687.3 հազ. հա., մերձգյուղային` 369.0 հազ. հա: Այդ արոտավայրերի տարածքը ՀԽՍՀ ժամանակաշրջանում թույլ էր տալիս պահել 2.5 մլն ոչխար` ներկայիս 670.0 հազարի փոխարեն, որոնք հիմնականում պահվում են գյուղամերձ արոտներում: Այս ամենը վկայում է տվյալ ոլորտի ոչ արդյունավետ օգտագործման և զարգացման մասին, ինչը չի նպաստում հանրապետության պարենային անվտանգության ապահովմանը և աշխատուժի ռացիոնալ օգտործմանը:
«ՀՀ Հանրային խորհուրդը ողջունում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիրը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության (ՀԳ Ռ.Կ.Մ.) ծրագրի» իրականացումը, ինչը լրացուցիչ պայմաններ կստեղծի անասնապահության զարգացման համար»,- նշվում է այս առիթով Հանրային խորհրդի հրավիրած քննարկումների արդյունքում կազմված որոշման մեջ:
Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ ՀԽ-ն նպատակահարմար չի համարում հանրապետության հեռագնա արոտավայրերն օտարերկրյա իրավաբանական անձանց և առանձին քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը: Եվ ՀԽ-ն որոշում է ընդունել դիմել ՀՀ կառավարությանը, առաջարկել գյուղատնտեսության նախարարության կողմից «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրերի» համայնքային ռեսուրսների կառավարման և անասնապահության զարգացման բաղադրիչի իրականացման աշխատանքները դարձնել շարունակական` hանրապետության բոլոր մարզերում բարենպաստ պայմաններ ստեղծելով ոլորտի զարգացման համար:
Մահմուդ Ահմադինեժադին սպառնում են մտրակի 74 հարվածով
Հնարավոր է, որ Իրանի նախագահ Ահմադինեժադը պատժվի նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումներ կատարելու համար, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները, մանավորապես The Daily Telegraph-ը :Հրատարակության տվյալներով, քվեարկության համար գրանցվելու ժամանակ Ահմադինեժադն ուղեկցել է իր համախոհին ու լրիվ հավանական է` իր իրավահաջորդին` Էսֆանդիյար Ռահիմ Մաշաին :
Գործող նախագահի նկատմամբ բողոք է ներկայացրել Դիտորդական խորհուրդը, իսկ որպես պատիժ` Իրանի նախընտրական օրենսդրության խախտման համար նա կարող է արժանանալ մտրակի 74 հարվածի:
Իսլամական Հանրապետության կառավարությունում այդ տեղեկությունը հերքում են: Նախարարների կաբինետի մամլո քարտուղարն ասել է, որ Ահմադինեժադը գործել է որպես մասնավոր անձ: Դրա համար էլ օրենքին հակասող ոչ մի բան նրա արարքում չկա:
Իրանի նախագահական ընտրութիւնների PR-գովազդային մեկնարկը…
Ֆուտբոլային լեզւով ասած՝ 90-րդ րոպէին ներքին գործերի նախարարութիւն դիմեցին «ամենասպասւածները»՝ Ռաֆսանջանին եւ գործող նախագահի գաղափարակից-խորհրդական Ռահիմմաշային՝ գրանցւելու որպէս նախագահի թեկնածու: Խփւած գոլը, սակայն, բնութագրելի է նրանով, որ Ռաֆսանջանիի գրանցումը, որպէս նախագահի թեկնածու, անմիջականօրէն ազդեց դոլարային փոխարժէքի վրայ՝ 100 թումանով յօգուտ իրանական փոխարժէքի:
«Ամենասպասւածներ», քանզի շաբաթներից ի վեր, գրեթէ հասարակա-քաղաքական բոլոր մակարդակներում կասկածայարոյց էր նրանց ընտրապայքարի դաշտ մուտքը…, «կը գայ-չի գայ, եթէ գայ-եթէ չգայ» PR-ային-գովազդային տրամաբանութեամբ:
Ժամանակից առաջ չանցնելու համար, սակայն, ասենք, որ դեռ առջեւում Սահմանադրութեան Պահապան խորհրդի «ֆիլտրի» դժւարանցանելի փուլն է, որը թէեւ համեմատաբար հեշտ է լինելու ԱՅԱԹՕԼԼԱՀ Ռաֆսանջանիի համար, բայցեւայնպէս՝ մեծ խոչընդոտներով է պայմանաւորւած Մաշայիի դէպքում…, երբ վերջինս դեռ սրանից 4 տարի առաջ երկրի առաջնորդի հրահանգով իսկ մերժւեց նախագահի թիւ 1 օգնականի հանգամանքը զբաղեցնելու համար:
Այնպէս որ՝ Մաշայիի որպէս նախագահի թեկնածու որակազրկման հաւանականութիւնը՝ Պահապան խորհրդի կողմից, մեծ է լինելու, որքան էլ որ գրանցման պահին նրան մեծ հրճւանքի ու ժպիտների ցուցադրութեամբ էր ուղեկցում նոյնինքն Ահմադինեժադը…:
Վերջնիս «յաղթական» պահւածքը նաեւ զաւեշտալի էր այն առումով, որ կարծես թէ՝ անցնող 8-ամեայ տնտեսա-քաղաքական իր կուրսում երկնիշ աճ է արձանագրել ու հիմա էլ հպարտօրէն «յաղթական» յետնորդին է գովազդում՝ ապացուցելու համար, թէ իր խորհրդական-խնամին անպարտելի է մինչեւ վերջ…:
Միւս կողմից, Ռաֆսանջանիի նման հեղինակութեան վերստին մէջտեղ գալով՝ մեծ տեղաշարժեր են ակնկալւում հէնց ընտրական գալիք գործընթացներում, որոնք այսպէս թէ այնպէս՝ կարող են նաեւ անկանխատեսելի հանգամանքներով ուղեկցւել, ինչպէս որ դրանք որպէս չգրւած օրինաչափութիւններ՝ պատահել են գրեթէ բոլոր նախորդ ընտրութիւններում:
Յատկանշական երեւոյթ էր նաեւ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար եւ Իրանի ատոմ. թղթածրարի թիւ 1 բանագնաց Սաիդ Ջալիլիի դիմում-գրանցումը, որը տւեալ դէպքում հանդէս է գալիս որպէս անկախ թեկնածու՝ հեռու մնալով առաջիկայ ընտրութիւնների այսպէս ասած՝ եռաբեւեռ ձեւաչափից, որտեղ ներկայացւելու են՝
1- Նախագահամէտ (Մաշայի), 2- արմատական պահպանողական (Ղալիբաֆ) եւ 3- բարեկարգչական (Ռաֆսանջանի) թեկնածուներով: Նման դէպքում, ահա, Ջալիլին ինքնըստինքեան դառնում է 4-րդ բեւեռի (անկախ) ներկայացուցիչ ու որպէս այդպիսին՝ նորանոր հարցականներ առաջացնող մի գործօն՝ խիստ հետաքրքիր մեկնարկ ունեցած գալիք նախագահական ընտրութիւններում:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Երիցուկ բազմամյա
Պատկանում է Բարդածաղիկավորների ընտանիքին: Վայրի վիճակում հանդիպում է Կովկասում,Իրանում և Միջին Ասիայում: Երիցուկը բազմամյա, նրբագեղ բույս է, որի բարձրությունը հասնում է 40-80սմ -ի: Ցողունները ճյուղավոր են կամ առանց ճյուղերի, փետրաձև կտրտված տերևներով: Ունի հասարակ կամ լիաթերթ ծաղիկներ`5-10սմ տրամագծով: Թուփը Հայաստանի պայմաններում լավ ձմեռում է բաց գրունտում: Ծաղկում է մայիսին: Ծաղկումը ավարտվելուց հետո անհրաժեշտ է կտրել հեռացնել ծաղկաբույլերը, չթողնելով, որ դրանք սերմնակալեն, որպեսզի բույսը հնարավորություն ունենա երկրորդ անգամ ծաղկելու: Բազմացվում է թփիկի բաժանումով, արմատածիլերով և սերմերով: Լիաթերթ ծաղկավոր այլատեսակները բազմանում են միայն վաղ գարնանը`թփիկի բաժանումով, 4-5 տարին մեկ անգամ:
Սերմերը ծլում են 10-12օրում, ծլունակությունը պահպանում են2-3 տարի: Դրանք փոքր են, սեպաձև, գորշ դարչնագույն: Խոշորածաղիկ երիցուկների մեկ գրամ սերմը պարունակում է մոտավորապես 700 սերմնահատիկ:
Բույսերը անհրաժեշտ է տնկել արևոտ հողամասերում, չնայած որ վատ չի աճում նաև կիսաստվերում: Պահանջում է սննդանյութերով հարուստ բերրի հողեր: Բույսը բույսից պետք է տնկել 25-30 սմ հեռավորության վրա: Ոռոգումը `չափավոր:
Նախատեսվում է մանկական նոր հիվանդանոց կառուցել
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հռոմի «Թոր Վերգատա» բժշկական համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոյի ղեկավարած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում բարեգործական առաքելությամբ. այս մասին տեղեկացնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Ուրախ եմ, որ ներկայացնելով հեղինակավոր ուսումնական հաստատություն և կլինիկա, Հայաստանում եք գտնվում մեզ համար չափազանց կարևոր` մանկական հիվանդանոց ստեղծելու առաքելությամբ։ Երեխաների առողջության պահպանումը Հայաստանում թիվ մեկ գերակայություն է, և ՀՀ կառավարությունը նման ծրագրերին մեծ կարևորություն է տալիս»,-ողջունելով իր հյուրերին` ասաց նախարար Դումանյանը։
Ռենատո Լաուրոն ներկայացրեց, որ իրենց այս ծրագիրը ծնվել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ մի շարք հանդիպումների արդյունքում։ Ավելին, այս ծրագրի շուրջ եռակողմ համաձայնագիր են կնքել «Թոր Վերգատա» համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոն, «Դադիվանք» հիմնադրամի նախագահ Ռուբեն Կարապետյանը և «Անաստասիս» ընկերակցության նախագահ Ռիկարդո Աքուիլան։
40 հազար ուսանող ունեցող Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանն այս ուղղությամբ արդեն իսկ մեծ փորձառություն ունի։ Մանկական հիվանդանոցներ է կառուցել Ալբանիայում և Կոնգոյում։ Իսկ վերջերս Հռոմում կառուցել է 800 մահճակալով հիվանդանոցային համալիր`հանրակացարանային, մարզային, հյուրանոցային (հիվանդների հարազատների համար) և այլ հարակից կառույցներով։ Ավելին` ծրագրել են Հռոմում կառուցել նոր համալիր՝ էկոլոգիապես մաքուր նյութերով։
Թե ինչու է որոշվել հերթական հիվանդանոցը կառուցել Հայաստանում, պատվիրակության Իտալիայի կառավարության անդամն իր մեկնաբանությունն ունի. հաշվի է առնվել երկու երկրների երկարամյա բարեկամությունը, այն, որ Հայաստանը քրիստոնեության օրրան է, ինչպես նաև այն որ, հայերը շատ բան են տվել Եվրոպային ու մասնավորապես Իտալիային։ Այսօր Հռոմում աշխատող հազարից ավելի բժիշկներից շատերը հաջողված, ոմանք էլ` ճանաչված մասնագետներ են։
Պատվիրակության անդամներն ընդծեցին, որ Հայաստանում ունեցած հանդիպումների ընթացքում ևս առնչվում են պրոֆեսիոնալիզմի ու բարձր կարողությունների հետ։
Նրանք Դերենիկ Դումանյանին հաղորդեցին, որ Երևանում մանկական հիվանդանոցի կառուցման վայրը հստակեցնելուց հետո մի քանի ամսվա ընթացքում ձեռնամուխ կլինեն միջոցների հայթայթմանը։ Հյուրերը նախարարին վստահեցրին, որ այս ծրագիրը համագործակցության նոր հեռանկարներ կբացի և բազմապրոֆիլ այլ ծրագրերի սկիզբը կդրվի։
ՀՀ առողջապահության նախարարն իտալացի գործընկերներին շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար բավական օգտակար ծրագիրն ու հեռահար նախագծերը մանրամասն ներկայացնելու համար։ Նա էլ իր հյուրերին ներկայացրեց հանրապետությունում կառավարության կողմից առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ մարզերում ժամանակակից հիվանդանոցներ կառուցելու շարունակականության, ուռուցքաբանության զարգացման, համակարգի առաջնակարգ բաժանմունքները կրթական նպատակներով որպես կլինիկական համալսարանական բազաներ տրամադրելու և այլնի մասին։
Իտալական պատվիրակությունը, հետաքրքրություն ցուցաբերելով ոսկրածուծի փոխպատվաստման հեռանկարի նկատմամբ, պատրաստակամություն հայտնեց առաջիկայում համագործակցել ինչպես այդ, այնպես էլ դեղագործության ոլորտում։
«Հիվանդանոցը, որ պետք է կառուցվի մեր կողմից, չպետք է մրցակցի ձեր մյուս կլինիկաների հետ։ Սակայն այդ կենտրոնին մեր համակողմանի աջկցությունն ենք ցուցաբերելու, և ժամանակի ընթացքում այն իր դրական ազդեցությունն է ունենալու մանկաբուժության առաջընթացի գործում։ Պարոն Բաբլոյանի հետ ունեցած մեր հանդիպման ընթացքում համոզվել ենք, որ ձեր երկրում այս ուղղությամբ լուրջ հիմքեր կան»,-ասաց Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանի ռեկտոր Ռենատո Լաուրոն։
Նախարար Դումանյանը հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց Իտալիայի կառավարությանը և ժողովրդին նման աջակցության համար։
«1988-ի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Վատիկանը Քամիլյան եղբայրների ֆինանսավորմամբ Աշոցքում հիվանդանոց կառուցեց, որը մինչև այսօր սպասարկվում է այդ հիմնադրամի կողմից։ Հանգամանքների բերումով ես ներկա եմ եղել թե հիվանդանոցի բացման, թե 20-ամյակի արարողությանը։ Հայ ժողովուրդը միշտ երախտապարտ է իր ազնիվ բարեկամներին։ Ես վստահ եմ, որ առաջիկայում մենք շատ ոլորտներում կփոխհամագործակցենք»,-ասաց Դերենիկ Դումանյանը։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Հռոմի ոստիկանությունը ձերբակալել է Պապի նմանակին
Հռոմում ոստիկանությունը ձերբակալել է Սլովակիայից մի դերասանի, որը ներկայանում էր որպես Հռոմի պապ ու փողով լուսանկարվում ցանկացողների հետ:
Աթոռին նստած ինքնակոչը ժպտում ու թերթում էր Աստվածաշունչը: Զբոսաշրջիկները պարզապես իրար հերթ չէին տալիս: Սակայն, անանուն մարդու բողոքից հետո սուտի-պոնտիֆիկոսին ձերբակալեցին:
Սլովակին 154-929 եվրո տուգանք է սպառնում` “ուրիշի տիտղոսն անօրինական յուրացնելու” համար:
Հովհաննես Պողոս II-ը Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն էր 1978-2005 ժամանակահատվածում:
Անցած շաբաթ բորսայում իրականացվել է 6,7 մլն դոլարի առք և վաճառք
Մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52,432,713 ԱՄՆ դոլար 414.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 55,647,451 ԱՄՆ դոլար 415.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 415.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,632,396 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 415.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 3,197,331 EUR 541.72 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 7,821,379 EUR 545.65 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 512,942,830 ՌԴ ռուբլի 13.28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 102,312,759 ՌԴ ռուբլի 13.51 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 53.3 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
80 հազար երկրացիներ ցանկանում են հաստատվել Մարսի վրա
Մարսի վրա ընդմիշտ բնակության ցանկություն է հայտնել առնվազն 35 կանադացի: Նրանք 120 երկրի այն 80 հազար կամավորներից են, ովքեր արդեն գրանցվել են հոլանդական Mars One ընկերության կայքում: Նրանցից առաջին քառյակը Մարս կուղևորվի 2023-ին: Թռիչքը դեպի կարմիր մոլորակ կտևի 7 ամիս: Սկզբում այնտեղ կտեղափոխվեն մոդուլներ, որոնք պետք է հավաքվեն ռոբոտների միջոցով: Ապա, յուրաքանչյուր երկու տարին մեկ` այնտեղ կմեկնեն վերաբնակները: Նախագծի նախնական արժեքը 6 մլրդ դոլար է:
Նախագծի հեղինակները հույս ունեն, որ մինչև 2013-ի օգոստոս Մարսի վրա հատատվելու համար հայտ կներկայացնի առնվազն 500 հազար մարդ:
Կանադացի կամավորականների տարիքը տատանվում է 18-47-ի սահմաններում: Նրանց մեջ նաև 4 կին կա:
Մոնրեալյան համալսարանի պրոֆեսոր Կոնկորդիա Ռաե Կասսը` Mars One նախագծի խորհրդատուն, որը նույնպես Մարսի գաղութարարների ցուցակում է գրանցվել, տվյալ գաղափարը “ինքնասպանական առաքելություն” չի համարում”: “Ինչ որ մեկը նաև Լուսնի վրա մարդ իջեցնելն էր ինքնասպանություն համարել, սակայն, մարդիկ դա արեցին: Դա կանեն նաև Մարսի վրա”:
Հայ աստղագետներն Արցախում հանդես եկան դասախոսություններով
Անցած շաբաթվա ընթացքում Արցախի դպրոցներում իրականացվեց Հայկական աստղագիտական ընկերության աստղագիտական դասախոսությունների ծրագիրը, որի ընթացքում աստղագետներն այցելեցին Ստեփանակերտի և Շուշիի ավագ և հատուկ մասնագիտացված դպրոցները: Ծրագիրն իրականացվում էր ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի և Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Ընդամենն անցկացվեց 10 դասախոսություն: Աստղագետները պատմեցին ժամանակակից աստղագիտության խնդիրների և զարգացումների, հայ աստղագիտության պատմության, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և հայկական աստղագիտության ներկայիս վիճակի, Վիկտոր Համբարձումյանի և մյուս նշանավոր հայ աստղագետների մասին:
Դասախոսների թվում էին Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ և ԲԱ առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը, ԲԱ ավագ գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանը և ԲԱ կրտսեր գիտաշխատող Գոհար Հարությունյանը:
Աշակերտներին և դպրոցների գրադարաններին տրամադրվեցին աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ, աստղագիտական օրացույցներ և քարտեզներ, «Վիկտոր Համբարձումյան» և «Աստղագիտություն դպրոցների համար» DVD խտասկավառակները:
Այս հանդիպումների նպատակներից մեկն էր նաև դպրոցներում հայտնաբերել օժտված և աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտներին՝ նրանց հետ հետագա կապ պահպանելու և նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելու համար: Հանդիպումներ տեղի ունեցան նաև Արցախի Կրթության և գիտության նախարարությունում, Արցախի պետական համալսարանում և դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների հետ:
Հայկական աստղագիտական ընկերություն
Հռոմի պապը միանգամից 800 իտալացի մարտիրոսների սրբերի դասն է կարգել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սրբերի դասն է կարգել ռեկորդային թվով մարտիրոսների, որոնք XV դարում նահատակվել են թուրքերի ձեռքով: Նրանցից հայտնի է միայն իտալացի կոշկակար Անտոնիո Պրիմալդոյի անունը: 1480-ին նրանք գլխատվել են իսլամ ընդունելուց հրաժարվելու համար:
Մարտիրոսների անուններն անհայտ են: Սակայն, նրանց մեջ երկու լատինաամերիկացի միանձնուհիներ կան` կոլումբիացի Լաուրա Մոն Թոյան ու մեքսիկացի Գվադելուպե Մարիա Գարսիա Սավալեն: ՀիմաԿոլումբիան ունի առաջին “ազգային” սուրբը, որը վախճանվել է 1949-ին:
New York Times-ի աշխատակիցը վտարվել է Պակիստանից
The New York Times-ի պակիստանյան գրասենյակի գլխավոր խմբագրին կիրակի վտարել են երկրից «անցանկալի գործունեություն» իրականացնելու համար:
Դեքլան Ուոլշը, ով մինչև New York Times-ի լրագրող դառնալը աշխատում էր բրիտանական The Guardian շաբաթաթերթում, ստացել է վտարման կարգադրություն կիրակի ժամը 12:30-ի սահմաններում:
39-ամյա լրագրողն իր Tweeter-ի էջում գրել է, որ այս ամենն անհավատալի է:
Times-ի փոխանցմամբ կարգադրության մեջ գրված էր հետևյալը. «Ձեր արտոնագիրն այսուհետ անվավեր է Ձեր կողմից իրականացրած անցանկալի գործունեության պատճառով: Խնդրում ենք լքել երկիրը 72 ժամվա ընթացքում»:
Ուոլշը թերթում բազմիցս անդրադարձել է քաղաքական անցուդարձին, վեճերի, ապստամբությունների և ԱՄՆ-ի հետ լարված հարաբերություններին:
Բանգլադեշում կբարձրանան կարի գործարանների աշխատակիցների աշխատավարձերը
Բանգլադեշում կհիմնվի կարի գործարանների միլիոնավոր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցերով զբաղվող հատուկ խորհուրդ:
«Հագուստի արտադրության ոլորտում մենք սահմանել ենք նվազագույն աշխատավարձ: Մենք դա կատարել ենք ըստ աշխատողների պահանջի»,-ասել է տեքստիլի ոլորտի նախարար Աբդուլ Լատիֆը:
Աշխատակիցների աշխատավարձը մինչև 2010թ. նոյեմբեր կազմում էր ընդամենը 40 դոլար: 2010թ. այն ավելացել է 80 տոկոսով:
Նորաստեղծ խորհրդի անդամների շարքում կլինեն միությունների ներկայացուցիչներ և գործարանների տերեր:
Ըստ նախարարի՝ աշխատավարձերը անկասկած կբարձրանան:
ԱՄն-ում 4-ամյա երեխան դարձել է քաղաքապետ
Ռոբերտ Թաֆթսը Մինեսոթա նահանգի 22-հոգանոց Դորսեթ համայնքի առաջնորդ է ընտրվել, չնայած, նա դեռ մանկապարտեզ է հաճախում:
4-ամյա երեխան ընտրվել է “Դորսեթի համը” փառատոնի ժամանակ անցկացված ավանդական քվեարկության արդյունքում:
Փառաոտնի ժամանակ քվերակության համար գլխարկի մեջ նետված թղթերից որպես քաղաքապետ հանեցին փոքրիկի անունով թղթի կտորը: Իսկ քաղաքապետի թեկնածության համար հարկավոր է 1 դոլար վճարել նախընտրական կամպանիայի հաշվին:
Փոքրիկ Ռոբերտը, որին բոլորը Բոբի են անվանում “ղեկավարում է”մի համայնք, որում ընդամենը 22 մարդ կա:
“Նա պարզապես ապշեցուցիչ երեխա է: Հիանալի արտահայտում է մտքերը ու ասես իսկական էներգիայի գունդ լինի” , – մանկահասակ քաղաքապետին այդպես է նկարագրել Դորսեթի մշտաբնակներից մեկը:
Բոբբի Թաֆթսի պարտականությունների մեջ է մտնում երգեցողությունն ու պարերն իր համաքաղաքացիների հետ: Հաճախ քաղաքապետին կարելի է տեսնել փողոցներում` լայնեզր գլխարկով ու ձեռնափայտով:
Ֆինանսական գործերով փոքրիկը ստիպված չէ զբաղվել. դա տեղի գործարարների գործն է:
Թաֆթսն իր իրավասությունները կփոխանցի հաջորդ “Դորսեթի համը” փառատոնի հաղթողին, որը տեղի կունենա օգոստոսին:
Ո՞ւմ մեղադրել ձյուդոյիստների սայթաքումների համար
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում վերջերս կայացած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 6 մարզիկ էր ներկայացնում: Ցավոք, նրանցից ոչ մեկը չարդարացրեց սպասելիքները: Ընդ որում, մեր թիմի կազմում տիտղոսակիրներ կային: Կատարվածի պատասխանը ստանալու համար, դիմեցինք Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանին:
– Իրոք, գոհ մնալու առիթ չկա: Հույսեր էր ներշնչում 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը: Առաջին հերթին նրանից սպասելիքներ ունեինք, հետո է 66 կգ քաշային Արմեն Նազարյանից: Հաշվի էր առնվում, թե նրանք ինչ մարզավիճակում են:
– Կողմնակալ մրցավարությունը դեր չի՞ խաղացել, չի՞ նպաստել մերոնց ձեռնունայն մնալուն:
– Մրցավարական խնդիրներ եղել են, բայց կատարվածն այդ ամենին վերագրել չեմ ցանկանում: Մասնավորապես, ռուսաստանցի մրցակիցը Նազարյանին չգցեց, սակայն մրցավարը հնարքն այդպես գնահատեց: Մեր մարզիկը որովայնի վրա ընկավ: Դավթյանին էլ բուլղարացի մարզիկի հետ գոտեմարտում, միակողմանի բռնվածքի համար, չափից ավելի շուտ նկատողություն հայտարարեցին: Դա հոգեբանորեն ազդեց, և նա համարձակ քայլի չդիմեց, նույն բռնվածքը չկիրառեց, որպեսզի կրկին չպատժվի: Մրցակիցն էլ մարտականորեն էր տրամադրված, և մեր մարզիկը չկարողացավ դրսևորել իր կարողությունները: Ի դեպ, ավելի տիտղոսակիր ձյուդոյիստներ էլ առաջին գոտեմարտերում պարտվեցին: Այնպես որ սպորտում ամեն ինչ հնարավոր է: Ընդ որում, նրանք զիջեցին այնպիսի մրցակիցների, որոնք միջազգային մրցասպարեզներում նախկինում ոչնչով աչքի չեն ընկել: Մասնավորապես, հույն Իլիադիսը էստոնացի ձյուդոյիստին պարտվեց, ուկրաինացի Զանտարայան էլ` հունգարացի մարզիկին:
– Առաջնությունում Հայաստանից մրցավար ունեի՞նք:
– Ոչ: Բանն այն է, որ Եվրոպայի ձյուդոյի ֆեդերացիան է հրավիրում այն մրցավարներին, որոնք սպասարկում են առաջնությունը: Ինչ խոսք, մրցավարի բացակայությունը դեր խաղում է: Եթե ներկայացուցիչ ունենանք այդ կարգի մրցումներում, ապա ավելի զգույշ կլինեն, կողմնակալ մրցավարությունն էլ քիչ կլինի:
– Այնուամենայնիվ, սկսած 2012-ի օլիմպիական խաղերից, մեր մեծահասակ ձյուդոյիստների արդյունքներն այն չեն: Փաստը խոսուն է և վկայում է, որ կատարվածը չի կարելի պատահականությանը վերագրել:
– 2012-ին Դավթյանը Եվրոպայի առաջնությունում 2-րդն էր: Օլիմպիական խաղերում էլ նա 7 լավագույնների թվում էր: Ամենևին էլ այն կարծիքին չեմ, որ վերջինը գերազանց արդյունք է, սակայն եթե համեմատենք նախորդ օլիմպիական խաղերում մեր ձյուդոյիստների ունեցած մրցելույթների հետ, ապա առաջընթաց կա: Ընդ որում, օլիմպիական խաղերում էլ մրցավարական կոպիտ սխալ եղավ, երբ մեր մարզիկը ֆրանսիացի ձյուդոյիստի հետ սփոփիչ գոտեմարտում գցում կատարեց, սակայն այն չգնահատվեց: Հետո էլ մեր երկրի ներկայացուցիչը հավասար պայքարում պարտվեց ստացած նկատողության համար: 2013-ին մեծահասակների մրցումներում երիտասարդ ձյուդոյիստների ենք փորձարկել: Մասնավորապես, Վրաստանի մայրաքաղաղաք Թբիլիսում կայացած Եվրոպայի բաց մրցաշարում (նախկինում այն կոչվում էր աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլ) Դավթյանը և Նազարյանը նույնպես մասնակցում էին: Դավթյանն առաջին իսկ գոտեմարտում զիջեց մրցակցին, Նազարյանը պարտվեց մեկ հաղթանակ տանելուց հետո, իսկ մյուսները երիտասարդ ձյուդոյիստներ էին, այնպես որ նրանց նկատմամբ շատ խիստ լինել չենք կարող: Կրկին անդրադառնալով Եվրոպայի առաջնությանը` պետք է խոստովանել, որ այն շատ դժվարին մրցում է և չի կարելի համեմատել միջազգային այլ մեկնարկների հետ:
– Մեր ձյուդոյիստների սայթաքումների համար ո՞ւմ պետք է մեղադրել:
– Մի քանի հանգամանք կա, սակայն մեղքը մերն է: Պատճառներ գտնել, մարզիկներին մեղադրել չեմ ցանկանում: Մեր ձյուդոյիստները քանիցս ապացուցել են, որ կարող են կամային հատկանիշներ դրսևորել և պատվով դուրս գալ փորձություններից:
– Մեր թրծված ձյուդոյիստները Նազարյանը և Դավթյանն են, բայց նրանք տարիքով մեծ չե՞ն, սպորտում նոր հաջողությունների ի վիճակի՞ են հասնել:
– Նազարյանը 31, Դավթյանը 30 տարեկան է: Առայժմ երկուսն էլ Հայաստանի հավաքականին պետք են: Նրանց ներկայությունն անհրաժեշտ է, որպեսզի նոր սերնդի մեր ձյուդոյիստները վեր բարձրանան:
– Երրորդ տարին է, ինչ փոխվել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը: Գո՞հ եք ֆեդերացիայի ներկայիս նախագահ Վարդան Ոսկանյանի աշխատանքից: Հետաքրքիր է, քանի որ նա Ռուսաստանում է հիմնականում լինում, և ֆեդերացիայի աշխատանքները կատարում է կազմակերպության փոխնախագահ Դավիթ Խիթարյանը: Կազմակերպության նախորդ նախագահ Ալեքսան Ավետիսյանի ղեկավարության տարիներին մեր ձյուդոյիստների արդյունքներն ավելի բարձր են եղել` Եվրոպայի չեմպիոն, մրցանակակիրներ, աշխարհի առաջնության մրցանակակիր և այլն: Ինչո՞ւ
– ճիշտ է, 2005-ին Եվրոպայի չեմպիոն ունեցել ենք, 2009-ի աշխարհի առաջնությունում` բրոնզե մեդալակիր: Բայց ֆեդերացիայի նախագահի փոխվելուց հետո` 2011-ին, Եվրոպայի երիտասարդների երկու չեմպիոն ենք ունեցել` Գոռ և Գարիկ Հարությունյանները: Ունեցել ենք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 2-րդ մրցանակակիր, 2012-ին էլ` 2-րդ և 3-րդ մրցանակակիրներ: Այժմ ավելի շատ, քան նախկինում ուսումնամարզական հավաքներ են անցկացնում մեր պատանի ձյուդոյիստները, նաև` մրցումների մասնակցում: Այնպես որ հուսադրող հերթափոխ է աճում:
– Ճի՞շտ էր, որ Հայաստանի հավաքականի ղեկը ֆեդերացիայի ղեկավարության փոփոխությունից հետո հանձնվել էր ռումինացի Ադրիան Կրոիտորուին: Ցանկալի արդյունքը ստացվե՞ց: Ի վերջո, նա մեր երկրից հեռացավ բացասական ցուցանիշով:
– Չեմ կարող ասել ճի՞շտ էր, թե՞ սխալ էր հավաքականն օտարերկրացի մասնագետի վստահելը: Պարզապես այդ իրավիճակում հարցն այդպիսի լուծում էր ստացել: Ամեն փոփոխություն հնարավոր է` բացասական արդյունքի հանգեցնի, բայց այն դրական կողմեր էլ կարող է ունենալ: Այդ ամենին միանշանակ գնահատական տալ չի կարելի: Անխոս, դրական հետքը կա:
– Ներկայիս ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ի՞նչ կարելի է անել:
– Եվրոպայի առաջնությունում մեդալ չունենալը, անկախ ամեն ինչից, տակտիկական պատրաստականության խնդիրների հետ է կապված: Այդուհանդերձ, հոգեբանորեն պատրաստ լինելու դեպքում, մերոնք կկարողանային դրանք հաղթահարել:
– Կանանց ձյուդոն ասես մահանում է Հայաստանում: Մարզաձևը գեղեցիկ է, բարեկազմ լինելուն չի խանգարում: Ո՞րն է դրա պատճառը:
– Իրոք, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից պարապողները քիչ են: Մարզիչներ կան, որոնք ձյուդոյիստուհիների հետ են պարապում: Մարզուհիների երեք մարզիչ է աշխատում: Նրանց թվում է նաև կինս` Սուսաննա Մկրտչյանը: Բելառուսից Ժաննա Ստանկևիչը և Ռուսաստանից Գայանե Հարությունյանը Հայաստանի հավաքականում էին ընդգրկվել: Առաջինն ամուսնացել է, մայր է դարձել, երկրորդն էլ թողել է սպորտը:
– 2013-ին Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում կայանալու է աշխարհի առաջնությունը: Հայտնի է, որ մեր երկրից 2-3 մարզիկ է մասնակցելու այդ ստուգատեսին: Ֆինանսների պակասի հե՞տ է կապված, թե՞ արժանավոր մարզիկներ չունենք, որ ավելի շատ մասնակիցներ տատամի դուրս բերենք: Հնարավո՞ր է, որ հավաքականի հնաբնականեր Նազարյանը և Դավթյանն արդեն իրենց տեղն ապահովել են թիմում, և նրանք են պաշտպանելու մեր երկրի պատիվը: Հավաքականում թափուր տեղեր կա՞ն:
– Պարզապես, այն մարզիկներին կտանենք, որոնք մեդալ նվաճելու հույսեր կներշնչեն: Մրցավայրը հեռու է, ֆինանսների հարց էլ կա: Մասնավորապես, Եվրոպայի առաջնությունում Մոսկվայում բնակվող 81 կգ քաշային Ռաֆայել Դավթյանը հովանավորի միջոցներով էր մասնակցում: Մայիսի 9-ին հավաքականը կուղևորվի Դաղստան, որպեսզի մասնակցի միջազգային մրցաշարի: Մինչև 23 տարեկանների հավաքականն Օրենբուրգում մայիսի 16-ից կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկության մրցաշարին: Հունիսի սկզբին Եվրոպայի բաց մրցաշար կանցկացվի Տալլինում: Հուլիսին էլ մերոնք Կազանում կմասնակցեն համաշխարհային ուսանողական խաղերին: Ապա Մոսկվայում կկայանա «Մեծ սաղավարտի» խաղարկության մրցաշար: Միայն այդ մրցումներից հետո կորոշվի, թե ովքեր են մեկնելու Բրազիլիա: 100 տոկոսով ոչ մի ձյուդոյիստ չի ապահովել իր տեղը հավաքականում: Դավթյանը և Նազարյանը մեծ ցանակություն ունեն հարստացնելու մեդալների իրենց հավաքածուները: Ինքս, նաև մյուս մասնագետներն այն կարծիքին ենք, որ հատկապես Դավթյանը նոր հաջողությունների հասնելու մեծ հնարավորություններ ունի: Մեր հիմնական նապատակն է, որ լավ մասնակցենք 2016-ին Ռիոյում կայանալիք օլիմպիական խաղերին: Նազարյանի հետ զրուցել եմ, նա այդքան երկար մտադիր չէ մնալ ակտիվ սպորտում, իսկ Դավթյանը ցանկություն ունի ևս մեկ անգամ կարողությունները փորձելու օլիմպիական խաղերում:
– Մեր առաջատար մարզիկներին վարձատրելու ֆինանսական խմդիրներ կա՞ն:
– Դավթյանը 2012-ի արդյունքների համար Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից վարձատրվում է, Նազարյանը` ոչ: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան առայժմ միայն լրացուցիչ ֆինանսներ է հատկացնում մարզական միջոցառումների կազմակերպման համար:
Կաթնաշոռով նրբաբլիթներ
2 ձու
1 բաժակ ալյուր
2 ճ/գդալ շաքարավազ
մի պտղունց աղ
2 բաժակ ջուր
2 ճ/գդալ ձեթ
Միջուկի համար
150 գ կաթնաշոռ
1 ճ/գդալ շաքարավազ
50 գ կարագ:
Պատրաստման եղանակը
Ձվի վրա ավելացնել շաքարավազը, հարել, ավելացնել ալյուրը: Ջուրն ավելացնել անընդհատ խառնելով, որ գնդեր չառաջանան, ավելացնել 1 ճ/գդալ ձեթ: Տապակել տաքացրած ձեթապատ թավայի մեջ` կարմրացնելով 2 կողմից:
Միջուկի համար կաթնաշոռի վրա ավելացնել շաքարավազ, ապա հարել մինչև կարագի նման դառնա:
Բլիթը երկու հավասար մասի բաժանել և յուրաքանչյուր կեսի վրա կաթնաշոռ լցնել ու փաթաթել: Տապակի մեջ ձեթ լցնել ու փաթեթները երկու կողմից տապակել: Մատուցել թթվասերի հետ:
Թխվածքաբլիթ «Սերպանտին»
200 գ կարագ
200 գ շաքարավազ
վանիլին
2 ձու
400 գ ալյուր
1 թեյի գդալ սոդա
4 ճ/գդալ կակաո
Պատրաստումը
Կարագը հալեցնել շաքարավազի ու վանիլինի հետ: Ավելացնել ձուն ու հարել, ապա ավելացնել սոդա ու ալյուր, խմոր հունցել: Ստացվածից երկու գունդ պատրաստել, մեկի մեջ ավելացնել կակաո ու կրկին խառնել:
Բաց գույն ունեցող գունդը գրտնակել ու տապակի վրա տարածել` տակը դնելով փայլաթիթեղ: Առանձին գրտնակել մուգ գույնի գունդը և տարածել բաց գույն ունեցող շերտի վրա: Խմորը ռուլետի նման փաթաթել (եթե կպչուն է, ապա կարելի է 15 րոպե դնել սառնարանը), ապա կտրել շերտերով:
Շերտերը դասավորել տապակի վրա ու թխել ջեռոցում 1800 ջերմաստիճանում, 25 րոպե:
Պակիստանում նոր ահաբեկչությունը 6 մարդու կյանք է խլել
Պակիստանի հարավ-արևմուտքում պայթյուն է եղել.զոհվել է 6, վիրավորվել 46 մարդ:
Դեպքը կատարվել է Բելուջիստանի մայրաքաղաք Քվետա քաղաքում: Մահապարտի ավտոմեքենայում գտնվող պայթուցիչն աշխատել է տեղի ոստիկանության պետի տան մոտ:
Դեռևս ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը: Արժե նշել, որ Բելուջիստանում գործում են անջատողական ու կրոնական ծայրահեղական խմբավորումներ, որոնք փորձում են նահանգում առավել ինքնավարության հասնել:

