Ինչ հարցեր է բարձրացնելու Հանրային խորհուրդը ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը

hkh-2Մայիսի 16-ին տեղի ունեցավ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի ժամանակ հստակեցվեց հունիս ամսին ՀՀ Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակը:

Օրակարգում ընդգրկված էր 13 հարց, որոնք վերաբերում են`

  1. գազի սակագնի բարձրացմանը,
  2. Հայաստանի քաղաքացիական ավիացիայի  հեռանկարներին,
  3. Երևանի Կենտրոնական ծածկած շուկայում ընթացող անօրինական շինարարությանը,
  4. արտագաղթի իրական պատճառներին ու քարոզչությանը,
  5. կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին փոխհատուցում տրամադրելուն և հակակարկտային ծառայության կազմակերպմանը,
  6. ՄԱԿ-ի գրասենյակները մի մասը Ստամբուլ տեղափոխմանը,
  7. Հայաստանի արոտավայրերի արդյունավետ օգտագործմանը,
  8. զինանշանագիտության հարցերով հասարակական խորհրդի ստեղծմանը,
  9. հեռահաղորդակցման ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկություններին,
  10. սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաև ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը,
  11. Հայաստանում դեղագիտության խնդիրներին,
  12. Հայաստանում խոշոր և մանր եղջերավոր անասունների մորթի կազմակերպմանը, առաջացած կաշվի վերամշակման, արտահանման և կաշվե իրերի արտադրության զարգացմանը,
  13. Վանաձոր-Ֆիոլետովո  երկաթգծի կառուցմանը:

Առաջին հարցի քննարկման ժամանակ Հանրային խորհրդի անդամները խիստ մտահոգություն հայտնեցին գազի սակագնի բարձրացման վերաբերյալ՝ նշելով, որ դա իր հետ կբերի նաև այլ թանկացումներ՝ բացասաբար անդրադառնալով Հայաստանի տնտեսության և բնակչության կենսամակարդակի վրա, դառնալով արտագաղթի խթանման նոր պատճառ: ՀԽ անդամ, ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը հայտնեց, որ հանձնաժողովում հարցն առաջիկայում դրվելու է քննարկման: Նա նաև տեղեկացրեց, որ իրենք դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` պարզաբանումներ ստանալու առաջարկվող սակագանի վերաբերյալ:

Հաջորդ հարցը` Հայաստանի քաղավիացիայի խնդիրների վերաբերյալ, նույնպես կներկայացվի հանրապետության ղեկավարին: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ևս մեկ անգամ կարևորեց խնդիրը փուլային տարբերակով լուծելու անհրաժեշտությունը և ընդգծեց, որ Հայաստանն առայժմ պետք է զերծ մնա բաց երկնքի քաղաքականությունից՝ ազգային անվտանգության խնդիրներից ելնելով:

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդում քաղավիացիայի հեռանկարների վերաբերյալ տեղի են ունեցել համակողմանի քննարկումներ, որոնց հիման վրա Հանրային խորհուրդը հանդես է եկել հստակ առաջարկներով: Որոշման նախագիծն` այստեղ:

Երևանի Կենտրոնական ծածկած շուկայում նախորդ տարվա հունվար ամսին սկսված և մինչ այժմ ընթացող շինարարությունը, որն ուղեկցվում է անօրինական գործողություններով, ևս կներկայացվի ՀՀ Նախագահին՝ առաջարկելով անհապաղ միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու ուղղությամբ: ՀԽ անդամ, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը Վազգեն Մանուկյանի հանձնարարությամբ նամակներ է հղել Երևանի քաղաքապետարան և Մշակույթի նախարարություն` պարզաբանումներ ստանալու վերջին օրերին ծավալված անօրինական շինարարության վերաբերյալ այդ կառույցերի կողմից իրականացվող քայլերի մասին:: Առաջիկայում հարցը ևս մեկ անգամ կդրվի քննարկման Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում:

Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդն անցյալ տարվա հունիսին նույն խնդրի վերաբերյալ կազմակերպել էր հանրային լայն քննարկում, որի ընթացքում բարձրացվել էր ոչ միայն Ծածկած շուկայի հարցը, այլև պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված մյուս հուշարձաններին առնչվող բազմաթիվ խնդիրներ: Հանրային խորհուրդը որոշում էր կայացրել և ներկայացրել ՀՀ կառավարություն և ՀՀ Նախագահին: Որոշման նախագիծն` այստեղ:

ՀԽ անդամները միակարծիք եղան ՀՀ Նախագահին ներկայացվող հարցերի մեջ արտագաղթի հիմնախնդիրը ընդգրկելու հարցում: Որպես արտագաղթի խթանման հիմնական պատճառներ` նշվեցին սոցիալական ծանր վիճակը, արդարության նկատմամբ հավատի բացակայությունը, ապագայի նկատմամբ անորոշությունը և այլն: Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ իրական պատճառների կողքին կա նաև այլ` հոգեբանական գործոն. նրա համոզմամբ այսօր Հայաստանից հեռանալու քարոզչություն է տարվում, որին զուգահեռ հակաքարոզչություն գոյություն չունի: ՀԽ նախագահը կարևորեց նաև այդ քարոզչության դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Քննարկվեց նաև կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին փոխհատուցում տրամադրելու և հակակարկտային ծառայության կազմակերպման խնդիրները ՀՀ Նախագահին ներկայացնելու հարցը: ՀԽ անդամ, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը ներկայացրեց հակակարկտային ծառայության ոլորտում առկա խնդիրները: Որոշվեց Հանրային խորհրդում այդ խնդիրների վերաբերյալ կազմակերպել քննարկում՝ ոլորտի մասնագետների մասնակցությամբ:

ՄԱԿ-ի գրասենյակները մի մասը Ստամբուլ տեղափոխման հարցը նույնպես կներկայացվի Հանրապետության ղեկավարին: Նշենք, որ Թուրքիան հետևողական գործընթաց է իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակները Թուրքիա տեղափոխելու և Ստամբուլը միջազգային կառույցների կենտրոն դարձնելու ուղղությամբ, ինչը հակասում է ոչ միայն Հայաստանի շահերին, այլև ՄԱԿ-ի սկզբունքներին: Հիշեցնենք, որ այս հարցի վերաբերյալ նույնպես Հանրային խորհրդում մի շարք քննարկումներ են իրականացել, որի ընթացքում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովի, ՄԱԿ-ի հետ աշխատող ՀԿ-ների, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ` քայլեր իրականացնելու այդ գործընթացի դեմ:

hkh-1Հայաստանի արոտավայրերի արդյունավետ օգտագործման հարցը նույնպես կներկայացվի ՀՀ Նախագահին: Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդն արձագանքել էր հասարակության անհանգստությանը` կապված այն լուրերի հետ, թե ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքվել է «Համաձայնագիր»`Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ Իրանի տնտեսվարող սուբյեկտներին հանձնելու վերաբերյալ: Հանրային խորհուրդը որոշել էր գտնել ոչ նպատակահար հանրապետության հեռագնա արոտավայրերն օտարերկրյա իրավաբանական անձնանց և առանձին քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը: ՀԽ-ն որոշել էր նաև դիմել ՀՀ կառավարությանը գյուղատնտեսության նախարարության կողմից “Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրերի” համայնքային ռեսուրսների կառավարման և անասնապահության զարգացման բաղադրիչի իրականացման աշխատանքները դարձնել շարունակական` հանրապետության բոլոր մարզերում բարենպաստ պայմաններ ստեղծելով ոլորտի զարգացման համար: Որոշման նախագիծն` այստեղ:

Զինանշանագիտության հարցերով հասարակական խորհրդի ստեղծման առաջարկը նույնպես կներկայացվի հանրապետության ղեկավարին: Հիշեցնենք, որ հարցը Հանրային խորհրդում քննարկվել էր և որոշվել էր նման առաջարկով հանդես գալ` ոլորտի հետագա աշխատանքներն արդյունավետ համակարգելու, միասնական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով: Որոշման նախագիծն` այստեղ:

ՀԽ անդամները համակարծիք էին նաև ՀՀ Նախագահին հեռահաղորդակցման ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկությունների ներկայացման հարցում: Որոշման նախագիծն` այստեղ:

ՀՀ նախագահին կներկայացվի նաև Սահմանադրական բարեփոխումներ, ինչպես նաև ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Վազգեն Մանուկյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի այդ հարցերով: Մասնավորապես կքննարկվի պետությունը նախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցնելու հարցը:

ՀՀ Նախագահին կներկայացվող հարցերից մեկի` Հայաստանում դեղագիտության խնդիրների վերաբերյալ որոշվեց նախ ՀԽ առողջապահության հարցերի հանձնաժողովում կազմակերպել քննարկում` ոլորտի մասնագետների մասնակցությամբ: ՀԽ անդամները հատկապես մտահոգություն հայտնեցին Հայաստան ներկրվող դեղորայքի որակի, շուկայում մենաշորհային դիրք ունեցող ընկերությունների և ընդհանրապես դեղորայքի նկատմամբ հանրության անվստահության խնդիրների վերաբերյալ:

ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը ՀԽ անդամները կներկայացնեն նաև Հայաստանում խոշոր և մանր եղջերավոր անասունների մորթի կազմակերպման, առաջացած կաշվի վերամշակման, արտահանման եւ կաշվե իրերի արտադրության զարգացանը վերաբերող հարցեր, Վանաձոր-Ֆիոլետովո  երկաթգծի կառուցմանն առնչվող խնդիրներ:

 

 

 

 

 

 

 

 

Հարբած տղամարդկանց սեքսի իմիտացիայի համար չորս ոստիկան հեռացվել են

b_451855 (1)Սվերդլովսկից չորս ոստիկաններ հեռացվել են մի տեսահոլովակի պատճառով, որտեղ ձերբակալվածների խցում երկու տղամարդու միջև սեռական հարաբերությունների իմիտացիա էր պատկերված: Նրանց անմիջական ղեկավարները ենթարկվել են կարգապահական տույժի:

“Ներքին գործերի աշխատակիցների պատիվը արատավորող արաքի համար” իրենց պաշտոններից ազատվել են ավտոտեսուչը, հերթապահ մասի աշխատակիցը, մի ոստիկան և մի կինոգետ, ճշտում է “Интерфакс“գործակալությունը:

Սպասվում է, որ այդ ամբողջը բջջային հեռախոսի վրա տեսագրած և հոլովակը համացանցում տեղադրած կինոգետը քրեական պատասխանատվության կենթարկվի:  Դեպքը կատարվել է  2012 թ. ապրիլին, տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել  քրեական օրենսգրքի 1-ին մասի.293 հոդվածով `”Անփութություն” և 1 մասի132հոդվածով   “Սիքսուալ բնույթի բռնարարք”:

Մեքենան կախվել է ձորակը

Մեքենան կախվել է ձորակըՄայիսի 16-ին, ժամը 15.37-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Արագած լեռան վրա տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ. Բարսեղյանին պատկանող «ԳԱԶ-53» մակ­նիշի 15 LL 260 ավտոմեքենան, լեռը բարձրանալիս, դուրս է եկել երթևեկելի մասից և կախվել ձորակը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Եվրոպայի գեյերը բողոքել են հոմոֆոբիայից

Եվրոպայում անցկացված հարցման տվյալներով, գեյերի քառորդ մասը վերջին 5 տարում ենթարկվել է հարձակման կամ էլ հաշվեհարդարի սպառնալիքի:

Հարցմանը մասնակցել է 93 հազար լեսբուհի, գեյ, բիսեքսուալ ու տրանսսեքսուալ: Հարցումն անցկացնողները հետաքրքրվել են` արդյոք նրանք ենթարկվել են ճնշման, բռնության, վիրավորանքի կամ էլ արհամարհանքի` սեքսուալ կողմնորոշման կամ էլ սեռական պատկանելության պատճառով:

i (5)Հարցվածների 26%-ը (տրանսսեքսուալների 35%) ասել է, որ  վերջին 5 տարում ենթարկվել են հարձակումների կամ էլ նրանց սպառնացել են հաշվեհարդարով: Ընդ որում, հիմնականում տուժում են անապահով ու երիտասարդ գեյերը:

Պարզվեց նաև, որ նրանց կեսը չի դիմել ոստիկանություն, կարծելով, որ իրենց պաշտպանության համար ոչ մի  բան չի արվի: Սեքսուալ կողմնորոշումը նրանց խանգարել է  աշխատանքում կամ աշխատանք  գտնելուն, իսկ գեյերի 2/3-ը թաքցրել է իր կողմնորոշումը դպրոցական տարիքում:

Հաագայում 300 քաղաքական գործիչ ու փորձագետ է  հավաքվել` քննարկելու ԵՄ քաղաքականության այն  ասպեկտները, որոնք ուղղված են հասարակության մեջ մարդատյացությունը վերացնելուն:

Դոպինգ օգտագործած մեր ծանրորդներին Հայաստանի մասնագետները չեն ստուգել

դոպինգ«Անկախն» ապրիլի 25-ի համարում անդրադարձել է, որ Հայաստանի ծանրորդներին փորձաքննության ենթարկելուց հետո 7 դրական արդյունք է ստացվել, այսինքն` բացահայտվել են արգելված դեղամիջոցների օգտագործման դեպքեր: Ինքնին հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այդպիսի իրավիճակ ստեղծվել, նախապես մարզիկներին մեր երկրի համապատասխան մասնագետները ստուգե՞լ են, թե՞ ոչ:

Հայաստանի սպորտային բժշկության և հակադոպինգային կենտրոնի հակադոպինգային բաժնի պետ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային ծառայության ղեկավար, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը տեղակացրեց, որ այս տարի մեր երկրի ծանրորդներին չեն ստուգել: Խնդիրն այն է, որ  այդպիսի աշխատանք կատարելու առաջարկ չեն ստացել և ոչ մի ծանրորդից փորձանմուշ չեն վերցրել:

Ընդունված կարգի համաձայն` մարզական ֆեդերացիաները պաշտոնապես դիմում են, և փոխհամաձայնեցված ստուգումներ են իրականացվում:  Դրա համար հակադոպինգային մասնագետները վարձատրվում են և այլն: «Համագործակցում ենք Հայաստանի բռնցքամարտի, ըմբշամարտի ֆեդերացիաների հետ: Իսկ թե Հայաստանից ովքեր են բռնվել արգելված դեղամիջոցներ օգտագործելու հանցանքում, ոչինչ չգիտեք և չենք էլ ցանկանում այդ թեմային անդրադառնալ»,- ասաց Հովհաննիսյանը:

Ի դեպ, Հայաստանի հակադոպինգային կենտրոնը վերջերս հավաստագիր է ստացել: Փաստորեն, հաստատվել է, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են հակադոպինգային ծառայություններ մատուցել Միջազգային օլիմպիական կոմիտեի «ՎԱԴԱ» հակադոպինգային կազմակերպության չափորոշիչներին համապատասխան: Առաջին պահանջն այն է, որ հակադոպինգային կենտրոնի աշխատակարգի կանոնները համապատասխանեն միջազգային կանոններին: Դեռ 2009-ից  է այդ պահանջը մերոնց կողմից կատարվում: Երկրորդ` պետք է աշխատել միջազգային հակադոպինգային թեստավորման սկզբունքներով, դոպինգի ստուգումը ճիշտ իրականացնել: Բացի այդ, հակադոպինգային կենտրոնը պետք է  անկախ լինի, նաև` ապահովագրված: Ապահովագրության հարցը կարևոր է: Եթե որևէ մարզիկ հակադոպինգային կենտրոնին դատի տա, ապա այդ ծախսերը պետք է վերցնի ապահովագրական կազմակերպությունը: Այդ պարտականությունը ստանձնել է «Նաիրի» ինշուրանսը: Հավաստագիրը հատկացնելու համար ստուգում է կազմակերպվել, որն իրականացրել են Գերմանիայի հակադոպինգային ծառայության մասնագետները:

Ի դեպ, Հայաստանի հակադոպինգային կենտրոնի մասնագետներն աստիճանաբար ճանաչում են ստանում: Նրանցից երեքը` Անժելա Սահակյանը, Դավիթ Մոսինյանը և Խորեն Մանուկյանը, հավակնում են, որ կսպասարկեն 2014-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը: Դա Ռուսաստանի «Ռուսադա» հակադոպինգային կազմակերպության մասնագետների առաջարկի շնորհիվ է, որոնք Հայաստան են այցելել և ծանոթացել մեր երկրի մասնագետների հնարավորություներին:

 

Ի դեպ, ռուսական հակադոպինգային կազմակերպությունն իր կայքն ունի, որում անմիջականորեն հարապարակում են դոպինգի հետ կապված, բոլոր բացահայտումները: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում մեր երկրում էլ նույնատիպ կայք է գործելու: «Հունիսի 1-ին Հայաստան են ժամանելու հակադոպինգային 9 երկրների ներկայացուցիչներ: Բարձրացվելու են հրատապ հարցեր: «Անի» հյուրանոցում 3 օր շարունակ մի շարք հիմնախնդիրներ են քննարկվելու: Հայաստանի ներկայացուցիչները զեկուցումով են հանդես գալու, քանի որ մեր երկիրը տարածաշրջանում առաջինն է, որը հակադոպինգային միջազգային աշխատանքներ կատարելու հավաստագիր է ստացել: Ի դեպ, մայիսի 23-ին էլ Մոսկվայում կայանալու է ԱՊՀ հակադոպինգային կազմակերպության համաժողովը, որում կրկին Հայաստանի ներկայացուցիչները զեկուցելու են իրենց փորձի մասին: Իսկ աշխատանքային  պատվերներ ունենք ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից: Մասնավորապես, առաջիկայում ստուգվելու են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, նրանց ևս երեք թիմակից ու երկու ազատ ոճի ըմբիշներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Այնթափ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան վիրավորներ

պայթյուն  Մայիսի 17-ին, ժամը 01.44-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 12 փողոցի թիվ 10 տանը տեղի է ունեցել պայթյուն, որն ուղեկցվել է փլուզումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Պարզվել է, որ  տեղի է ունեցել  պայթյուն` հրդեհի բռնկմամբ, ինչից տեղի է ունեցել շենքի կոնստրուկցիոն տարրերի մասնակի փլուզում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը`  տեղի ուժերով տանից դուրս են բերվել 1958 թ. ծնված Իշխան, 1963 թ. ծնված Գյուլնարա, 1986 թ. ծնված Արտակ, 1988 թ. ծնված Աննա, 1998 թ. ծնված Ժաննա, 1984 թ. ծնված Արա Պետրոսյանները  և 1987 թ. ծնված Հայարփի Հովհաննսիյանը:

Արտակ Պետրոսյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Գյուլնարա Պերտրոսյանին տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

 

 

Ընկերության վատ սպասարկումից զայրացած` 276,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ Մազերատի մեքենայի չինացի սեփականատերը ցուցասրահի առջև ջարդել է իր մեքենան

ch1Շքեղ Մազերատի մեքենայի տերը վարձել է երեք տղամարդու իր մեքենան ընկերության ցուցասրահի առջև ջարդելու համար՝ բողոքելով իտալական արտադրողին վատ սպասարկման դեմ:

Վան ազգանունով մեքենայի սեփականատերը դիտել է, թե ինչպես են Չինաստանի Ցինդաո քաղաքում իր 276,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ մոդելը վերածում ջարդոնի:

Նա հայտնել է, որ ինքն ընկերության տեղի ներկայացուցչությանը դիմել է մի շարք որակական հարցերով և ծառայությունից դժգոհ է մնացել:

Փորձելով ուշադրություն գրավել իր խնդրի վրա՝ Վանգը միջազգային ավտոշոուի անցկացման օրը Ցինդաոյին միջազգային հավաքույթների կենտրոնի շենքի առջև կազմակերպել է այդ անսովոր բողոքի ակցիան:

«Հուսով եմ, որ օտարերկրյա մեքենա արտադրողները հասկանում են, որ չինացի հաճախորդները իրավունք ունեն բրենդին համապատասխան ծառայություն ստանալ» ,-ըստ France-Presse գործակալության՝ Ցինդաոյի Morning Post-ին հայտնել է Վանգը:

Ըստ Car News China-ի՝ Վանգը ավելի քան երկու տարի ձգվող թշնամական հարաբերությունների մեջ է եղել ընկերության տեղի ներկայացուցչության հետ:

2011թ-ին Ցինադաոյի բիզնեսմեններից մեկը հաճախորդների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը վարձել էր մի քանի տղամարդու իր 750,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ Լաբորջինին ոչնչացնելու համար, երբ մեխանիկը չէր կարողացել լուծել իր մեքենայի շարժիչի հետ կապված խնդիրը:

Թունավորումներ Հայաստանի Հանրապետությունում

vraertՄայիսի 16-ին, ժամը 13.06-ին, տեղեկություն է ստացվել, որ դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով Երևանի «Արմենիա» բժշկակական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի բնակիչ` 1973 թ. ծնված Ա. Ավանյանը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

***

Նույն օրը, ժամը 13.49-ին, տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շահումյան գյուղի բնակչուհի ` 2006 թ. ծնված Ս. Խառատյանը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

***

Նույն օրը, ժամը 17.25-ին, տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակչուհի ` 2011 թ. ծնված Մ. Գաբոյանը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Մրցույթներ` Սլովակիայի և ԻԻՀ բուհերում սովորելու համար

կգնՀՀ կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է  2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակների մրցույթներ` Սլովակիայի և Իրանի Իսլամական հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար:

 

Բիլլ Գեյթսը գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցանկը

i (4)Microsoft –ի հիմնադիր Բիլլ Գեյթսը,  ըստ Bloomberg-ի գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակը: Ըստ տվյալների, 58-ամյա Գեյթսի կարողությունը գնահատվում է 72,7 մլրդ դոլար: Այս տարի նրա ակտիվներն ավելացել են 10 մլրդ դոլարով: Վերջին անգամ Գեյթսն աղյուսակը գլխավորել է 2007-ին:

Այս տարի Microsoft-ը առաջին հորիզոնականից դուրս է մղել  մեդիամագնատ Կառլոս Սլիմսին, որը 2010-2012-ի աշխարհի ամենահարուստ մարդն էր ճանաչվել: Նրա կարողությունը տարվա սկզին արդեն 2 մլրդ դոլարով նվազել է ու հիմա գնահատվում է 72,1 մլրդ դոլար:

Երրորդ տեղն առաջվա պես զբաղեցնում է  ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը:

 

Տեղումները կշարունակվեն

big_1368783569_Bird-In-Rain-HD-WallpaperՈւշադրություն

Մայիսի 18-22-ը առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

ՀՀ տարածքում՝

Մայիսի 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 21-22-ին շրջանների զգալի մասում, 19-20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 19-22-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ 19-ի ցերեկը նույնքանով կնվազի:

Երևանում՝

 

Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ:

Մայիսի 19-20-ին ժամանակ առ ժամանակ, 21-22-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին սպասվում է ամպրոպ և անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

Երևանի մայիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝  34.10C (1962 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝     5.20C (1954 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.60C

Հայաստանի դրոշը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև

342. Armenian flag was raised in front of the city hall of Strasbourg 17.05.2013(3)Մայիսի 16-ին, ի նշանավորումն Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության, Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Ստրասբուրգի քաղաքապետ Ռոնալդ Ռիեսը, Անդորրայի ԱԳ նախարար, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախորդ նախագահ Ժիլբերտ Սաբոյա Սունյեն և Ստրասբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Առաջիկա վեց ամիսներին Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև ծածանվելու են Ֆրանսիայի, Եվրախորհրդի և Հայաստանի դրոշները:

Ելույթ ունենալով դրոշի բարձրացման արարողությանը՝ Հայաստանի ԱԳ նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանն ասաց.

«800 միլիոն եվրոպացիների համար Ստրասբուրգը՝ Եվրոպայի խորհրդի նստավայրը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խորհրդանիշ է։ Իր մշակութային և ճարտարապետական ժառանգության բազմազանությամբ Ստրասբուրգն ինքնին մարմնավորում է եվրոպական  բազմազանությունը:

Հայաստանի նախագահությունը հնարավորություն կընձեռի ստրասբուրգցիներին ծանոթանալու Հայաստանին և հայ մշակույթին՝ շնորհիվ այն միջոցառումների, որոնք մենք նախատեսում ենք համատեղ կազմակերպել Ստրասբուրգի քաղաքապետարանի հետ»:

Եզրափակելով խոսքը նախարար Նալբանդյանը նշեց, որ ժողովուրդների և պետությունների պատմության մեջ կան պահեր, որոնք ընդմիշտ մնում են բազում սերունդների հիշողության մեջ։ Այս օրը՝ 2013թ. մայիսի 16-ը, կդառնա Հայաստանի համար այդպիսիներից է։

Բարեգործական համերգ՝ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին օգնելու համար

20.05Մայիսի 20-ին՝ ժամը 19.30, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) և RP Musical management կազմակերպությունը նախաձեռնել են բարեգործական համերգ՝ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին օգնելու համար։ Համերգային նախագծի շրջանակներում աջակցություն է ցուցաբերում նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

ՀՊԵՆ-ը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և բրիտանացի ջութակահար Ռաֆայել Զամբռզիսկի-Պեյնը կներկայացնեն Չայկովսկու, Մենդելսոնի ստեղծագործությունները, Մոցարտի ջութակի թիվ 5 կոնցերտը։ Համերգին որպես հրավիրյալ դիրիժոր կմասնակցի նաև Թոմաս Քարոլը։

Համերգից ստացված միջոցները կուղղվեն կրթօջախի ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի բարելավմանը։

Նշենք, որ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցը կառուցվել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Միացյալ Թագավորության կողմից։ Դպրոցի բացման արարողությանը 1990թ. հունիսի 10-ին ներկա է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մշտապես հանդես է գալիս բարեգործական ելույթներով։ Նվագախմբի համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվում է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Յուրա Մովսիսյանն ուղևորվել է Կրասնոդար

յուimagesՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի թիմը` «Կրասնոդարը», Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության  29-րդ տուրի շրջանակում մայիսի  18-ին կմրցի նրա ներկայիս ակումբի`  Մոսկվայի «Սպարտակի» հետ:

Այսօր «Սպարտակը» ուղևորվեց Կրասնոդար: Թիմի հետ մեկնել են 19 ֆուտբոլիստներ, նաև Մովսիսյանը, որը վնասվածքից հետո ապաքինվել է:

Խաչատուրովը` Մոլդովայի կրկնակի չեմպիոն

Արտյոմ ԽաչատուրովՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արտյոմ Խաչատուրովի թիմը` Տիրասպոլի «Շերիֆը», դարձել է Մոլդովայի չեմպիոն:

31-րդ տուրում  «Շերիֆը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասավ «Զիմբրուի» նկատմամբ:

Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Շերիֆը» վաստակած իր միավորների պաշարը հասցրեց 71-ի և անհասանելի դարձավ մրցակիցների համար: Թիմը Մոլդովայի առաջնությունում լավագույն է ճանաչվում 12-րդ անգամ` 2-րդ անգամ անընդմեջ:

«Շերիֆի» կազմում երկրորդ անգամ անընդմեջ ոսկե պարգև կստանա նաև Խաչատուրովը:

Երևանի ավագանու ընտրություններ. Քրեական գործն ուղարկվեց դատարան

դատարանԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Ղ.Մկրտչյանի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. մայիսի 5-ին` Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը, Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Ղ.Մկրտչյանը, Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով, գնացել է թիվ 11/32 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ:

Նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Ղ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ֆրանսիական օրենքներից կհանեն ռասաների մասին հիշեցնող բառերը

Ֆրանսիայի ազգային ասամբլեայի պատգամավորները քվեարկել են ֆրանսիական օրենսդրությունից “ռասա” բառը հանելու օգտին, հայտնել է Radio France-ը:

Օրինագիծն առաջարկել է Ձախ ճակատ  միությունը: Ձեռնակի հեղինակներից մեկի` Ալֆրեդ Մարի-Ժանի կարծիքով, “ռասա” բառը տեղ չպետք է ունենա ֆրանսիական օրենսդրության  մեջ, քանի որ այդ կոնցեպցիան “հիմք է դարձել վատթարագույն  գաղափարախոսության”:

pic_1368777183Եթե օրենքի նախագիծն ընդունվի, ապա փոփոխություններ կմտցվեն քրեական օրենսգրքում, 1881-ին ընդունված մամուլի ազատության օրենքում:

Սոցիալիստ պատգամավորները հույս ունեն, որ նման ուղղումներ կմտցնեն հաջորդ փուլով , հուլիսին: Նախագահ Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր հիմնական օրենքում փոփոխություն մտցնել:

Ֆրանսիայում հիմա գործում է Հինգերորդ հանապետության սահմանադրությունը, որն ընդունվել է 1958-ին, նախագահ Շառլ դը Գոլի նախաձեռնությամբ: Հիմնական օրենքի առաջին հոդվածում ասվում է.”Ֆրանսիան անբաժանելի , աշխարհիկ, սոցիալիստական, դեմոկրատական Հանրապետություն է: Նա ապահովում է օրենքի առաջ հավասարություն բոլոր քաղաքացիների համար, անկախ ծագումից, ռասայից ու կրոնից”:

Դասընթացներ` նախազորակոչային տարիքի երիտասարդների համար

պն«Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ աջակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ, նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում 2012թ. հոկտեմբերի 1-ից իրականացնում է ռազմահոգեբանական, սոցիալական և ընդհանուր իրավական իրազեկվածության վերաբերյալ ծրագիր: Ծրագրի շրջանակներում, այս պահի դրությամբ, դասընթացներ են իրականացվել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի 38 ավագ դպրոցներում: Վարժանք-պարապմունքները անցկացվում են ՀԿ և ԵՊՀ համապատասխան ոլորտի փորձագետների կողմից: Դասընթացներին մասնակցում են նաև դպրոցների զինղեկներն ու հոգեբանները, ինչպես նաև զինկոմիսարիատների աշխատակիցները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև  դասընթացներին մասնակցած երեխաների այցելություն ՀՀ ՊՆ զորամասեր:

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը

3027Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հեմիշ Կուպերը:

Նախագահը շնորհավորել է մեր երկրում Նոր Զելանդիայի առաջին դեսպանին և հույս հայտնել, որ միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևոր ու պատասխանատու այդ պաշտոնում պրն. Կուպերն իր անձնական ներդրումը կունենա երկկողմ կապերի ամրապնդման և Հայաստանի ու Նոր Զելանդիայի միջև հարաբերություններում առաջընթաց ապահովելու գործում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 20 տարիներին, համագործակցության և հարաբերությունների զարգացման առկա մեծ ներուժը լիարժեք չի օգտագործվել, և ժամանակն է այդ բացթողումը լրացնելու:

Հանդիպմանը կարևորվել է նաև Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև սերտ փոխգործակցության հաստատումը միջազգային կառույցների շրջանակներում:

Դեսպան Հեմիշ Կուպերը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ համագործակցությունը երկու երկրների միջև հնարավոր բոլոր բնագավառներում զարգացնելու համար:

Սիրիական հարցի շուրջ բողոքող ցուցարարներին թուրքական ոստիկանությունը դիմավորել է արցունքաբեր գազով

t1Այսօր Ստամբուլում Սիրիայի նկատմամբ վարած Թուրքիայի կառավարության քաղաքականության դեմ բողոքող ցուցարարներին ոստիկանությունը դիմավորել է արցունքաբեր գազով և ջրաշիթերով:

Anatolia  լրատվական գործակալության տվյալներով՝ ոստիկանության սպաները փակել են ցուցարարների ճանապարհը, երբ նրանք երկու խմբով քայլել են դեպի Դոլմաբահչե պալատի մոտ գտնվող Բեշիկթաշ թաղամաս:

Որոշ ցուցարարներ փորձել են բարձրանալ ոստիկանների կողմից տեղադրված արգելապատնեշը, սակայն ոստիկանները նրանց նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ և ջրաշիթեր: Ցուցարարների մի մասը պատսպարվել է մոտակայքում գտնվող Դոլմաբահչե մզկիթում:

Նամանատիպ ցույց երեկ տեղի էր ունեցել Անկարայում, որտեղ ուսանողների և անվտանգության աշխատակիցների միջև բախումներ էին տեղի ունեցել՝ ցույցի ժամանակ ձերբակալվել է 30 մարդ, երկուսը վիրավորվել են:

Ստամբուլի և Անկարայի ցուցարարները բողոքում են Թուրքիայաի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի՝ սիրիական ապստամբներին աջակցելու դեմ:

Սիրիան մեղադրել էր Թուրքիայի կառավարությանը ապստամբներին զենքեր, պայթուցիկներ, մեքենաներ, կործանիչներ և գումար մատակարարելու համար:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հյուրընկալել է ընդդիմության առաջնորդների, ապստամբ հրամանատարների և հազարավոր սիրիացի փախստականների: