ՊՆ-ն հայտարարում է իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում

պնՀիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին գլխի 4-րդ հոդվածի 3-րդ կետը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2013/2014 ուսումնական տարում հայտարարում է իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում։

Ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող, 18 տարին լրացած, ֆիզիկապես կոփված, «մաթեմատիկա» և «ֆիզիկա» առարկաներից միասնական քննության վկայագիր ներկայացնող իգական սեռի ներկայացուցիչները, որոնց առողջական վիճակը բավարար կճանաչվի ռազմաուսումնական հաստատությունում սովորելու և հետագա զինվորական ծառայություն անցնելու համար։

Ընդունելությունը կատարվելու է ՀՀ ՊՆ հետևյալ ռազմաուսումնական հաստատություններում.

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ,

ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ։

Ընդունելությանը մասնակցելու համար դիմորդները մինչև ս.թ. հուլիսի 1-ը փաստաթղթերը պետք է ներկայացնեն բնակության վայրի զինվորական կոմիսարիատներ:

Հանրային խորհրդում քննարկվել է գազի գինը. մասնակցել է նաև ՀԾԿՀ նախագահը

ՀԽ քննարկումՀանրային խորհրդում վերջին օրերին աշխատանքային քննարկումներ են անցկացվել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ ինչպես ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում, այնպես էլ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում:

Հունիսի 5-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ Հանրային խորհրդում գազի սակագնի վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀԽ անդամներ Վազգեն Սաֆարյանը, Արշակ Սադոյանը, Ռոբերտ Աթոյանը, Հայկ Սարգսյանը, ՀԽ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի անդամներ:

Վազգեն Մանուկյանն իր խոսքում նշեց, որ գազի սակագնի կտրուկ աճն ավելի կխորացնի երկրում առկա սոցիալական լարվածությունը` առաջ բերելով մի շարք բացասական հետևանքներ:

Հանրային խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր ուղղեցին Ռոբերտ Նազարյանին, որոնք մասնավորապես վերաբերում էին «Հայռուսգազարդ» ընկերության ծախսերի ծավալին, աշխատավարձերի ֆոնդին, աշխատավարձերի նախատեսվող բարձրացման հիմնավորումներին, սահմանի և բաժանորդներին հասնող գազի գնի միջև առկա մեծ տարբերությանը (գրեթե կրկնակի, մինչդեռ ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանի դիտարկմամբ` Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներ ունեցող երկրներում այդ տարբերությունը 40-50 տոկոս է) և այլ հարցերի:

Ռոբերտ Նազարյանի խոսքով` իրենք արել են հնարավոր ամեն բան` գազի առաջարկվող սակագինը նվազեցնելու ուղղությամբ: Միաժամանակ նա շեշտեց, որ կան նաև օբյեկտիվ հանգամանքներ, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել. նյութատեխնիկական ծախսերի ավելացում, աշխատողների թվի աճ, ներդրումային ծախսեր, գազօգտագործողների թվի աճ և այլն:

ՀԽ անդամ Ռոբերտ Աթոյանը նշեց, որ անգամ այդ փաստարկների դեպքում հնարավոր է գտնել մեխանիզմներ սակագինն առավել նվազեցնելու համար:  Նա բարձրացրեց ոչ միայն «Հայռուսգազարդի» աշխատողների աշխատավարձի հարցը` նշելով, որ դա այս պահին արդարացված չէ, այլև ընդգծեց օտարերկրյա անկախ փորձագիտական ընկերության կողմից ընկերության կառավարման և գործունեության արդյունավետության մոնիթորինգի իրականացման անհրաժեշտությունը:

Ռոբերտ Նազարյանը հայտնեց, որ իրենք հնարավորինս մեծ թվով կրճատել են ընկերության կողմից աշխատավարձերի բարձրացման առաջարկվող թիվը:

ՀԽ անդամներից մեկն առաջարկեց գազի սակագները սահմանել տարբերակված եղանակով, օրինակ` ըստ սեզոնի, նշելով, որ նման պրակտիկա արտերկրում գոյություն ունի: Ռոբերտ Նազարյանն ասաց, որ առաջարկը կարելի է առանձին քննարկել:

Բարձրացվեց նաև մարզերի համար տարբերակված մոտեցում ցուցաբերելու հարցը՝  հաշվի առնելով աշխարհագրական դիրքը (առավել ցուրտ մարզերում սահմանել ցածր սակագներ` ելնելով գազի օգտագործման առավել մեծ ժամանակահատվածից) և այլն:

Քննարկման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքային խումբ ձևավորել ՀԽ անդամների և ՀԾԿՀ մասնագետների միջև և համատեղ շարունակել աշխատանքը՝ գազի սակագինը նվազեցնելու հնարավոր այլ տարբերակներ գտնելու ուղղությամբ:

 

ՃՏՊ Երևան-Երասխ ճանապարհին, մեկ մարդ զոհվել է, մեկը հիվանդանոցում է

ՃՏՊ երևան-երասխ ճանապարհինՀունիսի 5-ին, ժամը 22.33-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի ուսումնարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 31ՍՕ779 պետհամարանիշով (վարորդ՝ Վիլիկ Մարգարյան` ծնվ.1967թ. ) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտում, ինչից ուղևոր Տիգրան Վարդանյանը տեղում զոհվել է:
Հրշեջ-փրկարարները Վ.Մարգարյանին մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:

Փրկարարները 4 օձ են հայտնաբերել և տեղափոխել անվտանգ տարածք

օձՀունիսի 5-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դ.Անհաղթ փողոցի թիվ 3 շենքի 4-րդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:  Ժամը 23.42-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Հունիսի 5-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում` զորամասի մոտակա խանութում, օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օձը նկատվել է Նոր Գեղի գյուղի Գ.Նժդեհ փողոցի թիվ 1 շենքում` մթերային խանութում: Ժամը 18.14-ին տեղի ուժերով օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Հունիսի 5-ին, ժամը 17.08-ին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր 1-ին նրբանցքի թիվ 66 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փևկարարական ջոկատը:  Ժամը 17.50-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Հունիսի 5-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Չափնի գյուղի տներից մեկի տանիքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Ժամը 18.00-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ` ծանոթացել կարկտահարությունից առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին

10448_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Արմավիր համայնք՝ ևս մեկ անգամ ծանոթացել գյուղացիական տնտեսությունների խնդիրներին, համայնքների ղեկավարների կողմից կազմված առավել անապահով ընտանիքների ցուցակներին, ներկայացրել կառավարության կողմից առաջիկայում ցուցաբերվելիք օժանադակության ծրագրերը:
Վարչապետը տեղեկացրել է, որ հունիսի 6-ի կառավարության նիստում որոշում է կայացվելու համայնքների ղեկավարների կողմից ներկայացված առավել կարիքավոր ընտանիքների ցուցակներում տեղ գտած գյուղացիական տնտեսություններին օժանադակել կանխիկ գումարով: «Օգնելու ենք, որպեսզի կարիքավոր ընտանիքները կարողանան լուծել կարագի, հացի, ձեթի հարցը: Ցուցաբերվելու է առարկայական օգնություն: Հանրապետության նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում հանրապետության նախագահը հանձնարարել է մեզ՝ ձեզ հետ միասին մտածել, թե ինչպես նվազեցվեն գյուղացիական տնտեսությունների ռիսկերը: Տրամադրելու ենք պարարտանյութ, վառելիք, սերմացու, կարիքավոր ընտանիքներին օգնելու ենք կանխիկ գումարով: Օգնելու ենք ձեզ այգիներում ներդնել կաթիլային ոռոգման համակարգ, կիրառել ցանցային տեխնոլոգիաներ: Բացի այդ, Արմավիրի մարզում ներդրվելու են 50 նոր հակակարկտային կայաններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ կառավարության անդամներն իրենց անձնական եկամուտներից հատկացումներ են արել պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամին:
Անդրադառնալով գյուղացիների վարկային խնդիրներին՝ կառավարության ղեկավարը հորդորել է դրանց հետ կապված անմիջապես դիմել Կենտրոնական բանկի թեժ գծին և ներկայացնել բանկի կամ վարկային կազմակերպության հետ առկա հարցերը, որից հետո կառաջարկվեն համապատասխան լուծումներ: Վարչապետը վստահեցրել է, որ գյուղացիների վարկային բոլոր պայմանագրերը գտնվելու են մոնիթորինգի տակ՝ բացթողումները կանխելու համար:
10448_am_5Տիգրան Սարգսյանն այցելել է նաև Արմավիրի մշակույթի կենտրոն՝ ծանոթացել այնտեղ առկա պայմաններին: Գյուղացիներից մեկը նշել է, որ չնայած կենտրոնի վերանորոգմանը՝ այն չունի անհրաժեշտ տեխնիկական միջոցներ՝ ներկայացումներ բեմադրելու համար: Վերջինս խնդրել է կառավարության ղեկավարին՝ օժանադակել 1 մլն դրամով՝ բեմադրություններն իրականացնելու համար: Տիգրան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել փոխանցել անհրաժեշտ միջոցները և նշել, որ մեկ ամիս անց այցելելու է գյուղ՝ խոստացված ներկայացումը դիտելու համար:
Հանդիպման ավարտին գյուղացիները շնորհակալություն են հայտնել վարչապետ Սարգսյանին՝ իրենց խնդիրներին զորավիգ լինելու համար:
Երևան վերադառնալու ճանապարհին վարչապետն այցելել է նաև կարկտահարությունից տուժած դաշտեր՝ ծանոթացել այնտեղ աշխատանքներ իրականացնող գյուղացիների խնդիրներին, ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվելիք ծրագրերը:

Իրական ժամանակում՝ ՃԿԿ-ի մոնիտորի վրա

ճկկՀայկական ատոմային էլեկտրակայանի շուրջ անգլիական արտադրության GURALP-6TD մակնիշի 6 թվային սեյսմիկ կայանների տեղակայման աշխատանքները շարունակվում են:Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ջանքերով անհրաժեշտ տվյալներն իրական ժամանակում արդեն հաղորդվում են ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն:

Ավելի վաղ ապահովվել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղակայված IRIS համաշխարհային սեյսմոգրաֆիական ցանցի «Գառնի» սեյսմիկ կայանի տվյալների իրական ժամանակում հաղորդումն ԱԻՆ ՃԿԿ:

Կծու բրնձագնդեր

բրնձագունդԲաղադրությունը

1 գլուխ սոխ

20 գ բրինձ

2 ճաշի գդալ կարագ

2 ճաշի գդալ կտրատած թարմ կանաչի

1 կծու տաքդեղ

1 ձու

15 գ աղացած կամ քերած պանիր

աղ, պղպեղ

4 ճաշի գդալ պաքսիմատ

Պատրաստման եղանակը

Պանիրը քերել: Սոխը կտրատել ու տապակել կարագով, ավելացնել բրինձը , խառնել, վրան եռման ջուր ավելացնել ու եփել: Ընթացքում ավելացնել քերած պանրի մի մասը, խառնել ու թողնել որ սառչի: Հովացած բրնձի վրա ավելացնել կանաչի , ձու, պանրի մնացածը, համեմել աղ ու պղպեղով,  լավ խառնել: Ստացված զանգվածից գնդեր ձևավորել, թաթախել պաքսիմատի մեջ ու տապակել ձեթով: Մատուցել թարմ կանաչիով:

Քնջութով թխվածքաբլիթ «Մարոկկո»

քունջութ3 բաժակ քնջութի սերմ

2 ու կես բաժակ ալյուր

1 բաժակ ձեթ

1 բաժակ ջուր

1 բաժակ շաքարափոշի

1 թ/գդալ վանիլին:

Մեծ թասի մեջ խառնել բոլոր չոր բաղադրիչները , ապա ավելացնել ձեթն ու անընդհատ խառնել, ապա դանդաղորեն վրան լցնել ջուրը.սկզբում շատ քիչ: Խմորը պետք է լինի հարթ, թեթևակի կպչուն: Ջեռոցը տաքացնել 1650, խմորը բաժանել 3 մասի ու ծածկել պոլիէթիլենե թաղանթով և դնել սառնարանը 20 րոպե, եթե այն կպչուն է: Ապա հանել ու  կես սմ հաստությամբ գրտնակել: Բաժակով շրջաններ կտրատել ու տապակի վրա շարել, թխել մինչև վարդագունելը:

Ռուսաստանը և աշխարհը նշում են Ռուսաց լեզվի օրը

iԱյսօր , հունիսի 6-ին աշխարհի հասարակությունը նշում է Ռուսաց լեզվի օրը:

2010-ին ՄԱԿ-ի հասարակայնության հետ կապերի դեպարտամնետը տոներ հաստատեց` նվիրված  կազմակերպության 6 հիմնական լեզուներին: Ռուսաց լեզվի համար ընտրվել է Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը:

Ռուսերենը սլավոնական լեզուներից ամենատարածվածն է,  ու ամենատարածված եվրոպական լեզուն է աշխարհագրական իմաստով: Աշխարհում հաշվվում է 150 մլն ռուսախոս, ևս 100 մլն-ի համար այն երկրորդ լեզու է հանդիսանում:

Բացի այդ, ռուսերենը որոշ ԱՊՀ երկրներում , այդ թվում` Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի պաշտոնական լեզու է ճանաչվել:   Հետաքրքրական է, որ խոսակցական ռուսաց լեզուն պարտադիր կարգով  ուսումնասիրում են  ՄՏԿ-ից թռիչքի պատրաստվող  բոլոր տիեզերագնացները:

Առաջին անգամ Դանուբի մակարդակը գերազանցել է 10 մետրի նիշը

761663Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ջրհեղեղի կապակցությամբ հայտարարվել է արտակարգ դրություն : Երկրի պատմության մեջ առաջին անգամ Դանուբի ջրի մակարդակը գերազանցել է 10 մետրը:

Օդերևութաբանների վերջին տվյալներով, Դանուբի ջրի մակարդակը կազմում է 10.01 մ: Վերջին ուժեղ ջրհեղեղի ժամանակ, 2002-ի օգոստոսի 16-ին ջրի մակարդակը հասել էր 9.92 մ-ի:

Ֆիլադելֆիայում բազմահարկ շենք է փլուզվել

d40efa8c3f0dae7de02ef359498fbd6dՓենսիլվանիայի հյուսիս արևմուտքում գտնվող խոշորագույն քաղաքում փլուզվել է բազմահարկ արտադրական շենք: Լուրջ վնասվածքներով 12 մարդ է տեղափոխվել հիվանդանոց: Ենթադրվում է, որ 2-ն էլ գտնվում են ավերակների տակ: Տեղում ավելի քան 100 փրկարար է աշխատում:

Դեպքը կատարվել է հարևան շենքի քանդման աշխատանքների ժամանակ.ենթադրվում է, որ ավերված շենքից բեկորներ են ընկել հարևան շենքի վրա ու երրորդ շինության  մասնակի փլուզման պատճառ դարձել:

 

Ինչպե՞ս են իրականացվում ծնողական իրավունքները

ծնողական իրավունքՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ): Ծնողական իրավունքները դադարում են երեխաների 18 տարեկանը լրանալով, ինչպես նաև սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, օրենքով նախատեսված կարգով մինչև չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում:

Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակել իրենց երեխաներին: Նրանք պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին:

Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք:  Նրանք պարտավոր են նաև ապահովել երեխաների կրթություն ստանալը: Ծնողները, երեխաների կարծիքը հաշվի առնելով հանդերձ, ունեն կրթական հաստատության և երեխաների ուսուցման ձևի ընտրության իրավունք մինչև երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը:

Երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դրվում է նրանց ծնողների վրա: Ծնողները համարվում են իրենց երեխաների օրինական ներկայացուցիչները և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ առանց լիազորագրի հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում:

Ծնողական իրավունքների իրականացումն ունի որոշակի առանձնահատկություններ: Դա, մասնավորապես, դրսևորվում է նրանով, որ ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ: Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:

Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը: Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը:

Ծնողական իրավունքներն ի վնաս երեխաների իրավունքների և շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով 10 տարին լրացած երեխայի կարծիքը: Ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են առկա տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան:

Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով 10 տարին լրացած երեխայի կարծիքը: Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Մայքլ Ջեքսոնի դուստրը փորձել է ինքնասպան լինել

400-p15-ամյա Պերիս Ջեքսոնին հիվանդանոց են տեղափոխել: Որոշ տվյալներով, աղջիկը փորձել է ինքնասպան լինել: Կալաբասասի շրջանում գտնվող Ջեքսոնների տնից փրկարարական ծառայություն երեքշաբթի, գիշերը 1:30-ին զանգ հնչեց,:

Աղջկա հարազատների խոսքով, Պերիսը կտրլ էր երակները: Նախօրեին աղջիկը սոցցանցի իր էջում մի շարք հանելուկային գրություններ է արել.”Հետաքրքիր է, ինչու են արցունքներն աղի”: Մեջբերել է The Beatles – Yesterday.-ից.”Դեռ երեկ իմ բոլոր խնդիրներն այնքան հեռու էին, իսկ այսօր դրանք կրկին հաստատվել են իմ կյանքում”,գրել է նա:

Ջեքսոնի մայրը հաստատել է, որ Պերիսը խոր դեպրեսիայի մեջ է արդեն 4 տարի.այն ժամանակվանից, երբ մահացավ հայրը` Մայքլը:

Սակայն Ջեքսոնների ընտանիքի մտերիմներն ասում են, որ աղջիկը կարող էր այդպես վարվել այն պատճառով, որ իրեն դրանից առաջ արգելել էին գնալ Մերլին Մենսոնի համերգին:

Այլ մեկնաբանություններ Ջեքսոնների կողմից դեռևս չկան:

Բժիշկներն ասում են, որ Պերիս Ջեքսոնի կյանքին վտանգ հիմա չի սպառնում:

Glamour ամսագիրը Վիկտորյա Բեքհեմին տասնամյակի գլխավոր կին է ճանաչել

o_783455Հունիսի 4-ին կայացավ ամենամյա “Տարվա կին” հանդիսությունը, որը կազմակերպել էր Glamour ամսագիրը: Հանդիսության ժամանակ մրցանակներ հանձնվեցին թույլ սեռի ներկայացուցիչներին ու  տասնամյակի տիկին ընտրեցին:

Միջոցառման հիմնական պարգևը հասավ մոդելավորող ու Spice Girls խմբի անդամ Վիկտորյա Բեքհեմին: Նա անցած տասնամյակի գլխավոր տիկին ճանաչվեց: Ինքը, հաղթողը նշեց, որ իր համար մոլորակի ամենագլխավոր կինն իր մայրն է:  Հանդիսության ընթացքում պարգևներ հանձնվեցին արվեստի ու նորաձևության ոլորտի կանանց. տարվա երգչուհի ճանաչվեց Ռիտա Օրան, լավագույն դերասանուհի` Ռեբել Ուելսոնը: Մրցանակներից մեկը ստացավ Նիկոլ Շերզինգերը,որը ճանաչվեց   լավագույն հեռուստադեմք: Women Of The Year չմոռացան նաև  գլխավոր տղամարդ ընտրել,այս անգամ Դենիել Ռեդկլիֆն է արժանացել այդ տիտղոսին:

Վիկտորյա Բեքհեմը ծնվել է Մեծ Բրիտանիայում: Նա հասցրել է հանդես գալ որպես երգչուհի, մոդել, դիզայներ: 1999-ին  ամուսնացավ ֆուտբոլի աստղ Դևիդ Բեքհեմի հետ: Նրանք համատեղ 4 երեխա ունեն.3 որդի և մեկ դուստր:

 

 

Կուբայի արևմուտքում հորդառատ անձրևների պատճառով տագնապ է

0001-4e89328a-51afb9be-c108-00553036-188x118Կուբայի արևմուտքում գտնվող Պինար դել-Ռիո մարզում տագնապ է հայտարարվել տեղատարափ անձրևների պատճառով, որոնք տարածաշրջանում չեն դադարում արդեն մի քանի օր: Համապատասխան փաստաթուղթ է հունիսի 5-ին հրապարակել կղզի պետության քաղաքացիական պաշտպանության գլխավոր շտաբը:

Հավանայում, Արտեմիս և Մայաբեկե նահանգներում հայտարարվել է նախազգուշացում:

Բարեբախտաբար մարդկային զոհեր  ու նյութական մեծ վնասներ չկան, այնուամենայնիվ, Պինար-դել-Ռիոյի որոշ բնակավայրեր “մեծ երկրից” կտրվել են ջրամբարներում ու գետերում ջրի մակարդակի բարձրացման պատճառով:

ԿՀՎ-ի նախկին տնօրենին մեղադրել են կինոսցենարիստին գաղտնի տեղեկություն հաղորդելու մեջ

pic_a3eeb9c10812e947cd77e1ab70545fe1ԿՎՀ-ի նախկին տնօրեն Լեոն Պանետան  գաղտնի տեղեկություն է բարձրաձայնել Ուսամա բեն Լադենի մեկուսացման վերաբերյալ` “Թիվ 1 նպատակ” ֆիլմի սցենարիստի ներկայությամբ: Ինչպես գրում է Associated Press -ն` մեջբերելով ԱՄՆ ՊՆ քննիչների կազմած զեկույցը,  Պանետան  օպերացիայի հրամանատարի անունն է բացահայտել:

Նա հնչեցրել է հրամանատարի անունը ԿՀՎ-ի կողմից, 2011-ի օգոստոսի 24-ին օպերացիայի մասնակիցների պարգևատրման հանդիսության ժամանակ: Մնում է չպարզված, թե գիտեր արդյոք Պանետան,որ դահլիճում սցենարիստ կա:

Զեկույցի համաձայն, հետախուզության ևս մեկ բարձրաստիճան աշխատակից` Մայքլ Վիկերսը 2011-ին ռեժիսոր Քեթրին Բիգելոուին հայտնել է այն մարդու անունը, որը մշակել է Բեն Լադենի ոչնչացման օպերացիան:

Զեկույցը, որը ներկա դրությամբ հրապարակված չէ, պատրաստվել է կոնգրեսական Պիտեր Քինգի պահանջով, հետաքննության արդյունքերի հիման վրա: Կոնգրեսականը, որը լրագրողներին պատմել է զեկույցի բովանդակության մասին, կասկած ունի, որ հատուկ ծառայություններն են Բեն Լադենի ոչնչացման մասին տեղեկությունը հանձնել են ֆիլմը ստեղծողներին:

Ռեժիսոր Քեթրին Բիգելոուի “Թիվ 1 նպատակ” ֆիլմն  էկրան բարձրացավ 2012-ին: Այն պատմում է ամերիկյան հատուկ ծառայությունների` “թիվ մեկ ահաբեկչի” ոչնչացման օպերացիայի  մասին: Ֆիլմն անհանգստություն առաջացրեց ԱՄՆ Կոնգրեսում: Կոնգրեսականների մոտ հարց առաջացավ, որտեղից ֆիլմի հեղինակները գիտեին մանրամասները: Բացի այդ, ժապավենում փորձ է արվում արդարացնելու կտտանքները,ըստ սյուժեի ԿՀՎ-ն անհրաժեշտ տեղեկությունը ստանալու համար կտտանքներ է կիրառում:

Մոսկվայի մետրոյում բռնկված հրդեհի պատճառով էվակուացվել է 45,000 մարդ, երկու տասնյակ ուղևորներ վնասվածքներ են ստացել

m4Մոսկվայի մետրոյում բռնկված հրդեհի պատճառով էվակուացվել է 45,000 մարդ, երկու տասնյակ ուղևորներ վնասվածքներ են ստացել

Մոսկվայի մետրոյում երթևեկության ծանրաբեռնված ժամին բռնկված հրդեհից տասնյակ մարդիկ են վնասվել, հազարավոր մարդիկ էվակուացվել են, փակվել են ցանցի որոշ հատվածներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել էր Կարմիր հրապարակին կից Օխոտնիյ Ռյադ կայարանի թունելում էլեկտրական հոսանքի լարից:

Նախարարության տվյալներով՝ 45 մարդու բուժօգնություն է ցուցաբերվել, յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Տուժածների մեծ մասը ծխից շնչահեղձ վիճակում էին, հազարավոր մարդիկ էվակուացվել են:

Մինչ հրշեջները պայքարում էին կրակի դեմ, իշխանությունները փակել են Մոսկվայի կենտրոնական հատվածով անցնող մետրոյի գիծը:

Ականատեսների խոսքով՝ Մոսկվայի կենտրոնում ամբոխներ էին հավաքվել՝ մարդիկ ստիպված էին ոտքով գնալ աշխատանքի:

Մետրոն իր աշխատանքը վերսկսել է Մոսկվայի ժամանակով կեսօրին, սակայն կես ժամ անց որոշ հատվածներ փակվել էին, քանի որ այդտեղ ևս հայտնաբերվել են վտանգավոր հոսանքալարեր:

Մոսկվայի մետրոն բնակչության տեղափոխման հիմնական միջոց է համարվում և օրեկան սպասարկում է 7 միլիոն մարդու: