«Մենք լուրջ հետևություններ պետք է անենք». Հովիկ Աբրահամյան

Hovik-AbrahamyanԱզգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության 2013 թ. ծրագրի քննարկման ավարտին, կարևորելով հարցը, հանդես եկավ ելույթով: «Բոլորս հասկանում ենք, որ եթե մենք ֆինասավորում ենք էժան ու երկար վարկեր, ապա դա ուղղակի նպաստում է տնտեսության զարգացումը, իսկ եթե դրանք կարճ են և բարձր տոկոսներով, ապա խաթարում են  տնտեսության զարգացումը»:

Նա հորդորեց ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկին մտահոգ լինել և ամեն ինչ անել, որպեսզի տնտեսավարող սուբյեկտներին և վարկառուներին հասնեն երկարաժամկետ և ցածր տոկոսով վարկեր. «Այն ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են բանկերի կողմից, պետք է իրականանան, հակառակ դեպքում ձախողված է նաև բանկերի աշխատանքը»,-ընդգծեց նա:

Ըստ խորհրդարանի ղեկավարի` այն բոլոր հարցերը, որ այսօր բարձրացվեցին պատգամավորների կողմից, պետք է ճիշտ ընկալվեն. «Մեկ-մեկ մեր գործընկերները մի քիչ խախտում են սահմանները, բայց դուք մի վիրավորվեք, նրանք ուղղակի իրենց մտահոգությունն այդ ձևով են ներկայացնում: Ես համոզված եմ, որ մենք լուրջ հետևություններ պետք է անենք և ամեն ինչ անենք, որ մեր տնտեսությունը զարգանա, որից էլ ածանցվում են նույն այսօրվա արտագաղթը, նույն գործազրկությունը, որ 16 տոկոսից ավելի է, նույն աղքատությունը, որ 36-37 տոկոս է:  Դրանք բոլորն ուղղակիորեն կապված են տնտեսության զարգացման հետ»:

Բոսնիա և Հերցեգովինայի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են ունեցել Բաքվում

2 (1)Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարար Զլատկո Լագումջիան այսօր`հունիսի 10-ին, հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած հանդիպմանը մի շարք հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաև ԼՂ հիմնախնդիրը, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը:
“Հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ընդգծվել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ կարգավորվի: Նաև քննարկվել են տնտեսական, քաղաքական, էներգետիկ ոլորտներում համագործակցելու հեռանկարները”,- բանակցությունների ավարտին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մամեդյարովը:

 

 

Դոլարը իջնում է

դոլարՀունիսի 10-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի  դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.5 դրամ:

Հրանտ Բագրատյանը` բուրժուաֆինանսական պետության, գյուղատնտեսության հեքիաթային աճի և հանրապետության ամորձիների մասին

arm135305742678ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության 2013 թ. ծրագրի քննարկման ժամանակ մի շարք հարցեր բարձրացրեց. «Դուք մեզ այդպես էլ չեք ասում բանկային համակարգին սպասվող ռիսկերի մասին: Ոչ մի խոսք չեք ասում Արմավիայի, Տոնուսի մասին, Սթարի մասին: Ո՞ւմ հաշվին եք փակելու այդ պարտքերը: Խոսք չեք ասում նաև ներդրումային քաղաքականության մասին: Բանկերը շուրջ 2 միլիարդ դոլար պարտք ունեն դրսից վերցրած: 24 միլիարդի վրա ավելացրեք: Երկրի արտաքին պարտքը յոթուկես միլիարդ է, և այն, որ դա մասնավոր սեկտորինն է, ավելի վատ` ավելի թանկ է: Դա փրկելու համար միևնույնն է` պետության փողերն ենք տալու: Վերլուծությունը չենք տեսնում, ումի՞ց ենք տալու»:

Անցնելով դեպոզիտներին ու ավանդներին` պատգամավորը նշեց, որ դեպոզիտների մեծ մասը հավաքվում է գյուղացուց, հասարակ մարդուց, և բանկերը կենտրոնացնում են հարստությունը. «Փողը վերցնում են աղքատից, տալիս են հարուստին»:

Ֆինանսական համակարգի կառուցվածքի մասին խոսելիս Բագրատյանը հարցրեց. «Ո՞ւր են բորսաները: Դուք չեք թողնում, որ էս երկրում բորսա լինի, որովհետև բորսայում այն նույն մարդիկ` մեծահարուստները, օլիգարխները, ստիպված կլինեն փողով արտահայտել իրենց վստահությունը տնտեսության համար: Դուք վախենում եք էդ ցուցանիշից»:

Անդրադառնալով ֆինանսական համակարգի ակտիվներին` պատգամավորը հայտարարեց, որ Հայաստանում ներդրումային ինստիտուտ չկա, ինչը կանխամտածված ձևով ռմբակոծվում և ոչնչանում է բանկային համակարգի և կառավարության գործունեության հետևանքով: «Ինչպես ամեն տեղ` այս ոլորտում էլ մտածող մարդն ընդունված չի, մեզ հետաքրքրում է միայն խոշորը: Պետությունը դարձել է բուրժուաֆինանսական պետություն»:

Խոշորի մասին խոսելիս`Բագրատյանը հիշեց կառավարության կողմից ներկայացված նախագիծը` «Դիլիջան միջազգային դպրոցին» հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ. «Խոշորը գալիս է, անմիջապես տալիս են: Բա ո~նց…չորս-հինգ հարյուր միլիոն փող ա բերելու: Էդ հլը հարց ա, կբերի, թե չէ: Թող բերի, քավ լիցի: Էդ խոշորի ձեռը մենք կրակն ենք ընկել»:

Քննադատություններին զուգահեռ` Բագրատյանն ուրախ է, որ օրինակ, մակրոտնտեսական ցուցանիշներում Կենտրոնական բանկն ավելի կոնսերվատիվ է: «Ռացիոնալ միտքը ոնց որ թե ավելի սթափ է Կենտրոնական բանկում»,-նկատեց նա:

Բայց…«Էդ աճը չկա, եղբայրներ, գյուղատնտեսության աճը չափազանցված է: Չի կարող լինել 645 000 տոննա կարտոֆիլ, չկա 240 000 տոննա խաղող, չկան էդ այգիները…Էդ բոլորը հեքիաթներ են»:

Եվ վերջում Բագրատյանն ասաց ամենակարևորը. «Մենք ինչո՞ւ քննարկման չենք դնում, թե ինչքան փող պետք է տա Կենտրոնական բանկը բյուջե: ԿԲ շահույթը բյուջեի  լուրջ եկամուտներից մեկը պետք է լինի: Ֆինանսների նախարարությանն էս հարցը չի՞ հուզում»:

Ամփոփելով ելույթը` ՀԱԿ պատգամավորը պատկերավոր ձևով ասաց. «Կենտրոնական բանկը, ֆինանսական համակարգը ամորձիներից բռնել, չեն թողնում հանրապետությունը զարգանա: Սա լրջագույն խնդիր է…:

Վարուժան Հակոբյանը բաժանեց առաջին տեղը

վvarujan-hakobyanԳրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 6 հնարավորից վաստակեց 5 միավոր և բաժանեց 1-6-րդ տեղերը`գրոսմայստերներ Վեսլի Սոյի (Ֆիլիպիններ), Յաան Էլվեստի, Ալեխանդրո Ռամիրեսի, Էնրիկո Սեւիլանոյի (ԱՄՆ) և Մանուել Լեոն Հոյոսի (Մեքսիկա) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Վարուժանն արժանացավ երրորդ մրցանակի:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Սոն:

Դենիս Թումասյանը` լավագույն պաշտպան

22219Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Դենիս Թումասյանը Onedivision.ru կայքի հարցման արդյունքով ճանաչվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության լավագույն պաշտպան: Նա հավաքել է 71 միավոր: 28-ամյա ֆուտբոլիստի թիմակից Միլան Վիեշտիցը երկրորդն է` 27 միավոր: Երրորդ տեղը զբաղեցրել է «Շիննիկ» ակումբի խաղացող Աբել Լամանժը` 19 միավոր:

«Ուրալը» հաջորդ տարի խաղալու է բարձրագույն խմբում: Այդ թիմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

 

Մահացել է Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական Արթուր Վահագնի Մուշեղյանը

Obituary - Arthur MusheghyanՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին վշտով հայտնում է, որ սույն թվականի հունիսի 8-ին Վիեննայում 53 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացավ Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական Արթուր Վահագնի Մուշեղյանը:

Արթուր Մուշեղյանը ծնվել է 1960 թ.-ին: 1982թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, 1996-ին՝ Վիեննայի դիվանագիտական ակադեմիան:

Արթուր Մուշեղյանը 1992 թ. դիվանագիտական ծառայության է անցել ԱԳՆ համակարգում, տարբեր պաշտոններ զբաղեցնելով ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և ԵԱՀԿ դաշտային առաքելություններում։
1996-1997թթ. աշխատել  է Տաջիկստանի ԵԱՀԿ գրասենյակում, 1997-2002թթ.՝ ԵԱՀԿ առաքելություններում Խորվաթիայում և Էստոնիայում: 2004-2007թթ. Արթուր Մուշեղյանը եղել է Բուլղարիայում ՀՀ դեսպանության խորհրդական: 2007-2011թթ. նա զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջուկային անվտանգության վարչության սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչի պաշտոնը: 2011-ից՝ Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական:

Արթուր Մուշեղյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր և մեկ որդի։ Նա տիրապետում էր ռուսերեն, անգլերեն և սերբա-խորվաթերեն լեզուներին։

Ուներ երկրորդ դասի խորհրդականի դիվանագիտական աստիճան:

Արթուր Մուշեղյանի որպես լավ ընկերոջ, նվիրված և օրինակելի մարդու և
մարդկային մեծագույն արժեքներով օժտված մարդու հիշատակը միշտ վառ կմնա
նրան ճանաչողների սրտերում:

 

Հայաստանի սամբիստները երրորդն են

22286 սամբոՄոսկվայում կայացած  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գավաթի խաղարկության սամբոյի միջազգային մրցաշարում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, Ուկրաինայի ընտրանու հետ միասին, գրավեց  երրորդ տեղը: Առաջինը Ռուսաստանի, երկրորդը` Բելառուսի հավաքականն է:

 

 

 

Զինդատախազություն.Հանձնարարվել է պարզել տեսագրությունը ԶԼՄ-ներում հայտնվելու հանգամանքները

դատ06.06.2013թ. Սյունիքի մարզպետարանի կողմից 2013թ. հունիսի 1-ին ժամը 23-ի սահմնաններում Գորիս քաղաքի Դավիթ Բեկ 1 հասցեում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած հանցագործությունը պատկերող տեսագրության վերաբերյալ կատարած մեկնաբանությունները չեն կարող դիտվել, որպես նախաքննության կամ հետաքննության տվյալների հրապարակում, քանի որ տեսագրությունը մինչև քննիչների կողմից առգրավվումը գտնվել է բնակարանատիրոջ և նրա հարազատների տրամադրության տակ և մինչև տեսագրող սարքի առգրավվումը անցել է որոշակի ժամանակահատված, ինչը հնարավորություն է ստեղծել հիշյալ անձանց համար մինչև տեսագրության նախաքննության տվյալ դառնալը ստանալ այդ տեսագրության պատճեները:

Անընդունելի է ոչ թե տեսագրության մասին մեկնաբանությունների հրապարկման փաստը, այլ այն, որ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը տարածել է հայտարարություն մի հարցի կապակցությամբ, որը չի մտնում նրանց լիազորությունների մեջ, և ոչ էլ բխում է նրանց գործառույթներից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարույթն իրականացնող մարմնին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական` պարզելու հիշատակված տեսագրության զանգվածային լրատվության միջոցներում հայտնվելու հանգամանքները

Հրանտ Բագրատյանի «օֆշորային նախագիծը» մերժվեց

Hrant-Bagratyan456-e1348763474804ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած` «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» և «Գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» նախագծերը չմտան ԱԺ օրակարգ: Դրանց դեմ քվեարկեցին Հանրաետականն ու ՕԵԿ-ը:  Պատգամավորի հեղինակած` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով հետաձգվեց։

Նշենք, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել էր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» նախագիծը, և հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:

Նախագծով առաջարկվում է 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում, այդ ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին, արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական եւ այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:

Հրանտ Բագրատյանի կարծիքով` օրինագծի ընդունումը շեշտակիորեն կնվազեցնի հանքարդյունաբերության ոլորտում առկա ստվերայնությունը:

Կառավարությունը նույնպես ոչ դրական տեսակետ էր ներկայացրել նախագծի վերաբերյալ` հայտնելով, որ կառավարությունում մշակում է մի նախագիծ, որում կկարգավորվեն նաեւ օֆշորի հետ կապված խնդիրները:

 

Լոռի, մեղադրանք է առաջադրվել`երեխային վաճառելու համար

դատախազությունԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է այլ անձի խնամքին հանձնելու նպատակով Լոռու մարզի բնակչուհու կողմից իր երեխային վաճառելու  փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Լոռու մարզի բնակչուհի Ռիման  2011 թվականի մարտի 13-ին  համաձայնության է եկել Ախթալա  քաղաքի բնակիչ Ա.Կ.-ի հետ՝ իր` 2010 թվականի հունվարի 26-ին ծնված երեխային նրա խնամքին հանձնելու հարցում՝ 3500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վարձատրության դիմաց։  Քրեական գործի նյութերի համաձայն` երեխայի մայրը նախ ստացել է  367.850 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած գումարը վերցրել է երեխային հանձնելուց հետո`  2012 թվականի մարտի  մարտի 22-ին, Վանաձոր քաղաքում:

Ոստիկանության Թումանյանի քննչական բաժնում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով։ Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

 

Սևանի հողահատկացումներում արձանագրված չարաշահումների գործով դատապարտվել է 4 անձ

7840_b«Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման նպատակով տրամադրված հողահատկացումների ընթացքում արձանագրված չարաշահումների վերաբերյալ դատարան է ուղարկվել 4 քրեական գործ` 4 անձի վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ և նշված անձինք դատապարտվել են:

Այսպես` «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածքային ստորաբաժանման նախկին պետը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով և դատապարտվել ազատազրկման:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի Սևանի տարածքային ստորաբաժանման նախկին երկու պետերը, ովքեր նշված պաշտոնում աշխատել են 1999-2010 և 2010-2011թթ., մեղավոր են ճանաչվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Տեղեկացնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ձեռնարկում է միջոցներ` ապօրինի հողահատկացումների վերաբերյալ պայմանագրերն անվավեր ճանաչելու ուղղությամբ: Դատարան է ներկայացրել 53 հայց` «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի եւ /կամ/ կառուցապատման տրամադրման գործարքները վիճարկելու և չվճարված վարձավճարների գումարները բռնագանձելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2012թ. հունիսի 22-ին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության` ՀԿԳ վարչությանը:

 

Սպասվում են տեղումներ

big_1370859134_rainy-wallpaper7Հանրապետության տարածքում`

Հունիսի 11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 12-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-15-ին Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 12-15-ին աստիճանաբար կբարձրանա ընդհանուր առմամբ 7-10 աստիճանով:

 

 Երևանում`

Հունիսի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 12-ին օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Երևանի հունիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան    35.00C (1969 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան       7.60C   (1930 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան   21.10C

 

Արքայազն Հարրին համասեռական զինվորին փրկել է ծառայակիցների հաշվեհարդարից

i (4)Բանակային ծառայության ժամանակ, արքայազն Հարրին գեյ զինվոր Ջեյմս Ուորթոնին փրկել է  ծեծվելուց:

6 զինվոր փորձել են ծեծել նրան, սակայն Հարրին հայտարարել է, որ եթե նրանք հարձակվեն այդ զինվորի վրա, ապա “կարգապահական խիստ նկատողություն կստանան”:

Ուորթոնն ավելի վաղ ուրիշ զինվորների կողմից  ենթարկվել է   հարձակման, ինչից հետո  նրան հոսպիտալացրել էին: Ջեյմսն արքայազնի հետ կիսվել է իր երկյուղներով, ասել, որ իրեն “կսպանեն”: Դրանից հետո Հարին լուծել է գեյի խնդիրը:

Հայոց բանակի զինվորի առօրյան (լուսանկարներ)

Snapshot - 27 copy«Անկախ»-ը ներկայացնում է Հայոց բանակի զինվորի առօրյան լուսանկարների միջոցով. հերթապահություն, տեսական դասեր, գործնական պարապմունքներ  և զորավարժություններ:

Կայծակնահարությունից քաղաքացի է մահացել

ԿայծակնահարությունՀունիսի 10-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղում ս.թ հունիսի 9-ին կայծակնահարվել է երկու քաղաքացի, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ Միրաք գյուղի բնակիչ՝ 1925 թ. ծնված Ջ. Հաջոյանը մահացել է բնական մահով, իսկ 1971 թ. ծնված Ա. Նամոյանը վախեցել է կայծակի որոտից և տեղափոխվել Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն`դուրս է գրվել:

Forbes թերագնահատել է սաուդյան արքայազնին

i (3)Սաուդյան Արաբիայից արքայազնը դատի է տվել Forbes-ին իրեն հասցրած վիրավորանքի համար, նշելով, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում պարբերականն իր կարողությունը ներկայացրել է գրեթե  10 մլրդ-ով պակաս: 2013-ի մարտի 3-ին ամսագիրը հրապարակել է միլիարդատերերի ցուցակը, որտեղ ալ-Վալիդ իբն Թալալը զբաղեցրել էր 26-րդ հորիզոնականը` 20 մլրդ դոլարի ակտիվներով: Ինքը` 57-ամյա արքայազնը վսռահեցնում է, որ իր կարողությունը գնահատվում է 29,6 մլրդ դոլար: Նման եկամտով նա կարող էր տեղ զբաղեցնել միլիարդատերերի առաջին տասնյակում:

Վիրավորված արքայազնը իր Kingdom Holding Company  ընկերության միջոցով հայտարարել է, որ իր հարաբերությունները դադարեցնում է ամսագրի հետ: Բացի այդ, նա գլխավոր խմբագիր Սթիվ Ֆորբսին է դիմել ` պահանջելով հեռացնել իր անունը հիշյալ ցուցակից: Նա հայտնել է, որ իր աշխատակիցներն այլևս չեն օգնի Forbes-ին գնահատելու իր կարողությունը:

Իսկ Forbes -ը տարակուսած է ալ-Վալիդ իբն Թալալի` Լոնդոնի Գերագույն դատարան ներկայացրած հայցով: Խմբագրության կարծիքով, Բրիտանիայի արդարադատությունը ոչ մի կապ չունի սաուդյան  արքայազնի կարողության գնահատման հետ:

 

Կարկտահարություն Շիրակի մարզում

Կարկտահարություն ՍտեփանավանումՀունիսի 10-ին, ժամը 11.57-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ հունիսի 9-ին Շիրակի մարզի Ազատավան գյուղում կարկուտ է տեղացել:

Տեղացած կարկուտի հետևանքով Ազատավան, Վահրամաբերդ, Մարմաշեն, Լուսակերտ, Սարատակ, Բենյամին, Այգաբաց, Արևիկ գյուղերում վնասվել են պտղատու այգիներ և ցանքատարածքներ:

Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:
Վերոհիշյալ գյուղերը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:

 

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն նախագահների հանդիպման հարցը

1Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հունիսի վերջին կհանդիպեն, որպեսզի քննարկեն երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերը։ Այդ մասին այսօր տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:

 

Նա նշել է, որ Լոնդոնում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և նրանց հետ քննարկել 2 երկրների նախագահների առաջիկա հանդիպման հարցը։

 

“Նախագահների հանդիպման նպատակը լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող լուրջ հարցերի քննարկումը։ Ես սպասում եմ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, որպեսզի քննարկենք նախագահների հանդիպման կազմակերպման հարցը”,-ասել է նա։

 

 

Մայրաքաղաքում անցկացվել է “Երևան. բիզնես-վազք 2013”-ը

002Երևանի քաղաքապետարանը “Ավստրիական ավիաուղիներ”, «SmartRunning» և AIMS–ի (Մարաթոնների և վազքի միջազգային միություն) ընկերությունների հետ հունիսի 9-ին արդեն երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացրել է “Երևան. բիզնես-վազք 2013” (Yerevan Business Run-2013) մրցավազքը: Միջոցառման գլխավոր նպատակը առողջ ապրելակերպի քարոզումն ու մայրաքաղաքում իրականացվող բնապահպանական ծրագրերին մասնավոր հատվածի ներգրավումն է:

Մրցավազքի երթուղին մեկնարկել է Աբովյան փողոցի՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարակից հատվածից և շարունակվել Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաներով մինչև սկզբնակետ և այսպես՝ երեք անգամ. մրցուղին կազմել է 10 կիլոմետր:

Բարեգործական վազքին մասնակցել են շուրջ 30 երևանյան և արտասահմանյան ընկերություններ: Ընդհանուր առմամբ այս տարի “Երևան. բիզնես-վազք 2013”-ին մասնակցել է ավելի քան 200 մարդ: Մրցավազքին երկու տարբեր տարիքային խմբերով մասնակցել են նաև երեխաներ` 500 և 1000 մետր վազքուղով:

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևանից ու նաև մարզերից ժամանած և մրցավազքին մասնակից փոքրիկները հնարավորություն են ստացել “Երևան Սիթի Տուր” ծրագրի ավտոբուսներով անվճար շրջելու մայրաքաղաքով և ծանոթանալու պատմամշակութային վայրերին:

Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ կանանց և տղամարդկանց տարիքային տարբեր խմբերի անհատական պայքարում երրորդ և երկրորդ տեղերը զբաղեցրած վազորդներն ստացել են մեդալներ, իսկ պատվավոր առաջին հորիզոնականում գտնվողներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հանձնվել են ժամացույցներ:

Թիմային փոխանցավազքի արդյունքներով առաջին ու գլխավոր մրցանակակիր “Ռեսո” ապահովագրական ընկերության վազորդները հնարավորություն են ստացել նաև մասնակցելու “Վիեննա. բիզնես-վազք” ամենամյա մարաթոնին: Ի դեպ, մեդալներ են ստացել մրցավազքի բոլոր մասնակիցները:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին` մասնակիցները կարևորել են մասնավոր ընկերությունների մասնակցությունը մայրաքաղաքի բնապահպանական ծրագրերին  և հույս հայտնել, որ հաջորդ տարի ևս հնարավորություն կունենան կրկին մասնակցելու և իրենց փոքրիկ ներդրումը բերելու Երևանի զարգացման գործում: Նշենք, որ մրցավազքից հավաքված  գումարը տրամադրվելու է մայրաքաղաքի այգիներից մեկի վերականգնմանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն