Հերթական ստահոդ հայտարարությունը

պնԱդրբեջանի Ազգային ականազերծման կենտրոնի (ԱՆԱՄԱ) տնօրեն Նազիմ Իսմաիլովը հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե երկու տարի է, ինչ դոնոր երկրները հրաժարվել են ֆինանսավորել «Հայաստանի պաշտպանության նախարարությունում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին»: Իսմաիլովը նշել է նաև, թե` «Հայաստանի տարածքում ականային վտանգ չկա, նրանք ավելի շատ ականապատում են քան ականազերծում»:

Իսմաիլովի «հեղինակավոր» կարծիքը, առավել ևս` գնահատականները ոչ այլ ինչ են, քան խղճուկ փորձ` հումանիտար ականազերծման բնագավառի միջազգային կազմակերպությունների մոտ «ԱՆԱՄԱ»-ի խարխլված վարկանիշը վերականգնելու և իրենց կենտրոնի նշանակությունը անհիմն գովաբանելու համար:

Ականային վտանգը Հայաստանում փաստված և հաստատված է ՄԱԿ-ի կողմից, իսկ հումանիտար ականազերծման ոլորտում ՀՀ ՊՆ-ն համագործակցում է բնագավառի ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունների և դոնորների հետ:

Ինչ վերաբերում է «Ականազերծման Ազգային կենտրոն ստեղծելու ուղղությամբ Հայաստանում տարվող աշխատանքներին», ապա հայտնում ենք, որ հումանիտար ականազերծման խնդիրներով զբաղվող հանրությունը, միջազգային կազմակերպությունները քաջատեղյակ են, որ Հայաստանում դեռևս 2011թ. փետրվարին հիմնադրվել և գործում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»  (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ը:

ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների, դոնորների և օտարերկրյա տարբեր պետական կառույցների հետ, աշխատում է թափանցիկ և նպատակաուղղված: Նպատակաուղղված` վերացնելու Հայաստանում առկա ականային վտանգը, այլ ոչ թե կեղծիքներով, հավելագրումներով և խաբեությամբ դոնորական սուղ միջոցները հորինված պրոբլեմներ լուծելու համար շորթելու միտումով:

Հուսով ենք, որ հումանիտար ականազերծման գործին նվիրված միջազգային կազմակերպությունները կարձագանքեն «իրենց հուսախաբության  վերաբերյալ» Իսմաիլովի տարածած մերկապարանոց և ստահոդ հայտարարությանը:

Իսկ Նազիմ Իսմաիլովին հորդորում ենք ծիծաղելի և մանկամիտ հայտարարություններ այլևս չհնչեցնել` կապված  ռուսական բանակի, Իրանի ու Թուրքիայի սահմանների ականապատման հետ: Այլապես կրկնվում է այն ձեռագիրը, երբ լուրջ-լուրջ խոսում են Թբիլիսի-Բաքու-Ջեյհան գազամուղի ականազերծման մասին: Իրականում, եթե չականապատեք, ականազերծման խնդիր չի առաջանա:

 

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

եղանակը հայաստանումՀՀ տարածքում`

Հուլիսի 19-ից 23-ը  հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը  հուլիսի 19-ին կնվազի 3-5 աստիճանով,այնուհետև էապես չի փոխվի:

 

Երևանում`

Հուլիսի 19-ից 23-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:

 

Երևանի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.80C (1948 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 14.40C (1910 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.40C

Այսուհետև որպես մարտական գործողությունների ժամանակահատված կսահմանվեն 1989-1994 թվականները

պնՍ.թ. հունիսի 17-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած ազատամարտիկների վերաբերյալ առկա հիմնախնդիրների քննարկման արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994 թվականների փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել և ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ու ՀՀ ոստիկանությունում գործող համապատասխան գերատեսչական հանձնաժողովների փոխարեն ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ պաշտպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության ու ՀՀ ազգային անվտանության ծառայության ներկայացուցիչներից: Հանձնաժողովի խնդիրն է լինելու մարտական գործողություների մասնակցի կարգավիճակի շնորհումը, մարտական գործողությունների մասնակիցների հաշվառումը, նրանց կարգավիճակի ճշտումը, սոցիալ-տնտեսական վիճակի (կարիքների) գնահատումը և սոցիալական աջակցության մեթոդաբանական հիմքերի մշակումը: Հանձնարարվել է իրականացվող գործընթացներին, միջգերատեսչական հանձնաժողովի և համապատասխան ակտերի մշակման աշխատանքներին ներգրավվել նաև ազատամարտիկների ներկայացուցիչների, ինչը կապահովի աշխատանքների թափանցիկությունը, մարտական գործողությունների մասնակիցների համար որոշումների կայացմանը մասնակից կդարձնի նաև ազատամարտիկներին: Դրանով նաև կապահովվի ընդհանուր աշխատանքների արդյունավետությունը և հիմք կապահովվի ազատամարտիկներին հուզող հարցերի լուծման համար:

Գործընթացի շրջանակներում նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մարտական գործողությունների մասնակցության հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթներում:

Երևանի դպրոցների աշակերտները վերադարձել են Բուխարեստի ճամբարից

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Բուխարեստ ճամբարի մեկնած երևանցի աշակերտները վերադարձել են վառ տպավորություններով։

Ուսումնական, ինչպես նաև մշակույթի և սպորտի բնագավառներում գերազանց առաջադիմությամբ սովորող 46 աշակերտները ճամբարի 7 օրերի ընթացքում մասնակցել են  ինչպես իրենց պատրաստած ծրագրով նախատեսված, այնպես էլ հյուրընկալող կողմի կազմակերպած միջոցառումներին ու մրցաշարերին։ Երևան ժամանած աշակերտներն ուրախությամբ են պատմել, որ այդ օրերի ընթացքում իրենք կարողացել են ծրագրածի չափով ռումինացիներին ներկայացնել ոչ միայն հայկական արվեստն ու մշակույթը, այլև մայրաքաղաք Երևանն ու արժանացել են բազմաթիվ հիացական ու շնորհակալական խոսքերի։ Աշակերտները նշել են, որ այդքան գովեստի խոսքերի արժանանալով՝ մեծ հպարտությամբ են վերադարձել Երևան։

Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբարը Երևանի և Բուխարեստի քաղաքապետերի համատեղ նախաձեռնությամբ նման առաջին միջոցառումն էր։

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Արաբագետ. «Հայերը տեղ չունեն բորբոքված կրքերով Մերձավոր Արևելքում: Սուննի-շիա հակամարտությունը Մերձավոր Արևելքում և հայկական համայնքների ապագան

Հուլիսի սկզբին Եգիպտոսում ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ. բանակը պաշտոնից հեռացրեց «Մահմեդական եղբայրներ» կուսակցության ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսիին: Այնուհետև հայտարարեցին, որ Մուրսին ծրագրել էր սրել շիաների ու սուննիների հակասությունները` հրահրելով տարածաշրջանային պատերազմ սուննիների և շիաների միջև:

Ո՞րն է սուննիների ու շիաների տարբերությունը

սուննի-շիաՀարց է առաջանում` ի՞նչ հակասություններ կան սուննիների և շիաների միջև, որ պատրաստ են անգամ պատերազմել միմյանց դեմ: Ովքե՞ր են սուննիները և ովքե՞ր են շիաները:

Ըստ տարբեր տվյալների` աշխարհում իսլամի հետևորդների թիվը 1-1,6 մլրդ է: Նրանց ճնշող մեծամասնությունը` ավելի  քան 80%-ը, իսլամի սուննի ուղղության հետևորդ է: Շիա ուղղությունը իսլամի երկրորդ ամենազանգվածային ուղղությունն է. մահմեդականների մոտ 15 և ավելի տոկոսն այս ուղղության հետևորդ է:

Իսլամում սուննի և շիա ուղղությունը սկիզբ է առել 632 թվականից: Մուհամմեդ մարգարեի մահվանից հետո  նրա հետևորդների միջև առաջնորդի աթոռի  համար պայքար է սկսվում, և հարց է առաջանում, թե պաշտոնն  ինչ սկզբունքով պետք է փոխանցվի ժառանգորդներին: Չորրորդ խալիֆ Ալին, որ Մուհամմեդի զարմիկն ու փեսան էր, պնդում էր, որ խալիֆի պաշտոնը կարող են ժառանգել միայն Մուհամմեդի ցեղի ներկայացուցիչները, մինչդեռ Մուհամմեդի ընկեր Աբու Բակրը և նրա կողմնակիցները կարծում էին, որ իմամին պետք է ընտրեն: Ալիի, ապա նաև նրա երկու որդիների սպանությամբ իսլամում սկիզբ է դրվում երկու ուղղությունների:

Շիա թարգմանաբար նշանակում է  «Ալիի հետևորդներ»:  Նրանք Մուհամմեդին հաջորդած չորս առաջնորդներից միայն Ալիին են ճանաչում:

Սուննի բառն էլ թարգմանաբար նշանակում է «սուննայի (ճանապարհի) մարդիկ»: Սուննան Մուհամմեդ մարգարեի կյանքի ու գործունեության  պատմությունն է և մտքերի ժողովածուն`  սկսած այն պահից, ինչ նա մարգարե դարձավ:

քարտեզԸստ «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի` սուննի մահմեդականների համար նրանց սուրբ գիրքը մեկնաբանությունների ենթակա չէ` նրանց ընկալումները սահմանափակված են դոգմաներով: Շիաների դեպքում Ղուրանի մեկնաբանությունը հնարավոր է: Իհարկե, դա կարող է անել միայն անձը,  որը դրա իրավունքն ունի: Բացի այդ, շիաներն  իրենց իմամին ընկալում են որպես Ալլահի ներկայացուցիչ երկրի վրա, մինչդեռ սուննիները աստծո հետ ուղղակի հաղորդակցման կողմնակից են` իմամներին համարելով ուղղակի հարգանքի  և մեծարանքի արժանի կրոնական գործիչներ:

Չնայած տարբերություններին` սուննիներն ու շիաները ունեն նաև ընդհանրություններ. բոլորի համար միակ աստվածն Ալլահն է, իսկ Մուհամմեդը` նրա առաքյալը,  երկուսն  էլ հետևում են իսլամի հինգ պատվիրաններին,  պահում  են պասի ամիս Ռամադանը և սուրբ գիրք են համարում Ղուրանը:

Շիաները մեծամասնություն են կազմում Իրանում,  Իրաքում, Բահրեյնում, Լիբանանում, ինչպես նաև Ադրբեջանում: Սիրիայում  սուննիներն են մեծամասնություն, սակայն իշխանությունները շիա ուղղության հետևորդ են:

Շիա բնակչություն`  որպես փոքրամասնություն, ունեն Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Պակիստանը, Եմենը, որտեղ շիաներին  համարում են անջատողական: Բոլոր երկրներում, որտեղ շիաները փոքրամասնություն են, սուննի իշխանությունները ճնշում են նրանց: Այդպիսի երկրներ են Պակիստանը, Աֆղանստանը, Քուվեյթը,  Սաուդյան Արաբիան:

Մահմեդական տարակարծությունները զենք` ազդեցության գոտիների համար պայքարում

բաժանումԱշխարհաքաղաքագետ Ալեքսանդր դը Վալը Ֆրանսիական Atlantico-ում տպագրված հոդվածում նշում է, որ չնայած ԶԼՄ-ներում շիաները հաճախ ներկայացվում են որպես ծայրահեղական, իսկ սուննիները` չափավոր մահմեդականներ, ըստ գաղափարախոսության` ճիշտ հակառակն է: Եթե շիաները երբևէ վերջակետ չեն դրել Ղուրանի մեկնաբանությունների առումով, ապա սուննիները X դարից արգելել են Ղուրանի որևէ մեկնաբանություն և խստիվ հետևում են դոգմաներին: Բացի այդ, պատմությանը հայտնի ծայրահեղ իսլամիստական ուղղությունները սուննիներն են հիմնադրել:

Դը Վալի կարծիքով` տարբեր շահերից բացի, Արևմուտքը մի կողմից և Ռուսաստանն ու Չինաստանը մյուս կողմից առաջնորդվում են սառը պատերազմի տրամաբանությամբ: Եթե մեկը պաշտպանում է սուննիներին, ապա մյուսը` շիաներին: Ներկայում Ռուսաստանն ու Չինաստանն աջակցում են շիաներին` ի դեմս Իրանի և Սիրիայի, Արևմուտքը` սուննիներին:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանը ևս համամիտ է, որ ներկայիս սրված իրավիճակն ընդամենը էներգակիրներով հարուստ տարածաշրջանում ազդեցության հաստատման պայքարի հետևանք է: ԱՄՆ-ն ցանկանում է, որ տարածաշրջանն իր համար կանխատեսելի և կառավարելի լինի: Բացի այդ, արաբական աշխարհը պառակտելով,  ԱՄՆ-ն նաև անվտանգ միջավայր է ստեղծում  իր գործընկեր Իսրայելի համար. «Ներկա վիճակում Իսրայելն իրեն ավելի անվտանգ է զգում, քան նախկինում»:

Իսկ օրինակ` Սաուդյան Արաբիայում կամ Քուվեյթում չեն ուզում ժողովրդավարություն հաստատել, քանի որ այդ երկրներն անսխալ կատարում են իրենց որդեգրած պրոամերիկյան քաղաքականությունը, Իսրայելի համար էլ որևէ վտանգ չեն ներկայացնում:

Դիկտատուրան` արդյունավետ կառավարման միջոց Արևելքում

Չալըմյան ՆուբարՉալըմյանն ասում է, որ շիա-սուննի տարաձայնությունները միշտ էլ եղել են, սակայն նախկինում այդ երկրների ղեկավարությունները մշտապես ճնշել են դրանք` թույլ չտալով զարգանալ: Այսպես օրինակ` 80-ականներին Սիրիայում «Մահմեդական եղբայրները» ակտիվացան, սակայն Հաֆեզ  Ասադը արագ ճնշեց նրանց: Իհարկե, ոչ դեմոկրատական եղանակով:

Նույնը Լիբիայում,  Իրանում. կրոնական հեղափոխությունից հետո շիական համայնքը մի քանի օր  կտրուկ  ակտիվացավ, սակայն Քադաֆին անմիջապես ճնշեց, քանի որ հաջորդիվ մյուս կրոնական համայնքները կակտիվանային: Սակայն հիմա կրոնական տարաձայնությունները դարձյալ սրվել են, քանի որ չկան այն վարչակարգերը, որոնք մշտապես ճնշել են այդ տարաձայնությունները: Մարդիկ տասնամյակներ են սպասել, որպեսզի իրենց հաշիվները մաքրեն, և հիմա հարմար առիթ է ստեղծվել:

Մասնագետի խոսքով` այնպես չէ, որ  ղեկավարները, որոնցից  Արևմուտքը փորձում է ազատվել, իրենց դրածոները չեն եղել: Օրինակ` Հոսնի Մուբարաքն իշխանության գալուց ի վեր ամերիկամետ քաղաքականություն էր վարում: Պարզապես Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն, ցանկանում էր այդ երկրներում նոր ղեկավարներ տեսնել:

Գործընթացը սկսվեց 2003-ից, Իրաքից: Այն ժամանակ Մուամար Քադաֆին ՄԱԿ-ում, դեն նետելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, մատնացույց արեց Ասադին, Մուբարաքին ու իրեն` հայտարարելով, որ հաջորդն  իրենք են: Այդպես էլ եղավ:

«Երբ ԱՄՆ-ն Իրաք ներխուժեց,  ակնկալում էր, որ շիա-սուննի հարաբերությունները կլարվեն, ինքն էլ դրանից օգուտ կքաղի: Սկզբում այդպես էլ եղավ, շիաները ողջունեցին ԱՄՆ-ի քայլը, որ իրենց ազատեց  Սադամ Հուսեյնից: Սակայն որոշ ժամանակ անց, երբ հասկացան, որ ամերիկացիներն իրենց երկրից հեռանալու մտադրություն չունեն, շիաներն ու սուննիները միավորվեցին ընդհանուր թշնամու` ամերիկացիների դեմ»,- ասում է Չալըմյանը:

Նրա կարծիքով` շիաներն ու սուննիները միմյանց կողք- կողքի կարող են խաղաղ ապրել, եթե լինի դիկտատորական վարչակարգ, որը թույլ չի տա, որ տարաձայնությունները խորանան ու հակամարտության վերածվեն. «Իսլամը ուժեղ կրոն է, ավելի ուժեղ, քան քրիստոնեությունը: Իսլամը վերածվել է կենցաղավարության:  Այդ երկու գաղափարախոսություններն էլ միմյանց հանդեպ անհանդուրժող են: Մահմեդականները շատ հավատավոր են, ուստի անընդհատ խաբվում են Արևմուտքի կողմից»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը` Չալըմյանն ասում է, որ երկու կուսակցությունների քաղաքականությունները տարբերվում են: Հանրապետականները կողմ են ինտերվենցիային, ուժով հարցը լուծելուն: Դեմոկրատները` հանձին Օբամայի, նախընտրում են երկրի ներսի ուժերին միմյանց դեմ լարել և սպասել օգուտ քաղելու հարմար պահին: Այսպես նաև միջոցներ են խնայում, ամերիկյան զինվորներ չեն զոհվում: «Օրինակ` Եգիպտոսն արդեն հոգնած վիճակում է: Եվ ԱՄՆ-ն բառացիորեն փոխնախագահի պաշտոնում նշանակեց իր մարդուն` Մուհամմեդ  Էլ Բարադեյին: Ամեն տեղ էլ նույն վիճակն է. սպասում են, որ երկիրը հոգնի»,- ասում է Չալըմյանը:

Նրա կարծիքով` «Մահմեդական եղբայրներին» իշխանությունից հեռացնելով` ԱՄՆ-ն նաև մեսիջ ուներ Իրանի ժողովրդին` ցույց տալով, որ  Եգիպտոսում կրոնական իշխանությունները  մեկ տարի շարունակ իրենց չարդարացրեցին: Նույնը և Իրանում է,  և Ժամանակն է նրանց էլ հեռացնելու:

Չալըմյանի կարծիքով` Մերձավոր Արևելքը գնում է դեպի մասնատում: Իրաքը, հնարավոր է, երեք մասի բաժանվի` սուննիական, շիական և քրդական: Չի բացառվում նաև Սիրիայի տրոհումը: Բայց մյուս կողմից էլ Թուրքիան հաստատ չի ցանկանա, որ Սիրիայում կամ Իրաքում քրդական ինքնավարություն ստեղծվի, քանի որ նույն քրդական խնդիրն ինքն էլ ունի:

Խոսելով հայկական համայնքների ապագայից` Չալըմյանն ասում է, որ հայերն  առաջիկայում տեղ և անելիք չունեն Մերձավոր Արևելքում: Նախընտրելի տարբերակը հայրենիք վերադառնալն է և Արցախը բնակեցնելը: Ստեղծված պայմաններում հայերը այդ երկրներում ո՛չ իրենց նախկին կենսամակարդակը կարող են ունենալ, ո՛չ էլ նախկին վերաբերմունքի հույսը: Տարիներ են պետք,  որ բորբոքված կրքերը հանդարտվեն:

 

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում

9ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ այլ պաշտոնատար անձինք: Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպում Է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ:  Բարձրաստիճան հյուրի ընդունելության հանդիսավոր արարողությունը կայացել է Վրաստանի պաշտպանության նախարարությունում: Պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը:

Հանդիպմանը հաջորդած համատեղ մամլո ասուլիսում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները Վրաստանի կառավարության համար առաջնային են և կարեւոր նշանակություն ունեն տարածաշրջանային անվտանգության ապահովման համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարին` մեր հրավերն ընդունելու համար: Ցանկանում եմ հատկապես ընդգծել այն պատմական, բարեկամական եւ եղբայրական հարաբերությունները, որոնք կապում են հայ եւ վրացի ժողովուրդներին: Այսօրվա հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ համագործակցությունը եւ պայմանավորվել ենք, որ այն կընթանա ըստ ծրագրի, որն ընդունել ենք 2013թ: Խոսել ենք նաեւ այն առաջնահերթությունների մասին, որոնք կնշանավորվեն մեր երկրներում 2014թ: Ցանկանում եմ հատկապես շեշտել, որ հայ-վրացական հարաբերությունները մեր կառավարության համար առաջնային են: Դրանք կարեւոր դեր են խաղում նաեւ տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում»,-հայտարարել է Իրակլի Ալասանիան:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր հերթին հայտնել է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում  առկա անվտանգության խնդիրները. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Վրաստանի հետ հարաբերություններին,  քանի որ մեր երկրները կապված են պատմական և բազմադարյան բարեկամությամբ: Կարծում եմ, որ այդ հիմքերը մեզ համար որոշակի ազդակ կլինեն` պաշտպանական ոլորտում մեր հարաբերությունների զարգացման մեջ»,- ընդգծել է Ս. Օհանյանը: Նախարարը ընդգծել է նաև, որ  2011թ.-ից Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգանում է դինամիկ: Այն նախատեսում է փորձի փոխանակում զինծառայողների պատրաստման և ռազմական կրթության ոլորտում:

Այցի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Հանդիպմանը դիտարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության ռազմավարությունը: Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը նշել է, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունները ծրագրում են համագործակցել ռազմավարական պլանավորման, խաղաղապահ առաքելությունների պատրաստման, փորձի փոխանակման ուղղություններով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության անդամները Հերոսների Հրապարակում հարգանքի տուրք են մատուցել զոհված հերոսների հիշատակին:

 

Խրախուսվում են խոշոր ներդրումային ծրագրերը

10555_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս» ՓԲԸ ներդրումային ծրագրին և դրա շրջանակում իրականացվելիք աշխատանքներին: Որոշման արդյունքում Հայաստանում կմեկնարկի ուռուցքաբանական ժամանակակից կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը, կստեղծվի ներհիվանդանոցային կենտրոն, որը կունենա 150 բժշկական մահճակալ և համալրված կլինի ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով, ընդհանուր առմամբ կիրականացվի շուրջ 12-14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: «Սա Ազգային մրցունակության հիմնադրամի կարևորագույն ծրագրերից է, որը մենք բավական երկար ժամանակ քննարկել ենք մասնավոր ներդրողների հետ: Մենք ունենք ներդրող, որը 12-14 մլն ԱՄՆ դոլար ներդրում է կատարելու, այս բնագավառի հայտնի ընկերություններից է, այս բիզնեսով զբաղվում է աշխարհի տարբեր երկրներում, այսինքն` փորձառու ներդրող է մեզ համար, – ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Մենք այսօր խրախուսում ենք 10 մլն և ավելի դոլարին համարժեք ներդրումային ծրագրերը, որոնց մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահը, ծրագրեր, որոնք ապահովում են ժամանակակից բարձր վարձատրվող աշխատատեղեր, համահունչ են կառավարության ծրագրի գերակայություններին: Սա այդ ծրագրերից մեկն է, որը գերազանցում է 10 միլիոնը, և դրա համար մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ներդրողի հետ քննարկել նաև հարկային արտոնությունների խնդիրը: Այսօր համապատասխան համաձայնագիր կստորագրվի ներդրողի հետ, որտեղ կամրագրվեն ներդրողի և պետության մոտեցումները, քանի որ սա պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո իրականացվող ծրագիր է», – ասել է վարչապետը:
Շարունակելով մինչև 300 միլիոն դրամը գերազանցող խոշոր ներդրումային ծրագրերին աջակցություն ցուցաբերելու քաղաքականությունը` կառավարությունը որոշել է մինչև երեք տարի ժամկետով հետաձգել մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը «Կագա Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի նկատմամբ: «Կագա Գրուպ»-ը Կոտայքի մարզում կառուցվող 3 հա ջերմոցային տնտեսության համար նախատեսում է իրականացնել 1.25 մլրդ դրամի չափով ներդրում, ներկրել հոլանդական ժամանակակից սարքավորումներ, ստեղծել մոտ 60 աշխատատեղ, իսկ «Ռուսալ Արմենալը» նախատեսում է իրականացնել արտադրության հերթական վերազինումը, որի արդյունքում կստեղծվի շուրջ 55 աշխատատեղ, կնվազեցվեն արտանետումները և վնասակար գործոնները, կբարելավվի աշխատապայմանները: Կարևորելով խոշոր ներդրողներին աջակցություն տրամադրելու կառավարության հերթական նախաձեռնությունները` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Ջերմոցային տնտեսությունը ներդրումների համար բավական հետաքրքիր ոլորտ է դարձել, որովհետև մենք տեսնում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաներ են ներմուծվում` 300 մլն դրամը գերազանցող, ինչը շատ ողջունելի է, և պետք է շարունակենք խրախուսել, քանի որ առաջին փորձերը ցույց տվեցին, որ սա շահութաբեր բիզնես է` և՛ աշխատատեղեր են ստեղծվում, և՛ ամբողջ տարվա ընթացքում են աշխատում, և՛ արտահանման մեծ ներուժ է ձևավորվում: «Արմենալ»-ում նույնպես ժամանակակից տեխնոլոգիա են ներմուծում, որն էապես կրճատում է յուղի ծախսը, այսինքն` նաև ներմուծման լրացուցիչ անհրաժեշտություն չի լինելու: Էկոլոգիական վիճակն է բարելավվում, ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներից մեկն է կիրառվում, կարևոր է, որ նաև էկոլոգիական խնդիր է լուծվում»:
Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացում խթանելու նպատակով կառավարությունը որոշել է ստեղծել ազատ տնտեսական գոտի` «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում: Սահմանվել են ԱՏԳ-ի գործառնության տեսակները, ժամկետը, կազմակերպչին և շահագործողին ներկայացվող չափանիշները: Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Հաստատվել են միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները

Կառավարությունը հաստատել է 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Փաստաթուղթը լրամշակվել է 2013 թվականի մայիսին հաստատված ՀՀ կառավարության նոր ծրագրի հիմնական ուղղությունների և ոլորտային ծրագրերի համադրումով, յուրաքանչյուր միջոցառում և գերակա խնդիր ներկայացված են համապատասխան հիմնավորումներով, հստակ նշված են միջոցառումների անվանումը, նպատակը, կատարման պատասխանատու մարմինը և ֆինանսավորման աղբյուրը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2013 թ. հունվարի 10-ի «ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 70-Ն որոշումը, ի գիտություն է ընդունվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի զեկուցումն այդ որոշման` 2013 թ. հունվարի 10-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը, ըստ որի կատարման ենթակա 42 կետերից 2013 թ. հուլիսի 17-ի դրությամբ կատարվել է 41-ը կամ 97.6 տոկոսը:
Քննարկելով «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ օրենքի նախագիծը, գործադիրը, նկատի ունենալով, որ ներկայումս կառավարությունում քննարկվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագիծ, ինչպես նաև այն հանգամանքը, որ պատգամավորի մի շարք առաջարկներ հստակեցման, պարզաբանման և հիմնավորման կարիք ունեն, պատրաստակամություն է հայտնել համագործակցել նախագծի հեղինակի հետ, օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները քննարկել արդեն իսկ կառավարությունում գտնվող ՀՀ նոր օրենքի նախագծի շրջանակում:
Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու, մասնավորապես, ուսման վարձի վերին շեմը սահմանելու մասին նախագծի վերաբերյալ նույնպես կառավարությունն առաջարկել է հեղինակների հետ միասին քննարկել առկա խնդիրները համապարփակ լուծում ապահովող նախագիծ մշակելու նպատակով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Հերթական աջակցությունը ՓՄՁ սուբյեկտներին

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներում` կառավարությունը «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի դրամագլխի համալրման նպատակով տրամադրել է 200 մլն դրամ բյուջետային վարկ` 1 տարի մարման ժամկետով, տարեկան 0.1 տոկոսադրույքով, ինչը նպատակ ունի նպաստել նոր փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ստեղծմանը, նրանց աջակցություն ցուցաբերելով հիմնադրման և կայացման շրջանում:
Կառավարությունը հավանություն է տվել առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ենթակա կրթական, մշակութային և մարզական օբյեկտների ցանկերին, նոր խմբագրությամբ շարադրել «Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները հրապարակելու մասին» 2010 թ. մարտի 11-ի թիվ 235-Ն որոշման հավելվածը, լրացում կատարել 2013 թ. ապրիլի 25-ի թիվ 472-Ն որոշման մեջ, որ վերաբերում է կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գներին և միտված է օպտիմալացնել պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերը:
Հաստատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Բյուրականյան միջազգային ամառային դպրոց երիտասարդ աստղագետների համար` նվիրված Անանիա Շիրակացու 1400-ամյակին» ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը:

Արդիականացվում է Սևանա լճի ավազանի նախագիծը

Կառավարությունը 2003 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատված Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը շարադրել է նոր խմբագրությամբ, ինչը պայմանավորված է ՀՀ ավազանային կառավարման տարածքները սահմանող դրույթների փոփոխություններին համապատասխանեցնելու, ինչպես նաև` նախագծի որոշ դրույթների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու, քարտեզագրական նյութերը ճշտելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, հստակեցվել են Որոտան-Սևան թունելի ուղեգծի կոորդինատները և դրա շուրջ Սևանա լճի ջրահավաք ավազանի անմիջական ազդեցության գոտին, թունելի երկարությամբ և առանցքից երեք հազարական մետր հորիզոնական շերտագիծն ընդունվել է որպես Սևանա լճի ջրահավաք ավազանի մաս, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է լիճ տեղափոխող ջրահոսքերի որակական և քանակական ցուցանիշների վրա: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է բնապահպանական կազմակերպությունների մասնակցությունը նմանատիպ հարցերի քննարկման գործընթացին:
Փոփոխություններ և վերաբաշխում կատարելով 2012 թ. թիվ 1616-Ն որոշման մեջ` կառավարությունն էներգակիրների նոր սակագների ուժի մեջ մտնելու կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման համակարգերում առաջացող լրացուցիչ բյուջետային ծախսեր է նախատեսել ՀՀ 2013 թ. պետական բյուջեում և դրանց իրականացման համար անհրաժեշտ ծավալով ֆինանսավորման աղբյուրներ է առանձնացրել:
Արգիճի, Կավարտ գետերում, Խանջյանի հեղեղատարում հակահեղեղային աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած չնախատեսված լրացուցիչ աշխատանքների կատարման նպատակով գործադիրը հատկացրել է գումար և սահմանել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լրացուցիչ աշխատանքները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով:

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն գործադիրը սահմանել է ՀՀ պետական սահմանի անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության ու օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը, ուժը կորցրած ճանաչելով նախկին որոշումը:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի համաձայն կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել վարչական իրավախախտումներ կատարած անձանց հաշվառման կարգը հաստատելու մասին որոշման մեջ, ինչը հնարավորություն կտա ունենալ ամբողջական վիճակագրություն և բարձրացնել իրավախախտումների նախականխման աշխատանքների արդյունավետությունը:
Երկու այլ որոշումներով կառավարությունը հաստատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության և Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառնությունների իրականացման ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013 թ. ծախսերի նախահաշիվը, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացրել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Կառավարության որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության ընկերություններում առկա սև և գունավոր մետաղների ջարդոնն անհատույց կօտարվի ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Այլ հարցեր

Կառավարությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա հասցեի հանրակացարանում բնակվող ՀՀ 3 քաղաքացիներին նվիրել է իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է իր տնօրինության Երևան քաղաքի Դ.Մալյան փողոցի 20 շենքի թիվ 61 հասցեում գտնվող ոչ բնակելի նշանակության շինությունը և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սպանդարյան 47/2 հասցեում գտնվող հասարակական նշանակության շինությունն օտարել մրցույթով:
Կառավարությունը որոշել է ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձորի գյուղական համայնքի ղեկավար Սաիդ Ամոյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված` վերջինիս մահվան կապակցությամբ, և համայնքի ընտրատարածքում 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն մինչև 2014 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Իջևանի վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Հովակիմյանին և Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Գարիկ Խլղաթյանին:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից  18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  15  դեպքից բացահայտվել է 14-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, իսկ խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 5, կողոպուտի` 1 և  մարմնական վնասվածք հասցնելու  3  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9  պատահար. 12 մարդ  ստացել  է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

3536Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն դինամիկ զարգացող հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև մի շարք ուղղություններով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության մասին:

Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Կողմերն  անդրադարձել են ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարևորությանը:

 

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով 6 հազար մարդ է տարհանվել

pic_d58d10bfacd3b1cfe611d33c3a4c12b7 (1)Կալիֆոռնիայում անտառային հրդեհները քամու ուղղության փոփոխության պատճառով սպառնում են ոչնչացնել բնակավայրերը: Ամենաշատ Լոս Անջելեսից 160 կմ հեռավորության վրա գտնվող  նկարիչներ հանգստավայր համարվող Այդիլուայդ քաղաքից են տարհանվել բնակիչներ ու զբոսաշրջիկներ: Տարհանման գոտում է գտնվում նաև քաղցկեղով հիվանդ երեխաների ու նրանց ընտանիքների համար ստեղծված   Ռոնալդ Մաքդոնալդի անվան ճամբարը:Հրդեհի ճարակ է դարձել մոտ 8 հազար հա տարածք: Շիջման աշխատանքներին մասնակցում են 16 ուղղաթիռ, 10 ինքնաթիռ, որոնց հաջողվել է դեռևս տեղայնացնել միայն հրդեհի 15 տոկոսը:

Անտառային հրդեհներն այս կողմերում հազվադեպ երևույթ չեն:

Ուղեվարձը` 150 դրամ

երթուղայինՏրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ երթուղային տաքսիների ուղեվարձը Երեւանում կթանկանա: Ուղեւարձը կդառնա 150 դրամ: Միջքաղաքային եւ միջմարզային երթուղիների ուղեվարձի հարցը, ըստ նախարարի, առայժմ պարզ չէ, եւ թանկացման որոշումներ դեռ չկան:

Մեր կողմից ավելացնենք քիչ առաջ ֆեյսբուքում Սամվել Մարտիրոսյանի գրառումը.“Տրանսպորտի նախարարությունը, եթե քյարթու մտածելակերպից դուրս գա ու մտցնի նորմալ տրանսպորտի վճարման մեթոդներ ֊ աբոնեմենտներ եւ այլ նման բաներ, որոնք, օրինակ, գործում են Թիֆլիսում, ապա եղածից էլ էժան կկարողանան ապահովել։ Մի եղիր քառակուսի տմբուշկի պես, այլ եղիր կլորիկ պոնչիկի պես:”

Օհանավանի բնակիչը օձի խայթոցով հիվանդանոց է տեղափոխվել

շտապ-օգնությունՀուլիսի 18-ին, ժամը 13.00-ին  ահազանգ է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ՝ 1995 թ. ծնված Նարեկ Հարությունյանը:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է լավ:

Մեղրիում տուն է հրդեհվել

հրդեհՀուլիսի 18-ին, ժամը 12.00-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Հայրենադարձների փողոցում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ս.Հայրապետյանին պատկանող երկհարկանի տան երկրորդ հարկում և տանիքում:

Կիմ Չեն Ինը պատրաստ է մեկ միլիոն դոլարով հարցազրույց տալ

o_726231Ամենափակ երկրի ղեկավարը որոշել է իր փառքի վրա աշխատել: Նա օտարերկրյա ԶԼՄ-ներին հայտնել է, որ Կորեական պատերազմի ավարտի 60-ամյակի  կապակցությամբ հարցազրույց կտա մեկ մլն դոլարով:

Ցանկացողներ դեռևս չկան: Հաղորդագրությունն այն մասին, որ առաջնորդը պատրաստ է “ոսկե հարցազրույց տալ” ,Հյուսային Կորեան տարածեց արևմտյան տեղեկատվական գործակալություններով, այդ թվում` BBC, Associated Press, “Կիոդո” ևն: Ուղերձի հեղինակները օտարերկրացի լրագրողներին հրավիրում են  նաև մասնացելու տոնական միջոցառումներին:

Նեյմարը «Բարսելոնայի» կազմում կխաղա 11 համարի մարզաշապիկով

նեյմար imagesԲրազիլիայի ֆուտբոլի  հավաքականի հարձակվող Նեյմարը, որը համալրել է կատալոնական «Բարսելոնայի» կազմը, այդ ակումբում  հանդես կգա 11 համարի մարզաշապիկով:

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան տեղափոխվել է «Բավարիա», և Նեյմարը կարող է կրել մինչ այդ նրան պատականած համարով մարզաշապիկը:

Ամուսնական ռեկորդ

o_800401Դևիդ ու Լորեն Բլերներն աշխարհի “ամենաամուսնացած” զույգն է:  Դա նշանակում է, որ նրանք հասցրել են իր 30-ամյա ամուսնական կյանքի ընթացքում ամուսնանալ 106 անգամ: Զույգը հանդիպել է 1982-ին: Որոշ ժամանակ անց նրանք որոշել են ամուսնանալ: Սակայն դա ոչ անմիջապես. սկզբում Լորենն այդ առաջարկությանը պատասխանեց` կմտածեմ, իսկ  հետո, ընկերուհու հարսանիքին նետված ծաղկեփունջը փոխեց նրա որոշումը: Առաջին անգամ նրանք ամուսնացան 1984-ին: Դրանից հետո նրանք ոչ միայն չեն բաժանվել, այլև պարբերաբար կրկնել են հանդիսավոր արարողությունը:

30 տարում նրանք հասցրել են հարսանիք անել Լոնդոնում, Նյու յորքում, Շոտլանդիայում, Լաս Վեգասում, Էլվիս Պրեսլիի հայրենիքում ու նույնիսկ “Ռոմեո և Ջուլիետ” ներկայացման ժամանակ: Նրանք տարեկան մի քանի անգամ հարսանիք են անում: Դրա համար հատուկ առիթ պետք չէ. նրանք հարսանիք են անում հունվարի մեկին, փետրվարի 29-ին` եթե նահանջ է տարին:Հաջորդ հարսանիքն օգոստոսի 4-ին է: Զույգն անհամբերությամբ է սպասում, թե երբ է արտաբերելու նվիրական “այո”-ն 107-րդ անգամ:

Չարգելված վայրերում ավտոկայանումն անվճար է

ավտոկանգառԱյսուհետ Երեւան քաղաքում վճարովի են միայն կարմիր կետագծերով նշագծված իրազեկման համապատասխան ցուցանակով կահավորված հատվածները։ Կայանման համար չարգելված մնացած բոլոր վայրերում ավտոկայանումն անվճար է եւ դրա դիմաց որեւէ մեկը   իրավունք չունի կայանման համար գումար պահանջել վարորդից։
Մանրամասները՝ տեսանյութում։

«Փաստինֆո»

 

Դանակահարել է մորն ու կնոջը

դանակահարելՀուլիսի 17-ին, ժամը 00.45-ին,  հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում  հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած ծակած» և «ձախ դաստակի կտրած ծակած  վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Արփինե Չ.-ն և 1961 թ. ծնված Անիչկա Չ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Անիչկա Չ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով իրեն և հարսին հարվածել ու  վնասվածքները պատճառել է որդին` 1983 թ. ծնված Արթուր Չ.-ն:
Արփինե  և  Անիչկա Չ.-երին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Հանցագործության գործիք  դանակն առգրավված է:
Արթուր Չ.-ն ձերբակալված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Վրաստանում հայ վարորդով բեռնատար է շրջվել

բեռնատար է շրջվելՀուլիսի 18-ին, ժամը 10.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Փոթիից Հայաստանի Հանրապետու­թյուն ուղևորվելիս՝ Վրաստանի Հանրապետությունում՝ Ախալցխա բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Իվեկո» մակնիշի 817OF64 պետհամարանիշի բեռնատար ավտո­մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: ՀՀ քաղաքացի, վարորդ՝ 1952թ. ծնված Գևորգ Կիրակոսյանը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն:

ՃՏ պատահար Դիլիջանում

Ֆոլքսվագեն ԳոլֆՀուլիսի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Կամոի փողոցի սկզբնամասում իրար են բախվել  «Ֆորդ Տրանզիտ»   և   «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: