Բելգիայում կմեկնարկի մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Հայաստանից հանդես կգա երկու ներկայացուցիչ: Կարողությունները կփորձեն Հարություն Մերդինյանը և Վահագն Ստեփանյանը: Մրցավայր պետք է մեկներ նաև Արթուր Դավթյանը, սակայն նա վերջին պահին վնասվածք է ստացել: Մարզիկներին մրցահարթակ կուղեկցի Սոս Սարգսյանը: Որպես մրցավար կսպասարկի Հակոբ Սերոբյանը:
Monthly Archives: September 2013
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
սեպտեմբերի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Մաշկը խնամեք ցրտերն ընկնելուն պես. հետաքրքիր խորհուրդներ և դիմակներ
Արդեն աշուն է, և ցրտերն ընկնելուն պես մաշկը կսկսի չորանալ ու ջրազրկվել: Իսկ չոր մաշկը, ինչպես գիտեք, կնճռոտվելու և թոշնելու նախապայմանն է: Ուստի, հենց այսօրվանից պետք է լրջորեն մոտենալ մաշկի խնամքին:
Պիլինգը հիանալի միջոց է մաշկի մեռած բջիջները վերացնելու համար: Սակայն հիշեք, որ աշնանը խորհուրդ չի տրվում խորը պիլինգ կատարել: Տնային պայմաններում կարելի է բավարարվել շաբաթը մեկ-երկու անգամ դեմքը սկրաբով մաքրելով:
Աշնանը մաշկի վրա բացասական ազդեցություն է թողնում խիստ հակադիր եղանակը` ցերեկային կիզիչ արևն ու երեկոյան ցուրտը:
Քանի որ աշնանը մաշկի խոնավությունը նվազում է, ապա խորհուրդ է տրվում սպիրտ պարունակող լոսյոններից հրաժարվել:
Անհրաժեշտ է օգտագործել խոնավեցնող, վերականգնող, պաշտպանիչ քսուկներ, որոնց յուղայնությունը բարձր է:
Մաշկին զուգահեռ չպետք է մոռանալ շրթունենքրի մասին. աշնանը շուրթերը ևս ճաքճքում և պլոկվում, ուստի անհրաժեշտ է նաև հետևել շրթներկի բաղադրությանը: Ցանկալի է, որ այն լինի յուղային: իսկ եթե յուղային շրթներկի սիրահար չեք, ապա երեկոյան կամ մինչ դիմահարդարումը օգտագործեք շրթունքների համար նախատեսված բալզամ:
Ձմռանը նույն խնդիրներն է´լ ավելի են սրվում: Արևի ճառագայթների բացակայության հետևանքով օրգանիզմում D վիտամինը նվազում է, որի հետևանքով մաշկը թոշնում է, եղունեգները` թուլանում, կոտրատվում, մազերը` կորցնում փայլը: D վիտամինի պակասն անհրաժեշտ է լրացնել թե՛ ներքին, թե՛ արտաքին սնուցման միջոցով:
Աշնանն այդ խնդիրը հեշտ է լուծել, թարմ մրգերը կապահովեն բոլոր անհրաժեշտ վիտամինները, անգամ դիմակների կարիք հաճախակի չի զգացվի: Սակայն ձմռանը, երբ մրգերի ու բանջարեղենի ընդունումն օրգանիզմում նվազում է, խորհուրդ է տրվում մաշկն անհրաժեշտ վիտամիններով ապահովել սնուցող դիմակների միջոցով: Կարելի է և՛ ինքնուրույն պատրաստել բնական դիմակներ, և՛ օգտվել հատուկ ձմեռվա խնամքի համար նախատեսված պատրաստի դիմակներից: Սնուցող դիմակները չեն թողնում, որ մաշկը թոշնի, երիտասարդացնում են, պաշտպանում չոր օդի վտանգավոր ազդեցությունից:
Ձմռանն անհրաժեշտ է օգտագործել խոնավեցնող քսուքներ, սակայն հիշեք, որ խոնավեցնող պրոցեդուրան պետք է կատարել կամ գիշերը` քնելուց առաջ, կամ տնից դուրս գալուց գոնե մեկ ժամ առաջ: Ուշադրություն դարձրեք, որպեսզի քսուկի բաղադրության մեջ անպայման լինի լեցիտին, կոլլագեն, հիալուրոնային թթու, ազուլեն, պրոպոլիս և իհարկե, վիտամիններ:
Գիշերային լվացումները խորհուրդ է տրվում կատարել կաթնային բաղադրությամբ և բուսական յուղ պարունակող խոնավեցնող քսուքներով: Կարելի է պարզապես գոլ ջրի մեջ մի քանի կաթիլ բուսական յուղ լցնել և դեմքը լվանալ: Իսկ եթե դուք հակում ունեք կուպերոզի նկատմամբ, ձեր արյունատար անոթները թույլ են կամ «անոթային աստղեր» են դեմքին երևում, ընտրեք վիտամին k-ի պարունակությամբ քսուքներ: Այն նպաստում է անոթների ամրացմանը:
Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում լվացվել լորենու ծաղիկներից պատրաստված թուրմով: Իսկ յուղոտ մաշկ ունեցողների համար օգտակար են եղեսպակի (շալֆեյ) թուրմով լվացումները:
Ձմռանը օճառը ցանկալի է փոխարինել կաթիկով (молочко): Սակայն եթե չեք ցանկանում փոխել օճառը կամ գելը, ապա խորհուրդ է տրվում ձեռք բերել ձեր մաշկին համապատասխան սնուցող քսուկ և մաշկը լվանալուց հետո անմիջապես այն քսել դեմքին:
Շատ կանայք աշնանն ու ձմռանը բարդույթավորվում են` փորձելով կոծկել չաքճքած ու կոշտ ձեռքերը: Սակայն դրա փոխարեն կարելի է մի քանի խորհուրդ լսել ու կատարել, իսկ ձեռքերն ի ցույց դնել հպարտորեն: Առաջին հերթին անհրաժեշտ է հիշել, որ ձմռանը ձեռքերին օդ ու ջրի պես անհրաժեշտ են խոնավեցնող ու սնուցող քսուքները, որոնց բաղադրության մեջ մտնում են A և E վիտամիններ: Ամեն ինչ շատ պարզ է. տնից դուրս գալուց կես ժամ առաջ ձեռքերին քսեք խոնավեցնող կամ պաշտպանիչ քսուք, իսկ դրսում անպայման ձեռնոցներ կրեք: Ձեռքերը լվացեք գոլ ջրով: Օգտակար է նաև կաթնային լվացումը: Նույնն արեք քնելուզ առաջ:
Չոր մաշկի համար նախատեսված դիմակներ, որոնք հեշտ են ու արդյունավետ
Հանքային ջուրը մաշկը թարմացնելու, սնուցելու և խոնավեցնելու հիանալի միջոց է:
- 1 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ մեղրը և 1 թեյի գդալ հանքային ջուրը լավ խառնեք իրար: Ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք դեմքը եռացրած-հովացրսծ ջրով: Սակայն զգուշացնենք, որ ոչ մի դեպքում չի թույլատրվում օգտագործել մեղրի պարունակությամբ դիմակներ նրանց, ովքեր դեմքին ունեն մանր արյունատար անոթներ (կուպերոզ):
Պատրաստեք թուրմ բույսերի խառնուրդից (անանուխի տերևներ ու ծաղիկներ, եղեսպակ (շալֆեյ). 1 թեյի գդալ բույս և 1 բաժակ եռացրած ջուր համադրությամբ: Թուրմը հովացրեք, քամեք, ապա վրան ավելացրեք ½ բաժակ կաթ կամ սերուցք և 1 թեյի գդալ հանքային ջուր:Ստացված զանգվածը լցրեք սառույց պատրաստելու համար նախատեսված տարայի մեջ և դրեք սառցախցիկի մեջ: Առավոտյան ջրով լվացվելու փոխարեն սառցե կտորներով դեմքը մերսեք՝ կլորավուն շարժումներով: Այնուհետև, դեմքը չչորացնելով, քսեք սնուցող քսուք՝ չոր մաշկի համար: 10-15 րոպե անց անձեռոցիկով մաքրեք քսուքի ավելցուկը:
Ձվի դեղնուցով դիմակները ևս շատ օգտակար են չոր մաշկին:
- 1 ձվի դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ բուսական յուղի և նույն քանակությամբ ալոեի հյութի հետ: Ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք նախ սառը, ապա տաք ջրով:
- 2 հատ միջին մեծության կարտոֆիլը խաշեք, ապա կեղևը մաքրեք ու տրորեք: Ավելացրեք 1 ձվի դեղնուց, 2 թեյի գդալ գոլ կաթ և 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Այդ ամենը լավ խառնեք իրար, և ստացված զանգվածը քսեք դեմքին: 15-20 րոպե անց լվացեք գոլ ջրով:
- Քերեք գազարը, ավելացրեք 2 ճաշի գդալ կարտոֆիլի ալյուր և 1 ձվի դեղնուց, ապա լավ խառնեք: Խառնուրդը քսեք դեմքին, պահեք 20 րոպե և դեմքը լվացեք գոլ ջրով:
- 1 ձվի դեղնուցը լավ հարեք, ավելացրեք 1 ճաշի գդալ թուրինջի հյութ, 1 թեյի գդալ բուսական յուղ։ Այդ ամենը լավ հարեք, ավելացրեք 1 ճաշի գդալ թթվասեր։ Թանձրության համար կարելի է ավելացնել նաեւ սեւ հացի միջուկ (նախապես այն պետք է թրջել կաթի մեջ)։ Այս խառնուրդը քսեք մաքուր դեմքին, 15-20 րոպե անց դեմքը լվացե գոլ ջրով եւ քսեք մաշկին համապատասխան քսուք։ 10 րոպեից քսուկի ավելցուկը հեռացրեք թղթե անձեռոցիկով։
Ութ ավտոպատահար Հայաստանի հանրապետությունում` 10 վիրավոր և մեկ մահ
Պատահար Երևան-Մեղրի ճանապարհին
«Մերսեդես Բենս»-ը բախվել է քարե պատնեշի
Վարորդները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Բախվել են «Ֆորդ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ
Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի
«Մերսեդես Բենս»-ը դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառի, այնուհետև՝ էլեկտրասյանը
«Շեվրոլետ-Նիվա»-ն բախվել է գազի խողովակի, այնուհետև՝ ժայռաբեկորի
Մահվան ելքով պատահար Երևանի Արշակունյաց պողոտայում
Միշել Օբամայի և ուրիշ հայտնի ամերիկացիների անձնական տվյալները` 50 ցենտով
ՀԴԲ-ի ներկայացուցիչները պարզել են, որ հաքերների խումբը տարվա սկզբին կոտրել է 3` LexisNexis, Dun & Bradstreet և Kroll ընկերությունների տվյալների բազան, ինչի շնորհիվ մուտք են գործել 4 մլն ամերիկացու անձնական տվյալների,ապահովագրության համարների ու նույնականացման քարտերի բազա:
Տուժածների մեջ են ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, Էշթոն Կատչերը, Ջեյ Զին և Բեյոնս Նոուլզը:
Հաքերները յուրացրած տվյալները վաճառքի են հանել կայքերից մեկում, որը շուտով փակվել է: Կոնկրետ մարդու մասին տեղեկությունը կարելի էր ստանալ 50 ցենտով:
Պատահար Գյումրիում. 27-ամյա երիտասարդը մահացել է
«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավարը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ
Պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:
ՀՀ ոստիկանություն
Վիճաբանություն և վնասվածքներ
Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել 1946 թ. ծնված Սուրեն Գ.-ն և հայտնել, որ Ավետիսյան փողոցի թիվ 80 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1963 թ. ծնված Հրաչիկ Ա.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Սուրեն Գ.-ի դեմքին և պատճառել վնասվածք:
Սուրեն Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նույն օրը, ժամը 21.00-ին, Հրաչիկ Ա.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Սուրեն Գ.-ն էլ իր դեմքին է հարվածներ հասցրել և պատճառել վնասվածք:
Կատարվում է հետաքննություն:
ՄԱԿ-ը պատասխանում է Բաքվին` Արցախը կարելի է բնակեցնել սիրիահայերով
Բաքուն հետեւողականություն է ցույց տալիս Արցախում կատարվող բնակեցման աշխատանքների վրա միջազգային ընտանիքի ուշադրությունը կենտրոնացնելու իր առաջադրանքի իրականացման փորձերին: Երեւույթը արձանագրվել էր իրաքահայերի` Արցախում հաստատման օրինակների դիմաց, այժմ շարունակվում է սիրիահայ ընտանիքների բնակեցման առիթով: Ժամանակին Դամասկոսում դեռևս գործում էր ադրբեջանական դեսպանատունը, երբ Դամասկոսը մեղադրվում էր իբրեւ տարանցիկ կետ Իրաքից Երեւան եւ ապա Արցախ ուղեւորվող եւ հաստատվող իրաքահայ ընտանիքների համապատասխան դյուրություններ ընձեռելու պատճառով:
Այժմ բողոքառու գրասենյակը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Բաքվի գրասենյակի ներկայացուցչությունն է: ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուի բացատրությունը հայտնապես չի գոհացրել Բաքվին։ «Մենք տեղեկություն ենք ստացել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայ փախստականների բնակեցման վերաբերյալ եւ համապատասխան հաշվետվություններն արդեն ուղարկվել են ՄԱԿ-ի ժնեւյան կենտրոն: Սակայն անձամբ խորհում եմ, որ այս հարցը պետք է լուծվի առանց ՄԱԿ-ի միջամտության, որովհետեւ ՄԱԿ-ը որեւէ առնչություն չունի այս հարցի հետ»:
Ուրեմն. նախ պետք է անմիջապես նկատել, որ այս կարծիքը եթե հրապարակվում է, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես ուղարկվում է նաեւ ՄԱԿ-ի կենտրոն: Իսկ այս կարծիքի հետ հաշվի է նստում կենտրոնը` որովհետեւ կարծիքը ներկայացնողը այս հարցերի գերագույն հանձնակատարն է, որը լիազորված է այս աշխատանքները համակարգելու: Ասվածը պարզապես այն է, որ ՄԱԿ-ի միջամտության որեւէ իրավական հիմք գոյություն չունի. ավելի հստակ ընդգծված, որ Արցախում կատարվող բնակեցման աշխատանքները միջազգային օրենքի խախտում չեն նկատվում:
Հետաքրքիր է, որ սիրիահայ բառը չի օգտագործվում իբրեւ փախստականներ բնութագրող բառակապակցություն: Ասվում է ընդհանրապես «հայ փախստականներ»: Պարզ է, որ սիրիահայը շեշտված է Բաքվի կողմից եւ մեկնաբանվում է իբրեւ փորձ` հրատապ թեմայի կապելով խնդիրը միջազգային հավելյալ ուշադրություն կենտրոնացնելու մարտավարական խաղ կատարելով: Պատասխանում ընդհանրացվում է գաղթականությունը եւ այսպիսով նաեւ մեկընդմիշտ հստակացվում, որ հայ ազգաբնակչությամբ Արցախը բնակեցնելը իրավական որեւէ արգելքի չի հանդիպում միջազգային ընտանիքի կողմից:
Այսքանը ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի կողմից: Այժմ գանք Երեւան-Արցախ եւ այնտեղ տեսնենք կանադացի խորհրդարանական Սթեֆան Դիոնի հայտարարությունը դարձյալ Բաքվի ցուցաբերած անհանգստության մասին: Խնդիրը վերաբերում է Բաքվի սեւ ցուցակին, այսինքն բողոքին օտարերկրյա այն պաշտոնատարների եւ պետական ու հասարակական գործիչների դեմ, որոնք այցելում են Արցախ: Դիոնի բացատրականը հետաքրքրական է եւ առնչվում է ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի պատասխանատուի կատարած հայտարարությանը. ինչ որ ձեւով: Դիոն հայտնում է, թե ինքը սեւ ցուցակի գոյությունից տեղյակ չէր, թե իր նպատակը որեւէ ձեւով Կանադայի եւ Ադրբեջանի միջեւ լարվածություն ստեղծելը չէ, եւ ավելացնում է, թե նա եկել էր զբաղվելու սիրիահայ փախստականների թղթածրարով: Այցելության նպատակի այս բանաձեւումը խորքում ՄԱԿ-ի պաշտոնատարի կատարած հայտարարությանը համահունչ է: Արցախում սիրիահայերի բնակեցումը բնական գործընթաց է եւ որեւէ ձեւով բողոքի տեղի տալու իրավական հիմք չի պարունակում իր մեջ: Այսքան պարզ:
Բաքուն խորապես գիտակցում է, որ ժամանակին իրաքահայերի, այսօր սիրիահայերի կողմից արձանագրվող բնակեցումները ժողովրդագրական պատկերի փոփոխության առումով բեկումնային ազդեցություն ունենալու հնարավորությունից հեռու են: Քաղաքական շահարկման հերթական փորձն է, որ կատարում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք սակայն հանդիպում են իրավական հիմքի վրա կառուցված մարդասիրական պատասխանների:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Մայրաքաղաքի մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժումը շարունակվում է
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքի փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին չափերի գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքները: Ծրագրի շրջանակում ապամոնտաժվել է Աբովյան փողոցում տեղադրված գովազդային 9 մեծ վահանակ: Կորյուն և Ամիրյան փողոցներից ապամոնտաժվել է, համապատասխանաբար, 2 և 1 վահանակ: Ինչպես նախապես հայտարարվել էր, լրացուցիչ անհարմարություններից խուսափելու նպատակով, աշխատանքներն իրականացվել են երեկոյան ժամը 23-ից հետո:
Հիշեցնենք, որ գործընթացի առաջին փուլը մեկնարկել է սեպտեմբերի 23-ից: Ծրագրով ապամոնտաժելու և քաղաքային չափերին համապատասխանող վահանակներով են փոխարինվելու փոքր կենտրոնի գովազդային մեծ և միջին բոլոր վահանակները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նախագահը ներկա է գտնել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի հիմնարկեքի արարողությանը
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահը ներկա է գտնել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի կառուցումն ազդարարող հիմնարկեքի արարողությանը: Անցակետը կառուցվում է «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում: Բագրատաշենում Հանրապետության Նախագահին ներկայացրել են նաև 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վերոնշյալ ծրագրի ընթացքն ու առաջիկայում նախատեսված աշխատանքները. ելույթներով հանդես են եկել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Տրայան Հրիստեան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի սահմանային ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև պետական սահմանի կառավարման ոլորտի մարմինների, միջազգային և միջազգային ֆինանսական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերի արդիականացման ծրագիրն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակը, շինարարական աշխատանքները՝ ֆրանսիական «ՍԱԴԵ» կոնսորցիումը, իսկ ՀՀ կառավարության կողմից աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային և վարկային այլ միջոցների հաշվին: Ծրագրի իրականացման արդյունքում լուծում կստանան ՀՀ սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման և զարգացման, պետական սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման ու պետական սահմանի անցման կետերով քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների սահմանահատման ընթացակարգերի դյուրացման, նաև միջազգային առևտրի խթանման խնդիրները: Նախատեսվում է, որ պետական սահմանի անցման կետերի արդիականացումն զգալիորեն կբարելավի նաև տեղի բնակչության կենսամակարդակը, նկատի առնելով, որ շինարարության ընթացքում կստեղծվեն ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Բնակչության համար կբարելավվեն կապի և հաղորդակցության հետ կապված խնդիրները ևս: ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010 թվականին՝ ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին Նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է 2011 թվականին այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015թթ. միջոցառումների ծրագրի հաստատումը: Ծրագրի շրջանակներում նախատեսված է առաջնահերթորեն իրականացնել վերոնշյալ երեք՝ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացումը: Ս.թ. հուլիսի 22-ին Նախագահի կողմից ստորագրված մեկ այլ փաստաթղթով՝ ՀՀ Նախագահի կարգադրությամբ մեկնարկել է ՀՀ պետական սահմանի անցման կետերում արդեն իսկ կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման գործընթացը: |
Հայաստանի շախմատիստները Թուրքիայում մնացին առանց պարգևի
Թուրքիայի Խոջաելի քաղաքում ավարտվեց մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին խաղարկված պարգևներից:
Սամվել Տեր-Սահակայանը վաստակած 8,5 միավորով հանգրվանեց 14-րդ հորիզոնականում: Վահե Բաղդասարյանը միայն 44-րդ տեղում է: Շախմատիստուհիների մրցաշարի մասնակից Մարիա Գևորգյանը 8 միավորով 16-րդն է:
Պատանիների և աղջիկների առաջնություններում հաղթող ճանաչվեցին չինացի Յու Յանյին (11) և ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան (10,5):
Սիրո և սեռականության պակասը
…Ոչ միայն կյանքում, այլև ֆիլմերում
Քննադատությունից խուսափող կինոռեժիսորների կողքին ապրում են նաև այնպիսիք, որոնք նկարահանում են տաբու ֆիլմեր. դրանց մասին շատերը չեն էլ համարձակվում խոսել: Այդպիսիներից է նաև սկանդալային ռեժիսոր, ավստրիացի Ուլրիխ Զայդլը:
Ներկայացնում ենք «Անկախի» հարցազրույցը Զայդլի հետ:
– Պրն Զայդլ, Ձեր «Դրախտ» եռապատումն առաջին անգամ ցուցադրվել է որպես երեք առանձին ֆիլմ…
– Այո: Սկզբում ես մտադիր էի նկարահանել ընդամենը մեկ ֆիլմ երեք տարբեր կանանց ցանկությունների մասին և դրանք ցուցադրել զուգահեռ պատմություններով: Սակայն նկարահանումների ավարտից հետո հասկացա, որ 80-90 ժամ տևողությամբ կինոնյութ է ստացվել: Քանի որ այդ երեք պատմություններն առանձին ասելիք ունեին, որոշեցի երեք ֆիլմ նկարահանել: Ընդհանրապես ֆիլմի պատմությունը ես ներկայացնում եմ ժամանակագրական կարգով՝ առանց սցենարի, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի այն վերադասավորել: Բացի այդ, իմ սցենարում չկան երկխոսություններ, իսկ յուրաքանչյուր ֆիլմ ճամփորդության շղթա է:
– Ձեր ֆիլմերը դիտելուց հետո շատերի բերանն ուղղակի բաց է մնում: Ինչո՞ւ:
– Իմ ֆիլմերն առհասարակ հակասական վերաբերմունքի են արժանանում: Շատերը հիանում են դրանցով, զարմանում, շատերն էլ՝ սարսափում, քանի որ չափազանց բնական են: Բայց ես ցույց եմ տալիս իրական կյանքը, մարդկանց՝ իրենց տենչանքներով և երազանքներով: Չեմ հասկանում, թե ինչու են խուսափում…
– Գուցե որովհետև ճշմարտությունը հաճախ ցավոտ է…
– Իրականում ես չեմ խրատում հանդիսատեսին: Ֆիլմը թողնում եմ նրա ընտրությանն ու դատին: Հանդիսատեսն իրեն հերոսի մեջ է տեսնում և այդժամ որոշում՝ ընդունել այն, թե ոչ: Առաջ ինձ շատ էին քննադատում ֆիլմերիս համար, բայց այսօր իրականությունը փոխվել է: Փառք Աստծո, կարող եմ մի փոքր շունչ քաշել:
– Մարդիկ Ձեզնից այլ ոճի ֆիլմե՞ր են ակնկալում:
– Հավատացեք, քննադատների կամ հանդիսականի կարծիքներն ինձ վրա չեն ազդում, և պարտավորված չեմ զգում իմ հաջորդ ֆիլմերում ավելի շատ կարծրատիպեր կոտրել:
-«Դրախտ» եռապատման երեք ֆիլմերից «Դրախտ.հավատ» ֆիլմում կինը՝ դերասանուհի Աննա Մարիան, սեռական հաճույք է ստանում անշունչ առարկայի՝ խաչված Քրիստոսի հետ: Մի՞թե դա էր փնտրել իր ամբողջ կյանքում…
– Սայլակում ամուսնու հետ սեռական հաճույքի պակասը հաղթահարելու համար նա այն փոխարինում է Քրիստոսի հանդեպ ունեցած հավատով: Միաժամանակ ինքն իրեն մխիթարում է, որ այդ կերպ ամուսնուն չի դավաճանում և լրացնում է բացակա սերը՝ համոզելով իրեն, որ մարմնական սերը փոխարինում է երկնայինով:
–Կյանքի հեգնանք կամ մոլորություն…
– Պարզապես որքան շատ են նվազում հնարավորությունները, այնքան լայնանում են ինքնախաբեության սահմանները:
– Ի դեպ, ձեր դերասաններից շատ բան եք պահանջում, հատուկ ուշադրություն եք դարձնում նրանց կազմվածքին, պրոֆեսիոնալիզմին և այլն:
– Այո: Օրինակ՝ «Սերը» ֆիլմի Թերեզայի դերակատարուհուն երկար եմ փնտրել: Արհեստավարժ մեկն էր պետք, որը լիներ և՛ գեր, և՛ կարողանար իմպրովիզացիաներ անել, միաժամանակ լիներ անկաշկանդ: Դա այդքան էլ հեշտ չէր, քանի որ նրանք պետք է նկարահանվեին ինտիմ տեսարաններում, իսկ շատ դերասանուհիներ ընտանիք ունեին: Դերասաններին ընտրելուց հետո նրանց հետ մեկնում եմ այլ երկիր, որտեղ պետք է կատարվեն նկարահանումները: Այդ ընթացքում փորձում եմ հասկանալ, թե նրանցից ով է ավելի հարմար այս կամ այն ֆիլմի համար: Ես այդպես եմ աշխատում, այլապես սխալ դերասաններ ընտրելու դեպքում ֆիլմդ կձախողվի:
– Բայց «Հույսը»՝ վերջին ֆիլմը, ավելի հանգիստ էր, քան մյուսները:
– Որովհետև բռնության տեսարաններ չկան: «Հույս» ֆիլմի ժամանակ շատերը սպասում էին, որ այն կեզրափակվի աղջկա նկատմամբ բժշկի բռնությամբ: Սակայն ամեն ինչ այլ կերպ ընթացավ: Գիտեք, երբ աշխատում ես երեխաների հետ, ավելի պատասխանատու և զգոն ես լինում:
– Այժմ ի՞նչ ֆիլմի վրա եք աշխատում:
– Ֆիլմը, որը պատրաստում եմ, ավելի փոքր է: Թեման ավստրիացու և նկուղի մասին է: Վայր, որտեղ մարդիկ հաճախ են սիրում լինել, բայց որտեղ զարգանում են նաև ամենատարբեր վախեր և սարսափներ:
Հարցազրույցը `
Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ
ԹԻՀԿ դիմումը մերժվել է ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովի կողմից
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի կողմից էթիկայի կանոնների խախտումը բացահայտելու նպատակով վարույթ հարուցելու մասին ԹԻՀԿ դիմումը մերժվել է ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովի կողմից այն պատճառաբանությամբ, որ դիմումում բարձրացված հարցի համակողմանի ուսումնասիրության, տվյալ դրվագի բոլոր փաստական հանգամանքները հաշվի առնելու և վարութ հարուցելու համար Հանձնաժողովը պետք է ստանա նշված ակցիա անցկացնողների խմբի կամ նրանցից որևէ մեկի դիմումը:
Չհամաձայնելով Հանձնաժողովի դիրքորոշմանը՝ հարկ ենք համարում նկատել, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն Հանձնաժողովը էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ վարույթ կարող է հարուցել որևէ անձի դիմումի հիման վրա, ինչը նշանակում է, որ վարույթ հարուցելու դիմում կարող են ներկայացնել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:
Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն ս.թ սեպտեմբերի 5-ին՝ ՀՀ կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի դիմաց անցկացվող քաղաքացիների բողոքի հերթական ակցիայի ժամանակ, ակցիա անցկացնող ցուցարարներից մեկի աղաղակներին ի պատասխան, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն արձագանքել էր «Էշ ա, արա’, ի՞նչ ես գոռում, ա’յ ոչխար» արտահայտությամբ, ինչը ֆիքսել են որոշ լրատվամիջոցներ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական ուղերձը հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայ նշանավոր դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ, որում ասված է. «Սոս Սարգսյանը մեզ հետ չէ: Կյանքից հեռացավ հայի, մտավորականի այն տեսակը, որի սթափեցնող, իմաստուն խոսքի ու խրատի կարիքը մենք միշտ ունեինք և ունենալու ենք: Վարպետն իր մեծությամբ մեծ հետք թողեց ոչ միայն մեր մշակութային, այլև հասարակական կյանքում: Սոս Սարգսյանն իր կերտած դերերով, իր աշակերտներով, իր դաստիարակած մի քանի սերունդներով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես հայի բացառիկ կերպար:
Կիսում եմ վարպետի ընտանիքի, աշակերտների, ընկերների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ
|
Մեկնարկեց արտգործնախարարի այցելությունը Նյու-Յորք
Սեպտեմբերի 26-ին մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Նյու-Յորք։
Էդվարդ Նալբանդյանի օրակարգի առաջին կետը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի, Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և Արևելյան գործընկերության նախաձեռնության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցությունն էր։ Հանդիպման ընթացքում արծարծվեցին Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Հայաստանի արտգործնախարարի և Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրխալտերի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին 2014թ. ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության առաջնահերթությունները, մտքեր փոխանակվեցին կազմակերպության գործունեության վերաբերյալ։
ՄԱԿ-ի կենտրոնակայանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի անունից ստորագրեց «Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան»։
Նույն օրը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահության շրջանակներում Նյու–Յորքում տեղի ունեցավ ՍՏԾՀ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը վարում էր կազմակերպությունը նախագահող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման նպատակով՝ Սևծովյան տնտեսական համագործակցության տնտեսական նոր օրակարգի 2013-2015թթ. Գործողությունների ծրագրի իրականացմանը, կազմակերպության արդյունավետության և տեսանելիության բարձրացմանը, Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին առնչվող հարցեր։ Հանդիպման մասնակիցները անդրադարձան նաև ս.թ. հոկտեմբերի 4-ին Երևանում կայանալիք տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով բարձրաստիճան հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Չիլիի արտգործնախարար Ալֆրեդո Մորենոյի հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, երկուստեք կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության հաստատումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների հաստատումը։
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ էր։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Նույն օրը ՄԱԿ-ում՝ ՀՀ մշտական ներկայացուցչությունում, Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վանուատուի փոխվարչապետ, արտգործնախարար Էդվարդ Նիպակե Նատապեիի հետ։ Երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարությունը։ Ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։
Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջայի հետ հանդիպման ժամանակ վերջինս Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց ԵՄ հովանու ներքո Սերբիայի հետ հաշտեցման գործընթացը։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար:
Էնվեր Հոջայը երախտագիտություն հայտնեց Կոսովոյում հայ խաղաղապահների ծառայության համար։
Նախկին ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանը`Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ադրբեջանը պաշտոնապես հրաժարվել է “ԱզերՌոս”-ից
Ադրբեջանի՝ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեն Ռուսաստանում գործող սփյուռքի կազմակերպությունների ցանկից հանել է “Ռուսաստանի ադրբեջանցիների ազգային-մշակութային դաշնային ինքնավարությունը” ՝ “ԱզերՌոսը”:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, կոմիտեում որոշումը մեկնաբանում են այն հանգամանքով, որ կազմակերպությունը չի ցանկացել համագործակցել կոմիտեի հետ:
Ավելի վաղ կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը ասել էր, որ Աբաս Աբասովը հայտարարում է, որ Ադրբեջանի առաջնորդն իր աքսակալն է (ավագանի) և ինքը աջակցում է Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությանը: “Մենք համաձայն ենք այս հայտարարությունների հետ: Սակայն յուրաքանչյուր մարդու հայտարարություն պետք է համապատասխանի իր գործողություններին: Աբասովի՝ Սոյուն Սադիկովի հետ միևնույն շարքում լինելը ճիշտ չէ. վերջինս ծառայում է Ադրբեջանի ոչնչացման գաղափարին: Աբասովը պետք է ուշադրություն դարձնի այն հանգամանքին` ում հետ է ինքը, և հայտարարի ում կողմնակից է: Միայն դրանից հետո մենք կհամագործակցենք իր հետ”,-ասել է Իբրահիմովը:
2013թ. հունվարի 25-ին Աբասովը ընտրվել է “ԱզերՌոսը”-ի ավագանիների խորհրդի նախագահ, իսկ կառույցի նոր նախագահ է ընտրվել Ասիֆ Մագերամովը՝ այդ պաշտոնում փոխարինելով ադրբեջանցի ռուսաստաբնակ հայտնի գործարար Սոյուն Սադիկովին:
Էլինա Դանիելյանը զգալիորեն ետ է մնում
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի 8-րդ տւրում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոտենաշվիլիի հետ: Խաղաղ ելք ունեցան նաև Ստեֆանովա- Հարիկա Դրոնավալի, Լահնո – Մումինովա, Ցզյու Վենցզյուն- Նախբաևա հանդիպումները: Կոներուն հաղթեց Չժաո Սյուեին, Գիրյան` Կոստենյուկին:
Դանիելյանը վաստակած 3 միավորով 9-11-րդ տեղերը բաժանողների խմբում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորոմ է Կոներուն` 6,5 միավոր: 5,5-ական միավոր ունեն Դրանավալին և Լահնոն:





