ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթին

Աշոտ-ՀովակիմյանՍեպտեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ, հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար պարոն Քրիստոֆ Բիրվիրթին: Վերջինս ՀՀ փոխարտգործնախարարին հանձնեց իր հավատարմագրման նամակը:

Ողջունելով պարոն Բիրվիրթին՝ ՀՀ փոխարտգործնախարարը շնորհավորեց նրան այս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ համագործակցությանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ: Փոխնախարար Հովակիմյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գրասենյակի հետ աշխատանքը՝ հաշվի առնելով թե՛ ոչ վաղ անցյալում և թե՛ ներկայումս փախստականների հետ կապված խնդիրների առկայությունը և երկրի ջանքերն ուղղված այդ հարցերի լուծմանը: Մասնավորապես, խոսվեց նաև Սիրիայից ներգաղթած փախստականներին հնարավորինս լայն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունների մասին:

Զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ փոխնախարարը վստահություն հայտնեց, որ ապագայում ևս արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի: Ի հերթին պարոն Բիրվիրթը վստահեցրեց, որ գրասենյակը կանի առավելագույնը՝ Հայաստանում փախստականներին աջակցություն ցուցաբերելու համար:

Կանցկացվի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակում և տեղեկատվական վերահսկում» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը

1Հոկտեմբերի 22-24-ը Երևանում կանցկացվի«Վարչական շրջանի շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակում և տեղեկատվական վերահսկում»խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ։

Գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանելու անվանի գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Նահանգներից, Նորվեգիայից, Իրանից, Ռումինիայից, Չեխիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիտվայից:

Ինչպես տեղեկացնում է գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ՀՊՃՀ քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը, գիտաժողովում կքննարկվեն մի շարք թեմաներ, տարածաշրջանային հիմնական խնդրի՝ վերահսկողության կազմակերպման և գեոդինամիկ գործընթացների մասին: Գիտաժողովի թեման հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ մեր երկրում առկա են մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնք լրջորեն անհանգստացնում են հասարակության լայն շերտերին:

Միջոցառման կազմկոմիտեի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Դավթյանի կարծիքով, շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակման և տեղեկատվական վերահսկման խնդիրների քննարկումները կօժանդակեն մեր երկրում երկրաէկոլոգիական մոնիթորինգի և ռիսկերի կառավարմանը` մարդկային կյանքը դարձնելով ավելի ապահով:

Գիտաժողովի արդյունքում ակնկալվում ունենալ հստակ ճարտարագիտական գործնական ծրագրեր: Քննարկված թեմաներն օգտակար կլինեն ինչպես ՀՀ բարձրագույն կրթական համալիրում սովորող ապագա բնապահպանների, քիմիկոսների, ճարտարագետների և այլ մասնագետների, այնպես էլ որորտում աշխատողների համար: Այսպիսով նաև նոր թափ կհաղորդվի այս ուղղությամբ գիտական և տեխնիկական հետազոտությունների զարգացմանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Վարչապետը մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Տիգրան ՍարգսյանԱյսօր` սեպտեմբերի 9-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի հետ: Պատվիրակությունը կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին: Նախատեսված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում, մասնավորապես, պայմանագիր` առևտրատնտեսական համագործակցության, փոխըմբռնման հուշագիր` արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության մասին: Հանդիպումներ կլինեն ՏՏ ոլորտի մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանը:
Վարչապետի աշխատանքային այցը ՉԺՀ կավարտվի սեպտեմբերի 12-ին:

Բաթումի քաղաքում ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի

պատանի է ջրահեղձվելՍեպտեմբերի 8-ին, ժամը 23.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում ջրահեղձվել է անձը չպարզված քաղաքացի:
Պարզվել է, որ ջրահեղձվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1985 թ. ծնված Դ. Մ.-ն է:
Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն սեպտեմբերի 9-ի առավոտյան:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՍեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, «Հաղթանակ զբոսայգում՝ «Մայր Հայաստան հուշահամալիրի մոտակայքում` 1000 քմ, Արագածոտնի մարզի կարբի գյուղում` 10 հա, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում` 3000 քմ ցորենի հնձած արտ, Գեղարքունիքի մարզի գավառ քաղաքում` 1 հա, Լոռու մարզի Արևածագ գյուղի մոտակայքում` 2500 քմ, Օձուն – Արևածագ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում` 300 քմ, Վանաձոր քաղաքի գերեզմանատանը` 1 հա, Սպիտակ քաղաքի հին գերեզմանատանը` 1000 քմ, Սարահարթ գյուղի մոտակայքում` 5 հա, Արևաշող գյուղի դպրոցի մոտակայքում` 35 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Զառ գյուղի մոտակայքում` 3 հա, «Սրբ. Հովհաննես» եկեղեցու մոտակայքում` 400 քմ, Նոր Գյուղ գյուղի 19-րդ փողոցի թիվ 3 տան մոտակայքում` 1000 քմ, Կոտայքի փողոցի թիվ 19 տան մոտակայքում` 6000 քմ բուսածածկ տարածք, Սայաթ-Նովա փողոցի նրբանցքի թիվ 9 տան մոտակայքում` 500 քմ, Հրազդան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում` 1,5 հա, Ֆանտան – Հրազդան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում` 7,5 հա, Տուֆաշեն գյուղի մոտակայքում` 0.5 հա, Տավուշի մարզի Թուխիկյան փողոցի թիվ 25 հասցեում՝ 500 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղում` 5000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Քնատ մարդիկ տհաճություն ու խղճահարություն են առաջացնում

09092815.887097.1781Շվեդացի գիտնականները հայտնաբերել են, որ անընդհատ քնատությունը մարդուն տկարություն ու անառողջ տեսք է հաղորդում, իսկ դրա հետևանքով, “սոմնաբուլները” վանում են շրջապատողներին: Առողջ ու լիարժեք քունը մարդու կյանքի  անբաժանելի հատվածն է: Գիշերային հանգիստն ուժ է տալիս ու բարելավում ինքնազգացողությունը, լավ տրամադրություն պարգևում և օգնում երկարաձգելու երիտասարդությունը: Հակառակ պարագայում ցերեկային  գործունեությունը հավասարվում է զրոյի, իսկ դա էլ իր հերթին կարող է հանգեցնել սթրեսների ու  հետևաբար, հիվանդությունների զարգացման:

Ցավոք, շատ մարդիկ են անբավարար քնում կամ քնին նվազագույն ժամանակ հատկացնում, ինչը, ի վերջո, անդրադառնում է  ոչ միայն մարդու մտավոր ունակությունների, այլև` արտաքինի վրա:

Ուսումնասիրության ընթացքում, Ստոկհոլմի համալսարանի մասնագետները լուսանկարել են գիշերային լիարժեք քնից հետո ու 31 ժամ անընդմեջ չքնած  40 մարդու: Գիշերային քնից զրկված մարդիկ ունեցել են խեղճացած ու ճնշված տեսք, նրանց աչքերը կարմրել են, կոպերը` այտուցվել, դեմքի վրա հայտնվել են կնճիռներ, իսկ մաշկը գունատվել է:

Մասնագետները կարծում են, որ նման տեսքը կարող է վատ ազդել փոխհարաբերությունների վրա :

 

Պակիստանի նախագահն ինքնակամ հեռացել է պաշտոնից

pic_a095439b766800530f4875dd91f15479Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հեռացել է պաշտոնից: Այդպիսով, Զարդարին առաջին նախագահը դարձավ, որն ինքնակամ հեռացել է պաշտոնից մինչ պաշտոնավարման ավարտը:

58-ամյա Զարդարին Պակիստանի նախագահի պաշտոնն է զբաղեցնում 2008-ից, այն բանից հետո, երբ իշխանության գլուխ եկավ Պակիստանի ժողովրդական կուսակցությունը: Այդ կուսակցության նախկին առաջնորդ  Բենազիր Բհուտոն, որը երկու անգամ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, Զարդարիի կինն էր: 2007-ին նա սպանվեց: Զարդարիի հետնորդը Մամնուն Հուսեյնն է, որի երդմնակալությունը Պակիստանի նախագահի պաշտոնում տեղի կունենա այսօր, սեպտեմբերի 9-ին:

Հուսեյնը խոշոր ձեռնարկատեր է ու Պակիստանում կառավարող  “Մահմեդական լիգա” կուսակցության ներկայացուցիչ: Նա ընտրվել է հուլիսի 30-ին: Ավելի վաղ, մայիսի 11-ին, Պակիստանում, համընդհանուր ընտրությունների արդյունքում ձևավորվեց խորհրդարանը: Չնայած  ընտրատարածքներում բազում խախտումների մասին տեղեկությունների, այդ ընտրությունները համարվեցին երկրի պատմության մեջ ամենադեմոկրատականը:

Պակիստանի նախագահը, գործող օրենսդրության համաձայն, չունի նշանակալի իրավասություններ: 2010-ին Զարդարին համաձայնել է ուղղումներ մտցնել սահմանադրության մեջ,  որոնց համաձայն, իրավասությունների մեծամասնությունը փոխանցվել է վարչապետին:

Պակիստանի նախագահին ընտրում են  խորհրդարանի երկու պալատն ու տարածքային օրենսդրական ժողովի ներկայացուցիչները: Նախագահը կարող է իր պաշտոնը զբաղեցնել առավելագույնը  հնգամյա 2 ժամկետ:

 

Սեպտեմբերի 9-ին նշվում է Գեղեցկության համաշխարհային օրը

i (2)Ողջ աշխարհում, սկսած 1995-ից, սեպտեմբերի 9-ը նշվում է որպես Գեղեցկության համաշխարհային օր: Տոնը նախաձեռնողը Գեղագիտության  ու դիմահարդարման միջազգային կոմիտեն է` ՍԻԴԵՍԿՕ-ն, որը հիմնվել է Բրյուսելում  1946-ին: Այդ միջազգային  ասոցիացիան ներկայում աշխարհի 33 երկրներում բաժանմունքներ ունի:

Յուրաքանչյուր դարաշրջան գեղեցկության իր չափանիշներն ունի: Եկատերինա Մեդիչիի դարաշրջանում խիստ պահանջներ էին ներկայացվում կանացի գոտկատեղի ծավալին.այն պետք է 33 սմ չգերազանցեր, ինչը ստիպում էր կանանց  չոր  սեղմիրաններ հագնել:

Գեղեցկության առաջին մրցույթն անց է կացվել Բելգիայում, 1888-ին, իսկ “Միսս աշխարհ” մրցույթը տեղի է ունեցել 1951-ին, Լոնդոնում:

Նորվեգիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն. հնարավոր է իշխանությունը փոխվի

o_821753Նորվեգիայում այսօր երկրի խորհրդարանի` սթորթինգի ընտրություններ են: Փորձագետների կանխատեսումներով, հնարավոր է իշխանությունը փոխվի.վարչապետ  Յենս Սթոլթենբերգը հնարավոր է կորցնի իր պաշտոնը: Ձախցենտրիստների կոալիցիան  Սթոլթենբերգի Աշխատավորական կուսակցության գլխավորությամբ իշխանության գլուխ է անցել 2005-ին, սակայն վերջին մի քանի տարում այն կորցրել է ժողովրդականությունը:

Նորվեգացիներին ամենաշատը հուզում է անվտանգության հարցը.2011-ին Անդերս Բրեյվկի ահավոր ահաբեկչությունից հետո, շատերը քննադում էին ոստիկանության գործողությունները, որը չկարողացավ կանխել գրոհը: Այս համատեքստում պահպանողականները կարողացան բարձրացնել իրենց վարկանիշը ու հիմա նրանց հաղթանակն  են կանխատեսում:

Անկախ ընտրությունների արդյունքներից, խորհրդարանն իր նոր կազմով կաշխատի ուղիղ 4 տարի, իսկ նորվեգական օրենսդրությյան մեջ խորհրդարանը  ցրելու վերաբերյալ ոչինչ գրված չէ:

Սոբյանինն առջևում է

i (1)Մոսկվայում, քաղաքապետի ընտրությունների քվեաթերթիկների 95,5%-ն արդեն  մշակվել է :

Նախնական հաշվարկով, քաղաքապետի պարտականությունները կատարող Սերգեյ Սոբյանինը հավաքել է  51,11%, ՌՀԿ-Պառնաս կուսակցության թեկնածու Ալեքսեյ Նավալնին հավաքել է 27,41%, իսկ ՌԴԿԿ ներկայացուցիչ Իվան Մելնիկովը` 10,74%:

Առաջին փուլում հաղթելու համար, թեկնածուն պետք է հավաքի  ձայների ավելի քան 50%-ը, հակառակ դեպքում, քաղաքապետի աթոռի համար պայքարը կշարունակվի հաջորդ փուլում: Նախնական տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցությունը կազմել է գրեթե 32%:

Այդպես էլ կրթությունն «ապրանք» չդարձավ

կրթությունԱյդպես էլ Հայաստանի «մեծապատիվ տիարք» չհասկացան մի պարզ ճշմարտություն` կրթություն մատուցելը համարվում է ծառայությունների մատուցում: Իսկ ծառայությունների մատուցման ոլորտում, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում գործում է մի պարզ սկզբունք. ցանկացած սակագին փոփոխվում է, երբ տվյալ ծառայություն մատուցող ոլորտը թևակոխում է զարգացման ավելի բարձր աստիճան, դրանից հետո է տեղի ունենում թանկացումը: Իսկ ծառայությունների գները բարձրացնել ընդամենն աղոտ խոստումներ տալով, թե ինչ–որ անորոշ ապագայում  հայկական բուհերում մատուցվող կրթական ծառայությունները ինչ–ինչ փոփոխություններ կունենան, ուղղակի ծիծաղելի է, եթե ոչ ծաղր: 

Ինչպես գիտենք, ԵՊՀ-ն որոշել է ուսման վարձավճարները թանկացնել 100.000 դրամով և նվազագույն շեմը նախկին 300 հազար դրամի փոխարեն դարձնել 400 հազար դրամ: Վարձավճարների բարձրացմամբ են նոր ուսումնական տարին սկսում նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Տնտեսագիտական համալսարանում վարձավճարները բարձրացել են 100-150 հազար դրամով: Ճարտարագիտական համալսարանում նոր ուսումնական տարվանից ուսման վարձերը կլինեն 402-522 հազար դրամի սահմաններում: Կոնսերվատորիայում ուսման վարձն ավելացել է 100-200 հազար դրամով:

Այս որոշման հեղինակներն ուսման վարձավճարների թանկացումը  պատճառաբանում են այն հանգամանքով, որ վերջին տարիներին բուհերի ծախսերը շատացել են. բուհն այժմ մեկ ուսանողի համար ավելի շատ գումար է ծախսում, քան նախկինում, ինչը պայմանավորված է կահավորանքի, տեխնիկական և լաբորատոր անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմամբ:

Մի պահ մոռանանք հայկական իրականությունը և անդրադարձ կատարենք առաջատար կրթական համակարգ ունեցող երկրների փորձին: Ֆրանսիայում, օրինակ, Սորբոնի համալսարանում Ֆրանսիայի ռեզիդենտ քաղաքացիների համար ուսումն անվճար է, իսկ ոչ ռեզիդենտների համար ուսման վարձավճարները սկսվում են տարեկան 7 հազար եվրոյից: Բացի Սորբոնի համալսարանից, Ֆրանսիայի շատ այլ համալսարաններում կրթությունը բավականին թանկ է: Նայենք ԱՄՆ-ի օրինակին. այդ երկրի բուհերում, առավել ևս միջազգային հեղինակություն վայելող, ուսման վարձավճարները հասնում են տասնյակ հազարավոր դոլարների: Եվրոպական շատ այլ երկրների առաջատար ու միջին կարգի բուհերում էլ ուսման վարձավճարները բավականին բարձր են:

Իհարկե, լավ կրթությունը չի կարող էժան լինել, եթե հաշվի առնենք ուսումնական գործընթացի կազմակերպչական, նյութատեխնիկական պայմանների բավարարումը, հեղինակավոր ու որակյալ փորձագետներով ու մասնագետներով պրոֆեսորա-դասախոսական անձնակազմերը համալրելու անհրաժեշտությունը և այլն: Տպավորություն կարող է ստեղծվել, թե մեզ մոտ էլ նույն պատճառաբանություններն են բերվում, սակայն դա չի արդարացնում կրթության ոլորտի հայ պատասխանատուներին:

Նախ` այն պարզ պատճառով, որ այդ երկրներում առաջնորդվում են «կրթությունը պետք է լինի ոչ թե էժան ու անհասանելի, այլ թանկ, բայց հասանելի բոլորին» սկզբունքով: Իսկ դա նշանակում է, որ ստեղծված են բազմազան ու բազմապիսի մեխանիզմներ, որոնցով ուսանողներն ու նրանց ծնողները կարող են վճարել որակյալ կրթության համար: Օրինակ` գործում են կրթության ֆինանսավորման տարբեր ու տարատեսակ հիմնադրամներ, այդ երկրների բանկային համակարգերն ունեն ուսանողական վարձավճարների վարկավորման ճկուն մեխանիզմներ, պետությունը կիրառում է կրթության վարձավճարների սուբսիդավորման, զեղչերի ու փոխհատուցումների ճկուն մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս գումար չունեցող, բայց  ուսումնատենչ երիտասարդին ստանալ որակյալ կրթություն` համոզված լինելով, որ իր ստացած կրթությամբ հետագայում կկարողանա արդարացնել ու «ծածկել» կրթության համար արված ծախսերը:

Այդ երկրներում կրթությունը, ինչպես և պետք է լինի, դիտարկվում է, որպես ապրանք, և մարդիկ գիտեն, թե ինչի համար են վճարում, գիտեն այդ ապրանքի, այսինքն` իրենց ստացած կրթության արժեքը: Օրինակ` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի համալսարաններում կրթություն ստանալ ցանկացողներին բուհերը տրամադրում են սպառիչ տեղեկություններ, թե ուսանողն իրենց մոտ ինչ առարկաներ է ուսումնասիրելու, ինչ մակարդակով, ինչ չափանիշների է համապատասխանում այդ կրթությունը, ինչպիսի հիմնարկների, կազմակերպությունների կամ կառույցների համար են կրթության այդ չափանիշներն ընդունելի, իրենց համալսարանի շրջանավարտների քանի տոկոսն է աշխատանք գտնում, ինչպիսի վարձատրությամբ աշխատանք է գտնում, ինչպես են օգնում իրենց շրջանավարտներին հետագայում աշխատանք գտնելու հարցում, իրենց պատրաստած մասնագետներն աշխատաշուկայում ինչ պահանջարկ ունեն և այլն:

Բացի այս ամենը, նորմալ ու նախանձելի կրթական համակարգեր ունեցող երկրներում, ինչպես, օրինակ` Շվեդիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում  և այլն, բուհերն ակտիվորեն համագործակցում են պետական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ` իրենց կրթական ծրագրերը նրանց պահանջներին համապատասխանեցնելու համար, որպեսզի կարողանան պահանջված մասնագետներ պատրաստել, ոչ թե ընդամենը դիպլոմներ տալ… Մեկ այլ օրինակելի մեխանիզմ էլ կա այդ երկրներում. օրինակ` ինչպես Հայաստանում պետությունն է բուհերին պետպատվերի շրջանակներում մասնագետների պատրաստում պատվիրում, նույն կերպ էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներն են այդ բուհերին ուղիղ, անմիջական կապի միջոցով պատվիրում իրենց համար համապատասխան մասնագետների պատրաստում` պետության պես  ուսման վճարները լրիվ կամ մասնակի փոխհատուցելով: Սա ևս մեկ լծակ է, որն օգնում է ուսանողներին չվախենալու ուսման վարձավճարների թանկությունից: Իսկ հայկական բուհերից քանի՞սը կարող են իրենց գոնե մեկ տարվա շրջանավարտների հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կամ վիճակագրություն ներկայացնել: Քանի՞սը կարող են ասել, թե իրենց պատրաստած որ մասնագիտությունն ինչպիսի պահանջարկ ունի աշխատանքի շուկայում, քանիսն են դիմորդների ու նրանց ծնողների համար էքսկուրսիաներ կազմակերպում իրենց կրթօջախներում` ներկայացնելու համար մատուցվող կրթության ձևը, որակը, բուհի լաբորատոր-լսարանային, նյութա-տեխնիկական պայմանները, ուսումնա-մեթոդական տարրերն ու պրոցեսները, պրոֆեսորա-դասախոսական կազմին…

Հայ ուսանողը կա՛մ պետք է հարմարվի, կա՛մ հեռանա…

Մինչդեռ ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը հրավիրված ասուլիսում արդարացնում է ուսման վարձերի թանկացումը` պնդելով, թե դա ինքնանպատակ չէ, թե վերջին տարիներին ամեն ինչը թանկացել է, բացի ուսման վարձից, որ կրթությունն էլ իր գինն ունի…

Նախարարը խոստանում է «ջանքեր թափել», որ այս ամենից, իր խոսքերով ասած, «պլյուսով դուրս գանք», որ կրթաթոշակներ են սահմանվելու լավագույն ուսանողների համար, որ կառավարությունը փորձում է այնպես անել, որ վարձավճարներից գոյացած միջոցների 7 տոկոսը բուհերը հատկացնեն ուսման վարձավճարների զեղչեր սահմանելու հիմնադրամներին և այլն:

Բայց ոչ մի տեղ չի խոսվում, թե ուսման վարձավճարների բարձրացումն ինչպես կանդրադառնա ուսման որակի բարձրացման վրա: Օրինակ` ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները կշարունակե՞ն տառապել «նախնադարյան» համակարգիչներն աշխատեցնելով, թե՞ նոր ու ժամանակակից համակարգիչներով կստեղծեն իրենց նյութերը, 240 հոգով 4-5 տեսախցիկի վրա՞ հույսները կդնեն տեսանյութեր պատրաստել սովորելիս, թե՞ գոնե 2-3 հոգուն մեկ տեսախցիկ կհասնի…

Ոչ մի տեղ այս հարցերի պատասխանները չկան: Չկան նաև այնպիսի հարցի պատասխաններ, թե ինչպիսի նոր տեխնոլոգիաներ կներդրվեն ուսումնական գործընթացների կազմակերպման համար, ինչպիսի ու ինչ կարգի մասնագետներ կհրավիրվեն դասավանդման համար և այլն: Կարծես ամեն ինչ, բացի մի քանի լսարանների կոսմետիկ վերանորոգումից, նույնն է մնում` թե՛ կրթության որակը, թե՛ պայմանները, միայն վարձավճարներն են թանկանում:

Սեպտեմբերի 2-ին` «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած բողոքի երթի ժամանակ, երբ ուսանողները հասան կառավարության շենքի մոտ, նրանց դիմավորեց կառավարության դիմում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ու ցնցող «նորություններ» հայտնեց. «Բուհերն ինքնավար մարմիններ են, ու երբ ուսման վարձը թանկանում է, հավասարաչափ թանկանում է նաև պետության համար: Պետպատվեր գոյություն ունի, ես պարտավոր եմ լինելու կատարել նրանց որոշումը և ավելի գումար վճարել պետպատվերի համար: Այնպես որ մենք այստեղ  դեմ դիմաց կանգնած կողմեր չենք` այս խնդիրն ինչքան ձեզ համար է բարդ, այնքան էլ կառավարության համար է բարդ: Բայց կառավարությունը մյուս կողմից փորձում է ուրիշ միջոցներ ձեռնարկել` սոցիալական խնդիրները լուծել, ուսանողական հիմնադրամների խնդիրները լուծել, լրացուցիչ զեղչեր սահմանել»:

Ստացվում է` պետական բուհերն ինքնագլուխ ինչ ուզեն, կարող են անել` առանց կառավարության ցանկությունները հաշվի առնելու: Կառավարությունն էլ համաձայն է բուհերի ղեկավարների պատճառաբանությունների հետ ու հարց չի բարձրացնում, թե ինչու են ուսման վարձավճարները թանկացնում խոստացված փոփոխություններից ու բարելավումներից առաջ, ոչ թե հետո:

 

ԱՄՆ-ում կարուսելի հանկարծակի կանգից տուժել է 13 երեխա

iԿոնեկտիկուտ նահանգում ոստրեների փառատոնի ժամանակ, շղթայավոր կարուսելի խափանման հետևանքով առնվազն 13 երեխա է տուժել:

Դեպքը կատարվել է Նորուոլք քաղաքում: Ոստիկանության տվյալներով, տեխնիկական խափանում է եղել, ինչի հետևանքով երեխաները ընկել են ներքև. նրանցից 2-ը լուրջ վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել:Կատարվածի հանգամանքները ստուգվում են:

 

Ամուրի Կոմսոմոլսկում ջրի մակարդակը հասել է 887 սմ

130827043213_leninskoye_evreyskaya_ao_304x171_rianovostiԱյսօր Ամուրի Կոմսոմոլսկում գետի մակարդակը բարձրացել է մինչև 887 սմ:

Հաղթանակ ավանի մոտ մեկ ամբարտակ էլ է ճաք տվել ու հիմա բնակիչների տարհանում է կատարվում:

Շաբաթ օրը ճեղքվել էր Մենդելեև ավանի ամբարտակն ու տարհանվել շուրջ 700 մարդ: Միևնույն ժամանակ Խաբարովսկում ջրի մակարդակը նվազել է 11 սմ ու կազմել 770 սմ: