ԱՄՆ-ում Նյու-Յորքի համալսարանի ինժեներական ֆակուլտետի հովանավորությամբ հաքերների համաշխարհային մրցույթ է անցկացվում: Մրցույթի նախապատրաստական աշխատանքների վրա 6 ամիս է ծախսվել: Միջոցառման գլխավոր հովանավոր որպես հանդես է եկել ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը, որը հետաքրքրված է “սպիտակ հաքերների” պատրաստմամբ, որոնք պահանջված կլինեն մասնավոր ընկերություններում ու երկրի պետկառույցներում: Մրցույթը թիմային բնույթի է ու տարիքային և տարածաշրջանային սահմանափակում չկա: Սակայն, կանոնների համաձայն, եզրափակչում կհաղթի միայն մեկ ուսանողական կոլեկտիվ: Լավագույն արդյունքները կիսաեզրափակչում ցուցադրել են ԱՄՆ և Չինաստանի թիմերը` Պիտսբուրգի և Պեկինի համալսարաններից:
Daily Archives: September 24, 2013
Մեկնարկել է փոքր կենտրոնի մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժումը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ից մեկնարկել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը: Երեկոյան ժամը 23-ից հետո ապամոնտաժման աշխատանքներ են կատարվել Սայաթ-Նովայի պողոտայի մինչև Խանջյան փողոց ընկած ճանապարհահատվածում: Գովազդային մեծ վահանակներ են ապամոնտաժվել նաև Թումանյան փողոցում:
Ընդհանուր առմամբ, ապամոնտաժվել է 13 գովազդային վահանակ:
Երեկոյան ժամն ընտրվել է՝ հաշվի առնելով փողոցների երթևեկի ծանրաբեռնվածությունն ու անվտանգության ապահովումը: Նշենք, որ ապամոնտաժումներն իրականացվում են գովազդային ընկերությունների ուժերով:
Այսօր երեկոյան փոքր կենտրոնում ապամոնտաժման աշխատանքներ կիրականացվեն, և ամբողջությամբ կավարտվի Թումանյան փողոցի մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Քամուց 2 մարդ է զոհվել
Հորդառատ անձրևի և ուժգին քամու հետևանքով 2 մարդ է զոհվել, 70 հազարն էլ տուժել են Պարագվայում: Զոհվել է 86-ամյա մի կին, որի վրա քամու պատճառով քանդվել է սեփական տան կտուրը ու 37-ամյա մի տղամարդ մահացել է հոսանքահարումից:
Երկրի վարչական 5 տարածքներում վնասվել են հազարավոր տներ, շենքեր ու ավտոմեքենաներ, որոշ շրջաններում հոսանքամատակարարման համակարգն է վնասվել: Պարագվայի խորհրդարանը պլանավորում է տարերքից ամենաշատը տուժած շրջաններում արտակարգ դրություն հայտարարել: Տուժածներին նյութական օգնություն կհատկացվի:
Լոռու մարզում կախվելու միջոցով ինքնասպան է եղել ոստիկանության մայորը
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բանյո փողոցի 4-րդ շենքի 3-րդ բնակարանում տղամարդ կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Անուբախ Համբարյանի և ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տան լոգարանում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է 36-ամյա Դավիթ Մաիլյանի դին՝ կախված վիճակում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Դ. Մաիլյանը աշխատում էր ոստիկանության Լոռու մարզային վարչությունում՝ որպես փորձագետ, կոչումով էլ ոստիկանության մայոր էր: Գ. Շամշյանը հայտնում է, որ հայտնաբերվել է նաև երկտող, որի վրա գրված է՝ «Սիրում եմ բոլորիդ, ընտանիքիս անդամներին, աշխատանքային ընկերներիս և խնդրում եմ ոչ ոքու չմեղադրել իմ այս քայլի համար»: Դ. Մաիլյանը ամուսնացած էր, ուներ 1 տղա, 1 աղջիկ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն հատուկ քննչական ծառայություն:
Վարդան Օսկանյանի որդու գործերը կարող են լրջանալ
Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի որդու գործերը կարող են լրջանալ։ Դեռ օգոստոսի 29-ին տեղեկություններ էին տարածվել, որ թմրամիջոցներ պահելու կասկածանքով այդ օրն առավոտյան ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Օսկանյանի որդին և վերջինիս ընկերը։ Նույն օրը ոստիկանության լրատվական ծառայությունից մեր թղթակցին հայտնել էին, որ ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով օգոստոսի 29-ի առավոտյան Մոսկովյան 31 հասցեից բերման են ենթարկվել երկու անձ, նշանակվել է փորձաքննություն։ Անուններ, սակայն, ոստիկանությունը չէր նշել։ Այդուհանդերձ, հավաստի աղբյուրները վստահեցնում էին, որ տվյալ պարագայում խոսքը հենց Օսկանյանի որդու և նրա ընկերոջ մասին է։ Վերջիններս նույն օրն իսկ ազատ էին արձակվել։ Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է ոստիկանության լրատվական ծառայությունից ճշտել՝ արդյո՞ք փորձաքննության արդյունքներն արդեն հայտնի են, պատասխանել են, թե քննությունը շարունակվում է։ Ըստ հավաստի տեղեկությունների, փորձաքննության արդյունքներն արդեն հայտնի են և հաստատվել է, որ հայտնաբերված նյութը թմրամիջոց է։ Երեկվա դրությամբ որևէ մեկին մեղադրանք դեռ առաջադրված չէր։ Չի բացառվում, սակայն, որ այս անգամ ևս կրտսեր Օսկանյանը «ջրից չոր դուրս գա», այնպես, ինչպես եղել է նախկինում նրա անվան հետ կապված սկանդալների ժամանակ։ Եթե, այդուամենայնիվ, որոշվի գործին ընթացք տալ, մեղադրանքը կախված է լինելու հայտնաբերված թմրամիջոցի քանակից։ Փոքր քանակության դեպքում նախատեսվում է վարչական տուգանք և միայն մեծ քանակության դեպքում է անձին ազատազրկում սպառնում»։
Մինասի որմնանկարների շուրջ աղմուկը չի հանդարտվում
Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը նախորդ տարվա աշնանից գտնվում է Գյումրու քաղաքապետարանի դահլիճում, սակայն այն ամբողջությամբ ամրացված չէ պատին: Խնդիրը նկարչի հիմնադրամի, որդու և քաղաքապետարանի մեջ է. երկուստեք չեն կարողանում հարթել ֆինասական խնդիրները: Մի կողմը մշտապես պնդում է, որ քաղաքապետարանը դեռ պարտքեր ունի որմնանկարի վերականգնման համար, մյուս կողմը`իր բոլոր պարտավորություններն ավարտած համարում:
Օրերս Գյումրու քաղաքապետն ավագանու համաայնությունն էր ուզում նկարի վերջնական տեսքն ավարտելու համար 3 մլն դրամ Մինաս Ավետիսյան հիմնադրամին փոխանցելու համար:
“Լուրջ պրոբլեմների մեջ եմ հայտնվել: Հարցը քննարկվել է պետական տարբեր ատյաններում: Ասում են, որ հին պայմանավորվածության համաձայն, դեռ 19 մլն քաղաքապետարանը պետք է տա: Ես դիմադրել եմ և ասել, որ որևէ գումար չունեմ տալու: Ասել եմ` մեր հնարավորությունները կարող են լինել 3 մլն, բայց կտանք այն պայմանով, որ հետևողական ենք լինելու վերջնական վերականգնմանը: Չեն վերականգնելու` չենք տալու: Էն ժամանակ, երբ մենք ընդհանրապես գումար չունեինք` 2012թ. հոկտեմբերի 12-ից սկսած, էդ գումարները հատկացվեց, հիմա նորից 19 մլն:
Ես կփորձեմ ավագանու նիստերից մեկին Մինասի որդին` Արմանը և իրենց հաշվապահն գան, բացատրություն տան”, – ասում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ավագանին կողմ արտահայտվեց քաղաքապետի առաջարկին, սակայն այլ դիրքորոշում հայնտեց քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը. “Քանի որ պայմանագրի ակնունքներին, ամբողջ աշխատանքներին ես ներկա եմ եղել, կարող եմ ասել, որ քաղաքապետարանն այսօրվա դրությամբ 37 մլն դրամ հատկացնելով կատարել է իր առջև դրված պայմանագրային բոլոր պարտականությունները` մի բան էլ ավելին: Պայմանագիրը կնքվել է 24 մ երկարությամբ 4-4,5մ բարձրությամբ նկարի մասով: Նրանք 6մ պակաս են արել նկարը: Հիմա, որ դահլիճում նայեք` դատարկ է նկարի այդ մասը, դրա բեկորներն են պահպանված եղել, ըստ իրենց հավաստիացումների, և բեկորներով պետք է լրացնեին Մինասի նկարի այդ հատվածը: Դա անհնարին է, երազանքների աշխարհից է: Դա ոնց է լինելու, հիմա նորից նրանց 3 մլն ենք տալու, երբ մենք պայմանագրի բոլոր կետերը կատարել ենք, իսկ նրանք չեն կատարել նկարի վերականգնումը և չեն էլ կատարելու: Նրանք ասում են` բեկորները կան, պահեստավորված են, բայց դրանցով երբեք նկար չի հավաքվում: Մի ելք կա. պետք է սվաղել այդ հատվածը մանր ավազով և դրա վրա մի որակյալ նկարիչ նկարի Մինասի նկարը: Վրան պետք է գրվի` այսքանն արված է այսինչ նկարիչ կողմից և վերականգնված է ամբողջությամբ”:
“Ես բացատրեցի, որ այս 3 մլն-ից բացի մենք էլ որևէ պարտավորություն չունենք, սա նույնիսկ ոչ թե պարտավորություն է, այլ մեր թասիբի խնդիրը”, – բաժնի պետին հակադարձեց քաղաքապետ Բալասանյանը:
Թալիշական շարժման առաջնորդ գնդապետ Հումմաթովը Հայաստանում է
Երևան է ժամանել Թալիշական շարժման առաջնորդ, 1993թ․ Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Ալաքրամ Ալաքբարի Հումմաթզոդան (հանրությանն առավել հայտնի գնդապետ Հումմաթով անունով (Гумматов, Альакрам Алекпер оглы)):
Այցի հիմնական նպատակը ԵՊՀ իրանագիտության ամբիոնում «Թալիշագիտություն» մագիստրական ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելն ու դասախոսությամբ հանդես գալն է: Միջոցառումը կսկսվի ԵՊՀ Չարենցի անվան լսարանում, սեպտեմբերի 24-ին, ժամը 13.00-ին:
Ալաքրամ Հումմաթզոդան թալիշական ազատագրական շարժման մեջ հանդիսանում է առավել կշռադատված քայլերի կողմնակից և Թալիշստանի անկախության հասնելու ճանապարհը տեսնում է Ադրբեջանի Հանրապետության կոնֆեդերացման մեջ՝ անհրաժեշտության դեպքում ընդհուպ մինչև լիակատար անկախություն:
Հայաստանյան այցի ընթացքում Ա. Հումմաթզոդան հանդիպումներ կունենա ՀՀ հասարակական-քաղաքական և գիտական շրջանների ներկայացուցիչների հետ: Այցի երկու օրերը նա անց է կացնելու Արցախում: Նախատեսվում է նաև հանդիպում Արցախի պետական համալսարանում, որտեղ հանդես կգա դասախոսությամբ:
Չպետք է վաճառել հոգին նպատակներին հասնելու համար
Աշխարհահռչակ հունգարացի ռեժիսոր Իշտվան Սաբոյի «Մեֆիստո» ֆիլմը (1981 թ.) Կլաուս Մաննի «Մեֆիստո. մի կարիերայի պատմություն» վեպի էկրանավորումն է, որը պատմում է Հենդրիկ Հյոֆգեի մասին: Ֆիլմի սյուժեն դառն է, հեգնական, հերոսը պատրաստ է վաճառել իր հոգին հանուն երազանքների:
Ներկայացնում ենք «Անկախի» հարցազրույցը հունգարացի ռեժիսորի հետ ոչ միայն «Մեֆիստո» ֆիլմի, այլև կյանքի փիլիսոփայության մասին:
– Հարգելի Սաբո, «կվերծանե՞ք» Ձեր «Մեֆիստո» ֆիլմը:
– Ֆիլմը Գյոթեի «Ֆաուստի» յուրօրինակ մեկնաբանություն է: Մարդկությունը դեռ ֆաուստյան գործարքի ծուղակում է, սատանայի հետ նոր գործարքի պատճառը` ապահով զգալու ցանկությունը: Ֆիլմում օպերային երգիչ Հենդրիկ Հյոֆգեն վաճառում է հոգին ոչ թե սատանային, այլ նացիստներին և դառնում նացիստական գաղափարների քարոզիչը: Նա այդ ճանապարհին տրորում է իրական արժեքները՝ ընտանիք, սեր, ընկերություն, մարդկություն, բարոյականություն, իրական արվեստ և այլն: Սակայն երբ գիտակցում է, թե ինչ մեծ սխալ է գործել, արդեն ուշ է:
– Ի՞նչ է Ֆաուստը Ձեզ համար:
– Այն մեծ խնդիր է, քանի մարդկությունը միշտ գիտելիքների, հարստության ձգտելու համար պատրաստ է եղել նույնիսկ վաճառել ամենաթանկ էակին: Այսօր այդ խնդիրը փոխարինվել է մեկ ուրիշով:
– Ձեր ֆիլմերից մեծ մասում առանցքային է «մարդն իր հետ կարող է անկեղծ լինել, թե ոչ» հարցը: Այդպե՞ս է:
– Դա անկեղծություն չեմ անվանում: Ի՞նչ է նշանակում անկեղծություն… Ես ընդամենը ռեժիսոր եմ և կարծում եմ, որ ամենակարևոր հարցն այս է՝ արդյոք մարդը կարո՞ղ է հավատարիմ մնալ իրեն և գտնել իր ինքնությունը:
– Իսկ ի՞նչ է մարդու ինքնությունը:
– Ինքնությունն այն է, թե ով ես դու, որտեղից ես, ում ես պատկանում, ինչ նպատակներ ունես կյանքում և այլն:
– Սակայն շատ հաճախ մարդիկ չեն կարողանում հավատարիմ մնալ նույնիսկ իրենք իրենց:
– Գուցե նրանք հավատարիմ են իրենց էությանը, բայց աշխարհը նրանց թույլ չի տալիս մնալ այդպիսին: Խնդիրները միշտ ծագում են պատմությունից, քաղաքականությունից և գաղափարախոսությունից: Ֆիլմերի բոլոր դերակատարները տաղանդավոր մարդիկ են: Նրանք ունեն մի բան, որը կցանկանային արտահայտել, սակայն աշխարհը նրանցից այլ բան է պահանջում: Եվ հենց այդտեղից էլ առաջանում են խնդիրներն ու հարցերը. արդյոք նրանք կգնա՞ն զիջումների, կընդունե՞ն կամ կզոհաբերե՞ն ինչ-որ բան աշխարհից, իրենցից..:
– Կարծում եք՝ պատմությունն առհասարակ ողբերգակա՞ն է:
– Ոչ միայն Գերմանիայի, այլև ամբողջ Կենտրոնական Եվրոպայի XX դարի պատմությունը ողբերգական է, որը սկսվում է երկու համաշխարհային պատերազմներով և շարունակվում մի քանի հեղափոխություններով: Չեք գտնի մի ընտանիք, որն անդամ կամ հարազատ կորցրած չլինի կամ էլ տուժած չլինի քաղաքական, պատմական ու գաղափարախոսական տարբերությունների պատճառով:
– Շատ տպավորիչ է ֆիլմի ավարտը. հսկայական ստադիոնում, լուսարձակների լույսի ներքո Հենդրիկը պտտվում է ինքն իր շուրջը…
– Եվ այդժամ լսվում է նացիստական պարագլխի լկտի «խրխինջը»… (կիսաժպիտ)
– Ձեր կարիերան սկսվեց 60-ականներից, երբ Ձեր ֆիլմերում նկատելի դարձավ ֆրանսիական ձեռագիրը: Կպատմե՞ք այդ մասին:
– Սկզբնական շրջանում ինձ մեծ երևակայություն պետք էլ չէր, որպեսզի նոր պատմություններ հորինեի, քանի որ իմ կյանքն արդեն լի էր էկրանին բարձրացնելու բամազան նյութերով: Իմ կարիերան կարելի է բաժանել երեք փուլի. հունգարական (1964-1980 թթ., օրինակ՝ «Հայր» ֆիլմը), երբ ֆիլմերի սցենարներն ինքս էի գրում, գերմանական` 1981-1988 թթ., որը ներառում է ոչ պաշտոնական եռագրությունը՝ «Մեֆիստո», «Գնդապետ Ռեdլը» և «Հանուսեն» ֆիլմերը, և երրորդ փուլը՝ 90-ականների սկիզբը, երբ սկսվեց իմ միջազգային համագործակցությունը:
– Մի անգամ նշեցիք, որ արվեստն ու քաղաքականությունը չեն կարող անջատ լինել:
– Միանգամայն ճիշտ եք: Դրանք առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չեն կարող: Գուցե այդ է պատճառը, որ իմ ֆիլմերը քաղաքականացված ու ինքնակենսագրական են:
– Ինչպիսի՞ն են այսօրվա պրոդյուսերության պայմանները:
– Մեր հնարավորությունները պակասել են: Մեզ օրեցօր ավելի քիչ ֆինանսներ են տրամադրում, և դա այդպես է ամենուրեք: Հանդիատեսն էլ է փոխվել, նախ և առաջ հեռուստատեսության պատճառով: Եթե քո ֆիլմի ցուցադրության ժամանակ կանգնես մարդկանց հետևում, կտեսնես, որ բոլորը խաղում են իրենց բջջային հեռախոսներով, զրուցում, բամբասում: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ են տոմս գնում, եթե ամբողջ ցուցադրության ընթացքում պետք է համացանցից չհեռանան: Այսօր համացանցի շնորհիվ յուրաքանչյուր մարդ կարող է նայել, օրինակ՝ Լեոնարդո դա Վինչիի աշխատանքները կամ դիտել ամենատարբեր ֆիլմեր: Իսկ կինոթատրոնը դարձել է ավելի շատ ժամանցի վայր: Մենք պետք է ֆիլմեր նկարահանելու նոր ձևեր, մեթոդներ գտնենք, դրանք հետաքրքիր դարձնենք մարդկանց համար:
– Ինչպե՞ս եք վերաբերվում փառատոներին:
– Փառատոները կարևոր են, քանի որ հայ հանդիսատեսը սիրում է այն ֆիլմերը, որոնք ասելիք ունեն և ոչ թե առևտրային են: Իհարկե, ֆիլմերն այնպես պետք է նկարել, որ վաճառվեն, սակայն պետք է հստակ արտահայտվես, պահպանես հետաքրքրությունը, մարդկանց դրդես զգալու, մտածելու, նաև սովորելու: Չի կարելի նկարահանել մի ֆիլմ, որը ինքնասպանություն քարոզի: Հանդիսատեսին` հեռուստադիտողին պետք է հնարավորություն ընձեռել հասկանալու, որ կյանքը մեկ անգամ է և այլևս չի կրկնվի:
– Իսկ ինչպիսի՞ն են այսօրվա մարդն ու կյանքը:
– Սերն է պակասում այսօր: Թեպետ այն հնարավոր է սովորել: Երբ երեխաներին դաստիարակում են առանց սիրո, ի՞նչ կարող ես սպասել նրանցից: Գիտեք, այս աշխարհում յուրաքանչյուր ոք փորձում է գտնել իր ինքնությունը՝ այդ փնտրտուքի մեջ փորձելով տարբերվել մյուսներից: Սակայն, ի վերջո, այդ տարբերվելու անհագ ցանկության հետևանքով բազմաթիվ մարդիկ կարող են ընկնել «թակարդը»: Պետք է ուղղակի հագնել, ուտել, կարդալ այն, ինչը քեզ դուր է գալիս: Կարծում եմ՝ դա է ճիշտ ճանապարհը:
Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ
Ինքնաթիռի ուղևորների սրահում հայտնաբերված օձի պատճառով Սիդնեյից Տոկիո թռիչքը չի կայացել
Ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է՝ նրա մեջ հայտնաբերված օձի պատճառով:
Ավիաուղիների տեղեկություններով՝ գիշերը Սիդնեյում 370 ուղևորներով ինքնաթիռի թռիչքը չի կայացել, քանի որ նրանում փոքր սողուն են հայտնաբերել:
Ինքանթիռի անձնակազմը 20սմ երկարություն ունեցող անհայտ տեսակի օձին հայտնաբերել է ուղևորների սրահի դռան մոտ՝ նախքան Սիդնեյի միջազգային օդանավակայանում ուղևորները կբարձրանային ինքնաթիռ Տոկիո թռչելու նպատակով:
Ավստրալիայի ավիաուղիներից հայտնում են, որ ուղևորներին գիշերակացի համար տեղավորել են հյուրանոցներում, իսկ առավոտյան նրանք Սիդնեյից մեկնել են մեկ այլ ինքնաթիռով:
Օձին այժմ վերցրել են հետազոտության նպատակով:
Ավստարլիայի գյուղատնտեսական վարչությունից հայտնում են, որ օձի տեսակը դեռևս չեն պարզել:
Ինքնաթիռը շաբաթ օրը Սինգապուրից ժամանելուց հետո գտնվել էր Սիդնեյի օդանավակայանում: