«ՎԱԶ-2107»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի

Վրաերթ (1)Նոյեմբերի 5-ին, ժամը 13.10-ի սահմաններում, 1984 թ. ծնված Արսեն Խ.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի թիվ 1-ին դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Նախագահը ձմեռային զորակոչ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ստորագրել2ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2013 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` որոշում եմ.

1. 2013 թվականի դեկտեմբեր – 2014 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր ժամկետային և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Մասիս-Ռանչպար ճանապարհին «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

զիլՆոյեմբերի 5-ին, ժամը 06.00-ի սահմաններում, 1977 թ. ծնված Էդիկ Ղ.-ի վարած «ԶԻԼ-4316-01» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Ռանչպար ճանապարհին` Մասիս քաղաքի հատվածում, կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Ալագյազ-Սպիտակ ճանապարհին մեքենան բախվել է սյանը, 3 մարդ հիվանդանոցում է

ավտովթարՆոյեմբերի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 1967 թ. ծնված Սամվել Մ.-ի վարած «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Սպիտակ ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճանապարհային երթևեկության նշանի երկաթյա սյանը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1957 թ. ծնված Գոհար Գ.-ն, 1950 թ. ծնված Սիլվա Խ.-ն և 1992 թ. ծնված Ելենա Ս.-ն տեղափոխվել են հիվանդանոց։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

«ՎԱԶ-2101»-ը Արամուս գյուղում վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու

ՎրաերթՆոյեմբերի 5-ին, ժամը 21.20-ի սահմաններում, 1961 թ. ծնված Գառնիկ Գ.-ն «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայով Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Երջանիկ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն։

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենաներ են բախվել

ապակիՆոյեմբերի 6-ին, ժամը 01.30-ի սահմաններում, 1991 թ. ծնված Գարիկ Ս.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 13-րդ կմ-ին բախվել է 1970 թ. ծնված Տիգրան Բ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն։

Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվեց

վրաերթՆոյեմբերի 5-ին, ժամը ժ.21.30-ի սահմաններում, Մյասնիկյան-Բաղրամյան ճանապարհի 1-ին կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55 -ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ վրաերթը կատարել է 1952 թ. ծնված Վլադիմիր Հ.-ն` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով։
Վլադիմիր Հ.-ն նշված ավտոմեքանայով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն։

 

Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Վարդան ՊետրոսյանԵրեկ նախաքննական մարմնի կողմից Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում է կայացվել, որը կիրագործվի առաջիկայում: Այս մասին «Անկախ»-ին տեղեկացրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

News.am-ը գրում է, որ ոստիկանները Պետրոսյանի բնակարան են այցելել այսօր առավոտյան` նրան ձերբակալելու նպատակով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էին  BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Ավտովթարի հետևանքով մահացել են «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից  Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները: Պետրոսյանը բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց էր  տեղափոխվել, որտեղ հեռացրել են նրա փայծաղը, կարել լյարդի պատռվածքը: Պետրոսյանը մի քանի օր առաջ դուրս էր գրվել հիվանդանոցից:

Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

“…կարծես թե հայտնվեցի մի սյուրռեալիստական երկրում. այնքան լավն էր, որ աչքերիս չէի հավատում…”.Հարութ Սասունյան

Հարութ ՍասունյանԱնցյալ ամիս առաջին անգամ այցելեցի Ճապոնիայի հիասքանչ երկիրը:

Տոկիոյի Նարիտա օդանավակայանում ոտքս դնելուն պես, կարծես թե հայտնվեցի մի սյուրռեալիստական երկրում. այնքան լավն էր, որ աչքերիս չէի հավատում…

Առաջին բանը, որ նկատում ես՝ ճապոնացիների ծայրաստիճան քաղաքավարությունն է: Հյուրերի առջև շարունակ խոնարհվելով նրանց ողջույնն անհամեմատ ավելի հարգալից է, քան մեր սովորական ձեռքսեղմումը: Ես զարմացա, երբ պարզեցի, որ նրանք բոլորին միևնույն հիանալի ծառայությունն են մատուցում առանց լրացուցիչ վճարի: Ոչ ոք թեյավճար չի ստանում, այդ թվում` մատուցողներն ու ավտոկայանատեղիների սպասարկողները:

Ճապոնիան անբասիր մաքրության երկիր է: Ոչ մի տեղ չես կարող աղբ գտնել: Որևէ տեղ կեղտի կուտակումներ չկան: Փողոցում աչքովդ չի ընկնի անգամ մի ծռմռված կամ փոշոտ մեքենա: Նույնիսկ շինանյութեր տեղափոխող բեռնատարները ծածկված են ցանցով և բեռնման հրապարակից դուրս գալուց առաջ դրանք լվանում են, որպեսզի կեղտը շաղ չտան քաղաքի փողոցներում: Զարմանալի է, որ Տոկիոյին փոթորիկի հասցրած ուղղակի հարվածից հետո անգամ փողոցներում աղբի մնացորդներ չկային:

Ի լրումն այս ամենի` Ճապոնիայում հանցագործության ցուցանիշը շատ ցածր է` շնորհիվ բնակչության հանգիստ պահվածքի և զենքի բացակայության: Չնայած Տոկիոյի մայթերը շատ մարդաշատ են, սակայն ամեն մեկն իր գործին է գնում` առանց մյուսներին հրելու կամ հրմշտելու, վիճելու կամ ձայնը բարձրացնելու: Վարորդները հարգում են երթևեկության կանոնները և իրենց մեքենաները վարում են սահմանված կարգով` առանց մյուսների առաջը կտրելու կամ ձայնային ազդանշան տալու:

Փողոցներում շատ մարդկանց կարելի է տեսնել բժշկական դիմակներով: Թվում է, թե նրանք այդ կերպ իրենց պաշտպանում են անցորդներից՝ գրիպով կամ այլ հիվանդությամբ չվարակվելու համար: Սակայն պարզվում է, որ հենց դիմակով մարդիկ են հիվանդ գրիպով: Նրանք անչափ ուշադիր լինելով, չեն ցանկանում, որ իրենց մանրէները փոխանցվեն մյուսներին…

Բացի ճապոնական սրբավայրեր և հինավուրց պալատներ այցելելուց, այս հեռավոր հողում ես հնարավորություն ունեցա մասնակցել հայությանը վերաբերող միջոցառումների: Ուրախությամբ իմացա, որ Հայաստանի Հանրապետությունը դեսպանատուն ուներ Տոկիոյում: Դեսպան Հրանտ Պողոսյանը և կցորդ Մոնիկա Սիմոնյանը սիրալիր ընդունեցին ինձ և համառոտ ներկայացրեցին իրենց անխոնջ ջանքերն ուղղված երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Մենք քննարկեցինք Միացյալ Նահանգների հայ համայնքի և Ճապոնիայում Հայաստանի դեսպանատան միջև համագործակցության հնարավորությունները, հատկապես Հայոց ցեղասպանության Հարյուրամյակի օրերին:

Բավականին հաճելի անակնկալ էր Հայաստանի դեսպանատան կազմակերպած համերգը՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Երեք անվանի երաժիշտներ` դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը և Ջուլիետա Վարդանյանը և թավջութակահար Արամ Թալալյանը հատուկ ժամանել էին Հայաստանից այդ եզակի երեկույթի համար: Ճապոնական լսարանը, օտարերկրյա դիվանագետները, ինչպես նաև մի քանի հայ ուսանողներ ու գործարարներ մեծապես տպավորված էին Արամ Խաչատրյանի երաժշտությամբ և երաժիշտների վարպետ կատարմամբ: Անգամ  հանդիպեցի մի ճապոնացի գիտնականի, որը վարժ խոսում էր հայերեն: Առաջին անգամ էի լսում ճապոնական առոգանությամբ հայերեն:

Իմ ճապոնացի հյուրընկալողները կազմակերպել էին իմ հանդիպումները Տոկիոյի և Կիոտոյի մի քանի խոշոր ընկերությունների գլխավոր տնօրենների հետ, որոնց հետ քննարկեցի ճապոնական ներդրումների հնարավորությունները Հայաստանում: Շատ տպավորիչ էր Կիոտոյի համալսարանի ցողունային բջիջների աճեցման ժամանակակից գիտահետազոտական լաբորատորիան:

Այդ նույն օրը բացառիկ հնարավորություն ունեցա դասախոսություն կարդալ մի խումբ փայլուն ուսանողների և նրանց դասախոսների առջև: Նրանք բավականին լավ անգլերեն գիտեին և բազմաթիվ հարցեր տվեցին, չնայած ինձ ասել էին, որ ճապոնացի ուսանողները սովորաբար հարցեր չեն տալիս: Իմ ելույթում ես լուսաբանեցի Հայոց ցեղասպանությունը, արցախյան հակամարտությունը, Սիրիայի քաղաքացիական պատերազմը, արաբական գարունը, «մխիթարության կանանց» վիճահարույց հարցը և հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Տոկիո վերադառնալուց հետո հյուրընկալողներն ինձ զարմացրեցին՝ ներկայացնելով The Japan Times թերթի 1998 թվականի հոկտեմբերի 4-ի համարի պատճենը, որտեղ կես էջանոց հոդված էր հրապարակված Հայաստանի համար իմ՝ որպես Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ կատարած մարդասիրական աշխատանքների մասին:

Իմ վերջին հանդիպումը կայացավ ճապոնացի պետական բարձրաստիճան երեք պաշտոնյաների հետ, որոնց հետ մանրամասն քննարկեցի Ճապոնիայի հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ:

Ճապոնիայի համալսարանի ուսանողների և կառավարության ղեկավարների հետ  ունեցած զրույցներից հասկացա, որ հայ ժողովուրդը սովորություն է դարձրել իր քաղաքական բոլոր ջանքերը կենտրոնացնել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում` բոլորովին անտեսելով ռազմավարական բազմաթիվ կարևոր երկրներ Ասիայում:

Միգուցե քաղաքական և տնտեսական տեսանկյունից ավելի արդյունավետ կլինի ընդլայնել մեր գործունեության դաշտը` ուշադրությունը սևեռելով այն երկրների վրա, որոնց քաղաքացիները գրեթե ոչինչ չգիտեն Հայաստանի և հայ ժողովրդի մասին:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

Մաշտոցի պողոտայի միջադեպից տուժած 4 ոստիկան շարունակվում են բուժվել

Million Mask March in Yerevan on Freedom SquareՄաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպից հետո Երևանի տարբեր բժշկական կազմակերպություններ տեղափոխված անձանցից այս պահին  4 ոստիկան է շարունակում բուժումը:

 

«Մալաթիա»  բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում  գտնվող երկու ոստիկանից մեկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, իսկ մյուսը վնասվածքներ ունի ճակատային հատվածում:

 

Եվս 2 ոստիկան բուժօգնություն է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնում:  Նրանցից մեկն ունի գանգուղեղի, իսկ մյուսը` ծակած վնասվածք:

16-ամյա քաղաքացիական անձը, բուժզննում անցնելով «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնում, դեռ երեկ դուրս է գրվել:

 
 

«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր

Monica Avanesyan_Armenia«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Ուկրաինայի Արվեստների ազգային պալատում նոյեմբերի 30-ին՝ «Be Creative» նշանաբանի ներքո: Հայաստանը Եվրոպայի այս հեղինակավոր պատանեկան մրցույթին ներկայանում է 7-րդ անգամ: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընդհանուր առմամբ մրցույթին այս տարի կմասնակցի 12 երկիր՝

    1. Հայաստան- Մոնիկա Ավանեսյան, «Choco Factory»
    2. Բելառուս- Իլյա Վոլկով, «Poy so Mnoy»
    3. Վրաստան-  Սմայլ Շոփ, «Give your smile»
    4. Մոլդովա- Ռաֆայել Բոբեյկա, «Cum să fim»
    5. Մակեդոնիա – Բարբարա Պոպովիչ, «Ohrid i muzika»
    6. Մալթա- Գայա Կոչի, «The Start»
    7. Նիդերլանդներ- Միլենե և Ռոզանե, «Double Me»
    8. Ռուսաստան- Դայանա Կիրիլովա, «Dream on»
    9. Սան Մարինո- Միշելե Պերնիոլա ,  «O-o-O Sole intorno a me»
    10. Շվեդիա- Էլիաս, «Det är dit vi ska»
    11. Ուկրաինա- Սոֆիա Տարասովա, «We Are One»
    12. Ադրբեջան- Ռուսթամ Կարիմով,  «Me And My Guitar»

«Մանկական Եվրատեսիլ- 2013» տարբերանշանը Puzzle Man է: Փազլ հավաքում են աշխարհի բոլոր երեխաները, որը զարգացնում է երեխայի ստեղծագործական միտքը և խորհրդանշում է տարբեր մասնիկներից բաղկացած միասնություն: Եվրոպայի տարբեր ծայրերից հավաքված երեխաները կհամախմբվեն մեկ գաղափարի շուրջ «Եղի′ր ստեղծագործ»:

«Մեր կարծիքով «Be Creative» նշանաբանը շատ համահունչ է Puzzle Man  տարբերանշանի հետ: Մեր աշխատանքային թիմը ոգեշնչվել է այս թեմայով եւ  օգտագործել այս կոնցեպտը բեմի ձևավորման մեջ. այն գլուխկոտրուկ կհիշեցնի: Ժամանակակից տեխնոլոգիաները կօգնեն մեզ հեքիաթային մթնոլորտ ստեղծել եւ  կենդանություն տալ հիմնական կոնցեպտին»,- նշում է Ուկրաինայի  Ազգային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Պանտելեյմոնովը:

Մասնակիցների ելույթների հերթականությունը կորոշվի մրցույթի բացմանը նվիրված պաշտոնական խնջույքի ժամանակ, որը կանցկացվի նոյեմբերի 25-ին:

          Այս տարի մրցույթի անցկացման կարգում մի շարք փոփոխություններ եւ նորամուծություններ են կատարվել: Ներկայացվող երգերի մաքսիմալ թույլատրելի տևողությունը 3 րոպե է: Միավորներ հայտնող պատանիները քվեարկության արդյունքները կհայտարարեն ոչ թե տեսանյութի միջոցով, այլ հենց համերգային բեմից: Հայաստանյան քվեարկության արդյունքները կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ- 2013»-ի հայաստանյան եզրափակիչ փուլի 2-րդ մրցանակակիր Դավիթ Վարդանյանը:

Այս տարի նախորդ մեկի փոխարեն կլինի 3 մրցանակային տեղ: Նրանք կպարգևատրվեն Փազլմեն գավաթներով, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հնարավորություն կստանա մասնակցելու Եվրատեսիլ 2014-ին:

Հատուկ հյուրը կլինի Մանկական Եվրատեսիլ- 2012»-ի հաղթող մասնակից  Անաստասիա Պետրիկը:

Այս տարի ելույթից առաջ ցուցադրվող հեռուստաբացիկի տևողությունը կլինի 50 վայրկյան՝ նախորդ 40-ի փոխարեն:

Մրցույթը կվարեն Եվրատեսիլ-2013-ի մասնակից Զլատա Օգնևիչը և հաղորդավար Տիմուր Միրոշնիչենկոն:

Նոր ծրագրեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման ուղղությամբ

Դերենիկ Դումանյան, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց  ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն` ծանոթանալու իրականացվող ծրագրերին և ընթացող վերանորոգման աշխատանքներին։

Մասնագիտացված կենտրոնն իրականացնում է  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտություններ, հիվանդության ախտորոշում, ՄԻԱՎ վարակով հիվանդների դիսպանսերային հսկողություն, հակառետրովիրուսային բուժում, օպորտունիստական հիվանդությունների կանխարգելում և բուժում, խորհրդատվություն, մոնիտորինգ:

Մինչև այժմ հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1563 դեպք։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների 90 տոկոսից ավելին գտնվում է դիսպանսերային հսկողության տակ, իսկ շուրջ 560 հիվանդ ստանում է հակառետրովիրուսային բուժում։

2005 թվականից ի վեր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն աջակցություն է ստանում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից։ Հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվում են հակառետրովիրուսային և այլ դեղերի մատակարարում, ախտորոշիչ սարքավորումների և լաբորատոր ծախսանյութերի ձեռքբերում, կրթական, գիտահետազոտական և այլ   ծրագրեր։ Կենտրոնը հագեցվել է ախտորոշիչ ժամանակակից սարքավորումներով, ունի ռեֆերենս լաբորատորիա, որտեղ իրականացվում է հիվանդության վերջնական ախտորոշում, ինչպես նաև բուժման ընթացքում լաբորատոր հսկողություն և հակառետրովիրուսային դեղերի նկատմամբ վիրուսի կայունության հետազոտություն։

Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում «ՍՊԻԴ ինֆոսվյազ»  հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացվում են նաև կենտրոնի տարբեր ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներ։

Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով արդեն ավարտվել է 3-5-րդ հարկերում տեղակայված բուժական և լաբորատոր-ախտորոշիչ բաժինների վերանորոգումը։

Ռուսական օգնության ծրագրի շրջանակներում այժմ ընթանում են սոցիալ-հոգեբանական խորհրդատվության և համաճարակաբանական հսկողության բաժինների վերանորոգման, ինչպես նաև գիտաժողովների և համագումարների անցկացման համար նախատեսված  դահլիճի վերանորոգման աշխատանքներ։ Վերջինս կհագեցվի ժամանակակից սարքավորումներով և տեխնիկական միջոցներով։

Նախարարը հարկ առ հարկ շրջելով բոլոր բաժանմունքներում ու լաբորատորիաներում, գոհունակություն հայտնեց իրականացվող վերանորոգման աշխատանքների որակի վերաբերյալ։

Դերենիկ Դումանյանը մասնագետների հետ քննարկեց ՌԴ օժանդակությամբ և Գլոբալ հիմնադրամի համաֆինանսավորմամբ կենտրոնի կողմից միգրանտների շրջանում նախատեսվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի իրականացման մանրամասներ։ Նախարարին ներկայացվեց, որ այդ նպատակով կազմակերպվել են շարժական խմբեր՝ ընտրված 100 համայնքում միգրանտ բնակչության շրջանում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Սա չափազանց կարևոր ծրագիր է և անհրաժեշտ է համայնքների ամբուլատորիաների հետ աշխատանքներն այնպես կազմակերպել, որ մինչև միգրանտների հաջորդ մեկնումը ծրագրում հնարավորինս մեծ թվով շահառուներ ընդգրկվեն»,-ասաց   նախարար Դումանյանը։

Նա հանձնարարեց մշակել և ներկայացնել ծրագրի իրականացման հստակ ժամանակացույց։

ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման տեսանկյունից նախարարը կարևորեց հետազոտման ու բուժման գաղտնիության ապահովումը։

Դերենիկ Դումանյանը նաև առաջարկեց ռուսական ծրագրով նախատեսվող  ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների  հսկողության սանիարահամաճարակային նորմերի մշակումն իրականացնել ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հետ համատեղ։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հանդիպել. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ

ԵԱՀԿՀայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հանդիպել նոյեմբերին, որպեսզի պարզաբանեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումը և քննարկեն առաջ շարժվելու հնարավորությունը: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի`տարածաշրջան կատարած իրենց այցի ավարտին արված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները կշարունակեն նախագահների հանդիպմանն ուղղված աշխատանքները: Նրանք կողմերին կոչ են արել նաև “զսպվածություն ցուցաբերել տեղում և իրենց հրապարակային հայտարարություններում”:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նեյեմբերի 4-5-ը այցելել էին տարածաշրջան:

Սեյրան Օհանյանն ընդունել է բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանին

հանդիպում-ՊՆ-ումՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 5-ին ընդունել է բանաստեղծ, հայտնի հասարակական գործիչ, ԽՍՀՄ տարիների այլախոհ Մերուժան Հովհաննիսյանին:

Հանդիպման ընթացքում անկեղծ զրույց է ծավալվել ներկա իրողություններին, այդ թվում՝ բանակ-հասարակություն կապերին առնչվող մի շարք թեմաների շուրջ՝ ընդգծելով մտավորականների դերը ազգապահպանության գործում և անկախ պետականության պայմաններում նրանց ակտիվ քաղաքացիական դիրքորոշման օրինակով, հատկապես՝ սերունդների արժեհամակարգում հայրենիքի հանդեպ սիրո և անձնվիրության կարևորումն ու ամրապնդումը:

Մահաթմա Գանդիի բանտային ճախարակը վաճառվել է 180 հազար դոլարով

b_320321Հնդկաստանի ազատագրման համար պայքարած մարտիկին` Մահաթմա Գանդիին, բացահայտել են Mullock’s աճուրդի կազմակերպիչները, որոնք  վաճառքի էին հանել նրա ճախարակը: Հնդկաստանի ազգային հերոսն այդ ճախարակով թել է մանել կալանքի ժամանակ: Լոտը վաճառվել է 110 հազար ստեռլինգով (մոտ 180 հազար դոլար):

1930-ականներին, երբ Գանդին հակագաղութային գործունեության համար դատապարտվել ու պատիժն էր կրում Պունա քաղաքում, անազատության մեջ ժամանակը կարճելու համար նա այդ ճախարակով թել էր մանում ու հագուստ կարում: Շատ տարիներ անց  նա հիշում էր դրա մասին որպես յուրօրինակ մեդիտացիա, իսկ փոքրածավալ ճախարակը հետագայում  նվիրեց ամերիկացի միսիոներ-մեթոդիստ Ֆլոյդ Պադերին: Աճուրդում գնորդի անունը չի հայտնվել, սակայն լոտի վերջնական գինը գերազանցել է բոլոր սպասումները:

Սաուդյան Արաբիան բոլոր անօրինական ներգաղթյալներին դուրս է հանում

o_844890Սաուդյան Արաբիան սկսում է   նշանակված ժամկետին երկիրը չլքած անօրինական ներգաղթյալների  արտաքսումը:Հիմա թագավորությունն  ստիպված կլքի մի քանի մլն մարդ:

Առաջիկա ժամանակներում Սաուդյան Արաբիայից շուրջ 4 մլն մարդ կհեռանա, որոնք այստեղ անօրինական են աշխատում:

“Այս շաբաթվանից սկսած`  մենք զանգվածային քարոզարշավ ենք սկսում ողջ թագավորությունում, որպեսզի արմատախիլ անենք այնպիսի երևույթներ, որոնք կապված են աշխատանքի ու բնակության հետ”,-հայտնել է Սաուդյան Արաբիայի ՆԳ նախարարի մամլո քարտուղարը:

Ասվում է նաև, որ այս քարոզարշավն անսպասելի չէ, քանի որ նախապես բոլորը տեղեկացվել են դրա մասին:”Մենք 7 ամիս երկարաձգել ենք նրանց ժամկետը, որպեսզի փաստաթղթերը կարգի բերեն ու վիճակը կանոնավորեն: Ենթադրում եմ, որ բավարար ժամանակ ունեին”,-ասում է  աշխատանքի նախարարի տեղակալը:

Իսկապես էլ, նախորդ ամիսներին թագավորությունում եկվորների նկատմամբ համաներում է հայտարարվել ու երկիրը լքել է շուրջ 1 մլն մարդ` Բանգլադեշից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից,Պակիստանից, Եմենից: 4 մլն-ին օրերս հաջողվեց աշխատանքի թույլտվություն ստանալ:  Սակայն, դրանից հետո էլ երկրում գրեթե նույնքան  անօրինական ներգաղթյալներ են մնում: Եթե նրանք իշխանությունների ձեռքն ընկնեն, ապա նրանց  խոշոր տուգանքներ, բանտ ու երկրից արտաքսում է սպառնում:

Այսօր Տաջիկստանը նախագահ կընտրի

o_474227Այսօր Տաջիկստանում հանրապետության նախագահի ընտրություններ են, որը պետք է ղեկավարի երկիրը հետագա 7 տարիներին: Գործող նախագահ Էմոմալի Ռահմոնի իրավասություններն ավարտվում են այս տարի:

Քվեարկությանը  կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր 4,18 մլն ընտրող: Հանրապետության տարածքում 3158 ընտրատարծք կբացվի, ևս 61-ը` արտասահմանում: Ընտրությունները կայացած են համարվում, եթե դրանց մասնակցում է քաղաքացիների կեսից ավելին: Նախագահի 6 թեկնածու կա, այդ թվում` գործող նախագահ Ռահմոնը: Վերլուծաբանները կարծում են, որ քաղաքական գործիչը, որն արդեն 21 տարի ղեկավարում է Տաջիկստանը, առաջին փուլում կհավաքի հաղթանակի համար անհրաժետ ձայների 50%-ը:

Գաղտնալսման առիթով Սնոուդենը Լեպսին խորհուրդներ կտա

o_843044Երգիչ Գրիգորի Լեպսը, որին ԱՄՆ-ում կասկածում են մաֆիայի հետ կապ ունենալու մեջ ու արգելել են այդ երկրի տարածք մտնել, հնարավոր է Սնոուդենի հետ խորհրդակցի: Նման որոշում կընդունվի նոյեմբերի 15-ին, երբ դերասանը վերադառնա Վլադիվոստոկի հյուրախաղերից:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր իր ստուգողական ցուցակներում եվրասիական հանցավոր “Եղբայրական շրջան” սինդիկատին 6 մարդու անդամակցության մասին. Արթուր Բադալյան, Գրիգորի Լեպսվերիձե, Վադիմ Լյալին, Սերգեյ Մոսկալենկո,  Յակով Ռիբալսկի և Իգոր Շլիկով: Նրանց կակածում են ինչ-որ Վլադիսլավ Լեոնտևի ու Գաֆուր Ռահիմովի հետ կապերի մեջ, որոնք հանցավոր խմբերի  ազդեցիկ անդամներ են ու նույնպես ԱՄՆ պատժարգելքի ցուցակում են 2012-ից:

Այդ սև ցուցակներում հայտնվելը հղի է մի շարք տհաճ հետևանքներով. ակտիվների  սառեցում ԱՄՆ-ում ու  Միացյալ նահանգներում ապրողների հետ գործարար հարաբերությունների արգելք:

Դեմոկրատ Բիլլ դը Բլազիոն հաղթել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում

o_844933ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Բիլլ դե Բլազիոն հաղթել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում: Ձայների հաշվակը դեռ չի ավարտվել, սակայն, ԶԼՄ-ներն արդեն հայտարարել են նրա հաղթանակի մասին: Ընտրատեղամասերի տվյալներով, դե Բլազիոն իր մրցակից Ջո Լետայից առաջ է անցել 40%-ով:

52-ամյա դե Բլազիոն 1989-ից հետո առաջին դեմոկրատն է խոշորագույն մեգապոլիսի քաղաքապետի պաշտոնում: Երդման արարողությունը տեղի կունենա 2014-ի հունվարի 1-ին: Դե Բլազիոն մեծ աջակցություն ունի աֆրոամերիկացիների ու իսպանախոս բնակչության շրջանում: Պատճառներից մեկն էլ այն է, որ նա ամուսնացած է սևամորթ բանաստեղծուհի Շիրլեյն Մաքքրեյի հետ: Նա երկու դեռահաս երեխաներ ունի:

Չինաստանում, Կոմունիստական կուսակցության շտաբի մոտ պայթյուն է եղել

i (1)Թայյուան քաղաքում` կուսակցական շտաբից ոչ հեռու, միանգամից մի քանի պայթուցիչ սարքեր են գործի դրվել: Նախնական տվյալներով մեկ մարդ ծանր  վիրավորվել է:

Շաբաթվա սկզբին Պեկինում ահաբեկչություն էր իրականացվել, ինչի հետևանքով 5 մարդ էր զոհվել: Չինաստանի կառավարությունը համոզված է, որ ահաբեկչությունը կազմակերպել էր Արևելյան Թուրքեստանի Իսլամական շարժումը: