Աշխարհի ամենախոշոր նարնջագույն ադամանդը ռեկորդային գնով է վաճառվել

380223-6Աշխարհում ամենախոշոր` 14.82 կարատ քաշով նարնջագույն ադամանդը վաճառվել է 35,5 մլն դոլարով: Աճուրդը կազմակերպել էր Christie’s-ը Ժնևում: Նոր տիրոջ անունը չի հրապարակվում, հայտնի է միայն, որ վերջնական  դրույքը կատարվել է դահլիճից:Սկզբում այն գնահատվել էր 17-50 մլն դոլար:

Քարի մասին քիչ բան է հայտնի, միայն այն, որ գտնվել է Հարավային Աֆրիկայում ու վերջին 30 տարին գտնվել է մասնավոր հավաքածուում: Փորձագետները քարը բացառիկ են համարում, քանի որ սովորաբար նարնջագույն ադամանդների քաշը վերջնահղկումից հետո լինում է 3-4 կարատ: Մինչ այժմ վաճառված ամենախոշոր նարնջագույն ադամանդը կշռում էր 6 կարատ:

99_mainԱդամանդե տենդը լքում է Ժնևը: Christie’s –ի գլխավոր մրցակից բրիտանական Sotheby’s աճուրդի տունը փորձում է իրացնել ևս մեկ` “Վարդագույն աստղ” անվանված բացառիկ ադամանդ, որի արժեքը գերազանցում է 60 մլն դոլարը: Այն կշռում է 59,6 կարատ:

 

Մալթան պատրաստվում է օտարերկրացիներին քաղաքացիություն վաճառել

pic_ed8b54710d6196f7801fb9870de3d94b (1)Մալթայի խորհրդարանը հավանության է արժանացրել օտարերկրացիներին քաղաքացիություն վաճառելու մասին օրենքի նախագիծը: Երեկ` նոյեմբերի 12-ին, Մալթայի խարհրդարանը հավանության է արժանացրել 650 հազար եվրոյով  օտարերկրացիներին երկրի քաղաքացիության վաճառքը: Նման գումարով Եմ անդամ ու Շենգենյան համաձայնագրի մասնակից Մալթան պլանավորում է իր քաղաքացիությունը վաճառել ԵՄ-ի անդամություն չունեցող երկրների բնակիչներին:

Երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթի խոսքով, նորամուծությունը թույլ կտա  ոչ միայն երկրի բյուջեն լցնել, այլև պոտենցիալ ներդրողների գրավել կղզու տնտեսության մեջ: Նրա հաշվարկով, նոր  գծապատկերով  գործողությունների առաջին տարին երկրի բյուջե կբերի շուրջ 30 մլն եվրո (ենթադրվում է, որ քաղաքցիություն կգնի 45 մարդ): Հետագայում հույս ունեն, որ այդ թիվը կհասնի 200-300-ի:

Մալթայի իշխանությունները խոստանում են, որ բոլոր դիմումատուներին լավ կստուգեն, որ բացառվի հանցագործ աշխարհի հետ կապը: Եթե ինչ-ինչ խախտումներ ի հայտ գան, ապա հայցը կմերժվի:

Այս օրինագծի դեմ է արտահայտվել ընդդիմադիր Ազգայնական կուսակցությունը: Ընդդիմության կարծիքով, քաղաքացիության վաճառքը կհանգեցնի նրան, որ Մալթան կհայտնվի  Կարիբյան ավազանի օֆշորային գոտու երկրների ընկերակցության մեջ:

Մալթա կղզի-պետության բնակչությունը 450 հազար մարդ է, որոնք բնակվում են 316 քկմ տարածքի վրա: 2004-ից Մալթան ԵՄ, իսկ 2008-ից` եվրագոտու անդամ է:

Հայաստանը պետք է չեղյալ համարի թուրքական արձանագրությունները Ցեղասպանության հարյուրամյակից շատ առաջ

Հարութ ՍասունյանԱկնկալելով քարոզչական մեծ մղձավանջ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ընթացքում, թուրք պաշտոնյաները փորձում են վնասազերծել իրենց երկրի՝ առանց այն էլ արատավորված հեղինակությունը:

 

Թեև նրանք մտադիր չեն բացել Հայաստանի հետ սահմանը, սակայն թուրք ղեկավարները անընդհատ ձևացնում են շինծու հաշտարար հայտարարություններով: Կեղծորեն պնդելով, թե իբր Թուրքիան հարթում է Հայաստանի հետ իր տարաձայնությունները, Անկարայի թաքուն նպատակն է տարհամոզել այլ երկրների Հայոց ցեղասպանության ճանաչման մտադրությունից:

 

Սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի հիվանդագին արձագանքը Հայաստանի հետ սահմանը բացելու Թուրքիայի ցանկացած ելույթի վերաբերյալ, թուրք պաշտոնյաներն ստիպված են նահանջել, նախագզուշացնելով, որ Հայաստան-Թուրքիա սահմանը այնքան ժամանակ փակ կմնա, քանի դեռ «առաջընթաց» չի գրանցվել Արցախյան հարցում:

 

Նման հակասական թուրքական հայտարարություններ բազմիցս են տարածվել՝ սկսած 2009 թվականից, երբ Հայաստանն ու Թուրքիան Արձանագրություններ ստորագրեցին իրենց ընդհանուր սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Անցյալ շաբաթ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ նիստում արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասաց, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի հետ սահմանը բացելու համար: Առճակատվելով ընդդիմադիր պատգամավորի հետ Թուրքիայի իրական մտադրությունների հարցով, Դավութօղլուն արագ փոխեց իր դիրքորոշումը, ասելով, որ նախ Հայաստանը պետք է դուրս գա Ղարաբաղից մինչև սահմանի հնարավոր բացումը:

 

Թուրքիայի արտգործնախարարը նմանատիպ ելույթ ունեցավ նաև մեկ ամիս առաջ Շվեյցարիա կատարած իր այցելության ժամանակ, երբ հայտարարեց, որ Թուրքիան «ստեղծագործական գաղափարներ» է փնտրում՝ Հայաստանի հետ իր հարաբերությունները բարելավելու համար: Դավութօղլու ստեղծագործական կամ ավելի շուտ խորամանկ քայլն է՝ խուսափել խափանարարի պիտակից, միաժամանակ արդարացնելով իր երկրի կողմից Արձանագրությունների վավերացման մերժումը:

 

Դեռևս 2009 թվականին Թուրքիայի կառավարությունը թվում էր, թե ցանկանում է վավերացնել Արձանագրությունները, որոնք ընդգրկում էին տարբեր կողմնակի հարցեր, այդ թվում՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության համար: Երբ Ադրբեջանը կտրականապես դեմ արտահայտվեց Հայաստանի հետ սահմանի բացման թուրքական ծրագրերին, Թուրքիան հայտարարեց, որ նա այլևս չի կարող  վավերացնել Արձանագրությունները, թեև դա ակնհայտորեն բխում էր նրա ազգային շահերից: Այսպիսով, չնայած նրա հավակնություններին որպես տարածաշրջանի գերիշխան պետություն, Թուրքիան ենթարկվեց Ադրբեջանի վետոյին: Նոյեմբերի 6-ին Թուրքիայի խորհրդարանում ունեցած իր ելույթում Դավութօղլուն ոչխարի նման հլու հնազանդ կրկնեց, որ իր երկիրը Հայաստանի հետ սահմանը կբացի միայն Ադրբեջանի արտոնությունն ստանալուց հետո:

 

Ակնհայտ է, որ մամուլում այս արտահոսքից խայտառակվելով, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը հերքեց, որ Դավութօղլուն հանդես է եկել նման հայտարարությամբ: Այս հերքումն արժանահավատ չէ, քանի որ թուրք պաշտոնյաները նախկինում ևս բազմիցս նման հայտարարություններ են արել: Հայաստանի հետ սահմանի բացման և երկաթուղային կապի վերականգնման հեռանկարի աշխուժացման համար միակ հավանական բացատրությունը կարող է լինել Թուրքիայի մտադրությունը ճնշում գործադրելու Վրաստանի նորընտիր նախագահի վրա, որը հրաժարվում է աջակցել վաղուց ծրագրված Կարս-Թբիլիսի-Բաքում երկաթգծին, որով նախատեսվում էր շրջանցել Հայաստանը:

 

Թուրքիայի կողմից Արձանագրությունների շարունակվող շահարկմանը վերջ դնելու համար նախագահ Սերժ Սարգսյանը պետք է իրականացնի երեք տարի առաջ տված իր խոստումը, երբ նա զգուշացրել էր, որ եթե Թուրքիան «շուտով» չվավերացնի Արձանագրությունները, ապա նա կվերանայի իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, այսինքն՝ Հայաստանը կհրաժարվի այս պայմանագրից: Քանի որ Արձանագրությունները դեռևս վավերացված չեն դրանց ստորագրումից չորս տարի անց, ապա նախագահ Սարգսյանը դրանք պետք է չեղյալ հայտարարի:

 

Հասկանալի է, որ հայ պաշտոնյաները չեն ցանկանում նման կտրուկ քայլի դիմել, քանի որ մտահոգված են, որ մեծ տերությունները իրենց կմեղադրեն Արձանագրությունների ձախողման համար: Հայաստանը նախընտրում է, որ թուրքական կողմն առաջինը հրաժարվի Արձանագրություններից՝ մեղադրանքի արժանանալով դրանց տապալման համար: Հնարավոր է, որ թուրք պաշտոնյաները նույն խաղն են խաղում՝ սպասելով, որ առաջինը Հայաստանը հրաժարվի:

 

Իմ կարծիքով, Հայաստանն այլևս չի կարող իրեն թույլ տալ սպասել: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին 18 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, և Հայաստանի նախագահը պետք է կատարի երեք տարի առաջ տված իր խոստումն ու հետ կանչի իր կառավարության ստորագրությունն այդ չարաբաստիկ Արձանագրություններից: Հայաստանը չի կարող մեղադրվել այդ քայլի համար, քանզի թուրք պաշտոնյաները մշտապես հայտարարել են, որ նրանք մտադիր չեն վավերացնել Արձանագրությունները:

 

Զարմանալի չէ, որ անցյալ շաբաթ Դավութօղլուն ևս հայտարարեց, որ Ցեղասպանության հարյուրամյակի հայկական ծրագրերին հակազդելու համար Թուրքիան «տենդագին և արագընթաց պատրաստություն է տեսնում»: Որպեսզի թույլ չտրվի Թուրքիային խոչընդոտելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումներն ամբողջ աշխարում, Հայաստանի ղեկավարները պետք է չեղյալ համարեն Արձանագրությունները 2015 թվականի Ապրիլի 24-ից շատ առաջ:

 

Բացի այդ, հաշվի առնելով թուրքական կառավարության հարյուրամյա համառությունը ճանաչելու իր մեղավորությունը Ցեղասպանության համար և համապատասխան հատուցման մերժումը, հայ պաշտոնյաները պետք է հայտարարեն, որ նրանք մտադիր են արդարության հասնել վերջապես, տեղական, տարածաշրջանային և միջազգային դատարաններ դիմելու միջոցով:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Մեծ Բրիտանիայի թագուհին իր անձնական միջոցներն ուղարկել է ֆիլիպինցիներին որպես օգնություն

o_759566Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն իր  անձնական միջոցներն է ուղարկել “Հայան” թայֆունից տուժածներին որպես մարդասիրական օգնություն: Գումարի ճշգրիտ չափը չի հրապարակվում:

Եղիսաբեթ II-ն-ը նաև հատուկ ուղերձ է հղել, որում իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին ու տուժածներին: Վերջին տվյալների համաձայն, թայֆունի հետևանքով զոհվել է առնվազն 2,5 հազար մարդ ( ոչ 10 հազար, ինչպես մինչ այդ էր ենթադրվում), տանիքից զրկվել է 650 հազար բնակիչ, իսկ տուժածների թիվն ավելի քան 9,8 մլն է:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերունը հայտարարել էր, որ կառավարությունը հանրապետությանը մարդասիրական օգնություն կցուցաբերի 10 մլն ֆունտ ստեռլինգի չափով (16 մլն դոլար):

Համշենցիների մեծամասնությունը մերժում է իր ինքնությունը. Հիքմեթ Աքչիչեք

hikmetՎերջերս Ստամբուլում տեղի ունեցած «Իսլամացած հայերը» կոնֆերանսի վերջին օրը տեղի ունեցած «Թոռներ» ֆորումի ժամանակ Համշենական մշակույթի ուսումնասիրության և պահպանության «Հատիկ» միության ներկայացուցիչ Հիքմեթ Աքչիչեքը խոսել է համշենցիների ինքնության փնտրտուքների մասին: Աքչիչեքը նշել է, որ Թուրքիայում բնակվող համշենցիները 300-350 տարի է, ինչ ապրում են որպես մահմեդականներ, նրանց մեծ մասը յուրացրել է իսլամական ինքնությունը, սակայն նրանց մահմեդականությունը ամենևին էլ ֆանտաստիկ իսլամ չէ:

«Թուրքիայում ապրող համշենական համայնքի մի կարևոր զանգված, մերժելով իր հայկական արմատները, էթնիկական տեսանկյունից իրեն համարում է թուրք ժողովրդի մի մասը: Նրանց համար հայերը հնում հարևան եղած, իսկ ավելի հազվադեպ էլ ամուսնության ճանապարհով բարեկամ դարձած մի հանրություն է: Իսլամացած հայեր լինելու գաղափարը ընդունող համշենցիների համար էլ, որպես պատմական, սոցիալական և քաղաքական պայմանների անհրաժեշտ հետևանք, այսօր հայկական ինքնության մասին խոսելը շատ իրատեսական չէ: Եվ հայկական ինքնությունը ընդունողների, և այն ժխտողների համար այսօր համշենական ինքնությունը ավելի գերակա է»,-նշել է Աքչիչեքը:

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում Ամերիկային եւ Արեւմտեան երկրներին՝ վերացնել Իրանի Իսլամական Հանրապետութեան վրայ դրւած շրջափակումը

Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդՀոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը Հարաւային Կորէայի Բուսան քաղաքում գումարւած Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը իր վերջին նիստում, գումարւած 2013 թւականի նոյեմբերի 8-ին, ընդառաջելով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կոչին, միաձայնութեամբ ընդունեց հետեւեալ բանաձեւը, որով հաստատւում է դարերից ի վեր իսլամ-քրիստոնեայ եւ այլ կրօնների հետեւողների համակեցութիւնն ու խաղաղ գոյակցութիւնը, եւ ապա կոչ է անում Ամերիկային եւ Արեւմտեան երկրներին՝ վերջ տալու Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ դրւած շրջափակումներին, որոնցից երկրի խաղաղասէր ու ազնիւ ժողովուրդն է, որ մեծապէս տուժում է:

 

Մէկ օր առաջ էլ, հինգշաբթի, նոյեմբերի 7-ի առաւօտեան, համաժողովի նիստին, որին մասնակցում էին աւելի քան երեք հազար հոգի աշխարհի 110 երկրներից, Թեհրանի թեմի ներկայացուցիչ՝ Ագաթա Աբրահամեանը, որ միաժամանակ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատւիրակութեան երիտասարդ անդամուհի է, խաղաղութեան մասին քննարկւող օրակարգի ընթացքում խօսեց Իրանում տիրող կրօնական ազատութեան, հայ համայնքի՝ իրանեան հասարակութեանը բերած ներդրումի, եւ Իսլամական խորհրդարանում հայ պատգամաւորների գործունէութեան վերաբերեալ:

 

Իր խօսքի աւարտին Ագաթա Աբրահամեանն եւս կոչ արեց շրջափակումների վերացման համար: Ներկաները յոտնկայս, բուռն ծափահարութիւններով պատասխանեցին այդ կոչին:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

11 նոյ. 2013

Թեհրան

Գյումրին` ԱՊՀ լավագույն մշակութային մայրաքաղաք

Գյումրի,մշակութային մայրաքաղաքԻնչպես արդեն նշել ենք, պաշտոնապես փակվեց “Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք” ծրագիրը: Ամփոփելով տարվա ընթացքում կատարվածն ու բացերը, ծրագրի գնահատականն ու նշանակությունը Գյումրիում ներկայացրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

“Մշակութային ծրագիրը ստացվեց: Մեկ տարի Գյումրիում մշակութային կյանքը եռում էր: Եղան շատ բազմաբնույթ միջոցառումներ, որոնց մասնակցեցին ինչպես տեղական, այնպես էլ այլ երկրներից եկած հյուրեր: Նրանք տեսան մի քաղաք, ուր ապրում են դժվարությունները հաղթահարելու ընդունակ, կենսախինդ, հումորը գնահատող, հյուրասեր ու ջերմ մարդիկ: Մշակութային միջոցառումների բացման ժամանակ ես կատակով ասացի`հայրաքաղաք էինք, դարձանք մայրաքաղաք` առայժմ մշակութային: Այսօր ուզում եմ ամենայն լրջությամբ ասել, որ մենք բոլոր ակնկալիքներն ու հնարավորություններն ունենք գոնե մշակութային մայրաքաղաքի տիտղոսը պահելու և զարգացնելու համար: Գիտենք, որ ուրախությունը ուրախություն է բերում, ուրեմն, այսուհետ ուրախանալ այնպես, ինչպես վայել է մեր քաղաքին ու քաղաքացուն”, – իր խոսքում նշեց մարզպետ Ցոլակյանը:
Մշակույթի նախարարն էլ գերադասեց գնահատականները թողնել քաղաքի բնակիչներին. “Իսկապես այս տարին շատ հագեցած էր ու շատ արագ անցավ: Ինձ հարց տվեցին, թե որպես մշակույթի նախարար ինչպես եք գնահատում տարին, ես պատասխանեցի, որ առաջին հերթին պետք է գնահատեն գյումրեցիները, այն մարդիկ, որոնց համար հռչակված էր մշակութային մայրաքաղաքը: Եվ ասելով, որ եզրափակում ենք այս ծրագիրը, մենք ասում ենք` ընդամենը միջակետ ենք դնում, և այս ծրագրերը պետք է շարունակենք, ամեն ինչ անենք, որ այս ոգին ու շունչը կարողանանք պահել”, – ընդգծեց Հասմիկ Պողոսյանը:
Իր հերթին, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը նշեց, թե բոլորը դեռ տպավորված են Գյումրիում տեղի ունեցած ծրագրի բացման շքեղ արարողությունից. “Ես չեմ կարող մոռանալ, թե ինչպիսի բացում էր այստեղ: Երբ ֆոտոներն ու տեսանյութերը ներկայացնում եմ Մոսկվայում կամ այլ տեղ, զարմանում են, թե ինչպես կարելի է այդպիսի բացում կազմակերպել, այդքան հյուրեր… Դա մեծ հաղթանակ էր: Ինձ համար շատ կարևոր է, որովհետև Գյումրին միշտ եղել է մշակութային մայրաքաղաք. Երևանը դեռ չկար` Գյումրին Գյումրի էր: Մենք դա լավ գիտենք և հպարտանում ենք դրանով: Սա ուղղակի միջոցառում չէր: Ես պետք է ասեմ, որ ամեն ինչ փայլուն կազմակերպվեց, ոչ մի երկրում, այս տարիների ընթացքում, այս մակարդակով մշակութային մայրաքաղաք չի կազմակերպվել, ինչ որ Գյումրիում”:
ԱՊՀ լավագույն մշակութային մայրաքաղաքի քաղաքապետն էլ հավելեց. “2013 թվականը պատմական դարձավ Գյումրու համար: Տեղին էր Գյումրի քաղաքի ընտրությունը, որովհետև Գյումրին արհեստի ու արվեստի, մեծերի քաղաք է: Գյումրին այնպիսի պատմություն ունի որտեղից ակունք է առել ամբողջ ՀՀ մշակույթը:
Մենք ստացանք նաև նոր հավաստագիր. 2013թ. լավագույն համայնքներ մրցանակաբաշխությունում ստացանք լավագույն մշակութային համայնք տիտղոսը”:
Մշակութային մայրաքաղաքի միջոցառումներն ավարտվեցին Գյումրու մեծանուն բարեկամ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած ՌԴ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղեցիկ համերգով, որին հաջորդեց շքեղ հրավառությունը: