Տիգրան Սարգսյանը և Միխայիլ Մյասնիկովիչը քննարկել են հայ-բելառուսական տնտեսական կապերի հետագա զարգացմանն առնչվող հարցեր

Տիգրան Սարգսյան,Միխայիլ Մյասնիկովիչ, հայ-բելառուսականՍանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչին:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքից և կարևորել դրանց շարունակական խորացումը:
ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելառուսի վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն են դառնում: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ բելառուսական գյուղտեխնիկայի տրամադրումը մեծ ոգևորություն է առաջացրել հայաստանյան ֆերմերների մոտ, ովքեր հնարավորություն են ստացել ձեռք բերել մատչելի և որակյալ գյուղտեխնիկա:
Իր հերթին Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ գոհ է պայմանավորվածությունների արդյունքներից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ:
Անդրադառնալով Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական կապերին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանից արտահանումը Բելառուս 2013 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 15 տոկոսով: Երկու երկրների վարչապետերը կարևորել են առևտրաշրջանառության ծավալների հետագա ավելացումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Միխայիլ Մյասնիկովիչը, ողջունելով Հայաստանի նախաձեռնությունը՝ անդամակցել ՄՄ-ին, հավաստիացրել է, որ բելառուսական կողմն աջակցում այդ գործընթացի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:
Այսօր Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:

ԱՆ երկու կեղծ դեղամիջոց է հայտնաբերել և արգելել դրանց ներմուծումը

Կեղծ դեղՀիմք ընդունելով «Պֆայզեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության գրությունը և «EMEA Counterfeit Medicine Laboratory, Analytical Sciences, Sandwich, Pfizer Ltd, England» լաբորատորիայում փորձաքննության ենթարկված «Դոստինեքս 0,5մգ դեղահատեր N1» (խմբաքանակ U148B և U148C) դեղի փորձաքննության եզրակացությունը` ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը հետազոտեց «Փֆայզեր Իտալիա Ս.Ռ.Լ.» ընկերության արտադրության «Դոստինեքս 0,5մգ դեղահատեր N8» (խմբաքանակ U148C և U148B) և Շվեյցարիայի «Ֆ.Հոֆման–Լա Ռոշ» ՍՊԸ արտադրության «Ռոցեֆին 1գ ներարկման լուծույթի դեղափոշի» (խմբաքանակ B3840) դեղերը:

Դեղահատերի և դեղափոշու արտաքին զննման, սպեկտրոսկոպիկ անալիզի և քրոմատոգրաֆիկ տվյալների համաձայն` դրանք չեն տարբերվում իսկականից, սակայն թե առաջնային, թե երկրորդային փաթեթավորումները և ներդիր թերթիկները կեղծված են:

Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 3010-Ա հրամանով անվավեր են ճանաչվել Իտալիայի «Փֆայզեր Իտալիա Ս.Ռ.Լ.» ընկերության արտադրության «Դոստինեքս 0,5մգ դեղահատեր N8» (խմբաքանակ U148C և U148B) և Շվեյցարիայի «Ֆ.Հոֆման–Լա Ռոշ» ՍՊԸ արտադրության «Ռոցեֆին 1գ ներարկման լուծույթի դեղափոշի» (խմբաքանակ B3840) դեղերի` ՀՀ ԱՆ 2013 թվականի մայիսի 8-ի թիվ 011610 և ՀՀ ԱՆ 2013 թվականի հուլիսի 9-ի թիվ 018527 ներմուծման թույլտվությունները:

Միաժամանակ, նշված դեղերը ներկրող «Վիտալեքս»  ընկերությանն առաջարկվել է անհապաղ դադարեցնել դրանց շրջանառությունը և ապահովել հետհավաքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դեղատներից:

Ադրբեջանցիները հիացել են Արման Սաղաթելյանի աշխատանքով

արման սաղաթելյանԵրեկ Վիեննայում կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը, որի մանրամասներին մեզ հնարավորինս արագ փորձեց տեղեկացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը` Twitter-ի իր էջում:

 

Պարզվում է՝ Ադրբեջանի հասարակությունը խիստ վրդովվել է այն բանից, որ իրենց երկրում նույն ակտիվությամբ չի լուսաբանվել այդ հանդիպումը: «Սարգսյան-Ալիև հանդիպման մանրամասներին մենք ստիպված էինք ծանոթանալ հայկական ԶԼՄ-ներից, քանի որ Ալիևի մամուլի խոսնակը լռում էր»,- գրում է ադրբեջանցի հոդվածագիր Աքպեր Հասանովը, այս մասին հաղորդում է Երկիրը:

 

«Ինչպե՞ս այդ ամենը անվանել: Ադրբեջանի տեղեկատվական տապալո՞ւմ` Սարգսյան-Ալիև հանդիպման լուսաբանման հարցում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր պետք այդքան նսեմացնել մեզ՝ ադրբեջանցի լրագրողներիս, որ մենք ստիպված եղանք տեղեկանալ այդ հանդիպման մասին նույնիսկ ոչ թե ավստրիական  ԶԼՄ-ներից, այլ` հայկական: Եվ այդ ամենից հետո մենք հպարտորեն հայտարարում ենք Ադրբեջանի ֆենոմենալ զարգացման, հայկական տնտեսության նկատմամբ ունեցած առավելության մասի՞ն: Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի ԵվՕԿ-ի գագաթաժողովին

images ՀԱՕԿՀռոմում նոյեմբերի 21 – 23 –ը տեղի կունենա  Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գագաթաժողովը :

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության կազմում  Իտալիա  կմեկնեն  կազմակերպության գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը  , նախագահի խորհրդական  Ռուբեն Հակոբյանը և վարչության պետ Գաբրիել Ղազարյանը :

Համաժողովի օրակարգում ընդգրկված կարևոր հարցերից  է ԵՎՕԿ –ի նախագահի ընտրությունը : Միակ թեկնածու է առաջադրվել  իռլանդացի Պատրիկ Հիկեն :

Նախնական պայմանավորվածության համաձայն  ՀԱՕԿ – ի պատվիրակությունը  համագործակցության պայմանագրեր կկնքի  ութ երկրների  / Կիպրոս , Սերբիա , Լեհաստան , Սլովակիա , Լատվիա , Լիտվա , Էստոնիա , Իսրայել  / ԱՕԿ –ների  հետ : Բացի այդ ,  Գ. Ծառուկյանը  աշխատանքային հանդիպումներ կունենա ՄՕԿ –ի նախագահ  Թոմաս Բախի , ԵՎՕԿ –ի նախագահ Պատրիկ Հիկեի  և  ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ   Ահմադ Ալ – Ֆահադ Ալ – Սաբահի  հետ :

 

 

Սամուել Սևյանի հաջողությունը

սսimages13-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Սամուել Սևյանը (ԱՄՆ) Բուդապեշտում շրջանաձև  մրցկարգով անցկացված  «Առաջին շաբաթ օր» մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և նվաճեց երկրորդ մրցանակը:

6,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ միջազգային վարպետ Սերգեյ Մացենկոն (Ռուսաստան):

«Երգը շատ էր մեր տանը՝ պապիս երգը, մայրիկիս երգը» Շտրիխներ Հենրի Սիմոնյանի դիմանկարին` հոբելյանի առթիվ

P1020268Ահա արդեն 45 տարի Խ. Աբովյանի անվան համալսարան է շտապում ձայնի մշակման դասախոս, ձայնի մշակման ամբիոնի նախկին վարիչ, ներկայումս ամբիոնի վոկալ բաժնի վարիչ Հենրի Սիմոնյանը` նաև նախապատրաստվելով իր ծննդյան 75-ամյակին նվիրվելիք մենահամերգին:

Ինգա և Անուշ Արշակյաններ, Գայանե Հովհաննիսյան և էլի շատ ուրիշներ, որոնք այսօր հայտնի անուններ են, աշակերտել են նրան: Աշակերտներից մեկի՝ Տիգրանի սրտաբուխ նամակը ԱՄՆ-ից պակաս արժեք չունի պրոֆեսորի համար, քան բազում պատվոգրերը, շնորհակալագրերը, մանկավարժական համալսարանի «Խաչատուր Աբովյան» ոսկե 4 մեդալները, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը իր ծննդյան 70-ամյակի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարության պարգևը տարբեր զորամասերում հանդիպումների և ելույթների համար: Նա երկար ժամանակ ձգձգվող ՀՀ վաստակավոր արտիստի կամ մշակույթի վաստակավոր գործչի կոչումներից բարձր է համարում իր ունկնդիրների և սաների ծափերն ու գնահատականները:

Հենրի Սիմոնյանը ծնվել է 1938 թ. օգոստոսի 21-ին Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): Եղեռնից մազապուրծ ղարսեցիներ էին նախնիները: Մայրական պապը, որ Տրապիզոնի ճեմարանն էր ավարտել, դարձել էր Ղալթախչիի (այժմ՝ գ. Հարթագյուղ Լոռու մարզում) եկեղեցու քահանա և հետագայում բանտարկվել ու գնդակահարվել կոմունիստների կողմից: Ծնողների պատմածներից գիտի իր պապի երգի մասին: Լսել է, որ շատերը եկել են պատարագի իր պապի երգը լսելու համար:

– Երգը մեր տանը շատ է եղել՝ պապիս երգը, մայրիկիս երգը,- ասաց ու արցունքոտ աչքերով շարունակեց,- մայրս գաղթի ուղին բռնել է իր հոր 10 զավակների հետ, նրանցից երկուսն են հասել Հայրենիք, մյուսները զոհվել են ճանապարհին: Հայրական պապս էլ, որ զգալի ունեցվածք ու շինություն էր թողել Էրգրում, այստեղ ընդամենը 4 ոչխար է ունեցել, մահացել է հիվանդությունից:

Սիմոնյանի հայրը Ձորագէսի շինարարությունում է աշխատել, եղել է արհկոմի նախագահ: Հոր պատմածներից գիտի, որ շատ անգամ է շինարարների մոտ եղել ՀԿԿ կենտկոմի քարտուղար, երջանկահիշատակ Աղասի Խանջյանը: Օրեր են եղել, որ նա բանվորների հետ հավասար աշխատել է, նրանց հետ սնվել ու քնել: Պատմում էր այս մասին նույն սրտացավությամբ, հայի սրտացավությամբ: Շինարարության ավարտից հետո ընտանիքը տեղափոխվել է Կիրովական:

Հենրի Սիմոնյանը 1945-55 թթ. սովորել ու ավարտել է Կիրովականի թիվ 3 դպրոցը: Հրապուրված էր սպորտով և երաժշտությամբ: Բասկետբոլի հետ նրա բարեկամությունը երկար ճանապարհ չունեցավ, իսկ ահա հանդիպումը հայտնի երաժիշտ, Վանաձորի երաժշտական դպրոցի և ուսումնարանի հիմնադիր Էդվարդ Կզարթումյանի հետ` ճակատագրական եղավ: Նրա «ձայնդ փոր կպահի» գնահատականը դարձավ կյանքի ճանապարհի մեկնարկը: Նախ Վանաձորի երաժշտական ուսումնարանն ավարտեց, իսկ 1967-ին՝ Երևանի պետական կոնսերվատորիան: Սկզբում Նար Հովհաննիսյանի դասարանում էր, բայց ավարտեց Թամարա Շահնազարյանի դասարանը: Պատանեկության տարիներին շատ էր լսում ռադիո, հատկապես` իտալացի երգիչներին: Հետո իրեն լսեցին: Սկզբում աշխատանքի անցավ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում որպես դերասան և մեներգիչ: Մեներգիչ էր նաև Հայֆիլհարմոնիայում: Համերգներ ուենցավ Հայաստանի բոլոր շրջաններում, գրեթե բոլոր մեծ ու փոքր շեներում: Համերգային շրջագայություններով եղավ Ֆիլիպիններում, Կանդայում, Ֆրանսիայում, Եվրոպայի նախկին սոցիալիստական բոլոր երկրներում, առանց բացառության: Սրտաբուխ էին նրա ելույթները Լոռիում՝ Վանաձորում, Ալավերդիում: Եգացանկում հայկական ժողովրդական, գուսանական երգեր են, դասական ստեղծագործություններ, ռոմանսներ, արիաներ:

Քիչ երգիչներ են կարողանում դասականը զուգորդել ժողովրդականի հետ: Իմ այս բնորոշմանը Հենրի Սիմոնյանը հակադարձեց.

– Իսկ ո՞վ է ասել, որ հայկական ժողովրդական երգը պիտի երգել ոչ դասական ոճով: Ես դրա կողմնակիցն եմ, իսկ դրա հիմնադիրներից մեկն անզուգական Շարա Տալյանն էր:

Հիշողությունները շատ են` Հայկական արվեստի  օրեր Կիևում, տարբեր շրջագայություններ հին նվագարանների «Տկզար» անսամբլի հետ: Երկարատև ելույթներ ԱՄՆ-ում նորացված ու իր ղեկավարությամբ գործող «Տկզարի» հետ: Տաբեր տարիներ դասախոսական աշխատանքին զուգահեռ աշխատակցել է նաև «Տաղարան» համույթին և Նորայր Դավթյանի հիմնադրած ժողովրդական նվագարանների նվագախմբին: Պատրաստ է աջակցել ամենքին, ուրախացնել գիտի և ուրախանում է ուրիշների հաջողություններով: Բազում հանդիպումներ և բնակվելու ու աշխատելու առաջարկություններ տարբեր երկրներից: Եվ միշտ մերժում է նախնիների հիշողությամբ ապրելու և իր հայրենիքի հետ լինելու մտահոգությամբ, հայոց լուսավոր ապագային անփոփոխ հավատով:

Նրա ամեն մի այց  Վանաձոր առանց երգի չի լինի: Նրա համար մեծ ու փոքր դահլիճներ չկան: Քրոջ՝ Անահիտի ընտանիքն անգամ կարող է դառնալ մի ամբողջ համերգի ունկնդիր: Արվեստասեր է Սիմոնյանների ընտանիքը: Հենրիի ավագ եղբայրը՝ Ալբերտը, նկարիչ էր, ժամանակին եղել է Մոսկվայի Տիմիրյազևյան հայտնի շրջանի գլխավոր նկարիչը: Վանաձորում լավ են հիշում նաև նրա մյուս եղբորը՝ կարի ֆաբրիկայի և սառնարանային տնտեսության ղեկավար Կառլենին: Մարսել եղբայն էլ, որը ԱՄՆ-ում է բնակվում, Վանաձորում եղել է քիմիական գործարանի փոխտնօրենը: Հենրին փոքր եղբորը` Մարտունին հիշեց, ու կրկին աչքերը թրջվեցին անժամանակ կորստի ցավից, հիշեց նաև հորեղբոր որդուն` Մեծ հայրենականում զոհված, շնորհաշատ նկարիչ Կորյուն Սիմոնյանին: Բոլոր եղբայրներն էլ երաժշտական ձայն ունեին, բայց դա որպես մասնագիտություն իր ճանապարհն էր, որով գնաց նաև իր դուստրը՝ Ծովին: Իսկ որդին՝ Արմենը, մասնագիտությամբ նկարիչ է, սակայն Մոսկվայում այլ ոլորտում է աշխատում: Կնոջ՝ վաստակաշատ մանկավարժ Կարինե Մելքոնյանի և Հենրի Սիմոնյանի ամենամեծ հպարտությունը երեք թոռնիկներն են: Ի դեպ, աղջկա կողմից երկու թոռնիկների հայրը ճանաչված վիրաբույժ Արտակ Վարդանյանն է, որ աշխատում է «Էրեբունի» բժշկական համալիրում: Ընտանիքը Հենրի Սիմոնյանի համար սրբություն է, իսկ Հայաստանը նրա մեծ ընտանիքն է:

Մանկավարժական համալսարանի երգ-երաժշտություն սփռող մասնաշենքի ամենավերին հարկի լսարանում զարմանքի ու կախարդանքի մեջ ես վերջակետ էի փնտրում ու չէի գտնում: Պրոֆեսորն ինձ մեկնեց «Գարուն» ամսագրի նախկին տարիների խունացած համարներից մեկը, որում Անահիտ Սահինյանի խոհ- գնահատականն էր Բուլղարիայում` հայկական եկեղեցում, Հենրի Սիմոնյանի ելույթի մասին: Կարդացի մի քանի տող, հիշեցի, որ ժամանակին կարդացել եմ այն և միանգամից հնչեցրի իմ ուսանողական տարիներին երջանկահիշատակ Էլվիրա Մակարյանից լսածս խոսքերը. «Ռուսաստանը մեծ է, նրան վտանգ չի սպառնում, Հայաստանը փոքր է և կխորտակվի, եթե արվեստը գլորվի անդունդ»:

–       Արվեստն անդունդ չի գլորվի,- վստահ ասաց Հենրի Սիմոնյանը:

Իսկ ես ուզեցի որպես վերջակետ շնորհակալական խոսքեր ուղղել երևանաբնակ իմ բարեկամին` հին ալավերդցի Վոլոդյա Աղաբաբյանին իմ այս ծանոթությունը և հանդիպումը նախաձեռնելու համար:

 

Վաղարշակ  ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Ավարտվել է «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու 2013թ. տարեշրջանը

Սիթի տուրԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային քաղաքային պաշտոնական երթուղին նոյեմբերի 20-ից փակում է 2013թ. տարեշրջանը, եւ այսօրվանից դադարեցվում են  զբոսաշրջային ամենօրյա կանոնավոր երթուղիները։

Շնորհակալություն հայտնելով համագործակցելու և «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու ծառայություններից օգտվելու համար՝ տուրիզմի բաժինը  միաժամանակ  տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ից զբոսաշրջային էքսկուրսիաներ կկազմակերպվեն միայն ընկերությունների  կոլեկտիվ նախնական պատվերների,  տարաբնույթ ակցիաների և ամանորյա տոնակատարությունների շրջանակում։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեղադրյալն ուզում է ցուցմունք տալ, քննիչը «դիմադրում է». Նոր մանրամասներ քրեական հեղինակության գործից

ձերբակալությունՔրեական հեղինակություն համարվող Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության գործով մեղադրյալներից մեկի՝  Մարտին Ծերունյանի կալանավորման և երեք անգամ կալանավորման ժամկետները երկարացնելու դատարանի որոշումներն անհիմն են, հիմնավորված չէ  անգամ հիմնավոր կասկածը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց մեղադրյալի պաշտպան, փաստաբան Սամվել Ջաղինյանը:     Ըստ պաշտպանի` իր պաշտպանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ 2-րդ մասի  7-րդ և 8-րդ կետերով  մայիսի 14-ին առաջադրված մեղադրանքն անհիմն է ու անհասկանալի, բոլոր փորձերը` նախաքննական մարմնից մեղադրանքի շուրջ պարզաբանումներ ստանալու ուղղությամբ, մատնվել են անհաջողության, պարզաբանումներ չեն տրվել: Մասնավորապես, պարզաբանման ենթակա է մեղադրանքի գլխավոր միտքը. «մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, ուղղակի դիտավորությամբ կատարել է ապօրինաբար Ռաֆիկ Մադոյանին դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ»: «Կանգնել ենք  փակուղու  առաջ, չենք կարողանում առաջ գնալ, վեց ամիս հետո հասկացանք, որ լղոզված մեղադրանք է, 6  մեղադրյալներից  Մարտինն ընդամենը մեկին է ճանաչում. եթե  ոչ ոքի չի ճանանաչում, չի կարող համաձայնության գալ, չէ՞»,- իր հերթին հարց ուղղեց Սամվել Ջաղինյանը:   Մ. Ծերունյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ հիշատակված գլխավոր մտքից հետո «որպիսիք արտահայտվել են հետևյալում» բառերից հետո հետևում է  «մի խումբ անձանց » վերագրվող կամ մեղսագրվող գործողությունների նկարագրություն:   Ի դեպ,  «մի խումբ անձանցից»    մեղադրյալը ճանաչում է միայն Դավիթ Զիրոյանին:     Մարտին Ծերունյանին առնչվում են միայն հետևյալ տողերը՝ «հանցավոր մտադրությունն իրագործելուն ուղղված դիտավորյալ գործողություններն ավարտին հասցնելու նպատակով Դավիթ Զիրոյանը 2013թ. մայիսի սկզբներին դիմել է Մարտին Ծերունյանին: Վերջինս, խոստանալով գտնել սպանության կատարողի, երկու օր անց հանդիպել է քննությամբ դեռևս չպարզված անձի, ինչից հետո տալով նախնական  դրական պատասխան՝  որպես խոստացված գումարի վճարման երաշխիք, պահանջել է  Դավիթ Զիրոյանին մինչև հանցագործության ավարտը մնալ Հայաստանում»:     Այս հատվածից էլ երևում է, որ «մի խումբ անձանց» մեջ են մտնում Դավիթ Զիրոյանը և «քննությամբ դեռևս չպարզված անձը», իսկ գործողությունը, որի մեջ մեղադրում են Մարտին Ծերունյանին, ըստ նրա պաշտպանի, խոստում տալն է: Սամվել Ջաղինյանը վստահ է, որ նախաքննական մարմինը չունի նաև խոստում տալու ապացույցը: «Խնդիրն այն է, որ Դավիթ Զիրոյանը հեռախոսով խոսում է Հովհաննես Ղամարյանի հետ  այստեղից  Իսպանիա, ասում՝  Մարտինն ինձ խոսք  ա  տվել: Ընդամենը միայն այդ հեռախոսային խոսակցության ձայնագրությունն է, Դավիթը Զիրոյանը ցուցմունք չի տալիս:  Դավիթը կարող էր սուտ ասել, ենթադրում եմ, սուտ է խոսել, գլուխ գովեր: Մենք ո՞նց երկու այլ անձանց հեռախոսային խոսակցության բովանդակությունը հերքենք, երբ որ ասում ենք՝ խոսք չենք տվել, տեղյակ չենք»,- ասաց պաշտպանը:   Ս.Ջաղինյանը նշեց, որ Մ.Ծերունյանն արդեն 7-րդ ամիսն է, ինչ կալանքի տակ է, և առաջին օրվանից մեղադրյալը պատրաստակամություն է հայտնում ցուցմունք տալ, քննիչն ասում է. «Ես ինքս եմ որոշելու, թե երբ Ձեզ կհարցաքննեմ»: Քննիչի «պատշաճ ջանասիրությունը» դրսևորվել է  ընդամենը երեք անգամ, երբ նա բերել է կալանքի, այն երկարացնելու որոշումները, մեկ անգամ էլ ծանոթացրել փորձաքննության  եզրակացությանը, «ուրիշ որևէ գործողություն Մարտին Ծերունյանի հետ չի կատարվել»: Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Վրաստանը հայաստանյան կարտոֆիլում էլի վարակ է գտել

կարտոֆիլՎրաստանից հերթական անգամ հետ է ուղարկվել մեր երկրից արտահանված կարտոֆիլի 467 տոննա խմբաքանակը:   Այդ մասին հաղորդում է «Գրուզիա-օնլայնը»` հավելելով, որ Սադախլոյի մաքսային անցակետով Հայաստանից ներկրված 17 բեռնատար ավտոմեքենա կարտոֆիլի մեջ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մասնագետները դարձյալ հայտնաբերել են կարտոֆիլի շագանակագույն նեխում վարակի վնասակար միկրոօրգանիզմներ, հաղորդում է Փաստինֆոն:

Հիշեցնենք, հոկտեմբերին Վրաստանն արդեն նման հայտարարությամբ հանդես եկել էր, ասելով, որ 500 տոննա նույն վարակով վարակված կարտոֆիլը հետ է վերադարձվել Հայաստան:   Դրանից հետո՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը հանդես եկավ պարզաբանմամբ, թե 500 տոննա կարտոֆիլը Վրաստանից հետ վերադարձնելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով` ամբողջ տարվա ընթացքում այդ երկրից վերադարձվել է 220-230 տոննա, իսկ կոնկրետ այդ դեպքում՝ ընդամենը 50 տոննա:   Ավելին՝ վերադարձված կարտոֆիլը մեր երկրում փորձաքննության ենթարկելուց հետո, ըստ ՍԱՊԾ-ի ներկայացուցչի, պարզվել է, որ այն վարակված չէ:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցելը մերժվել է՝ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի գրությամբ նկարագրված հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ

Հատուկ քննչական ծառայությունԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայությանը գրություն է ուղարկել այն մասին, որ 2013թ նոյեմբերի 6-ին այցելելով ՀՀ ոստիկանության «Ձերբակալվածների պահման վայր», հանդիպել է 2013թ նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ, որոնցից Շանթ Հարությունյանն իրեն հայտնել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու, սպառնալիքներ հնչեցնելու և հայհոյանքներ տալու մասին: Անձամբ ՀՀ ոստիկանության պետի կողմից բռնության ենթարկվելու մասին իրեն հայտնել է նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը:
Աժ պատգամավորի գրության կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Շանթ Հարությունյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց՝ իր փաստաբանի ներկայությամբ հայտնելով և անձամբ արձանագրելով, որ դրա պատճառն այն է, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի ԿԳԲ-ի պատվերով՝ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար, որը պայմանավորված է իր քաղաքական և գաղափարական հայացքներով:
Իսկ Վ.Վարդանյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց և իր նման դիրքորոշման պատճառը նշելուց:
Դատաբժշկական փորձաքննությունների կատարման ընթացքում Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը հայտարարել են, որ իրենց մոտ հայտնաբերված առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքները ստացել են Մաշտոցի պողոտայում քաշքշուկի ընթացքում:
Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի մասնակցությամբ տարբեր ժամանակ կատարված մի շարք դատավարական գործողություններին մասնակցած ընթերակաները բացառել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում ՀՀ ոստիկանապետի ու նրա տեղակալի շփումը Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի հետ, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ բռնություն կամ ապօրինի այլ նորգործություն կիրառվելու հանգամանքը:
Հիշյալ հանգամանքը հերքել են նաև Վ. Գասպարյանն ու Հ. Պողոսյանը, ինչպես նաև այն անձինք, ովքեր Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելուց հետո մշտապես շփվել կամ քրեադատավարական բնույթի գործողություններ են իրականացրել նրանց հետ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Շանթ Հարությունյանը և մյուս ձերբակալվածները ՄԻՊ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ոստիկանապետի կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնել:
Ձերբակալման անձանց պահման վայրում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ձերբակալված Շանթ Հարությունյանին կատարած մի քանի այցելությունների ընթացքում վերջինս որևէ բողոք չի ներկայացրել ՀՀ ոստիկանապետի և նրա 1-ին տեղակալի կողմից բռնության ենթարկվելու առնչությամբ:
Այսպիսով` ՀՀ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված գրությամբ ստացված տեղեկատվության առիթով կատարված ստուգողական գործողությունների արդյունքում չի հաստատվել վերջինիս կողմից մատնանշված այն փաստը, որ 2013թ. նոյեմբերի 05-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են կիրառել, սպառնացել, հայհոյել:
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցելը մերժվել է՝ գրությամբ նկարագրված հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Կայացված որոշման օրինակներն ուղարկվել են Նիկոլ Փաշինյանին և գործով վարույթի ելքով շահագրգիռ մյուս անձանց:

Կընտրվի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահ

ագ231425391373464322Այսօր կկայանա բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի համաժողովը: Օրերս, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը Մոսկվայում է և չի շարունակի իր աշխատանքը որպես հասարակական մարզական կազմակերպության ղեկավար:

Եվ ահա,  այսօր կայանալիք համաժողովում նախատեսվում է ընտրել նոր նախագահ: Այդ պատիվը կվստահվի  ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանին: Նա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:

Ուշագրավ է, որ Գևորգյանն արդեն հանդիպել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ու ՀՀ սպորտի և երիտաասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հետ: Կարելի է ենթադրել, որ նրա պաշտոն ստանալը նախապես արդեն  համաձայնեցված է:

Հավելենք, որ հայկական բռնցքամարտը ներկայումս լավ վիճակում չէ: 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում և վերջերս կայացած աշխարհի առաջնությունում մերոնք մնացել են ձեռնունայն:

2013-ի ամենասեքսուալ տղամարդն ըստ People-ի

iPeople ամսագրի վարկածով 2013-ի ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել ամերիկյան փոփ-ռոք Maroon 5 խմբի   երաժիշտ Ադամ Լևին:

Նա հայտարարել է, որ չէր սպասում նման ճանաչման ու սկզբում այն  որպես հումոր է ընկալել: ”Ես ցնցված ու զարմացած եմ”,-մեջբերվում է նրա խոսքը:

Ի դեպ, Maroon 5 խումբը 5 անգամ արժանացել է  Grammy մրցանակի 2005-ին, 2006-ին ու 2007-ին:

Անցած տարի,  ըստ People-ի, տարվա ամենասեքսուալ տղամարդ էր ճանաչվել դերասան Չենինգ Տատումը:

Արման Թաթոյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Արման ԹաթոյանՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 19-ի որոշմամբ Արման Թաթոյանը  նշանակվել է  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։
Արման Թաթոյանը ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդականն է, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ:
Նա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2011թ. դեկտեմբերի 7-ի նիստում ընտրվել է «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման» եվրոպական կոմիտեում (ԽԿԿ) Հայաստանի ներկայացուցիչ՝ 4 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանն ազատվել է պաշտոնից՝  Արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրվելու կապակցությամբ:

 

Ժամանակավոր կացարանների բնակիչները ջեռուցման խնդրի առջև են կանգնած

New PictureՁմռան ամիսներին աղետի գոտու ու մասնավորապես Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների համար վառելիքի հայթայթումը դառնում է համար մեկ խնդիրը:

Այդ իսկ նպատակով «Շիրակ կենտրոնը» արտերկրի բարերարների և կազմակերպությունների աջակցությամբ պարբերաբար իրականացնում է վառելափայտի հայթայթման և վագոն-տնակներում ու խարխուլ այլ շինություններում պատսպարված ընտանիքներին տրամադրման ակցիա: Այն այս տարի կրում է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» խորագիրը, որին արդեն իսկ միացել են.

Ամերիկյան «Փարոս» և «Մարկ Թոգնաջի հիշատակի» հիմնադրամները, “Marc Tognazzi Memorial Found” and “Paros Foundation”  – 300 պարկ:
2. Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյան – 200 պարկ:
3. Լոնդոնում բնակվող մեր նախկին համաքաղաքացի Գարիկ Բարսեղյանի – 10 պարկ:
4. Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը “Swedish Armenian society, “Shirak ” in Stockholm ” – 150 պարկ:
5. Ֆրանսիայում գործող ” Le Cercle d’Ecrits Caucasiens ” հրատարակչության կողմից – 40 պարկ:
6. Ֆեյսբուքի օգտատերեր Lars Knudsen and Lilit Gevorgyan-10 պարկ:
7. Ֆեյսբուքի օգտատերեր Pedro Zarokian and Yvette Ghazaryan-5 պարկ:

Անապահով ընանիքներին վառելափայտի տրամադրման հերթական ձեռնարկի մասին , «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը,  ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

 

ԱՄՆ-ն բարձր է գնահատել Ալիևի և Սարգսյանի հանդիպումը

Ալիև,ՍարգսյանԱՄՆ պետդեպարտամենտը բարձր է գնահատել Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը` կարևորելով, որ նախագահները պայմանավորվել են առաջիկա ամիսներին նորից հանդիպել: Այդ մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ, հաղորդում է “Հագին” կայքը:

“Սա նրանց առաջին հանդիպումն էր գրեթե վերջին երկու տարվա ընթացում: Այն կարևոր քայլ է երկխոսության վերսկսման համար և վկայում է երկու առաջնորդների հանձնառությունը`վերջ դնելու Ղարաբաղյան հակամարտությանը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ` ԱՄՆ-ն կոչ է անում երկու նախագահներին ակտիվ աշխատանք տանել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչը ծանր կորուստներ է պատճառել ժողովուրդներին բոլոր կողմերում”,-ասված է հայտարարությունում:

Հունաստանի, Խորվաթիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի հավաքականները կխաղան ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում

ֆաա200px-WC-2014-Brasil.svgԿայացան ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի անցումային պատասխան հանդիպումները: Հայտնի դարձավ եզրափակիչ փուլի ևս 4 մասնակից: Այդ իրավունքը նվաճեցին Հունաստանի, Խորվաթիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականները:

Տեխնիկական արդյունքներ

Ռումինիա – Հունաստան՝ 1:1 (առաջին խաղ` 1:3)

Գոլերը՝ Տորսիդիս 54 (ինքնագոլ) – Միտրողլու 23

Խորվաթիա – Իսլանդիա՝ 2:0 (0:0)

Գոլերը՝ Մանջուկիչ 27, Սռնա 47

Հեռացում՝ Մանջուկիչ 38

Շվեդիա – Պորտուգալիա՝ 2-3 (0:1)

Գոլերը՝ Իբրահիմովիչ 68, 72 – Ռոնալդու 50, 77, 79

Ֆրանսիա – Ուկրաինա՝ 3:0 (0:2)

Գոլերը՝ Սակո 22, Բենզեմա 34, Գուսև 72 (ինքնագոլ)

Հեռացում՝ Խաչերիդի 47 (Ուկրաինա)

 

 

Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ղազախստանի վարչապետերի հանդիպումը

Տիգրան Սարգսյան, Սանկտ Պետերբուրգ, Սերիկ ԱխմետովՄեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովին:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում ընդգծվել է Երևան-Աստանա օդային ուղիղ չվերթների կազմակերպման անհրաժեշտությունը: Ղազախստանի վարչապետը նշել է, որ դա հնարավորություն կտա աշխուժացնել գործարար կապերը երկու երկրների միջև: Իր հերթին ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը և ազատականացրել Հայաստանի օդային սահմանները: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից «բաց երկնքի քաղաքականության» որդեգրումը հնարավորություն կտա խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը:
Երկուստեք կարևորվել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: Անդրադարձ է արվել նաև սերմնաբուծության ոլորտում համագործակցության հնարավորություններին: Այս առումով վարչապետ Սարգսյանը կարևորել է ոլորտում Ղազախստանի փորձի ուսումնասիրությունը և կիրառումը:
Ղազախստանի վարչապետը Հայաստանի վարչապետին հրավիրել է Ղազախստան:
ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, պաշտոնատար այլ անձինք։

Ապօրինի ծառահատում`Դեբեդ գյուղի անտառից

ծառահատումՆոյեմբերի 19-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում  ահազանգ է ստացվել, որ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, առանց համապատասխան փաստաթղթերի, փայտանյութ են տեղափոխում:
Մեկնած օպերատիվ խումբը Սպիտակի Ս. Ավետիսյան փողոցից ոստիկանության բաժնի տարածք է տեղափոխել նշված ավտոմեքենան` բեռնված փայտանյութով: Մեքենայի վարորդը` 1992 թ. ծնված  Բաղարբեկ Ռ.-ն, փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել` հայտնելով, որ այն կտրել է նոյեմբերի 18-ին` Դեբեդ գյուղի հարակից անտառից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

 

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին,ութ վիրավոր

ավտոպատահարՆոյեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել ճամփեզրի հողաթմբին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 19.55-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Ֆիդայինների փողոցից գազալցակայան տանող ճանապարհին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի վարորդը և «Օպել»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վայքի Շահումյան փողոցի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի «Ն. Նասիբյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ-452» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 87-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի «Վ.Ավանյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն: