Հանրային խորհրդում 2013-ին քննարկված ամենաթեժ ու կարևոր հարցերը

HX2013 թվականը հասարակական, քաղաքացիական կյանքում բուռն էր: Հանրությունը շատ հարցերի շուրջ ինքնակազմակերպվեց և հանդես եկավ միասնական դիրքերից` պաշտպանելով սեփական շահերը: Հանրային խորհուրդը, որը ստանձնել է իշխանության և հասարակության միջև յուրօրինակ կամրջի դեր, բարձրացված բոլոր հարցերին արձագանքեց` ՀՀ նախագահին ու կառավարությանը ներկայացնելով հանրության մտահոգությունները, ինչպես նաև իր դիրքորոշումն ու առաջարկները:

 

Տարվա առաջին ամենակարևոր քննարկումը Հանրային խորհրդում ՄԱԿ-ի գրասենյակները Եվրոպայից Ստամբուլ հնարավոր տեղափոխման հարցն էր, որը խիստ մտահոգիչ է Հայաստանի համար և լուրջ խոչընդոտներ կարող է առաջացնել: Հանրային խորհուրդը հարցը քննարկեց նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ, որի ընթացքում ուրվագծվեցին մի շարք քայլեր ու գործողություններ, որոնք անհրաժեշտ է իրականացնել` միջազգային հարթակում պաշտպանելու Հայաստանի շահերը և կանխելու նման կարևոր կառույցները Թուրքիա տեղափոխելու մտադրությունը:

 

Այնուհետև ՀԽ օրակարգի առանցքում հայտնվեցին Հայաստանի քաղավիացիայի խնդիրները: Մինչ Հանրային խորհուրդը քննարկումներ կիրականացներ և հանդես կգար առաջարկներով, թե ինչպես կարելի է փրկել քաղաքացիական ավիացիան և ազգային ավիափոխադրողին, հայտնի դարձավ «Արմավիա» ավիաընկերության սնանկացման լուրը: Խորհրդում տեղի ունեցան մի շարք քննարկումներ` շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ: Չընդդիմանալով օդի ազատականացման գաղափարին` միաժամանակ Հանրային խորհուրդն անհրաժեշտ համարեց տեղական ավիափոխադրողներ ունենալը, որը չավարտված պատերազմ ունեցող երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Կարևորվեց նաև այդ ավիափոխադրողների միջև մրցակցային պայմանների ապահովումը: Խորհուրդը գտավ, որ հարկավոր է կիրառել ոլորտի ազատականացման փուլային տարբերակը և մշակել ու վավերացնել Օդային օրենսգիրք:

 

nakhagahi het handipumՀուլիս ամսին Հանրային խորհուրդը հանդիպեց Հանրապետության նախագահի հետ` ներկայացնելով մի շարք մտահոգիչ հարցեր, որոնցից էին, օրինակ, հայ-ռուսական հարաբերությունները` Ռուսաստանին զենք վաճառելու համատեքստում, արտագաղթի խնդիրը, Երևան քաղաքի պատմամշակութային շինությունների և ժառանգության պահպանումը` Ծածկած շուկայի և Հանրապետության հրապարակի վերակառուցման հիմնախնդիրների ֆոնին և այլն:

 

RՏրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական ակտիվ շարժմանը զուգընթաց` Հանրային խորհուրդը օրակարգ մտցրեց  տրանսպորտի ոլորտին առնչվող մի շարք հիմնախնդիրներ` առաջարկելով քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներին մասնակցել ՀԽ աշխատանքներին: Այդ ժամանակ էլ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հրավեր ստացավ Մաշտոցի պուրակում հանդիպելու քաղաքացիական նախաձեռնության երիտասարդ ակտիվիստների հետ և համատեղ քննարկելու տրանսպորտի խնդիրները: Հրավերն ընդունվեց, և Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ հանդիպումը` որպես Հանրային խորհրդի և քաղաքացիական ակտիվ հասարակության միջև համագործակցության յուրօրինակ քայլ:

 

varchapeti hetՀոկտեմբեր ամսին Հանրային խորհուրդը հանդիպեց նաև կառավարության ղեկավարի հետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանին խորհրդի անդամները ներկայացրեցին մի շարք հարցեր` կապված Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների, արտագաղթի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, քաղաքացիական հասարակության կայացման և այլ ոլորտներում առկա խնդիրների հետ:

 

Հոկտեմբեր ամսին բուռն քննարկումներ սկիզբ առան և մինչև տարեվերջ շարունակվեցին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի շուրջ` կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից Հանրային խորհրդին ուղղված դիմումի հիման վրա` համատեղ քննարկելու օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը:

 

zvartnots-2Խորհուրդը որոշեց դիմել կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:

Տարվա վերջում, երբ կառույցը քանդելու վերաբերյալ դրական եզրակացություն եղավ քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից, և այն իրագործելու համար մնաց ընդամենը մեկ քայլ`  կառավարության հաստատումը, վարչապետը հայտարարեց, որ հարցը դեռևս քննարկման կարիք ունի, քանի որ «Զվարթնոց»-ի կլոր շենքը խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության կարևորագույն նմուշներից է:

 

g_imageՆոյեմբեր ամսին հասարակությունը կրկին ցնցվեց. հայտնի դարձավ, որ  2014 թվականից կիրառվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգը, որը նախատեսում է 1974 թվականից հետո ծնված քաղաքացիների աշխատավարձի 6.6-13%-ի պարտադիր ներդրում արտասահմանյան հիմանդրամներում` շուրջ երեսուն տարի հետո բարեկեցիկ ապագա ունենալու նկատառումով:

Հանրային խորհուրդն անընդունելի համարեց մարդկանց «բռնի կերպով երջանկության տանելու» կառավարության մոտեցումը` նշելով, որ բարեփոխումը կարող է հաջողությամբ իրականացվել միայն հանրության կողմից ընկալելի և ընդունելի լինելու պայմաններում:

Հարցը քննարկելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ` Հանրային խորհուրդը ՀՀ նախագահին ու կառավարությանն առաջարկեց մինչև 2014 թվականի հունվարի 1-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ մինչ այդ համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացնելով հանրային լսումներ, որպեսզի ևս մեկ անգամ քննարկվեն հանրության կողմից բարձրացված խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները:

Այս ամենը` հայտնի դեպքերի վերաբերյալ: Ինչ վերաբերում է ՀԽ հանձնաժողովներում ու ենթահանձնաժողովներում տարվա ընթացքում տեղի ունեցած անցուդարձին, ինչը երբեմն տեսանելի չէ հանրության կողմից, ապա կարելի է դրանցից ևս որոշ ուշագրավ հարցեր առանձնացնել:

ՀԽ ամենաակտիվ հանձնաժողովներից մեկը` ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը տարվա ընթացքում քննարկել է գազի, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը, հանքահումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հարցը, փոքր և միջին ձեռնարկություններին հարկային արտոնյալ պայմանների սահմանման առաջարկությունները, «Նաիրիտ» ՓԲԸ վերագործարկման խնդիրները, թեթև արդյունաբերության զարգացման համար հարկային արտոնությունների սահմանման անհրաժեշտության, կաշվի, բրդի մթերման, վերամշակման և հայրենական բրենդային ապրանքանիշերի վերականգնման և այլ հարցեր:

ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը կրկին ուշադրության կենտրոնում է պահել Հայաստանի արոտավայրերի ճիշտ օգտագործման, գյուղացիական կոոպերացիաների զարգացման հարցերը, Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգը: Նշենք, որ դեկտեմբերի ամսին խորհրդարանը վավերացրեց կառավարության կողմից ներկայացրած օրենքի նախագիծը, որը որոշակիորեն կարգավորում է այդ ոլորտը:

Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը քննարկել է ոլորտում անհապաղ լուծման կարիք ունեցող այնպիսի հարցեր, ինչպիսիք են դեղերի տենդերային ոչ արդյունավետ քաղաքականությունը, սոցիալապես անապահով երեխաների համար նախատեսված գումարների ոչ ճիշտ օգտագործումը, ՀՀ-ում խնամքի տներ ստեղծելու, դպրոցներին դեղեր հատկացնելու անհրաժեշտությունը և այլ հարցեր:

 

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը օրակարգում է պահել հանձնաժողովի համար որպես գերակա խնդիր հայտարարված համայնքների խոշորացման հայեցակարգը, ՀՀ տեղական ինքնակառավարման հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարությունը, ՀՀ ժողովրդագրության հոսքերը և միգրացիոն իրավիճակը, համայնքների համաչափ զարգացման և սահմանամերձ գոտու ամրապնդման ռազմավարությունը:

 

Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների շահերի պաշտպանության հարցերի հանձնաժողովը մենաշնորհային և գերիշխող դիրքի չարաշահման, փոքր և միջին բիզնեսի, գործարարների շահերի պաշտպանության կազմակերպման հարցերով կազմակերպել է բազմաթիվ քննարկումներ, իսկ հանձնաժողովի առաջարկությունները ներկայացվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Շարունակվել են քննարկումները  նաև հեռահաղորդակցության ոլորտի արդիականացման խնդիրների շուրջ` ներկայացվելով մի շարք առաջարկներ:

 

Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովն ուշադրության կենտրոնում է պահել ավագ դպրոցներում ստեղծված իրավիճակը` մասնավորապես կախված դասագրքերի և տարբեր հոսքերի չհղկված ուսումնական պլանների հետ: Քննարկել է պետական ԲՈՒՀ-երի դասախոսների մանկավարժական ստաժի հասկացության վերականգնման անհրաժեշտությունը, դասախոսներին սոցիալական փաթեթի անարդարացի բացակայության հարցը, ԲՈՒՀ-երի ուսման վարձերի բարձրացման խնդիրը:

 

Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի կողմից նախաձեռնվել ու մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագիծ, որի շուրջ տեղի են ունեցել քննարկումներ տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև Ազգային ժողովի և նախարարությունների պատասխանատուների մասնակցությամբ:

 

Պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովի կողմից ուսումնասիրություններ և վերլուծություններ են կատարել ՀՀ ՊՆ բանակային կորպուսների, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, ինժեներասակրավորային վարչություններում և նրանց ենթակա զորավարչություններում:

 

Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովը շարունակել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված գործունեությունը` կազմակերպելով համաժողովներ, կլոր սեղաններ քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և ընդունել համապատասխան որոշումներ:

 

Գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձաժողովը միգրացիայի, ժողովրդագրական և գենդերային հիմնախնդիրների հետ մեկտեղ, քննարկել է ընտանիքի հիմնախնդիրները և ներկայացրել առաջարկություն` անցկացնելու «Ընտանիքի տարի» ծրագիրը:

 

Կրոնի, Սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովն անդրադարձել է  նաև ադրբեջանցի բարբարոսների կողմից Նախիջևանի հայոց գերեզմանատան և գերեզմանաքարերի  անխնա ոչնչացմանը,  Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգին,  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

 

Անի Գասպարյան

Անկախ

Ձին` երազանքների և սիրո տարի. Նոր տարին` նոր ձեռքբերումներով

2013- ը  ոմանց համար ձեռբերումների տարի էր,  շատերի համար էլ` ոչ այնքան: Նրանք, ովքեր չհասցրին իրականացված տեսնել իրենց նպատակներն ու նախաձեռնությունները, ակնկալում են դրանք իրագործված տեսնել գալիք տարում: Մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոմանց համար տարին բարենպաստ էր: Նրանցից մի քանիսն այս տարի ստեղծագործական հաջողություններ ունեցան, հանդես եկան նոր անակնկալներով, իսկ ոմանք գտան իրենց երկրորդ կեսին և դասավորեցին անձնական կյանքը: Մի քանի երգիչ-երգչուհիներ և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ խոսեցին մեզ հետ այս տարվա ընթացքում ունեցած հաջողությունների, ակնկալիքների, ինչպես նաև` ամանորյա ծրագրերի մասին: Հետաքրքիր էր իմանալ, թե որքանով են նրանք կարևորություն տալիս տարվա կենդանակերպին, հետևում աստղագուշակների խորհուրդներին և ինչպես են սովորաբար դիմավորում ամանորը:

Հռիփսիմե Ելինյան

Hripsime Yntanik2013 թվականը բավականին բեղուն տարի էր: Նշեմ, որ բացի այն, որ դասավանդում եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, հանդիսանում եմ նաև «Trio» էստրադային-վոկալ ստուդիայի ղեկավարը, և այս տարի մեր ստուդիան բավական մեծ հաջողություններ ունեցավ: Ունեցանք մեծ համերգ, որին հաջորդեցին մի շարք այլ համերգային ծրագրեր: Ես և Գրիգորը նկարահանեցինք նոր տեսահոլովակ, որը կհեռարձակվի հունվար ամսին: Ակնկալիքները բավական մեծ են,  և հուսանք, որ Փայտե ձիու տարին իր հետ կբերի ավելի մեծ հաջողություններ:

Ամանորը սովորաբար տանը չեմ դիմավորում: Մեր ընտանիքում արդեն ավանդույթ է դարձել Նոր տարին քաղաքից դուրս անցկացնելը: Քանի որ ես և ամուսինս՝ Գրիգորը, դեկտեմբերի 31-ի գիշերը լինում ենք աշխատավայրում, հազվադեպ  ենք Ամանորը դիմավորում ընտանեկան միջավայրում: Մեզ մոտ ամանորյա հանգիստը սկսվում է հունվարի 1-ից:

Երբ փոքր էի, կարևորում էի տարվա կենդանակերպը և հետևում էի աստղագուշակին: Այժմ դա համարում եմ սնահավատություն և հավատում եմ միայն Աստծուն:

Նվերների հետ կապված ինձ համար առաջնային է իմ բալիկի նվերը, նա արդեն նամակ է գրել Ձմեռ պապիկին (Ձմեռ հայրիկին), Ձմեռ պապիկն էլ խոստացել է, որ անպայման կբերի նրա նվերը: Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորը և մաղթում, որ 2014-ին մեր հայրենակիցները լինեն առողջ, իսկ երջանկությունը թակի բոլորի դռները, անկախ նրանից` տանը մարդ կա, թե ոչ:

Լայանա  (Լիանա Թևոսյան )

Layana 2Սովորաբար Ամանորը դիմավորում էի տանը` ընտանիքիս հետ, բայց վերջին երկու տարին այն դիմավորում եմ աշխատավայրում, ընտանիքս էլ` հետս: Այն անցնում է  ուրախ միջավայրում: 2013-ը ինձ համար անցումային տարի էր, քանի որ ամեն ինչ նախատեսում ենք իրականացնել գալիք տարում: Ունեմ բազում անակնկալներ հենց տարվա սկզբի համար: Ակնկալիքներս շատ շատ են գալիք տարվանից: Նվերների հարցում չեմ ուզում ինչ-որ բաներ առանձնացնել, կարևորը` կարողանում եմ ուրախացնել մտերիմներիս, հատկապես` ամուսնուս:

Կցանկանայի մարդկանց ավելի բարյացկամ տեսնել միմյանց նկատմամբ, ներողամիտ: Թող ժպիտը միշտ անպակաս լինի բոլորի դեմքից: Շնորհավոր բոլորի Ամանորը:

Գևորգ Մարտիրոսյան

gevorg martirosyan 1Շատ կուզենայի Ամանորը դիմավորել տանը` ընտանիքիս անդամների հետ, բայց չեմ կարողանում, քանի որ մենք` երգիչներս, այդ օրերին բազմապիսի հրավերքներ ենք ստանում` մասնակցելու տոնական միջոցառումների: Կարող եմ ասել, որ  այս տարի 90 տոկոսով հասցրեցինք անել այն, ինչ պլանավորել էինք այս տարվա ընթացքում: Ասում են` Ձին երազանքների, մեր լեզվով ասած` մուրազի տարի է, և բոլորս էլ սպասում ենք այդ երազանքի կատարմանը: Իսկ անակնկալների համար մի բան կարող եմ ասել` եթե այն իսկապես անակնկալ է, ուրեմն պետք է գաղտնի մնա: Բոլորին ցանկանում են, որ գալիք տարում լինեն առողջ, անհոգ ու երջանիկ, սիրեն և սիրված լինեն: Շնորհավոր Ամանոր:

Եվա

Ամանորը գրեթե միշտ անցկացնում եմ աշխատավայրում, սակայն հասցնում եմ ժամը 24:00-ին տանը լինել, այնուհետև աշխատավայր մեկնել: Կենդանակերպերի այդ նշանակությանը, անկեղծ ասած, առհասարակ չեմ հավատում, ինձ կարող են  հետաքրքրել միայն յուրաքանչյուր տարվա նորաձևությունը, գույները և այլն: Ինչքանով հասցրեցի իրականացնել ծրագրե՞րս: Ասեմ, որ գրեթե միշտ ինչ պլանավորում եմ, ստացվում է: Կարողացել եմ այս տարվա ընթացքում նկարահանել 3 տեսահոլովակ, մասնակցել եմ տարբեր համերգների, մասնավորապես` Best contemporary singer of the year միջոցառմանը: Սիրում եմ այնպիսի նվերներ մատուցել, որոնց կարիքը տվյալ մարդիկ ունեն: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, ցանկանում եմ, որ մարդիկ ավելի բարի լինեն ու կամեցող: Թող բոլորի դեմքից միշտ ժպիտն ու ուրախությունն անպակաս լինեն: Բոլորին մաղթում եմ, սեր, սեր ու էլի սեր:

Արմո (Արմո Հովեյան)

nkar armoՎերջին 5 տարիների ընթացքում, աշխատանքի բերումով տանը չեմ լինում և մասնակցում եմ տարբեր երեկույթների և միջոցառումների: Միայն առավոտյան եմ տուն վերադառնում: Սակայն այս տարի իրավիճակը փոխվել է, և Ամանորն անցկացնելու եմ ընտանիքիս հետ, քանի որ իմ ու իմ սիրելի  կնոջ առաջին նոր տարին է: Այս տարին իմ կյանքում ամենահիշարժանն էր, քանի որ գտա իմ կեսին, ընտանիք կազմեցի: Աստված լրիվ փոխեց իմ կյանքը, դարձա ճշմարիտ քրիստոնյա: Այսինքն` վերածնվեցի այս տարվա հուլիսի 16-ին: Այդ օրվանից մինչ այսօր ապրում եմ Աստծո ներկայությամբ և վայելում Աստվածային սերը, որն իշխում է իմ ընտանիքում: Ոչինչ չեմ կարող ասել գալիք օրերի մասին և որոշակի ոչ մի ակնկալիք չունեմ, պարզապես կաշխատեմ` մնացածն արդեն Աստված ինձ կտա:

Կարծում եմ` Ամանորին ես և կինս միմյանց զարմացնելու միայն մի բան ունենք. ամեն օր կնոջս սիրում եմ նախորդ օրվանից ավելի շատ, ու այդ սերն օր օրի ավելի ու ավելի է մեծանում: Երբ ինձ հաճախ հարցնում են, թե ինչից է, որ իմ ընտանիքում մի տեսակ ամեն ինչ լավ է, ես պատասխանում եմ` սերը շատ է:

Իսկ նվերների հարցում նախապատվությունը տալիս եմ Աստվածաշնչին, և կարծում եմ, որ այն ամենաթանկ և օգտակար նվերն է ցանկացած մարդու համար: Ստեղծագործական կյանքում կան մի քանի անակնկալներ, բայց չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և մաղթում սեր, բայց ոչ պարզապես սեր: Այն ժամանակավոր է ու սահմանափակ; Խնդրեք Աստծուց աստվածային սեր և աստվածային իմաստություն և այն կստանանք: Երջանիկ եղեք:

 Սոնա Շահգելդյան

Թեպետ սնահավատ չեմ, բայց կարևորում եմ տարվա կենդանակերպը: 2010-ից իմ կյանքում հաջող տարիներն են թե՛ գործնական առումով, թե՛ առհասարակ: Հուսով եմ` գալիք տարին էլ ավելի բարենպաստ կլինի: Ամանորը դիմավորելու եմ և՛ աշխատավայրում, և՛ ընտանիքիս հետ, և՛ իհարկե կողքիս է լինելու նաև իմ սիրած էակը: Նվերներ իհարկե սիրում եմ ստանալ, նաև ինքս եմ նվիրում, բայց միայն ամենամոտ մադկանց: Դեռ չեմ մտածել` այս տարի ինչ եմ նվիրելու, սպասելու եմ նաև ինձ մատուցվող անակնկալներին: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը, մաղթում եմ, որ նախորդ տարում մնան բոլոր անցանկալի իրադարձությունները, և մարդիկ իրենց կյանքը սկսեն նոր տարվանից: Բարեմաղթելու շատ բաներ կան: Կցանկանամ, որ բոլոր մարդկանց կենսակերպը բարելավվի, անհոգ լինեն և հաջողակ: Տարին լինի երջանիկ, խաղաղ և, գումարային առումով` առատ տարի: Ես սովորաբար ինչ կամենում եմ, կատարվում է: Նույնն էլ կցանկանամ մեր հայ ժողովրդին: Թող ամեն մարդ իր սրտի չափով իրեն երջանիկ զգա: Ի դեպ, բարին եմ կամենում բոլորին, անկախ նրանից` ինչպիսին են: Շնորհավոր Ամանոր:

  Վարդան Ամիրյան

Անկախ նրանից` որ կենդանակերպի տարին է, միշտ ուրախանում եմ Նոր տարվա գալուստով և սկիզբ եմ դնում նոր ծրագրերի, նոր երազանքների: Կենդանակերպի խորհրդանիշը կարևորելը  սնահավատություն չեմ համարում, ոչ էլ պաշտամունք, որովհետև դա գիտություն է, որով զբաղվում են այդ բնագավառի մասնագետները: Ինչպես երկար տարիներ, այս Ամանորն էլ կլինի աշխատանքային: Այսինքն` ելույթներով հանդես կգանք տարբեր բեմերում: Իսկ ընտանիքս ինձ հետ է, որովհետև ելույթ ենք ունենում միասին: Ձին իմ ամենասիրելի կենդանիներից է, և սպասելիքներս միայն դրական են, հավատում եմ, որ սա կլինի հաջողությունների և սիրո տարի: Այս տարվա ձեռքբերումներից մեկը Հայ աճպարարների միության հիմնադրման միամյակն էր, որի շնորհիվ բազում հրավերներ ստացանք` մասնակցելու ամենատարբեր փառատոների: Դրանք անցկացվեցին Ուկրաինայում, Ռումինիայում, և միության անդամները մեծ հաջողություններով վերադարձան Հայաստան` բարձր պահելով մեր երկրի աճպարարների պատիվը:  Ինչ վերաբերում է նվերներին, ապա մեր ընտանիքում ընդունված է մեկս մյուսին անակնալներ մատուցելը: Ես ինչ նվիրում եմ, նվիրում եմ մեծ սիրով, որպեսզի այն միմիայն ուրախություն և երջանկություն բերի:

Մեր ամբողջ մոլորակին մաղթում եմ խաղաղություն, անսպառ սեր, իմաստություն, հավատք և համատարած բարություն: Եվս մեկ քայլով մոտենանք Աստծո առաքելությանը:

 Դերասան, ռեժիսոր Աբել Աբելյան

abelԻնչ եմ ցանկանում 2014 թվականի՞ն… Բոլորին առողջություն, ուրախություն և երջանկություն: Ինձ նույնպես առողջություն և հաջողություն, քանի որ շատ ու շատ ծրագրեր ունեմ:

Լ.Ն

Անկախ