Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում

դեսպան Կարեն ՆազարյանՓետրվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) տեղի ունեցավ «Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը» խորագրով բաց քննարկում, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Նա անդրադարձավ Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին ու Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի ռեժիմը խախտող սադրիչ գործողություններին: Դեսպան Նազարյանը նշեց, որ հայկական կողմին մեծապես մտահոգում են ուժի կիրառման հումանիտար հետևանքները, և որ այդ անընդունելի գործելակերպի արդյունքում առավելապես ծանրանում է սահմանային գոտիներում քաղաքացիական բնակչության վիճակը: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ առիթ է ունեցել նախկինում ԱԽ-ում բարձրաձայնելու քաղաքացիական բնակչությանը դիպուկահարների կողմից հասցված վնասների խնդիրը` հավելելով, որ Հայաստանը հանդես է գալիս բռնության բոլոր դրսևորումներին վերջ դնելու օգտին  ու մեծապես հավատում, որ հակամարտությունների հիմնարար ու հարատև լուծման կարելի է հասնել միայն խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի հիման վրա:

«Հայաստանը դարձել է «տղամարդ արտահանող» երկիր». Կարինե Դանիելյան

կարինե դանիելյան«Ես հաճախ ինձ հարցնում եմ, թե ինչո՞ւ պատմության ընթացքում մենք անընդհատ պետականություն ենք ստեղծել և կորցրել: Միշտ կարծել եմ, որ խնդիրը մարտահրավերների մեջ է, սակայն բոլոր երկրներն էլ իրենց պատմության ընթացքում մարտահրավերներ ունեցել են, ունեցել են և վատ հարևաններ: Այս տարիների ընթացքում ես եկել եմ այն եզրակացության, որ մենք միշտ կորցրել ենք մեր պետականությունը, որովհետև մեր մենթալիտետն է թերի: Ավելի շատ հակված եմ մտածելու, որ պետական, հանրային մտածելակերպի պակաս կա մեր մեջ, անձնական շահը հանրայինից բարձր դասելը մեր ամենամեծ խնդիրն է, որի հետևանքը հսկայական արտագաղթն է: Մենք ուղղակի դրել և բնաջնջում ենք այն մի կտոր հողը, որ մեզ Աստված տվել է»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով`Հայաստանը դարձել է «տղամարդ արտահանող» երկիր, իսկ հայաստանյան գործարարները ներկրմամբ են զբաղված, նրանց ձեռնտու չէ, որ Հայաստանում աշխատատեղեր ստեղծվեն և արտադրություն զարգանա:

«Կան ուժեր, որոնց ձեռնտու է այս իրավիճակը: Մեր երկրում ողջ համակարգը ձևավորվել է այնպես, որ ժողովուրդն արտագաղթի: Սա միայն այս կառավարության գործունեության հետևանքը չէ, այս իրավիճակը ստեղծվել է վերջին 22 տարիների ընթացքում»,- ասաց Կարինե Դանիելյանը` հավելելով, որ շատ լուրջ փոփոխություններ են պետք մեր մտածելակերպում, հակառակ դեպքում մենք կարող ենք երկիր կորցնել:

Տեղի կունենա Կարեն Անտաշյանի «Ծիլի-Ծով. գիրք հմայության» գրքի շնորհանդեսը

անտաշյանի գիրք«Անտարես» հրատարակչությունը հրավիրում է մասնակցելու հայ ժամանակակից բանաստեղծ Կարեն Անտաշյանի նոր՝ «Ծիլի-Ծով» գրքի շնորհանդեսին, որը կկայանա փետրվարի 15-ին, ժամը 16:00-ին «Ականաթ» մշակութային ակումբում (Կողբացի 28):

Հեղինակի նախորդ երկու գրքերի պես «Ծիլի-Ծովը» նույնպես ներկայանում է մեկ ընդհանրական գաղափարական հղացմամբ: Լեզվական տարբեր փորձարարություններով ստեղծագործող Կարեն Անտաշյանն իր հայեցակարգը մեկնաբանում է հետևյալ բնաբանով՝

«Ծիլի-Ծովը կենաց հասուն բնազդների և  հմայական հետազոտությունների գիրք է: Ես սրբազնացնում եմ Ջուրը՝ որպես Կյանքի հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն: Ծիլի-Ծով մետաֆորը սահմանում եմ իբրև մեռելների լուծվող հիշողությունն ու ապրողների շարունակելի-ընդհատական վարքը ջրածին կենսոլորտի ամբողջության մեջ: Կյանքի ինքնարարումը ջրից՝ նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծելը՝ իրականություն հրահրող հմայություն»:

Գիրքը ներառում է որոշակի հաջորդականությամբ դասավորված բանաստեղծություններ, երազահաններ և հմայիլներ, որոնք գրված են հայ հնագույն հմայական բանաձևերի (հմայիլ, աղոթք, կապ, պահապան, թուղթ ու գիր և այլն) և ժողովրդական խաղիկների ոճավորումով:

Գիրքը վաճառքում կլինի միայն 365 անվանական օրինակով՝ յուրաքանչյուրը տարվա մեկ օրվան համապատասխան: Օրինակ՝  «Լեվոն Լուսինյան, Գիրք N 001, Քաղոց Լուսնակ  / Հունվարի 1»: Հետևյալ  առցանց օրացույցից՝ http://karen.antashyan.com/booking/, ընթերցողնրը կարող են ընտրել իրենց ուզած օրվա անվանական օրինակը և նախապես ամրագրել այն՝ շնորհանդեսի օրը  համապատասխան անվանական էջանիշով ստանալու պայմանով: Շնորհանդեսի օրը, ինչպես նաև առցանց ամրագրման դեպքում գիրքը կարելի է ձեռք բերել 2000 դրամով՝ սովորական 3000-ի փոխարեն:

Կարեն Անտաշյանը ծնվել է 1983թ. Փետրվարի 3-ին, Վանաձորում: 2009 թվականին գրող և գրաքննադատ ընկերների հետ սկսել է «Գրանիշ» գրական նախագիծը, որի գլխավոր նպատակը արդի հայ գրողների և գրականության հանրահռչակումն է (granish.org): 

Նախորդ գրքերը՝ «Վերջից հետո – Սկզբից առաջ», 2004թ., «Անտաշատ», 2009թ.:

Կարեն Անտաշյանն ինքն իր բնորոշմամբ. «բանվորությունից պարապ ժամերին ես կանաչավուն ձախ սոցիալիստ եմ` համընդհանուր փոխազդեցությունների տեսություն և բանաստեղծություններ հորինելու անհաղթահարելի հակումով»:

«Մենք սովորություն ունենք վատի վրա կայֆ բռնել, մի քիչ լավին արդեն լավ չենք վերաբերվում». Խոսրով Հարությունյան

խոսրով հարությունյանԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով` անկախ ծավալներից, արտագաղթը պետք է լինի մտահոգիչ, բայց, եթե որևէ չինովնիկ համեմատական վերլուծություն է անում, դա «գլուխ գովելու համար» չէ, այլ փաստելու, որ արտագաղթի ծավալները նվազել են: Նրա խոսքով` հիմնականում ՌԴ արտագաղթող մեր հայրենակիցներն այդ երկիր են գնում ոչ նրա համար, որ այնտեղ վիճակը շատ ավելի լավ է, քան Հայաստանում, այլ գնում են եկամուտ ստեղծելու: Հետևաբար, խնդիրը Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու մեջ է, ընդ որում, գիտատեխնիկական ոլորտում: Իսկ դրա համար պետք է դրսից ներդրողներ ներգրավել:

«Բայց ոչ ոք Հայաստանում երկարաժամկետ ներդրում չի կատարի, քանի որ քաղաքական և ռազմական ռիսկեր կան, ներդրումներին խանգարում են նաև կաշառակերությունը, տնտեսական ստանդարտների, տեխնիկական կարգերի ոչ եվրոպական վիճակը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով` վերջին 5-6 տարիների ընթացքում, ունենալով ամենաանբարենպաստ մեկնարկը` մարտի մեկ և ֆինանսատնտեսական ճգնաժամ, կառավարությունը լուրջ քայլեր է արել: Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունը Հայաստանի անվտանգությունն առնվազն մեկ աստիճանով բարձրացնում է և մեր երկիրն ավելի նպաստավոր է դառնում ներդրումների համար:

«Մի քանի տարի առաջ նոտարական համակարգում, կադաստրում, սոցիալական ծառայությունների, ոստիկանության ոլորտներում, ընդունելության քննությունների ոլորտում կաշառակերության մակարդակն աննախադեպ բարձր էր, իսկ հիմա այդ ոլորտներն բավական բարելավել են: Դատաիրավական համակարգում ևս այս կառավարությունը լուրջ բարեփոխումներ է արել: Ինչ վերաբերում է Եվրամիության հետ տնտեսական ստանդարտները արդիականացնելուն, այդ գործընթացը շարունակում է մնալ օրակարգային, առաջիկայում արդյունքները տեսանելի կլինեն»,- ասաց բանախոսը:

Այս պայմաններում, Խոսրով Հարությունյանի համոզմամբ, ցանկացած կառավարություն խոցելի էր լինելու, բայց համեմատելով այլ կառավարությունների գործունեության հետ՝ նա համոզված է, որ այս կառավարությունը լուրջ բարեփոխումներ է արել`դրական արդյունքներով:

«Մենք սովորություն ունենք վատի վրա կայֆ բռնել, մի քիչ լավին արդեն լավ չենք վերաբերվում»,- եզրափակեց Խսրով Հարությունյանը:

Դեռ «կռիվ» ունենք տալու

մերկել-էրդողանՈրքան մոտենում է 1915 թվականը, այնքան ակտիվանում է Թուրքիայի` Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ուղղված գործունեությունը: Այս մասին անցած տարի անընդհատ բարձրաձայնում էր ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Եվ 2014 թվականը խոստանում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար ամբողջ աշխարհում տարվող աշխատանքների ու, առավել ևս, Թուրքիայի հակաքայլերի առումով բավականին հագեցած տարի է լինել:

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ

«2015-ին ընդառաջ Թուրքիան ինչ-որ գործողություններ է նախապատրաստում, որ ձախողի Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ամեն քայլ: Եթե որևէ երկիր Ցեղասպանության ճանաչման փորձ է անում, Թուրքիան իր դիվանագիտական ուղիներով ջանում է ասել, որ հարաբերություններ է սկսում Հայաստանի հետ և մյուսների քայլերը միայն խանգարելու են իր բարի նկրտումներին»,- օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Այդ քայլերից մեկը, օրինակ` Դավութօղլուի Հայաստան այցն էր, որ ներկայացվեց ոչ այնքան որպես գործնական այց Սևծովյան տնտեսական համաժողովի շրջանակներում, որքան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում: Այս մասին խոսեց նաև Կիրո Մանոյանը, թե Դավութօղլուն խոշոր հաշվով իր նպատակին հասավ, քանի որ թուրքական կողմը նախ կարողացավ այդ այցի հետ կապված որոշակի աժիոտաժ ստեղծել միջազգային մակարդակում, իսկ Երևանում կայացած ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո էլ թուրքական քարոզչամեքենան ավելի ակտիվ «փուչիկներ» բաց թողեց միջազգային հանրության դատին:

Այս տեսանկյունից հետաքրքրական է նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Իտալիա կատարած այցի ժամանակ արած հայտարարությունը, թե առաջ Թուրքիային սպառնացող ամենամեծ վտանգը Քրդական բանվորական կուսակցությունն (ՔԲԿ) էր, իսկ հիմա` 2015-ը. «2014-2015 թթ. կարևոր են լինելու: Թուրքիան միջազգային տարբեր մարտահրավերների առաջ է կանգնելու: 3-4 տարի առաջ մտածում էինք, որ մի քանի «ընկեր» պետություններով շրջապատված երկիր ենք: Սակայն մեր պետությունը բազում աշխատանքներ է տանում` Թուրքիայի հետ ընկեր լինելու արժեքը հաստատող գործերը շատացնելով: «Սպառնալիք» բառի` 4-5 տարի առաջվա և ներկայիս հասկացողությունները շատ տարբեր են: Այն ժամանակ մեզ սպառնացող ամենամեծ վտանգը ՔԲԿ-ն էր, իսկ հիմա պետք է շատ ավելի զգույշ լինենք: Ուզում եմ ասել, որ մեր հարավային սահմանի վիճակը շատ ավելի բարդ է»,- ասել է Գյուլը:

Հունվարին թուրքական կողմից որոշ պասիվություն նկատվեց Ցեղասպանության ճանաչման դեմ տարվող աշխատանքների հարցում, ինչը թուրքագետ Գևորգ Պետրոսյանը բացատրում է վերջին կոռուպցիոն սկանդալով, որը խառնեց նրանց խաղաքարտերը: Բայց 2014 թվականը, առաջին հայացքից, բավականին «հայամետ» է մեկնարկել: Նախ` հունվարի 27-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնական այցը Թուրքիա, որը Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ թուրք լրագրողների հարցին պատասխանելով` հայտարարեց, որ Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող որոշում կա, որը միջազգային համաձայնագրերի շրջանակներում պետք է կիրառել:

«Պատմության հետ կապված աշխատանքները կարող են ցավոտ լինել, բայց պետք է արվեն: Մեզ անհրաժեշտ է խաղաղությունն ապահովել համաձայնությամբ: Ավելի վաղ տեղի ունեցածներն ուսումնասիրելու, ճանաչելու համար պետք է աշխատենք: Հիմա մտնում ենք պատմության օրակարգային ժամանակաշրջան: Այս տարի Առաջին համաշխարհայինի 100-րդ տարելիցն է, հետո` 2015-ը: Այս ժամանակահատվածը պետք է աշխատելու համար օգտագործենք: Հարցնում եք, թե ի՞նչ ենք անելու: Ճիշտն ենք անելու, իրավականն ենք անելու, արդարությունն ենք փնտրելու և այնպես ենք անելու, որ բոլորը հասկանան թեման: Ֆրանսիայում դրա հետ կապված օրենք է ընդունվել: 2008-ին էլ շրջանակային որոշում է ընդունվել: Անհրաժեշտ է դրանք կիրառել: Միջազգային համաձայնագրերի շրջանակում պետք է դրանք կիրառել»,- ասել էր Օլանդը:

Սրանք, մեղմ ասած, ընդամենը գործընթացները «հաշվետվության» կարգով ներկայացնող խոսքեր էին, ոչ ավելին: Ու թեև հայ հասարակությունն Օլանդից ավելի ակտիվ ու սուր հարցադրումներ էր ակնկալում այս հարցում, նա ավելի պասիվ` չնախաձեռնող հանդես եկավ, բնականաբար: Օլանդի պասիվ կեցվածքը , ինչպես նշում է Գևորգ Պետրոսյանը, պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ֆրանսիայում մոտ ապագայում ընտրություններ չեն սպասվում, և Օլանդը հայկական համայնքին սիրաշահելու խնդիր չունի:

Դեռ չէինք հասցրել «մարսել» Օլանդի հայտարարությունը, երբ մի ուշագրավ հայտարարությամբ էլ հանդես եկավ Գերմանիայի խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Էրիկա Սթեինբախը, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ արեց ներողություն խնդրել հայ ժողովրդից:
«XX դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության զոհերի զավակներից ներողություն խնդրելու և հաշտության ձեռք մեկնելու ժամանակը վաղուց եկել է: Ցեղասպանության մասին Թուրքիայի պատմության գրքերում նույնպես պետք է գրվի»,- ինչպես տեղեկացնում է «Ագօս»-ը, ասել է Սթեինբախը:

«100 տարվա լռություն»

Սրանից անմիջապես հետո հանկարծ թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես` Hurriyet-ը փետրվարի 8-ին գրեց, թե Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բեռլին այցելության ժամանակ կոչ է արել նրան առերեսվել սեփական պատմության հետ:
Ըստ Hurriyet-ի` Էրդողանը Մերկելին ասել է. «Տեղյակ ենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում գումար է հատկացվում: Խորհուրդ եմ տալիս այդ նյութի շուրջ զգույշ լինել»:
Ի պատասխան Մերկելն, իբր, ասել է. «Գերմանիան ժողովրդավար երկիր է: Չենք կարող միջամտել: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Պետք է համեմատել աշխարհում ստիպողաբար ապրող և Հայաստանում ապրող հայերին: Հայաստանում հայերը դժվար կացության մեջ են: Թուրքիան պետք է Հայաստանի հետ սահմանը բացի»:

Սա, իրավամբ, կարող էր արտառոց լինել, հատկապես այն պարագայում, որ նման հայտարարություն է անում ոչ ավելի, ոչ պակաս այնպիսի երկրի ղեկավար, որը Ցեղասպանության հարցում բավականին զուսպ կեցվածք ունի, էլ չասենք, որ բազմաթիվ ուսումնասիրողներ կարծում են, որ եթե Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիան սկսի «խոսել», ապա Թուրքիայի համար «սև օրեր» կսկսվեն…

Կասկածելի է, որ գերմանական ԶԼՄ-ներն այս հայտարարությանն առանձնապես չանդրադարձան, բայց դա բավականին հնչեղ արեցին թուրքական լրատվամիջոցները: Որովհետև, եթե Գերմանիայի ղեկավարը նման հայտարարություն աներ, ապա գոնե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում դա կնշանակեր Գերմանիայի արտաքին քաղաքական գծի փոփոխություն: Չի բացառվում, որ այս լուրը շրջանառության մեջ է դրվել հենց թուրքական կողմից հատուկ նպատակով: Ընդամենը մեկ տարի հետո Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցն է, և մոտ ժամանակներս Թուրքիայում սպասվում են ընտրություններ: Այսինքն` չի բացառվում, որ Էրդողանը փորձում է այս կերպ սեփական ժողովրդին համախմբել «արտաքին վտանգի»` Ցեղասպանության ճանաչման «սպառնալիքի» դեմ: Բայց հետագայում ավելի պարզ կլինի, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ինչու…

Իսկ այս պահին` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, շատ կարևոր են մեր ակտիվությունն ու նախապատրաստական աշխատանքները, հատկապես` դիվանագիտական հարթությունում, ինչը դեռևս այնքան էլ չի երևում: Ի տարբերություն մեզ` Թուրքիան ջանք չի խնայում Ցեղասպանությունը հերքող հանրագիտարաններ ու գրքեր տպելու, հակաքարոզչական նյութեր հրապարակելու, դիվանագիտական տարբեր հնարքներով միջազգային հանրության ուշադրությունը հարցից շեղելու, դիվանագիտական առումով գործընթացները արգելակելու և այլ հարցերում:

 

Հեղաշրջում արհեստական բեղմնավորման ոլորտում

ol3001392120477Եվրոպայի գիտնականները հայտարարում են, որ իրենց հաջողվել է հատուկ քիմիական մարկեր հայտնաբերել, որն անհրաժեշտ է ժամանակից շուտ արտամարմնային բեղմնավորման հաջող արդյունքը որոշելու համար:

Նրանց հայտարարության համաձայն, այն սերմնաբջիջները որոնք  ավելի մեծ շանս ունեն կնոջ օրգանիզմի կողմից ընդունվելու, արտադրում են հատուկ մի նյութ` “տրիպսին”, որը պետք է կնոջ օրգանիզմը պատրաստի սաղմ ընդունելուն: Եթե այդ նյութը չի արտադրվում, ապա կնոջ օրգանիզմը հրաժարվում է ընդունել այն:

Մասնագետի խոսքով, հաշվի առնելով այն փաստը, որ հիմա պրոցեդուրայի հաջողությունը գնահատվում է ընդամենը 30%, իրենց բացահայտումն էականորեն կմեծացնի այն սաղմերի ընտրությունը, որոնք կընդունվեն կնոջ օրգանիզմի կողմից: Համենայն դեպս, մինչ այս բժշկությունը միայն բազային միջոցներից էր օգտվում  արտամարմնային բեղմնավորումից հետո հղիացման հաջողությունը կանխատեսելու համար:

Անկախ

Ազգային ինքնության բացահայտման ևս մեկ միջոց

Yervand-Zoryan-Աշխարհասփյուռ հայությունն իր երկրի արմատներին ու պատմությանը կառչելու ևս մեկ հնարավորություն ունի: Հայկական վիրտուալ համալսարանն իր նորարարության շնորհիվ ևս մեկ անակնկալ է մատուցում մեր հայրենակիցներին: Խոսքը վերջերս թողարկված «Հայկական լեռնաշխարհ» էլեկտրոնային գիրքն է, որն ընթերցելու մի քանի տարբերակներ է առաջարկում ընթերցողներին` թե՛ խտասկավառակով, թե՛ առցանց: Գրքի հեղինակը մեր սփյուռքահայ բարեկամ, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանն է, որի հետ է մեր զրույցը այս կապակցությամբ:

– Որքանո՞վ է գիրքն արդիական և սփյուռքում ունե՞նք կրթական համայնք, որի համար դեռևս ազգապահպանման գործոնը չի կորցրել կարևորությունը:

– Աշխարհում օնլայն կրթության վերջին զարգացումներին զուգընթաց` կրթական համայնք է ձևավորում նաև հայկական վիրտուալ համալսարանը, որն աշխարհի տարբեր երկրներում ունի շուրջ 3 հազար ուսանող և գործում է արդեն մի քանի տարի: Համալսարանը համացանցի միջոցով բոլոր սփյուռքահայ ուսանողների համար իրականացնում է հասանելի և մատչելի կրթություն` մշակութային, կրթության և այլ ուղղություններով: Համալսարանը նպատակ ունի նաև համապարփակ կրթություն իրականացնել գերժամանակակից մուլտիմեդիայի միջոցներով, որի առաջին թողարկումն այս գիրքն է: Այն բավական սպասված էր ուսանողների շրջանում, և կարծում եմ` ըստ արժանվույն կգնահատվի: Այն համարվում է ՀՎՀ-ի նորարար էլեկտրոնային մատենաշարի առաջին գիրքը` «Հայկական լեռնաշխարհ» անվամբ, որը ներկայացնում է հայկական մշակույթն ու պատմությունը: Գրքում ներկայացված են հայկական լեռնաշխարհի բազմադարյան մշակույթը, շրջակա միջավայրը և վարչական տարածաշրջանային բաժանումները, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է պատկերներով և տեսանյութերով:
– Իսկ ինչո՞ւ թեմայի ընտրությունը կանգ առավ հայկական լեռնաշխարհի վրա:
– «Հայկական լեռնաշխարհի» թեմայի ընտրությունը բացատրվում է նրանով, որ հենց հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում մեր ազգային արմատներն ու պատմությունը, հենց հայկական լեռնաշխարհով է պայմանավորված մեր պատմության և ազգային ճակատագրի առանձնահատկությունները:
– Իսկ թողարկումը միայն հայալեզո՞ւ է, թե՞…
– Ոչ, գիրքը սկզբնական շրջանում ընթերցողին կներկայանա արևելահայերեն և անգլերեն, այնուհետև արևմտահայերեն և ևս 4 լեզվով` թուրքերեն, իսպաներեն, ֆրանսերեն, ռուսերեն: Այս գիրքն ընդգրկում է Հայաստանին վերաբերող թեմաների բավական լայն շրջանակ` պատմություն, մշակույթ, տուրիզմ, տնտեսություն և այլն: Գիրքը կազմելիս հաշվի են առնվել ընթերցողների բազմազանությունը և նրանց ակնկալիքները գրքից, ուստի փորձ է արվել տեղեկությունները մատուցել մատչելի լեզվով` միաժամանակ ապահովելով ոճային ինքնատիպությունը:
Ընթերցողները հնարավորություն ունեն հարցաշարերի միջոցով գնահատելու իրենց առաջընթացը, առանձնացնելու ժամանակաշրջանի կարևորագույն իրադարաձությունները և ծանոթանալու հատուկ այդ աղբյուրի համար մշակված հարուստ բառապաշարին:
– Ինչպե՞ս կարող է ընթերցողը ձեռք բերել այն:
– Գիրքը բոլորի համար կլինի անվճար և ամենուրեք հասանելի: Բացի թողարկված տեսաերիզներից, ցանկացած ընթերցող բավական հեշտ ներբեռնումով կկարողանա այն ընթերցել մոբայլ սարքերով, պլանշետներով և այլն:
– Որքանո՞վ է գրքում հնարավոր եղել ապահովել նյութերի գիտական հավաստիությունը, և ի՞նչ աղբյուրներ են օգտագործվել:
– Դրանք վերցվել են ՀՎՀ-ի ուսումնական գրականությունից, ակադեմիական ամսագրերից, պատմական փաստաթղթերից, բուհերում կիրառվող կրթական նյութերից և այլն: Իսկ ինչ վերաբերում է գրքի ակադեմիական խորությանը, ապա այն կարող է ծառայել որպես գիտական աղբյուր` շնորհիվ գրքում տեղ գտած ճշգրիտ և մանրակրկիտ ուսումնասիրությունների: Գրքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ տեղեկատվությանը զուգահեռ, նյութը մեկնաբանվում է տեսաշարի ձևով, տեսողական 3D էֆեկտներով, լուսանկարներով, տեսահոլովակներով, իրադարձությունների ժամանակագրությամբ, դինամիկ քարտեզներով և այլն:
– Կլինե՞ն նոր թողարկումներ:
– Այո, նախատեսվում է առաջիկա ամիսներին թողարկել հաջորդ գրքերը, որոնցից երկուսը, ի դեպ, նույնպես հիմնված կլինեն վերոհիշյալ աղբյուրների վրա և կներկայացնեն Հայաստանի տնտեսությունը, տուրիզմն ու փոփ մշակույթը: Իսկ մնացած թողարկումները կընդգրկեն տարբեր բնագավառներ` ճարտարապետություն, երաժշտություն, գեղարվեստ, ժողովրդական մշակույթ և այլն: Այդ գրքերի միջոցով կընդլայնվի նաև ՀՎՀ-ի վիրտուալ լսարաններում ընդգրկված միջազգային ուսանողների շրջանակը: Ի դեպ, աշխարհի տարբեր վայրերի կրթական համակարգի ներկայացուցիչներն ու ուսանողները բավական մեծ անհամբերությամբ են սպասել այս վիրտուալ գրքի թողարկմանը, և այն իրականություն դարձնելու ցանկությամբ էլ պայմանավորված է եղել գրքի թողարկումը: Կարծում եմ, ինչպես այս, այնպես էլ հետագա թողարկումները նոր էջ կբացեն հայկական ինքնության բացահայտման գործում:
Լ. Ն

Ինչո՞ւ ոչ ոք տաքսիստներին չի սիրում, անգամ` ԱՊՊԱ-ն

taxi-1Որքան ժամանակ է` չեմ օգտվում տաքսի ծառայության ավտոմեքենաներից, նախընտրում եմ անհատ տաքսու վարորդների հետ երթևեկել: Պատճառները մի քանիսն են. նախ` ավտոմեքենաների մեծ մասի անսարքությունն այնքան ակնառու է, որ թվում է` ուր որ է ավտոմասերն իրարից կանջատվեն, ու մեքենան կտոր-կտոր կլինի, ավտոմեքենայի խցիկը, մեղմ ասած, ոչ հիգիենիկ վիճակում է, կեղտոտ, տհաճ հոտով ու ծխախոտի ծխով պատված, իսկ եթե այս ամենին ավելացնենք նաև տաքսի ծառայության հեռախոսավար-օպերատորների ականջ ծակող, մեկ-մեկ էլ մուննաթով և վարորդների նկատմամբ ակնհայտ ճնշման գործադրմամբ հրահանգները, որոնք ստիպված ես լսել, ապա միանգամայն բնական է, որ չցանկանաս այլևս օգտվել այդ ծառայություններից: Եթե նախկինում այս ամենը քաղաքացին ստիպված էր տանել` հաշվի առնելով, որ տաքսի ծառայության ընկերությունների գները, անհատների տաքսի ծառայության գների համեմատ, ավելի մատչելի են, ապա այսօր այդ տարբերությունը գոյություն չունի, ավելին,` երբեմն անհատ տաքսու վարորդները նույն տեղն ավելի էժան են հասցնում:
Այս տեմպերով շարունակվելու դեպքում տաքսի ծառայության ընկերություններն աստիճանաբար կզիջեն դիրքերը անհատ տաքսու վարորդներին` դուրս մղվելով շուկայից:

Հասկանանք` ինչու է ստեղծվել այս իրավիճակը:
Բանն այն է, որ Ազգային ժողովի նախորդ տարվա վերջին նիստերից մեկի ժամանակ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների ոլորտում կատարվող բարեփոխումները: Առաջին ընթերցմամբ ընդունվեցին փոփոխություններ և լրացումներ մի շարք օրենքներում, համաձայն որոնց հեշտացվում է ոլորտում գործունեություն իրականացնելը, և վերանում են բիզնեսին խանգարող մի շարք պահանջներ, անօրինական գործունեության համար էլ բարձրացվում է տուգանքների չափը: Մասնավորապես, այս բիզնեսով զբաղվելու իրավունք վերապահվեց նաև ֆիզիկական անձանց, որոնք փոխադրումներ կարող են իրականացնել մեկ ավտոմեքենայով: Սահմանվեցին ավտոմեքենայի կահավորմանը ներկայացվող պահանջները, հանվեցին վարորդների ամենօրյա բուժզննման և մեքենաների ամենօրյա տեխզննման պահանջները: Օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ սահմանվեց, որ ֆիզիկական անձինք ուղևորափոխադրումներ իրականացնելու համար վճարում են պետական տուրք, ինչի մեջ ներառված է նաև արտոնագրային վճարը: Եթե տաքսիները մինչ այժմ դեղին համարանիշները պարտավոր էին ձեռք բերել ամբողջ տարվա համար և վճարումն էլ կատարել միանվագ (ամսական 17.500 դրամ), ապա այսօր սպիտակ ինքնակպչուն ժապավենները կարող են ձեռք բերել իրենց ցանկացած ամիսների համար` վճարելով ամսական 12 հազար դրամ:

Այս ամենի արդյունքում անհատ տաքսիստների հարկային բեռն անհամեմատ ավելի նվազեց, մինչդեռ տաքսի ծառայութան սեփականատերերը, լիցենզավորման գումարներից բացի, պարտավոր են վճարել եկամտահարկ, արտոնագրային վճար և այլ վճարներ:

Տաքսի ծառայության սեփականատերերից մեկի խոսքով` ամեն վարորդի համար իրենք ամսական վճարում են 30-40 հազար դրամ: Ուստի, երկու դրույքաչափով վարորդ չեն պահում: Պարզ է, որ մեկ վարորդը, որն աշխատում է տաքսի ընկերությունում 50-50 ձևաչափով, ստիպված է օրնիբուն աշխատել, որպեսզի վճարի սեփականատիրոջ հիսուն տոկոսը, մի բան էլ իրեն մնա:

big_1a725948e«Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որ միաժամանակ Հանրային խորհրդի տրանսպորտի հարցերի ենթահանձնաժողովի նախագահն է, կարծում է, որ տեղի ունեցած վերջին բարեփոխումներն էլ ավելի վատացրին ոլորտը. «Իրավիճակը փակուղի է մտել: Ապահովագրական կազմակեպությունները հայտարարում են, որ տաքսի ընկերությունների ավտոմեքենաները չեն ապահովագրում, քանի որ ռիսկային են: Դա, իհարկե, օրենքի խախտում է, բայց պետք է հասկանալ նաև այդ ապահովագրական ընկերություններին»:

Ի դեպ, ապահովագրական ընկերություններից մեկի գործակալը մեզ հետ զրույցում ասաց, որ երբ էլեկտրոնային պայմանագիրը կազմելիս լրացնում է այն հատվածը, որտեղ նշված է` տաքսի ծառայության ավտոմեքենա, վերջում ծրագիրը թույլ չի տալիս պայմանագիրը հաստատել, տեխնիկական խոչընդոտ է ի հայտ գալիս: Գործակալի խոսքով` որևէ պաշտոնական բացատրություն չկա, սակայն իրենք գիտեն, թե բանն ինչ է:

Երբ վարորդների բողոքների հիման վրա «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը դիմել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո, որն իրականացնում է ապահովագրական գործընթացի վերահսկողություն, ապա զրուցել է մի շարք ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ, նրանց կողմից նույնպես մի շարք հարցեր են բարձրացվել. «Ապահովագրական ընկերությունները շատ ճիշտ են նկատել, որ տաքսի սերվիսների, ուղևորափոխադրող կազմակերպությունների վարորդներն աշխատում են ութ ժամից ավելի և շաբաթական սահմանված քառասուն ժամը գերազանցում են մի քանի անգամ: Տաքսի ծառայություններում նույնիսկ «սուտկա» հակացողություն կա: Դրա հետևանքն այն է, որ երթևեկության կանոնները խախտվում են ամեն րոպե, և ապահովագրական ընկերություններն էլ չեն ուզում ռիսկային պայմանագրեր կնքել»:

Տիգրան Հովհաննիսյանը ո՛չ տաքսու վարորդներին է մեղադրում, ո՛չ էլ ապահովագրական ընկերություններին: Ասում է` կան խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան: «Կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, սակայն այսօր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը արտասահմանից գրանտներ է ստանում օրենքները կտրտելու համար. եկել-հասել են տրանսպորտի ոլորտին, որոշել են բուժզննում, տեխզննում դրույթները կտրել-հանել: Այսինքն` վարորդներն անվերահսկելի վիճակում են վարում մեքենաները»:

Ճիշտ է` նախկինում օրենքով պարտադրված վարորդների բուժզննման և մեքենաների տեխզննման դրույթները նույնպես չեն կատարվել, այլ ընդամենը ձևականորեն թղթեր են լրացվել, սակայն Տիգրան Հովհաննիսյանը կարծում է, որ պետք է քայլեր ձեռնարկվեին այդ դրույթների իրականացումը վերահսկելու կամ թևթևացնելու ուղղությամբ, ոչ թե ընդհանրապես օրենքից հանեին: (Ի դեպ, Օրենսդրության ազգային կենտրոնի կարգախոսը հետևյալն է` կտրենք միասին:)

Տիգրան Հովհաննիսյանը, օրինակ, առաջարկում է բուժզննումը ոչ թե ամեն օր իրականացնել, այլ գոնե մեկ-երկու ամիսը մեկ կամ էլ լիցենզիա տալուց առաջ. «Չիմանա՞ս` էդ մարդն ի վիճակի է տաքսու վարորդ աշխատել` թե չէ, ինֆարկտի ենթակա է` թե չէ, տեսողության խնդիներ ունի, չունի: Ո՞նց կարելի է` ում պատահի թուղթը տաս, ասես` քշի: Հեշտացում պետք է լինի, բայց ոչ անվերահսկելի իրավիճակի և աշխատանքային օրենսգրքի պահանջները խախտելու հաշվին»:

Նրա խոսքով, կան մարդիկ, որոնք իսկապես սիրում են այդ գործը և բարեխղճորեն են կատարում, բայց երբ ոլորտում հայտնվում են ամեն տիպի մարդիկ` ընդհուպ քրեական անցյալ ունեցող, թմրամոլ ու հարբեցող, արդեն նորմալ վարորդներին էլ են ծուռ աչքով նայում:

Այո, կար ժամանակ, երբ տաքսու վարորդ լինելը ոչ միայն եկամտաբեր գործ էր, այլև պատվաբեր: Մարդիկ հպարտությամբ էին այդ գործն անում, քանի որ գիտակցում էին դրա պատասխանատվությունն ու լրջությունը: Այսօր մարդ տեղափոխելը որոշ վարորդների համար չի տարբերվում, ասենք, մի պարկ կարտոֆիլ կամ կաղամբ տեղափոխելուց: Կարևորը` մարդը նստի, իսկ տեղ հասնելը կախված է վարորդի ինքնազգացողությունից, տրամադրությունից, նյարդային համակարգից, անգամ լսած երաժշտությունից…

 

Անկախ

Պարտադիր կուտակայինը` սպառնալիք պետություն-գործատու-աշխատող եռամիասնությանը

IMG_3139Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դառը պտուղներն աստիճանաբար հասնում են աշխատող քաղաքացիներին: Եթե ամիսներ առաջ դա միայն տեսականորեն էր վատը, այսօր արդեն մարդիկ սեփական կաշվի և դրամապանակի վրա են զգում պարտադիր կուտակայինի հետևանքները: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ երկուշաբթի օրվանից մայրաքաղաքում սկիզբ առան բողոքի ակցիաներ աշխատանքային տարբեր կոլեկտիվների կողմից: Առաջին քայլն արեցին «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները` հայտարարելով, որ գործադուլ կանեն, եթե իրենց իրավունքները չվերականգնվեն:

3B7C2956-469D-4768-9651-DA2553AE57F5_mw1024_n_sԴեռ երկաթուղայինների կրքերը չհանդարտված` նույն օրը երեկոյան բողոքի նոր ալիք բարձրացավ մայրաքաղաքի սրտում:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները ներկայացումից մեկ ժամ առաջ հայտարարեցին, որ բոյկոտում են «Անուշը»: Ներկայացումը տապալվեց` հանուն աշխատանքային իրավունքների:
Հատկանշական է, որ այդ քայլն ըմբռնումով ընդունեցին և անգամ ողջունեցին «Անուշի» տոմսեր ձեռք բերած և այդպես էլ այն չվայելած քաղաքացիները:
Սակայն զարմանալին այն էր, որ երբ հաջորդ օրը թատրոնի մուտքի մոտ մի քանի ժամ շարունակ մի խումբ լրագրողներ փորձում էին պարզել, թե ինչ ժողով է ներսում թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի և մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի մասնակցությամբ, նախորդ օրը ակցիային բուռն կերպով իրենց իրավունքները պաշտպանող արտիստները դուրս էին գալիս օպերայի շենքից` խոսքները մեկ արած փախչելով տեսախցիկներից ու ձայնագրիչներից: Նրանցից ոմանք, այնուամենայնիվ, համարձակություն ունեցան ասելու, որ պարտադիր կուտակայինի դեմ պայքարը շարունակելու են: Իսկ շատերը խուսափեցին մանրամասներ հաղորդել տեղի ժողովից` պատճառաբանելով, որ դրանք իրենց ներքին խնդիրներն են:
Ընդհանրապես, այս ամենի մեջ ընդգծվեց մի շատ կարևոր հանգամանք. պարտադիր կուտակայինի դեմ պայքարը վերածվեց ավելի լայն աշխատանքային իրավունքների պայքարի: Օրինակ` երկաթուղայինները կուտակային կենսաթոշակային վճարումների համար պահումներից բացի, բարձրացրեցին նաև արտաժամյա աշխատանքների համար վարձատրության և մի շարք այլ հարցեր: Օպերայի արտիստների դեպքում էլ պարտադիր կուտակայինն ընդամենը վերջին կաթիլն էր, որ լցրեց աշխատանքային մի շարք խնդիրներից տարիներ շարունակ դժգոհ աշխատակիցների համբերության բաժակը: Ինչպես արտիստներից մեկը նշեց. «Կենսաթոշակայինն այդ խնդիրների շատ փոքր մասն է»:
Իսկ որո՞նք են մյուս խնդիրները: Մեր տեղեկություններով` աշխատավարձերի հարցը թատրոնում բարձրացել է դեռևս նախորդ տարվանից: Բարձրացում եղել է, սակայն չի հասել աշխատողին, և աշխատակիցները հասկանալով, որ կրկին խոստացված բարձր աշխատավարձի փոխարեն ստացել են դեռ մի բան էլ պահումներով աշխատավարձ, ներկայացումից մոտ մեկ ժամ առաջ միավորվել են և որոշել բոյկոտել այն:

Լրագրողների հետ ճեպազրույցում ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը պարզաբանեց, որ իսկապես հունվարի 1-ից 20 տոկոսով աշխատավարձերը բարձրացրել են, բայց դեռևս չեն հասել աշխատողներին, քանի որ կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք լուծելուց հետո աշխատակիցները հունվարի աշխատավարձերի բարձրացված մասը կստանան փետրվարի աշխատավարձի հետ միասին: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ խնդիրները սրանով չեն ավարտվում: Կան նաև այլ խնդիրներ, օրինակ` արտերկիր հյուրախաղերի մեկնելու նպատակով հատկացվող գումարներից պահումները և այլն:

Արտիստները շատ փակագծեր չեն բացում` կրկնելով, որ իրենց խոհանոցային հարցերն առայժմ չեն ուզում դարձնել հանրության քննարկման առարկա: Բայց այն, որ դրանց մասին բարձրաձայնվում է գոնե ղեկավարության մակարդակով, արդեն իսկ ողջունելի է:

IMG_3148-1024x768Բողոքի երրորդ ալիքը պայթեց չորեքշաբթի օրը` Երևանի մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի դիմաց, որտեղ մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ իրենց բողոքի ձայնը բարձրացրին պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ` ղեկավարությունից պահանջելով հետ վերադարձնել իրենցից պահված գումարները:

arm139222706422Հինգշաբթի օրը բողոքին միացան Հայաստանի Էլեկտրական ցանցերի-ի աշխատակիցները` կրկին պահանջելով հետ վերադարձնել իրենցից պահված գումարները:

Նշենք, որ բողոքի բոլոր ակցիաներին ակտիվորեն սատարում էին «Դեմ եմ» շարժման ակտիվիստները, որոնք ողջունում էին նրանց քայլը և հորդորում մինչև վերջ տեր կանգնել իրենց իրավունքներին:
Ակտիվիստների կոչն ուղղված էր նաև գործատուներին` լսե՛լ աշխատակիցների ձայնը, գնալ նրանց ընդառաջ, որովհետև միայն բավարարված և գոհ աշխատողը կարող է աշխատել պատշաճ և օգուտ բերել ընկերությանը:

Իսկ ի վերջո, որտե՞ղ են աշխատողներից գանձված գումարները: Այս հարցին և՛ երկաթուղայինների արհիմության նախագահը, և՛ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարը, և ՀԷՑ-ի լրատվական բաժնի ղեկավարը պատասխանեցին, որ դրանք չեն փոխանցվել կենսաթոշակային հիմնադրամներին, այլ պահվում են աշխատավայրում կամ հատուկ հաշվեհամարի վրա: Այս ապօրինությունը նրանք բացատրեցին աշխատողներին հետագա ավելի ծանր բեռից ազատելու «մարդասիրական» մոտեցմամբ:

Ոչ միայն զարմանալի, այլև անընդունելի է, որ գործատուները տեղյակ չեն, թե իրականում ինչ որոշում է ընդունել Սահմանադրական դատարանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ գործատուների չիմացությունն է՛լ ավելի խորացրեց Կենտրոնական բանկը, որն իր վրա Սահմանադրական դատարանի լիազորություններ վերցնելով` հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել: Հիմք ընդունելով վերոգրյալը` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` կուտակային բաղադրիչի մասնակիցների` կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն, և հիշեցնում է, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռևս վիճարկման փուլում է»:

ԿԲ-ն հորդորեց «ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները թերևս ավելի ծանր լինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»:

Այս հայտարարությանը բավականին կոշտ արձագանքեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, որը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ակնարկեց, որ Կենտրոնական բանկը, մեղմ ասած, գերազանցել է իր լիազորությունները. «Կենտրոնական բանկում ով որ դա արել է, նվազագույնը ոչ միայն ՀՀ օրենքներին, այլև սահմանադրական համապատասխան սահմանումներին դեմ է գնացել, որովհետև որևէ գործատու, որևէ վճարող անձ իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել: Դա արգելված է օրենքով, իսկ նրանք հայտարարում են, թե հետո կարող են: Երկրորդ` նրանց ի՞նչ գործն է մեկնաբանել, թե Սահմանադրական դատարանը 2 ամիս հետո, 3 ամիս հետո ինչպիսի որոշում կկայացնի, ըստ այդմ էլ կշարժվենք, եթե այսպես լինի, այսպես կանենք: Ոչ մեկը չի կարող երեք ամսվա աշատավարձերից միանգամից պահումներ կատարել: Այդպիսի իրավունք ոչ մեկին տրված չէ»,- ասել էր ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը:

Այսքանից հետո մնում է գործատուներին հիշեցնել մի շատ կարևոր պարտավորություն, որը չկատարելու դեպքում օրենքով ենթարկվում են տուգանքի. եթե գործատուն աշխատողի աշխատավարձը կամ դրա մի մասը ամսի 15-ից ուշ է վճարում, ապա չվճարված մասի 25 տոկոսի չափով տուգանք պետք է վճարի պետությանը: Սա արդեն որևէ կապ չունի այն բանի հետ, թե ինչ որոշում կընդունի Սահմանադրական դատարանը: Հետաքրքիր է` գործատուները հաշվի առե՞լ են այս հանգամանքը և պատրա՞ստ են արդյոք այդ երեք ամսվա պահումների դիմաց այդքան տուգանքներ վճարել հարկայինին:

arm138727273231Ակնհայտ է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային «բարեփոխումները» լուրջ սեպ են խրում պետություն-գործատու-աշխատող առանց այդ էլ լարված հարաբերություններում` սպառնալով վերջնականապես պառակտել: Այս ամենը նաև հույս է ներշնչում, որ Սահմանադրական դատարանը կգիտակցի իր դերը և կկայացնի սահմանադրական որոշում` հակասահմանադրական համարելով օրենքի պարտադիր բաղադրիչը:

 

Անի Գասպարյան

Անկախ

Ստամբուլում ԱԶ կուսակցության անդամ է սպանվել

istanbulԹուրքական «Սաբահը» տեղեկացնում է, որ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության Ստամբուլում տեղակայված գրասենյակի վրա զինված հարձակում է իրականացվել: Հարձակման արդյունքում սպանվել է կուսակցության անդամներից Ջոշքուն Դեմիրքոլը, որի անունը ներկայացված էր մարտ ամսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրացուցակում: Դեպքի վերաբերյալ կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ տեղի ունեցածը քաղաքական որևէ ենթատեքստ չունի:

 

Անկախ

Նման լուրերը ապատեղեկատվության միջոցով միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին ապակողմնորոշելու ճղճիմ փորձեր են. ՊՆ

загруженное (2)ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է.

“Անտեսելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ կոչերը` մասնավորապես` Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում հայտարարված ավանդական զինադադարի պահպանման կապակցությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կրակոցներ արձակել հայկական դիր­քերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների գործողությունները կամ չեն վերահսկվում հրամանատարության կողմից, կամ` սահմանագծում իրավաճակի ապակայունացմանն ուղղված սադրանք են:

Անցած օրերի ընթացքում ՀՀ և ԼՂՀ սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Հրադադարի ռեժիմի խախտման անկանոն բնույթի կրակոցներ են արձանագրվել հիմնականում ԼՂՀ հատվածում: Թեև նախորդ օրերի համեմատությամբ հրադադարի ռեժիմի խախտման պարբերականությունը նվազել է, սակայն փետրվարի 9-ին արձանագրվել է հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդ կողմից արձակված 58 կրակոց, որոնցից 54-ը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ, փետրվարի 10-ին արձանագրվել է հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդ կողմից արձակված 66 կրակոց, որոնցից 62-ը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ, փետրվարի 11-ին արձանագրվել է հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդ կողմից արձակված 53 կրակոց, որոնցից 50-ը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ, փետրվարի 12-ին արձանագրվել է հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդ կողմից արձակված 61 կրակոց, որոնցից 59-ը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ:

Կրակոցների 10 տոկոսը եղել է խոշոր տրամաչափի գնդացիրներով և դիպուկահարներով: Հայ դիրքապահները զերծ են մնացել պատասխան գործողություններից և ոչ մի կրակոց չեն արձակել:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների կդիմեն միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

Ինչ վերաբերվում է ադրբեջանական քարոզչամեքենայի ջանքերով պարբերաբար հնչեցվող տեղեկություններին, թե իբր հայկական կողմը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը սահմանագծի տարբեր հատվածներում, ապա նման լուրերն ընդամենն ապատեղեկատվության միջոցով միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին ապակողմնորոշելու ճղճիմ փորձեր են”:

 

Անկախ   

Պետությունը որոշել է պարգևատրել 50 տարի համատեղ ապրած ամուսիններին

ol3001392284068Լեհաստանի քաղաքական ղեկավարությունը որոշում է ընդունել հատուկ նախագահական մեդալով պարգևատրելու ամենադիմացկուն կանանց ու տղամարդկանց, որոնք օրինական ամուսինների կարգավիճակով ապրում են միասին  ավելի քանի 50 տարի:

Ավելի վաղ նման ավանդակարգ կար Լեհաստանի մի քանի քաղաքներում:

Ի դեպ, 50 և ավելի տարիներ միմյանց հանդեպ հավատարմություն դրսևորած զույգերի նկատմամբ նաև աշխարհի ուրիշ երկրներ ու իշխանություններ են իրենց հարգանքը հայտնում: Օրինակ, ԱՄՆ-ում ամուսնության 50-ամյակին կարելի է ակնկալել նախագահի շնորհավորանքը, Մեծ Բրիտանիայում` թագուհուց շնորհավորանքներ են ստանում 60 տարի միասին ապրած զույգերը:

 Անկախ

Ադրբեջանական բանակի զինծառայողը կրակել է ծառայակցին

2 (1)Ադրբեջանական բանակի զինծառայողը, ըստ նախնական վարկածի, անզգուշաբար կրակել է իր ծառայակցին: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 13-ին Նախիջևանի Ինաքավար Հանրապետության զորամասերից մեկում, հաղորդում է “Հագին” կայքը:

Լեյտենանտ Էմին Հումատովը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել և վիրավորել է ծառայակից ավագ լեյտենանտ Սամիր Մամեդովին: Վերջինս հոսպիտալացվել է:

Փաստի առնչությամբ հարուցվելէ քրեական գործ, ընթանում է հետաքննություն:

 

Անկախ

Թուրքիայի վարչապետ Էրդողանի հեռախոսի գաղտնալսման գործը տեղափոխվել է դատարան

erdoganԻնչպես հաղորդում է թուրքական «Սաբահը», Թուրքիայում քրեական գործ է հարուցվել՝ կապված վարչապետ Թայիփ Էրդողանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հետ: Քրեական գործի շրջանակներում արդեն 4 հոգի հարցաքննվել է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կոռուպցիոն սկանդալի գործի քննության ժամանակ գաղտնալսվել են նախագահ Աբդուլահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաների հեռախոսները: Թուրքական հետախուզությունը հայտնաբերել էր գաղտնալսիչ սարքերը, որոնց միջոցով էլ իրականացվել է այդ անօրինական գործողությունը:
Անկախ

Կիտրոնե բատոններ

բատոնՍա իսկական վայելք է հատկապես նրանց համար, ովքեր որոշել են նիհարել` չզրկվելով համեղ դեսերտից: Այս բատոնները նաև օգտակար են, վիտամիններով հարուստ:
Բաղադրությունը
100 գ ծիրանաչիր
կես կիտրոն
3 ճ. գդալ մեղր
40 գ ընկույզ
40 գ նուշ
վարսակափաթիլ մեկուկես բաժակ
Պատրաստման եղանակը
1.Կիտրոնը լվանալ ու կեղևով կտրատել, հանել կորիզները ու մանրացնել (կարելի է` բլենդերում):
2.ծիրանաչիրը պետք է փափուկ լինի: Եթե չոր է, ապա կարելի է եռման ջրով թրջել, ապա կիտրոնի նման մանրացնել,
3.ընկույզը` նույնպես:
4.Ծիրանաչիրը, կիտրոնը, մեղրը, ընկույզն ու վարսակափաթիլը խառնել իրար:
5.Ստացված զանգվածը լցնել տապակի վրա 1 սմ հաստությամբ ու սեղմել:
6.Դնել 2000 տաքացված ջեռոցը 15-20 րոպե: Հետևել, որ չվառվի:
7.Հանել ու լցնել փայլաթիթեղի վրա և փաթաթել պինդ սեղմած:
8 Դնել սառնարանը մինչև լավ սառչի` մոտ 3-4 ժամ, ապա հանել ու դրանից բատոններ ձևավորել:

Իսրայելի կառավարությունն առաջարակում է աշխարհի հրեաներով քննարկել իրենց ժողովրդի ապագան

an3001392206469Իսրայելի կառավարությունն աննախադեպ ակցիա է  ձեռնարկել: Առաջին անգամ կառավարությունը հրավիրում է ողջ աշխարհի հրեաներին անձամբ մասնակցել հրեա ժողովրդի զարգացման ռազմավարական պլանների մշակմանն ու Իսրայել պետության հետ հրեական սփյուռքի կապերն ամրապնդելու հարցի քննարկմանը: Այն կտևի 72 ժամ ու յուրաքանչյուր հրեա կարող է արտահայտել իր կարծիքը` Երուսաղեմում գտնվող շտաբի հետ կապվելով համացանցով;

Քննարկումն անց է կացվելու հաջորդ շաբաթ, փետրվարի 16-18-ին: Կազմակերպիչների ու “Իսրայելի կառավարության ու հրեա ժողովրդի համատեղ ձեռնարկների” աշխատակիցների նպատակն է յուրաքանչյուր հրեական համայնքի ու յուրաքանչյուր հրեայի արտահայտվելու, սեփական կարծիքը հայտնելու  իրավունք տալ հրեական ժողովրդի գոյության ու նրա ապագայի վերաբերյալ:

Ներկայում արդեն իրենց մասնակցությունն են հաստատել  մի շարք երկրներ: Երուսաղեմում տեղակայված շտաբում տասնյակ մասնագետներ կվերլուծեն արտահայտած գաղափարները ու դրանք որպես առաջարկ կներկայացնեն Իսրայելի կառավարությանը:

 Անկախ

«Ոչ ոք թող չասի, որ դրսից «քեռին» է ստիպել, ինչ եղել է մեր մեղքով է եղել». Արամ Սարգսյան

загруженное (1)Արտագաղթի ահագնացող չափերն ինչ-որ ձևով արդարացնելու համար որոշ չինովնիկներ ասում են, որ 7 հազարով այս տարի պակասել է արտագաղթողների թիվը, ասենք, 50 000-ի փոխարեն արտագաղթել է 43 000-ը: Ժողովուրդը գնում է Բագրատաշենով և Բաղրայով, այսինքն` ինքնաթիռներով գնում են նրանք, ովքեր կարողություներ ունեն, իսկ մյուսներն արտագաղթում են ավտոբուսներով: Ստեղծված իրավիճակի միակ մեղավորը մենք ենք: Ոչ ոք թող չասի, որ դրսից «քեռին» է ստիպել, ինչ եղել է մեր մեղքով է եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով` այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում ամայանում են մեր սահմանամերձ գյուղերը:

«Խոսք է գնում հայ-թուրքական սահմանը բացելու մասին, ո՞վ կարող է երաշխավորել, որ հայ-թուրքական սահմանը բացելուց հետո մեր սահմանամերձ գյուղերը չեն բնակեցվի թուրքերով»,- իր մտահոգությունը հայտնեց Արամ Սարգսյանը` հավելելով, որ պետությունն այսօր անվտանգության տեսանկյունից նման հարցերում կարող է լինել շատ խոցելի: Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածքն ուժեղացնում է, բայց ոչ մեր պետությունը, Ռուսաստանն այստեղ իր շահն է հետապնդում: Մեր պետությունը պետք է ամրապնդենք մենք:

Արամ Սարգսյանի կարծիքով` հատվածային դժգոհությունը, որն առաջացել է, վտակների է նման, որոնք մի օր միավորվելու են, իսկ այս իշխանությունը չի գնահատում հասարակությանը` նրան թույլ համարելով: Այս մտածելակերպը տապալելու է այն քաղաքական ուժին, որը պատասխանատվություն է վերցրել երկիրը կառավարելու:

«Եթե մենք չսթափվենք, և հանրապետության նախագահն իր քաղաքական կուրսը չփոխի, Հայաստանում ամեն տեսակ իրադարձություններ են հնարավոր:  Հասարակության մի մասն արդեն բացահայտ խոստանում է, որ փետրվարի վերջին այնպես կանի, որ այս իշխանությունները հուշ դառնան, մյուս մասն էլ ասում է, որ միավորվելով` շատ բանի կհասնի: Ինչպե՞ս կարելի է հասարակական կարծիքի հանդեպ այդքան անտարբեր լինել: Հասարակական կարծիքն այն հատվածն է, որը թույլ է տալիս ասելու, որ պայքարող հատվածը դեռ մնացել է»,- ասաց բանախոսը:

Ըստ նրա` Հայաստանը Եվրոպայից պարտադրանք ունի, ԱՄՆ-ից պարտադրանք ունի, Ռուսաստանից պարտադրանք ունի, դրա համար էլ ոչ ոք Հայաստանի հետ չի ցանկանում հաշվի նստել:

«Ոչ մի նշանակություն չունի, թե այս կառավարությունը ի՞նչ հաջողությունների է հասել, քանի որ դրանք ամայանում են, երբ տեսնում ենք արտագաղթի տեմպերը»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:

 

 Անկախ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի աշխատակիցները պահանջում են վերադարձնել իրենցից պահված գումարները

դեմ եմ,կենսաթոշակ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցներն այսօր ընկերության վարչական շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով հետ վերադարձնել իրենց աշխատավարձերից պահված գումարը:

Նրանց են միացել նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամները։

Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցներին են մոտեցել ՀԷՑ մամուլի պատասխանատուն ու արհմիության նախագահը: Մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը պարզաբանել է, որ իրենց արարքում հակաօրինական ոչինչ չկա, քանի որ «ՍԴ որոշմամբ պահումների մասով օրենքը չի կասեցվել»:

Նա նաև ասել է, որ աշխատողներից գանձված գումարները պահվում են հատուկ հաշվեհամարի վրա, մինչև ՍԴ որոշումը:

Արհմիության նախագահ Արտյոմ Մուրադյանը տեղեկացրել է, որ ձևավորվել է աշխատանքային խումբ, և այսօր ժամը 16։00-ին հանդիպում է տեղի ունենալու ՀԷՑ ղեկվարության հետ՝ քննարկելու հարցը:

ՀԷՑ-ում գրանցված 8000 հազար աշխատողներից 2500-ի վրա տարածվում է կենսաթոշակային նոր համակարգը:

Հիշեցնենք, որ կենսաթոշակային պահումների դեմ բողոքով հանդես են եկել նաև «Հարավկովկասյան երկաթուղիների», Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, ինչպես նաև Երեւանի մետրոպոլիտենի աշխատակիցները։

 

Անկախ

Խուզարկությամբ «Կարաբին» հրացան է հայտնաբերվել

զենքՈստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, փետրվարի 10-ին, ժամը 19.10-ին, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արթուր Բ.-ին և 1951 թ. ծնված Գագիկ Վ.-ին: Նրանք խոստովանել են, որ 2011 թ. ամռանը Գեղաշեն գյուղի «Մարտիրոսի դաշտ» կոչվող վայրից գտել են հրազենի նմանվող սարք` երեք փամփուշտով, որը հաջորդ օրը տվել են նույն գյուղի բնակիչ Արմեն Հ.-ին:
Ոստիկանության ծառայողները փետրվարի 11-ին Արմեն Հ.-ին տանը և կից օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են «Կարաբին» տիպի հրացան, որն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

Ոստիկանության բաժիններում զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է

զինամթերքՓետրվարի 11-ին, ժամը 14.00-ին, 1966 թ. ծնված Հմայակ Մ.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 73 փամփուշտ, հակահետևակային նռնակի պայթուցիչ և հակատանկային ական:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 12.30-ին, 1969 թ. ծնված Մակիչ Վ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան` փողը և խզակոթը կարճեցված, նռնակ` առանց պայթուցիչի, 7.62 մմ տրամաչափի 22 և 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 19.00-ին, 1969 թ. ծնված Մայիս Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն նռնականետ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննության:

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 17.25-ին, 1975 թ. ծնված Գնել Ղ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի և 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացաններ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 11-ին, ժամը 13.45-ին, 1986 թ. ծնված Անդրանիկ Դ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 32 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: