Չինաստանում մանկապարտեզներում երեխաներին կասկածելի դեղեր են տվել

չինաստանՍինհուա լրատվական գործակալության տվյալներով՝ Չինաստանի երեք նահանգներում գտնվող մանկապարտեզներում առանց ծնողների իմացության երեխաներին դեղեր են տվել:

Դեղերը երեխաներին խմեցրել են, որպեսզի նրանք չհիվանդանան և չբացակայեն մանկապարտեզից: Երկրում դպրոցները ֆինանսավորվում են երեխաների հաճախելիության հիման վրա:

Սկանդալը սկսվել էր անցած շաբաթ Սիան քաղաքի մանկապարտեզում և տարածվել երկրի մի շարք այլ մանկապարտեզներում: Չինաստանի կրթության և առողջապահության նախարարությունները այժմ բոլոր մանկապարտեզներում և տարրական դպրոցներում ստուգումներ են իրականացնում անօրինական դեղամիջոցների հայտնաբերման համար:

Երեխաներին հաբեր տված մանկապարտեզները հաճախող գրեթե 2,000 երեխաներ այժմ բժշկական հետազոտություն են անցնում, քանի որ նրանցից ոմանց մոտ դեղերը կողմնակի ազդեցություն են ունեցել՝ առաջացնելով գլխապտույտ, ստամոքսի և ոտքերի ցավ և այլն:

Որոշ վրդովված ծնողներ ցույց են կազմակերպել տեղի կառավարության շենքների մոտ:

 Անկախ

«Միանգամից Ռուսաստանից հրաժարվելը Թուրքիայի համար ինքնասպանության նման մի բան է». թուրքագետ

Արտակ-ՇաքարյանցՂրիմի և Ուկրաինայի զարգացումների վրա Թուրքիան պրակտիկորեն ոչ մի ազդեցություն չկարողացավ ունենալ, սակայն այդ զարգացումների ֆոնին մենք տեսանք Մոսկվա-Անկարա հետաքրքիր խաղ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքով` Թուրքիան քայլ առ քայլ իրեն զգում է Ռուսաստանի կողմից շրջափակման մեջ, որովհետև վրացական սցենարով Կովկասում Ռուսաստանն ամրապնդեց իր դիրքերը, Ղրիմը վերցրեց Սև ծովում, Սիրիայում ևս մեծ ներդրումներ ունի Ռուսաստանը, այդ ճակատում Թուրքիան էլի հետընթաց ունի: Թուրքիան իր հերթին շատ խնդիրներ ունի Էգեյան ծովում հույների հետ, Միջերկրական ծովում, Սև ծովի ազավանից դուրս մղումը բավական էական ռազմավարական հարված էր Թուրքիային:

Արտակ Շաքարյանի խոսքով` ռուս-թուրքական հարաբերություններում էականը Ղրիմի թաթարների հարցն է: Ղրիմի թաթարների պաշտպանությունը Անկարայի կողմից գեղեցիկ կերպով տեղավորվում է Թուրքիայի պանթյուրքիստական, նեոօսմանիստական վերջին մոտցումներում, որտեղ Թուրքիան իրեն համարում է աշխարհի բոլոր թյուրքերի իրավունքների պաշտպանը:

«Առավել էական է Ղրիմի թաթարների հարցն այսօր Թուրքիայի ներքաղաքական հաշվարկներում: Հաշվի առնենք, թե որտեղ է Էրդողանը հայտարարել Ղրիմի թաթարներին աջակցելու, նրանց շահերը պաշտպանելու մասին: Թուրքիան Ղրիմի թաթարների պաշտպանության մասին հայտարարությունն արել է այն քաղաքում, որտեղ բնակչության 80 %-ը թաթարներ են, այսինքն` ռուսական կայսրությունից գաղթածներ»,- ասաց Արտակ Շաքարյանը:

Ամեն դեպքում, ըստ թուրքագետի, ռուս-թուրքական հարաբերությունները շատ խորն են, Թուրքիան բազում տեսանելի և անտեսանելի ձևերով կապված է Ռուսաստանի հետ և բավական բարդ է նրա համար որևէ կտրուկ քայլ անել Մոսկվայի ուղղությամբ:

Թուրքագետը հիշեցրեց, որ Ռուսաստանը Թուրքիայի թիվ երկու առևտրային գործընկերն է, Գերմանիայից հետո:

«Թուրքիան Ռուսաստանից եկող գազից էական կախում ունի, Թուրքիայի տնտեսությունը էականորեն կախված է ռուսական ածխաջրածնից: Միանգամից Ռուսաստանից հրաժարվելը Թուրքիայի համար ինքնասպանության նման մի բան է:

Ռուսաստանը Թուրքիայում կառուցում է առաջին ատոմաէլեկտրակայանը, որը վերջին 60 տարիներին եղել է Թուրքիայի ռազմավարական զարգացման պլաններում: Երկրորդական խնդրի պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը, ատոմակայանը վտանգելը Թուրքիայի համար էական խնդիր է»,- ասաց Արտակ Շաքարյանը:

 

 Անկախ

Կարսում Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի աշխատակիցը սպանել է իր 6 գործընկերներին, ապա ինքնասպան եղել,լրացված

ղարսԱյսօր առավոտյան Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի Կարսում տեղակայված մասնաճյուղի շենք է ներխուժել 1,5 տարի այդտեղ աշխատող սոցիոլոգ Վեյսի Էրենը և ատրճանակի սպառնալիքի տակ մի սենյակում պատանդ վերցրել հիմնարկի տնօրեն Մեհմեդ Թոլոնին և մյուս աշխատակիցներին: Այնուհետև Վեյսի Էրենը կրակ է բացել իր գործընկերների վրա: «Դողան» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել՝ այդ թվում նաև տնօրեն Թոլոնը: Գործընկերներին սպանելուց հետո հանցագործը ինքնասպան է եղել: Հայտնի է, որ ծնունդով Դիարբեքիրից Էրենը հոգեկան խնդիրներ է ունեցել: Դեպքի հետևանքով վիրավորվածները տեղափոխվել են հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ:

 Անկախ

«Հայաստանում անկախության տարիներից ի վեր «Շտապ բուժօգնություն» ծառայությունը երբևիցե նման հագեցվածություն չի ունեցել». Վահան Պողոսյան

շտապօգնություն1ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանում անկախության տարիներից ի վեր «Շտապ բուժօգնություն» ծառայությունը երբևիցե նման հագեցվածություն չի ունեցել, ինչպես այժմ: Այսօր «Շտապ բուժօգնություն»-ը հագեցած է և´ մեքենաներով, և´ բուժտեխնիկայով, և´ դեղորայքով, իսկ աշխատակիցները հատուկ կրթություն են անցել: Ոլորտի կատարելագործման համար կատարվելիք հաջորդ աշխատանքը լինելու է ծառայությունը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնելը:

Փոխնախարարի խոսքով՝ շտապօգնության ծառայության արդիականացման նպատակով մշակվել և ՀՀ կառավարության 2010-ի հուլիսի որոշմամբ հաստատվել է «Շտապ բժշկական օգնության արդիականացման ծրագիրը», որի ավարտը նախատեսվում է 2014-ին:

«Արդյունքներն ակնառու են, ժողովուրդը սկսում է ավելի վստահել շտապօգնությանը: Երևանում շտապօգնության կանչերը 2013-ին 2012-ի համեմատ աճել են 23 հազարով: Աճի միտումը մասամբ բացատրվում է նաև առավել որակյալ և արդյունավետ աշխատանքով»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ նախատեսում են ավելի ճկուն դարձնել համակարգը:

Առողջապահության նախարարության աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանն էլ նշեց, որ այս չորս տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեի հաշվին բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ ծրագրով ձեռք են բերվել շտապօգնության մեքենաներ և հատկացվել են Կոտայքի, Արարատի, Արմավիրր, Տավուշի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի 6 բժշկական հաստատություններին:

«2011-ին Չինաստանի կառավարությունը Հայաստանին նվիրաբերեց 20 ռեանիմոբիլ և 68 գծային շտապօգնության մեքենա՝ հագեցված անհրաժեշտ սարքավորումներով: Մեքենաներից 53-ը տրամադրվել է մարզերին, իսկ 35-ը՝ Երևանին»,- ասաց Ռուզաննա Յուզբաշյանը՝հավելելով, որ չնայած այս ամենին, մեքենաներով բավարարվածությունը հատկապես մարզերում հեռու է ցանկալիից:

« «Շտապ օգնության» ծառայությունում ընդգրկված բոլոր մասնագետները վերապատրաստվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կրթական նոր ծրագրով: 2013-ին մշակվել է շտապօգնության ծառայության կատարողականի որակի գնահատման 80 ցուցանիշ, որից 17-ը կներառվի շտապօգնության վերլուծական համակարգում գործարկման առաջին տարվա ընթացքում»,- ասաց բանախոսը:

 Անկախ

Արագածոտնի մարզի 7 համայնքների մեծ թվով բնակիչներ կրկին փակել են ՀԷԿ տանող ճանապարհները` հանդիպում պահանջելով փոխվարչապետի հետ

արմեն գևորգյանԱյսօր Արագածոտնի մարզի 7 համայնքների մեծ թվով բնակիչներ կրկին փակել են Օհանավան և Ուշի գյուղերի կողքով անցնող, Կարբի և Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ տանող ճանապարհները: Բնակիչների խոսքով` գյուղերում գործադուլ է հայտարարվել: Ակցիային են միացել նաև կանայք ու դպրոցահասակ երեխաները: Բողոքի ակցիան այս անգամ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի դեմ է, որովհետև նա այդպես էլ չի կատարել իր խոստումը և չի այցելել իրենց մարզ՝ տեղում ծանոթանալու բնակիչների բողոքին։

Քիչ առաջ ցուցարարների հետ հանդիպման եկավ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Տարածքում են նաև ոստիկանության աշխատակիցները: Մարզպետը բողոքող գյուղացիներին ասաց, որ Արմեն Գևորգյանը պատրաստ է գալ հանդիպման, բայց որևէ դահլիճում կամ գրասենյակային պայմաններում, 20-30 մարդու հետ: Բողոքող բնակիչները ընդվզեցին, նրանք պնդում են, որ Արմեն Գևորգյանը գա ու հանդիպի բոլոր հավաքվածներին:

Գյուղացիներից մեկը նկատեց, որ ընտրության ժամանակ գալիս են հրապարակում են կանգնում, հիմա ուզում են առանձին հանդիպե՞լ: Ինչ տարբերություն որտեղ հանդիպի գյուղացիների հարցին՝ մարզպետը պատասխանեց. «Տարբերութունը մեծ է, դահլիճում նորմալ, բոլորս իրար լսելով` կխոսենք: Ինչքան մարդ էլ հավաքվի, նույն հարցն են տալու»:

Այս պահին մարզպետի և գյուղացիների բանակցությունները շարունակվում են, նրանք դեռևս որևէ ընդհանուր որոշման չեն եկել:

Հենց նոր ոստիկանները պահաջեցին բացել ճանապարհը` փոխվարչապետին ընդունելու համար:

Անկախ

Ալեքսանդր Արզումանյանը ընդունելի տարբերակ է համարում ՌԴ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը և ՄՄ կազմի մեջ մտնելը

Ալեքսանդր ԱրզումանյանՉի բացառվում, որ Հայաստանում կամ Ղարաբաղում գտնվեն մարդիկ, ովքեր, օրինակ, Զորի Բալայանի հայտնի նամակի հիմնական շեշտադրումներով, Մերձդնեստրի օրինակով կարող են դիմել ռուսական իշխանություններին՝ միավորվելու պահանջով: Դա Հայաստանի ու Ղարաբաղի համար ամենավտանգավոր բանը կլինի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նա հիշեցրեց, որ եթե ԼՂՀ բնակչությունը մոտ 70 տարի պայքարել է , որ փրկվի ադրբեջանական լծից, ապա դրանից առաջ ևս 150 տարի պայքարել է, որ փրկվի ռուսական կայսրության լծից:

Հաշվի առնելով Ղրիմի նախադեպը, նաև Մերձդնեստրի` ՌԴ-ին միավորվելու հարցը, ինչպես նաև Զորի Բալայանի հայտնի նամակը, արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի պարագայում կգտնվեն մարդիկ, ովքեր նման առաջարկով դիմեն Ռուսաստանին հարցին Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Այդ մարդիկ արդեն գտնվել են, մեկին դուք արդեն մատնանշեցիք։ Կան, այսպես կոչված, գործիչներ, որոնց հայ անվանելն անհնար է, որոնք համարում  են, որ Լեռնային Ղարաբաղը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Ասեմ, որ ադրբեջանցիների դեմ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը որպես հայ ժողովրդի մի հատված պայքարել է մոտ 70 տարի, որ փրկվի այդ լծից, բայց դրանից առաջ ևս 150 տարի պայքարել է, որ փրկվի ռուսական կայսրության լծից։ Շատ ավելի դժվար է լինելու այս վերականգնվող իմպերիայից ինքնորոշվելը, դրա համար սա շատ վտանգավոր է»: Նրա խոսքով՝ սա Հայաստանի ապագան վտանգող, անկախ կարգավիճակին սպառնացող գործողություն կարելի է համարել:

«Հո էդ մարդիկ օբյեկտ չե՞ն, որ մեկից վերցնես ու մյուսին տաս։ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է, որ ստեղծի իր պետականությունը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը` հավելելով, որ Հայաստանի ապագայով մտահոգ յուրաքանչյուր ուժի և քաղաքացու պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի Ղարաբաղի ինքնիշխանությունը չխաթարվի:

«Եթե այդքան լավ բան է Մաքսային միությունը և, եթե այդքան Հայաստանի մասին մտածում են, ապա թող Ռուսաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը և առաջարկի, որ Ղարաբաղը, որպես անկախ պետություն, Բելառուսի, Ղազախստանի հետ մտնի Մաքսային միության կազմի մեջ: Ես ինքս կարծում  եմ, որ դա լրիվ ընդունելի տարբերակ կարող է լինել, քանի որ այսօրվա զարգացումներով Ղարաբաղի և  Հայաստանի սահմանին լինելու է անցակետ, ինչը վտանգում է Ղարաբաղի ապագան»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

 

«Իշխանությունները շահագրգռված են, որ տնակային ավաններում ապրող ընտանիքներն արտագաղթեն». Վահան Թումասյան

Վահան Թումասյան«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով աղետի գոտու վիճակից` ցավով նշեց, որ մինչ օրս  որևէ սոցիալական արտոնություն տնակային պայմաններում ապրող ընտանիքներին պետության կողմից չի տրվել: Նրանք էլ նույն չափի կոմունալ վճարուներ, հարկեր են տալիս են, ինչ բնակարաններով ապահոված ընտանիքները: Դա անարդարացի է, որովհետև տնակներում ապրող ընտանիքների վիաճկն ավելի ծանր է:

Ըստ Վահան Թումասյանի` պետությունը պետք է լինի ամենաշահագրգիռ կողմն այս հարցում, կամ պետք է ասի, որ լուծելու է այդ խնդիրները, կամ, որ նպատակ չունի լուծել, որպեսզի տանակային պայմաններում ապրող ընտանիքները փորձեն այլ ճանապարհներով լուծել իրենց խնդիրները:

«Սակայն իշխանությունները շահագրգռված են, որ տնակային ավաններում ապրող ընտանիքներն արտագաղթեն: Սակայն նրանք այնպիսի սոցիալական ծանր վիճակում են, որ չեն էլ կարող արտագաղթել: Տնակային ավաններում ապրող ցանկացած երկրորդ ընտանիքում հաշմանդամ երեխա կա: Արտագաղթն այդ ընտանիքներում անհնար է: Ամենապակաս արտագաղթը գրանցվել է հենց տնակային ավանների շրջանում: Այս ընտանիքները 25 տարի սպասել են, չեն արտագաղթել, որ բնակարան ստանան, իսկ 25 տարի անց տարբեր պատճառներով նրանց բնակարաններ չեն տալիս: Տնակային ավանները գնալով ինքնամեկուսանում են, նրանք չեն մասնակցում համայնքային կյանքին»,- ասաց Վահան Թումասյանը՝ հավելելով, որ հումանիտար ճգնաժամ է տիրում Գյումրիում:

Ըստ բանախոսի` տանակային ավաններում շատ են նաև միայնակ տարեցները, որոնք մնացել են անպաշտպան վիճակուում, իհարկե, նրանց սնունունդ հագուստ տրամադրվում է, բայց դա խնդրի լուծում չէ, նրանց պետք է բնակարանով ապահովել:

«Այն, ինչ կախված է տեղական իշխանությունից, լուծվում է, իսկ այն ինչ կախված է պետական իշխանությունից, ոչ միայն չի լուծվում, այլև ավելի է խորանում: Ողջ իշխանության ու հայության ամոթն է, որ Գյումրիում նման իրավիճակ է տիրում»,- եզրափակեց Վահան Թումասյանը:

Անկախ

Դ!ԵՄ ԵՄ – Ի պատասխան ՀՀ վարչապետի հայտարարության

դեմ եմԻ պատասխան ՀՀ Կառավարության մարտի 19-ի նիստում ՀՀ վարչապետի հայտարարության (http://civilnet.am/government-dem-em-dialogue/) «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության հետ երկխոսելու վերաբերյալ.

«Դ!ԵՄ ԵՄ»-ը միշտ կարևորել ու արժևորել է երկխոսության գնալը: Մենք դա ապացուցել ենք մեր պահվածքով՝ մինչ ՍԴ-ի գործընթաց սկսելը,  նամակների շարք տարբեր ատյանների, այդ թվում՝ վարչապետին, հանդիպումներ, մեր խնդրանքով ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստի հրավիրում, որը բոյկոտվեց մեծամասնության կողմից:

Այնուամենայնիվ, ողջունելով վարչապետի երկխոսության առաջարկը, հաստատակամ ենք, որ մեր պայքարը շարունակվելու է այնքան, մինչև իսպառ վերացվի օրենքից պարտադիր բաղադրիչը՝ անկախ  նրանից՝ դա կլինի ՍԴ-ի որոշմամբ, թե առանց դրա, քանի որ օրենքը բացի իրավական հարթությունից նաև սոցիալական հարթության մեջ է, ինչը ոչ պակաս կարևոր է: Այն հակասոցիալական ու անմարդկային է:

Երբ կլինի հստակ հաղորդագրություն այն մասին, որ կա պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու, և կա ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ առանց պարտադիր բաղադրիչի, մենք պատրաստ կլինենք գնալ երկխոսության՝ նշելով, որ ողջ հանրությունը պիտի այդ լայն քննարկման որոշման կայացման մասնակիցը լինի: Իսկ «Դ!ԵՄ ԵՄ»-ը, լինելով հանրության մի մասը, ևս իր ներդրումը կփորձի ունենալ հանուն ՀՀ քաղաքացու բարօրության մշակվող իրական բարեփոխման գործում:

Այս պահին մենք նման հաղորդագրություն վարչապետի կողմից չունենք:

 

Հարգանքով,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Տիգրան Սարգսյանը «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին հրավիրում է երկխոսության

սարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ ելույթ է ունեցել` անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հարցով, որն այսօր մտահոգում է մեր երիտասարդներին և հանրությանը: Դա պարտադիր կուտակային համակարգի բարեփոխումն է: Առաջին հերթին ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները: Դա նշանակում է, որ մենք նույնպես, որպես կառավարություն, պետք է մեր գործունեությունը շտկենք և դարձնենք այնպիսին, որը հաշվի է առնում, որ մեր կարևորագույն խնդիրն է նպաստել և խթանել քաղաքացիական հասարակության կայացմանը: Երկրորդ. այս շարժման հիմնական մասնակիցները երիտասարդներ են, ովքեր դիմել են մեզ բազմաթիվ նամակներով և իրենց մտահոգություններն են ներկայացրել այս բարեփոխման կապակցությամբ: Միևնույն ժամանակ, իրենց նամակներում կա մտահոգություն այս ռեֆորմի կապակցությամբ և միևնույն ժամանակ զգացվում է պատասխանատվություն մեր երկրի հանդեպ, և իրենց բառերով՝ իրենք սիրում են այս երկիրը և ուզում են, որ այն ունենա պայծառ ապագա:
Այս նամակների տակ ստորագրել են հազարավոր երիտասարդներ, որոնք ընդգրկված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության, որովհետև այն դիրքորոշումը՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, անընդունելի է ինչպես մեզ համար, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար:
Մենք պատրաստ ենք երկխոսության, ընդունում ենք, որ մեր օրենքները, մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերող օրենքները, չեն կարող լինել առանց թերությունների, բնականար այդ օրենքներում կան թերություններ, որոնք մատնանշում են նաև մեր ընդդիմախոսները:
Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է և հրավիրում ենք մեր երիտասարդ գործընկերներին` «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին, այդ երկխոսությանը:
Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ կամ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքից հրաժարվելն օգտակար կլինի բոլորիս համար և դա նշանակում է, որ նաև «Դեմ եմ» շարժումը պետք է վերաձևավորվի և դառնա շարժում հանուն մեր երկրի ապագայի, հանուն բարեփոխումների, այնպիսի բարեփոխումների, որոնք կստանան մեր երիտասարդների աջակցությունը: Սա մեր ուղերձն է «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին: Եվ, իհարկե, ես նաև Ազգային ժողովում եմ հայտարարել, որ մեզ ոգևորում է նաև այս երիտասարդական ակտիվությունը: Հասկանալի է, որ նաև տարբեր քաղաքական ուժեր փորձում են օգտագործել այն, շահարկել, բայց այն, որ երիտասարդները զերծ են մնում խնդիրների քաղաքականացումից, նույնպես վկայում է այն մասին, որ այս երկխոսությունը խիստ կարևոր է մեր պետության ապագայի համար»:

Իտալացի կինը պահարանում 100 միլիոն լիրա է գտել

 100 միլիոն լիրա Կինը 100 միլիոն լիրա է գտել, որը ներկայումս կկազմեր 43 միլիոն ֆունտ, սակայն նրան հայտնել են, որ գումարը այժմ արժեք չունի, քանի որ այդ տարադրամը հանվել է գործածությունից:

Կլաուդյա Մորետին գումարը մի քանի ամիս առաջ հայտնաբերել էր իր հորեղբոր բնակարանում, որը կինը ժառանգությամբ ստացել էր նրա մահից հետո:

Իտալիայի Պեզարո քաղաքի բնակիչ Մորետին զարմացել է՝ գումարը չհրկիզվող արկղում հայտնաբերելով:

Ինչևէ՝ Իտալիայի կենտրոնական բանկը գումարը եվրոյով չի փոխանակել, քանի որ ներկայումս այն արժեք չունի:

Կինը իրավաբանների է դիմել այդ հարցը լուծելու համար, սակայն ոչնինչ չի փոխվել, քանի որ Իտալիան 2002թ-ի հունվարի 1-ից անցել է եվրոյի արժույթի գործածությանը:

Մինչև 2011թ-ի դեկտեմբերի 6-ը բանկ չներկայացված մյուս մետաղադրամները և թղթադրամները անարժեք են ճանաչվում:

Իտալիան եվրոյի գոտում գտնվող 18 երկրներից ամենակարճ ժամանակային սահմանափակումներ է սահմանել արժույթի փոխանակման համար՝ չնայած Ֆինլանդիան, Ֆրանսիան և Հունաստանը վերջնաժամկետ էին նշանակել 2012թ-ը:

Եվրոյի գոտու ինը երկրների կենտրոնական բանկեր՝ ներառյալ Գերմանիան և Իռլանդիան, որևէ ժամանակային սահմանափակում չեն նշանակել տարադրամի փոխանակման համար:

 Անկախ

Աշխատանքի հաշվետվություն կներկայացնեն շինարարական բոլոր կազմակերպությունները

քաաղքաշինության նախարարՀայաստանում գործող 1600 արտոնագրված շինարարական կազմակերպությունից միայն 778-ը կամ 50 տոկոսն է հաշվետվություն ներկայացնում ՀՀ վիճակագրական ծառայություն: Շինարարության ծավալի վերաբերյալ ամբողջական տեղեկություն ստանալու նպատակով ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հանդես է եկել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Այն ընդունելու դեպքում բոլոր 1600 շինարարական կազմակերպությունները կներկայացնեն հաշվետվություններ, որոնց ամփոփումից հետո կպարզվի երկրի շինարարության ընդհանուր պատկերը: Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Նախկինում ընդունված մեկ այլ որոշման փոփոխությամբ կառավարությունն ակնկալում է բարձրացնել շինարարության ոլորտում՝ պետպատվերի շրջանակում իրականացված աշխատանքի ծավալի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների ճիշտ և ժամանակին հաշվարկելու նկատմամբ հսկողության արդյունավետությունը:
Գործող կարգի համաձայն կառուցապատողը շինարարության շահագործման ակտերի ձևը լրացնելուց հետո պետք է դիմի համայնքի ղեկավարին՝ փաստագրման ակտն ստանալու համար, որից հետո միայն օբյեկտի շինարարությունն ավարտված կհամարվի: Այժմ 2 հազար ավարտական ակտից ընդամենը հազարն է ներկայացվել համայնքի ղեկավարին, և փաստագրման ակտի ստացման ժամկետ սահմանված չէ: Փոփոխելով նախկին որոշումը, գործադիրը պայման է ստեղծում, որպեսզի կառուցապատողը գրանցի իր օբյեկտը և սկսի գույքահարկ մուծել, իսկ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն տեղեկություն ներկայացնի համապատասխան գերատեսչության օբյեկտի վերաբերյալ:
Կառավարության որոշմամբ Երևանի ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակված և այդ կապակցությամբ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի տնօրենի լիազորությունը վայր դրած Հովհաննես Թոքմաջյանի փոխարեն հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Գալստյանը:

Ադրբեջանը զենքի երկրորդ խոշոր ներկրողն է

Ադրբեջան,զենքԱդրբեջանը երկրորդ խոշորագույն երկիրն է, որը Եվրոպայում սպառազինությունների հիմնական տեսակներ է ներկրում։

 

Ինչպես տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը, այդ մասին ասված է Խաղաղության հիմնախնդիրների հետազոտման ստոկհոլմյան ինստիտուտի (SIPRI) զեկույցում։ Զեկույցը ներկայացված է աշխարհի մի շարք տարածաշրջաններում զենքի ներմուծման և արտահանման հարցերով համեմատական վերլուծություն՝ 2009-2013թթ և 2004-2008թթ-ի ընթացքում։

 

Զեկույցում նշվում է, որ վերջին 5 տարվա ընթացքում Եվրոպայում զենքի ներկրումը կրճատվել է 25%-ով՝ ի համեմատություն 2004-2008թթ.-ի։ Մեծ Բրիտանիան սպառազինությունների հիմնական տեսակների խոշորագույն ներմուծողն է։ Այդ երկիր է գնում եվրոպական արտահանման 12%-ը։ Երկրորդ տեղում 12% արդյունքով Ադրբեջանն է, երրորդը՝ Հունաստանը (11%)։

 

Ի համեմատություն 2004-2008 թթ.-ի՝ 2009-2013թթ.-ին Ադրբեջանի կողմից զենքի ներմուծումն ավելացել է 378%-ով։

 

Համաձայն այդ զեկույցի՝ վերջին 5 տարվա ընթացքում Ադրբեջան ստացված զենքի 80%-ն ուղարկել է Ռուսաստանը։ Ադրբեջանին զենք մատակարարած մյուս երկրներն են Բելառուսը, Ուկրաինան, Իսրայելն ու Թուրքիան։

 

Աշխարհին զենքի հիմնական տեսակներ մատակարարող 5 խոշորագույն պետություններն են ԱՄՆ-ն (29%), Ռուսաստանը (27%), Գերմանիան (7%), Չինաստանը ( 6%) և Ֆրանսիան (5%)։

Անկախ

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահները մայիսի սկզբին կհանդիպեն Թբիլիսիում

Ադրբեջան, Վրաստան,Թուրքիա, նախագահներ, Թբ   Մայիսի սկզբին Թբիլիսիում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի, Գևորգի Մարգվելաշվիլիի և Աբդուլահ Գյուլի եռակողմ հանդիպումը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Ավելի վաղ այս երեք երկրների ներկայացուցիչների հանդիպումները տեղի են ունեցել էկոնոմիկայի, ապա և արտգործնախարարների մակարդակով, իսկ այժմ որոշում է կայացվել եռակող հանդիպում կազմակերպել նախագահական մակարդակով: Հանդիպման ամսաթիվն ու օրակարգը կորոշվի երեք երկրների ԱԳՆ ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ:

Նշենք, որ այս երկրների միջև եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, երբ Գյանջայում (Գանձակ) հանդիպեցին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները:

Անկախ

«Երկրի վարչատնտեսական բաժանման բարեփոխման քննարկումը մտնում է ավարտական փուլ». Տիգրան Սարգսյան

տիգրան սարգսյան1ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՏԻՄ գործունեության տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգին:
Գործադրի կողմից տնտեսության գերակա ճյուղ հռչակված ՏՏ ոլորտը արագ թափով զարգանում է նաև երկրի մարզերում և համայնքներում: Ծավալվում են հեռահաղորդակցական ենթակառուցվածքները, ընդլայնվում է համացանցից օգտվողների թիվն ու աշխարհագրությունը: Հայեցակարգի շրջանակում իրականացվելիք ՏԻՄ-երի հետագա տեղեկատվայնացումը կստեղծի Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործման, ժողովրդավարության ամրապնդման և զարգացման ամուր հիմք, կնպաստի համայնքներում տեղեկատվական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, այս հայեցակարգը սերտորեն առնչվում է վարչատարածքային բաժանման բարեփոխման հետ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ճիշտ կլինի, եթե բարեփոխման քննարկումն արդեն հրապարակային դարձվի: «Հանրապետական կուսակցությունում նախագիծը, մոտեցումները արդեն քննարկվել են, – հավելել է Տիգրան Սարգսյանը: – Դրանք բավական բուռն են անցել, հնչել են տարբեր տեսակետներ: Կարծում եմ՝ հաջորդ քայլը պետք է լինի այն, որ մենք նոր քննարկումը կազմակերպենք Օրինաց երկիր կուսակցությունում, որպես մեր կոալիցիոն գործընկեր կուսակցություն, լսենք նաև իրենց մոտեցումները, որից հետո կազմակերպենք հանրային դեբատներ: Միգուցե ինչ որ մի պահի մենք արդեն պատրաստ կլինենք նաև լսումներ կազմակերպել խորհրդարանում: Փաստորեն այս հայեցակարգը, որն այսօր ներկայացնում եք, սերտորեն առնչվում է այդ ռեֆորմի հետ, որովհետև ձևավորվելիք հիմնադրամը այն գործիքն է լինելու, որով մենք էապես օժանդակելու ենք նոր վարչատարածքային բաժանման, կայացման գործընթացին»:
Տարածքային զարգացման անհամաչափության հաղթահարումը և դրան ուղղված նպատակային համալիր քաղաքականության իրականացումը, որը ՀՀ կառավարության գործունեության գերակայություններից է, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) տեսադաշտում է դեռ 1996 թվականից: Մտահոգիչ է այն իրողությունը, որ տարեցտարի երկրի տարածքների զարգացման անհամաչափությունը խորանում է: Տնտեսական զարգացումը կենտրոնացել է Երևանում և մասամբ՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում: Տարածքային զարգացման նոր մարտահրավերները թելադրում են ՀՍՆՀ-ի զարգացում և վերակազմավորում՝ տարածքների զարգացման հիմնադրամի, ինչին և այսօր հավանություն է տվել գործադիրը: Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման վերջնաժամկետ է սահմանվել 2015թ. հունվարի 1-ը: Որոշումը միտված է մարզերի համաչափ զարգացմանը, համայնքների խոցելիության նվազեցմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանը:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ այժմ ՀՀ մարզերում առկա են մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ դպրոցաշինության, մշակութային, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման և այլ ոլորտներում, կառավարությունը մարզպետարաններին հատկացրել է շուրջ 10 միլիարդ դրամ՝ մարզային և համայնքային ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող ծրագրեր իրականացնելու համար:
Կառավարությունը որոշել է «ՀՀ ազգային վիճծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Թալին քաղաքի Սպանդարյան փողոցի 2/6 հասցեում գտնվող մոտ 75 քառ. մետր տարածքն օտարել մրցույթով: Գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0112 հա հողամասը: Գործարքի նպատակը պետական և ՏԻՄ բյուջեների մուտքերի ավելացումն է, ինչպես նաև տարածքի վիճակի բարելավումը:

Պարտադիր վճարումների տվյալները պետք է հասանելի լինեն սպառողին

կառավարությունՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ըստ հեղինակի, նախագիծը կոչված է պաշտպանելու սպառողի շահերը և թույլ չտալու, որպեսզի «մատակարարների որոշ աշխատակիցներ առանց սպառողի ներկայության գործողություններ կատարեն հաշվիչների հետ»: Կառավարության եզրակացության համաձայն օրինագիծը նոր հարցեր է հարուցում տեխնիկական-ֆինանսական լուծումների առումով՝ լրացուցիչ ծախս պարտադրելով սպառողին և բիզնեսին: Կառավարությունը նաև գտնում է, որ նախաձեռնության նպատակները սպառողի համար առավելագույնս հասանելի են և օրենքով կարգավորման անհրաժեշտություն չունեն:
Դիմելով հարցը ներկայացնող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Պարոն Մովսիսյան, այս հարցը նախարարական կոմիտեում բուռն քննարկման առարկա դարձավ, քանի որ ես պաշտպանում էի պատգամավորի փաստարկները: Նախարարական կոմիտեում ինձ հավաստիացրիք, այդ թվում նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, որ խնդիրն ամբողջությամբ կարգավորված է, այդ թվում նաև ֆիզիկական անձանց համար:
Ի՞նչ է պատգամավորի փաստարկի էությունը. որ տվյալները պարտադիր վճարումների համար պետք է հասանելի լինեն մեր քաղաքացիների համար՝ գազի, ջրի պարտադիր վճարումների առումով, այսինքն՝ փաստարկը շատ տեղին է և ճիշտ փաստարկ է, որովհետև պաշտպանում է մեր քաղաքացիների շահերը: Քաղաքացին պետք է այդ հնարավորությունն ունենա՝ ստանալու ճշգրիտ տեղեկատվություն՝ ինչքան ինքը պետք է վճարի:
Հակափաստարկը, որ հնչում էր նախարարական կոմիտեում, այն էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այդ խնդիրը լուծել է: Բայց մեր աշխատակազմը, ուսումնասիրելով այդ կարգավորման նորմերը, ինձ երեկ զեկուցել է, որ այդպես չէ, որ ֆիզիկական անձանց գծով կա խնդիր: Եվ ես ցանկանում եմ հասկանալ, եթե կա այդպիսի խնդիր, ինչպե՞ս ենք այն լուծելու: Միգուցե պատգամավորի առաջարկն իրավական ձևակերպումների տեսակետից մեզ համար անընդունելի է, բայց պետք է գտնենք ընդունելի ձևը և կարգավորենք այս խնդիրը, որ քաղաքացիներին նույնպես այդ տվյալները լինեն հասանելի, և ծառայություն մատուցող կազմակերպությունները (էլեկտրաէներգիա, գազ) պարտավոր լինեն այդ տեղեկատվությունն անվճար հասանելի դարձնել մեր քաղաքացիների համար: Սա է հարցադրման էությունը: Համեցեք, պարոն Նազարյան»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ինչ վերաբերում է հաշվիչների կապարակնքմանը, ապա այստեղ, ինչպես գազամատակարարման և օգտագործման կանոններում, այնպես էլ էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում իմպերատիվ այդ նորմը գրված է և ապահովված է, և ցանկացած բաժանորդ իրավունք ունի իր ցանկացած ձևով կապարակնքելու հաշվիչները և, ես գտնում եմ՝ սա բավարար է այդ հարցի կարգավորման համար:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Համաձայն եմ Ձեր փաստարկի հետ, ուղղակի դրա մասին պետք է նաև իրազեկել մեր քաղաքացիներին: Մենք այստեղ խնդիր ունենք, որովհետև մեր աշխատակազմն էլ զեկուցում է, որ այդ հարցը կանոնակարգված է հստակ, և քաղաքացիները պաշտպանված են նորմատիվ ակտերով: Ուղղակի մեր քաղաքացիներին պետք է իրազեկել: Համաձայն եմ նաև պարոն Մովսիսյանի այն փաստարկի հետ, որ պատգամավորի առաջարկն անընդունելի է, որովհետև ենթադրում է լրացուցիչ ծախսեր մեր քաղաքացիների համար, եթե մենք այդպիսի պարտադիր նորմ օրենքով սահմանենք: Քաղաքացիների վրա լրացուցիչ ծախս դնելուն մենք կողմ չենք: Համեցեք, հաջորդ փաստարկը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Նաև ուզում եմ ասել, որ սպասարկման որակի ցուցանիշները կանոնակարգվում են ոչ թե օրենքով, այլ իմ այս նշած երկու փաստաթղթերով, և եթե մենք որակի սպասարկման որոշ ցուցանիշներ առանձնացնենք, բերենք օրենքի մակարդակի, մնացածները թողնենք նույնը, կարծում եմ, ավելի կդժվարացնենք և որևէ լավ բանի չենք հասնի: Եվ ես գտնում եմ, որ այս հարցերը պետք է մնան այս երկու փաստաթղթերի կարգավորման դաշտում:
Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա պետք է ասեմ, որ էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում՝ 9-րդ գլխում, հստակ գրված է, որ մատակարարը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների, համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին:
Երկրորդը` մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը հանրապետական սփռման երկու հեռուստաընկերությունների միջոցով երկու անգամ ժամը 18:00-ից 20:00 և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում հայտարարել նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրը: Երրորդը` սպառողի դիմելու դեպքում տրամադրել վերջինիս նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը: Եվ նաև նախորդ ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի վճարման հաշիվը փոստով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելու սպառողի գրավոր պահանջի կամ այդ պարտավորությունը պայմանագրով սահմանված լինելու դեպքում մատակարարը պարտավոր է կատարել այդ պահանջը: Վճարման հաշիվը փոստով առաքելու պահանջի դեպքում այդ ծառայության վճարը վճարում է սպառողը, վճարման հաշվի ներկայացումը էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար: Եվ նաև պետք է ասեմ, որ այսօր նաև գործում է Հայաստանի էլեկտրացանցերի կայքը, որտեղ յուրաքանչյուր բաժանորդ մուտք գործելով և մուտքագրելով իր կոդը, կարողանում է անմիջապես ծանոթանալ իր ոչ միայն նախորդ ամսվա, այլև ամբողջ տարվա ծախսերին:
Ինչ վերաբերում է գազամատակարարման և օգտագործման կանոններին, ապա այստեղ պետք է, և դուք ճիշտ նշեցիք, որ կազմակերպությունների մասով այս հարցը լիովին լուծված է, այնպես ինչպես ես նշեցի, իսկ սպառողների մասով մի փոքր թերացում կա, որը մեր այս տարվա աշխատանքային ծրագրում նախատեսված է և մինչև հոկտեմբերի 1-ը կլուծենք: Եվ ես կարծում եմ նույն ձևով կնույնականացնենք, ինչպես էլեկտրաէներգիայի մատակարարման օգտագործման կանոնները, ծանուցման այս ամրագրված ձևը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Իսկ ավելի շուտ հնարավոր չէ՞, ինչո՞ւ մինչև հոկտեմբերի 1-ը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Պարոն վարչապետ, մենք նաև Եվրամիության ԻՆՈԳԵՅԹ ծրագրով փորձագետներ ենք հրավիրել , արդեն աշխատում ենք և իրենցով է պայմանավորված այդ ժամկետները, որովհետև նրանք նաև փորձում են այսօրվա մեր ունեցած իրավիճակը գնահատել նաև Արևմտյան Եվրոպայի զարգացած երկրների փորձի հետ համեմատելով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, այդ դեպքում պարոն Մովսիսյան, ձեր եզրակացության վերջին մասը վերախմբագրեք, որ մենք փաստարկը ընդունում ենք և կառավարության դիրքորոշումն այն է , որ իրավական լուծումը ենթադրում է, որ մեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ խնդիրը կլուծի և որ մինչև հոկտեմբեր ամիսն այս խնդիրը մեր քաղաքացիների համար լուծված կլինի:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան– Գազի մասով հստակ ամրագրված է այն նորմը, որ մատակարարը պարտավոր է մինչև տվյալ ամսվա 15-ը նույնպես բոլոր վճարահաշվարկային կետերում այդ գրավոր ծանուցումը ապահովել և ցանկացած պահի գրավոր պահանջի դեպքում տեղեկություն տրամադրել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Պարոն Նազարյան, պետք է խնդրեմ, որպեսզի դուք զանգվածային լրատվական միջոցներով այդ տեղեկատվությունը դարձնեք հասանելի : Ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները կօգտվեն այդ հնարավորություններից էլեկտրոնային եղանակով ստանալու տեղեկատվություն իրենց հաշիվների մնացորդների մասին, ինչքան պետք է վճարեն : Մանավանդ, որ տարեցտարի կտրուկ աճում է ինտերնետից օգտվողների թիվը: Այժմ, եթե չեմ սխալվում, այդ թիվը մոտենում է կես միլիոնի: Իսկ դա նշանակում է, որ արդեն մեր ընտանիքների ճնշող մեծամասնությունը հնարավորություն ունի էլեկտրոնային եղանակով այդ տեղեկատվությունը ստանալ: Ուղղակի պետք է իրենց տեղյակ պահել, որ այդ հնարավորությունն ընձեռված է:
Օրենքի նախագիծը և ՀՀ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Առաջին հերթին բարձրացվեց ցածր թոշակ ստացողների կենսաթոշակը

Արտեմ ասատրյանՀՀ կառավարության՝ այսօր տեղի ունեցած նիստի ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարց է ուղղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, թե ս.թ. հունվարի 1-ից տեղի ունեցած կենսաթոշակների բարձրացումն ինչ ազդեցություն է գործում Հայաստանում աղքատության կրճատման վրա: «Գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուից 350 հազարն առնչվում է աղքատության հիմնախնդրին, – ասել է վարչապետը, – և մենք հունվարի 1-ից թոշակները բարձրացնելով 15 տոկոսով, այնպիսի վերաբաշխում կատարեցինք, որ առաջին հերթին կարողանանք բարձրացնել առավել ցածր թոշակ ստացողների թոշակները: Ի՞նչ ստացվեց արդյունքում, պարոն Ասատրյան»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան – Պարոն վարչապետ, ինչպես գիտեք, 2014 թվականի բյուջեում ներառվեց 29 մլրդ դրամ միայն աշխատանքային կենսաթոշակների բարձրացման նպատակով: Մեր բոլոր վերլուծությունները հիմք հանդիսացան, որպեսզի Ազգային ժողով ներկայացնենք օրենսդրական նախաձեռնություն՝ կապված հաշվարկման կարգի հետ և հիմնական շեշտադրումը տեղափոխենք առավել աղքատ կենսաթոշակառուների թոշակների բարձրացմանը: Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը, ըստ մեր տեղեկատվական շտեմարանի տվյալների, մենք ունեինք 68 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ, 230 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին աղքատության ստորին գծից ցածր կենսաթոշակ և 330 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ: Ընդ որում ասեմ, որ այդ աղքատության գծերի փաստացի ցուցանիշները 2012 թվականի են՝ հաշվարկված ազգային վիճակագրական ծառայության կողմից, նաև հաշվի առնելով գնաճային կանխատեսումները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Այսինքն՝ 300 հազար թոշակառու անցյալ տարի գտնվում էր աղքատության շեմից ցածր:
Արտեմ Ասատրյան – Այո: Բարձրացման արդյունքում շուրջ հինգ անգամ պակասեց ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմում է 12 հազար 800 կենսաթոշակառու՝ 68 հազարի փոխարեն: 230 հազար անձանցից, ովքեր ստանում էին աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, 2014 թ. հունվարի բարձրացման արդյունքում ունենք 138 հազար 300 անձ, ովքեր ստանում են աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, այսինքն շուրջ 40 տոկոսով նվազեց աղքատության ստորին շեմից ցածր ստացող կենսաթոշակառուների թիվը: Աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ ստացող 330 հազար անձանց փոխարեն բարձրացումից հետո ունենք 292 հազար անձ: Այսպիսով, թիրախավորված բարձրացումը էապես նվազեցրեց կենսաթոշակառուների աղքատության մակարդակը: Նաև հաջորդ տարվա բարձրացումը մենք նախատեսում ենք թիրախավորել նույն շրջանակում, քանի որ կենսաթոշակային համակարգը և ընդհանրապես կենսաթոշակային միջոցները, ճիշտ է, անմիջականորեն չեն դիտարկում աղքատությունը, բայց կենսաթոշակառուներն ամենաշատն են ենթակա աղքատության ռիսկին: Մենք ունենք նաև ազգային վիճակագրական ծառայության արդյունքները, թե կենսաթոշակների բարձրացումը ինչ ազդեցություն է թողնում աղքատության կրճատման վրա: Այդ առումով, կարծում եմ, այս քաղաքականությունը շարունակելու ենք:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Պետք է խնդրեմ Ձեզ, որպեսզի ԶԼՄ-ներին ամբողջական տեղեկություն տրամադրեք թոշակառուների շրջանում աղքատության ցուցանիշների հետ կապված, ինչպես նաև դինամիկան ներկայացնեք, ասենք վերջին 5-6 տարիների ընթացքում ինչ փոփոխություն է տեղի ունեցել: Հասկանալի է, որ այն դեռևս շոշափելի չէ, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի աննախադեպ ցուրտ ձմեռ էր, և մեր քաղաքացիները ստիպված եղան ավելի շատ էլեկտրաէներգիա և գազ ծախսել, քան նախորդ տարի, և հիմնականում այս թոշակի բարձրացումը ուղղվելու է այդ վճարներին, բայց, այնուամենայնիվ, շոշափելի փոփոխություններ կան, և այս ռազմավարությունը մենք պետք է շարունակենք՝ դիտարկելով այն որպես աղքատության կրճատման արդյունավետ գործիք»:

Ղրիմը կարող է նոր սառը պատերազմի պատճառ դառնալ. Աբդուլահ Գյուլ

 աբդուլահ գյուլ   Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ Ղրիմում ստեղծված իրավիճակը կարող է խթան հանդիսանալ նոր սառը պատերազմի սկզբի համար: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Գյուլի խոսքերով՝ եթե սառը պատերազմ սկսվի, ապա կողմերից ոչ մեկը դրանից շահ չի ունենա:

 

   Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 18-ին, Ռուսաստանի և Ղրիմի միջև ստորագրված համաձայնագրով Ղրիմը Սևաստոպոլ քաղաքի հետ միասին մտավ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ:

Անկախ

Իրանի տրամադրած դրամաշնորհով Մեղրիում և Ագարակում գազի բաշխման ցանց կկառուցվի

մովսիսյան ԱրմենՀայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրել են Իրանի կողմից Հայաստանին զարգացման օժանդակություն տրամադրելու փոխըմբռնման հուշագիրը, որով Իրանը տրամադրել է 2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման համար: Հուշագրի համաձայն հայկական կողմն ստանձնել է ապրանքի մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքի ներմուծման գործարքներից գանձվող հարկի մաքսատուրքի և պարտադիր վճարի հետ կապված ծախսերը: Այժմ ավարտվել է նախագծման աշխատանքը, որի հիման վրա ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաև աշխատանքի ծավալը: Այսօրվա նիստում կառավարությունը սույն ծրագիրը 2014թ. պետբյուջե ներառելու նպատակով փոփոխություններ և լրացումներ է կատարել պետբյուջեում և իր որոշմամբ հաստատված համապատասխան ցուցանիշներում: Որոշման նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմը և «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն:
Մեկ այլ որոշման փոփոխությամբ գործադիրն ապահովել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրված վարկի մայր գումարի մարման գծով կառավարության ստանձնած պարտավորության ամբողջական կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորումը:

Սպանվել է չեչենների առաջնորդ Դոքու Ումարովը

 Դոքու ՈւմարովՍպանվել է 2006 թվականին Ռուսաստանի դեմ պատերազմող չեչենների առաջնորդ Դոքու Ումարովը: Վերջինիս սպանության մանրամասները առայժմ հայտնի չեն, սակայն դրա մեջ մեղադրվում են պրոռուսական չեչենական իշխանությունները: Դոքու Ումարովը 2007 թվականի հոկտեմբերի 31-ին հայտարարեց Կոսկասյան էմիրության ստեղծման մասին՝ դառնալով այդ պետության էմիրը: Շարիաթական օրենքի վրա հիմնված այս պետության կազմի մեջ պետք է մտնեին Չեչնիան, Ինգուշեթիան, Դաղստանը, Կարաչայ-Չերքեզիան, Կաբարդինո-Բալկարիան, Հյուսիսային Օսեթիան և Ստավրոպոլի մարզը: Ումարովի սպանությունից հետո Կովկասյան էմիրության ղեկավար է նշանակվել Ալի Աբու Մուհամեդը:

Նշենք, որ Կովկասյան էմիրությունը իր վրա էր վերցրել վերջին տարիներին Ռուսաստանում տեղի ունեցած մի քանի ահաբեկչությունների պատասխանատվությունը՝ այդ թվում 2010 թվականի Մոսկվայի մետրոյում, և 2011 թվականին Դոմոդեդովա օդանավակայանում իրականացված ահաբեկչությունները:

 

Անկախ

Եվրամիության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների հետընդունման դիմումները կքննարկվեն որոշակի ժամկետում

եգանյան գագիկՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները: Մասնավորապես, հաստատվել է նշված համաձայնագրի շրջանակում ստացվող դիմումները ՀՀ պետական մարմինների կողմից քննարկելու կարգը, համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը, համաձայնագրով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքի մոնիթորինգն իրականացնելու և ծագող խնդիրները քննարկելու նպատակով միգրացիոն պետական ծառայության պետի ղեկավարությամբ ստեղծվել միջգերատեսչական խումբ:
Նույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է քննարկել Եվրամիության անդամ պետության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ, երրորդ պետության քաղաքացիների հետընդունման կամ տարանցման դիմումները և սահմանված ժամկետում` 2 աշխատանքային օրից մինչև 12 օրացուցային օրը պատասխանել դրանց: Հայաստանի` տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը միտված է Եվրամիության հետ միգրացիայի ոլորտի հարաբերությունների սերտացմանը:
2005թ. մայիսին Բոլոնիայի հռչակագրի վավերացումից հետո Հայաստանի Հանրապետությունն ստանձնեց կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերը միջազգային իրավական չափանիշներին համապատասխանեցնելու պարտավորություն: Դրա իրականացմանն է ուղղված երկրի կրթության ոլորտի բարեփոխումը: Այսօրվա որոշմամբ կառավարությունն ակնկալում է նպաստել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի գործունեության անկախությանը և այն համահունչ դարձնել միջազգային իրավական չափանիշներին: