Ռուսաստանի դրոշն է բարձրացվել Ղրիմի զինվորական 193ստորաբաժանումներում, հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Նա հավելել է, որ այն զինծառայողները, որոնք ցանկություն են հայտնել ծառայությունը շարունակելու Ուկրաինայի զինված ուժերում,, ընտանիքների հետ Ղրիմից երկաթուղով կմեկնի:
Daily Archives: March 26, 2014
Ճապոնիայում հրաբխային կղզյակը 4 ամսում մեծացել է 70 անգամ
Նոյեմբերին, ստորջրյա հրաբխի ժայթքման արդյունքում գոյացած նոր կղզին, որ գտնվում է ճապոնական Օհասավարա արշիպելագի մոտ, 4 ամսում մեծացել է 70 անգամ. ծովային անվտանգության ծառայությունը` ուղղաթիռից կատարած չափումների արդյունքներով նման եզրահանգման է կատարել:
Նոր կղզին առաջացել է Խաղաղ օվկիանոսի հատակում տեղի ունեցող հրաբխային պրոցեսների, մոխրի ու մագմայի արտանետումների արդյունքում, նոյեմբերի 20-ին: Այն ժամանակ կղզյակի չափերն էին 100 մ` արևելքից արևմուտք և 200 մ հյուսիսից հարավ: Հիմա այդ չափսերն են համապատասխանաբար` 1150 և 850 մ: Ներկայում ընդհանուր տարածքը 70 հա է (700 հազար քմ), դա 70 անգամ ավելի է, քան անմիջապես գոյանալուց հետո: մասնագետներն ասում են, որ ժայքման պրոցեսը շարունակվում է ու, հետևաբար, կղզին էլի կմեծանա:
Նոր Նորք վարչական շրջանում կբարեկարգվի հերթական զբոսայգին
2014թ. ընթացքում մայրաքաղաքի բարեկարգ այգիների շարքը կհամալրի նաև Գայի պողոտայի և Ջրաշխարհի հարևանությամբ գտնվող զբոսայգին: Դեռևս 2013թ. հոկտեմբերին Երևան քաղաքի ավագանին հավանություն էր տվել ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանի առաջարկությանը՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող զբոսայգու 5.637 հա մակերեսով հատվածը բարեկարգելու և կանաչապատելու վերաբերյալ: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում այգում նախատեսվում է կառուցել ամֆիթատրոն, կանաչ լաբիրինթոս ու գեղեցիկ զբոսուղիներ: Կմաքրվեն և կվերանորոգվեն նաև այգում տեղակայված հուշարձաններն ու արդեն գոյություն ունեցող կառուցվածքները: Երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի լիարժեք հանգստի կազմակերպման համար զբոսայգում կտեղադրվեն թեթև կոնստրուկցիաներով զրուցարաններ, կկահավորվեն մանկական խաղահրապարակներ, թենիսի հարթակ, ինչպես նաև շատրվան և ցայտաղբյուրներ: Վերակառուցված այգին հարմարեցված կլինի նաև հասարակության սակավաշարժ խմբերի տեղաշարժման համար: Նախագիծը կյանքի կոչելու համար այգում ոչ միայն ծառեր չեն հատվելու, այլև նախատեսվում են լրացուցիչ ծառատունկ և կանաչապատման աշխատանքներ: Զբոսայգու մշակվող բարեկարգման և կանաչապատման նախագծանախահաշվային փաստաթղթերն, ի դեպ, պատրաստվում են Ճարտարապետաշինարարական համալսարանի կողմից՝ որպես նվեր համայնքին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Իսպանիայի Սահմանադրական դատարանը մերժել է Կատալոնիայի սուվերենության իրավունքը
Իսպանիայի Սահմանադրական դատարանը մարտի 25-ին վճռեց, որ կատալոնյան խորհրդարանի` ինքնավար մարզի կարգավիճակի վերաբերյալ որոշումն անօրինական է: Խոսքը Կատալոնիան իրավաբանական ու քաղաքական սուբյեկտ ճանաչելու մասին է: Դատարանը հայտարարեց, որ դա հակասում է Իսպանիայի օրենքներին ու հենց Կատալոնիայի կանոնադրությանը:
Կատալոնիայի խորհրդարանի որոշումը, որի մասին գնում է , ընդունվել է 2013-ի հունվարի 23-ին: Մեկ ամիս անց, իսպանական կառավարությունը բողոքարկել է այդ որոշումը Սահմանադրական դատարանում: Ընդ որում , երկրի նախարարների կաբինետը հայտարարել է, որ կատալոնյան խորհրդարանի որոշումը սկզբունքների հռչակագիր չէ պարզապես: Այն քաղաքական ու իրավաբանական հետևանքներ ունի, որոնք անհամատեղելի են երկրի սահմանադրության հետ, համոզված են նախարարները: Խոսքն առաջին հերթին այն հոդվածի մասին է, որով հռչակվում է, որ սուվերենության հարցերը որոշում է ողջ իսպանական ժողովուրդը:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Մարտի 25-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Երևանի Կուրղինյան փողոցի մոտակայքում` Դալմայի այգիներում, այրվել է մոտ 1000 քմ բուսածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Դիլիջանում կմեկնարկի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղի միջազգային մրցաշարը
«Դիլիջանյան խաղեր» միջազգային ինտելեկտուալ փառատոնի շրջանակում մարտի 28-30-ը Դիլիջանում տեղի է ունենալու «Ինչ, որտեղ, երբ» խաղի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» միջազգային մրցաշարը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվելիք մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Վրաստանի ուժեղագույն թիմերը:
Ինտելեկտուալ խաղի ամենամյա այս մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից:
Ռուսաստանում չեզոքացրել են թմրանյութերով զբաղվող ադրբեջանական խմբավորում
Ռուսաստանում՝ Պերմի երկրամասում,թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության աշխատակիցները չեզոքացրել են թմրանյութերով զբաղվող խմբավորոմ, որի բոլոր անդամները ադրբեջանցիներ են: Նրանք այդ երկրամասում կազմակերպում էին բուսական ծագման թմրանյութերի անօրինական մատակարարումն ու սպառումը, հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով “НТВ” հեռուստաալիքին:
Երկար ժամանակ խմբի ղեկավարն ու իր երեք հանցակիցները Պերմի երկրամասում վաճառել են մարիխուանա, հաշիշ և այլ թմրանյութեր: Հանցագործների կողմից վարձված տանը գտել են 470 կգ ընդհանուր քաշով մարիխուանայի 22 պարկ: Բացի դրանից ծառայողական շները հայտնաբերել են 62 կգ ընդհանուր քաշով հաշիշի 59 փաթեթ:
Ծառայության աշխատակիցները հանցագործներից առգրավել են ապօրինի նյութերի վաճառքից ձեռք բերած մոտ 1 մլն ռուբլի: Հայտնի է դարձել, որ ապօրինի ճանապարհով կուտակած եկամուտների օրինականացման նպատակով խմբավորման անդամները գնել են անշարժ գույք՝ այն տալով վարձակալության:
Բոլոր կասկածյալները ձերբակալվել են: Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
Օրացույցի այս օրը
Այսօր Մնուշակագույն օրն է կամ Էպիլեպսիայով հիվանդների օրը:
Մի անգամ 9-ամյա Քեսիդի Մեգանը, որը տառապում է ընկնավորությամբ, որոշեց մյուս մարդկանց ցույց տալ, որ ինքը նրանցից ոչնչով չի տարբերվում: Իր 9-ամյա տարիքում նա արդեն իր հանդեպ մեծահասակների ու հասակակիցների ոչ սովորական վերաբերմունքն էր զգում, ովքեր կարծում էին, թե էպիլեպսիան խելացնորության թեթև տեսակ է:
Այդ հիվանդության մասին գոյություն ունեցող կարծիքը ցրելու նպատակով, 2008-ին Քեսիդին հորինեց «Մանուշակագույն օր». մարտի 26-ն այն օրն է, երբ մարդիկ կարող են իրենց զորակցությունը հայտնել «էպիլեպսիա» ախտորոշմամբ մարդկանց:
Սկզբում աղջկա ձեռնարկը պաշտպանեցին նոր Շոտլանդիայում, իսկ հետո աշխարհի մյուս կազմակերպությունները: Իսկ 2009-ից Մանուշակագույն օրվան միացան նաև 100 հազար ուսանող ու 100 հասարակական կազմակերպություն ու 100 հայտնի քաղաքական գործիչ, իսկ Տորոնտոյի հեռուստաաշտարակը մեկ երեկոյով ներկվեց մանուշակագույնով:
Այդ ժամանակից սկսած աշխարհի տարբեր երկրներում մարտի 26-ին տեղեկություն է տարածվում նման հիվանդներին առաջին օգնություն ցուցաբերելու մասին: Բացի այդ աճուրդներ, տոնավաճառներ ու սպորտային միջոցառումներ են կազմակերպվում, որոնց ընթացքում հավաքված միջոցները տրամադրվում են այդ ախտորոշումն ունեցող հիվանդներին:
Էպիլեպսիան ամենատարածված քրոնիկ նյարդաբանական հիվանդություններից է, որն արտահայտվում է հանկարծակի ցնցումների նոպայով:
Տեղեկություններ կան, որ այդ հիվանդությունով են տառապել հուլիոս Կեսարը, Ալեքսանդր Մակեդոնացին, Նոստրադամուսը, Դանթե Ալիգիերին, Իվան Ահեղը, Նապոլեոն Բոնապարտը, Ֆյոդոր Դոստոևսկին, Ալֆրեդ Նոբելը, Վինսենթ վան Գոգը:
Մարդատար տաքսի մեքենաների անվճար կայանատեղերի թիվը կհասնի 75-ի
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը Անկախին տեղեկացրեց, որ հաշվի առնելով մարդատար տաքսի մեքենաների պահանջարկի ու տաքսի ծառայությունների թվաքանակի աճը, ինչպես նաև «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության խնդրանքը Երևանի քաղաքապետարանին նոր կայանատեղեր կահավորելու վերաբերյալ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որում ընգրկվել են քաղաքապետարանի՝ տվյալ ոլորտի պատասխանատուներ, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը և «Ավտովարորդների պաշտպանության լիգա» միության նախագահը: Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը հանձնաժողովի ամփոփիչ նիստին նշել է, որ վարչական շրջաններն իրենց հերթին ներկայացրել են նոր կայանատեղերի կազմակերպման առաջարկներ: Համատեղ ուսումնասիրությունների արդյունքում նախնական հայտով ներկայացված 90 կայանատեղերից հանձնախմբի վերլուծությունների արդյունքում, ըստ նպատակահարմարության, ընտրվել է 35-ը, ինչը հաստատվել է Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ: Կայանատեղերի կահավորման աշխատանքները քաղաքի առանձին հատվածներում ավարտվել են, մյուսներում մեկնարկային փուլում են: «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը վարորդների անունից շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին` խնդրին ականջալուր լինելու և օպերատիվ արձագանքելու համար: Այսպիսով, մայրաքաղաքի վարչական շրջաններում ընդհանուր առմամբ կգործեն մարդատար տաքսի ավտոմեքենաների թվով 75 կայանատեղեր:
Ակցիա ՄԱԿ-ի դիմաց.ի պաշտպանություն Քեսաբի հայերի
Ծայրահեղ իսլամիստ – ահաբեկիչները գրոհել են հայաբնակ Քեսաբն ու շրջակա գյուղերը: Ահաբեկիչները սահմանն անցել են թուրքական բանակի օգնությամբ, ավելին, թուրքական կործանիչը, խախտելով Սիրիայի օդային սահմանը, պայթեցրել է սիրիական օդուժի ինքնաթիռը,որը հետապնդում էր հայերի դեմ կռվող ահաբեկիչներին:
Սա Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ծրագրի շարունակությունն է, որն ուղեկցվում է այսպես կոչված միջազգային հանրության լուռ համաձայնությամբ:
Թուրքիան ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՔԵՍԱԲՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ:
Սա բոլորիս ազգային արժանապատվության, պատվի ու ինքնասիրության հարցն է:
Պահանջ- նամակ ենք հանձնելու Երևանում ՄԱԿ-ի գրասենյակներին: Պահանջելու ենք, որ սաստեն իրենց դաշնակցին ` ահաբեկչական գործողություններին մեծապես աջակցելու և հայերի դեմ մտադրված ահաբեկչական օպերացիաներ իրականացնելու համար:
Եվ այսպես, Մարտի 26-ին ` չորեքշաբթի, ժամը 14,00-ին հավաքվում ենք Հանրապետության Հրապարակ փոստի շենքի դիմաց ապա կշարժվենք ՄԱԿ-ի գրասենյակ, որը գտնվում է Պետրոս Ադամյան 14 հասցեում.այնտեղ կհանձնվի նամակ:
ՀՀ ոստիկանության պետի աշխատանքային հանդիպումները Լոռու մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
որոնվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Վրեժ Վաղինակի Խաչատրյանը
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1944 թ. ծնված Վրեժ Վաղինակի Խաչատրյանը, որը ս/թ. մարտի 24-ին, ժամը 16:00-ի սահմաններում, դուրս է եկել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության 13 նրբանցքի 3-րդ տնից իր՝ Հաղթանակի փողոցի 6 տուն գնալու նպատակով, և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Հագին եղել է կապույտ կտորից բաճկոն, բրդյա սև վերնազգեստ, շագանակագույն անդրավարտիք, ձմեռային շագանակագույն կոշիկներ, կրում է սև կտորից գլխարկ՝ կեպի։
Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165 սմ, նիհար կազմվածքով, ալեխառն մազերով, ներքին ատամնաշարերր՝ պրոթեզ։
Հիվանդության պատճառով խոսում է կցկտուր, իր մասին տեղեկություն չի կարող հայտնել, տառապում է «սկլերոզ» հիվանդությամբ։
Վրեժ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել հետևյալ հեոախոսահամարներով՝ կոդ՝/ 010/ 59 06 14, կոդ /0222/ 2 22 02, 2 11 07, 102։
Ավտովթար Մ. Խորենացու փողոցում
Մարտի 26-ին, ժամը 02.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 162 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ինֆինիտի» մակնիշի 01 PR 010 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Բելինսկու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող խանութ-սրահի պատին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1994 թ. ծնված Ա. Գ.-ը և 1993 թ. ծնված Գ. Ճ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Դեսպան Սեյրանյանի դասախոսությունը Պրահայի Մալոստրանսկա ակադեմիայում
Մարտի 25-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը և Չեխիայի խորհրդարանի սենատոր, հայ ժողովրդի բարեկամ Յարոմիր Շտետինան Լեռնային Ղարաբաղին նվիրված դասախոսություն կարդացին Պրահայի Յան Ներուդայի գիմնազիումի Մալոստրանսկի ակադեմիայի Քաղաքական աշխարհագրության բաժնի ուսանողների և հրավիրյալ վերլուծաբանների համար:
Ձեռնարկի սկզբում ակադեմիայի ունկնդիր, ծագումով արցախցի Անդրեյ Մարտիրոսյանը վիզուալ փաստեր ցուցադրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Այնուհետև դեսպան Սեյրանյանը ներկայացրեց Արցախի պատմությունը՝ սկսած անտիկ դարաշրջանից մինչև վերջին զարգացումները, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման այժմյա գործընթացը: Դեսպանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Արցախի հիմնահարցի նկատմամբ Չեխիայի հավասարակշված դիրքորոշմանը` շեշտելով, որ այն ձևավորվում և պահպանվում է նաև սենատոր Շտետինայի և այլ քաղաքական գործիչների արդար ջանքերի շնորհիվ:
Չեխիայի խորհրդարանի անդամը, որպես ղարաբաղյան պատերազմի ականատես, միջոցառման մասնակիցներին ներկայացրեց սեփական տպավորություններն ու հուշերը: Զինված հակամարտության տարիներին որպես լրագրող նա բազմիցս այցելել է Լեռնային Ղարաբաղ: Սենատորը պատմեց, թե ինչպես են ադրբեջանցիները փորձել բնաջնջել Արցախի հայկական ազգաբնակչությունը, որն իր անկոտրուն կամքի և խիզախության շնորհիվ կարողացավ ազատագրել իր պատմական տարածքները:
Ձեռնարկի ավարտին դեսպանը և սենատորը պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:
Քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել
ՔԵՆԵԴԻ
Քենեդին միայն ԽՍՀՄ-ի հետ զիջումների հարցում չէ, որ ընդդիմացավ Պենտագոնի ղեկավարներին և իրեն նախագահական աթոռին հասցրած մեծահարուստներին: Նա մեծ բարեփոխիչ էր և ԱՄՆ-ում բարեփոխումների շարք սկսեց, ինչը սպառնում էր «ամերիկյան երազանքի» ճարտարապետների նախագծած մոդելին:
Պատմության մեջ կան առեղծվածներ, որոնք, ըստ երևույթին, երբևէ չեն պարզաբանվի:
Ահավասիկ. ԱՄՆ նախագահներ Աբրահամ Լինքոլնն ու Ջոն Քենեդին զբաղվել են քաղաքացիական իրավունքի հարցերով: Լինքոլնը նախագահ ընտրվեց 1860 թ., Քենեդին` 1960 թ.: Երկուսն էլ սպանվեցին ուրբաթ օրը` իրենց կանանց ներկայությամբ: Սպանված երկու նախագահների հաջորդները հարավի նահանգներից էին, երկուսի անունն էլ` Ջոնսոն: Է. Ջոնսոնը ծնվել է 1808 թ., իսկ Պ. Ջոնսոնը` 1908 թ.: Լինքոլնին սպանող Ջոն Ուիլքս Պուրը ծնվել է 1839 թ., իսկ Քենեդուն սպանող Լի Հարվարդ Օսվալդը` 1939 թ.: Պուրն ու Օսվալդը սպանվեցին դատվելուց առաջ: Զոհված երկու նախագահներն էլ Սպիտակ տանն աշխատանքի անցնելուց առաջ զավակ էին կորցրել: Լինքոլնի քարտուղարուհու անունը Քենեդի էր, որը խորհուրդ չէր տվել նախագահին թատրոն գնալ, ուր և սպանվեց նա: Նախագահ Քենեդու քարտուղարի անունը Լինքոլն էր, որը նույնպես խորհուրդ չէր տվել նախագահին գնալ Դալլաս, ուր սպանվեց:
Մի՞թե պատահական է պատահականությունների այս շղթան: Դժվար թե… Գուցե իրավացի՞ են նրանք, ովքեր կարծում են, թե Ջոն Քենեդու մեջ ապրում էր Աբրահամ Լինքոլնի հոգին:
Ինչևէ: Եթե այս հարցում գիտնականներն անզոր են, գուցե մոգերն ու քրմերը զբաղվեն…
Ջոն Ֆիցջերալդ Քենեդին ծնվել է 1917 թ. մայիսի 29-ին Մասսաչուսեթս նահանգում` պետական ծառայողի ընտանիքում: Նրա հայրը Ֆրանկլին Ռուզվելտի կառավարության անվտանգության ծառայության պետն էր, հետագայում` Անգլիայում ԱՄՆ դեսպանը: Ապագա նախագահի միլիոնատեր հայրն այնքան էլ լավ համարում չուներ ԱՄՆ-ում, բայց դա չէր խանգարում, որ ապահովեր իր զավակների աննախադեպ հաջողությունները: Ի դեպ, Ժոզեֆ Քենեդին ԱՄՆ մեծահարուստների դասում 12-երրորդն էր և իր հսկայական կարողությունն ամենևին էլ ազնիվ ճանապարհով չէր վաստակել:
Հենց հայրն էլ ապահովեց Ջոն Քենեդու գլխապտույտ վերելքը կառավարման սանդղակով: Ավարտելով Հարվարդի համալսարանը` ապագա նախագահը աշխատանքի է տեղավորվում հոր մոտ: Նա հաճախ էր տարբեր հանձնարարություններով գործուղվում Եվրոպա: Տակավին երիտասարդ` նա առիթ ունեցավ լինելու կապիտալիստական Լոնդոնում, կոմունիստական Մոսկվայում, ֆաշիստական Բեռլինում: Պատերազմը դիմավորեց Անգլիայում և պատվով կատարեց իրեն տրված հանձնարարականները: Առհասարակ, Ուինսթոն Չերչիլը Քենեդու հայացքների ձևավորման վրա շատ է ազդել: Քենեդին պատերազմի ժամանակ ակտիվ գործողությունների կողմնակից էր և կոչ էր անում ԱՄՆ ղեկավարությանը արագ զինվել: Անձամբ Քենեդին ԱՄՆ ռազմածովային ուժերում կամավորագրվեց, սակայն այդպես էլ չմասնակցեց մարտական գործողություններին, չնայած հետագայում` նախագահական քարոզարշավի ժամանակ, նրա թիմը Քենեդուն ներկայացնում էր որպես պատերազմի հերոս: Ի դեպ, այս երևույթը շատ տարածված էր հետպատերազմյան ԱՄՆ-ում:
Քենեդու թիմը չզլացավ անգամ նրան ներկայացնել որպես ԱՄՆ լավագույն մարզիկներից մեկը. իբր նախագահի թեկնածուն ֆուտբոլիստ էր, լողորդ և այլն… Անգամ Քենեդու ընդդիմադիրներից ոչ ոք չնկատեց, որ նախագահի թեկնածուն ի ծնե արատավոր է, նրա մարմնի մի կողմը մյուսից փոքր-ինչ երկար էր: Բացի այդ, մանկուց Ջոն Քենեդին հիվանդոտ ու թուլակազմ էր:
Ընդամենը 30 տարեկան հասակում նա հաղթեց Կոնգրեսի ընտրություններում, իսկ հինգ տարի անց երիտասարդ Քենեդին արդեն սենատոր էր Մասսաչուսեթս նահանգից: Նույն թվականին նա ամուսնացավ Ժակլին Բուվյեի հետ, որ ԱՄՆ ամենահարուստ, ամենաազդեցիկ ընտանիքներից էր: Սա հաշվարկ, դիվանագիտական ամուսնություն էր: ԱՄՆ-ում քաղաքական կարիերա ապահովելու համար լավ, կայուն ընտանիք է պետք ունենալ:
Բայց սա դեռ ամենը չէր: 1960 թ.` 43 տարեկան հասակում Ջոն Քենեդին դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածու և հաղթանակ տարավ` դառնալով երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը: Ավելորդ չէ նշել, որ Քենեդին իր մրցակցին` Ռիչարդ Նիքսոնին հաղթեց ձայների չնչին` 0,17 տոկոս առավելությամբ:
Քենեդու հաղթանակը եզակի էր ոչ միայն իր երիտասարդ տարիքով. նա ԱՄՆ առաջին կաթոլիկ նախագահն էր, քանզի Քենեդիների տոհմն իռլանդական ծագում ուներ:
Կառավարման ծանր տարիներ էին բաժին ընկել Ջոն Քենեդուն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկիզբ առած սառը պատերազմը թևակոխել էր նոր, վճռական փուլ: Կարիբյան ճգնաժամի տարիներն էին: Կուբայի շուրջ կրքերը թեժանում էին: Խորհրդային Միությունը, սակայն, անդրդվելի էր և խորհրդային ռազմանավերը, կարծես պատերազմ սանձազերծելով, երկու անգամ ճեղքեցին ԱՄՆ կողմից Կուբայի շրջափակումն ու մտան Կուբա:
Պենտագոնի գեներալները Քենեդուց անհապաղ հակահարված տալու հրաման պահանջեցին, ինչը, ամենայն հավանականությամբ, երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը կլիներ: Սակայն ԱՄՆ երիտասարդ նախագահը շատ ավելի հումանիստ ու սառնասիրտ էր, քան իր գեներալները:
Քենեդին միայն ԽՍՀՄ-ի հետ փոխզիջումների հարցում չէ, որ ընդդիմացավ Պենտագոնի ղեկավարներին և իրեն նախագահական աթոռին հասցրած մեծահարուստներին: Նա մեծ բարեփոխիչ էր և ԱՄՆ-ում բարեփոխումների շարք սկսեց, ինչը սպառնում էր «ամերիկյան երազանքի» ճարտարապետների նախագծած մոդելին:
Դա էլ եղավ Քենեդու դատավճիռը:
Ամեն դեպքում ԱՄՆ երիտասարդ նախագահը սկանդալային անձնավորություն էր, և ոչ միայն քաղաքականության մեջ: Նա աշխարհին հայտնի էր որպես հմուտ սիրեկան: Քենեդին հասկանալով, որ հիվանդ է (տառապում էր Ադդիսոնի հիվանդությամբ, որ հայտնի է նաև բրոնզյա հիվանդություն անվամբ) և երկար չի ապրելու, ձգտում էր կյանքից քաղել ամեն ինչ, ամեն վայելք: Առհասարակ սիրում էր սիրահետել կանանց ասելով, որ իր համար կարևորը արդյունքը չէ, այլ ընթացքը: Շատերն են վկայել, որ Քենեդին անհագուրդ սիրամոլ էր: Իսկ նրա սիրուհիների թիվը փոքր չէր, և նրանց մեջ ամենասկանդալայինը, իհարկե, ոչ պակաս հանրաճանաչ և հանրության կողմից ոչ պակաս սիրելի Մերիլին Մոնրոն էր: Եվ նա սոսկ սիրուհի չէր, նա նաև հավակնում էր լինել Սպիտակ տան առաջին տիկինը` հույս ունենալով, որ Ջոն Քենեդին մի օր կամուսնալուծվի Ժակլինից և կամուսնանա իր հետ: Իր շրջապատում Մոնրոն անթաքույց խոսում էր այդ մասին:
Նրանց կապի մասին լավ գիտեր նաև Ժակլինը, սակայն իրեն և ամուսնուն չխայտառակելու համար միշտ լռում էր և խույս տալիս դերասանուհու հետ հանդիպումներից, չնայած Մերիլին Մոնրոն անձամբ քանի անգամ սադրել է Ժակլինին:
Ջոն Քենեդի, Ժակլին Բուվյե և Մերիլին Մոնրո. այս եռանկյունու յուրաքանչյուր կողմն այնքան տարբեր էր մյուսից: Նրանց միավորող երեք բան կար` սեր, ատելություն և թմրանյութեր, որոնց օգտագործումից զերծ չէր մնում նաև ԱՄՆ նախագահը:
1962 թ. նոյեմբերի 22-ը ԱՄՆ պատմության ամենասև ու ամոթալի օրերից է: Այդ օրը նախագահ Քենեդին կնոջ` Ժակլինի հետ, բաց լիմուզինով հանդիսավոր կերպով անցնում էր Դալլասով: Սակայն դիպուկահարի արձակած երկու կրակոցները ընդհատեցին նրա երթը: Փամփուշտներից մեկը մխրճվեց նախագահի պարանոցի, մյուսը` գլխի մեջ: Հիվանդանոց չհասած` Քենեդին մահացավ: Նրա աճյունն ամփոփեցին Արլինգտոնի ազգային գերեզմանատանը:
1963 թ. նոյեմբերի 22-ին Դալլասում հնչած կրակոցները, սակայն, վերջ չտվեցին Ջոն Քենեդու կյանքին: Նա սպանվեց, սպանվեց առեղծվածային ձևով: Բայց Քենեդուն սպանող Լի Հարվալդ Օսվալդը կրակոցներով սոսկ վերջ դրեց նրա երկրային կյանքին, և սկսվեց Քենեդու անմահությունը:
Ամուսնու սպանությունից շատ չանցած` նրա ահաբեկված կինը` Ժակլինը, ամուսնացավ հույն մեծահարուստ Օնասիսի հետ:
Ինչո՞վ էր պայմանավորված այս ամուսնությունը: Ժակլին Քենեդին Օնասիսի գրկում ապահովությո՞ւն էր փնտրում, թե՞ արդեն սովորել էր իր անձի շուրջ բարձրացվող հաճախակի աղմուկին ու բամբասանքներին: Կամ գուցե Ժակլինին պակասում էր շքեղությու՞նը… Ժակլին Քենեդու և Օնասիսի հարսանիքի օրը Ժակլինն ամուսնուց նվեր ստացավ 6 մլն 105 հազար ֆրանկ արժողությամբ թանկարժեք իրեր: Մեկ տարվա ընթացքում Օնասիսն իր կնոջը նվիրել է ևս 22 մլն ֆրանկ արժողությամբ իրեր: Ծննդյան օրը Ժակլինն ամուսնուց ստացավ 40 կարատանոց ադամանդյա ոսկե մատանի: Մեկ տարվա ընթացքում ընտանիքն իր արդուզարդի վրա ծախսեց 10 միլիարդ ֆրանկ:
Բայց չէ՞ որ Ժակլինն ինքը պակաս մեծահարուստ չէր:
Ի՞նչ պետք է սովորեն հայերը Թուրքիայի վարչապետ Էրդողանից
Այս հոդվածի նպատակն է դասեր քաղել Սիրիայի Քեսապ հայկական քաղաքի վրա վերջերս կատարված հարձակումներից:
Անցյալ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու հանդուգն քայլեր ձեռնարկեց. նախ՝ փակեց Թուրքիայում 12 միլիոն անդամ ունեցող «Թվիթեր» սոցիալական լրատվական կայքը՝ իր և իր ներքին շրջապատի կոռուպցիայի մասին բացահայտումները քողարկելու համար, երկրորդ՝ աջակցեց և հրահրեց ջիհադական զինյալների ներխուժումը Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող, Թուրքիային սահմանակից Քեսապ քաղաքը:
Ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել այս, թվում է թե, իրար հետ կապ չունեցող երկու իրադարձությունների միջև:
Էրդողանն անձամբ անուղղակիորեն պատասխանեց այս հարցին մարտի 20-ի քարոզարշավի հանրահավաքի ընթացքում. «մենք կվերացնենք Թվիթերը: Ինձ չի հետաքրքրում, թե միջազգային հանրությունն ինչ է ասում: Բոլորը կտեսնեն Թուրքիայի Հանրապետության ուժը»:
Ակնհայտ է, որ Թուրքիայի վարչապետին չի մտահոգում, որ նա կքննադատվի խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը ոտնահարելու և որպես բռնակալ խուլիգան հանդես գալու համար: Նա ասում և անում է այն ամենը, ինչը, նրա կարծիքով բխում է Թուրքիայի կամ իր սեփական շահերից:
Միացյալ Նահանգների պաշտոնյաների հակազդեցությունը Էրդողանի համացանցային ճնշումների հանդեպ սին խոսքերից այն կողմ չանցավ: Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերն իր թվիթերյան էջում գրեց հետևյալ մեկնաբանությունը. «Խորապես մտահոգիչ է, որ Թուրքիան փակել է «Թվիթերը»: Տեղեկատվության հասանելիության արգելափակումն անհամատեղելի է ժողովրդավարության հետ. աջակցեք այն վերաբացելու քաղաքացիների պահանջին»: ԱՄՆ պետքարտուղարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական, «Լոս Անջելես թայմս» թերթի նախկին գործադիր խմբագիր Դուգլաս Ֆրանցը, որն ստիպված հրաժարական էր տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածի հրապարակման արգելափակումից հետո, Էրդողանի հակաթվիթերյան քայլը բնութագրեց որպես «21-րդ դարի գրքի այրում»: Նմանատիպ միամիտ քննադատություններ հնչեցին նաև Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակիի, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի և Եվրամիության հեռահաղորդակցության հարցերով հանձնակատար Նելլի Քրուսի կողմից:
Արդյոք Էրդողանը մտահոգվո՞ւմ է այս բանավոր խարազանումներից: Ամենևին էլ ոչ: Նա արհամարհում է դրանք: Էրդողանն արդեն երկու տարով արգելափակել էր «Յութուբը», քանի որ կայքում տեղադրվել էին Քեմալ Աթաթուրքի հասցեին վիրավորական տեսանյութեր: Թուրքիայի վարչապետն սպառնում է նաև արգելել «Ֆեյսբուքը» և «Յութուբը» մարտի 30-ի ընտրություններից հետո:
Ինչո՞ւ հայ ղեկավարները՝ Հայաստանում և Սփյուռքում, ավելի հանդուգն չեն վարվում Էրդողանի նման, հատկապես, երբ վտանգի տակ է հայերի գոյությունը: Ամենահարմար պահն է նման հարց բարձրացնելու` ջիհադիստների կողմից Քեսապ ներխուժելուց, հայերին պատանդ վերցնելուց, նրանց տները թալանելուց և եկեղեցիները պղծելուց հետո:
Ցավոք, ամերիկահայ կազմակերպությունների կողմից ԱՄՆ պաշտոնյաներին ուղղված բազմիցս խնդրանքները` օգնելու հայերին և մյուս սիրիական քրիստոնյաներին, անարձագանք են մնում: Մարտի 24-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մեկ այլ խիստ նամակ հղեց նախագահ Օբամային, պահանջելով Սպիտակ տան և Կոնգրեսի անհապաղ միջամտությունը` կանգնեցնելու համար Քեսապի վրա հարձակումները: Չի թվում է, որ ԱՄՆ կառավարությունը հետաքրքրված է սիրիահայերի և այլ փոքրամասնությունների աղետալի վիճակով, քանի որ Վաշինգտոնը համակված է Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալելով և անտեսում է անմեղ կյանքերի կորուստը:
Հայերը չպետք է բավարարվեն միայն գլուխները թափահարելով և բողոքելով միմյանց Սիրիայից եկող ողբերգական լուրերի մասին: Նրանք պետք է արթնանան համընդհանուր թմբիրից և համարձակ քայլեր ձեռնարկեն: Պետք է ամենօրյա ցույցեր կազմակերպել ամերիկյան խոշոր քաղաքներում, և ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական, սաուդական և թուրքական դեսպանատների ու հյուպատոսարանների առջև ամբողջ աշխարհում, բողոքելով նրանց կողմից, այսպես կոչված, ապստամբների զինման դեմ, որոնք առևանգում և սպանում են սիրիահայերին, ի թիվս այլոց:
Պետք է անհապաղ հանդիպումներ անցկացնել ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, պահանջելով, որ նրանք անմիջապես դադարեցնեն բոլոր տեսակի զենքերի մատակարարումն ու ֆինանսական աջակցությունը «ապստամբներին» Սիրիայում, մինչև նրանց կողմից խաղաղ բնակչության վրա հարձակումների դադարեցումը:
2002 թվականին ես մի հոդված էի գրել հետևյալ վերնագրով` «Հայ «մուկը» պետք է ավելի հաճախ մռնչա»: Ըստ էության, այն կոչ էր ավելի համարձակ գործողությունների: Ես անդրադարձել էի Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքին, որտեղ խիզախ մուկն իր վճռական վարքագծով կարողանում է պաշտպանել ինքն իրեն ավելի վայրագ գազաններից:
Լուռ ու անտարբեր մնալն անընդունելի է, մանավանդ այն ժամանակ, երբ մեր հայրենակիցները կոտորվում են Սիրիայում: Երկչոտ պահվածքը միայն քաջալերում է հայ ժողովրդի թշնամիներին:
Հայերը պետք է նախաձեռնող լինեն, այլ ոչ թե արձագանքող: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին նրանք չեն կարող լուռ ականատեսներ լինել, մինչ թուրքական կառավարությունը և նրա դաշնակիցները ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռնամուխ են լինում հայերի մի նոր բնաջնջման Սիրիայում:
Հայերը պետք է բարձրաձայնեն, բողոքեն և ավելի ազդեցիկ միջոցներ ձեռնարկեն իրենց հայրենակիցներին պաշտպանելու համար աշխարհի չորս անկյուններում: Նրանք պետք է դառնան ՄՌՆՉԱՑՈՂ «մուկ»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Չինաստանը շշալցված օդ կվաճառի զբոսաշրջիկներին
Չինաստանը երկրի օդի աղտոտվածությամբ անհանգստացած զբոսաշրջիկներին շշալցված թարմ օդ է առաջարկում:
Չինաստանը ծխի տարածվածության վտանգավոր մակարդակի դեմ պայքարելու համար այժմ փողոցներում շշալցված թթվածին կբաժանի:
Շշալցված օդը կարտադրվի Գույչժոու նահանգում՝ որպես զբոսաշրջային ծրագրի մի մաս:
Էկո զբոսաշրջության գոտիներ հանդիսացող վայրերում շշալցված օդը կվաճառվի հունիսի 20-ից:
Թթվածնային մանուկներ անվանումով կերպարները օդով լցված շշեր են բաժանում:
Համազգեստով կերպարները կճամփորդեն երկրի տարածքում՝ գովազդելով նոր արտադրանքը, որը ներկայումս անվճար է բաժանվում:
Ադրբեջանցիները բողոքում են ծառահատումից
Ադրբեջանի Յասամալի շրջանի Միրելի Սեիդով փողոցի բնակիչները բաղաքի ցույց են կազմակերպել ծառահատման դեմ,հաղորդում է “Հագին” կայքը`հղում կատարելով “Յենի Մուսավաթ” թերթին:
Ըստ տեղեկության` բնակիչները պահանջել են իրենց ներկայացնել ծառահատումը թույլատրող փաստաթղթեր, սակայն ոչ ոք դրանք ցույց չի տվել: Դժգոհ բնակիչները հայտարարել են, որ թույլ չեն տա կտրել իրենց տան մոտ գտվող ծառերը:
Չնայած բողոքի`տարածքը արդեն սկսել են ցանկապատել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները սկսել են ձերբակալությանբ սպառնալ բնակիչներին, եթե նրանք չհեռանան: Ոստիկանները սպառնացել են ձերբակալել նույնիսկ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Իլհամով Ասքերովին, որը ևս այդ տարածքի բնակիչ է:
Հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը 1915 թվականի մասին նյութեր է հավաքում
Հոլիվուդյան հանճարեղ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հրեական Հոլոքոսթի մասին պատմող 7 Օսկարի արժանացած «Շիդլերի ցուցակը» ֆիլմից հետո որոշել է անդրադառնալ նաև Հայոց ցեղասպանությանը: Թուրքական «Աքշամի» հաղորդմամբ՝ Սփիլբերգը սկսել է նյութեր հավաքել 1915 թվականի վերաբերյալ: Սակայն ռեժիսորը, նշելով, որ ֆիլմ նկարահանելու ծրագիր չունի, շարունակում է պահպանել ինտրիգը:
Հունգարիայի հրեա հանդիսացող 67-ամյա Սփիլբերգը 1993 թվակաին նկարահանելով «Շիդլերի ցուցակը» ֆիլմը, որը պատմում է 1100 հրեայի մահից փրկած գերմանացի գործարարի մասին, ֆիլմից մեկ տարի անց հիմնեց «Shoah» հիմնադրամը: Վերջինիս աշխատակիցները մինչ օրս հանդիպել և զրուցել են ցեղասպանության ականատես դարձած 58 երկրներում ապրող 51 հազար 413 մարդու հետ:



