Եվրագոտի.արժեզրկումն աճում է

ol3001398934596 (1)«Eurostat»-ի փորձագետների տեղեկացմամբ, այս տարվա ապրիլին Եվրագոտու 18 պետությունների շուկաների սպառողական գների աճի ցուցանիշը կանխատեսվածից ցածր է եղել ու կազմել է 0,7%:

Դա փոքր ինչ ավելի է, քան մարտի ցուցանիշը` 0,5%, սակայն փորձագետները կանխատեսել են, որ ապրիլյան արժեզրկումը կարող է 0,8% կազմել: Այդ կանխատեսումն արվում է Զատկի տոնի հաշվառմամբ, որը գրեթե միշտ կապված է գների թեթևակի բարձրացմամբ:

Ըստ Եվրոպական կենտրոնական բանկի կանխատեսման, առաջիկա ամիսներին Եվրագոտու տարածքում կպահպանվի արժեզրկման  աճի  մոտավորապես նմանատիպ ցուցանիշ, հաղորդում է isra.com-ը:

Անկախ

Նախագահը բաժանվել է բոլոր սիրուհիներից

ol3001398940472Դռան տեղն իր քաղաքացիական կնոջը ցույց տալով` ֆրանսիական պետության սիրառատ նախագահ Օլանդը  գերադասեց մեծ  վերջակետ դնեռլ դերասանուհի սիրուհու հետ հարաբերություններին:

Օլանդի ու դերասանուհի Ժյուլի Գայեի բաժանման մասին հայտնում է «Gala» հրատարակությունը,  պնդելով, որ որոշման նախաձեռնողը հնարավոր է  41-ամյա դերասանուհին լինի, որին  շատ ավելի ձեռնտու էին գաղտնի հարաբերությունները , քան հրապարակայինը:   Դա նրա  ու նրա դեռահաս որդիների համար իսկական փորձություն էր:

Այս տարվա հունվարին հայտնի դարձավ նախագահի ու դերասանուհու գաղտնի հարաբերությունների մասին: Դրանից հետո Օլանդի քաղաքացիական կինը` Վալերի Տրիերվեյլերը հայտնվեց հիվանդանոցում, սակայն հայտնեց սիրելիին ներելու պատրաստակամության մասին: Ինչ վերաբերում է Օլանդին, ապա նա Տրիերվեյլերին խնդրեց ազատել նախագահական նստավայրը, իսկ նրա տեղը մինչ օրս թափուր է:

Անկախ

Փողոցում պետքը հոգալուց պատահաբար հնագույն արձանիկ է գտել

Չինաստանի Չենդու քաղաքից Սյու Յուանգուանը, պատահաբար գտել է Սուն դինաստիայի ժամանակների արձանիկ` մայթեզրի աղբի մեջ: Տղամարդը փողոցում իր կարիքն էր հոգում, երբ աչքով ընկավ արձանիկը:

pic_02f61edd1e25c18cf336d27e70ee183c (1)29-ամյա Յուանգուանը աշխատանքից մոտոցիկլով տուն էր վերադառնում Չենդուի ծայրամասում գտնվող փողոցներից մեկով, երբ միզափապարկը դատարկելու անհետաձգելի պահանջ զգաց: Պետքը հոգալուց հետո, նա ուշադրություն դարձրեց աղբակույտի միջից ցցված  խոշոր գունավոր իրին, որը, ինչպես պարզվեց, այդ արժեքավոր արձանիկն էր: Սյույը դրա մասին իմացավ մշակութային ժառանգության տեղի բյուրոյում:

Արձանիկը 10 սմ բարձրություն ու 17-18 սմ լայնք ունի: Ինչպես փորձագետներն են պարզել, այն թվագրվում է 960-1279 թթ:

Պատմական ժառանգության մոտավոր գինը չի նշվում: Հայտնի չէ, թե իչպես է այն հայտնվել մայթեզրին: Սակայն, մասնագետները ենթադրում են, որ այն հանվել է հնագույն գերեզմանից, սակայն մոտակայում այդպիսիք չկան:

Չինացին արձանիկը հանձնել է  մշակութային արժեքների բյուրո, դրա փոխարեն նրան շնորհակալագիր են տվել:

Անկախ

 

«Առաջարկությունների տաղավարներ» են տեղադրվում Երևանի բոլոր վարչական շրջաններում

002Երևանի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում, ինչպեսև նախորդ տարի, տեղադրվում են «Առաջարկությունների տաղավարներ»։ Այսպիսով, այսուհետ ևս երևանցիները կարող են Երևանի զարգացման, բարեկարգման վերաբերյալ իրենց առաջարկները հղել քաղաքապետարանին։

«2013 թվականին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ, տեղադրվեցին այս տաղավարները՝ որպես ևս մեկ գործիք քաղաքացիների առաջարկությունները լսելու համար։ Անցյալ տարի մեկ ամսում շուրջ 3000 նամակ ենք ստացել՝ տարբեր ոլորտների վերաբերյալ։ Առաջարկություններից շատերն ընդգրկվել են քաղաքապետարանի՝ 2014 թվականի ծրագրերում, ինչպես, օրինակ, որոշ հասցեներում բակերի բարեկարգման առաջարկություններն էին։ Մեզ ուրախացրեց նաև այն փաստը, որ նշված հասցեների մեծ մասն արդեն ընդգրկված էին տարեկան ծրագրում. սա թույլ է տալիս համոզված լինել, որ երևանցիների ցանկություններն ու Երևանի քաղաքապետարանի ծրագրերը համահունչ են»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

Առաջարկներով նամակներն արկղերից դուրս են բերվում գրեթե ամեն օր և յուրաքանչյուր շաբաթ հասցեաբար ներկայացվում համապատասխան կառույցներին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Սերունդ կրթելու փոխարեն` դեպի խոպան

Գևորգ Ավչյան«Գոնե էս 50 հազար դրամը շուտ տան. էլի մի 3 ամիս «փամփերսի» մասին չեմ մտածի, թե չէ առավոտից իրիկուն տելեվիզրով իրանց ճղում են, թե ինչ անում են, երեխեքի` նոր սերնդի համար են անում: Սուտ ա, ոչ մի տենց բան էլ չկա, երկրորդ երեխես ա ծնվել, ու արդեն դժվարանում ենք պահել-մեծացնել»,- օրերս Քանաքեռ-Զեյթունի սոցապ բաժնի միջանցքում սրտնեղած պատմում էր հազիվ 24-26 տարեկան երիտասարդ մի մայր: Հետո իմացա` անունն Անուշ է:

Երբ արդեն 4-րդ օրն էր, ինչ պետական այս հիմնարկից վազում էի մյուսը` հիվանդանոցից` ՔԱԿԳՎ բաժին` «դասական հայերենով» ասած` ԶԱԳՍ, այնտեղից` նորից հիվանդանոց, այնտեղից` թաղապետարան, թաղապետարանից` սոցապ բաժին, սոցապից` ոստիկանության անձնագրային և վիզաների բաժին, հետո` նորից սոցապ, ընթացքում մի ամբողջ թղթապանակ փաստաթղթերի պատճեններ անելով, այս բյուրոկրատական քաշքշուկի նախավերջին օղակում` անձնագրային և վիզաների բաժնում Անուշին հանդիպեցի: Ուսից կախված «կենգուրուի» մեջ փաթաթված նորածնին գրկած` նա լուռ լսում էր բաժնի աշխատակցուհու ցուցումներն ու փորձում հասկանալ, թե ուր պետք է ներկայացնի երեխայի սոցիալական համարանիշը, որպեսզի ստանա երեխայի ծնվելու կապակցությամբ պետության կողմից միանվագ տրամադրվող նպաստը:
Անուշին ցուցումներ տվող աշխատակցուհին նրան ուղղորդում էր նույն անիմաստ տեղը` թաղապետարան, որտեղ, իբրև, պետք է լիներ սոցապ բաժինը: Քանի որ ընդամենը 2 օր առաջ էի նույն ճանապարհով անտեղի անցել, հետո ինքնուրույն գտել, թե ուր, երբ ու ինչպես պետք է գնամ թղթաբանական ամբողջ շղթան ավարտելու համար, միանգամից մեջ ընկա ու Անուշին ասացի, թե իրականում ուր պետք է գնա: Նա շնորհակալություն հայտնեց ու դուրս եկավ: Նրանից հետո ինձ էլ տվեցին նորածիններին տրամադրվող սոցիալական համարանիշը հավաստող տեղեկանքը, ու ես էլ դուրս եկա: Անուշն անվստահ քայլերով գնում էր իմ մատնանշած ուղղությամբ, ասացի, որ ես էլ եմ սոցապ բաժին գնում, ցանկության դեպքում կարող է ինձ հետ գալ` տեղը հաստատ իմանալու համար: Ուրախացավ ու քայլեց:
Հասանք սոցապ բաժին, գործավարուհին խնդրեց սպասել, մինչև համապատասխան աշխատակցուհին կվերջացներ մեկ այլ քաղաքացու սպասարկելը: Ժամանակը սպանելու համար սկսեցինք դեսից-դենից զրուցել: Այդ ընթացքում հավանաբար իմ հանդեպ Անուշի վստահությունը մեծացավ, հետո էլ երբ իմացավ, որ թերթում եմ աշխատում, մի փոքրիկ պատմություն պատմեց իր մասին:
Անուշի ծնողները բանվոր են, ներկայումս` գործազուրկ: Հինգ տարի առաջ ավարտել է մանկավարժական համալսարանը և այդպես էլ ըստ մասնագիտության աշխատանք չի գտել: Համալսարանն ավարտելուց երկու տարի անց ամուսնացել է: Ամուսնու հետ տեղափոխվել է ապրելու վարձու բնակարանում: Սկզբում ամուսինը պտուղ-բանջարեղենի մի փոքրիկ կրպակ է բացել իրենց բակում ու դրանով սկսել ընտանիքի հոգսը հոգալու համար վաստակել:
«Սկզբում գործերը վատ չէին, ես օգնում էի Հովիկին (ամուսնու անունն է), առևտուր էինք անում ու ապրում: Համենայն դեպս` և՛ տան վարձն էինք վճարում, և՛ մենք էինք կարողանում լավից-վատից ապրել: Գոհ էինք: Բայց ամսից ամիս մեր առևտուրը նստեց` մարդիկ կամաց-կամաց սկսեցին ավելի քիչ այցելել մեր կրպակ, այցելելիս էլ` ավելի քիչ առևտուր անել: Դե բոլորի վիճակն էլ նույնն ա, մարդիկ փող չունեն: Ամուսինս էլ, կրպակի ապրանքը չդատարկվելու համար միշտ թարմ ապրանք էր բերում, ու քանի որ մեր ապրանքը շուտ փչացող էր ու արդեն քիչ էր ծախվում, գործերը սկսեցին վատանալ, կամաց-կամաց պարտքեր սկսեցին կուտակվել: Հարկայինը, սանէպիդկայանը, կրպակի մնացած բոլոր ծախսերն էլ մի կողմից` ամսեամիս ընկանք պարտքերի տակ»,- պատմեց Անուշը:
Երեք տարի առաջ, երբ ծնվեց նրանց առաջնեկը, Անուշի ամուսինը երեխայի քառասունքը դուրս գալուց հետո որոշեց մեկնել արտագնա աշխատանքի` խոպան: Ամուսիններով որոշում են, որ ամուսինը կգնա, բարեկամի մոտ մի քիչ կաշխատի, կվերադառնա: Իսկ Անուշն այն ժամանակ ոչ մի կերպ չէր մտածում Հայաստանը լքելու մասին:
«Ամուսինս գնաց, սկսեց աշխատել, սկսեց նաև գումար ուղարկել: Բայց հետո Ռուսաստանում վիճակը վատացավ, ու նա ամեն անգամ սկսեց ավելի քիչ գումար ուղարկել: Ստիպված էի փոխել վարձով բնակարանը, գումարը չէր հերիքում, իսկ նախկին բնակարանը համեմատաբար ավելի թանկ էր, ամեն կերպ սկսեցի խնայել: Էլի նորմալ էր, չէի դժգոհում»:
Ամուսինը վերադառնում է` իր հետ բերելով մի փոքրիկ գումար, որը փորձում են նոր փոքրիկ գործի մեջ դնել, բայց դարձյալ չի հաջողվում: Անուշի ամուսինը դարձյալ բռնում է Ռուսաստանի ճանապարհը, այդ ժամանակ նրանք սպասում էին երկրորդ երեխային: Ամուսինը հիմա Ռուսաստանում է, Անուշին էլ կանչում է իր մոտ:
«Ասում ա` արի էստեղ ապրենք, որովհետև Հայաստանում չեմ կարողանում գործ անել, երկու անգամ փորձեցի, չստացվեց: Ասում ա, ինքը Ռուսաստանում կարող ա մեզ պահել, քանի որ էդքան աշխատում ա, ու եթե երկու տեղ չլինենք, այլ միասին ապրենք` նորմալ կլինի, ստիպված չի լինի տարվա մեջ կիսատ թողնել գործերն ու գալ մեզ տեսության` ավելի փող ծախսելով: Ես անկեղծ չեմ ուզում մեկնել Հայաստանից, չեմ պատկերացնում, թե ոնց պիտի ապրեմ Հայաստանից դուրս, ես իմ երկիրը շատ եմ սիրում: Բայց արդեն ամենավերջին, ամենակարևոր բանն եմ կորցրել` ապագայի հավատը: Ու երևի ես էլ գնամ ամուսնուս մոտ: Ճիշտ է, Հայաստանի բնակչությունը միանգամից 4 հոգով էլ կպակասի, բայց դե ինչ անեմ, էսպես չի կարող շարունակվել»,- եզրափակեց Անուշը` հավելելով, որ համալսարանն ավարտելիս հույս ուներ` իրեն, որպես լավ սովորած, կրթություն ստացած երիտասարդ ուսուցչուհու, հեշտ կլինի հաստատվել ու կայանալ Հայաստանում, երեխաներին դասավանդել, սերունդ կրթել ու դրանով երջանիկ լինել, քանի որ միշտ էլ հավանել է ուսուցչի կերպարը: Իսկ հիմա ստիպված է լքել իր սիրած Հայաստանը, Երևանը:

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակԱԻՆ հիդրոմետ ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում մայիսի 2-4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 5-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում մայիսի 2-4-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Պաշտոնապես բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը

004

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ և երեխաների հետ միասին մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Երևանցիների սիրված հանգստի գոտին հերթական տարեշրջանը դիմավորում է նոր կենդանատեսակներով ու բարեկարգված տեսքով: Տոնական օրվա շրջանակում այգու տարբեր հատվածներում փոքրիկ այցելուների համար կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ: Երեխաներին դիմավորում էին հեքիաթների սիրված հերոսներն ու ծաղրածուները: Փոքրիկ կենդանասերների տոնական բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտն ապահովված էր ամենուր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այգու տնօրենի ուղեկցությամբ շրջել է այգում, ծանոթացել կենդանիների համար ստեղծված պայմաններին: Այգու տնօրենը մանրակերտի վրա քաղաքապետին է ներկայացրել կենդանաբանական այգու հեռանկարային զարգացման ծրագիրը, ինչպես նաև զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում նախանշված աշխատանքները հիմնականում կատարված են և բոլոր այն պահանջները, որոնք առաջադրվել են քաղաքապետարանի կողմից, հետզհետե կյանքի են կոչվում: Զրուցելով լրագրողների հետ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է բոլորին Աշխատավորների օրվա և կենդանաբանական այգու տարեշրջանի բացման կապակցությամբ և ընդգծել, որ այգու զարգացման ծրագրերը լինելու են շարունակական.  Երևանի կենդանաբանական այգի տարոն«Կարծում եմ կենդանաբանական այգու արդեն մուտքից բոլորիդ համար նկատելի է, որ բավականին աշխատանքներ են տարվել: Եվ իրոք, արդեն իրականացված աշխատանքների ծավալը բավականին տպավորիչ է: Այգու վերակառուցման ծրագիրը մենք բաժանել ենք փուլերի: Այս տարի Երևանի բյուջեում նախատեսել ենք 300 մլն դրամ, որն ուղղվելու է նոր ազատավանդակների կառուցմանը, եղածների վերակառուցմանն ու նորոգմանը, այգու տարածքի կանաչապատմանը, անտառային գոտու ավելացմանը, ոռոգման համակարգի ընդլայնմանն ու մի շարք այլ բարեկարգման աշխատանքներին: Բացի այդ, հրավիրել ենք կենդանաբանական այգիների միջազգային մասնագետների և նախագծողների, ովքեր կառաջարկեն այն չափորոշիչների կիրառումը, որոնք ընդունված են միջազգային համբավ ունեցող կենդանաբանական այգիներում: Ծրագրի երկրորդ և երրորդ փուլերով, 2015-2016թթ-ին մենք ավելի շատ միջոցներ կտրամադրենք կենդանաբանական այգուն:  Մեր ցանկությունն ու նպատակն այն է, որ կենդանիների համար ստեղծենք բնականին առավել մոտ պայմաններ, ինչը, համոզված եմ, նաև այցելուների համար ավելի հետաքրքիր կդարձնի այգի այցելությունը: Իհարկե, ծրագրում ենք նաև նոր կենդանատեսակներով համալրել այգին»,- ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը զրուցել է նաև այցելուների հետ, լսել նրանց կարծիքները: Օգտվելով առիթից բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին` այգում և, առհասարակ, ամբողջ մայրաքաղաքում նկատվող զգալի փոփոխությունների համար:

Անկախ

 

Օկլահոմայում անհաջող մահապատիժ են իրականացրել

pic_c761b33d4795dc41c87bc1f8112fdb07ԱՄՆ-ում հնարավոր է ժամանակավոր դադարեցնեն մահապատիժների ի կատար ածումը, Օկլահոմայի բանտերից մեկում անհաջող փորձի հետևանքով դատապարտյալի տանջանքների պատճառով: Մահվան դատապարտված Քլեյթոն Լոքեթը մահացել է  դատավճռի ի կատար ածումից 40 րոպե անց: Բժիշկներն այդ ընթացքում մտածել են, որ փորձն անհաջող է եղել և պետք է դատապարտյալին փրկել, սակայն դա նույնպես չի հաջողվել: Նա, վերջիվերջո, մահացել է տառապալի մահով, ինչը հակասում է ամերիկյան սահմանադրությանը: Դա իշխանություններին հարկադրել է մտածելու մահացու ներարկումների նպատակայնության մասին:

Լոքեթը սասրափեցրել է բանտի անձնակազմին. Երբ բժիշկը նրան մահացու ներարկում կատարեց, տղամարդը բարձրացրեց գլուխն ու սկսեց ինչ որ բան փնթփնթալ: Մահապատժին հետևողներն ականատես եղան նրա տանջալի հոգևարքին.նրանց խոսքով, տղամարդը ցավից կծկվում էր: Եվ միայն մահապատժի սկզբից 40 րոպե անց նա մահացավ սրտի անբավարարությունից: Բժիշկները պարզաբանեցին, որ ներարկումից հետո Լոքեթի զարկերակը բառացիորեն պայթել է ու «մահացու կոկտեյլն» ազդել է ինչպես, որ պետք էր:

Լոքեթը դատապարտվել էր 2000-ին` անչափահասի առևանգման ու բռնաբարության, ապա  նրա վրա կրակելու ու կենդանի թաղելու համար: Մի բանտարկյալ էլ է մահապատժի դատապարտվել մեկամյա աղջնակի բռնաբարության, ապա սպանության համար: Նա պետք է նույն մեթոդով մահապատժի ենթարկվեր Լոքեթից 2 օր հետո: Սակայն. Չարլզ Ուորների մահապատիժը հետաձգվել է առնվազն 2 շաբաթով, մինչև կպարզեն անհաջող  ներարկման հետ կապված խնդիրը:

Անկախ

Բնակիչը սպառնում էր 1 տարեկան երեխայի հետ նետվել ձորը

փրկարարՄայիսի 1-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ Կ.Ս-ն (մոտ 55 տարեկան) սպառնում է 1 տարեկան երեխայի հետ նետվել ձորը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է թիկունքից մետենալ Կ.Ս.ին և ոստիկանների հետ համատեղ կանխել վտանգը. երեխան վնասվածքներ չի ստացել:

«Աստվածահաճո են այն իշխանությունները, որոնք աշխատանքով հարստանալու հնարավորություն են ստեղծում»

124736

Հեռուստահաղորդավար Վահե Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով շնորհավորել է աշխատավորների միջազգային օրը: Նա գրել է.

“Ծույլ մարդը ոչ մի վատ բան չի անում, վնաս չի տալիս, չարիք չի գործում, սակայն ծուլությունը համարվում է մահացու մեղք:

Բողոքականները կարծում են, թե ամբողջ ուժով և ընդունակությամբ աշխատողի համար դրախտի դռները բաց են: «Ֆաուստի» հերոսը առաջ է քաշում ենթադրություն, թե «Ի սկզբանե գործն էր»: Ասել է թե, գործն է մարդուն ստեղծել: Թումանյանը քաղաքակրթական ընտրության մասին պատմող հրաշալի պոեմում հարկ է համարում հիշեցնել, որ «Գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար»: Ասել է թե, անմահության տանող ճանապարհը գործն է: Իրականում մարդու և հանրության բարեկեցության աղբյուրը պատերազմը, թալանը, կողոպուտը չեն, այլ ազնիվ աշխատանքը: Աշխատանքն է բարիք ստեղծելու և մարդու կենսական պահանջները բավարելու պայմանը, առաջադիմության և զարգացման գրավականը: Այս առումով Աստվածահաճո են համարվում այն իշխանությունները, որոնք կարողանում են գործ անելու ազատություն և աշխատանքով հարստանալու հնարավորություն ստեղծել:

Շնորհավոր աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը: Մաղթում եմ անսպառ եռանդ և գործնական մեծ հաջողություններ”:

 

Անկախ

Փրկարարները բացել են փակ դուռը

փրկարարներՄայիսի 1-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Մայիսի 1-ին, ժամը  11.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 53 շենքի 7-րդ բնակարանից ջրալցվում է թիվ 2 բնակարանը, ջրի հոսքը դադարեցնելու համար հարկավոր է մուտք գործել 7-րդ բնակարան, որի բնակիչը բացակայում է քաղաքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Մայիսի 1-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուրգեն Մահարի փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի սանհանգույցի դուռը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի սանհանգույցի դուռը:

 

ԱՄՆ-ում բացվել է կատուների առաջին սրճարանը

0b9da8632b60a83275919f3427f500d0Նյու Յորքում բացվել է կատուների առաջին սրճարանը, որտեղ կարելի է ոչ միայն ըմպել սուրճ, այլև խաղալ ընտանի կենդանիների հետ, այս մասին գրում է  Аргументы и факты-ն:

Հաստատությունը չի տարբերվում կերկուրների իր տեսականիով. այստեղ կարելի է խմել միայն սուրճ և մի քանի այլ ըմպելիքներ: Սակայն հաճախորդները միշտ գտնվում են սիրելի կենդանիների շրջապատում: Նրանց կարելի է շոյել կամ էլ խաղալ հետները: Ընդհանուր առմամբ սրճարանում ազատ զբոսնում է քսանմեկ կատու:

Սրճարանի այցելուների շարքում են այն կատվասերները, որոնք ինչ-ինչ պատճառներով   ի վիճակի չեն իրենց տանը կենդանի պահել: Այդ սրճարան են այցելում նաև պարզապես հետաքրքրասերներ և լուսանկարում են անսովոր հաստատությունը:

 

 

Դարտ Վեյդերը որոշել է Կիևի կամ էլ Օդեսսայի քաղաքապետ դառնալ

o_940686Կիևի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը գալակտիկական մասշտաբների է հասնում: Դարտ Վեյդերը դարձել է ընտրությունների պաշտոնական թեկնածու, որոնք կանցկացվեն մայիսի 25-ին` նախագահականի հետ միաժամանակ: Ընտրական կոմիտեում հայտնել են, որ նրա ներկայացրած փստաթղթերը լրիվ համապատասխանում են օրենսդրությանը:

«Ուկրաինայի ինտերնետ-կուսակցության»  առաջնորդի տեղակալը, որը թաքնվում է «Աստղային պատերազմների» կուլտային չարագործի դիմակի տակ, մտադիր է պայքարել նաև Օդեսսայի քաղաքապետի պաշտոնի համար: Նրան նույնպես ընտրելու են մայիսի 25-ին:

Անկախ

Մայիսի մեկն այլևս նույն շուքով չի նշվում, այլ սիմվոլիկ՝ որպես հերթական հանգստյան օր. Գագիկ Մակարյան

Գագիկ ՄակարյանՀայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձանագրեց, որ մայիսի մեկն այլևս նույն շուքով չի նշվում: «Օրը շատ կարևոր է, և անհրաժեշտ է գիտակցել այս տոնի արժեքը: Նախկինում տոնի խորհուրդն ավելի մեծ էր, մարդիկ աշխատում էին, բավարարված էին իրենց աշխատանքից, հետևաբար հաճույքով նշում էին, իսկ այսօր Հայաստանում կարծես օրը սիմվոլիկ է նշվում՝ որպես հերթական հանգստյան օր», – ասաց Գագիկ Մակարյանն:

Նա անդրադարձավ աշխատաշուկայի հիմնական խնդիրներին` արձանագրելով, որ կուտակային կենսաթոշակների հետ կապված սկանդալն իզուր չէ հասունանում. «ՀՀ-ն դեռ պատրաստ չի կուտակային բարեփոխումներին, հույս ունեմ, որ նոր կառավարությունը կկասեցնի կուտակային վճարների իրականացումը»:

Մակարյանը նշեց, որ  նոր կառավարության ու վարչապետի փորձառության հետ մեծ հույսեր է կապում:  «Վարչապետը պիտի կարողանա կոնսոլիդացնել բոլոր ուժերին, հանել առկա լարվածությունը, մեծացնել վստահության մակարդակը կառավարության նկատմամբ և լուծել որոշ առաջնահերթ խնդիրներ», – եզրափակեց բանախոսը:

 

«Ոչ ոք իրավունք չունի աշխատել շաբաթը 48 ժամից ավել և, առավել ևս, ոչ ոք իրավունք չունի աշխատեցնել 48 ժամից ավելի». Արմեն Պողոսյան

Արմեն ՊողոսյանԱշխատավորության օրվա առիթով հրավիրված ասուլիսին այսօր «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ Հայաստանում և ընդհանրապես աշխարհում ոչ ոք իրավունք չունի աշխատել շաբաթը 48 ժամից ավել և, առավել ևս, ոչ ոք իրավունք չունի աշխատեցնել 48 ժամից ավել:

Արմեն Պողոսյանն անդրադարձավ նաև թաքնված զբաղվածության խնդիրներին: Վերջինս նշեց, որ շատ մարդիկ աշխատում են առանց օրենսդրական գրանցումների: Այսինքն` հարկեր չեն վճարում և թոշակի տարիներին խնդիրներ կունենան:

«Միջին աշխատավարձը 157 000 դրամ է, սպառողական զամբյուղի ամենակենսական մասը` 37 000 դրամ, 50 000 դրամ` ընդհանուր սպառողական զամբյուղը: Հաշվարկները ցույց են տվել, որ մեր ընտանեկան եկամտի 60-65%-ը  գնում է սննդի վրա, էլ չեմ ասում կոմունալ ծախսերը, իսկ տակն ի՞նչ մնաց: Մարդը չի ծնվել պոմիդոր կամ կոշիկ սպառելու համար, բա ու՞ր մնաց կյանքի հոգևոր մասը: Մարդիկ չեն հիշում, թե ե՞րբ են վերջին անգամ եղել թատրոնում կամ օպերայում: Սա ապրելու ձև չէ»,-ասաց Արմեն Պողոսյանը` հավելով, որ Կառավարության վերջին փոփոխություններն էլ լավ ապագայի ոչ մի հույս չեն ներշնչում:

 

Մոսկվայում մայիսմեկյան շքերթին մասնակցել է 100,000 մարդ

RussiaMayDayՄայիսի մեկի կապակցությամբ շուրջ 100,000 մարդ շքերթով անցել է Կարմիր հրապարակով: Սա 1991թ-ին Սովետական միության փլուզումից հետո Կրեմլի մոտ գտնվող հրապարակում ամենամյա շքերթի կազմակերպման առաջին դեպքն է:

Արհմիությունների կազմակերպած հինգշաբթի օրվա շքերթը նվիրված էր աշխատավոր մարդուն: Այն նաև նշում էր Ղրիմի միացումը Ռուսաստանին:

Շքերթի մասնակիցները պարզել էին «Արձակուրդներին գնանք Ղրիմ» և «Պուտինը ճիշտ է» գրություններով պաստառներ: Ամբոխի գլխավերևում ծածանվում էին Ռուսաստանի դրոշներ:

Անցած տարիների ընթացքում կոմունիստները, պահելով մայիսի մեկի ավանդույթը, շքերթներ են կազմակերպել Մոսկվայի կենտրոնական հատվածներում, սակայն նրանց թիվը էականորեն նվազ է եղել:

 

Ուկրաինան Ռուսաստանի հարցով Հաագայի դատարան կդիմի

673px-International_Criminal_Court_logo.svg_-390x290Ուկրաինան մտադիր է միջազգային դատարան դիմել` Ռուսաստանին Ղրիմի հարցով պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Դրա մասին  տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները` հղում անելով Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյին:

Նա ուկրաինական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ հայց է նախապատրաստվում Հաագայի միջազգային դատարան դիմելու համար` Ռուսաստանին «Ղրիմն օկուպացնելու» հարցով պատասխանատվության ենթարկելու նպատակով: Հայցով կզբաղվեն Եվրոպայի ու Ամերիկայի իրավաբանները:

Բացի այդ, Ուկրաինան կդիմի Ստոկհոլմի արբիտրաժային դատարան: Ավելի վաղ Ուկրաինան արդեն հայցով դիմել է Եվրոպական դատարան` մարդու իրավունքների գործով:

Անկախ

Հետախուզվող կինը` Երևանյան փողոցում

ոստիկանություն3Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 30-ին, ժամը 08.15-ին, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7 շենքի մոտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ն, որը ապրիլի 12-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Շենգավիթի բաժին:

Անկախ

Վերջապես ե՞րբ են լուծվելու անօթևան միայնակ տարեցների կացարանային խնդիրները

New Picture (1)Գյումրիում ծանր վիճակում հայտնված բազմաթիվ անօթևան միայնակ տարեցներ չեն համաձայնում տեղափոխվել բնակվելու Գյումրու ծերերի տուն-ինտերնատ:

Առնվազն մեզ՝ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս համար այնքան էլ պարզ չէ, թե ինչու են անօգնական միայնակ տարեցները գերադասում շարունակել ապրել խոնավ և ցուրտ վագոն-տնակներում: Կարծում ենք՝ նրանց անօգնական վիճակից հանելու, միայնակ տարեցներին ծերերի տուն-ինտերնատներում տեղավորելու խնդրում պետք է մասնակցություն ունենան նաև տեղական իշխանություններն ու սոցիալական ծառայողները: Առհասարակ, հրատապ է դարձել նաև պետության կողմից երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան չճանաչված ընտանիքների և հատկապես միայնակ տարեցների համար սոցիալական բնակարանային ծրագրի իրականացումը:
Ծանր կացարանային պայմաններում բնակվող միայնակ տարեցներից մեկի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

 

 

Անկախ

«Աշխատողների իրավունքները դժվար կլինի պաշտպանել, քանի դեռ մեր ձեռնարկությունները չունեն արհմիություններ». Կարեն Թումանյան

Կարեն Թումանյան1856 թվականի ապրիլի 21-ին Ավստրալիայում  մի շարք հասարակական կազմակերպություններ սկսեցին պայքարել, որպեսզի օրական աշխատանքային 16 ժամը դառնա 8: Իսկ Հայաստանում այսօր գրեթե ոչ ոք չի կարող փաստել, որ ինքն օրական 8 ժամ է աշխատում: Մեր երկրում աշխատողների իրավունքները միջազգային նորմերի համաձայն պաշտպանված չեն: Աշխատավորների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Աշխատավորների շահերի պաշտպանություն» շարժման ղեկավար Կարեն Թումանյանը:

Վերջինիս խոսքով` կարելի ասել, որ մարդն աշխատում է իր պայմանագրի համապատասխան, համապատասխան վարձավճարով: Բայց առաջնային խնդիրը այն է, որ Հայաստանում ձեռնարկությունների մեծ մասը չունեն արհմիություններ, եղածներն էլ ձևական բնույթ են կրում: Աշխարհի ամենահայտնի ընկերություններն ունեն արհեստակցական միություններ:

«Պետական մոտեցման բացակայություն կա մեր երկրում: Մինչև արհեստակցական միությունների մասին օրենքում փոփոխություններ չկատարվեն, չմտցվի պարտադիր բաղադրիչը, դժվար կլինի ինչ-որ բան փոխել աշխատավորների իրավունքների պաշտպանության հարցում: Ձեռնարկությունը գրանցվելուց պետք է ներկայացնի հայտ, որ ունի գրանցված արհեստակցական միություն: Այսօր բոլոր խոշոր ձեռնարկությոններն իշխանական խավի ձեռքին են և գործում են ամենթողության սահմաններում: Եվ եթե չկան արհեստակցական միություններ, Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող որևէ ազդեցություն ունենալ սեփական հիմնարկների վրա»,-ասաց Կարեն Թումանյանը` հավելելով, որ իրենց կազմակերպությունը օրենքում փոփոխություններ կատարելու խնդրանքով դիմել է ՕԵԿ-ին, վերջինս խոստացել է ԱԺ-ում առաջ քաշել այդ խնդիրը:

 Անկախ