Հոգեմետ դեղահաբեր

հոգեներգործուն դեղահաբերՈստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ և Մարտունու բաժնի ծառայողները մայիսի 20-ին, ժամը 13.50-ին, այցելել են 1983 թ. ծնված Հերմինե Գ.-ի բնակարանում: Ոստիկանության ծառայողների պահանջով նա ներկայացրել է «Ազալեպտին»` 2, «Ցիկլոդոլ»` 11, «Դիազեպամ»` 23 և «Հալոպերիդոլ» 57 տեսակի հոգեմետ դեղահաբեր:
Հերմինե Գ.-ն հայտնել է, որ նշվածը պատկանել է հանգուցյալ ամուսնուն /մահացել է 2014 թ.-ին/:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

բերման է ենթարկվելՄայիսի 21-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողները ավտոկայանի տարածքից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1944 թ. ծնված Պավել Խ.-ին: Նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է ստվարաթղթի մեջ լցված 3,79 գ կանեփանման զանգված:
Ըստ Պավել Խ.-ի հայտարարության` հայտնաբերվածը թմրանյութ է, որը քաղել է 2012 թ. սեպտեմբերին, Սարահարթ գյուղի հանդամասից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Խոզերի առջև մարգարիտներ շաղ չեն տալիս. Շարմազանովն՝ ի պատասխան Զուրաբյանի աստվածաշնչյան հղումների

Լևոն ԶուրաբյանԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքում ասված էր. ՛՛Այն պահից սկսած, երբ Հայ ազգային կոնգրեսը մուտք գործեց Հայոց խորհրդարան, սա արդեն երրորդ անգամն է, ինչ իշխող Հանրապետական կուսակցության կառավարութունը Ազգային ժողով ծրագիր է բերում հաստատման: Նախորդ երկու դեպքերում՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից և 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո մեր գործը բավականին հեշտ էր. մենք պետք է վերաբերմունք հայտնեինք մի կառավարությանը, որի բերած փաստաթուղթն  որևէ իմաստ չկար քննարկելու, քանի որ այն գործում էր 2008 թվականից ի վեր և արդեն ամենամիամիտներին էլ ապացուցել էր իր կոռումպացվածությունն ու ոչ-կոմպետենտությունը: Այսօր  թվում էր,  թե խնդիրն  ավելի բարդ պիտի լիներ. նախ, որովհետեւ դեռ մարտի մեկի հանրահավաքում տված խոստման համաձայն Տիգրան Սարգսյանի կառավարությունն ընկավ՝ շնորհիվ մեր՝ խորհրդարանական ՛՛հրաշալի՛՛ քառյակի ջանքերի, ուստի  մենք պետք է շահագրգռված լինեինք ցույց տալու ժողովրդին, որ տեղի է ունեցել դրական փոփոխություն:
Եւ, երկրորդը, այնուամենայնիվ, ֆորմալ առումով մենք գործ ունենք մի վարչապետի հետ, որը երբեք այդ պաշտոնում չի եղել, լի է երիտասարդի ավյունով, անժխտելի կենսախնդությամբ ու ընդդիմադիրներին իր ազգանպաստ գործերին մասնակից դարձնելու անխոնջ ձգտումով: Այստեղ է, որ ինչպես միշտ, ծանր պահերին, մեզ օգնության է գալիս Աստվածաշունչը: Ըստ Մաթեւոսի Ավետարանի Է գլխի. «Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել»: Իսկ մենք շատ լավ գիտենք, թե այս կառավարությունը որ ծառից է: Այդ ծառը կոչվում է Սերժ Սարգսյանի ղեկավարած հանրապետական ավազակապետական ռեժիմ, մի ռեժիմ, որը կեղծված ընտրությունների միջոցով երկրում յուրացրել է իշխանությունը, եւ որի միակ գործը տարիներ շարունակ եղել է ժողովրդի ունեզրկումն ու թալանը: Աստվածաշնչի նույն տեղում, «հափշտակող գայլերին» վերաբերող տողերում գտնում ենք նաեւ հետեւյալ բառերը. «Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց»: Ի՞նչ է մեզ հուշում Աստվածաշունչը. որ ոչ թե հավատանք «ոչխարի հանդերձանքով» մեզ մատուցվող թղթի կտորներին, այլ  ճանաչենք ձեզ, ձեր առաջին իսկ գործերով: Իսկ այս կարճ ժամկետում նոր ձեւավորված կառավարությունը մի քանի կարեւորագույն քայլ է կատարել, որոնք բացում են նրա ամբողջ էությունը: Եթե դուք չեք հասկանում՝ ինչ ազդանշան եք տվել Հայաստանի ու ողջ միջազգային հանրությանը, ապա ես կարող եմ բացատրել՝ սրանով դուք ազդարարում եք, որ մենաշնորհային տնտեսությունը, պետական իշխանության չարաշահումն  այլեւս պաշտոնապես վերածվում են պետական քաղաքականության: Իսկ այն պարզաբանումները, որ իբր այդ մարդիկ խոստացել են ձեզ այսուհետ չշարունակել զբաղվել բիզնեսով, չչարաշահել պետական իշխանության լծակները, ուղղակի ծիծաղ են հարուցում: Խորհուրդ կտայի կազմակերպել կառավարության անդամների կոլեկտիվ ինքնախոստովանություն եւ գործուն զղջում հենց այստեղ՝ ԱԺ դահլիճում, որ ինքնամաքրման  այս թատրոնն  ավելի համոզիչ լինի:

Չորրորդ քայլը, որ դուք կատարել եք այս ընթացքում, նույնքան պերճախոս է. դա պարտադիր աուդիտի ոչնչացումն է եւ այսպես կոչված այլընտրանքային հարկային ստուգումների մասին օրենքը  շրջանառության մեջ դնելը: Սրանով դուք փորձում եք ոչնչացնել խոշոր ձեռնարկությունների նկատմամբ ներդրողների եւ հանրության վերահսկողության առաջին իսկ ծիլերը: Ըստ էության, դրդում եք գործարարներին, որ նրանք ոչ թե բաց հաշվապահություն պահեն եւ ստուգված տեղեկություններ մատուցեն ներդրողներին, հանրությանն ու հարկային մարմիններին, այլ գնան ստվերային բանակցությունների ու գործարքների հարկային տեսչության հետ՝  պարարտ հող ստեղծելով կոռուպցիայի, բիզնեսի եւ իշխանության սերտաճման եւ ստվերային տնտեսության ընդլայնման համար՝ ի հաշիվ մրցակցային տնտեսության զարգացման: Ի դեպ, սա առանց չափազանցության կարելի է համարել Գագիկ Խաչատրյանի նշանակման հետ կապված վերոհիշյալ մանիֆեստի երկրորդ կետը:

Ամենակարեւոր բանը, որը ցցուն կերպով դրսեւորվեց այս քննարկումների ընթացքում, դա Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգի գլխավոր արատն է՝ բիզնեսի եւ իշխանության կատարյալ սերտաճումը: Այսօրվա Հայաստանի բոլոր կառավարիչները՝ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկա վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը եւ այլք  օլիգարխներ են, այսինքն մի քանի մեծահարուստներ, ովքեր ընտրակեղծիքներով կենտրոնացրել են իրենց ձեռքում ամբողջ պետական իշխանությունը եւ այն օգտագործում են բացառապես ժողովրդի ունեզրկման եւ սեփական հարստացման նպատակով:

Հիմա կադրային նորությունների մասին: Այս հարցում նույպես կարծես իշխանությունը որոշել է պարզություն մտցնի: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ողջ հանրապետությունում պեղվել ու կառավարության անդամ են նշանակվել Հայաստանի ամենավարկաբեկված, ամենաօդիոզ եւ ամենակոռումպացված պետական պաշտոնյաներին, ում հետեւից երկարաձգվում է անթիվ մեղադրանքների եւ հանցանքների մի ամբողջ շլեյֆ: Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Խաչատրյանի մասին շատ խոսվեց: Բայց ինչով է նրանցից պակաս օրինակ Երվանդ Զախարյանը: Նա  մի մարդ է, որի նկատմամբ քրեական գործ էր հարուցված եւ որին փնտրում էր Հայաստանի արդարադատությունը՝ հայտնի «մազութի գործի» շրջանակներում`  կորած 4 միլիոն 200 հազար դոլարի հետքերը գտնելու նպատակով, սակայն Զախարյանը փախուստի էր դիմել եւ այդպես էլ պատասխան չտվեց քննության կողմից բարձրացված հարցերին: Հաջորդը՝ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան, եւս մի հետաքրքիր կերպար, որին Հայաստանի ողջ հանրությունը բառիս բուն իմաստով հայհոյում է Երեւանի ճարտարապետական տեսքի աղավաղման, պատմամշակութային նշանակություն ունեցող շենքերի ապամոնտաժման, Հրազդանի կիրճի, Օպերայի, Օղակաձեւ զբոսայգու կանաչ տարածքների ոչնչացման եւ քաղաքաշինական բոլոր նորմերի խախտումով Երեւանի կենտրոնի կառուցապատման, հասարակ հազարավոր քաղաքացիների ունեզրկման համար: Մյուսը՝ արդարադատության նախարար է նշանակվում Հովհաննես Մանուկյանը, որը պաշտոնական հայտարարագրերի համաձայն միլիոնատեր է եւ որին բոլորը ճանաչում են որպես դատական համակարգում անխափան գործող կոռուպցիոն բուրգի գլխավոր ճարտարապետ եւ մարտի մեկի գործերով քաղբանտարկյալներին ապօրինի բռնաճնշումների ենթարկելու համար դատական համակարգի օգտագործման գլխավոր համակարգող: Էլ ում ասեմ: Ում անունը տամ: Ով է նորանշանակներից որեւէ բիզնեսի հետ չկապված հրեշտակ՝ Դավիդ Հարությունյանը, թե Կարեն Ճշմարիտյանը: Ուղղակի ժամանակի սղության պատճառով այս խոսակցությունը չեմ շարունակում եւ միայն փաստում եմ, որ այս կառավարության կազմում հայտնի չեն որպես գործարար ընդամենը 4 մարդ: Իշխանության նման որակն,  իհարկե, մեզ համար, նորություն չէ: Բայց մինչեւ վերջերս կար մի հետաքրքիր երեւույթ. իշխանությունը, գիտակցելով միջազգային հանրության մոտ, դեմոկրատական կառույցներում, միջազգային ֆինանսական կառույցներում ընդունելի, դինամիկ, երիտասարդ եւ ինտելեկտուալ իմիջ ունեցող դեմքերով ներկայանալու կարեւորությունը, պահում էր իր առանցքային կոռուպցիոներներին ստվերում, իսկ առանցքային պաշտոններում «դեմ տալիս» քիչ, թե շատ մարդկային դեմք ունեցող կրթված երիտասարդներին: Այսինքն, փորձում էր, թույլ տվեք այսպես ասել, ներկայանալ որպես «ավազակապետություն մարդկային դեմքով»: Այսօր, կոռուպցիայի բրոնտոզավրների բացահայտ նշանակումը առանցքային պաշտոններում կարեւոր շրջադարձային կետ է: Ավազակապետությունն,  ըստ էության,  ստիպված է դեն նետել դիմակները, հրաժարվել երիտասարդ տեխնոկրատներից կազմված կենդանի վահանով պաշտպանվելու քաղաքականությունից, եւ անձամբ ստանձնել օլիգարխիայի դիրքերի պաշտպանությունը: Այս դիմակազերծումն, իրականում, վկայում է այն մասին, որ ռեժիմի վերջին ռեսուրսներն այլեւս սպառված են: Սա օլիգարխիայի վերջին ճիչն է : Ո՞րն է մեր եզրահանգումը. Աստվածաշունչն այդտեղ էլ մեզ մենակ չի թողնում. «Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրում եւ կրակի մեջ է գցվում»: Ժամանակն է վարվել ըստ Աստվածաշնչի, եւ ազատել մեր ազգը այս կործանարար ռեժիմի ճանկերից: Ամեն՛՛:
Լևոն Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չկարողացավ զսպել վրդովմունքը և հորդորեց ՀԱԿ պատգամավորին Սուրբ գրքից հղումներ չանել. ՛՛Չի կարելի այստեղ գալ, դատավորի դեր ստանձնել, գրված է ելույթ ունենալ, ելույթ ունեցեք կոռեկտության սահմաններում: Բայց ինչպես ասում են՝ խոզերի առջև մարգարիտներ շաղ չեն տալիս. դուք ո՞ւր, կոռեկտությունն ո՞ւր՛՛:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 21-ից 22-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 19-ը, խարդախության 13 դեպքից` 12-ը, յուրացման 2 դեպքերն էլ բացահայտվել են:
Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, կողոպուտի և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բախվել են երկու «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ

շտապօգնություն1Մայիսի 21-ին, ժամը 23.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել երկու «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ներից մեկի 2 ուղևորները և մյուսի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթեր Երևանում և Վանաձորում

վրաերթՄայիսի 21-ին, ժամը 20.00-ին, «ԳԱԶ-322132» մակնիշի երթուղային ավտոմեքենայի վարորդը Երևանի Ս. Տարոնցու փողոցում վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 21-ին, ժամը 08.45-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 32 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 21-ին, ժամը 09.45-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Հրդեհ` Հայանիստ գյուղի խանութում

հրդեհՄայիսի 22-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հայանիստ գյուղի խաչմերուկում խանութ է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրդեհ է բռնկվել 1969 թ. ծնված Սաթենիկ Թ.-ին պատկանող, Հայանիստ գյուղի Հ. Բժշկյանց փողոցի թիվ 6 հասցեում գտնվող խանութում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 03.20-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Վնասի չափը պարզվում է:
ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստվում են նյութեր:

Զենք-զինամթերքը կամավոր հանձնել են ոստիկանություն

Զենք-զինամթերքՄայիսի 21-ին, ժամը 12.30-ին, 1968 թ. ծնված Գյուլվարդ Խ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի պահունակ և տարբեր տրամաչափի 187 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաաքննության:

***
Մայիսի 21-ին, ժամը 19.50-ին, 1957 թ. ծնված Ֆրունզիկ Ս.-ն ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Մայիսի 21-ին, ժամը 11.00-ին, 1972 թ. ծնված Ստեփան Թ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ-66» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Մայիսի 21-ին, ժամը 15.00-ին, 1971 թ. ծնված Խաչիկ Ս.-ն ոստիկանության Մարտունու բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Մայիսի 21-ին, ժամը 17.30-ին, 1967 թ. ծնված Գրիգոր Հ.-ն ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 76 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Մայիսի 20-ին, ժամը 20.30-ին, 1959 թ. ծնված Ջիվան Պ.-ն ոստիկանության Գառնիի բաժանմունքում կամավոր ներկայացրել է 7.62 մմ տրամաչափի, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` առանց փամփշտատուփի:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Մայիսի 19-ին, ժամը 10.45-ին, 1957 թ. ծնված Գոհար Ա.-ն ոստիկանության Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել է 9 մմ տրամաչափի «ՈՒԶԻ» տիպի ինքնաշեն ինքնաձիգ և 9 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Անկախ

Արմեն Ռուստամյանը հույս ունի, որ նոր Կառավարությունը հնի նման չի փորձի արդարացնել տնտեսական անկումը բնակլիմայական պատճառներով

Արմեն ռուստամյանԱԺ-ում Կառավարության ծրագրի մասին խմբակցության անունից ելույթում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հանդես եկավ այս տեքստով. ՛՛Ինչո՞ւ փոխվեց Կառավարությունը, այս հարցի պատասխանը ոչ ոք չի ուզում տալ` առաջին հերթին, իհարկե, իշխանության ներկայացուցիչները: Ինչու եք փոխել վարչապետին , եթե նա լավն էր: Եթե լավն էր` թող մնար:Իսկ եթե փոխում ենք, որ առաջընթաց ապահովենք, որը տրամաբանական կլիներ,  լավ,  բա չի՞ բացատրվում` ի՞նչն ենք ուզում փոխել:  Եթե ուզում ես առաջընթաց, պիտի շարժվես բացասման բացասումի օրենքով, որը նշանակում է՝ պետք է հստակ ասենք` որոնք են բացասական երևույթները, որոնք`դրական կողմերը: Նոր Կառավարությունը շատ լավ գիտի, թե ինչու փոխվեց նախորդը: Ուղղակի քաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ պետք չէ բարձրաձայնել, բայց ուզում եմ հավատալ, որ իրենք գոնե հոգու խորքում գիտեն` ինչու փոխվեց ու ինչ է պետք փոխել: Այս ծրագիրն այն չէ, ինչ պետք է լիներ, բայց հույս ունեմ, որ նոր Կառավարությունը կունենա այնքան ողջամտություն, որ նախորդի նման աբսուրդ պատճառաբանություններ չներկայացնի` արդարացնելով տնտեսական անկումը  բնակլիմայական պատճառներով՛՛:

Բերդի զարգացման մշակութային ու զբոսաշրջային այցեքարտը

բերդԹանգարանային գիշերը Բերդի թանգարանի դռները նույնպես բաց էին արվեստասեր այցելուների առաջ:
Տավուշի մարզի Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանն այս տարի ունեցել է երկու հազարից ավելի այցելու: Այդ ցուցանիշը, անցած տարվա համեմատ, կրկնապատկվել է: Այցելուների հոսքը մեծ է եղել հատկապես ապրիլի 24-ին և մայիսի 9-ին:
Տուֆակերտ թանգարանը «Սորան» ազգային պարկի հարևանությամբ գործում է արդեն 33 տարի և այժմ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ է: Թանգարանում են պահպանվում տարածաշրջանի հնագիտական պեղումների գտածոները` սափորներ, ջրամաններ, պղնձե, կավե թասեր:
Ցուցադրվող խողովակները, ի դեպ, վկայում են, որ Տավշո ամրոցն ապահովված է եղել ջրամատակարարմամբ: Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից` կավե փողրակներով, որոնց մնացորդները պահպանվել և այժմ գտնվում են Բերդի թանգարանում:
«Թանգարանը քաղաքի կենտրոնից հեռու է, այդ պատճառով այցելուների թիվը մեծ չէ: Հիմա քննարկվում է, որ քաղաքի կենտրոնում կամ քաղաքապետարանի առաջին հարկում և կամ մեկ այլ հարմար սրահում ցուցադրություն ներկայացնենք: Մեկը քաղաքապետարան է գալիս, մեկը` սոցապ ծառայություն, մարդիկ նաև պարապ են, և քաղաքի կենտրոնական մասում մարդկանց հոսքն ու շարժը մեծ է: Կարծում ենք, որ այդ կերպ հնարավոր կլինի ապահովել շամշադինցիների ու Բերդ այցելած հյուրերի հաղորդակցումը մեր մշակույթին ու թանգարանային արժեքներին: Մեր կանխատեսմամբ` օրը 50 մարդ կդիտի ցուցադրությունը: Իսկ տոնական օրերին մարդիկ կարող են գալ արդեն թանգարան: Նաև մտածում ենք ֆինանսական մեխանիզմի ստեղծման մասին, որով հնարավոր լինի հոգալ թանգարանի խնդիրները»,- «Անկախի» թղթակցի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը:
Թանգարանում պահպանվող ցուցանմուշներն ամբողջական պատկերացում են տալիս Բերդի տարածաշրջանի կենցաղի, մշակույթի, ավադույթների մասին: Առանձին բաժիններ են հատկացված անասնապահական, գյուղատնտեսական իրերի ցուցադրությանը: Ներկայացված են հին հայկական կարպետներ, գորգեր, ասեղնագործ աշխատանքներ: Բերդցիները խնամքով պահպանում են նաև հարևան Ադրբեջանի նվերը` Ստեփան Շահումյանի պատկերով գույնզգույն գորգը:
բերդ2Թանգարանի աշխատակից Զինա Բադալյանի խոսքով` հնագույն գտածոների տարիքը դեռևս հստակեցման կարիք ունի, ուստի այս պահին չի կարող ասել` որն է թանգարանի ամենահին ցուցանմուշը: Թանգարանն ունի տատիկի, մոր և մանկան անկյուններ, ներկայացված են հնագույն նվագարաններ: Բերդցի նկարիչ Միշա Հովհաննիսյանի գծանկարները թանգարանը պատկերասրահի է վերածել: Ներկայացված են հայ գրականության, գիտության, մշակույթի, արվեստի, շախմատի, թատերարվեստի ու կինոյի մեծերի` Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի, Հրաչյա Ներսիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Մհեր Մկրտչյանի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի դիմանկարները: Ցուցադրվում են նաև քաղաքի նկարիչ Ռոմեո Մելիքյանի կտավները:
Թանգարանի ֆոնդերում պահպանվում են նաև Արցախյան ազատամարտին և Մեծ հայրենականին մասնակցած ու կյանքը նվիրաբերած տավուշցիների ու ընդհանրապես հայ հերոսների մասին իրեր, փաստեր ու լուսանկարներ:
Մշակույթի նախարարության աջակցությամբ թանգարանի շենքում այժմ մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Միաժամանակ մշակույթի նախարարության հետ միասին քննարկվում է արգելոց-թանգարանի ստեղծման գաղափարը: Նախատեսվում է ամբողջական համալիրում ընդգրկել Տավշո և Կիկլոպյան ամրոցները, բերդցիներին հայտնի Ղալի քարը, «Սորան» ազգային պարկը` մոտ վեց հեկտար տարածք: «Եթե կարողանանք ցանկապատել, դիտահրապարակներ պատրաստել, եթե Ղալի քարի վրա` անդունդի եզրին, դիտահրապարակ ստեղծենք, կգան մարդիկ, դա աշխարհում զբոսաշրջության մեջ կիրառելի մեթոդ է, էքստրեմալ տուրիզմի մի տեսակ: Արգելոցի ստեղծման գործընթացը սկսված է, և մինչև ամսվա վերջ համակարգը ձևավորված կլինի»,- նշեց Արթուր Երկանյանը:
Բերդն իր անունը ստացել է հենց Տավուշի բերդի անունից, որը հիշատակվում է Հովհաննես Դրասխանակերտցու մոտ: Բերդի անունն էլ կապվում է Ցլիկ Ամրամի հետ: Դիտարժան է հատկապես Բերդի տարբեր հատվածներից տեսանելի Տավշո ամրոցը, որտեղ, ըստ Մուրացանի Գևորգ Մարզպետունու պատմավեպի, հաճախ էր հյուրընկալվում Աշոտ Երկաթը` տեսնելու Ասպրամին` Ցլիկ Ամրամի տիկնոջը:
«Կիկլոպյան ամրոցից ահագին բան է պահպանվել, ես էլ նոր եմ բացահայտել, հետնամասում պատեր կան պահպանված: Սակայն թե՛ այդտեղ, թե՛ Բերդում ընդհանրապես պեղումներ քիչ են կատարվել, Բերդն ամբողջությամբ ուսումնասիրված չէ»,- ասաց թանգարանի տնօրենը:
Տավուշի բերդը X-XI դարերում պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, ապա` Զաքարյաններին: Պահպանված են բերդի պարսպի մնացորդները, մինչև 12 մ բարձրությամբ, խոշոր քարերով և կիկլոպյան շարվածքով եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր: Պատմամշակութային հարուստ պատմություն ունենալով, ըստ Արթուր Երկանյանի, պետք է մշակել տուրիստական երթուղի, որը կլինի դեպի Տավուշ` Դիլիջան-Իջևանի շարունակությունը` ընդգրկելով Շամշադինը: «Միայն թե հակառակորդի կրակոցներն են խանգարում: Սակայն վստահ եմ` արտերկրում աշխատանքի մեկնած տավուշցիների մեջ մի օր արթնանալու է կարոտը, նրանք ցանկանալու են վերադառնալ ու տեսնել այս գեղատեսիլ տարածքները»:
Արգելոց-թանգարանի ստեղծման ծրագիրը կյանքի կոչելու գլխավոր քայլերից մեկը ենթակառուցվածքների ապահովումն է: Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի նախաձեռնությամբ շուտով կսկեն «Սորան» ազգային պարկ տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքները, արդեն իսկ կառուցվում են ճանապարհի հենապատերը: «Ինչ վերաբերում է Ցլիկ Ամրամի բերդին, ապա միջնաբերդն է պահպանված, հրաշք տեսարան է, որտեղ էլ հովանավոր գտնելու դեպքում կարելի կլինի կառուցել դիտահրապարակ: Մշակույթը պետք է փողով լինի, ամբողջ աշխարհում է այդպես: Տուրիզմի զարգացումը կնպաստի ոչ միայն Տավուշի գրավչությունների ներկայացմանը, այլև տարածաշրջանի տնտեսական առաջընթացին»,- նշում է թանգարանի տնօրենը:
Թանգարանը տարածաշրջանի գյուղերում, հատկապես համայնքերի կրթամշակութային շենքերում կազմակերպում է շրջիկ ցուցադրություններ: Արթուր Երկանյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին այցելություն է նախատեսված սահմանամերձ Չինարի, որտեղ կցուցադրվեն բերդցի նկարիչ Արտակ Ադամյանի նկարները: Բերդի դպրոցականները չինարեցիների համար կասմունքեն Սևակ, իսկ Շամշադինում հայտնի երգիչ Սերժիկ Վարդազարյանը սահմանապահ Չինարիում կհնչեցնի հայտնի «Դռները բացեք, գարուն է գալիս» երգը:

 Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քառյակը միասնաբար չի մասնակցի Կառավարության ծրագրի քվեարկությունը

Նաիրա ԶոհրաբյանԱԺ-ում կայացավ քառյակի հերթական դռնփակ նիստը, որից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ տեղի ունեցած փոքր աշխատանքային քննարկման ժամանակ որոշվել է չմասնակցել Կառավարության ծրագրի քվեարկությանը:

՛՛Երկու այլընտրանք ունեինք՝ կամ միասնական դեմ քվեարկել, կամ չմասնակցել քվեարկությանը: Որոշեցինք քառյակով միասնաբար չմասնակցել: Ելույթների ժամանակ յուրաքանչյուր խմբակցություն կներկայացնի իր հիմնավորումը՛՛, -ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պարտադիր կուտակային բաղադրիչը որևէ նոր օրենսդրական նախաձեռնությամբ կամ օրենքով չի կարող ամրագրվել

արծվիկ մինասյանԱնցյալ շաբաթ ԱԺ արտահերթ նիստում կառավարությունը ԱԺ ներկայացրեց «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրինագիծ, որն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ: Այդ նոր նախագծի վերաբերյալ տարբեր կարծիքներ, մտքեր ու մեկնաբանություններ են հնչում, որոնք հաճախ հակասական ու շփոթեցնող են: Ուստի, մեկնաբանություն ու պարզաբանում ստանալու ակնկալիքով, «Անկախը» դիմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, որը «Պարտադիր կուտակայինի» դեմ հանդես եկող ամենաակտիվ քաղաքական գործիչներից էր, ՍԴ-ում այդ օրենքի դեմ հանդես եկող կողմ էր:

– Պարո՛ն Մինասյան, խնդրում ենք պարզ ներկայացնել` ի՞նչ նախագիծ էր դա, ի՞նչ ամրագրվեց, ի՞նչ նորություն ունի և ինչպե՞ս պետք է շարքային քաղաքացին ընկալի այդ նոր նախագիծը:

– Հայտնի է, որ սահմանադրական դատարանի որոշումից հետո խնդրի լուծումը երկու փուլի բաժանվեց: Առաջին փուլը, այսպես կոչված, միջանկյալն է, այսինքն` մինչև օրենսդրության ամբողջական վերանայումը: Անհրաժեշտ էր ընդունել այնպիսի իրավակարգավորումներ, որոնցով քաղաքացու կամարտահայտությունը պետք է հաշվի առնվեր և, ըստ էության, պարտադիր բաղադրիչը վերածվեր կամավորի կամ քաղաքացու կամարտահայտությունը նկարագրող մոտեցման:
Նախագիծը, որ ԱԺ-ում երկու ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց և հիմա գտնվում է նախագահի մոտ` ստորագրման փուլում, անդրադառնում է հենց այս հարցին: Հստակ գրված է, որ այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում մասնակցել պարտադիր բաղադրիչին, իրենց գրավոր կամարտահայտությունը դիմումի տեսքով, առձեռն կամ փոստային առաքմամբ ներկայացնում են գործատուին, որի դեպքում քաղաքացու այդ, ինչպես նաև դրան հաջորդող ամիսների համար որևէ կուտակային վճարի պահում չի կատարվում:
Եթե գործատուն դիմումի ներկայացման նախորդ ամիսների ընթացքում չի փոխանցել գումարները, այդ դեպքում դրանք նույն դիմումի հիման վրա հետ են վերադարձվում քաղաքացիներին, և որևէ պարտավորություն թե՛ աշխատակցի, թե՛ գործատուի համար չի առաջանում:
Երկրորդ կարևոր արձանագրումն այն էր, որ հունվարի 1-ից հետո առաջացած որևէ հարաբերության համար, որում գործատուն պետք է պահեր ու փոխանցում կատարեր, որևէ պատասխանատվություն չի առաջանում, ու եթե որևէ ձևով գործատուի նկատմամբ նման տույժ-տուգանք է հաշվարկված, բոլորը զրոյացվում են:
Երրորդ առանձնահատկությունն այն է, որ գործատուն ցանկացած ժամանակ իր կողմից ներկայացված հաշվետվություններում ճշգրտումներ է կատարում` ելնելով հենց այդ հանգամանքից, թե արդյոք աշխատակիցը համաձայնե՞լ է, տվե՞լ է որևէ դիմում, թե՞ ցանկանում է մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին:

– Այսպիսով, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված բոլոր խնդիրները լուծվեցի՞ն, թե՞ ոչ:

– Սա անցումային փուլի շրջան էր` կարգավորման հատված էր, որը, սակայն, չի նշանակում, թե խնդիրն ամբողջությամբ լուծվել է: Խնդիրն ամբողջությամբ կլուծվի, երբ ամբողջ օրենսդրությունը վերանայվի: Ըստ էության, ՍԴ որոշմամբ սահմանադրությանը հակասող և անվավեր են ճանաչվել պարտադիր կուտակային բաղադրիչը նկարագրող օրեսնդրության հիմնական դրույթները: Սա նշանակում է, որ պարտադիր կուտակային բաղադրիչը նոր օրենսդրական որևէ նախաձեռնության մեջ, որևէ օրենքով չի կարող ամրագրվել, քանի որ սահմանադրությանը հակասող ճանաչված նորմերը չեն կարող կրկնվել: Մյուս կողմից` որևէ նման իրավական ակտի ընդունումն ինքնին իրավաբանական ուժ ունենալ չի կարող, հետևաբար, այն չի կարող նաև գործադրվել: Իսկ դա գործադրող որևէ պաշտոնատար անձ պետք է պատասխանատվություն կրի քրեական հանցագործության շրջանակներում և քրեական օրեսնգրքի համապատասխան հոդվածի համաձայն` նա կդիտվի որպես պաշտոնական լիազորությունները չարաշահած անձ:

– Ճի՞շտ հասկացա, ներդրվել է ոչ թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, այլ ընդամենը կուտակայի՞ն:

– Այս անցումային փուլում ներդրված է քաղաքացու կամարտահայտությունը հաշվի առնող կուտակային համակարգ, որտեղ պարտադիր բաղադրիչը, ըստ էության, վերածվել է կամավորի:

– Դա լա՞վ էր, այսինքն` ա՞յն էր, ինչի համար պայքարում էիք:

– Առաջին` միջանկյալ, անցումային փուլում սա այն նվազագույնն էր, որի ակնկալիքները կային: Բայց կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք պահպանված են: Մասնավորապես` այն աշխատողների մասով, որոնց գումարներն արդեն իսկ գտնվում են կենսաթոշակային ֆոնդերում, այդ գումարների վերադարձի հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն նոր վերանայվող փաթեթով, որն ամբողջությամբ շուրջ 130 իրավական ակտերի ամբողջություն պետք է լինի:

– Մտավախություն չկա՞, որ նույն գործատուները, զուտ վարչական կամ սուբյեկտիվ նկատառումներից ելնելով, կարող են աշխատողներին ստիպել պարտադիրից հրաժարվելու դիմումներ չգրել:

– Այդ մտավախությունը միշտ պահպանվում է, սակայն պետք է միշտ հաշվի առնել 2-3 կարևորագույն հանգամանք: Առաջին` գործատուի տնտեսական շահագրգռվածությունը ո՞րը պետք է լինի, որ իր աշխատողին վնա՞ս պատճառի: Երկրորդ` գործատուն այս դեպքում պետք է պատրաստ լինի առնվազն պատասխանատվություն կրելու` թե՛ քաղաքացիա-իրավական, թե՛ վարչա-իրավական, թե՛, առանձին դեպքերում, քրեական բնույթի:
Եվ, վերջապես, երրորդ կարևորագույն հանգամանքը` եթե նման դեպքեր լինեն, թե՛ լրատվամիջոցներով, թե՛ մեր մասնակցությամբ արագ կհարթվեն: Եթե հանկարծ նման երևույթները լինեն զանգվածային բնույթի, ապա արտահերթ նիստի միջոցով օրենքի առավել խստացնող նորմերի ընդունումը կդառնա հրատապ: Այդ դեպքում հատկապես քաղաքական չորս ուժերը պատրաստ են կոնկրետ քայլեր իրականացնել:

– Գործողությունների հաջորդ փուլը ո՞րն է լինելու:

– Ներկայումս ընթացքի մեջ օրենսդրական ամբողջական վերանայման փուլն է: Սա, փաստորեն, նշանակում է, որ պարտադիր կուտակայինի դեմ ձևավորված շարժումն ավելի պետք է ակտիվանա, և կարծում եմ, որ շարժումը պետք է ունենա հստակ սկզբունքներ, թե ինչ համակարգ պետք է կառուցվի և այդ սկզբունքներին ինչպես պետք է համապատասխանի:
Այդ սկզբունքներով արդեն կառավարությունում ձևավորված համապատասխան աշխատանքային թիմը պետք է փորձի համակարգը փոփոխել դրան համապատասխան, որում, բնականաբար, ինչպես արդեն նշեցի, պարզապես չի կարող պարտադիր բաղադրիչը լինել:
Սա նշանակում է, որ շարժումը մտնում է նոր փուլ, այն է` պահանջատիրական փուլը, թե համակարգն ինչ պայմանների պետք է բավարարի կամ ինչ պետք է իր մեջ ներառի կամ չներառի:
Ասեմ նաև, որ մեր խմբակցությունն ակտիվ մասնակցելու է վերանայման գործընթացին, մենք արդեն ներկայացրել ենք մեր մասնագետ թեկնածուներին այդ խմբում ընդգրկվելու համար, որոնք նաև պետք է ապահովեն «Դեմ եմ!» շարժման պահանջների իրացումը:

 

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը հայտնվել է աշխարհի ուշագրավ թանգարանների շարքում

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան     «Forbes.ru» պարբերականը, գրելով Նյու Յորքում Սեպտեմբերի 11-ի թանգարանի բացման մասին, թվարկել է աշխարհի այն 9-ը հուշահամալիր-թանգարանները, որոնք արժե այցելել: Առավել ուշագրավ թանգարանների շարքում հայտնվել են Երուսաղեմում գտնվող հրեական Հոլոքոսթի թանգարանը, ջրային աղետների Ղրիմի թանգարանը, Չերնոբիլի թանգարանը՝ Կիևում, ԳՈՒԼԱԳ-ի պատմության թանգարանը՝ Մոսկվայում, Հերոսիմոյի աշխարհի հուշահամալիր-թանգարանը, Հյուսիսային Իռլանդիայում գտնվող Տիտանիկ-Բելֆասթ թանգարանը, Ապարտեիդի թանգարանը Յոհանեսբուրգում և 1915 թվականի Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը:

Այս հանգամանքը չի վրիպել թուրքերի ուշադրությունից: «Turkish NY.com» կայքը, անդրադառնալով «Forbes.ru»-ում Հայոց ցեղասպանության թանգարանի հիշատակմանը, գրում է. «Ծիծեռնակաբերդի թանգարանում ցուցադրված են լուսանկարներ և փաստաթղթեր, որոնք ներկայացնում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում անվտանգությանը սպառնացող որոշ շրջաններից հայերի բռնի տեղահանությանը»: Կայքը գրում է նաև, որ թանգարանը գտնվում է վերանորոգման փուլում և կվերաբացվի 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

 Անկախ

Ավարտական քննությունը` որպես ուսանողի տաղանդի և շնորհի դրսևորում

Արմեն-ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ նկարիչների միությունում այսօր մասնակցել է Գեղարվեստի պետական ակադեմիայի 2014 թվականի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը` «Համակարգչային նախագծում և կերամիկա» մասնագիտության գծով: Նախարարը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել շրջանավատների ավարտական աշխատանքներին, ինչպես նաև ներկա գտնվել ներկայացված աշխատանքների պաշտպանությանը: Քննությունից հետո նախարարը լրագրողների հետ կիսվել է իր տպավորություններով` նշելով.

«Առաջին անգամ  չէ, որ ես ներկա եմ գտնվում Գեղարվեստի ակադեմիայի քննություններին և կարող եմ ասել, որ ես միշտ մեծ հաճույքով եմ մասնակցում հենց այս բուհի քննություններին, քանի որ սա այն բացառիկ մասնագիտություններից մեկն է, որի քննությունն իսկապես շատ հաճելի է դիտել: Ակնհայտ է, որ այսօր մենք ունենք բազմաթիվ լավ ուսանողներ և շրջանավարտներ այս ոլորտում, և ակադեմիայի դասախոսական կազմի մասնագիտական և ուսանողների կրթության որակն իրավամբ մրցունակ է  տարածաշրջանում: Այսօր մենք կարող ենք փաստել, որ ունենք բազմաթիվ բարձրորակ արվեստագետներ, մասնագետներ, նկարիչներ, քանդակագործներ, մի խոսքով`  տաղանդավոր երիտասարդություն: Նրանք ժամանակակից են, բայց միաժամանակ ազգային, ստեղծարար են և արձագանքում են օրվա խնդրին, այդ օրվա նյարդով են ապրում` միաժամանակ գիտակցելով ավանդական, ազգային արժեքի նշանակությունը: Այս քննությունների ընթացքում, կարելի է ասել, ակադեմիայի շրջանավարտներն առիթից օգտվում են` իրենց շնորհը և տաղանդն ի ցույց դնելու համար: Նրանք մեր ազգային կրթական համակարգի, մեր ազգային մշակույթի արգասիքն են: Արվեստն ամենագլոբալիզացված և տրանսազգային ոլորտներից մեկն է. եթե այլ ոլորտներում սահմաններն էլի փլուզվել են, ապա արվեստի բնագավառը առհասարակ սահման չի ճանաչում: Այսօր բազմաթիվ հայ արվեստագետներ արարում են այլ երկրներում, բայց նրանք մեր մշակույթի մի մասն են: Այո, կարելի է վստահությամբ ասել, որ մենք մշակույթի նախարարությանն ենք փոխանցում շատ լավ, որակյալ մասնագետներ»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ բուհի շրջանավարտների շատ անուններ արդեն հայտնի են հասարակությանը:

Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն իր հերթին նշել է, որ բուհի ավարտական պաշտպանություններն ըստ ավանդույթի անցնում են  Նկարիչների միության դահլիճներում և ըստ բանախոսի` դրանք երբեմն այնքան շատ են, որ տեղ չեն գտնում ցուցասրահներում: «Ես շատ գոհ եմ մեր բուհի դասախոսների և ուսանողների աշխատանքից, որի  արդյունքը երևում է հենց դիպլոմային աշխատանքի ժամանակ:  Ես միշտ կրկնում եմ`  եթե ուզում եք տեսնել բուհի դեմքը, տեսեք նրա ավարտական աշխատանքները և որակները»,-նշել է Ա. Իսաբեկյանը` հավելելով, որ պատահական չէ, որ ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակները 90-ից ավելի տոկոսով հաղթում են Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները:

Իլհամ Ալիևը ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարին

Իլհամ ԱլիևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպմանը կողմերը խոսել են Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության ընդլայնման կարևորության մասին, քննարկվել են համագործակցության հեռանկարները:

ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Յագլանդը Բաքու է ժամանել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահության ստանձման կապակցությամբ: Վերջինս կնախագահի 6 ամիս՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը:

Անկախ

Չինաստանը վերածվում է միայնակների ազգի

Ժամանակակից Չինաստանում նախկինում  գոյություն ունեցող բազմանդամ, սերնդաշատ ընտանիքի պատկերը փոխվել է: Նման եզրակացություն է արել պաշտոնական զեկույցում Չինաստանի ազգային առողջության ու ընտանիքի պլանավորման հանձնաժողովը: Գործակալությունն ուսումնասիրել է երկրի ժողովրդագրական պատկերը, որը ցույց է տալիս, որ չինական ընտանիքները դարձել են ավելի մեկուսացված` քիչ զավակներով: Իրավիճակը մտահոգում է որոշ չինացի տնտեսագետներին ու քաղաքական գործիչներին:

187638021

Ընտանիքները դառնում են ավելի փոքր և պատճառը միայն ընտանիքի պլանավորման  պետության քաղաքականությունը չէ. 1950թթ.-ականներից առաջ Չինաստանում ընտանիքները միջինում 5.3 մարդուց էին բաղկացած, սակայն արդեն 1990թթ.-ականներին ցուցանիշը հասել է միջինը 3.9 մարդու, 2012թ.-ին` միջինում 3.02 մարդ յուրաքանչյուր ընտանիքում և գնալով ցուցանիշը նվազում է: Այդ զեկույցի համաձայն` ողջ ազգի 40 %-ն այժմ բաղկացած է ամենաշատը երկու անդամից, իսկ 2010թ.-ին երկու անդամից բաղկացած ընտանիքների թիվը հասել է 68%-ի: Շատերը նախընտրում են զբաղվել իրենց կարիերայով, տեղափոխվել խոշոր քաղաքներ, իսկ ընտանիքն ու երեխաների ծնունդը մղվում է հետին պլան:

Զի Հիեֆեյը` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսորը կարծում է, որ Չինաստանը գնալով չի կարողանալու ապահովել կայուն աճ` ելնելով նման ժողովրդագրական պատկերից: Շատերը մեղադրում են Չինաստանի քաղաքական գործիչների կողմից վարվող ընտանեկան պլանավորման քաղաքականությունը, որով սահմափակվում է ընտանիքների անդամների թիվը` մեկ երեխա ունենալու թույլտվությամբ: Թեև 2012թ.-ի բարեփոխումները ենթադրում էին 2 երեխա ունենալու թույլտվություն, սակայն իրավիճակը դրանից չի փոխվում:

Սուրեն Քրմոյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

սուրեն քրմոյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Քրմոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։

Այսօր կառավարության որոշմամբ Սուրեն Քրմոյանն ազատվել էր Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

***
Սուրեն Քրմոյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977 թ., 3 փետրվարի, ք. Երևան

Կրթություն
1994 -1999 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
1999 – 2002 թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ, ատենախոսսություն «Սեփականության իրավունքի սահմանադրաիրավական հիմունքները» թեմայով: Շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2001 թ. – կրթական ծրագիր «Գնումների գործընթացի կառավարումը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում», Թուրին, Իտալիա: Շնորհվել է գնումների կառավարման մասնագետի որակավորման վկայական:

Աշխատանքային գործունեություն
1997 – 1998 թթ. – ՀՀ տրանսպորտի նախարարություն, Համաշխարհային բանկի կողմից աջակցվող վարկային ծրագրի իրականացման գրասենյակ
1998-2008 թթ. – ՀՀ կենտրոնական բանկ, իրավաբանական վարչություն, իրավաբան
1998-2000 թթ. – «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, գործերի կառավարիչ և իրավական խորհրդական
2000-2003 թթ. – «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, իրավական փորձագետ
2004 թ. – Առողջապահական համակարգի արդիականացման ճապոնական դրամաշնորհային ծրագիր, տեղական փորձագետ, իրավաբան
2004-2011 թթ. – «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, իրավաբան
2001-2011 թթ. – ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական
2011-2014թթ.-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար
2014 թ. մայիսի 22-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է, շարքային: Տիրապետում է անգլերենի, ռուսերենի: Շուրջ 35 գիտական հոդվածի հեղինակ, առողջապահական իրավունքի հարցերով մի շարք գրքերի, ուսումնական ձեռնարկների համահեղինակ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Աշխատանքից ազատվել է Թուրքիայի Ոստիկանական ակադեմիայի ղեկավարը

polisԹուրքիայում պաշտոնից ազատվել է Ոստիկանական ակադեմիայի ղեկավար Ռեմզի Ֆընդըքլըն: «Միլիյեթի» հաղորդմամբ՝ Ֆընդըքլըի հեռացումն  իրականացվել է  2013 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից հետո ուժային կառույցներում սկսված կադրային փոփոխությունների շրջանակներում: Ակադեմիայի նոր ղեկավար է նշանակվել Յըլմազ Չոլաքը:

Նշենք, որ Ոստիկանական ակադեմիան Թուրքիայում հիմնադրվել է 1937 թվականին: Ֆընդըքլըն այն գլխավորում էր 2010 թվականից ի վեր: Ակադեմիայի ղեկավարը նշանակվում է երկրի ներքին գործերի նախարարի, վարչապետի և նախագահի համաձայնությամբ:

Գերմանիան պատրաստվում է բավական «ջերմ» ընդունել Էրդողանին

merkel-erdoğanԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին կոչ է արել լինել զուսպ մայիսի 24-ին Քյոլն կատարելիք այցի ժամանակ: Մերկելը, հիշեցնելով նախորդ տարիներին Էրդողանի՝ Բեռլին և Քյոլն կատարած այցերի փորձը՝ նշել է. «Վստահ եմ, որ վարչապետ Էրդողանը շաբաթ օրը պատասխանատվության գիտակցում և նրբանկատություն կդրսևորի»: Գերմանիայի Քրիստոնյա-դեմոկրատական միության պատգամավորներից Էլմար Բրոքն էլ Էրդողանին չափավոր լինելու կոչեր է արել: «Եթե վարչապետ Էրդողանը Գերմանիայում հասարակական բևեռացման պատճառ է դառնալու, ապա ավելի լավ է հրաժարվի շաբաթօրյա իր ելույթից»,-ասել է Բրոքը:

Կտրել է լեզուն, անցքեր բացել այտերի վրա

m_95260023-ամյա գերմանացի Ջոել Միգլերն արդեն 13 տարի տարված է բոդդի-արտով ու պիրսինգով: Հիմա նա եվրոպական հրատարակություններում է հայտնվել իր անսովոր արտաքինի պատճառով: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ տղան ծակեց ականջը: Դրանից հետո` կիսեց լեզուն: Հետո էլ այտերի վրա 36 մմ անցքեր բացեց: Մեկին հաջորդեց մյուսը, իսկ  պատահական անցորդներին շոկի մեջ չգցելու համար, նա փակում է այդ անցքերը հատուկ խցաններով:

Երիտասարդը մոդել է ու նրա ամբողջ մարմնի վրա պիրսինգ ու կտրվածքներ են: Նա ասում է, որ այն բոդի-արտը, որով ինքը տարված է, անվանում չունի.»Կարող եք այն պարզապես անցքեր անվանել,-ասում է իր այտերի վրա համաչափ բացված անցքերի մասին, որոնցից երևում են երիտասարդի ծնոտի ու «օձալեզվի» մի հատվածը:

Ըստ ամենայնի, պատահական անցորդները պարզապես սարսափում են նրա տեսքից: Իսկ Ջոելի ընկերուհին հավանում է ընկերոջ էքստավագանտ տեսքը: Ի դեպ, նա ընկերոջը համբուրում է այտի անցքի միջով: Միգլերն ասում է, որ շուտով իր մարմնի հետ էքսպերիմենտներին վերջ է դնելու:

Անկախ