Ղարաբաղի հակամարտության լուծումը կախված է կողմերից, ոչ թե Մինսկի խմբի համանախագահներից որևէ մեկից. Ջեյմս Ուորլիք

Ուորլիկ«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հաջողությունը կամ տապալումը կախված է կողմերի քաղաքական կամքից, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից որևէ մեկից։ Ես շատ եմ ուզում աշխատել իմ ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ՝ նոր գաղափարներ առաջարկելու և օգնելու կողմերին, որ խաղաղ բանակցությունների ուղին գտնեն»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկանբանելով ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցը, թե ադրբեջանական իշխանությունները դժգոհ են նրա գործունեությունից և Twitter-ում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գրառումներից։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ էր կողմերին առաջարկելը համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարը, դիվանագետն ասել է, որ փոխադարձ որոշումը կարող էր նպաստել էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի հարցը լուծելուն, այնպես, ինչպես եղել է նախքան հակամարտության սկիզբը։

«Մենք շարունակում ենք աջակցել ցանկացած քայլին, որը կկարողանա նվազեցնել ճնշումն ու վերականգնել կողմերի միջև վստահությունը»,- ընդգծել է Ջեյմս Ուորլիքը։

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում

դիպուկահարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի հակառակորդը մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի  հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Նահանջի ճանապարհին հակառակորդը տվել է առնվազն 3 վիրավոր:

Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

—
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ԲՆԱԿԱՐԱՆԱԳՈՂԸ` ԱՆԴԻՄԱԿ

գողությունՄայիսի 23-ին, ժամը 18.15-ին, Երևանի Հալաբյան փողոցի 7 շենքի մի բնակչուհի զանգահարել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ խոհանոցի պատուհանի ճաղավանդակը կոտրելով և պատուհանը բացելով` ԱՄՆ-ում բնակվող իր հարևանի 1-ին հարկում գտնվող բնակարանից գողացել են հեռուստացույց, «Այփադ» տեսակի համակարգիչ, ոգելից խմիչքներ, փայտյա 42 դիմակ, նվագարկիչ` երկու բարձրախոսներով, և փայտյա 6 արձանիկ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Նարեկ Պ.-ն, որը ոստիկանությունում խոստովանել է հանցանքը:
Գողոնը մասամբ առգրավված է: Վնասի չափը պարզվում է:
Նարեկ Պ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

 

Զենք-զինամթերք

Զենք-զինամթերքԹմբուկավոր ատրճանակ` եկեղեցու հարևանությամբ

Մայիսի 22-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հերթապահ մաս զանգահարած քաղաքացին, չցանկանալով ներկայանալ, հայտնել է, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցու դիմաց, աղբամանի տակ, զենք է դնում,
Մեկնած օպերատիվ խումբը Իսրայելյան փողոցի թիվ 21 շենքի դիմացի մայթին գտնվող աղբամանի հետնամասում, պոլիէթիլենային տոպրակում, հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Հետաքննությունը վարում է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը:

Զինամթերք` մետրոյի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ

Մայիսի 23-ին, ժամը 11.29-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր փամփշտաժապավենի լիցքավորման սարք, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և 5.45 մմ տրամաչափի 548 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Մայիսի 23-ին, ժամը 11.42-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հերթապահ մաս զանգահարած քաղաքացին, չցանկանալով ներկայանալ, հայտնել է, որ Երևանի Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի հարևանությամբ գտնվող նախկին անձնագրային և վիզաների վարչության շենքի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 620, «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 13, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 123 փամփուշտ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 1 պահունակ` լիցքավորված 12 փամփուշտով, «ՏՏ» ատրճանակի 7.62 մմ տրամաչափի 8 փամփուշտ, «ՌԳԴ» 2 և «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչների, և թմբուկավոր ատրճանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հետաքննությունը վարում է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը:

 

 

Ավտոճանապարհային պատահարներ

ՃՏՊ Նորապատ գյուղի մոտակայքում«Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել գետը. ուղևորներից մեկը մահացել է

Մայիսի 22-ին, ժամը 21.30-ի սահմաններում, 1985 թ. ծնված Արտյոմ Շ.-ի վարած «Մերսեդես 124 E» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել գետը:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևոր, 1990 թ. ծնված Արմեն Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը` 1988 թ. ծնված Տիգրան Քոչարյանը, տեղում մահացել է:
Ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունքում հարուցվել է քր. գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ 18-ամյա աղջկան վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ

Մայիսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 Պատահար Ազատավանում

Մայիսի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց ՄԼ 320» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ազատավան գյուղի սկզբնամասում բախվել է «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի երկրորդ ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 Տաքսին բախվել է մոտոցիկլետի

Մայիսի 23-ին, ժամը 22.10-ին, 1978 թ. ծնված Անդրանիկ Գ.-ի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Բագրևանդ փողոցում բախվել է 1975 թ. ծնված Սեպուհ Ա.-ի վարած մոտոցիկլետին, ինչի հետևանքով Սեպուհ Ա.-ն և ուղևորուհին` 2001 թ. ծնված Մելինե Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

Բաշար Ասադ.Պուտինը փրկել է ամբողջ Մերձավոր Արևելքը

o_826182Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ ՌԴ նախագահ Պուտինը փրկել է Սիրիան ու ողջ Մերձավոր Արևելքը` օգտագործելով վետոյի իրավունքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հակասիրիական հերթական որոշման դեմ: Դրա մասին Ասադը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի հետ հանդիպման ժամանակ: Ասադը նշել է, որ հիմա Ռուսաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում ավելի բարձր է , քան երբևէ ունեցել է ԽՍՀՄ-ը:

Իր հերթին Ռոգոզինը նշել է, որ Ռուսաստանի համար Սիրիա այցելությունը նախագահական ընտրություններից առաջ շատ կարևոր քայլ է, քանի որ կկարողանան խաղաղ կերպով կարգավորել հակամարտությունը: Նա հավելել է, որ Ռուսաստանը  կողմ է բազմաբևեռ աշխարհին, որտեղ «գունավոր հեղափոխությունները» տեղ չունեն:

Ռուսաստանի փոխվարչապետը ցավակցություն է հայտնել սիրիական ժողովրդին Դերայի շրջանում նոր ահաբեկչության կապակցությամբ (զոհվել էր 31, վիրավորվել` 200 մարդ):

Ռոգոզինը Սիրիայում է ռուսական պատվիրակության հետ` առևտրա-տնտեսական ու գիտա-տեխնիկական ռուս-սիրիական միջկառավարական հանձնաժողովների համագործակցային աշխատանքներին մասնակցելու համար:

Անկախ

Կրակոցներ բենզալցակայանի մոտ (ԼՐԱՑՎԱԾ)

krakocՄայիսի 22-ին, ժամը 21.50-ին, Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում գործող բենզակայանի լիցքավորողը ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, աշխատանքի վայրում կրակոցի ձայներ լսելով` դուրս է եկել փողոց և նկատել, որ հարևանությամբ գտնվող նորաբաց բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճաբանում և քաշքշում են միմյանց:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 17.00-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի հարակից բենզալցակայանի մոտ, 1985 թ. ծնված Մաթևոս Կարապետյանը, 1986 թ. ծնված Էդվին Թադևոսյանը և 1980 թ. ծնված Վարդան  Հարությունյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, ինչի ընթացքում Էդվին Թադևոսյանն իր մոտ պահվող ատրճանակից 3-4 կրակոց է արձակել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Բացատրական աշխատանքների արդյունքում` Մ. Կարապետյանը և Է. Թադևոսյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ Թադևոսյանը ներկայացրել է «ԻԺ 79-8» գրառումով գազային ատրճանակը:
Էդվին Թադևոսյանը և Մաթևոս Կարապետյանը ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` Վարդան Հարությունյանը հայտնաբերվել և ձերբակալվել է: 

 

Ավտոմեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

ավտոմեքենաներՄայիսի 23-ին, ժամը 18.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 78 տրանսպորտային միջոց. 26-ը` Երևանում, որոնցից 3-ի վարորդները` անչափահաս, 52-ը` մարզերում, որոնցից 16-ի վարորդները` անչափահաս:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է «Վերջին զանգի» հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ:

ՀՀ ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված կլոր սեղան-քննարկում Ծաղկաձորում

caxkadzor_01Մայիսի 23-ին Ծաղկաձորում մեկնարկեց ՀՀ ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցության հարցերին նվիրված երկօրյա կլոր սեղան-քննարկումը, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Քննարկման թեմաներն են ՀՀ ոստիկանության բարեփոխումների ներկայիս զարգացումները և ոստիկանության ու հասարակության համագործակցության գնահատումը:
ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համատեղ միջոցառմանը մասնակցում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության, շուրջ երկու տասնյակ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ:
Մասնակիցները քննարկելու են ոստիկանության և ԶԼՄ-ների հարաբերությունների առաջընթացը և առաջարկելու են բարեփոխումներ՝ համագործակցությունն ամրապնդելու համար:
Կլոր սեղանը բացեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ընդգծեց ինչպես ոստիկանություն-հասարակություն համագործակցության, այնպես էլ նման քննարկումների կարևությունը. «Ներկայիս ժողովրդավարական հասարակությունում ոստիկանության աշխատանքի գնահատման հիմնական չափանիշը ոստիկանության հանդեպ հանրային վստահության մակարդակն է: Մեկուսացված, առանց հանրային աջակցության գործող ոստիկանությունը չի կարող արդյունավետ կերպով կանխել հանցագործությունները, ապահովել մարդկանց անվտանգությունը և պահպանել հասարակական կարգը: Այսօրվա քննարկումը կարծում եմ կնպաստի ոստիկանության և հանրության միջև ավելի արդյունավետ փոխըմբռմանը»:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը կլոր սեղանի մասնակիցներին փոխանցելով ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի բարեմաղթանքները՝ բարձր գնահատեց ոստիկանության և զանգվածային լրատվության միջոցների ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը. «Այսօրվա կլոր սեղանը հնարավորություն կընձեռի առավել հանգամանալից անդրադառնալ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների իրականացման մի շարք ուղղություններին, բարձրաձայնել այն շոշափելի հաջողությունները, որոնք ձեռք են բերվել առ այսօր և ներկայացնել ապագա ծրագրերը: Նմանատիպ համաժողովի անցկացումը կօգնի բարձրացնել իրազեկվածությունը ոստիկանությունում ընթացող գործընթացների վերաբերյալ, ինչպես և ավելի ամրապնդել հասարակություն-ոստիկանություն կապը և զարգացնել համագործակցությունը զանգվածային լրատվական միջոցների ու հասարակական կազմակերպությունների հետ, վեր հանել այն խնդիրները և բացթողումները, որոնք հաստատ կան մեր աշխատանքում, բայց հաճախ անտեսանելի են մեզ համար, և նախանշել դրանց վերացման ուղղություններն ու եղանակները, և, որն ամենակարևորն է, ստեղծել ու ամրապնդել վստահության մթնորոլրտ»:
Ոստիկանության շտաբի պետն անդրադարձավ նաև ոստիկանության բարեփոխումների ընթացքին և շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Երևանյան գրասեյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, գրասենյակի ողջ անձնակազմին, ինչպես և Միացյալ թագավորության ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնին՝ այս ընթացքում ոստիկանության կողքին լինելու և առարկայական օժանդակություն ցուցաբերելու համար:
Այնուհետև «ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը և շարունակականությունը» թեմայով զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ Լիանա Ամիրխանյանը:
Հաջորդած քննարկման ընթացքում կլոր սեղանի մասնակիցները ներկայացրին բարեփոխումների ընթացքի վերաբերյալ իրենց դիտարկումները և գնահատեցին արձանագրված արդյունքները:

ՄԱԳԱՏԷ.Դուք կծիծաղեք, բայց Իրանն իսկապես կրճատել է հարստացված ուրանի իր պաշարները

da3001400879493 (1)Իրանը միջուկային նյութերի իր պաշարը  կրճատել է` Մեծ վեցնյակի հետ ժամանակավոր համաձայնագրի իրականացման շրջնակներում, ասվում է մայիսի 23-ին հրապարակված ՄԱԳԱՏԷ-ի հերթական հաշվետվության մեջ:

Նշվում է, որ Իրանը վերջին 6 տարվա մեջ առաջին անգամ տեղեկություն է տրամադրել, որը կօգնի  իսլամական հանրապետության միջուկային ծրագրի հետ կապված միջազգային հանրության երկյուղները  հանել: Հաշվետվության մեջ ասվում է, որ Իրանը չեզոքացրել է հարաբերական բարձր աստիճանի հարստացված ուրանի պաշարի 80%-ը: ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով, հիմա Իրանում նման 40 տ ուրան կա, ինչը  միջուկային զենք ստեղծելու համար  պահանջվող քանակի ընդամենը 5-րդ մասն է կազմում: isra.com

Անկախ

Ստամբուլում կրկին ցույցեր են տեղի ունեցել

unnamed (1)Անկարայում և Ստամբուլում բողոքի ցույցեր են տեղի ունեցել նախորդ օրը ոստիկանական փամփուշտից զոհված Ուղուր Քուրքի համար: Ստամբուլի Օքմեյդան հրապարակում մոտ 50 ցուցարար, որոնք հիմնականում ալևիներ են եղել, քարեր են նետել ոստիկանների վրա: Նրանց դեմ արցունքաբեր գազ և ջրաշիթեր է կիառվել:

ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Մերի Հոֆերը հայտարարել է, որ իրենք հետևում են Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և կոչ է արել երկրի ղեկավարությանը ցուցաբերել զուսպ վերաբերմունք: «Երկու կողմն էլ պետք է զերծ մնա բռնությունից, որպեսզի թույլ չտրվեն այլ զոհեր»,-նշել է Հոֆերը:

Դասընթացներ՝ հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության վերաբերյալ

unnamed«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ  Շիրակի մարզի 5 տարածաշրջանի հաշմանդամութուն ունեցող կանանց և աղջիկների, ինչպես նաև Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողների ու դասախոսական կազմի համար անցկացնում է «Ապրենք սովորելով» ծրագիրը: Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության մասին իրազեկության բարձրացմանը։

«Ագաթ» ՀԿ անդամները նկատում են, որ հաշմանդամություն ունեցող կանայք  առողջապահական ծառայություններից օգտվելիս հանդիպում են որոշակի խոչընդոտների։ Օրինակ, չկան բրայլյան այբուբենով առողջապահական տեղեկատուներ կամ ձայնագրված սկավառակներ, որոնց միջոցով բժշկական տեղեկատվությունը հասանելի կլինի նաև տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Խուլ և թույլ լսողություն ունեցող կանանց համար չկան ժեստերի լեզվի թարգմանություն ապահովող մասնագետներ, տեղաշարժողական խնդիրներ ունեցող կանանց համար խոչընդոտ է անվասայլակների համար նախատեսված թեքահարթակների բացակայությունը:

«Ապրենք սովորելով» ծրագրի համակարգող Ռոզա Ավագյանը նշում է, որ ծրագրի շրջանակներում մասնագետները հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների սեռական և վերարտադրողական առողջության մասին դասընթացներ են անցկացնում։ Ըստ նրա՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների վերարտադրողական առողջության, հղիության, ծննդաբերության իրավունքների մասին քիչ է բարձրաձայնվում. «Սեմինարների ընթացքում շատ են լինում դեպքեր, երբ հաշմանդամություն ունեցող կանայք նշում են, որ վախենում են հղիանալ։ Մենք բացատրում ենք, որ սայլակից օգտվող կինը կարող է երեխա ունենալ, ներկայացնում ենք նրա վարքի առանձնահատկությունները, որպեսզի բարդություններ չունենա հղիության ընթացքում, խոսում ենք երեխայի խնամքի մասին»։

«Ագաթ» ՀԿ-ին անդամագրված է հաշմանդամություն ունեցող ավելի քան 60 կին։ Ռոզա Ավագյանը նշում է, որ իրենք հիմնականում աշխատում են ֆիզիկական հաշմանդամություն ունեցող կանանց հետ, թեև որոշակի ծրագրեր իրականացնում են նաև թույլ մտավոր հաշմանդամություն ունեցողների համար. «Դասընթացների միջոցով փորձում ենք փոխել վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։ Հանրությունն առաջին հերթին պետք է տեսնի անձին և ոչ թե նրա հաշմանդամությունը։ Շիրակի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց մոտ կոմպլեքսները շատ են։ Մենք փորձում ենք բարձրացնել իրազեկությունը նրանց վերարտադրողական առողջության, սեռական կյանքի մասին, որպեսզի հասկանան, որ իրենք նույնպես այս հասարակության լիարժեք անդամն են, և ոչնչով չեն տարբերվում մյուսներից»։

Ուսուցանող Գայանե Գրիգորյանն էլ տեղեկացնում է, որ դասագրքերում ներառված չեն թեմաներ, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց։ Սեմինարների ընթացքում Գյումրու բժշկական քոլեջի ուսանողներին սովորեցնում են՝ ինչպես կարելի է ընդունել, սպասարկել հաշմանդամություն ունեցող անձանց, որ տերմիններն են ճիշտ, որոնք սխալ, ինչպես պետք է դիմել, օգնություն առաջարկել, որպեսզի վերջիններս չվիրավորվեն։

Գյումրու բժշկական քոլեջի ուսանողուհի Սուսաննա Նորսոյանը նշում է, որ ինքը բավականաչափ գիտելիքներ չուներ հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելու, բուժօգնություն ցուցաբերելու առումով։ Ասում է, որ իր շրջապատում էլ կան նման կանայք, և սեմինարների ընթացքում ստացած գիտելիքներն առաջին հերթին նրաց հետ շփումներում է կիրառելու։

«Անկախ»

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այցը Վրաստան

Հասմիկ ՊողոսյանՄայիսի 20-ին երկօրյա այցելությամբ Վրաստանում էր գտնվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարի առանձնազրույցն ու երկու երկրների համապատասխան պատվիրակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ:

Քննարկվեցին երկու երկրների համագործակցության ուղղություններն ու ձևաչափերը, մշակութային ժառանգության պահպանության ոլորտում նախագծային և վերականգնողական աշխատանքերի ընթացքը, ինչպես նաև հստակեցվեցին երկկողմ մշակութային համատեղ միջոցառումների, մասնավորապես՝ կինոյի, թատրոնի, կերպարվեստի, գրականության, բնագավառներին առնչվող ծրագրերը:

Նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Վրաստանի ազգային պատկերասրահ, ինչպես նաև թատրոնի, երաժշտության, կինոյի և խորեոգրաֆիայի թանգարան: Վրաստան կատարած այցելության ընթացքում ՀՀ մշակույթի նախարարը ծաղիկներ դրեց Թբիլիսիի հին թաղամասում գտնվող Սերգեյ Փարաջանովի հուշարձանին:

Մայիսի 21-ին նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանի ուղեկցությամբ, այցելեց Թբիլիսիում գտնվող Սուրբ Գևորգ և Սուրբ Նշան եկեղեցիներ` տեղում ծանոթանալով եկեղեցիների վերականգնողական աշխատանքների ընթացքին:

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունն այցելեց նաև Թբիլիսիի Էթնոգրաֆիկ բացօթյա թանգարան:

Այցի շրջանակներում կայացավ նաև ՀՀ մշակույթի նախարարի հանդիպումը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի ադմինիստրատիվ կազմի հետ:

Խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև

g_imageՄայիսի 23-ին Երևանում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, որոնք նվիրված էին Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին:

ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը ղեկավարում էր Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը, ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին ԱՄՆ և Կանադայի հետ երկու երկրների հարաբերությունների տարբեր ասպեկտները, ընդգծվեցին նման խորհրդակցությունների անցկացման կարևորությունն ու դրանց շարունակման նպատակահարմարությունը:

Օրակարգում են նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված հայ-ռուսական խորհրդակցություններ:

 

ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ

photo23.05.2014Մայիսի 23-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին վարկային ու ֆինանսավորման համաձայնագրեր են ստորագրել` կրթության և սոցիալական ոլորտների ծրագրերի իրագործումն ապահովելու նպատակով: Միջազգային զարգացման ընկերակցության հետ ստորագրված համաձայնագրով «Սոցիալական պաշտպանության վարչարարության II ծրագրի» շրջանակում Հայաստանին կտրամադրվի 21.2 մլն դոլարին համարժեք 13.9մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ: Ծրագրի նպատակն է բարելավել սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը և հզորացնել դրանք մատուցող, ինչպես նաև սոցիալական պաշտպանության նպաստներ վճարող մարմինների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթները: Իսկ «Կրթության բարելավման ծրագրի» շրջանակում Հայաստանը կստանա ընդհանուր առմամբ 30մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ, այդ թվում 15մլն դոլարը` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից, նույնքան դոլարին համարժեք 9.8 միլիոնի չափով վարկ էլ հատուկ փոխառության իրավունքով (SDR)` Միջազգային զարգացման ընկերակցությունից: Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրապետության տարրական դպրոց ընդունվող երեխաների պատրաստվածությունը, բարելավել ավագ դպրոցներում ֆիզիկական պայմաններն ու կրթական ռեսուրսների մատչելիությունը, ինչպես նաև աջակցել բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության որակի բարելավմանը:

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է

ֆինանսների նախարարություն«Որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ՕԵԿ պատգամավորներից մեկի հայտարարությանը` այդ կապակցությամբ ներկայացնելով նաև խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանի հայտարարությունը և մեկնաբանություններ ինչ-որ անհասկանալի ճնշումներ գործադրելու մասին,- տեղեկացնում է «Անկախին» ֆինանսների նախարարության մամուլի կենտրոնը:- Այդ առնչությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հնչեցված մեղադրանքներն անտրամաբանական են ու, բնականաբար, չեն արտացոլում իրականությունը, և Հեղինե Բիշարյանը, որպես խմբակցության քարտուղար, պետք է որ այդ մասին քաջատեղյակ լիներ»:

Իրանի նախագահը վերադարձել է Իրան

 Հասան ՌոհանիԻրանի նախագահ Հասան Ռոհանին Չինաստան կատարած եռօրյա այցից հետո վերադարձել է Իրան:

Իրանի նախագահը մասնակցել է Շանհայում կայացած ասիական երկրների համագործակցության և վստահության հաստատման 4-րդ համագումարին:

Այցի ընթացքում Հասան Ռոհանին հանդիպումներ է ունեցել և  բանակցություններ վարել  Չինաստանի և այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ուշագրավ է, որ Իրանի նախագահին ուղեկցել են Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը, նախագահական գրասենյակի ղեկավար Մոհամմեդ Նահավանդյանը, տրանսպորտի և կապի նախարար Աբբաս Ախունդին, նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, նախագահի օգնական Հոսեին Ֆերեյդունը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Թեհրանում մեկնարկել է «Նորարարություն և տեխնոլոգիա» միջազգային 3-րդ ցուցահանդեսը

inv. tech exhԹեհրանի գիտական ցուցահանդեսների անցկացման կենտրոնում մայիսի 23-ին մեկնարկել է «Նորարարություն և տեխնոլոգիա» միջազգային 3-րդ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին մասնակցում են արտասահմանյան` Ռուսաստանի, Հնդկաստանի, Բելգիայի, Ավստրիայի, Թուրքիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի 57 ընկերություններ:

Ցուցահանդեսում իրանական ու արտասահմանյան ընկերությունները ներկայացրել են հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների , նավթի, գազի, պետրոքիմիայի, արդյունաբերական համակարգերի, նանո տեխնոլոգիաների, նորաստեղծ էներգիաների, ավիատիեզերական ու բժշկական սարքավորումների և երկրաբանական ոլորտում իրենց վերջին ձեռքբերումները :

«Նորարարություն և տեխնոլոգիա» միջազգային 3-րդ ցուցահանդեսը շարունակվելու է մինչև մայիսի 25-ը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Այսօր Իրանում տոնում են Խորամշահրի ազատագրման օրը

xoramshahrԻրանում մայիսի 24-ին տոնում են Խորամշահր քաղաքի ազատագրման օրը:

32 տարի առաջ` 1982-ին, իրանցի ռազմիկներն ազատագրեցին իրաքցիների բռնագրաված Խորամշահր քաղաքը:

1980-ին իրաքյան բանակը, զրահային ու մեքենայցված տեխնիկայի օգնությամբ, զավթել էր ռազմավարական նշանակություն ունեցող այդ նավահանգիստ-քաղաքը:

Այդ է պատճառը, որ այս օրը Իրանի օրացույցում խորհրդանշվում է դիմադրության, անձնազոհության և հաղթանակի օր:

Իրանի ռազմիկները` բանակային, պահակազորային ու աշխարհազորային ուժերը, 20 ամիս շարունակ անձնուրաց մարտնչում էին և ի վերջո ազատագրեցին Խորամշահրը:

Մայիսի 24-ը խորհրդանշում է որ միայն Խորամշահրի ազատագրումը, այլ նաև ոտնձգություն կատարած ուժերի դեմ այդ քաղաքի պաշտպանների անձնազոգ դիմադրությունը:

Խորամշահրը միայն քաղաք ու նավահանգիստ չէ, այլև այն Իրանի ժողովրդի պատմությունում դիմադրության ու անձնազոհության խորհրդանիշ է:

Այսօր Իրանի պահակազորային ծառայությունը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով  իրաքցի բանակայինների կողմից բռնագրավված Խորամշահրի ազատագրմանը:

«Մայիսի 24-ը միայն մի քաղաքի ազատագրման օր չէ, այլ բռնապետերի ու դևերի ճիրաններից մարդու, մարդկային արժանապատվության ու աստվածային արժեքների ազատագրման օր»,- ասված է հաղորդագրությունում:

Այսպիսով, իրաքյան ուժերի կողմից բռնագրավված Իրանի հարավարևմտյան Խուզիստան նահանգի Խորամշահր նավահանգիստն Իրանի ազատամարտիկները,  «Բեյթոլմողադդաս» անվանումը ռազմական գործողության միջոցով,  1982-ի մայիսի 24- ին ազատագրեցին և այդ օրը տոն դարձրին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

ԱԺ փոխնախագահը հանդիպեց Հայաստանում Լատվիայի դեսպանի հետ

1 (14)Մայիսի 23-ին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի խորացմանն առնչվող հարցեր:

Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց երկու երկրների միջեւ ստեղծված փոխվստահության մակարդակն ու զարգացման հեռանկարները եւ հույս հայտնեց, որ առկա հնարավորությունները արդյունավետ օգտագործելու դեպքում միջպետական հարաբերություններում կարելի է արձանագրել էլ ավելի մեծ հաջողություններ: Միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման գործում նա կարեւորեց բարեկամական խմբերի ակտիվ շփումներն ու տարբեր ձեւաչափերով համատեղ քննարկումները:

Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեն ընդգծեց, որ Հայաստանը միշտ եղել ու մնում է Լատվիայի բարեկամ երկիրը: Հայաստանի հետ համագործակցությունը Լատվիան զարգացնում է ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում, եւ անկախ նրանից, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում է կայացրել, իրենք շարունակելու են ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: