Մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է

havastagirԷլեկտրոնային լրատվամիջոցներում այսօր տարածում գտած տեղեկատվությունը, թե իբր երեխաների բուժումը Հայաստանում այլևս վճարովի է, իրականությանը չի համապատասխանում. Այս մասին հաղորդում են Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ 0-7 տարեկան երեխաների բուժումը Հայաստանում բացառապես անվճար է։ Սահմանված այդ կարգը որևէ մեկը չի կարող փոխել։

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Արթուր Սուլեյմանյանի հետ կապված դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որի կատարած համակողմանի ուսումնասիրության արդյունքների մասին կտեղեկացնենք։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա

2 (1)Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այսօր`մայիսի 22-ին, մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Աբիևը մասնակցելու է “Եվրոպայում անվտանգության ռազմաքաղաքական հայեցակետերը” խորագրով միջազգային խորհրդաժողովին:

Մայիսի 23-24-ն անցկացվելիք խորհրդաժողովը կազմակերպել է Ռուսատանի ՊՆ-ն: Միջոցառման նպատակն  է քննարկել Եվրոպայում անվտանգության ապահովման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Ըստ գործակալության` խորհրդաժողովի շրջանակում Սաֆար Աբիևը հանդիպելու է մի շարք երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարների հետ:

 

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղով անցնող առվի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել

big_1369233066_3Մայիսի 22-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 50 տարեկան տղամարդը ընկել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղով անցնող առուն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն ընկած վայրից 2 կմ հեռավորության վրա հայտնաբերել են նախնական տվյալներով նույն գյուղի նախրապահ Միշայի (50-55 տ.) դին:

Գյումրեցիները շնորհավորեցին Շառլ Ազնավուրին

26 001Մայիսի 22-ին ծնվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Այսօր  Գյումրիում նրա անունը կրող հրապարակում, որտեղ գտնվում է Ազնավուրի արձանը, հավաքվել էին քաղաքապետարանի աշխատակիցներն ու հասարակ գյումրեցիները՝ իրենց շնորհավորական խոսքերն հղելով մեծ երաժիշտին:

Ազնավուրի արձանի հանդիպակաց  փողոցը զարդարում են Ազնավուրի կողմից կառուցված բազմաբնակարան շենքերը, որոնք տասնյակ անօթեւան գյումրեցիների դարձրել են բնակարանատեր: Երակրաշարժից հետո նա պարբերաբար օգնության ձեռք է մեկնել տարատեսակ ծրագրերով: Հետեւապես, Գյումրին չէր կարող անհաղորդ մնալ այսօրվա հոբելյանից:

Շառլ Ազնավուրին գյումրեցիների անունից շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Արդեն 89-ամյա Ազնավուրը պաշտոնական հրավերք է ստացել՝ մասնակցելու “Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք” ծրագրի միջոցառումների բացման արարողությանը, որը տեղի է ունենալու հունիսի 30-ին:

Առավոտից մինչեւ ուշ գիշեր Գյումրիի կենտրոնական հրապարակում հնչելու են Շառլ Ազնավուրի անզուգական կատարումները:

Չեխիայում թալանվել է Մերիլին Մոնրոյի իրերով բեռնատարը

մերիլինՉեխիայում թալանվել է Մերիլին Մոնրոյին նվիրված ցուցահանդեսի ցուցանմուշներ տեղափոխող բեռնատարը: ցուցահանդեսը պետք է  բացվեր հունիսի սկզբին` Պրահայում : Դատարկ բեռնատարը ոստիկանությունը հայտնաբերել է Պրահայից հարավ-արևմուտք գտնվող Բերոուն քաղաքի մոտակայքում:

“Բարեբախտաբար այդ բեռնատարում արժեքավոր ցուցանմուշներ չկային: Այն հիմնականում տեղափոխում էր ապակյա ցուցափեղկեր, շրջանակներ և ցուցադրության համար այլ անհրաժեշտ պարագաներ : Մերիլին Մոնրոյի կյանքին առչնվող  առարկաներից միայն լուսանկարներն էին”,-հաղորդում է ИТАР-ТАСС -ը` վկայակոչելով ցուցահանդեսի կազմակերպիչ Ալիսա Տիտրովային:

Գողացված բեռնատարի վրա եղել է հայտնի իտալական Salvatore Ferragamo-ի լոգոտիպը: Այդ ընկերությունը մասնագիտացած է ձեռքով պատրաստված էքսկլուզիվ կոշիկների արտադրության վրա: Չեխական ոստիկանությունը կարծում է, որ հանցագործները մտածել են, որ բեռնատարը մեծ քանակությամբ թանկարժեք կոշիկ էր տեղափոխում:

Հայտնի է, որ բեռնատարը մտել է Պրահա, բայց դուրս է եկել այնտեղից առանց կանգ առնելու:

Կորած ավտոմեքենան սկսել են փնտրել, երբ ցուցահանդեսի կազմակերպիչները դիմել են ոստիկանություն: Կազմակերպիչները վնասը գնահատում են ավելի քան մեկ միլիոն կրոն,մոտ 50 հազար դոլար: Երբ կբացվի ցուցահանդեսը կամ կբացվի ընդհանրապես, առայժմ հայտնի չէ:

Նախատեսվում էր, որ ցուցադրությանը այցելուները կարող են տեսնել հայտնի կինոաստղի զգեստներն ու կոշիկները, որոնք ներկայացվելու էին մասնավոր հավաքորդների կողմից: Մերիլին Մոնրոն սիրել է Salvatore Ferragamo-ի կոշիկները: Ամերիկյան դերասանուհու ցնցող քայլվածքի գաղտնիքը հաջողվել է բացել միայն նրա մահից կես դար հետո: Պարզվում է, որ դերասանուհին կոշիկի մի զույգի կրունկը մի փոքր խարտում էր, ինչը նրա քայլվածքին անմոռանալի  ճոճք էր տալիս:Այդ գաղտնիքը Մերիլինը ոչ մեկին չէր բացել:Նրա կոշիկի հավաքածուի մեջ Salvatore Ferragamo-ի արտադրության տասնյակ զույգեր կան : Այդ պատճառով  ֆիրման դարձել է Մերիլին Մոնրոյին նվիրված ցուցահանդեսի հովանավորը, ինչը  չար կատակի վերածվեց կազմակեչպիչների համար:

Ավարտին են մոտենում երկշաբաթյա դասընթացները

պնԱվարտին է մոտենում Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում մայիսի 13-ից ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում մեկնարկած «Ականազերծման գործողությունների ընթացքում վիրավորվածներին առաջին բուժօգնության ցուցաբերման» երկշաբաթյա դասընթացը: Դասընթացն անցկացվում է Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից, որին ներգրավված են ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ռազմաբժշկական ծառայության ներկայացուցիչներ:

Երկշաբաթյա դասընթացները կազմակերպվել և անց են կացվել երկու փուլով: Առաջին փուլում մասնակիցներին ուսուցանվել են բուժօգնության ցուցաբերման վերաբերյալ ընդհանուրի տեսական գիտելիքներ: Երկրորդ փուլում իրականացվել է գործնական ուսուցում` ռազմադաշտում վիրավորվածներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման և տարհանման վերաբերյալ:

Դասընթացի անցկացման ընթացքում մասնակիցները ծանոթանալու են նաև դասընթացի դասավանդման մեթոդոլոգիային` ՀՀ զինված ուժերում նմանատիպ դասընթացների կազմակերպման ընթացքում այն օգտագործելու նպատակով:

«Միկան» չի վաճառվում

միկաimagesՎերջին օրերին խոսակցությունները շատ են, որ կարող է վաճառվել Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա» ֆուտբոլային ակումբը և երևանյան  մարզադաշտը: Ընդ որում, հավանական գնորդ է համարվում մեծահարուստ Քըրք Քրքորյանը:

Այդուհանդերձ, «Միկայի» ներկայացուցիչները հայտարարել են, որ առքուվաճառքի շուրջն եղած խոսակցությունները հիմնավոր չեն, և նման գործարք առհասարակ չի սպասվում:

Անչափահասների արդարադատության հիմնախնդիրները` լրագրողների ուշադրության կենտրոնում

սեմինար125 լրագրողներ երկու օր շարունակ Աղվերանում ուսումնասիրում էին անչափահասների գործերով արդարադատության հիմնախնդիրների լուսաբանման առանձնահատկությունները: Համանուն սեմինարը կազմակերպել էին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն, «Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը  և «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպությունը:

Օրենսդրական բացերը` երեխաների իրավունքների խախտման պատճառ

ՔՀԻ իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը, խոսելով օրենսդրական բացերի մասին, ասում է, որ Հայաստանում չկան անչափահասների հարցերով մասնագիտացած դատարաններ: 2012-ին ոլորտում առաջընթաց եղավ` այդուհետ անչափահասների գործերը միշտ նույն դատավորներն են քննում, սակայն ոլորտում դեռ անելիքներ կան.  պետք են նաև մասնագիտացած քննիչներ, դատախազներ, փաստաբաններ:

Ղարիբյանն ասում է, որ  անչափահասների նկատմամբ կալանք կարող է կիրառվել միան միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում: Ներկայում կալանքը լայնորեն կիրառվում է` հաշվի առնելով միայն հանցանքի ծանրությունը և անտեսելով մնացած հանգամանքները: Որպես պատիժ` լայնորեն կիրառվում  է նաև ազատազրկումը, չնայած քրեական օրենսգիրը նաև այլ պատիժներ է նախատեսում: Ըստ փաստաբանի` դրա պատճառներից մեկն էլ ուսումնա-դաստիարակչական հիմնարկների բացակայությունն է, որտեղ, ըստ օրենքի, դատավորը կարող է ուղղորդել օրենքը խախտած անչափահասին: Ուստի դատավորները հաճախ դիմում են կա՛մ ազատազրկման, կա՛մ էլ երեխային հանձնում են ծնողի հսկողությանը, ինչը միշտ չէ, որ արդյունավետ է:

Մասնագիտացված դատարան չունենալու բացասական կողմերից է և այն, որ դատավարության ընթացքում և դատավճիռը հրապարակելիս կիրառում են իրավաբանական տերմիններ` առանց դրանք բացատրելու, հաշվի չառնելով անչափահասի տարիքային առանձնահատկությունները:

Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության համակարգող  Հայկ  Խեմչյանն էլ պարզաբանում է, որ անչափահասների գործերով արդարադատությունը վերաբերում է ոչ միայն իրավախախտում կատարած, այլև հանցագործությունից տուժած և վկա երեխաներին:

Խեմչյանի խոսքով` ներկայում խախտվում են կալանավորված անչափահասների իրավունքները, քանի որ վերջիններս, ըստ օրենքի, օրական 22 ժամ փակի տակ են` խցանման կառույցներում: Դատապարտվելուց հետո արդեն պահվում են հանրակացարանային տիպի շինություններում, որտեղ ավելի թեթև պայմաններ են: Նրա խոսքով` կալանավայրի պայմանները հակասում են միջազգային օրենսդրությանը:

ՔՀԻ ՀԿ  նախագահ Արման Դանիելյանն էլ ասում է, որ անչափահասների արդարադատության հիմնական սկզբունքն արարքի պատճառը և երեխայի կարիքները բացահայտելն է: Սակայն մեզ մոտ դա թերի է կատարվում,  քանի որ չկան սոցիալական աշխատողներ: Ոստիկանին վերապահվում է սոցիալական աշխատողի դեր, քննիչին` հոգեբանի, մինչդեռ վերջիններս մասնագետներ չեն:

Երեխաների պաշտպանության ոլորտում բարեփոխումները պարտադրված են և ոչ արդյունավետ

ՀՕՖ ԵԱԿՀ  գործադիր տնօրեն Միրա Անտոնյանն ասում է, որ Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում ինքնաբուխ ռեֆորմներ չեն լինում, դրանք կատարվում են արտաքին ճնշումների ներքո: Եվ քանի որ դրանք ներքևից բխող  զարգացումներ չեն, բարեփոխումները կատարվում են  ապրիորի: Որպես օրինակ նշում է մանկատները և գիշերօթիկները բեռնաթափելու ծրագիրը: Ծրագրի արդյունքում 19 գիշերօթիկ դպրոցներից 9-ը վերածվեցին հանրակրթական դպրոցների, սակայն փոխարենը ստեղծվեցին խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ (սոցիալական տներ), որոնք նման մոդելով, ըստ Անտոնյանի, գործում են միայն Հայաստանում:

«Մենք ունենք 45 տոկոս մանկական աղքատություն երկրում, աղքատության սովորական ցուցանիշից գրեթե կրկնակի ավելի»,- ասում է Անտոնյանը` հավելելով, որ մանկական աղքատություն նշանակում է ոչ միայն ֆինանսների սղություն կամ բացակայություն, այլև ծառայությունների անմատչելիություն և տաղանդը, ունակությունները զարգացնելու հնարավորության բացակայություն:

Մանկական աղքատությունը կրճատելու նպատակով Անտոնյանն առաջարկում է Ուկրաինայի օրինակով սահմանել  համընդհանուր կանխարգելման նպաստ, ըստ որի` յուրաքանչյուր երեխայի, անկախ ընտանիքի սոցիալական կարգավիճակից, ամեն ամիս որոշակի չափով նպաստ կհատկացվի:

Անտոնյանն անարդյունավետ է համարում պետության վարած ներկայիս սոցիալական քաղաքականությունը, այն է` օգնել աղքատների մեջ ամենաաղքատին: Ասում է, որ այս հարցում սովորելու բան ունենք Վրաստանից, որն  ինտեգրացված սոցիալական ծառայություններին անցնելուց հետո երկրում աղքատությունը կրճատեց 27 տոկոսով, իսկ այժմ մանկատներում ընդամենը 360 երեխա ունեն:

Ըստ այդ մոդելի` պետությունը պետք է գնահատի բոլոր ընտանիքների սոցիալական վիճակը և թիրախավորի` ծայրահեղ աղքատներին օգնելը թողնելով բարեգործական հիմնադրամներին, աղքատներին օգնելը` ՀԿ-ներին կամ այլ կառույցի, իսկ սակավ աղքատներին ինքը օգնի. «Աղքատներին ուղղված ներդրումներն արդյունավետ են, քանի որ օգնում են մարդկանց հաղթահարել աղքատության շեմը»:

Անտոնյանը նաև թվային տվյալներով է փաստում պետական անարդյունավետ քաղաքականությունը. այսպես, մանկատան մեկ երեխայի տարեկան խնամքն արժի 12 հազար դոլար, խնամքի և պաշտպանության հաստատություններում` 7800 դոլար, գիշերօթիկ կրթական հաստատություններում` 6500 դոլար, խնամատար ընտանիքներում` 3500 դոլար, խնամակալ ընտանիքում` 0 դրամ: Ասում է, որ աբսուրդ է իրավիճակը, երբ պետությունը, օրինակ` հրաժարվում է օգնել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալությունը ստանձնելու պատրաստ տատիկ-պապիկին,  բայց պատրաստ է տարեկան 12 հազար դոլար վճարել, եթե երեխային նույն տատիկ-պապիկն էլ այլևս չպահեն ու մանկատուն ուղարկեն:

Խնամատար ընտանիքների ինստիտուտը ևս չի զարգանում, չնայած այն պետությանը եռակի էժան կարժենար:

Սեմինարի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց  անչափահասների գործերի լուսաբանման տերմինաբանությանը, էթիկական առանձնահատկություններին:

 

 

Բրեդ Փիթը հրաժարվում է սեքս տեսարաններում նկարահանվել Ջոլիից բացի այլ անձանց հետ

բրեդԲրեդ Փիթի բարեկամ Ֆրենկ Պոլարոն անկեղծացել է Esquire բարձրակարգ ամսագրի լրագրողների մոտ: Նա պատմել է, որ 2004թ. Անջելինա Ջոլիի հետ հանդիպելուց հետո Բրեդը հրաժարվել է նկարահանվել էրոտիկ տեսարաններով ֆիլմերում որևէ մեկի հետ, բացի իր սիրեցյալից:

“Նա խելքը կորցրել է Ջոլիի համար, և վերջինն էլ նույնպիսի զգացմունքներ է տածում Բրեդի նկատմամբ”,-պատմել է Պոլարոն, որը Փիթի գործընկերն է կահույքի բիզնեսում: “Մի անգամ ես նրանց տուն էի գնացել, այնտեղ էին Էնջին, Բրեդը և նրանց դուստր Զախարան: Աղջիկը ասաց.”Հայրիկ, դու չես պատրաստվում նորից մայրիկին կպչես,չ՞է”: Նրանց մոտ միշտ այդպես է, չեն կարողանում իրարից պոկվել”, -կիսվել է Պոլարոն լրագրողների մոտ:

Պիտի բիզնես -գործընկերն  ասում է, որ դերասանի և նրա կնոջ հարաբերությունները չփոխվեցին նաև, երբ Ջոլին ստիպված էր հեռացնել իր կաթնագեղձերը  քաղցկեղով հիվանդանալու ռիսկից խուսափելու համար: Պոլարոն հայտարարել է, որ Բրեդը իր սիրեցյալին ամեն տեսակի բարոյական աջակցություն է ցույց տվել: Եվ դա զարմանալի չէ: Esquire-ի նոր տպվող համարում տված հարցազրույցում  դերասանը խոստովանում  է, որ իր համար ընտանիքն  առաջին տեղում է:

“Երբ ես պլանավորում էի ընտանիք ստեղծել, ես հաշվարկում էի, որ այն կլինի մեծ: Գոռոցներ, լաց, ծիծաղ.այդ ամենը ինձ դուր է գալիս: Իհարկե, երբեմն հաճելի է հյուրանոցում մի գիշեր անց կացնել և հանգիստ թերթ կարդալ, բայց երկու օրից կարոտում  ես ընտանեկան անկարգությունները”,-հայտարարել է Բրեդ Փիթը:

Դերասանը խոստովանել է նաև, որ մինչև Ջոլիի հետ հանդիպումը իր կյանքը քաոսի նման էր: “Ես թմրանյութեր էի գործածում և գլորվում էի անդունդ”,- ավելացրել է դերասանը: Շուտով  Plan B ընկերությունը, որը ղեկավարում է Փիթը, կսկսի մի ֆիլմի նկարահանում, որտեղ Անջելինա Ջոլին կխաղա իր սեփական մոր դերը:

Դժգոհ են ոչ միայն վարորդները, այլև գծատերերը. ոլորտն այլևս շահութաբեր չէ

տրանսպորտՄեր զրուցակից երթուղային տրանսպորտի (գազել) վարորդն ասում է, որ հնարավորության դեպքում ինքն էլ շատերի պես կմեկնի Ռուսաստան` նույն աշխատանքն անհամեմատ լավ պայմամններում անելու համար: «Օրական մոտ 25  հազար դրամ դուրս եմ տալիս՝ 16  հազար դրամ պլան, 7 հազար՝ գազի փող,  հազար դրամ՝ դիսպետչերին,  հազար դրամ էլ սիգարետ, մի կտոր հաց, տակը մնում ա 5-6 հազար դրամ, բայց դրա համար արժի՞ էս տանջանքը»:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը մեզ հետ զրույցում ընդունում է, որ վարորդներն այսօր, մեղմ ասած, նախանձելի վիճակում չեն, ավելին, նա հայտարարում է, որ այսօր վարորդների մեծ պահանջարկ կա, քանի որ շատերն են հրաժարվում նման պայմաններում աշխատելուց. «Ե՛վ ավտոբուսային, և՛ միկրոավտոբուսային երթուղիներում մենք վարորդների պահանջարկ ունենք,- ասում է նա,- ճիշտ է` ամսվա ընթացքում համեմատաբար բարձր  գումար են վաստակում, բայց ելնելով աշխատանքի լարվածությունից, ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև վթարային իրավիճակի ռիսկայնությունից` մարդիկ խուսափում են այս աշխատանքից: Որպեսզի չխուսափեն, պետք է ավելի ապահով զգան իրենց և պետք է այնքան վաստակեն, որ գոնե այդ ռիսկն արդարացվի»:

Ըստ Նավասարդյանի` այսօր վարորդների մոտ 30 տոկոսը տարեցներ են, ինչը նույնպես լուրջ խնդիր է, քանի որ տարիքի հետ մարդ կորցնում է զգոնությունը, ռեակցիան:

Սակայն պարզվում է` իրենց վաստակից դժգոհ են ոչ միայն վարորդները, այլև գծատերերը. Նավասարդյանը հավաստիացնում է, որ երթուղի սպասարկող ընկերությունների սեփականատերերը հրաժարվում են երթուղուց, քանի որ ներդրումներ են կատարում, վարկային պարտավորությունների տակ մտնում, սակայն համոզված չեն` կկարողանա՞ն տակից դուրս գալ: «Մեր ժողովրդին թվում է, թե գծի տերերը գերշահույթներ են ստանում, ո՛չ, ոլորտն այլևս շահութաբեր չէ»,-ասում է նա:

Պաշտոնյայի խոսքով` այսօր կան սպասարկողներ (գծատերեր), որոնք հարկային պարտավորությունները չկատարելու համար հարկադիր կատարման  դռներն են ընկել, բանկերի հետ խնդիրներ ունեն, գրավ դրված գույքը ձեռքներից վերցրել են և այլն:

Հարց է ծագում` եթե ոլորտը շահութաբեր չէ, ինչո՞ւ են դրանով զբաղվում. «Դե, այլ զբաղմունք չունեն կամ մտածում են` կգա մի ժամանակ, երբ այս խնդիրները կկարգավորվեն»,- ենթադրում է նա:

Իրավիճակն այլ էր մոտ 8-10 տարի առաջ. «Մրցույթների ժամանակ մեկ երթուղու  համար 4-5 ընկերություն էր պայքարում, անգամ վեճեր էին լինում, իրար ձեռքից խլում էին, իրար վրա զենք էին բարձրացնում, բայց այսօր ոլորտը դարձել է ռիսկային: Օրինակ` մոտ մեկ ամիս առաջ  ավտոբուսային երթուղու մի ընկերություն հրաժարվեց հետագա սպասարկումներից»,- ասում է Նավասարդյանը:

Պատճառները, ըստ պաշտոնյայի, շատ են. անձնական ավտոմեքենաների թիվն է ավելացել, տաքսի ծառայություններն են ավելացել և մատչելի գներով ծառայություն են մատուցում, միկրոավտոբուսների և ավտոբուսների գներն են բարձրացել (տասը տարի առաջ գազել մակնիշի ավտոմեքենան արժեր 9-11 հազար դոլար, այսօր՝ 20 հազար, բոգդաններն արժեին 34-35 հազար դոլար, այսօր՝ 46 հազար), բարձրացել  է նաև դիզվառելանյութի և գազի գինը, ավտոբուսներում, օրինակ, օրվա եկամտի 70 տոկոսը ծախսվում է դիզվառելանյութի վրա, թանկացել են նաև ավտոպահեստամասերը և այլն: «Այդ ամենին զուգահեռ` ուղեվարձը մնացել է նույնը` 100 դրամ: Բնական է, որ այս ոլորտը պետք է ռիսկային դառնար և շահութաբեր չլիներ»,- ասում է նա:

Ստացվում է` ոլորտի կարգավորման միակ տարբերակը ուղեվարձը բարձրացնելն է: Մեր դիտարկման հետ Նավասարդյանը համամիտ է, բայց չի ցանկանում իր կողմից դա հնչեցնել, որպեսզի իր վրա քննադատական նետեր չուղղի: «Այո, եթե պետական սուբսիդավորում չլինի, վառելանյութը չէժանանա, հարկային պարտավորությունները չնվազեն, ապա ուղեվարձի գինը պետք է բարձրանա, սակայն դա այս պահին իրականացնել հնարավոր չէ, քանի որ երկրի սոցիալական վիճակը լարված է»:

Փաստորեն, վարորդը տառապում է գծատիրոջ կողմից սահմանված պլանային վճարից, իր հերթին գծատերը տառապում է վարկային պարտավորություններից, ուստի ստիպված է պլանը բարձր սահմանել, իսկ ժողովուրդը ստիպված է հանդուրժել կռացած մեջքով ու մի ոտքի վրա կանգնած երթևեկությունը, քանի որ պետությունը չի ցանկանում ուղեվարձը թանկացնելու հաշվին իրավիճակը շտկել, իսկ այլ ձևով դա անելու համար ֆինանսական միջոցներ չունի: Այս մեխանիզմով աշխատելու դեպքում գերբեռնվածության խնդիրն անլուծելի է դառնում. «Այո, եթե գերբեռնված չաշխատեն, ապա ծախսերը չեն հանի, և ուղղակի հաջորդ օրը գիծ դուրս չեն գա»,- խոստովանում է Նավասարդյանը:

Նա հիշեցնում է, որ քաղաքակիրթ երկրներում ոլորտը պետության կողմից սուբսիդավորվում է, իսկ մեզ մոտ նման բան չկա:

Ոլորտի խնդիրներից է նաև վարորդների աշխատանքային իրավունքների ոտնահարումը: ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ ոլորտը աշխատանքային իրավունքների խախտման տեսանկյունից համարվում է բարձր ռիսկային ոլորտ: Նրա խոսքով` դեռևս 2011 թ. վարչապետի հանձնարարականով իրենք ուսումնասիրություններ են իրականացրել շուրջ 92 տաքսի և երթուղային սպասարկման ընկերություններում, որտեղ հայտնաբերել են 988 չձևակերպված աշխատող: «Արձանագրել ենք նաև, որ արտաժամյա աշխատանքի ներգրավելու հետևանքով գործատուներն աշխատողներին չեն վճարել ընդհանուր 51 միլիոն դրամ աշխատավարձ: Հայտնաբերել ենք բազմաթիվ խախտումներ ամենամյա արձակուրդների ձևակերպման, բժշկական զննություն չանցնելու, օրվա հանգիստը չապահովելու և այլ խնդիրների վերաբերյալ: Նման խախտումներն այս ոլորտում մասսայական են»,- ասում է նա:

Հենրիկ Նավասարդյանը համամիտ չէ, որ այդ խնդիրները մասսայական են. «Թույլ տվեք համամիտ չլինեմ, բոլոր տեղերում այդպես չէ, ունենք շատ օրինակելի երթուղի սպասարկող ընկերություններ»:

Մի խնդիր էլ D կարգի վարորդական իրավունքի բացակայությունն է: Բազմաթիվ վարորդներ իրենք են խոստովանում, որ աշխատում են առանց D կարգի վարորդական իրավունքի, մինչդեռ Նավասարյանը հավաստիացնում է, որ յուրաքանչյուր մրցույթի ժամանակ բոլորը ներկայանում են D կարգի վարորդական իրավունքով:

Ինչ վերաբերում է մեքենաների տեխզննման և անսարք վիճակում շահագործելու խնդիրներին, քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով` դա նույնպես չափազանցված է. «Եթե մենք վարորդներին լսենք, կստացվի, որ իրենք առանց մեքենան սարքելու կարող են ամբողջ տարին վարել: Անսարք վիճակում ո՞նց են քշելու: Այո, կան դեռևս ոչ լավ վիճակում գտնվող մեքենաներ, որոնք դեռ սպասարկում են, և դրանցից վատագույնները պետք է փոխարինվեն ավտոբուսներով: Վտանգավոր է այդպես շահագործելը, բայց չենք էլ կարող դրանք լրիվ շահագործումից հանել մինչև փոխարինումը, քանի որ դա էլ հասարակության դժգոհությունը կբարձրացնի»:

Նշենք, որ այս պահին Երևան քաղաքում գործում է 76 մասնավոր միկրոավտոբուսային երթուղի և 25 պետական ավտոբուսային երթուղի: Ավտոբուսային երթուղիների թիվը նախատեսված է հասցնել 68-ի:

Հենրիկ Նավասարդյանը տեղեկացրեց, որ այս տարի մոտ հարյուր ավտոբուս պետք է ներկրվի Հայաստան Հյուսիսային Կորեայից` փոխարինելով միկրոավտոբուսներին:

Քաղաքապետարանի պաշտոնյան հավաստիացնում է, որ ոլորտը բարելավելու ուղղությամբ իրենք երկարաժամկետ ծրագիր ունեն և կամաց-կամաց փորձում են դա իրականացնել: Սակայն ակնհայտ է, որ այս մեխանիզմով աշխատելու դեպքում անգամ հեռավոր ապագայում խնդրի լուծում ակնկալել հնարավոր չէ:

Տեղի է ունեցել Երևանի ավագանու առաջին գումարման վերջին նիստը

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու առաջին գումարման   9-րդ նստաշրջանի  4-րդ և վերջին  նիստում շնորհակալություն է հայտնել ավագանու բոլոր անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

“Երևանի ավագանու ինստիտուտը շնորհիվ ավագանու անդամների սրտացավ աշխատանքի կայացավ այս չորս տարիների ընթացքում: Իսկապես արվեց ամեն ինչ թե երանցիների և թե քաղաքի հոգսերը թեթևացնելու, ինչպես նաև առկա խնդիրները լուծելու համար: Ու վստահ եմ, որ պահպանելով և շարունակելով այս ընթացքում կուտակած փորձը, մայիսի 5-ին ընտրված Երևանի ավագանու նոր կազմը ևս նույն եռանդով և սրտացավությամբ իր ակտիվ մասնակցությունը կբերի Երևանի զարգացման գործում”,-ընգդծել է քաղաքապետը:

Օրակարգի հարցերի շրջանակում ավագանին միաձայն կողմ քվերակությամբ հաստատել է Երևանի համայնքային սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին, ինչպես նաև հողամասի փոխանակության մասին որոշումների նախագծերը:

Ավագանին հավանության է արժանացրել նաև Ֆադեյ Սարգսյանի, Վահե-Ազատ Ադամյանի, Արթուր Թարխանյանի և Արտավազդ Մարտիրոսովի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշումների նախագծերը:

Երևանի ավագանին ի գիտություն է ընդունել Վերահսկիչ պալատի կողմից 2010-2012 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու սահմանված կարգով քաղաքապետարանի կողմից թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

Ամփոփ ներկայացվել է նաև Երևանի ավագանու 2009-2013 թվականների ընթացքում ծավալած գործունեության մասին հաշվետվությունը: Վերը նշված ժամանակահատվածում գումարվել է ավագանու 61 նիստ, որոնց ընթացքում ընդունված 635 որոշումից 609-ը կատարվել է, 26-ը ընթացքի մեջ է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հսարակայնության հետ կապերի վարչություն

 

Ամուլսարի հանքի տարածքում Կարմիր գրքում գրանցված կենդանիներ և բույսեր կան. նման դեպքերում օրենքն արգելում է հանքի շահագործումը

ԱմուլսարՄայիսի 22-ը կենսաբազմազանության միջազգային օրն է. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1995-ին այս օրը հռչակեց որպես կենսաբազմազանության օր, 2001-ից այն նշվում է ամեն տարի: Այս տարվա կարգախոսն է «Ջուր և կենսաբազմազանություն»:

Կենսաբազմազանության օրվա առթիվ Էկոլուր մամուլի ակումբում բնապահպաններն անդրադարձան Հայաստանում առկա բնապահպանական խնդիրներին, մասնավորապես ներկայացրեցին Ամուլսարի  ոսկու հանքավայրի տարածքում բնակվող և Կարմիր գրքում գրանցված կենդանիների ցանկը: Ըստ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի` արգելվում է հանքի շահագործումը վայրերում, որտեղ առկա են Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն  Կարեն Մանվելյանն ասաց, որ մեկ տարի առաջ  բանավեճեր եղան, թե արդյոք Ամուլսարի հանքի տարածքում  կան Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, թե ոչ: Բնության համարշարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը   Բուսաբանության ինստիտուտի աշխատակիցների հետ  իրականացրել է ուսումնասիրություններ 10 հազար հա  տարածքում: Պարզվել է, որ հանքի բուն տարածքում աճում է ծիրանագույն մատնունի անվամբ բույսը, որը Կարմիր գրքում է գրանցված և կրիտիկական վիճակում է գտնվում:  Հանքի բուն տարածքում նաև գորշ արջեր կան: Արդեն հարակից տարածքներում բացահայտվել է անհետացման վտանգի տակ գտնվող սողունների երկու տեսակ` անդրկովկասյան սահնօձ և հայկական իժ, կաթնասունների չորս  տեսակ` հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, անտառային կատու և գորշ արջ, ինչպես նաև թռչունների 18 տեսակ`  հայկական որոր, սև արագիլ, սև անգղ, գաճաճ արծիվ, դեղնագլուխ խաղտտնիկ, բվեճ, գիշանգղ, քարարծիվ, սպիտակագլուխ անգղ, գառնանգղ, տափաստանային հողմավար, փոքր ենթաարծիվ, մարգագետնային մկնաճուռակ, սապսան, ներկարար, մկարմիր բադ, օձակեր արծիվ,  կարմրաթև մագլցող:

Մանվելյանի խոսքով` հանքի շահագործումը մեծ ազդեցություն կունենա այդ տարածքում գտնվող և Կարմիր գրքում գրանցված ծիրանագուն մատնունու վրա: «Ազդեցություն կունենա նաև մոտակայքում գտնվող սողունների պոպուլյացիայի վրա, քանի որ շատ մոտ են Ամուլսարին, գիշատիչ թռչունների որսը կպակասի, և հիմնականը` երբ կա մեծ քանակությամբ մարդ և տեխնիկա, կենդանական աշխարհը հեռանում է այդ վայրերից»,- ասում է նա:

Հանքի շահագործման թույլտվություն ստացած «Գեոթիմ» ընկերության գլխավոր բնապահպան Արմեն Ստեփանյանը, սակայն համաիտ չէ Մանվելյանի տվյալների հետ, ասում է, որ իրենց ուսումնասիրություններով ընդերքի առանձին տեղամասերում ծիրանագույն մատնունի չի հայտնաբերվել, չնայած այն առկա է իրենց հանձնված 13 հազար հա տարածքում:

Մանվելյանն ասում է, որ  պետական բյուջե ֆինանսական հոսքերի առումով դիտարկելու դեպքում  Ամուլսարը 10 տարվա կտրվածքով բավականին մեծ հոսքեր կապահովի, բայց եթե 50 տարվա կտրվածքով դիտարկենք, Ջերմուկը նույն գումարները կապահովի, բայց նաև էկոհամակարգը չի տուժի:

Արմեն Ստեփանյանի խոսքով` եթե բնապահպանների հետազոտությունները ցույց են տալիս, որ հանքի շահագործումը կազդի տուրիզմի վրա, ապա իրենց ուսումնասիրությունները նման բան ցույց չեն տվել. « Ջերմուկը և Ամուլսարը կարող են համատեղ գործել  և երկուսն էլ եկամուտներ կբերեն հանրապետությանը»:

Անդրադառնալով «Ընդերքի մասին» օրենքի 26-րդ հոդվածին, որն արգելում է հանք շահագործել այն վայրերում, որտեղ առկա են Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ, Ստեփանյանն ասում է, որ իրենք հանքի շահագործման իրավունքը ձեռք են բերել ավելի վաղ, քան կհրապարակվեր օրենքը:

Նշենք, որ Ամուլսարը գտնվում է Ջերմուկից 13 կմ հեռավորության վրա: «Գեոթիմ» ընկերությունը, որի 95 տոկոսը պատկանում է  բրիտանական Lydian International Limited ընկերությանը,  ցանկանում է տեղում ոսկու հանք շահագործել, ինչին բնապահպանները դեմ են` նշելով, որ այն ոչ միայն հարցականի տակ կդնի Ջերմուկի` որպես առողջարանի գոյությունը, այլ նաև մեծ վնասներ կհասցնի էկոհամակարգին:

Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի ավելի քան 20-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառում Վիեննայում

353.Event in Vienna dedicated to the Austrian Medical Center in Gyumri 22.05.2013Վիեննայում տեղակայված Ներքին Ավստրիա երկրամասի ներկայացուցչությունում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ավստրիական ֆինանսավորմամբ կառուցված եւ 1992 թվականից գործող Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի (ԱՄՀ) ավելի քան 20-ամյա գործունեության ամփոփմանը: Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության, Ավստրիական մանկական հիվանդանոցին օժանդակող միության խորհրդի եւ Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրինության միջեւ դեռեւս 2009թ. ապրիլի 4-ին ստորագրված հուշագրի՝ ԱՄՀ-ում տեղի ունեցած վերապրոֆիլավորման արդյունքում հիվանդանոցում սկսել է գործել ծննդօգնության եւ գինեկոլոգիայի բաժանմունք, Գյումրու ծննդատունը տեղափոխվել է ԱՄՀ, հաստատությունն էլ վերանվանվել է Մոր եւ մանկան հիվանդանոց:

Միջոցառմանը հիվանդանոցի ավելի քան 20-ամյա գործունեությանը նվիրված ամփոփիչ ելույթներով հանդես եկան ԱՄՀ-ին օժանդակող միության նախագահ դոկտոր Քրիստոֆ Լեխները, նրա տեղակալ, միության պատվավոր գործադիր տնօրեն, հիվանդանոցի հիմնադրումից ի վեր եւ մինչեւ 2012 թվականը աշխատանքների համակարգող Հանս Դյոլլերը, հիվանդանոցի նախագծող եւ կառուցապատման աշխատանքների համակարգող պրոֆեսոր Գյունտեր Պետերը, ավստրիական Կարիտասի ներկայացուցիչը եւ Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի անդամ Ռուդոլֆ Մաղաքյանը, Գյումրու Մոր եւ մանկան հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Հանդիսավոր միջոցառմանը ելույթներ ունեցան նաեւ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը եւ Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտը: Դեսպան Կիրակոսյանը նախ շնորհակալություն հայտնեց այն բոլոր անհատներին եւ ավստրիական կազմակերպություններին, որոնք ավելի քան 2 տասնամյակ իրենց շարունակական նպաստն են բերել հիվանդանոցի կենսագործունեության անխաթար ապահովմանը եւ, մասնավորապես, նշեց, որ ԱՄՀ-ի գործունեությունը Հայաստան-Ավստրիա համագործակցության լավագույն օրինակ է հանդիսանում եւ վերածվել է երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության յուրօրինակ խորհրդանիշի: Դեսպանը նաեւ համոզմունք հայտնեց, որ 2013 թ. Երեւանում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի հիմնմամբ, ավստրիական օժանդակությունը կունենա իր հետեւողական շարունակությունը՝ արդեն զարգացման քաղաքականության բնագավառում հայ-ավստրիական համագործակցության համատեքստում:

 

Հայաստանն այս տարի ևս միացել է Համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը

photoՄիացյալ Թագավորության գրական գոհարները հայ դերասանները կընթերցեն մայիսի 23-ից -25-ը Երևանի տարբեր անկյուններում:

Արդեն երրորդ տարին է, ինչ Բրիտանական խորհուրդը միանում է համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը և կազմակերպում գրական ընթերցումներ: Այս յուրօրինակ փորձառության ընթացքում համատեղվում է հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետությունը և ներկայացման արտասովոր վայրը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնության շրջանակում միջոցառումներ կկազմակերպվեն երեք օր շարունակ ու տարբեր վայրերում: Միջոցառումներն անց են կացվում Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում:

Միջոցառումները կմեկնարկեն մայիսի 23-ին ժամը 16.00-ին Հայաստանում ԵՄ կենտրոնում (Մաշտոցի պողոտա 43/34):  Դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը կընթերցեն Արթուր Կոնան Դոյլի «Չորսի նշանը» ստեղծագործության հայերեն թարգմանությունը:

Մայիսի 24-ին  մայրաքաղաքի մետրոպոլիտենի չորս կայանում դերասան Արսեն Գրիգորյանը կընթերցի Միացյալ Թագավորության չորս երկրի գրականության լավագույն նմուշները: Մայիսի 24-ին ժամը 13.00-ից-14.00-ն Բարեկամություն կայարանում շոտլանդական գրականության ժամն է, 15.00-ից -16.00-ն Մարշալ Բաղրամյան կայարանում Արսեն Գրիգորյանը կընթերցի Հյուսիսային Իռլանդիայի գրողների ստեղծագործությունները, 17.00-ից -18.00-ն Երիտասարդական մետրոյում կհնչեն Ուելսի գրողների ստեղծագործությունները, իսկ անգլիական գրականությունը դերասանը կներկայացնի Հանրապետության հրապարակ կայարանում ժամը 19.00-ից – 20.00-ն: Ողջ օրվա ընթացքում Արսեն Գրիգորյանը կընթերցի Ռոբերտ Բըրնսի, Օսկար Ուայլդի, Թոմաս Դիլընի, Ջոան Ռոուլինգի և Վիդիադխար Սուրաջպրասադ Նայպոլի ստեղծագործությունները` Վահագն Դավթյանի, Լուսինե Մարգարյանի, Սամվել Մկրտչյանի, Լիլիթ Մկրտչյանի, Լիլիթ Գալստյանի և Հովհաննես Ղուկասյանի  հայերեն թագմանությամբ:

Իսկ մայիսի 25-ին ժամը 17.00-ին արդեն Եվրոպայի օրվա տոնակատարության շրջանակում Հյուսիսային պողոտայում Բրիտանական խորհրդի վրանում կկազմակերպվի թեյախմություն և ընթերցանության ժամ:

Եվրոպական գիշեր նախաձեռնությանն աջակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն, ԵՄ կենտրոնը և Գրանիշ գրական ակումբը:

 

 

Սյունիք. Մեղավոր է ճանաչվել` իր նորածին երեխային շնչահեղձ անելու եղանակով սպանելու մեջ

7822_bՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել իր նորածին երեխային սպանելու համար Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի բնակչուհի Ա.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:

Դատարանն ապացուցված է համարել, որ Ա.Մկրտչյանը իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքի ափով փակել է վերջինիս արտաքին շնչառական անցքերը` բերանը, քթանցքները, և այդ կերպ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2013թ. մայիսի 7-ի դատավճռով` Ա.Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել` ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով:

Դատավճռով` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով:

Մովսիսյանը լիովին չի ապաքինվել

յուրաkarpinՄոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հայտնել է, որ  մայիսի 26-ին «Ալանիայի» հետ կայանալիք խաղից առաջ թիմը խնդիրներ ունի: Նրան մտահոգում է մի շարք ֆուտբոլիստների առողջական վիճակը: Մասնավորապես, նա նկատի ունի Մովսիսյանին և Ձյուբային:

Ըստ Կարպինի, չնայած, որ  Մովսիսյանը մասնակցել է «Կրասնոդարի» հետ խաղին, սակայն նա դեռ լիովին չի ապաքինվել: «Մենք ռիսկի դիմեցինք, փոխարինման դուրս բերելով նրան «Կրասնոդարի» հետ խաղում: Իսկ մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո, նրա ոտքը դեռ ցավում էր»,- ասել է մարզիչը:

Սյունիք. Շրջակա միջավայրին պատճառված վնասներն աբողջությամբ վերականգնվել են

7821_bԻրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բասիռատ Բասմենջ Սեյեդմոռտազան, 2013թ. մայիսի 5-ին Մեղրի-Երևան միջպետական ավտոճանապարհի 76-րդ կիլոմետրում` Կապան քաղաքի մերձակայքում, թույլ էր տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում:

Վթարի հետևանքով նրա վարած ավտոմեքենան կողաշրջվել էր, իսկ ավտոցիստեռնում եղած ժավելի խտահեղուկը թափվել էր ճանապարհամերձ հողատարածք և Ողջի գետը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ մասնագետների գնահատմամբ` ճանապարհամերձ հողատարածքի, Ողջի գետի աղտոտման և ձկների ոչնչացման հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է 4.235.000 ՀՀ դրամ, որը դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է:

«Ազգային ժողովը բավարարվելու տեղ չի». պատգամավորի կոչը՝ «անբարոյականներին»

theme_1Խորհրդարանը սկսեց քառօրյա նիստերի հերթական աշխատանքը: Քվեարկության դրվեց “Ժառանգությու” խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի ներկայացրած նախագիծը՝ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին:

Մինչ քվեարկությունը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ մեկ տարի շարունակ հարցը քննարկվել է, ինչի վերաբերյալ հանրապետականն իր կարծիքը հայտնել է. “Կարծում ենք, որ ընտրություններից հետո անհրաժեշտություն կառաջանա բոլոր առաջարկությունները քննարկել ընտրական օրենգրքի հետ կապված, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու”:

Որոշումը չընդունվեց՝ ձայների 41 կողմ, 66 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Vahram BaghdasaryanԻ դեպ, մինչ քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը և հորդորեց ԱԺ նախագահին ուշադիր լինել, որպեսզի քննարկվող հարցերի ժամանակ շեղումներ չլինեն: Նմանօրինակ շեղում նա համարում է երեկ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հնչած քննադատական որոշ ելույթներ. “Ինչ որ պատահական մարդիկ կարող են վիրավորանքներ հնչեցնել մարդկանց հասցեին, խարդախ անվանել,-վրդովված հայտարարեց Բաղդասարյանը,-շատ սարսափելի է, որ անբարոյականները վիրավորում են բարոյական մարդկանց: Եթե կա անբավարարվածություն, Ազգային ժողովը բավարարվելու տեղ չի”:

 

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները պարտվեցին խոշոր հաշվով

1ffa1Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը անցկացրեց առաջին հանդիպումը Հունգարիայում մեկնարկած ընկերական մրցաշարի շրջանակում: Տանտերերի հետ հանդիպումն ավարտվեց 1:4 հաշվով` հօգուտ Հունգարիայի հավաքականի:

Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Պողոսյանը, ով հստակ իրացրեց 11մ-ոց տուգանային հարվածը:

Այսօր Հայաստանի հավաքականը կմրցի Շվեյցարիայի ընտրանու հետ: