«Միգուցե այդ գործընթացներում ավելի մեծ կիրառում պետք է գտնի քրեակա՞ն պատասխանատվության տարրը». Արմեն Գևորգյան

imagesՔիչ առաջ Ազգային ժողովն ընդունեց հատուկ ընթացակարգով արտահերթ նիստ գումարելու մասին կառավարության որոշման նախագիծը՝ շարունակելով կիսատ մնացած հարցի քննարկումը՝ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության վերաբերյալ:

Որպես հարակից զեկուցող՝ հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Նա հավաստիացրեց, որ կառավարությունը մեծ կարևորություն է տալիս Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքին՝ նշելով, որ ՎՊ կողմից ներկայացրած բոլոր դրվագները կառավարությունում մանրամասն քննարկվել և ուսումնասիրվել են: «Արձանագրված յուրաքանչյուր խնդրի հետ կապված կան կոնկրետ մոտեցումներ, որոշումներ, և դրանց իրականացման ընթացքը գտնվում է կառավարության անմիջական վերահսկողության ներքո»,-ասաց նա:

Արմեն Գևորգյանը հիշեցրեց նաև, որ հաշվետվություններում արտացոլված խնդիրների և թերությունների վերաբերյալ շահագրգիռ պետական մարմինների բոլոր պարզաբանումները տեղադրված են կառավարության կայքէջում։

Անդրադառնալով ԱԺ դահլիճում հաշվետվության վերաբերյալ հնչած քննադատություններին և գնահատականներին՝ նա նշեց, որ  այդ խնդիրները 2012 թվականին չեն արձանագրվել, այլ տարիների ընթացքում կարծրացած խնդիրներ են:

Ինչ վերաբերում է վերջին տարիներին, ապա Արմեն Գևորգյանը կարծում է, որ լուրջ աշխատանքներ են իրականացվել օրենսդրության կատարելագործման ուղղությամբ, և այժմ  օրենսդրությունը նվազագույնի է հասցնում ռիսկերը։

Արմեն Գևորգյանը համամիտ չէ այն գնահատականների հետ, որ բյուջեի կատարման ընթացքում տեղի է ունենում միջոցների լայնածավալ փոշիացում, և որ բյուջետային հիմնական գործընթացներն իրականանում են մասշտաբային կոռուպցիոն դրսևորումներով։

«Հաշվետվությունում արձանագրված բոլոր խնդիրների մասով համապատասխան միջոցներ իրականացվել են: Այլ հարց է, որ ներկայիս օրենսդրությամբ նման դեպքերի համար պատասխանատվությունը տնտեսական կամ քաղաքացիաիրավական բնույթ է կրում, այսինքն՝ գումարների վերականգնում, կատարված թերությունների շտկում, տուգանքներ՝ բացառությամբ մի քանի դեպքերի, երբ գործողություններն ակնհայտորեն քրեորեն պատժելի արարքներ են պարունակում»։

Փոխվարչապետը հավաստիացրեց, որ Վերահսկիչ պալատի և համապատասխան կառույցների կողմից արձանագրված որևէ դեպք անարձագանք չի մնացել և չի մնա. «Միգուցե այդ գործընթացներում ավելի մեծ կիրառում պետք է գտնի քրեակա՞ն պատասխանատվության տարրը, որը կարծում ենք՝ գործող օրենսդրության կատարելագործման հարց է»,-նշեց նա:

Անցկացվել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի ավանդական հուշամրցաշարը

005Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: 6-րդ տարին անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ, նաև նրանց մեջ հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ֆեդերացիային մշտապես աջակցելու և  միջոցառմանը մասնակցելու համար՝ Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը հուշամրցաշարի կազմակերպման և անցկացման գործում ունեցած ներդրման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանին խորհրդանշական հուշանվեր է հանձնել:

Ողջունելով հուշամրցաշարի մարզիչներին ու մարզիկներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման անցկացման համար և ընդգծել, որ քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցելու մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:

Մինչ հուշամրցաշարի մրցութային մենամարտերի մեկնարկը, մարզաձևի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

15 ավտոպատահար, 2 զոհ և 40 վիրավոր` 3 օրում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 15-ից 17-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 28-ը, ավազակային հարձակման` 1, շորթման՝ 1 և խարդախության 5 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև խուլիգանության 2 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 40-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Առաջին տուրն արդյունավետ էր

chess-5Ջերմուկում մեկնարկել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի 6-րդ հուշամրցաշարը: Մասնակցում են 55 շախմատիստներ:

Առաջին տուրն արդյունավետ էր: 25 շախմատիստներ իրենց օգտին հաղթանակներ են գրանցել: Այդ հաջողակների թվում են նաև  Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Արտաշես Մինասյանը, Լևոն Բաբուջյանը, Ռոբերտ Աղասարյանը:

 

Դոնի Ռոստովում երեխաները մահացել են չինական վարակի պատճառով

51beb8d2-d4c8-8d19-d4c8-8d1611998407.photo.0Պարզվել է Դոնի Ռոստովում  երկու երեխաների մահվան պատճառը.”Այն չինական ծագում ունի”,-հայտնել է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:

“ՌԴ տարածքում մենք նման վարակի հետ ենք բախվել Խաբարովսկի մարզում, բժիշկների այն բրիգադը, որը լավ ծանոթ է հիվանդության ընթացքին,  Խաբարովսկից բերվել է Ռոստովի մարզ”: Նա նշել է, որ Ռոստովի մարզի ողջ բուժանձնակազմը հատուկ պատրաստություն է անցել, իսկ ծնողներին զգուշացվել է, թե ինչպես կարող են այն տարբերել սովորական վարակից : Վարակի աղբյուրը դեռևս հայտնաբերված չէ, տեղեկացրել են , որ ներկայում կատարվում է ջրի ու մթերքի ստուգում:

Դոնի Ռոստովում էնթերովարակի բռնկման պատճառով մանկապարտեզի 100 երեխա է վարակվել: Քաղաքային հիվանդանոցում 75 երեխա է բուժվում, նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:”Մենինգիտ” ախտորոշումը հաստատվել է 38 երեխաների մոտ: Տներում հետազոտվում է 87 երեխա:

Արթուր Սարկիսովը կխաղա «Ուրալում»

ասmagesՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Արթուր Սարկիսովը կհամալրի Ռուսաստանի բարձրագույն խմբի  առաջնության նորեկ «Ուրալի» կազմը: Նա հանդես կգա վարձավճարով:

Հիշեցնենք, որ այդ թիմում է խաղում Հայաստանի հավաքականի  ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը: «Ուրալի» մարզաշապիկն է կրում նաև Դենիս Թումասյանը:

Ապամոնտաժվել է ապօրինի կառուցված կրպակաշարը

001Երևանում փողոցային ապօրինի առևտուրն արգելելու և գյուղատնտեսական բացօթյա շուկաների գործունեությունը կանոնակարգելու նպատակով` դեռևս 2011 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական շրջանների տարածքներում առանձնացվել են որոշակի հողատարածքներ, որոնցում նախատեսվել է կառուցել ոչ հիմնական շինություններ՝ գյուղատնտեսական մթերքների առևտուր կազմակերպելու համար։ Այդպիսի փոքր շուկա կառուցելու նպատակով՝ համապատասխան տարածք էր առանձնացվել նաև Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի հ.2/8 հասցեում: Այստեղ, ի դեպ, մինչև 2011 թվականի նշված միջոցառումների իրականացումը, տարիներ շարունակ իրականացվել է բացօթյա անկանոն առևտուր: Գյուղմթերքների բացօթյա շուկայի համար նախատեսված ոչ հիմնական շինությունը, սակայն,  կառուցապատողը ժամանակի ընթացքում վերածել էր կրպակաշարի, որի հետևանքով խախտվել էր ինչպես նշված կառույցի օգտագործման, այնպես էլ նախատեսված առևտրային գործունեության նպատակային նշանակությունը։ Նշված փաստը հայտնաբերելուց հետո, ինչպես նշել է երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը,  ապօրինի շինություն կառուցելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից «Արամ և Վարուժան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն՝ իրավախախտողին վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Ապօրինի կառուցված կրպակաշարը քանդվել է՝ տարածքը հետագայում նպատակին ծառայեցնելու նպատակով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Էշտոն Կատչերն իր մեղրամիսն անց է կացնելու տիեզերքում

imgpreview (1)Հայտնի դերասանն իր սիրելիի  հետ մտադիր է տիեզերք թռչել Ֆրանսիայում կայանալիք շքեղ հարսանիքից հետո:

Դերասանն իր ընտրյալի` Միլա Կունիսի հետ մեղրամիսն անց է կացնելու տիեզերքում, որ այն հիշվի ողջ կյանքում: Աղբյուրի տեղեկացման համաձայն, ամուսինների կարգավիճակում զույգն առաջին օրերն անց է կացնելու տիեզերական ուղեծրում:

Դեմի Մուրի հետ ծանր բաժանությունից հետո  35-ամյա Կատչերը որոշել է իրականացնել իր պատանեկան երազանքը: Նա դիմել է տիեզերական տուրիզմով զբաղվող Virgin Group ընկերություն:

Դերասանն այդ երջանկությունը ցանկացել է կիսել իր վաղեմի ընկերուհու` Միլա Կունիսի հետ ու  նրան ամուսնության առաջարկություն արել: Ի դեպ, Կատչերը  թվով 500-րդն է տիեզերանավով զբոսանքի մեկնել ցանկացողների ցուցակում: Virgin Group-ի սեփականատեր, միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնն արդեն հաստատել է այն տեղեկությունը, որ դերասանը կթռչի տիեզերք.”Ես զանգահարեցի Էշտոնին, որ շնորհավորեմ այդ իրադարձության կապակցությամբ: Նա շատ հուզված է…”:

Արդեն հայտնի է, որ այս ձեռնարկը մի ամբողջ կարողություն կարժենա: Սակայն, թանկությունն ամենևին չի սարսափեցնում աստղային զույգին:

Կանանց «Գրան պրին» Դիլիջանում

chess3Հունիսի 16-28-ը Դիլիջանում կանցկացվի ՖԻԴԵ կանանց «Գրան պրիի» մրցաշար, որին կմասնակցեն աշխարհի չեմպիոնուհի Աննա Ուշենինան (Ուկրաինա), Համփի Կոներուն, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Աննա Մուզիչուկը (Սլովենիա), Նանա Ձագնիձեն, Բելա Խոտենաշվիլին (Վրաստան), Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա), Տատյանա Կոսինցևան, Օլգա Գիրյան (Ռուսաստան), Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա), Էլինա Դանիելյանը (Հայաստան), Թուվշինթուգս Բաթչիմեգը (Մոնղոլիա):

Հրապարակվել են մաթեմատիկայի գնահատականները. 2012-ի համեմատ ավելացել է թե կտրվողների, թե 20 ստացողների թիվը

մաթեմատիկաՀրապարակվել են  հունիսի 11-ին տեղի ունեցած մաթեմատիկայի միասնական քննության գնահատականները: Դիմորդներն իրենց գնահատականները կարող են բողոքարկել քննակենտրոններում մինչ ժամը 18:00-ն:

Քննությանը մասնակցել է հայտագրված 6951 դիմորդներից 6622-ը, 329 բացակայել են:

Մաթեմատիկայի միջին գնահատականը 11,97 է:

Անբավարար է ստացել դիմորդների 17 տոկոսը` 1128 դիմորդ: Նվազագույն դրական միավորներ` 7,5-12,75 է վաստակել դիմորդների 42 տոկոսը` 2749 դիմորդ:  30 տոկոսը կամ 1985 դիմորդ հավաքել է 13-17,25 միավոր, իսկ 18-20 է ստացել 760 դիմորդ` 11 տոկոսը:

Այս տարի 20 միավոր է ստացել 101 դիմորդ` ընդհանուրի 1,5 տոկոսը:

Հիշեցնենք, որ 2012-ին մաթեմատիկայի միջին գնահատականը 11,6 էր, անբավարար էր ստացել դիմորդների 15,5 տոկոսը, իսկ 50,5 տոկոսը նվազագույն դրական միավորներ էր հավաքել` 7,5-13,25:

Նախորդ տարի 20 միավոր էր ստացել 77 դիմորդ:

ԱՄՆ-ում ծխականներից մեկը կրակել է եկեղեցում

iՅուտա նահանգի Օգդեն քաղաքում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը եկեղեցում կրակ էր բացել:

Տղամարդը տեղի բնակիչ Չարլզ Ռիչարդն է: Կիրակնօրյա պատարագի ժամանակ նա կրակել էր ծխականներից մեկի ծոծրակին ու փախել առևանգված ավտոմեքենայով:

Ոստիկանության տեղեկություններով, տուժածը նրա ծանոթն էր, որի հետ Ջեննինգսը նախօրեին վիճաբանել էր ու նման կերպ որոշել պատժել նրան:

Տուժածը կենդանի է, սակայն նրա վիճակը ծանր է գնահատվում:

Թուրքիայում 5 արհմիություն գործադուլ է հայտարարել

1Այսօր`հունիսի 17-ին, Թուրքիայում գործադուլ է տեղի ունենալու: Գործադուլին մասնակցելու են թուրքական 5 արհմիություններ`DISK, KESK, TMMOB, TTB և TDHB, հաղորդում է թուրքական “Հուրրիյեթ” կայքը:

Այս քայլով նրանք իրենց բողոքն են արտահայտում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների դեմ`վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջելով դադարեցնել ոստիկանության բռնաճնշումները ցուցարարների նկատմամբ:

“Հունիսի 17-ին մեր անդամները գնալու են իրենց աշխատանքի վայրերը, այս բռնության դեմ իրենց բողոքն են արտահայտելու, այնուհետև շարժվելու են քաղաքների կենտրոնական հրապարակներ: Հավասար, ազատ և ժողովրդավարական Թուրքիա ունենալու համար կոչ ենք անում միասին գործել”,- ասվում է արհմիությունների հայտարարության մեջ:

«Մարդկության դեմ ոճիրը»՝ ցույց-հակացույց ճամբարներում

շահանԳիզի  այգու շարժումը դեպի նոր հունավորում է առաջնորդում թուրք հասարակությանը՝ ոչ անպայման իշխանությունների կողմից պայմանաժամային ոճի որդեգրմամբ կամ ընդդիմության կիսաընդառաջումներով եւ շարժման վերածավալման միտումներով: Նոր հունավորումը ավելի վերաբերում է ցույց-հակացույց երեւույթին:

Եթե մինչ այժմ քաղաքացիական շարժում-իրավապահ մարմիններ հակադրության ձեւաչափը իրողապես աշխատում էր, շաբաթ օրվանից սկսյալ ոչ միայն Ստամբուլում, այլ նաեւ Անկարայում հակադրությունը արձանագրեց նոր տարողություն` իշխանամետ-ընդդիմադիր զանգվածներն իրար դեմ փողոց դուրս հանելու առումով:

Ցույց-հակացույցն արդեն տարբեր երկրներում նախադեպեր գրանցած երեւույթ է: Անշուշտ հակացույցը անպայման տարերայնականությամբ չի բացատրվում: Իշխանության պատվիրատուի հանգամանքը, հատկապես նման երկրների դեպքում, տեսանելի է դառնում դիպաշարի հետեւողների եւ վերլուծողների մոտ:

Հակացույցը միտում ունի նախ ներքին սպառման համար տպավորել մի քանի խավ: Նախ չկողմնորոշված զանգվածը, ցույցերին բազմապատիկ անգամ մարդաշատ հավաքներով ստվերի մեջ թողնելու բողոքողներին ու պահանջները եւ մտածել տալու շարժման ձախողության մասին: Երկրորդ, դարձյալ ներքին սպառման համար հոգեբանական ճնշում գործադրելու  իշխանության դեմ հրապարակ իջած քաղաքացիների վրա: Իսկ արտաքին իմաստով, բնականաբար ներքին ալեկոծումները հրահրողներին վերահաշվարկներ պարտադրելու եւ, ընդհանրապես, հանրային կարծիքը կողմնորոշելու նպատակով:

Հակացույցը, սակայն, շարժման ահագնացումից մտահոգ իշխանություններն են ձեռնարկում։ Հակացույցը իշխանությունների կողմից գործադրելի առաջին միջոցներից  չէ: Բայց երբ իրավապահ մարմինների ի գործ դրած ճնշումները, բռնությունները, եւ նույնիսկ բազմաթիվ վկայություններով արդեն հրապարակված ցուցարարների մոտ մաշկային այրվածքներ առաջացրած քիմիական նյութերի օգտագործումը, եւ այլ ուղղությամբ իշխանությունների հետ բանակցություններն ու պայմանաժամերն ակնկալված արդյունքի չեն հանգեցնում, գործում է հակացույցեր կազմակերպելու մեքենականությունը:

Հակացույցը, ուրեմն, մի  որոշ հանգրվանի համար ոչ ցանկալի, այսուհանդերձ պարտադիր միջոց է, որ սեփական ժողովուրդը ճամբարների բաժանման է առաջնորդում ու բեւեռայնացնում:

Վարչապետ Էրդողանի պայմանաժամային վճռականությունը նախանշում է, որ իրավապահ մարմիններին հրահանգ է տրվել դիմել խստագույն միջոցների: Այլապես, վարչապետությունից դեպի նախագահություն ընթացող Էրդողանի հեղինակությունը, որը  արդեն իսկ նժարի վրա է դրված, խիստ հարված կստանա: Հարվածը սակայն եթե մի կողմից պայմանաժամի անհետեւանքայնությամբ օդում կրակելու հեղինակազրկման է համազոր, մյուս կողմից սպանություն, վիրավորներ եւ քաղաքական բանտարկյալներ երեւույթը կարող է նույնքան, եթե ոչ ավելի հարված հասցնել նրա ժողովրդականությանը եւ միջազգային հեղինակությանը:

Վերադառնանք իշխանություն-ընդդիմություն կամ ցույց-հակացույց ձեւաչափին, դրա բերած հռետորականության աննախադեպ խստացմանը: Այնքան, որ վարչապետ Էրդողանը ցուցարարներին որակում էր արտաքին դավադրության ճարտարապետների գործակալներ, մինչ ընդդիմադիր գլխավոր կուսակցության` Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուն վարչապետ Էրդողանին ամբաստանելուց հետո իբրեւ Թուրքիան սպանող, կատարվածը համարում էր ոճիր` մարդկության դեմ:

Ուրեմն, արտաքին ուժերի գործակալները ընդդեմ մարդկության դեմ ոճիր գործողներին: Ահավասիկ ցույց-հակացույցի ճամբարային բնակիչների բնութագրումները: Մարդկության դեմ ոճիրի ամբաստանությունը կարող էր լուսարձակի տակ չգալ, եթե այն հայտարարողը ընդդիմադիր գլխավոր կուսակցության առաջնորդը չլիներ։

Դիպաշարին հետեւող որևէ տրամաբանող, մինչ այժմ չորս զոհ խլած բռնամիջոցները մարդկության դեմ ոճիր դասակարգելու տեսակետին դժվար կհամաձայնի: Կհիշի սակայն անպայման, որ թուրքական իրարահաջորդ իշխանությունները մարդկության դեմ բազմաթիվ ոճիրներ են գործել։ Ոճիրներ, որոնց պատասխանատվությունը վերցնելու կոչեր չեն հնչում թուրքական երկու ճամբարներում:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիա

պնԻտալիայի Հանրապետության պաշտպանության գլխավոր շտաբի պետ, ծովակալ Լուիջի Բինելի Մանտելիի հրավերով ս.թ. հունիսի 16-ին եռօրյա պաշտոնական այցով Իտալիա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում կայանալու են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հանդիպումները Իտալիայի Հանրապետության պաշտպանության գլխավոր շտաբի պետի և Իտալիայի զինված ուժերի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվելու են պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ գործողության կազմում, իտալական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների ներգրավմանն առնչվող հարցեր:

Իրական Թուրքիան այստեղ է, այս հրապարակում. Թայիփ Էրդողան

erdogan   Ինչպես նախապես հայտարարվել էր՝ երեկ Ստամբուլում տեղի ունեցավ վարչապետ Էրդողանի հրավիրած հանրահավաքը, որին մոտ մեկ միլիոն մարդ է մասնակցել: Էրդողանը բոլորի առաջ ևս մեկ անգամ քննադատել է արևմտյան լրատվամիջոցներին և Եվրախորհրդարանին, որոնք, ըստ նրա, ոչ օբյեկտիվ են գնահատում Թուրքիայում տեղի ունեցեղ իրադարձությունները:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, խոսելով Թաքսիմի «Գեզի» այգու մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ այդ այգին չի պատկանում մի խումբ մարդկանց, այն պատկանում է Ստամբուլի ողջ բնակչությանը: Էրդողանը նշել է նաև, որ «Գեզի» այգու համար ցույցերին մասնակցել են նաև արտասահմանցիներ: «Դպրոցներում աշակերտներին ստիպել են մասնակցել ցույցերին: Այս պահին հետաքննություն է ընթանում, և եթե այդ դեպքերը հաստատվեն, ապա այդ դպրոցների տնօրենները կազատվեն աշխատանքից»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ կպատժվեն այն բոլոր անձինք, ովքեր վերջին իրադարձությունների ժամանակ ուժ են կիրառել, կոշիկներով մտել են մզկիթներ և այնտեղ ալկոհոլ օգտագործել: «Ես միապետ չեմ, ինչպես ոմանք ինձ անվանում են: Ես ծառայում եմ իմ ժողովրդին, իմ պետությանը»,-հայտարարել է Էրդողանը:

Քրդերը թուրքական կառավարությունից պահանջում են պատասխան քայլերի ձեռնարկում

ocalanԵրեկ երեկոյան Շանլըուրֆա քաղաքում քայլերթ է անցկացվել՝ ի պաշտպանություն քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի: Ոստիկանության հսկողության տակ անցկացվող քայլերթի ժամանակ հաճախ հնչել են «ազատություն Օջալանին», «Բարև Իմրալը, հազար բարև» արտահայտությունները, իսկ երթը, որը կազմակերպվել էր Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության շրջանային կազմակերպության կողմից, կրում էր «Պատվավոր կյանքի համար մի քայլ էլ դու արա» անունը:

Երթի մասնակիցները նշել են, որ Օջալանը արդեն քայլ է արել՝ կարգադրելով իր մարտիկներին հետ քաշվել և հիմա պետք է, որ կառավարությունը ևս քայլ անի: «Դողան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ քրդերը ժողովրդավար կյանք ունենալու համար թուրքական կառավարությանը պահանջ են ներկայացրել, որը բաղկացած է 5 կետից: Մասնավորապես նրանք պահանջում են ազատել բոլոր քուրդ բանտարկյալներին և Օջալանին, գյուղերից դուրս բերել գյուղական պահակներին և բացահայտել նրանց կատարած հանցանքները, ապահովել քրդերի անվտանգ վերադարձը դատարկ գյուղեր:

ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Իսպանիա

Էդվարդ ՆալբանդյանԻսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Մարգալյոյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 17-ին կայցելի Մադրիդ։

Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։

Այցելության շրջանակներում նախատեսված են նաև նախարար Նալբանդյանի հանդիպումներն Իսպանիայի խորհրդարանում և ելույթը Մադրիդի ակումբ քաղաքագիտական կենտրոնում։

«Հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը որբ է»

ազատամարտՋոն Քենեդու այս խոսքերը հիշեցի, որովհետև մոտենում է Շահումյանի բռնագաղթի 21-րդ տարին:  Օր, որ անցնում է գրեթե սուսուփուս: Լավագույն դեպքում ադրբեջանահայության ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի մամուլի ասուլիսով, որ հավակնում է Ադրբեջանի նախագահ դառնալ և իր թեկնածությունն է առաջադրելու աշնանը կայանալիք ընտրություններում: Մինչդեռ յուրաքանչյուր շահումյանցի  քայլող ու դեռ չընթերցված պատմություն է:

Շահումյանը գտնվում էր ԼՂՀ-ի հյուսիսային մասում և համարվում պատմական Արցախի Գյուլիստան գավառ:  600 քկմ տարածք և 16 բնակավայր ունեցող շրջանը 1989 թ. մարդահամարի տվյալներով`ավելի քան 20 հազար բնակիչ  ուներ, որից  17 հազարը` հայեր:  Առանձնանում էր իր մշակութային օջախներով, խաչքարաշատ գերեզմաններով, ուներ հայկական և ռուսական դպրոց, ավերակ եկեղեցի, կենցաղային այլ հաստատություններ…

Եթե մենք լռության ենք մատնել ու հաշտվել այդ կորստի հետ, ապա 1939 թ.  Շահումյանում ծնված Վիկա Զինավորի Հայրյանը համոզված է,որ օրերից մի օր հրաշք կկատարվի և ինքն իր ծննդավայր կվերադառնա ու կփարվի որդու շիրիմին: Հինգ զավակ` 1 տղա 4 դուստր ունեցող մայրը հավատացած է, որ եթե ինքը չտեսնի այդ օրը, ապա իր փոխարեն դա կանեն դուստրերը: Աններելի է,որ իրենք եկան, իսկ միակ որդու շիրիմը թողեցին Շահումյանում:

1992 թ. հունվարի 1-ին Վիկա մայրիկը պիտի տոներ ազատամարտիկ Արսեն որդու  ծննդյան 24-ամյակը: Երբ 1991 թ. դեկտեմբերի 26-ին Արսենը, հերթափոխը հանձնելով,  դիրքերից տուն վերադարձավ, որպեսզի մի փոքր հանգստանա ու ծննդյան օրը նշի, մայրը հետաքրքրվեց. «Արսեն, Երևանից փոխարինող ջոկատ եկա՞վ»: «Չէ մամա, չեկան, Բուզլուխի ջոկատն է պոստը պահում, իրենք էլ վախկոտ են, բայց ոչինչ, մի երկու օր կդիմանան, հունվարի 2-ին կգնամ»,- մորը հանգստացնում է որդին:

Ու մինչ մայրը որդու ծնունդը նշելու վերջին մանր-մունր գործերն էր անում, կարճատև հանգստի եկած որդին հասցրեց նաև Թալիշում լինել, որտեղից զանգահարել և օգնություն էին խնդրել: Բայց շուտ վերադարձավ, թեև  ծնունդն այնտեղ նշելու բազմաթիվ առաջարկներ ստացավ:  Տիկին Վիկան նկուղում էր, երբ  վերևից ձայներ լսելով` անմիջապես տուն  բարձրացավ ու դռան մեջ ավտոմատը գրկած  որդուն տեսավ: «Արսեն, ո՞ւր»,- տեսարանից անակնկալի եկած` հարցրեց մայրը: «Մամա, կես ժամից տանը կլիեմ, դու սեղանը գցիր»,- պատասխանեց որդին ու նետի պես սլացավ, որովհետև իրադրությունը Ջամբազի դիրքերում կտրուկ սրվել էր:

երիտասարդ1991 թ. դեկտեմբերի 31-ի օրն արդեն իրիկնանում էր: Պայթյուններն ու դղրդյունները, որ բնակչության հոգին արդեն հանել էին, այդ օրվա իրիկնամուտից  ավելի ուժգնացան: Այնպես որ դեկտեմբերի 31-ի իրիկունը ահավոր ծանր օր էր ոչ միայն տիկին Վիկայի համար, որ սրտատրոփ որդուն էր սպասում, այլև բոլոր շահումյանցիների, որոնք, բան ու գործ թողած, պաշարել էին հիվանդանոցը: Վիրավոր է, որ բերում էին: Վիկա մոր սիրտն անչափ անհանգիստ էր:  Հերթական արկը հիվանդանոցի մուտքին ընկավ` ցրելով հավաքվածներին:

    ԶՈՀՎԵՑ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Կես ժամով տնից դուրս եկած Արսենն այդպես էլ չվերադարձավ, որովհետև իր ծննդյան օրը զոհվեց Ջամբազի մարտական գործողություններում: Մեկ շաբաթ մոր աչքը որդու ճամփին էր, թե ուր որ է կգա: Ամեն աստծո առավոտ մայրը որդու համար ուտելիք է պատրաստում, տաք հագուստներ դնում: Հայրը լուռումունջ տանում է, նրա ձեռքից ընկերները վերցնում են` ոչինչ չասելով:  Բայց որդու մեկշաբաթյա լռությունն անչափ տարօրինակ էր մոր համար, քանզի, երբ նա մարտից դուրս էր գալիս, առաջինը մորն էր զանգահարում: Մի անգամ էլ մորը խոստովանել էր. «Երբ ասեն, որ Արսենը  գերի է ընկել, չհավատաս, մայր, կնշանակի, որ ես այլևս չկամ, որովհետև Արսենը գերի ընկնող չէ: Ավելի շուտ ինձ կսպանեմ, քան գերի կընկնեմ»:

Գերի չընկավ, բայց նրա անկենդան մարմինը մի շաբաթ մնաց Ջամբազի դիրքերում: Այդ բարձունքի համար մղվող մարտական գործողությունների ժամանակ էլ ընկան Արսենն ու տիկին Վիկայի քեռորդի Աշոտը: Վեց օր շարունակ մայրն  Աստծուն աղաչանք ու պաղատանք արեց, որ գոնե որդու դին բերեն ու իրեն տան: Մոր աղաչանքը տեղ հասավ. տարածքն ազատագրեցին, և որդուն էլ հավուր պատշաճի հուղարկավորեցին  շրջկենտրոնի պատերազմի զոհերի հուշակոթողում:

Երբ 1992 թ. հունիսի 13-ին շահումյանցին բռնեց գաղթի ճամփան, Վիկա մայրիկը  Երևանում էր: Որդու քառասունքը նոր էր լրացել, երբ 15-ամյա դուստրը ականի պայթյունից ծանր վիրավորվեց: Երկար ու տևական բուժում անցավ Երևանի հիվանդանոցներից մեկում: Ուրիշ էլ ով, եթե ոչ մայրը պիտի խնամեր դստերը: Երբ Շուշին ազատագրեցին ու բոլոր հիվանդներն ու բժիշկները ցնծության մեջ էին,  տիկին Վիկայի հոգին խռովված էր: «Տիկին Վիկա, ինչո՞ւ չես ուրախանում»,- հարցնում է բժիշկ Արտավազդ Բագրատիչը: «Ի՞նչ ուրախանամ, երբ շուտով Շահումյանն ենք կորցնելու: Սիրտս ու բանականությունս է դա վկայում, որովհետև երբ Գետաշենը չկա, մենք միշտ փշից կախված ենք»,- ահա այդպես մարգարեաբար պատասխանում է տիկին Վիկան: Բայց որ ընդմիշտ կթողնեն, անպատկերացնելի էր:

Ուստի ամեն ինչ, այդ թվում նաև որդու իրերը, լուսանկարները հիշողությունների հետ միասին մնացին Շահումյանում, որովհետև աղջկա ապաքինվելուց հետո դեռ Շահումյան պիտի վերադառնար: Միակ  սուրբ մասունքը, որ միշտ իր հետ էր, որդու անձնագրի լուսանկարն էր` արված 14 տարեկանում:  Դատարկաձեռն մնաց նաև 80-ամյա սկեսուրը, որ այդ չարաբաստիկ օրը վաղ առավոտյան  կովն արոտավայր էր տարել, ու երբ տուն էր վերադարձել, հարևանը զգուշացրել էր, թե Շուշիկ տատի, էլ տուն մի մտիր… Տարեց կինն էլ այդպես լռելյայն հեռացել է իր դարավոր օջախից: Տրակտորով նրան Գյուլիստան են ճամփել, այնտեղ էլ պատահմամբ հանդիպել է  Ալինա դստերը ու նրա օգնությամբ դուրս եկել այդ փախեփախից:

«ՓՐԿԻՉ ՖԻԴԱՅԻՆԵՐԸ»

Քիչ չեն եղել նաև գաղթի ճամփեքին մնացածները, ինչպես, օրինակ` Վելյան Մուրադը, որ գերադասել է իրեն սարից ցած նետել, քան հեռանալ իր ոստանից: Շատ տարեցներ էլ Նապատում են մնացել: Այդ պատմությունները դաժան են ու սրտաճմլիկ: Իսկ երբ  Նապատը ռմբակոծության թիրախ  դարձավ, շատերը ցաքուցրիվ եղան:

Չեմ ուզում հավատալ, բայց բերնեբերան փոխանցված մի պատմություն կա, որը տիկին Վիկային է  պատմել Գաբուլյան Քրիստափորը, որի աղջիկն ու տղան  վերահաս նախճիրից հրաշքով են փրկվել: Նրանք ականատես են եղել, թե ինչպես հայերեն խոսող մի խումբ «ֆիդայիներ» իրենց շուրջն են   հավաքել մի խումբ մոլորյալ հայերի, այդ թվում իրենց, ու հարմար առիթի սպասել: «Իսկ երբ տեքրակնոջս քույրն ու եղբայրը որոշել են շարունակել իրենց ճանապարհը, «ֆիդայիներից» մեկը բղավել է, թե քույրիկ, ինչո՞ւ եք գնում, վերադարձեք, հիմա ուղղաթիռը կգա ու ձեզ կտանի: Ի՞նչ ուղղաթիռ, երբ քիչ անց ուժգին կրակոցներ են լսվում»,- պատմում է տկն. Վիկան` հավելելով, որ այդ  չակերտավոր ֆիդայիները  Հայաստանից հեռացած հայախոս ադրբեջանցիներ էին:

Մինչ օրս տիկին Վիկան չի ըմբռնել քրոջ այն քայլը, երբ հոգնած մի եկեղեցում նստած են եղել, քույրը, «Թմկաբերդի առումն» արտասանելով, իր տան բանալիները ջուրն է գցել: Ինչո՞ւ, երբ շատերը հավատացած էին, որ այդ ամենը ժամանակավոր է, մի քանի օր անտառներում կմնան ու կրկին տուն կվերադառնան, չէ՞ որ դա առաջին անգամ չէր: Հակառակ դեպքում գոնե տան բանալիները որպես հուշ կունենար: «Շահումյանի կյանքն ու ապրուստը որևէ տեղ էլ երբեք չեմ տեսնի, բայց ոչինչ չեմ ուզում, գիտեմ, որ տունուտեղ չկա, ոչինչ չկա, բայց միայն Շահումյանի դատարկ հողն ու իմ որդու շիրիմն եմ ուզում»,-  իր խոսքն է ավարտում տիկին Վիկան` հիշեցնելով, որ եթե ռուսը չլիներ, թուրքը երբեք մեր մեջքը չէր կոտրի: Թեև մի բանով էլ մեզ է օգնել` ասելով` դուրս եկեք, որ չկոտորվեք` մարդակերները, մարդասպանները գալիս են…

Ուրիշ ի՞նչ անեին, եթե  պաշտպան չկար…  Համենայն դեպս, տպավորությունն այդպիսին էր:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

Օձեր Հայաստանի տարածքում

օձերՀունիսի 17-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնիի 1-ին թաղամասի թիվ 53 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 186 տանը նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Տան բակում հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի թիվ 13 փողոցի 14-րդ տանը հայտնաբերվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնաբերվել է 2 օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 17.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցում  հայտնաբերվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Թիվ 15 տան բակում հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 112 տանը հայտնաբերվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է լորտու տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դ.Դեմիրճյան փողոցի թիվ 85 տանը նկատվել է օձ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հունիսի 16-ին, ժամը 13.53-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Մաքրավանք թաղամասի Ե.Քոչարի փողոցի թիվ 4 տան բակում նկատվել է օձ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Երկրաշարժեր Վրաստան-Հայաստան և Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտիներում

big_1371406519_12Հունիսի 16-ին, ժամը 21.55-ին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 21.10-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նինոցմինդա քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 41.230 և արևելյան երկայնության՝ 43.800:

ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:

Հունիսի 17-ին, ժամը 05.08-ին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 04.48-ին, Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Թովուզ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն` են հյուսիսային լայնության` 41.280 և արևելյան երկայնության` 45.700:
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի արևելյան շրջանում 2-3 բալ ուժգնությամբ: