Նախագահը ստորագրել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը և մի շարք այլ օրենքներ

ստորագրելՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին, «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսում

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`

Հուլիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-14-ին կնվազի 2-3 աստիճանով:

 

Երևանում`

Հուլիսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

 

Երևանի հուլիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ

·         Օդի առավելագույն ջերմաստիճան   39.70C (1955թ)

·         Օդի նվազագույն ջերմաստիճան       11.90C (1946թ)

·         Օդի միջին օրական ջերմաստիճան  25.40C

 

Վարչապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին

10534_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Քսիաո Ժաոյին:

«Բավական մեծ ճանապարհ ենք անցել միասին. ընդլայնում ենք մեր համագործակցության ոլորտները, փորձում ենք խթանել մասնավոր բիզնեսի զարգացումը, ինչպես նաև առաջ ենք տանում մեր հիմնական` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», – ողջույնի խոսքում նշել է վարչապետ Սարգսյանը և շնորհակալություն հայտնել ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար: Կառավարության ղեկավարը կարևորել է, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, գործարար համաժողովի անցկացումը` մասնավոր հատվածին մեր երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար:
ԱԶԲ փոխնախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մանրամասներ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարների հետ հանդիպումների վերաբերյալ: Նա տեղեկացրել է նաև, որ այցելել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի իրականացման վայրեր և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԱԶԲ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, արծարծվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին, տեխնիկական աջակցության տրամադրմանը և խորհրդատվական ծառայությունների մատուցմանը վերաբերող մի շարք հարցեր::
Քսիաո Ժաոն նշել է, որ Ասիական զարգացման բանկը շահագրգռված է հարաբերությունների շարունակակության հարցում և պատրաստ է անել ավելին` երկրում ներդրումային միջավայրը բարելավելու և լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար: Նրա խոսքով` Հայաստանն օրինակելի երկիր է ՓՄՁ-ների և կանանց ձեռնարկատիրության ծրագրերի գերազանց իրականացման առումով, ինչի համար արժանացել է ԱԶԲ-ի բաժնետերերի բարձր գնահատականին:

 

Աշխարհահռչակ գերմանացի ռեժիսորը` Ոսկե ծիրանի պատվավոր հյուր

MՖիլմն սկսվում է առաջին կադրից, այն ճանապարհ է բացում դեպի ֆիլմը, ուստի պետք չէ ուշանալ ֆիլմից. այսպիսի խորհուրդ տվեց այսօր աշխարհահռչակ գերմանացի ռեժիսոր և դերասանուհի Մարգարեթե ֆոն Թրոթան լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա Ոսկե ծիրան 10-րդ  միջազգային կինոփառատոնի  պատվավոր հյուրերից է:

Ռեժիսորը պատմեց, որ ինքը աշխատելով է սովորել, որևէ մասնագիտական դպրոց չի ավարտել, քանի որ այն ժամանակ աղքատ էր, փող չուներ, փոխարենը կարող էր առավոտյան մեկ տոմս գնել ու կինոթատրոնից դուրս չգալ` միմյանց հետևից մի քանի ֆիլմ դիտելով:

60-ականներին Գերմանիայում կնոջը ռեժիսորի դերում պատկերացնելը դժվար էր, մինչդեռ ֆոն Թրոթեն ուզում էր ռեժիսոր դառնալ: Նպատակին հասնելու համար նա նախ դերասանուհի է դառնում, աշխատանքի ընթացքում էլ ռեժիսորներին անընդհատ հարցեր է տալիս` փորձելով յուրացնել ռեժիսորի աշխատանքը:

«Երբ առաջին ֆիլմս նկարեցի, այլևս երբեք չնկարահանվեցի որպես դերասանուհի, քանի որ դերասանուհի լինելն ընդամենը միջոց էր բուն նպատակին հասնելու համար»,- ասում է նա:

Ռեժիսորը նշում է, որ քննադատությունից չի վախենում, բայց ինքը կինոքննդատա լինել չեր ցանկանա: Իր վերջին ֆիլմի` «Հաննա Արենդտ»-ի քննադատությունը համարում է դարի ամենամեծ քննադատությունը: Սակայն նշում է, որ այդ ամենի միջով անցնելը ուժեղացնում է ռեժիսորին:

Այսօր երեկոյան Մոսկվա կինոթատրոնում «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրով հանդիսատեսին կներկայացվի ֆոն Թրոթայի հաննա«Հաննա Արենդտ» ֆիլմը:  Այն հրեական ծագումով կին փիլիսոփայի մասին է, որը  1961-ի իր նյույորքյան տարագրությունից մեկնեց Երուսաղեմ, որպեսզի «Նյու Յորքըր»-ի համար լուսաբանի Ադոլֆ Այխմանի դատավարությունը: Նա մտադիր էր դեմ առ դեմ հանդիպելու այն մարդկանց, որոնց վարքագիծը`  նացիստական իշխանության օրոք,  ջանում էր հասկանել: Արենդտի հոդվածները, լույս տեսնելով, զայրույթի ալիք բարձրացրին  աշխարհում: Նա Այխմանին համարում էր ոչ թե հրեշ, ինչպես աշխարհն էր այդ կարծիքին, այլ գրագիր մարդասպան, որը ձգտել է հնարավորինս լավ կատարել իր առաջադրանք, և մեղքի զգացում չունի, որովհետև պարզապես հրամաններ է կատարել: Արենդտի համարձակ ընկալումը միջազգային հետևանքների հանգեցրեց: Նա արժանացավ արհամարհանքի, զրպարտության, կորցրեց վաղեմի բարեկամներին: Ինչևէ, Արենդտը մնաց իր հաստատուն կարծիքին`  փորձելով ամեն դեպքում հասկանալ, եթե նույնիսկ  դա  նշանակում էր «մտածել ցավ զգալու աստիճանի»:

Մարգարեթե ֆոն Թրոթան հեղինակել է 20-ից ավել  ֆիլմեր, որոնցից են «Կատարինա Բլումի անարգված պատիվը», «Քրիստա Քլագեսի երկրորդ զարթոնքը», «Քույրեր կամ երջանկության հաշվեկշիռ, «Կապարե ժամանակներ», «Զուտ խելագարություն», «Ռոզա Լյուքսեմբուրգ», «Վախ և սեր», «Խոստում» և այլն:

Նրա խոսքով` առաջիկայում նկարահենլու է ֆիլմ երկու քույրերի մասին` անձնական թեմատիկայով, որը հեռու կլինի քաղաքականությունից ու պատմությունից. չի ուզում լինել ռեժիսոր, որ  միայն պատմական կերպարների է մարմնավորում:

Սիրածաղիկ(Agapanthus)

white-agapanthusՊատկանում է շուշանազգիների ընտանիքին: Հայրենիքը հարավային Աֆրիկան է,Բարեհուսո հրվանդան.բազմամյա խոտաբույս է, տերևները ժապավենաձև են, գոգավոր, աճում են բույսի արմատավզիկի մոտից: Արմատները հաստ են ու մսոտ:Ամառվա կեսերին աճում են նետանման ուղիղ կանգնած ծաղկասլաքներ, որոնք վերջանում են 20-ից մինչև 200-ի հասնող բաց կապտավուն ծաղիկներով:Որպեսզի բույսը լավ աճի և առատորեն ծաղկի , անհրաժեշտ է առնվազն տարին մեկ վերատնկում կատարել: Յուրաքանչյուր վերատնկման ժամանակ թաղարների մեջ անհրաժեշտ է լցնել պարարտ կավաճմահողի, տերևահողի, փտած գոմաղբի և ավազի agapanthusհամապատասխան խառնուրդ: Վերատնկումը հարկավոր է կատարել լայն, բայց ոչ խորը թաղարներում,զգուշությամբ, որպեսզի չվնասվեն հաստ ու մսալի արմատները:Մշակության մեջ հաճախակի հանդիպում է հովանոցաձև սիրածաղիկը, որի բազմաթիվ ծաղիկները աչքի են ընկնում գեղեցիկ սպիտակ գույներով:Բնակարաններում աճեցվող բույսերը ամռանը անհրաժեշտ է տանել դուրս Agapanthus_orientalisև դնել ստվերում, ջրել առատ: Սեզոնի ընթացքում խորհուրդ է տրվում մի քանի սնուցում կատարել:

Ձմռան ընթացքում բույսերը բնակարաններում կարելի է խնամել 4-6 աստճանի պայմաններում, պահանջվում է չափավոր խոնավություն և չի կարելի հաճախակի ջրել:Երևանի պայմաններում սիրածաղիկը կարող է ձմեռել բաց գրունտում, եթե ուժեղ ցրտերի ժամանակ բույսը ծածկեք կիսատակառներով և գոմաղբի շերտով: Բազմացվում է սերմերով:

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Եվրոպայի պատանեկան օլիմպիական ամառային փառատոնին

images ՀԱՕԿՀոլանդիայի Ուտրեխտ քաղաքի  «Հալդենվարդ» ստադիոնում  հուլիսի 14-ին տեղի կունենա  Եվրոպայի պատանեկան օլիմպիական ամառային 12-րդ փառատոնի  բացման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև: Նախատեսվում է եվրոպական 49 երկրների շուրջ 3300 մարզիկ – մարզուհիների մասնակցությունը: Նրանց թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչները. թենիսիստներ` Միլենա Ավետիսյանը, Լինդա Օհանյանը, Դավիթ Մուրադյանը, Հրաչ Խաչատրյանը, խճուղային հեծանվորդներ` Աբել Մանուկյանը, Էդգար Ստեփանյանը, Պավել Ստեփանյանը, աթլետներ` Ռաֆայել Պետրոսյանը, Վարդան Նիկոլայանը, Մարիաննա Բաղյանը, Իրինա Պողոսյանը, լողորդներ` Անի Պողոսյանը, Վանիկ Բարսեղյանը, մարմնամարզիկներ`  Արսեն Գևորգյանը, Վիգեն Խաչատրյանը, Հայկ Պետրոսյանը և ձյուդոjիստներ`  Ալբերտ Մկրտչյանը, Ռոբերտ Գաբրիելյանը, Գրիգոր Սահակյանը, Ավետիք Գրիգորյանը, Շահեն Աբաղյանը, Էդվարդ Գրիգորյանը:

Մեր երկիրը մասնակիցներ չի ունենա միայն խաղային մարզաձևերում. բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ: Բանն այն է,  որ նշած մարզաձևերի եվրոպական ֆեդերացիաները մասնակցության իրավունք են տալիս  միայն բարձր վարկանիշ ունեցող տղաների և աղջիկների  ութական թիմերի:

Ուտրեխտյան փառատոնը  կավարտվի հուլիսի 20-ին:

 

 

Արդեն 20 տարի է, ինչ մարտակերտցին ապրում է հաղթողի հոգեբանությամբ

մարտակերտ1992 թ. հուլիսի 4-ին ընկավ Լեռնային Ղարաբաղի վարչական վեց շրջաններից ամենամեծի` 1,7 հազ.  քկմ տարածք ունեցող Մարտակերտի շրջկենտրոնը, որի առավել խոշոր բնակավայրերն են Այգեստանը  (Չայլու), Հաթերքը, Թալիշը, Վանքը, Ներքին Հոռաթաղն ու Առաջաձորը: 59 գյուղական համայնք ունեցող շրջանը միանգամից չդատարկվեց, ինչպես Շահումյանը:

Ասում են, երբ Շահումյանի բնակչությունը մազապուրծ Հաթերք, Թալիշ, Տոնաշեն հասավ, այդ խուճապը նաև մարտակերտցիներին  պատեց: Երեք օր անց` հունիսի 16-ին, դատարկվեց  Մարտակերտի հյուսիսում, Թարթառի գետի ձախ ափին գտնվող Այգեստան գյուղը: Գյուղ,որ շրջկենտրոնից ընդամենը18 կմ էր հեռու: Իսկ այդ օրը Կուսապատի դպրոց տեղափոխվեց նաև Մարտակերտի շրջանային հիվանդանոցը, որը լիքն էր հիվանդներով: Դրանք հիմնականում զինվորներ էին, խաղաղ բնակիչներ, կին, երեխա, ծեր: Հունիսի վերջին հերթը հարևան Մարաղա, Լենինավան, Կարմիրավան գյուղերին հասավ:

Եթե 1987 թ. հունվարի 1-ի դրությամբ շրջանի բնակչության թիվը  45,3 հազար էր, ապա 1990 թ. հասել էր գրեթե 50 հազարի: Օրհասական այդ օրերին շատ մարտակերտցիներ  տուն վերադարձան, որպեսզի թև ու թիկունք լինեն հայրենի ոստանին, բայց, այն պահել,այնուամենայնիվ, չհաջողվեց:

Ստեփանակերտից  հյուսիս արևելք  62 կմ հեռավորությամբ, 9 հազար բնակիչ ունեցող շրջկենտրոնը ևս դատարկվեց: Լեփ-լեցուն տները մնացին չգիտես ում: Որքան էլ չցանկանանք այդ մասին խոսել, հիշողության հետ  հաշվի նստել չես կարող. Շահումյանի բռնազավթումից հետո, թշնամին ճեղքեց նաև Մարտակերտի սահմանները` Սարսանգի ջրամբար, Դրմբոն, և իջավ մինչև Չլդրան- Վաղուհաս գիծ:  Եթե մտաբերենք, որ Մարտակերտի արևելքի հարևանը Աղդամն էր, արևմուտքում` Քարվաճառը, իսկ հյուսիսում արդեն բռնազավթված Շահումյանը,  ապա շրջանի օրհասական վիճակն ավելի պատկերավոր կդառնա, թեև ինքնապաշտպանության ղեկավարը  և շարքային զինվորները քաջ գիտակցում էին, որ եթե թշնամու դեմը չառնեն, հաջորդ թիրախը Ասկերանն ու Ստեփանակերտն են լինելու:

Ճշմարիտ նվիրյալներին էլ` մեծ ու փոքր, գիշեր ու ցերեկ, մի միտք էր միայն տանջում` օր առաջ ազատագրված տեսնել Արցախ աշխարհը: Բայց այդ վերջն ասես ոչ միայն չէր երևում, այլև գնալով մշուշոտվում էր: Այստեղ է,որ ակամա հիշում ես «Իքս» կործանիչ ջոկատի հրամանատար, երջանկահիշատակ Ալեքսանդր Թամանյանի միտքը.«Եթե մենք Սևան-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհն ավելի վաղ ազատագրեինք, Մարտակերտն այս օրը չէր ընկնի: Քարվաճառի ազատագրումը շատ ուշացրինք…»:  Քարվաճառին գումարած Աղդամ, Միրբաշիր, Փափրավենդ:

Թշնամու ՄԻԳ և ՍՈՒ մարտական ինքնաթիռները, ուղղաթիռները, հեռահար հրետանին շարունակ ռմբակոծում էին շրջկենտրոնն ու շրջակա գյուղերը: Մարաղայի գլխով անցած իրադարձություններին ընթերցողն արդեն լավատեղյակ է: Մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելուց հետո հրկիզեցին  Վաղուհաս գյուղը: Կարծես իրենց վրեժը լուծեցին հողից ու գերեզմանաքարերից:

Երբ 1992 թ. հուլիսի 4-ին ուժգին ռմբակոծության ենթարկվելուց հետո Կուսապատում տեղակայված հոսպիտալը Դրմբոն տեղափոխվեց, որտեղ տեղակայված էր նաև շտաբը, գնացողներն այդպես էլ չիմացան, որ իրենց հետևից գալիս  են նաև Մարտակերտի բնակիչները: Իսկ թշնամին քայլ առ քայլ առաջանում էր: Հայկական ջոկատները հազիվ էին հասցնում կասեցնել թշնամու առաջխաղացումը, մյուս մասը` ապահովում խաղաղ բնակչության դուրսբերումը: Ծեր ու մանուկ, թողած հայրենի օջախները, հոծ խմբերով, լաց ու կոծով փախչում էին գազան կտրած ոսոխից: Ասում են նաև, որ արցախյան պատերազի ամենաահեղ կռիվն ու ավերը Մարտակերտն է տեսել, զոհերն էլ այստեղ շատ են եղել:

Իզուր չեն ասում,որ պատմությունը կրկնվում է, քանզի այդ բնակավայրի բնակիչները պատմության հոլովույթում հաճախակի կատաղի մարտեր են մղել այլացեղ հրոսակների դեմ: Այդ իսկ պատճառով էլ  բնակավայրը Մարտակերտ է կոչվել, այսինքն` մարտերում բովված: Թեև պատմական ակունքներում նաև Աղդարա  է հիշատակվում, ասել է թե` Սպիտակ հովիտ:

Մարտակերտի մարտական գործողությունների ժամանակ թուրքին հաջողվել է մտնել,ավերել շրջանի բոլոր գյուղերը, բացառությամբ Խաչենի ձորակի 7 գյուղի, որոնց բնակիչները, ինչպես ասում են, միայն վառոդի հոտն են զգացել:

Ցավով պիտի  հիշել, որ երբեմնի հանրահայտ բնակավայրերի զգալի մասը նախկին ղեկավարների «ջանքերով» ոչ միայն 70 տարիների ընթացքում սոցիալ-տնտեսական զարգացում չեն ապրել, այլև քայքայվել, դատարկվել են: Շրջանի գյուղերի զգալի մասը, հատկապես` լեռնային, զուրկ են եղել սոցիալ-կենցաղային տարրական պայմաններից, իսկ բոլոր գյուղերի ճանապարհներն անբարեկարգ էին: Մեջբերեմ Մարտակերտի վարչակազմի նախկին ղեկավար Սլավա Հովսեփյանի խոսքը. «Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, մենք ճանապարհներ չունեինք, և մարդիկ փախչում էին արահետներով: Հիմնականում ներքին ճանապարհների բացակայության պատճառով էր, որ մարտական գործողությունների սկզբում գաղթի ճանապարհին խաղաղ բնակչությունից մեծ կորուստներ ունեցանք»:

Մարտակերտի նոր լուսաբացը սկսվեց 1993 թ. փետրվարի 5-ից, երբ հայ ազատամարտիկները, ազատագրելով Կիչան, Չլդրան գյուղերը, դուրս եկան Մարտակերտ- Քելբաջար մայրուղու Դրմբոն հատվածը: Մեկը մյուսի հետևից ազատագրվեցին արդեն ավերակ դարձած հայկական շեները. բացառությամբ մի քանի գյուղի:

Թեև այսօր Նոր Այգեստան, Նոր Մարաղա, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան գյուղեր են կառուցվում, հինգ դուստրերի մայր, Այգեստանի դպրոցի ուսուցչուհի Աիդա Անտոնյանի համար այնքան էլ կարևոր չէ, թե իր հարազատ Այգեստանից այսօր ինչ է մնացել, կարևորը հավատն է, որ մի օր իրենք անպայման կվերադառնան իրենց հայրենի գյուղ, կրկին կհնչի դպրոցի զանգը, և հոգ չէ,որ  իր փոխարեն մի ջահել ուսուցչուհի երեխաներին կսովորեցնի մեսրոպյան այբուբենը:

Մարտակերտի համար մղվող 3-օրյա թեժ մարտերը հաղթանակով պսակվեցին: Ազատագրելով Մարտակերտին իշխող «Պուշկին և Վիշկին յալ» ռազմավարական բարձունքները` 1993 թ. հունիսի 27-ին հայ ազատամարտիկները Մարտակերտ մտան: Ի վերջո, քաղաքն ազատագրվեց մեկամյա գերությունից:  Իսկ առջևում Աղդամի ազատագրումն էր` 1993 թ. հուլիսի 23-ը:

Հունիսի 27-ը մարտակերտցիների համար խորհրդանշական էր: Ազատագրված Մարտակերտն արդեն 20 տարեկան է: Նրանց ուրախությունը կիսելու էր եկել նաև նախագահ Բակո Սահակյանը, որ մարտական պարգևներ հանձնեց մի խումբ ազատամարտիկների և խոստովանեց, որ «Արցախյան պատերազմում Մարտակերտն ամենատուժածն  է, ուստի պետության վերաբերմունքն էլ այդ շրջանի հանդեպ պիտի առանձնահատուկ լինի»: Խոստացավ ամեն ինչ անել, որ վաղն ավելի լավ լինի:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

«Ռուսական կինոյի օրեր» ծրագրի շրջանակներում 6 ֆիլմ կցուցադրվի

գիշերԱյսօր  Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» ֆիլմով կմեկնարկի «Ռուսական  ֆիլմերի օրեր» ծրագիրը: Ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա, որոնք պատահել են Մոսկվայի ամենաշքեղ ռեստորաններից մեկում: Սյուժետային դրվագները կապակցվում են գեր և նիհար մատուցողների պատմությամբ: Նրանք երկուսն էլ անհուսորեն սիրահարված են. մեկը` իր, մյուսը` ուրիշի կնոջը:

Նախագծի շրջանակներում կցուցադրվեն ևս հինգ ֆիլմեր` ստեղծված 2012-2013-ին:  Մասնավորապես`կցուցադրվեն  «Դաշտային մարիների երկնային կանայք» (ռեժ. Ալեքսանդր Ֆեդորչենկո), «Կողքիդ կլինեմ» (ռեժ. Պավել Ռումինով), «Ինտիմ մասեր» (ռեժ. Նատաշա Մերկուլովա, Ալեկսեյ Չուպով), «Արքայադստեր պատերազմը» (ռեժ. Վլադիմիր Ալենիկով), «Մայորը» (ռեժ. Յուրի Բիկով) ֆիլմերը:

արքայադստեր պատերազմըՎլադիմիր Ալենիկովի «Արքայադստեր պատերազմը» ֆիլմը պատմում է ռուս աղջկա և հայ տղայի սիրո մասին, որոնք, սակայն, հակամարտող խմբավորումների անդամներ են: Միմյանց դեմ հակամարտող հրոսակախմբերից մեկում ռուս պատանիներ են ներգրավված, մյուսում նախկին ԽՍՀՄ  հարավային երկրներից եկած փախստականներ: Արքայադուստր մականունով ռուս աղջիկը և ազգությամբ հայ Կարենը ստիպված են պայքարել իրենց սիրո և իրավունքների համար մի միջավայրում, որը լի է ատելությամբ, դաժանությամբ և կրոնական ու էթնիկական անհանդուրժողականությամբ:

«Ազգամիջյան հակամարտությունները և քսենոֆոբիան այսօր գոյություն ունեն, դա իրողություն է: Դրանից նախ և առաջ տուժում են երեխաները: Սա ֆիլմ է երեխաների մասին մեծահասակների համար,- ասում է Ալենիկովը:-Հույս ունեմ, որ հանդիսատեսի լայն շրջանակներին հասնելու դեպքում այն դրական առումով կփոխի մթնոլորտը, որում մեր երեխաներն են ապրում»:

Հարցին, թե ինչու է ֆիլմի հերոսին հենց հայ ընտրել, ոչ թե օրինակ, վրացի, տաջիկ կամ ուզբեկ, Ալենիկովը պատասխանում է, որ հայ Ռոմեոյի և ռուս Ջուլիետայի ընտրությունը պատահական չէ. ֆիմլի նկարահանումներին նախապատրաստվելիս  ՆԳՆ-ից 4 մեծ թղթապանակ է հավաքել նմանատիպ պատմություններով, որոնց մեծ մասը գաղտնի է, չի հրապարակայնացվել:

«Հայերը և ռուսները միշտ կապված են եղել և հանկարծ ինչ-որ դատարկ տեղից ատելություն է ծագում: Ցավալի է»,-ասում է Ալենիկովը:

«Արքայադստեր պատերազմը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այսօր երեկոյան` Մոսկվա կինոթատրոնում:

ինտիմ մասերՀուլիսի 12-ին կցուցադրվի «Ինտիմ մասեր» ֆիլմը: Այն միջին խավի մոսկվացիների մասին հեգնական մելոդրամա է:  Նրանցից յուրաքանչյուրն ունի մյուսներից թաքուն անձնական գաղտնիք` «ինտիմ մասերը»: Գլխավեր կերպարը` սկանդալային լուսանկարիչ Իվանը իրեն նայում է մյուսների հետ համեմատության մեջ: Նա համոզված է, որ մարդիկ երջանիկ լինելու համար են ծնվել, իսկ երջանկությունը ինքն իրեն հավատարիմ մնալու ազատությունն է: Սակայն իրական հարցը հետևյալն է. ինչքա՞ն անվտանգ է քո սեփական «ես»-ը դուրս հանելը:

Ինչպես ֆիլմի ռեժիսոր Նատալյա Մերկուլովան ասում է, մեծ քաղաքի բնակիչների հոգեկան խնդիրների մասին պատմում են էրոտիկ ֆոնի վրա: Նրա խոսքով` Եվրոպայում ֆիլմը այնքան մեծ արձագանք չի ունեցել, ինչպես Ռուսաստանում և հետխորհրդային մյուս երկրներում: Պատճառն այն է, որ Եվրոպայում այդ խնդիրների մասին վաղուց են խոսում, հետխորհրդային երկրներում դեռ նոր են սկսում և թեման այստեղ արդիական է:

մայորըՀուլիսի 10-ին հանդիսատեսը կկարողանա դիտել Յուրի Բիկովի «Մայորը» ֆիլմը:  Այն պատմում է ոստիկանության սպայի մասին: Նա  հիվանդանոց է գնում կնոջը տեսակցելու, որտեղ լույս աշխարհ է գալիս իրենց երեխան:  Երջանկությունից իրեն կորցրած` Սոբոլևը վարում է մեքենան չափից արագ, որի արդյունքում վրաերթի է ենթարկում մի տղայի: Տղան մահանում է, և մայորը ունի երկու ելք. գնալ բանտ, կամ թաքցնելով հանցանքը մնալ ազատության մեջ …

կողքիդ կլինեմՊավել Ռումինովի «Կողքիդ կլինեմ» ֆիլմը մի ռուս կնոջ մասին է, որը աշխատում է մոսկովյան մի ռեստորանում, վայելում է աշխատակիցների սերն ու հարգանքը: Իր կյանքում նա նաև ունի հատուկ մեկին` իր վեցամյա տղային` Միտիային: Փոքրիկ տղան նրա համար աշխարհի կենտրոնն է, նրա լավագույն ընկերը և մտերիմը: Նրաք ունեն հուզիչ, բարի, հոգատար և փոխադարձ աջակցությամբ լի հարաբերություններ: Հանկարծ Իննան ահավոր լուր է ստանում. անբուժելի հիվանդություն ունի: Հիմա ամենակարևոր բանը Միտիայի համար ապահով տեղ գտնելն է: Նրա` բարկությամբ, թուլությամբ և սառսափով խառնված ճանապարհորդությունը կտանի անսպասելի դեպքերի, որոնք կբացահայտեն նրա ուժը, ինքնատիրապետումը, և ամենավերջում` հույսը:

մարի«Դաշտային մարիների երկնային կանայք» ֆիլմն էլ դիմանկարների հավաքածու է` ներկայացնում է Մարի կանանց մասին 23 կարճ պատմություն: Այն կցուցադրվի հուլիսի 11-ին:

 

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանը

3456

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Մոնտեյրոն իր գործունեությամբ կանի ամեն հնարավորը՝ արդարացնելու երկու բարեկամ ժողովուրդների և նաև Բրազիլիայի Նախագահի վստահությունը՝ ևս մեկ աստիճանով բարձրացնելով երկկողմ հարաբերությունների մակարդակն ու ամրապնդելու փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-բրազիլական կապերը:

Բրազիլիայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր և ՀՀ պետական բոլոր մարմինների կողմից աջակցության պատրաստակամության համար և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը՝ նպաստելու երկկողմ կապերի սերտացմանն ու փոխգործակցության խորացմանը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը և ակտիվ համագործակցությունը ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն առաջին տեղը բաժանողների խմբում է

Ավետիք ԳրիգորյանimagesԳրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 1-4-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Իգոր Կուրնոսովի (Ռուսաստան), Զախար Եֆիմենկոյի և Միխայլո Օլեքսիենկոյի (Ուկրաինա) հետ:

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի արդյունքն է` 3,5 միավոր:

Ժայռից պոկված բեկորը վնասել է գերեզմանաքարերը

աինՀուլիսի 9-ին, ժամը 09.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի գերեզմանատան մոտակա ժայռից պոկված բեկորը վնասել է գերեզմանաքարերը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժայռաբեկորը վնասել է 4 գերեզմանաքար և 2 գերեզմանի եզրաքար:

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը կալանավորվեց

ձերբակալելՈստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի 4-րդ փողոցից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Օգսեն Ս.-ին, որը 2010 թ. փետրվարի 5-ից Ուկրաինայի Լվովի մարզի Կոմենկո-Բուգսկի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Օգսեն Ս.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և նա կալանավորվել է:

Երևանի քաղաքապետն այցելել է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցի

ekexeciՊաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում գտվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է 2011թ.-ին օծված եկեղեցու պատմությունը: Հայ համայնքի գործուն աջակցության շնորհիվ Հայ առաքելական եկեղեցու ճարտարապետական ոճով կառուցված եկեղեցին, Տեր Խոսրով քահանայի հավաստմամբ, եկեղեցական արարողությունների և պատարագների ժամանակ մշտապես մարդաշատ է: Հաշվի առնելով, որ քաղաքապետի այցելության օրը համընկել էր Հայ առաքելական եկեղեցու մեռելոց հիշատակի օրվան, եկեղեցու հոգևոր հովիվը երևանյան պատվիրակության և Ռիգայի հայ համայնքի ներկայությամբ մատուցել է հանգստյան կարգ:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի Լատգալես շրջանի ղեկավար Դմիտրի Պավլովի և հայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է նաև եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ նախատեսվում է կառուցել Երևանի պուրակ: Ռիգայի քաղաքային իշխանության և հայ համայնքի ջանքերով կառուցվող պուրակը, Դմիտրի Պավլովի հավաստմամբ, կդառնա յուրօրինակ հանգստավայր ինչպես հայ համայնքի, այնպես էլ Ռիգայի բոլոր բնակիչների համար:

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը ևս կաջակցի այգու կառուցման գործում և կանի հնարավորը, որպեսզի հանգստի գոտում առկա լինի երևանյան շունչը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը կիսաեզրափակչում է

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտԿազանում շարունակվող Համաշխարհային ուսանողական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ է դուրս եկել 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը:

Կիսաեզրափակչում Քիրաջյանի մրցակիցը կլինի մոլդովացի Դմիտրի Գալագոտը:

Նա առնվազն իր համար ապահովել է բրոնզե մեդալը: Նույնպիսի արդյունքի է հասել նաև  56 կգ քաշային Հենրիկ Մոկոյանը:

 

 

Անվանի երգահան Ռայմոնդ Պաուլսը կմասնակցի «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին

PaulsՊաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  ջազմեն Լևոն Մալխասյանի և Երևանի ավագանու անդամ Հրանտ Թոխատյանի հետ միասին, Ռայմոնդ Պաուլսի հրավերով հյուրընկալվել են լատվիացի հայտնի երգահանին: 

Ողջունելով քաղաքապետին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ Ռայմոնդ Պաուլսը նախ շնորհավորել է հյուրերին Երևանի և Ռիգայի միջև եղբայրացման համաձայնագիր կնքելու կապակցությամբ: Հայտնի երգահանը նաև հույս է հայտնել, որ ստորագրված համաձայնագրի շրջանակում էլ ավելի կսերտանան նաև երկու մայրաքաղաքների միջև առկա մշակութային հարաբերությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ Ռիգայի հետ փոխշահավետ համագործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի, այդ թվում նաև մշակույթի ոլորտում: Օգտվելով առիթից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռայմոնդ Պաուլսին հրավիրել է աշնանը մասնակցելու «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին:

Հայտնի երգահանը սիրով ընդունել է Տարոն Մարգարյանի հրավերն ու խոստացել անպայման այցելել Երևան և երևանցիների հետ միասին տոնել քաղաքի օրը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Հետախուզվող՝ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հետախուզվողները հայտնաբերվել  ենՈստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օրերս Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Վահե Պ.-ն, որը հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):

Ուշ քնող երեխաները վատ են կարդում

Kak_priuchit_rebenka_zasyipat_samostoyatelno_Լոնդոնի համալսարանից գիտանականների խումբը վստահեցնում է, որ   այն երեխաները, որոնց ծնողները ուշ են պառկեցնում քնելու, մտածողության ու հիշողության խնդիրներ են ունենում: Նրանց կարծիքով, ուշ քնող երեքամյա երեխան հետագայում  խնդիր է ունենում ընթերցանության ու  թվաբանության հետ կապված: Նրանք կարծում  են, որ անբավարար քունը խանգարում է օրգանիզմի բնականոն ռիթմին ու վնասում երեխայի ուղեղի ճկունությանը, որը, ի դեպ, սովորաբար բաց է նոր տեղեկությունների համար:

Բացի այդ, գիտնականները հավելում են, որ քնի անբավարար ռիթմ ունեցող երեխաներին հազվադեպ են հեքիաթ կարդում, նրանք ավելի շատ են դիտում հեռուստացույց,քան նրանց հասակակիցները:

Սարկոզին վերադարձել է մեծ քաղաքականություն

ol3001373355117Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին սկսում է վստահորեն աշխատել հաջորդ` 2017-ին նախատեսված նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորության ուղղությամբ:

Նրա վերադարձը մեծ քաղաքականություն նշանավորվեց Սարկոզիի` “Միություն ժողովրդական շարժման համար” քաղաքական կուսակցության առաջնորդների հետ հանդիպումով: Ֆրանսիական ԶԼՄ-ները գրում են, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվել է Սարկոզիի` այդ քաղաքական շարժման առաջնորդ նշանակվելու հնարավորությունը:

58-ամյա Սարկոզին, նախագահական ընտրություններում պարտությունից հետո փորձում էր ստվերում մնալ` խուսափելով հանրայնությունից: Անցած շաբաթ ԶԼՄ-ները հրապարակեցին Սարկոզիի հետ հարցազրույցը, որում նա բացահայտ ծաղրում ու վիրավորում էր  պետության ներկայիս ղեկավարին:

Թմրամիջոց իրացնողին հայտնաբերեցին հիվանդասենյակում

ԹմրամիջոցՀուլիսի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 18 շենքի մոտից բերման էին ենթարկել 1977 թ. ծնված Արթուր Ա.-ին, որի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել էր «Բուպրենորֆին B 8» թմրադեղի մեկ հաբ:

Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուր Ա.-ին նշված թմրադեղն իրացրել է 1962 թ. ծնված Ավետիս Ա.-ն, որին ոստիկանները հայտնաբերել են «Մալաթիա» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում, որտեղ նա գտնվում էր ստացիոնար բուժման մեջ:
Վերջինիս հիվանդասենյակի պահարանից հայտնաբերվել և առգրավվել է «Բուպրենորֆին» թմրամիջոցի 13 դեղահաբ, կես դեղահաբ` փաթեթավորված փայլաթիթեղի մեջ և ևս կես դեղահաբ` թղթի մեջ:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանները պարզել են բենզալցակայանում կեղծ 5000 ռուբլի վճարած վարորդի և ուղևորի ինքնությունը

ձերբակալելՈստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից Աշտարակի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսի 20-ին, ժամը 04.45-ին, Աշտարակ քաղաքում գործող բենզալցակայանի աշխատակցին «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը 30 լիտր բենզինի համար վճարել են կեղծ 5000 ՌԴ ռուբլի և նրանից ստացել 45.000 դրամ մնացորդ, իսկ հետո երբ աշխատակիցը փորձել է 5000 ՌԴ ռուբլին բանկում փոխանակել՝ նրան տեղեկացրել են, որ թղթադրամը կեղծ է:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1987 թ. ծնված Արթուր Շ.-ն է, իսկ ուղևորը` 1989 թ. ծնված Արմեն Հ.-ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել է փորձագետի եզրակացությունն այն մասին, որ տվյալ թղթադրամը չի համապատասխանում ՌԴ 5000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամի պաշտպանական հատկանիշներին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Արագածոտնի մարզի դատախազություն: