Դիրարբեքիրը ինչքան քրդերին, այնքան էլ հայերին ու ասորիներին է պատկանում. Օսման Բայդեմիր

baydemirԱվստրիայի մայրաքաղաք Վիենայում հայկական և ասորական համայնքները ընթրիք են կազմակերպել Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի պատվին: Ընթրիքին ներկա են գտնվել Ավստրիայի հայկական համայքի առաջնորդ Ալի Թաղյանը, ասորական համայնքից` Յուսուֆ Գյունեյը, Վիեննայի քաղաքային խորհրդի անդամ Ասլան Էրգենը, ինչպես նաև հայ համայնքի մի շարք անվանի դեմքեր:

Ինչպես հաղորդում է «Pirsus Haber» կայքը՝ Ալի Թաղյանը Վիենայի բոլոր հայերի անունից շնորհակալություն է հայտնել Օսման Բայդեմիրին Միջին Արևելքի ամենամեծ եկեղեցին հանդիսացող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման համար: Բայդեմիրն էլ իր հերթին նշելով, որ Դիրաբեքիրը ինչքան քրդերինն, այնքան էլ հայերին և ասորիներին է պատկանում, հայերին Դիրաբեքիր է հրավիրել: Բայդեմիրը նաև նշել է, որ եկեղեցու մի մասը վերածվելու է հայկական մշակույթի թանգարանի, իսկ Ալի Թաղյանն ու Յուսուֆ Գյունեյը ցանկություն են հայտնել ներկա գտնվելու թանգարանի բացմանը:

Նշենք, որ Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման համար քաղաքապետարանի բյուջեից 1 մլն թուրքական լիրա էր հատկացրել: Բայդեմիրի նման պահվածքը առիթ է հանդիսացել, որպեսզի նա բազմիցս քննադատության արժանանա հայամետ լինելու համար: Այս պարագայում բոլորովին զարմանալի չէ, որ թուրքական կայքը քաղաքապետի Վիենա կատարած այցի մասին պատմող հոդվածը վերնագրել է հետևյալ կերպ. «Բայդեմիրի հայասիրությունը մայրցամաքներ է անցնում»:

Երևանում բացվեց Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը

469. COE's meeting on the religious dimension of intercultural dialogue opend in Yerevan 02.09.2013Սեպտեմբերի 2-ին Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013թ.-ի հանդիպումը:

Միջոցառմանը մասնակցում են ԵԽ անդամ երկրները ներկայացնող բարձրաստիճան հոգևորականներ, Հայ Առաքելական եկեղեցու, կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների, մուսուլմանական,  հուդայական, բուդդայական դավանանքների կրոնական առաջնորդներ միջազգային և հայաստանյան կրոնական և հասարակական կազմակերպությունների, ԵԽ տարբեր հաստատությունների և քարտուղարության ներկայացուցիչներ:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Նալբանդյանը նշեց. «Բազմազանությունը Եվրոպայի ուժն է և հարստությունը, և մենք համոզված ենք, որ միջմշակութային երկխոսության միջոցով, ներառյալ դրա կրոնական հարթության, եվրոպական, համամարդկային արժեքների տարածումը պետք է մեր հասարակությունների համար լինի առաջնայնություն»:

Նախարարի խոսքով, Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել միջմշակութային երկխոսության կրոնական հարթությանը և պատահական չէ, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչը 2006/2007թթ հանդիսացել է այս թեմայով Նախարարների կոմիտեի առաջին «խորհրդակցական խմբի» նախագահը:

«Երկխոսության մշակույթը և այլ մշակույթները, կրոններն ու ավանդույթները հարգելը միշտ հատուկ է եղել հայ ժողովրդին: Գտնվելով մշակույթների և կրոնների խաչմերուկում, Հայաստանը դարեր շարունակ բազմաբնույթ հարաբերություններ է զարգացրել տարբեր քաղաքակրթությունների հետ: Մեր մշակույթը հարստացել է այդ շփումներից և փոխադարձաբար այն նպաստել է այլ մշակույթների հարստացմանը:

Այսօր, հայ ժողովրդի երկու երրորդն ապրում է Հայաստանից դուրս: Լինի դա Ֆրանսիայում թե Բրազիլիայում, Ռուսաստանում թե Սինգապուրում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում թե Եգիպտոսում, Լիբանանում թե Հնդկաստանում, Իրանում թե Ավստրալիայում, հայերն իրենց մեջ կրում են երկակի ինքնություն, նրանք լիովին ինտեգրված են իրենց հյուրընկալած երկրների հասարակությունում և միաժամանակ խորապես կապված են մնում իրենց ազգային ինքնությանը: Այս առումով, նրանք բացառիկ կամուրջ են Հայաստանի և մնացյալ  աշխարհի միջև»,- նշեց նախարար Նալբանդյանը:

Հաջողություն մաղթելով համաժողովի մասնակիցներին, արտգործնախարարն ասաց. «Իմաստուններից մեկն ասել է «Մարդիկ չափազանց շատ պատեր են կառուցում և բավական քիչ՝ կամուրջներ»: Ես համոզված եմ, որ քսանմեկերորդ դարում մենք պետք է միավորենք մեր բոլոր ջանքերը՝ կամուրջներ կառուցելու, դրանք բազմապատկելու համար – կամուրջներ ժողովուրդների, մշակույթների, կրոնների, հասարակությունների, սերունդների միջև»:

Արցախյան ընտրանքը սիրիահայության համար. Արցախի անկախության հռչակման օր

arcaxԱրցախի անկախության հռչակման օրվա նշումը, եթե նախ` պետության կայացման խորհուրդն է ընդգծում, ապա նույնքան կարեւոր է նրա կայացման եղանակի մասին խորհրդածելը: Իսկ դա ինքնին շեշտում է առաջին րոպեից միջազգային ընտանիքի կողմից նվիրականացած սկզբունքի` ազգի ինքնորոշման իրավունքի ժողովրդավար ձեւով հարգումը: Ի վերջո ինքնորոշումը, որի վրա կենտրոնանում է մեր բանակցային ամբողջ փլիսոփայությունը, ժողովրդային կամարտահայտության ժողովրդավար հիմունքով կայացած ճանապարհն է, որից անցնցում անցել է արցախահայությունը:

Այստեղ պետք է նկատի ունենալ  մադրիդյան սկզբունքների (թեկուզ նորացված տարբերակով) անժամկետ հանրաքվեի վերակազմակերպման բանակցային կետի շուրջ լարված ծուղակ տեսնելու տրամաբանությունը:

Արցախահայությունը ինքնորոշվել է արդեն: Հանրաքվեով. եւ այն էլ շատ ժողովրդավար հիմունքով: Ժողովուրդը քվեարկել է թե՛ Ադրբեջանի բռնատիրությունից անկախանալու եւ թե՛ ինքնիշխան պետություն ստեղծելու օգտին: Վերստին հանրաքվե կազմակերպելու պահանջը, այն էլ անժամկետ, ունի իր տրամաբանությունը:

Ադրբեջանցի գաղթականների տունդարձի պահանջը անշուշտ բանակցային կետ է` սեղանի վրա դրված: Բաքուն լիարժեք օգտագործում է փախստականների հարցը` մարդկային իբրեւ թե աղետի, ժողովրդի տեղահանության եւ մարդու տարրական իրավունքների խախտման իմիտացիոն դեպքերի վրա հրավիրելով կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների եւ մանավանդ միջազգային հանրության ու համապատասխան ֆոնդերի ուշադրությունը: Ի դեպ, մի թղթածրար, որը հայկական կողմը համարժեք չարծարծեց` միջազգային մանրադիտակների լուսարձակների տակ տեղադրելու համար Բաքվից, Սումգայիթից, բայց մանավանդ Գետաշենից, Մարտունաշենից, Շահումյանից եւ հարակից շրջաններից վերապրած հայերի իրավիճակը:

Բանակցային փլիսոփայությունը հուշում է, որ ադրբեջանցի փախստականների դիմաց համարժեք արծարծվեին նաեւ հայ գաղթականների հետ կապված բազմապիսի խնդիրները: Սա ոչ անպայման միջազգային ֆոնդերից մեծ հատկացումներ ապահովելու համար, այլ բանակցային գործընթացին իբրեւ կարեւոր հակափաստարկ արծարծելու համար:

Ի վերջո անժամկետ հանրաքվեն ադրբեջանցի գաղթականների տունդարձի պայմանականության հետ կապ ունի. Արցախի ժողովրդագրական պատկերի փոփոխության երազանքը Բաքուն մղել է անընդհատ խոսելու իր փախստականների մասին:

Արցախը ինքնորոշվել է հարգելով միջազգային օրինաչափության ճշտած եղանակը` հանրաքվեն, որը նաեւ ընթացել է ժողովրդավար հասարակարգի համապատասխան չափորոշիչներով:

Գաղթականների տունդարձի կամ ընդհանրապես Արցախի բնակեցման խնդիրը սուր կերպով անհանգստացրել է Բաքվին։ Առաջին անգամ չէ, որ Բաքվի իշխանությունները բողոքում են տվյալ երկրի եւ միջազգային ընտանիքի համապատասխան կառույցներին, որ Արցախի իշխանությունները ոտնձգություններ են կատարում:

Իրաքի պատերազմական իրավիճակի օրերին, Դամասկոսում այդ օրերին դեռևս գործող Ադրբեջանի դեսպանությունը տեղի  իշխանություններին բողոքել էր, որ Սիրիան տարանցիկ կետի է վերածվել Իրաքից Սիրիա եւ ապա Հայաստան ու Արցախ մեկնող իրաքահայերի համար:

Այժմ էլ բողոքը Արցախում հաստատվող սիրիահայ ընտանիքներին է վերաբերում։ Բաքուն դարձյալ անհանգիստ է եւ բողոքում է։ Շուրջ երեսունի հասնող եւ Արցախ հաստատված սիրիահայ ընտանիքները, իհարկե, կտրուկ փոփոխություն պիտի չբերեն ժողովրդագրական համապատկերին։ Այս օրինակների շահարկումն է, որ կատարում է Բաքուն դեպի միջազգային կառույցները` ընդգծելու համար, որ հայկական կողմը իբրեւ թե հակասում է բանակցային տրամաբանությանը: Խոսքը ազատագրված տարածքների վերաբնակեցման մասին է այն շահարկումով, որ բնակեցվում են տարածքներ, որոնց կարգավիճակի ճշտումը բանակցային թեմա է:

Ճիշտ է, որ Արցախի Հանրապետության նախագահի մամլո բանբերը սիրիահայությանը հնարավորության սահմաններում օժանդակելը գերադասել է իր հայտարարությունում։ Այսուհանդերձ, նա պատասխանել է նաեւ Բաքվի բողոքին: Ի վերջո Արցախի օժանդակությունը իր նախադեպն ունի` սիրիահայ ընտանիքներին համապատասխան դյուրություններ ընձեռելու առումով: Այժմ այդ դյուրությունների ընծայման մասին խոսում է պաշտոնական Ստեփանակերտը, ի հեճուկս Բաքվի թե՛ բողոքներին եւ թե՛ շահարկումներին: Պարզ է ուղերձը. բնակեցումը պիտի շարունակվի:

Արցախը 22 տարի առաջ ինքնորոշվել է, անկախ Հանրապետություն է, կայացած պետություն է եւ ի՛նքն է որոշում նաեւ ճգնաժամում հայտնված իր հայրենակիցներին օժանդակություն տրամադրելու տարողությունն ու եղանակը: Այս օրերին, ռազմավարական նշանակություն ունեցող արցախյան ընտրանքը կարող է հատուկ կարեւորություն ներկայացնել ոչ միայն սիրիահայության համար: Հրատապ կարգով` սիրիահայութեան համար։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

 

 

Ջասթին Բիբերը հարձակման է ենթարկվել

o-JUSTIN-BIEBER-HAIR-570Հանրահայտ փոփ աստղ Ջասթին Բիբերը Կանադայի Տորոնտո քաղաքի գիշերային ակումբներից մեկում հարձակման է ենթարկվել, որի հետևանքով կորցրել է 40 հազար դոլար արժողությամբ ոսկե շղթան:

Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ երբ 19-ամյա Բիբերը ակումբի VIP մասից հեռանալիս է եղել, նրա վրա է հարձակվել մի անձ և փորձել է պատռել երգչի վերնաշապիկը: Բիբերի թիկնապահները հանցագործին սովորական երկրպագուի տեղ են դրել և պարզապես դուրս են հանել ակումբից: Ավելի ուշ պարզ է դարձել, որ անհետացել է Բիբերի վզնոցը, սակայն գողին չեն կարողացել գտնել:

ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՀԱՆԴՈՒՄ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՆՈԹԻ 2 ԱՐԿ ԵՆ ԳՏԵԼ

հրանոթի արկՍեպտեմբերի 1-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի հանդում գյուղացիները զրահամեքենայի ականի մարտական գլխիկ են գտել:

Մեկնած օպերատիվ խումբը  նշված վայրում հայտնաբերել է «Տ-12» տիպի հակատանկային հրանոթի 2 արկ, որոնք մնացել են 1991-1993 թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակից:
 ՀՀ ՊՆ հատուկ ծառայողների մասնագետների միջոցով ձեռնարկվում են միջոցառումներ հայտնաբերվածը վնասազերծելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Չորս ավտոպատահար`յոթ վիրավոր

ավտոպատահար«Ինֆինիտի»-ն շրջվել է

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.00-ին,  Ագարակ-Մեղրի ճանապարհի 3-րդ կմ-ին «Ինֆինիտի»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախվել են «ԳԱԶԵԼ» և «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևանի  Աճառյան փողոցից Առինջ տանող կամրջի մոտ իրար են բախվել «ԳԱԶԵԼ» և «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ:
 «Դեյվու Նեքսիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի  Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 6 հասցեի մոտ իրար են բախվել   «Դեյվու Նեքսիա», «ԳԱԶ-3110», «Միցուբիշի» և «Ֆոլսքվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեյվու Նեքսիա»-ի  2 ուղևորները  ու «ԳԱԶ-3110»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Պատահար Հացիկ-Արմավիր ճանապարհին

Սեպտեմբերի 1-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան Հացիկ-Արմավիր ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է կայանված «ԶԻԼ-4331»  մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Էդվարդ Նալբանդյանը ուսումնական տարվա մեկնարկի առթիվ հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում

468.Minister Nalbandian's meeting at the YSU 02.09.2013ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 2-ին այցելեց Երևանի պետական համալսարան, ուր հաստատված ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաև մայր ԲՈւՀ-ի և ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Շնորհավորելով առաջին կուրսեցիներին ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկն ընդունվելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարը նրանց մաղթեց բարի երթ և բեղմնավոր ուսումնական տարի:

Իր խոսքում և հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Անդրադառնալով ԵՊՀ-ում նախորդ տարի ունեցած հանդիպումից ի վեր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեղի ունեցած զարգացումներին, նախարար Նալբանդյանը առանձնացրեց անցյալ տարվա դեկտեմբերին Դուբլինում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը, որը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը, ինչպես նախորդ հինգ տարիներին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդների շրջանակներում ընդունված ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունները:

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ ս.թ. հունիսին Էնիսկիլենում կայացած Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ինչպես և այդ մակարդակով արված նախորդ չորս հայտարարությունները, Հայաստանը բարձր է գնահատել և կարևորել այդ փաստաթղթերում ամրագրված մեկ ամբողջություն կազմող սկզբունքների և դրույթների հիման վրա բանակցային գործընթացի շարունակումը՝ հիմնախնդրի հանգուցալուծմանը հասնելու համար:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանառաջնահերթությունները, Հայաստանի կողմից նախաձեռնված միջոցառումները, կազմակերպության դերակատարության բարձրացմանն ուղղված քայլերը:

Արտգործնախարարը անդրադարձավ նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը:

Ուսանողներին հետաքրքրող հարցերի թվում էր սիրիական ճգնաժամը և Հայաստանի մոտեցումը հնարավոր զարգացումների վերաբերյալ: Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը խորը մտահոգություն հայտնեց օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում սիրիահայությունը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են տարբեր մակարդակներով և ուղղություններով աշխատանքներ տանել, որոնց առաջնային նպատակը  սիրիահայության ֆիզիկական անվտանգության ապահովումն է և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը:

Հարցերին պատասխանելիս Էդվարդ Նալբանդյանը խոսեց  հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, Հայաստանի և Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության, հարևան երկրների հետ համագործակցության մասին, անդրադարձավ այլ երկրների հետ Հայաստանի ընդլայնվող կապերին:

Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց նաև, որ  այս տարվա առաջին կեսին կայացել են այցելություններ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր մշտական անդամ երկրների մայրաքաղաքներ և հանդիպումներ այդ պետությունների արտգործնախարարների հետ, որոնց ընթացքում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

 

 

Ձեռքբերումները բազմաթիվ են և հավատացած ենք, որ ավելին կլինեն. քաշաթաղցի

ռոբերտ«Անկախը» ԼՂՀ Քաշաթաղի շրջանում վերաբնակեցման գործընթացի, շրջանի կյանքի, խնդիրների ու ձեռքբերումների մասին է զրուցել  շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանի հետ:

Մաթևոսյանը Երևանից Քաշաթաղ է տեղափոխվել 1995-ին և մինչ օրս էլ այնտեղ է ապրում:

-Պարոն Մաթևոսյան, որպես Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ կներկայացնե՞ք, թե ինչպես է ընթանում վերաբնակեցումը: Այս տարի քանի՞ ընտանիք է հաջողությամբ վերաբնակեցվել Քաշաթաղում:

– Փաստացի վերաբնակեցումը սկսվել է հախուռն` դեռևս 1992 թ.  մայիսի 18-ից հետո, երբ  բացվեց կյանքի ճանապարհը` ազատագրվեց Բերձորը և Արցախը ցամաքային կապով միացավ մայր հայրենիքին: Շահումյանի շրջանից, Գետաշենի ենթաշրջանից և Մարտակերտի օկուպացված տարածքներից առաջին ընտանիքները եկան և բնակություն հաստատեցին: Այնուհետև անհրաժեշտություն առաջացավ այս տարածքներում ստեղծելու որոշ կառույցներ` դպրոցներ, ոստիկանություն, ինքնակառավարման մարմիններ և այլն: Հիմնական վերաբնակիչները փախստականներ են, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն կարողացել լուծել իրենց  բնակարանային խնդիրները, ապրում էին կա՛մ ժամանակավոր կացարաններում, կա՛մ ծանոթ-բարեկամների տանը: Իհարկե, մասնագետների բացը լրացնելու համար հրավիրվում են նաև ոչ փախստական ընտանիքներ:

Իսկ այս տարի շրջան է տեղափոխվել 45 նոր ընտանիք:

 –Սիրիահայերը, որոնք հաստատվել էին Քաշաթաղում, արդյոք ինտեգրվել ու հարմարվե՞լ են նոր միջավայրին: Քանի՞ սիրիահայ ընտանիք է այժմ ապրում Քաշաթաղում, ինչպե՞ս են նրանք ապրուստ վաստակում:

-Այո, չեմ ժխտում, Քաշաթաղի շրջանում հաստատվել են մոտ 40 սիրիահայ ընտանիքներ, որոնք այստեղ են տեղափոխվել Սիրիայի հայտնի դեպքերից հետո: Քանի որ քաշաթաղցին տեսել էր պատերազմի և գաղթի արհավիրքները, պատրաստ էր պատերազմից տուժած մեր հայրենակիցներին իր  հարկի տակ ընդունել: Այդ իսկ պատճառով շրջանում հայտնվեցին առաջին սիրիահայ ընտանիքները, հիմնականում` Սիրիայի Ղամիշլի քաղաքից: Նրանք լավ հողագործներ էին և Քաշաթաղում էլ իրենց ապրուստը հոգում են հողագործությամբ: Կան նաև այլ մասնագետներ` բժիշկ, մեխանիզատոր, վարորդ և այլն, բոլորին էլ ապահովել ենք համապատասխան աշխատանքով:

Սիրիահայերն ավանդապահ և աշխատասեր են, և մենք շատ բան ունենք սովորելու  նրանցից, իսկ ինչ վերաբերում է  ինտեգրվելուն, ապա սա իրենց հայրենիքն է, և հարմարվում են նոր միջավայրին:

– Ի՞նչ  դժվարություններ ու խնդիրներ են առաջ գալիս  վերաբնակեցման ծրագիրն իրագործելիս:

– Ինձ թվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մի ծրագիր ընդունի «Արտագաղթի կասեցման հրատապ միջոցառումների և հայրենադարձության մասին», որով պետք է փորձ արվի ամրապնդել ինչպես  հանրապետության սահմանամերձ բնակավայրերը, այնպես էլ Արցախը: Հայկական վերաբնակեցումը տարբերվում է ռուսական և հրեական վերաբնակեցումից, որտեղ մեծ գումարներ են ծախսվում: Մենք չունենք այդ միջոցները, հետևաբար, այն կարելի է իրականացնել գաղափարական և տնտեսական (առավել բարենպաստ պայմաններ  տնտեսվարող սուբյեկտներին) հարթություններում:

– Պարոն Մաթևոսյան, ի՞նչ հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներ ունի այսօր Քաշաթաղը:

– Առաջնահերթ եմ համարում ճանապարհների և կապի խնդիրը: Իմ կարծիքով` անհրաժեշտ է վերանորոգել Քարվաճառ-Բերձոր-Կովսական ռազմավարական մեծ նշանակություն ունեցող ճանապարհը և Քարվաճառ-Բերձոր-Կովսական երթուղիով պետք է իրականացվի կանոնավոր ուղերթ, թեկուզ` շահույթի տեսանկյունից վնասաբեր:

Հրատապ է նաև բնակարանաշինության խնդիրը. մոտ 2000 ընտանիք բնակվում է անմխիթար պայմաններում:

Դպրոցների շենքային և նյութական պայմանների բարելավման խնդիրներ կան. շրջանում կան դպրոցներ, որտեղ աշխատող չկա, չկան թեկուզ հին համակարգիչներ:

քարտեզԽնդիրները բազում են, բայց քաշաթաղցին տեսնում է , որ իր խնդիրներն  ուշադրության կենտրոնում են, և նա հավատով է լցված վաղվա օրվա հանդեպ:

– Բնակչության զբաղվածության հարցը շրջանում որքանո՞վ է լուծված, և ի՞նչ մասնագետների կարիք է այժմ զգացվում:
– Քանի որ շրջանը հիմնականում գյուղատնտեսական է, բնակչության զգալի մասը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով: Գյուղատնտեսությամբ զբաղվողներին բավական շահավետ պայմաններով հատկացվում են  վարկեր գյուղտեխնիկա ձեռք բերելու,  հացահատիկային կուլտուրաներ մշակելու, անասնապահության համար և այլն:

Շրջանում դեռևս կա  ուսուցիչների, մեխանիզատորների, գյուղատնտեսների, բուժքույրերի պահանջարկ:

– Ամենուրեք խոսվում է արտագաղթի մասին: Կա՞ արդյոք արտագաղթ Քաշաթաղից:

– Այո, կա: Ամեն դեպքում արտագաղթի ցուցանիշները 1000 բնակչի հաշվով մի քանի անգամ զիջում են միջին հանրապետական ցուցանիշին, սակայն դա մեզ չի բավարարում, և փորձում ենք  հասկանալ ամեն մի հեռացողի մեկնման իսկական պատճառները:

– Մի քանի օրից Սեպտեմբերի 1-ն է` կրթական տարվա մեկնարկը: Քաշաթաղում դպրոցները որքանո՞վ են համալրված կրթության կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով, պարագաներով և կադրերով: Քանի՞ առաջին դասարանցի այս սեպտեմբերի մեկին դպրոց կհաճախի:

– Շրջանում գործում են ավելի քան 50 հանրակրթական դպրոցներ, որոնք հիմնականում ապահովված են դասագրքերով, աշակերտական նստարաններով, գրատախտակներով: Դպրոցական գրադարանների հարցը լուծվում է կա՛մ տեղական, կա՛մ բարերարների միջոցներով: Օգտվելով առիթից` հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Զորակն» գիտակրթական, երիտասարդական հիմնադրամին, որի ջանքերով շրջանի մի շարք գրադարաններ համալրվեցին հանրագիտարաններով և ծրագրային գեղարվեստական գրականությամբ:

Դպրոցներում խնդիր է առարկայական դասարանների և լաբորատորիաների կահավորումը:

Կադրերով հիմնականում ապահովված են, միայն շրջանի մի քանի հեռավոր բնակավայրերում ունենք ուսուցիչների խնդիր:

Այս տարի դպրոց կհաճախեն մոտ 230 առաջին դասարանցիներ: Անցած ուսումնական տարվա համեմատությամբ` այս ցուցանիշն ավելացել է 38-ով:

– Իսկ ի՞նչ ձեռքբերումներ և հաջողություններ են գրանցվել շրջանում: Մի փոքր պատմեք նաև արձանագրված հաջողություններից և իրականացված ծրագրերից:

– Այսօր Քաշաթաղի շրջանում կան 53 համայնքներ  ավելի քան 100 բնակավայրերով, որոնցից 4-ը համարվում են քաղաքային` Բերձոր, Կովսական, Միջնավան և Որոտան: Շրջանում տարեցտարի ավելանում են ամուսնությունների և ծնունդների թվերը:

Շրջանում նոր թափ է  ստացել շինարարությունը: Այսպես, ավարտվում է Արտաշավի գյուղի դպրոցի նոր շենքի կառուցումը, հիմնավորապես վերանորոգվել է  Այգեհովիտ գյուղի դպրոցի շենքը, ավարտական փուլում  է Կումայրիի և Միջնավանի դպրոցների շենքերի շինարարությունը, նախատեսված է  նոր դպրոց կառուցել Հայկազյանում:  Կովսականի մանկապարտեզի շենքի կառուցումն ավարտական փուլում է: Շարունակվում են  շրջանային հիվանդանոցի կառուցման աշխատանքները Բերձորում, որը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով:

Նաև բարելավվում են միջշրջանային ճանապարհները, խմելու և ոռոգման ջրագծերը:

Մեր շրջանավարտներից շատերը հաջողությամբ ընդունվում են պետական բուհեր և  ցուցաբերում են բարձր առաջադիմություն: Դպրոցական օլիմպիադաներում (Արցախում անցկացվող) մեր աշակերտներից շատերը նվաճում են մրցանակային տեղեր: Շրջանում գործում են պարի և  ժողգործիքների պետական համույթներ:

Ձեռքբերումները բազմաթիվ են, և հավատացած ենք, որ ավելին կլինեն:

Առաջին զանգը` դպրոցներում (լուսանկարներ)

The new school year started in Yerevan’s schoolԱյսօր շուրջ 39 հազար առաջին դասարանցիների համար հնչեց առաջին զանգը:

Հանրապետության ամեն դպրոց յուրովի դիմավորեց իր նորեկ աշակերտներին:

Առաջին զանգով ազդարարվեց 1-ին դասարանցիների 12-ամյա դպրոցական կյանքի մեկնարկը

153 դպրոցԱյսօր շուրջ 39 հազար առաջին դասարանցիների համար հնչեց առաջին զանգը:

Հանրապետության ամեն դպրոց յուրովի դիմավորեց իր նորեկ աշակերտներին:

Երևանի Ռաֆայել Իշխանյանի 153 հիմնական դպրոց այս տարի մուտք գործեցին 72 առաջին դասարանցիներ: Փոքրիկներին ողջույնի խոսքով դիմավորեցին դպրոցի վերջին շրջանավարտներն, ովքեր այս տարի իրենց ուսումը շարունակելու են ավագ դպրոցներում: Փոքրիկներին ողջունելուց հետո միայն շրջանավարտներից ամեն մեկն իր նոր կրթօջախ գնաց:

Ուսումնական տարվա մեկնարկը ազդարարվեց դպրոցական երգչախմբի կատարմամբ և պարերով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը: Նաև բոլորին խորհուրդ տվեց աշխատանքը, ուսումը սկսել սիրով. «Որտեղ կա սեր, հանդուրժողականություն, հարգանք միմյանց հանդեպ, այդտեղ անպայման կլինի նաև կրթության որակ»:

153 դպրոց (1)Սարգսյանն ասում է, որ դպրոցը տեղակայված է ոչ բանուկ մասում` շրջապատված է սեփական տներով: Նման պայմաններում իրենց մոտ աշակերտ են բերում դպրոցի հեղինակության, մանկավարժական կոլեկտիվի նվիրվածության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

« Աշակերտների թիվը նաև պարտավորեցնող է: Եթե ծնողն ընտրում է քո դպրոցը, դա առավել լավ աշխատելու և նրա ընտրությունն արդարացնելու գործոն է»,- ասում է Սարգսյանը:

Ստամբուլի օդանավակայանում ռումբի ահազանգ է ստացվել

bombԱյսօր առավոտյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում կեղծ ահազանգ է ստացվել ռումբի առկայության մասին: Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ Բելգիայի քաղաքացի ծագումով թուրք Մեհմեդ Էմին Աքինը մեքենայով մոտեցել է օդանավակայանի մուտքին, կանգնեցրել մեքենան, հանել իր ճամպրուկը, ապա բարձր բղավել է. «Մեքենայիս մեջ ռումբ կա, այսօր ճակատագրական օր է»:

Դեպքի վայր հասած ոստիկանական խմբերը հայտնաբերել են, որ մեքենայի մեջ ոչ մի ռումբ էլ տեղադրված չէ: Հարուցվել է քրեական գործ, քաղաքացի Աքինը հարցաքննվում է:

Թուրքիայում տարաձայնություններ են նկատվում սիրիական հարցի շուրջ

siria Թուրքական «Սաբահ» պարբերականը իր այսօրվա համարում անդրադառնում է վարչապետ Էրդողանի հայտնած այն տեսակետին, թե քանի դեռ համաշխարհային հանրությունը Սիրիայի դեմ վճռական գործողություններ չի ձեռնարկել, Բաշար Ասադի կառավարությունը շարունակելու է զանգվածային սպանություններ իրագործել: «Համաշխարհային մակարդակով որոշումը գտնվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ պետությունների ձեռքում, և դա հակաժողովրդավարական է»,-նշել է Էրդողանը: Վերջինս նաև հայտարարել է, որ Թուրքիան կողմ է այն բոլոր որոշումներին և գործողություններին, որոնք կդադարեցնեն արյունահեղությունը Սիրիայում:
Այնուհանդերձ Սիրիա ռազմական ներխուժման հարցում Թուրքիայում բոլորը չեն միակարծիք: Մասնավորապես Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Հիքմեթ Չիչեքը կողմ չէ այդ որոշմանը: Չիչեքը նշել է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան Սիրիայից հեռու են գտնվում: «Նրանք գործողություններ կիրականացնեն այդ երկրում, ապա կլքեն այն, իսկ Թուրքիան կմնա Սիրիայի հետ, այս պատճառով էլ Թուրքիան չպետք է խառնվի այս հարցին»,-ասել է Չիչեքը:

Թուրքիան չպետք է միջամտի սիրիական հակամարտությանը, քանի որ հետևանքները կարող են շատ բացասական լինել. Հիքմեթ Չեթին

2Սիրիական հակամարտությունը լուծելու համար միջազգային հանրությունը պետք է դիվանագիտական մեծ ջանքեր գործադրի, իսկ քիմիական զենքի կիրառման եզրակացությունները պետք է հինված լինեն ՄԱԿ-ի փորձագետների արդյունքների վրա, հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Հիքմեթ Չեթինը:

Ըստ նրա`դրսից ցանկացած ռազմական միջամտություն սիրիական հակամարտությանը կարող է ողբերգության հանգեցնել: “Ես վստահ եմ, որ Սիրիայի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն հակամարտող կողմերի միջ խաղաղ բանակցությունների միջոցով: Յուրաքանչյուր միջամտություն ոչ մի կերպ չի նպաստի այդ խնդրի լուծմանը”:

Նախկին արտգործնախարարը, անրադառնալով սիրիական խնդրին Թուրքիայի միջամտությանը, նշել է. “ԱՄՆ-ն Սիրիայից 10 հազար կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, Եվրոպան`3 հազար: Մինչդեռ Թուրքիան Սիրիայի հարևանն է: Ուստի կարծում եմ`Թուրքիան չպետք է միջամտի սիրիական հակամարտությանը, այլապես հետևանքները կարող են շատ բացասական լինել”:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության տոնի առթիվ

Տիգրան ՍարգսյանՍիրելի ՛ արցախցիներ,

22 տարի առաջ Արցախի ժողովրդի կողմից կայացված որոշումը պատմական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Արցախի Հանրապետությունը կոփվեց պարտադրված պատերազմում տարած հաղթանակներում և այս տարիների ընթացքում ապացուցեց իր կենսունակությունը` հանդիսանալով հայության միասնության խորհրդանիշն ու մեր ազգային արժանապատվության պաշտպանության մարմնավորումը: Արցախը կարողացավ հաղթահարել սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած բարդությունները, ստեղծել ու կայացնել պետական ինստիտուտներ, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման համար բարենպաստ պայմաններ, տնտեսական ներուժի արդյունավետ իրացման հնարավորություններ:
Եվ այսօր մենք վստահորեն կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է` ժողովրդավարական կառավարման համակարգով և զարգացման մեծ ներուժով: Թշնամական բանակներն ու մահաբեր հրթիռներն իրենց նպատակին չհասան, քանզի աշխատասեր ու արդարամիտ արցախցին մինչև հաղթական ավարտը պայքարեց հանուն Հայրենիքի, հանուն ազատության: Ավերված քաղաքները, գյուղերը, դպրոցներն ու ենթակառուցվածքներն այլևս անցյալում են: Ազատ Արցախն այսօր վերակառուցման փուլից թևակոխել է զարգացման փուլ:
Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք ականատեսը լինել ժամանակին պատերազմ սանձազերծած և դրա արդյունքում պարտված թշնամու հոխորտանքներին ու սպառնալիքներին: Անշեղորեն շարունակում ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայաֆոբիան պետական մակարդակով քարոզողների քաղաքականության վրա և նորից շեշտում` պատերազմ չենք ուզում, սակայն պատերազմից չենք վախենում:

Սիրելի՛ արցախցիներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ անկախության տոնի կապակցությամբ: Այսօր բոլորիս համար փառավոր օր է, խաղաղություն և բարօրություն եմ մաղթում ձեր ընտանիքներին:
Կեցցե ՛ ազատագրված Արցախը:

Պատասխան ԵՊՀ շրջանավարտների միավորման հայտարարությանը

շենքՍ.թ. օգոստոսի 29-ին մենք՝ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլով Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի մի շարք շահառուներս տարածել էինք մամուլի հաղորդագրություն, որում ներկայացրել էինք փաստեր այն մասին, որ նշված ծրագիրը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի (այսուհետ՝ ՀԿ) կողմից իրականացվում է ժամկետների էական խախտումներով և առանց իրավիճակի մասին շահառուների պատշաճ իրազեկման:

Ի պատասխան այդ հաղորդագրության՝ օգոստոսի 30-ին ՀԿ-ն իր կայքում տարածել է հայտարարություն: Ողջունելով ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից մեր հաղորդագրությունն անպատասխան չթողնելու հանգամանքը, այդուհանդերձ դրա առթիվ հայտնում ենք հետևյալը.

  1. Համաձայն մեր և ՀԿ-ի միջև կնքված նախնական պայմանագրի` Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին 2012թ. հոկտեմբերի 30-ին: Այսօր 2013թ. սեպտեմբերի 2-ն է, շենքը դեռ շահագործման հանձնված չէ: Ձեր պատասխանում մեղադրում եք շինարարական կազմակերպությանը, որն անպատասխանատու է գտնվել իր պարտականություններում: Շինարարներն էլ իրենց հերթին փաստում են, որ 6-7 ամիս է, ինչ իրենց գումար չեն տվել, ինչի արդյունքում շինարարական աշխատանքները սառեցվել են: Առաջարկում ենք շահառուների ներկայությամբ իրականացնել համատեղ մամուլի ասուլիս ՀԿ-ի և շինարարական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչի ընթացքում կբարձրաձայնեք ձեր տեսակետները:
  2. Ձեր հայտարարության մեջ նշվում է, որ «շենքում չկատարված աշխատանքները կազմում են ընդհանուր ծավալի 3 տոկոսը», մինչդեռ ավարտված են շենքի ընդամենը առաջին 5 հարկերի բնակարանների աշխատանքները: Որքան բարձրանում ենք 5-րդ հարկից, այնքան բնակարաններում կատարված աշխատանքների ծավալներն ավելի են պակասում, իսկ վերջին հարկերում` գրեթե ոչինչ արված չէ: Այդ մասին կարող են փաստել 26.08.2013-ին մեր կողմից արված լուսանկարներն ու նկարահանումները, որոնք հասանելի են հետևյալ հղումներով՝ https://www.dropbox.com/sh/p61zh35tbrud03s/Qu_e6p9ZFA

http://www.youtube.com/watch?v=WaQh_Hszv0o&feature=youtu.be

http://www.youtube.com/watch?v=r0H1i80-bdI&feature=youtu.be:

  1. Հայտարարության մեջ գրում եք. «շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով մեր միավորման կողմից համալիրի կառուցման պայմանագրային արժեքը վճարվել է ամբողջությամբ (չնայած այն հանգամանքին, որ ծրագրի շահառուների մեծամասնությունը չեն վճարել իրենց բնակարանների ամբողջ արժեքը)»: Նշենք, որ համաձայն կնքված պայմանագրի, շահառուն մինչև շենքի կառուցման ավարտը պիտի վճարեր բնակարանի արժեքի 85 տոկոսը։ Մնացած 15 տոկոսը շահառուն պարտավորվում էր վճարել իր բնակարանը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում: Բոլոր շահառուներն ըստ ժամանակացույցի վճարել են իրենցից պահանջվող 85 տոկոս գումարները, ավելին` կան շահառուներ, որոնք ՀԿ-ի խնդրանք-պահանջով վճարել են իրենց բնակարանների ողջ գումարը, չնայած որ կառուցապատողը մնացյալ 15 տոկոս գումարն անգամ խնդրել-պահանջելու որևէ իրավասություն չուներ: Այնպես որ ասել, որ ծրագրի շահառուների մեծամասնությունը չեն վճարել իրենց բնակարանների ամբողջ արժեքը, մեղմ ասած անպատասխանատու հայտարարություն է, որ նպատակ ունի նենգափոխել խնդրի էությունը:
  2. Նշում եք, որ «Բնակարանաշինական ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ԵՊՀ շրջանավարտների միավորումը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել ծրագրի շահառուների իրավունքներին և օրինական շահերին՝ դրանք հավուր պատշաճի ներկայացնելով շինարարական կազմակերպության և այլ մարմինների հետ հարաբերություններում»: Անշուշտ ողջունելի է, սակայն միևնույն ժամանակ անհասկանալի, թե ինչու է նման պատասխանատու մոտեցման պարագայում անգամ շենքի շինարարության ավարտն անընդհատ ձգձգվում, այն էլ անհայտ ժամանակով:
  3. Ասում եք, որ «մշտապես համարել ենք, որ նման բնույթի սոցիալական բնակարանաշինական ծրագրի հաջողության գրավականը եղել և մնում է շահառուների հետ ակտիվ համագործակցությունը, նրանց հետ համատեղ և համակարգված աշխատանքը, ինչը մեր գնահատմամբ ստացվել է»: Ծրագրի մեկնարկից՝  2010 թվականի ապրիլից ի վեր՝ ՀԿ-ի՝ ի դեմս պարոն Քարամյանի հետ մենք 2 խմբային հանդիպում ենք ունեցել՝ ս.թ. մայիսի 17-ին և հուլիսի 12-ին, որոնք եղել են ԲԱՑԱՌԱՊԵՍ շահառուներիս նախաձեռնությամբ, և որոնց ընթացքում անընդհատ նշվել են իրականությանը չհամապատասխանող ժամկետներ և փաստեր՝ այն էլ առանց հիմնավոր փաստաթղթերի, ինչպես նախատեսում է պայմանագիրը: Ավելին՝ վերջին ֆոտոռեպորտաժը շինհրապարակից ՀԿ-ի www.ysugu.am կայքում տեղադրվել է ավելի քան մեկ տարի առաջ` 2012 թ. հուլիսի 12-ին:
  4. Ձեր հայտարարության մեջ մեր հասցեին մեղադրանք եք հնչեցնում և մեր արդարացի բողոքը որակում որպես «ծրագրի առաքելության անհարկի շահարկում» «անտրամաբանական և ուղղորդված» և խնդրում «զինվել համբերությամբ և զերծ մնալ ծրագրի տարաբնույթ և անհիմն շահարկումներից»: Ամիսներ շարունակ մենք համբերությամբ զինված սպասել ենք և փորձել ըմբռնումով մոտենալ: Ցավով ենք փաստում, որ մեր բարձրաձայնած բողոքն ավելի արդյունավետ գտնվեց, քան ամիսների լռությունը. օգոստոսի 30-ին շենքում արդեն բանվորներ էին աշխատում:

Եվ վերջում. ամենևին էլ պետք չէ մեր արդարացի բողոքի մեջ ուղղորդում փնտրել և նման պիտակավորումներ անել: Այս ծրագրի շահառուները երկրի մտավորականության հատվածն են, ովքեր գիտեն իրենց իրավունքներն ու պայքարում են դրանց համար: Ինչ վերաբերում է ուղղորդված լինելուն, ապա այո՛, մեզ ուղղորդում են, բայց միայն խաբված լինելու զգացումը և արդարացի բողոքը:

 

Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեի բազմաբնակարան շենքի մի խումբ շահառուներ

ՀԽ գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը պատրաստ է երկխոսության մեջ մտնել բոլոր նրանց հետ, ովքեր չեն ընդունում գենդերային հավասարության գաղափարը

g_imageՀՀ Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է.

“Գենդերային քաղաքականության հարցերի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած առանձին գործիչների ու կազմակերպությունների ոչ մասնագիտական և միտումնավոր մեկնաբանությունների կապակցությամբ
առաջնորդվելով
ժողովրդավարությանումարդուիրավունքներիգաղափարներովուսկզբունքներով և ՀՀ սահմանադրությամբ,
դիտարկելով
երկրի զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավումը որպես մարդու իրավունքների անբաժանելի մաս, սոցիալական արդարության, երկրի մարդկային կապիտալի լիարժեք գործառության ու հասարակության զարգացման գրավական և ժողովրդավարության հաստատման անհրաժեշտ պայման,
հիմնվելով
ընտանեկան արժեքների պահպանմանն ուղղված քաղաքականության վրա,
հայտարարում է.
Երկրի զարգացման գործընթացներում կանանց լիարժեք մասնակցությանը նպատակաուղղված գործունեությունը ունի ազգային, պատմական, մշակութային հիմքեր: Իրավահավասարությունը, հարգանքը մարդու և նրա արժանապատվության նկատմամբ, կանանց և տղամարդկանց ներդաշնակ ու հարգալից հարաբերությունները հնուց անտի եղել և մնում են մեր ազգային կենսակերպը` նպաստելով պատմական մեծ փորձություններին դիմակայելուն: Այս մոտեցումների իրավական արմատները հասնում են մինչև Շահապիվանի ժողով, Դավիթ Ալավկա որդու, ՄխիթարԳոշի, Սմբատ Սպարապետի և այլոց աշխատությունները:
Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասարությունը երաշխավորող իրավական հիմքը ներառում է`
– Հայաստանի` որպես ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների անդամի վավերացրած փաստաթղթերը գենդերային
հավասարության վերաբերյալ, մասնավորապես՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ¬ի կոնվենցիան (ՀՀ-ն վավերացրել է 1993 թ.), Պեկինի գործողությունների ծրագիրը(1995), «Հազարամյակի զարգացման նպատակները» (2000) և դրանց շրջանակներում պետության ստանձնած պարտավորությունները,
– ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Գենդերային քաղաքականության պետական հայեցակարգը և ռազմավարական ծրագիրը (2011-2015թ.թ. ), ազգային օրենսդրությունը, այդ թվում վերջերս ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը:

Այս խորապատկերում առնվազն անհասկանալի է մի խումբ հասարակական գործիչների կողմից սկսված քննարկումները կապված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի ընդունման հետ, մանավանդ` միտումնավոր շահարկումներն ու փաստերը խեղաթյուրելու փորձերը:

Ակնհայտ է, որ «գենդեր» և հարակից եզրույթների ոչ մասնագիտական մեկնաբանություններն ու դրանցից բխող մտահոգությունները որևէ աղերս չունեն կանանց քաղաքական, քաղաքացիական և սոցիալական մասնակցության բարձրացմանն ուղղված նշված օրենքի և առհասարակ գենդերային քաղաքականության հետ:

Այնուամենայնիվ ,
Առաջնորդվելով հրապարակային գործունեություն ծավալելու իր գործելաոճով, պաշտպանելով ժողովրդավարական արժեքներն ու բազմակարծության սկզբունքը,
ՀՀ Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը
պատրաստ է երկխոսության մեջ մտնել բոլոր նրանց հետ, ովքեր չեն ընդունում գենդերային հավասարության գաղափարը կամ վերապահումներ ունեն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի առնչությամբ:
Միաժամանակ անընդունելի ենք համարում որոշ ընդդիմախոսների կողմից որդեգրված անձերի և կազմակերպությունների վարկաբեկման,
Նրանց հասցեին անհիմն մեղադրանքների ու վիրավորական որակումների, ատելության ու սպառնալիքների տարածման հակասահմանադրական գործելաոճը, ինչպես նաև քողարկված քաղաքական նպատակներով հասարակությանը մոլորեցնելու նպատակաուղղված արշավըՀանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի”:

Մոսկվայում ադրբեջանցիների և դաղստանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

1Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և դաղստանցիների միջև:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ի գիշերը “Ադրբեջան” սրճարանում: Վեճը սկսվել է կենցաղային հողի վրա:

Չնայած ոստիկանները ժամանել էին դեպքի վայր, կողմերը չեն դադարել կռվել: Չորս մարդ ձերբակալվել է: Փաստի կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՍիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ:

Արցախի բնիկ ժողովրդի պատմական ընտրությունը կատարված է: Այդ ընտրության իրավունքը սրբազան է, և ինքնորոշման փաստը՝ անբեկանելի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն իր ազատությունը պաշտպանել և փրկագնել է դաժանագույն պատերազմում ծանրագույն կորուստների գնով: Հանուն իր անկախության արցախցին քվեարկել է ոչ միայն համաժողովրդական հանրաքվեով, այլև համաժողովրդական ինքնապաշտպանությամբ: Արցախցին «Այո՛» է ասել ազատությանն ու անկախությանը, և «Ո՛չ»՝ բռնությանն ու կոտորածին:

Սիրելի՛ արցախցիներ,

Այսօր՝ այս մեծ տոնի օրը, աշխարհի ողջ հայությունը ձեզ հետ միասին կրկնում է «Այո՛»: «Այո՛»՝ ժողովրդավարությանը և համամարդկային արժեքներին, «Ո՛չ»՝ հակահայ ֆաշիզմին և բռնապետների քմահաճույքներին:

Այսօր՝ այս մեծ տոնի օրը, մենք փաստում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես կայացած պետականություն, շարունակում է իր համակողմանի զարգացումը: Ղարաբաղի ժողովրդի խաղաղ աշխատանքն ու արարումն արդեն արմատապես և դրականորեն փոխել են նրա դիմագիծը: Աշխարհի երեսին այսօր կան ոչ քիչ երկրներ, որոնք պաշտոնապես ճանաչված են միջազգային հանրության կողմից, բայց կերազեին ունենալ ԼՂՀ-ի ներքին կազմակերպվածությունն ու կայունությունը, ժողովրդավարության և քաղաքական ազատությունների աստիճանը: Եվ սա այն դեպքում, երբ արցախցին ստիպված է մի ձեռքով մշտապես զենք բռնել և աշխատել միայն մեկ ձեռքով:

Սիրելի՛ արցախցիներ,

Իհարկե, դեռ շատ բան ունենք անելու, դեռ լուրջ խնդիրներ ունենք լուծելու՝ սկսած կենցաղից, վերջացրած ռազմաքաղաքական հարցերով, բայց մի բան հստակ է բոլորիս համար՝ վերադարձ դեպի միջնադարյան խանության բանտախուց այլևս չի լինելու:

Կեցցե՛ ազատ Արցախը՝ հայության պատվարն ու արդարության հաղթանակի խորհրդանիշը:

Գերմանիան հրաժարվել է Սիրիա ներխուժել առանց միջազգային մանդատի

i (3)Գերմանիայի կանցլեր Մերկելը հայտարարել է, որ ԳԴՀ-ն չի մասնակցի Սիրիայում ռազմական օպերացիային` առանց ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի մանդատի:

Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Պեր Շթայնբրյուքի հետ բանավեճի ժամանակ Մերկելը  հայտնել է, որ սիրիական ճգնաժամի քննարկումը տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում, G20 գագաթնաժողովի շրջանակներում:

ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարել է, որ Սպիտակ տունը պատրաստ է  ռազմական օպերացիա սկսել Սիրիայում: Այդ հարցը կքննարկվի սեպտեմբերի 9-ից հետո, կոնգրեսականների հետ, սակայն նաև նշել է, որ ռազմական օպերացիա կարող է սկսել նաև առանց օրենսդիրների համաձայնության:

Նրա դիրքորոշումը  պաշտպանել է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերունը և Ֆրանսիայի նախագահ Օլանդը: Իր հերթին Բաշար Ասադը հավատացրել, որ կարող է հետ մղել ցանկացած հարված:

 

Ջորջ Բուշ-ավագը սխալմամբ ցավակցություն է հայտնել Մանդելայի մահվան կապակցությամբ

i (2) ԱՄՆ-ում Ջորջ Բուշ-ավագի գրասենյակը սխալմամբ ՀԱՀ-ի նախկին նախագահ Մանդելայի վախճանի կապակցությամբ ցավակցություն է հայտնել: Գրասենյակի ներկայացուցիչները հրապարակել են նախապես պատրաստված հայտարարությունն այն մասին, որ Բուշ-ավագը ցավակցություն է հայտնում  Մանդելայի մահվան կապակցությամբ: Հայտարարության մեջ Բուշը Մանդելային անվանում է   մեծագույն մարդկանցից մեկը, որը հավատում էր ազատությանը:

Ինչպես հայտնել է Բուշի մամլո քարտուղար Մաքգրատը,  ԱՄՆ նախկին նախագահի գրասենյակի աշխատակիցները ճիշտ չեն կարդացել Washington Post-ում հրապարակված` հիվանդանոցից Մանդելայի դուրսգրման լուրը, ինչի հետևանքով  սխալմամբ  այն ընդունել են  մահվան վերաբերյալ հաղորդագրություն:

Ի դեպ, 2009-ին էլ հարավաֆրիկյան ETV News հեռուստաալիքն էր  սխալմամբ տեղեկություն  տարածել 43-ամյա Ջորջ Բուշ-կրտսերի մահվան վերաբերյալ:

Հետո պարզ դարձավ, որ հաղորդագրությունը նախատեսված էր տեխնիկական թեստավորման համար: Հեռուստաալիքի ղեկավարներից մեկի  խնդրանքով,  որը ցանկանում էր տեսնել, թե ինչ տեսք է ունենում վազող տողը, այդ հաղորդագրությունը պատահաբար եթեր էր թողարկվել:

Երեկ Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից:  95-ամյա քաղաքական գործիչը ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահն է եղել 1994-1999 թթ: