ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատարին

Էդվարդ ՆալբանդյանՍեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ։

Զրուցակիցներն անդրադարձան Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը առաջ մղելու հնարավորինս լայն ձևաչափերով Եվրոպական միության հետ փոխգործակցությունը՝ շարժունակության, բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում՝ ընդգծելով, որ Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։

Հանդիպմանը քննարկվեցին Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-13-ը Երևանում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Զուգահեռ Երևանում կկայանա Արևելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս միջոցառումներին կմասնակցեն Արևելյան գործընկերության անդամ երկրների արտաքին գործերի, կրթության նախարարները, ԵՄ Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Կրության, մշակույթի և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլուն, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիտը։

Էդվարդ Նալբանդյանը և Շտեֆան Ֆյուլեն պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել ինտենսիվ խորհրդատվությունները Հայաստանի և Եվրոպական միության միջև։

Վրաստանում հրապարակավ ոչնչացրել են քաղաքացիների վերաբերյալ վարկաբեկիչ փաստաթղթեր

51b21a9d-1c59-e7d8-1c59-e7d7b2b47eb3.photo.0Վրաստանում ոչնչացրել են քաղաքացիների անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութեր ու լուսանկարներ: Ամբողջ պրոցեդուրան հեռարձակվել է հեռուստատեսությամբ: Վրաստանի ՆԳՆ-ում պարզաբանել են, որ նախորդ իշխանությունները լրտեսել են երկրի բնակչությանը: Մեղավորները կենթարկվեն քրեական պատասխանատվության:

Ներկայում հայտնաբերվել է գրառումներով շուրջ 26 հազար     ֆայլ: Սակայն դրանք ոչ բոլորը կոչնչացվեն, քանի որ, հետաքննության համար ապացույցներ են անհրաժեշտ:

Մեկ օր առաջ ոչնչացվել է տեսանյութերի մի մասը (180 ժամ  տևողությամբ) :

 

Իրանը Սիրիայի համար վրեժխնդրության է պատրաստվում

pic_0df038791da6b0fbf965d5dde8ee16b6ԱՄՆ իշխանությունները մի հաղորդագրություն են որսացել, ըստ որի  Սիրիայի վրա ԱՄՆ-ի  հարձակման դեպքում Իրանը պատրաստվում է գրոհել Իրաքում ամերիկյան դեսպանատների վրա, գրում է The Wall Street Journal-ը:

Հարձակումը պետք է իրականացնեն իրաքցիների զինված խմբավորումները, որոնց աջակցում է Իրանը

Ինչպես ճշտում է հրատարակությունը, նման հրաման է արձակել Իսլամական հեղափոխության կորպուսի  էլիտար բանակի ղեկավարությունը:

Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով, դեսպանատների վրա հարձակվելու նախապատրաստություն է տեսնում նաև “Հզբոլլահը”: Նրանց թիրախը կարող է դառնալ ԱՄՆ ներկայացուցչությունը Բեյրութում:

Ամերիկյան իշխանություններն արդեն պատրաստվել են դիվանագետների հնարավոր տարհանմանը: Այդ նպատակների համար ԱՄՆ-ը  օգտագործում է իր նավերը, որոնք կենտրոնացված են Միջերկրական ու Կարմիր ծովերում:

Վերջին հնարավորությունը

չեխarm136432055268Այսօր Երևանի ժամանակով ժամը 20-ին Պրահայի «Էդեն արենա» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կմրցի Չեխիայի ընտրանու հետ: Այդ խաղը կարևոր է երկու երկրների թիմերի համար:

Եվրոպական B խմբում  չեխերն անցկացրած 6 հանդիպումներում վաստակել են 9 միավոր և 3-րդ հորիզոնականում են: Մեր ընտրանին 6 խաղում վաստակած 6 միավորով 4-րդ տեղում է: 10 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Բուլղարիայի հավաքականը, իսկ առաջատարն իտալացիներն են, որոնք ունեն 14 միավոր:

Հայաստանի հավաքականի համար այսօրվա հանդիպումը վերջին հնարավորությունն է պայքարելու երկրորդ տեղի համար: Դրա համար մեր ֆուտբոլիստներին հաղթանակ է անհրաժեշտ: Իսկ պարտությունը կարող է ճակատագրական լինել:

Հիշեցնենք, որ այս տարի կայացած երևանյան խաղում չեխերը մերոնց հաղթել են  3:0 հաշվով:

 

 

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 4,4 մլրդ դոլար է խնդրել “Մեծ քսանյակից”

i (1)ՄԱԿ-ը դիմել է “G20”-ին` գումար հատկացնելու խնդրանքով:

ՄԱԿ-ի գլխ.քարտուղար Պան Գի Մունը “G20”-ին նախ շնորհակալություն է հայտնել արդեն հատկացված ֆինանսական օգնության համար ու Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար ևս 4,4 մլրդ դոլար խնդրել:

“Մենք ձևակերպել ենք Սիրիայում հումանիտար իրավիճակի  և փախստականների  վիճակի հետ կապված  բյուջետային նոր բանաձև, ու խնդրում ենք 4,4 մլրդ դոլար”,-հայտարարել է Պան Գի Մունը:

Սիրիային հասցված հարվածը կարող է միջուկային աղետի հանգեցնել

iՍիրիայի վրա հարձակումը Դամասոկոսի մոտ գտնվող ռեակտորի պատճառով կարող է միջուկային աղետի հանգեցնել, համոզված են փորձագետները: Դեր-ալ-Հաջար միջուկային կենտրոնը տեղակայված է Դամասկոսի մոտ, ու չնայած դրա հարաբերական փոքր հզորությանը, ռեակտորում պայթյունը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել:

Փորձագետները նաև նշում են ատոմային տեխնոլոգիաների կիրառումը խաղաղ նպատակով (բժշկություն). երկրի տարածքում 6 կլինիկա է գործում, որոնցում գամմա-ճառագայթման սարքավորումներ կան: Եթե հրթիռներից մեկն  ընկնի նման 6 կլինիկաներից մեկի վրա, տասնյակ, անգամ 100-ավոր քմ կվերածի բնակության համար ոչ պիտանի տարածքի:

Թուրքիան մրցավայրը փոխեց

chess-1Թուրքիայի Անթաքիա  քաղաքում սեպտեմբերի 12-ին պետք է մեկնարկեր շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները:Անթաքիան Սիրիայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է: Սիրիայում և տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով, Շախմատի միջազգային ֆեդերացիայի պահանջով Թուրքիայի շախմատի ֆեդերացիան մրցավայրը փոխել է: Առաջնությունն անցկացվելու է Ստամբուլից 108 կմ հեռավորության վրա գտնվող Քոջաելի քաղաքի մարզապալատում:

Հայաստանի բանակային ձյուդոյիստների հարուստ ավարը

ձյուդոՏաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների բանակային ձյուդոյիստների առաջնությունում հաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները

Արթուր Երանոսյանն ու Մհեր Կարապետյանը  դարձան մրցաշարի հաղթողներ: Հովհաննես Ալեքսանյանն էլ մտավ եզրափակիչ, սակայն պարտվեց վճռորոշ գոտեմարտում ու բավարարվեց արծաթե մեդալով: Բրոնզե մեդալակիրներ դարձան Դավիթ Ղազարյանը, Կարեն Ջանոյանը, Ազատ Աբրահամյանը:

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավեց 2-րդ տեղը` առաջ թողնելով միայն Տաջիկստանի ընտրանուն:

2014-ին  ԱՊՀ  երկրների բանակային ձյուդոյիստների առաջնությունը կկայանա Երևանում:

 

Կլայպեդայում` միջին դիրքերում

ծանրամարտweightlifting-320x213Կլայպեդայում մեկնարկած ծանրամարտի մինչեւ 15 եւ մինչև 17 տարեկանների պատանիների Եվրոպայի առաջնությունում մինչեւ 17 տարեկան աղջիկների մրցավեճում 53 կգ քաշային կարգում հանդես եկած Հերմինե Եղիազարյանը 6 մասնակիցների մեջ երկամարտի 125  (53+72) կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Մինչև 58 կգ քաշայինների մրցավեճում Ծովինար Կիրակոսյանը երկամարտի 141 (62+79) կգ արդյունքով 11 մասնակիցների մեջ հանգրվանեց 7-րդ հորիզոնականում:

Գիրք, որ ամեն հայ գոնե մեկ անգամ պետք է կարդա

ռաֆայել իշխանյանԼույս է տեսել Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքի նոր հրատարակությունը: Մինչև սեպտեմբերի կեսը գիրքն արդեն գրախանութներում կլինի:

«Անտարես» հրատարակչությունը եռահատոր աշխատությունն ամփոփել է մեկ գրքում: Գրավիչ արտաքին, որակյալ թուղթ, ընթերցելու համար հարմար  տառաչափ և հնագիտական գտածոների ու պատմական դրվագների  բազմաթիվ նկարներ: Գիրքն առաջին անգամ ձեռքը վերցնելիս այս հատկանիշներն են աչքի զարնում:

Իսկ մի  քանի էջ կարդալուց  հետո ընթերցողը կհասկանա, որ հենց այս գրքով է պետք կրթել աճող սերնդին: Սա գիրք է, որից կարող են օրինակ վերցնել ժամանակակից դասագիրք գրողները, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում լուծել գիտականության և մատչելիության համատեղելիության խնդիրը:

Երեք մասից կազմված գրքում  մատչելի զրույցների միջոցով ներկայացված է հայոց պատմությունը` սկսած հին ժամանակներից մինչև Բագրատունիների թագավորության անկումը:

Գրքի առաջին մասում ներկայացված են հայ ժողովրդի ծագումը, հայոց հնագույն պատմությունն ըստ այլալեզու վկայությունների, Վանի Արարատյան թագավորության, Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների արքայատոհմերի պատմությունը:

Երկրորդ գրքում հեղինակը ներկայացնում է քրիստոնեության ընդունումը, Արշակունիների հարստության անկումը, հայ դպրության սկզբնավորումը և հայոց պետականության անկումը:

Երրորդ գրքում արդեն ներկայացված են Պարսկաստանին ենթակա Մարզպանական Հայաստանի պատմությունն ու ազատագրական պայքարները, արաբական տիրապետությունը Հայաստանում և Բագրատունիների կողմից հայոց պետականության վերականգնումը, ապա դինաստիայի անկումը:

Ցավոք սրտի, հեղինակը չի հասցրել գրել գրքի չորրորդ հատորը, որում պետք է ներկայացներ Կիլիկյան Հայաստանի պատմությունը: 90-ականների դժվարին օրերին հեղինակն ասում էր, որ գրքի 4-րդ մասը մտքում պատրաստի ունի, մնում է միայն շարադրել: Բայց չէր շտապում, քանի որ  նրա գրքերը սովորաբար երկարատև պայքարի արդյունքում էին հրատարակվում, իսկ գրքի 2-րդ և 3-րդ հատորները դեռևս տպագրված չէին:  Մինչդեռ, ըստ նախնական գաղափարի, գիրքը պետք է վեցհատորյակ լիներ:

պատկերազարդ պատմություն հայոցՀետաքրքիր զուգադիպությամբ գիրքն առաջին անգամ հրատարակվել է Արցախյան շարժման տարիներին և կոչված  էր հայ մանուկին ու երիտասարդին ոչ միայն սովորեցնել իր պատմությունը, օգնել խուսափելու պատմական սխալների կրկնությունից:

Այսօր ևս Հայաստանի համար աշխարհաքաղաքական առումով բարդ ժամանակներ են, երբ անընդմեջ երկընտրանքի առջև ենք: Եվ մեծից փոքր հասկանում ենք, որ հարկ է ճիշտ կողմնորոշվել, որպեսզի դարերի խորքից մինչև XXI դարը հասած հայությունը կարողանա պահպանել պետականությունը: Վերահրատարակված գիրքը  ևս մեկ անգամ հիշեցնում է բոլորին, որ արևմտամետ կամ ռուսամետ լինելուց առաջ` նախ պետք է լինել հայամետ: Եվ սա արվում է ոչ թե քարոզով, այլ պատմական փաստերը կողք կողքի դնելով:

Իշխանյանը պատմական օրինակներով ընթերցողի մեջ սերմանում է այն միտքը, որ պետք է հավասարակշռված  անկախ քաղաքականություն վարել հարևանների հետ` հօգուտ հայրենիքի և պետականության:  Նա հիշեցնում է, որ «քաղաքականության  մեջ միևնույն կրոնը դավանելը նշանակություն չունի, որ ամեն պետություն իր շահն ունի, և հայերի գեղեցիկ աչքերի համար ոչ ոք նրանց չի օգնել և չի օգնի»:

Ասվածի ապացույցը Արշակունիների հարստությունից Արշակ Երկրորդի և նրա որդու` Պապի վախճանն է: «Հայրը զոհ գնաց մի հակառակորդի` պարսիկների, իսկ որդին մյուսի` Հռոմի դավերին: Հայքը թուլանում էր»,- գրում է հեղինակը:

Գրքի ամենակարևոր յուրահատկությունն այն է, որ  հեղինակը կարողացել է հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները ներկայացնել մատչելի լեզվով: Գիրքը հավասարապես ըմբռնելի ու գրավիչ է  թե՛ դպրոցահասակ փոքրիկի համար, որը նոր-նոր է սկսում պատմության ուսումնասիրությունը,  թե՛ գիտակ  մեծահասակի համար:

Հեղինակը աշխատության սկզբում բացատրում է ընթերցողին պատմական տերմինները և մի շարք բառեր, որոնք ներկայիս դասագրքերը չեն բացատրում, և բեռը մնում է ծնողի ուսերին, մինչդեռ ամեն ծնող չէ, որ ունի բավարար գիտելիք կամ ժամանակ այդ ամենը երեխային բացատրելու համար: Օրինակ` սովորեցնում է, թե ինչ է «մ.թ.ա»-ն և «մ.թ.»-ն, ինչպես հաշվել, թե օրինակ` մ.թ.ա. 95 թվականը մեզանից քանի տարի առաջ է եղել, ինչպես որոշել, թե տվյալ թվականը որ դարն է: Նա անհրաժեշտ է համարել նաև տեղեկացնել ընթերցողին, թե ինչ են պապիրուսը, մագաղաթը, ինչպես են պատրաստվել և կիրառվել: Ավելին, ընթերցողը գիտելիք է ստանում նաև, թե մեր պատմության մասին  տեղեկություններն ինչ աղբյուրներից ենք ստանում, ինչպես է պատմությունը գրվում:

Այս ամենը ժամանակին տողերիս հեղինակին բացատրել են ծնողները, քանի որ դասագիրքը նման գիտելիքներ չէր տալիս: Այս աշխատությունը, փաստորեն, լուծում է երեխայի` դասն ինքնուրույն սովորելու խնդիրը,  թեպետ այն դպրոցական դասագիրք չէ:

Աշխատության մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ մշտապես կարևորվում է լեզվի` որպես ազգ կերտող և պահող գործոնի դերը: «Զուտ հայկական ամեն առանձնահատկություն իր հիմքում ունի հայոց լեզուն,- բացատրում է Իշխանյանն իր ընթերցողին:- Իրոք, դարերի ընթացքում հայերի գլխավոր ու վճռական առանձնահատկությունը, որը միայն հայերինն է եղել, և որը չի ունեցել ու չունի ուրիշ որևէ ժողովուրդ, լեզուն է` հայոց լեզուն»:

Իշխանյանը հմտորեն կապակցում է հայոց լեզուն և հայոց պատմությունը, ընթերցողին բացատրում, որ չկա հայ առանց հայոց լեզվի,  և չկա հայոց լեզու առանց հայի, քանի որ այն լեզուն, որով չեն խոսում, մեռած է:

Ցավոք, այսօր դպրոցում միջառարկայական կապն այնքան էլ հստակ չէ: Մինդեռ ներկայիս դասագրքերի հեղինակները կարող են Իշխանյանից օրինակ վերցնել, թե ինչպես է պետք մատուցել միջառարկայական կապը:

Կասկած չկա, որ «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը կարդացած աշակերտն իր գիտելիքներով կփայլի ոչ միայն պատմության, այլև մայրենիի դասաժամին:

«Պատկերազարդ պատմություն հայոց»-ը գիրք է, որ ամեն հայ գեթ մեկ անգամ պետք է կարդա, որպեսզի ներսում խլրտա ազգասիրության ոգին, հպարտությունը, որպեսզի երբևէ հանկարծ չարտաբերի օտարների կողմից հայերի մեջ սերմանված այն միտքը,  թե հայոց պատմությունը պարտությունների շարան է, թե հայերը եկվոր են կամ իրենց մեջ ամփոփում են ամենայն վատը: Սա գիրք է, որ ամեն օր պետք է աչքի առաջ ունենալ, իսկ կարդացած ամեն մի տողն էլ ականջին օղ անել:

 

 

Քո լեգենդը, մա’յր. քառասուն տարի անց

Դու չկաս արդեն աշխարհում այս մեծ,

Բայց զուր է մահը քեզ ինձնից խլում,

   Մայր, ես կրում եմ քեզ հիմա իմ մեջ,

Ինչպես դու էիր ինձ քո մեջ կրում…

 Մորիս Քարեմ

 New Picture (1)Քառասուն տարի է արդեն, ինչ մայրս` Քնարիկ Վախթանգի Մելիքսեթյանը, որ հպարտությամբ էր կրում հորս ազգանունը, չկա այս մեծ աշխարհում: Իսկ ապրածը բազում հոգսերով ու դառնություներով լի 43 տարիներ էին ընդամենը, նաև համառության, կամքի դռսևորման, ծնողական սիրո ու մայրական հոգածության, նվիրումի օրինակելի տարիներ:

Շատ անգամ եմ հիշել կորստի առիթով հորեղբորս խոսքը մորս մասին. «Նա էլ մի ղուշ էր, որ իջավ մեր օջախին ու թռավ գնաց»:

Բոլորի պես մայրս էլ ուներ իր համոզմունքները: Ընդգծված առաքելությունը, որ մնացել է մերձավորների ու ճանաչողների հուշերում, նվիրումն էր օջախին, աշխատանքին ու ինքնամոռաց ծառայելը շրջապատին:

Մայրս հարգում էր ուսումը, գիրը, գրականությունը: Չգիտես ինչու, որոշել էր, որ ես ինժեներ եմ դառնալու: Սովորաբար չէր երգում (բնատուր շատ շնորհքներ ուներ, բայց այդ մեկը չուներ, կամ էլ գուցե ճակատագիրը երգելու տրամադրություն չէր թողնում), բայց այդ ժամանակ շատ տարածված «Ինժեներ բալա» երգի տողերը հաճախ էր արտասանում: Մորս այս ցանկությունը ես չկատարեցի, բայց ոչ նրա համար, որ դա չէր իմ ճանապարհը, այլ ուզեցի գնալ հենց նրա կիսատ թողած ճանապարհով: Նա ժամանակին ընդունվել էր մանկավարժական ինստիտուտ ու կիսատ թողել ընտանիքի ու նաև առողջական խնդիրների պատճառով:

Մանկավարժության մեջ իմ վարած նաև ունկնդրած ամեն մի դաս մորս տված «դասերն» էր հիշեցնում: Գերիշխում էր համոզման ու նվիրումի մեթոդը:

Հավերժ պարտք մնալով քեզ, մայր, շնորհակալ եմ իմ կյանքն իմաստավորելու, դասեր տալու համար: «Ուրիշի գործ չկա»,- սիրում էիր կրկնել: Հավատա մայր, որ դա ինձ համար ևս համոզմունք է:

Շատ բան տվեց աշխարհին մայրս, վայելքներ գրեթե չտեսավ: Հայրս դեռ կենդանի էր, երբ կիսակառույց մեր գյուղական տանը Վարդավառի առիթով մորթված ուլի  մսին մորաքույրս աղի փոխարեն շաքարավազ էր խառնել, ծիծաղը չէր դադարում: Մորս շատ ուրախ այդ օրն եմ տեսել ու մեկ էլ իմ և քրոջս օրագրերը թերթելիս, նաև ծնողական ժողովների օրերին:

Ինը տարի խնամել է հիվանդ հորս, հետո առանց նրա տասը տարի միայնակ իր հոգնած ուսերին առել մեր հոգսը: Երբ նայում էր հորս լուսանկարին, ու աչքերը սկսում էին թրջվել, մի պատրվակով առանձնանում էր մեզնից:

Հիմա ներողություն եմ ուզում խնդրել մորս, թող լինի ուշացած, թող լինի հիշատակի խոսք ու զղջում, բայց կոկորդս կչորանա, եթե չասեմ: Մորս միշտ ասում էի, որ հորս եմ շատ սիրում: Այդ անիմաստ հարցի իմ հստակ ու նույնքան անիմաստ պատասխանը այսօր էլ ճնշում է հոգիս: Ես կրկնակի եմ շնորհակալ ճարտարապետության դոկտոր, իմ համագյուղացի Գառնիկ Շախկյանին, որ շնողեցիներին նվիրված կենսագրական հանրագիտարանում հայրիկիս հետ նաև մորս  նկարն է ներկայացրել ու նրան, որպես հարգանքի տուրք, պարուրել իր չտեսած թոռնիկներով: Իմ Աղասին այնպես լիաթոք է ասում` «Քնարիկ տատիս արևը», որ ինձ թվում է, ահա դուռը կբացվի և տատ ու թոռ կգրկախառնվեն:

Ինչո՞ւ քեզ չխնայեցիր, մայր, նաև դրա համար: Առավոտյան դաշտ էիր գնում աշխատանքի, երեկոյան գալիս, ուսից գցում խոտի խուրձն ու տարվում ընտանեկան հոգսերով` այգի, բակ, անասուն… Ծխախոտագործ էր մայրս, այգեգործ, խոհարար, մի բառով` հրաշագործ: Ավարտել էր Օձունի գյուղատնտեսական տեխնիկումը, բայց չինովնիկ չէր ու չէր էլ ուզում դառնալ: Նրան նկատում էին, գնահատում: Գյուղական խորհրդի, շրջխորհրդի պատգամավոր էր, օղակավար…

Դեպքից դեպք ասում էր` հոգնել եմ: Ուզում էին օգնել, գյուղխորհրդի նախագահ էր լինելու: Տրտնջում էր, հրաժարվում, բայց համոզել էին կարծես:

Ես չեմ սիրում ոչ մի ընտրություն, քանզի մորիցս հավերժ բաժանումը ընտրական օրվա հետ է կապված: Նախախնամությունը մորս մեզնից խլեց Պարույր Սևակի մահվան օրը: 1971-ի այդ օրը նրա այգում տապալվեց հսկա ծիրանենին, իսկ 1973-ին երկփեղկվեց իմ սիրտը: Ու այդ օրից հոգիս շշնջում, մեկ-մեկ էլ հրաբխի նման ժաթքում է:

…Աստվածային էր օրհնանքը նրա,

Որ զգացել եմ ես ինձ վրա,

Իմ ամեն գործում, իմ ամեն քայլում

Մորս ուղեկից հայացքն է փայլում:

…Դու նախանձ չունեիր մայր ու դրա սաղմն անգամ իմ մեջ չկա, բայց բարի նախանձով եմ նայում նրանց, ովքեր հարազատ գյուղ ու հայրական տուն են գնում` մոր մերած մածունը կտրելու կամ տնական հավի ձվածեղը համտեսելու, կամ էլ  պարզապես բարի լույս ասելու նրան, ով արդեն արժանացել է հարևանների աչքալուսանքին:

Տոն չէր քեզ համար մարտի 8-ը, մայր, կապված հորս կորստյան սև օրվա հետ, իսկ ապրիլի 7-ն այն ժամանակ չէր նշվում: Հիմա թույլ տուր շնորհավորել բոլոր մայրերին ու նաև այդպես փարատել կարոտս…

 

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ