Daily Archives: September 21, 2013
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ
օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և մարտագծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:
Հայկական մշակույթի օրեր Բուխարեստում
Սեպտեմբերի 20-ին Բուխարեստի «Դմիտրիե Գուստի» Գյուղի ազգային բացօթյա թանգարանում սկսվեցին Հայկական մշակույթի օրերը: Այն կազմակերպվում է երկրորդ անգամ, Հայաստանի ազգային տոնի շրջանակներում` Ռումինիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ Ռումինիայի Հայոց Միության ու Ռումինահայոց թեմի ջանքերով:
Պաշտոնական բացմանը հայոց պատմության, համաշխարհային քաղաքակրթության մեջ նրանց դերի եւ Ռումինիայի զարգացման մեջ նրանց խոշոր ավանդի մասին ելույթներով հանդես եկան թանգարանի տնօրեն տիկին Պաուլինա Պոպոյուն եւ Ռումինահայոց միության նախագահ, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը: Մշակութային ծրագիրը ներկայացրին պատգամավոր, խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբակցության նախագահ Վարուժան Փամբուկչյանը եւ ծրագրի կազմակերպիչներից երիտասարդ Հրանտ Ջաղինյանը:
Այնուհետեւ կատարումներով հանդես եկան Տիմիշոարայի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, ռումին դուդուկահար Կոսմին Բալեանը` իր «Սոնուս» եռյակով, եւ «Վարդավառ» պարախումբը:
Սեպտեմբերի 21-ին սպասվում են ռումինահայ հանրահայտ դաշնակահար Հարրի Դավիդյանի, իսկ հաջորդ օրը` Կարպիս եւ Գաբրիել Դեդեյան եղբայրների ջազային համերգները:
Եռօրյա միջոցառումները ներառում են նաեւ հայկական ավանդական արհեստների, զարդարվեստի, գեղագրության եւ խոհանոցի ցուցադրումն ու քարոզումը: Ծրագրի շրջանակներում այցելուները կդիտեն գեղանկարների եւ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսները:
Բուխարեստում Հայկական մշակույթի օրերի մասին ծանուցվում են կենտրոնական փողոցների վահանակների, քաղաքային տրանսպորտի վրա, լրատվամիջոցներով: Հրատարակվել են գրքույկներ, ազդագրեր եւ ծրագրեր:
Հայաստանին նվիրված տոնի եւ հայկական մշակույթի օրերին զուգընթաց` Ռումինիայի Արվեստի պատմության միությունը կազմակերպել է Բուխարեստի պատմության նվիրված շրջայցեր` ի պատիվ ռումինահայ հայտնի ճարտարապետներ Գրիգորե եւ Նիկոլաե Չերքեզ եղբայրների:
Ավելի քան կեսդարյա իր գործունեությամբ Գրիգորե Չերքեզը անջնջելի հետք է թողել ռումինական ճարտարապետության պատմության մեջ: Ունենալով գերազանց պատրաստվածություն եւ հարուտ փորձ շինարարության ոլորտում` նա բազմաթիվ ճարտարապետական գլուխգործոցներ է թողել, որոնք այսօր զարդարում են մայրաքաղաք Բուխարեստը եւ այլ բնակավայրեր:
Բուխարեստի ճարտարապետության արդիականացման գործում ոչ պակաս ավանդ ունի նաեւ Նիկոլաե Չերքեզը: Նրա անվան հետ են կապվում պետական եւ հանրային խոշոր հաստատությունների կառուցման խրագրերը, ինչպես նաեւ թագավորական պալատների եւ հանրային այգիների վերակառուցումը:
Մեքսիկայում փոթորիկի պատճառով մահացածների թիվը աճել է
Իշխանությունները ուրբաթ օրը հայտնել են, որ այս շաբաթ Մեքսիկային հարվածած փոթորիկների հետևանքով մահացածների թիվը հասել է 101-ի:
Երկրի ներքին գործերի նախարարի տեղեկություններով՝ 68 մարդ դեռևս անհետ կորած են համարվում:
Այս շաբաթ Մեքսիկան Մանուել և Ինգրիդ փոթորիկների հարվածի տակ է եղել:
Ներքին գործերի նախարարի խոսքով՝ փոթորիկների ազդեցության տակ են հայտնվել երկրի 24 նահանգներ:
Օդերևութաբանները տեղեկացնում են, որ հորդառատ անձրևները կշարունակվեն մինչև ամսվա վերջ:
Փոթորկի պատճառով ավելի քան 40,000 զբոսաշրջիկներ են մնացել Ակապուլկոյում:
Նախարարի տեղեկություններով երկիր են ժամանել 125 տոնա բանջարեղենով և ինը տոնա բժշկական թթվածնով բեռնված չորս նավեր, սակայն ըստ տեղեկությունների՝ Ակապուլկոյի միջազգային օդանավակայանը որոշ ժամանակ ամբողջովին չի գործի:
Նույնիսկ եթե իմ դիակը դուրս բերեն բանտից, ես չեմ աջակցի Իլհամ Ալիևին. Իլգար Մեմմեդով
Սեպտեմբերի 20-ին Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարարել ադրբեջանական ընդդիմադիր “Հանրապետական այլընտրանք” (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մեմմեդովի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրեն նախագահի թեկնածու չգրանցման մասին հայցը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, նիստի ժամանակ Մեմմեդովը հայտարարել է, որ բանտում նրան առաջարկել են հանդես գալ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն նախագահ Իլհամ Ալիևի: Դրան ի պատասխան` նա ասել է. “Նույնիսկ եթե իմ դիակը դուրս բերեն բանտից, ես չեմ աջակցի Իլհամ Ալիևին”:
Դատարանը Մեմմեդովի օգտին հավաքված 4500 ստորագրությունների կրկնակի փորձաքննություն էր նշանակել, քանի որ ԿԸՀ-ն դրանք կեղծ էր ճանաչել, ինչի հիման վրա էլ չէր գրանցել նրան որպես թեկնածու:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` կրկնակի փորձաքննությունն անցկացրել են արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի մասնագետները, որոնք հաստատել են ԿԸՀ-ի՝ ստորագրությունների կեղծ լինելու որոշումը՝ 40 ստորագրության տարբերությամբ:
Մեմմդովը իր կողմնակիցներին կոչ է արել պաշտպանել ընդդիմադիր կուսակցություններին միավորող ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի թեկնածու Ջամիլ Հասանլիին:
Հիշեցնենք, որ Մեմմեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով:
Անկախության տոնի առթիվ միջոցառումներ՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում
ՀՀ անկախության տոնի կապակցությամբ մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ:
Նոր Նորք վարչական շրջանում Անկախության օրը նշվել է համերգային մեծ ծրագրով, որին մասնակցել են երաժշտական դպրոցների և մշակույթի կենտրոնի սաները:
Գայի արձանի հարակից հատվածում կազմակերպվել է նաև ձեռարվեստի և նկարչական աշխատանքների ցուցադրություն:
Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում տոնական միջոցառումանը ներկայացվել է հայկական ազգային երգ ու պար: Զուգահեռ միջոցառումներ են անցկացվել նաև վարչական շրջանի պուրակներում և բակերում:
Տոնական միոցառումները վարչական շրջաններում շարունակվել են մինչև ուշ երեկո և եզրափակվել հրավառությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«ՈւԱԶ»-ը շրջվել է. վարորդը և 6 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Մեղադրանքը` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ
Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1973 թ. ծնբած Բենիկ Ս.-ն, որը 2010 թ. դեկտեմբերի 10-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Խափանման միջոցը` կալանք:
Բենիկ Ս.-ն փոխանցվել է ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներին:
Ավտոպատահարներ Երևանում, կան վիրավորներ
Բախվել են «Լեքսուս» և «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենաներ
Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ա. Ավետիսյան և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան Մաքսիմա»-ի ուղևորուհին և «Լեքսուս»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Պատահար խաչմերուկում
Սեպտեմբերի 20-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
«Տոյոտա»-ն բախվել է էլեկտրասյանը
Սեպտեմբերի 21-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Երեկ զանազան տեսակի զենքեր են հանձնվել ոստիկանություն
Ինքնաշեն հրազեն և 65 փամփուշտ
Սեպտեմբերի 20-ին, ժամը19.56-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի զենք-զինամթերք է թողնում Եռաբլուրի տարածքում` ծառերի մեջ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի նմանվող ինքնաշեն հրազեն և 5,45 մմ տրամաչափի 65 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փոձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Փամփուշտներ և նռնակի պայթուցիչ
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ին, մի քաղաքացի ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին և հանձնել 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 65, 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» ինքնաձիգի 59 փամփուշտ և նռնակի պայթուցիչ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
«Ֆ-1» նռնակ, ազդանշանային սարք, ականանետի արկի 2 գլխիկ, 45 փամփուշտ և ազդանշանային ինքնաձիգի 1 փամփուշտ
Սեպտեմբերի 20-ին, ժամը 13.45-ին, Արևիկ գյուղի մի բնակիչ ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին և կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ձեռքի ազդանշանային սարք, ականանետի արկի 2 գլխիկ, տարբեր տրամաչափի 45 փամփուշտ և ազդանշանային ինքնաձիգի 1 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
|
Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: |
«Մատաղիսի» գործով տուժողների իրավահաջորդների ճակատամարտը շարունակվում է
«Մատաղիսի» գործը անցել է պատմության գիրկը՝ շուրջ 9 տարվա դատական ճանապարհն ավարտվել է արդարացման դատավճռով, որն, ի դեպ արդեն մտել է օրինական ուժի մեջ: Սակայն «Մատաղիսի» գործի, արդարացման դատավճռի, տուժողների իրավահաջորդների միջև հակասությունների մասին հիշեցնում է արդեն քաղաքացիաիրավական դաշտում վերջիններիս դատական վեճը:Ադրբեջանը սկսել է բանակը զինել հայրենական արտադրության նոր ավիառումբերով. ԱՊԱ գործակալություն
Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունն իրականացնում է Զինված ուժերը տեղական արտադրության ավիառումբերով զինելու աշխատանքներ։
Ինչպես տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը, ներկայում տեղական գործարաններում արտադրվում են ավիացիոն ռումբեր և ուսումնական ավիառումբեր։
Ադրբեջանցի մասնագետների խոսքերով՝ ՖԱԲ տիպի ավիառումբերը հետխորհրդային շրջանում արտադրված նմանատիպ ռումբերից տարբերվում են ավերիչ մեծ ուժով և տեղափոխման անվտանգությամբ։ Բացի այդ, դրանք հարմարեցված են տարբեր ուղղաթիռներով (МИ-17, МИ-35М), ռազմական և ուսումնական ինքնաթիռներով տեղափոխման համար։
Հանրայի խորհուրդը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը քննարկելու է նաև Մաքսային միությանն անդամակցելու հարցը
Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ ս.թ. հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Հանրային խորհրդի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Վազգեն Մանուկյանն առաջարկել է վարչապետի հետ հանդիպմանը քննարկել Մաքսային միությանն անդամակցելու հարցը, դրա տնտեսական ու քաղաքական բաղադրիչները` միաժամանակ քննարկելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի գործընթացը, որի մաս են կազմում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու դրույթները:
Մանուկյանն առաջարկել է նաև վարչապետի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են արտագաղթը, կրթական, առողջապահական, քաղաքաշինական ոլորտի խնդիրները:
Հանրային խորհրդի անդամներ Վլադիմիր Մովսիսյանն ու Յուրի Ջավադյանն առաջարկել են քննարկման առարկա դարձնել Թուրքիայի հետ սահմանային ջրերի օգտագործման հարցը: Մովսիսյանի խոսքով` շատ շուտով թուրքերը կկուտակեն սահմանային ջրային ահռելի պաշար, որի դեմ Հայաստանը պետք է հակաքայլեր անի: Նրանց խոսքով` հակաքայլեր իրականացնելու լուրջ հնարավորություններ կան, և իրենք պատրաստ են այդ առումով գործնական առաջարկներ անել, որոնք էլ կներկայացվեն հանդիպման ժամանակ:
ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանն առաջարկել է վարչապետի հետ հանդիպմանը բարձրացնել նաև Տաղավար տոները ոչ աշխատանքային օրեր դարձնելու, փոխարենը դրանք շաբաթ օրեր տեղափոխելու հարցը` նշելով, որ դա խաթարում է բնականոն աշխատանքային հունը և խնդիրներ առաջացնում թե՛ գործատուների, թե՛ աշխատողնների համար:
Նիստի ավարտին Վազգեն Մանուկյանն առաջարկել է բարձրացվող խնդիրներն առավել համակողմանիորեն ուսումնասիրել և մինչ վարչապետի հետ հանդիպմանը ևս մեկ նիստ գումարել` որոշակիացնելու ներկայացվելիք հարցերի շրջանակը:
Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է չխաղա
Եվրոպայի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարոի մեկնարկային խաղում իտալական «Նապոլի» թիմից 1:2 հաշվով կրած պարտությունից կարճ ժանանմանակ անց Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնությունում մրցելու է «Նյուրենբերգի» հետ: Սեպտեմբերի 21-ին կայանալիք այդ հանդիպմանը մասնակցելու համար «Բորուսիան» խնդիրներ ունի կազմի ընտրության հարցում: Հնարավոր է խաղադաշտ դուրս չգա նաև Հենրիխ Մխիթարյանը, ում Յուրգեն Կլոպըմտադիր է հանգստանալու հնարավորություն տալ: Այս մասին նշվում է «Բորուսիայի» պաշտոնական կայքում:
Էլինա Դանիելյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվող շախմատիստուհիների «Գրան պրի»մրցաշարի 3-րդ փուլի 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը, հանդես գալով սև խաղաքարերով, պարտվեց ուկարաինուհի Կատերինա Լահնոյին: Դա Հայաստանի ներկայացուցչի երկրորդանընդմեջ պարտությունն է այս մրցաշարում:
Ահա թե ինչպես ավարտվեցին տուրի մյուս պարտիաները.
Կոներու – Կոստենյուկ` 1:0
Ստեֆանովա – Յու Վենյուն` 0:1
Դրոնավալի – Գիրյա` 1:0
Մումինովա – Նախբաևա` 1:0
Ժաո Քսյու – Խոտենաշվիլի` 0:1
Բաքուն խուճապի մեջ է Ստեփանակերտի օդանավակայանի հնարավոր գործարկման պատճառով
Թուրքական «Haber 3» կայքը հաղորդում է, որ Ադրբեջանը դժգոհություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում կառուցված օդանավակայանի հնարավոր գործարկման հարցի շուրջ: Ադրբեջանական մամուլում լուրեր են տարածվել, թե իբր Հայաստանը օդանավակայանը գործի մեջ դնելու նպատակով սկսել է նոր ինքնաթիռներ գնել:
Բաքուն աղմուկ է բարձրացրել, թե Ստեփանակերտի օդանավակայանը բացվելու է առաջիկա 15 օրվա ընթացքում և Ղարաբաղը արդեն ստացել է թռիչքներ և վայրէջքներ իրականացնելու իրավունքը: Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է, որ այս կերպ վերջինս փորձում է հասնել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը:
Անկարայի մերձակայքում ոստիկանական բաժանմունք են պայթեցրել
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ երկու անհայտ անձ երեք նռնակ են նետել Անկարայի մերձակայքում տեղակայված ոստիկանական բաժանմունքի վրա: Դեպքի վայր են եկած անվտանգության աշխատակիցները ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերի գլխավորությամբ: Բարեբախտաբար պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Տարածքի զննման հետևանքով հայտնաբերվել է մեկ նռնակ, որը չի պայթել, ինչպես նաև Թուրքիայում անօրինականորեն գործող կազմակերպություններից մեկի դրոշը: Ոստիկանությունը սկսել է հանցագործների որոնման աշխատանքները՝ ժամեր անց նրանց հայտնաբերելով Անկարա-Քոնիա ավտոճանապարհին: Օպերատիվ գործողությունների ընթացքում հանցագործներից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել: Գործի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է:
Անգլիայում կովը խափանել է գնացքների ընթացքը
Անգլիայի Սոմերսեթ դքսության ավաններից մեկում գնացքի գծերի վրա հայտնված կովը պատճառ է դարձել, որ ուղևորությունների ժամացուցակը խախտվի: Դեպքը տեղի է ունեցել երեկ, երբ շագանակագույն սպիտակ պուտերով կովը անհրավեր հայտնվելով գնացքի գծերին, մոտ երկու ժամ հետաձգել է քաղաքացիների ուղևորությունը:
«Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ կայարանում սպասող քաղաքացիները, դառնալով այս զավեշտալի դեպքի ականատեսը, հետաքրքիր մեկնաբանություններ են արել իրենց «Twitter»-յան էջում: «Գնացքների մեկնումը հետաձգվեց տարածքը գրաված կովերի պատճառով»,-գրում է տուժած ուղևորներից մեկը: Հետաքրքական է, որ ընտանի կենդանիները համարվում են գնացքների բնականոն ժամանակացույցի խափանման հինգ հիմնական պատճառներից մեկը: Ամեն ամիս մոտ 15 նման դեպք է գրանցվում:
Արտգործնախարարը հանդիպեց Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղարին
Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Հռոմի միջազգային հարաբերությունների ինստիտուտում
Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիին:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև սերտ հրաբերություններ են հաստատված, ձևավորված է արդյունավետ համագործակցություն բարի ավանդույթներով՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի վրա։
Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղարը ողջունեց և կարևորեց Վատիկանում Հայաստանի դեսպանության բացումը և տեղեկացրեց, որ Սուրբ Աթոռում ևս ուսումնասիրվում է Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու հարցը։
Էդվարդ Նալբանդյանն ու Դոմինիկ Մամբերտին վստահություն հայտնեցին, որ Վատիկանում ՀՀ դեսպանության բացումը նոր խթան կհանդիսանա երկկողմ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման գործում։
Նախարար Նալբանդյանն ու արքեպիսկոպոս Մամբերտին հանգամանալից զրույց ունեցան Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Հռոմի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որին ներկա էին Իտալիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հռոմում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ:
Նախարար Նալբանդյանն իր ելույթում ներկայացրեց հայ-իտալական հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։
Արձագանքելով Ադրբեջանի դեսպանության ներկայացուցչի հարցին՝ նախարար Նալբանդյանը խոսելով Ադրբեջանի բարձագույն ղեկավարության կողմից քարոզվող հայատյացության, Հայաստանի հանդեպ հնչեցվող տարածքային նկրտումների, ռազմատենչ հայտարարությունների և պատերազմի սպառնալիքի մասին, ասաց. «Նույնիսկ այսօր, մարդասպան Սաֆարովի հերոսացումից և այդ քայլի համար ողջ աշխարհի, մարդու իրավունքներով զբաղվող բոլոր միջազգային կազմակերպությունների կողմից դատապարտվելուց մեկ տարի անց, Ադրբեջանի ղեկավարությունը իր տարակուսանքն է արտահայտում միջազգային հանրության դիրքորոշման կապակցությամբ, հակադրվում դրան և գլուխ գովում թե ճիշտ է արել։ Իսկ ի՞նչ էին նրանք ակնկալում: Որ միջազգային հանրությունը կծափահարի՞ զավեշտալի քայլին։ Այդ երկրի ղեկավարությունը պնդում է, թե այն, ինչ արվել է, շատ լավ է: Ամոթալի է, որ որևէ երկրի ղեկավար մարդասպանի հերոսացումը կարող է լավ բան համարել»։
Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը զգուշացրել է, որ նման մեկի հերոսացումն ու պարգևատրումը դեմ է գնում մարդու իրավունքների բոլոր ընդունված չափանիշներին: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը նշել է, որ էթնիկական ատելության հողի վրա հանցագործությունը պետք է դատապարտվի և ըստ պատշաճի պատժվի, այլ ոչ թե հասարակավ հերոսացվի:
«Սրանում է կայանում միջազգային հանրության և Ադրբեջանի ղեկավարության ընկալումների տարբերությունը, այդ պատճառով են միջազգային հանրությունը և Ադրբեջանը խոսում տարբեր լեզուներով, այդ պատճառով է Ադրբեջանի և միջազգային հանրության միջև խորանում քաղաքակրթական անդունդը», – շեշտեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։


