ՀՀ կառավարության որոշմամբ 2013թ. դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է 2013թ. դեկտեմբերի 28-ը` շաբաթ օր:
Որոշման երկրորդ կետով 2014թ. հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ի, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխվել են 2014թ. փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը:
Daily Archives: November 21, 2013
Կազմվում է Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Երկու օր առաջ Մոսկվայում Եվրասիական հանձնաժողովում չորս երկրների նախագահների հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել Հայաստանի Հանրապետության միացումը Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին։ Աշխատանքային խմբում ընդգրկված են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետները։ Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված, որպեսզի հստակ պատկերացում կազմվի, թե մենք ինչ ծավալի աշխատանք ենք կատարելու այդ գործընթացն իրականացնելու համար, և աշխատանքային խումբը պետք է նախապատրաստի ճանապարհային քարտեզը։
Դրա համար մեր բոլոր գերատեսչություններին լարված աշխատանք է սպասում: Եվ իհարկե, առաջին հերթին մեր աշխատանքով է պայմանավորված լինելու, թե ինչ ժամանակահատվածում ի վիճակի կլինենք այդ բոլոր միջոցառումներն իրականացնել:
Քանի որ դեկտեմբերի 5-ին նախատեսվում է աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, մենք արդեն պետք է պատրաստ լինենք ներկայացնելու ըստ ոլորտների մեր անելիքները, մեր կարողությունները և թե ինչ ժամանակահատվածում կկարողանանք իրականացնել այս գործընթացը, որպեսզի հասցնենք դեկտեմբերին ունենալ ճանապարհային քարտեզ և այն ներկայացնել նախագահների հաստատմանը։ Սրանք Մաքսային միությանն անդամակցելու մեր մոտակա անելիքներն են:
Սանկտ Պետերբուրգում ես հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի վարչապետների հետ և, բնականաբար, մենք քննարկել ենք Մաքսային միությանն անդամակցելու խնդիրները։ Եվ երեք երկրների վարչապետներն էլ մեզ խոստացել են օժանդակել, որպեսզի մենք կարողանանք պատշաճ ձևով այդ փաստաթղթերը նախապատրաստել և այդ միջոցառումներն իրականացնել»։
Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը և սկսվել հարցերի քննարկումը:
Սահմանափակվում է ծխախոտի գովազդը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է օրենքով արգելել ծխախոտի ապրանքատեսակների գովազդը, վաճառքի խթանումն ու հովանավորչությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ խնդրո առարկայի վերաբերյալ չի լսվում հասարակական կազմակերպությունների ձայնը: Մինչդեռ ծխախոտի օգտագործումը շատ լուրջ խնդիր է, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դրանից ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում: Հասարակական կազմակերպությունների պայքարն համարժեք չէ ստեղծված վիճակին: «Ինձ համար մի փոքր զարմանալի է, – հավելել է վարչապետը, – քանի որ բնապահպանների ձայնը գիշեր-ցերեկ լսում ենք, մինչդեռ ռիսկերը համադրելի չեն, ծխախոտից ամեն օր մարդ է մահանում: Բայց չգիտես ինչու հասարակությունը շատ ավելի հանդուրժող է այս հիվանդության նկատմամբ, քան բնապահպանական ցանկացած այլ երևույթի: Պայմանավորվենք, որ մենք սա պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում և փորձելու հասարակության մեջ էլ տրամադրություն ստեղծել, որպեսզի օժանդակեն մեզ այս հարցում»:
Նիստում հավանության է արժանացել «ՀՀ պետական պարգևների մասին» օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ և ՀՀ քրեական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որով ակնկալվում է կարգավորել ՀՀ պետական պարգևների հետ կապված հարաբերությունները:
Գործադիրն իր նիստում հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է պետբյուջեի գծով պարտավորություն ունեցող անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցումը կանխելու, հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: «Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը, – նշել է Տիգրան Սարգսյանը: – Բայց բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լինի, մանավանդ` այս դեպքում խոսքը վերաբերում է միայն լուծարվող անհատ ձեռնարկատիրությանը»: Ամփոփելով հարցի շուրջ ծավալված մտքերի փոխանակությունը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավարները, վարչապետն առաջարկել է որոշումն ընդունել, օրինագիծն ուղարկել Ազգային Ժողով և քննարկումն ավարտել այնտեղ` գտնելով ճիշտ լուծումը:
Կառավարությունն հավանություն է տվել «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որն ընդունելու դեպքում օրենքը կվերածվի համապատասխան բնագավառի հարաբերությունները կարգավորող համապարփակ իրավական ակտի:
Կառավարությունն հավանություն է տվել «Գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերին, որոնց ընդունմամբ կապահովվի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված անձանց լիարժեք անվտանգությունը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և ևս յոթ օրենքներում, «Սոցիալական աջակցության մասին» և ևս հինգ օրենքներում, ինչպես նաև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթներին:
Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությանը, որի ընդունման դեպքում կբացառվի ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում պետական տուրքի վերադարձը:
Նիստում հավանություն է տրվել «Զենքի մասին» օրենքի նախագծին և դրա ընդունմամբ պայմանավորված հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ կհստակեցվեն զենքի շրջանառությանն առնչվող հարաբերությունները, զենքի շրջանառության անվտանգության պայմանները:
Նիստում հավանություն է տրվել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
Կառավարությունը քննարկել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքների նախագծերը, որոնք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ` առաջարկելով օրենքներում ավելացնել դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումն Ազգային Ժողովում քննարկելու հատուկ կարգ: Կառավարությունը նպատակահարմար է համարել նախագծերի փաթեթը քննարկել նախապատրաստվող սահմանադրական բարեփոխման շրջանակում:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Անապահով ընտանիքների բնական գազի ծախսը կփոխհատուցվի
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որով սահմանված են անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումները: Սույն որոշմամբ նախատեսվում է 2013թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում շարունակել պետության կողմից ընտանեկան նպաստի իրավունք ունեցող (անապահով ընտանիքներ) սպառած բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումը, այն է` «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից նշված ժամանակ անապահով ընտանիքներից բնական գազի 75 խոր. մետր քանակության դիմաց գանձել հաստատված սակագնից (1000 խոր. մետրի համար` 132 հազար դրամ) նվազեցված սակագնով (1000 խոր. մետրի համար 100 հազար դրամ կամ 32 հազար դրամով պակաս): Սակագների տարբերության գումարը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխման արդյունքում առաջացող շահույթի հաշվին:
Միջազգային համագործակցություն
Իր նիստում կառավարությունն հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև համաֆինանսավորման համաձայնագրի (ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգից բխող ծրագրերի մշակմանը և իրականացմանը աջակցելու համար) նախագծին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի ներդրումային բանկի միջև կնքվելիք Հայաստանի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրին, որի համաձայն ԵՆԲ-ն ՀՀ-ին կտրամադրի 60 մլն եվրո վարկ: Նշված գումարն ուղղվելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարության ֆինանսավորմանը: Ներգրավվելու են նաև այլ միջոցներ: Կառավարությունը հավանություն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2013թ. մայիսի 31-ի լրացուցիչ ֆինանսական համաձայնագրով նախատեսված միջոցների նախաֆինանսավորում» նամակ-համաձայնագրին:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև միջուկային անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կառավարության համաձայնությունն է ստացել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012թ. հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու N 1 արձանագրության կնքման առաջարկությունը:
Չափման միջոցները կճանաչվեն ազգային չափանմուշ
ՀՀ կառավարությունը սահմանել է չափման միջոցը որպես ազգային չափանմուշ ճանաչելու կարգը, որը հնարավորություն կտա Չափումների միասնականության ապահովման համակարգում հաշվի առնել Եվրամիության միջազգային փորձը և ներդնել չափման միջոցները ազգային չափանմուշ ճանաչելու մեթոդները:
Գործադիրը հաստատել է «Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի Հանրապետության մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը», որի իրականացմամբ ակնկալվում է ապահովել նշված ոլորտի կայուն զարգացումը: Նկատի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում դեռևս չեն ստեղծվել ոլորտի զարգացմանը նպաստող հյուրանոցային ռեսուրսներ, վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է այդ բիզնեսի խթանման միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Կառավարությունը կայացրել է Սպիտակի «Վանուհի» ԲԲԸ-ին Համաշխարհային բանկից տրամադրված վարկի մարման ժամկետը հետաձգելու և տոկոսի վճարումը զիջելու որոշում, որը կնպաստի ընկերության, ինչպես նաև «Հեսփերուս» ՓԲԸ գործարկմանը, Լոռու մարզում 150 նոր աշխատատեղի ստեղծմանը:
Նիստում հաստատվել է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն կենդանիները, կենդանական ծագում ունեցող մթերքը, հումքը, կերը, լրացակերը ՀՀ տարածքում կփոխադրվեն սահմանված նոր ձևաթղթերի հիման վրա: Ուղեկցող փաստաթղթում կնշվեն հայտնաբերված հիվանդությունը և կատարված բուժումը: Հաջորդ որոշմամբ կանոնակարգվել են սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման ընթացակարգը և դրա իրականացման պայմանները:
Իմունականխարգելման ազգային ծրագրի համաձայն մեր երկրի պատվաստանյութերի և պատվաստման օժանդակ պարագաների պահպանման մշտական 25 տոկոս պահուստային պաշարը պահպանվում է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ի իմունացման ազգային պահեստում` համապատասխան սառնարանային ռեժիմի առկայությամբ, ըստ միջազգային չափորոշիչների: Կառավարության որոշմամբ նվազեցվել է պետական հատկացումներով ձեռք բերված պահուստային պաշարից առաջացած շահութաբաժնի վճարումը, ինչը կնպաստի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի ներկրմանը և վարակիչ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին:
Ավելի արդյունավետ կօգտագործվեն մայր ջրանցքներն ու պոմպակայանները
Գործադիրն ընդունել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» ՊՀԿ-ին և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ: ՊՀ-ին գույք ամրացնելու, ինչպես նաև «Սևան-Հրազդանյան ջրառ» և «Ախուրյան-Արաքս ջրառ» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալներն ավելացնելու որոշում: Դա հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել մայր ջրանցքների և պոմպակայանների շահագործումն ու ոռոգման ջրի ավելի արդյունավետ մատակարարումը: Հաջորդ երկու որոշումից առաջինով 2013թ. կապահովվի Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «ՀՀ ջրային ոլորտի ուսումնասիրություն» ծրագրով նախատեսված աշխատանքը, երկրորդը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել Սյունիքի մարզի 4 էներգետիկ պատվարների շահագործումը:
Փոքր և միջին ձեռնարկությունների համար հաճախ օգտագործվող օրինակելի նախագծերի մշակման և դրանց կատալոգի հրատարակման նպատակով կառավարությունը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է մոտ 30 մլն դրամ:
Կբարելավվեն միգրացիոն պետական ծառայության աշխատանքային պայմանները
Գործադիրը կայացրել է որպես ՀՀ սեփականություն գույք ընդունելու որոշում, որով «Դավիթ» առևտրի տուն» ՓԲԸ սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Հր. Քոչարի 4 հասցեում գտնվող վարչական տարածքը ընդունվել և ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը` ընդլայնելով վերջինիս գույքային տարածքը:
Մեկ այլ որոշմամբ Հրազդան քաղաքի տարածքային հարկային տեսչության վարչական շենքի կապիտալ նորոգումն իրականացնելու նպատակով «ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին է ամրացվել շենքին կից գտնվող չգործող դեղատան ոչ հիմնական վթարային շինությունը: Միաժամանակ կբարեկարգվի ամբողջ տարածքը:
Կառավարությունը որոշել է Գյումրու «Նարեկ» հանգստյան տուն» ԲԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը նվիրաբերել Գյումրու քաղաքային համայնքին` ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Չերքեզի ձոր հասցեում գտնվող շենքերում բնակվող 27 բնակիչներին իրենց զբաղեցրած տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու պայմանով: Հաջորդ որոշմամբ սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով` հավասար բաժիններով իրենց զբաղեցրած բնակելի տարածքները նվիրաբերվել են Երևանի Մոլդովական 70 N 1, Աճառյան 20/3, Շիրակի 2ա/7 հասցեների, ինչպես նաև Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող քաղաքացիներին:
Կառավարությունը 2013թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, պետբյուջեից հատկացրել 45 մլն դրամ` Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերի մեկ սենյակի հավակնող 15 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման նպատակով ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը:
Կառավարության որոշումներով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի 23/6 շենքի 5-րդ շինության հարակից տարածքը, Երևանի Նոր Նորքի Նանսենի փողոցի 7-րդ շենքի N 43 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը և դրա օգտագործման ու սպասարկման հողամասի բաժնային մասը, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի 129/9 հասցեում գտնվող անշարժ գույքը և համապատասխան հողամասն օտարել մրցույթով, իսկ «Զվարթնոց» օդանավակայանի կենտրոնական կաթսայատան շարժական գույքը` ուղղակի վաճառքի ձևով:
Կրթօջախներն ավելի հարմարավետ կդառնան
ՀՀ կառավարությունն հաստատել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ոչ պետական կազմակերպություններին ՀՀ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու կարգը:
Իր որոշումներով գործադիրը 40 մլն դրամ է հատկացրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսումնական մասնաշենքի առաջին հարկի ուժեղացման ու նորոգման աշխատանքներն իրականացնելու, մոտ 63.5 մլն դրամ` Սպիտակի ավագ դպրոցի և Մեծամորի N 2 ավագ դպրոցի շենքերի տանիքների հիմնանորոգման, համապատասխան ֆինանսական միջոցներ` Արագածոտնի մարզի Լեռնապարի, Մաստարայի, Երևանի N 108 և Ռ. Իշխանյանի անվան N 153, Արարատի մարզի Վարդաշենի դպրոցների շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով:
Կառավարությունն իր նիստում որոշել է Գյումրի քաղաքի Չարենցի 12 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի որոշ մասը հետ վերցնել քաղաքի N 37 դպրոցից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ-ին:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի 2013թ. համերգաշարի եզրափակիչ համերգի և Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով համապատասխանաբար հատկացրել է 40 մլն և 10 մլն դրամ:
ՀՀ կառավարության որոշմամբ 2013թ. դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է 2013թ. դեկտեմբերի 28-ը` շաբաթ օր:
Որոշման երկրորդ կետով 2014թ. հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ի, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխվել են 2014թ. փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը:
Ընկույզով ու արմավով աղցան
175 գ արմավ առանց կորիզի
3 խնձոր` միջուկը հեռացրած
150 գ յոգուրտ
աղ (մի պտղունց)
հունական ընկույզ` 50 գ
կիտրոնահյութ` 3 ճ/գդալ:
Պատրաստման եղանակը
Շերտերով դասավորել արմավը, խորանարդներով կտրատած խնձորն ու մանրացրած ընկույզը (մի քիչ ընկույզ ու խնձոր թողնել ձևավորման համար): Կիտրոնահյութը խառնել յոգուրտի հետ ու ավելացնել աղը: Ապա այդ խառնուրդը լցնել աղցանի վրա ու 15 րոպեով դնել սառնարանը:
Վրան ձևավորել խնձորով ու ընկույզի կտորներով:
Շոկոլադե երշիկ
450 գ թխվածքաբլիթ
1 բ եփած խտ, կաթ
3ճ/գդալ կակաո
2/3 տուփ կարագ
100 գ հունական ընկույզ :
Կարագը նախապես թողնել, որ փափկի, ապա թխվածքաբլիթը մանրացնել, վրան ավելացնել խտացրած կաթը, փափուկ կարագը, ընկույզն ու կակաոն: Բոլոր բաղադրիչները լավ խառնել:
Փայլաթիթեղի վրա լցնել խառնուրդը, ապա թիթեղը փաթաթել այնպես, որ շոկոլադե խառնուրդը երշիկի ձև ստանա:
«Երշիկը» դնել սառնարանը 2 ժամով:
Ի դեպ, ընկույզը կարելի է փոխարինել նուշով, մարմելադով կամ զեֆիրով:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիին
Ասֆալտապատում հանուն Պուտինի
Երևանի կենտրոնի ասֆալտապատման մասին շատ է խոսվել, քննարկվել, քննադատության ենթարկվել: Հազվագյուտ մարդկանց կարելի է հանդիպել, որոնք չդժգոհեն Երևանի` միայն Կենտրոնի փողոցների ասֆալտապատումից, իսկ այնուհետև վերաասֆալտապատումից` կրկին ու կրկին:
Ասֆալտապատ Երևանը թանկ է նստում պետության վրա
Հիմա էլ Երևանի կենտրոնական փողոցներում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ: Ընդ որում` այդպիսի աշխատանքներ ընթանում են այն փողոցներում, որոնք ընդամենը 2-3 տարի առաջ էին հերթական անգամ ասֆալտապատվել: Ու արդարացված են մայրաքաղաքի բնակիչների, հատկապես ծայրամասերի բնակիչների դժգոհություններն առ այն, որ Երևանի քաղաքապետարանի համար Կենտրոնն է համարվում գերակա նպատակ, իսկ իրենց փողոցները տարիներով, որոշ դեպքերում անգամ տասնամյակներով մնում են ավերակ ու քանդուքարափ վիճակում:
Զայրույթն էլ ավելի է ուժգնանում, երբ հասկանում ենք` այն ժամանակներում, երբ կառավարությունն ամեն քայլափոխի բողոքում էր, թե երկիրը միջոցներ չունի այս կամ այն կարևոր հարցի հրատապ լուծումն ապահովելու համար, որքան գումարներ են հատկացվում այն փողոցների վերաասֆալտապատմանը, որոնց երթևեկելիությանն, այսպես ասած, ոչինչ չի խանգարում. ո՛չ քանդված ու ավերակ են, ո՛չ ասֆալտն է փչացած:
Առավել ևս, որ Հայաստանի կառավարությունը միայն մեկ որոշմաբ վճռում է 7 մլրդ 485 մլն դրամ հատկացնել քաղաքապետարանին` Կենտրոնի փողոցների ասֆալտապատման համար:
Իսկ ընդհանուր առմամբ Երևանում ասֆալտապատման աշխատանքների համար 2009 թ. հատկացվել է 4 մլրդ 61 մլն դրամ, 2010-ին` 4 մլրդ 208 մլն դրամ, 2011-ին` 4 մլրդ 805 մլն դրամ, 2012-ին` 5 մլրդ 550 մլն դրամ, իսկ 2013-ին արդեն երկու անգամ է գումար հատկացվում` մի անգամ 5 մլրդ 955 մլն դրամ, իսկ հետո էլ` համարյա տարեվերջին` 7 մլրդ 485 մլն դրամ: Այսինքն` ընդհանուր առմամբ վերջին 5 տարում Երևանի փողոցների ասֆալտապատման համար կառավարությունը չի զլանում ծախսել 32 մլրդ 64 մլն դրամ գումար:
Սա դեռ մի կողմ: Նայենք Երևանի կենտրոնական փողոցների ասֆալտապատման համար Երևանի քաղաքապետարանին տրամադրված վերջին` 7 մլրդ 485 մլն դրամ հատկացումին: Այս որոշումը կառավարությունը կայացրեց աշնանը, որպեսզի քաղաքապետարանը կարողանա 2013 թ. չորրորդ եռամսյակում ասֆալտապատում իրականացնել: Քաղաքապետարանն էլ գործի անցավ` քանդելով ու վերստին ասֆալտապատման աշխատանքներ սկսելով այդ փողոցներում: Նույնիսկ մի կողմ դնենք, որ այդ փողոցները վերջին տարիներին ասֆալտապատվել էին, ու այժմ լիովին պիտանի էին շահագործման համար: Այստեղ մի հանգամանք էլ կա:
«Դա պրիմիտիվ հարց է, ճանապարհաշինական աշխատանքները Հայաստանի կլիմայական պայմաններում չեն սկսում աշնանը: Որովհետև նախ` աշունը կարող է անձրևառատ լինել, իսկ այդ դեպքում անձրևաջրերը վնասելու են նոր փռված ասֆալտի շերտը: Հետո` դիմացը ձմեռ է, ու ձյունն էլ նույն ազդեցությունը կունենա, դեռ չասենք, որ նոր արված ասֆալտը ձմռան եղանակային պայմաններում ցածր ջերմաստիճանի, ջրերի սառցակալման ու հալման ազդեցությամբ ևս քայքայվում է: Բացի այդ, ձմռանը Երևանում սովորաբար սառած փողոցներում տեխնիկական աղ ու ավազ են են շաղ տալիս, իսկ տեխնիկական աղը քայքայիչ ազդեցություն ունի, և ոչ միայն ասֆալտի վրա»,- պարզաբանեց ճանապարհաշինարար Արմեն Հակոբյանը:
Փաստորեն, նման ասֆալտապատումների համար պետք է ընտրվեին տարվա ավելի տաք ու չոր եղանակները:
Ձմեռնամուտի ասֆալտապատումը Պուտինով է պայմանավորված
Ու ահա հարց է ծագում` մի՞թե քաղաքապետարանում չկար մի մտածող գլուխ, որ այս հանգամանքները հաշվի առներ ու աշնանը` ձմռանն ընդառաջ, չսկսեր երկրի առանց այն էլ սուղ միջոցներից մոտ 7,5 մլրդ դրամը քամուն տալ:
Մենք հարցում ուղարկեցինք քաղաքապետարան հասկանալու համար, թե ինչու է հենց այս եղանակն ընտրվել ասֆալտապատման համար, հաշվի առնվե՞լ է արդյոք վերոհիշյալ խնդիրների հավանականությունը, թե ոչ, ու ինչ կարծիք ունի քաղաքապետարանն այս կապակցությամբ: Մինչ օրս պատասխան չենք ստացել:
Բայց մեր աղբյուրներն «ակնարկեցին», թե ինչու են Երևանն ասֆալտապատողները «ձմռան բերան» ձեռուոտ ընկել: Երևի բոլորն են հիշում, թե ինչ նախապատրաստական միջոցներ էին ձեռնարկվել Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած նախորդ այցից առաջ: Այդ ժամանակ եռակցվել էին ոչ միայն այն փողոցների դիտահորերի կափարիչները, որոնցով պետք է անցներ Ռուսաստանի նախագահի ավտոշարասյունը, այլև հարակից: Դա, ինչպես հիշում ենք, մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն Հայաստանի, այլև արտասահմանյան ԶԼՄ-ների շրջանում: Ու հիմա էլ պարզ է, որ Պուտինը շուտով կգա Հայաստան: Դե նախորդ փորձն ու «վրիպումներն» էլ հաշվի առնելով` մերոնք որոշել են այս անգամ ավելի հետաքրքիր ձև հորինել Պուտինի անվտանգ երթևեկությունը Երևանում ապահովելու համար: Ռուսաստանի պես երկրի ղեկավարի այցելությանը, բնականաբար, երկար են նախապատրաստվում: Ու հիմա, քանի որ դեռ ժամանակ կա, քաղաքապետարանը ձեռնարկել է ասֆալտապատման այս աշխատանքները, որոնց ընթացքում նաև Պուտինի նախորդ այցի ժամանակ կիրառված «անվտանգության կանխարգելիչ միջոցառումներն» են կատարվում:
Թե որքանով է ճիշտ կամ սխալ այս տեսակետը, վիճելը դժվար է, քանի որ ո՛չ քաղաքապետարանն է անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնում, և ո՛չ էլ կառավարությունը:
Եթե իրոք շրջանառվող տեսակետը ճիշտ է, միգուցե Պուտինից խնդրենք այցելել Երևանի ծայրամասային համայնքները նույնպես, որպեսզի այդ շրջանների փողոցներն էլ ասֆալտապատվեն, կամ միգուցե Պուտինը, ի սեր եղբայրական հայ ժողովրդի ու հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, այցելի մարզերի հեռավոր գյուղե՞ր` Հայաստանի որդեգրած տարածքների համաչափ զարգացման ծրագրի նկատառումներից ելնելով, կամ էլ միգուցե Պուտինից խնդրենք` հաջորդ այցի համար ընտրի ավելի տաք ու չո՞ր սեզոնները, որպեսզի մերոնց վրա նրա այցելությունները ծանր չնստեն` ասֆալտի համար նախատեսված 7,5 միլիարդի չափով:
Բաքվում Իսրայելի դեսպանատան դեմ ահաբեկչություն է կանխվել
Ադրբեջանում ձերբակալվել է Իրանի քաղաքացի, ով կասկածվում է երկրում Իսրայելի դեսպանատան և դրա աշխատակիցների վրա հարձակման փորձ ծրագրելու համար։ Ադրբեջանցի իրավապահները նրան խուզարկելիս հայտնաբերել են դեսպանատան և դրա անձնակազմի վրա հարձակման մանրամասն նախագիծ, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” կայքը:
Իսրայելյան լրատվամիջոցների պնդմամբ՝ ձերբակալվածը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալ է։ Տեղեկությունը ճշտվում է։
Բաքվի դատարանն անցյալ շաբաթ 15 տարվա ազատազրկման էր դատապարտել Իրանի մեկ այլ քաղաքացու՝ Ադրբեջանում Իրանի դեսպանատան վրա հարձակում նախապատրաստելու մեղադրանքով։
Պատանի հայ շախմատիստը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց
Դատարանը համասեռամոլներին ազատեց տուգանքը վճարելուց
Սուտ մատնության համար 300 հազարական դրամի տուգանքի դատապարտված համասեռամոլներ «Սոնան» և «Մաշան» ազատվել են նշանակված պատժից՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման կիրառմամբ:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, միաժամանակ մերժել է ամբաստանյալների բողոքները և անփոփոխ թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, կայացրած 2013թ. օգոստոսի 28-ի դատավճիռը:
Ամբաստանյալներն իրենց բողոքներում միջնորդել էին բեկանել հիշյալ դատավճիռը և իրենց արդարացնել,հաղորդում էՓաստինֆոն:
Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` նրանք մեղավոր են ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով ՝ Սուտ մատնությունը, և դատապարտվել 300.000-ական ՀՀ դրամի տուգանքի:
Ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել էր, որ «ենթադրյալ կողոպուտի և ծեծի ենթարկվելու վերաբերյալ ամբաստանյալների պատճառաբանություններն անհիմն են և մտացածին, հետապնդում են հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ»:
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Ա. Աշոտյան. “Վերջին չորսուկես տարիների ընթացքում որևէ ուսանող չի տուժել, չի զրկվել ապագան կրթության միջոցով կառուցելու իր իրավունքից”
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հերթական մարզային այցելությունը Լոռու տարածաշրջան էր. այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նախարարը նախ այցելել է Վանաձորի ֆիզմաթ և բնագիտական թեքումով “Էվրիկա” հատուկ դպրոց, որը հայտնի է իր աշակերտների լուրջ հաջողություններով միջազգային օլիմպիադաներում: Արմեն Աշոտյանը շրջել է դասասենյակներում, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ: Վերջիններս իրենց մտահոգությունն են հայտնել կրթօջախի շենքային պայմանների, լաբորատորիաների և մարզադահլիճի բացակայության ու տեխնիկական հագեցվածության անբավարարության վերաբերյալ: Դպրոցի շենքային պայմանների բարելավման խնդրի վերաբերյալ Ա. Աշոտյանը նշել է, որ այն գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում, և առաջիկայում ամեն ինչ կարվի` հարցին լուծում տալու համար՝ լինի դա պետական միջոցներով, թե միջազգային դոնոր կազմակերպությունների ներգրավվածությամբ:
Նախարարի հաջորդ կանգառը Վանաձորի պետական բժշկական քոլեջ էր, որտեղ ևս Ա. Աշոտյանը ծանոթացել է շենքային պայմաններին, առկա խնդիրներին: Հաստատության տնօրենը նշել է, որ քոլեջի շենքային պայմանները բավարար են, ուսանողների պակաս ևս չկա. ներկա դրությամբ քոլեջը շուրջ 700 ուսանող ունի: Հատկանշական է, որ քոլեջում ուսանում են նաև բարձրագույն կրթությամբ ուսանողներ, ինչը, ըստ նախարարի, ևս մեկ անգամ վկայում է, որ միջին մասնագիտական կրթությունը նույնպես պահանջված է մեր երկրում:
Նախարարի հերթական այցը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ էր, որտեղ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է կառավարության առաջարկությունը` մասնաճյուղի և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հնարավոր միավորման և նոր՝ Վանաձորի պետական համալսարան հիմնելու վերաբերյալ: “Ընդունելով ձեր մտահոգությունը՝ կառավարությունը որոշել է հետաձգել որոշման ընդունումը մինչև լրացուցիչ քննարկումների կազմակերպումը: Ուզում եմ նշել, որ այս որոշումն ակնթարթային չի եղել. այն վաղուց է հասունացել և քննարկվել է մի քանի անգամ, ՀՊՃՀ-ի գործող և նախկին ռեկտորների, ինչպես նաև մասնաճյուղի տնօրենի հետ: Պետք է նշեմ, որ քննարկումների արդյունքում մենք ընդհանուր հայտարարի չենք եկել: Այն անհանգստությունները, որոնք կապված են դասախոսների ապագայի հետ, մարդկային տեսակետից լիովին հիմնավորված են, սակայն պետք է վստահեցնեմ, որ դրանք անհիմն է: Այո, կլինի վարչական կազմի, տնտեսական, տեխնիկական, սպասարկման կազմի խոշորացում, բայց ոչ երբեք՝ պրոֆեսորադասախոսական: Հաջորդ մտահոգությունն ուսանողների անհանգստությունն է՝ կապված իրենց ապագայի հետ: Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ վերջին չորսուկես տարիների ընթացքում անկախ մեր կողմից ընդունված որոշումների, երբևէ որևէ ուսանող չի զրկվել կրթությունը շարունակելու իր հնարավորությունից, որևէ ուսանող չի տուժել, չի զրկվել ապագան կրթության միջոցով կառուցելու իր իրավունքից: Ավելին ասեմ` շատ ու շատ դեպքերում ուսանողներն անգամ շահել են մեր կողմից վարած քաղաքականության արդյունքում: Այսուհետ ևս այդպես է լինելու: Ես այսօր այստեղ եմ, որպեսզի լսեմ ձեր դատողությունները, առաջարկությունները, մտահոգությունները՝ ձեզ հետ մեկ ընդհանուր հայտարարի գալու համար: Նախարարության որդեգրած քաղաքականությունը վերջին չորսուկես տարիների ընթացքում եղել է երկխոսությունը, հանրային բաց քննարկումները, լավագույն որոշումների կայացման քաղաքականությունը. որտեղ պետք է կոշտ քաղաքականություն վարել, արվում է, սակայն դրանց նախորդում են լայն քննարկումները և վստահեցնում եմ ձեզ, որ վերջիններիս արդյունքները կարող են ազդել այդ որոշումների վրա”,- նշել է նախարարը` բուհի անձնակազմից գիտակրթական ու փաստարկված, տնտեսական հիմնավորումներ պահանջելով: Թե՛ բուհի ուսանողները, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմը դեմ են արտահայտվել բուհերի միավորմանը` պատճառաբանելով, որ այդ կերպ կտուժեն կամ տարեցտարի հետին պլան կմղվեն տեխնիկական, ինժեներական մասնագիտությունները, ինչպես նաև խնդրահարույց է բուհի նյութատեխնիկական բազայի և մասնաշենքերի պահպանման հարցը: Արմեն Աշոտյանն ընդունել է բերված հակափաստարկներից երկուսը` առաջինը, որ Պոլիտեխնիկի մասնաճյուղի բազայի վրա ստեղծված համալսարանում տեխնիկական կրթության դերը հնարավոր է նվազի, ինչպես Գորիսի, Արցախի համալսարաններում է եղել, և երկրորդ` Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղն անմիջական կապեր ունի Երևանի մայր բուհի հետ, որոնք հետագայում էլ չպետք է խզվեն: Ուսանողներին առավելապես մտահոգում էր այն փաստը, որ բուհի դիպլոմը ներկայումս ունի նաև միջազգային ճանաչում, մինչդեռ միավորման դեպքում առկախ է նաև այդ հարցը: “Որևէ մեկը մտադրություն չունի համալսարան ստեղծելու պարագայում վերացնել ինժեներական, տեխնիկական մասնագիտությունները: Այլ հարց է, որ այդ կրթությունը որակյալ լինի, առավել բարենպաստ գիտակրթական միջավայր ստեղծվի նրանց համար, համալրվի նյութատեխնիկական բազան: Բուհերի միավորման դեպքում պետության կողմից առավել հեշտ կլինի արդյունավետ ներդրումային քաղաքականություն իրականացնել: Համալսարանի ձևավորման դեպքում մենք թույլ չենք տալու, որ տեխնիկական մասնագիտությունները ստվերվեն, քանի որ արդեն առկա է նման ցավալի փորձ որոշ տարածաշրջաններում: Իսկ խնդրի լուծումն այն է, որ մշակվի տեխնիկական կրթության հայեցակարգ, որը կհաստատվի կառավարության կողմից, որտեղ հստակ կնշվի այն բուհերի ցանկը, որոնք կպարտավորվեն` անկախ իրենց ակադեմիական ազատություններից, ինքնավարությունից, հետևել, որպեսզի տեխնիկական ու տեխնոլոգիական մասնագիտություններով կրթությունը շարունակվի: Պետությունն էլ իր հերթին պարտավորություն կարող է վերցնել նյութատեխնիկական, բազային ներդրումներ կատարել այդ մասնագիտությունները զարգացնելու համար և ավելացնել պետական պատվերն այդ մասնագիտությունների գծով: Որոշումը, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի, իսկ որոշում վստահաբար կլինի` անկախ ձևաչափից, անկախ կազմակերպաիրավական ձևակերպումներից, նպաստելու է Լոռու մարզում երիտասարդության համար լրացուցիչ կրթական ծառայությունների և՛ որակի, և՛ քանակի ավելացմանը: Սա է մեր նպատակը: Դժվար հարց է, ամեն անգամ բախվում ես մարդկանց ազնիվ մտահոգություններին, երբեմն որոշ մարդկանց շահարկումներին և նեղ անձնական շահերին: Մենք պետք է փորձենք լսել բոլորին և կայացնենք որոշում, որը օգուտ կտա ոչ թե կոնկրետ մարդու` ինչ-որ մի ռեկտորի, տնօրենի, դեկանի, այլ օգուտ է լինելու բացառապես շահագրգիռ կողմերի մեծամասնությանը: Ես վստահ եմ, որ այս քաղաքականությունը ճիշտ է, և Վանաձորում մենք ունենալու ենք Վանաձորի պետական համալսարան` այս տարի թե հաջորդ տարի, Պոլիտեխնիկով, թե առանց Պոլիտեխնիկի, Թատերականի մասնաճյուղով, թե առանց դրա, քանի որ մարզում կա նոր տիպի և նոր որակի կրթական ծառայությունների մատուցման խնդիր, մարզում լրացուցիչ ներդրումների խնդիր կա, որպեսզի, մասնավորապես, բարձրագույն կրթության համակարգում կարողանանք ստեղծել մի հաստատություն, որի գործունեության արդյունքում մարզի զարգացման համար մարդկային ռեսուրսի վերարտադրության, մարդկային կապիտալի զարգացման հնարավորություններ լինեն: Մեր նպատակը կառուցվածքային փոփոխությունները չեն, մեր նպատակը մարզի հետագա զարգացման համար այնպիսի ծառայությունների մատուցում ունենալն է, որը թույլ կտա Վանաձորի տարածքում շարունակել մասնագիտական կրթության ավանդույթները` նորովի ուղղված դեպի հետագա տնտեսական ու հասարակական զարգացում: Վանաձորում այս հարցը պետք է լուծվի, որովհետեւ բացառապես մանկավարժական բուհական հաստատությունը, ցավոք սրտի, ապագա չունի որպես այդպիսին և ոչ միայն Վանաձորում”,-նշել է Ա. Աշոտյանը:
Նախարարի հաջորդ հանդիպումը ՎՊՄԻ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ էր: Այստեղ բուհի կոլեկտիվին հուզում էր հնարավոր միավորման դեպքում ուսումնական նոր ծրագրերի, նյութատեխնիկական բազայի համալրման, մինչ միավորումը կատարվելիք հավատարմագրման գործընթացին առնչվող հարցեր, իսկ ուսանողներին՝ մասնաշենքերի պահպանման խնդիրը: “Եկել եմ ձեզ ևս մեկ անգամ լիցքավորելու, նաև լիցքավորվելու ձեր էներգիայով, ձեր ներուժով, ձեր պատրաստակամությամբ, որովհետև, այո, դժվար է լինելու, առաջին մեկ-երկու տարին դժվար է լինելու՝ մինչև ծրագրերը թարմացվեն, մինչև դասախոսական կազմի վերապատրաստումներ կատարենք, ուսումնական գրականությունը ապահովենք: Ցավոք սրտի, լավ գործերը դժվար է անել, բայց ես գիտեմ, որ մենք միասին այս գործը անելու ենք”,- բուհի պրոֆեսորադախասոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում նշել է նախարար Աշոտյանը` ևս մեկ անգամ վստահեցնելով, որ երկու բուհերի մասնաշենքերի օտարման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են. “Սա զավեշտալի է, քանի որ նման ցանկություն որեւէ մեկը չի ունեցել և չունի, և զավեշտալի է, որովհետեւ երբեք այդ գրածները չեն արդարացել: Այդ ամենը սուտ է, աբսուրդ է, զավեշտ է, ամոթ է”,-ընդգծել է Ա. Աշոտյանը:
Մարզային այցի ավարտին նախարարը պատասխանել է նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին: Լրագրողներից մեկի այն հարցին, որ Վանաձորի բուհերի միավորման հարցը կառավարության նիստի օրակարգում էր ընդգրկվել` առանց հանրային քննարկումների և առանց Պոլիտեխնիկի մասնաճյուղի տնօրենի իմացության, նախարարը պատասխանել է, թե “հանրային քննարկում” ասվածը չի նշանակում, որ բոլորի հետ առանձին-առանձին հարցը պետք է քննարկվի: “Հանրային քննարկումը նշանակում է, որ փաստաթուղթը պետք է հասանելի լինի և բաց լինի հանրությանը, ինչն արվել է: 6-7 ամիս փաստաթուղթը եղել է շրջանառության մեջ. դրա մասին տեղյակ է եղել մայր բուհի ղեկավարությունը, Պոլիտեխնիկի մասնաճյուղի տնօրենը: Եթե վերջինս եկել է ինձ մոտ այդ մտահոգությամբ, ուրեմն տեղյակ է եղել: Հանրային քննարկում չի նշանակում նաև, որ իրենք պետք է ինձ համոզեն, որ իրենց տեսակետը ճիշտ է: Հանրային քննարկում չի նշանակում, որ ես պետք է բոլորին համոզեմ, որ մեր քաղաքականությունը ճիշտ է, այլ նշանակում է` ստեղծել հնարավորություն կարծիքներ փոխանակել, հիմնավորումներ բերել”,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ բուհերի միավորումը հենց վանաձորցիների պահանջն է եղել ու ակնկալիքը: “Վանաձորցիներն ինձ բազմիցս մոտեցել են հարցով` ոնց է Գորիսում պետական համալսարան կլինի, Գավառում կլինի, փոքր քաղաքներ են, իսկ մենք մեծ քաղաքներ ենք և պետական համալսարան չունենք: Նույնն ինձ ասել են գյումրեցիները”,- ընդգծել է Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ նախարար Ա. Աշոտյանի հերթական մարզային այցը Գյումրու տարածաշրջան է:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 11 դեպքից` 10-ը, խուլիգանության 1 և մաքսանենգության 2 դեպքերն էլ բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 2 մարդ զոհվել է, 6-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հայ շախմատիստները` Հնդկաստանի Չեննայ քաղաքում կազմակերպված մրցաշարում
Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Բաբուջյանը հաղթեց Վահե Բաղդասարյանին ու վաստակած 5 միավորով ընթանում է 11-րդ տեղում: Դա հայ շախմատիստների խմբում լավագույն արդյունքն է:
4,5-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանն ու ռուսաստանցի Կարինա Համբարձումովան: Սամվելը ոչ-ոքի խաղաց Աբիջիթ Կունտեի հետ, իսկ Կարինան հաղթեց Սոֆիկո Գուրամիշվիլուն: Վահե Բաղդասարյանը, Տիգրան Ս. Պետրոսյանն ու Հովիկ Հայրապետյանն ունեն 4-ական միավոր, Մարիա Գևորգյանը վաստակել է 2,5 միավոր:
6,5 միավորով առաջատարը ռուսաստանցի Միխայիլ Մոժարովն է:
Սարդարապատ գյուղում սպանություն կատարողը հայտնաբերվեց և ձերբակալվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտական և ֆիզիկական պատրաստականությունը ոստիկանության զորքերում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարդաձոր գյուղի 3 բնակիչներ թունավորվել են շմոլ գազից
Նոյեմբերի 20-ին, ժամը 10.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Վարդաձոր գյուղի 3 բնակիչներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տան լոգարանում` լողանալու ժամանակ առաջացած շմոլ գազից:
Կատարվում է նախաքննություն:
Ինչու՞ էին վարորդը և ուղևորուհին հայտնվել ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրապետության ավտոճանապարհներին հինգ ավտոպատահար, հինգ վիրավոր
Նոյեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Թալին-Թաթուլ ճանապարհի 6-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի թիվ 4 տան մոտ բախվել է ճամփեզրին կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 16.15-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Կապան-Արփիկ բանավան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան-Մայիսյան կամուրջ ճանապարհի 139-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Զլատան Իբրահիմովիչը` Ֆրանսիայի «Տարվա մարդ» անվանակարգի դափնեկիր
GQ ամսագիրը Ֆրանսիայի «Տարվա մարդ» անվանակարգով լավագույն է ճանաչել Փարիզի ՊՍԺ ֆուտբոլային ակումբի և Շվեդիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
32-ամյա հարձակվողի օգնությամբ ֆրանսիական ակումբը դարձել է երկրի չեմպիոն, իսկ 30 գնդակ մրցակիցների դարպասը խփած Իբրահիմովիչն առաջնության լավագույն ռմբարկուն է:
Լավագույն մարզիկի կոչմանն է արժանացել ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Բլեզ Մատյույդը։








