«Խնայելով ինձ և քեզ»` հակածխախոտային ակցիաներ ՀՀ 5 քաղաքներում

ոչ ծխախոտին«Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Խնայելով ինձ և քեզ» խորագրով հակածխոխոտային թեմաներով մի շարք ակցիաներ։ Մարզային դպրոցներից ստացված հակածխախոտային թեմաներով նկարներով կկազմակերպվի ցուցահանդես-մրցույթ։ Հաղթած նկարները կդառնան մեծ պաստառներ, որոնք կփակցվեն Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Գավառում և Երևանում՝ հիշեցնելով ծխախոտի վնասակար ազդեցությունը։

Հակածխախոտային ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

«Բարեկամ» ՀԿ-ի անդամ, ծրագրի ղեկավար Շուշան Հարությունյանը նշում է, որ իրենց ակցիաների շրջանակներում անչափահաս երեխաները, ծխախոտը ձեռքներին, մոտեցել են անցորդներին և խնդրել վառել գլանակը։ «Մեզ թվում էր, որ անցորդները կմերժեին և երեխաներին կբացատրեին ծխախոտի վնասակարության մասին, սակայն հիմնականում ծխախոտը վառում էին՝ առանց որևէ արձագանքի։ Մեր նպատակն է գիտակցել տալ ծխողներին և նոր ծխել ցանկացողներին, սեփական անձին վնասելուց զատ, իրենց հարազատներին ու սիրելիներին վնասելու չափը»,- նշում է ծրագրի ղեկավարը՝ ասելով, որ իրականացված ակցիաները հետագայում վերածվելու են ֆիլմի։

«Բարեկամ» ՀԿ-ն ծրագրի շրջանակներում նկարահանում է նաև 3 սոցիալական հոլովակ , որոնցում շեշտը դրված է ոչ թե հենց ծխողի, այլ շրջապատի՝ երեխաների, հարազատների վրա ծխելու ունեցած վատ ազդեցության վրա, ինչը կարող է ավելի հզոր զսպօղակ դառնալ ծխողի համար։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նախագահը Երևանում ներկա է գտնվել «Միացյալ Խաչ» հուշարձանի բացման արարողությանը

միացյալ խաչ հուշարձանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ հանդիսացող «Միացյալ Խաչ» հուշարձանի բացման արարողությանը: Այն բացել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Հուշարձանի նույնատիպը, որի պատվանդանին փորագրված է՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը», Մոսկվայի 850-ամյակի առթիվ 1997թ. տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` «Նիկիտյան Դարպասներ»-ի պուրակում: Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետները՝ Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները:

Լրացուցիչ տեղեկություններ «Միացյալ խաչ» հուշարձանի վերաբերյալ

Երևան քաղաքի Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում ս.թ. դեկտեմբերի 2-ին տեղադրվել է «Միացյալ Խաչ» անունը կրող հուշարձան` որպես հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ: Սպիտակ-մոխրագույն գրանիտից կերտած, 4,5 մետր բարձրությամբ հուշարձանն իրենից ներկայացնում է երկու բարեկամ՝ հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող կանանց, ովքեր գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշ խաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը: Հուշարձանի նյութի և գույնի ընտրությունը համահունչ է նրա իմաստային նշանակությանը, իսկ համալիր չափսերը նպաստում են արձանի մոնումենտալային ընկալմանը։

Այս հուշարձանի նույնատիպը 1997թ., Մոսկվայի 850-ամյակի առթիվ տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` «Նիկիտյան Դարպասներ»-ի պուրակում և դարձել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ:

Հուշարձանի պատվանդանի փորագրությունն ընտրվել և օրհնվել է Համայն Ռուսիո երջանկահիշատակ Պատրիարք Ալեքսի Երկրորդի կողմից՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»:

Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետները՝ Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները:

Հուշարձանը կառուցվել է մոսկվայաբնակ Սերգեյ Համբարձումյանի և Մակար Նահապետյանի հովանավորությամբ:

Ադրբեջանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել

երկրաշարժ Ադրբեջանի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, երկրաշարժը տեղի է ունեցել Շաբրանի շրջանում դեկտեմբերի 2-ին` տեղի ժամանակով 04:49-ին:

3.80 մագնիտուտով երկրաշարժը գրանցվել է 21 կմ խորությունում:

Պատմության այս օրը

imagesՊատմության այս օրը

-Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը:

-1409-ին Լայպցիգում բացվեց Կենտրոնական Եվրոպայի առաջին համալսարաններից մեկը:

-1805-ին տեղի  ունեցավ Աուստերլիցի ճակատամարտը:

-1971-ին կազմավորվեց ԱՄԷ-ի ֆեդերատիվ պետությունը:

Այս օրը ծնվել են

-1946-ին` իտալացի մոդելավորող Ջաննի Վերսաչեն:

-1923-ին`  օպերային երգչուհի Մարիա Կալասը:

-1981-ին` պարուհի, երգչուհի ու դերասանուհի Բրիթնի Սփիրսը:

Դեկտեմբերի 2-ին Նոր Զելանդիան նշում է Լողաթափերի ազգային օրը:

1919-ի այս օրն է մահացել  ֆրանսիացի  իմպրեսիոնիստ նկարիչ  Օգյուստ Ռենուարը:

Բոտոքսը թափանցում է ուղեղ

XNdgWMTw-234Վերջերս, ուսումնասիրելով բոտուլոտոքսինի հատկությունները, Իտալիայի փորձագետները հայտնաբերեցին, որ այդ նյութը նյարդաթելերով կարող է փոխանցվել ուղեղին:

Բժիշկները որպես փորձակենդանի, այդ ուսումնասիրության համար օգտագործեցին մկներին, բոտոքս սրսկեցին կրծողների այն մկաններում, որոնք կառավարում են բեղերի շարժումը: Իսկ 3 օր անց փորձակենդանիների գլխուղեղում գտան սպիտակուցներ, որոնք վնասվել էին բոտուլոտոքսինի ազդեցությամբ:

Բժիշկները անհանգստացած են թույնի այդ հատկությամբ, ու, կարծում են, որ չնայած դրա խտությունն ուղեղում քիչ է, սակայն   վնասի  աստիճանը դեռևս պետք է  պարզել:

Իտալիայում տեքստիլ ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր

o_843647Գիշերը իտալական Պրատո (Տոսկանայի տարածաշրջան) քաղաքւմ գտնվող տեքստիլ ֆաբրիկայում հրդեհ է բռնկվել չինացի ձեռնարկատերերին պատկանող ֆաբրիկայի աշխատողների ժամանակավոր հանրակացարանում: Այդ պահին շենքում 11 մարդ է եղել, որոնցից 7-ը զոհվել են:

Տեղի իշխանությունների ներկայացուցիչները խոստովանում են, որ Իտալիայի հյուսիսային ու կենտրոնական  հատվածներում անօրինական աշխատուժի մեծ թիվ է նկատվում: Սակայն չի նշվում, թե հատկապես որ երկրի քաղաքացիներն են զոհվել հրդեհի հետևանքով:

Այրվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա

ավտոմեքենան այրվել էԴեկտեմբերի 2-ին, ժամը 06.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լ. Չ.-ին պատկանող ավտոտնակում ամբողջությամբ այրվում է «Թիվ 15» երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի 0450Տ պետհամարանիշի ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.20-ին, մարվել՝ 07.57-ին:

Եղանակը Հայաստանում առաջին հինգ օրերին

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 2-ին , 4-6-ին սպասվում է առանց  տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 3-ին շրջանների զգալի մասում  սպասվում են  տեղումներ: Քամին արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝  15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը  դեկտեմբերի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը կնվազի  4-5 աստիճանով:
Երևանում՝

Դեկտեմբերի 2-ին, 4-6-ին սպասվում է առանց  տեղումների եղանակ, 3-ին  սպասվում  են տեղումներ:

Ավտոպատահար Վրաստանի Հանրապետության տարածքում

ավտոպատահարԴեկտեմբերի 2-ին, ժամը 07.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.13-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Գուդաուրիի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ Երևան-ՌԴ մեկնող ուղևորատար 18 OC 008 պետհամարանիշի ավտոբուսը բախվել է ճամփեզրին, ինչից ոտքի հատվածում թեթև մարմնական վնասվածք է ստացել փոխարինող վարորդ՝ 1978 թ. ծնված Զ. Ս.-ն:

Խորվաթիայում նույնասեռ ամուսնություններին դեմ են քվեարկել

131201112621_croatia_referendum_marriage_304x171_afpԽորվաթիայի բնակիչները կիրակի քվեարկել են նույնասեռ ամուսնությունների արգելքի կողմ, նման կերպ պաշտպանելով սահմանադրության` ամուսնությունը որպես տղամարդու և կնոջ միություն  հստակ ձևակերպումը:

Քվերակությունն անց է կացվել Հռոմի կաթոլիկ եկեղեցու ակտիվ աջակցությամբ, որը թույլատրելի է համարում այն ամուսնությունը, որտեղ հնարավոր է երեխածնությունը: Քննադատներն էլ այդ դիրքորոշումը սեքսուալ փոքրամասնության նկատմամբ խտրականության դրսևորում են համարում:

Ձախցենտրիստական կառավարությունը  արգելքի դեմ է հանդես եկել, իսկ երկրի նախագահ Իվո Յոսիպովիչը նախազգուշացրել է, որ  Խորվաթիան այդպիսով անհանդուրժող երկրի համբավ  ձեռք կբերի:

Սոցիալական հարցերում Խորվաթիան պահպանողական երկիր է, որտեղ եկեղեցին մինչ օրս ուժեղ դիրք ունի, դրա համար էլ քվեարկության ելքը շատ  բաներում արդեն կանխորոշված էր:

 

Երեւանում անցկացվեց միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի նիստը

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ ՌԴ տարածքային զարգացման նախարարի տեղակալ Սերգեյ Նազարովի համանախագահությամբ: հայ-ռուսական միջտարածաշրջանային  համաժողովՎ. Տերտերյանը նշեց, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի նախաշեմին անցկացվող երկրորդ նիստը նպատակ ունի քննարկել երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացման հեռանկարներն ու ուղղությունները: “ Երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցությունն առանձնահատուկ կարեւոր տեղ է զբաղեցնում, որի խորացման հարցերը մանրամասն քննարկվում են աշխատանքային խմբում եւ կողմերին համապատասխան առաջարկություններ են ներկայացվում”,-նշեց Վ. Տերտերյանը:

 

Ս. Նազարովը նույնպես ընգծելով երկկողմ հարաբերություններում միջտարածաշրջանային բաղադրիչի կարեւոր դերը` նշեց, որ ռուսական կողմից այս ձեւաչափով համագործակցության նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվում: Անգամ այն տարածաշրջանները, որոնք ավանդական կապեր չեն ունեցել Հայաստանի վարչական միավորների հետ, հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հետ կապերի զարգացման հարցում:

Նիստի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային համագործակցության, այս մակարդակում իրավապայմանագրային դաշտի զարգացման հարցեր:
Ներկայացվեց 2012թ. մարտին կայացած առաջին նիստի արձանագրության իրականացման ընթացքը: Գործընկեր տարածաշրջանների ներկայացուցիչները զեկուցեցին համագործակցության ներկա մակարդակի եւ գործակցության խորացման ուղղությունների մասին: Կարեւորվեց միջտարածաշրջանային մակարդակում տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը, նշվեց, որ այս ոլորտում առկա է գործակցության մեծ ներուժ:
Աշխատանքների ավարտին Վ. Տերտերյանն ու Ս. Նազարովն ստորագրեցին Միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստի արձանագրությունը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

«Երբ» ներկայացումը չիրականացված երազանքների մասին է

ստանիսլավսկու թատրոնՎերջերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ «Երբ» տրագիկոմեդիայի պրեմիերան:

Բեմադրող ռեժիսոր Ռաֆայել Գրիգորյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացումը չիրականացված երազանքների մասին էր: Այսօր ոչ մեկ իրավունք չունի հանձնվելու, զենքերը վայր դնելու, հանուն երազանքի արժե ապրել ու պայքարել՝ թեւաթափ լինելն անիմաստ է.

«Կյանքն անփոխարինելի է՝ տրվում է մեկ անգամ: Երբ ավարտվի ժամանակը, կվերջանա ամեն ինչ, այն թանկ է ու կարեւոր: Պետք է ապրել լիարժեք: Ամբողջ ներկայացումն հենց դրա մասին է»:

Ռեժիսորի հավաստմամբ պետք է զգույշ լինել, հատկապես երիտասարդության հետ, եթե կոտրվեն երազանքի թեւերը, ձախորդությունն ու անհաջողությունը կուղեկցի, միայն թե աշխատավարձի խնդիր կա, այն քիչ է եւ չի ոգեշնչում.

«Դերասանից պետք է հասարակությունը ճաշակ ընդօրինակի, դերասանն է քարոզում իրական արժեքներ, մենք արվեստի երկիր ենք, սակայն որակյալ ներկայացումների պակաս կա»:

Պարոն Գրիգորյանի պնդմամբ թատրոնն իր կյանքն է, առանց որի ապրելն անիմաստ է: Հինգ տարեկանից թատրոնում է, իր երազանքը կատարվել է, նա իր աշխատանքը սիրում է:

Երիտասարդ դերասան Պապ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարճ ժամանակահատվածում փորձել են անել լավագույնը: Իրենց լավագույն հերոս Քաջ Նազարը չի եղել ծույլ, անբան, անխելք ու վախկոտ, այլ եղել է պարզապես երազող: Ներկայացման գաղափարն է՝ չդադարել երազել.

«Կյանքի հանդեպ պետք է ունենալ գունավոր ակնոցներ եւ երբեք չդադարել կրել դրանք, առանց գույների կյանքն անհամ է, մենք ինքներս ենք մեր խելառ ու արեւոտ օրերը կառուցում»:

Նրա պնդմամբ ներկայացումը գրագետ հանդիսատեսին դուր կգա, սակայն կա պատասխանատվություն, խափանման վախ ու հուզմունք:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Լրագրողի մասնագիտությունը հեշտ չէ. Լուսինե Ասատրյան

ԼրագրողԴեկտեմբերի 2-ից պետական բուհերում կշարունակեն իրենց ուսումն ավարտական կուրսում գտնվող բոլոր ուսանողները, նրանք ովքեր գնացել էին պրակտիկայի՝ լիարժեք, կամ ոչ այնքան գիտելիքներ ստացած վերադառնում են հարազատ համալսարանները: archive2.ankakh.com-ի հետ զրույցում Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Լուսինե Ասատրյանը նշեց, որ Հանրային ռադիոյի Կամուրջում անցկացրած պրակտիկայից գոհ է, պատրաստել է երեք ռադիոռեպորտաժ, որոնք եթեր են հեռարձակվել, իսկ համալսարանի անունը շեշտվել է.

“Պրակտիկայից հետո ակնկալում եմ ընդունվել աշխատանքի և դրա հետ մեկտեղ հաջող հանձնել պետական ավարտական քննությունները: Լրագրողի մասնագիտությունը հեշտ չէ եւ չի պահանջում ուսումն ավարտելուց հետո նոր միայն աշխատել, այլ պետք է հենց ուսմանը զուգահեռ սկսես քեզ գտնել տվյալ ոլորտում”:

Ինչ վերաբերում է ուսման որակին, Լուսինեն պնդեց, որ գոհ չէ, քանի որ ավելին է ակնկալում՝ տեսական գիտելիքներից զատ կա նաև գործնականը, որի պակասը համալսարանը չի լրացնում: Եթե դու կարող ես ինքդ փնտրել` լավ է, իսկ եթե ոչ, ապա այդպես էլ կավարտես առանց հստակ պատկերացնելու, թե ինչ պետք է անես գործնականում.

“Ասեմ ավելին, կան նույնիսկ առարկաներ, որ 4 տարի գրեթե նույն բանն ենք սովորում: Նշեմ, որ մեր համալսարանն ունի մեկ առավելություն, եթե մյուս համալսարաններում, ընդունված է գործնական աշխատանքն իրականացնել 4-րդ կուրսի երկրորդ սեմեստրում, ապա մեզ մոտ այդ 3 ամիսը բաժանվում է վերջին երկու տարվա մեջ, տեսականն ու գործնականը համատեղելով”:

Ուսանողուհին շատ կուզեր, որպեսզի համալսարանում լիներ մոնտաժային աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված սենյակ, իսկ ուսանողին տրամադրեին անհրաժեշտ տեխնիկա հեղինակային ռեպորտաժներ պատրաստելու համար: Նա հույս ունի, որ շուտով դրանք էլ կլինեն ու կծառայեն իրենց նպատակին: Շնորհավորում է բոլոր ավարտական կուրսերում գտնվող իր համակուրսեցիներին եւ մաղթում համբերություն, պայծառ ապագան առջեւում է:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Երեք սենյականոց բնակարան՝ այրված տնակի բազմազավակ ընտանիքին,տեսանյութ

1488546_777361932281048_303776487_nՏնակն ամբողջ գույքի և անգամ փաստաթղթերի հետ միասին այրվել էր: Այս անօթևան ընտանիքը հաշվառված չէր պետության կողմից բնակարանանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Շիրակ կենտրոնը դեպքից անմիջապես հետո պատրաստեց տեսանյութ «Աղջնակը այրվող տնակի հրդեհից փրկել է փոքրիկ քույրերին» http://youtu.be/GjzPDfssiQw , որը հրապարակվեց հայասատանյան առաջատար պարբերականներում: Արձագանքները չուշացան, այս ընտանիքին օգնություն ցուցաբերեցին մեր բազմաթիվ հայրենակիցները: Այսօր ամերիկյան «Փարոս» հիմնադրամը այս ընտանիքին  երեք սենյականոց՝ նոր և լուսավոր բնակարան նվիրեց, որը գնվել էր ամերիկահայ բարերաներ՝ Նժդեհ և Լիլիթ Յահուբյանների կողմից տրամադրվող միջոցներով:

Կուսակցությունները պետք է փող ծախսեն, բայց չունեն կամ ցույց չեն տալիս

կուսակցություններՆախորդ համարում «Անկախն» անդրադարձել է, թե Հայաստանում խորհրդարանական ու արտախորհրդարանական փոքրիշատե հայտնի ու հեղինակավոր կուսակցություններն ինչ միջոցներ են ունեցել 2012 թ.: Այժմ նայենք, թե որ կուսակցությունն իր ունեցած միջոցներն ինչպես է ծախսել, ինչ գործունեության համար, ինչ ուղղություններով և այլն:

 Կուսակցությունների ճնշող մեծամասնությունը փող չունի, որ ծախսի

Այսիպիսով, ՀՀԿ-ն 2012 թ., ըստ հայտարարագրած միջոցների ու ծախսերի, ունեցել է 442 մլն 11 հազար դրամ հայտարարագրված ֆինանսական միջոցներ: Այս գումարներից կուսակցությունը վճարել է 150 մլն 572 հազար դրամ ֆիզիկական անձանց`աշխատավարձերի, չօգտագործված արձակուրդների փոխհատուցման և նպաստների տեսքով, 40 մլն 204 հազար դրամ սոցվճարումներ է կատարել, 4 մլն 840 հազար դրամ տարածքի վարձակալության համար է վճարել, 21 մլն 995 հազար դրամ ծախսել է կոմունալ վճարումների, 13 մլն 101 հազար դրամ` հարկեր-տուրքերի համար: Եվս 1 մլն 5 հազար դրամ ՀՀԿ-ն ծախսել է գույք ձեռք բերելու համար և 122 մլն 327 հազար դրամ` ներկայացուցչական ու անհատույց տրված ակտիվների համար: Ընդհանուր առմամբ կուսակցության ծախսերը կազմել են 354 մլն 44 հազար դրամ: Այսինքն` կուսակցության ամենամեծ հայտարարագրված ծախսերն ուղղված են եղել աշխատավարձերի ու արձակուրդների փոխհատուցմանը և ներկայացուցչական ու անհատույց ակտիվներին:

ԲՀԿ-ն 2012 թ. համար հայտարարագրել է 58 մլն 106 հազար դրամ դրամական մուտքեր: Կուսակցությունը աշխատավարձերի, ծառայությունների մատուցման վճարումների համար ծախսել է 1 մլն 892 հազար դրամ, 564 հազար դրամ սոցիալական վճարումներ է կատարել, 2 անգամ 10-ական մլն և մեկ անգամ 150 հազար  դրամով դահլիճ է վարձակալել, 4000 դրամ պետտուրք է մուծել, 40 հազար դրամ ծախսել է «Էկոնոմիկա» հանդեսի ձեռքբերման համար, 2 մլն 500 հազար դրամ` վկայականներ ձեռք բերելու և 7 մլն 286 հազար դրամ` համակարգչային տեխնիկա ձեռք բերելու համար: Կուսակցությունը 286 հազար դրամ ծախսել է հայտարարություններ հրապարակելու համար, 700 հազար` ինտերնետ կայք պատրաստելու, 218 հազար դրամ` ինտերնետի վճարումների ու էլի մի քիչ գումար` այլ մանր-մունր ծախսերի համար: Հայտարարագրված համեմատաբար խոշոր ծախսերից է 15 մլն դրամը` ընտրությունների մասնակցելու նպատակով օրենքով թույլատրված հիմնադրամի հաշվի համալրումը: Ընդհանուր առմամբ կուսակցությունը 2012 թ. ծախսել է 49 մլն 173 հազար դրամ գումար:

ՕԵԿ-ը, ըստ լրացված հայտարարագրի, 2012 թ. ունեցել է 16 մլն 710 հազար 900 դրամ: Կուսակցությունը ծախսել է 15 մլն 719 հազար 600 դրամ, որից աշխատավարձերի համար վճարել է 1 մլն 125 հազար 600 դրամ, կոմունալ վճարների և վարձակալության համար` 9 մլն 383 հազար դրամ, գործուղումների ու տրանսպորտային ծախսերի համար` 1 մլն 192 հազար դրամ և ևս 718 հազար դրամ` հարկերի, տուրքերի համար: 3 մլն 301 հազար դրամ էլ այլ ծախսեր է ունեցել:

ՀՅԴ-ն 2012 թ. ունեցել է 58 մլն 840 հազար 900 դրամ: Կուսակցության ծախսերը կազմել են 59 մլն 634 հազար 900 դրամ: Կուսակցությունը 14 մլն 958 հազար դրամ ծախսել է աշխատավարձերի համար, 3 մլն 887 հազար դրամ` սոցիալական վճարների ու կենսաթոշակների, 3 մլն 617 հազար դրամ` գույքի վարձակալության և մոտ 9 մլն 600 հազար դրամ` կոմունալ վճարումների համար: Կուսակցությունը նաև 2 մլն 700 հազար դրամի հարկեր-տուրքեր է մուծել: 9 մլն 816 հազար դրամ կուսակցությունը ծախսել է գործուղումների վրա, 11 մլն 897 հազար դրամ` ԱԺ ընտրությունների քարոզարշավի, 2 մլն 100 հազարի ամսագիր է տպել, 490 հազար դրամով կայք է պատրաստել, մոտ 200 հազար դրամի թերթ է բաժանորդագրվել և այլ մանր ծախսեր: Կուսակցության ընդհանուր ծախսերը կազմել են 59 մլն 634 հազար դրամ:

ՀԱԿ կուսակցության հայտարարագրած ընդհանուր դրամական միջոցները կազմել են 5 մլն 259 հազար 700 դրամ: Կուսակցությունն աշխատավարձեր ու այս կարգի այլ ծախսեր չի ունեցել, սոցիալական կամ գույքի վարձակալության վճարումներ չի արել, 941 հազար դրամի կոմունալ վճարումներ է արել, 179 հազար 500 դրամ մուծել հարկեր-տուրքերի համար և 1 մլն 944 հազար դրամ ծախսել ներկայացուցչական, Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական և բարեփոխումների կուսակցության անդամավճարի, ՀԺԿ-ին բյուջետային փոխանցումների ու այլ ծախսերի համար: 2012 թ. կուսակցությունն, ընդհանուր առմամբ, ծախսել է 3 մլն 65 հազար դրամ գումար:

«Ժառանգություն» կուսակցության ընդհանուր դրամական միջոցները եղել են 30 մլն 53 հազար դրամ և 4 հազար դոլար, որից կուսակցությունը ծախսել է 26 մլն 359 հազար դրամը: Կուսակցությունը 1 մլն 326 հազար դրամ ծախսել է աշխատավարձերի և 435 հազար դրամ` սոցիալական վճարների համար, 3 մլն 183 հազար դրամ` կոմունալ վճարումների, 541 հազար դրամ` հարկեր-տուրքերի համար: 4 մլն 800 հազար դրամի գույք է վարձակալել և ևս 8 մլն 467 հազար դրամի էլ գույք ձեռք բերել: Այլ ծախսերի համար էլ կուսակցության գանձարանից պակասել են ևս 7 մլն 607 հազար դրամ միջոցներ:

Հայկ Բաբուխանյանի գլխավորած ՍԻՄ կուսակցությունն ունեցել է  6 մլն 309 հազար 600 դրամ և ևս 393 հազար 300 դրամ էլ մնացորդ է ունեցել նախորդ տարվանից: Ծախսել է 6 մլն 104 հազար 700 դրամ, որից 1 մլն 139 հազար դրամը` աշխատավարձերի վճարման, 374 հազար դրամը` սոցվճարումների, 45 հազար դրամը` գույքի վարձակալության և 120 հազար դրամը` հարկեր-տուրքերի համար: Կուսակցության կոմունալ ծախսերը կազմել են 1 մլն 525 հազար դրամ, 471 հազար դրամի գույք է ձեռք բերվել, և ևս 2 մլն 429 հազար դրամ էլ կուսակցությունն «այլ ծախսեր» է արել: Կուսակցության ընդհանուր ծախսերը կազմել են 6 մլն 104 հազար դրամ:

Մեծահարուստ Գուրգեն Արսենյանի ղեկավարած ՄԱԿ կուսակցության ունեցած ամբողջ 8 մլն 550 հազար 800 դրամ միջոցներից ծախսվել է 2 մլն 895 հազար 100 դրամ, որից միայն 2 մլն 200 հազար դրամը` «այլ ծախսեր»-ի համար, 59 հազար դրամ հարկ ու տուրք է մուծվել և 636 հազար դրամ էլ տարածքի վարձակալության համար է պահանջվել:

Վազգեն Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ-ն նախորդ տարի 3 մլն 429 հազար 500 դրամ դրամական միջոցներ է ունեցել, որից կուսակցությունը ծախսել է 3 մլն 322 հազար 400 դրամը: Այս գումարներից 1 մլն 573 հազար դրամը ծախսվել է աշխատավարձերի և 485 հազար դրամը` սոցվճարների համար: Կուսակցության կոմունալ վճարումները կազմել են 679 հազար դրամ, հարկեր-տուրքերը` 14 հազար 600 դրամ: Եվս 42 հազար 500 դրամ ծախսվել է տրանսպորտային ծախսերի համար և 4500 դրամ էլ` «այլ ծախսերի»:

2012 թ. «հարուստ» կուսակցություններից Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած Դեմոկրատական կուսակցությունը` իր հաշվին ունենալով 9 մլն 224 հազար 400 դրամ, ծախսել է  9 մլն 225 հազար 700 դրամ, որից 391 հազար դրամը ֆիզիկական անձանց մատուցած ծառայությունների համար է վճարվել, 131 հազար դրամը` սոցիալական վճարումների համար, իսկ մնացած` 8 մլն 702 հազար դրամը կուսակցությունը ծախսել է «այլ ծախսեր» տողով:

Խոսրով Հարությունյանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունն էլ, 2012 թ. ունենալով  4 մլն 428 հազար դրամ միջոցներ, այդ գումարներն ամբողջությամբ ծախսել է: Ընդ որում` 587 հազար դրամի աշխատավարձեր է վճարել, 183 հազար դրամ` սոցիալական վճարներ, 2 մլն 626 հազար դրամի գույք է վարձակալել, 976 հազար դրամի կոմունալ ծախսեր կատարել, 1800 դրամ մուծել հարկեր-տուրքերի ձևով և 53 հազար 800 դրամի թերթ է գնել:

Մնացած կուսակցությունների ծախսերը չեն գերազանցել 2 մլն դրամը, ընդ որում, մեծամասնությունը չի հատել անգամ 1 մլն-ի սահմանագիծը: Ուշագրավ է, որ այնպիսի կուսակցություն, ինչպիսին  «Ազատ դեմոկրատներ»-ն է, որևէ ծախս չի հայտարարագրել: Զարմանալի է նաև, թե ինչ չնչին գումարներ են հայտարարագրում միլիոնատեր ղեկավարների կուսակցությունները:

Այսպիսով, ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Հայաստանում 3 կուսակցություններ են հիմնականում կուսակցական աշխատանքների համար ծախսեր կատարում` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: Մնացածը գումար չունեն ծախսելու համար կամ ցույց են տալիս, թե չունեն: Կուսակցությունների ճնշող մեծամասնության հիմնական ծախսերը փոքրիկ աշխատավարձերն են, իսկ այն կուսակցությունները, որոնք չնչին գումարներ ունեն` 2 մլն-ից էլ պակաս,  անհասկանալի է, թե ինչպես են գոյատևում, առավել անհասկանալի է, թե ինչու են գոյատևում: Եվ հարց է առաջանում` ի՞նչ հարց կարող են լուծել խիստ սահմանափակ ռեսուրսներով կուսակցությունները, եթե նույնիսկ անհամեմատ ավելի «հարուստները» չեն կարողանում ինչ-որ քաղաքական, պետական հարց լուծել, ակտիվորեն մասնակցել քաղաքական որոշումների կայացման գործընթացներին:

 

Գևորգ Ավչյան

Անկախ