Գնդեվազ-Ջերմուկ ավտոճապարհը փակ է քարաթափման պատճառով

քարաթափումՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 10-ին՝ ժամը 12:30–ի դրությամբ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ – Ջերմուկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը փակվել է:

Կատարված մաքրման աշխատանքներից հետո  ներկա պահին ճանապարհը  բաց է մեկ  երթևեկելի  գոտիով:

Մաքրման աշխատանքները շարունակվում են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ երկկողմանի երթևեկությունը կվերականգնվի օրվա վերջին:

Մինչև ապրիլի 15-ը մայրաքաղաքում կիրականացվի ծառերի սանիտարական էտ

001(3)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքի կանաչապատման ուղղությամբ տարվող աշխատանքները, որի շրջանակում իրականացվում է հողի փխրեցում, իսկ առաջիկա օրերին էլ կներկրվի 400 հազար ծաղկասածիլ: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցությունում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Զեկուցվել է նաև, որ մեկնարկել և մինչև ապիրլի 15-ը կշարունակվի ծառերի և թփերի սանիտարական էտը: Հանձնարարվել է, աշխատանքներին զուգահեռ, ապահովել ճյուղերի  տեսակավորումն ու տեղափոխումը՝ խուսափելով աղբի կուտակումներից:

Անդրադառնալով սեփականատերերի կողմից իրենց պատկանող տարածքների մաքրման ու պատշաճ վիճակի բերելու աշխատանքներին՝ զեկուցվել է, որ գույքագրվել է շուրջ 100 անխնամ տարածք: Սահմանված կարգով բոլոր սեփականատերերը ծանուցվել են անհրաժեշտ համապատասխան աշխատանքների իրականացման մասին: Որոշ սեփականատերեր արդեն իսկ ձեռնարկել են միջոցներ և պատշաճ տեսքի բերել իրենց պատկանող հողակտորները:  Հանձնարարվել է շարունակել ու մշտական հսկողության տակ պահել աշխատանքները: Հանձնարարվել է նաև ուսումնասիրել և կարգաբերել ջրային կառույցներում,  ինչպես նաև  ցայտաղբյուրների ցանցում առկա թերությունները՝ ապահովելով առաջիկայում դրանց լիարժեք  գործարկումը:

Վարչական շրջաններում տաքսիների կայանատեղիներ կազմակերպելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու մասով զեկուցվել է, որ ստացվել է ավելի քան 70 առաջարկ: Մասնագիտական լրացուցիչ ուսումնասիրություններից հետո վերջնականապես կառանձնացվի  40 հասցե:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ այսօրվանից մեկնարկում է «Ձեզ համար կանայք»  անվճար բուժօգնության միամսակը, որի շրջանակում Երևանի հաշվառում ունեցող կանանց համար մի շարք ուղղություններով կիրականացվեն անվճար հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում, նաև կվիրահատվեն: Կամո Արեյանը փոխանցել է քաղաքապետի հանձնարարականն այս ուղղությամբ հետևողական լինելու  և բոլոր դիմողների համար պատշաճ սպասարկում ապահովելու վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահն ընդունել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին

սարգսյան-մրկիչՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին:

Հանրապետության Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և կարևորել նրա այցը հայ-սերբական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու և համագործակցության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սերբիայի միջև դարավոր կապերը բարեկամության բազմաթիվ դրսևորումներ են ունեցել: Նախագահի խոսքով, հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում 1988թ. աղետալի երկրաշարժին հաջորդած օրերին Հայաստան օգնության շտապող այն յոթ սերբ օդաչուներին, ովքեր ավիավթարի հետևանքով զոհվեցին Երևանի մատույցներում, և ամեն տարի երկրաշարժի տարելիցին հարգանքի տուրք է մատուցում նույն վայրում նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:

Սերժ Սարգսյանը և Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչը երկուստեք կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնց արդյունքում, նրանց համոզմամբ, վերջին տարիներին ակտիվացել են երկկողմ հարաբերություններն ու մի շարք ոլորտներում փոխգործակցությունը:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս ջանքեր գործադրելու առկա դրական դինամիկան պահպանելու և զարգացնելու համար՝ համակարծիք լինելով, որ քաղաքական, տնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը զարգացնելու չիրացված մեծ ներուժ կա:

Հանդիպմանը կարևորվել է նաև Սերբիայի կողմից 2015թ. ԵԱՀԿ նախագահության շրջանում Հայաստանի և Սերբիայի միջև փոխշահավետ և սերտ համագործակցությունը:

Հրապարակվել է 2014 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի կատարողականը

բյուջե2014 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 80.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 47.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճ` 6.7%‑ով կամ 5.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է եկամտային հարկի և այլ եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 91.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 8.9%-ը` այլ եկամուտների հաշվին: Պետական բյուջեն կատարվել է սահուն, և ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար ամիսին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Արդյունքում՝ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը տարվա առաջին ամսվա տվյալներով եկամուտների գծով կազմել է 33.5% և ծախսերի գծով՝ 18.3%: ՀՀ 2014 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել են 3.6%‑ով կամ 1.7 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել  ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել  73.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 32.8%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 2.6%‑ով կամ 1.9 մլրդ դրամով:

Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է եղել եկամտային հարկի և ավելացված արժեքի հարկի աճով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ դուրս են բերվել այլ եկամուտներից և ներառվել հարկային եկամուտներում:

Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 30.1 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 42.2 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

 

«Երկրի առաջ գլոբալ խնդիրներ են ծառացած, որոնք պետք է լուծվեն խորհրդարանից դուրս, միասնական օրակարգով». Արմեն Մարտիրոսյան

արմեն մարտիրոսյան«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ամեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով օրերս ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուսատամյանի, Աղվան Վարդանյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համատեղ ծրագրի մանրամասները, նշեց, որ շատ նորմալ է վերաբերվում այդ համագործակցությանը, որը սկսել է դեռ նախորդ տարվա վերջին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարի շրջանակներում:

«Այն խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են, ավելի գլոբալ են: Գուցե ա՞յդ է պատճառը, որ Բարգավաճ Հայաստանն ու Դաշնակցությունը հանդիպեցին: Մարտի 1-ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը միասնական օրակարգի ձևավորման մասին խոսեց, դրանից առաջ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ևս միասնական օրակարգի ձևավորման մասին խոսեց և, եթե արդեն կուսակցությունների ղեկավարների մակարդակով հանդիպումներ լինեն և միասնական օրակարգով հանդես գալու առաջարկություններ լինեն, շատ լավ կլինի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգության»  փոխնախագահը նշեց, որ տարիներ շարունակ իրենք ասել են, որ քաղաքացիական, քաղաքական ուժերի և հասարակության միասնական ջանքերով պետք է խնդիրները լուծվեն:

«Մենք միայն միասնական օրակարգով պետք է փոխենք իրավիճակը: Ներկա դրությամբ  ո՛չ քաղաքացիական, ո՛չ էլ քաղաքական դաշտի կողմից իրավիճակը չի կառավարվում: Մինչ օրս ընդդիմությունը առանձին-առանձին է գործել է, և նրան չի հաջողվել իշխանության ապօրինությունների դեմ քայլեր ձեռնարկել: Առանձին խնդիրներ կարող են Ազգային ժողովում լուծվել, սակայն երկրի առաջ գլոբալ խնդիրներ են ծառացած, որոնք պետք է լուծվեն խորհրդարանից դուրս միասնական օրակարգով»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը մեծամասնության կողմից մերժվեց

ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում քիչ առաջ քվերակության դրվեց նախորդ քառօրյայում քննարկված՝ Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որը խորհրդարան է ներկայացվել ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից:

Մինչ հարցը քվեարկության դնելը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը, որպես նախագծի նախաձեռնողներից մեկը, կողմ է քվեարկելու: Նա կոչ արեց բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց համար կարևոր է ստանալ մարտի մեկի տասը զոհերի սպանության հարցի պատասխանը, նույնպես քվեարկել կողմ՝ միաժամանակ նշելով, որ իրենք բաց են, անգամ, մեկ կենտրոնից կառավարվող քաղաքական ուժերի և լրատվամրջոցների կողմից բարձրացվող հարցերը քննարկելու համար, և որ դա իրենց համար տաբու չէ: “Ովքեր թաքցնելու բան չունեն, պետք է կողմ քվերակեն”,-հայտարարեց նա:

Հանրապետական խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ ամենաշատն իրենք են խնդրին լուրջ մոտենում, և որ ամբողջական պատասխանատվությունն իրենց վրա է: “Նրանք, ովքեր մտածում են, որ կկարողանան շուուներ ստեղծել, մեզ համար անընդունելի է: Մենք, ուսումնասիրելով նախորդ երեք հանձնաժողովների աշխատանքը, գտնում ենք, որ այժմ նպատակահարմար չէ նման հանձնաժողով ստեղծելը, ուստի մենք դեմ ենք քվեարկելու”:

Գալուստ Սահակյանի հայտարարությունը շոուի մասին վիրավորեց ընդդիմադիրներին: Նախագծի հիմնական զեկուցող ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց՝ ասելով, որ համենայնդեպս, ինքը շոու անելու նպատակ չի հետապնդել: “Ցավում եմ, որ ամբողջ քննարկման ընթացքում որևէ բովանդակային առաջարկ ձեր կողմից չհնչեց,-ասաց նա,-միևնույն ժամանակ, զարմանում եմ, որ բոլորը կողմ են, որ մարտի մեկի մարդասպանները բացահայտվեն, բայց դուք դեմ եք”:

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հայտարարեց, որ փորձում է հասկանալ, թե ինչու մեծամասնությունը կողմ չի քվեարկում. “Շատ բաներ, որ չեմ ասում, ողւղղակի միկրոֆոնը թույլ չի տալիս ասել,-ասաց Հակոբյանը,-հիմա ո՞րն է ճիշտ՝ քվեարկել կողմ և ասել՝ եկեք բացահայտենք ճշմարտությո՞ ւնը, թե՞ ասել շուո է, չենք քվեարկում”:

Ռուբեն Հակոբյանը դեռ ասելիք ուներ, սակայն ԱԺ նախագահի հրահանգով նրա խոսափողն անջատեցին:

Հակոբյանին հետևեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթը: Նա պարզաբանեց, որ Գալուստ Սահակյանի մատնանշած նախորդ հանձնաժողովների գործունեությունը հարցի հետ որևէ առնչություն չունի, քանի որ այս հանձաժողովը, ի տարբերություն նախորդների, պետք է ուսումնասիրեր, թե իրավապահ մարմիններն արդարադատության խոչընդոտման ինչ աշխատատքներ են կատարել: “Դեմ քվեարկելով՝ դուք արդարադատության խոչտնդոտման, ինչպես նաև թափված արյան ողջ պատասխանատվությունը վերցնում եք ձեզ վրա”,-ասաց նա:

Մինչ Ռուբեն Հակոբյանը տեղից բղավում էր, որ պարոն Աբրահամյանը խախտել է կանոնակարգ օրենքը՝ իր խոսափողն անջատելով, նախագիծը դրվեց քվեարկության և 46 կողմ, 66 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց:

 

Անկախ

Մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան

001(2)Երևանի քաղաքապետարանի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ամենամյա ակցիան, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս տարի իրականացվում է մատուցվող բուժծառայությունների ու հետազոտությունների ընդլայնված ցանկով, մեկնարկում է երկուշաբթի օրվանից։

Ակցիայից օգտվել կարող են բոլոր երևանաբնակ կանայք, ովքեր հաշվառված են Երևանի որևէ պոլիկլինիկայում և ունեն բժշկական քարտ։

«Ձեզ համար, կանայք» ակցիային մասնակցում են Երևանի բոլոր բուժհաստատությունները՝ անկախ ենթակայությունից։ Ակցիայի շրջանակում կատարվում են բազմակողմանի հետազոտություններ, ինչպես նաև որոշ ուղղվածության վիրահատություններ։ Թանկարժեք և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հետազոտություններից կատարվում են միայն համակարգչային տոմոգրաֆիա, կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություններ, դենսիտոմետրիա (կալցիումի պարունակության որոշումը ոսկորներում)։  Ակցիայով կատարվում են հատկապես գինեկոլոգիական (բացառությամբ պլաստիկ վիրահատությունների)  և ակնաբուժական (ոսպնյակի փոփոխության անհրաժեշտության դեպքում քաղաքացին վճարելու է միայն ոսպնյակի գումարը) վիրահատություններ։

«Ձեզ համար, կանայք» ակցիայից օգտվելու համար երևանցի կանայք պետք է դիմեն իրենց գրանցման ամբուլատոր համաբուժարաններ, ապա, տեղամասային բժշկի նախնական հետազոտությունից հետո, անհրաժեշտության դեպքում կուղեգրվեն հիվանդանոց։

 

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը դեմ է մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմանը

Արտակ ԴավթյանՕրերս ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուսատամյանն ու Աղվան Վարդանյանը հանդիպել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համատեղ ծրագրի մանրամասները: Երկու տարբեր կուսակցությունների ղեկավարները կարծիք են հայտնել, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ներքին միասնություն է անհրաժեշտ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը նշեց, որ քաղաքական զարգացումները ենթադրում են նաև նմանատիպ հանդիպումներ և այն, ինչ տեղի է ունենում, քաղաքական որոշակի գործընթացների մաս է կազմում: «ՀՀԿ-ն նման հանդիպումներին շատ նորմալ է նայում: Եվ, եթե դա տանելու է որոշակի հարցերի շուրջ միասնական տեսակետի ձևովարորմանը, տեսակետ, որն իր մեջ դրական լուծումներ է պարունակելու, որևէ վատ բան դրա մեջ չպետք է տեսնել»,- ասաց Արտակ Դավթյանը:

Հարցին՝ ինչո՞ւ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն որոշեցին հանդիպել խորհրադարնից դուրս, չէ՞ որ նրանք այդ հարցերը կարող էին բարձրացնել նաև ԱԺ-ում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Այսպես, թե այնպես, մենք ԱԺ-ում տեսնում ենք, որ այդ ուժերը որոշակի միասնական ուժերով են հանդես գալիս, խոսքը նաև վերջին քառօրյայի ընթացքում ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելուն է վերաբերում: Բացի ԱԺ ամբիոնից, մենք տեսնում ենք, որ բավական ակտիվ է նաև քաղաքացիական հասարակությունը և, ըստ էության, առաջնորդի դափնին պատկանում է հենց քաղաքացիական նախաձեռնության հեղինակներին: Միգուցե այս հանդիպումներում որոշակի հարցադրումներ նաև այս ուղղությամբ են արվել: Առաջիկայում պարզ կլինի, թե ինչ զարգացումներ կունենա այս համախմբումը»:

Անդրադառնալով մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելուն՝ ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ինքը դեմ է մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելուն, քանի որ ստեղծվելիք հանձնաժողովը քաղաքական հանձնաժողով է լինելու, իսկ մարտի 1-ի քաղաքական էջը փակված է:

Կալիֆոռնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

52979c1d-12be-35f7-12be-35f871caef5c.photo.0Կալիֆոռնիա նահանգի ափերի մոտ 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել,  այդ են վկայում ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալները:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են օվկիանոսում,Ֆերնդեյլ բնակավայրից 77 կմ հեռավորության վրա: Ցնցումները զգացվել են Օրեգոն նահանգի հարավում: Տեղի ԶԼՄ-ները զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չունեն:

Այսօր Մեքսիկայի հարավ-արևելքում էլ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել, որտեղ նույնպես զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել:

Անկախ

Նախորդ շաբաթ ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 94 տրանսպորտային միջոց

տրանսպորտՄարտի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 94 տրանսպորտային միջոց. 22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 10 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 70-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի, 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու հատուկ սարքավորում:

Խոշոր հրդեհ Ավան-Առինջում

հրդեհ ավանումՄարտի 10-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 2/4 շենքի 7-րդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Հաստատել է հրդեհի բարդության թիվ 1-բիս աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.34-ին, մարվել` 06.58-ին: Այրվել է Ա. Բ.-ին պատկանող բնակարանի հյուրասենյակը` գույքով (25 քմ), ջերմահարվել միջանցքի պատերը՝ 35 քմ:

հրդեհ ավանում2Հրդեհի հետևանքով 1-ին աստիճանի այրվածքներ են ստացել բնակիչներ՝ 1963 թ. ծնված Հ. Բ.-ը և 1988 թ. ծնված Գ. Ա.-ը, ովքեր տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն:

Ադրբեջանի արտգործնախարարը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ

Էլմար ՄամեդյարովԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը  մարտի 10-ին Փարիզում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը տեղեկացրել է, որ Մամեդյարովը համանախագահների հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հետագա ընթացքը։

Մարտի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հանդիպել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Երիտասարդ ՀՀԿ-ականները ծանոթանում են քաղաքական կառավարման ու կուսակցական ռազմավարության սկզբունքներին

1797548_310434565748172_1830337282_nՄարտի 7-9-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամը Ծաղկաձորում կազմակերպել էին «Քաղաքական կառավարում և կուսակցական ռազմավարություն» խորագրով ծրագիր: Ծրագրին մասնակցում էին 30 երիտասարդ ՀՀԿ-ական Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից:

Դասախոսում և իրենց փորձը երիտասարդներին էին ներկայացնում հմուտ փորձագետներ: Ծրագրի շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներն էին քաղաքական և կուսակցական կառավարում, քաղաքական PR, իմիջմեյքինգ, կուսակցական ռազմավարություն, կուսակցության կողմից քաղաքական տեխնոլոգիաների կիրառումը ԶԼՄ-ների հետ աշխատանքում, ճարտասանության հիմունքներ և այլն:

ԵՊՀ սոցիալոգիայի ֆակուլտետի դասախոս Նվարդ Մելքոնյանն ընդգծեց, որ շատ վաղուց է աշխատում հանրապետականների հետ և ամեն անգամ զարմանում է, թե որքան լավ, հետաքրքրասեր, հետաքրքրված, սովորելու հանդեպ պատրաստակամ և բաց են երիտասարդ ՀՀԿ-ականները: «Այս ծրագիրը հիանալի հնարավորություն է ոչ միայն կուսակցության զարգացման, այլ նաև երիտասարդների շարունակական կրթության համար»,-նշեց տիկին Մելքոնյանը:

ԵՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս Նարեկ Գալստյանը կարևորում է նման միջոցառումների իրականացումը, քանի որ Հայաստանում կուսակցական դպրոցների գաղափարը դեռևս զարգացած չէ, և կուսակցությունները չունեն իրենց ներքին դպրոցները.  «Չափազանց կարևոր եմ համարում այս ծրագրերը կուսակցության կադրային ներուժի ճիշտ գնահատելու, նրանց մոտ մասնագիտական տեսական և գործնական հմտություններ զարգացնելու և հետագայում այդ վերապատրաստված կադրերին կուսակցական համապատասխան աշխատանքի նշանակելու տեսանկյունից»:

ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը բարձր գնահատեց քաղաքական ոլորտում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը: «Ժամանակակից քաղաքական գործունեության ընթացքում ցանկացած կազմակերպության մեջ վերապատրաստման, նոր գիտելիքների ձեռքբերման գործընթացը ռազմավարական պահանջ է: Ես ուրախ եմ իմ անձնական փորձն ու գիտելիքը ներկայացնել երիտասարդ սերնդին, որոնք կօգտագործվեն ի նպաստ մեր երկրի: Տարիների ընթացքում այդ փորձը կուտակվելով՝ կդառնա մի պաշար, որ կփոխանցվի հետագա սերունդներին ևս»,- նշեց պարոն Շահգելդյանը:

Երիտասարդ հանրապետականները հանդիպեցին նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանի և Կառավարման ակադեմիայի պատմության ֆակուլտետի դասախոս Գոհար Իսկանդարյանի հետ, ովքեր դասախոսություններ և գործնական աշխատանքներ անցկացրին։ Եղավ ֆիլմի ցուցադրություն և քննարկում:

Տիկին Ավետիսյանը բարձր գնահատեց այն աշխատանքը, որն տարվում է նոր սերնդի կուսակցականների հետ, քանի որ անընդհատ կրթման գործընթաց է տեղի ունենում. «Մենք պետք է դաշտ ստեղծենք երիտասարդների համար՝ նրանց տալով հնարավորություն  և գիտելիք, որի օգնությամբ նրանց մուտք կգործեն քաղաքական ասպարեզ և իրենց ունեցած պաշարը ի նպաստ դնեն մեր հասարակության և երկրի զարգացմանը»:
Գոհար Իսկանդարյանը ողջունեց նման ծրագրերի գաղափարը՝ շեշտելով, որ դրանք նպաստում են  երիտասարդների զարգացմանն ու նպատակների հստակեցմանը:

Մասնակիցները  արժևորում են նման ծրագրերը իրենց մասնագիտական զարգացման գործում և հույս հայտնում, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Սիրիացի ապստամբներ.Ասադը կրկին քիմիական զենք է կիրառել

da3001394430290Հայտնի չէ, թե Ասադն ինչ է դուրս բերում Եվրոպա,սակայն նա շարունակում է  գազ կիրառել,վստահեցնում է Սիրիայի ընդդիմադիր կազմակերպությունը: Նրանց  տեղեկություններով, մարտի 9-ին 5 քաղաքացի է տուժել  Դամասկոսի Ջուբար թաղամասում  Ասադի բանակի գործի դրած թունավորող նյութից: Սիրիայի ազգային կոալիցիան (երկրում գլխավոր ընդդիմադիր շարժումը) խոսքերի ապացույց որպես բերում է բժշկի եզրակացությունը:

Վերջին շաբաթում Սիրիայում Ասադի հակառակորդները քանիցս կրկնել են, որ բռնապետի բանակը Եվրոպա թունավոր նյութերը ոչնչացման համար տեղափոխումը ձգձգում է: Պաշտոնապես այդ պահանջները հաստատում չեն սատացել, գրում է isra.com-ը:

Անկախ

Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել

pic_d449c06dca5309652f0290009c37f968ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը ընտրվել է հյուսիսկորեական  խորհրդարանի պատգամավոր: Խրոհրդարանում ընդամենը 687 տեղ կա: Ընտրությունները տեղի են ունենում ոչ այլընտրանքային  տարբերակով.յուրաքանչյուր  ընտրական օկրուգ միայն մեկ թեկնածու կարող է առաջադրել:  Ի դեպ, կորեացիները  կարող են  քվեարկել դեմ առաջարկված թեկնածուին. որպես օրենք, սակայն, բոլոր ընտրողները` 99%-ը կողմ են քվեարկում:

Բացի պատգամավորությունից, Կիմ Չեն Ընտ “Կորեայի աշխատանքային կուսակցության” անփոփոխ գլխավոր քարտուղարն է, պաշտպանության պետական կոմիտեի  նախագահն ու գլխավոր հրամանատարը:

Կիմ Չեն Ընը իշխանության գլուխ է անցել 2011-ից,հոր` Կիմ Չեն Իրի մահից հետո:

Անկախ

ՙՙԱմոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար՚՚ Քայլարշավի ամփոփում

կանանց իրավունքՍույն թվականի մարտի 8-ին, ժամը՝ 13:00,ՙՙՖեմինիստ պլատֆորմ՚՚ նախաձեռնությունը իրականացրեց քայլերթ՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Երթը մեկնարկեց  13:00՝ Իսահակյանի արձանի մոտից և ավարտվեց Ազատության հրապարակում:

Ամենամյա ավանդույթ դարձած երթն այս տարի տարբերվեց իր յուրահատկությամբ, քանի որ այն իրականացվեց է ոչ միայն Կանանց ռեսուրսային կենտրոնի, այլև մի շարք կամզկերպությունների և անհատների համատեղ աշխատնքի արդյունքում՝ Ֆեմինիստ պլատֆորմի շրջանականերում: Քայլերթը պարբերաբար ընդհատվեց կանանց իրավունքների պաշտպանության խորագրեր կրող և հաջողակ հայ կանանց պատմություններ արտացոլող ֆլեշմոբերով:

Երթի հիմնական նպատակն էր` բարձրացայնել կանանց իրավունքների պաշտպանության կարևորության և  մեր իրականությունում առկա սեռադերիային փոխհարաբերություններին վերաբերող կարծրատիպերում առկա վտանգների մասին, որոնք նպաստում են կանանց նկատմամբ բռնության տարածմանն ու ամրապնդմանը:

«Ամո՜թ չէ» պնդումը որպես քայլարշավի հիմնական հաղորդագրություն ընտրելով` երթի մասնակիցները բարձրաձայնեցին  հայ հասարակությունում ամոթի շղարշի տակ թաքնված բռնությունների մասին:

Երթի ընթացքում բաժանվել են հետևյալ բովանդակություններով թռուցիկներ`

Ամոթ չէ աշխատելը
Աշխատանքի իրավունքը բոլոր մարդկանց անքակտելի իրավունքն է:

Ամոթ չէ չամուսնանալը
Ամեն օր կանանց իրենց ընտանիքը, ընկերները, ծանոթները, հասարակությունը և ԶԼՄ-ներն ասում են, որ նրանք պետք է ամուսնանան և եթե դա չանեն ապա այս կյանքում իրենց նպատակին ծառայած չեն լինի: Ամուսնանալը կյանքի նպատակ չէ:

Ամոթ չէ բռնության մասին բարձրաձայնելը
Հայաստանում յուրաքաչյուր 4-րդ կինը ենթարկվում է բռնության: Հիշիր, որ միշտ կան մարդիկ, ովքեր քեզ կաջակցեն:

0 800 01 280

099 88 78 08

0800 80 850

 

Ամոթ չէ աղջիկ երեխա ունենալը
ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի տվյալների համաձայն՝ վաղ 1990-ականներից ի վեր, Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2012 թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց 
հարաբերակցությունը: Եթե սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթը 
շարունակվի, ըստ կանխատեսումների, մինչև 2060 թ.-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին:
Ամոթ չէ ուշ տուն գալը

ժամանակը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքը բոլորինն է, ճիշտ այնպես ինչպես ազատ տեղաշարժվելու և կարծիք արտահայտելու իրավունքը:

Տարիներ շարունակ աշխատելով կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում և անմիջականորեն առնչվելով ՀՀ մարզերում և մայրաքաղաքում ապրող կանանց խնդիրներին` կարևոր ենք համարել հենց այս հաղորդագրությունների փոխանցումը քայլարշավի ընթացքում:

Հակիրճ անդրադառնանք թռուցիկների  բովանդակությանն ու դրանց մեջ զետեղված իմաստին:

ՀՀ -ում` հատկապես փոքր քաղաքներում և գյուղերում լայնորեն տարածված է այն կարծրատիպը, որ կինը չպետք է աշխատի, քանի որ տղամարդու գերագույն պարտականությունն է տունը պահելը, իսկ կինը պետք է զբաղվի բացառապես երեխաների և տան մասին հոգ տանելով: Հաճախ շրջանառում է տեսակետ «Ամոթ չէ՞, բա ես մեռե՞լ եմ, որ կինս աշխատի…», կան այլ` ավելի ծայրահեղ դեպքեր, երբ կնոջը թույլ չեն տալիս աշխատել` վերջինիս խանդելու պատճառով, չեն ցանկանում կնոջը տեսնել այլ տղամարդկանց հետ նույն տարածքում, անգամ եթե դա աշխատավայր է: Կան նաև դեպքեր, երբ կնոջը թույլ չեն տալիս բարձրագույն կրթություն ստանալ` վստահ լինելով, որ կինը և կարիերան անհամատեղելի երևույթներ են և որ միևնույն է` նրա ինքնաիրականացումը պետք է դրսևորվի ընտանիքի ներսում, միայն, ուրեմն` ինչու՞ աշխատել:

Երթի մասնակիցներն արձագանքում են`

Ամոթ չէ աշխատելը
Աշխատանքի իրավունքը բոլոր մարդկանց անքակտելի իրավունքն է:

Ինչ վերաբերում է «Ամոթ չէ չամուսնանալ» դատողությանը,

Ամուսնությունը յուրաքանչյուրի որոշման հարցն է: Դրական, հարգանքի վրա հիմնված փոխհարաբերություններ ունենալու համար ամուսնությունն ինքնանպատակ չպետք է լինի, այլ միայն գիտակցական որոշում:

Կարծում ենք` նորություն չէ «տանը մնացած» արտահայտությունը, որը բացառապես վերաբերում է որոշակի տարիքը հատած աղջիկներին, որոնք հասրակության մեջ արմատացած սովորության համապատասխան` պետք է արդեն ամուսնացած լինեին: Եվ եթե նրանք դեռևս ամուսնացած չեն, ապա դեպքերի մեծամասնությունում արժանանում են բազմազան պիտակների` անհրապույր լինելուց մինչև անբարոյականություն:

Մենք` երթի մասնակիցներս, մեր վրդովմունքն ենք հայտնում նման վերաբերմունքի դեմ և հայտնում, որ ամուսնանալը կյանքի նպատակ չէ, այլ գիտակցական ընտրություն: Ոչ ոք իրավունք չունի պիտակներ կպցնելու մարդկանց նրա պատճառով, որ վերջիններս չեն արդարացնում իրենց ակնկալիքները:

Ամոթ չէ բռնության մասին բարձրաձայնելը

Հայաստանում յուրաքաչյուր 4-րդ կինը ենթարկվում է բռնության, սակայն շատերը լռում են դրա մասին, քանի որ հասարակությունը չի ողջունում «տան ներսում կատարվածը դուրս հանելը»: Հիմնվելով վերջին երկու տարիների ընթացքում  ընտանեկան և սեռական բռնության դեպքերի ուսումնասիրությունների վրա, կարող ենք ասել, որ կանայք շատ հաճախ չեն բարձրաձայնում իրենց հետ կատարված բռնության մասին, չեն դիմում համապատասխան մարմիններ, քանի որ նրանց հարազատները, բարեկամները և հենց իրենք հավատացած են, որ ամոթ է խոսել դրա մասին, քանի որ դա կնոջ թերացումն է`չի կարողացել ընտանիքում համապատասխան մթնոլորտ առաջացնել և այլն: Ամոթը, վախը, հնարավոր և առկա սպառնալիքները պատճառ են դառնում ընտաիքում և դրանից դուրս կանանց նկատմամբ բռնության բազմաթիվ դեպքերի գոյության: Ցավոք,  լռությունը բռնության հետևանքով մահվան պատճառ է դարձել որոշ կանանց համար:

Քայլերթի ընթացքում մասնակիցները բարձրաձայնել են այս երևույթի անթույլատրելիության մասին, և կոչ արել մարդկանց ձերբազատվել այդ կործանարար կարծրատիպից: Ամոթ չէ’ բարձրաձայնել բռնության մասին, ամոթ չէ’ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար:

Ամոթ չէ աղջիկ երեխա ունենալը
…
Եթե սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի, ըստ կանխատեսումների, մինչև 2060 թ.-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին:

Տարիներ շարունակ ՀՀ-ում պահպանվել է այն տեսակետը, որ ընտանիքում առաջնեկը պետք է տղա ծնվի: Այս նախապատվությունը կա նաև այսօր, հատկապես` ավելի փոքր բնակչություն ունեցող վայրերում, որտեղ ավանդույթներն ավելի ամուր ուժ ունեն: Երբեմն ընտանիքներում աղջիկ ունենալը առաջացնում է խոր հիասթափություն, մեղադրվում է կինը:

Տղա ունենալը պատիվ է բերում տան հարսին, գովասանք, հակառակ երևույթն էլ` պարսավանք է առաջացնում:  Տղա ունենալը համարվում է ավելի ռեսուրսային, քանի որ նրա ամեն ջանքը մնում է տանը, իսկ աղջկան մի օր ուրիշին են տալու:

Այսօր առավել քան ակնհայտ է ՀՀ-ում սեռով հիման վրա աբորտների թվաքանակի աճը: Անցյալ տարվա տվյալներով` ՀՀ-ն երրորդ երկիրն է Չինաստանից և Ադրբեջանից հետո` սեռի հիման վրա աբորտի ցուցանիշներով:

Ամոթ չէ ուշ տուն գալը

Տարածված կարծրատիպ` «լավ աղջիկնրը երեկոյան տանն են լինում»: Այս կարծրատիպի գոյության մեջ համոզվելու համար բավարար է միայն մի քանի անգամ մի քանի մարզ այցելել, որտեղ երեկոյան ժամերին կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել հանդիպած աղջիկներին: Այս ամենը կապված չէ դուրս գալու ցանկության կամ անհրաժեշտության բացակայության հետ, այլ  դեպքերի մեծամասնությունում` բացասական համբավ ձեռքբերելու հետ:

Այս կարծրատիպն իր մեջ նաև այլ վտանգներ է պարունակում, երեկոյան ժամին դրսում գտնվող աղջկա անվտանգությանն էլ սպառնացող վտանգներ ավելի հաճախ են լինում, քանի որ նրանց հաճախ դիտարկում են որպես անբարո, հետևապես թույլ տալիս անառակաբարո պահվածք, որն ուղեկցվում է սեռական ոտնձգություններով և բռնությամբ:

Ակցիայի մասնակիցներն ընդվզում են այդ վերաբերմունքի դեմ, որը բռնություն է ծնում:

Երթի մասնակիցները հայտնել են վերոնշյալ երևույթների անընդունելի լինելու մասին և ընդգծել սույն և մի շարք այլ կարծրատիպերից ձերբաատվելու անհրաժեշտությունը:

Մի երկրում, որտեղ  Սահմանադրությունն ապահովում է հավասար իրավունքներ և հնարավորություններ տղամարդկանց և կանանց համար, անընդունելի է իրավական որևէ հիմք չունեցող, կարծրատիպերի և նախապաշարմունքների վրա հիմնված նման երևույթների ընդունումը, պահպանումը: Սա կանանց նկատմամբ բռնության դրսևորում է, որն անընդունելի է :

 

 

Էլվիրա Մելիքսեթյան, հասարակության հետ կապերի պատասխանատու

Ֆեմինիստ պլատֆորմի անդամ

Անկախ

 

 

Միանշանակ մեղադրել մանկապղծին սխալ է. Աննա Ավետիսյան

մանկապիղծՄանկապղծությունը միշտ էլ եղել է ու կլինի, բայց այն շատ դեպքերում չի բարձրաձայնվում մեր երկրում:

Շատ դեպքերում նման սարսափելի ու դաժան մանկություն են ունենում անապահով ընտանիքի երեխաները, որովհետև այդ մանկապիղծը դիմելով այդ քայլին գիտի, որ տվյալ մանուկի ետևում հենարան չկա:

ՙՙՄանկահասակ մարմնավաճառները այնքան մեծ պահանջարկ են վայելում մեր հասարակությունում, որ նույնիսկ ոստիկաններն են օգտվում այդ ծառայությունից, բայց անվճար, այն էլ իրենց աշխատանքի ժամին, և շատ հաճախ ստիպում համագործակցել իրենց հետ: Կան նաեւ բռնի ուժով տիրանալու, իրենց անբարո ցանկությունները իրականացնելու դեպքեր, որը հետագայում մեծ հոգեբանական հետք է թողնում երեխայի հոգում. հիմնովին փոխում է նրա կյանքը՚՚,- archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց սոցիալական աշխատող Աննա Ավետիսյանը:

Կան նաեւ դեպքերը երբ հայրը կամ ինչ որ մեկը, առևանգում է ու իր տան նկուղում սեռական աղախին է դարձնում անչափահասներին, կամ էլ հենց սեփական երեխային: Մանկապղծությունը բումերանգի էֆեկտով է օժտված, պղծված երեխան մեծանում է ու դառնում մանկապիղծ: Վերջերս ռուսական առաջատար հեռուստաալիքով եթեր էին հեռարձակում հաղորդում նվիրված մանկապիղծներին, և այնտեղ միանշանակ բոլորը պնդում էին, որ պետք է մանկապիղծներին մահապատժի ենթարկել:

Սոցիալական աշխատողի պնդմամբ մանկապղծության  մասին իրազեկությունը, հասարակական ընկալումը, իրավական սահմանումը և քրեական պատժելիությունը տարբերվում են երկրից երկիր, ինպես նաև տարբեր ժամանակաշրջաններում։ Միանշանակ մեղադրել մանկապղծին սխալ է. պետք է փնտրել ու գտնել նրա գործողությունների բուն շարժառիթը ու լուծում տալ խնդրին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Հումուլոն նյութն օգնում է հարբուխ բուժել

հարբուխՀարբուխի  առաջացմանը նպաստում են մրսածությունը, օդի խիստ փոշոտվածությունն ու աղտոտվածությունը: Քրոնիկական հարբուխի առաջացմանը նպաստում են ալկոհոլի չարաշահումը, սրտի և երիկամների հիվանդությունները և այլն:

Հիվանդության սկզբում, լորձաթաղանթի այտուցվածության հետևանքով քթի խոռոչում կամ կոկորդում առաջանում է այրոցի և չորության զգացում: Մի քանի օր անց քթից սկսվում է առատ լորձաջրային արտադրություն: Նման դեպքերում թեկուզ ընդհանուր վիճակը քիչ է փոխվում, ջերմաստիճանը բնականոն է կամ աննշան բարձրացած, այնուամենայնիվ, առաջանում է ծանրության զգացում գլխում, նվազում է աշխատունակությունը, դժվարանում քթային շնչառությունը/,-archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց բժիշկ Նարինե Տոնոյանը:

Բժշկի համոզմամբ հիվանդության սկզբում, հետագա խորացումը կանխելու նպատակով, հարկավոր է խմել տաք թեյ` մեղրով կամ մորու մուրաբայով, քթանցքների մեջ կաթեցնել բժշկի նշանակած անոթասեղմիչ կաթիլներ: Արդյունքում պակասում է լորձաթաղանթի այտուցը, քչանում արտադրությունը, լավանում քթային շնչառությունը:

Շատ կարևոր դեր է կատարում օրգանիզմի կոփումը, ինչը հնարավորություն է տալիս հարմարվել ջերմաստիճանի փոփոխություններին: Այդպիսի կոփումը հնարավոր է օդային և արևային լոգանքների, ջրային բուժարարողությունների շնորհիվ: Կարևոր է նաև անձնական հիգիենայի կանոնների պահպանումը:

Վերջերս էլ ճապոնացի հետազոտողները հայտնաբերել են, որ գարեջրի մեջ առկա հումուլոն նյութն օգնում է հարբուխ և այլ ավելի լուրջ հիվանդություններ բուժելուն: Գարեջրի առանցքային բաղադրիչը գայլուկն է, որը բացի խմիչքին դառնահամ տալուց, իր մեջ պարունակում է հումուլոն, որն էլ պաշտպանում է օրգանիզմը վիրուսներից:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Գուշակների մոտ ընդունված չէ գին ասել. Աշխեն Մուրադյան

գուշակԳուշակների թիվը մեր երկրում պարզելն անհնար է: Նրանք հարկային մարմիններում եւ Ազգային վիճակագրական ծառայությունում չեն գրանցվում:

ՙՙՀնարավոր է, որ  նրանք ինչ-որ ՍՊԸ-ի անվան տակ գրանցվում են, բայց գործունեության մեջ չեն գրում, թե իրականում ինչով են զբաղվելու եւ իրականում` անհնար է պարզել, թե քանի նման գործունեություն ծավալած կազմակերպություն կամ անհատ կա՚՚,-archive2.ankakh.com -ի հետ զրույցում նշեց սոցիոլոգ Աշխեն Մուրադյանը:

Եւ չնայած այս ամենին, Հայաստանում կան մի շարք գուշակներ, որոնք ամենահայտնին են: Նրանց մասին առասպելներ է պատմվում, նրանց այցելելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ, երբեմն` ծանոթներ, ու պետք է օրերով հերթ կանգնել: Ավելին` ոմանք էլ ունեն իրենց ՙՙանձնական գուշակները՚՚, որոնց դիմում են անելանելի իրավիճակներում: Թեեւ գուշակները եւ գուշակությունները շատ տարածված են Հայաստանում, այնուհանդերձ, մեզանում օրենսդրորեն որեւէ կերպ չի կարգավորվում նրանց գործունեությունը: Գուշակներին վերաբերող որեւէ իրավական ակտ, նորմ, օրենք չկա: Բայց խնդիր այն է, որ եթե նրանց ծավալած գործունեություն շահույթ ստանալու նպատակ է հետապնդում, ապա պետք է գրանցվեն որպես անհատ  ձեռնարկատեր, ինչը թերեւս չի արվում:

Սոցիոլոգի համոզմամբ գուշակների մոտ ընդունված չէ գին ասել, ավելին` նույնիսկ կա տարածված արտահայտություն ՙՙ իրեն հարգող գուշակը երբեք գին չի ասում, ասում է` ինչքան կտաս, կտաս՚՚: Իսկ մարդիկ հաճախ վախենում են քիչ գումար տալ` մտածելով, որ իր հետ մի վատ բան չպատահի հետագայում: Կախված գուշակության տեսակից` տարբեր է դրա համար վճարվող գումարը: Այսօր մեզանում  գուշակությունների ամենատարածված ձեւերն են սուրճի բաժակ նայելը, թղթախաղի քարտերով գուշակելը, մոմ, արճիճ հալացնելը, ձեռքի ափի գծերով գուշակություն անելը: Դրանցից ամենամատչելիները սուրճի գավաթ նայելն է ու թղթախաղի քարտերով գուշակություններ անելը:

Գուշակությունը նոր երեւույթ չէ.  դա սոցիալական ինստիտուտ է եւ ինչ-որ տեղ օգնում է, որ մարդիկ կարողանան իրենց դնել որոշակի փորձության մեջ եւ գտնել իրենց տեղը այս կյանքում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Բաքվում Սովետսկայա փողոցի բնակիչները շարունակում են բողոքի ցույց կազմակերպել

բաքու, ցույցԲաքվում  ոստիկանությունը և ՆԳՆ արագ արձագանքման աշխատակիցները կանխել են մարտի 9-ին Սովետսկայա փաղոցի և նրան հարող տարածքների բնակիչների բողոքի ակցիան: Սոցիալական ցանցերի միջոցով հայտարարվել էր, որ ցույցը կայանալու է տեղի ժամանակով 14:00 Նարիմանովի (նախկինում Սովետսկայա) պողոտայում գտնվող դպրոցի դիմաց:   Բնակիչների դժգոհության պատճառը իրենց տները քանդելու համար վճարվելիք փոխհատուցման չափն է, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Սակայն արդեն կեսօրից հետո դպրոցի տարածքը ոստիկանության խիստ հսկողության տակ է անցել: Բացի դրանից տարածքում տեղակայվել է մոտ 10 ավտոբուս` ՆԳՆ արագ արձագանքման աշխատակիցներով:

Ոստիկանները հեռացնում էին բոլոր նրանց, ովքեր փորձում էին հավաքվել դպրոցի դիմաց: Մի մարդ ձերբակալվել է:  Քաղաքացիները հայտարարել են, որ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև չստանան արդարացի փոխհատուցում: Նրանք պահանջել են նաև ազատ արձակել ակտիվիստներին, ովքեր ձերբակալվել էին մարտի 3-ի ցույցի ժամանակ:

Բնակիչները պահանջում են 1 քառակուսի մետրի համար վճարել 2.500 մանաթ, մինչդեռ իշխանությունները ցանկանում են նրանց վճարել ընդամենը 1.500 մանաթ: Օրերս փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը խոստացել էր, որ բնակչության փոխհատուցման հարցը հատուկ կարգով քննարկվելու է: Իշխանությունները հայտարարել են, որ ստիպողաբար չեն քանդի այն տները, որոնց սեփականատերերը համաձայն չեն փոխհատուցման հետ: Սակայն քաղաքացիները չեն հավատում պաշտոնյաներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին և մարտի 3-ին ևս Սովետսկայա փողոցի բնակիչները ցույց էին կազմակերպել:

 Անկախ