Բազմաբնակարան շենքեր կկառուցվեն վթարային շենքերի բնակիչների համար

տարոն մարգարյան-կառավարության նիստԳործադիրն իր այսօրվա նիստում Երևանի քաղաքապետարանի առաջարկով փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում էր Փավստոս Բուզանդի փողոցին հարող մոտ 400 քմ մակերեսով տարածքի կառուցապատմանը: «Մ.Ս.Գ. գրուպ» և «Հարմոնի ինթերնեյշընալ» ՍՊԸ-ները համագործակցելու պատրաստակամություն են հայտնել և պարտավորվել մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսը ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը՝ փոխելով դրա նշանակությունը: Կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորել է նշված ընկերությունների հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր՝ «Հարմոնի ինթերնեյշընալ» ՍՊԸ-ն ճանաչելով նախկին պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների իրավահաջորդ: Հենց այս ընկերությանն էլ հնարավորություն կընձեռվի նշված տարածքում շարունակել և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը:
Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարաքային կառավարման նախարարությանը հատկացրել է 2 մլրդ դրամ, որով օժանդակություն կցուցաբերվի քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերմանը: Այժմ Երևանում հաշվառված են 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շուրջ 10 շենք ու հանրակացարան, որոնց ավելի քան 400 ընտանիքի վերաբնակեցման համար անհրաժեշտ է շուտափույթ կառուցել նոր բազմաբնակարան շենքեր: Քաղաքապետարանը նախատեսում է արդեն այս տարի սկսել դրանցից 4-ի շինարարությունը, որի արդյունքում հնարավոր կլինի ձեռք բերել և որպես փոխհատուցում տրամադրել 470 բնակարան և 500 քմ ոչ բնակելի տարածք:

Ղրիմի Տարածաշրջանների կուսակցությունն առանձնանալու է ուկրաինականից ու փոխելու է անվանումը

53199d29-90b3-7584-90b3-758bd25b4fce.photo.0Ղրիմի “Տարածաշրջանների կուսակցությունը” երկուշաբթի կառանձնանա ուկրաինականից ու կփոխի անվանումը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է  Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:

“Մենք արդեն երկուշաբթի պաշտոնապես կառանձնանանք կուսակցությունից: Մենք չենք ցանկանում մասնակցել մի կուսակցության , որի առաջնորդներն իրենց ընտրողներին թողել ու թռել  են. նստել են ինքնաթիռ ու “թռել” են:Իսկ նրանք, ովքեր էլ մնացել են, նոր իշխանության հետ համաձայնության են գնացել: Դա մեզ համար հավասարազոր է դավաճանության, ընտրողները նրանց նման իրավասություն չեն տվել”,-ասել է նա ու ընդգծել, որ բնականաբար,  Դոնեցկում մարտի 22-ին կայանալիք կուսակցության  համագումարին իրենք չեն մասնակցի:

Նա նշել է նաև, որ կուսակցությունը կփոխի անունը: “Կիևյան ղեկավարությանը մեր միակ խնդրանքն այն է, որ փոխի բրենդը, որ չստացվի, որ կուսակցության մի մասն ուրիշ պետությունում է գտնվում: Որպեսզի նրանց անջատողական ու պառակտողականներ չհամարեն”:

Անկախ

ԼՂՀ-ին առաջին եռամսյակում տրամադրվելիք վարկն ավելացվել է մոտ 1 մլրդ դրամով

դավիթ սարգսյան-կառավարության նիստԿառավարության որոշմամբ մոտ 1 մլրդ դրամով ավելացվել է ս.թ. առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող միջպետական վարկի ծրագրային գումարը՝ շուրջ 10 մլրդ դրամը, ինչպես նաև ճշգրտվել ՀՀ 2013թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների ծրագրային ցուցանիշները:
Համակարգի բարեփոխման շնորհիվ պետբյուջեի հետ գործարք կատարող Գավառ, Մարտունի, Դիլիջան, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր, Կապան, Սիսիան, Արթիկ, Մարալիկ քաղաքների կազմակերպությունների վճարումները ներկայումս կատարվում են էլեկտրոնային եղանակով:
Մինչ այդ, փաստաթղթային փոխանցում կատարելիս, այդ աշխատանքը կազմակերպվում էր տեղական գանձապետական բաժինների ուժերով: Նկատի առնելով այս իրողությունը, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում նախարարության առաջարկով նշված քաղաքների գանձապետական բաժինները հանել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կառուցվածքից: Հարցի վերաբերող առաջարկություն կամ դիտողություն չեն ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը:

Ինչպես է Արթուր Մինոսյանը հրավիրվել Հայաստանի ֆուտբոլի հավաքական

ամ52eb8cc39ef77Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» նորեկ Արթուր Մինոսյանը, որի ազգանունը սխալի պատճառով է, որ Մինասյան չէ, այդ մասին հայտնել է «Սովետսկի սպորտի» թղթակցին: Նա նաև խոստովանել է, որ հայերն թեև հայրը խոսում է, սակայն ինքը չգիտի:

24-ամյա կիսապաշտպանը պարզաբանել է, թե ինչպես է հրավիրվել Հայաստանի հավաքական: «Նախորդ երկուշաբթի, «Վոլգա» – «Ամկար» հանդիպումից անմիջապես հետո, ինձ զանգահարեցին Հայաստանի հավաքականից և ասացին, որ, չնայած մեր թիմի կրած խոշոր հաշվով պարտությանը, խաղս հավանել են, գիտեն, որ ինձ լավ եմ դրսևորել ձմեռային ուսումնամարզական հավաքների ժամանակ, և հավաքականի ղեկավարությունը հետաքրքրված է, ցանկանում է առաջիկայում ինձ տեսնել Հայաստանի ազգային թիմում»,-ասել է նա։

Անկախ

Առաջին անգամ անցկացվելու է գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և գրանցում

սերգո կարապետյան2012թ. վերջին ՀՀ վարչապետի որոշմամբ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման ծրագիր է իրականացվել ՀՀ Վայոց ձորի մարզում:
Ծրագրի շրջանակում մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» համակարգը, որը հնարավորություն է տալիս մուտքագրել և վերլուծել կենդանու և դրա առողջության վերաբերյալ տեղեկությունները և պահպանել դրանք: Մշակվել են համակարգից օգտվելու ուղեցույցը, տվյալների գրանցման մատյանները, միասնական ձեռնարկը: «ԱՆԻ ՊԱՍ» համակարգ է մուտքագրվել մարզի կենդանիների ամբողջ գլխաքանակը, ընդամենը 23 հազար 98 գլուխ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունը որոշել է ծրագիրն իրականացնել ամբողջ երկրում: Իբրև սկիզբ ենթադրվում է ձեռք բերել կենդանու ականջապիտակը, դակող գործիքը, անձնագիրը, գրանցամատյանները, տվյալների պահման սերվերը, համայնքներում նշանակել սպասարկող անասնաբույժներ, կնքել աշխատանքային պայմանագրեր և այլն:
Ակնկալվում է, որ միջոցառումը հնարավորություն կտա առավել արդյունավետ, կանխատեսելի և վերահսկելի դարձնել կենդանիների տեղաշարժի, հիվանդությունների հսկողության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման աշխատանքները:

Ըստ նախկին պատգամավորի` ոչ իշխանական քառյակը Կրեմլից գրված սցենարի դերակատարն է

ազատ արշակյանՍեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում ներքաղաքական կյանք չկա, կա կատարողական կյանք: Ինչ հանձնարարում են քաղաքական դաշտի տերերը, մենք կատարում ենք: Մենք դերակատարներ ենք, իսկ սցենարիստը Հայաստանում չի գտնվում, նա Կրեմլում է: Այսօր լրագրողնեևի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք արտահայտեց  Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով՝ Կրեմլից սցենարը գրվում է, իսկ մեզ մոտ ընտրում են համապատասխան դերակատարներին: Երբ որոշվում է, որ ինչ-որ մեկը պետք է ընդդիմադիր դեր տանի, պետք է տանի:

«Իհարկե, կան մի քանիսը, ովքեր կանոններից դուրս են, նրանք իսկական քաղաքական գործիչներ են և զբաղվում են քաղաքականությամբ: Իսկ քաղաքական գործիչներ կան, որոնց ճակատին գրված է՝ «ես անկարծիք եմ», բայց կանգնում և կարծիք են հայտնում, այնպիսի կարծիք, որն արդեն իսկ հնչել է Կրեմլում: Սրանց կողքին էլ կա ինքնաբուխ սերունդ, որը հենց քաղաքական ընդդիմություն է»,- ասաց Ազատ Արշակյանը:

Ըստ բանախոսի՝  ոչ իշխանական քառյակը կամ «հրաշալի կվարտետն» այն է, ինչը կոչվում է ներկայացում, դերերն էլ բաշխված են ըստ շնորհալիության, դերակատարները չեն կարող սցենարի մեջ փոփոխություն կատարել:

«Քաղաքական պրոցես մանդատակիր ընդդիմության մոտ չկա, կա սցենար»,- ասաց Արշակյանը:

Անդրադառնալով իշխանության գործունեությանը՝ բանախոսը նկատեց, որ իշխանության մոտ վիճակն ավելի վատ է:

«Ես դրական եմ գնահատել  իշխանության՝ դեպի Եվրամիություն գնալու որոշումը, համակրել եմ իշխանության ընտրած քաղաքական ուղղությունը: Բայց իշխանությունն իրեն ընտրողներին մոլորեցրեց՝ հայտարարելով և առանց բացատրության փոխելով իր դիրքորոշումը»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, որ, միևնույն ժամանակ առաջընթաց է համարում մեր քաղաքական վերնախավի քայլերը Եվրոպայի հետ հարաբերությունները շարունակելու ուղղությամբ:

 

Դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԹ թագուհուն

96.Ambassador Sargsyan presented his credentials to the Queen 13.03.2014Մարտի 5-ին Բուքինգեմյան պալատում Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Էլիզաբեթ II թագուհուն։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Դիվանագիտական կորպուսի մարշալ Ալիստեր Հարիսոնը և ՄԹ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերը։

Հավատարմագրերի հանձնումից հետո Արմեն Սարգսյանը բարեկամական առանձնազրույց ունեցավ Նորին Մեծության հետ։

Թուրքիայում նախընտրական կրքերը գնալով թեժանում են

էրդողան-քարոզարշավ  Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն  երեկ Սիիրտում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ պատասխանել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հնչեցրած այն մեղադրանքներին, թե ինքը արտասահմանյան բանկերում հաշիվներ ունի: «ԺՀԿ-ի առաջնորդը ինձ հետ կապված նոր բան է հնչեցրել, թե իբր հաշիվ ունեմ Շվեյցարիայի բանկում: Եթե դու մի փոքր անգամ խիղճ ունես, ապա այդ բանկերից հաշիվները հանիր, այնտեղ եղած գումարն էլ քեզ կտամ, դու աղքատ ես»,-ասել է Էրդողանը:

ՏԻՄ ընտրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ ներքաղաքական դրությունը Թուրքիայում գնալով ավելի է լարվում,  և դժվար է ասել, թե դեռ ինչ զարգացումներ են սպասվում:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է 11 հորիզոնականով

ffa5Մարտի 13-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 41-րդ տեղը:

Աղյուսակը գլխավորում է Իսպանիայի հավաքկանը, երկրորդ տեղում Գերմանիայի, երրորդում` Արգենտինայի նենրկայացուցիչներն են:

 

1. Իսպանիա – 1510 միավոր

2. Գերմանիա – 1336

3. Արգենտինա – 1234

4. Պորտուգալիա – 1199

5. Կոլումբիա – 1183

6. Ուրուգվայ – 1126

7. Շվեյցարիա – 1123

8. Իտալիա – 1112

9. Բրազիլիա – 1104

10. Բելգիա – 1084

18. Ուկրաինա – 911

19. Ռուսաստան – 889

41. ՀԱՅԱՍՏԱՆ – 699

55. Ուզբեկստան – 565

83. Բելառուս – 420

91. Ադրբեջան – 369

92. Էստոնիա – 367

99. Վրաստան – 333

105. Լիտվա – 314

108. Մոլդովա – 303

113. Լատվիա – 265

121. Տաջիկստան – 237

127. Ղազախստան – 213

142. Թուրքմենստան – 166

146. Ղրղզստան – 155

Անկախ

Ադրբեջանից Ռուսաստան ներգաղթողների թիվը 27%-ով նվազել է

ներգաղթյալՌուսաստանում ադրբեջանցի ներգաղթյալների թիվը 27%-ով նվազել է: Այդ մասին հաղորդել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին, հաղորդում է “Հագին” կայքը:

Կոնստանտին Ռոմոդանովսկին նշել է, որ նվազել է ԱՊՀ տարածքից ներգաղթյալների հոսքը: Ըստ նրա՝ անցած երկու ամիսների ընթացքում Ռուսաստանում 15.5%-ով ավելի քիչ է եղել ներգաղթյալների թիվը, քան նախորդ տարվա ընթացքում:

Հատկապես կրճատվել է Ուզբեկստանից (-33%), Ղրղզստանից (-28,7%), Ադրբեջանից (-27,6%), Տաջիկստանից (-23,4%), Մոլդովայից (-23,4%) ժամանող ներգաղթյալների թիվը:

Միաժամանակ կտրուկ աճել է ներգաղթյալների հոսքը Կանադայից (+82%), Հարավային Կորեայից (+71,8%), ԱՄՆ-ից (+38,6%), Ճապոնիայից (մոտ 37%), Նիդեռլանդներից (մոտ 36%): Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում Ռուսաստան է այցելել 17.7 մլն օտարերկրացի:

Ադրբեջանցի կինը սպառնում է ինքնասպան լինել Ալիևի նստավայրի առջև

1(8)Զանգելանի շրջանի տեղահանվածների մի ընտանիք բռնի ուժով վտարվել է Նավթային ակադեմիայի հանրակացարանից, “Յենի Մուսավաթ” թերթին տեղեկացրել է Սուրայա Բալլըևի ընտանիքի ներկայացուցիչը: Դեպքը տեղի է ունեցել մարտի 12-ին, հաղորդում է “Հագին” կայքը:

Ըստ նրա՝ նրանք հերթագրված են եղել բռնի տեղահանվածների համար նախատեսված բնակարանի համար.  “Մենք հաշվառվել էինք դեռևս երկու տարի առաջ: Ասել են՝ հենց որ շենքը կառուցվի, մեզ կտեղափոխեն այնտեղ: Իսկ այժմ մեզ այսպիսի դրության մեջ են դրել”:

“Մեզ վտարել են առանց որևէ պատճառի, թույլ չեն տվել նույնիսկ մեր իրերը վերցնել: Պետք է նախօրոք տեղեկացնեին: Ամուսինը բողոքել է, ինչին պատասխանել են, որ հրամանը “վերևից” է տրվել: Մենք մնալու տեղ չունենք  և հրաժարվեցինք հեռանալ հանրակացարանից, մինչև ուրիշ բնակարան չտրամադրեն: Բայց նրանք ամուսնուս տարան անհայտ ուղղությամբ: Մինչև հիմա հայտնի չէ՝ուր են տարել”,-ասել է նա:

Ընտանիքի կինը՝ 4 երեխայի մայրը, հայտարարել է, որ եթե իրենց խնդրին լուծում չտան, ինքնասպանություն կգործի նախագահի աշխատակազմի շենքի առջև:

Կրծողների դեմ պայքարի աշխատանքներն ընթացքի մեջ են

001(4)Մայրաքաղաքի վարչական շրջաններում դեռատիզացիա իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների հետ համատեղ մեկնարկել են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումները: Գարնան և աշնան ամիսները, որպես կանոն, կրծողների թվաքանակի աճի ինտենսիվ ժամանակահատված են համարվում:  Հենց այս հանգամանքով պայմանավորված էլ իրականացվում են  լրացուցիչ միջոցառումներ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում  ու բակերի խնդրահարույց հատվածներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ գործընթացին տեղերում աջակցում են համատիրությունների աշխատակիցները: Իսկ ընդհանրապես նմանատիպ աշխատանքներ, նախատեսվածի համաձայն, կազմակերպվում են ամիսը երկու անգամ:

 

 

 

Մահացած Բերքին Էլվանի հայրը վարչապետ Էրդողանից պահանջել է գտնել որդու մարդասպանին

sami elvan Անցած տարի «Գեզի» այգու ցույցերի ժամանակ վիրավորված և երկու օր առաջ մահացած Բերքին Էլվանի հայրը՝ Սամի Էլվանը, «CNN Türk»-ի եթերում դիմել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին՝ պահանջելով գտնել որդու մարդասպանին: «Ես վարչապետին կոչ եմ անում: Եթե նա ուզենա, մեկ ժամվա ընթացքում երեխայիս մարդասպանին բերման կենթարկի: Հրամանը նա է տվել: Ոստիկաններն էլ հրամաններին են ենթարկվում: Եթե մենք այս երկրի քաղաքացիներն ենք, այս դրոշի տակ են ապրում, այս երկրին հարկ ենք տալիս, ապա ինչու մինչև Բերքինի վիճակի վատանալը պետության ոչ ստորին, ոչ էլ վերին օղակներից ոչ ոք մեզ չզանգահարեց: Այսօր վարչապետը ամեն անգամ բերանը բացելիս կրոնի մասին է խոսում: Եթե խիղճ ունի, ապա երեխայիս սպանածին թող հայտնաբերի: Ես ուզում եմ հավատալ, որ կհայտնաբերի»,-ասել է պատանի որդուն կորցրած Սամի Էլվանը:

Աբդուլահ Գյուլը հաստատել է նախապատրաստական դասընթացները փակելու վերաբերյալ օրինագիծը

աբդուլահ գյուլ  Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հաստատել է այս տարվա փետրվարի 7-ին քննարկման դրված օրինագիծը՝ համաձայն որի կփակվեն բուհեր ընդունվելու համար նախապատրաստական դասընթացները (dershaneler): Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Այսպես 2015 թվականի դեկտեմբերի մեկից Թուրքիայում կփակվեն նախապատրաստական բոլոր դասընթացները:

Վարչապետ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով այս որոշումը, նշել է, որ երկրում կրթության ոլորտը մեծ աջակցություն է ստանում պետության կողմից, այդ պատճառով մասնավոր կրթօջախներ պետք է չլինեն:
Թուրքիայի կրթության նախարարության տվյալներով՝ անցած տարի երկրում գործել է 3640 մասնավոր և 60165 պետական կրթօջախ:

Միակ հույսն Անգելան է

ol3001394699146Արևմուտքի փորձագետները  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին համարում են երևի թե միակ մարդը, որն ունակ է ազդելու Վլադիմիր Պուտինի վրա ու փրկելու Ուկրաինան գործնականում անխուսափելի պատերազմից:

Ինչպես Գերմանական արտաքին գործերի ու անվտանգության հարցերով ինստիտուտի դոկտոր Սյուզեմ Ստյուարտն է հայտնել, Մերկելը դեռևս պրոֆեսիոնալ ու բավականին արյունավետ հարաբերություն է պաշտպանում Պուտինի հետ: Բացի այդ, Մերկելը փորձում է Պուտինին բացատրել ողջ քաղաքակիրթ աշխարհի դիրքորոշումը, պնդելով Ուկրաինայի անկախության իրավունքը:

Հայտնի է, որ Մերկելն արդեն քանիցս խնդրել է Պուտինին հանել զորքերը Ղրիմից ու բանակցություններ վարել պաշտոնական Կիևի հետ, սակայն այդ փորձերն ապարդյուն են անցել: Այս շաբաթ կանցլեր Մերկելն անցել է “անեքսիա” եզրույթի կիրառման: Բացի այդ, նա պաշտպանել է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների գաղափարը, եթե անգամ դրանից տուժի ԵՄ էկոնոմիկան, հաղորդում է ISRAland-ը:

Անկախ

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

զենք-զինամթերքՄարտի 11-ին, ժամը 13.30-ին, 1972 թ. ծնված Ավետիք Պ.-ն ոստիկանության Բազումի բաժնում կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի 74 փամփուշտ, 2 կտոր ամունալ և նռնակ` պայթուցիչով: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների   բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 10.00-ին, 1946 թ. ծնված  Մկրտիչ Մ.-ն կամավոր հանձնել է  «ԻԺ-17» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի հարթափող հրացան:  Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 19.30-ին, 1975 թ. ծնված  Արմեն Ծ.-ն կամավոր հանձնել է  «Կարաբին» տիպի 7,62 մմ տրամաչափի ակոսավոր հրացան:  Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ`  մարտի 11-ին, ժամը 18.00-ին, 1969 թ. ծնված Արտեմ Ե.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 20.15-ին, 1967 թ. ծնված   Արթուր Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաշեն նռնակ և  5,45 մմ տրամաչափի ինքնաձիքի 107 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 19.45-ին, 1981 թ. ծնված  Դավիթ Գ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի  34 և 5,45 մմ տրամաչափի 45 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Անկախ

ԵՊՀ 127 ուսանողների տրամադրվեց կրթաթոշակ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամՄարտի 11-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր հանձնեց անվճար համակարգում չընդգրկված ԵՊՀ 127 ուսանողի:

Կրթաթոշակը տրամադրվել է անապահով, ծնողազուրկ և գերազանց առաջադիմություն ունեցող, առկա ուսուցման համակարգում սովորող 1-ին կուրսերի ուսանողներին, ովքեր նախապես ներկայացրել են փաստաթղթեր:

Այս տարի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար Երիտասարդական հիմնադրամի կրթաթոշակի մրցույթին մասնակցել է մոտ 1500 ուսանող։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի տեղեկացմամբ` ծրագրին դիմել են Հայաստանի գրեթե բոլոր պետական բուհերից, այդ թվում՝ մարզերում գործող և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններից։

Հաշվի առնելով մրցույթին դիմած ուսանողների մեծ թիվը՝ հիմնադրամն այս տարի, բացի ՀՀ Կառավարության կողմից հատկացված 60 միլիոն դրամից, իր միջոցներից ևս գումարներ է հատկացրել՝ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, դիմելով ուսանողներին, նշել է, որ ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը շարունակական է լինելու։ «Ինչ էլ ձեզ համար անենք, միևնույն է, քիչ է, դուք ավելիին եք արժանի։ Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ դուք ձեզ երջանիկ զգաք մեր հայրենիքում և ձեր ապագան կապեք հայրենիքի հետ»,- ասել է վարչապետը:

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ռաֆֆի Քարամյանը նշեց, որ մեծ է նաև ուսանողական խորհրդի դերը, քանի որ կրթաթոշակի ծրագրին դիմած ԵՊՀ ուսանողներն իրենց հասարակական ակտիվությունը ցուցաբերել են հենց ուսանողական խորհրդում, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի աջակցությունը ԵՊՀ ուսանողներին առավել քան հեշտ լինի:

Ի դեպ, նշենք, որ 2011-2013 թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ Կառավարության ու Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ փոխհատուցել է պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված ավելի քան 2150 ուսանողի ուսման վարձը։

Անկախ

Ռուսաստանը չի հաջողացնի Ղրիմը հեշտությամբ պոկել, բայց…

ուկրաինա-քարտեզՈւկրաինայում ծավալվող իրադարձությունները և Ռուսաստանի ու Արևմուտքի շահերի բախումն արդեն նմանվում են նախորդ դարի 60-ականների Կարիբյան ճգնաժամին: Հստակ ուրվագծվում են Ռուսաստանի աշխարհաքաղաքակրթական նկրտումները Ուկրաինայի որոշ հատվածների նկատմամբ, իսկ Արևմուտքը պայքարի մեջ է մտել` Ուկրաինան Ռուսաստանից «խլելու» մտադրությամբ: Ու այն պահից, երբ ՌԴ դաշնային խորհուրդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին թույլատրեց Ուկրաինայում օգտագործել ՌԴ զինված ուժերը, աշխարհը շունչը պահած սպասում է նոր պատերազմի բռնկմանը:

Ռուսաստանը մնացել է միայնակ. դեռևս

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն ավելի հակված է կարծելու, որ Ուկրաինայում պատերազմը քիչ հավանական է, նա 80 տոկոսով համոզված է, որ պատերազմ չի սկսվի:
Բոլոր դեպքերում, բացի Ռուսաստանից, մարտական պատրաստության փուլում են նաև ՆԱՏՕ-ն, որ հայտարարել էր, թե անօդաչու թռչող սարքերով կհետևի Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին, և հենց բուն Ուկրաինան: Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը մարտի 11-ին հանդես եկավ հայտարարությամբ, թե Ուկրաինայի զինված ուժերը բերվել են լրիվ մարտական պատրաստության. վարժանքներ են անցկացվել և սկսում են վերականգնել բանակը: Սակայն Տուրչինովի խոսքով, Ուկրաինային անհրաժեշտ է նաև տեխնիկական և ռազմական օգնություն:
Ներկայումս Ռուսաստանը Ուկրաինայի հարցում հայտնվել է, կարծես, մեկուսացման վիճակում: Համենայն դեպս, այսօր չկա մի պետություն, որ ըստ էության, պաշտոնապես պաշտպանած լինի Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում: Անգամ Բելառուսն ու Ղազախստանն այս հարցում պաշտոնապես իրենց աջակցությունը չեն հայտնել: Բելառուսը դեռ լռում է, իսկ Ղազախստանն անգամ հակադրվում է ռուսական քաղաքականությանն այս հարցում:
Բայց Արևմուտքը ոչ միայն համաձայն չէ Ուկրաինայում Ռուսաստանի վարած քաղաքականությանը, այլև գործուն քայլեր է իրականացնում Ռուսաստանի դեմ: Համաշխարհային բանկը, ինչպես հայտնում է «Ռիա նովոստի»-ն, պատրաստ է այս տարվա ընթացքում 3 մլրդ դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային` բարեփոխումներին և ենթակառուցվածքային նախագծերին աջակցելու նպատակով: Օգնության տրամադրման պայմանները դեռևս հայտնի չեն, սակայն ՀԲ-ի հայտարարությունում նշվում է, որ Ուկրաինայից կառուցվածքային բարեփոխումներ են սպասում:
Դոնի Ռոստովում մարտի 11-ին կարճ ճեպազրույցով հանդես եկավ պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը և նշեց, որ ինքն է Ուկրաինայի միակ լեգիտիմ նախագահը և բանակի գերագույն գլխավոր հրամանատարը: Եվ ավելացրեց, որ կվերադառնա Ուկրաինա, երբ նպաստավոր պայմաններ ստեղծվեն, իսկ իշխանության ցանկացած մարմին, որն այսօր ձևավորվել է Ուկրաինայում, չի կարող լեգիտիմ լինել:
Վիկտոր Յանուկովիչը նաև մեղադրանքներ հնչեցրեց ԵՄ-ի և ԱՄՆ-ի հասցեին, հայտարարեց, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործողություններն անօրինական են, նրանք աջակցում են ավազակային ռեժիմին, կուրացել են ու մոռացել, թե ինչ է ֆաշիզմը: Նա հայտարարեց նաև, որ կդիմի ԱՄՆ Սենատին, Կոնգրեսին ու գերագույն դատարանին` խնդրելով վերանայել Օբամայի վարչակազմի գործողությունների օրինականությունը Ուկրաինայի հարցում:
«Ես լսել եմ, որ ԱՄՆ-ն մտադիր է ֆինանսական օգնություն տրամադրել այդ հանցագործներին: Սակայն դա հակասում է ամերիկյան օրենքին, որն արգելում է օգնություն տրամադրել մի երկրի, որում ապօրինաբար պաշտոնից հեռացվել է տվյալ երկրի նախագահը»,- ասաց Յանուկովիչը:
Երբ ռուսները սկսում են կռվել…

Կարծես Ռուսաստանին հաջողվեց իրագործել Ղրիմն իրենով անելու օպերացիան ու առաջին հայացքից Ռուսաստանին էլ ոչինչ չի խանգարում: Բայց դա միայն առաջին հայացքից: Ինչպես նշում են ռուս վերլուծաբանները, այս պահի դրությամբ հենց Ռուսաստանի ներքին օրենքները թույլ չեն տալիս, որ ոչ միայն Ղրիմը, այլև որևէ այլ տարածք այդպես հեշտ ու հանգիստ անցնի Ռուսաստանին: Ռուսական օրենսդրությունը հստակ սահմանում է այն բոլոր դեպքերը, երբ կարող է մի որևէ երկրի տարածք կամ մի որևէ երկիր անցնել Ռուսաստանի կազմ: Ըստ այդմ` մի որևէ երկրի տարածք Ռուսաստանի կազմ անցնելու համար նախ պետք է, որ այն ինքնորոշվի ու լեգիտիմ եղանակով` հանրաքվեով ու լեգիտիմ իշխանությունների համաձայնությամբ հայտարարի Ռուսաստանի կազմ մտնելու ցանկության մասին: Ինչին պետք է արձագանքի ռուսական կողմն ու ներքին ընթացակարգերն անցնելուց հետո հայտարարի, որ դեմ չէ իր կազմում տվյալ տարածքը ներառելուն:

Ռուսաստանը կարծես հաջողացրեց այս հարցի ֆորմալ լուծումը. մարտի 11-ին Ղրիմի Գերագույն խորհուրդը ինքնավար հանրապետության և Սևաստոպոլի անկախության մասին հռչակագիր ընդունեց: Հռչակագրին կողմ են քվեարկել 100 պատգամավորներից 78-ը, ինչպես նաև Սևաստոպոլի քաղաքային խորհուրդը: Տվյալ փաստաթուղթը հնարավորություն կտա իրավաբանորեն ձևակերպելու թերակղզու ներառումը ՌԴ կազմում, ինչպես նաև մարտի 16-ին անցկացնելու հանրաքվեն:
Սակայն անգամ այդ դեպքում Ռուսաստանի` Ղրիմին տիրանալու ցանկությունն անխոչընդոտ չի մնում: Որովհետև ակնհայտ է, որ համաշխարհային հանրությունը չի համակերպվի Ուկրաինայի մասնատման ու Ղրիմը Ռուսաստանին թողնելու մտքի հետ, կսկսի իր պատասխան գործողությունները: Դրա նախադրյալներն էլ կան. նույն օրը, երբ Ղրիմում Ռուսաստանին միանալու հռչակագիր էին հրապարակում, հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը և նշեց, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել արդեն այս շաբաթ:
«Ղրիմում սպասվող հանրաքվեն անօրինական է. մենք չենք կարող նման բան թույլ տալ, քանի որ դա Ուկրաինայում անկայունության կհանգեցնի: Հետևաբար, մենք պատժամիջոցներ կկիրառենք»,- ասաց Ֆաբիուսը, բայց ակնարկեց, որ եթե Մոսկվան փոխի իր դիրքորոշումն ու համապատասխան քայլեր ձեռնարկի, ապա պատժամիջոցների կիրառման հարցը կվերանայի:

Կվերանայի Ռուսաստանն իր դիրքորոշումը, թե ոչ, դեռ վաղ է ասել: Ամեն դեպքում ռուսական կողմն արդեն իսկ հասկացրել է միջազգային խաղացողներին, որ իր հանդեպ պատժամիջոցների կիրառման դեպքում չի կատարի իր վերցրած վարկային պարտավորությունները, ինչը հուժկու հարված կարող է հասցնել համաշխարհային տնտեսությանը: Մյուս կողից, սակայն, Ռուսաստանը հապաղում է կտրուկ ու վճռական գործողությունների անցնել Ուկրաինայում: Գուցե դա պայմանավորված է հարցերը ֆորմալ լուծելու քայլերով: Սակայն պետք է հիշել մեկ այլ հանգամանք: Արևմուտքը գտավ Ռուսաստանի` Ղրիմում իր քաղաքացիների ու հայրենակիցների անվտանգությունն ապահովելու պատճառաբանության հակաքայլը: Նույն կերպ Թուրքիան էլ իր հերթին է հայտարարել, թե օգնության կհասնի Ղրիմում բնակվող իր 250 հազար թաթար եղբայրներին, իսկ համաշխարհային լրատվամիջոցները գրեցին, թե թուրքական ռազմանավերը մոտենում են Ղրիմին:

Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ստեղծված իրավիճակից օգուտներ քաղել, և պատմական փորձը ցույց է տալիս, որ թուրքերն այդ «շնորքն» ունեն, կարողանում են պղտոր ջրում ձուկ որսալ:
«Ամեն դեպքում` Թուրքիան այսօր սևծովյան ավազանում գործոն է: Այսինքն` եթե այսօր ուկրաինացիներն ու ռուսները գժտվում են, ապա Թուրքերը հաստատ օգտվում են: Ցավոք սրտի, ինձ թվում է, որ թուրքական ազդեցությունն ընդհանրապես կմեծանա մեր տարածաշրջանում: Որովհետև, եթե Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները լարվում են, բնական է, որ Արևմուտքը պետք է աջակցի Թուրքիային ի հակակշիռ ռուսական շահերի ու ներկայության, որտեղ մենք տուժելու ենք»,- ասում է Արա Պապյանը:

Թուրքիան, բնականաբար, ինքնագլուխ, առանց Արևմուտքի քաջալերման քայլեր չէր ձեռնարկի, այն էլ Ռուսաստանի դեմ: Բայց պարզ է նաև, որ եթե Ռուսաստանը որոշել է վերցնել Ղրիմը, վերցնելու է, դա հեշտ չի լինելու, բայց երբ ռուսների հետ խոսում են զենքի սպառնալիքով, ռուսները սկսում են կռվել: Իսկ երբ ռուսները սկսում են կռվել…

Անկախ

Աջակցությունը սահմանամերձ գյուղի բազմազավակ ընտանիքին շարունակվում է

Հայաստանյան բազմաթիվ առաջատար էլեկտրոնային պարբերականներում նախորդ ամիս «Շիրակ կենտրոնի» հրապարակած ՝«Սահմանամերձ գյուղում 11 զավակներով ընտանիքն ապրում է համագյուղացու կիսախարխուլ խրճիթում» տեսանյութը ևս զգալի արձագանք գտավ:

Այն Շիրակի մարզի հեռավոր սահմանային գյուղերից մեկում, սոցիալական և բնակարանային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի մասին էր: Նրանք 20 տարի է, ինչ բնակվում են համագուղացու կիսախարխուլ ու խոնավ խրճիթում: Պետական պատկան մարմինները նրանց բնակարանային պայմանների բարելավման խոստումներ վաղուց են տալիս, սակայն խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում: Բազմազավակ այս ընտանիքի համար երազանք Էին դարձել անգամ այնպիսի տարրական բաներ, ինչպիսին են լվացքի մեքենան, սեղանն ու աթոռները, ալյուրն ու վառելափայտը: Մեր տեսանյութի հրապարակումից ընդամենը մեկ ամիս անց, նրանց նվիրեցին այն ամենը, ինչ հարկավոր է բազմազավակ ընտանիքի համար: Երևանից Մարինա Նուշիկյանը բազմազավակ ընտանիքին նվիրեց լվացքի մեքենա, սեղան ու աթոռներ, ալյուր ու վառելափայտ:

Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը “Swedish Armenian society, “Shirak ” in Stockholm “-ը հագուստներ և սնունդ։ Իսկ “Դանդի Փրիշս Մեթալս Կապան”ՓԲԸ -ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը կահույք, համակարգիչ, սառնարան և վառելափայտ: Ի դեպ բոլորը նոր ու որակյալ:

«Շիրակ կենտրոնի» հերթական բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն ներկայացվող տեսանյութում:
)
Անկախ

Աշխարհն այսօր հայտնվել է «սառը պատերազմ լայթս» վիճակում

սերժ սարգսյանՆերկայումս, երբ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում նկատվում է Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների սրացում, Հայաստանում հարց են տալիս, թե պե՞տք է շարունակել ՄՄ անդամակցության գործընթացները:

Իսկ վերջին օրերին մի քանի ուշագրավ հայտարարություններ եղան, որոնք այս համատեքստում ոչ թե պատասխանեցին առկախ հարցերին, այլ նորանոր հարցեր առաջացրին:

Անդրադառնալով Հայաստանի «արագացված ջանքերին»` ՄՄ անդամակցության հարցում շտապողականությանն ու կատարած քայլերին` ռուս չինովնիկներից մեկը հայտարարեց, որ «Հայաստանը հանձնել է քննությունները, շուտով դիպլոմը կստանա»: Դա արդեն ակնարկ էլ չէ, այլ պարզ ու հստակ հայտարարություն, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը ֆորմալ առումով այլևս ոչինչ չի խանգարում: Գրեթե նույն ժամանակ, երբ Հայաստանը հանձնել էր «քննությունները», Դուբլինում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որ մասնակցում էր ԵԺԿ համագումարին, հանդես եկավ ելույթով, որում, բացի մեր արևմտյան ու արևելյան հարևաններին դատափետելու ավանդական հատվածներից, նաև բավականին հետաքրքիր «մանրուքներ» հնչեցրեց, որոնք վերաբերում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ճակատագրին:

«Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև: Ուկրաինայի իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են բոլորիս համար: Խորապես ցավում ենք, որ Կիևում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը` լարվածության թուլացման և երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ: Ինչպես և նախկինում, գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը»,- իր ելույթում նշեց Սերժ Սարգսյանը:

Սա, կարծես Հայաստանի նախագահի կողմից ՄՄ-ին անդամակցելուց հետո ԵՄ-ի հետ երկար տարիներով ու մեծ դժվարությամբ ձեռք բերված «ընկերությունը» չկորցնելու փորձ լիներ:

«Հայաստանը, ըստ իս, իսկապես պատրաստվում է մտնել ՄՄ կազմ,դա առաջինը և երկրորդ`մասնակցել Եվրասիական միության ձևավորման գործընթացին ու դրա հետ մեկտեղ` պահպանել հարաբերությունները Եվրամիության հետ: Դա հնչեցված ծրագիր է»,- այս կապակցությամբ նշեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
ՄՄ-ին անդամակցելով ԵՄ-ի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը քաղաքագետը լիովին իրագործելի է համարում: Ընդ որում, հնարավոր է համարում անգամ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ու դրա համատեքստում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրման ֆոնին: Ուղղակի ուկրաինական հարցում Հայաստանը, ըստ քաղաքագետի, չպետք է այսօր և մոտ ժամանակներս հստակ հնչեցնի իր մոտեցումները:

Այս առումով թերևս ուշագրավ է Սերժ Սարգսյանի ելույթի մեկ այլ հատված: Շնորհակալություն հայտնելով ԵՄ-ին 2013 թ. դեկտեմբերին Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար` Սերժ Սարգսյանը նշեց նաև. «Մենք մեծապես գնահատում ենք, որ տարիներ շարունակ Եվրոպական միությունը և նրա անդամ երկրներն աջակցություն են ցուցաբերել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարի և աղքատության կրճատման գործում: Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն տվեց 2014-2015 թթ. համար ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին: Մենք հանձնառու ենք շարունակելու մեր ջանքերը Եվրոպական միության հետ գործուն կառուցակարգեր ձևավորելու ուղղությամբ, որոնք մի կողմից արտացոլում են ԵՄ-ի հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից` համատեղելի են համագործակցության մյուս ձևաչափերի հետ»:

Արա ՊապյանԱյսինքն` Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս փորձեց առաջ տանել «և-և»-ի քաղաքականությունը: Այդ մոտեցումը քաղաքագետ, նախկին դեսպան Արա Պապյանը խելամիտ քայլ է համարում, բայց այն իրագործելու հնարավորությունը որակում խիստ կասկածելի: Որովհետև Արևմուտքը հստակ է արտահայտել իր դիրքորշումն այդ մոտեցման շուրջ և նշել, որ որևէ մաքսային միություն, այսինքն` միություն, որտեղ տարածքը սահմանափակվում է, անհամատեղելի է ազատ առևտրի սկզբունքների հետ և, հետևաբար, համատեղել ՄՄ-ն ԵՄ-ի խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի հետ հնարավոր չէ: Թեկուզ «և-և»-ի սկզբունքն Արա Պապյանի` որպես քաղաքացու համար շատ ցանկալի տարբերակ է, բայց որպես քաղաքագետ նա կարծում է, որ դա հնարավոր չէ իրականացնել` հատկապես հաշվի առնելով Արևմուտքի ու Ռուսաստանի` որպես ՄՄ հիմնական դերակատարի հարաբերությունների սրված իրավիճակը: Ընդ որում, քաղաքագետն այդ հարաբերությունների լրացուցիչ սրում է կանխատեսում:

«Ես չեմ կարծում, որ նախագահի ելույթը պայմանավորված է միայն Ուկրաինայի իրադարձություններով, պարզապես ակնհայտ է, որ ախր այդ ՄՄ-ն այդքան էլ լավ բան չէ. բոլորն են դա հասկանում: Այսինքն` դա կատարվել է որպես ընտրություն` «չարյաց փոքրագույնը» տարբերակով: Մեզ ասել են, որ վատ կլինի ձեզ համար, հատկապես Ղարաբաղի հարցում, ու նրանք այդ ընտրությունն են արել, բայց դա չի նշանակում, թե ՄՄ-ն լավ բան է: Պարզ է, որ ՄՄ-ն բերելու է գների թանկացում Հայաստանում: Այսինքն`առաջին սպառման ապրանքների թանկացում, որովհետև հասկանալի է առաջին հայացքից` երբ խանութ ենք մտնում, պարզ երևում է, որ ապրանքների հիմնական մասը բերված է Չինաստանից, Թուրքիայից ու Արաբական Միացյալ Էմիրություներից, սկսած կահույքից, վերջացրած կոշիկով, սննդի տեսակներով և այլն: Այսինքն`այդ ամբողջը թանկանալու է: Ուզում եմ ասել, որ ՄՄ-ն մի երևելի բան չէ, պարզապես այսպիսի խնդիր էր, քանի որ մեր իշխանությունները կանգնել են ընտրության առաջ` ժողովրդի բարեկեցությունն ու երկրի անվտանգությունը, նրանք ընտրել են անվտանգությունը և ոչ բարեկեցությունը»,- նշեց Արա Պապյանը:

Այս պայմաններում, որքան էլ Սերժ Սարգսյանի ելույթում հնչեցրած ցանկություններն ու դիտարկումները ԵՄ-ի հետ հարաբերությունների ավելի սերտացման հրավեր լինեն, չեն կարող այդ հարաբերությունները, առավել ևս Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը շեղել սեպտեմբերի 3-ին նշված ուղուց: Որովհետև, ինչպես նշեց Արա Պապյանը, եթե Հայաստանը Ուկրաինայի պես հրաժարվեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից, բայց չպարտավորվեր ՄՄ-ին անդամակցել, այդ դեպքում արտաքին քաղաքականության հարցն այլ կերպ կլիներ: Բայց երբ արդեն պարտավորվել ենք, գնում ենք ՄՄ ուղղությամբ: Ավելին, նախկին դիվանագետը մեկ անգամ ևս վերահաստատեց բազմիցս իր կողմից հնչեցված կանխատեսումը, որ 2014 թ., հատկապես` օլիմպիադայից հետո, իրավիճակը շատ կսրվի. «2014 թվականը ծանրագույն տարի է լինելու բոլոր առումներով, մինչև 2015 թվականի ապրիլ-մայիս ամիսները, հետո իրավիճակն արդեն կհստակվի: Որովհետև աշխարհն այսօր հայտնվել է սառը պատերազմ լայթս վիճակում` թեթև սառը պատերազմի վիճակում, ու դա շարունակելու է խորանալ, ցավոք սրտի: Ցավոք սրտի, որովհետև մենք մնալու ենք երկուսի արանքում»:

 Անկախ